13 ноября 2013 г.

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԹԱԽԻԾ


- Խոստացիր, որ ամբողջ գիշեր իմ մասին ես մտածելու: Մինչև քնելը: - Հեղինեն լռում է, ապա ամոթխած, ինչպես դեռատի աղջիկ, ավելացնում.- Միայն իմ մասին:
- Խոստանում եմ:
Հեղինեն չի հավատում իմ խոսքերին ու տխրում է: Նիհար դեմքին հիվանդոտ վառվում են խոշոր աչքերը: Ես նայում եմ այդ աչքերի մեջ, իսկ ծանր մի զգացում սեղմում է կուրծքս. նրա աչքերը, որ անբնական այդպես խոշորացել են, կարող են այլևս չժպտալ: Նրա կրծքային, թավիշ ձայնը այլևս չի հնչի: Այդ ինչպե՞ս կարող է, ինչպե՞ս կլինի:
- Երբ քնես՝ երազ կտեսնես:
Սթափվում է մտքերից ու շփոթված հարցնում.
- Ինչի՞ մասին:
- Եվ հարցնո՞ւմ ես:
Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն կշտամբանք կա նրա ձայնի մեջ, և ինչքա՜ն նրբազգաց է դարձել:
- Այո, իհարկե,- փորձում եմ ուղղել ինձ,- ես երազ կտեսնեմ մեր սիրո մասին:
- Ասա՝ մեր անցած սիրո մասին:
Լուսինը խտացրել է զբոսայգու ստվերները և ձուլել մեր ստվերներին: Մենք վաղուց տասնութ տարեկան չենք, բայց ուշ երեկոյի կիսամութը, անցյալ օրերի վերհուշը երևի զգայուն են դարձրել մեզ:
- Նստենք այս նստարանին:
Նստում ենք:
Գրկում եմ Հեղինեի փխրուն ուսերը:
- Հիշո՞ւմ ես, միշտ այստեղ էինք հավաքվում: Առաջին անգամ այստեղ ասացիր, որ ինձ սիրում ես: Քանի՞ տարի է անցել:
Լռում ենք: Հետո, կարծես ինքն իր հետ, Հեղինեն խոսում է.
- Կինոսեանսը վերջանալուց հետո դու ասացիր՝ զբոսայգով գնանք: Հետո ասացիր, որ նստենք նստարանին: Այն նստարանը չկա այլևս, բայց դրված էր այստեղ: Մեր նստարանը: Հիմա ի՞նչ է եղել նրան: Երևի ջարդվել է, և զբոսայգու պահակը տարել է վառելու:
Շագանակագույն մազերն ամբողջովին ճերմակել են, դեմքը զարմանալի գունատ է: Գուցե՞ լուսնի լույսի տակ է այդպես: Եվ աչքերի շուրջը ստվերներ են գոյացել: Ժպտում է, բայց նրա ժպիտը փշրված է: Անցած օրերի չարաճճի ժպիտների փշրանքները հավաքում ու փորձում է միացնել իրար ու ոչինչ չի ստացվում:
- Արծվի, դու ուրիշ բաների մասին ես մտածում: Ինչի՞ մասին ես մտածում:
Ես չգիտեմ ինչ պատասխանել ու նորից գրկում եմ նիհար ուսերը: Նա դողացող մատներով բռնում է ձեռքս ու թեթև սեղմում:
Լռում ենք՝ յուրաքանչյուրս իր խոհերով տարված:


*  *  *

... Լինում է, չի լինում... Ամեն ինչ հեքիաթ է թվում՝ հեռավոր և անիրական:
Մենք տաղանդավոր էինք ու սքանչելի: Նյուտոնը... այո, իհարկե, ասում էինք թեթև հեգնանքով, և մեր Աստվածը Էնշտեյնն էր՝ իր հնամաշ բեղերով ու անիրական տեսությամբ: Մեզ դուր էին գալիս հեթանոս կուռքերի պարզամիտ գոռոզությունը ու նրանց կեցվածքն էինք ընդունում: Մենք՝ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներս, մեր կիսանդրիները պարզ տեսնում էինք ակադեմիայի սրահներում դրված: Եվ առաջինը Տիրանի կիսանդրին էր:
Տիրանը փայլուն էր ու սրամիտ, ուսանողական հավաքույթներում Շելլի էր արտասանում անգլերեն: Բոլորը նրան ապագա էին գուշակում, և դա ճնշում էր ինձ:
Նոր տարում Տիրանը ինձ ու Հեղինեին հրավիրեց իրենց տուն:
- Արծվի, քեզ ու Ելենային այնքան եմ գովել, որ ծնողներս անպայման ուզում են ձեզ հետ ծանոթանալ:
Տիրանի գնալուց հետո ես պայթում եմ:
- Ելենա Կարպովնա... Զզվեցրեց:
- Պատկերացրու, վատ չի հնչում,- ծիծաղում է Հեղինեն, իսկ ես մթնում եմ:
- Հիմա էլ պրոֆեսոր ենք տեսնելու տանու շորերով: Քարտաշ Մուրադի տղան պրոֆեսորի հետ նարդի է խաղում ու կում-կում սուրճ խմում: Ասա՝ ուստա Մուրադ, Նոբելյան մրցանակն ի՞նչ է, որ չես ստացել, գոնե դոցենտ էլ չես:
- Դու Տիրանին չես կարողանում տանել:
Ես պայթում եմ.
- Իսկ քո մտքով չանցնի էլ, որ գնալու ես նրանց տուն:
Ես եռում եմ, իսկ Հեղինեն ծիծաղում է զրնգուն և աչքերից կայծեր են թռչում: Ես բռունցքներս սեղմում եմ, Հեղինեն մղվում է դեպի ինձ.
- Կարծում ես քո հպատակը չե՞մ,- և ուղիղ նայում է աչքերիս ու շարունակում ծիծաղել: Ես շփոթվում եմ. ի՞նչ է տեղի ունենում նրա հետ: Չբռնե՞մ մի լավ ծեծեմ, ինչպես տարիներ առաջ, ծեծեմ, որ մայրս էլ ինձ ծեծի, այնքան ծեծի, որ լաց լինեմ: Ես ուզում եմ լաց լինել:
- Զզվեցրիր քո ծիծաղով:
- Դու նախանձում ես Տիրանին:
Եթե Հեղինեն ուրիշ բան ասեր, գուցե ես այդպես չկատաղեի. նա իրավացի էր, ես նախանձում էի Տիրանին:
Հեղինեն այդ օրը դարձել էր համառ ու ծաղրող: Վիճեցինք երկար, ես ինչքան փորձում էի ինչ-որ բան հիմնավորել, նա թեթև ձեռքով ցրիվ էր տալիս իմ տրամաբանական կառույցները: Ինչքան շատ էի խոսում, այնքան դառնում էի անիրավացի ու ողորմելի:
Հեղինեն ընդունեց Տիրանի հրավերը: Ես ոչ մի տեղ չգնացի: Ինձ մնում էր ապացուցել, որ քարտաշ Մուրադի գենը պրոֆեսորական է, որ այդ գենը մինչև հիմա մնացել է անբան, բայց ժամանակն է, որ արթնանա քնից: Ես պետք է Տիրանի անգլերենին հակադրեմ իմ փայլուն գերմաներենը, որպեսզի աշխարհով մեկ գոռամ. «Ագնեսա, ես քեզ սիրում եմ»: Իսկ այդ Ագնեսան, որ շագանակագույն մազեր ունի ու չալ աչքեր և մեր հարևան Կարապետ քեռու աղջիկն է և արդեն Ելենա Կարպովնա է,- Կարապետ քեռի, աղջիկդ արդեն Ելենա է, Ելենա Կարպովնա, մենք՝ ո՞ւր, նա՝ ո՞ւր, արդեն պրոֆեսորի հետ է նստում վեր կենում, այդ պրոֆեսորն էլ փայլուն տղա ունի, սիրուն, քաղաքավարի, խելոք ու ապագա ունեցող,- լսո՞ւմ ես: Կարապետ քեռի, Մուրադի հետ էլ գործ չունես, քո գործը պրոֆեսորի հետ է, բայց չմոռանաս ատամներդ խոզանակով մաքրել ու բեղերդ էլ մի քիչ խուզիր, նոր գնա Երևան քաղաք, թե չէ Ելենա Կարպովնան իրեն վատ կզգա Տիրանի ու նրա պրոֆեսոր հոր մոտ: Հիմա հասկացա՞ր ինչը ինչոց է, Կարապետ քեռի:
Այո, ինձ մնում է զարգացնել Մուրադի պրոֆեսորական գենը գերմաներենին փայլուն տիրապետել, որպեսզի գերմաներեն ասեմ՝ Ագնեսա: Իսկ Հեղինեն թող ինքը ծնկաչոք, աչքերը արցունքներով լի ներումն խնդրի, որպեսզի ես էլ ընտիր գերմաներենով ասեմ.
- Ավա՜ղ,- ու հպարտ գլուխս շրջեմ դեպի...
Բացում եմ աչքերս. հանրակացարանի մեր սենյակն է, տղաները հանգիստ քնած են, խոր գիշեր է: Կամաց-կամաց գիտակցությանս են հասնում երեկվա դեպքերը: Աշոտ Մարկիչը փոքրիկ միրուքը տմբտմբացնելով ասում է.
- Ապրես, Արծվի, քեզ «գերազանց» եմ նշանակում:
Ես առարկում եմ.
- Խնդրում եմ ինձ «լավ» նշանակեք:
Մարկիչը զարմացած նայում է ինձ, իսկ ես սառն ու հանգիստ ասում եմ.
- «Գերազանցի» գիտեք միայն դուք, իսկ ես խորն էի յուրացրել, հարցերին պատասխանել եմ անթերի: Ես ցանկանում էի «լավ» ստանալ, որպեսզի ինձնից հետո պատասխանող Տիրանը՝ այդ շփացած գերազանցիկը, բարձր գնահատական չստանա: Ես փայլում էի, ես հասել էի նպատակիս: Եվ ամբողջ կուրսը գիտեր այդ: Մտնում եմ մոտիկ սրճարան, խմում մինչև հարբելը: Հետո բոլորի ներկայությամբ ապտակում եմ Տիրանին: Նա ինձ չի պատասխանում: Ես դրանից կատաղում եմ, նորից հարձակվում, բայց Հեղինեն մեջտեղ է ընկնում:
Հաջորդ տարի տեղափոխվում եմ պոլիտեխնիկական ինստիտուտ:
- Իմիջիայլոց, Տիրանը կարող էր Աշոտ Մարկիչից «գերազանց» ստանալ, բայց զիջել է քո վրեժխնդրության զգացմունքներին: Այդ մասին նա պատմել է տարիներ հետո:
- Նրա մեծահոգությունը միշտ էլ գրավիչ է եղել:
- Մի ծաղրի, Արծվի, Տիրանը իրոք մեծահոգի է, դու նրան չես սիրել ու չես կարողացել գնահատել: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա, հանուն իմ նկատմամբ ունեցած զգացմունքների, անկեղծորեն ցանկանում էր, որ դու հաշտվես ինձ հետ:
- Շատ է քաղցրավուն, ինչպես վատ գրված վեպերում,- կասեցրի ես, բայց ինչ որ բան մեջս փշրվեց: Ես ինձ խորտակված էի զգում: Մեղավորության զգացումը, այն, որ անարդար եմ եղել Հեղինեի ու Տիրանի նկատմամբ, ճնշում է ինձ: Մարդ ինչո՞ւ է կյանքում այնքան սխալներ թույլ տալիս, որոնք այլևս անուղղելի են: Տիրանի գերազանցությունը ես չէի կարողանում տանել: Այն ժամանակ ես ի վիճակի չէի ինձ հարցնել՝ ինչո՞ւ անպայման առաջինը դու պետք է լինես: Ես չէի հանդուրժում, որ Տիրանն ազատ տիրապետում է անգլերենին ու Շելլի արտասանում: Ես սկսեցի համառորեն սովորել գերմաներեն: Հիմա ազատ խոսում եմ գերմաներեն, բայց, այնուամենայնիվ, պոեզիան ինձ մնաց անմատչելի: Ես շատ էի փառասեր:
Մեր բաժանումից արդեն շատ տարիներ են անցել: Այդ տարիներին տառապել եմ, անիծել ծուռ բնավորությունս, քանի անգամ եմ փորձել հաշտվել Հեղինեի հետ, բայց վերջին րոպեից զսպել եմ ինձ՝ իսկ եթե Հեղինեն ինձ արհամարհի՞: Դա ավելի ահավոր կլիներ: Ես չէի կարող տանել Հեղինեի արհամարհանքը:


*  *  *

- Հեղինե, երեկոն խոնավ է, կմրսես,- զգույշ ասում եմ ես:
Հեղինեն հպվում է ինձ ու ոչինչ չի պատասխանում: Այդ պահին նա մի երեխա է՝ անօգնական ու թույլ: Սիրտս գորովանքով է լցվում, ու ես ցանկանում եմ գրկել ուսերը, սեղմել նրան կրծքիս, մեղանչանքի խոսքեր մրմնջալ, ասել, որ ես անմիտ տղա եմ եղել, մեր սիրո առաջ ես հանցավոր եմ, հանցավոր եմ նաև նրա համար, որ դու հիվանդ ես և անբուժելի, որ ... Բառերը սեղմում են կոկորդս, ու ոչինչ չեմ կարողանում ասել: Սառը մատները սեղմում եմ դեմքիս ու սկսում համբուրել: Չգիտեմ, ի՞մ, թե՞ նրա արցունքը ընկնում է ձեռքիս ու սկսում այրել:
- Հեղինե, ես քեզ սիրում եմ, ես միշտ քեզ սիրել եմ:
- Գիտեմ:
- Հեղինե...
Հեղինեն սառը, բացասական օրորում է գլուխը. ես լռում եմ:
- Ինչո՞ւ էիր անընդհատ ծիծաղում,- տեղական լռությունից հետո բացականչում եմ ես:
- Արծվի, ես երբեք այնպես չեմ սիրել քեզ, ինչպես այն օրը, և դու չէիր հասկանում:
- Բայց ինչո՞ւ էիր ինձ վրա ծիծաղում:
Հեղինեն ժպտաց.
- Ինձ դուր էր գալիս, երբ դու բորբոքված կոպտում էիր ինձ: Դու անհեթեթ բաներ էիր ասում, իսկ ես սիրո խոսքեր էի լսում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է եղել:
- Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ գնացիր,- նորից բացականչեցի ես, չկարողանալով թաքցնել տարիների վիրավորանքս:
- Ես կարծում էի,- Հեղինեի ձայնը դողաց: Նա մի պահ սպասեց, ապա դանդաղ, որ թաքցնի հուզմունքը, ավելացրեց. - Ես կարծում էի դու կհասկանաս իմ անմեղ չարաճճիությունը: Եվ դու չհասկացար ինձ:
Հեղինեն լռեց, ձեռքը տարավ արդեն ճերմակող իմ մազերով, ինչպես ներող մայրը իր որդուն, ապա անքեն կշտամբանքով ասաց.
- Անիրավ:
Ինչքան քնքշություն և գորովանք կար նրա ձայնի մեջ: Ես ոչինչ չկարողացա ասել:
Լուսինն անցավ ամպերի ետևը: Գիշերային լապտերները հազիվ էին մեղմացնում մութը: Ծառուղին ընկղմվել էր երազուն լռության մեջ: Գունատ սաղարթները սկսվում էին ցածրաձայն ու տխրությամբ լցնում շրջապատը: Ինչո՞ւ այդպես համառ եղա, ինչո՞ւ Հեղինեն այդքան հպարտ է ծնվել: Ճակատագիրը կարծես մեզ առմիշտ կապել էր իրար: Միասին ենք ծնվել, միասին դպրոցն ավարտել, միասին համալսարան մտել: Մենք սիրում էինք իրար: Այդ ի՞նչ ձեռք բաժանեց մեզ:
- Ես միշտ սպասել եմ քեզ:
Ձայնի մեջ այնքա՜ն կշտամբանք ու տխրություն կար, որ ակամայից սարսռացի: Ես ինձ հանցավոր էի զգում:
- Հեղինե, ես ամուսնացել եմ երեսունհինգ տարեկանում:
- Գիտեմ: Ես այդ իմացա մի քանի ամիս ուշ,- ձայնը հանկարծակի բեկվեց ու մարեց: Ես ակամայից նայեցի Հեղինեին. ձախ հոնքից խոր մի կնճիռ էր իջել և անսպասելի աղավաղել դեմքը: Դեմքն այլափոխվել էր, և իմ դիմաց արդեն տանջահար մի կին էր՝ արդեն ծերացած և ուժասպառ: Կենդանության ոչ մի նշան: Դա մի ավերակ էր: Սարսափահար՝ Հեղինեի գլուխը առա կրծքիս, որպեսզի չտեսնեմ այդ ահավոր փոփոխությունը: Սիրտս անսփոփ մղկտաց: Չգիտեմ ինչքան մնացինք այդպես: Հետո Հեղինեն զգույշ ազատեց գլուխը և խաղաղված, կարծես խոսքը ուրիշի մասին է, ասաց.
- Արծվի, ես չեմ ամուսնացել:
- Ի՞նչ ,- գոռացի ես,- իսկ... իսկ Տիրա՞նը... - Այդ րոպեին ես կուզենայի, որ Հեղինեն ամուսնացած լիներ, ում հետ ուզում է լիներ, թեկուզ Տիրանի հետ:
- Այո՛, չեմ ամուսնացել:

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить