6 мая 2014 г.

Մաքսիմ Հովհաննիսյան - 80


Փետրվարի 18-ին լրացավ արցախցի արձակագիր, 
հրապարակախոս, թարգմանիչ 
Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը 

ԽՈՍՔ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ 

Սիրելի՛ Մաքսիմ, ինչպես գիտես, յուրաքանչյուր գրող ունի իր բնութագրական բանալի բառերն ու արտահայտությունները: Ինձ համար քո ստեղծագործության մեջ այդպիսին են «Արցախ իմ, ցավ իմ» և «Գյուղացի մարդիկ» գրքերի վերնագրերը: Կա երկի՛րը, կա մա՛րդը:

Երկիրը նաև քո իսկ մասնակցությամբ ազատագրվեց: Հերոսներից մեկը դո՛ւ էիր, որ դեռևս 1965-ին ստորագրեցիր ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ.Ի.Բրեժնևին հասցեագրված նամակը` ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու առաջարկով: Դա հայտնի է որպես «13-ի նամակ»: Ստորագրողները ենթարկվեցին հալածանքների: Դու էլ քո բաժի՛նն ստացար: Եկավ 1988 թվականի փետրվարը, հաջորդեցին ոգեշունչ օրեր, ծանր օրեր, ի վերջո, բաղձալի օրեր, և դու մշտապես դիրքերում էիր: Այսուհետև մնում է, որ հայ մարդն ապահով ու վստահ ապրի Հայոց աշխարհի Արևելից այդ կողմում, բազմանա իր հողի վրա և կազմակերպի իր տնտեսությունը:

Ահա, քո և մեր Արցախ աշխարհի, այդ եզերքի չքնաղ բնաշխարհի ու բնաշխարհիկ տոկուն մարդու այս միասնությամբ էլ տոգորվել է քո գրականությունը` դառնալով հիմնականում պատմվածք ու վիպակ:

Գրականագիտության մեջ կա այսպիսի արտահայտություն` 60-ականների սերունդ: Խորհրդային վարչակարգի տարիներին այդ սերունդը գրականություն մտավ համեմատաբար ազատ պայմաններում և, ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ հայ գրականության մեջ ու առանձնապես արձակում, առաջ մղեց արժանավոր անուններ` Չինգիզ Այթմատով, Հրանտ Մաթևոսյան, Վալենտին Ռասպուտին, Ֆեոդոր Աբրամով, Յուրի Բոնդարև, Վասիլ Բելով, Վասիլ Բիկով, Ֆազիլ Իսկանդեր, Իոն Դրուցե, Նոդար Դումբաձե… Սա անունների առաջին, արդեն իսկ միջազգային ասպարեզ դուրս եկած շարքն է:

Ես քեզ և քո կայացումը տեսնում եմ այս սերունդի գործունեության ժամանակի ու գեղագիտության մեջ: Արձակագիրների այս խմբա­նկարում քո անունն ու գործը չի հիշատակվել (և չէր հիշատակվելու), բայց ցավալի է, որ անգամ չի մտաբերվել հոլովվող ու երևույթ ստեղծող քո սերնդակից հայ գրողների անունների կողքին (մի բան, որ անվերապահորեն պիտի արվեր): Սա արդեն պայմանավորված է քո խոհուն պարկեշտությամբ և անուն ու համբավ ստեղծելու ոմանց ջանադիր եռանդի հանդեպ քո ներքին քամահրանքով: Այդտեղ է գրողի արժանապատվությունը: Համո Սահյանն ասում էր` փառքի ետևից պետք չէ վազել, ինքը կգա:

Դու գրականություն մտար լրագրությունից: Առաջին պատմվածքներդ տպագրվեցին «Լեռնային վտակներ» (1963, 1967) վերնագրված խմբային ժողովածուներում: Խորացար ինքդ քո մեջ, որ նշանակում է ինքնուրույն նյութ, հերոսներ, բնաշխարհ, միջավայր, հոգեվիճակներ, լեզու և ոճ: Այս ճանապարհով հասար «Մերոնք» (1989), «Չաստվածների խնջույք» (2 հատոր, 2008-2009), «Հոգնած երեկո» (2010) ժողովածուներին: Լեռնային վտակների քո հորձանքներն աստիճանաբար դարձան լեռնային գետեր:

Գրիչ բռնողը, ով էլ լինի, ինչ էլ լինի` բանաստեղծ, արձակագիր թե քննադատ, իր ստեղծագործությամբ նախևառաջ կերտում է ի՛ր կերպարը: Ի՜նքն է բոլորի մեջ` լինի Աստված թե սատանա: Քո` հիշածս և մյուս գեղարվեստական երկերում, ավելացրած խոհափիլիսոփայական բնույթի դատումներդ, քո հավաքական կերպարն է` որպես հայ մարդ, քաղաքացի ու արցախցի: Այդ կերպարն արժանի է համակողմանի հարգանքի ու գնահատության: Ես ծափահարում եմ քեզ…

Սիրելի՛ Մաքսիմ, ես քեզ առավել ճանաչում եմ քո գրականությամբ, որովհետև մեր մարդկային հարաբերություններն ու գրական առնչու­թյունները եղել են դեպքից դեպք: Ահա այդ ճանաչողությամբ էլ շնորհավորում են քո ծննդյան 80 և գրական բեղուն գործունեության 60- ամյակները, մեր հայրենի բարձր լեռների վրայով Երևանից ձեռքս մեկնում եմ Ստեփանակերտ, ողջագուրվում եմ քեզ հետ և ականջիդ ասում` արցախցու համար 80-ը, ինչպես պատերազմի տարիներին հակառակորդի «գրադը», դեռևս ոչինչ չի նշանակում, ձեռքով մի կողմ հրիր և առա՛ջ նայիր, ինչքա՜ն գործ ունենք անելու…

Դեռ քո շուրջ պիտի հավաքես քո ամբողջ աղխը, դեռ իմաստունի խոսքով նրանց հայրենի դասեր պիտի տաս, որպեսզի կոչվես Արցախի Նահապետ Մաքսիմ…

Այդ ցանկությամբ ու բարեմաղթանքներով` Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Комментариев нет:

Отправить комментарий