13 ноября 2013 г.

ԱՆՏԱՌԱՊԱՀ ՄԵԼԻՔԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ


Սկզբում բոլորիս զայրացնում էր: Ժամը 7-ին արթնանում էր ու սկսում ձայնասկավառակներ պտտեցնել: Եվ մինչև ժամը ինը:
- Կոնսերվատորիա է բացել,- փնթփնթում էր հաշվապահ Զինավորը և դուռը սողնակով փակում:
- Պատուհանը մոռացար,- հեգնում է անտառապահ Մելիքը, որը չէր սիրում հաշվապահին:
Պատուհանն աղմուկով փակվում էր:
Գևորգը խիստ բծախնդիր էր մազերի նկատմամբ: Կես ժամ անընդհատ հարդարում էր սևաթույր գանգուրները: Ամեն օր՝ կես ժամ: Նա ակնհայտորեն հպարտանում էր իր ձայնասկավառակներով ու գեղեցիկ մազերով: Ձայնասկավառակներով՝ բարձրաձայն, մազերով՝ լռելյայն:
Մի անգամ Մելիքը չի համբերում:
- Ի՜նչ է, հայելու առաջ կոտրատվում է, կարծես աղջկատեսի է գնում:
- Օրիորդի պես է կոտրատվում,- լրացնում է Զինավորը:
Մելիքը նայում է նրան ու չի առարկում: Հազվադեպ բան է: Հիմա Մելիքը երկու ճակատով է կռվում՝ «ինտելիգենտ» Զինավորի և նոր կենվորի՝ Գևորգի դեմ:
Հարևանների դիտողության վրա Գևորգը զարմացած նայում է նրանց: Մելիքը նորից կծում է:
- Ախպերացու, խոսք չունեմ, լավ մազեր ունես, բայց ափսոս չգիտեմ, թե տակին ինչ կա:
- Հողագոմաղբային կոմպոստ,- ձայնակցում է հաշվապահը:
Գևորգը ժպտում է ու չի պատասխանում: Զինավորն ու Մելիքը զարմացած իրար են նայում՝ կրակոցը փուստ գնաց: Լուռ համաձայնությամբ նրանք ցանկանում էին նորեկ հարևանին մի լավ խոսքաթակ տալ: Իսկ նա բարի ժպտում է ու երկուսին էլ զինաթափ անում: Մելիքը զայրացած հարձակվում է Զինավորի վրա:
- Չսիրեցի ծուռ-պռտի մարդկանց: Էդ ինտելիգենտներին պետք է քշել մեր երկրից:
- Հիմա ամեն ինչ մտավոր աշխատանքն է որոշում,- հասկանալով, թե Մելիքն ում այգին է քար գցում, նկատում է Զինավորը:
- Միտք էլ ունենայի՜ր,- ձեռքը թափ է տալիս Մելիքը,- ամբողջ օրը հաշվիչի վրա հատիկներ ես գլորում: Գործիդ անունը էդ չի՞:
- Տնտեսությունից ի՞նչ ես հասկանում:
- Իսկ դու չգիտես էլ, թե էշի պոչը որտեղից է բուսնում:
Թե ինչ կապ ունի: Մելիքն այդպես է, վեճի առարկան թողած սար ու ձոր է ընկնում: Հիմա էլ նույնը:
- Էն էլ չգիտե՞մ, որ հաշվապահների տասից ինն ուտում է, - ավելացնում է նա:
- Մի ուտող էլ լինե՜ր,- միջամտում է Սոֆի մայրիկը,- խեղճի փորը մեջքին կպած է:
- Խելք ունի՞, որ ուտի,- չի հանձնվում Մելիքը:


*  *  *

Գևորգի գալուց մի ամիս չանցած բոլորիս համար անսպասելի Մելիքն ասում է.
- Էն պլաստինկան դիր, որ զար-բլբուլի պես երգում է:
- Նման զնմանին գտանե,- արհամարհանքով նետում է Զինավորը և դուռը փակում:
Բայց հաշտության դրոշը բարձրացված է: Ձայնասկավառակ պտտեցնելը ստանում է օրինական ուժ: Գևորգը, անչափ երջանիկ, շտապում է կատարել Մելիքի խնդրանքը: Նա, առաջին օրից եմ նկատել, մարդկանց դուր գալու արտակարգ շնորհք ունի:
Երեկոները իսկական համերգ է: Սոֆի մայրիկի երկհարկանի մեծ առանձնատնից երաժշտությունը ժամերով հորդում է փողոցը: Ջրի գնացող թաղի աղջիկները կանգնում են փողոցում՝ մոռանալով մայրիկների հանձնարարությունը: Երրորդ օրը նրանք արդեն ծանոթ էին Գևորգի հետ: Այնուհետև ցանկապատի այն կողմից ձայն էին տալիս.
- Գևորգ, Ռոբերտինո նվագիր:
Մենք՝ ես, Գևորգը, Զինավորն ու Մելիքը Սոֆի մայրիկի տան կենվորներն ենք: Ես ու Գևորգը մի սենյակում ենք ապրում, Մելիքն ու Զինավորը՝ առանձին-առանձին: Ամառները Մելիքը կնոջն ու երեխաներին ուղարկում է գյուղ և երեք ամիս «ազատ շունչ քաշում»: Զինավորը որոշել է պոմիդորի լավ ժամանակը հարսանիք անել, եթե, իհարկե, մի հարուստ ջահել այրի գտնի:
Սոֆի մայրիկի մինուճար տղան մայոր է, երեք տարուց հետո պետք է բանակից զորացրվի: Մինչև որդու գալը ազատ սենյակները վարձով տալիս է:
- Կենվոր եմ պահում, որ տնից մարդահոտ գա,- բացատրում է Սոֆի մայրիկը,- Աստծոն փառք, թոշակս՝ թոշակ, երեսուն ռուբլի էլ ամեն ամիս տղաս է ուղարկում:
Իհարկե, դա չի խանգարում, որպեսզի սենյակների գնին հոր գինն էլ դնի: Մելիքի այդ դիտողությունը հասել էր Սոֆի մայրիկի ականջին ու նա մի ամիս հետը չի խոսել:
Սոֆի մայրիկի ձմեռվա փայտը ջարդում ենք: Այգին փխրեցնելը, ցանկապատ նորոգելը և փայտ ջարդելը մեր կամավոր պարտականությունն է: Մեր՝ այսինքն իմ և Մելիքի, իսկ հիմա նաև Գևորգի:
Մելիքը մտել է տարերքի մեջ: Կացինը թափով խրում է հաստլիկ փայտի մեջ ու մի հարվածով կիսում:
- Կեցցես, Մելիք, պսակվելու ժամանակդ է,- կատակով բացականչում եմ ես:
- Էդքան բախտ որտեղի՜ց,- գոհ իր ֆիզիկական ուժից՝ ժպտում է Մելիքը և ակնարկելով Զինավորին ավելացնում,- հիմա աղջիկները նազիկ ինտելիգենտներին են սիրում:
Զինավորը արհամարհական հայացք է նետում մեր կողմը և շարունակում փոքրիկ կումերով թեյ խմել: Սոֆի մայրիկը խիստ տոնով սաստում է Մելիքին:
- Բերանդ շուռ մի ածիլ, քո կինը ոչ ոքից պակաս չի:
- Հաչան շունը չի կծիլ,- նկատում է Զինավորը:
Մելիքը ցանկանում է պատասխանել, բայց հարմար խոսք չի գտնում: Ջղայնությունը թափում է փայտերի վրա:
Երևում է Գևորգը:
- Ողջույն սովետական փայտահատներին,- ասում է նա,- համալրման կարիք չի՞ զգացվում:
Մելիքը նայում է Զինավորին, իսկ Գևորգին պատասխանում.
- Տղամարդու կարիք զգացվում է, միայն զար-բլբուլի երգը դիր՝ հետո:
- Անշուշտ, առանց երգի, առանց սիրո կյանք չկա,- երգեցիկ պատասխանում է նա ու մտնում տուն:
Քիչ անց Սոֆի մայրիկի այգին լցվում է ծանոթ երաժշտությամբ: Գալիս է նաև Գևորգը՝ Մելիքի պես գոտկատեղից մերկացած: Նկատելով թախտին արքայավայել նստած Զինավորին, ուրախ-կատակ կանչում է.
- Զինավոր, արի մկաններդ պնդացրու:
- Զինավորս մտավոր է, չի կարելի, - միամիտ ասում է Սոֆի մայրիկը:
Ա՛յ քեզ մտավոր Զինավոր, ա՛յ քեզ Սոֆի մայրիկ... Ծիծաղից կոտորվում ենք: Հաշվապահը դեռ այդպիսի հարված չէր ստացել: Նա մտնում է տուն ու սողնակը քաշում:
Երեկոյան «հացափոր» աշխատողներիս համար Սոֆի մայրիկը հավ է մորթում ու «դեղապետի» համար պահած կես լիտր օղին դնում սեղանին: Սոֆի մայրիկին ուռա: Բաժակներն օղի եմ լցնում ու նայում Մելիքին:
- Հը՞,- հարցնում եմ ու անպատասխան մնում:
Գևորգը ձեռքը տանում է դեպի հավը:
- Համբերիր,- խիստ ասում է Մելիքը, և Գևորգը մեղավոր՝ ձեռքը ետ է քաշում:
Ներս է մտնում Սոֆի մայրիկը և ուսերը թոթվում.
- Չի գալիս:
Մելիքը իջնում է ներքև: Չգիտեմ ինչքան ժամանակ ենք թուք կուլ տալիս, մինչև վերադառնում է Մելիքը Զինավորի հետ:
- Սոֆի մայրիկի օջախը շեն կենա,- ասում է նա ու բաժակը խփում Զինավորի բաժակին: Մենք այդ պատվին չենք արժանանում: Որպես պատիժ, որ ցանկացել ենք առանց Զինավորի սեղան նստել:
Մի հարվածով ոչնչացնում ենք հավն ու «դեղապետի» օղին: Մելիքը գրպանից երեք ռուբլի է հանում: Երկուական ռուբլի էլ մենք ենք դնում: Զինավորը բոլորիս գերազանցում է: Շուտով փողի համարժեքները շարվում են սեղանին: Ստացվում է քեֆ: Կամաց-կամաց սկսում ենք տաքանալ:
- Մելիք, կենացդ,- ոտքի կանգնելով ասում է Զինավորը,- լավ տղամարդ ես, բայց մեկ-մեկ չափարը ճմոռում ես:
- Հիմա որ բերանիցդ խոսքահոտ եկավ, Զինավոր,- խփելով նրա բաժակին պատասխանում է Մելիքը,- թե չէ՝ կարծես ռադիո լսենք:
Բոլորս համերաշխ ծիծաղում ենք:
Քեֆի թունդ ժամանակը դուռը ծեծում են: Տան շեմին երևում են Սոֆի մայրիկի հարսն ու աղջիկը: Քեֆը կիսատ է մնում:


*  *  *

Գևորգը ձեռքից գնում է: Տղան անհուսալի սիրահարվել է Սոֆի մայրիկի թոռանը: Մելիքի «մշակած միջոցառումները» օգուտ չեն տալիս:
- Երկուսի միջև բալանս չի ստացվի,- եզրակացնում է Զինավորը:
- Էդ ինչպե՞ս հասկանանք,- հենց այնպես, հակառակելու համար ասում է Մելիքը:
- Գլխիդ զոռ տուր, կհասկանաս: Գևորգի աշխատածը Մարգոյի պուդրա-ներկին էլ չի հերիքի:
- Էդ մեկը հասկացանք: Հետո՞:
- Հետո էլ նրանք համապատասխան չեն:
Մելիքը տեղից վեր է թռչում:
- Գևորգը հինգ Մարգո արժե և շատ էլ լավ տղա է:
- Երեկ ասում էիր՝ մարդ չի,- նկատում է Զինավորը:
Մելիքը չի հանձնվում:
- Հիմա էլ եմ ասում՝ մարդ չի, բայց լավ տղա է: Երևում է Գևորգը: Մելիքը խոսքը կիսատ թողնելով մոտենում է նրան և հատ-հատ ասում.
- Զար-բլբուլի երգը չդնես: Դնես՝ կջարդեմ: Քեզ էլ հետը:
Գևորգը սուսուփուս անցնում է սենյակ: Խեղճացած: Մելիքը փոշմանում է ասածի համար: Նա բռնում է Զինավորի օձիքից:
- Տաս հաշվապահ արժե,- գլուխը մեր սենյակի կողմը թեքելով կամաց, որ Գևորգը չլսի, ասում է նա:
Զինավորը հեգնանքով ժպտում է:
- Այո, տասից ոչ պակաս,- փնչացնում է Մելիքը,- բայց էլի մարդ չի: Հասկացա՞ր:
- Իսկ դու քեզնից բան հասկացա՞ր:
Մելիքը չի պատասխանում: Զգում է, որ հիմարություններ ասաց: Այսինքն հիմարություն է տասի հաշվով, թե չէ՝ Գևորգը լավ տղա է: Լավ տղա է, բայց փալաս է: Իսկ տասի հաշվով, ճիշտ է, շատ ասաց:
Ծեքծեքալով գալիս է Մարգոն: Շալվար, կարմիր զոլավոր բլուզ ու մի խուրձ մազ: Մազերի գույնը ոնց որ երաշտը տարած սեզ:
Մելիքը իսկույն բացում է երրորդ ճակատը:
- Մարգո ջան, ճի՞շտ են ասում, որ կարմիր գույնը՝ բլուզիդ զոլերի պես, ցուլերին կատաղեցնում է:
- Ճիշտ է, եթե ցուլը արդեն եզ չէ,- Մելիքի դեմքին ժպտալով այնպես, որ սպանի, պատասխանում է Մարգոն:
Փռթկացնում եմ. այ թե դրեց: Իսկ Մելիքը գույն է տալիս, գույն առնում: Բայց էլի չի հանձնվում:
- Մարգո, եթե ես ուսում առած լինեի, հետո էլ լավ պաշտոն ունենայի, կուզեի՞ր ինձ:
- Չէ, Մելիք:
- Ինչո՞ւ, սիրուն չե՞մ: Թե բեղերս խանգարում են, կարող եմ թրաշել:
- Տղամարդու սիրունությունն ինձ համար բան չարժե:
- Բա ի՞նչը:
- Ուժեղ կնոջ ամուսինը պետք է թույլ լինի:
Մելիքը զինաթափ է լինում: Մարգոյի գնալուց հետո հետևից փնչում է.
- Շան քածի լեզուն քար կծակի:
Վերջերս Գևորգը տնից ձանյասկավառակներ է տանում ու դատարկ գալիս: Իսկ անցած ամիս մորը փող չի ուղարկել: Մի քանի օր է՝ մռայլ է: Սիրահարի օրը կտրվի: Չեմ հասկանում, թե ինչ է գտել մեջը: Ճիշտ է, սիրուն աղջիկ է, խելոք: Բայց օգուտն ինչ, մորը մարդատեղ չի դնում, տատին անվանում է ցնդած պառավ: Երեսին: Ասում են՝ նշանված է մի ինչ-որ կոմպոզիտորի հետ: Կարծես Գևորգը գիտե այդ մասին: Եվ էլի պոչից բռնած ման է գալիս: Չէ, տղան լուրջ սիրահարված է: Մարգոն էլ խաղում է հոգու հետ: Քած, եռում եմ մեջս, անփորձ տղա է գտել: Բոլորիս պարզ է, Գևորգը նրա համար ժամանակը հետաքրքիր դարձնելու միջոց է: Կգնա և վերջ ամեն ինչին: Նրան ինչ, թե որ Գևորգը հետո պիտի տանջվի: Կատաղում եմ Մարգոյի վրա: Գևորգի վրա՝ ավելի:
Է՛հ, կուրսային աշխատանքս մնաց, մտածում եմ ես ու գործի անցնում:
Պատուհանի մոտ քսփսոցներ եմ լսում: Քիչ անց ներս է մտնում Գևորգը: Բարձր տրամադրության մեջ է: Եվ գինով:
- Որտե՞ղ ես սիրունացել,- հարցնում եմ ես:
- Որոշել եմ աղքատության քարը նետել: Հերիք է ինչքան մեզ զրկեցինք:
Կեցցես Գևորգ, առաջադիմում է: Բայց նրա անհոգ-ուրախ տոնը ինձ գրգռում է:
- Ձայնասկավառակներ ծախելով բան չի ստացվի, ասում եմ ես,- մորդ ուղարկելի փողը չի դառնա:
- Չեմ սիրում բարոյախոս մարդկանց: Անշնորհակալ զբաղմունք է: Եվ իզուր եք կարծում, որ ձեր հովանավորության կարիքը զգում եմ:
Օհո՜, տղան սկսում է բացվել: Մենք կարծում էինք, թե անմեղ, միամիտի մեկն է:
- Մելիքը գիտի՞, որ իր «զար-բլբուլի» ձայնասկավառակը չկա:
Գևորգը ձեռքը թափ է տալիս՝ կարևոր չէ: Ես նրան չեմ կարողանում հասկանալ: Մելիքը նրա համար հեղինակություն է, ամեն կերպ աշխատում էր դուր գալ: Իսկ հիմա ձեռքը թափ է տալիս: Դարակից հանում եմ նրա կուրսային աշխատանքը, որ ետ են ուղարկել:
- Փոխանակ տիկին Մանուշին ու իր աղջկանը ման ածելու, կուրսային աշխատանքդ գրիր: Օգուտը դրանից է: Իսկ ընդհանրապես թույլ մի տուր, որ քեզ խաբեն:
- Չի իմացվի, թե ով է ում,- խոսքի կեսին Գևորգը կանգ է առնում: Նա շտապ հանվում է ու պառկում մահճակալին: - Այսօր մի քիչ կոնծել եմ, ուշադրություն մի դարձրու,- արդեն պառկելուց հետո ասում է նա,- իսկ Մարգոն լավ աղջիկ է, և ես սիրում են նրան:
Արդեն բավականին ուշ ներս է մտնում Մելիքը:
- Ծխախոտ չունե՞ս:
Գլխով ցույց եմ տալիս սեղանին ընկած տուփը: Մի սիգարետ է վառում ու նստում մահճակալին:
- Քունս չի տանում:
- Դու էլ հո սիրահարվա՞ծ չես,- աչքով անելով բարձր ասում եմ ես:
Մելիքը ձեռքը թափ է տալիս.
- Մարդուց խոսիր:
Քիչ անց գալիս է Զինավորը:
- Գլխացավի դեղ գուցե ունենաս,- Մելիքի կողքին տեղավորվելով հարցնում է նա:
Դարակից հանում եմ պիրամիդոնի տուփիկը: Զինավորը դեղահաբը վերցնում է, բայց կուլ չի տալիս: Սեղանին դրած ծխախոտատուփից մի սիգարետ է վերցնում: Մեկն էլ ես եմ վառում: Ու ծխում ենք: Երեքով: Լուռ: Եվ մռայլ: Կարծես սենյակում մեռել կա դրած...


*  *  *

Տեղի է ունենում պատմական խորհրդակցություն: Մելիքը որոշել է լուրջ խոսել Մարգոյի հետ:
Պետք է հարցը լուծել գեղական կարգով:
Զինավորն առարկում է.
- Իսկ եթե ասի, որ գլուխդ չխոթես ուրիշի գործերի մեջ, ի՞նչ պիտի պատասխանես:
- Կասեմ՝ ձեռք քաշիր տղայից: Կասեմ՝ մարդդ ճարիր ու սիրտդ ուզածի չափ ձեռ առ: Կասեմ՝ Գևորգը ախպերս է, պուճուր ախպերս, չեմ թողնի մեկը նրա քեֆին կպչի:
- Գուցե Մարգոն լուրջ մտադրություն ունի,- զգուշորեն նկատում եմ ես,- ընդհանրապես մեր ի՞նչ գործն է:
- Փչացածի մեկն է, ի՞նչ լուրջ մտադրություն,- վճռականորեն մերժում է Զինավորը,- նա նշանված է, Գևորգի հետ պարզապես խաղ է անում: Թե լավ աղջիկ է, ինչո՞ւ է մեկի հետ նշանվում, մյուսի հետ սիրախաղ սարքում: Փչացած աղջիկ է, ահա թե ով է նա:
- Մարգոն այնքան էլ վատ աղջիկ չի,- լուրջ ասում է Մելիքը:
- Վատ աղջիկ չի՞,- զարմացած բացականչում է Զինավորը,- դու մի անգամ լսիր, թե ինչպես է մոր հետ խոսում: Խոսքեր է ասում, որ տղամարդու բերանից չես լսի:
- Մարդու լեզուն սրտին կպած չի, չի իմացվի,- նորից առարկում է Մելիքը:
Ճիշտն ասած, այս զրույցն ինձ դուր չի գալիս: Ո՞ւմ ինչ գործն է: Եվ հետո չի իմացվի, թե... միտքս չեմ շարունակում: Գևորգը վերջերս ինձ դուր չի գալիս:
- Լավ, ենթադրենք, թե Մարգոն սիրում է Գևորգին, հետո՞,- հարցնում է Զինավորը:
- Սիրում է՝ ավելի լավ, երկուսն էլ իրար հալալ,- պատասխանում է Մելիքը:
Զինավորը ափերից դուրս է գալիս: Նրանք համապատասխան զույգ չեն, Մարգոն Գևորգին իր ճորտն է դարձնելու, Մարգոն Գևորգի գլխին այնքան է կոտոշներ շարելու, որ...
Մի խոսքով հազար ու մի նման պատճառաբանություններ:
- Կյանքում սիրահարված չկաս, դրա համար էլ ոչինչ չես հասկանում: Սիրող կինն իր մարդու մազը աշխարհի հետ չի փոխի: - Մելիքն այնպիսի համոզիչ տոնով է խոսում, որ Զինավորը չի կարողանում առարկել: Նա մի որոշ ժամանակ մտածում է ու հանկարծ գյուտ արածի պես ցատկում տեղից.
- Ասենք թե ասածներդ ճշմարտություն են, նրանք ամուսնացան ու առոք-փառոք ապրում են: Բա Գևորգի մա՞յրը: Դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի նրա վիճակը:
- Չեմ մտածել,- խոստովանում է Մելիքը,- դա լուրջ խնդիր է:
- Դրա համար էլ ասում եմ, որ նրանք համապատասխան չեն,- Զինավորը հաղթական նայում է ինձ:
- Պետք է մտածել:
- Ինչքան էլ մտածես՝ հարյուրի կեսը հիսուն է:
Արդեն բավականին ուշ է, բայց մենք չենք քնում: Գևորգը Մարգոյի հետ գնացել է իրենց գյուղ: Մարգոյի ցանկությամբ: Ոչ ոք մեզ չի խանգարում, և մենք շարունակում ենք խոսել:
- Նարդին բեր, վաղը թաժա գլխով կմտածենք դրա մասին,- առաջարկում է Մելիքը: Հենց այդ խոսքի վրա ներս է մտնում Գևորգը: Նա լուռ 25 ռուբլի է հանում գրպանից ու դնում սեղանին:
- Ով այս փողը ուղարկել է մորս, թող վերցնի,- ասում է նա,- ես ողորմության կարիք չեմ զգում:
Նայում ենք իրար երեսի՝ ո՞վ է ուղարկել: Հետո բոլորս շրջվում ենք դեպի Մելիքը: Նրա գործը կլինի: Ծանր լռություն է իջնում: Այդ լռության մեջ լսվում է Գևորգի ձայնը.
- Եթե չի ասել,- գլխով ցույց է տալիս ինձ,- կարող ես իմանալ, որ քո «զար-բլբուլի» երգը ծախել եմ:
Մելիքը ոտքի է կանգնում:
- Ծախե՛լ ես,- հառաչանքի պես ասում է նա ու փլվում աթոռին: Հետո ցածր մրմնջում է,- լավ չես արել:
Նա դանդաղ դուրս է գնում: Զինավորը հետևում է նրան:
Հաջորդ օրվա երեկոյան մի բեռնատար ավտոմեքենա է կանգնում Սոֆի մայրիկի տան մոտ: Մելիքը տեղափոխվում է: Երբ իրերը բարձել էին մեքենան, Զինավորը մոտենում է Մելիքին.
- Մոտերքում որ ազատ սենյակ եղավ, իմաց տուր:

... Անցնում է մի քանի տարի: Նոր տարվա նախօրյակին բաղնիքի սպասարանում հանդիպում եմ Մելիքին:
- Հինա տարվա մեղքե՞րդ ես մաքրում,- բարևելուց հետո ասում եմ ես:
- Օրենք է,- նստելով կողքիս, միավանկ արձագանքում է նա,- ի՞նչ կա, ի՞նչ չկա, բնակարան ստացա՞ր:
- Դեռ չէ, սպասում եմ:
- Ասում են, որ Զինավորն արդեն ստացել է:
- Այո, Սոֆի մայրիկի հին կենվորներից միայն ես եմ մնացել:
- Է՜, հետո՞, պատմիր:
- Գիտե՞ս, որ Մարգոն եկել է: Մի ամիս առաջ: Խեղճ աղջիկ:
- Ինչո՞ւ խեղճ:
- Պատմում են, որ Գևորգը ինստիտուտն ավարտելուց հետո թողել է Մարգոյին և ինչ-որ երգչուհու հետ գնացել Ռուսաստան: Հիմա Մարգոն ամբողջ օրը արտասուքների մեջ է: Երևում է, որ նա սիրում է փուչին:
- Իմիջիայլոց, գիտե՞ս, թե Գևորգը ինչո՞ւ է նրա մորն ուղարկած փողը ետ տվել: Մարգոն է ստիպել: Մարդուն չես ճանաչի: Այնպես անմեղ, բարի տղա էր երևում: Գիտեր մարդու սիրտը մտնել, դուր գալ:
Մելիքը մտածմունքների մեջ է ընկնում: Երկար լռությունից հետո վերջապես ասում է.
- Իսկապես, մարդուն դժվար է ճանաչել...
- Հա, մոռացա ասել, Մարգոն քեզ համար «զար-բլբուլի» ձայնասկավառակը բերել է:
Մելիքի դեմքը լուսավորվեց:
- Իսկապես, մարդուն դժվար է ճանաչել...

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить