ԳՅՈՒՂԱՑԻ ՄԱՐԴԻԿ


  • Որպես նախաբան 
  • Լեռնաղբյուրը 
  • Վանի 
  • Կուքան ապա 
  • Բուդի 
  • Դրախտի ձոր 
  • Գյուղի ծուռը 
  • Նշանի մատանին 
  • Բեկված ճակատագիր 
  • Կոխ 
  • Շենամեջ 
  • Օսաննա 
  • Մրցակիցներ (Հարութի պատմածը) 
  • «Բարձրագույն» Արեւհատը 
  • Դալարող արմատը 
  • Մոռացված բուրմունքներ 
  • Եթե կինս համաձայներ... 
  • Ճանապարհը ձյան տակ 
  • Հրաժեշտի խոսք 




ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

  Տխրությունս կամաց-կամաց
  Փոխվում է լացի...
   Հ. ՍԱՀՅԱՆ

Հիմա ես հազվադեպ եմ լինում մեր գյուղում՝ տարեկան մեկ-երկու անգամ: Հիմա Տանձուն աղբյուրին այծապոչ ծամերով աղջիկներ եմ տեսնում ու չեմ ճանաչում: Եվ տղաների եմ հանդիպում, Բինաձորից մորի քաղած ու մորու պես լիք-լցված թշերով տղաների, որոնց մոտ ծանոթ դիմագծեր որոնելով եմ կռահում, թե ումոնցից են սերած: Տաս տարի առաջ, երբ առաջին անգամ ինձ քեռի ասացին, ես նախ զարմացա, հետո անծանոթ մի թախիծ պատեց ինձ: Հետո համակերպվեցի-հարմարվեցի Հայրունց Օհաննեսի թոռան՝ իմ տարիքի նոր որակավորմանը: Հիմա բառը տոփանվել ու մաշվում է...
Ամեն այցի, երբ հայտնում են, թե այսինչը գնացել է քաղաք, այսինչը մահացել է, մյուսը ծերացել՝ տուն է ընկել, մի հսկայական տխրություն սկսում է ինձ ճնշել: Ախր, գյուղն առանց այդ մարդկանց ինչպե՞ս կլինի, նրանց տեղը ինչպե՞ս կլրացվի...
Աշխարհում ծնունդը մահից շատ է: Սա ճշմարտություն է, իսկ մեր գյուղի համար՝ երկու անգամ երկու: Երբ հարևան քոլուտեցիք զարմանում են Լեռնաղբյուրի երեխաների առատությամբ, մերոնք, չգիտես հպարտությա՞մբ, թե՞ իրենց ձեռ առնելով, ասում են.
- Մեր հանդերը գյուղին մոտ են, մարդիկ կեսօրահացին տուն են գալիս...
Այո՛, աշխարհում ծնունդը մահից շատ է, իսկ մեր գյուղում՝ շատ է ու շատ: Բայց դարձյալ, երբ հայտնում են մեկի մահվան մասին, մի ահռելի տխրություն սև քարի պես ճնշում է հոգիս, ճնշում, ճնշում... գյուղի հետ ինձ կապող թելերը, ախր, սկսում են մեկ-մեկ կտրվել...
Եվ միայն այդ լածիրակները... Նրանք մոռացնել են տալիս ամեն ինչ:
Անցյալ տարի ուզում էի Ցուրտ աղբյուրից ջուր խմել: Օրը շոգ էր, օդը՝ խեղդուկ, ասացի՝ գնամ Ցուրտ աղբյուրից սառը-սառը ջուր խմեմ: Սաքունց կապով իջնելիս որտեղից հանկարծ մի գիժ քամի ելավ ու գլխարկս թռցրեց ներքևները: Շվարած կանգնել էի ու մեկ էլ երկու տղա, չգիտեմ ինչպես, բուսան քթիս տակ՝ ծոցները լի խակ սալոր, գլխարկս՝ տարիքով մեծի գլխին:
- Շլորը խակ չի՞,- առնելով գլխարկս, հարցի ես:
- Ուտելու ժամանակն է:
- Տուր՝ տեսնենք:
Խակ սալորը ուտելով իջա Սաքունց ձորը: Հետևից լսեցի նրանց խոսակցությունը և ակամայից ոտս կախ գցեցի:
- Ո՞վ է,- խորհրդավոր հարցրեց փոքրը:
- Մեր գյուղացի կլինի:
- Ի՞նչ գիտես, գուցե լրտե՞ս է:
- Լրտեսը հայերեն չի իմանա,- վստահ ասաց մեծը ու, քիչ մտածելուց հետո, ավելացրեց,- լեռնաղբյուրեցի գժերից է, երևի կարոտել է Ցուրտ աղբյուրի ջրին:
Փոքրը երևի չհավատաց, բայց ոչինչ չասաց:
- Չե՞ս հավատում՝ հարցնեմ:
- Հարցրու:
- Քեռի, հե՜-հեե՜, քեռի:
- Հեե՜յ,- նույն տոնով պատասխանեցի ես:
- Ո՞ւր ես գնում:
Լեռնաղբյուրեցու ծռությունը շարժվեց մեջս.
- Քեռակինդ ասել է՝ գնա ձվածեղի չոփ բեր՝ ձվածեղ անեմ:
- Հաա՞...
- Հաա՜ա...
- Քեռիի՜:
- Ի՞նչ էէ՜...
- Չոփը կհավաքես, հետո Ցուրտ աղբյուրից ջուր կխմես, հետո կբարձրանաս գերեզմանատուն...
- Գերեզմանատանը ի՞նչ կաա՜...
- Քեռակինս այնտեղ էէ՜...
Հետո ձայնը ցածրացնելով, ասաց ընկերոջը.
- Տեսա՞ր, որ ասում եմ՝ լեռնաղբյուրեցի է:
Լեռնաղբյուրեցու իմ խոսքուձևը համոզիչ էր երևի, ու փոքրը համաձայնեց:
Լեռնաղբյուրեցի մի թիզ երեխա տասը քոլուտեցու ծարավ կտանի ջուրը ու ծարավ ետ կբերի:
Մի անգամ քոլուտեցի մեկը Լեռնաղբյուրի կամրջով անցնելիս տեսնում է, որ մի տղա երեխա, ղոչ այծը մկկացնելով, ետևից քարշ է տալիս: Ուզում է երեխային ձեռ առնել:
- Ախպերացու,- ասում է,- մեղք չի՞ էդ ուլը, որ չարչարում ես:
- Պուճուր ախպեր, ճամփից հանում եմ, որ էշիդ չխրտնեցնի:
- Հա՞, ես էլ իմացա էդպես մկկացնելով դպրոց ես տանում:
- Քեռի, քո ասածը ձեր քոլուտեցի երեխեքն են:
Քոլուտեցին չի ուզում նահանջել:
- Որ էդպես սրամիտ ես,- ասում է,- մի բան ասա՝ ծիծաղեմ:
- Էշիդ բեռը տուր՝ ասեմ:
Քոլուտեցին նայում է ձիու վրա նստած իր կնոջը ու՝ ոչ ասած, ոչ լսած, սուսուփուս ճանապարհը շարունակում:
Շալվարը տաս տեղից կարկատած այդ տղաները ավարտում են դպրոցը, գնում քաղաք ու մնում այնտեղ: Հինգ-վեց տարուց հետո գալիս են գյուղ՝ ոտից գլուխ փոխս ընկած: Փողոցով քայլում են կարևոր-կարևոր, կարծես երեկ չէր, որ կոլխոզի բանջարանոցից վարունգ էին թռցնում: Դա դուր չի գալիս Օհաննես ապորը: Մոտենում է, նայում Ալոշին, իբր թե չի ճանաչում:
- Քե մատաղ, ո՞ւմ տղան ես,- հարցնում է:
- Դերանց Սամսոնի, չե՞ս ճանաչում:
- Հաա՜... աչքերս լավ չեն տեսնում: Սամսոնի ո՞ր տղան ես:
- Օհաննես ապա, իմ հերը բոլորիս լավ չի ճանաչում, դու ո՞նց ճանաչես:
- Դու էն չե՞ս, որ քամակիդ նշան կա:
Գլխավոր ինժեներից այլևս բան չի մնում, և երկուսով տալիս են ու ծիծաղում:
- Վա՜յ, Օհաննես ապա...
- Վա՜յ, անառակ Ալոշ...
Ալոշը մտել էր կոլխոզի բանջարանոցը վարունգ գողանալու: Բանջարանոցի պահակ Օհաննեսը տեսել էր ու կատաղածը շղթայից բաց թողել: Շունը հասել էր նրան, չափարին դեմ առել ու շալվարախառն քամակից հախռել: Քամակին ի՞նչ, նորից կաճի: Այն ժամանակ ոչ ոքի մտքով չանցավ էլ, որ պետք է Ալոշին կատաղության դեմ սրսկում կատարել: Բայց որ շալվարը վերից վար զղոնվել է, այդ մեկն արդեն լուրջ գործ է՝ վաղը տղան ո՞նց պիտի դպրոց գնա: Փայտի է գնում դրանով, ակումբի բեմից ոտանավոր է ասում դրա մեջ, կոմերիտական անցնելիս նույն շալվարն էր հագին: Եղածը դա է, մայրը իրիկունը լվանում է, իսկ առավոտյան՝ դեռ թաց, տղան առանց արդուկի հագնում ու գնում է հանրահաշիվից հինգ ստանում:
Մի շաբաթ անց Օհաննեսի շունը սատկում է: Ասեղ են տալիս ու սպանում: Օհաննեսը գնում է նախագահին գանգատ: Նախագահը Սամսոնի ետևից մարդ է ուղարկում:
- Աղջի, գնա տես նախագահը ի՞նչ ա ուզում,- ասում է Սամսոնը և ինքն իջնում գոմ՝ ծանրացած կովին նայելու:
Սիրանի երեսին մեռոն կա, նրան խոսք հասկացնել կլինի՞... Սիրանը փրփրած գնում է գրասենյակ: Ձեռքը դեռ ցավում է Ալոշին ծեծ տալուց: Օհաննեսին ի՞նչ կա, կոլխոզի բանջարանոցում լող է տալիս, իսկ ինքը մի ամբողջ գիշեր է լուսացրել, որ Ալոշի շալվարը մի կերպ իրար բերի: Սիրանը Օհաննեսին նախագահի մոտ մի լավ ձեռովն է տալիս.
- Երեխիս քամակից պոկածը կպցրու, ես շան գինը կտամ:
Սիրանը ե՞րբ է ամոթ-հարգանք իմացել: Օհաննեսը թքոտելով դուրս է գալիս:
- Խե՜ղճ Սամսոն դրա ձեռին, խե՜ղճ, խե՜ղճ...
Աշնանը Օհաննեսը մի կով է տվել ծանոթ ադրբեջանցու և փոխարենը մի մոթալ պանիր ու մի շան լակոտ վերցրել:
- Օհաննես ապա, կարծես հորթ էր տվածդ,- նկատում է Ալոշը:
- Դե, հիմա կով է, էլի, խելքդ սիրեմ...
- Իսկ թուլան շուն չդառա՞վ...
Ու երկուսով տալիս-ծիծաղում են:
Լեռնաղբյուրում երկու հեղինակություն կա՝ կոլխոզի նախագահն ու ընկեր Ահարոնը: Լեռնաղբյուրեցին որ մինիստր էլ դառնա, մեկ է՝ Կաղնու խաչից այս կողմ անցնելուց հետո սովորական Լեռնաղբյուրից է՝ մի հասարակ Սանթուր, կամ Սիրոժա: Իսկ դպրոցի դիրեկտորը՝ «Ընկեր Հարուն» է, նախագահի խոսքը՝ խոսք է, Սիրոժն ու Սանթուրը մնում են Սիրոժ ու Սանթուր: Այսպես է: Եվ վայը տարել է, եթե հանկարծ նրանցից մեկը դուրս չեկավ խոտհնձի շաբաթօրյակին: Գյուղում կդարձնեն մաշալլի փալաս:
Լեռնաղբյուրեցին երեխայի պես փխրուն սիրտ ունի: Մինչև հիմա էլ հիշում եմ Անուշավանի լացը, դեռ ականջներումս է նրա կոշտ-կոպիտ «վայը»...
Անուշավանը թուլակազմ ու հիվանդ մարդ էր, և այդ թուլակազմ ու հիվանդ մարդը ութ երեխա էր պահում՝ հինգը իրենը, երեքն էլ պատերազմում զոհված եղբորինը: Հարսը ջահել էր, ամուսնացավ գնաց՝ որբերին թողնելով Անուշավանի վզին: Ընկեր-բարեկամ ասացին՝ մանկատուն տուր, բայց Անուշավանը չհամաձայնեց: Ինչպես մենք, ասաց, այնպես էլ նրանք:


*  *  *

Հիմա Անուշավանը ապրում է ինչպես պետքն է: Բայց այն ժամանակ դժվար էր: Հիմա նա Երևանում է՝ միջնակ տղայի մոտ: Ամեն ամառ գալիս է գյուղ և գալու հաջորդ օրը այցելում Մուքելի գերեզմանին: Կանգնում է գլխիկոր ու հատիկ-հատիկ արտասուք գլորում:
Մուքելը չլիներ՝ Անուշավանը դժվար տարիներին կկարողանա՞ր ութ երեխա պահել: Մուքելի պես մեր գյուղում հունձ անող չկար: Օրը հարյուր-հարյուր քսան խուրձ էր կապում: Եվ աշխօրը հավասար կիսում էին: Երբ օգոստոսի կեսին Անուշավանը կծղած հասկի պես գլուխը կախում էր, Մուքելը, իբր թե սովել է, ասում էր.
- Անուշավան, ջանիդ մատաղ, մի սառը-սառը բրդուճ պատրաստիր:
Մուքելը Անուշավանից շատ մեծ չէր, բայց կարծես Անուշավանը իր երեխան լիներ: Մուքելն, ախր, երեխա չուներ...
Բայց դժբախտություն պատահեց:
Աշնանը Բինաձորի այգիները փխրեցնում էին: Մուքելն ու Անուշավանն իրար կողքի շարք էին վերցրել: Մինչև կեսօր Մուքելն իր շարքը ահագին բարձրացրել էր:
- Անուշավան, մատաղ, հասիր հա՜, եկա:
Բայց պատահեց այնպես, որ Մուքելը հիվանդացավ: Իբր թե Մուքելը մինչ էդ քրտնած ջուր չէր խմե՞լ: Լինելու էր՝ եղավ: Երեկոյան Անուշավանը գնաց հիվանդին տեսության:
- Մուքել, արդեն շարքիդ հասել եմ, վեր կաց:
Մուքելը ժպտաց, թե՝
- Անուշավան բալա, էգուց էլ մի քիչ առաջ անցիր, հետո կգամ, կհասնեմ:
Անուշավանը մյուս օրն էլ եկավ:
- Մուքել, վեր կաց, է՜, առաջ եմ անցել:
Մուքելը նորից ժպտաց, բայց տխուր-տխուր ժպտաց: Ժպտաց ու ոչինչ չասաց...
Երրորդ օրը Մուքելը չկար: Անուշավանին պահել չէր լինում.
- Մուքե՜լ, շարքդ հասցրել եմ իմին, վեր կա՜ց, վեր կա՜ց...
Չէ, Մուքելը վեր չկացավ:

Լեռանաղբյուրը մի հատ է: Այդ լածիրակ երեխաները Լեռնաղբյուրում մեծանում են ու գնում ուրիշ տեղեր տուն շենացնում... Գնում են և իրենց հետ տանում Լեռնաղբյուրի բույրերը: Լեռնաղբյուրին հատնել չկա, ինչքան քաշեն տանեն, նրան հատնել չկա: Բայց երբ հայտնում են, որ Հայրունց Օհաննեսը տեղատակ է ընկել, Բուդին, կնոջ մահանալուց հետո, տեղափոխվում է քաղաք, ես մեջս սկսում եմ փրփրել: Լեռնաղբյուրում խելքին մի մարդ չկա՞ր, որ Բուդու ձեռքից բռներ ու ասեր՝ ախպեր տղա, քեզնից ոչ վարժապետ դուրս կգա, ոչ քաղաքացի, և քո էս դասալքությունը բանի նման չի...
Մարդը գնաց քաղաք և լուրջ-լուրջ հիվանդացավ: Իսկ Վանին շարունակում է աշխօր անել: Բուդին ցրտերի հետ տեղատակ է ընկնում մինչև մայիսի տաքերը: Վանին ամառ-ձմեռ աշխօր է անում: Մարդը երևի քաղաքի օդը չվերցրեց...
Լեռնաղբյուրում ամեն տարի մի բան պակասում է և հնարավոր չէ պակասածի տեղը լրացնել: Ախր, Բուդին ինչո՞ւ գնաց քաղաք, կմնար, իրա համար կապրեր, էլի: Կամ մյուսները: Է՛հ...
Մեր գյուղում սիրտս տխուր-տխրում է: Միայն երբեմն մի թաքուն հույս ինձ սփոփում է՝ գուցե այս պատմությունները պահեն նրանց թանկագին հիշատակը: Թեկուզ մի քիչ... 




ԼԵՌՆԱՂԲՅՈՒՐԸ

Գյուղը բաժանված է թաղերի: Գյուղի անունը մեկ՝ Լեռնաղբյուր, թաղերի անունները շատ՝ Աղունց թաղ, Ուսուբանց թաղ, Վանեսանց թաղ, Զաքարենց թաղ և այլն: Ամեն մի թաղում ապրում են որևէ գերդաստանի ներկայիս շառավիղները: Ոչ հեռու անցյալում ամեն մի թաղում մի նահապետական ընտանիք էր ապրում՝ 7-8 եղբայրներով, նույնքան հարսներով և շատ երեխաներով, այնքան, որքան հարսների թիվը՝ քառակուսի բարձրացրած:
Ըստ թաղերի էլ կարելի է եզրակացնել, թե որ գերդաստանն է եղել ավելի հզոր և ավելի հարուստ: Լեռնաղբյուրեցիք միշտ էլ աշխատավոր մարդիկ են եղել՝ իրենց այգի-հնձաններով, արտ ու կալով, ջրաղացով կամ փայտածուխ պատրաստելու իրենց արտոնագրով: Դեռ հնուց լեռնաղբյուրեցիք զբաղվում էին վար ու ցանքով և այգեգործությամբ: Վար ու ցանքը վերջացնում էին, բերքը ածում մառանները ու գնում ղարիբության: Նրանք նաև արհեստավորներ էին: Հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջը ներքևներում աշխատում էին, աշխատածը դարձնում Բուխարայի շալ և Իրանի բրինձ, իրենց համար արծաթ գոտի, հարսների համար՝ խաս շորեր ու ոսկեշար ճակտնոց: Ապրիլին նորից դաշտերում ծորում էր հոտաղի հորովելը:
Բոլոր թաղերն էլ իրար բարեկամ էին: Իրար աղջիկ էին տալիս, իրար քավոր կանգնում: Մինչև հիմա էլ այդպես է:

ՍԱՔՈՒՆՑ ԹԱՂԸ: Սաքունց թաղը մեր թաղն է: Հիմա էլ ասում են Սաքունց թաղ, բայց հիմա այնտեղ տուն-շենլիկ չկա: Մնացել են միայն թաղբանդ գոմերը: Սաքունց սալկուտներում այլևս աղուն չեն չորացնում և Ղուշի տատը քար չի շպրտում աղունը կեղտոտող աներես ուլերի վրա.
- Վա՛յ, ձեր քոքը կտրվի, կտտելու տեղ չկա՞…
Հիմա ուլերը ազատ-անարգել վազվզում են՝ պոչները քամուց ցից արած:
Գյուղը տեղափոխվել է Աղունց Շահնազարի այգիները: Գարնանը այնտեղ ցեխը հասնում է մինչև մարդու քթի ծերը: Դա ապրելու տե՞ղ է: Մեկը տուն կառուցեց և մյուսները հետևեցին նրան: Կմնային, էլի, Աղունց Շահնազարի այգիների բերքը հո քոլուտեցու փո՞րը չի մտնում: Նախագահ Իշխանը ասաց՝ պետք է սոցիալիստական գյուղ կառուցենք: Մարդիկ լսեցին նրան ու թափվեցին հարյուր տարվա այգու վրա, բաժան-բաժան արին: Ու հին գյուղը սկսեց դատարկվել: Աղունց Շահնազարի ընտրանի ծառերից մեկ-երկուսը ձեռք գցելն էր մարդկանց աչքերը փակել և ապա Տանձուն աղբյուրի ջրերի տակ լավ տնամերձ ունենալը: Այստեղ ուրիշ թվաբանություն չկար:
Սաքունց թաղը գտնվում է մի հսկայական ժայռի գլխին, որին մենք քերծ ենք ասում: Սաքունց քերծն առաջին էր երևում գյուղ մտնողին, բայց նաև գյուղ մտնողին առաջինը այստեղից էին տեսնում:
Տները կառուցված են ժայռի քարեղեն պռնկին, որոնց արևելահայաց պատուհանները բացվում են խոր կիրճի վրա: Պատուհանից ցած նայողի գլուխը կիրճի ահավոր խորությունից պտտվում է, թվում է, ահա-ահա տունը շուռ կգա և ահռելի դղրդոցով կթափվի կիրճը՝ խլացնելով այնտեղ թափվող առվի վշշոցը: Ձորի երկու փեշերից բանջարանոցներ կային: Այդ բանջարանոցների վարունգն ու կարտոֆիլը, լոբին ու տաքդեղը հիմա չկա: Դրանց համը ուրիշ էր: Ախր Ցուրտ աղբյուրի ջրով էին ջրում: Ղուշի տատը օրական քանի՜ անգամ էր Սաքունց կապով իջնում ձորն ու բարձրանում: Նրա համար գոյություն չունեին սրտի անբավարվածություն, սրտի նոպա և նման բաներ: Հենց որ ուլերը մտնում էին բանջարանոցը, նա փեշերը հավաքում էր և գլորվում ձորը, և ձորը լցվում էր նրա ձայնով՝ հե՜, հե՜, հե՜...
Ձորն էլ նրան էր ձեռ առնում.
- Հեե՜, հեե՜, հա՜-հա՜-հա՜, հի՜-հի՜-հի՜...
Ժայռի գլուխը տափարակ է ու հողից զուրկ՝ լոկ ձուլածո քարեղեն: Հիմա Սաքունց քերծը դարձել է քարահանք: Գյուղում հայտնի էին մեր սալկուտները, որտեղ արևոտ օրերին աղուն էին լվանում ու չորացնում, որտեղ թաղի բնակիչներն ամռանը տեղ էին գցում ու դրկից-հարևաններով քնում: Օրվա աշխատանքից հոգնած, գյուղացին քնում է սալկոտների վրա՝ քամու զիլզլոցը ականջներում: Գիշերը, մանավանդ լուսադեմին, ցուրտ էր լինում, և մենք հաճույքով կոլոլվում էինք տաք վերմակի մեջ:
Ձմեռը ձերբազատված քամին ժայռի գլխին ձյունն էր պտտեցնում ու լցնում դուռ ու պատուհանի ճեղքերը, խաղում դրսում մոռացված լվացքի հետ, խոտի դեզի վրայի քարը շպրտում կիրճը, ջրհորդաններից պոկում սառցե լուլաները, գոմերի կտուրները մաքրում ձյուներից: Լուսադեմին հոգնած քամին ծվարում էր ցածրի կիրճերում՝ մինչև բացվող օրը նորից մթնի:
Ժայռի խստաշունչ ու հրեղեն գեղեցկությունը գրավել էր մարզային թերթի լուսանկարչին: Նա լուսանկարել էր ժայռը և հանձնել երկրագիտական թանգարանին, նախօրոք՝ «Հայրենի բնաշխարհը» վերնագրի տակ տպագրելով թերթում:
Այդ քերծից էր կախված այն տունը, որտեղ ծնվել եմ ես:




ՎԱՆԻ

Երեկոյան կովը կթելուց հետո, կինն ասաց.
- Տար էդ քոլուտը, թող արածի:
Հոգնած էր, չէր ուզում, բայց չհակառակեց՝ կինն ականջների մսերը կուտեր: Կովը քշեց գյուղից վեր՝ Չուխուրի քոլուտը, թողեց, որ անասունը գիշերվա հովին արածի, իսկ ինքը մեկնվեց փափուկ կանաչին: Երբ արթնացավ, լուսինը Խաշար խութից մի չվան բարձրացրել էր: Այ, թե քնել եմ, հա՜, մտածեց նա և աչք ածեց կովին: Ծմակի բերանին՝ մթան մեջ, երկու աչքեր պսպղացին: Կովը արածել կշտացել էր և իր համար հանգիստ որոճում էր: Ոտքով խփեց կողին՝ հո՜ո, խուլ ձայնեց և առաջն արած իջավ գյուղ:
Անասունը կապեց թթի ծառից և ուզեց բարձրանալ տուն, բայց չիմացավ, թե ինչպես ոտքերը տարան ետ: Խաշար խութից Տանձուն աղբյուրի վրա իջնող ճանապարհին գարու մի խուրձ էր ընկած... Կովը բերելիս, ասել էր, կվերցնեմ ու մոռացել էր վերցնել: Ծերությունը կոխել է, Վանի, դժգոհեց ինքն իրեն, ծակ գրպանի պես մտքումդ բան չի մնում: Ու թոնթորաց՝ դե հիմա ոտքիդ տալով նորից ետ գնա: Խուրձը երևի Մուքանի սայլից է ընկել: Անպայման նրա գործը կլինի, հաստատ վճռեց: Այ, թե մարդ է, հա՜, տնաշենի տղան դեռ սամթին մի գործ չի բռնել: Ու նորից թոնթորաց. հիմա նրա երեսից պիտի ոտիս տալով ետ գնամ: Շուն-շան որդին պարանը լավ չի կապել ու խուրձը սայլից ընկել է: Ափսոս չի՞, ոտքի տակ փչանում է: Կբերեմ, թող հավերը ուտեն:
Լուսինն անցավ ամպի ետևը և մթնեց: Աչքն այլևս գետին չէր բռնում: Թանգունց չինարի տակ մի կրակ երևաց: Նախագահը կլինի, անցավ նրա մտքով: Ու ցանկացավ ճանապարհը ծռել, բայց ինքն էլ չիմացավ, թե ինչպես լեզուն շուռ եկավ.
- Բարի իրիկուն, նախագահ:
- Վանի, դու ե՞ս, բարի իրիկուն,- արձագանքեց նախագահը,- չճանաչեցի:
- Մութ է՝ չես ճանաչի,- ու մոտենալով, ձեռքը մեկնեց,- դրանից մեկն էլ տուր, ես ծուխ անեմ:
- Հա, մութ է, չճանաչեցի:
- Ոնց էլ իմացա, պատահական ասացի, բայց ճիշտ դուրս եկավ,- ու զարմացավ, շատ զարմացավ, այնպես զարմացավ, որ նախագահը սկսեց կասկածել, թե Վանին պատահակա՞ն հայտնվեց չինարու մոտ:
- Մութ է, պատահական կլինի,- համաձայնեց նախագահը:
- Մութը՝ մութ է, բայց ասի՝ էս գիշերվա ուշ ժամին Թանգունց տան ճանապարհին էլ ո՞վ կլինի:
Ու մտքում թաքուն խնդմնդաց: Նախագահը խոսքը ականջի ետևը գցեց, իբր թե ոչինչ չհասկացավ: Ուզեց խոսքը փոխել. 
- Խեր լինի, Վանի, ո՞ւր ես գնում էս անժամանակ ժամին:
- Կովը Չխուրի քոլում է, գնում եմ ետևից,- խաբեց նա:
- Կգա, էլի, հարյուր տարվա կով է, ձեր տան ճամփան նոր չգիտի:
Վանին քթի տակ նորից խնդմնդաց՝ հիմա ափաշկարա:
- Մարդս, որ մարդ է, էլի իր տան ճանապարհը խառնում է ուրիշինի հետ:
- Հա, մութով շփոթել կլինի,- խեղճացավ նախագահը: Հետո մի միտք լուսավորեց: - Վանի, Տանձուն աղբյուրի ճանապարհին մի խուրձ է ընկել, վերադարձին կռնատակդ դիր, կտաս ձիուդ:
Բիջ շան որդի, մտքում հայհոյեց Վանին, ոնց էլ գլխի ընկավ մտքինս: Հիմա էլ նախագահի ծիծաղն է բռնել՝ վա՜յ Վանի, վա՜յ, ա՛յ թե բռնվեցի՜ր, կովը նոր չտարա՞ր:
Վանին էլ թե.
- Նախագահ, մի խոսք կա, գիտե՞ս:
- Ո՞րը: 
- Գողը, ասում են, մտնում է հավաբուն: Էս գիշերվա պես մութ է լինում: Մտնում է հավաբուն ու մեկ էլ որտեղից մեկը կամաց ասում է՝ սը՜սս: Սա իմանում է, թե հավաբնում ուրիշն էլ կա: Դու էլ սուս, ասում է, ես էլ սուս: Հը՞,- ու գլխով ցույց տալով Թանգունց տան լույսը, լեզուն ծլթացրեց,- Թանգունց տան լույսը դեռ վառ է...
- Վանի, չափարը ճմոռում ես,- նախագահն ուզում է բարկանալ, բայց Վանին գիտի, որ «ներկա պայմաններում» (սա էլ նախագահի խոսքն է) դրա իրավունքը չունի:
- Չէ, նախագահ, չեմ ճմռում, բայց Թանգունց հարսը...
Ճանապարհին Վանու մտքից Թանգունց Սաթիկի փափուկ տեղերը չէին անցնում: Վայ, դրա մարդու նամուսը ցեխը կոխեմ, իրեն լայեղ բարձրագույն ուսում ունի: Ֆերմայի վարիչ է, ամառը՝ սարերում, ձմեռը՝ չոլերում, տան երես չի տեսնում: Բա ափսոս չի՞ Սաթիկը: Բա մե՞ղք չի էդպիսի հարսին անմարդ պահել... Վա՜յ, քո վարիչ խելքը սիրեմ, դիպլոմ ունի, բայց մի երեխայի խելք չկա գլխում: Ու երանությամբ պատկերացրեց փափուկ տեղաշորեր ու գիշերվա հովը խաղս է բռնել Սաթիկի սպիտակ-սպիտակ ծոցում: Նախագահի աչքը լույս, մտածեց նա ու տխրեց: Հա, շատ տխրեց...


*  *  *

Նախագահ մարդ է, կարող էր չպատասխանել: Պարզապես չլսելուն տար: Բայց խոսքին խոսք եկավ: Երևի սատանան խառնվել էր գործին: Կալերի մոտով անցնելիս Վանին տեսավ, թե ինչպես մարդիկ քափ ու քրտինքի մեջ քանդում են պապական գոմերը: Նախագահն էլ էր այնտեղ: Մոտեցավ, բարևեց ու թե.
- Նախագահ, բա ափսոս չե՞ն էդ շինությունները, որ քանդում եք:
- Վանի,- ասաց,- էդ գողերի բունը պահենք ի՞նչ անենք:
- Որ էդպես է, կանցելյարից սկսեցեք:
Ասաց, իսկ մարդիկ տվին ու ծիծաղեցին: 
- Ա՜յ քեզ Վանի, ա՜յ քեզ նախագահ, դե կե՜ր:
Այս անմեղ խոսքը հասավ գյուղ, գյուղից՝ շրջան: Բոլորն իմացան, որ Լեռնաղբյուրի կոլխոզի գրասենյակից 500 ռուբլի է կորել, իսկ կոլխոզի գանձապահը Սաթիկն է: Էն Սաթիկն էլի, որ... Եվ պարզ մի խոսքից ստացվեց մի մեծ զուռնա: Հետո ոնց եղավ, բերին շուռ տվին ու նախագահի հարցը հասցրին կուսշրջկոմ: Այստեղ մի լավ հուպ տվին նրան, քամակից էլ մի ծակ ղազան կախեցին ու թե՝ գնա և խելքդ գլխիդ աշխատիր:
Անցնում է մի առ ժամանակ և շրջանային թերթում մի «ֆելիետոնի փոխարեն» են տպագրում, թե ինչպես Լեռնաղբյուրի կոլխոզի դաշտապահ Վանի Ավթանդիլյանը, փոխանակ հանրային սեփականությունը պաշտպանելու... Մի խոսքով, գարու խուրձը մեջտեղ են քաշում: Կինն էլ մի տեղից է զահլա տանում:
- Ոտքդ կոտրեր, չգնայիր:
- Դեհա՜,- աչքը չռում է կնոջ վրա,- գործիդ կա՛ց:
- Լեզվիդ թեթ ասեիր, էլի, ի՞նչդ է մնացել: Դու ո՞վ ես, որ նախագահի հետ ուզում ես կոխ կենալ:
Վանին ուզեց պատասխանել, բայց մեկ էլ լռեց. գլուխ չունի նրա ձեռքին դնելու: Լուռ նստեցին հացի: Վանին գդալը թանապուրի մեջ դես շուռ տվեց, դեն շուռ տվեց, բայց պատառը կուլ չգնաց: Ափսեն մի կողմ հրեց ու վեր կացավ:
- Վարչությունից կանչել են,- ասաց ու դուրս եկավ:


*  *  *

Վանեսանց աքլորը երեք անգամ կանչել էր, որ վարչության նիստը վերջացավ: Վանու տասը աշխօրը զանց արին՝ մեկ, դաշտապահությունից ազատեցին՝ երկու, ու թերթին էլ պատասխան գրեցին, որ փաստերը հիմնականում համապատասխանում են իրականությանը: Նախագահի գործերն են, Վանին դրանում չի կասկածում: Բայց, ախր, մի խուրձ գարու համար մարդուն խաղք ու խայտառակ կանե՞ն: Ուրեմն ապրանքը ոտի տակ փչանար՝ լա՞վ էր, էլի... Վանու գլուխն այս մեկը սկի չէր մտնում: Նախագահի աներձագը թերթում է աշխատում, նրա ձեռքով է գործը կազմակերպել: Վարչությունում ծպտուն չհանեց, բայց հո բոլորը գիտեմ, որ դա նախագահի գործն է: Վանին, իհարկե, չի ասի այդքանը, բայց նրա շանտղությունը մտքում կպահի:
Այդպես մտորելով գալիս էր, երբ մեկը ետևից հազաց: Նախագահն էր:
- Ուրեմն, ագրոնոմ Սուրենի ասելով «ֆելիետոնի փոխարենը» քիչ է, էլի, պիտի իսկական ֆելիետոն լիներ,- կողքանց նայելով նախագահին, ասաց Վանին: - Բա դու քո լալիկ լեզվով չասացի՞ր, թե խուրձը վերցրու՝ կտաս ձիուն: Ինչո՞ւ էդ բացբերանի ռեխը չփակեցիր:
- Դե լավ, էլի, Վանի, եղավ պրծավ,- հաշտարար ասաց նախագահը: Բայց որ վարչությունում վեր կենայի ու ասեի, թե նախագահն է կարգադրել, քո վիճակը ո՞նց կլիներ:
- Վանի, չենք պայմանավորվե՞լ՝ ես էլ սուս, դու էլ սուս,- ծիծաղեց նախագահը:
- Ինձ խեղճացնողը էդ է, էլի,- ժպտաց Վանին:
Հասան Թանգունց չինարուն: Նախագահը ցանկացավ ծռվել դեպի իրենց տուն, Վանին թևը բռնեց:
- Հը՞, նախագահ...
- Չէ, Վանի, մեռավ գնաց,- ասաց ու ակամայից հառաչեց:
- Ուրեմն Թանգունց տան ճանապարհը քեզ համար պաս դառավ, էլի...
Նախագահը խեղճացած նայեց նրան ու լուռ հեռացավ:
- Հա, է՜, եղավ պրծավ:




ԿՈՒՔԱՆ ԱՊԱ

Սանդուղքի գլխին Կուքան ապան նստած, տրեխները թափ էր տալիս: Մի տաս-տասնհինգ տարուց հետո տրեխ հագնող չի լինի, տխրությամբ մտածեց նա: Այդ ո՜նց կլինի, որ տրեխ անելը մոռանան մարդիկ, անցավ նրա մտքով, ափսոսաց՝ ախր, այդ ո՞նց կլինի...
- Տանտեր, հյուր չե՞ս ընդունի:
Կարծես մեր Վահանի ձայնն է, ուրախացավ Կուքանը և տեղից վեր կացավ: Նայեց ներքև՝ Վահանն էր, և հասակն առած մի անծանոթ մարդ:
- Հյուրը Աստծունն է, բարձրացեք,- և ընդառաջ գնաց:
- Մեր բաժնի վարիչն է ընկեր Մարությանը, ծանոթացիր,- ներկայացրեց տղան:
Ծանոթացան, մի քանի խոսք խոսեցին, հետո կնոջը ձայն տվեց.
- Աղջի, թախտին դոշակ գցիր, թող հանգստանան,- և ինքն իջավ գոմ:
Այնտեղ մի տարեկան որձատած այծը խուլ մկկաց ու լռեց: Կես ժամի չափ անցած Կուքանը թարմ միսը շամփուր քաշեց և դնելով նոր պատրաստած պողին, բարձրացավ տուն:
- Բադունց հարս, կրակին նայիր,- կարգադրեց կնոջը ու տեղ բռնեց տղամարդկանց մոտ: - Շրջանից եկած մարդ եք՝ ինչ կա, ինչ չկա աշխարհի վրա, պատմեք լսենք:
Տղան հոր ձայնի մեջ որսաց ծանոթ ծաղրը:
- Ի՞նչ է, քաղխմբակի չե՞ս հաճախում,- հոր հանգը վերցրեց Վահանը,- գուցե թերթ չե՞ս ստանում:
- Վա՜յ, քեզ մատաղ, ոնց չեմ ստանում, բա քո մերը պարապ ժամանակ ի՞նչ է անում:
Վահանը թեթև կարմրեց, իսկ Մարությանը, որին առաջին հայացքից դուր էր եկել ծերունին, բարեհոգի ժպտաց.
- Մարիամ հասին ինչո՞ւ է պարապ ժամանակ գտնում, թող թոռ-երեխաներ պահի:
- Վա՜յ, քե մատաղ, պահում է, ոնց չի պահում, մեր հարևան Սիրուշի երեխան շատը ինքն է պահում: Ասում եմ՝ աղջի, էդ երեխին մեկ-մեկ բեր մեր տուն, որ մեր կոճերն էլ երեխի ձեն լսեն: Շնորհակալ եմ, օրհնածը չի մերժում:
Վահանն ավելի կարմրեց, հայրը ակնարկում էր, որ իր կինը չէր համաձայնել երեխաներից մեկին գյուղ ուղարկել:
- Վահանն արդեն բազմերեխատար հայր է, մեկը բերեիք գյուղ,- կատակի տվեց Մարությանը:
- Բա քաղաքի երեխան գյուղի օդը կվերցնի՞,- միամիտ-միամիտ ասաց Կուքանը: - Հարսն ասում է, որ գյուղի օդը սուր է, հետո էլ ասում է՝ երեխաներին մանկապարտեզ պիտի տամ, որ ոտանավոր սովորեն: Բա մեր կինը ոտանավոր գիտի՞...
- Կուքան ապա, դու էն պատմիր, թե ոնց ես մեր շրջկոմի քարտուղարին ձեռ առել,- զրույցի թեման փոխելու համար ասաց Մարությանը:
Կուքանի աչքերում կայծերը պեծին տվին: Խորամանկ ժպտաց ու թե.
- Միամիտ ստացվեց:
... Երեկոյան Կուքան ապորը լուր տվին, թե նախագահը վռազ կանչում է: Ձեռքի գործը թոթխար թողեց ու գնաց: Նախագահի մոտ շրջկոմի քարտուղարն էր ու բրիգադիր Սավադը: Քարտուղարը՝ մի ջահել, սիրուն տղա, մոտ եկավ, սեղմեց Կուքանի ձեռքը ու, կողքին նստելով, մի ահագին խոսեց դեսից-դենից: Հետո թե.
- Կուքան ապա, արի քեզ ֆերմա ուղարկենք:
- Ընկեր քարտուղար, ախր կյանքումս էդ գործով չեմ զբաղվել:
- Ոչինչ, Կուքան ապա, բոլորս կօգնենք, կսովորես: Ամեն ինչ սովորովի է,- ասաց ու ծերունու մեջքը տփտփեց: Դա դուր չեկավ Կուքանին՝ երեկվա երեխան ուզում է կռնատակիս ձմերուկ դնել: Բայց Կուքան ապան ուրիշ խոսք ասաց.
- Կուքան ապան քեզ մատաղ,- ասաց,- ի՞նչ կլինի որ քարտուղարություն անելը սովորեցնես...
- Հիմա էս խոսքս գյուղի բերանն է ընկել,- ժպտալով ավելացրեց Կուքանը.- Մի բերան էս է՝ Կուքան ապա, ե՞րբ ես քարտուղարության կուրսեր գնում:
Կինը խորովածի շամփուրները բերեց ու տղամարդիկ նստեցին հացի: Վահանի չնախատեսված այցի նպատակն էր հորը համոզել ֆերմա գնալու: Վիճակն այնտեղ լուրջ է, կովերը կթող չկա: Չնայած մի քանի բաժակից հետո նախկին տրամադրությունը վերստացել էր, բայց անընդհատ մի միտք տանջում էր: Շրջկոմի քարտուղարը կարգադրել էր ֆերման կադրերով ապահովելու հարցն անպայման լուծել: Խոսակցության ժամանակ նա ակնարկեց իր հորը: Իհարկե, անարդարացի էր քարտուղարը՝ բայց չուզեց հակադրվել, իրեն սխալ կհասկանային:
- Հայրիկ,- զգույշ սկսեց Վահանը,- մեր կոլտնտեսությանը շրջկոմից ես եմ ամրացված:
Տղան շրջանային մասշտաբի մարդ է դարձել, ներքուստ հպարտացավ Կուքանը: Իսկ Վահանը շարունակեց.
- Լեռնաղբյուրի գործերը որ տապալվեն, շրջկոմի առաջ ես պիտի պատասխան տամ:
Գինուց Կուքանը մի քիչ տաքացել էր, խաբվեց.
- Բա ես կթողնե՞մ, որ դու խայտառակվես, մինչև հիմա չորս հարյուր աշխօր եմ արել: Չես հավատում, աշխօրիս գրքույկը ցույց տամ։ Ես թիկունքումդ պինդ եմ կանգնած, վստահ մնա։
- Դե ես գիտեի, որ խոսքս գետին չես գցի,- խոսքն առաջ տարավ Վահանը։ - Չէի կասկածում, որ ֆերմա կգնաս: Մի քանի ամիս կաշխատես, հետո հարմար մարդ կգտնենք:
Հայրը ակամա նայեց որդուն. նրա աչքերում ինչ-որ բան սառեց մնաց: Տեսա՞ք, թե տղաս ինձ ոնց խաբե՞ց, կարծես ասում էր նրա հայացքը: Մարությանը նկատեց այդ և անհարմար զգաց: Գինու բաժակը տարավ բերանը, բայց չկարողացավ խմել:
- Ես գիտեի, որ խոսքս գետնին չես գցի,- միտքն առաջ տարավ Վահանը,- չէի կասկածում, որ ֆերմա կգնաս:
Գյուղի կատարածուն Մինասենց կտուրից ձայն տվեց.
- Կուքան ապա, Վահանին ասա, որ ժողովը սկսվում է:
Հյուրերի գնալուց հետո Կուքանը կոտրած սրտով նստեց թախտին ու դառնությամբ մտորեց. տեսա՞ր, թե նախագահը ոնց խաբեց, այն էլ քո հարազատ որդու ձեռքով: Ասաց՝ գնա ֆերմա, պատասխան ստացավ: Հետո շրջկոմի քարտուղարին դիմեց: Տեսավ, որ դրանից էլ բան չի դուրս գալիս, Վահանին է մեջտեղ բերում: Հարյուր տարվա այգեգործ մարդը գնա ֆերմա ի՞նչ անի՝ կով կթի՞: Չկարողացավ տեղում նստել, պիջակն առավ ուսերին և ինքն էլ իջավ կոլխոզի ակումբը:
Ասենք ինքը գնաց ֆերմա, ճանապարհին մտածեց նա, իսկ Մարիա՞մը: Խեղճին ո՞նց անտեր թողնի: Չորս պատերի մեջ նա ո՞ւմ հետ պիտի լեզու թաթախի: Իր հետ ֆերմա տանել չի լինի, տունն անտեր է մնում: Իբր թե Վահանը չգիտի՞, ո՞նց չգիտի: Դե որ գիտի, ինչո՞ւ է ուզում իրեն ֆերմա ուղարկել: Դառնացավ մարդու սիրտը: Հինգ երեխա ունի, բոլորն էլ չվեցին գնացին. աղջիկներին մարդու տվեց, երկու տղան Բաքվում են, Վահանն էլ... Ա՜խ, Վահան, չկարողացա՞ր մեծերիդ բացատրել: Թե՞ չուզեց նրանց խոսքիցը դուրս գալ, հանկարծ անցավ մտքովը: Երևի ուզում է իր մեծերին դուր գալ, դառնությամբ եզրակացրեց նա: Ֆերմա է՝ կգնամ, ֆերման հո գե՞լ չի, որ ինձ ուտի: Բայց ինչո՞ւ է իր հարազատ որդին ուզում հոր հաշվին իր մեծավորներին դուր գալ: Ախր, դա մի բանի նման չի...
Ակումբում ժողովն արդեն սկսվել էր: Ուզեց ներս մտնել, բայց դռներից ետ դարձավ: Անհարմար զգաց Վահանի համար: Գյուղում ի՞նչ կասեն, որ սա վեր կենա և առաջարկի Բալայան Կուքանին ուղարկել ֆերմա:
Չսպասելով հյուրերին, մտավ անկողին և վերմակը քաշեց գլխին: Երկար ժամանակ աչքերին քուն չէր գալիս: Ժամեր անց Մարիամը բոթեց կողքը:
- Վե՛ր կաց, գալիս են:
- Ո՞վ է գալիս:
- Վահանը:
- Ես Վահան անունով տղա չունեմ,- պատասխանեց Կուքանը և շուռ եկավ մյուս կողքին:
Կուքան ապոր խոսքը դուր չէր եկել շրջկոմի քարտուղարին: Վահանի երեսից Կուքան ապան խաբվեց: Իսկ կոլտնտեսության կովերը պետք է կթվեն: Սա է ամբողջ ճշմարտությունը:


*  *  *

Կուքան ապան գնաց ֆերմա: Մի քանի ամիս աշխատեց, սկսեց հարմարվել: Տնտեսավար Օսաննան, օրհնյալ լինի, օրումեջ ջուր է տաքացնում ու ոտքերը լվանում: Մեկ-մեկ ինքն էր գնում Մարիամին տեսության, մեկ-մեկ Մարիամն էր գալիս, բայց էլի սիրտը գյուղն էր ուզում: Աշնանը կգամ, հենց որ ցրտեր սկսվեն, կգնամ, հաստատ վճռել էր նա:
Բայց այնպես ստացվեց, որ Կուքանն այլևս չուզեց ֆերմայից գնալ, իսկ Մարիամը սխալ հասկացավ իրեն:
Մի օր, հոկտեմբերի սկզբներին էր, հաշվառը եկավ, թե՝ նախագահին արջի թակարդով բռնել են: Ասաց ու ծիծաղեց, ասաց ու ծիծաղեց:
- Այ տղա, ի՞նչ արջ, ի՞նչ նախագահ, բան հասկացրու մեզ:
- Հա, էլի, Վանին Թանգունց Սաթիկի դռանը թակարդ է սարքել ու նախագահին բռնել:
Մարդկանց հետաքրքրությունը գրգռվեց:
- Այ տղա, էդ ինչպե՞ս է եղել, մանրամասն պատմիր:
- Ինչ մանրամասն, նախագահը թակարդն է ընկել, գիշերվա կեսին:
- Կանի, կանի, Վանուց սպասելի է:
- Դա բոլորը չէ, հետո էլ Օհաննեսի կատաղածն է բաց թողել: Իր ախպեր Օհաննեսը Սաթիկին հարևան չի՞: Շունը բաց է թողել ու նախագահին շալվարահան արել: Շան հաչոցի ու Սաթիկի ղժղժոցի վրա մարդիկ հավաքվում են: Նախագահի կինն է գալիս, Սաթիկի եղբայրն է հրացան քաշում: Մի խոսքով, ստացվում է իսկական թատրոն:
Նախագահին հանում են աշխատանքից ու նոր նախագահ դնում Վահանին: Կուքանի մտքով կանցնե՞ր, որ Վահանը կգար գյուղ: Վահանը կգար, հողը կքաշեր, բայց զարմանալին հարսն է, ո՞նց է համաձայնել:
Կուքանը ցանկացավ մնալ ֆերմայում, և դա դուր չեկավ Մարիամին, որովհետև ֆերմայում Օսաննան Կուքանի ոտքերը... լվանում է:
- Աղջի, դրա մեջ ի՞նչ կա,- սրտնեղում է Կուքանը:
- Դե որ բան չկա, թող դնի տաշտակում լողացնի:
Մարիամը եկավ ֆերմա ու տեսավ Օսաննան, թևերը վեր քաշած, լվանում է մարդու ոտքերը. Օսաննան Մարիամից ջահել է: Օսաննան նաև մարդ չունի: Անմարդ Օսաննան մեծ-մեծ, չաղ-չաղ կռներ ունի: Օսանի կռներն անամոթ-անամոթ մերկացված են:
- Կուքանի կնիկը մեռել չի, որ նրա ոտքերն ուրիշը լվանա,- ասաց Մարիամը ու կոպիտ հրեց Օսանին:
Օսաննան ուզեց ժպտալ, բայց տեսնելով Մարիամի կատաղած աչքերը, ժպիտը սառեց:
- Աղջի, ամոթ ունեցիր, է՜,- տաշտակի առաջ չոքելով, Մարիամը ետ շրջվեց դեպի Օսաննան,- դու ով, Բալունց Կուքանն ով, հը՞: Մեկը չկա ասի՝ ուրիշի մարդու հետ ի՞նչ գործ ունես:
- Մարիամ, ամոթ է, ի՞նչ ես լեզվիդ կապերը քանդել,- փորձեց սաստել կնոջը:
Մարիամը հիմա էլ հարձակվեց մարդու վրա:
- Դու դեռ սպասիր, ես քո ճաշը տանն եմ տալու: Հարսիդ ու տղիդ առաջ էնպես խայտառակեմ, որ հորդ հարսանիքը միտդ գա:
Հիմա ի՞նչ անի Կուքան ապան՝ մնա ֆերմայո՞ւմ, թե՞ գնա...




ԲՈՒԴԻ

Արևոտ օրերին հավաքվում են դարբնոցի ծածկի տակ: Դարբին Մելիքը մեկի ցաքատին կոթ պիտի աներ, մյուսի կացինը ջրդեղելի էր, երրորդի բահին ոտնակ պիտի կպցներ: Հավաքվում էին խոսք-խոսքի գցում, մինչև ձմռան կարճ օրը մթնում էր:
Բուդին այնտեղ մշտական էր: Տունը դարբնոցի կողքին է, բան ու գործ պրծնում է և իջնում Մելիքի մոտ:
- Երեկ Վանին Շորից ձնծաղիկ է բերել:
- Հա, տարին փառաշ պիտի լինի,- հաստատ վճռում է բրիգադիր Սավադը:
- Տեսա՞ք, թե Բադունց այրու տղան ինչ մարդ դարձավ: Ասում են՝ Երևան շրջկոմ են նշանակել:
- Մեկ է, Օսանի շալակը չի թեթևանա: Մարգուշա աղջիկը, ասում են, մարդուց բաժանվել է ու երեխաները լցրել հերանց տունը:
- Լա՛վ, տղան մորը ինչո՞ւ չի տանում Երևան: Կինը մեղք չի՞:
- Ասում են՝ հարսը չի ընդունում:
- Բա, կընդունի՞,- տնքում է Կուքան ապան ու հարսի հեր ու մեր խառնում իրար:
- Գոմաղբ պիտի տանել ջերմոց,- բրիգադիր Սավադը դառնում է քոռ Մուքանին:
- Հա, տանվիլ պիտի:
Սավադը դեմքը թթվեցնում է՝ այնքան պիտի ասի ու կրկնի և վերջը ինքն անի գործը: Թույլմեջք շանորդի:
Դեմից երևաց Բուդին, որ կաղի տալով գալիս էր: 
- Տեսնես Բուդին խոտ չի տա՞, իմը պրծնելու վրա է,- ասում է քոռ Մուքանը,- կուզի փողովը տա, կուզի փոխովը: Հը՞, կուքան ապա:
Կուքանը չի պատասխանում, հերսը դեռ չի անցել: Սավադը քթի տակ փնթփնթում է: Սաքունց սալկուտներին էլ խոտ էր աճել, բերեիր, էլի, որ էս ձյուն ձմռանը դռնեդուռ չընկնեիր: Ոչ բարով-խերով փեսան է՝ քրոջ ամուսինը: Նրա երեսից քանի անգամ է թուք ու մուր կերել: Ասում են՝ փեսին հեշտ գործի է դնում: Եվ ճիշտ էլ ասում են:
- Վաղը մեր տնից քթոցները վերցրու ու գոմաղբը տար, սածիլները նիհարում են: Անցյալ տարվա գոմաղբից կտանես: Չմոռանաս թաղարները պինդ ծածկել, գիշերը այազ է:
Մեկ-մեկ պիտի բացատրես, ոնց որ երեխայի գործի դնես, թե չէ հետո պիտի արդարանա։
- Ասվել չի:
Մուքանը բրիգադիրի խոսքը չլսելուն է տալիս: Ստրուկդ եմ, կանեմ, մտքում փնթփնթաց նա: Եթե բրիգադիր ես, ուրեմն քո ստրուկը պիտի լինեմ: Կարգադրես, կգնամ քո Արևահատի շապիկն էլ կլվանամ: Անամոթ, անամոթ: Մենք ղեկավար չենք եղե՞լ, քեզնից էլ կարևոր: Եվ Մուքանը երանությամբ հիշեց պատերազմի տարիները, երբ ինքը գյուղխորհրդի նախագահ էր:
Ոտքի ցավը Բուդին պատերազմից է բերել: Ոտքում մնացած արկի բեկորը ձմեռները շարժվում է ու նրան տեղատակ գցում: Բուդին պատերազմից մի արկի բեկոր է բերել և յոթ-ութ շքանշան ու մեդալ: Մեկ էլ շտրաֆնիկի անունը: Բուդու պատմությունը բոլորը գիտեն, բայց էլի հարմար առիթին նրան նորից են պատմել տալիս՝ երբեմն ուղղելով սխալները: Հիմա Բուդին տրամադրություն չունի՝ ոտքը ցավում է, իսկ ոտքից ավելի՝ սիրտը: Կինը երեկ այնպես լուրջ հիվանդացավ, որ ինքը ստիպված էր ոտի կանգնել:
Իսկ շտրաֆնիկի պատմությունը, իրավ, հետաքրքիր է. լսում ես ու չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս:


*  *  *

...Պատերազմի երկրորդ տարում Բուդին զորակոչվեց բանակ: Տարան Բաքու, մի ամիս պահեցին ու ետ բերին, թե շարքում քայլելը պետք է սովորեք, որ նեմեցի հետ կռվելը հեշտ լինի: Մինչև հիմա էլ Բուդու գլուխը չի մտնում, կռվումը շարք կազմած քայլո՞ւմ են, թե՞ հրացան կրակում: Չհակառակեց, բանակում հակառակել կլինի՞: Չհակառակեց, բայց հարցը մնաց մութ: Բուդին կրակելում՝ ոնց որ պետք է, մի վերստի վրա խնձորը կարող է կիսել, թեկուզ տար ֆելդշեր Այվազի կշեռքովը ստուգիր: Զինավարժություններին գնդակը տասին էր կպցնում, իսկ քայլելը, ճիշտ է, չէր իմանում: Ուրիշները՝ մեկ-երկու-երեք, տեղը տեղին քայլում էին, իսկ ինքն՝ ընդամենը մեկ-երկու: Ու շարքը խառնվում էր: Իրա երեսից ամբողջ ջոկն էր տուժում: Հացի գնալիս դասակը մի քանի անգամ մոտենում էր ճաշարանին՝ ետ դարձ, մոտենում էր ճաշարանին ու՝ ետ դարձ, թե ինչ է Բուդին ճիշտ չի քայլում:
Դասակի հրամանատարը մի շեկ տղա էր, ազգանունն էլ Ռիժիկ: Ճշմարիտ որ Ռիժիկ՝ սոխի կլեպի պես շեկ-շեկ, ոնց որ աղբահարում, արևի տակ ընկած պեզնիկ: Ամեն օր Ռիժիկը հոգին էր հանում, հայհոյում, ոնց որ հարազատ կնկանը բարևագիր գրի: Իր շեկ հալովը աստուծու առավոտ՝ պարապմունքներից առաջ, շարքից դուրս էր բերում, իր բարևագիրը ասում ու հետո էլ.
- Ռիժի չորտ, ե՞րբ ես քայլելը սովորելու:
Մի օր էլ Բուդին չդիմացավ:
- Շեկ եմ,- ասաց,- բայց քեզ նման գեշումեշ շեկ չեմ: Սկի քո գույնի ճակնդեղը մեր գյուղում թթու չեն դնում:
Այս խոսքերը մի կերպ թարգմանում են Ռիժիկին և, ինչ եք կարծում, սա փորիցը բռնում է ու սկսում ծիծաղել: Հաջորդ առավոտյան, անվանականչը ավարտելուց հետո, Ռիժիկը կարգադրում է.
- Թևոսյան Աբրահամ, մի քայլ առաջ:
Բուդին մի քայլ առաջ է գալիս ու մտածում՝ վայ թե երեկվա խոսքը չի մոռացել:
- Քեզ նշանակում եմ ձիապան: Այս օրվանից ազատվում ես շարային վարժություններից: 
Բուդին ականջներին չի հավատում՝ կլինի՞, որ ճիշտ է: Մարդը մի ամիս տանջվում-պրծնում էր: Գիշերն էլ երազում տեսնում էր քայլելիս: Ախր, ինչքան ուզում էր ճիշտ քայլել, հակառակն էր ստացվում: Եվ հանկարծ մի հասարակ խոսքով, ազատվում է տանջանք-խայտառակությունից:
Անցնում է որոշ ժամանակ և աշնան պարզ, թափանցիկ մի օր... Ախր, առավոտն այնպես վճիտ էր, թվում էր, թե աշխարհի մի ծայրից որ նայես, մյուսը կերևա: Կերևա, եթե չլինեին հեռու հորիզոնը եզրափակող սարերը, Լեռնաղբյուրի սարերը, տխրությամբ ու կարոտով մտածեց Բուդին: Եվ այդ կարոտից մի ուրիշ կարոտ ծնվեց, մի այնպիսի կարոտ, որ բռնեց նրա կոկորդից և ահա-ահա պիտի մարդուն սպաներ վերջացներ: Սիրտը երեխաներին ուզեց, իր Անուշ կնոջը: Եվ ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձի նստեց ու խթանեց դեպի սարերը, իրենց գյուղը: Ախր, էդտեղից ձեռք մեկնես, կհասնի Լեռնաղբյուր: Ձին քշեց, քշեց, անցավ Բերդը, Աղդամն անցավ և հանկարծ սառը-սառը մի օդ խփեց ճակատին: Օդի մեջ ծանոթ բույրեր զգաց, ծանոթ շշուկներ, ծանոթ ձայն: Սիրտն արագ խփեց, ռունգերը լայնացան, աչքերն ուզում էին ամեն ինչ կլանել, տեսնել: Անցավ Ծառեխի սարերը, մտավ Դրախտի ձորը: Լալիկ աղբյուրից ջուր խմեց, մի քիչ սպասեց, նորից խմեց և մտավ թավ քոլոտն ու սպասեց, որ մութն ընկնի:
... Առաջին աքլորականչին իջավ գոմը, ձին թամբեց ու նորից բարձրացավ թումբ, որ հրաժեշտ տա կնոջը ու երեխաներին: Երեխաներն անուշ-անուշ քնած էին: Ջուխտ-ջուխտ պաչեց թշերից, հետո կնոջն առավ կրծքին: Սա չդիմացավ, փուլ եկավ: Բուդու սիրտը կտոր-կտոր եկավ: Բայց պիտի գնալ, պատերազմ էր, Բուդին զինվոր, հայրենիքին պարտք ունի տալու: Սանդուղքներով իջնելիս հանկարծ լսում է Անուշի որբացած ձայնը. 
- Գնո՞ւմ ես...
Այնքան խեղճ ասաց, այնքան անճարակ խոսք ելավ Անուշի կրծքից, որ կարծես Բուդու սրտին կեծ-կեծ երկաթ դրին:
- Չէ, երկու օրով թույլտվություն ունեմ,- ինքն էլ չիմանալով, դուրս եկավ բերանից:
Բուդին երկու օր մնաց գյուղում: Դրկից-հարևան եկան հավաքվեցին:
- Այ տղա, կռվեցիր պրծա՞ր,- հարցրին:
- Չէ,- ասաց,- կուրսերը շուտ վերջացրել եմ, եկել մերոնց տեսության: Մի քանի օրից հետո գնում ենք ճակատ:
- Տղան աչքաբաց է,- ասացին,- կլինի, որ շուտ է իր բաժին կուրսերը վերջացրել:
- Ուրեմն նեմեցի սֆաթ չես տեսել, էլի,- նորից հարցրին:
- Չէ,- ասաց,- չեմ տեսել:
Նրանք էլ թե՝ գնալուց առաջ Վանեսանց Հոռոմի մոտ վախդ հանել տուր, որ նեմեցին տեսնելուց չվախենաս: Հետո էլ ասացին՝ հերիք եղավ խոսելը, մկրատդ վերցրու՝ գնա Բինաձորի խաղողի մատը կտրիր: Բուդին գյուղում մնաց գիշեր ու մի ցերեկ, հետո մի գիշեր, իսկ առավոտյան փոստատար Սերգին զինկոմիսարիատից երկու հոգու հետ հրացան-ատրճանակով մտավ տուն: Բուդին դարձավ «դասալիք»: Նրան ձերբակալեցին ու Լեռնաղբյուրից տարան Եվլախ և այնտեղ ապրանքատար գնացքը դրին՝ ուղիղ առաջին գիծ: Գնալը գնաց, չտանեին էլ՝ ինքը պիտի գնար, բայց Սերգու բռնած գործն էր տմարդություն:
Հիմա Բուդին մի ցանկություն ունի՝ շուտ ճակատ հասնել և աշխարհին ապացուցել, որ ինքը դասալիք չի, ոչ էլ վախկոտ:
Եվ մարդն իր ասածը հաստատեց, կռվեց ոնց որ պետք է: Այնպես կռվեց, ոնց որ օրական կես հեկտար այգի փխրեցնես: Եթե ճիշտը դատենք, նրան պետք է հերոսի կոչում տային: Կտային է, եթե շտրաֆնիկ չլիներ: Ասացին՝ առայժմ Կարմիր աստղ կտանք, հետո գործը գործ ցույց կտա: Շքանշան ստանալուց հետո Բուդին նկարվում է և առաջին անգամ կնոջը նամակ գրում: Բարևագիրը դնում է նամակի գլխին ու սկսում. «Անուշ կնիկ, նամակիս անդրանիկ տողերով հայտնում եմ, որ քո Բուդին տղամարդ եղել է, տղամարդ էլ կմեռնի, իսկ փոստատար Սերգուն ասա, որ եկա գյուղ՝ կաշին քերթելու եմ և լեշերը խոզերին տամ»: Ամբողջ նամակում Սերգու ազգն ու տակը խառնում է իրար: Նա այնպես ջղայնացած է գրում, որ մոռանում է կնոջը խնդրել, որ իր տեղակ երեխաների թշերից ու փափուկ տեղերից պաչի: Մի ամիս անց կնոջից պատասխան նամակ է ստանում ու նամակի մեջ մարզային թերթի մի համար: Սա արդեն կատաղեցնում է Բուդուն: Աղվես աղվեսի տղա Սերգին թերթին նյութ է տվել և նյութի մեջ այնպես գովել հայրենասեր զինվոր Աբրահամ Թևոսյանին, որ կարծես մի շապիկի մեջ են մեծացել և Բուդուն շտրաֆնիկ հանողը ինքը չէ: Նստում է ու տեղնուտեղը մի նամակ գրում:
«Անուշ կնիկ, նախ և առաջ աղվես աղվեսի տղա Սերգուն ասա թող պոչը բուլի-բուլի չանի: Ես քեզ հետ հաշտվողը չեմ, Սերգի տղա, հլա պետք է քեզ հետ տղամարդու խոսք խոսեմ:
Անուշ կնիկ, Սերգուն ասա արյունը հեռու տանի ինձնից, էստեղ առանց էդ էլ արյուն շատ եմ տեսնում: Ասա, որ քոչի գնա Լեռնաղբյուրից ու չկեղտոտի մեր մաքուր օդերը, թե չէ, որ եկա, նրան Ուսուբանց ընկուզենուց կախելու եմ կամ Կաճովի քերծից ցած եմ գցելու: Ես ֆրոնտավիկ մարդ եմ, էդ մեկը թող լավ իմանա»:
Բուդին երեք լրիվ տարի կռվում է: Որ ճիշտը դատենք, պատերազմում նրա գործն այնքան էլ դժվար չէր: Գիշերը թաքուն-թաքուն անցնում էր նեմեցի դիրքերը, մի ծածուկ տեղ տապռ կենում, մինչև մի հարբած կամ մոլորված նեմեց էր պատահում: Մնացածը Բուդու համար ոնց որ Ցուրտ աղբյուրի կողքին մի շիշ արաղի հետ մի աշունքվա ճուտ թմփացնես: Բայց վիրավորականը քոլուտեցի Անդրանիկի ամբարտավան-ամբարտավան հրամաններ տալն էր: Տես, լեռնաղբյուրեցի Բուդին ինչ օրի էր հասել, որ քոլուտեցին կարգադրություններ է անում, իսկ լեռնաղբյուրեցի Բուդին էլ ձեռքը պիտի դնի ճակատին ու ասի.
- Հրամանդ ի կատար:
Ինչ անենք, որ Անդրանիկը աստիճանով բարձր է, բայց հո քոլուտցու գոմահոտերը վրան է: Բա՜: Մի օր տղերքով արևկող պառկել էին ու ամեն մեկը իր մտքերի հետ՝ ով է իմանում, որտեղից որտեղ էին գնացել: Էսպես քաղցր-քաղցր երազում էին, երբ լուր բերին, թե դիվիզիայի շտաբից հեռախոսով կանչում են: Ոնց որ առավոտվա քաղցր քնի ժամանակ վերկացնեն: Ծույլ-ծույլ ելնում է տեղից ու գնում հրամկետ: Անգուճակալը դնում է ականջին, թե՝
- Ալլո:
Հեռախոսի մյուս ծայրից լսում է Անդրանիկի ձայնը: 
- Բուդի,- ասում է,- վիճակներս լուրջ է, մինչև երկու օրը մի լեզու հասցրու:
Այ քու հերն եմ անիծել, դիվիզիայում էլ ուրիշ մարդ չկա՞ր: Բուդուն էլ ոչ տանում է, ոչ բերում, թե.
- Անդրանիկ տղա, էստեղ ձեր խմահատը չէ, որ մի քոլուտեցի բռնեմ տամ քեզ:
Բայց դե հրամանը հրաման է: Հետո էլ օտար տեղերում լավ չի համերկրացու խոսքը գետին գցելը: Մի քանի օր հետո Բուդին մի չաղ նեմեց է հասցնում դիվիզիա:
Կարմիր դրոշի շքանշանը դրա համար է ստացել:
Պատերազմն ավարտվում է: Զոհվածները մնում են ուրիշ երկինքների տակ՝ որը թաղված, որը անթաղ, իսկ կենդանի մնացածները մեկ-մեկ վերադառնում են Լեռնաղբյուր: Վերադառնում է նաև Բուդին՝ կուրծքը շքանշան-մեդալով լիքը, էնքան շատ, որ մեծ-մեծ կրծքին մատ դնելու տեղ չկար: Առոք-փառոք դիմավորում են նրան ու մի քանի օրից հետո, որպես քաջ զինվորի, նշանակում դպրոցի ֆիզկուլտուրայի և ռազմական գործի դասատու: Սերգուն հանում են, Բուդուն նշանակում: Ասում են՝ Սերգի, քո գործը փոստատար լինելն է: Ասում են ու փոստատարի ուսապարկը կախում վզին: Բայց մի քանի ամիս աշխատելուց հետո ընկեր Հարունը Բուդուն կանչում է իր մոտ և լեզուն ծամծմելով բացատրում. ընկեր Աբրահամ, խնդրում եմ չնեղանաս, ժողկրթբաժինը չի համաձայնում, որ դու դասատու աշխատես, որովհետև... որովհետև համապատասխան կրթություն չունես: Որ կրթություն չունի՝ ճիշտ է, եթե խղճով էլ խոսենք, էդ գործը Բուդու բանը չի ու սրտովն էլ չի: Բայց ընկեր Հարունը կամ ընկեր ժողկրթբաժվարը չգիտեի՞ն, որ ինքը ոչ համալսարան է ավարտել, ոչ ակադեմիա: Ընկեր Հարուն, ասաց, ես կզո-մզո անելը չեմ սիրում, բայց դու երիշդ փոխած ես ինձ հետ խոսում: Ընկեր Հարունը շատ մութ ձևով բացատրում է, որ գյուղից համապատասխան մարմիններին մատերիալ են տվել, թե մենք չենք ուզում, որ շտրաֆնիկ Բուդին մեր երեխաների գլխին դասատու դառնա: Սերգու գործն է, մտքում որոշում է Բուդին և հաստատ վճռում նրա վիզը քոռ չինով կտրել:
Բուդին այգեգործ էր, այգեգործ էլ մնաց: Գուցե նախախնամությունը չուզեց Լեռնաղբյուրին զրկել մի հրաշալի այգեգործից: Բայց այդ նախախնամությունն իր բարի նպատակներն ինչո՞ւ Սերգու ձեռքով լուծեց: Ի՞նչ է, Բուդին չէր հասկանա՞, որ վարժապետի գործը իր գործը չէ...




ԴՐԱԽՏԻ ՁՈՐ

Դրախտի ձորում աշուն է: Աշունը մարմանդ շաղում է Դրախտի ձորում: Դրախտի ձորը լուռ թախծում է: Արդյոք իր անցած կանաչնե՞րն է հիշում, իր խենթ գարունները...
Քայլում եմ լքված այս հովտով, նայում մոշի թփերին, Լալիկի խոսքին եմ ականջ դնում, հուսահատ հարցում եմ անում ծանոթ փռնչենուն: Մոշի թփերում շորերիս ծվեններն եմ թողել, որտե՞ղ են դրանք: Լալիկ աղբյուր, պատմիր, խնդրում եմ, իմ մանկությունը: Գուցե դու, հնօրյա փռնչենի, հիշես անցած օրերը: Գիտե՞ս, քո պտուղներն իմ մանկության համն ունեն՝ դառնահամ-քաղցր: Դե, խոսեք, պատմեք իմ մանկությունը...

- Մանո՜ւկ:
Սաթիկը մորս հետ է վեր կացել: Մայրս պատվիրել է արթնացնել ինձ, ինքը գնացել ջրի: Սաթիկը հավերին կուտ է տվել, բակը սրբել ու կրակի մոտ նստել, որ կաթը չգնա: Մայրս եկել է ջրից, կաթը մերել ու մի ծերատ հաց դնելով կապոցում, գնացել հանդ:
- Մանուկին արթնացրու: Մինչև արևի ելնելը բոստանում լինեք,- պատվիրել է ու գնացել:
Քնոտ ուղեղով լսել եմ այդքանը ու պինդ կոլոլվել վերմակի մեջ: Հիմա տագնապով սպասում եմ Սաթիկի կանչին: Սաթիկն ինձանից երկու տարով մեծ է, բայց միշտ ինձանից շուտ է արթնանում, համարյա մորս հետ: Ու ոչ մի անգամ չի տրտնջում: Դե, նա արդեն տասնմեկ տարեկան է: Սաթիկը զգույշ բարձրացնում է վերմակս ու կամաց կանչում.
- Մանո՜ւկ:
Փնթփնթալով շուռ եմ գալիս մյուս կողքիս:
- Մանո՜ւկ:
Ճմլկոտում եմ ու վերմակը նորից քաշում գլխիս: Սաթիկը պռնկած նստում է կողքիս: Այլևս չի կանչում, համբերությամբ սպասում է, թե երբ պիտի վեր կենամ: Պետք է գնանք լոբուտը ջրելու: Սաթիկը վախենում է մենակ Դրախտի ձոր գնալ. դեռ մութ է: Իսկ ես չեմ արթնանում: Ախր ո՞նց արթնանամ, քնից չեմ կշտացել:
Սաթիկը նստել է կողքիս ու սպասում է:
Բայց հանկարծ վերմակը վրայիցս թռչում է ու մի փափուկ ապտակ է հասնում իմ փափուկ տեղին:
- Վե՛ր կաց:
Տրորում եմ աչքերս և իմ գլխավերևում տեսնում Ղուշի տատին: Ես սպառնալից նայում եմ Սաթենիկին: Նա խեղճ-խեղճ նայում է ինձ ու հայացքով ներողություն խնդրում:
- Աչքերդ չոլորես աղջկա վրա,- խիստ ասում է Ղուշի տատը,- քո ընկերները մի-մի տուն են պահում: Սամսոնի Արտուշ տղան նոր մի բեռ խոտ թափեց ու գնաց:
Ես ոչինչ չեմ պատասխանում: Ո՞վ կարող է Ղուշի տատի պատասխանը ետ տալ: Սաքունց թուփն ու ծուպը հարգում-պաշտում է նրան: Ես ծույլ-ծույլ հագնում եմ շորերս ու քնաթաթախ ճանապարհվում Դրախտի ձոր:
Աշխարհում ինչո՞ւ Դրախտի ձոր կա: Ես ատում եմ Դրախտի ձորը, մեր տնամերձը, մեր լոբուտը: Չլինեն՝ կքնեի մի կուշտ...


*  *  *

Մինչև հիմա էլ այդ երգը հնչում է իմ ականջներում՝ իմ և Սաթիկի մասին երգը: Այդ երգը այլևս չի երգվել...
Դուք նկատե՞լ եք այդ պահը. երեկոն դեռ չի սկսվել, բայց ցերեկ չի արդեն: Մի պահ բնությունը համրանում, լռում է: Այդ լռության մեջ, լուռ մենք էլ քայլում էինք՝ Սաթիկն ու ես: Եվ հանկարծ մի փոքրիկ թռչնիկ՝ մոշի քոլին նստած, սկսեց երգել: Նա այնպե՜ս որբացած-դժբախտ էր երգում: Ես ակամայից կանգնեցի: Սաթիկն էլ կանգնեց: Նայեց իմ աչքերին: Փոքրիկ թռչնիկն ինչո՞ւ էր տխուր, ինչո՞ւ տխրեցինք մենք էլ: Գուցե նրա համար, որ հոգնած էինք ու քաղցած, իսկ գյուղը հեռու էր, ու ճանապարհը զառիվեր: Գուցե թռչնիկը տեսե՞լ էր, որ Սաթիկի ոտքերին մաշիկ չկա, գուցե նա հասկացա՞վ, որ ես երանի եմ տալիս նրանց, որ հիմա անհոգ խաղում են մեր սալկուտներում ու դրա համար տխրել է ու տխուր երգ է երգում...
- Մանուկ, գնանք, էլ չի երգում:
Ես սթափվեցի մտքերից, նայեցի թփին՝ դեղձանիկը չկար:
Ճրագվառոցին հասանք տուն: Մեր բակում իրարանցում էր: Փոստատար Սերգին հորս սև թուղթը բերել էր...
Դրախտի ձորից հեռո՜ւ- հեռո՜ւ աշխարհում աղետ կար: Այն արձագանք տալով հասնում էր Դրախտի ձոր, այնտեղից բարձրանում Լեռնաղբյուր ու պայթում որպես մի ավելի մեծագույն աղետ: Մենք այդ զգում էինք մանկական բնազդով, տեսնում էինք մեր մայրերի մշուշված աչքերում և ջահել հարսների խեղդված հառաչանքներում: Մեր մանկական ուղեղները ժամանակից շատ սկսում էին հասունանալ...
Բայց աշխարհի աչքից հեռու Դրախտի ձորում տեղի էին ունենում դեպքեր, որ աշխարհը չգիտեր, իսկ մեր մանկական ուղեղը դժվարանում էր հասկանալ-ըմբռնել:
Դրախտի ձորում ամենամեծ ջրվորը Կաղ Մելիքն էր: Նա իմ քեռու ընկերն էր, որը հիմա ռազմաճակատում է: Մելիքը կաղ էր և խելքից մի քիչ թույլ: Բայց մեզ համար նա աշխարհի ամենաարդար մարդն էր: Մարդկանց համար փայտ էր ջարդում, գոմ էր մաքրում, Դրախտի ձորից լոբով ու կարտոֆիլով բարձած էշը բերում էր գյուղ: Իր կատարած աշխատանքի համար վերցնում էր այնքան, որքան իր խիղճն էր թելադրում՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս:
Բայց կաղ Մելիքը հանգիստ չուներ մեր ձեռքին: Իսկ Սիրուշը տանջում էր նրան.
- Մելիք, ինձ ուզո՞ւմ ես, թե՞ չէ:
- Չէ,- վճռական մերժում է Մելիքը,- ես Զմրուխտի Սաթիկին եմ ուզում:
Ես ձեռքիս խինդեղի կանաչ ցողունը իջեցնում եմ Մելիքի մեջքին.
- Կսպանե՛մ:
- Մեղք է, Մանուկ, մի ծեծի,- փաղաքշանքով ասում է Սաթիկը:
Իսկ Սիրուշը շարունակում է Մելիքին չարչարել:
- Մելիք, արի կոխ բռնենք,- առաջարկում է նա,- եթե հաղթես, հացս կտամ քեզ,- նա ցույց է տալիս կապոցի մեջ դրած մի ամբողջ թոնրահաց:
Մելիքը չեմուչեմ է անում: Նայում է թոնրահացին, և ադամախնձորը սկսում է դողալ: Մելիքն անտեր որբ է, Լեռնաղբյուրի մեղքը: Նրա ապրուստը բանակ տարած որդկերանց բաժին հացն է: Նա կարծես ցանկանում է համաձայնել, բայց մեկ էլ տեսնելով Սիրուշի աչքերում պար բռնած չարության կայծերը, երկմտում է:
- Համաձա՞յն ես, թե՝ չէ,- կրկնում է Սիրուշը ու Մելիքի ձեռքից բռնելով քաշում իրեն:
Մելիքը մի կերպ ազատվում է ու ետ-ետ գնում:
- Մելի՛ք, մի վախենա, մենք այստեղ ենք:
- Մելի՛ք, բռնի՛ր:
- Մելիք, հա՜ա...
Կանչում են, խրախուսում, բայց նա չի ցանկանում: Նա կշտամբանքով նայում է Սիրուշին ու չի խոսում:
Սիրուշն արդեն հասած աղջիկ է, նա բանակում նշանած ունի: Սիրուշը լավ հնձվոր է, հաստ-հաստ ոտքերով, մեծ-մեծ ձեռքերով ու խոշոր-խոշոր կրծքով: Այդ կրծքերը կարծես նեղում էին, կարծես խանգարում էին աշխատելիս, և նա չէր իմանում, թե ինչ անի դրանց հետ:
Վերին հանդին 50 խուրձ է կապել և իջել Դրախտի ձոր, որ լոբին ջրի:
Սիրուշը տղամարդու ուժ ունի և ավելի ամուր է սեղմում Մելիքին:
- Ուզո՞ւմ ես, թե չէ,- չարաճճի նայելով նրա աչքերին, ասում է Սիրուշը:
- Բա՛ց թող, չեմ ուզում:
Սիրուշը բաց չի թողնում: Մելիքին գրկած թավալվում է կանաչին, նորից ոտքի կանգնում: Ես որսում եմ նրա հայացքը. աչքերի չարաճճի ժպիտն անցել է, հայացքը դարձել պղտոր, անհասկանալի: Ես ակամայից վախ եմ զգում: Մելիքը անճար-անօգնական նվում է.
- Բա՛ց թող, չեմ ուզում, բա՛ց թող, ամոթ է:
Բայց կատարվում է անսպասելին. Սիրուշը ծալ-ծալ փլվում է գետնին: Մելիքը պոկվում է Սիրուշի գրկից և հևալով ու սարսափած ասում.
- Ասացի՝ չեմ ուզում...
Սիրուշը դանդաղ բարձրանում է գետնից և շորերը թափ տալով, մեղավոր ժպտում է: Նա լուռ հեռանում է, մոռանալով հացի կապոցը, մոռանալով այն, որ ինքը իջել է լոբուտը ջրելու և չի ջրել: Քայլում է կոտրատված, ջարդված: Ես խղճահարված նայում եմ նրա ետևից:
Աշնան օր էր: Ալոշը դասերից հետո ինձ մի կողմ քաշեց թե՝ գնանք Դրախտի ձոր: Ասաց՝ գնանք կաղամբի կոթ ուտելու: Իջանք Սալտափ, որ այնտեղից թեքվենք Դրախտի ձոր: Սալտափի մեծ թխկենու տակ տեսանք Դերունց Արշոյին ու Սիրուշին: Ես հարցական նայեցի Ալոշին: Ալոշը մեծավարի քմծիծաղ տվեց.
- Ամռանը հորս հետ մեր հոլիկում բռնել ենք նրանց,- ասաց նա և քիչ լռելուց հետո ավելացրեց.- հերս թքել է Արշոյի երեսին, իսկ Արշոն ոչինչ չի պատասխանել:
Սիրուշը և Արշոն թաքնվեցին Սալտափի ծմակում: Արտասուքները հատիկ-հատիկ գլորվեցին դեմքիս. ախր Սիրուշը քեռուս նշանածն է... Ես քայլերս ուղղեցի դեպի գյուղ:
Ձմռանը Սիրուշը հեռացավ Լեռնաղբյուրից: Առմիշտ հեռացավ: Երբեմն-երբեմն վատ լուրեր էին գալիս քաղաք գնացած Սիրուշից: Եվ մարդիկ անիծում էին դերունց Արշոյին...
Կյանքը չէր ստացվում Դրախտի ձորում...




ԳՅՈՒՂԻ ԾՈՒՌԸ

Շրջանից եկածը սկսեց դասախոսությունը: Կոլտնտեսության նախագահը մի հայացք նետեց դահլիճի կողմ, հետո դասախոսին, ու դեմքը կնճռոտեց:
Ակումբում նստածների կոպերից կարծես քարեր էին կախել: Մեկի ծանրացած գլուխը թեքվել էր մյուսի ուսին, երրորդի գլուխը, հա՜, կաթուկ էր տալիս: Դասախոսի ձայնը ոնց որ մերան, մարդկանց գլխանոթներում քուն էր մակարդում: Իսկ դասախոսը, խռմփոցների նվագակցությամբ, շարունակում էր խոսել:
- Ժողովուրդ, խոտի դեզը կրակ է ընկել,- հանկարծ լսվեց մեկի ձայնը: Մի պահ դասախոսն էլ, խռմփացողներն էլ լռեցին: Հաջորդ պահին այս ու այն կողմից հարցեր ծագեցին:
- Ի՞նչ կրակ:
- Ո՞վ է արել:
- Որտե՞ղ է:
- Հրեն, էն կողմը նայե՜ք,- ասաց նույն ձայնը:
Մարդիկ թափվեցին դուրս:
... Արդեն բավականին ուշ, մարդիկ կենտ ու կաթուկ տալով ու խմբերով վերադարձան գյուղ:
- Հեռի լսողաց, բա որ անիծածը էդպես վառվելով մտներ կոլխոզի խոտանո՞ցը:
- Էլ ասո՞ւմ ես, Մուքանի տունը կոլխոզի խոտանոցի կողքին է, սխալվեր՝ մտներ խոտանոց: Էշ է, ի՞նչ է հասկանում: Ամբողջը կրակի կեր կդառնար:
- Միամիտ կացեք, Մուքանի էշը տիրոջից խելոք է:
Խումբը ծիծաղեց: Հետո նույն ձայնն ասաց.
- Հոգիս ի՞նչ ծռեմ, էս գործը Կոմունարից հեռու չի:
Հավանության ձայներ լսվեցին: Առաջին խոսողն ավելացրեց.
- Իմ կարծիքն էն է, որ Կոմունարի կապը պետք է քաշել: Գյուղի գլխին պատիժ է դարձել:
- Անտեր-անտիրական որբից ի՞նչ եք սպասում,- չգիտես՝ կարեկցելո՞վ, թե՞ դատապարտելով նկատեց մեկը:
- Ձմե՞ռս չէր, որ Մուքանի կորկոտը թոնրից հանեցին ու ...- խոսողը թունդ հայհոյեց,- էդքանը հերիք չէր, ղազանն էլ կախեցին Վանեսանց չինարու՝ ձորին կռացած ծիլպից: Մինչև օրս մեկը չկա, որ վեր ունի: Ուզում էին հրացանով ճյուղը կոտրել, բայց օգուտն ի՞նչ, ճյուղը կախված է Սրսռանի ձորի վրա: 
- Ասում են՝ էշը սատկել է,- խոսքը փոխեց մեկը:
- Տնաշենի տղա, չոր խոտով բարձած էշը, որ կրակ տաս, չի՞ սատկի:
Ու դատողություններ անելով, մարդիկ վերադարձան տները: Իսկ դասախոսությունը՝ կրոնի ու նրա վնասների մասին, մնաց հաջորդ օրվան:
Հաջորդ օրը Կոմունարը կոլխոզի հորթերը տարավ Չուխուր: Մուքանի սատկած էշը քարշ տվեց Չուխուրի վերին քոլուտը, հետո ահագին աղաջուր արեց ու դրեց լեշի կողքին: Թող անգղները լեշն ուտեն, աղաջուրը խմեն, այնքան ուտեն ու խմեն, որ թռչելը մոռանան, բավականությամբ մտածեց նա ու, սրինգը հանելով գոտկատեղից, ուրախ մի նվագ սկսեց:
Անասունը տուն բերելու ժամանակն էր: Հորթերը սովորականի պես տրտինգ տալով ու փոշի հանելով, վազում էին Տանձուն աղբյուրից ջուր խմելու: Այնտեղ գյուղացիներ էին, հարս ու աղջիկ, ջահել տղաներ: Սովորական իրիկնամուտ էր: Բայց հավաքվածները հանկարծ իրար անցան: Գիշանգղների մի ամբողջ ֆերմա առաջն արած՝ կոմունարը գալիս էր: Մարդիկ չգիտեին՝ վրդովվե՞ն, թե՞ ծիծաղեն:
- Սասնա Դավիթն եկավ,- ուրախ կանչեցին տղաները:
Իսկ Կոմունարը՝ շատ լուրջ, անգղներին քշում էր առաջ:
- Այ տղա, Կոմունար, էդ ղուզղունները ինչի՞ համար ես բերում:
- Մուքանի էշի քելեխի մսացուն է:
Հավաքվածները քահ-քահ ծիծաղեցին: Այ քեզ Կոմունար, այ քեզ Քոռ Մուքան: Ներկաներից մեկը դատարկ կուժն առավ ուսին ու աննկատ հեռացավ: Մուքանի աղջիկն էր: Կոմունարը նկատեց ու փոշմանեց արածի համար: Սիրտը տխրեց, շա՜տ տխրեց: Բայց ի՞նչ անել, արդեն ուշ էր: Հիմա իր խոսքն ամբողջ գյուղի բերանը կընկնի ու կսկսի ծամել:
Երեկոյան Մուքանը գնաց գյուղխորհուրդ:
- Էշս կրակ են տվել՝ հերիք չէ, էսօր էլ ուզում էին լեշակերներով լցնել տունս,- բողոքում էր:
Բայց ի՞նչ անի գյուղխորհուրդը: Կարող ես՝ ապացուցիր, թե կրակ տվողը կամ թոնրից կորկուտի ղազան գողանողը Կոմունարն է: Իսկ անգղների համար ճիշտ է, պետք է մտածել: Կզանգահարի միլիցիա, որ իմանա պատժի չափը:
- Չափն էն է, որ կապը քաշեք,- բորբոքվեց Մուքանը,- ճիշտ չեմ ասո՞ւմ,- դիմեց ներկաներին,- այ ժողովուրդ, ճիշտ չե՞մ ասում,- նրանց հավանությանն արժանանալու ցանկությամբ կրկնեց նա:
Մի քանիսը աթոռները ճռճռացնելով դուրս եկան: Ձայն չհանեցին, բարի գիշեր էլ չասացին: Մուքանն զգաց, որ իր խոսքը ոչ ոքի սրտով չէ: Ու փոշմանեց: Տեղից բարձրացավ, որ գնա:
- Սպասիր, մարդ եմ ուղարկել Կոմունարի հետևից,- ցանկացավ պահել գյուղխորհրդի նախագահը: Մուքանը չլսեց: Ճանապարհին հանդիպեց հարևան Կուքանին: Հավասարվելով նրան՝ հազաց: Կուքանը քթի տակ փնթփնթաց:
- Ի՞նչ ասացիր, լավ չլսեցի:
- Սովի տարին, հիշո՞ւմ ես, Սահակը մի հակ ալյուր տվեց քեզ:
- Հիշում եմ:
- Ասի՝ գուցե մոռացել ես, միտդ գցեմ:
Մուքանը լռեց, իսկ հարևան Կուքանը շարունակեց խոսքը.
- Սահակը մարդու հարային հասնող է եղել: Լեզուն չար էր, բայց սիրտը ջրի պես պարզ էր: Գուցե էն խոսքերը ասել է, մարդ է՝ կսխալվի: Բայց հարային հասնող էր: Լավ մարդ էր,- ասաց ու թեքեց ճանապարհը:
Որբ է: Հոր մահից մի քանի ամիս անց, մահացել է և մայրը: Կոլխոզի ցուլը առել էր պոզին ու գետնով տվել: Մնացել էր 15-16 տարեկան մի տղա: Հիմա ինքն է տան մեծն ու փոքրը: Անցած ձմեռ հարևանները հավաքվեցին Սահակի տունը, թե՝
- Կոմունար բալա, հորդ տունը պիտի շենացնես:
Կոմունարը ոչինչ չի ասել:
- Մեկի տեղն ասա, գնանք բերենք,- նորից են կրկնել:
Կոմունարն ասել էր՝ կմտածեմ: Անցել էր մի քանի ամիս, նորից էին հավաքվել, ու Կոմունարը նույնն է պատասխանել՝ կմտածեմ: Այդպես մի քանի անգամ: Հետո մարդիկ ձեռները թափ էին տվել՝ դրանից մարդ դուրս չի գա: Իսկ Կոմունարը շարունակել է օյիններ խաղալ Վանեսանց Քոռ Մուքանի գլխին: Գյուղում ասում են, թե Մուքանը Սերգու հետ հոր վրա «մատերիալ» է գրել:
Մուքանը գյուղի աչքի փսորն է: Թե առավոտ հանդիպեց քեզ՝ շառ է. կամ ճանապարհդ պիտի փոխես, կամ նրա բարի լույսին պատասխանելուց հետո պետք է մի տեղիցդ կսմթես:
Քոռ Մուքանը վատ մարդ է, բայց այդ Քոռ Մուքանը մի աղջիկ ունի՝ անունը Ծովիկ: Ծովիկը գեղեցիկ աղջիկ է, շատ լավ աղջիկ է, բոլորից լավն է: Եվ այդ աղջիկը սովորում է բժշկական ուսումնարանում: Մի տարի հետո բուժքույր է դառնալու: Կոմունարը թողեց դպրոցը: Իսկ Ծովիկը շարունակեց ուսումը: Հիմա Կոմունարն ի՞նչ անի. Ծովիկը Քոռ Մուքանի աղջիկն է ու սովորում է բժշկական ուսումնարանում, իսկ ինքը՝ մի որբ, համայնական հորթարած:
Կոմունարը գլուխն առել է ձեռքերի մեջ ու մտածում է: Ախր, Մուքանը վատ մարդ է, ամբողջ գյուղը գիտե: Վատը վատ, բայց Ծովիկը նրա աղջիկն է: Փող է հավաքել՝ Մուքանի սատկած էշի գինը, հետո Վանեսանց չինարուց իջեցրել կաթսան ու փողի հետ դրել սանդուղքներին: Գիշերով՝ որ մարդ չտեսնի: Մուքանն առավոտյան ցանկացել է իջնել բակ ու սանդուղքներին նկատել է կաթսան ու մեջը դրված փողը: Նայել է չորս կողմ, վերցրել երկուսն էլ ու շտապ մտել տուն: Հետո դուրս էր եկել պատշգամբ, նայել Վանեսանց չինարուն և համոզվել, որ իրենցն է: Իհարկե, Կոմունարը կլինի, մտքում չարախնդացել է նա, գյուղխորհուրդը վախեցրել է, թե չէ... Ու հայհոյելով նրան, իջել է բակ:
- Մուքան ապա, բարի լույս,- ասել էր Կոմունարը:
- Բարի լույս,- պատասխանել էր, չնկատելու տալով անառակի աչքերում պեծին տվող ծաղրը:
- Լավ օր է լինելու:
Մուքանը անհասկանալի փնթփնթացել էր քթի տակ ու մտել զուգարան: Եվ այնտեղ սպասել էր անքան, մինչև Կոմունարը մտնի տուն:
... Գլուխն առել էր ձեռքերի մեջ, մտածում է: Ծովիկի մասին, իր մասին, իր որբության մասին:


*  *  *

Հայացքը մոլորվել էր Ծովիկի շեկ խոպոպների մեջ: Իջել էր բակ, որ փայտ ջարդի ու մոռացել:
Ծովիկը լվանում էր պատշգամբը և մի երգ դնդնացնում: Նա կռացավ ջրով լի տաշտակը վերցնելու: Կոմունարը տեսավ սլացիկ ոտքերը ու հայացքը խոնարհեց. կարծես անպարկեշտ բան էր արել: Երբ նայեց վեր, Ծովիկը հանկարծ շուռ եկավ դեպի Կոմունարը և, տեսնելով իրեն հառած նրա հայացքը, շտապ մտավ տուն: Տղան երկար սպասեց, բայց Ծովիկն այլևս չերևաց: Կոմունարը կոտրված սրտով մտավ տուն, մոռանալով, թե ինչու է իջել բակ:
Կեսօրին անասունները Ուսուբանց ձորում են մակաղում: Վարար աղբյուրի պաղ ջրերը խմում են ու ձորի թանձր շուքերում հանգստանում: 
Քիչ վերև՝ ձորի բերանին, բարձրանում է Ուսուբանց վիթխարի ընկուզենին: Քաղաքից հանգստանալու եկածները այստեղ են հավաքվում: Ջահելները խաղեր են կազմակերպում, զվարճանում: Ընկուզենու ճյուղերից մեկը կարծես հենց նրա համար էր կախվել ձորին, որ այծի մազից գործած պարանը կապեն ու ճոճք անեն:
Հիմա էլ աղմուկ է, ուրախություն: Գյուղի ջահելներն անհոգ ուրախանում են: Կոմունարը՝ տխուր ու անտրամադիր, նստել է հեռու: Ընկերները մինչև մութն ընկնելը կխաղան, մտածում է, իսկ ինքը քիչ հետո հորթերը պիտի տանի հանդ: Ակամա հառաչանք դուրս պրծավ կրծքից: Նա հողին հակած գլուխը բարձրացրեց և տեսավ խմբին մոտեցող Ծովիկին: Սիրտը սկսեց խփել: Չգիտես ինչու, իրեն համեմատեց հավաքված ջահելների հետ՝ մի մասը քաղաքից եկած, լավ շորերով, մյուսները՝ գյուղի պարապ-սարապ թրևողները: Ծնողներն աշխատում են, սրանք ուտում, իսկ ինքը՝ որբ ու անտեր տղա: Գյուղն իր անունը մաստակի պես ծամում է: Ով մի վատ բան է անում՝ Կոմունարն է: Նա թշնամանք զգաց դեպի հավաքվածները:
Նկատելով Ծովիկին, այս ու այն կողմից ձայնեցին.
- Ծովիկ, արի, քո հերթն է:
 Չեմուչեմ անելուց հետո, նա նստեց ճոճքին: Նրանցից մեկը, բաց թողնելով ճոճքը, ճիպոտով թեթև խփեց մեջքին ու բարձր կանչեց.
- Ո՞ւմ ես սիրում, անունը տուր:
Կոմունարը լարվեց: Բարձրացավ տեղից ու տագնապով սպասեց: Բայց Ծովիկը չխոսեց: Խոսողը հարվածները ուժեղացրեց, ամեն անգամ կրկնելով.
- Անունը տո՛ւր, չասես՝ կդաղեմ մեջքդ:
- Լավ,- վերջապես անձնատուր եղավ Ծովիկը:
Կոմունարը մի քայլ մոտեցավ:
- Կաղ Մելիքին,- ասաց Ծովիկը:
Խմբովի հռհռացին, իսկ ճոճքն օրորողը չհանգստացավ:
- Անունը տո՛ւր: 
Կոմունարն ինչեր կտար, եթե Ծովիկն իր անունն ասեր: Բայց Մուքանն իրեն աղջիկ կտա՞ր, Ծովիկը կուզե՞ր իրեն: Ողջ գյուղի աչքն է, նրա հետևից հազար ջահել է ախ քաշում: Կոմունարը մտավ թփերի մեջ ու սրինգը դնելով շրթերին, նվագեց: Գիտեր, որ գյուղացիք սիրում են իր նվագը, ցանկացավ նրանց ուշադրությունը շեղել, որ Ծովիկը ոչ մեկի անունը չտա:
- Նվագդ անո՜ւշ,- կանչեցին այս ու այն կողմից:
Կոմունարը գաղտագողի նայեց ընկուզենու տակ հավաքվածներին, բոլորը նայում էին իր կողմը, բացի Ծովիկից...


*  *  *

Հորթերը տարել էր Շորի քոլուտը և ինքն իջել լոբին ջրելու: Երեկոյան իմացել էր, որ Ծովիկը պիտի գնա իրենց տնամերձը ջրելու, Կուքանի հետ հերթը փոխել էր:
Հուշիկ մտավ Ծովիկենց հոլիկը և այնտեղ թողնելով մորու փունջը, ջրի ուղղությամբ իջավ ցած:
- Բարև, Ծովիկ,- ասաց նա ու մի քանի քայլ հեռու կանգնեց:
Ծովիկը չպատասխանեց: Չլսե՞ց, թե՞ չի ուզում պատասխանել: Իհարկե, չի ուզում հետս խոսել, խուլ հո չի:
- Ջրելու շա՞տ կա,- ձայնը բարձրացրեց Կոմունարը:
- Խուլ չեմ, կամաց գոռա,- գլուխը չբարձրացնելով, պատասխանեց Ծովիկը:
Կոմունարն ավելի կոտրվեց:
- Բարևիս չպատասխանեցիր՝ դրա համար:
- Չեմ...- ու խոսքը կիսատ թողնելով, մտավ լոբու մարգը. ջուրը պատռել էր առուն: Ջուրը՝ վարար, հողը՝ ավազ, ինչքան աշխատում էր, որ հողով առաջն առնի, չէր ստացվում: Կոմունարը տեղում կանգնած ծիծաղում էր Ծովիկի վրա:
- Ի՞նչ ես քթիդ տակ խնդում,- ջղայնացած նետեց Ծովիկը:
- Խնդրես՝ կօգնեմ:
- Չէ մի:
Այնուամենայնիվ, Կոմունարը մոտեցավ, որ բահը վերցնի:
- Չեմ ուզում:
Կոմունարը չլսեց, բահը խլեց ձեռքից և մի մեծ ճիմ վերցնելով, դրեց ջրի առաջ:
- Գնացել ես քաղաք ու մոռացել ես ջրելը...
Կոմունարը ինքն իրեն չի հասկանում, սիրտն ուզում էր քաղցր խոսք ասել, լեզվից ուրիշ խոսքեր են թռչում: Չգիտի, թե ինչից սկսել: Ախր, դրա համար է իր հերթը Կուքանի հետ փոխել... Տևական լռությունից հետո, նա թոթվեց.
- Ծովիկ...
- Հը՞, խոսիր,- խորամանկ ժպտալով, ասաց Ծովիկը,- երբեմն սոխակ ես կտրում:
Կոմունարը խայթվեց և հուզմունքով ասաց.
- Իմ մասին էդպես վատ մի մտածի:
- Չեմ մտածում:
- Ի՞նչ չես մտածում:
- Քո մասին:
- Կարծում էի վատ բան ես մտածում,- կոտրված ասաց նա և ակամա խոստովանեց,- լավ է վատ մտածես, քան թե ոչինչ չմտածես:
Ասաց ու կարմրեց: Ծովիկը նայեց նրան ու ինքն էլ կարմրեց:
- Ծովիկ... ու չկարողացավ շարունակել: Այդ միջոցին նրան հասավ Ծովիկի հոր ձայնը.
- Էս ի՞նչ մորու փունջ է:
Ծովիկը հարցական նայեց Կոմունարին: Կոմունարը լուռ անցավ իրենց բոստանը:
Իմացա՞վ Ծովիկը, որ Կոմունարը սիրում է իրեն: Ծովիկը ի՞նչ կպատասխաներ Կոմունարի սիրուն՝ Կոմունարը չիմացավ: Պատերազմը եկավ ու չհասցրեց իմանալ: Գյուղն սկսեց կամաց-կամաց դատարկվել: Կոմունարն այլևս սրինգը հանդ չէր տանում:
Աշնան տխուր երեկո էր: Մարդիկ ահով մտել էին տուն ու դռներն ամուր փակել, որ դրսից ոչ մի լուր չգա. եկածը բոթ էր:
Աշուն էր, տխուր: Ամբողջ գիշեր մի սրինգ էր նվագում: Ամբողջ գիշեր մի սիրտ էր լալիս: Գյուղը լսում էր ու անձայն ախ քաշում: Նվագեց, երկար նվագեց: Նվագեց այնքան, որ սիրտը դատարկվի: Չասված խոսքերը տվեց մեղեդիներին։ Ինքը չկարողացավ, թող սրինգն ասի։ Հաջորդ օրը գյուղի հորթերը հանդ տանող չեղավ:
Անցան ամիսներ, բոլորեց տարին: Ու մի օր էլ գյուղը իրար անցավ.
- Բա չե՞ք լսել...
- Ո՞ւմ մտքով կանցներ:
Մարդիկ հավաքվեցին գյուղամեջ: Գյուղխորհրդի նախագահ Քոռ Մուքանը (նախկինը մեկնել էր ռազմաճակատ) բաց հայտարարեց «հասարակական ժողովը» և խոսքը տվեց ընկեր Ահարոնին: Դպրոցի պատմության դասատու ընկեր Ահարոնը առաջ եկավ ու, ծոցից հանելով թերթը, հուզված սկսեց կարդալ:
- Հայ ժողովրդի հերոս զավակը ենթարկվեց բազում տանջանքների, գազանաբար խոշտանգեցին նրան, բայց նրանից չկարողացան ոչ մի խոսք կորզել: Այսպես զոհվեց սովետական քաջարի զինվորը՝ հայրենիքի անվեհեր որդին:
Կանայք ազատություն տվին արցունքներին, տղամարդկանց աչքրը ջրակալվեցին, նույնիսկ ընկեր Ահարոնը չկարողացավ արտասուքները զսպել:
Երեկոյան հարևանները հավաքվեցին Սահակի անտեր մնացած տան մոտ: Պետք էր դուռը բանալ, տիրություն անել: Բայց չգիտեին ինչպես անել՝ բանալի չկար, կողպեքն էլ չէին ուզում կոտրել: Այս երկմտանքի մեջ էին, երբ նրանց մոտեցավ Ծովիկը՝ կարմրած աչքերով ու տխուր: Նա բարձրացավ սանդուղքով, վերջին աստիճանին հասնելով՝ կռացավ և նրա տակից հանեց արդեն ժանգոտված բանալին: Քոռ Մուքանը շտապ հասավ նրան, բանալին խլեց ու մռլտաց:
- Կորիր գնա, անհամանչ:
Հետո բացեց դուռը ու բոլորը մտան ներս: Սեղանին, թախտին ու թախտի վրա դրված սնդուկին հաստ փոշի էր նստել: Կուքանը թևով սրբեց սնդուկը ու բարձրացրեց կափարիչը: Այնտեղ նորահարսի շորեր էին ու շորերի վրա՝ Կոմունարի սրինգը և մի փոքրիկ լուսանկար: Ծովիկի լուսանկարը...




ՆՇԱՆԻ ՄԱՏԱՆԻՆ

- Լսեցի՞ր, գործից՝ ուղիղ ավտոկայան:
- Լավ, մամ,- ու փողկապը ուղղում է հայելու մեջ: Այնտեղ տեսնելով մոր ճառագայթող դեմքը, զարմացած շուռ է գալիս: - Մամ, կարծես տասը տարով ջահելացել ես:
Մայրը չլսելուն է տալիս որդու խոսքերը, թեև գոհ է նրա նկատողությունից:
- Այնպես արա չուշանանք:
- Հանգիստ մնա,- ցանկանում է երիզավոր գլխարկը դնել, հետո մտադրությունը փոխում է՝ միտք չունի:
- Այսօր մեր ընտանիքի համար հատուկ օր է:
- Ըհը,- ու բավականությամբ սանրում է գեղեցիկ գանգուրները:
- Հարսին գիտեմ, մինչև իրեն հավաքի, ժամեր կանցնեն: Նախագահին ասել եմ, մեքենան տալիս է: Հա, մոռացել էի, հարսին կասես, որ երեխաներին նոր շորեր հագցնի, թող Ռուբենն էլ նոր կոստյումը հագնի, թե չէ գիտեմ նրան՝ փնթի բան է: Դու էլ շլյապադ դիր, թող հայրդ տեսնի, թե ինչ տղա եմ մեծացրել:
- Այ մեր, հո ցուցահանդեսի չենք գնում,- բարեհոգի ժպտում է:
- Ոչ մի խոսք,- ցանկանում է բարկանալ, բայց աչքերը ժպտում են:
- Լավ,- ու վերցնում է երիզավոր գլխարկը:
Արսենին աշխատանքի ճանապարհելուց հետո Աշխենը սկսեց տունը հավաքել տանտիրուհու ընդգծված մանրախնդրությամբ: Ամեն անգամ, հանդերձապահարանի մոտով անցնելիս, նա գաղտագողի հայացք է գցում հայելու մեջ և ամեն անգամ մի մութ ստվեր է սահում դեմքով: Արդեն քառասունչորս տարեկան եմ, անցավ նրա մտքով, գնաց ջահելությունս: Է՛հ, ջահելություն չտեսած՝ ծերացա: Հարևան Զաբելը հինգ տարով մեծ է, բայց ինձ մորաքույր է ասում: Եվ սազում է, քմծիծաղեց դառնությամբ: Աշխենը կանգնեց հայելու առաջ և խորը զննեց իրեն նայող աչքերին. այնտեղ ծվարել է ցուրտ, վարսաթափ աշունը, այնտեղ չվառված կրակների մոխիրներ են մնացել: Կյանքը ծխացել է ու չի վառվել. հե՞շտ է տասնվեց տարի այրու անեծքը կրել: Ունքամիջից իջնող կնճիռը մթնեց, որի ծալքերում մնացել են տասնվեց տարիների կարոտի, անհույս սպասումների նստվածքները:
Ծերացե՜լ է...
Տան գործերը վերջանալուց հետո, Աշխենը գնաց գյուղական խանութ՝ վերջին գնումներն անելու: Նուռ բերեց. խորովածի վրա լավ է: Տեսնե՞ս Վաչեն ինչքան ժամանակ է, որ խորոված չի կերել: Այնտեղ ի՞նչ խորոված...
Ամեն ինչ պատրաստ է արդեն, բայց մինչև Վաչեի գալը երեք ժամ կա: Այսօր ժամացույցը սովորական թիկ-թակի փոխարեն ծոր է տալիս՝ թիի՜կ-թաա՜կ, թիի՜կ-թաա՜կ: Ժամանակը ծուլորեն մեկնվեց՝ հանգստանում է: Անբա՜ն...
Մի բանով զբաղվելու համար Աշխենը բացեց հոր տնից բերած սնդուկը, որտեղ պահում է նշանի մատանին, ամուսնության օրը Վաչեի նվիրած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» և ռազմաճակատից ուղարկած նամակները: Արդեն քանի տարի է, որ կողպեքի տակ է դրել անցած օրերի հիշատակը, իր Վաչեի հիշատակը: Այդ հիշատակն է եղել նրա նեցուկը: Եվ անցյալը կենդանացավ Աշխենի աչքերի առաջ:
... Շրջանում ո՞վ չէր ճանաչում կոմսոմոլ Վաչեին: Հենց որ գյուղ իջնող ճանապարհին քուլա-քուլա փոշի էր ելնում, մարդիկ իրար էին խառնվում՝ կոմսոմոլ Վաչեն գալիս է: Կգար, բջիջ կհրավիրեր, կտապալեր բուրժույների համաշխարհային տիրապետությունը, ամբողջ հողագնդում հեղափոխություն կբարձրացներ ու գյուղի կոմսոմոլների դասակարգային զգոնությունը սրելուց հետո, ձին կթռցներ հաջորդ գյուղը:
Լեռնաղբյուրը պապոնց գյո՞ւղն էր, թե՞... մի խոսքով նա շաբաթվա տակին ու գլխին գալիս էր Լեռնաղբյուր: Տատը թոնթորում էր.
- Ամանաթ ես, այան մատաղ, մուղայիթ կաց, վատ ժամանակներ են, մարդու արյունը աբասու գին չունի: 
- Այա, մի վախենա, դասակարգային թշնամու ձեռքերը կարճացել են, շուտով նրանց երկրի երեսից կջնջենք:
- Դրա դասակարգի քոքը կտրի, հա՜, որ գիշերը երազում էլ եմ կռիվս տալիս:
Թոռը բարեհոգի ժպտում է տատի միամտության վրա ու նստում ճակատը նաղաշ ձին: Իսկ տատը, թոռանը պահելու համար, նոր պատճառ էր հնարում:
- Քեզ մեղք չես գալիս, գոնյա էդ անլեզու անասունին մեղք եկ, ականջատակերից քրտինքը չի չորանում:
Բայց իզուր, կողքը հաստ թոռը իրենն էր անում, հարևան Ավետանց Սահակի տան մոտով անցնելիս խթանում էր ձին՝ իր հետ տանելով տան պատշգամբում կանգնած Աշխենի հայացքը:
Կոլխոզաշարժումը տարածվեց շրջանով մեկ ու արմատներ ձգեց: Կուլակության դեմ պայքարն ավելի թեժացավ: Կոմսոմոլ Վաչեն հանգիստ չուներ: Մի օր էլ լուր է հասնում նրան, որ Լեռնաղբյուրում կուլակներն իրենց կողմն են քաշել գյուղացիներին ու կոլխոզը բոյկոտ են անում: Ծանոթ մարդու միջոցով իմաց է տալիս.
- Երեկոյան այդտեղ եմ, բջիջ հրավիրեք:
Դա 1930 թվականի ապրիլի 17-ին էր: Աշխենը լավ է հիշում այդ օրը: 
Երեկոյան աղջամուղջին մի քանի կոմսոմոլ տղաներ կանգնել էին Վանեսանց կտուրին ու, աչքերը թողած, սպասում էին, թե երբ է Բադունց բաղի մոտ ճակատը նաղաշ ձին փոշի հանելու: Օրը մթնում է, բայց ընկեր Վաչեն չի գալիս:
Աշխատանքից հոգնած գյուղը քնել էր ծանր, չէր քնել միայն Վաչեի տատը, որ անհանգիստ էր ու մուտ էր անում: Քուն չէր գալիս նաև Աշխենի աչքերին: Գիշերվա կեսին մեկ էլ տարածվում է չովուշ Թեմուրի ձայնը.
- Ա ժողովուրդ, ով ուզումա, թող լսի, դասակարգային թշնամի ենք բռնել:
Գյուղացիք գլխաբաց, չկոճկած շալվարներով ու տրխետանները ետևից քաշ տալով թափվում են շենամեջ: Չլսելով հորը, այնտեղ է շտապում նաև Աշխենը: Գնում և ի՜նչ է տեսնում. կոլխոզի գրասենյակի առաջ ասեղ գցելու տեղ չկար: Վաչեն մեջտեղը կանգնած գյուղացիներին կոչ էր անում ուժեղացնել պայքարը դասակարգային թշնամի Աղունց Շահնազարի կլիկի դեմ, որը ցանկանում է տապալել համաշխարհային հեղափոխությունը: Այստեղ Աշխենը իմանում է եղելությունը...
Աղունց Շահնազարի տղա Թարխանը լսում է, որ կոմսոմոլ Վաչեն երեկոյան պիտի գար գյուղ: Հենց որ մթնում է, նա Չոփուռ Սանթուրի երկտրաքանի հրացանը ձեռքին թաքնվում է Ճապկի խաչի ճամփեքում: Երբ Վաչեն խաղի ծառից ծռվում է դեպի Հայրունց կապը, երկտրաքանին որոտում է: Դավադիրը հրացանը թաքցնում է շամբուտում ու բռնում Ծառեխի ճամփան:
Գնդակը Վաչեին չի հասնում, բայց ձին քրտնում է ու ձիավորի հետ գլորվում ձորը: Միայն Վաչեի երեսն է քերծվում ու մեկ էլ ձախ ձեռքը արմուկից դուրս գալիս: Ձին թողնում է ձորում ու կռահելով, թե կրակողը որտեղով պիտի մտնի գյուղ, շտապում է Ծառեխից Տանձուտ իջնող ճանապարհը բռնելու: Թաքնվում է ճամփեզրի տկողնուտում ու սպասում: Քիչ հետո երևում են երկու իշավորներ, որոնք զրուցելով գալիս են դեպի իրեն: Ձայնից ճանաչում է՝ Թարխանն էր ու մեկ էլ Չոփուր Սանթուրը: Իր մասին էին խոսում:
- Դե, փոփ ուտող կոմսոմոլը թող հոր հետևից խաբար տանի, ես նրա... - Թարխանը թունդ հայհոյում է ու ցաքատի կոթը իջեցնում էշի գավակին,- չու, հա՜:
- Բա հրացա՞նը,- անհանգստանում է Սանթուրը:
- Ճապկի խաչի շամբերում թաքցրել եմ:
Վաչեն առաջ-կտրուկ գալիս է գյուղ ու մի քանի կամավոր տղաների հետ բռնում դավադիրներին:
Հաջորդ օրը բջիջ են հրավիրում և հինգ հոգու ընդունում կոմսոմոլի մեջ: Ընդունվողներից մեկը Աշխենն էր: Վաչեի առաջարկով նրանց պլան են տալիս. ամեն մեկը պարտավոր էր երեք միջակի կոլխոզ բերել: Մի շաբաթ անց հանրապետական թերթում մի մեծ նյութ է տպագրվում, մեջտեղը Վաչեի նկարը: Թերթի այդ համարը Աշխենը պահում է Վաչեի նվիրած գրքի մեջ:
... Արդեն ուշ երեկո էր, երբ Աշխենին ներս հրավիրեցին: Վաչեի առաջարկով կոմերիտշրջկոմի բյուրոն նրան կոմսոմոլի մեջ ընդունեց առանց հարցերի: Բյուրոյից հետո երկուսով դուրս եկան: Ճանապարհին Աշխենը վարանեց. շրջկենտրոնում ոչ ոք չունի՝ որտե՞ղ պիտի գիշերի:
- Գիշերը մեր տանը կմնաս, իսկ վաղը միասին կգնանք Լեռնաղբյուր:
Աշխենը չեմ ու չում արեց, թե՝ անհարմար է, ինչ կասեն գյուղում, ու վերջը համաձայնեց: Հաջորդ օրը գնացին գյուղ: Ամբողջ ճանապարհին Վաչեն ոգևորված պատմում էր:
- Կոմունիստն այդպիսին պիտի լինի,- ու Վաչեն երազուն նայում է հորիզոնը փակող կատարներին: Նրա աչքի առաջ ամբողջ հասակով կանգնում է մեծ Առաջնորդը ու, նա ոգևորված շարունակում է պատմությունը: Հետո լռեցին երկուսն էլ: Հայրունց կապով իջնելիս Աշխենը իր ձեռքին զգաց Վաչեի դողացող ձեռքը: Մինչև հիմա զգում է այդ դողը:
- Աշխեն,- ասաց Վաչեն ու լռեց:
- Հետո, Վաչե, հետո,- շշնջաց ինքը՝ չիմանալով, թե ինչու հետը և ինչու հետո:
Աշնանը տատանվող միջակ Սահակը՝ Աշխենի հայրը, մտավ կոլխոզ: Երկուսի ծնողները աշնանն էլ որոշեցին հարսանիք անել: Այդ մասին իմանալով, Վաչեն կանգնեց ձախ ոտի վրա.
- Հարսանիքը կապիտալիզմի մնացուկ է:
Ոչ մոր, ոչ Աշխենի ծնողների հորդորանքները չօգնեցին: Ամուսնացան առանց հարսանիքի: Ամուսնության առաջին օրը Վաչեն նվիրեց «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», իսկ մայրը, որդուց թաքուն՝ իր նշանի մատանին:
Ամուսնությունից հետո Աշխենի կյանքը լցվեց Վաչեի առօրյայով: Ինքը՝ մեղմ ու խաղաղ, Վաչեն՝ բուռն ու խանդավառ: Լրացնում էին իրար: Օրերն անցնում էին, օրերի հետ՝ տարիներ: Աշխենն արդեն երկու երեխայի մայր էր և հազիվ էր հասցնում խնամել երեխաներին ու մահճին գամված հիվանդ սկեսրոջը: Այդ տարիներին Վաչեին առաջ քաշեցին, ընտրեցին կուսակցության շրջկոմի երրորդ քարտուղար, բայց շարունակեց մնալ կոմսոմոլ Վաչե:
Տարիներն այսպես արագ սահում էին, երբ պայթեց պատերազմը: 1941 թվականի հունիսի 23-ին էր: Սրբելով կնոջ տաք արցունքները, Վաչեն կատակներ էր անում: Կարծես հարսանիք էր գնում:
- Մի ամսից հետո այստեղ եմ, Հիտլերին ջարդելը ոնց որ Ավետանց Սավադի համար մի աման բրդուճ ուտելը:
Անցան ամիսներ, բոլորեց տարին, բայց Վաչեն չվերադարձավ: Վերջին նամակը գրել էր Մոզդոկից: Նամակի մեջ բանակային թերթից պոկած մի նկար կար. դիվիզիայի հրամանատարը «Կարմիր աստղ» շքանշան էր հանձնում գնդի քաղղեկ Վաչե Մեհրաբյանին: Վերջին նամակից անցավ մի ամիս։ Եվ մի օր Աշխենին կանչեցին զինկոմիսարիատ: Կոմիսարիատի պետը հանձնեց Վաչեի «սև գիրը» ու մի քանի մխիթարական խոսքեր ասաց:
Աշխենը վերհիշեց պատերազմի տարիների ծանր օրերը: Ակամա շոշափեց մատանին: Միայն դա էր մնացել իրենց հին տնից: Քանի անգամ է ցանկացել ծախել, որ երեխաները քաղցած չմնան, բայց ամեն անգամ էլ ձեռքը չի գնացել: Ծախել է հոր տնից բերած կարպետը, ծախել է պատի գորգը, մոր նվիրած ականջօղերը: Բոլորը ծախել է, դարձրել մի քանի փութ ալյուր: Ինչ-որ սնահավատություն պատել էր նրան՝ եթե մատանին ծախեմ, Վաչեն չի վերադառնա: «Սև գրի» մեջ գրված «անհետ կորած» խոսքերը դարձել էին հույսի ու հավատի նեցուկներ:
Վաչեն ռազմաճակատ մեկնելուց հետո ընտանիքով տեղափոխվեցին Լեռնաղբյուր: Դժվար էր քաղաքում՝ մի կիլոգրամ ալյուրը հարյուր ռուբլի: Կոլխոզում աշխօր կար և աշխօրին հացահատիկ էր հասնում: Մարդկանց ուզածն էլ շատ չէր. մի աման շորվա ջուր՝ թեկուզ անխեն ու կտոր հաց՝ թեկուզ գարի:
Աշխենը գյուղում շատ բան սովորեց: Սովորեց կեմ կապելն ու հաշան շուռ տալը, մենակ էշ բեռնել սովորեց ու խմորի մեջ դդում ու տիզաչափ կարտոֆիլ խառնեց և հացի հաշիվը շատացրեց: Ձեռքերը կոշտացան, դեմքը արևահարվեց: Միայն ինքը չէր ու ծանրությունը թեթև էր թվում: Ցավը՝ հոգսին, հոգսը՝ ցավին, իրար հենակ դարձան:
Եվ էլի դժվար էր: Եվ էլի անհնարին էր ապրելը: Երկու երեխա, հիվանդ սկեսուր՝ չորս ուտող բերան ու երկու աշխատող ձեռք: Ծայրը ծայրին հազիվ էր հասցնում: Տունն էր ու չորս պատերը, բոլորը ծախել էր: Բայց պատերազմի երրորդ տարին ուրիշ էր. երաշտը կերել էր արտը: Աշխօրին հույս չկար: Եվ Աշխենը, երեխաները վերցրած, հասկ էր հավաքում: Ամբողջ օրը մեջքից կռացած հավաքում էր, որ մի քանի փութ հաց դառնա, որ գիշերը երեխաները երազում քիչ հաց տեսնեն: Արևը կրակ էր թափում ու ճապաղած երեխաները ծղոտով էին ընկնում ու կծղած հասկի պես թափվում գետնին: Տեսնում էր Աշխենը ու մտքում տատանվում՝ ճի՞շտ վարվեց, որ հարևան Գուրգենի տված երկու հակ ցորենը ետ տվեց: Ախր, այդքանով կարող էին երկու ամիս ապրել:
Գուրգենը մի տարի առաջ վերադարձել էր ռազմաճակատից՝ այնտեղ թողնելով մի թևը: Եկել էր տուն ու դուռը մեխած տեսել: Երեխան մահացել էր, իսկ կինն ամուսնացել էր ուրիշի հետ: Ծանր էր գյուղում մնալ, և նա գնաց ոչխարի ֆերման, որ հեռու լինի գյուղից: Նա այլևս իր տան դուռը չբացեց:
Աշխենը խղճում էր նրան, բայց ամուսնանալ նրա հետ՝ չէր կարող: Ախր, ո՞վ կարող էր փոխարինել Վաչեին:
«Երեխաներին լավ կպահես, իսկ մնացածը դու գիտես»,- վերջին նամակում գրել էր ամուսինը: Ոչ, Աշխենը երկրորդ անգամ չի ամուսնանա, նա կսպասի իր կոմսոմոլ Վաչեի վերադարձին: Եվ նա սպասեց ու սպասումների մեջ սպառեց իր ջահելությունը:
Մեծացան տղաները: Վերջացավ պատերազմը:
Անցան տարիներ: Որդիները՝ Ռուբենն ու Արսենն ամուսնացան: Ժամանակը սպիացրեց վերքերը, բայց ինչ-որ կրակ շարունակում էր մխալ կրծքի տակ: Եվ ահա եկավ երջանիկ լուրը՝ վերադառնում է ամուսինը, իր կոմսոմոլ Վաչեն: Տարիների ընթացքում մոռացված մի զգացմունք հետզհետե ծավալվեց, մեծացավ ու ցանկանում է դուրս ժայթքել կրծքի տակից:
Ժամացույցը զարկեց: Աշխենը շտապ վերցրեց նշանի մատանին, հագավ Արսենի նվիրած նոր շրջազգեստը, մեքենան եկել էր, նստեցին և դուրս եկան գյուղից: Երբ հասավ տեղ, ուղևորները արդեն իջել էին ավտոբուսից: Հեռվից նկատեց Արսենի ու Ռուբենի կողքին կանգնած մի տղամարդու: Նա է, անցավ մտքով, ու քայլերը արագացրեց: Ցանկանում էր վազել, բայց ոտքերը ծնկներից ծալվում էին: Մի քանի քայլ՝ և ահա կհասնի: Բարձրացրեց գլուխն ու մի սև միտք մեխեց նրան տեղում: Վաչեի կողքին մի կին ու փոքրիկ աղջիկ շվար կանգնել էին: Մի՞թե, մի՞թե ... Ցանկանում էր առաջ շարժվել, բայց ոտքերը չէին երթարկվում: Վաչեն ինքը մոտեցավ: Լուռ ու խոնարհ նայեց Աշխենին:
- Վաչե,- կամաց շշնջաց կինը:
Նրա ձայնի մեջ աղաչանք կար, գունատ մի հույս։ Թող Վաչեն հերքի, թող ասի, որ այն շվար կանգնած կինը, այն անմեղ փոքրիկ աղջիկը անծանոթ են, որ ավտոբուսում է հանդիպել նրանց:
- Այո, Աշխեն, իմ աղջիկն է... Ներիր, կյանքն այսպես դասավորվեց:
- Նա...
- Նա էլ էր Օսվենցիմում...
Գլուխը նորից պտտվեց: Ձեռքը տարավ դեպի գլուխը ու նկատեց նշանի մատանին: Իսկույն ձեռքը տարավ ետև ու մատանին աննկատելի հանեց:
Աշխենն այլևս չհագավ իր նշանի մատանին...




ԲԵԿՎԱԾ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Հարսանիքը վաղուց ավարտվել էր, և գյուղը քնել էր ծանր քնով: Քուն չէր գալիս միայն Հեղուշի աչքերին: Աննպատակ ներս ու դուրս էր անում՝ տեղ չգտնելով իր համար: Վերջապես իջավ բակ և նստելով ձորի պռնկի ղում քարին, ընկավ մտածմունքի մեջ: Նա չնկատեց, թե ինչպես Գարեգինը մոտեցավ իրեն և քնքշանքով գրկեց ուսերը:
- Չե՞ս քնում:
Մայրը չարձագանքեց և երկուսով լռեցին: Մայրը՝ ավերված կյանքի վերհուշների հետ, որդին՝ անհաղորդ մոր հոգու ալեկոծումներին: Իսկ բնությունը՝ անտարբեր մարդկային ճակատագրերին, քնել էր խաղաղ ու անվրդով: Միայն գետն էր ձորում աղմկում և մեկ էլ գիշերվա թեթևսոլիկ քամին էր փսփսում մութ սաղարթների մեջ: Լուսնի աղոտ լույսը չէր կարողանում թափանցել ձորի խորքերը, որտեղ Հեղուշը տխուր հուշեր ունի պահած:
- Մայր, չես ուզո՞ւմ գալ քաղաք, մեզ հետ ապրել: Երեկ ասացիր, որ կգաս, բայց չես գալու, ես այդ գիտեմ:
Մայրը որդու ձեռքն առավ տրորված ափի մեջ ու հառաչեց.
- Որբին ո՞նց մենակ թողնեմ:
- Սոնային բոլորից շատ ես սիրում,- անքեն նկատեց Գարեգինը: 
- Մի՛ ասա, դու էլ երեխաներ ունես: Իսկ Սոնան որբ է: Սոնան որբ է, մտքում կրկնեց Գարեգինը, նրա հայրը կենդանի է, իսկ ես իմ հորը չեմ էլ հիշում: Մայր, մայր, ինչո՞ւ որդիդ չի կարողանում քեզ հասկանալ:
- Ես գնամ, մայր, իսկ դու մնա: Դու ուզում ես մենակ մնալ,- տևական լռությունից հետո տեղից բարձրացավ Գարեգինը՝ փշրված սրտով:
- Քնիր, որդի, շուտով լույսը կբացվի:
- Բարի գիշեր:
- Գիշերը բարի:
Հեղուշը թեթևացած շունչ քաշեց. վերջապես Գարեգինը ներում է իրեն, ներում է: Բայց դարձյալ հոգու խռովքը չանցավ: Ինչո՞ւ: Եվ առաջին անգամ պարզ զգաց, որ միայնակ է մնացել այս աշխարհում: Գարեգի՞նը, Սոնա՞ն: Ո՛չ, նրանք չեն կարող լցնել իր հոգու դատարկությունը: Նրանք իր արյունն են, բայց այլևս իրենը չեն: Հեռացել են, շատ են հեռացել ու չեն կարող հասկանալ իրեն: Ահավոր մի սարսուռ պատեց մարմնին՝ ինչ գին ունի ապրելս: Հեղուշը նկատեց հացենու տակ ընկած հավերի ջրամանը՝ կոտրված կուլայի մասը: Հիմա ես այդ կոտրված կուլան եմ, մտածեց նա ու բերանի մեջ դառնություն զգաց: Որբ ձեռքերն առավ կրծքին և անարտասուք լաց եղավ:
Աստղալույսը ցոլցլաց երկնքում և ցոլքերը նետեց ձորի խորքերը: Մութը մեղմացավ և գծագրվեցին առարկանների գորշ ուրվագծերը: Հեղուշի հայացքը խարխափեց ձորի հատակում և կանգ առավ Վանունց ընկուզենու վրա: Հուշերի կծիկը ձեռքից վայր ընկավ և գլորվելով գնաց…
… Ջահել էր, շատ էր ջահել, ընդամենը 21 տարեկան, երբ Աշոտը մեկնեց ռազմաճակատ: 
Հեղուշը լուռ տարավ ցավը՝ բոլորն էին տանում, բոլորի ծոցն էր դատարկվում: Ու չտրտնջաց նաև ծանր տարիներին՝ ո՞ւմ համար չէր դժվար: Ատամները հուպ տված պահում էր որբին: Ջահել էր, դիմացավ: Բայց նաև ջահել էր...
Աշոտը գնաց ու ոչ մի լուր չուղարկեց: Գոնե մի նամակի կտոր լիներ, որ մասունք դարձներ ու պահեր: Լիներ, որ դժվարին ժամին օգներ իրեն: Նամարդ էր, լուր չուղարկեց:
Տարիները գլորվեցին ծանր ու դանդաղ: Մարդկանց սրտերից լացի առվակներ ելան: Հետո աչքալուսանքի փոքրիկ փշրանքները մարդիկ սպեղանի դարձրին ու դրին իրենց մեծ վերքերի վրա: Չէ՛, Հեղուշը չնախանձեց, թե նախանձեր էլ Աշոտը հո չէ՞ր գալու: Ու հաշտվեց իր ճակատագրի հետ: Ծանր շիրմաքար դրեց իր սրտին ու հաշտվեց:
Հետո պատահեց այն, որին չէր սպասում ու չէր նախապատրաստել իրեն: Բանակից վերադարձավ իրենց հարևան Մուշեղը, որի ծեր ծնողները մահացել էին: Հարևան էր, օգնում էր ինչով կարող էր: Երբեմն հարևանին բաժին կերակուր էր տանում: Մի տեսակ հաճույք էր Հեղուշի համար տղամարդու շոր լվանալը: Վաղուց կարոտել էր դրան: Մուշեղն էլ Հեղուշի էշը իր հետ հանդ էր տանում ու երեկոները մի բեռ փայտ կամ խոտ բերում: Ախր տղամարդ է, հանդից ուշ էր գալիս, հոգնած, օջախի կրակը հանգած, ո՞նց չհրավիրես ընթրիքի:
Հետո՞… Հետո ինքն էլ չիմացավ, թե ինչպես եղավ այդ բոլորը:
Աղջամուղջը նոսրացավ: Առավոտանում էր: Ձորի մեջ պարզորոշ նկատեց իրենց տնամերձը: Ամեն ինչ այնտեղից սկսվեց: Հուշերը նրան նորից տարան դեպի անցած-գնացած օրերը: 
… Իրիկնադեմին իջավ ձորը, որ լոբուտը ջրի: Հիշում է այսօրվա պես. մայիսի վերջերին էր: Ջուրը կապեց լոբու արխին ու նստեց: Չիմացավ, թե նինջը ինչպես կոխեց: Ամբողջ օրը քաղհան էր արել, հոգնել էր: Հետո երազում, թե արթմնի զգաց դեմքին մի տաք շունչ ու տղամարդու մարմնի ծանր քրտնահոտը՝ գրգռող, դուրեկան, վաղուց մոռացված: Նրան թվաց Աշոտն է, բայց… Մուշեղի կերպարանքով: Ինչո՞ւ Մուշեղի, ախր ինչո՞ւ Մուշեղի… Ցանկանում էր հարցին պատասխան գտնել, երբ իրեն անսպասելի զգաց Մուշեղի ուժեղ բազուկների մեջ… Մազակալած դեմքը կոշտ շփեց իր երեսը, ու տաք համբույրը վառեց շրթունքները: Ոնց որ եղինջով խփես:
Ձորում օրը շուտ է մթնում: Ձորում արդեն գիշեր էր: Ձորում խենթ մի քամի փռփռացրեց զգեստի փեշերը: Գարուն էր, մայիս և ինքը 25 տարեկան: 
- Մուշեղ, պետք չէ, Մուշեղ…
Թույլ տնքաց Հեղուշը: Իրիկնային հովը խլեց այն և տարավ խառնեց ջրերին, Օսեփանց կապով բարձրացրեց վեր ու հասցրեց գյուղ: Այնտեղ թույլ տնքոցը պայթեց ռումբի պես: 
«Ի՞նչ պիտի ասեն գյուղում»,- և տաք-տաք արտասուքները հոսեցին Հեղուշի աչքերից:
Մուշեղը կրկին ցանկացավ գրկել ուսերը, բայց Հեղուշը հեռու վանեց նրան:
- Դու նշանած ունես, ինչ արիր:
Մուշեղը ծխախոտը վառեց: Երկար ժամանակ չէր խոսում: Հետո խուլ տնքաց.
- Ամեն օր մեկն ու մեկը հիշեցնում է, որ Հերսիկը… Ի՞նչ է, չէ՞ր կարող սպասել: Կարծում էր, պատերազմից վերադարձող չի՞ լինի: Չէ՞ր կարող սպասել, ասա, չէր կարող:
Հեղուշը չպատասխանեց և երկուսով լռեցին: Ձորի վրա կախված լուսինը մեղմ կաթնալույս էր մաղում ու փարատում ակնակուր մութը: Կիրճի մեջ խեղդված վտակը խուլ վշշում էր խլաձայն: Գիշերվա հովը խլում էր նրանց խոսքերը ու բերում հասցնում գյուղ:
Լոբուտը պետք է օր ու մեջ ջրել, և Հեղուշը երեկոներն իջնում էր ձորը: Աշխատանքից հետո Մուշեղը շեղում է ճանապարհը ու գալիս այստեղ: Գիշերվա հովը խլում էր նրանց խոսքերը ու բերում, հասցնում էր գյուղ: Աշխարհում ոչինչ ծածուկ չի մնում: Գյուղում սկսեցին խոսել՝ նախ փսփսոցով, հետո պայթեց լռությունը՝ Հեղուշը երեխայով է:
Մուշեղը ազապ տղա է: Մուշեղը նշանած ունի՝ ընկեր Հերսիկը: Չասացին, որ նա Հերսիկի հասակակիցն է, չասացին նաև, որ նա էլ կին է, ջահել: Չէ՛, գյուղի համար նա կին չէր: Նա միայն որբևայրի էր, որ պետք է մեծացնի իր երեխային: Հետո մոռացան, որ Մուշեղը Աշոտի ընկերն է, որ Աշոտը մնաց այնտեղ, իսկ Մուշեղը եկել, հիմա գյուղում է:
Կանայք սկսեցին խուսափել Հեղուշից: Կեսօրահացին ամեն մեկը մի պատճառ է բռնում ու հեռանում նրանից:
Կանայք՝ կանայք, մի նյութ պետք է լինի, որ լեզուները չարչարեն: Անտանելի էին տղամարդկանց հայացքները: Նրանք կարծես ցանկանում էին հայացքներով շորերը վրայից հանել: Հեղուշ, ա՜խ, Հեղուշ: Պետք է մի բան մտածել, մի բան անել: Եվ նա չգիտեր, թե ինչ անի: Սպասում էր, ինքն էլ չիմանալով, թե ինչի:


*  *  *

Վերջացել էր արևի մայրամուտը, բայց մութը դեռ վրա չէր հասել: Շենամիջի աղբյուրը ջրի եկած կանայք, սպասելով հերթին, բամբասում էին Հեղուշին:
- Հերսիկ չեմ ասել, որ Հեղուշի մազերը սաք չտա առաջին: 
- Էսօր քաղհանին եմ նկատել, փոս տեղերը էնպե՜ս են լցվել, ասես ծաղկած շլորի լինի:
- Դուք նրա երեսն ասեք, ուռած փորը շալակն առած, գյուղում էնպես է ման գալիս, ասես յոթը խաչ ու ավետարանով պսակ են արել:
- Աղջի, հերիք լեզուներդ չարչարեք, ամեն մեկդ ձեր մարդին պինդ խտտել եք, կարծես ուրիշները քարից են,- կուժն առնելով ուսին, նկատեց Օսաննան:
- Թող մեկը մարդիս ուրիշ աչքով նայի՜,- ձեռքը դնելով փափուկ կոնքին, հարձակվեց Սիրուշը:
- Բա որ Անուշկան էլ քեզ նման ասե՞ր…,- ետ շրջվելով, նորից խայթեց Օսաննան:
Հավաքվածներից մի քանիսը փռթկացրին: Բոլորը գիտեին, որ Սիրունը մի ժամանակ Անուշկայի մարդու հետ կապված էր:
- Հողեմ գլուխդ, տեսնես ով է քեզ վրա աչք թաթախում,- հետևից չանչ արավ Սիրունը,- վրադ մի իշաբեռ լեշ կա:
Բադունց թաղի մուտքում երևաց Հեղուշը: Նկատելով նրան, կանանց զրույցը ցուպ կտրվեց: Էլի իմ մասին են խոսում,- տագնապով մտածեց նա: Քսփսոցը ստվեր դարձած, պոկ չէր գալիս նրանից: Ամենի բերանում Հեղուշն էր: Նա ցանկացավ ետ դառնալ, բայց հպարտությունը չթողեց: Կուժը դրեց հերթի և նստեց նովի թաց քարին: Լարված լռություն տիրեց, նա իր վրա զգում էր կանանց ծակող, քրքրող հայացքները: Ակամայից ձեռքը տարավ դեպի կուրծքը՝ կարծես ցանկանալով պաշտպանել այն հայացքների ճանկռտոցից:
- Թե շտապում ես՝ կուժդ լցրու:
Սիրուշն էր: Հեղուշը գլուխը բարձրացրեց և որսաց ներկաների չարախինդ հայացքները: Գլուխը պտտվեց, հողը երերաց ոտքերի տակ: Հետո հստակ մի միտք ծնվեց մեջը: Հանդարտ բարձրացավ տեղից, աջով գրկեց լեցուն փորը և ձախով վերցնելով կուժը, դրեց ծորակի տակ: Հետո լիքը կուժն առավ ուսին և դանդաղ քայլեց դեպի տուն: Նա ամեն կերպ աշխատում էր ոտքը հաստատ դնել գետնին, որ չմատնի հուզմունքը, որ Սիրուշն ու մյուսները հետևից չչարախնդան: Գնում էր, թիկունքին զգալով կանանց ճանկռտող հայացքները: Հասնելով տուն, կուժը դեմհար տվեց դռան չբացվող փեղկին և մտավ ներս: Տանը Հերսիկն էր: Հը՜մ, իր հերթին չարախնդաց Հեղուշը, գիտեմ, պիտի գայիր: Երբևէ պիտի գայիր: Տեսնենք դո՞ւ ինչ պիտի ասես: Մի աթոռ քաշեց սեղանի մոտ և նստեց Հերսիկի դիմաց: Երկուսով լռեցին: Ծանր պիտի լիներ զրույցը, և ոչ մեկը չէր համարձակվում առաջինը սկսել:
- Խոսելիք ունեմ,- վերջապես շշնջաց Հերսիկը:
Հեղուշին թվաց ականջի տակ հրացան կրակեցին:
- Խոսիր,- խուլ արձագանքեց նա:
- Դու գիտես խոսելիքս:
Պատասխանն ուշացավ:
- Հեղուշ, ձեռք քաշիր, նա իմն է: Չորս տարի սպասել եմ, մի խլիր ինձնից, մեղք եմ:
Հեղուշը գունատ, բայց ներքուստ արդեն հանգիստ, արդեն խաղաղված, չարձագանքեց:
- Դու գիտես, Մուշեղի թուղթը եկել էր, բայց ես նրան սպասել եմ, հիմա մի խլիր:
- Ես էլ եմ սպասել,- հեգնանքով ու դառնությամբ հարեց Հեղուշը,- բայց իմը չեկավ: Ինչո՞ւ չեկավ, ես ինչո՞վ եմ մեղավոր: Ասա՝ ինչո՞վ եմ մեղավոր,- և ապա կարծրանալով,- իսկ դու չես սպասել, նախագահի ցորեն հացը քաղցր էր, տղան էլ՝ ջահել:
Հերսիկը արտասուքները չկարողացավ պահել:
- Դու կին ես, հասկացիր ինձ: Չէի ուզում, բայց ստացվեց: Իսկ Մուշեղին սիրում եմ: Մի խլիր, հասկանո՞ւմ ես, կսպանեմ երկուսիդ էլ: Ես կարող եմ մարդ սպանել, գիշերները ես մտածում եմ այդ մասին: Մուշեղին մի խլիր, ասում եմ, մի խլիր: Ինչ եղել՝ եղել է, հիմա ձեռք քաշիր:
Հեղուշին թվում էր, թե Հերսիկը պիտի կռվեր, ծանր խոսքեր ասեր, բայց ահա աղաչում է: Նրա ասածը սպառնալիք չէ, այլ աղաչանք: Այդ շատ լավ էր հասկանում և իրեն համար անսպասելի խղճահարվեց, փափկեց:
- Գնա, երեխան խաղից կգա: Գնա, Հերսիկ: 
Հերսիկ՝ կարծես իր քույրն է, այնպես մեղմ ասաց: Ամեն ինչ վերջացած է: Հերսիկի գնալուց հետո պարզ գիտակցեց նա և գլուխն առնելով ձեռքերի մեջ փղձկաց: Սակայն արտասուքները սփոփանք չբերին: Դեմքը վառվում էր, ասես յոթ տաշտ հաց էր թխել: Ինչպե՞ս եղավ, ինչո՞ւ ինքը հասավ այս օրին: Հիմա ի՞նչ անի: Պետք է խոսել Մուշեղի հետ, պետք է միջոց մտածել: Թող լինի այնպես, ինչպես Մուշեղն է ցանկանում, ինչպես իր ճակատին է գրված: Իսկ այսպես ապրել հնարավոր չէ: Չէ, հնարավոր չէ:
Հաջորդ օրը նա իջավ ձորը, չնայած լոբուտը ջրելու չէր: Նստեց Վանունց ընկուզենու տակ ու սպասեց Մուշեղին: Օրը վերջանալու վրա էր. շուտով պիտի գար: Այս սպասումի մեջ, չգիտես որտեղից, քնած մի կասկած շարժվեց ներսում: Իսկ եթե չգա՞ Մուշեղը, եթե այլևս չգա՞: Վերջին շաբաթներին Մուշեղը փոխվել էր, նիհարել: Մազակալած դեմքը չէր սափրում: Հանդիպման կարճ ժամին չէր խոսում, ծխում էր անընդհատ ու անողոք տանջում իր մարմինը: Կարծես վրեժ էր առնում: Եվ ահա օրը մթնում է, իսկ Մուշեղը չկա:
Ջարդված վերադարձավ տուն:
- Մեր պարանը քեռի Մուշեղի մոտ է, գնա բեր,- ծանր նստելով աթոռին, ասաց որդուն:
- Գնա ինքդ բեր,- ասաց տղան, չնայելով մոր կողմը:
Հեղուշը հանկարծակիի եկավ՝ Գարեգինը դեռ իր խոսքը ետ չէր տվել: Գաղտագողի նայեց որդուն և, նրա հայացքում ատելանք զգաց, որ ներսում ինչ-որ բան փլվում է: Չկար այլևս այն հարազատությունը, որ արյունն է ծնում, այն կապը, որ միացնում է դժբախտ ճակատագրերին: Հեղուշը իրեն մենակ զգաց, խորթ, մերժված բոլորի կողմից՝ գյուղի, Մուշեղի, նույնիսկ իր որդու:
Նա դանդաղ մոտեցավ Գարեգինին ու… Գարեգինը բարձրացավ տեղից և սառն վճռականությամբ ու արհամարհանքով պատրաստվեց ընդունելու մոր ապտակը: Վերջինիս ձեռքը մնաց օդում կախված:
Մուշեղը չեկավ նաև հաջորդ օրը, մյուս օրը: Խուսափում էր հանդիպումներից: Մի շաբաթ անց նա մեկնեց քաղաք և այլևս չվերադարձավ… Հեռացավ առմիշտ: Նրա հետևից գնաց Հերսիկը, մի ամիս մնաց քաղաքում ու վերադարձավ՝ Մուշեղը չկար: Գյուղում լուր տարածվեց, որ նա գնացել է Ռուսաստան: Ասեկոսությունները նորից ալիք տվեցին՝ բա չեք ասի, Մուշեղը գնացել է Կիսլովոդսկ, տեսնող է եղել: Չէ՛, Կիսլովոդսկ չէ, Վորոնեժ է գնացել: Ի՞նչ Վորոնեժ, ի՞նչ Ռուսաստան, Միջին Ասիայում է:
Է, մե՞կ չի, թե որտեղ է, դու նրանից խոսիր, որ Հեղուշին տանում է իր հետևից: Բերքաբաշխմանն է սպասում: Փոստատար Սերգին կապի շրջանային գրասենյակում տեսել է Հեղուշին գրած Մուշեղի ցպահանջ նամակը: Նա դուրս էր գալիս փոստից, երբ Հեղուշը մտավ ներս և մոտեցավ ցպահանջ նամակներ տվող աղջկան: Բա՜, Հեղուշ կասեն, Հերսիկի բռի մեջ չոփ դրեց: Խեղճ, խեղճ Հերսիկ, դժբախտ աղջիկ դուրս եկավ:
Շենամիջին ծավալվող այդ զրույցները հորդացին փողոցներով և լափու տալով լցվեցին տները: Հեղուշին էլ պրծնել չկար: Գնա թեկուզ Հայրունց քերծից քեզ գցիր ցած, մեկ է՝ հավատացող չի լինի:
Վա՛հ, էս ինչ ժամանակներ են, ղալաթը արել է, գլխին տված, բայց մի տեսեք ոնց է գյուղում քայլում: Կարծես կնյազ Կուտուզովի թոռն է: Չէ, աշխարհից ամոթը վերացել է...
Աշուն էր: Ձորում դեղնած, քայքայված լոբուտը տխուր սպասում էր ձմռան գալուստին: Իրիկնադեմին Հեղուշը իջավ ձորը, որ սարին քանդի: Վերջին անգամ էր գնում լոբուտ:
- Հորթը գոմը գցիր, որ մորը չծծի,- ասել էր Գարեգինին և երեխայի գլուխն առնելով կրծքին՝ երկա՜ր-երկա՜ր մնացել: Ու տխուր-տխուր: Հետո համբուրել էր Գարեգինին, ու Գարեգինը մոր աչքերում նկատել էր արցունքներ:
Հեղուշը իջել էր ձորը ու չկար: Մութը խտացել էր, տներում արդեն լամպեր էին վառվում, իսկ մայրը չկար: Գարեգինը չգիտեր, թե ինչ անի: Անհանգիստ էր, մանկական բնազդով զգում էր, որ իր մոր հետ վատ բան պիտի կատարվի, բայց վախենում էր գնալ լոբուտ, իջնել ձորը: Վախենում էր ձորի մութից, ձորի մեջ գտնվող իր մորից և նրանից, ինչ որ կատարվում էր մոր հետ: Անճրագ տան մեջ մեն-մենակ մի տղա-երեխա, որ ամենից շատ սիրում էր մորը և ատում նրանց, որոնք իր մոր մասին ասում էին, թե... Գարեգինը միտքը չի շարունակում. վախենում էր բառերով ասել: Արդեն մեծ տղա է, արդեն տղամարդ է, հասկանում է ամեն ինչ: Վերջին մի քանի ամսում փոխվել է շատ: Խուսափում է ընկերներից: Ու նրա երեխայական մտքում ծնվեց մի միտք՝ պետք է նամակ գրել քաղաք՝ հորեղբորը, որ գա իրեն տանի: Չտանի էլ, ինքը կփախչի:
- Տանը մարդ չկա՞: Աղջի, Հեղո՜ւշ,- դրսից ձայն տվեց հարևան Ղուշի աքան և չսպասելով պատասխանի, ներս մտավ:
- Գարեգին, բալաս, ինչո՞ւ չես խոսում, մերդ որտե՞ղ է:
Գարեգինը ցանկացավ պատասխանել, բայց փղձկաց, փլվեց: Կինը երեխայի գլուխն առավ կրծքին և սկսեց հորդորել:
- Գնացել էր լոբուտը ու չկար,- արտասուքը սրբելով վերջապես խոսեց Գարեգինը,- վախենում են մորս վատ բան պատահի:
- Դու տանը նստիր, իսկ հարցնողին ոչինչ չասես,- ու Ղուշի աքան փեշերը հավաքելով դուրս եկավ:
Քիչ անց Գարեգինն էլ ելավ դուրս ու նստելով կապի բերանին ընկած ղում քարին, սպասեց: Մի ժամ անցավ, թե մի ամբողջ տարի, Գարեգինը չի հիշում: Մեկ էլ լսեց Ղուշի աքայի բարկացած ձայնը: Նա տափ կացավ և ականջները սրեց: Նա չէր ցանկանում լսել խոսակցությունը, բայց ինչ-որ ուժ նրան պահում էր տեղում:
- Ես կմեռնեմ, էս ամոթը ո՞նց պիտի տանեմ:
Մոր ձայնն էլ՝ հուսահատ, փշրված, նվաղած:
- Ձենդ կտրիր, Աստծո տված է, նա ի՞նչ մեղք ունի:
- Մեղքն իմն է, ես էլ պետք է պատիժը կրեմ:
- Մեղքը Աստծունն է, որ ջահել ծոցդ դատարկ թողեց: Դու մեղք չունես: Դու քեզ սպանելով ո՞ւմ պիտի պատժես: Որդիդ ո՞ւմ պիտի պահ տաս:
Գարեգինին հասան մոր հեկեկանքը, Ղուշի աքայի հանդիմանող խոսքերը և այլևս չկարողանալով իրեն պահել, փախավ հեռացավ: 
Մի շաբաթ անց Գարեգինի հորեղբայրը քաղաքից եկավ ու նրան տարավ իր հետ:
«Քաղաքում արհեստ կսովորի»,- ասաց և հաջորդ օրը երկուսով մեկնեցին գյուղից:
Հեղուշի պատրաստած հացին ձեռք չտվեց, իսկ գիշերը քնեց ուրիշի տանը: Հրաժեշտին Հեղուշը ցանկացավ համբուրել որդուն, բայց նա խուսափեց: Ծանր սրտով վերադարձավ տուն և լաց եղավ: Որդու նկարը դրեց սրտին ու լաց եղավ: 
Ուշ երեկոյան Ղուշի աքան փեշի տակ մի աման ճաշ բերեց, դրեց սեղանին ու ճրագը վառելով խիստ ասաց.
- Քեզ ձեռքդ վերցրու, քո ճակատին էլ էդ է գրված:
Հետո մի քիչ զրուցեց, հուսադրեց ու գնաց:
Ծնվեց Սոնան՝ իր ցավերի, իր դարդերի պատճառն ու ունկնդիրը: Ու նաև իր ցավը: Սոնան, որի ճակատին բախտը խարանել է ահավոր բառը: Այսպես ապրեցին երկու դժբախտներ: Սոնան դարձավ իր կյանքի միակ նեցուկը և ապրելու միակ իմաստը: Եվ ահա կյանքն անողոք ձեռքով վերցնում է և այդ նեցուկը: Ամուսնացավ գնաց:
Երկար տարիներ անց առաջին անգամ գյուղ եկավ Գարեգինը: Չէր ուզում: Գրեց, խնդրեց: Գարեգինը չէր ուզում, բայց եկավ: Կմնա մի քանի օր և կգնա: Իսկ ինքը նորից կմնա չորս պատերի մեջ: Ինչ կլինի՞ իմ կյանքի վերջը, սարսափով մտածեց նա, ի՞նչ իմաստ ունի ապրելս: Ու նորից նրա հայացքը կանգ առավ հացենու տակ ընկած կոտրված կուլային: Նորից մտածեց՝ հիմա ես այդ փշրված կուլան եմ:
... Մութը նոսրացել է. կամաց, կամաց բացվում է օրը: Մեն-միայնակ մի կին նստել էր ձորի պռնկին ընկած ղում քարին ու դառնությամբ հիշում է իր կյանքը:
- Տատի՜, տատի՜...
Հեղուշը ետ շրջվեց՝ դեպի իրեն է վազում թոռը՝ Գարեգինի միջնակը: Կարծես իր ամուսինն է՝ փոքրացած: Անունն էլ Աշոտ է: Գարեգինս խելոք է, մտածեց նա: Երեխային սեղմեց չոր կրծքին ու արտասուքների միջից ժպտաց: Քիչ անց մոտեցավ Գարեգինը:
- Աճի, Աշոտը թող մնա քեզ մոտ:
Սիրտը թունդ խփեց. այդ ե՞րբ էր, որ որդին իրեն «աճի» էր ասում:
Աշոտի հոգին լցվեց պարարտ, լուսավոր մի զգացումով և մեկեն սրբվեցին գիշերվա տխուր մտածումները:
- Աճի, Աշոտը թող մնա քեզ մոտ,- կրկնեց Գարեգինը:
- Իսկ հա՞րսը, հարսը կուզենա՞, որ...
- Հայրը ինքն է առաջարկել,- ընդհատելով մորը, ասաց Գարեգինը,- թող մեր օջախում տղամարդու հոտը միշտ մնա,- և ապա կատակի տալով ավելացրեց,- ինչ կասես, Աշոտ, դու ո՞ր տղամարդուց ես պակաս:
Հեղուշը նորից նկատեց հավերի ջրամանը: Նա ինքնաբերաբար ելավ տեղից և այն ոտքով հրեց անդունդից ցած: Նա պարզ գիտակցեց, որ ապրելը հիմա իմաստ ունի: Չկարողացավ զսպել արտասուքները, երջանկության արտասուքները:
... Շուտով արևը կելնի Խաշար խութի թիկունքից, և ջահել, պարզ մի շող կշտապի Վանունց ձորը և շտապելուց կզարկվի գետի ջրերին, կշեղի իր ճանապարհը, իր նպատակը: Բայց այդ ջահել, այդ պարզ շողը շեղված իր ճանապարհը կշարունակվի ուղիղ գծով...




Կ Ո Խ

Կոխ է մտել:
Դես է շուռ տալիս, դեն, իսկ խնդիրը չի լուծվում: Նեղսրտում է և ակամայից մատների մեջ ամուր սեղմում գրչակոթը. ձեռքի ափը մի կալատեղ, գրչակոթը՝ հաշամին գցած կոնթռուճ ճիպոտ: Է՛հ, այսպիսի ձեռքը գրչակոթ բռնելու համար չէ: Ցաքատ կարող է բռնել, բահ ու գերանդի, հիմա էլ տրակտորի ղեկ: Իսկ գրչակոթի ձեռքն ուրիշ է՝ պստլիկ-մստլիկ ու ցորեն հացի պես սպիտակ, հացի վրայից էլ կարագ քսած: Իսկ իր մատները՝ չանգոտ փետեր: Մեկի երեսով տար՝ արյուն կկաթի: Դրա համար էլ խնդիրը չի ստացվում ու կուրսայինն էլ հետը: Չի էլ ստացվի: Գլխի տեղ է: Իրենը... Իրենն ի՞նչ՝ ոնց որ Հայրունց սալկուտը՝ ինչ լցնես, ինչքան լցնես, քամին ու անձրևը կքշեն տանեն: Մնում է էն սալկուտն ու էն: Մեկ էլ դաչվորների համար է, որ ամառը արևի տակ պառկեն ու սևանան:
Գրչի մարդն ուրիշ, ինքն ուրիշ:
Բայց էլի խնդիրը պետք է լուծել: Նորից կոխ է մտնում և զգում, որ ուժը չի պատում: Ինչ-որ տեղ ինչ-որ բանաձև կա, խնդրի լուծման եղանակ: Եվ ինքը տեղը չգիտի: Տրակտորի գործը գիտի, գիտի, թե որ արտի սահմանում է լավ խոտ աճում, որտեղից կարելի է կովի համար ձմռան պաշար կուտակել: Ագրոնոմ էլ չլինի, կարող է ասել, թե որ տափում ինչ կարելի է ցանել: Նման բաները գիտի: Իսկ բանաձևի տեղը՝ չէ, չի իմանում: Չի հիշում: Ուրիշ բաներ հիշում է: Չի էլ մոռանա:
... Տաս-տասներկու տարեկան մի երեխա երանությամբ նայում է ծխնելույզից ելնող քուլաներին: Հիմա այնտեղ տաք է, մարդիկ կուշտ, մտածեց նա, իսկ ներսում ինչ-որ բան գալարվեց: Աչքերը մթնեցին: Բնազդաբար հենվեց փայտով բարձած էշին, որ չընկնի:
- Փայտ ուզո՜ղ, փա՜յտ...
Ձայնը կերկերաց ու մարեց սառն օդում: Կարպետից կարած շալվարը կպել է նիհար ազդրերին ու տաշեղի պես քերում է: Խուրջին պիտի կարեին, բայց Հարութը շալվար չուներ, ու տատը շալվար կարեց: Կարպետի շալվարին մաշել չկա: Չի տաքացնում, բայց չի էլ մաշում:
- Փայտ ուզո՜ղ, փա՜յտ,- ինչքան ուժ ուներ գոռաց նա:
Տան պատշգամբում երևաց ընկեր Վարդուշի պես սպիտակ երեսով մի մարդ: Նրա ետևից դուրս եկավ իր տարիքի մի տղա: Տղայի ձեռքին կարագի պես փափուկ հաց, մեջը ինչ-որ բան: Հարութը չիմացավ, թե ինչ է դա: Տղան ծույլ-ծույլ ուտում էր հացը և հետաքրքրությամբ նայում իրեն: Իրեն չէ, էշին էր նայում:
- Պապա, կատաց եմ ուզում: 
- Ճուտո, փայտն ի՞նչ արժե,- անուշադիր թողնելով տղայի խնդրանքը, հարցրեց հայրը:
Հարութը չլսեց, ուշքը կարագի պես սպիտակ հացին էր, որի մեջ այն բանն էր, որի անունը ինքը լսած էլ չկա: Մի խուրջին հաց կուտեմ, որոշեց Հարութը: Ուտես ու փեչի կողքին պառկես, մտածես երանությամբ: Հետո էշը բարձես ու տանես տուն: Մայրը, տատն ու երկու քույրերը մի լավ ուտեն՝ կշտանան: Ամա քեֆ կլինի, հա՜: Նույնիսկ Արշոն կնախանձեր: Նախագահի տղա՝ ու նախանձում է իրեն:
- Ճուտո, ի՞նչ արժե փայտը:
Ձայնը հասավ Հարութին, և նա, սթափվելով քաղցր մտքերից, շուտասելուկի պես վրա տվեց.
- Այան ասել է՝ 45-ից պակաս չտաս:
Հայր ու տղա իջան բակը: Հարութը նկատեց տղայի թշի մեծ խալը, որը ծնոտի շարժումներից իջնում-բարձրանում էր: Հայրը տնտղեց բեռը և ասաց.
- Ինչո՞ւ ես քիչ բարձել:
- Փայտ շատ կա, բայց էշը չի բերի: Քաղաքը հեռու է: Ճանապարհին երկու անգամ նստել է: Հրեն փորի տակի ձյունը դեռ չի հալել:
- Գարի տվեք, որ անասունն աշխատի: Է՜, գյուղացին խիղճ ունի որ...
Հարութի դեմքին երևաց հեգնական մի ժպիտ: Մարդը նկատեց այդ ու դարձավ իր տղային:
- Տեսնում ես, նրանք գարի հաց էլ չունեն, իսկ դու չես ուզում... ու խոսքը կիսատ թողնելով, դարձավ Հարութին,- սպիտակ հաց է գտել, չի էլ հավանում: Ասում է՝ ցամաք հաց չեմ ուզում: Երշիկ է ուզում:
Հարութը իմացավ, որ հացի մեջ դրած բանը երշիկ է: Անունն իմացավ, իսկ համը... Մի բան կոկորդին դեմ առավ: Ու լցվեց:
- Ճուտո, վերջին գինը ի՞նչ է:
- Այան ասել է՝ 40-ից մի կոպեկ պակաս չտաս:
- Լավ, թող այայի ասածը լինի, բեռը թափիր:
Հարութը բեռը թափեց, պարանը ծալեց, կապեց փալանին, հաշվեց փողն ու դրեց գրպանում:
- Պապա, կատաց եմ ուզում,- լացակումած ասաց տղան ու նայեց Հարութին:
- Կմրսես, ցուրտ է:
Տղան պռոշ արեց:
- Գեորգի, երեխային մի լացացրու:
Հարութը նայեց վերև: Պատշգամբում կանգնել էր սիրուն-սիրուն մի կին: Ընկեր Վարդուշից էլ սիրուն: Շորերն էլ նրա շորերից սիրուն:
- Լավ, տաք հագցրու, որ չմրսի:
Հարութը չգիտեր, թե ինչ անի: Տանը իրեն են սպասում: Քառասուն ռուբլին պիտի ալյուրի տար: Ախր տանն իր տարած ալյուրին են սպասում: Մարդը գուշակեց Հարութի մտքերը:
- Տանը հաց չկա, հա՞,- հարցրեց:
- Ինչու չունենք, դեռ մի հակ ալյուր կա,- ստեց Հարութը:
- Զինա, երեկվանից մնացած բոքոնը տուր Գարիկին բերի,- ներքևից կանչեց մարդը:
Հարութը խառն զգացումով հիշեց Գարիկի «կատացը»:
Ինչքան տևեց այն, Հարութը չի հիշում: Հոգնել էր անասունը, հոգնել էր նաև ինքը, իսկ «կատացի» վերջը չէր երևում: Հիշեց քույրիկին, մորը, տատին, որոնք սպասում են իր վերադարձին ու աչքերը ջրով լցվեցին:
- Էլ հերիք է,- ասաց ու կանգնեցրեց անասունը:
- Մի անգամ էլ, թե չէ բոքոնը չեմ տա:
Ոնց որ մտրակով խփեցին մեջքին: Հարութը դանդաղ մոտեցավ նրան, կատվի պես ճանկեց օձիքը ու թափով հրեց: Օդի մեջ կիսաշրջան անելով Գարիկը թրմփաց գետնին՝ ինչպես հարդով լի պարկ: Այդ ամենը մի ակնթարթ տևեց:
- Վա՜յ, մամա՜,- հորթի պես մզզաց նա:
Հարութը դեմքին զգաց մեկի հարվածը:
Լափդ վերցրու և գնա այստեղից,- ասաց նա ու բոքոնը հրեց Հարութի կողմը: Գարիկի հայրն էր:
- Հարո՛ւթ, հե՜յ Հարութ, նախագահը կանչում է,- Վանեսանց կտուրից ձայն տվեց կատարածուն:
Հարութը սթափվեց մտքերից և ներքին ուրախությամբ փակեց առջևի տետրը: Նա շտապ մուշտակն առավ ուսերին ու դուրս եկավ: Չէ՛, դուրս փախավ: Խնդրից: Եվ բանաձևից, որի տեղը չի իմանում: Եվ դառը հիշողություններից, որոնք երբեք չեն մոռացվում:
Նախագահի մոտ Արշոն էր, իրենց գյուղացի Արշոն: Հիմա «Գյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքի պետ, հիմա Արշավիր Պողոսովիչ: Իսկ ինքը մնացել է էն Հարութն ու էն: Լավ է, մտքում ուրախացավ նա: Խնդիրը կտամ կլուծի: Ինստիտուտավարտ տղա է, նրա համար խնդիր լուծելը ոնց որ ինձ համար մի աման լոբախաշու ուտելը:
- Խեր լինի, հիշել ես մեզ,- բարևելուց հետո հարցրեց Հարութը:
- Եկել եմ մեր ծերուկներին տեսության, ասի՝ անցնեմ գրասենյակ, տեսնեմ կոլխոզի գործերը ինչպե՞ս են: 
- Լավ են, Արշավիր Պողոսովիչ, եթե մի քիչ օգնեք, ավելի լավ կլինեն,- ասաց նախագահը և աչքով արեց Հարութին:
- Մենք էլ պիտի ուրախանանք, որ շրջանում պաշտոնավոր մարդ ունենք,- լեզուն չպահեց Հարութը,- կոմբայնը մնացել է թերատ, իսկ դու պահեստամասերը տալիս ես ուրիշներին:
- Ուրիշներն էլ չունեն, Հարութ ջան,- և Արշոն իր դիրքի բարձրությունից բարի ժպտաց: Հարութին դա դուր չեկավ:
- Շատ լավ էլ ունեն, բայց շրջկոմի քարտուղարը նորաշենցի է, դրա համար նրանց ես տվել: Չես ասում, որ հարազատ գյուղդ տուժում է:
Նույն բարի ժպիտը սահեց Արշոյի դեմքին, խնամքով իր մեջ թաքցնելով Հարութի նկատմամբ ունեցած իր հակակրանքը, որ գալիս է դեռ մանկության օրերից:
- Դու միայն ձեր գյուղն ես տեսնում, իսկ ես ամբողջ շրջանի համար եմ պատասխանատու: Մասշտաբի հարց է,- և Արշոն հոգոց հանեց, հասկացնելով, որ մի ամբողջ շրջանի հոգսերն իր ուսերին են:
- Հունձը մասշտաբի չի նայում: Այսօր, վաղը արտ պիտի մտնենք, իսկ մեր կոմբայնը կանգնած է:
- Նորաշենը մեր շրջանի ամենաառաջավոր կոլխոզն է: Դրսից եկածին Նորաշենն ենք ցույց տալիս, ոչ թե ձեր կոլխոզը:
- Էդ հարսնատեսի թամաշի համար է, էլի, որ նրանց տրակտորները առաջինն եք վերանորոգում, ուզածների չափ տախտակ ու ցեմենտ, ամեն տեսակի շինանյութ տալիս: Անցյալ տարի թիթեղ չտվիք, որ գոմի գլուխը ծածկենք, ու մեր տավարը մնաց ջրկաթոցի տակ, իսկ Նորաշենի չկառուցած ակումբի համար թիթեղ բաց թողիք: Հիմա էլ ասում են՝ վերանորոգման արհեստանոց եք կառուցում, որ բաշխեք նրանց: Այդքանից հետո ուզում եք, որ առաջավոր չլինի՞: Հարսի տեղերով փեսին լավություն եք անում:
- Դե լավ էլի, Հարութ,- միջամտեց նախագահը: Տնաշենի տղա, մի անգամ էլ լեզուդ քաղցրացրու:
Հարութը եռաց տեղում: Երեկ նա ավելի թունդ էր խոսում, իսկ հիմա՝ երես-երեսի, խոսքը փոխում է: Նախագահն ինձնից լավ գիտի, որ շրջկոմի քարտուղարին դուր գալու համար է Արշոն պահեստամասերը տվել Նորաշենին, մեջտեղ ոչ մի մասշտաբ էլ չկա: Շողոքորթում է, պրծավ գնաց: Հարութի գլուխը չի մտնում, թե կարող է մարդ իր հարազատ գյուղին ուրիշի աչքով նայել: Ախր, պորտդ այստեղ են կտրել, այս հող ու ջրի ծնունդ ես, ոնց կարող ես անտարբեր մնալ: Թե չէ՝ մասշտաբ: Ինքը հո չի ասում, որ «Գյուղտեխնիկայի» եղած-չեղածը տան իրենց: Բայց մարդու սիրտը պիտի ցավի իր գյուղի համար: «Դրսից եկածին Նորաշենն ենք ցույց տալիս, և ոչ թե ձեր կոլխոզը»,- մտքում կրկնեց Արշոյի խոսքերը: «Ձեր կոլխոզը»- կարծես իրենն էլ չի, կարծես ինքը ծովի այն կողմից է եկել: Ի՞նչ անենք, որ հիմա քաղաքացի ես դարձել, բայց հո մեր գյուղի ծնունդ ես:
Արշոյից ուրիշ ի՞նչ ես սպասում: Եվ ակամայից մտքով գնաց. խոտը թաց, ծանր: Չորս խորում հակ է հարել ու չի կարողանում գցել էշի վրա: Խոտը ծանր, ինքը երեսը սաքուլ մի լակոտ տղա՝ ուժը չի պատում: Խոտը պետք է իրենց: Խոտը ձմեռը պետք է կաթ դառնա, որպեսզի այդ կաթը փոխեն գարու ու կորեկի հետ: Խոտը իրենց շատ է պետք: Հարութը կոխ է բռնում էշի հետ, որ ուղտի պես չոքեցնի, որպեսզի հակերը գցի էշին: Բայց էշ է՝ չի ենթարկվում: Նորից է անտերի գլուխը կոխում շեքը ու առջևի ոտքերից բռնում, որ չոքեցնի, բայց նա գլուխը թափով վեր է առնում, և ինքը փռվում է գետնին: Կատաղած առնում է քարը, որ հարվածի, բայց ձեռքը մնում է օդում կախված: Ականջի տակ պայթում է մի լախ-լախ ծիծաղ: Հետ է նայում՝ Արշոն է ու զինկոմի աղջիկը:
Ասում են, ամբողջ գյուղն է ասում, որ իբր զինկոմը Արշոյին բանակից ազատել է: Արշոյի ընկերը իր քեռին է, որի սև թուղթը մի տարի առաջ են ստացել: Հիմա ասում են, որ Արշոն իր քեռու նշանածի հետ է:
Ինչո՞ւ է ծիծաղում իր վրա, ինչո՞ւ են գյուղում ասում... Ու չիմացավ, թե ինչպես գերանդից իջեցրեց Արշոյի գլխին: Կատաղած ու վախից դողալով նորից է նետվում Արշոյի վրա: Նա մեծ է իրենից, հիմա վեր կկենա ու... Թող վեր կենա, ինչ ուզում է, թող անի, միայն գյուղում չխոսեն, որ... Միայն թե... Ախր մարդ ես, ինչո՞ւ ես ծիծաղում: Ախր, քեռիս կենդանի լիներ, այստեղ լիներ...
Հետո ոչինչ չի հիշում: Հետո, շատ ժամանակ անց, լսում է նախագահի ձայնը:
- Թող պառկի, վեր կենա տեսնի թութը նորից հասած:
- Ափսոս, քեֆը խանգարվեց: - Զինկոմն էր, նրանք քիչ հեռվում, քեֆ էին անում:
Ժամանակը՝ ոնց որ սելավ, ամեն ինչ սրբում-տանում է: Ժամանակի մեջ շատ բաներ մոռացվում են: Շատ, բայց ոչ ամեն բան: Բաներ կան, որ չեն մոռացվում: Չեն էլ մոռացվի: Տեխնիկումից հեռացնեն էլ, ես սրան խնդիր չեմ տա, որ լուծի: Արշոյի առաջ վիզ չեմ ծռի, մտքում որոշեց նա ու դուրս եկավ գրասենյակից: Տանը բոլորը քնել էին: Նա մանր քայլերով մոտեցավ հացի սեղանին մնացած տետրին, որտեղ չլուծված խնդիրն էր: Գրիչն առավ ձեռքը ու նորից կոխ մտավ խնդրի հետ: Կյանքի հետ շատ է կոխ բռնել, սովոր է: Կոխ է մտել ու հաղթել...




ՇԵՆԱՄԵՋ

Գյուղացին շուտ քնում է, վաղ արթնանում: Օրը չբացված՝ գյուղացի կինը ոտի վրա է: Դրսում մի քիչ ապուռ գցում կթան անասունի քթին, կովը մար տալիս, կաթը դնում կրակի վրա, չորս կողմին թոնրահաց շարում ու երեխաներին խիստ պատվիրում.
- Աչքներդ վրան պահեք, որ կաթը չգնա: Հացը տաքանա՝ ջուր շաղ տվեք ու փաթաթեք սրբիչի մեջ՝ ձեր հոր հանդի հացն է:
Եվ ինքն իջնում է բակ:
Տան տղամարդն էլ առավոտ կանուխ իջնում է գոմ, էշի մեջքը ժանգոտած ղաշևով թիմարում ու տալիս տան փոքրին, որ տանի ջուր տալու: Թե իրիկունն ալարել էր, մի խտիտ փայտ է ջարդում, ցաքատը խրում սատուրի մեջ: Խտիտ ասածն էլ այնքան է, որ գյուղացու վառարանն ամբողջ օրը վառ է պահում: Ապա պիջակի վրայից ուսերին է առնում կիսամուշտակը և իջնում շենամեջ՝ մի-մի բարի լույս ասելու: Նրանց բարի լույսն էլ հո շա՜տ է երկարում:
- Բարի՛ լույս, ժողովուրդ:
Հինգ-վեց հոգի նստած են: Բրիգադիր Սավադը հարմար տեղավորում է սրբատաշ քարին:
- Արևը էլի ծիպուլի արեց ու թաք կացավ,- դժգոհեց մեղվապահ Ղևոնդը և ձեռքը ծնկանը դիմահար անելով, վեր կացավ, որ մոտենա Սավադին: - Էս անտերը էլի հանգավ, մի վառիր:
- Տարին փոխս է ընկել: Փետրվարին արևը դարձել էր աքլորի կատար, իսկ մարտին այազ է վրա բերել: Տեսնենք ապրիլին ո՞նց կլինի:
- Սաքունց Բախշու Եփրեմվերդին նայեք,- կես կատակ, կես լուրջ ասաց գյուղատնտես Սուրենը:
- Դուք է՞դ եք ասում,- Վանին տեղում հարմարվեց: - Փետրվարին մեր էս Վարդանի միջնակը հիվանդացել էր: Ասի գնամ հանդերով անցնեմ, գուցե բան-ման է պատահում: Հակառակ օր էր, դատարկ եկա: Դերանց խմահատով անց կենալիս քթիս մի տաք-տաք հոտ խփեց: Էս մանիշակի հոտ է, ասում եմ մտքումս, բայց մեկ էլ մտածում եմ՝ փետրվարին ի՞նչ մանիշակ: Ձեռս տանում եմ մասուրի քոլի տակ ու տեսնում՝ իրավ մանիշակ է: Որս չպատահեց, էս մանիշակից քաղեմ հիվանդ խոխիս համար: Փետրվարին՝ մանիշա՞կ, զարմանք բան է:
Ութ-տաս տարեկան մի տղա երեխա էշ նստած գալիս էր ներքին թաղից:
- Բալա, բալա, մի էշը կանգնեցրու:
Երեխան էշը կանգնեցրեց:
- Դե, հիմա իջիր:
Երեխան լուռ հնազանդվեց:
- Էդպե՜ս: Տղամարդ տղա ես, էշը կնստեն ու շենամիջով կքշե՞ն: Քո պապ Կուքանը կոր-կոր դառած մեծ մարդ է, էլի շենամիջով էշ չի նստում: Մեծին կհարգեն: Դե հիմա գնա:
Երեխան կարմրատակեց և արտասուքները զսպելով գնաց:
- Վահանի մեծ տղան է,- նրա գնալուց հետո ասաց Սավադը,- թեթևականջ երեխա է:
- Թող մեծերին հարգելը սովորի,- խիստ ասաց Վանին:
Բինաձորում գետնավարդը փարթամ բացվել է: Մի քանի օր է Ղևոնդը Սուրենի ականջների մսերն ուտում է՝ բերքը ձեռքից գնում է, փեթակները տեղափոխեք Բինաձոր: Չկարողացավ տեղափոխել տա՝ Ղևոնդը նախագահին պիտի բողոքի: Սուրենը դա լավ է հասկանում: Նախագահը մի շաբաթով գնացել է ինչ-որ սեմինարի, որ եկավ, իրեն շամփուրն է քաշելու: Նախագահ ընտրվելու հաջորդ օրը Վահանը կանչել է իրեն ու՝ ոչ տարել, ոչ բերել, թե՝ ուզո՞ւմ ես ինձ հետ աշխատել: Այս «ընկերական» զրույցի վերջում ասել էր խիստ.
- Վատ աշխատեցիր՝ չնեղանաս:
- Վախենո՞ւմ ես:
- Ո՛չ, զգուշացնում եմ:
Այդ օրից Սուրենը ներքին վախ է զգում: Հիմա էլ այս փեթակների հարցը. գա տեսնի փեթակները ձմեռանոցում են դեռ, կաշի է քերթելու: Ղևոնդի խոսքին է հավատալու, չի ասելու, որ Մեխակը չի կատարել իր կարգադրությունը: Նախագահ դառնալուց անմիջապես հետո Վաղինակին հանեց մեղվաբուծական ֆերմայի վարչությունից ու Ղևոնդին նշանակեց: Կարծում էր՝ Վաղինակը կբողոքի, բայց չէ, նա ծպտուն էլ չհանեց: Ի՜նչ բողոք, նույնիսկ պայմանական նշանակեց փեթականոցներից մեկի վրա: Սուրենը վաղուց էր ուզում նախագահ դառնալ, և Վահանը գիտի այդ մասին: Շան որդին Լեռնաղբյուրը բուռն է հավաքել:
- Սուրեն, փեթակներն այսօր էլ մնացին,- խեղճ-խեղճ ասաց Ղևոնդը:
Աղվես, աղվեսի տղա, իբր թե խեղճ ես, լեզու չկա բերանումդ: Վահանը գա՝ գազան պիտի դառնաս, ու երկուսով կսկսեք ինձ ուտել: Մի ամիս առաջ ջերմոցների համար տասնհինգ աշխօր կտրեց: Լսվա՞ծ բան է, որ կոլխոզի գլխավոր մասնագետի աշխօրը կտրեն: Գնաց շրջկոմում բողոքեց, բայց այնտեղ էլ բերանին խփեցին, թե որտեղով եկել ես, այնտեղով էլ գնա: Հաշտվեց, համակերպվեց: Մատղաշ ոչխարը պետք է տանել Հարամի, մեղվանոցների փեթակները պետք է իջեցնել Բինաձոր, այսօր-վաղը գարնանացան է, ժամանակ է գտել սեմինարի համար:
- Միևնույն է, մեղուն այսօր չի աշխատելու,- կարծես արդարանալով, ասաց նա.- Մեխակին ասել եմ, որ տանի, երևի մեքենան կոտրվել է:
Ղևոնդը քթի տակ անորոշ փնթփնթաց: Դա դուր չեկավ Սուրենին, անհանգիստ տեղում շուռումուռ եկավ:
- Բարի լույս,- ասաց Մեխակը:
- Բարի լույս,- պատասխանեցին:
Սուրենը մնաց լուռ, նույնիսկ Մեխակի կողմն էլ չնայեց:
- Բարի լույսն է՞լ փողով է,- Մեխակը աչքով արեց Վանուն:
- Խիղճը փողից էլ թանկ է,- Սուրենը դարձյալ չի նայում Մեխակի կողմը:
- Աստված խոսք է:
- Դու մարդ չես, մարդու տղա չես,- միանգամից պայթում է Սուրենը:
- Հիվանդ եմ, առավոտը մի անտեր փորացավ կպավ:
- Հարամի գնային, փորացավ կլինե՞ր:
Մեխակը ցանկացավ ականջաթող անել գյուղատնտեսի խոսքը, բայց լեզուն իրենից անկախ գնաց.
- Հիմա էլ պիտի ախպորդ փորը ցավեր: Ես դիմացկուն եմ, լավ է իմը ցավի:
- Հա՜, աշխօրի փորացավ է,- նոր գլխի է ընկնում Մուքանը:
- Տոննա-կիլոմետրի հարց է: Բինաձոր գնալը զահլա գործ է:
- Բայց տանվել պիտի:
Սավադը տեղում եռաց: Հենց որ լսում է Մուքանի՝ տանվել պիտի, բերվել պիտի, անվել պիտի ու չոռ ու ցավ գլխին, Սավադի հոդացավը բռնում է:
- Շուն եմ խուզելու, թող նախագահը գա,- փրփրում է գյուղատնտեսը,- ուզում ես գործերը տապալե՞լ, չի ստացվի: Շուն եմ խուզելու:
Մեխակը այսօր կռվելու ցանկություն չունի: Նրա մտքերն ուրիշ տեղ են՝ հորն ուղարկել է զոքանչի տուն բանակցություններ վարելու ու հիմա սպասում է պատասխանի: Տանը սպասել է, սպասել՝ չի եկել և իջել է գյուղամեջ: Երեկոյան Սիրունիկի մոտ գնալիս հանկարծ սիրտը երեխաներին ուզեց: Այնպես կարոտեց, այնպես սիրտը վատ եղավ, որ ցանկացավ ճանապարհի կեսից ետ դառնալ: Բայց մեկ էլ խղճաց Սիրունիկին: Վերջին անգամ է, գնամ՝ որոշեց:
Կգնար Բինաձոր, առաջին անգամ չէ, բայց ուզեց իմանալ Աղավնիկի պատասխանը: Աղավնիկը կարգին էլ սիրունացել է, երեկ էր տեսել Օսանի տան պատշգամբում: Ոնց որ առաջվա Աղավնիկը լինի, դեռ մի քիչ էլ լավ: Աղավնիկը լավ կին է, բայց շատ է հաչում: Ուշ է գալիս՝ հաչում է.
- Սիրունիկի հոտերդ հեռու տար, զզվում եմ,- ու չի թողնում իր տեղերին մոտենալ:
Շուտ է գալիս, դարձյալ հաչում է.
- Սիրունիկդ էսօր ուրիշի՞ է ընդունում, որ շուտ ես եկել:
Մեկ-մեկ որ ընկերովի խմում են, էլի մի խոսք է գտնում:
- Սիրունիկը խռովե՞լ է քեզնից, որ խմել ես:
Շատ որ զահլա տարավ, Աղավնիկի ռեխ-մռեխը մի քիչ կարգավորեց: Դու մի ասի, շան քածը դրան էր սպասում, երեխաները շալակն առավ ու գնաց հերանց տուն: Բայց էլի ճիշտը լավ է, Աղավնիկը լավ կին է, շատ է անտեղի հաչում, բայց լավ է՝ լավ է:
Իսկ Սուրենը իզուր է գլուխ տանում: Շատ խոսի, Վահանին կբողոքի՝ նախագահի գնալուց հետո եղբորը միշտ աշխօր անելու գործի է ուղարկում, իսկ իրեն՝ «մի քիչ սիլոս տեղափոխիր ֆերմա, կես տոննա գարի տար ջրաղաց» ու նման մանր-մունր գործեր: Ինչ է, ինքը կին-երեխա չունի՞, ընտանիք չունի՞: Բայց էլի Մեխակը ներքուստ գտնում է, որ փեթակները պետք է տեղափոխել Բինաձոր: Սուրենի հերն անիծած, իսկ մեղրը չպետք է ձեռքից տալ:
Սերգին երեկոյան ուշ է եկել գյուղ: Շրջկենտրոնում ապրող փեսայի համար Ծառեխի ծմակում փայտ էին կտրում: Ինքն ու փեսան կեսօրին ավտոբուսով եկել էին ու Ծառեխի մոտ իջել: Սերգուն ինչ կա, երեք մետրի վառելափայտի տոմս է վերցնում ու երկու մեքենա փայտ տանում, ձեռքից բռնողն ո՞վ է, անտառապահ Սմբատը խնամին է, ձեռքից ո՞վ պիտի բռնի: Դեռ խղճով է, որ երեք մետրի տոմս է վերցնում: 
Երեկոյան փոստը Սերգին առավոտն է բաժանում:
- Արսենից նամակ էր եկել,- իբր թե ի միջի այլոց, ասաց նա ու ոտքը փոխեց, որ գնա: Բայց փեշը պահեցին՝ ի՞նչ նամակ, ո՞ւմ հասցեով, կարգին պատմիր, որ իմանանք: Արսենը Լեռնաղբյուրից հեռանալուց հետո կապերը կտրել էր գյուղից: Ո՛չ լուր, ո՛չ նամակ: Մորը վերցրել էր ու հեռացել: Մեկն ասում է Երևան է գնացել, մյուսը թե՝ Կուբանի ինչ-որ սովխոզի գլխավոր զոոտեխնիկ է: Մի քանի անգամ փորձել են նրա սիրեկանից՝ Արուսից, որ բաժանվել էր իր ամուսնուց և առանձին է ապրում, մի որևէ լուր իմանալ, բան չի ստացվել: Ինչպես դուք, այնպես էլ ես, ասել է:
- Ասում ես, թե ո՞ւմ է գրել նամակը:
- Ո՞ւմ պիտի գրի, քո կնկա՞նը չի բարևագիր ուղարկելու,- Վանին բոթեց Մուքանի կողը:
Աչքդ էլ է հանում, մտքում ասաց Սավադը, մեկն ասի՝ քո ի՞նչ գործն է:
- Արուսին կանչում է իր մոտ՝ Երևան: Գրել է, որ ասպիրանտուրա է մտել, շուտով բնակարան կստանա:
Սերգու հաղորդած լուրը կես ժամում արդեն ամբողջ Լեռնաղբյուրը գիտեր: 
- Դե հիմա կերեք, մարդու հետևից ղազան կապեցիք ու գյուղից փախցրիք:
- Բա, նրա նման վարիչ Լեռնաղբյուրը ո՛չ տեսել է, ո՛չ էլ տեսնելու է:
- Իբր թե նրան ի՞նչ վնաս եք տվել, մարդը ամիսը երեք հարյուր, չորս հարյուր ռուբլի ռոճիկ է ստանում,- իսկույն որոշեցին տեղում:
- Տեսա՞ք, թե Արուսը ինչ բախտավորության հասավ:
- Ամեն մեկդ մի բան չասեք, իրար սիրում էին՝ պրծավ գնաց:
Եվ ասպես զրույցը առուն պատռած ջրի պես հոսեց այստեղ-այնտեղ:




ՕՍԱՆՆԱ

Տանձուն աղբյուրի ճանապարհին ցեխը հասնում է մինչև բկատակ: Օսաննան առավոտ կանուխ ցեխի հետ հոռ-հոռ անելով գնաց ջրի: Աղավնիկին ուղարկել էր ֆերմա, իսկ ինքը մնացել տանը, որ կարտոֆիլը վարի: Երեկ իջել էր ամբարը ու ծնկանը խփել՝ սերմացուն ծլել արտ էր դարձել: Հիմա նա այդ մճեճը ո՞նց պիտի տեղափոխի Դրախտի ձոր: Մտքում թոնթորացել էր Աղավնիկի վրա՝ քիչ-քիչ աներ, հիմա ամբողջ կարտոլը վարած կլինեին: Տանը իրեն բանտարկել է, չի ուզում մարդու աչքի երևալ: Ախր, ինքը տան երես չի տեսնում, մի կռնից քիչ օգնի, էլի: Չի տեսնո՞ւմ, որ գլխամեռ մերը չի հասցնում: Հետո մեղմացել է՝ երեխայիս սիրտը կոտր ընկած է, նրա հազար դարդից մեկը դա չի. Մեխակը կապվել է փոստի Սիրունիկի հետ ու կին-երեխա թողել: Լա՜վ, Օհաննեսը իր չալ մորուքից չամաչե՞ց, ինչո՞ւ իր անառակի կապը չքաշեց: Լեզուն գոմեշը կոխել է՞ր, որ ասեր՝ այ որդի, կնիկ-երեխայի տեր ես, ձեռք քաշիր անամոթ լրբից:
Էս անտեր ցեխն էլ մի կողմից է սիրտ սևացնում: Երեկ արևը կրակ էր թափում: Ասել էր, կմնամ տանը ու կարտոլի հոգսից էլ կպրծնեմ: Գիշերը անձրև եկավ, երկու օր այլևս դաշտ չի մտնվի: Օսաննան նեղսրտվեց: Գիշեր-ցերեկ տանջվում, չարչարվում է, բայց էլի հոգսերը գլխին թափված: Պակասը Աղավնիկն էր, բաժանվեց մարդուց ու մի հոգս էլ նա դարձավ:
Տղամարդ է, մի ղալաթ էր արել՝ գլխին եկած: Բայց չէ, Աղավնիկը մի ոտի վրա կանգնել է, թե Մեխակի երեսը չտեսնեմ:
Կուքանը էշին ջուր տվեց աղբյուրից ու էշի գլուխը շուռ տալով ետ, ուզում էր տուն վերադառնալ: Անասունը համառեց. կանգնեց տեղում ու սկսեց մեզով լի մի փոս հոտոտել ու դունչը երկնքին դեմ անել:
- Չո՜ւ, հա՜...
Էշը տեղից չշարժվեց: Հոտոտեց, հոտոտեց ու մեկ էլ սկսեց զռռալ:
- Ես քո տիրոջ...- Կուքանը ձեռքի մահակը իջեցրեց ականջատակին: Անասունը ցեխը շաղ տալով յորթ ընկավ:
- Չո՜շ, չոո՜շ, չոո՜շ...
Էշը տեղից պոկ եկավ, Կուքանը հազիվ էր մնում փալանին: Օսաննան ուզում էր ծիծաղը պահել, չէր ստացվում: Իրեն չհավասարված էշը, կարծես հրամանով, դիք կանգնեց:
- Հիմար անամոթը կատաղել է:
- Գարի շատ եք տալիս,- ժպիտը հազիվ պահելով, ասաց Օսաննան:
- Հա, էլի: Բարի լույս:
- Բարի լույս, Կուքան ապա:
- Խեր լինի:
- Ուզում էի կարտոլը վարել, անձրև եկավ: Չգիտեմ ինչ անեմ, սերմը մճեճ է դարձել, եղանակն էլ էսպես եղավ:
- Դրա եղանակի հոր հոգին անիծեմ, թոռ ու թացից գլուխ չենք ազատում: - Կուքանը ուզեց շարունակել ճանապարհը, հիշեց,- էշը պետք գա, ասա՝ կտամ:
- Շնորհակալ եմ, մեր վարիչը խոսք է տվել:
- Աղջի, ձեր դռան գոմաղբը ինչո՞ւ չեք տանում Դրախտի ձոր:
- Տանողս ո՞վ է՝ գլուխս ֆերմայում կապ տված: Աղավնիկն էլ հազիվ է երեխաների հետ հավուճիվի հոգսը քաշում:
- Ափսոս է, տեղովը մի բերք է:
- Սերգուն ասել եմ կիսովի տար, չի համաձայնել, ասում է՝ մեկ քեզ, երկու ինձ:
- Սերգին կասի, Վանեսանց մեծամեծերի ոսկորքը շունը տանի: Վահանին կասեմ, թող տրակտորիստներից մեկին հանձնարարի լաֆետով տանի: Կասեմ՝ մարդու տղա ես, կոլխոզնիկիդ հոգսը քաշիր:
- Դե, ո՜ւր է թող, Աստված պահի որդիքդ:
- Իսկ էշը որ պետք գա, ասա, չեմ մերժի:
Էշը, իհարկե, չի խնդրի: Մարիամը ռեխը գյուղով մեկ շաղ կտա, իսկ գոմաղբի համար շնորհակալ է, մեծ օգնություն կլինի: Հողը վաստակած է, քանի տարի է, կարգին բերք չի ստանում:
- Ասում ես՝ Աղավնիկին ուղարկել ես ֆերմա՞:
- Ի՞նչ անեմ, ֆերմայում ո՞վ պիտի իմ կովերը կթի:
- Երեկ Օհաննեսի գլխին շան լափ եմ թափել: Խեղճը ճաք-ճաք է լինում, թե ես իմ հարսից ու թոռներից չեմ հրաժարվում: Ասում է՝ թող Աղավնիկը գա մեր տուն, ես իմ հարազատ որդուն դուրս անեմ:
- Մեխակի ուզածն էլ դա է, որ շամբուտին տա: Խեղճ աղջիկս ամաչում է մարդու երեսի երևալ:
Կուքանը տնքաց, նա դեռ վաղուց էր ուզում Վահանի համար հարսնացու բերել: Բայց մինչև հակնուհուկը, Մեխակը ուզեց: Վա՜յ, Մեխակի կերած կաթը գլխին հարամ լինի:
Ետդարձին Օսաննան հիշեց, որ պետք է Անուշավանին նամակ գրել: Ճար չկա, պիտի գրի: Իր հոր ոսկորներով երդվել էր, որ նրանից ոչինչ չխնդրի: Բայց ճար չկա, երեկոյան պիտի նստի ու մի նամակ գրի: Խեղճ տղաս ինչ անի, մի սև օձի է պատահել ու ձեռքին տանջվում է: Ձմեռը գնացել էր Երևան: Փառք Աստծո, լավ էլ ապրում են, տուն-տեղ, ապրուստ-երեխա, ինքը դեռ Երևանում էր, որ Անուշավանին շրջկոմ դրին: Բայց պաշտոնը քանի կոպեկ արժե, որ օր ու արև չունի: Մայր ու աղջիկ առավոտ իրիկուն երեխայիս միսը ուտում են: Մեկը չկա, ասի՝ այ հարս Նազիկ, այ տիկին Աննա, կողքից նայողը ի՞նչ կասի, որ տան տղամարդը մեծ բոյն առնի, թե ինչ է՝ գնում եմ կնկանս համար փալաս-մալաս առնելու, թե ինչ է՝ խանութից պետք է կարագ առնել, թե ինչ է... Փողը տանը, դուք տանը, գործներիդ անունը ի՞նչ է, առեք, էլի: Մեղավորը Անուշավանն է, շատ է թույլ տվել:
- Այ մեր, ծեծե՞մ:
- Մսերը չեն հալի,- պատասխանել էր։ - Մեկ կնկան են ծեծում, մեկ էլ էն մեկին, որ դու լավ գիտես, կծեծեն, որ իր տիրոջը սովորի:
Ինքը ասում է, իսկ Անուշավանը՝ քահ հա քահ, քահ հա քահ, ծիծաղում է: Ծիծաղում ես, է՜, որ կնկանդ ու զոքանչիդ համար դարձել ես ձեռքի կուլա: Լեռնաղբյուրեցի չես, տղամարդ չես, քո հոր տղան չես: Թուլամորթ, թուլամորթ:
Հարսի հետ յոլա չգնաց: Խեղճ տղան էլ չգիտեր, թե ինչ անի: Մոր կողմն էր պահում՝ կինն էր պռոշ անում, կնոջն էր պաշտպանում՝ մայրն էր վիրավորվում: Պակասն էլ զոքանչն էր լրացնում: Անամոթ, անամոթ, քավթառ կին է, բայց այնպես է զուգվում-զարդարվում, կարծես հարսատեսի է պատրաստվում՝ էլ պռոշները քսել, էլ մազերը գույն տալ... Ինչ տեսած չէր, տեսավ: Մեկը չկա, որ հարցնի, ա՜յ, հերամեռ, բա քո երեսին մեռոն չեն քսե՞լ, ամոթ ու հարգանք չունե՞ս: Մի օր Անուշավանը երկու տոմս էր վերցրել: Մի տեսնեիք հարսի թոփ-թվանքը: Խեղճ տղաս տանը նստեց, թե դուք գնացեք, ես կմնամ տանը: Մնացինք մենակ:
- Անուշավան,- ասաց,- դու քո հոր տղան չես:
- Ինչո՞ւ, այ մեր:
- Մի խոսք էր՝ ասացի:
- Մայրիկ, Աննա Յակովլևնան, ասում է, երաժշտության դասատու է, նա պետք է անպայման համերգը լսի, հայտնի ջութակահար է ելույթ ունենում:
- Ոնց չէ, ոնց չէ, որ քո Աննա Յակովլևնան չգնար, Երևանի շները կկոտորվեին: Էդպես խեղճ ես, է՜, որ գլխիդ նստել են: Դու էլ պիտի ասես՝ Սաքունց Երվանդի տղան եմ:
Մայրը խոսում էր, իսկ տղան ծիծաղում է: Սա խոսեց, նա ծիծաղեց, սա խոսեց, նա ծիծաղեց: Վերջը Օսաննան ափերից ելավ:
- Շուն շան տղա, էն փետը կառնեմ, գիտես, ինձ, հա՜... Ծեծս մոռացե՞լ ես, թե՞ կարծում ես, որ մեծացել ես, չեմ ծեծի: Քեզ էսօրվա համար եմ մեծացրե՞լ, որ ով ուզի իր ճորտը շինի: Տես ո՜նց է իր մորը ձեռ առնում:
Մի շաբաթ մնաց ու, մի օր էլ, թե՝ վատ երազ եմ տեսել, պիտի գնամ գյուղ: Ինչ արին՝ չմնաց: Եկավ գյուղ, տեսավ Աղավնիկը մարդուց բաժանվել է:
Բայց ճար չկա, մի նամակ պիտի գրի, Անուշավանից խորհուրդ հարցնի: Ինչ էլ լինի, Անուշավանս սրտահեռիչ է, խանդաղատանքով մտածեց Օսաննան: Թե Երևան տանելու է, գա տանի: Աղավնիկի մեծը կպահի իր մոտ, մինչև փոքրը կրծքից կտրի, հետո նրան էլ կվերցնի: Թող գնա իր համար նոր կյանք ստեղծի: Երեխաները բեռ կլինեն, երկու երեխատեր կնկան ո՞վ պիտի ուզի: Անմարդ կնոջ օրը սև մնա, ինքը գիտի դա: Իզուր չեն ասել, թե մոր ճակատին գրածը աղջկա բոխչում է դրած: Վա՜յ, Մեխակ տղա, վա՜յ...
Սերգունց տան մոտով անցնելիս ռետինե կոշիկը մնաց ցեխում: Օսաննան մի ոտի վրա սկսեց ցատկոտել: Ուզում էր ոտը կոխել կոշիկի մեջ, բայց կուժը քաշում էր մի կողմի վրա: Անտեր մնաս դու, անտեր:
- Բարի լույս, Օսաննա:
Օսաննան ուշադրությունը շեղեց և անկոշիկ ոտքը դրեց ջրափոսում: Անձրևաջուրը պզզաց ուղիղ ոտքերին, շորերին: Նա ջղայնացած ետ նայեց՝ Սերգին պատշգամբում կանգնած ժպտում էր իր վրա:
- Ի՞նչ ես ատամներով քամի թակում, ձեր բրիշակից մի բան բեր հագնեմ:
- Կարծում էի, թե առավոտ-առավոտ շալախո ես պարում:
- Կուժը առ պահի, քիչ խոսի,- և Օսաննան սկսեց գուլպաները վրայից հանել:
- Տակից մետաքս ես հագնում,- Սերգին սկսեց անամոթ հռհռալ ու նայել,- տեսնեմ՝ իսկականից մետաքս է:
- Աչքերդ քեզ հավաքիր, ձեռքդ էլ հետը, որձատած ցուլ:
- Էդ ինչի՞ց իմացար:
- Տեղդ տեղին լիներ, կինդ էդքան մսեր չէր հավաքի:
Գուլպան հանեց, Սերգու բերած տաս համարի ռետինե կոշիկները հագավ ու կուժն առավ ձեռքից:
- Ինչո՞ւ ես գյուղում:
- Կարտոլի համար մնացի, անձրև եկավ:
- Ինձ մի լավություն արա, կարտոլդ վարեմ: Հը՞, Օսաննա:
- Մեկին՝ տասը պիտի պոկես:
- Չէ, ձրի բան: Աղջիկս դպրոցն ավարտում է, Անուշավանին նամակ կգրես, որ օգնի:
- Ձրին էլ դա՞ էր,- և կուժն առնելով ուսին, գնաց:
- Համաձայն ես՝ ասա: Գոմաղբն էլ կտանեմ՝ կեսը քեզ, կեսը ինձ,- կանչեց ետևից:
- Տար՝ տեսնենք:
- Մի թուղթ գրիր՝ հետո:
- Մատերիալ ես ուզում հավաքե՞լ: Պետք չէ:
Սերգին մտքում թունդ հայհոյեց Օսանին. քավթառ շուն, քեզ համար էլ կոշիկներ բերի:
Տան պատշգամբում Օհաննեսը նստած էր: Կարծես հինգ փութ բեռ վերցրին Օսանի ուսից: Բակում մի քիչ ուշացավ, նորից ուշացավ, հետո աստիճաններով բարձրանալիս դեմքին խստություն տվեց: Թող հեր ու տղա երես չառնեն:




ՄՐՑԱԿԻՑՆԵՐ
(Հարութի պատմածը)

Կեսօրահացին երկինքը լցվեց թխպերով ու անձրև եկավ, ամառվա տաք-տաք անձրև: Ժամանակին անձրև է: Չէ, նախագահը չի էլ հարցնի, թե ինչու ենք գյուղ եկել: Ժամուկեսում կլինենք գյուղում: Հերսիկը ջուր կտաքացնի ու մի կուշտ կլողանամ, այնքան, որ ոսկորներս կակղեն: Հետո կպառկեմ փափուկ ու մաքուր անկողնաշորերում՝ Հերսիկի գլուխը թևիս:
- Համո, հուպ տո՛ւր,- գոռում է Շահենը, և ես սթափվում եմ քաղցր մտքերից:
- Հուպ տուր, մեր հարսի աչքը ճանապարհին է,- ավելի է տաքացնում Շահենի եղբայր Արտուշը:
Համոյին էլ դա էր պակաս:
- Այ տղա, կամաց, Բոզունց ավանակը սկի էդպես խնդռուզի չի տալիս,- հերթական փոսը անցնելուց հետո բողոքում է Մուխան ապան:
Վայ, քո մոր բալան տուն գա, ներսս իրար խառնեցիր,- տրտնջում է տնտեսավար Անուշկան:
Բայց Համոյին ի՛նչ, Ծաղիկը նստեցրել է կողքին ու ամեն ինչ մոռացած, քշում է: Եվ, սակայն, բոլորս էլ ուրախ ենք. գնում են գյուղ:
Վերջապես հասնում ենք ասֆալտ: Հիմա մեքենան քամու պես է գնում:
Այսօր մի լավ կմաքրվեմ, գուցե մի ամիս այլևս չգնանք գյուղ, շարունակում եմ կիսատ մնացած միտքս: Իսկ հիմա գնում ենք տուն: Տաք բաղնիք, մաքուր ու փափուկ անկողնաշորեր, քնում եմ՝ Հերսիկի գլուխը թևիս: Կքնեմ պատշգամբում՝ քամու զիլզլոցի տակ: Մի լավ կքնեմ, մինչև Խաշար խութից արևը մի չվան բարձրանա:
Մեքենան կտրուկ կանգնում է, և մենք թափվում ենք իրար գլխի: Կանայք սկսում են բողոքել, իսկ տղամարդիկ՝ տեղին հարմար, լեզու են թակում:
- Հազար անգամ ասել եմ՝ ցենտներից ավելի քաշ ունեցողը մաշին չնստի, թե չէ Համոն կարծում է, թե մթերման կետը մսացու է տանում,- ասում է Արտուշը:
- Ձեր Ճուխին պակաս չէ,- պատասխանում է տնտեսվար Անուշկան, որը ճխլվել է նրա գլխին:
- Արտուշ, բալա, կնկա փափուկն է լավ,- վրա է բերում Մուխան ապան:
- Մուխան ապա, մի սպասիր տեսնեմ փափո՞ւկ է,- և Արտուշը ձեռքը տանում է դեպի Անուշկան: Սա պայուսակով խփում է Արտուշի գլխին:
- Վա՜յ, գլուխս:
- Որ գլուխ ունենաս, քո կնկան թողած, ուրիշի տեղերը չես տնտղի:
Մինչև այդ Համոն իջնում է մեքենայից ու վազում ճանապարհն ի վեր: Քիչ հետո գալիս է Ծաղիկի գլխաշորը ձեռքին: Մեքենան նորից արագություն է վերցնում: Թափքի մարդիկ հետզհետե հանդարտվում են: Միայն լսվում է մեքենայի միալար դռդռոցը, որը մերթընդմերթ ընդհատվում է Ծաղիկի զրնգուն ծիծաղից:
- Ի՞նչ է ածան հավի պես կրկչում,- վերջապես չի հարբերում Անուշկան ու բոթում է Համբարձու կողքը:
Համբարձին հոնքերը քաշում է աչքերին ու չի խոսում: Քիչ անց մեքենան նորից է կանգնում: Այս անգամ Համոյի գլխարկն է խցիկից դուրս թռչում:
- Պահո, մինչեւ գյուղ նրանց հագին շոր չի մնալու,- աչքով անելով Անուշկային, ասում է Արտուշը։
Համբարձին վիզը երկարում է, որ պատասխանի, բայց հետո, միտքը փոխելով, խուլ հազում է:
Մնացած ճանապարհին ոչ ոք այլևս չի խոսում: Միայն ամեն անգամ, երբ մեզ է հասնում Ծաղիկի զրնգուն ծիծաղը, Համբարձու թփակալած հոնքերն ավելի են իջնում աչքերին: Նրա տրամադրությունը հետզհետե անցնում է ինձ: Համոյի վրա սկսում եմ չարանալ: Քաջիս նայիր, բանակ գնացած տղայից աղջիկ է խլում: Մի րոպե ինձ պատկերացնում եմ բանակում, իսկ Հերսիկը՝ այսպես նստած Համոյի կողքին, խաղում է նրա հետ: Մատներս ակամայից սեղմվում են:
Ճանապարհը սկսում է երկարել: Գոնե շուտ հասնեինք տեղ: Միտքս հեռու վանելու համար նորից տեղափոխվում եմ գյուղ: Մեր պատշգամբում ամռանը մի գիշեր քնելը կես կյանք արժե՝ շռշռանի բարակ ձայնը ականջիդ, քամին ողջ գիշերը երեսիդ խաղալիս: Մոռանում ես ցերեկվա շոգը: Ամեն ինչ: Հա՜, քնիր:
Առավոտյան ուշ եմ վեր կենում, գիշերը նորից անձրև էր եկել: Արտը թաց է, այսօր դաշտ չենք գնա, մտածում եմ ու նորից կոլոլվում փափուկ տեղաշորերում: Նոր եմ աչքս փակում, երբ մեկը բակից ձայն է տալիս: Համբարձու օգնականն է՝ Սուրենը:
- Համբարձին ասում է՝ շուտ եկ գրասենյակ:
- Բարձրացիր, մինչև շորերս հագնեմ:
Քիչ անց Համբարձին ինքն է գալիս:
- Ես աղա, դու աղա, էլի,- ասում է ու դժգոհությամբ նստում աթոռին:
- Բարի լույսդ որտե՞ղ ես թողել,- փորձում եմ մեղմել ջղայնությունը:
- Դաշտը չփախավ, վաղը կեսօրին հազիվ արտ մտնենք,- իմ հերթին դժգոհում եմ ես: Գոնե մի օր կուշտ քնեի:
- Ինչո՞վ պիտի գնաս, Համոն բոլորին առավոտ կանուխ տարել է: Մենք ենք մնացել:
- Գրպանները ի՞նչ պիտի մտնի:
- Ուղտի ականջում քնած, քեզ համար կնոջդ փեշից դենը աշխարհ չկա:
- Ի՞նչ ես մըս-մըս անում, բան գիտես՝ բան ասա,- համբերությունս հատած բացականչում եմ ես:
- Վարչությունը պարգև է սահմանել՝ լավ ագրեգատին 300 ռուբլի փող: Երեկ նախագահն ասաց: Դրա համար են մեզ թողել գյուղում:
- Հորեղբոր տղաներ են, պարզ է:
- Բա՞, հիմա աչքդ տնկիր, թե երբ են մեր մաշինները սարից գալու, որ գնանք:
- Ոչինչ, մենք տասնհինգ բունկեր ավել ենք հնձել,- փորձում եմ հուսադրել:
Համբարձին կարծես չի լսում ասածս:
- Գիշերը պլաններ էի քաշում: Աշնանը Էդիկս բանակից գալու է, ասի էդ փողով հարսնացուի համար շոր-մոր կառնենք: Դժվար է ինն երեխային հասնել: Շալակս ծանր է:
Ինքնամփոփ, քչախոս այս մարդուց առաջին անգամ եմ տրտունջ լսում: 
- Քեզ ասա, ինչո՞ւ եք ճտահանել, լցրել տունը:
- Է՜, կանաչ ջահել, ի՞նչ գիտես, թե ինչեր եմ քաշել,- քիչ լռելուց հետո խոսքը փոխում է,- Էդիկը նուբարս է, ուզում եմ մի լավ հարսանիք անել, ամբողջ գյուղով՝ մեծով, փոքրով,- ապա նախկին մտքին անցնելով շարունակում է,- ինը տարի երեխա չունենալը, գիտե՞ս, թե ինչ պատիժ է: Որ Էդիկս ծնվեց, ասացի՝ թող տունս երեխով լցվի, ականջս երեխի ձենի շատ եմ պահել: Կոռս ծանր է, բայց պիտի ձիգ տամ: Միայն թե Էդիկս ողջ-առողջ գա և ամեն ինչ հաջող լինի... Որ բան չպատահի:
Համբարձին չի շարունակում: Իր կյանքում մի օր պարապ չի մնացել և դրա համար չէ, որ նեղսրտում է: Ծաղիկի մասին երեկվա ակնարկները երևի գիշերը քուն չեն բերել աչքերին: Վախենում է, որ հարսնացուն՝ Ծաղիկը... Է՛հ, կապրենք, կտեսնենք:
Չսպասելով սար գնացած ավտոմեքենաներին, ոտքով ճանապարհվում ենք շրջկենտրոն, որ այնտեղից գնանք դաշտ: Կեսօրադեմին հասնում ենք շրջկենտրոն: Շուկայից նուբարի համար մի քիչ վարունգ ու պոմիդոր ենք վերցնում (մերը սար տեղ է, բանջարեղենը ուշ է հասնում) ու ցանկանում դուրս գալ, երբ հարայ են տալիս, թե շուկայի ճաշարանը գարեջուր է ստացել:
- Համբարձի, որ տիրոջ էշերն էլ կոտորվեն, մի լավ պիտի թրջվենք,- ասում եմ ես:
- Մի շիշ էլ կվերցնենք, որ կոմբայնիդ մոտորի վրա լցնենք,- ավելացնում է Սուրենը:
Համբարձին մի քիչ չեմուչեմ է անում ու վերջը տեղի տալիս:
... Արևը թեքված հասնում ենք դաշտը տանող ճանապարհը: Ժամը երեքից արևի տակ խանձվում ենք, բայց մեքենա չի պատահում:
Մի խոսքով, հաջորդ կեսօրահացին հասնում ենք դաշտ: Սուրենը իսկույն տեղեկանում է, որ Շահենի ագրեգատը հինգ բունկերով ավելացել է:


*  *  *

Տրակտորի ամպհովանին այլևս չի օգնում, և արևը կատաղած շան պես քոլոտում է մեզ: Շնչելու օդ չկա: Գոնե ջուր լիներ այս պլպլոցին խմեինք: Ջրին ինչ, կասենք՝ կբերեն: Բայց Համբարձին արգելում է.
- Ջուրը հնձվորի թշնամին է: Շատ ջուր խմողը կարալ չի աշխատի:
Թշնամին՝ թշնամի, բայց ինչպե՞ս դիմանանք անտանելի արևախաշոցին: Անիծածը կանգնել է գլխներիս վերև ու տեղից չի շարժվում: Մղեղը հաստ շերտով նստել է մարդկանց դեմքին, շորերին ու բոլորին դարձրել մեկ: Ոնց որ ինկուբատորի ճտեր՝ ոչ ոքի չես ճանաչի: Տրակտորի ընթացքը դանդաղեցնում եմ և ականջս սրում՝ ճաշի զանգը հո չե՞ն տալիս: Կոմբայնից Համբարձին ազդանշան է տալիս, և ես նորից սեղմում եմ գազի ոտնակը ու անցնում նախկին արագության:
... Մթնալույսին էր, որ Համբարձին բոթեց կողքս: Ես ոչինչ, մի կերպ արթնանում եմ: Սուրենի համար է դժվար: Մինչև ոտքից բռնած մի տասը մետր քարշ չտաս, չի արթնանա: Դե, ջահել տղա է, տասնութ-քսան տարեկան, դժվար է:
- Դրը՜նգ, դրի՜նգ, դրո՜նգ:
Մուխան ապան է՝ մուրճով խփում է ծառից կախված գութանի խոփին: Պողպատի ձայնը, հաղթահարելով մեքենաների դռռոցը, հասնում է մեզ: Օդի մեջ մի դատարկություն է կախվում:
Կեսօրահացի ժամանակն է: Իջնում եմ տրակտորից և սպասում Համբարձուն ու Սուրենին:
- Բունկերը լիքն է, էն լակոտին իմաց տուր, որ գա տանի,- ակնոցների փոշին գլխարկի աստառով սրբելով, ասում է Համբարձին: Անձրև եկած օրից Համոյի անունը չի տալիս՝ էն լակոտը:
- Դը՜զ, դը՜զ, դը՜զզ...
Սուրենը կոմբայնից ազդանշան է տալիս, բայց Համոյի մեքենան վզզալով անցնում է՝ իր ետևից կախելով Շահենի տղաների ծիծաղը: Դիտմամբ հեռվից են անցնում, որ մեզ չվերցնեն: Ծանր քայլերով գնում ենք խոզանով: Բավականին ժամանակ ոչ ոք չի խոսում: Հետո Սուրենը, կարծես ինքն իրեն, ասում է.
- Տասներկու բունկեր ավել է, հինգ օրվա էլ հունձ է մնացել:
- Երկուսն էլ այսօր կավելանա, կդառնա տասնչորս: Քո երեսից:
- Մի հաշի՞վ չէ՝ տասներկու, թե տասնչորս: Հինգ օրից հետո ամեն մեկը 100-150 ռուբլի կդնի գրպանը:
- Մի հաշիվը քո գլուխն է: Որ առավոտյան ժամանակին գայիր, մի պտույտ ավել չէին անի: Մամայի բալա... 
Ցանկանում եմ ջղայնությունս թափել Սուրենի վրա, բայց նա լռում է: Ես էլ չեմ շարունակում՝ այս շոգին ո՞վ տրամադրություն ունի: Խոզանը խշխշացնելով քայլում ենք: Մինչև կալատեղը կես կիլոմետր կա, ստիպված պետք է ոտքով գնանք: Լա՜վ, մրցությունը շահում են, իրենց հալալ, բայց ինչո՞ւ մեքենան չկանգնեցրին, որ նստենք: Մի քանի րոպե շահելու համար ինչո՞ւ են շանտղություն անում: Հիմա արի այս անտեր արևկծոցին քայլիր: Համոն էլ հետներս է՝ գործակցում են: Ամեն անգամ բունկերը թափելիս ուշացնում է: Միշտ մի պատճառ է բռնում և ուշանում: Չորրորդ տարին է, որ Համբարձու հետ հունձ եմ անում, իրար լավ ենք հասկանում: Գիտենք, թե ինչպիսի տեղով ինչ արագություն վերցնել: Այս բանում մենք Շահենի և Արտուշի բռում չոփ կդնենք: Բայց ինչքան էլ աշխատում ենք, օր-օրի նրանք մեզնից ավելանում են:
- Էլ հերիք է, Համբարձի, կեսօրից հետո հունձը վերևից պիտի անենք: Թե չէ՝ մենք տակից, նրանք՝ վերևից, առաջ են անցնում:
Համբարձին չի պատասխանում:
- Լսո՞ւմ ես, էլ հերիք է,- ականջի տակ գոռում եմ ես:
- Իսկ դու հիշո՞ւմ ես, թե ձմեռը լաֆետով որտեղից էին ծղոտ բերում: Ուզում ես, որ էս ձմե՞ռ էլ դռնեդուռ ընկնենք:
- Համբարձին անկուսակցական կոմունիստ է, հետը չվիճես,- կողքից միջամտում է Սուրենը: Ես նրան հայացքով սաստում եմ: Համբարձին, ուշադրություն չդարձնելով Սուրենի խոսքերին, շարունակում է.
- Ուզում եք, որ մի քանի կոպեկի համար էսքան հարստությունը թողնեք դաշտո՞ւմ: Ես էդ բանը անողը չեմ:
Եվ, առանց պատասխանի սպասելու, քայլում է առաջ: Ինչպես բոլոր քչախոսները, Համբարձին էլ համառ մարդ է:
Նրա հետ անօգուտ է վիճել, թե որ որոշեց, պիտի իր ասածը անի: Մի շաբաթ առաջ կոմբայնի դանակը կոտրվել էր: Քարի էր հանդիպել ու կոտրվել: Մինչև նորը գտանք ու դրինք տեղը, կես օր անցավ:
Հոգնած, անտրամադիր հասնում ենք տեղ: Շահենի տղաները արդեն լվացվել, ճաշում են: Նկատելով մեզ, Արտուշը լեզվին է տալիս.
- Համբարձին էլի ուշ է գալիս, որ ղազանի տակի համեղ մասը ինքն ուտի:
Ոչ ոք չի արձագանքում: Լուռ գոտկատեղից մերկանում եմ:
- Ծաղիկ, ջուր բեր, որ լվացվեն,- ասում է տնտեսվար Անուշկան: Նկատելով, որ Ծաղիկը ուշանում է, նորից է ձայն տալիս,- աղջի, քեզ հետ չե՞մ, ջուր բեր:
Ծաղիկը գալիս է կիսով լի դույլը ձեռքին:
- Այսքանով ո՞ր մեկս լվացվի,- դույլը ձեռքից վերցնելով, գոռում եմ ես,- կոտորվե՞լ եք, որ ջուր չտաքացրեցիք:
- էս ի՞նչ նորություն է,- միջամտում է Մուխան ապան,- նոր պիտի սովորե՞ք, որ առանց տաք ջրի հնձվորը էս արևին դիմանալ չի:
- Ուշացել եմ, ո՞վ է մեղավոր,- արդարանում է Ծաղիկը:
- Անուշկա, ջուր դիր,- կարգադրում է Մուխան ապան:
- Հարկավոր չի, Մուխան ապա,- ասում է Համբարձին և ապա դառնում Ծաղիկին,- բոյիդ մատաղ, սառը ջուր բեր:
Ծաղիկը ջրով լի երկու դույլ է բերում ու ետ գնում: Եփվում եմ, չի էլ ցանկանում ջուր լցնել, որ լվացվենք: Անուշկան ետևից չանչ է անում:
- Կամաց, Անուշկա, մատդ դուրս կընկնի,- ասում է Արտուշը:
Ակամայից ջրամանը վերցնում եմ Սուրենի ձեռքից: Նկատելով, որ նա միայն երեսն է լվանում, ասում եմ.
- Դրանով բան չի լինի, գոտկատեղից հանվիր: 
- Չեմ ուզում:
- Քիչ խոսեր, մարմինը քիստերով լիքն է:
- Ասացի՝ չեմ ուզում,- համառում է Սուրենը:
- Ի՞նչ ես օրիորդի պես կոտրատվում,- ու քաշում եմ շապիկից:
- Վա՜յ,- անսպասելի Սուրենը տնքում է: Նա կողքից բռնած նստում է ցորենով լի պարկին: Քիչ հետո աջ կռնատակին արյունը կարմիր է ներկում: Իրար ենք խառնվում՝ ի՞նչ է եղել: Բայց Սուրենը չի խոսում: Նոր եմ նկատում, որ տղայի դեմքին գույն չկա: Երկար հարցումներից հետո վերջապես ասում է.
- Գիշերս գնացել եմ հարևան սովխոզից թուզ բերելու:
- Վա՜յ, բերանդ կրակ ընկնի,- ձեռքը ծնկան է խփում Անուշկան:
- Ո՞ւմ հետ ես գնացել,- հարցնում եմ:
Սուրենը գլուխը կախում է գետնին ու լռում:
- Պիտի խոսե՞ս, թե՞ չէ,- ու դանդաղ մոտենում եմ նրան,- պիտի խոսես, թե՞ չէ...- ձայնս ավելի բարձրացնելով, կրկնում եմ:
Սուրենը բարձրանում է տեղից: Գունատ ու վճռական նայում է Համոյին:
- Ես էլ եմ եղել:
Բոլորը շրջվում են դեպի Համոն: Ահա թե որտեղից են նրա դեմքի ուռուցքները:
- Լավ մարդու ես ընկերացել,- ջղայնացած ջրամանը շպրտում եմ գետնին ու մոտենում սեղանին:
Մինչ այդ Շահենի տղաները վերջացնում են կեսօր հացը:
- Համբարձի, ձեզ սպասե՞նք, թե՞ կթողնես, որ առաջից մենք գնանք,- լեզուն ծլթացնելով ասում է Արտուշը:
- Առաջից գնացեք,- խոնարհ պատասխանում է Համբարձին:
- Որ չասեք՝ Դավիթը եկավ, գող-գող գնաց,- ուսերը վեր քաշելով, ասում է Արտուշը և դառնում Համոյին,- Համո «սպուտնիկդ» խոդ տուր:
Ես արդեն հաշտվում եմ, որ այսօր էլ Շահենի ագրեգատն ավել պիտի հնձի: Դրա մասին հիմա մտածողն ո՞վ է. ինձ Սուրենի քայլն է ջղայնացնում: Եվ ո՞նց է Համոն անխելք լակոտին գլխահան արել: Իրար հետ ամբարիշտ են, բայց ահա միասին գողության են գնացել: Իսկ գուցե ուրիշ բա՞ն է եղել, հանկարծ մտածում եմ ես: Իրոք, գուցե ուրիշ բա՞ն է եղել...


*  *  *

Օրվա ծանր աշխատանքից հոգնած, մարդիկ քնահարբ են եղել: Կամաց մոտենում եմ Սուրենին:
- Վե՛ր կաց:
Սուրենը տեղից չի շարժվում: Թևից քաշում եմ:
- Վե՛ր կաց:
Ի՞նչ է պատահել,- աչքերը տրորելով, հարցնում է նա:
- Առանց աղմուկի, իմ ետևից եկ:
Լուռ հնազանդվում է: Հասնում ենք խոտի դեզին ու տակը նստում:
- Դե հիմա պատմիր, թե երեկ գիշերը որտեղ էիր գնացել: 
- Ասել եմ:
- Ճիշտ չես ասում, սովխոզից եմ գալիս, բոլոր պահակներին հարցրել եմ:
Լռում է:
- Ասա, ի՞նչ է եղել:
- Ինչ եղել է, էլ չի լինելու:
- Ի՞նչ է լինելու:
- Այն, որ չպիտի լինի:
- Պարզ:
Նորից լռում է: Ի՞նչ անեմ այս կամակոր երեխայի հետ, ինչպե՞ս գաղտնիքը դուրս քաշեմ: Զգում եմ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել: Իսկ թե ի՞նչ՝ չգիտեմ: Հաստատ ասում եմ.
- Եթե չխոսես, մեխանիզատորի մասին մոռացիր: Վաղն էլ կարող ես գնալ գյուղ: 
- Երդվիր, որ ուրիշի չես ասելու,- հանկարծ ասում է Սուրենը:
Ուրեմն թույլ տեղից եմ բռնել: Գիտեմ, որ նա ցանկանում է անպայման մեխանիզատոր դառնալ, բայց չէի կարծում, որ հարցը նրա համար այդքան նուրբ է: Ինչ որ է, ես ոտքս ավելի եմ բարձրացնում:
- Քեզ երդվելու համար դու դեռ փոքր ես: Պարկիդ բերանը բաց:
- Չերդվես՝ չեմ ասի: Վերջ:
Տեսնո՞ւմ ես այս խամ եզնիկը, մտքում մտածում եմ ես, համառն է երևում: Մի խոսքով, ստիպված երդվում եմ:
- Ամեն գիշեր Համոն ու Ծաղիկը հանդիպում են,- ասում է, շուրջը նայում:
- Շարունակիր, բոլորը քնած են:
- Բանակ գնալուց առաջ Էդիկն ասել էր, որ հետևի Ծաղիկին:
- Հետո՞:
- Երեկ գիշերը նրանց բռնել եմ...
Երկար ժամանակ ոչ մեկս չի խոսում: Գիշերվա քամին խաղում է դեմքիս, բայց չի հովացնում: Խեղճ Համբարձի, երազում էր տղային ամուսնացնի Ծաղիկի հետ, ամբողջ գյուղով հարսանիք անել:
- Վերքդ ցավո՞ւմ է,- հարցնում եմ:
Երեկ ցավում էր, այսօր ոչինչ:
- Գնա գյուղ:
- Ոչ ոք չպիտի իմանա,- իմ մտքին հետամուտ, ասում է նա։
Տղան լավ խմորից է, ես հայացքով գգվում եմ նրան:
Միշտ էլ դաշտի հունձը վերջացնելուց հետո գյուղ ենք վերադառնում շախով-շուխով: Հոգնած, տանջված ու բարձր տրամադրությամբ: Գյուղում մեզ է սպասում երկու օրվա պարապ-սարապ կյանքը: Եվ հետո՝ հունձ գյուղում: Բայց այսօր ես տրամադրություն չունեմ, ինչ-որ բան ճնշում է ինձ: Նստել է սրտիս այդ ինչ-որ բանը ու ճնշում է: Ինքս ինձ չեմ հասկանում: Գուցե նրանից է, որ մի քիչ կոնծել եմ: Նայում եմ դիմացիս նստած Համբարձուն ու ավելի թթվում: Թփակալած հոնքերը քաշել է աչքերին, խռովկան երեխայի պես պռոշը կախել: Այդպես է նա, ուրախ ապրելու ձևը չգիտի: Կարծես տնաշենին քացախի մեջ է մկրտել:
Բայց և այնպես պետք է, որ ուրախ լինենք: Հունձը վերջացրած գնում ենք գյուղ, վարչության սահմանած պարգևը մենք ենք ստացել, իսկ նախագահը, դրան վերադիր, Համբարձուն աշխատանքային արտահագուստ է խոստացել: Բայց էլի տրամադրություներս տեղը չէ: Ինչի՞ց է: Ու ես հիշում եմ մի ժամ առաջ կատարված դեպքերը: Հիշելիս ինքս իմ մեջ եռում եմ: Այ թե աշխարհում մարդիկ կան, սիրում են ուրիշների արյունը պղտորել:
... Ինչպես միշտ, այս անգամ էլ, մեկնելուց առաջ քեֆ կազմակերպեցինք: Առաջին բաժակաճառը Մուխան ապան է ասում: Մեզ մոտ կարգ է՝ նոր բերքը հարսանիքի ու ծննդի համար մաղթելուց հետո Մուխան ապան ձեռքը դնում է մեջքին ու կանչում: 
- Ադա, մի տուշ:
Եվ սկսում է, իր ասածով, վասադուլի պարել: Մի երկու պտույտից հետո հրավիրում է տնտեսվար Անուշկային: Ինքը մի բուռ հալեւոր, Անուշկան վեց փութանուց: Փորից բռնիր ու ծիծաղիր: Կամաց-կամաց բոլորիս տրամադրությունը բացվում է: Նույնիսկ Համբարձու: Այստեղ Արտուշը ոտքի է կանգնում ու թե.
- Նախագահ, խոսքիդ տե՞րն ես:
- Տղամարդը մի խոսք ունի,- պատասխանում է Վահանը ու շարունակում մեզ հետ քեֆ անել: Բայց Արտուշը նրա օձիքը բաց չի թողնում:
- Դե որ խոսքիդ տերն ես, խմիր հաղթողիդ կենացը:
- Այդ մի կենացն էլ գյուղում կխմենք,- ուղիղ պատասխանից խուսափում է նախագահը:
Բայց այս ու այն կողմից վրա են տալիս, թե հիմա խմիր: Ինձ համար արդեն պարզ էր, որ Շահենի տղաները մրցությունը տարել են: Նրանք տասը բունկերով ավել են հնձել: Երևի Արտուշը ցանկանում է Համբարձու հոգու հետ խաղալ, մտածում եմ ես: Նախագահը բաժակ է բարձրացնում:
- Խմում եմ Համբարձու կենացը,- ասում է նա:
- Այսինքն, ինչպես թե Համբարձու կենացը, տեղում օրորվելով, հարցնում է Արտուշը,- ուզում ես ասել, որ մրցությունը Համբարձի՞ն է շահել:
- Դուք տասը բունկերով ավել եք հնձել,- շարունակում է նախագահը, բայց Համբարձին երկու դեզ ծղոտ ավել է տվել: Դուք մոռացել եք, որ ծղոտն էլ է բերք:
Արտուշը բաժակը ձեռքին մոտենում է Համբարձուն:
- Համբարձի, դու պարգևը շահեցիր, մենք՝ աղջիկը: Հիմա հաշվիր, թե ով է հաղթել:
Համբարձին նայում է նրան ու ոչինչ չի պատասխանում: Միայն ներքևի շրթունքն է դողում ու մեկ էլ ադամախնձորն է սկսում խաղալ: Աչքերում ծնված արտասուքները ներս էին հոսում:
- Ադա մին տուշ,- ձեռքի բաժակը գետնին խփելով, գոռում է Արտուշը: - Համո, ես ու դու մի լավ պիտի պարենք: Ծաղիկն էլ մեզ հետ: Ժողովուրդ, ծափ տվեք, տեսեք ինչ տղերք են պարում:
- Տանը մնացած տասը քոռ աղջիկ ունենամ, մեկը քեզ չեմ տա,- ասում է Անուշկան ու դառնալով Համբարձուն, ավելացնում,- սիրտդ կոտր մի գցիր, Համբարձի, տղան բանակից մի էնպիսի կոկլիկ-շեկլիկ ռուս աղջիկ բերի, որ ...- ժողովուրդը փռթկացնում է: Արտուշը դրանից կատաղում է.
- Ձեռը խաղողին չհասավ, թե խակ է,- ասում է նա ու մոտենում: - Ծաղիկ աղջիկ, մի քեզ ցույց տուր:
Ծաղիկը հրաժարվում է պարել: Արդեն գինովացած Արտուշը ցանկանում է նրան զոռով մեջտեղ քաշել: Բայց այստեղ Սուրենը միջամտում է: Մի խոսքով, քեֆը խանգարվում է: Կռիվ, անհամություն:
... Հիմա գնում ենք գյուղ: Հունձը վերջացրել ու գնում ենք գյուղ: Պետք է, որ տրամադրությունս բարձր լինի, բայց չէ, ինչ-որ թախիծ կպել է ինձ ու պոկ չի գալիս: Ու ես երկար ժամանակ մտածում եմ, թե ինչո՞ւ մարդիկ սիրում են ուրիշի արյունը պղտորել: Ախր, ինչո՞ւ...




«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ» ԱՐԵՎՀԱՏԸ

Կինը կերակրով լիքը ափսեն դրեց ամուսնու առաջ, հիմնավոր նստեց սեղանի մյուս ծայրին՝ ամուսնու դեմ-դիմաց ու ձեռքերը կրծքին ծալեց: Ամուսինը ճոթ արեց թոնրահացը և սկսեց մեծ-մեծ բրդել լոբախաշուի մեջ: Բրդելն ավարտեց-պրծավ և գդալը ձեռքն առավ: Գդալն ամուր բռնեց, ոնց որ տասնմեկ համարի գերանդին՝ Սալ տափի խոտը հարելիս: Գդալը խոր խրեց լոբախաշուի մեջ և ուզում էր բերանը տանել, բայց կինը կանխեց.
- Հիմա ի՞նչ պիտի անենք:
Ամուսնու հայացքը, որ մեղկացել էր տաք ճաշ ուտելու հեռանկարից, սառեց-դատարկվեց:
- Առավոտից բերանս բան չեմ դրել,- խեղճ ասաց նա:
- Ձեռքդ բռնող չկա, կե՛ր:
Ամուսինը ինչ-որ փնթփնթաց քթի տակ ու սկսեց լոբախաշուի մեջ թրջված հացը ցեխածամ տալ: Ախորժակը կորավ գնաց...
- Վանիկի վերջը ի՞նչ պիտի լինի, մտածո՞ւմ ես:
- Թող Վանիկը մտածի,- ու պատառը կուլ տալուց հետո ավելացրեց,- եթե գլուխ ունի:
- Գլուխ ունի, բայց տեր չունի:
Ամուսինը զգույշ նահանջեց.
- Թող հացս ուտեմ, դրա ժամանակը չէ:
Կինը, սակայն, տաքացավ, հակառակեց: Կին արարածին հասկացող կլինի՞: Մանավանդ Արևհատին: Ջան ես ասում, չոռ է հասկանում:
- Դու քո փորի մասին ես մտածում, այ անկուշտ Սավադ: Չես ասում, որ մինուճար ունես, պետք է մի կտոր հացի տեր դարձնես: Ուրիշները ինչեր են արել, իրենց երեխաներին բարձրագույնում ընդունել տվել: Մենք էլ պիտի ասենք՝ քեզ նման հեր ունենք, տերտիրական ունենք:
- Խելքը կոշիկ չէ, որ առնենք հագնենք: Խելք ունի, թող ընդունվեր:
- Ուրիշներն ունե՞ն, որ դիպլոմ են ստանում, մի սեղանի ետև նստում, ոտը ոտով գցում ու առոք-փառոք ապրում: Երեխայիդ ապագայի մասին մտածիր:
Ամուսնու համբերությունը հատնում է: Մի ամիս է՝ օր-արև չունի:
Մի բերան ասում-կրկնում է.
- Տղաս բարձրագույն պիտի ստանա:
- Թող ստանա, ախպեր, չուզողը ե՞ս եմ:
- Դու ես, հա՜: Ձեռքդ կկոտրե՞ր, որ մի թուղթ գրեիր եղբորդ տղային. Համալսարանում ոչ բարով դասախոս է աշխատում: Ինչո՞ւ չօգնեց, ասա տեսնեմ, ինչո՞ւ ընդունել չտվեց Վանիկին: Դե խոսիր, է՜, լեզուդ գոմեշը կոխել է՞:
- Աղջի, գլուխս մի տար է, եղբորս տղան ուրիշի տեղակ քննություն չի տալու: Շան տղի աշխարհում կարգ ու կանոն չկա՞, ինչ է: Ձեռից եկածը օգնել է, էլ ի՞նչ անի, դասատու է վարձել, փող տվել, որ պարապեն հետը: Ինքը ի՞նչ մեղավոր է, որ տղադ դմբո է, փախել եկել է: Եկել է, թող բահն առնի գնա կոլխոզումը աշխատի:
- Փող է տվել, հա՞,- կինը ավելի փրփրեց,- բա էն փող չէ՞ր, որ մի ամիս տնով-տեղով, զոքանչն էլ վերցրած, եկան մեր տանը վեր ընկան, կերան թափեցին: Ես նրանց քոծն էի՞: Բա քո փողով չի՞ նա դասախոս դառել:
- Դե, դե, լեզվիդ կապ դիր, թե չէ կողերդ կջարդեմ:
- Կջարդես, բա՜ չես ջարդի, արջ Սավադ, անունդ մոռացել ե՞ս:
- Էնա չեմ մոռացել, էլի, որ պիտի ջարդեմ:
- Դե ջարդի,- տեղից ցատկեց ու կանգնեց ամուսնու քթի տակ,- դե ջարդի, տեսնեմ ջարդելը ոնց է լինում:
- Աղջի, հեռու կաց, էնա վեր եմ կացել:
Եվ ամուսինը վեր կացավ տեղից: Այդ միջոցին Վանիկը ներս մտավ:
- Մա, շուտ հաց տուր, ուշանում եմ:
Մայրը իրար անցավ, թավան դրեց բուխարիկին և իջավ հավաբուն, որ ձու բերի: Սավադը թեթևացած շունչ քաշեց: «Չար սատանա, չար սատանա»,- քթի տակ մռթմռթաց նա ու սոված գնաց կոլխոզի գրասենյակ: Վանիկը ոտի վրա հացը կերավ ու դուրս շտապեց: Դռան մոտ մորը ասաց.
- Գնում ենք Քոլուտում թատրոն խաղալու, ուշանամ՝ չանհանգստանաք:

- Ի՜նչ,- ասաց մայրը, բայց որդին արդեն գնացել էր:
Գյուղում լուր տարածվեց, որ Վանիկը քոլուտեցի Աշխենին ուզում է: Ոնց որ՝ օր-արևով կայծակ տրաքի: Չէ՛, էդ մեկը իր պլանում չկա: Էդ լինելու բան չի: Արևհատը իր հոր աղջիկը չլինի, որ թողնի: Վանիկը պետք է համալսարան ընդունվի, ավարտի ու քաղաքում մնա: Նա թաքուն հույսեր էր կապում, որ մի գեղեցիկ օր էլ իրենք կգնան քաղաք ու բոլորի պես իրենք էլ մարդավայել կապրեն: Եվ, խնդրեմ, Վանիկը ուզում է քոլուտեցի բուժքույր Աշխենին:
Տեղը հանգիստ չի կարողանում նստել, դուրս է գալիս պատշգամբ, նայում կիսամութ ճանապարհին, թե երբ ամուսինն ու տղան կոլխոզի ընդհանուր ժողովից կգան: Ներս ու դուրս արեց, վերջը հոգնեց, վառարանի կողքին՝ թաղիքի վրա պառկեց ու սպասեց: Նինջը թաքուն մտավ գլուխը, և Արևհատը չիմացավ, թե ինչպես քնեց:
... Գնաց Տանձուն աղբյուրը: Կուժը դրեց ակի տակ ու սպասեց, որ լցվի: Մեկ էլ քոլուտեցի Աշխենը՝ պռոշները կարմիր ներկած, շորը մի թիզ ծնկից վեր, Արևհատի կուժը ակի տակից վերցրեց և իրենը դրեց: Հետո ճանկեց նրա մազերը և սկսեց քաշել:
- Բա՛ց թող մազերս,- ճչաց Արևհատը,- բա՛ց թող, քո մոր քեզ նմանին խոր խորեմ:
- Տղադ տալիս ե՞ս, թե՞ չէ,- ասաց և Արևհատի մազերը ավելի ուժեղ քաշեց:
- Չեմ տա, աշխարքս առանց աղջիկ մնա, քեզ մեր տունը հարս չեմ բերի:
Աշխենն իրենն էր ասում, ու Արևհատի մազերը քաշում, Արևհատն էլ իրենն էր ասում ու ցավից ճչում: Արևհատը չի հիշում, թե ինչքան տևեց կռիվը, երբ մեկ էլ զգաց, որ մեկը ուսերը բռնած թափահարում է: Աչքերը բացեց՝ ամուսինն է:
- Վա՜յ, քո մոր բալան տուն գա, արթնացիր, է՜:
Արևհատը տրորեց աչքերը և ծանրությամբ բարձրացավ տեղից: Դեռ երազի կռիվը գլխից չէր անցել, մարմինը ցավից տնքում էր:
- Վանիկը որտե՞ղ է,- տեսնելով որ որդին չկա, կասկածանքով հարցրեց Արևհատը:
- Գնացել են շրջկենտրոն, տրակտոր են տանում վերանորոգելու: Կոմերիտական բրիգադ են սարքել, ուզում են աչքի ընկնել,- չգիտես հպարտությամբ, թե ծաղրանքով, ասաց Սավադը:
- Էս կեսգիշերի՞ն:
- Հաց տուր, քաղցած եմ,- հետագա հարցերից խուսափելու համար Սավադը չոքեց վառարանի առաջ ու սկսեց փայտ լցնել:
Արևհատը պահարանից ափսե վերցրեց և մոտեցավ վառարանին դրած կաթսային: Նա շերեփը տարավ կաթսան ու հանկարծ հիշեց.
- Վանիկը ի՞նչ կապ ունի բրիգադի հետ, նա կոլխոզնի՞կ է, ի՞նչ է:
Սավադը սկսեց լեզուն ծամել: Արևհատը վատ բան գուշակեց:
- Էստեղ մի բան կա, ասա տեսնեմ, գիշերվա կեսին Վանիկը ինչո՞ւ է գնացել քաղաք:
- Հաց գցիր, քաղցած եմ, սովից ջլամորթ եղանք:
- Ասա տեսնեմ՝ ի՞նչ է եղել,- ամուսնու խնդրանքը ականջաթող անելով, իրենը պնդեց,- սիրտս վատ բան է զգում:
- Դու էնա, հա՜, վատ բան ես մտածում: Ջահել տղա է, էլի, թող կոլխոզին օգնի:
- Իսկ բարձրագո՞ւյնը, իսկ համալսարա՞նը: Իմ տղան կոլխոզնիկ չի դառնալու:
- Կոլխոզնիկը մարդ չի՞, ի՞նչ է: Օրինակ, մեկը ես, ինչո՞վ եմ պակաս քաղաքի մարդկանցից: Բոյս է պակա՞ս, խելքս չի հերի՞ք, հը՞:
Կինը մի թունոտ հայացք նետեց ամուսնուն, վառեց-ոչնչացրեց:
- Մարդ եք, բա չե՞ք, մի տարի ձեզ թրջոց պիտի դնել, որ գոմահոտներդ անցնի: Մեկը մեկին վիրավորելու համար ասում է՝ տավարած:
Սավադը փորձեց կատակի տալ:
- Տավարած չէ, անասնապահ է:
- Էրած չի, մրկած է:
Ամուսինը լռեց: Մի տեսակ իրեն մեղավոր է զգում: Արևհատը տարիներ շարունակ Վանիկին բարձրագույն ուսում տալու միտք էր փայփայում, իսկ էսօր ծափ-զուռնայով նրան ընդունեցին կոլխոզ: Հետո էլ որոշեցին որդուն երեք հեգու հետ միասին ուղարկել շրջկենտրոն՝ մեխանիզատորների դասընթացներում սովորելու: Տրակտոր վերանորոգելու մասին սուտը ճանապարհին ինքն էր հորինել: Սավադը հոգուն ինչ մեղք ունի, ինքն էլ էր ուզում, որ տղան գնա ուսումը շարունակի, բայց անաստված, անաստվածի տղան գնացել է մի ամիս Երևանում ման եկել ու առանց քննություն տալու փախել եկել:
- Սիրտս մեր սարերից չի կտրվում,- ասել էր որդին: 
Պատճառը սարե՞րն էին, թե՞ քոլուտեցի աղջիկը՝ Սավադը չիմացավ: Գուցե էն էլ, էն էլ: Ախր, ամբողջ գյուղն է խոսում, որ իր տղան ուզում է Աշխենին, Լեյլի-Մեջնուն են դառել:
Սավադը գողունի նայեց կնոջը: Արդեն ծերացել է, տխրությամբ մտածեց նա վառարանի մոտ կուչ եկած, մի բուռ դարձած կնոջ մասին: Սիրտը ցավեց, ուզեց մի քաղցր խոսք ասել, միտքը՝ քրքրեց, ման եկավ, ման եկավ, բայց ասելու խոսք չգտավ:
- Ասում են՝ տղադ քոլուտեցի Մուշեղի աղջիկն ուզում է, աչքդ լույս,- լռությունը խախտելով հեգնեց Արևհատը:
- Բարով վայելեն իրար,- զգույշ թռցրեց Սավադը:
- Ի՜ինչ,- պայթեց կինը,- ես իմ հոր աղջիկը չլինեմ, թե էդ գործը գլուխ գա: Ես ինձ Հայրունց քերծից կգցեմ ցած:
- Աղջի, դե որ ջահել տղան չպսակվի, ես եմ պսակվելո՞ւ,- կրկին կատակի տվեց Սավադը:
- Առջևում դեռ հինգ տարի կա, բարձրագույնը կստանա, հետո ում ուզում է՝ իրեն հալալ:
- Ի՞նչ է, քչե՞րն են ամուսնանում ու կրթություն ստանում: Մեկն էլ թող մերը լինի:
- Հեր ու տղա, տեսնում եմ, պայման եք կապել: Քաղաքից կգա, ես նրան մի էն տեսակ մեխանիզատոր շինեմ, որ հոր հարսանիքը միտը գա: Սպասիր, թող գա:
Սավադը խնայեց կնոջը, ոչինչ չասաց, իսկ Արևհատը շարունակեց.
- Լավ եք պայման կապել, ուզում եք, որ շուտ գերեզման հասնեմ: - Ու լաց եղավ: Արտասուքով, խոշոր, տաք, աղի արցունքներով: Սավադը ցանկացավ գգվել, մխիթարել կնոջը, բայց վերջինս դեն հրեց ամուսնու մեկնած ձեռքը և սկսեց տեղերը պատրաստել: Առանձին, առանձին: Առաջին անգամ: Եվ այդ օրից սկսած՝ այդուհետ...


*  *  *

Գարնանադեմի արևոտ օր է: Անասունները բակում տրտնգի էին տալիս՝ կանխազգալով մոտալուտ գարունը: Օդը պարզ էր, թափանցիկ, անասունների կրճոնքից ու գոմաղբից մի քիչ կծված: Սավադը՝ մի գիրկ փայտ խտտած, բարձրացավ տուն: Կինը՝ գոգնոցի մեջ հավերի կուտն առած, իջնում էր բակ: Ասրունց թաղում երևաց Վանիկը ու թխլիկ-մխլիկ, նրանից քիչ ծանրահասակ մի աղջիկ: Նա մի տեսակ վախվորած ու անվստահ էր քայլում, ամաչելուց շառագունել էր: Կարծես նրան չէին հասնում Վանիկի հորդորանքի և խրախուսանքի խոսքերը: Նկատելով նրանց, Արևհատը մնաց տեղում: Սավադը, փայտը գրկին, ոտը կախ գցեց: Նայեց կնոջ երեսին. գույն չկար:
- Մա, Աշխենն է,- ու Վանիկը լայն, անսքող երջանկությամբ ժպտալով ներկայացրեց աղջկան:
Գոգնոցի տուտը վայր ընկավ Արևհատի ձեռքից և կուտը թափեց: Արևհատի աչքերում շողացին երկու ջինջ արցունքներ: Ցավի արտասուքնե՞ր էին, թե՞ ուրախության, տարիների երազանքի փլուզմա՞ն, թե՞ որդու երջանկությամբ ուրախացող մոր արցունքներ: Ոչ ոք չիմացավ: Իսկ Սավադը դեռ երկար ժամանակ, բոլորից աննկատ, կանգնել էր մի կողմ, ջարդված փայտը գրկին:
Ժամանակը գարնանամուտ էր, օրը՝ արևոտ...




ԴԱԼԱՐՈՂ ԱՐՄԱՏԸ

Զարմանալի մարդիկ են՝ նստել են իրենց հավեսին ու մարմանդ զրույց են անում: Վեր կենալ չկա: Մայրս գիտի, որ իր հետ լուրջ խոսելիք ունեմ, բայց, մի զրույցը վերջացնելուց հետո, մյուսի տուտն է բացում: Ինձ ինադու: Միամիտ է ձևանում՝ իբր թե գլխի չի ընկնում գալուս նպատակը, իբր ոչինչ չգիտի, անմեղ-անտեղյակ է: Հայացքով հասկացնում եմ՝ թող վեր կենան գնան: Բայց ո՞ւմ ես ասում:
Իսկ զրույցը շարունակվում է: Ես նինջ եմ անում՝ իբր թե քունս տանում է: Գյուլխաս հասին վեր է կենում. հոգնած է, թող քնի, ասում է: Ի՞նչ քնելու ժամանակ է, պահում է մայրս, Խաշար խութի գլխին լույսը դեռ չի անցել:
- Իհարկե, նստեցեք,- ասում եմ և հայացքով մորս պարզ հասկացնում, որ գալուն գնալ էլ կա, իսկ քեզ հետ զրույց պիտի անեմ, շատ լուրջ: Քաղաքից դրա համար եմ եկել:
- Դուք զրից արեք, ես մի գյուղով անցնեմ,- ասում եմ:
- Հիմա արթուն մարդ ո՞վ կա: Սա ձեր քաղաքը չէ, որ ցերեկը քնեն, գիշերն արթուն մնան:
Բռնվեցի՞ր, հայացքով ասում եմ մորս: Նա իբր թե ոչինչ չի հասկանում: Դրա համար էլ բարձրաձայն ասում եմ.
- Խաշար խութին դեռ մի ամբողջ ժամ օր կա:
ժամանակի զգացողությունը կորցրած մի աքաղաղ կանչում է. հարևանները փեշերը հավաքում են ու գնում: Մնում ենք մենակ: Առաջանում է ներքին լարվածություն: Մայրս սկսում է տեղերը պատրաստել: Ցանկանում եմ կանխել:
- Բան պիտի ասեմ:
- Առավոտ կասես:
- Առավոտ պիտի գնանք,- ու շեշտում եմ վերջին բառը:
- Էլի կգնաս,- նույն տոնով ասում է մայրս:
- Խոսք ունեմ ասելու, նստիր ու լսիր: Դրա համար եմ եկել:
- Հեռախոսով կասեիր, ի՜նչ նեղություն է: Զբաղված մարդ ես, հազար ու մի գործ ունես:
- Կասեիր հարսին՝ նամակ կգրեր: Քո անունից իրա ասելիքը կգրեր:
Խոսելու տոնին նայիր, կարծես ունելիով կսմիթներ է տալիս: Էդ ունելին դիր վառարանի մոտ ու կարգին զրույց արա: Շաքարկոտրին էլ իր ֆունկցիաները ունի: Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ուզում:
- Գալու էր՝ դրա համար էլ եկել եմ,- ջղայնացած ասում եմ ես,- տեղերը հետո էլ կգցես, հիմա մոտս նստիր:
- Պառկած էլ կխոսենք, քառ չեմ,- համառում է:
- Գիտեմ, որ խուլ չես, բայց...
Առաջին ճակատամարտը տանուլ եմ տալիս: Ես պառկում եմ տան միակ մահճակալին, իսկ ինքը՝ մեծ տղայիս հետ, հատակին փռած տեղաշորում:
Պառկելուց առաջ մի քանի փայտ է գցում վառարանը:
- Փայտը վերջացել է,- արդեն պառկած ասում է,- մեր հարևան Օհաննեսին խնդրել եմ մի քանի բեռ բերի: Հին շալվարներիցդ մեկը ուղարկիր, որ տամ իրեն.
- Օհաննեսը պարտավոր չէ, որ քեզ համար միշտ փայտ բերի:
Պատասխանը կտրում-հատում է.
- Էշը ծախել չտայիր, ես կբերեի:
- Գնում ենք վաղը քաղաք: Ընդմիշտ: Քեզ փայտ է՛լ պետք չէ:
- Հա, էնա քաղաքում ինձ են սպասում: Քարտուղար պիտի նշանակեն:
- Այո, քարտուղար ենք նշանակելու՝ մեր երեխաների վրա:
- Ինձ մի երեխա է հասնում, պահում եմ, մնացածն էլ դուք պահեք:
- Երեխան եկող տարի դպրոց է գնում, քաղաքում դպրոց ենք տալու:
- Ի՞նչ է, գյուղում ուսում չկա՞: Թե՞ դու Տրապիզոն ես ավարտել:
- Պատրաստվիր, որ վաղն ավտոբուսին հասնենք:
Արդեն խոր գիշեր է: Լույսը հանգցրել ենք և աստղալույսի կիսամութում խոսքակռիվ ենք անում: Մայրս գիշերվա շապիկով նստում է ոտնատակիս: Ըստ երևույթին, հարևանների հետ ամբողջ զրույցի ժամանակ պատճառաբանությունների մի ամբողջ կոմպլեքս է հնարել: Հարմար տեղավորվելով մահճակալին և ձեռս առնելով կոշտ ափերում, մայրս սկսում է.
- Բալա, գամ քաղաք ի՞նչ անեմ:
- Կապրես մեզ հետ ու գյուղացիների լեզուները կփակես: Հազար ու մի խոսք եմ լսում:
- Հարսը լավ է, խոսք չունեմ, բայց բաներ եմ տեսնում, աչքիս ցավ է տալիս:
- Օրինակ:
- Օրինակ, տղամարդը ինչ է, կնկանը պատկանող գործ անելը՝ ինչ:
- Է՜, մամա, դու էլ բան գտար խոսելու: Կինն էլ մարդ է, ինձ հավասար աշխատում է:
- Էդպես եք ասում, է՜, որ խիյարը ծուռ է բուսնում: Հիշում ե՞ս, հեռու քաղաք եկած ժամանակ փոքրդ հիվանդացավ: Երեխան կհիվանդանա, էլի: Բայց չէ, հարսը դեղատնից մի խուրջին դեղեր բերեց, թե կտաս երեխային: Ամա տվի, հա՜: Ոչ մի բան էլ չտվի, իսկ երեխան լավացավ:
Ցանկանում եմ առարկել, բայց չի թողնում:
- Ձերը էդ է, որ ուզում ենք մի բան ասել, բերաններս փակում եք: Հերու չէ՞ր, որ ուշացած եկար տուն, շան լափը թափեց գլխիդ: Բա մեր եմ, է՜, աչքիս ցավ է տալիս:
Գիշերը վաղուց կիսվել է: Քունը սկսում է հաղթահարել ինձ, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել: Իրար լավ ենք հասկանում, չի ցանկանում գյուղը թողնել, դրա համար էլ հազար պատճառ է բերում: Լռում ենք:
- Կյանքս էս կոճերի տակ է անցել,- լռությունը ընդհատում է նա: Իմ մեռնելուց հետո քո սրտինը կանես: Իսկ Սուրենին չխլեք ինձնից: Իմ մեռնելուց հետո էլի քաղաք կգա, քաղաքը չփախավ:
Ձայնը դողում է, բայց ես մի կերպ զսպում եմ ինձ ու վերջին հուսահատական փորձը կատարում:
- Դու էլ կգաս քաղաք, երեխան էլ: Վճռված է: Այստեղ անելու բան չունես:
Մորս ձայնը նորից է դողում:
- Ես, ասենք, եկա, բա քո հոր ոսկորները գերեզմանում չե՞ն տնքա, բա չի ասի՞, որ իրեն մենակ եմ թողել:
Ձեռքիս վրա զգում եմ մորս տաք արտասուքը: Այլևս սիրտս փլվում է: Մի ժամանակ հորս շեն տունը գյուղում մատով էին ցույց տալիս: Հիմա մնացել է մայրս ու մեծ տղաս: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս պատասխանեմ: Ընկնում եմ անելանելի վիճակ... Մի վերջին փորձ եմ անում.
- Չես ուզո՞ւմ քաղաք գալ, Սուրեն:
Վերջինս նայեց վեր և պատերազմում զոհված եղբոր պես ձախ հոնքը բարձրացնելով, ասաց.
- Չէ, գյուղը լավ է:
Սա եղավ վերջին կաթիլը: Ակամա նայեցի մորս՝ բավականության մի լույս էր սահում դեմքով: Արմատը չի չորանում: Այդ արմատը այս հողում է թաղված, որ խարխափելով որոնում է կենսատու երակներ, որ նոր ուժ ձեռք բերի, որ նոր շյուղ ընձյուղվի: Անսպասելի պարզ զգացի, որ մայրս ու որդիս իրար ավելի հարազատ են, քան ինքս: Չիմացա՝ ուրախանամ, թե՝ տխրեմ: Մի ինչ-որ կարևոր բան փոխվել էր և ես չեմ կարող ազդեցություն գործել: Ինչպե՞ս եղավ: Ինչո՞ւ եղավ: Լա՞վ է, թե՞ վատ է:
Քիչ անց գյուղամիջում լսվեց ավտոբուսի ազդանշանը: Նա շտապեց այնտեղ՝ մոռանալով իր հետ վերցնել երեխաների համար պատրաստած մոր կապոցը:




ՄՈՌԱՑՎԱԾ ԲՈՒՐՄՈՒՆՔՆԵՐ

- Ի՜նչ անկարգ մարդիկ են,- քնաթաթախ փնթփնթաց տիկին Ամալյան: - Գոնե հանգստյան օրը թողնեին քնենք:
Զինավորը մտքում համաձայնվում է կնոջ հետ, բայց լռում է, որ չբորբոքի նրան: Զինավորը կողքանց նայում է Ամալյայի դեմքին և տհաճությամբ շրջվում: Քսուքի և դիմափոշու բուրմունքները վանող էին:
Հարևան սենյակից ծիծաղը մի նոր համազարկ պայթեց:
- Երկու կոպեկի համար մի տարի պիտի տանջվենք:
Զինավորը համաձայն չէ: Յուրաքանչյուր ամիս 35 ռուբլի, մի տարվա մեջ՝ 420՝ առանց եկամտահարկի: Քիչ փող չի: Նա ամեն ամիս կանոնավոր վերցնում է տան վարձը և մտցնում խնայդրամարկղը: 180 ռուբլով Ամալյայի համար մորթե վերարկու կգնի, իսկ մնացածով կբուժի ստամոքսի խոցը՝ երևի Կիսլովոդսկում: Վաղուց կատարված հաշիվներ են: Զինավորը մի պահ պատկերացրեց առողջարան գնալու գայթակղիչ հեռանկարները և երանությամբ հորանջեց: Մի ամսվա կյանք՝ առանց Ամալյայի, առանց իրար հաջորդող օրերի միապաղության, որ արդեն քսան տարի՝ դեմքը թթվեցրած կուլ է տալիս Զինավոր Թավադովիչը:
Այնուամենայնիվ, կենվորները համը երբեմն շատ են հանում: Դա մաքուր ճշմարտություն է: Ի՞նչ անենք, որ նրանք համագյուղացիներ են: Որ Լեռնաղբյուրից են՝ պիտի չարաշահե՞ն իր համբերությունը: Անհրաժեշտ է մի կերպ հասկացնել տալ, բայց այնպես, որ չվիրավորվեն: Փոքր երեխաներ չեն, ամեն մեկը մի ընտանիք է ղեկավարում, Սուրենը նույնիսկ գյուղսովետի նախագահ է եղել:
Նորից մեկը ծիծաղեց, մյուսները միացան նրան: Ծիծաղում են կոշտ-կոպիտ, բարձր:
Ամալյան 5-րդ դեղատան լաբորատորիայի վարիչն է: Զինավորը խնայդրամարկղների միավորման պետն է: Կնոջ դրույքը 120 ռուբլի է, ինքը ամսական ստանում է 145 ռուբլի: 150-ը, այնուամենայնիվ, ավելի լավ է հնչում: Խոսքն, իհարկե, հինգ ռուբլու մեջ չէ, վերջին հաշվով Զինավորն այդքան մանր չէ, բայց հարյուր հիսունը, իրավ, վատ չի հնչում: Զինավորին թվում է, որ այդ հինգ ռուբլին խղճալով են ավելացրել: Դա նվաստացուցիչ է:
Կինն ականջները սղոցում է.
- Ջրաքիսի մուշտակ եմ ուզում:
Դեղատան վարիչն ունի, իսկ Ամալյան ինչո՞վ է պակաս նրանից: Ամալյան նույնիսկ համալսարանական կրթություն ունի, իսկ դեղատան վարիչն ընդամենը երկամյա դասընթացներ է ավարտել: Ամուսինը վիրաբույժ է, ահագին փող է ստանում: Եվ նախանձեց, որ ինքն էլ վիրաբույժ չէ: Ընդամենը դրամակղների միացյալ վարչության պետ:
Դարձյալ ծիծաղեցին:
- Հետաքրքիր է, ո՞ւմ վրա են ծիծաղում:
- Երևի անպիտան Աշոտի:
- Չեմ հասկանում...
- Աշոտը բոլորից բարձր է ծիծաղում:
- Անհասկանալի է,- և Ամալյան վերմակով ծածկեց գլուխը:
Անհասկանալի է: Եվ չես էլ հասկանա, բավականությամբ մտածեց Զինավորը: Գյուղում չես ապրել՝ չես հասկանա: Գյուղացիներն ավելի սրամիտ մարդիկ են, քան քաղաքացիները, իր համար անսպասելի եզրակացրեց Զինավորը և ներքուստ հպարտացավ, որ ինքը գյուղում է ծնվել: Չնայած վաղուց է թողել գյուղը, բայց կարող է գնահատել իսկական հումորը՝ հաճախ կոպիտ, անպարկեշտ, բայց շատ սրամիտ: Նա երբեմն իրեն թույլ է տալիս կատակել Սոնիկի հետ: Հիմնականում, երբ պարգևային է ստանում: Սոնիկն իրենց գանձապահն է՝ թխլիկ-մխլիկ մի աղջիկ: Ամալյայի մորաքրոջ աղջիկն է:


*  *  *

Կենվորները գոտկատեղից մերկացած, սառը ջրով լվացվում էին: Նայելով նրանց, Զինավորը տհաճ ցուրտ զգաց:
- Բարի լույս, Զինավոր Թավադովիչ, միացիր,- ասաց Զորայրը, դույլի մնացած ջուրը շրջելով Աշոտի մեջքին:
- Իմ ժամանակները դրա համար անցել են:
Նա դուրս է եկել, որ տղաներին զգուշացնի, իհարկե, այնպես, որ նրանք չվիրավորվեն, վերջին հաշվով 420 ռուբլին քիչ փող չէ, բայց փողը՝ փող, հանգիստն էլ՝ հանգիստ, պետք է նրանք հասկանան այդքանը:
- Շուտ եք վեր կենում,- զգույշ նկատեց նա:
- Գյուղացին այդպես է, հավերի հետ քնում է, հավերի հետ արթնանում:
- Դե, ես այդ գիտեմ, ինքս էլ, գիտեք, գյուղում եմ ծնվել,- անտեղյակ չերևալու համար նկատում է Զինավորը, և իսկույն իրեն բռնում է այն մտքի վրա, որ շեղվում է հիմնական թեմայից: Քիչ մտածելուց հետո նա փորձում է հարցին այլ կողմից մոտենալ.- Առավոտյան լիքբերան ծիծաղում էիք,- Զինավորը բավականությամբ շեշտում է գյուղացու բառը՝ լիքբերան,- ուզում էի գալ, մեկ էլ ասացի՝ չխանգարեմ:
- Գայիք, էլի,- ջրով լի դույլը տալով Հովիկին, Զորայրը սկսեց լվացվել,- ծիծաղից կոտորվեցինք:
- Մեռնի Աշոտի գլուխը,- զրույցին խառնվում է Հովիկը,- էնքան ծիծաղեցինք, որ երևի սրտի արատ ստացա: Աշոտ, պատմիր Զինավոր Թավադովիչն էլ իմանա:
Ցուրտ է, ո՞վ գլուխ ունի, դժգոհությամբ մտածում է Զինավորը, բայց գնալն էլ անքաղաքավարի կլինի: Գոնե վերարկուս առնեի վրաս:
- Դե լավ, էլի, ինձ խայտառակ չեք անելու,- իբր թե դժգոհում է Աշոտը:
Զորայրը, լվացվելը կիսատ թողնելով, բավականությամբ նայեց Աշոտին՝ սպասելով նրա պատմությանը: Գոնե թաց սրբիչով մեջքը սրբեր, տագնապով մտածում է Զինավորը և ցանկանում դիտողություն անել: Բայց հետո հրաժարվում է այդ մտքից, կարող են ձեռ առնել: Անցյալ օրը մի խոսակցություն լսեց և կարծես իր մասին էր:
- Իր տարիքից մեծ է երևում:
- Սիրուն կին ունենալը ծանր բան է:
- Ծանր է, բայց կնոջ որակը տեղն է...
Դա կարծեմ, Հովիկի դիտողությունն է: Անպատկառ:
- Մի ամիս առաջ կինոյից վերադառնում էի տուն,- իր պատմությունը սկսեց Աշոտը: - Սպորտային խանութի մոտ նկատում եմ, որ երկու տղա՝ հարբած, շրջապատել են մի աղջկա:
- Բաց թողե՛ք գնամ, ես ձեզ հետ գործ չունեմ,- արտասվելով բողոքում էր աղջիկը:
Մոտենում եմ աղջկան եւ, թևը բռնելով, հարցնում.
- Ի՞նչ է եղել:
- Իսկ դու ո՞վ ես,- սպառնագին հարցնում է տղաներից մեկը:
- Իմ սիրած աղջիկն է,- ասում եմ և աղջկան հայացքով հասկացնում, որ չհակաճառի:
- Եթե սիրած աղջիկդ է, համբուրվեք:
Այստեղ ես շփոթվում եմ: Բայց մեկ էլ հանկարծ հիշում եմ, որ մեր գյուղում Սեյրան եմ խաղացել, հորեղբորս նշանածն էլ Սուսան էր: Ամեն անգամ թատրոն տալիս՝ եղբայրս զգուշացնում էր. Աշոտ տղա, եթե իսկականից համբուրեցիր, բեմից կգցեմ ցած: Ու հրահանգ է տալիս՝ մինչև հինգը հաշվելը ձեռքդ դիր թշին ու համբուրիր: Պատվիրում էր ու բեմի ետևից հաշվում՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ:
- Զինավոր,- ձայն տվեց տիկին Ամալյան,- ներս եկ, ցուրտ է:
Զինավորը, սակայն, մոռացել է ցրտի մասին: Անուշադրության թողնելով կնոջ դիտողությունը, նա անհամբերությամբ հարցրեց.
- Հետո՞:
- Հետո ինչ, ձեռս դնում եմ աղջկա թշին մեկ-երկու՝ համբուրում: Աղջիկը չի էլ հասցնում ուշքի գալ: Մութ էր, տղաները չիմացան, որ ստից եմ համբուրում: Էհ, կյանքումս դեռ իսկականից ոչ մի աղջկա չեմ համբուրել,- Աշոտը այնպիսի կոմիկական լրջությամբ ասաց, որ տղաները նորից բարձր-բարձր ծիծաղեցին: Զինավորն էլ նրանց հետ: Ամալյան գլուխը հանեց դռան միջից և, նկատելով, որ ամուսինն էլ նրանց հետ քահ-քահ ծիծաղում է, արհամարհանքով նետեց.
- Խևը-խևին հանդիպեց, ճակատը մի թիզ լայնացավ:
- Աղջկան ուղեկցում եմ տուն,- շարունակում է Աշոտը,- ճանապարհին սա սկսում է ծիծաղել՝ հա, հա, հա... քիչ է մնում մարդ էշանա: Վայ թե ինձ ձեռ է առնում, մտածում եմ ես, իսկ նա՝ հա, հա, հա՝ ծիծաղում է...
- Ինչո՞ւ ես ծիծաղում,- հարցնում եմ:
- Դու,- ասում է,- մազալու տղա ես:
Հանկարծ մի ուժեղ միտք գլուխս լուսավորում է՝ երևի, վատ վարքի աղջիկ է, ասում եմ մտքումս ու պոկ գալիս: Փախչելն էլ մի տղամարդկություն է:
- Այդ մեկում հորդ ես քաշել,- նկատում է Հովիկը:
- Բա ո՜նց,- հպարտ-հպարտ ասում է Աշոտը: - Զինավոր Թավադովիչ, քո կարծիքով ճի՞շտ եմ արել, թե՞ չէ:
- Զգուշության գլուխը չի ցավում,- հանդիսավորությամբ ասաց Զինավորը ու սկսեց մյուսների հետ ծիծաղել,- վա՜յ, քո ինչն եմ ասել, Աշոտ...
Տղաները լվացվելը վերջացրին:
- Զինավոր Թավադովիչ, գնանք միասին նախաճաշ անենք, Լեռնաղբյուրի լավ արաղ ունենք,- առաջարկեց Սուրենը:
- Սիրով, բայց տղաներ, ստամոքսի խոց ունեմ, ինձ չի կարելի:
- Թթի արաղը իսկական դեղն է,- վրա բերեց Հովիկը:
- Անհարմար չի՞,- պնդեց Սուրենը,- մի հարկի տակ ապրում ենք, բայց իրար կարգին չենք ճանաչում: Դեռ համագյուղացիներ ենք կոչվում:
Տղաները Զինավորին զոռով քաշ տվեցին իրենց մոտ: Սեղանին մոթալի պանիր դրին, թոնրահաց, այծի խաշլամա, ցանկացան ձկան պահածո բերել, բայց Զինավորը վճռական արգելեց.
- Քաղաքի բաները պետք չեն:
Նա մի կտոր թոնրահաց վերցրեց ու սկսեց հոտ քաշել: Մի պահ նա հիշեց վաղուց մոռացած մանկությունը, երբ ինքը ծերատ հաց էր դնում պայուսակի մեջ, կողքից մածնաքսակը կախում ու գնում հանդ:
- Հիշո՞ւմ ես անցած օրերը,- նկատեց Սուրենը:
- Հին ու լավ ժամանակներ,- բացականչեց Զինավորը: - Ես վաղուց եմ հեռացել Լեռնաղբյուրից, նույնիսկ չգիտեմ, թե իմ հարազատներից ով է մնացել գյուղում: Հիմա գյուղի հետ ոչ մի կապ չունեմ,- տխրությամբ, թե ափսոսանքով ասաց նա:
- Զինավոր Թավադովիչ,- բաժակը նրա բաժակին խթելով ասաց Սուրենը,- բարի լույս:
Զինավորը սթափվեց մտքերից ու նայելով լիքը լցված բաժակին, սարսափեց: «Ինքնասպանություն է, ստամոքսի խոցը կբացվի, մտածեց նա, արդեն չորրորդ տարին է, որ ոչ մի տեսակի...»: Բայց Հովիկը չթողեց, որ Զինավորը շարունակի միտքը:
- Զինավոր Թավադովիչ, խմիր, ես պատասխանատու եմ:
Զինավորը նրա ձայնի մեջ թեթև ծաղր որսաց: Ինչ լինելու է, թող լինի, մտքում վճռեց նա ու բաժակը միանգամից դատարկեց, ինչպես պատանին, որ առաջին անգամ օղի է խմում: Թող չիմանան, որ ես ուրիշների նման «ջենտելի-մենտելի» քաղաքացի եմ, մտքում ասաց նա ու բաժակը հանդիսավորությամբ դրեց սեղանին:
- Կեցցես, Զինավոր Թավադովիչ, հին խմող ես երևում:
Շանորդիներ, առանց ձեռ առնելու չի լինի: Լեռնաղբյուրեցու հակառակության ոգին շարժվեց նրա մեջ, ընկել եմ, պիտի ձիգ տամ՝ հաստատ վճռեց նա:
Չորրորդ ամիսն է, որ նրանք ապրում եմ Զինավորի տանը: Ամբողջ չորս ամիս նա տանում է այդ լակոտների լուռ ծաղրը: Ինչ է, ինքն իրավունք չունի՝ առավոտները կնոջ վերարկուն խոզանակով մաքրելու, կամ ինչո՞ւ պետք է Ամալյայի կոշիկները փայլեցնի նրանցից թաքուն: Հիմա էլ այս հյուրասիրությունը: Ինքը հո գիտի, որ լեռնաղբյուրցիները սիրում են մարդկանց ձեռ առնել, առատ հյուրասիրում են ու ձեռ առնում:
Զինավորը, անկախ իրենից, ստանձնեց քննություն տվողի դեր, որ ապացուցի իր մարդկային լիարժեքությունը, լեռնաղբյուրեցու լիարժեքությունը: Նա մոռացավ, որ ինքը խնայդրամարկղների վարչության պետն է, իսկ նրանք՝ գյուղից եկած կոշտ-կոպիտ տղաներ, որ ցանկանում են մի քանի կտոր գիտելիքներ ստանալ որևէ տեխնիկումում... Ինքը համալսարան է ավարտել, կարող է դաս տալ նրանց դասատուներին էլ:
Տղանները՝ անտարբեր նրա ներքին խռովքին, ախորժակով խփշտում էին նախաճաշը: Դա մի քիչ հանգստացրեց նրան: Վերջապես ինչո՞ւ եմ չեղած մտքեր վերագրում նրանց, մտածեց Զինավորը և ինքն էլ վրա պրծավ ուտելիքին: Հեղուկը հաճելիորեն տաքացրել էր ներսը ու գրգռել ախորժակը: Նա թեթև ու հաճելի գլխապտույտ էր զգում:
- Հին հույները ձեզ նման կենսախինդ տղաներին ասում էին՝ բարի աղիքներով մարդ, իմունք փտած են, բայց բավական է ինչքան ինձ զրկեցի,- և վճռականությամբ ձեռքը թափ տվեց:
Զինավորի խոսելու տոնը դուր եկավ տղաներին: Զինավորը դա իսկույն զգաց: Իսկ Հովիկը օգտվելով հարմար պահից, բաժակները նորից լցրեց: Զինավորը խմեց երկրորդ բաժակն էլ, խմեց ուզենալով-չուզենալով, խմեց և մյուսների պես չփչփացրեց, փսփսացրեց: Նա մոռացավ բժշկի, իսկ բժշկից ավելի խիստ՝ կնոջ պատվերը՝ ոչ մի գրամ...
- Տղաներ,- անսպասելի տեղից բարձրացավ Զինավորը՝ ձեռքն առավ լիքը բաժակը ու շարունակեց.
- Ես խմում եմ ձեր կենացը, ես... մեր Լեռնաղբյուրի կենացը...
Զինավորը մոռացել է տարիներով մշակված այն հավասարակշռությունը, որ մարդկանց վրա պատկառանք է ազդում: Եվ նա ուրախ է դրա համար. պղտորված գիտակցությամբ հասկացավ, որ այդ շինծու հավասարակշռությունը մի ծանր բեռ էր, որ տարիներ ի վեր ու կամավոր կերպով կրում է իր վրա: Ավելորդ բեռ...
- Ա՜խ, ինչ բան է գյուղը, դուք գիտե՞ք, թե ինչ բան է գյուղը... Դուք դա չեք իմանա... Գյուղի, մեր Լեռնաղբյուրի համն ուրիշ է... Ես այսօր ձեզնից գյուղի համն առա, շնորհակալություն...
Նա մի երկվայրկյան կանգ առավ, ինչ-որ բան մտածեց և ասաց: - Գյուղը... ես մեր գյուղի անունին մեռնեմ, մեր սարերի, մեր ձորերի...
Անսպասելի ներս մտավ տիկին Ամալյան, Զինավորը բաժակն իսկույն դրեց սեղանին: Տղաների դեմքին կարեկցական ժպիտ երևաց, որ աննկատելի չմնաց տիկին Ամալյայի աչքից: Նա լուռ մոտեցավ ամուսնուն և թևից բռնելով թշշաց.
- Գնանք:
Զինավորը լուռ հնազանդվեց, ինչպես չարություն արած երեխա: Դռների մոտ նա շրջվեց, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց չասաց:
- Խեղճ մարդ,- Զինավորի գնալուց հետո կարեկցանքով ասաց Զորայրը:




ԵԹԵ ԿԻՆՍ ՀԱՄԱՁԱՅՆԵՐ...

Փողոցի մեջ Վարոսը գիրկն է առել իր համագյուղացի Վազգենին ու բաց չի թողնում: Անցորդները նայում են նրանց ու տարակուսանքով ուսերը թոթվում.
- Խելագարվե՞լ են...
- Խելագարվել են, ինչպես չէ: Նրանց հոգսն է, թե եկող-գնացողը ինչ կասի:
- Այ տղա, թող մեր սարերի հոտն առնեմ, է՜,- Վարոսը նորից է Վազգենին գրկի մեջ սեղմում, գլուխը դնում նրա կրծքին ու խոնավ աչքերը քսում Վազգենի նավթալին բուրող բաճկոնին:
- Է՜, ո՞նց ես, է՜:
- Ոչինչ, էլի: Դու ո՞նց ես:
- Է՛հ,- Վարոսը թափ է տալիս ձեռքերը,- կամաց-կամաց՝ ոտի վրա:
Նա նայում է Վազգենին ու հիշում իրենց գյուղը, մանկության օրերը: Ցանկանում է լսել Վազգենի խոսքը և նրա ձայնի մեջ որսալ նոր հնձած խոտի բուրմունքը, քրտնած ճակատին զգաց Դրախտի ձորի շնկշնկան հովերի պաղությունը: Շորի ցածր ցորենը հնձում էին և իրիկնադեմին իջնում թթի այգիները: Արդեն մթնած բարձրանում էին գյուղ: Ճանապարհին պահվում էին Մեծ քարի ետևը և ջահել հարսներին վախեցնում:
- Էլ ո՞նց ես, է՜, պատմիր, խոսիր լսենք...
Իսկ Վազգենը աչքերը դեսուդեն է գցում: Մի լողլող տղա, շունը ետևից գցած, գնում է: Վազգենն այդպիսի շուն չէր տեսել՝ բուրդը գեշ-գեշ վրայից կախ, փորը մեջքին կպած, ոտքերը երկա՜ր-երկա՜ր: Օհաննեսի Կատաղածի բերանը գցես, կգզի, հա՜... - Ու նա բավականություն է զգում, որ Կատաղածին չի դիմանա պահած-խնամած այդ շունը: Վարոսը թևից քաշում է՝
- Ի՞նչ ես աչքերդ պլշել, գյուղից պատմիր:
- Է՛հ, գյուղ է, էլի, առաջվանն է, ի՞նչ պատմեմ: Դու ինձ բացատրիր, թե ինչո՞ւ են քաղաքի կնանիքը սիրուն:
- Բանիդ կաց,- Վարոսը ձեռքը թափ է տալիս,- դու գյուղից պատմիր: Ծառեխի ծմակի ճոռանը մնո՞ւմ է: Հիշո՞ւմ ես ոնց թրմփացի, մինչև հիմա ոտս ցավում է: Նայիր, կոտրածը ծուռ է աճել,- Վարոսը փողոցի մեջտեղը շալվարի փողքը բարձրացնում է մինչև ծունկը ու ցույց տալիս ծուռ աճած ոսկորը:
- Վարոս, ամիսը քանի՞ ռուբլի փող եք տալիս տրամվայի:
- Ո՞վ է հաշվել:
- Կլինի՜ մի հիսուն:
- Տրանսպորտի վրա տասը-տասնհինգ ռուբլի գնում է:
- Բա շատ չի՞:
- Փող է, էլի՛,- անտարբեր ասում է Վարոսը:
Իբր թե նրա համար փողը նշանակություն չունի: Իբր Վազգենն էլ խաբվեց: Քաղաքում ամեն կոպեկ հաշված է: Գյուղացու բանը հեշտ է, կարևոր չի փողը. հացը՝ տանը, թացանը կա, հավ-ճիվ, անասուն: Փող է պետք, կես տոննա ցորեն ծախիր, ձու ծախիր, մի խոզ պարան տուր:
- Վազգեն, Շորում էլի մանուշակը շո՞ւտ է բացվում: Հիշո՜ւմ ես, որ Շորից մանուշակ քաղեցինք Կոմունարի համար, որ տա Ծովիկին: Հիմա ի՞նչ է անում:
- Քոլուտում մարդու է գնացել ու բաժանվել: Երկրորդ մարդն էլ անցյալ տարի մահացավ: Կնկա համար ամիսը քանի՞ ռուբլու ներկ ու փոշի է հարկավոր: 
Եվ այսպես, Վազգենը՝ իբր թե միամիտ, իբր թե անհասկացող, ձեռ է առնում քաղաքի բաները ու դրանից բավականություն ստանում:
- Է՜,- դժգոհում է Վարոսը, որ չի կարողանում Վազգենից գյուղի մասին կարգին խոսք լսել: - Գիտես ինչ, գնանք տուն, հաց կուտենք, մի քիչ զրույց կանենք, գիշերն էլ կմնաս մեզ մոտ:
- Մի քիչ ման գանք, հետո:
Վարոսը, ճարահատյալ, համաձայնում է:
Մարդիկ գրասենյակներից, հիմնարկներից, գործարաններից դուրս են թափվել ու շտապում են ուր որ: Տունը չփախավ, կհասնեն, էլի, ինչո՞ւ են վռազում, մտածեց Վազգենը: Մի տեսակ սրտնեղեց մարդկանց շատությունից և այն բանից, որ բոլորն էլ դիվոտածի պես իրար հրմշտելով, իրար խանգարելով վազում են: Կարծես ինչ-որ բանից ուշանում են: Դիմացից մեկը գալիս էր՝ փորը իրենից մի վերստ առաջ: Վազգենն իրեն ավելի փոքրացած ու նիհար զգաց: Անծանոթի կռնատակին ցելոֆանի փաթեթ կար: Նա պարզ տեսնում էր փաթեթի մեջ կանոնավոր դասավորված երշիկը, կարագը, հացերը: Տեսնես որտե՞ղ է աշխատում, մտածեց նա, նայելով նրա սպիտակ պարանոցին, մաքուր սափրած լիքը թշերին ու սպիտակ փափլիկ ձեռքերին: Ոնց որ երեխայի ձեռքեր՝ ոսկորը մսի մեջ կորած: Եվ ակամա նայեց իր ձեռքերին՝ կոշտ, ճաքճքած:
- Մտնենք մի խաղաղ փողոց,- խնդրեց Վազգենը:
Մտան այգի: Այստեղ խաղաղ էր: Տատիկներն իրենց թոռներին դուրս էին բերել զբոսանքի, ջահելներն անհոգ քայլում էին, երկու հոգի՝ քիթ-քթի տված, քաղցր զրուցում էին: Իրար ձեռք բռնել՝ բաց չէին թողնում:
- Մարդ ու կին կլինեն,- իբր թե կասկածանքով, հարցրեց Վազգենը:
Վարոսը անորոշ թոթվեց ուսերը:
Վարոսը քահ-քահ ծիծաղեց.
- Քաղաքը մեծ է, ով է ում ճանաչում:
- Տղամարդու գործը դժվար է քաղաքում,- բավականությամբ եզրակացրեց Վազգենը:
- Գնանք նստենք, ուրիշի դարդը մեզ չեն տվել,- առաջարկեց Վարոսը և մոտեցավ լճակին շատ մոտ նստարանին: - Վազգեն, դու գյուղից պատմիր, ի՞նչ կա, ի՞նչ չկա, մեռնող-ապրող: Բադունց Ազին դեռ կենդանի՞ է:
- Մեռներ՝ լավ է:
- Ինչո՞ւ:
- Տղան նոր տուն է կառուցել ու տեղափոխվել: Ազին մնացել է հնում: Աչքերը չեն տեսնում, խնամող չունի: Հարսը չի նայում: Աղջիկը՝ Վարսենն է առավոտ-իրիկուն մի աման կերակուր տանում:
- Միշան մորը չի նայո՞ւմ, էլի՜: Գյուղսովոտ, բանը ի՞նչ են ասում:
- Գյուղսովետի քույրը Միշայի կինն է,- ասաց ու ելավ տեղից:
- Ո՞ւր:
Վազգենը ձեռքերով նշան արեց՝ սպասիր, գալիս եմ: Նա մոտեցավ քիչ հեռվում կանգնած երկու դռնապանի, որոնք զրուցում էին ու տգեղ-տգեղ ծիծաղում: Վազգենը մոտեցավ, նայեց ու ետ եկավ:
- Ի՞նչ է եղել:
- Ուզում էի իմանալ, թե քաղաքի ցախավելը ինչպե՞ս են կապում:
- Իմացա՜ր,- ժպտաց Վարոսը:
- Մերի պես է, բայց մենք ցախավելը գիլմասրի հոռով ենք կապում:
Վազգենը նկատեց լճակի մեջ, ափից քիչ հեռու լողացող մի մեծ գերան: Ահագին տախտակ կստացվի, մտքում որոշեց նա:
- Էդ գերանը պիտի ջրում փտի, փչանա, էլի՜,- ձեռքով ցույց տալով, ասաց նա: Պատասխան չստանալով՝ ավելացրեց,- Ափսոս չի՛ ապրանքը:
Իսկ Վարոսի մտքից Ազին չի հեռանում:
- Լավ, Միշայի կինը գյուղսովետի նախագահի քույրն է, հասկացանք, իսկ կոլխոզի նախագահն ի՞նչ է մտածում:
- Նախագահը նոր մարդ է, Կուքանի Վահան տղան:
- Նախկինին ի՞նչ է եղել:
Լսելով Վանու և նախկին նախագահի պատմությունը, Վարոսը սկսեց ծիծաղել: Վանին էլի նույնն է:
- Այ թե ինչ եմ ասել,- արցունքները սրբելով, ասաց նա: Քիչ լռեց, հետո տխուր ավելացրեց. - Գյուղը լավ է, էլի: Մեկ-մեկ սիրտս այնպես է մեր Լեռնաղբյուրն ուզում... Տասը տարի չեմ եղել գյուղում:
- Եկ, էլի, արձակուրդ վերցրու՝ եկ: Դրախտի ձորում մի լավ քեֆ կանենք: Աշնանը եկ, մրգի ժամանակը, մաճառ էլ կխմենք:
- Գիժ մաճառ խմենք ու մենք էլ գժվենք,- երանությամբ ասաց Վարոսը: - Կինս հիվանդ է՝ սիրտն է, պիտի Կիսլովոդսկ գնանք:
- Հա, Կիսլովոդսկ լավ կլինի:
- Լավ է, չէ՜, ոտեր: Հազար Կիսլովոդսկ մեր գյուղի հետ չեմ փոխի: Ես ուզում եմ մշտապես գյուղ գալ: Եթե կինս համաձայներ, կգայի:
- Կինդ ո՞վ է, հո մեր կողմերի՞ց չէ:
- Չէ, քաղաքից է:
- Որ քաղաքից է, չի գա: 
- Ինչո՞ւ:
- Չի գա,- Վազգենը քիչ մտածելուց հետո ավելացրեց,- գյուղում ապրող քաղաքացի տեսած չկամ:
Մեկն օրորվելով անցավ: Ցանկացավ աստիճաններով բարձրանալ, բայց սայթաքեց ու հասակով մեկ մեկնվեց աստիճաններին:
- Տեսնես քաղաքո՞ւմ են շատ խմում, թե՞ գյուղում:
- Քաղաքում շատ են խմում,- համոզված ասաց Վարոսը:
- Ինչի՞ց է:
- Ժամանակը շատ է: Վերցրու թեկուզ ինձ: ժամը չորսին աշխատանքից գալիս եմ տուն: Մեզ մոտ գարեջրի կրպակ կա, ընկերներով հավաքվում ենք, մեկ-երկու շիշ խմում, երկուսը չորս է դառնում... Գյուղում լիներ, տնամերձը կմշակեի, հանդից մի բեռ խոտ կբերեի, մաքուր օդին ման կգայի: Գյուղն ափսոս չի՞...
Վարոսի աչքերում վաղուց ծվարած, թաքնված կարոտը մեկեն պայթեց: Երևի գործերը լավ չեն, չհասկացավ Վազգենը: Վազգենը կհասկանա՞ր Վարոսին... Գյուղի տղան Մոսկվա էլ գնա գյուղն իր հետ տանում է: Սրտի մեջ: Իր հուշերում: Եվ այդ հուշերը դառնում են կարոտ, որ գնալով մեծանում-մեծանում են: Վարոսը հառաչանքի պես շշնջաց.
- Եթե կինս համաձայնե՜ր... 




ՃԱՆԱՊԱՐՀԸ ՁՅԱՆ ՏԱԿ

Վարուժանը մեքենան արգելակեց, իջավ խցիկից և բաճկոնի թևքով սրբեց առջևի ապակիները: Նա այսպիսի ձյուն չէր տեսել. մեկն ասես բարձրացել էր Աստծո կտուրը ու ձյուները թափում էր ցած: Մեքենայի ավլիչը չի հասցնում ապակիները մաքրել: Վայ քո տիրոջ սիրեկանը մեռնի՜, Գուրգենի խոսքերով տրտնջաց նա, մեռնի, հա՜... Ու ձեռքերը լայն տարածելով, քաղցր հորանջեց, թոքերը լցվեցին սառն օդով և աղմուկով արտաշնչեց: Հետո տրորեց հոգնած աչքերն ու բարձրանալով խցիկ, միացրեց արագության հաղորդիչը:
Վարուժանն աշխատում էր ետ չմնալ Գուրգենից. մութ էր, ձյունը ծածկել էր ճանապարհները: Չորս կողմ ամայի տափաստանն է ծավալվել, ինչքան կուզես գոռա, մարդ չկա, կենդանի շունչ չկա: Ամեն ինչ մեռած է, միայն առջևի մեքենան է շարժվում և մեկ էլ երկնքից կախված ձյունի պարանները, որոնք օրորվում, օրոր են ասում՝ նա՜յ-նա՜յ անում և աչքերդ լցնում քնով: Լուսարձակը 10-12 մետրից ավել չի լուսավորում, դրա համար էլ չէր ուզում առջևից գնացող Գուրգենից ետ մնալ: Թե չէ՝ մեկ էլ տեսար մոլորվեցիր անտուտ, անվերջ տափաստանում: Կգնաս, ու ետ կգաս քո նախկին տեղը, ոնց որ ցցին կապած ձի:
Առավոտյան շրջկենտրոնից զանգեցին գյուղ: Ոչխարները մնացել են առանց կեր, ասացին, շուտ կեր հասցրեք:
Կարգին էլ չնախաճաշեց: Մայրն ուզում էր ուտելիք դնել, չթողեց: Ու փոշմանեց: Մի երեք ժամից հետո գառան խորոված ենք ուտելու՝ ասել էր ու կապոցը ետ տվել մորը: Վարուժանը քաղց զգաց: Գուրգենն ուտելու բան կունենա: Է՛հ, ինձ ի՞նչ, ունենա էլ, նրա ձեռքից պատառ չի վերցնի: «Սովից մեռնեմ էլ, չեմ վերցնի»: Նա թարմ թոնրահացի հոտ զգաց: Տաք-տաք թոնրահաց՝ մեջը ոչխարի պանիր: Եվ մտապատկերն այնպես իրական թվաց, որ չկարողացավ թուքը պահել: Քաղցը վանելու համար, Վարուժանը սկսեց ուրիշ բաների մասին մտածել: 
Իսկ ձյունն առատ գալիս է: Լուսարձակից ելած լույսի խուրձերում փաթիլները ճերմակ-ճերմակ փայլփլում են, խաղում ու փափուկ նստում հողին: 
... Իր կողքին Մանիկն է: Նստել է ու ժպտում է մանրիկ: Այնպես դուրեկան է ժպտում, որ ինքն էլ է սկսում ժպտալ: Իսկ տափաստանը վերջ չունի. գնում են գնում և չգիտի, թե ուր են գնում, ինչու են գնում: Միայն գիտի, որ հաճելի է այդպես, որովհետև Մանիկն իր կողքին է, ժպտում էր մանրիկ ու երազուն: Նա մի ձեռքով գրկեց նրա ուսերը, իսկ մյուսով սկսեց վարել մեքենան: Այդպես լավ է, այդպես լավ է, որ սկսում է մի երգ ծոր տալ՝ մելամաղձիկ, տխուր և պայծա՜ռ-պայծա՜ռ...
- Քունս տանում է,- աչքերը տրորելով, ինչպես երեխա ժամանակ, ասում է Մանիկը :
- Քնիր,- քաղցր ասում է Վարուժանը և նրան ավելի սեղմում կրծքին: Նրա հոգին լցվում է անհասկանալի մի երանությամբ, լցվում է, լցվում է ու չի լցվում:
- Վարո՜ւժ...
- Քնիր, Մանիկ:
- Ես քնեմ, իսկ դու մեքենան վարիր, հա՜...
- Դու քնիր, իսկ ես մեքենան կվարեմ:
- Շուտ չենք տեղ հասնի, չէ՞,- Մանիկը շշնջում է քնկոտ և ավելի հպվում նրան:
- Ոչ, Մանիկ, դեռ ճանապարհ շատ կա: Հարյուր տարի գնանք՝ չի հատնի:
- Վարուժ, ասա՝ ճանապարհը վերջ չունի:
- Վերջ չունի, Մանիկ:
- Դե, ես քնեմ, իսկ դու մեքենան վարիր:
- Շատ լավ, դու քնիր, իսկ ես մեքենան կվարեմ:
Մանիկն ուղղվում է տեղում ու նայում Վարուժանի աչքերին:
- Վթար չի լինի, չէ՞, Վարուժ:
- Չի լինի, իհարկե, չի լինի:
Գնում են այդպես, հետո Մանիկը նորից է ուղղվում տեղում:
- Իսկ ինչո՞ւ վթար չի լինի: Վարուժ, ինչո՞ւ չի լինի:
- Որովհետև դու ինձ հետ ես,- և Վարուժանը գորովանքով գգվում է նրան:
- Ես քնեմ, հա՞,- արդեն քնի մեջ ասում է Մանիկը:
- Քնիր...
Իսկ դրսում ձյուն է՝ փափո՜ւկ-փափո՜ւկ ձյուն: Ոչ ոք չկա: Միայն իրենք են: Գուրգենն էլ չկա: Դրսում փափուկ-փափուկ ձյուն է, մեքենայի խցիկում՝ Վարուժանը, որ սիրում է Մանիկին, և Մանիկը, որ գլուխը թեքել էր իր ուսին ու անո՜ւշ-անո՜ւշ քնել:
Գնում են երկար: Հետո Մանիկն արթնանում է քնից:
- Ուզում եմ ոտքով քայլեմ,- ասում է,- դու չե՞ս ուզում, Վարուժ:
- Քայլենք ոտքով,- համաձայնվում է Վարուժանը:
Իջնում է մեքենայից, և Մանիկը սկսում է վազել:
Վարուժանը մի պահ կանգնում է, նայում նրա հետևից: Բայց հանկարծ լուսինն անցնում է ամպերի հետևը, և մութը պարուրում է ամեն ինչ՝ տափաստանը, Մանիկին: Վարուժանը տագնապում է:
- Մանի՜կ,- կանչում է:
- Ի՜կ,- արձագանքում է խավարը: Հետո լսվում է Մանիկի կարկաչող ծիծաղը, որ գնում է, գնում ու հեռանալով մարում:
- Մանի՜կ...
- Ի՜կ,- արձագանքում է խավարը: Հետո լսվում է Մանիկի կարկաչող ծիծաղը: Հեռվում զնգում է ու մարում:
Վարուժանը նետվում է առաջ, վազում է հասնելու նրան: Բայց ձյունը խորն է, ոտքերը խրվում են ծանր ձյունահյուսքերի մեջ, ընկնում է, նորից վեր կենում, նորից առաջ վազում: Մանիկը չկա:
- Մանի՜կ,- հուսահատ կանչում է նա:
- Ի՜կ,- հեռվից, շատ հեռվից գալիս է տխուր արձագանքը:
Վարուժանը չգիտի, թե ինչ անել, կորցրել է գլուխը, սպառվում են ուժերը, այլևս չի կարողանում ոտքի վրա մնալ: Անզորությունից սկսում է արտասվել, թավալվել ձյուների մեջ, գոռալ ու կանչել.
- Մանի՜կ, Մանի՜կ, Մանի՜կ, Մանի՜կ...
- Ի՜կ, ի՜կ, ի՜կ...
- Ո՞ւր, ո՞ւր ես քշում:
Վարուժանը մեքենայաբար սեղմում է արգելակը:
- Ի՞նչ ես անում, ջարդեցիր: 
Գուրգենն է, որ կանգնել է ճանապարհի վերև ու զայրացած գոռում է:
Վարուժանը տրորելով աչքերը, նայում է առաջ: Իրավ, քիչ էր մնացել խփեր Գուրգենի մեքենային: Նա հանգցրեց մոտորը և իջավ խցիկից:
- Ի՞նչ է եղել:
- Ի՞նչ պիտի լինի, քիչ էր մնացել մեքենայիս զարկվեիր: - Նա քիչ լռեց, ապա մտածկոտ ավելացրեց. - Կարծես ճանապարհը կորցրել ենք: Մութ է, ոչինչ չի երևում, ձյունը ճանապարհները ծածկել է, կողմնորոշվել հնարավոր չէ:
- Հիմա ի՞նչ պիտի անենք:
- Դե, լավ, չենք կորչի, ինձ հետ ես: 
Վարուժանը ներքուստ ջղայնացավ իր վրա, ինչո՞ւ է ցույց տալիս, որ անհանգստանում է: Ինչպես նա, այնպես էլ ես, ինչ կլինի՝ կլինի:
- Քաղցած չե՞ս:
- Չէ, բան-ման կար մոտս, կերել եմ,- ստեց նա:
- Դե ի՞նչ անենք, ինձ հետ էլ կեր, մոտս օղի կա:
- Կեր, ես կսպասեմ: 
Գուրգենը բարձրացավ իր մեքենայի խցիկը: Պայուսակը ձեռքին վերադարձավ: Նա մի հարթ տեղ դասավորեց ուտելիքները ու բաժակը մեկնեց Վարուժանին: 
- Վերցրու:
- Նոր եմ կերել, շնորհակալ եմ, խմելու էլ տրամադրություն չկա:
- Դու գիտես,- օղին լցրեց բաժակը,- լավ լինենք,- ասաց ու մի կումով խմեց: Հետո ոչխարի մսի կտորը դրեց բերանը, հաց, մի պճեղ սոխ, ու սկսեց լիքը բերանով ծանր-ծանր ծամել:
- Նախագահն է մեղավոր, շուտ ճանապարհ դներ, ցերեկով կհասնեինք,- հենց այնպես, մի բան ասելու համար, նկատեց Վարուժանը:
- Նախագահի տեղը մարդ կա՞: Փալասի մեկն է, նրա լսողն ո՞վ է:
Նրա մեքենան էիր վարում, հանեց, դրա համար վա՞տ մարդ է, մտքում հակաճառեց Վարուժանը: Ի՞նչ աներ, այգիներում նուռ, խաղող չթողեցիր, բերիր տունդ: Ստիպված հանեց: Եվ ճիշտ էլ արեց:
- Նախագահը իր կնոջը չի կարողանում ղեկավարել, ի՞նչ մնաց՝ կոլխոզը,- իր միտքը շարունակեց Գուրգենը,- տիկին Փառոն, ասում են, գյուղվարչության գլխավոր ագրոնոմի հետ է: Ամբողջ շրջանն է ասում: Խոսքը մեր մեջ, լավ ապրանք է,- ու չպպացրեց յուղոտ շրթունքները:
Վարուժանը տհաճություն զգաց: Ու խղճաց նախագահին: Աշխատում էր իր համար, չէր ուզում նախագահ գար: Հիվանդ մարդ է, ստամոքսի խոց ունի: Բայց կոլտնտեսականները նախագահությունը զոռով վզին փաթաթեցին:
- Ախպեր, ձեռքովը գալիս է, հալալ է:
- Ում ձեռքից ինչ կա՝ անի՞,- ասաց ու փոշմանեց: Վարուժանն ակամայից կարմրեց, ասաց և զգաց, որ ինքն իրեն ակնարկեց, այն, որ Գուրգենը խլել է իր սիրածին:
- Ասում են՝ հարևանները երկուսին բռնել են տանը,- իր մտքին հետամուտ՝ շարունակեց Գուրգենը,- բայց նախագահի վեջը չի:
Վարուժանը ոչինչ չխոսեց, նրա գլխում մի միտք սկսեց պտույտ գալ՝ օղու շիշը վերցնել ու այս ամայի տափաստանում տալ նրա գլխին ու սատկացնել: Ձեռքիցդ եկավ ու Մանիկին խլեցիր՝ լավ տղամարդություն է: Տղան բանակում ծառայելիս, նրանից աղջի՞կ են խլում: Շունշան որդի:
Վարուժանը իրեն զոռով տարավ իր մեքենայի խցիկը: Ձեռքերը խոր խրել էր գրպանը, որ այնտեղից նրանք դուրս չգան, դուրս եկան՝ դժվար կլինի պահել: Նստեց խցիկում, մինչև Գուրգենը վերջացրեց ուտելը, և ճանապարհ ընկան:
Հետզհետե ձյունը դարձավ ձյունախառն անձրև: Գնալը դժվարացավ: Բանակում ծառայելու ժամանակ իմացավ, որ Մանիկն ամուսնացել է Գուրգենի հետ: Մայիսյան տոներից հետո էր: Հենց այդ օրերին հրամանատարությունը որոշել էր արձակուրդ տալ: Լուրը ստանալուց հետո նա հրաժարվեց արձակուրդից, ասաց՝ հեռու է, միտք չունի գնալ: Հրամանատարը զարմացավ, ուսերը թոթվեց և ուրիշի արձակուրդ տվեց:
Բանակից զորացվելուց հետո գնաց հյուսիս: Չուզեց վերադառնալ գյուղ, ծնողներին գրեց, որ դա պարտադիր է, պետք է երկու տարով աշխատի հյուսիսում ու գնաց: Երկու տարի աշխատեց, ուզեց էլի մնալ, բայց հետո տեղի տվեց մոր թախանձագին նամակներին:
Չորս տարի բացակայելուց հետո վերադարձավ գյուղ: Տանը ոչինչ չխոսեցին Մանիկի ամուսնության մասին, ինքն էլ առիթ չտվեց: Գուրգենին ոչինչ չասաց և ամեն կերպ խուսափում էր Մանիկի հետ հանդիպելուց: Կարծես ոչինչ չէր եղել, միայն հիմա մի քիչ մելամաղձոտ էր դարձել և ավելի լուրջ: Մեծացել է, հասունացել՝ ենթադրեցին: Կարծեցին Մանիկի քայլը նրա սրտին չի կպել: Մայրը նրա նկարները մի օր գցել էր վառարանը, ու Վարուժանը ոչինչ չէր ասել:
Ոչ ոք չգիտեր, որ Մանիկի նկարներից մեկը Վարուժանը պահում է կոմերիտական տոմսի կազմի տակ: Իր հետ բանակ էր տարել, իր հետ բերել: Ութ տարի նկարից անբաժան է: Ութ տարի... Վարուժանը դառը քմծիծաղեց:
Իններորդ դասարանում էր: Գնացել էին կոմերիտական տոմսի համար նկարվելու:
- Չե՞ք ուզում միասին նկարվել,- առաջարկել է լուսանկարիչը:
Նրանք իրար էին նայել, երկուսով կարմրել և ամոթխած-ամոթխած, Մանիկը՝ երկար հյուսքերով, ինքը գանգուրների մի խուրձ գլխին, նկարվել էին: Մանիկի աչքերում ինչ-որ վախ կար, կարծես մի վատ բան էր արել, և դրանից կարծես Վարուժանն իրեն անհարմար էր զգում:
Վարուժանն այդպես էլ չիմացավ, թե ինչու Մանիկը իրեն չսպասեց: Չհարցրեց, հպարտությունը չթողեց: Երևի Գուրգենը ինձանից լավն է, ասել էր ինքն իրեն ու լռել:
Թող լավ լինի, բայց Գուրգենը ինչո՞ւ է իրեն ամբարտավան պահում, ի՞նչ անենք, որ ուժեղ տղա է, շրջանի ծանրամարտի չեմպիոնը, լուսանկարը կախված է շրջկենտրոնում: Երեկոյան գալիս է ակումբ և առանց հերթ հարցնելու թենիսի ռակետկան վերցնում ձեռքը: Կարո՞ղ ես հակաճառել: Գուրգենը չի սիրում հերթի սպասել, Գուրգենին ամեն ինչ կարելի է: Շրջանի ամենաուժեղ տղան է, ասում են, ու ոչ ոք չի փորձում հակաճառել: Մի շաբաթ առաջ քիչ մնաց կռվեին: Թենիս էին խաղում: Գուրգենը ներս մտավ և իր խաղընկերից վերցրեց ռակետան:
- Ռակետան տուր նրան,- ասել էր Վարուժանը:
- Ինձ հետ վախենո՞ւմ ես խաղալ: Դե լավ, աչքիս մեկը կապած կխաղամ:
- Հերթդ գա՝ կուզես չորս աչքով խաղա:
Կռիվ պիտի լիներ, բայց կատարածուն եկավ և Գուրգենին կանչեց նախագահի մոտ:
«Մի անգամ պիտի հաշվիներս մաքրենք»,- մտածեց Վարուժանը: Թող այսօր լինի, հարմար ժամանակ է՝ ոչ ոք չկա, երկուսով ենք՝ երես-երեսի: Պետք է խոսել:
Վարուժանը նայեց ժամացույցին՝ գիշերվա երկուսն անց է: Արդեն ութ ժամ ճանապարհ ենք գնում, մտքում ասաց նա, բայց ֆերմաները չկան: Լուսադեմին սառնամանիքը կզարկի: Անպայման սառնամանիք կլինի: Ցուրտ սառնամանիք, ու ես քաղցած. թեկուզ այս անմարդաբնակ տափաստանում:
Եթե հանկարծ բորա՜ն բարձրացավ, տագնապով մտածեց նա: Աշխարհը կտա կխառնի իրան:
Մեքենան թեթև ցնցվեց ու սկսեց ձախ քաշվել: Վարուժանը տագնապեց՝ անվադողը երևի պայթեց: Մեքենան կանգնեցրեց և իջավ: Ձախ անիվը նստել էր:
Սա էր պակասը, դառնացավ նա: Մեքենայի թափքից իջեցրեց պահեստային անվադողը և տենդագին գործի անցավ մինչև նոր անվադող դրեց։ Կես ժամ, թե ավելի շատ անցավ, կարո՞ղ ես՝ Գուրգենին հասիր: Միացրեց լուսարձակը և քայլեց առաջ՝ ստուգելու Գուրգենի մեքենայի անվահետքերը երևո՞ւմ են, թե՞ չէ: Վարուժանը քիչ սրտապնդվեց. թեթև նշմարվում էին: Նա բարձրացավ խցիկը և մեքենան գործի գցեց:
Արդեն մոտենում էր լուսաբացը, իսկ ձյունը դադարելու միտք չուներ: Նա մեքենան վարում էր դանդաղ, ուշադիր հետևում, որ արահետը չկորցնի: Լարվածությունից աչքերը ցավում էին, արյունով լցվում: Քաղցի զգացումն անցել էր, միայն ներքին մի թուլություն կաշկանդում էր շարժումները, գլուխը ծանրացել էր, աչքերը իրենք իրենց փակվում էին: Այդպես գնաց ժամից ավելի, հետո հեռվում նկատեց աղոտ մի լույս: Երևի հասել ենք որևէ ֆերմայի, ուրախությամբ մտածեց նա և ավելացրեց մեքենայի արագությունը:
... Վարուժանը քաշեց Գուրգենի ուսից:
- Ի՞նչ պիտի անեմ, խրվել եմ ցեխում, անտերը ոչ առաջ է գնում, ոչ ետ: Մոռացել եմ բահ վերցնել: Գուցե դու ունե՞ս:
- Ես՝ չէ. բայց պետք է ուրիշ բան մտածել: Մարդկանց հույսը մենք ենք, իսկ դու կերը թափում ես անիվների տակ:
- Իսկ ինձ համար մեկ է, մեքենան ցեխից հանել է պետք, որ գայլի պես չոռնամ այս ձյուներում,- Գուրգենը մի ծխախոտ հանեց և նստելով պարկին, վառեց: - Գիտե՞ս ուր ենք հասել՝ Տաք-ջուր: Ճանապարհը շեղել ենք, հինգ-վեց ժամ առաջ ենք ֆերմաների մոտով անցել: Սա Տաք աղբյուրն է,- ու թքեց մեքենայի անիվների տակ, որտեղից հանքային ջուրը գոլորշի էր արձակում: Վարուժանը մտավ մեքենայի տակ ու զարմանքից աչքերը ապշեցին. հետևի աջ անիվը տեղապտույտից խրվել է ցեխի մեջ:
Մինչև նա նայում էր մեքենայի տակ, Գուրգենը պարկը մոտեցրեց մեքենայից, որ կերը լցնի անվափոսի մեջ:
- Սպասիր,- ու Վարուժանը բռնեց պարկից:
- Ձեռքդ վերցրու, կատակի ժամանակ չէ: Լուսադեմին կարող է այնպիսի քամի բարձրանալ, որ տատիդ հարսանիքին չես տեսել:
- Միևնույն է, չեմ թողնի կերը լցնել ցեխի մեջ:
- Դու ո՞վ ես, որ չթողնես,- պարկը դնելով գետնին, ասաց Գուրգենը ու մի քայլ մոտեցավ:
- Կերը պետք է հասցնենք ֆերմա, մարդիկ մեզ են սպասում, աշխատելով հանգիստ մնալ, ասաց Վարուժանը: - Հոտը ձեռից գնում է, մարդկանց հույսերը մենք ենք:
- Մարդկանց...- թունդ հայհոյեց Գուրգենը ու պարկը գրկելով, մոտեցավ խրամատին:
Վարուժանը փակեց ճանապարհը:
- Չեմ թողնի,- ասաց ու պարկից բռնելով քաշեց մի կողմ:
Գուրգենը, կորցնելով հավասարակշռությունը, փռվեց գետնին:
- Դու... Դու ուզում ես հին հաշիվ մաքրե՞լ, Մանիկի հաշիվն ես ուզում մաքրե՞լ:
- Այստեղ Մանիկ չկա, այստեղ ես ու դու ենք: Իսկ կերը չեմ թողնի, որ փչացնես,- վճռական ու ներքին լարվածությունից դողացող ձայնով ասաց Վարուժանը:
- Չէ, ճիշտն ասա, Մանիկի հաշի՞վն ես ուզում մաքրել:
- Թեկուզ՝ Մանիկի հաշիվը:
- Առ քեզ,- ու ճարպիկ շարժումով բռնելով Վարուժանի օձիքից, ամբողջ ուժով հրեց նրան: Վարուժանը ետ-ետ գնաց ու փռվեց գետնին և մինչև կբարձրանար, Գուրգենը ծանր բռունցքը իջեցրեց նրա դեմքին: Նա գլուխը բնազդաբար թեքեց մի կողմ և հարվածն իջավ ուսին: Գուրգենը նորից ձեռք բարձրացրեց, որ հարվածի, բայց Վարուժանը, մինչ հարվածը կընդուներ, պառկած տեղից ոտքով խփեց նրա ոտքերին ու նրան էլ գցեց գետնին: Հետո երկուսն էլ ծանր հևալով բարձրացան տեղից ու... Վարուժանը չհասցրեց տեսնել, թե դա ինչպես եղավ, միայն զգաց, որ աչքերը լցվել էին խտացրած կերի մանր հատիկներով: Եվ ապա՝ ծնոտին իջավ ծանր հարվածը: Հետո զգաց, որ ինքը տրորվում է Գուրգենի ծանր մարմնի տակ: Գլուխը խրվել էր հաստ ձյունաշերտի մեջ ու հազիվ էր կարողանում շնչել: Միայն թե գլուխս ազատեմ, միայն թե սամբոյի որևէ պրիոմ հնարավոր լինի անել, տենդագին մտածում էր նա: Բանակում դեսանտային գնդում էր ծառայել և լավ գիտեր ինքնապաշտպանության ձևերը:
- Ուզում էիր ինձ հետ հաշի՞վ մաքրել, դեղնակտուց լակոտ: Դե մաքրիր... Կստակացնեմ, կստակացնեմ, ու ոչ ոք չի իմանա:
Վարուժանը դեմքին զգաց Գուրգենի տաք շունչը: Նա բնազդաբար գլուխը ետ նետեց ու խփեց նրա քթարմատին: Ցավից Գուրգենի մատները թուլացան, և Վարուժանը, օգտվելով դրանից, ազատվեց ու ձեռքը արմունկից ետ ծավալեց: Ուժեղ ցավից Գուրգենը մըզմըզաց: Հետո Վարուժանը, ձեռքը շեղբի պես արած խփեց որովայնին՝ արևային հյուսյակի ուղղությամբ:
- Վա՜յ, մե՜...
Գուրգենը չոքեց գետնին, մի քանի րոպե մնաց կծկված: Ապա դանդաղ քայլերով մոտեցավ պարկին ու նստելով վրան, փորձեց ծխախոտ վառել: Ձախ թևի դաստակին ուժեղ ցավ զգաց՝ մատները չէին շարժվում: Վարուժանը ձեռքից վերցրեց լուցկին ու վառեց ծխախոտը:
- Ձեռքս դաստակից դուրս է ընկել,- ծուխը կուլ տալով մռայլ ասած Գուրգենը: Վարուժանը չպատասխանեց, բարձրացավ իր մեքենան ու գործի գցեց:
- Գնո՞ւմ ես,- վախեցած, խեղճ-խեղճ ասաց Գուրգենը: - Ինձ մենակ ես թողնում:
- Ծանոթ ես, մոտերքում որտե՞ղ կարելի է քար գտնել:
- Ջրի կողքով գնաս՝ երկու կիլոմետրի վրա հին շենք կա:
- Սպասիր՝ գալիս եմ:
- Իսկ եթե խաբո՞ւմ ես, իսկ եթե չգա՞ս,- արդեն աղերսական մրմնջաց:
- Ուրիշներին քեզնով մի չափիր,- կարճ ասաց Վարուժանը և միացրեց արագության հաղորդիչը:
Օրն արդեն բացվում էր, երբ Գուրգենի մեքենան հանեցին ցեխից: Ասենք չնկատեցին էլ, թե ինչպես լուսացավ: Հոգնած, ցեխոտ՝ նրանք նստեցին մեքենայի ոտքին: Երկար ժամանակ չէին խոսում: Ուժ չկար: Եվ տրամադրություն: Ձյունը դադարել էր, բայց չգիտես որտեղից ելած մառախուղը ծայրից-ծայր լցրել էր տափաստանը:
Մռայլ օրը բացվեց, և ավելի մռայլվեց տրամադրությունը: Գուրգենի մեքենայի բենզինը վերջանալու վրա է: Վարուժանն ընդամենը կես բաք բենզին ունի, երկուսին չի հերիքի: Անելանելի վիճակ էր ստեղծվել: Դրան գումարած Գուրգենի հոդախախտ ձեռքը: Ցավից անընդհատ նվում էր:
- Մեքենաներից մեկը թողնենք այստեղ, մյուսով գնանք,- խախտելով լռությունը, ասած Գուրգենը:
- Ինչպե՞ս կարող ենք թողնել:
- Ո՞վ է այստեղ ոսկի թողել, որ գա, ոչինչ էլ չի լինի:
Գուցե իրոք թողնե՞նք, անցավ Վարուժանի մտքով, բայց իսկույն վանեց միտքը: Ոչ մի կերպ չի կարելի մեքենան անտեր թողնել այստեղ, ո՞վ է իմանում, թե ինչ կարող է լինել: Նորից լռեցին՝ ամեն մեկը իր մտքերի հետ:
- Լավ,- վերջապես ասաց Վարուժանը,- իմ մեքենայի բենզինը վերցրու դու գնա: Եվ կմնամ այստեղ:
- Ինչպե՞ս,- զարմանքից բացականչեց Գուրգենը:
- Մեզանից մեկը պիտի գնա: Դու ճանապարհները լավ գիտես: Կհասնես ֆերմա, բենզին կվերցնես, իսկ ես կսպասեմ:
- Այդ դեպքում վիճակ կգցենք, ում բախտը բերեց՝ նա էլ թող գնա:
- Բախտը բերե՜ց,- դառը ժպտաց Վարուժանը: - Այստեղ բախտը գործ չունի, հարմար է, որ դու գնաս, դու էլ գնա: Հետո՝ մարդը պիտի մարդ մնա,- քիչ լռելուց հետո ավելացրեց,- որտեղ էլ լինի: Եվ ինչ պարագաներում:
Գուրգենը գլուխը խոնարհեց ու միայն կարողացավ ասել.
- Ենթադրենք հասա ֆերմա, բայց այնտեղ բենզինը որտեղի՞ց գտնեմ:
- Աշխարհի վերջը չի եկել, մի բան կմտածեք,- մռայլ ասաց Վարուժանը և բենզինի դույլը վերցնելով, մոտեցավ մեքենային:
Հրաժեշտին Գուրգենը չնայեց Վարուժանի աչքերին: Խուսափեց: Չկարողացավ: Իրեն նվաստացած էր զգում:
- Սպասիր, անպայման կգամ,- հետո ինչ-որ բան ավելացրեց, և Վարուժանը չհասկացավ՝ շնորհակալության բառե՞ր էին, թե՞ ուրիշ բան:
Գուրգենը ճանապարհվեց: Վարուժանը նրա ետևից նայեց այնքան, մինչև մեքենան կորավ մառախուղի մեջ: Հետո դանդաղ քայլեց դեպի մեքենան: Եվ, չնայած հոգնած-ջարդված էր ու քաղցած, չնայած մեն-մենակ էր մնացել լուռ ու համր տափաստանում և չգիտեր, թե երբ Գուրգենը կվերադառնա, բայց հոգին մի ինչ-որ լուսավոր պայծառությամբ էր լցվել, այնպիսի մի զգացում ուներ, կարծես ազատվել էր տարիներ շարունակ իրեն ճնշող ծանրությունից...




ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

Արդեն գարուն է:
Տեսնես Բինաձորի գետնավարդը բացվե՞լ է: Ճաք աղբյուրի ծնեբեկը հիմա ո՞վ է քաղում: Ձորագետը երևի իր քարեղեն հունի նեղվածքից վրդովվել ու ծկլթալով իրեն նետում է Կաճովի քերծից ցած:
Գնամ Լեռնաղբյուր, Խաշար խութի կատարը բարձրանամ, իջնեմ Դրախտի ձոր ու երեսս լվանամ Լալիկի պարզ ջրերում:
Հավքը նորից բույն է հյուսում: Գնամ ստուգեմ. գուցե իմ իմացած բներում նորից ձո՞ւ է դնում:
Հրաժեշտից առաջ գնամ Լեռնաղբյուր:
Բայց ախր, չեմ ուզում հրաժեշտ տալ, է՜...
Սերգին եկել է, թե Մեխակը իր սոցիալիստական ընտանիքը քայքայում է, ֆելիետոն գրի: Ես նյութը տամ, ասում է, դու գրի, երկուսիս ստորագրությունն էլ կդնես տակին: Իբր թե մի ստորագրության համաձայն եմ: Սերգի՜, Սերգի՜, չես փոխվում:
Հիմա Բուդին օրեր է հաշվում, թե երբ պիտի արևը տաքանա: Հենց որ թութը հասնի, գնացքի տոմս կվերցնի ու կճանապարհվի դեպի Լեռնաղբյուր: Հազար թոկով կապես, չի մնա: Ճանապարհին, մինչև Լեռնաղբյուր հասնելը, չի քնի: Սպասեմ Բուդին գա, որ մնաս բարով ասեմ: Սպասեմ Անուշավանը գա, որ միասին գնանք Մուքելի գերեզմանին այցի:
Դրսում շատերը կան, սպասեմ, որ գան: Արսենը չի գա, գյուղից խռոված գնաց: Ասում են, ինստիտուտն ավարտել և հիմա ասպիրանտուրայում է սովորում: Տղայի ուսերին գլուխ կա, կանի: Թող գիտնական դառնա, լեռնաղբյուրեցու համար զարմանալի չէ: Բայց Արսենը մեր ֆերմային ավելի էր պետք, է՛: Հիմա գիտությամբ զբաղվողներն այնքա՜ն են շատացել...
Կումունարին ո՞նց հրաժեշտ տամ: Լեռնաղբյուրից երկու հարյուր հոգի գնացին ու չեկան: Նրանց գերեզմանները որտե՜ղ ես փնտրեմ: Վահանն ուզում է հուշարձան կանգնեցնել նրանց: Սպասեմ, որ հուշարձանը կառուցեն, գնամ հրաժեշտի...
Կոմունարենց տունը դարձել է փոստի բաժանմունք: Հիմնովին քանդեին՝ լավ էր: Որ հետք չմնար, որ մարդիկ մոռանային Կոմունարի տխուր պատմությունը: Մուքանն էլ այդքան աչքի փուշ չէր մնա: Կգնայի Մուքանի ձեռքը կսեղմեի, Ծովիկից կհարցնեի, մի բաժակ Լեռնաղբյուրի օղի առաջարկեր, չէի հրաժարվի: Հրաժեշտին էլ ձեռքը կսեղմեի՝ ամուր, սրտանց:
Ասում եմ սիրտս հիվանդ է, Վանին չի հավատում:
- Երեկվա երեխան ես:
Կուքան ապան չի ընդունում մասնագիտությանս անհրաժեշտությունը:
- Գործ չես անում, գործ արա՝ կլավանա: Թերթում աշխատելը գործ չի:
- Գիր գրելը ամեն մարդու գործ չի,- պատասխանում է Վանին:
Կուքան ապան չի համոզվում: Պետք էլ չի համոզել: Գուցե ճիշտը նա է: Աշխարհիս ծուռն ու շիտակը ո՞վ է հասկանում:
Հիմա գարուն է, գարունը հիմա Լեռնաղբյուրի սարերում ու ձորերում աղմկում է: Հիմա ես ո՞նց գնամ հրաժեշտի, ախր, չեմ ուզում հրաժեշտ տալ, է՛, գարնանը հրաժեշտ տալ կլինի՞...
Սպասեմ աշունը գա: Աշնանը սպասեմ: Մի անգամ էլ ամռանը Սաքունց սալկոտներին քնեմ՝ ականջս Շռշռանի բարակ վշշոցին: Առավոտ ծեգին Շորից կաքավը կաղկղա կասի ու ես կարթնանամ: Շուրջս չեմ նայի, չեմ տեսնի, որ Սաքունց թաղը իր տեղում չէ: Կապով կիջնեմ, որ Ցուրտ աղբուրի ջրով տաք ճակատս զովացնեմ, հետո ընկնեմ աղբյուրի ակին, որ ներսիս տապը հովանա...
Հիմա գարուն է, ես ո՞նց հրաժեշտ տամ... 

Комментариев нет:

Отправить комментарий