ԱՅԼ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ


  • Ընդհատված տեսակցություն 
  • Գծուծը 
  • Մի անգամ ուշ երեկոյան
  • Պարող փղեր 
  • Գարնան կարոտ 
  • Պարզ երկնքում՝ ամպի ծվեն




ԸՆԴՀԱՏՎԱԾ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեռևս ինքնաթիռի սանդուղքներով իջնելիս Գևորգին տհաճ մի զգացողություն համակեց և ինչքան աշխատում էր թոթափել իրենից, չէր ստացվում: Նա իրեն ճնշված էր զգում և անտրամադիր: Օդանավակայանի ելքի մոտ տաքսի վարձեց:
- Հյուրանոց,- կարճ ասաց նա:
- Երևում է՝ առաջին անգամ եք մեր քաղաքում,- վարորդը ժպտաց: - Մեր քաղաքը հինգ հյուրանոց ունի, խորհուրդ կտայի «Սպիտակ կեչին»: - Նույն ժպիտը նորից ողողեց դեմքը: - Ճիշտ է, այնտեղ դժվար է ազատ համար գտնել, բայց կարելի է դասավորել,- և վերջին բառը արտասանեց այնպես, որ պարզ հասկացվում էր, որ դա միայն ինքը կարող է անել:
- Շնորհակալություն, քշիր «Սպիտակ կեչի»,- ասաց Գևորգը,- մտածելով, որ վարորդը թեյավճարի համար է ջանում:
- Հավանաբար կուզենայիք առանձին համար վերցնել,- և բազմիմաստ աչքով արեց: Իսկ Գևորգը մտածեց, որ վարորդը շատ մածուցիկ ժպիտ ունի: - Դա էլ կարելի է դասավորել, տնօրենը մոտիկ մարդ է:
- Երկար մնալու մտադրություն չունեմ՝ ընդամենը մեկ-երկու օր:
- Մեկ-երկու օրն էլ քիչ չէ, մանավանդ հարավցիների համար,- և դարձյալ աչքով արեց:
Գևորգը ոչինչ չպատասխանեց և սկսեց մեքենայի պատուհանից դիտել անծանոթ քաղաքը: Բայց վարորդը չէր հանձնվում:
- Գեղեցիկ քաղաք է, չէ՞: Իհարկե, այն չէ, ինչ հարավի քաղաքները, ես եղել եմ Դերբենդում, այնտեղ եմ ծառայել: Պատահաբար հո այնտեղի՞ց չեք:
- Հյուրանոցը հեռո՞ւ է,- անպատասխան թողնելով վարորդի շաղակրանքը, սառը հարցրեց Գևորգը:
- Տասը րոպե անց այնտեղ կլինենք,- արդեն անտրամադիր պատասխանեց վարորդը և ավելացրեց մեքենայի արագությունը:
Գևորգի հայացքը լողում էր շենքերի ու փողոցների վրայով ու ոչինչ չէր նկատում: Մտքով, արդեն քանիերորդ անգամ, պատկերացնում էր իր հանդիպումը բանտարկյալ եղբոր հետ: Մի տարուց ավել է, ինչ իրար չեն տեսել, և նա հիշեց, որ երբևիցե այդքան երկար ժամանակ իրարից անջատ են եղել:
Գևորգը իրեն մեղավոր էր զգում: Դատը մի շաբաթ տևեց, բայց ինքը ոչ մի անգամ ոտք չդրեց դատարանի դահլիճ: Նույնիսկ վերջին տեսակցությանը չգնաց: Այդ փոքրոգության համար իրեն չէր կարողանում ներել:
Մարգոն՝ Վարշամի կինը և երեխաներն այլևս իրենց տուն չեն գալիս, մի քանի անգամ հրավիրել է տուն, բայց Մարգոն սառը քաղաքավարությամբ մերժել է:
Իսկ մայրը քար լռություն է դարձել: Դեմքին ժպիտ չես տեսնի, տանը քայլում է ինչպես ստվեր: Գոնե կշտամբեր, մեղադրեր իրեն, մի անգամ գոնե «ախ» քաշեր: Նրա բացակայող աչքերի մեջ ոչինչ չես կարող կարդալ: Երբ կնոջ հետ խոսք է բացում Վարշամի մասին, մայրը աննկատ անցնում է խոհանոց: Այդ լռությունը հալածում է նրան: Քանի՜ անգամ է գիշերը արթնացել սև քրտինքի մեջ կորած, քանի՜ անգամ է երազում արդարացել մոր առաջ, իսկ նա շարունակում է լռել՝ աչքերի մեջ համր ու ճնշող մի կշտամբանք: Ամեն անգամ նրանց հայացքները իրար հանդիպելիս, երբ մանավանդ երկուսով են մնում, Գևորգը խուճապի է մատնվում, աչքերը խոնարհում է ու մի պատճառ բռնելով փախչում տնից:
Մեքենան արգելակեց: Գևորգը սթափվեց մտքերից, շտապ վճարեց վարորդին, դուրս եկավ:
Հյուրանոցը իսկապես գեղեցիկ էր. արևելահայաց պատուհանները բացվում են լայնահուն գետի վրա, իսկ շենքի դիմաց բացվում է լայն հրապարակ, որը երիզված է սպիտակ կեչիներով:
Հերթապահ աշխատակցուհու ուղեկցությամբ մտավ համարը՝ ընդարձակ և արևոտ մի սենյակ, ճամպրուկը դրեց հանդերձապահարանում և նստեց նոր, փափուկ բազկաթոռին: Աշխատակցուհին՝ քառասունն անց բարեհամբույր մի կին, ժպտալով ասաց.
- Ձեզ զգացեք ինչպես տանը: Եթե հանկարծ որևէ բանի կարիք զգաք, առանց վարանելու դիմեցեք ինձ:
Գևորգը զգաց, որ դա պաշտոնական սիրալիրություն չէ: Պարզապես բնավորությունն է այդպես, մտածեց նա:
Մնալով մենակ, Գևորգը ցանկացավ անմիջապես գնալ գաղութ և եղբոր հետ տեսակցություն խնդրել, բայց նախկին ճնշող զգացողությունը, որ հերթապահ կնոջ գնալուց հետո վերստացել էր, պահեց տեղում: Նա ներքին տագնապ էր զգում՝ ինչպե՞ս կդիմավորի իրեն Վարշամը: Իսկ եթե հանկարծ շրջվի ու գնա՞: Այդ մտքից նա սարսափեց: Վարշամը փոխարինել է հորը, կրթություն տվել: Գևորգը ծուռ քմծիծաղեց, Վարշամը ինստիտուտն ավարտել է հեռակա և իրենից հետո, երբ արդեն երեք երեխա ուներ: Նա միշտ էլ ակնածում էր Վարշամի համառությանը: Յոթերորդ դասարանից թողել է դպրոցը, որ մորն օգնի: Բանակից զորացրվելուց հետո նորից մտել է երեկոյան դպրոց և տասներորդ դասարանն ավարտել են նույն տարում:
Կյանքը բարդ է, մտքում ասաց նա ու թվաց, թե բարձրաձայն ասաց: Մինչև գաղութի պետի հետ հանդիպելը ինձ կարգի բերեմ, որոշեց նա, այսպես թե այնպես, լավ արտաքինը տպավորություն է թողնում: Լոգարանում երկար մնաց, ցնցուղից թափվող տաք ջուրը առույգություն էր բերում: Հաջող հոդված գրելու առաջին նախապայմանն արյան լավ շրջանառությունն է, հիշեց իր աշխատակիցներից մեկի սրամտությունը: Լոգանքից հետո հայելու առաջ երկար ու մանրամասն սափրվեց: Դա նրա սիրած զբաղմունքն է: Ածիլվում է ամենայն բծախնդրությամբ, որպեսզի ձեռքը մազերի հակառակ ուղղությամբ տանելիս դիմադրություն չզգա: Վարշամից է սովորել: Հետաքրքիր է, կալանավորները կարո՞ղ են ամեն օր սափրվել,- անցավ մտքով և սրտի ցավ զգաց՝ Վարշամը սիրում է ամեն օր անթերի սափրվել, իսկ տաք եղանակներին սառը լոգանք էր ընդունում: Մարգոն միշտ բողոքում էր Վարշամի դանդաղկոտ բնավորությունից:
- Օրվա երկու ժամը իրեն է հատկացնում, կարծես տասնութ տարեկան տղա է:
- Տասնութ չեմ՝ ի՞նչ եմ,- ասում էր Վարշամը և կնոջը երկու ձեռքով օդ հանում:
- Նայի՛ր, քամին կթռցնի,- թույլ-թույլ ծիծաղում էր մայրը, ներքուստ հաճույք զգալով, որ որդին լավ ընտանիք է կազմել, իսկ հարսը ամուսնուն նվիրված կին է:
Այժմ մորս դեմքին ժպիտ չի երևում, դառնությամբ մտածեց Գևորգը: Վարշամի բանտարկությունից հետո ոչ ոքի մոտ անունը չի տալիս: Ամփոփվել է իր մեջ, բարի, սևորակ աչքերը մոխրացել են, դարձել երկու ավերակներ: Գևորգը հիշեց մի դեպք, որ հանկարծ տարիների միջից լողաց դուրս:
Երրորդ կուրսի ուսանող էր, որ գնացին Վարշամի հարսնախոսությանը: Հորեղբայրն էր եկել, քեռին, քեռակինը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, մայրը կարգադրեց, որ բոլորը նստեն սեղանի շուրջը:
- Դու էլ ժամանակ ես գտել,- բողոքեց Վարշամը, բայց լուռ հնազանդվեց մոր տիրական հայացքին: Մյուսները նույնպես հետևեցին նրան:
Շուշանը նստեց երկու որդիների միջև, ափերի մեջ առավ Վարշամի ձեռքը և աչքերը խոնարհած, դանդաղ, որ հուզմունքը ծածկի, ասաց.
- Հիմա գնում ենք հարսնախոսության, ճանապարհ բացենք: Բարի ժամին լինի, բարի նպատակին:
- Ամեն,- ասաց տեգրը և ցանկանում էր շարունակել, բայց Շուշանը ձեռքի տիրական շարժումով կանգնեցրեց.
- Մուշեղի հարկը նոր մարդ պիտի ընդունի:
Ամուսնու անունը տալուց շրթունքը դողաց: Քիչ առաջվա ուրախ տրամադրությունը տեղի տվեց ծանր ու ճնշող լռության: Կարծես Գարաքյանների ընտանիքում ճակատագրական բան է կատարվում, և բոլորը պետք է հասկանան դրա կարևորությունը: Մայրը նույն հանդիսավորությամբ շարունակեց.
- Վարշա՛մ, դու մեծ եղբայրն ես, Գևորգը՝ փոքրը: Ձեզ առանց հայր եմ մեծացրել և դժվար է եղել: Հորեղբայրդ ու քեռիդ ռազմաճակատում էին և չգիտեին, թե ինչքան դժվար է երեխա պահելը: Դու, Վարշա՛մ, արդեն մեծ էիր, շատ բան հասկանում էիր: Պահել մեծացրել եմ, Աստված ձեզ երկար կյանք տա: - Նա նորից կանգ առավ, որ շունչ քաշի և թեթևակի սեղմելով Վարշամի ձեռքը՝ շարունակեց: - Մեր տունը հարս պիտի գա: Եթե մեր տուն եկած հարսը,- ձայնը մետաղի պես կարծրացավ,- եթե հարսը մեր անարատ տունը խորթություն գցեց,- նա գլուխը բարձրացրեց և ծանր նայեց Վարշամին: Բոլորի մարմնով սարսուռ անցավ: Գևորգը հազիվ էր պահում արտասուքները, իսկ մայրը դաժան մերկությամբ կրկնեց. - եթե հարսը խորթություն գցեց ձեր միջեւ, ուրեմն դուք Մուշեղի տղաները չեք, իմ... իմ կաթն էլ մոր կաթ չի եղել, այլ... - Նա այլևս չկարողացավ արտասուքները պահել: Ներկաներն այդ խոսքերի ճնշման տակ երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում խոսել: Վերջապես եղբայրը, մի կերպ պահելով արտասուքները, ոտքի կանգնեց:
- Շուշանի՛կ, դու էլ... Խնձորը ծառից հեռու չի ընկնի:
Մայրը ցածր ինչ-որ բան ասաց, ու Գևորգին թվաց, որ դա աղոթքի է նման: Երբ հարսնախոսության գնացողները դուրս եկան փողոց, Գևորգը թեթևացած շունչ քաշեց: Ծանր էր լսել մոր խոսքերը: Նա միշտ էլ անբացատրելի երկյուղածություն ուներ մոր նկատմամբ, նրա մոտ ինչ-որ բան կար, որի հանդեպ իրեն փոքր ու անպաշտպան էր զգում: Նա մինչև հիմա էլ չի կարողանում բացատրել այդ զգացողությունը:
Գևորգը դուրս եկավ փողոց: Դրսում արևոտ էր: Նա ցանկացավ մի քիչ քայլել, որպեսզի իրենից վանի տխուր հիշողությունները և իրեն նախապատրաստի առաջիկա տեսակցությանը:
Ընտանիքով եկել են ծովափ հանգստանալու: Ցանկանում էր մորն էլ բերել, բայց նա կտրականապես հրաժարվեց: Միայն երկար թախանձանքներից հետո Մարգոն թույլ տվեց Վարշամի փոքր աղջկան իրենց հետ վերցնել: Օգտվելով արձակուրդի ազատությունից, նա որոշեց այցելել եղբորը: Ճիշտն ասած, այդ միտքը դեռևս տանը կինն էր տվել: Այստեղ մեկնելու օրը ցանկացավ Վարշամի փոքր աղջկանն էլ վերցնել, բայց կինը կտրականապես դեմ դուրս եկավ:
Գևորգն անկեղծորեն զղջաց, որ լսեց կնոջը:
Մի՞թե, իրոք, Վարշամը մեղավոր է,- արդեն քանիերորդ անգամ է այս հարցը ինքն իրեն տալիս: Նա արձակուրդում էր, որ կահույքի ֆաբրիկան հրդեհվեց: Փորձագետները հաստատել են, որ հրդեհն առաջացել է էլեկտրական գծերի կարճ միացումից: Անփութություն է, իհարկե, անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում, բայց Վարշամը բազմիցս խնդրել է, որ թույլ տան մի քանի օրով կանգնեցնել ֆաբրիկան, որպեսզի էլեկտրական գծերը վերանորոգեն: Ամեն անգամ էլ թույլ չեն տվել, պատճառաբանելով, որ դա պլանների վրա կարող է ազդել:
Բայց Վարշամին մեղադրել են խոշոր յուրացման մեջ: Գևորգը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ֆաբրիկան վերականգնելու համար մինիստրությունը միջոցներ չէր տրամադրել, և Վարշամը, վերադասի բանավոր համաձայնությամբ, հրդեհից փրկված տախտակը վաճառել է շինկազմակերպություններից մեկին: Գևորգը ժամանակին եղբորը զգուշացրել է, բայց նա ձեռքը թափ է տվել.
- Երկար տարիներ աշխատում ենք միասին, ինչպե՞ս կարող է հրաժարվել:
Սակայն ստացվել է այնպես, որ վերադասը չի կարողացել հիշել իր այդ կարգադրությունը, որը բանավոր է եղել: Վարշամը չգիտի՞, որ նա բազմազբաղ մարդ է, ամեն օր տասնյակ կարգադրություններ է անում, վերադասը այդ բոլորը կարո՞ղ է հիշել: Գուցե և նման մի բան ասել է, բայց ցավոք, չի հիշում, ախր նա այդ ֆաբրիկայի նման տասնյակ ձեռնարկություններ է ղեկավարում, ինքը հո մեքենա չէ՞, պետք է նրա դրությունը մտնել: Իհարկե, Վարշամը հին աշխատող է, վատ հաշվում չէ, բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է այդպես ստացվել: Վերադասը մինչև հիմա էլ չի կարողանում հասկանալ Վարշամի արարքը: Ինչ է, Վարշամը չգիտե՞ր, որ օրենքը շատ խիստ է, անմշակ հումքը չի կարելի վաճառել: Մարդս, անշուշտ, սխալական է, և ցավում է դրա համար, բայց ինչպե՞ս է Վարշամը գայթակղվել ու գործարքի մեջ մտել: Վարշամը չգիտե՞ր, որ շինկազմակերպության պետի ձեռքերը մաքուր չեն: Ո՞վ գիտե, մարդուն դժվար է ճանաչել: Վերադասի համար ցավալի է, որ այդպիսի կադր է կորցնում, բայց, ի՜նչ արած, օրենքի առաջ բոլորս էլ հավասար ենք:
Ուղղիչ աշխատանքային գաղութի պետը զուսպ քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց Գևորգին: Պետը կապիտան աստիճանով, հիսունն անց, խոշոր գլխի համար բավականին կարճ հասակով մարդ էր: Կապիտանի աստիճանն այդ տարիքում երևի քիչ է, մտածեց Գևորգը՝ նստելով առաջարկված միակ աթոռին, թռուցիկ հայացք նետեց կաբինետին: Դիմացի պատին Ձերժինսկու ծանոթ նկարն է ամբողջ հասակով: Մյուս պատերը մերկ էին: Անհրապույր սենյակում իր գոյության մասին ճչում է պատուհանի մոտ դրված ֆիկուսի փառահեղ ծառը, որը, ըստ երևույթին, պետի հատուկ խնամքի առարկան է: Երևի իր միօրինակ կյանքին հետաքրքրություն տալու համար է պահում, որոշեց Գևորգը:
- Ես ձեզ լսում եմ,- լռությունը խզեց կապիտանը:
- Իմ եղբայրը ձեզ մոտ է՝ Վարշամ Գարաքյան:
Կապիտանը ակնոցները դրեց քթին և գրասեղանի դարակից հանելով ինչ-որ մատյան, սկսեց թերթել: Պարզ երևում էր, որ կապիտանը դեռևս ակնոցի կարիք չի զգում, որովհետև երբեմն-երբեմն հանում էր ակնոցը, որ կարողանա կարդալ: Պատկառելի երևալու համար է օգտագործում,- անցավ Գևորգի մտքով: Վերջապես ձեռքը դնելով մատյանի մի տողին, ասաց.
- Այո, մեզ մոտ է գտնվում դատապարտյալ Վարշամ Գարաքյանը:
Գևորգի մարմնով ցուրտ անցավ՝ դատապարտյալ Վարշամ Գարաքյան:
- Ես նրա եղբայրն եմ, եկել եմ տեսակցություն խնդրելու:
- Հնարավոր չէ: Ցավում եմ, բայց հնարավոր չէ:
- Գիտե՞ք, ընկեր կապիտան, ես շատ հեռվից եմ եկել, գուցե բացառության կարգով ընդառաջեք:
Գևորգը մտքում իրեն հանդիմանեց, մի՞թե չէր կարող նախօրոք որևէ իրավաբանի մոտ գաղութների կարգ ու կանոններին ծանոթանալ: Չէ՞ որ ծերացող այս կապիտանը, որ վաղուց պետք է ավելի բարձր աստիճան ունենար, կարող է իրեն, ինչպես երեխայի, քթից բռնած ման ածել:
- Չեմ կարող: Մի շաբաթ առաջ Մոսկվայից ինչ-որ ժուռնալիստ է հետաքրքրվել դատապարտյալով: Կենտրոնից եկած էր, ես նրան չէի կարող մերժել:
Գևորգի դեմքով գոհունակության ժպիտ սահեց: Վերջապես Յուրի Սավելիչը՝ բարձրագույն դասընթացների դասընկերը, հետաքրքրվում է եղբոր գործով: Ինքն է նամակ գրել ու խնդրել:
- Իսկ այդ կենտրոնից եկածը ինչո՞ւ էր հետաքրքրվում:
- Չեմ իմանում, ասում է՝ դատապարտյալին ճիշտ չեն դատել: Կյանք է, քի՞չ է պատահում: Բայց լավ տղա է երևում:
- Կխնդրեի եղբորս դատապարտյալ չասեք: Նրան կոչեցեք Վարշամ Մուշեղովիչ, չէր խանգարի նույնիսկ ընկեր Գարաքյան ասել:
- Օրենքով արգելվում է,- նույն լրջությամբ ասաց կապիտանը: Խեղճ կապիտան, ինչո՞ւ հումորից զուրկ ես ծնվել:
- Հիմա կարո՞ղ եմ տեսնել եղբորս,- արդեն համարձակ ասաց Գևորգը:
Կապիտանը մոտեցավ ֆիկուսի փարթամ ծառին, սկսեց տակի հողը փխրեցնել չժանգոտող պողպատի բարակ շեղբով: Մի պահ դադարեցրեց փխրեցնելը և շրջվեց դեպի Գևորգը:
- Յուրաքանչյուրս էլ իր ձևով մարդ է: Կարծում եք միլիցիայի աշխատողը հոգի չունի՞: Մենք էլ մայր ու երեխա ունենք, սիրում ենք մեր հարազատներին: - Կապիտանը նորից անցավ իր զբաղմունքին: - Օրենքը խիստ է, մարդ սրտանց ուզում է լավություն անել, բայց՝ օրենք է, չի կարելի: Բա՜, այդպես է, հարգելիս: Մենք էլ սիրտ ու հոգի ունենք, հասկանում ենք ինչը ինչոց է: Մի ամիս առաջ մեկի կինը եկել էր: Գյուղից: Երեխաներին թողել էր տանը, եկել իր ալկոհոլիկի հետ տեսակցելու: Ի՞նչ անեմ, չթողնե՞մ: Իհարկե, չէի կարող, ես էլ կին-երեխաներ ունեմ: Բայց ի՞նչ ստացվեց, անիրավը կնոջը ծեծեց ու ճամփու դրեց: Եվ գիտե՞ք ինչի համար, կինը անմեղորեն ասել էր, որ նախագահը երկու երեխաներին առանց վարձի տեղավորել է շրջկենտրոնի գիշերօթիկ դպրոցում, իսկ մնացած երկուսի հոգսը արդեն հեշտ է քաշել: Ուրեմն, դու նախագահի սիրուհի՞ն ես դարձել, կատաղել էր ալկոհոլիկը ու ջարդել կնոջը: Ստիպված երկու տարով ժամկետը ավելացրինք: Ուզում ես մարդկանց լավություն անել, բայց ի՞նչ է ստացվում: Օրենքով գնայի, այդպես չէր ստացվի: Բա՜...
Կապիտանը վերադարձավ իր տեղը և զանգահարեց ինչ-որ համարով: Քիչ անց ներս մտավ սերժանտի աստիճանով մի երիտասարդ:
- Ընկեր...- կապիտանը հարցական նայեց Գևորգին:
- Գևորգ Մուշեղովիչ,- հուշեց վերջինս:
- Գևորգ Մուշեղովիչին ուղեկցիր ընդունարան՝ դատապարտյալ Վարշամ Գարաքյանի հետ տեսակցելու:
Գևորգը շնորհակալություն հայտնեց և սերժանտի ետևից դուրս եկավ:
Ընդունարանը նեղ մի սենյակ էր, որի երկայնքով դրված էր սեղան, երկու կողմերում՝ նստարաններ: Գևորգը քաշվեց մի անկյուն՝ սպասելով եղբորը: Առավոտյան հուզմունքը նորից բռնել էր ու գնալով սաստկանում էր: Սպասումը ճնշող էր: Դատապարտյալ՝ այդ բառը կարծես թափանցիկ շոր է՝ գցված մարդու մարմնին, որի տակից երևում է մերկությունը: Գևորգը դրանից անհարմար էր զգում, ու նրան թվաց, որ այդ բառի պատճառով չի կարող ուղիղ նայել եղբոր աչքերին:
Իսկ եթե Վարշամը չցանկանա՞ հանդիպել իր հետ: Այս միտքը նրան սարսափելի թվաց, այնքան սարսափելի, որ իսկույն վանեց իրենից: Խոսքը նվաստացման մասին չէ, այլ դա կնշանակեր, որ նրանց միջև կփշրվի մի այնպիսի բան, որ ուրիշ ոչնչով չես կարող փոխարինել: Ո՛չ, Վարշամը չի կարող այդ անել, իրավունք չունի: Ներսից զգացմունքները բռնկվեցին: Գևորգը ձեռքը տարավ կոկորդին, օդը չէր հերիքում: Ո՛չ, ո՛չ, չի՛ կարող, չի կարող: Անհնարին է: Նա հերթապահ միլիցիոներից մի բաժակ ջուր խնդրեց, որ չորացած կոկորդը թրջի:
Պատուհանից երևաց ծանոթ սերժանտը, որից մի քայլ ետ գալիս էր Վարշամը: Ծերացել է, մտածեց նա, իսկ սիրտը մղկտաց: Նա քայլ արեց և ժպտաց: Գևորգը զգաց, որ ժպիտը շինծու է: Ցանկացավ ընդառաջ գնալ, գրկել եղբորը, համբուրել մազակալած ու արդեն ճերմակած դեմքը, բայց չկարողացավ տեղից շարժվել: Նա Վարշամի դեմքին ծակող հեգնանք որսաց և սառեց տեղում:
- Ձեզ հատկացվում է կես ժամ,- ասաց սերժանտը և մի կողմ նստեց:
Եղբայրները նստեցին դեմ-դիմաց: Ճնշող լռություն տիրեց: Գևորգը ցանկանում էր խոսել, ասելու շատ բան ուներ, բայց չգիտեր ինչից սկսել: Լռությունը գնալով լցվում էր, ուռչում և կարող էր պայթել: Վերջապես Վարշամը հարցրեց.
- Ինչպե՞ս է մայրիկը:
- Ոչինչ, թեթևացած շունչ քաշեց Գևորգը:
- Դո՞ւք ինչպես եք, երեխաները, կինդ:
- Ծովափում հանգստանում ենք, Սուսիկն էլ մեզ հետ է:
Վարշամի դեմքով ստվեր սահեց, և դա Գևորգը նկատեց: Չպետք է ասեի, մտածեց նա, բայց հետո խոստովանեց, որ միևնույն է, Վարշամի կինը գրելու է: Նա սպասում էր, որ հիմա էլ իր ընտանիքից կհարցնի, բայց Վարշամը ամփոփվեց իր մեջ և հայացքը եղբորից կտրելով, նայեց դիմացի պատին:
- Դո՞ւ ինչպես ես,- հարցրեց, զրույցը չընդհատելու համար:
- Ոչինչ, սովորական,- պատասխանը հնչեց այնպես, կարծես խոսքը կողմնակի մարդու մասին է:
- Դժվա՞ր է:
- Այնքան էլ սարսափելի չէ:
- Բոլորը լավ են, հիվանդ չկա: Սուսիկի լյարդը մի քիչ մեծացել էր, հիմա ամեն ինչ նորմալ է:
- Շնորհակալ եմ:
Վարշամն այնպիսի սառը քաղաքավարությամբ նայեց, որ ցուրտ հոսանք անցավ Գևորգի մարմնով:
- Օրերդ ինչպե՞ս են անցնում:
- Ոչինչ, մի շաբաթից հետո քառորդ ժամկետը կլրանա:
Օրերը հաշվում է, ուրեմն շատ ծանր է: Գևորգի սիրտը նորից մղկտաց, ցանկացավ վերցնել եղբոր ձեռքը, գուրգուրել, ցանկացավ փաթաթվել վզին, արտասվել առանց ամաչելու, բայց որսալով նրա բացակայող հայացքը, մնաց տեղում գամված: Գևորգը հասկացավ, որ եղբոր համար ծանր է այս տեսակցությունը: Նա հրաժարվեց Վարշամի մոտ արդարանալու մտքից, հասկացավ, որ երեսանց կհամաձայնի իր հետ, բայց հոգում կշարունակի իրեն մեղադրել:
- Յուրի Սավելիչը տեսակցե՞լ է քեզ հետ: Ի՞նչ է ասում:
- Ո՞վ:
Ինձ չի լսում, դառնացավ Գևորգը, բայց ստիպեց իրեն շարունակել խոսքը.
- Յուրի Սավելիչը, որ մի շաբաթ առաջ եղել է քեզ մոտ, իմ ընկերն է: Խնդրել եմ, որ հետաքրքրվի քո գործով:
- Այո, պատմել է,- անհաղորդ ասաց Վարշամը ու շարունակեց նայել դիմացի պատին:
- Վարշամ, ես մեղավոր եմ քո առաջ, ես... նույնիսկ չեկա դատարան:
- Կարիք չկա, դու ի՞նչ կարող էիր անել, մեղավորը ես եմ, որ...- Վարշամը կանգնեց, ապա խոսքը փոխեց: - Պետք չէ այդ մասին:
Դաժան քմծիծաղը աղավաղեց Վարշամի դեմքը, որից Գևորգը սարսռաց: Նա երբեք եղբորը այդպես անողոք չէր տեսել: Նրա կրծքի տակ թանկագին մի բան փշրվեց, և նա հասկացավ, որ այլևս այդ թանկագին բանը չի կարող վերականգնել: Զղջաց, որ եկել է: Գոնե իրեն կխաբեր, որ իրենք մնում են նույն եղբայրները...
- Ինչպե՞ս են այստեղ սնում,- նյութը փոխելու համար հարցրեց Գևորգը:
- Դե, կուրորտ չէ,- ակամա խայթեց Վարշամը, որից Գևորգը շառագունեց:
Զրույցը չէր ստացվում: Նորից աննշանակալի մի քանի հարցեր տվեց և նույն միավանկ պատասխանները ստացավ: Տեսակցությունը դառնում էր անտանելի: Այժմ Գևորգն էր անհամբեր սպասում, որ լրանա տեսակցության ժամանակը, որ շուտ գնա այդտեղից: Աննկարագրելի ծանր էր նստել այդպես՝ դեմ-դիմաց, այդքան իրար մոտ և այդքան իրար խորթ: Ակամա նայեց ժամացույցին ու, երբ գլուխը բարձրացրեց, Վարշամի դեմքին կարդաց չթաքցրած արհամարհանքը:
Գևորգը հրաժեշտ տվեց եղբորը, իսկ տեսակցությանը դեռ տասը րոպե մնում էր...




ԳԾՈՒԾԸ

- Նախագահը ընկերդ է, ասա, որ չդիմադրի:
- Կասեմ:
- Ասել էլ կա, ասել էլ: Նախագահը ընկերդ է , ես էլ հորեղբորդ տղան եմ: Մեծ հորեղբորդ մեծ տղան: Հիմա ազգի մեծը ես եմ:
- Ասելը՝ կասեմ, բայց...
- Բայց-ը ցանել են, չի բուսել: Սա էլ երեխայի հարցը չդառնա:
- Երեխան գոհ չի՞: Տուն-ընտանիք է կազմել, գյուղում հարգ ու պատիվ ունի: Գար քաղաք՝ ի՞նչ պիտի աներ, ո՞վ կիմանար տեղը: Վարձով կապրեր, մի երեխա կունենար ու կսպասեր մի տաս տարի, մինչև բնակարան կստանար, ու հարսը նոր-նոր մի երեխա էլ կբերեր ու կասեր՝ հերիք է: Հիմա երեք թոռ ունես, նոր էլ տղադ տուն է կառուցել:
- Մեկն էլ դու ես կառուցել: Ես չլինեի՝ տեսնենք ոնց էր կառուցում: Ես չլինեի՝ կպլոկվեր:
- Հայր ես, պետք է օգնեիր:
- Ինքն էլ տղաս է, թող հիմա էլ ինքը օգնի:
- Ո՞նց օգնի, նոր է կանաչ խոտին կրակ անում,- միջամտում է Գևորգի մայրը:
- Հասի, դու մի խառնվիր: Թեյ լցրու՝ խմենք: Էս շոգին հացի ախորժակ էլ չկա,- ասաց Հարունը ու նայեց Գևորգին: Հետո նայեց հորեղբոր կնոջը ու աչքերի մեջ խնմնդաց.- Նրա փողն ինձ պետք չէ, բայց թող օգնի...
- Ի՞նչ օգնի:
- Քեզ նման խոսք է տալիս, թե կասեմ նախագահին, բայց չի ասում:
- Ես որ խոստացել եմ, ուրեմն կասեմ: Իսկ թե ինչու Սամվելը նախագահին չի ասում, նշանակում է մի բան գիտե:
- Ո՜նց չէ, բոլորդ էլ իմացող եք: Անխելքը միայն ես եմ: Անխելք եմ, անխելքից էլ անխելք եմ: Որ խելք ունենայի, քեզ պես մի գրասենյակում կնստեի, ոտս կծալեի ոտիս ու ամիսը երկու անգամ փափուկ-փափուկ փող կստանայի: Ամառը Բադունց այգիների շուքերում շախմատ կխաղայի ու մեկ-մեկ էլ կմասնակցեի շաբաթօրյակներին, թե տեսեք-տեսեք՝ ես նույն գյուղացի տղան եմ: Չնայած պաշտոն ունեմ, բայց նույն հասարակն եմ, նույն Գևո տղան եմ: Բոլորիդ էլ գիտեմ՝ եփած էլ, էնպես էլ:
Գևորգը հասկացրեց մորը, որ միջամտի իրենց զրույցին, թե չէ՝ վեճը շուռ կգա կռվի ու տղա ես Սաքունց Հարունի ձեռքից պրծիր: Պրծնել կլինի՞: Այնպես լեզվածեծ տա, որ պոչդ չկարողանաս հավաքել: Խոսքը այնպես շուռ տա, որ չկարողանաս էլ կռահել, թե ինչպես նենգափոխեց միտքդ և արդար խոսքդ ուղղեց քո դեմ:
Հիմա էլ չոքել է բկին, թե նախագահին ասա, որ կոլտնտեսությունից իրեն ազատի: Ուզում է քաղաք գալ: Մարդու տղան ուզում է քաղաքում ապրել՝ Սաքունց Հարունը:
Գևորգը ուշադիր նայեց նրան. այտոսկրից մի խոր կնճիռ իջել է մինչև ծնոտը, սրամիտ աչքերը խամրել են: Երևի ինչ-որ բան է պատահել, անհանգիստ մտածեց նա: Երեսն էլ մազակալած, շեկ մազերը՝ ցից-ցից: Խոսելիս էլ հայացքը փախցնում է:
Պատշգամբում նստած թեյ են խմում: Երեկո է: Արևը մայր է մտել, բայց շոգ է, հեղձուցիչ: Քրտինքը հոսում է Գևորգի ճակատից, սիրտը նեղվում է, և օդը չի հերիքում: Հարունը նկատում է ու բավականությամբ մտածում, որ ինքը իր հավանածի պես պինդ-պինդ է, իսկ հորեղբոր տղան՝ մեկել օրվա երեխան, շոգին չի դիմանում: Տղայի սիրտը թույլ է: Լավ ապրում է, դիրք ու հարգանք ունի, բայց սիրտը թույլ է: Ինքը մեծ է նրանից, բայց Ճապկի խաչի դիրքերով բարձրանում է ու վեջը չի: Ցորենի հակը խտտում է ու նետում սայլին, խտտում է ու նետում, խտտում է ու նետում, ու չի հոգնում, մեջքը չի էլ քրտնում: Միայն անցյալ տարի է ատամներից մեկը հանել տվել: Իր մեղքով. գրազ է եկել զոոտեխնիկ Գավրուշի հետ, թե ատամով տասը կոռ ընկույզ կջարդի: Գծուծ, գծուծի տղա Գավրուշ... Ատամը մի շիշ կոնյակի մատաղ տվեց: Գծուծ Գավրուշը կոնյակը բերեց, բայց հավ մորթել տվեց: Խոզերը ամորձատեց և ամորձիները տարավ տուն: Ամորձիները կոնյակի լավ մազա է, իսկականը: Ուզեց խաբել ու հավը պահել՝ հավը ածան էր, ափսոս էր: Ինքն էլ էր մեղք՝ Սիրանը երեք օր գլուխը տարավ: Խոսեց-խոսեց այնքան, որ օր ու մեջ ձու էր ածում, գնաց: Գավրուշը՝ այդ գծուծ ու անամոթը, ամորձիները տարավ:
- Մի խոզ ամորձատելը՝ երեք ռուբլի, երկու խոզը՝ վեց,- ասաց ու չարախնդաց: - Ուրեմն, հավն էլ իմ հաշվին է,- ասաց ու նորից չարախնդաց. իր բաժակը լիքն էր լցնում՝ բերնեբերան, իսկ իրենը՝ թերատ:
Գավրուշի հետ Հարունը հաշիվ ունի: Դեռ բան կա պարզելու: Դեռ փուչեր կան բացելու: Մայրիկ պիտի լացացնի: Գավրուշը դեռ ծեծ պիտի ուտի: Խոտերը բաժանելիս մեծ կուտակը ինքն էր վերցնում, փոքրը տալիս իրեն, թե ինչ է՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ է: Ինքն իր օգուտին արդար բաժանում է: Արդա՜ր-արդա՜ր: Արդար գծուծ: Խոտ հարելիս կրունկները տաշվում էին, իսկ կուտակի մեծը նա է վերցնում:
- Ըստ միրուքի է,- ասում է ու գծուծ ծիծաղում: Որը լավ է՝ չարդը քեզ:
Չարդը՝ ինձ, կաքավը՝ իրեն: Կեղտոտ, անամոթ, անկշտում: Գծուծն էլ հետը: Ավազակ, ձմեռը դու չեկա՞ր ինձնից խոտ ուզելու:
- Հարուն, էդ ոնց ստացվեց, կուտակի մեծը ես վերցրի, բայց քո խոտը շատ դուրս եկավ:
- Լավ տղի տեղ է: Փորացավ ունես՝ ասա:
- Անասունի խոտը վերջացել է:
- Ո՞ւմ խոտը:
- Իմ:
- Քո՞ խոտը, թե՞ քո անասունի:
- Հարուն, ձեռ մի առ,- խեղճացավ Գավրուշը:
- Վերի հանդում խոտը կանաչել էր, տար անասունդ արածացրու:
Հարունը երանության մեջ լողում էր, այնպես լավ երանություն էր, որ Գավրուշի ճակատը սկսեց խոնավանալ՝ աչքերը խամրեցին ու մարեցին:
- Փողով եմ ասում, ձրի՝ չէ:
Գավրուշը աբրեշում էր, այնպես լավ ու անուշ, ասես շաքար է՝ թեյի մեջ լցրու ու խմիր՝ քա՜ղցր-քա՜ղցր:
- Ուրիշները խնդրում են, դու գիտես:
Հերթը Հարունինն էր: Այնպես խնդաց-խնդմնդաց, որ Վանեսանց մեռելները գերեզմանոցում տեղահան շուռ եկան:
- Փողը՝ հող, թե փող չունես՝ տամ: Ինչքան պետք է՝ տամ: Ասա, մի ամաչիր: Մենք հո ուրիշ չենք, Վանեսանք մեզ քավոր են գալիս: Մորս տատը քո պապ Առստամին քենի չի գալի՞ս: Մի հորից էին, մի մորից չէին: Նոր բարեկամությունն էլ չեմ ասում:
- Բարեկամ ենք, քավոր ենք ու խնամի: Ուրախ եմ դրա համար, շատ եմ ուրախ, երջանիկ եմ, բայց անասունը քաղցած է, դու էլ բարեկամ ես ու խոտ էլ ունես,- Գավրուշը էլի փափկեց, մռամոշ դառավ, կակղեց, ոնց որ արևի տակ մնացած կարագ ու հաց: Կարագից էլ կակուղ: Անիծածը այնպես էլ խնդրում է: Հենց ուզում ես հեզ ու հնազանդ մռութին մի օրինավոր հասցնել: Շատ չէ, մի ատամը թափես, հերիք է: Այն, որ ոսկի է: Ատամը ջարդեմ արմատն էլ մնա մեջը, որ ատամնաբույժը մի ժամ չարչարվի ու չկարողանա հանել: Ոսկի ատամով սիրուն էլ ժպտում է: Այնպես սիրուն, այնպես լավ, որ աչքերդ ջրակալվում են:
- Հարուն, հիմա ի՞նչ անենք:
- Դե, որ շատ խնդրում ես՝ կտամ: Իշաբեռը՝ մի քսանհինգանոց:
- Քսանհինգը շատ է, խիղճ ունեցիր: Դու մա՞րդ ես, թե՞ թալանչի:
«Թալանչին» այնքան փափուկ է ասում, այնքան փափուկ, որ ուզում ես մեկ էլ լսել:
- Ուրեմն ես թալանչի՞ եմ:
- Թալանչի չես, բայց քսանհինգը շատ է:
- Շատ է, շատ է: Ամառը ամեն մի քոլատակին մի իշաբեռ խոտ կար: Չգնա՞նք տեսնենք, թե Վերի հանդի խոտերը մնում են: Լավ էր աճել, է՜: - Է-ն ծոր է տալիս, ոնց որ մեղրը կաթի:
- Քսանհինգը շատ է, անկշտում:
- Մի կոպեկ էլ պակաս չտաս:
Սիրանն է: Կանգնել է պատշգամբում ու մանր ժպտում է: Ձեռքերը կանթել է կոնքերին ու մանր ժպտում է Գավրուշին: Կանգնել է պատշգամբում ու մարմինը խաղացնում է: Հարունի ձեռքերը սկսում են քոր գալ: Անամոթ, անպատկառ, մտիր տունն ու քեզ հավաք պահիր:
- Քո գործը չէ, կուզեմ՝ քսանհինգով կտամ, կուզեմ՝ քսանով կտամ: Հենց քսանով եմ տալիս, Գավրուշ:
- Գարնանը խոզերը կամորձատես, ամորձիներն էլ միասին կուտենք: Օղին էլ քեզնից: Ամորձատելու գինն էլ խոտի գնի մեջ փակած համարիր:
Գավրուշը համաձայն է, իրենք հո ուրի՞շ չեն, քավոր են եղել, հիմա էլ մեծ տղայի հետ բաջանաղ է գալիս: Գավրուշը բեղի տակ խնդմնդում է, ոսկի ատամը ցույց տալիս Սիրանին: Սիրանը հիմա էլ ձեռքերը խաչել է լիքը կրծքերի տակ ու պատշգամբից մանր ժպտում է:
- Վա՜յ, Հարուն, վա՜յ, Գավրուշը գծուծ է, չիմացա՞ր ինչը ինչոց է: - Իմացավ, էշ չի, բայց էլի լռեց: Լռեց ու մտքում եփ եկավ:
Գևորգի կինը նրանց հրավիրեց ներս: Սեղանին ահագին ուտելիք կար, մի շիշ էլ կոնյակ: Հարունը նախանձեց՝ մարդիկ լավ են ապրում: Մարդու ապրուստն էլ այսպես լինի: Թե չէ իրենք ի՞նչ են: Կինն էլ լավ կին է՝ հանդարտ, ժպիտը միշտ երեսին:
- Կոնյակը քեզ, հանքային ջուրն ինձ,- Գևորգը հանքային ջրով լի բաժակը խփեց Հարունի կոնյակով լի բաժակին:
Լուռ ուտում էին: Գևորգի մայրը թոռանը դրել էր ծնկներին ու կերակրում էր: Հարսը Հարունի ափսեի մեջ լավ կտորներ է դնում ու հորդորում, որ ուտի:
- Հարս ջան, այդքան ուտող չեմ, հերիք է,- դիմադրում էր Հարունը ու մտքում նրան համեմատում Սիրանի հետ: Լավ կին է, մեռոնն էլ երեսից կաթում է: Ամուսնու համար հոգին կտա: Սիրանի պե՞ս... Կամ հարևանի էշը սատկի, կամ ինքը՝ Սիրանի համար մեկ է:
Սիրանը կովկիթ է, Գավրուշը՝ ֆերմայի զոոտեխնիկ, Հարունը՝ նախրապան: Անասունն առավոտ տանում է հանդ, իրիկունը բերում: Սիրանն ու Գավրուշը մնում են ֆերմայում: Մարդը երկու կես դառնա՞, մեկը թողնի ֆերմայում, մեկը տանի հանդ:
Գյուղում խոսում են, փսփսոցը հասնում է մինչև հանդերը: Խոսում են ու նոր չեն խոսում: Էլ տեղ չկա, կամ պիտի տա երկուսին էլ ջարդի, կամ պիտի համակերպվի:
Սիրանը ճամփակողին աճած խոտ է ու... Գավրուշն արածում է:
Գևորգն իր հորեղբոր տղան է, բայց Գևորգը կհասկանա՞ իրեն: Երեկվա երեխայի մոտ Հարունը սիրտը ինչպե՞ս բացի: Ամոթ է:
Ինչպես էլ գլխի չընկավ, որ Սիրանն ու Գավրուշը դավադրություն են սարքում: Շուռ տվին բերին ու Գավրուշի քենուն իր մեծ տղային տվեցին: Որ իրենց գնալ-գալը հեշտանա: Ինքն էլ համաձայնեց: Հիմար, հիմար, հիմար, գլուխդ որտե՞ղ էր:
Եվ այսպես, Հարունի մտքերը թակարդն ընկած գազանի պես դես ու դեն են վազում: Վազում են ու ելք չկա: Ելքը միայն քաղաք գալն է: Օր ծերության ունեցած-չունեցածս շալակեմ ու գամ քաղաք:
Եվ Հարունը տառապում է, ինչպես տղամարդը կարող է տառապել:
- Այդպես էլ չասացիր, թե ինչո՞ւ ես ուզում գալ քաղաք,- Գևորգը Հարունի բաժակը նորից կոնյակ լցրեց: Ուզում եմ քաղաքացի դառնալ: Տարիքիս չնայես, երկու մարդու գործ կանեմ:
- Անելը՝ կանես, գործն էլ կգտնվի, բայց դու գյուղին սովորել ես, տուն ու տեղ ունես: Քաղաք գալու համար ուշացել ես, շատ ես ուշացել:
- Ուշ լինի, նուշ լինի: Գյուղին էլ կարոտեմ՝ կնստեմ ավտոբուս ու կես ժամում կլինեմ մեր հանդերում: Իմ ուզածին ման կգամ, երեկոյան էլ մի փունջ ծաղիկ կքաղեմ, կբերեմ հարսին:
Հարսը շնորհակալ ժպտաց:
- Այնուամենայնիվ, մի բան եղել է, որ այդպիսի անսպասելի որոշում ես կայացրել:
- Իզուր էլ եկել եմ,- դժգոհեց Հարունը,- Սիրանն ասում էր, չէի հավատում:
- Հասկացիր, հարցը օգնելու մեջ չէ: Դու լավ չես պատկերացնում այստեղի դժվարությունները: Դժվարություններն էլ մի կողմ, ինքդ չես հարմարվելու քաղաքի նիստուկացին: Միտքդ միշտ գյուղում է լինելու: Գյուղի կարոտից շուտ կսպառվես:
- Գյուղի ցեխերը, գյուղի գոմահոտերը, նախագահի հաչը, առավոտից իրիկուն տավարի ետևից վազելը, անտեղի աշխօրդ կտրելը: Մի իշաբեռ խոտ բերելու համար հազար անգամ կուզեկուզ ես անում, որ հանդապահը չտեսնի:
- Սիրանը ի՞նչ է ասում,- միջամտեց Գևորգի մայրը:
- Նրան ի՞նչ, որտեղ ես, այնտեղ էլ՝ ինքը: Նրան հարցնես՝ վաղուց կգայինք:
- Ասա՝ նրա գործերն են:
- Չէ, հասի, ինքս եմ ուզում: Երեխաները մեծացել են, ընտանիք կազմել: Մնացել է փոքրը, նրան էլ քաղաքում կմեծացնենք:
Հեռախոսը զանգեց: Գևորգի կինը գնաց միջանցք և քիչ անց այնտեղից կանչեց.
- Գևորգ, քեզ են ուզում:
Գևորգը ծանր բարձրացավ տեղից և ուսին գցած սրբիչով ճակատի քրտինքը հավաքելով, գնաց հեռախոսի մոտ:
Հարունը մտածմունքի մեջ ընկավ:
... Գոմի լույսը վառվում էր: «Փող խնայել չգիտեն»,- թոնթորաց Հարունը ու մտավ գոմը:
Ավազակ Գավրուշ, ես քո հերն անիծեմ: Ես հիմա քեզ կսատկացնեմ: Ձեռքի ցաքատը ուզում էր բարձրացնել, բայց Սիրանը կատաղեց: Ո՜նց էր կատաղել: Կարծես ինքն է Հարունին տեսել Գավրուշի հետ Գավրուշի գոմում:
- Կովը ձեռքից գնում էր, ուշանար՝ արդեն ձեռքից գնացել էր:
Կովին ի՞նչ է եղել, առավոտից կայտառ գնաց հանդը: Կովը հիվանդացել է, լավ, իսկ քո մեջքի ծղոտը Գավրուշը ինչո՞ւ ժամանակին թափ չի տվել մաքրել: Խոտի ծղոտները դեռ վրադ են: Վրադ՝ չէ, մեջքիդ են, թավալ ես տվել Գավրուշի հետ:
Գավրուշը կանգնել ու ձեն չէր հանում, կարծես լեզուն կուլ էր տվել: Հարունը չնկատեց էլ, թե ինչպես ծլկեց:
Նա ծեծեց կնոջը: Ծեծեց այնքան, մինչև ձեռքերը հոգնեցին: Խփում էր ու մտածում. այնպիսի տեղին խփեմ, որ չերևա, որ գյուղում վաղը չիմանան: Որ սատկի, և ինքն էլ ազատվի խայտառակությունից, որ ինքն էլ սատկի ու պրծնի: Բայց ինչքան ծեծում, այնքան խեղճանում էր:
- Ես ինչո՞վ եմ պակաս, հը՞, ասա, ինչո՞վ եմ պակաս:
- Ծեծի, ինչքան ուզում ես ծեծի, վաղը էս տանը ինձ չես տեսնի: Անկարող եզ, անկարող եզ...
Հարունի ծնկները թուլացան, ձեռքը օդում կախվեց, բերանը մնաց բաց՝ օդ չկար կուլ տալու: Օրորվեց ու պատին ուսահար մնաց: Չիմացավ, թե ինչքան ժամանակ անցավ: Հետո ոտքերը քարշ տալով բարձրացավ տուն:
Սիրանը պառկել էր՝ դեմքով դեպի պատը: Արտասվում էր: Իսկականից: Ուսերը ցնցվում էին, և աչքերից, երևի, արցունքներ էր ծլլացնում: Հարունը խղճահարվեց. Սիրանն, ախր, լավ կին է: Հա, է՜, լավ է, շատ լավ է, բոլորից լավ է, բայց ինքը ինչ վատ բան է արել: Քսան-քսանհինգ տարվա մարդ ու կին են, ու դեռ չի հակառակվել կնոջ կամքին: Կոոպերատիվ եկած լավ բաները Սիրանի համար են՝ ավել փող է տալիս առնում: Գյուղի վարժուհիներից պակաս չի հագնվում:
Քաղաքում ապրող քրոջ ձմեռվա պաշարը ամեն տարի ինքն է տանում: Տարեկան մի ամիս ուղարկում է քրոջ մոտ, հետն էլ ինչ ասես, որ չի դնում: Եղբայրների մոտ սևերես է, թե ինչ է Սիրանի սրտովը լինի:
Ինչո՞ւ այդպես ստացվեց: Ու մոռացության մութ շերտերից անսպասելի հիշեց:
Սիրանը հավաքարար էր աշխատում կոլխոզի գրասենյակում: Գավրուշը խոսք բացեց, և ինքը հավատաց նրա խոսքին: Կինը չէր ուզում գնալ, ինքը համոզեց: Գրասենյակում ի՞նչ կա, ֆերմայում աշխօրը շատ է, պատիվդ՝ տեղը: Չիմացավ էլ, որ կրկնում է Գավրուշի խոսքերը: Որտեղի՞ց իմանար նրա մտքերը: Սա կաթնատու լավ կովեր տվեց Սիրանին, կարգին աշխօր գրեց: Գավրուշը քնեցրեց իրեն, և ինքը տանուլ տվեց: Երբեմն երեկոները, իբր պատահաբար, գալիս էր տուն: Սիրանը սեղան էր գցում ու նստում էին հացի: Մեկ-մեկը դարձավ հաճախ: Քնեցրեց, լա՜վ քնեցրեց Հարունին:
- Մի անգամ էլ դու գնա նրանց տունը, թող նրա կինը քեզ ծառայի,- Գավրուշի գնալուց հետո թոնթորում էր Սիրանը: Եվ ամսեամիս, աննկատելի մռայլվում էր կինը: Աշխատանքից գալիս էր, տուն-տեղ անում ու քնում՝ մեջքով Հարունին: Երևի հոգնում է: Հարունը կուրացել էր, բան չէր նկատում:
- Մի բաժակ օղին չքանդեց մեզ, իսկ աշխօր լավ է գրում:
- Քո աչքին միայն աշխօր է երևում,- տխուր հառաչեց Սիրանը և շրջվեց պատի կողմը:
Հարունը ցանկացավ գգվել Սիրանին, կինը չթողեց:
Քսփսոցը կամաց-կամաց տարածվեց, մտավ ամեն ծակ ու ծուկ, մինչև Հարունի միդակած ականջները: Հարունը չուզեց հավատալ: Չուզեց, չուզեց և հետո ծեծեց կնոջը: Ծեծեց ու մեղա եկավ: Ծեծեց ու մեղա եկավ, մեղմացավ, դարձավ փալաս՝ տար գցիր Վանեսանց կախականջի վերքոտ մեջքին:
Մարդն ի՞նչ անի, կամքից թույլ է, Սիրանին սիրում է: Սիրում է ու համբերում: Երևի իր սխալը կհասկանա, այդ գծուծից ձեռք կքաշի: Ու համբերում է: Մտածում էր, որ Գավրուշը ջահել լակոտ է, շուտ-ուշ կսառի: Բայց չէ, գնալով անամոթ էր դառնում: Հազար անգամ տեսել են իրար հետ: Ասում են, պատմում են, լեզուներ են, կապ չես դնի: Ինքն էլ մարդ է, իր պատիվն ունի:
Հարունը մտավ տեղը: Դեռ երկար եփվում էր մտքերի մեջ: Վերջապես չգիտես ինքն իրեն, թե կնոջը դիմելով, չգիտես զայրացած, թե մեղավոր, ասաց.
- Գյուղի ռեխը ես ո՞նց փակեմ: Խոսում են, ասում են, բամբասում են: Իսկականից են բամբասում, թե ստից, բայց բամբասում են:
- Բամբասում են, որովհետև նախանձում են,- Սիրանը շուռ եկավ դեպի ամուսինը, և լիքը կրծքերը քսվեցին Հարունի կզակին: Հարունը մոլորվեց դրանց մեջ, խեղճացավ, դարձավ չնչին, դարձավ մեղավոր, անարդար, անխիղճ ճիվաղ: Վաղուց մարած մի ալիք հաճելի խաղաց Հարունի կրծքի տակ: Չնայած ջարդված էր, չամաչեց, ասաց ու չամաչեց, որ իր բերանից ելած խոսքերը ջահելի խոսքեր էին: Սիրանը լսում էր լուռ, հետո գրկեց ամուսնուն ու թաց շրթունքներով համբուրեց նրան: Հարունը դուրեկան զգաց կնոջ արցունքների աղի համը: Նորից մոռացավ ամեն ինչ:
Միայն թե գյուղում չխոսեն: Գավրուշի անամոթ հերն էլ անիծեմ: Վաղը պետք է խոսեմ նրա հետ: Կասեմ՝ ձեռք քաշիր Սիրանից, մի տարի չի, երկու չի, մարդու համբերությունը սահման ունի, ձեռք քաշիր, թե չէ՝ կաշիդ կքերթեմ:
Առավոտյան Սիրանը երկու ձու թերխաշ արեց, օղու շիշը դրեց սեղանին, իսկ ինքը գնաց ֆերմա՝ կովերը կթելու: Հարունն ամեն մի ձվին մի բաժակ օղի խմեց ու հաստատ վճռականությամբ գնաց նախագահի մոտ: Նախագահը չհամաձայնվեց, ասաց վատ ժամանակ է, անասնապահի պակաս ունեմ:
- Քո տեղը մարդ գտնենք, հետո:
- Չեք ուզում՝ լավ: Մեր բաժին ֆերման հերիք է, հիմա էլ թող ուրիշներն աշխատեն:
Բայց նախագահը իրենն է ասում.
- Մարդ գտնենք՝ հետո: Սպասեք մինչև բերքահավաքը վերջանա:
Հարունը տավարը չտարավ հանդ: Երեկոյան մի դիմում ներկայացրեց իր ու Սիրանի անունից, թե կոլխոզից մեզ ազատեք...
Գևորգը վերադարձավ և ծանր նստեց իր տեղը: Լուռ վերջացրին ուտելը:
- Գնանք պատշգամբում մի-մի ծխենք,- առաջարկեց նա:
Հարունից մի ծխախոտ վերցրեց ու կատակով ասաց.
- Չնայած չեմ ծխում, բայց մեկ-մեկ կարելի է:
Նա ծուխը ներս քաշեց և տևական լռեց: Հարունը չէր համարձակվում խախտել լռությունը:
- Նախագահն էր զանգել,- վերջապես ասաց Գևորգը:
Հարունը ցանկանում էր ինչ-որ բան ասել, բայց Գևորգը չթողեց:
- Ամեն ինչ պայմանավորվել ենք: Մոտ օրերս երկուսիդ էլ տեղափոխելու են դաշտավարական բրիգադ...- Գևորգը կանգ առավ, մտքում դասավորելով խոսքերը,- այդ Գավրուշի հետ էլ առանձին կխոսեմ:
Ասաց ու փախցրեց հայացքը: Չկարողացավ նայել հորեղբոր որդու աչքերին, որ հիմա ազգի մեծն է, որին պետք է բոլորը հարգեն:
Հարունը երեխայի պես կարմրեց, երեխայի պես դարձավ անօգնական: Անհարմար չլիներ՝ երեխայի պես լաց կլիներ:




ՄԻ ԱՆԳԱՄ՝ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ

- Արշակ խնամին ո՞նց է, գյուղ գալու միտք չունի՞:
- Սարից իջան՝ էլ չեմ թողնի գնա, հերիք է ինչքան ֆերմայում մնաց: - Ջիվանը սրտնեղեց զոքանչի դիտողությունից, բայց ներքուստ մեղադրեց իրեն:
- Բա ի՜նչ, թող գա բանջարանոցում-բանում աշխատի:
- Ամառն էլի ոչինչ, հենց ցրտերը գալիս են՝ վիրավոր ոտքը սկսում է ցավել:
- Մեծ մարդ է, մեղք չի՞, գցել եք սարերը:
- Հերիք է վիճի-վիճի անես, գործիդ կաց,- Գաբրիելը իր համար օղի լցրեց, Ջիվանի համար՝ կոնյակ,- էն բանը պատրաստ չի՞:
- Եփած կլինի,- ու կինը դուրս գնաց:
- Տեր Աստված,- ասաց ու խմեց:
Ջիվանը նայեց աներոջ ջրակալած աչքերին ու միտքը փոխեց. ուշ է, մտածեց, տրամադրություն էլ չկա ու բաժակը ետ հրեց: Զոքանչը մի մեծ աման իշխան ձուկ դրեց սեղանին: Ձկան թարմ հոտը խտուտ տվեց Ջիվանի դեմքը: Տաք գոլորշու հետ իշխանի քուլա-քուլա հոտը տարածվեց: Գայթակղվեց, մտածեց՝ հազարից մի առիթ է լինում իշխան ուտել ու լուռ կոնյակը խմեց, մի կտոր ձուկ վերցրեց ու սկսեց աղմուկով ուտել: Անտերը լավ բան է, մտածեց, երևի Աշոտն է Երևանից ուղարկել:
- Աշոտն է ուղարկել,- ասաց զոքանչը ու մեծ-մեծ կտորներ դրեց փեսայի ափսեում:
- Ձեռքդ կկոտրի՞, որ մի կտոր էլ իմ ամանում դնես,- Գաբրիելն աչքով արեց Ջիվանին:
- Մեծ մարդ ես, քո կերածը կորած է:
Կաթնալույս գիշեր է: Հովացած գյուղը վաղուց է մրափ մտել: Ջիվանը չէր ուզում գալ: Առավոտից մինչև մթնելը դաբաղի պրոֆելակտիկա էր անցկացնում: Մթնալույսին դուրս եկավ գյուղից ու արևը չելած հասավ սար: Ամբողջ օրը աշխատում էր, հաց ուտելու ժամանակ չկար: Գործը վերջացրեց, ուզեց մնալ, բայց մեկ էլ փոխեց միտքը. Վերգուշան երեխայի է սպասում: Անհանգիստ էր, ձին նստեց եկավ:
- Խնամի Գաբրիելը կանչել է,- ասաց մայրը:
Ջիվանը ալարեց գնալ՝ հոգնած էր, հավես չկար:
- Ուշ է, առավոտ կտեսնեմ:
- Ասել է՝ անպայման թող գա:
Քունը գլխում, հոգնած, դժգոհ՝ եկավ ու հիմա չի փոշմանում: Իշխան ձուկ, Երևանի կոնյակ, հով գիշեր: Հազարից մեկ է պատահում, կրկին մտածեց, մեկ էլ ե՞րբ իշխան կուտեմ: Վերգուշի համար չի ուղարկի՞, անցավ Ջիվանի մտքով:
- Վերգուշան վերջերս բան չի ուտում: Ինչ տալիս ենք, ասում է՝ ախորժակ չունեմ:
- Ձուկ կտանես, գուցե ուտի:
Դա՝ ուրիշ, մտքում ասաց Ջիվանը և իր համար կոնյակ լցրեց, աներոջ համար՝ գինի: Լուռ խմեցին:
- Ի՞նչ կա ֆերմայում, ի՞նչ չկա, պրոֆիլակտիկա անցկացրի՞ր:
- Պրոֆիլակտիկան անցկացրինք, բայց կաթի վրա դաբաղը խիստ է ազդել: Կովերի կաթը ահագին պակասել է: Ի՜նչ կանաչ կա սարերում՝ Աստծո դրախտ: Ափսո՜ս, անասունը հիվանդացել է, լավ տարի է: Մի անգամ գնա տես, էլի:
- Ժամանակ կա՞, բերքահավաքը սկսվել է, շերամը ցախ է բարձրացել, տերևը Քռի ափից ենք բերում: Առավոտից իրիկուն ոտի վրա եմ. էս ինչ է՝ կոմբայնի մասն է կոտրվել, էս ինչ է՝ վառելիք չկա, էս ինչ է՝ տերև չկա:
- Կուքին ասում է՝ նախագահը թե ժամանակ չունի սար գալու, թող նկարն ուղարկի, որ երեսը չմոռանանք:
- Կուքին էլ... - Գաբրիելը կոպիտ խոսք ասաց: - Կարծում են՝ գլուխներս բարձի վրա դրած՝ մեզ համար հանգստանում ենք: - Նա պճղած հացի մեջ թարխուն դրեց, մի կտոր ձուկ ու անարխորժակ ծույլ-ծույլ ծամեց: - Այսօր գլուխս կռվի մեջ էր: Սերոժը սարից եկել էր, աղմուկ սարքեց: Չե՞ս իմացել:
- Ճանապարհին հանդիպեցի: Հարցրի՝ ինչո՞ւ ես գյուղ գնում, ասաց՝ գնում եմ նախագահ աներոջս բարի լույս տամ, գամ: Ի՞նչ է եղել:
Ասլանանց Բախշին գող է: Գող է՝ հերիք չի, խոսեցնել էլ չի լինում: Ինչ է՝ մեծ տղան շրջանային աշխատող է: Շրջանային աշխատող է՝ շատ լավ, շատ ուրախ ենք: Մեր գյուղացի է, ընկած տեղը օգնում է: Ապրի արևը: Եթե կուզեք, նա Ասլանանց էլ չի քաշել: Բայց դե, Բախշի, մարդ ես, մարդու տղա ես, ամաչիր սպիտակած միրուքիցդ: Մի բանը քանի անգամ կարելի է ասել: Վարչությունը որոշել է, որ մինչև հունձը չվերջանա, մարդիկ դաշտից չգան՝ խոտ հարելը արգելվում է, ոչ ոք իրավունք չունի թեկուզ մի բուռ խոտ բերի տուն: Բայց գող Բախշուն ինչ, հազար անգամ ասա: Մեկել օրը հանդապահը նրան բռնել էր խոտը հարելիս: Խոտ է գողանում, այն էլ կոլխոզի խոտհարքից: Արտերի սահմաններն ուռված, իսկ աչքածակի տղան կոլխոզի ղուրուղից է գողանում: Կարո՞ղ ես Մայկոյի բերանը փակել, շահի երեսը խանձած խոզ կտանի: Շենամեջին մարդկանց գլխին է հավաքել ու ձենը գլուխը գցել.
- Մեր կովը խոտ չի ուտո՞ւմ, մեր երեխային կաթ չի հարկավո՞ր, մենք կոլխոզնիկ չե՞նք: Քանի մին պիտի սիրի-սիրի անեն: Ի՞նչ է, որ մեր տղան շրջանում չի աշխատում, մենք պիտի մեռնե՞նք: Հենց վաղը Հենրիկիս լուր կտամ՝ կոմբայնը կթողնի գա:
Ասլանանց Բախշու հինգ աշխօրը կտրեցին: Հիմա տղա ես Բախշու թոփ-թվանքին դիմացիր: Լուր է տալիս տղա Սերոժին, սա էլ կովերը թողնում է անտեր ու սարից գալիս գյուղ:
- Ես սար գնացողը չեմ, թող Մայկոն գնա կով կթի: Մենք սարերում տանջվենք, դուք էլ բռնեք աշխօր կտրե՞ք:
Դիմումը ձեռքին գնաց շրջան:
- Կարծեմ դեռ չի գնացել,- ասաց Գաբրիելը,- վաղը հանդիպիր, խոսք հասկացրու նրան: Կովերն անտեր սարում են մնացել: Ասա՝ մարդ ես, մարդու տղա ես, մի տեղով հինգի փոխարեն տասը աշխօր գրանցել կտամ: Ասա՝ թող շրջան չգնա, ամոթ է, ասա՝ շատ զահլե տանեք, գյուղից քշել կտամ, ձեր գող քոքը արմատահան կանեմ: Մարդուս համբերությունը սահման ունի: Ասա՝ գնա սար, կովերը անտեր են, ամեն դատարկ բանի համար շրջան չեն գնա, ամոթ է, անհարմար է:
Ասաց՝ ջղայնացավ, ասաց՝ ջղայնացավ և ինչքան ջղայնացավ, այնքան ախորժակը փակվեց:
Ջիվանը խղճաց աներոջը: Մարդը գիշեր-ցերեկ չարչարվում, տանջվում է, բայց Բախշու կամ Սերոժի նման մեկը, մի պտղուն աղ դառած, կաթ են շաղեցնում: Սերոժը մա՞րդ է, որ խոսք հասկանա: Ասենք, մեղավորը նա չի, իր փեսա Անուշավանն է ջուր պղտորում: Ուզում է նախագահ դառնալ: Ա՛յ ընկեր Անուշավան, ուսուցիչ մարդ ես, նախագահության հետ ի՞նչ գործ ունես: Ահագին փող ես ստանում, լավ-լավ օգտվում ես կոլխոզից, բոլորից շատ տնամերձ ունես, էլ ի՞նչ է պետք: Թե դու ազնիվ մարդ ես, ինչո՞ւ ես սուտ տեղից բաժանվել ծնողներիցդ: Որ երկու տնտեսության տնամերձ ունենաս, չէ՞: Կարծում ես մարդիկ չեն հասկանո՞ւմ:
- Վաղը ոնց որ պետք է Սերոժի հետ խոսեմ: Նա թող շատ վեր-վեր չանի:
- Հանգիստ ձևով հասկացրու, առանց աղմուկի: Խաթրով խոսիր ու թող խաթրով վերադառնա ֆերմա:
Աքաղաղը կանչեց: Նրանք ակամայից նայեցին ժամացույցին՝ ժամը մեկն անց էր: Ցերեկվա տապից հետո սարերից եկող հովը հաճելի գգվում էր դեմքին, վանում հոգնությունը: Խաղաղ, անաստղ գիշեր է: Ջիվանը իր համար կոնյակ լցրեց, խփեց աներոջ բաժակին ու խմեց: Գաբրիելը ձեռքը բաժակին չտարավ:
- Վերցրու,- բաժակն ավելի մոտեցրեց նրան: Սա մեքենայաբար վերցրեց ու խմեց:
- Պետապի նախագահը քիչ առաջ զանգ էր տվել:
- Կամ աղն է պակաս, կամ՝ մաղը:
- Ասաց՝ պետապի հանրապետական խորհրդի նախագահը եկել է: Ուզում են մեր Վարարակնին քեֆ անել:
- Չի լինի՞, որ քանդենք Վարարակնը: Ով մի հյուր ունի, բերում է այստեղ: Մի շաբաթ առա՞ջ չէր, որ էլի եկան: Ամեն անգամ խոզ մորթիր, չգիտեմ վարունգ, պոմիդոր և էլի ինչ բեր: Մենք պա՞րտք ենք նրանց:
- Կարգ է, հյուրին լավ տեղ պիտի տանել, հո չե՞ն բերելու մեր Քերծոտում պատիվ տան:
- Թող բերեն, բայց կոլխոզը պարտք չի նրանց:
Անցյալ տարի կարկուտ եկավ ու ահագին վնաս հասցրեց: Պետապի փողը չէինք մուծել, իրավունք ունեին վնասը չհատուցել: Նախագահը գնաց Իշխանյանին խնդրեց, աղաչեց, վնասը հատուցվեց: Հարյուր վաթսուն հազարը քիչ փող չի, մարդն իր շնորհքը ցույց տվեց: Լավությունը կարելի՞ է մոռանալ:
- Հա, էլի,- ջղայնացավ Ջիվանը,- իր հոր գրպանից է տվել: Հարսի տեղերով փեսին լավություն է անում: Էս գլխից ես ձեռքերս լվանում եմ, Իշխանյանը հյուր ունի, թող իր գրպանից հարգի: Սարիշենցին պարտավոր չի տանջվի-չարչարվի, իսկ դրանք գան վայելեն:
- Լավ էլի, Ջիվան, լավ էլի, Թարխանի հետ վաղը մի հարկադիր մորթ ձևակերպեցեք: Էլ պրծավ, էս անգամ էլ ձևակերպիր, էլ հերիք է:
- Որ Աստված էլ երկնքից գա, չեմ անի: Մարդիկ խոսում են, վաղը Սերոժի նման մեկը մատերիալ կտա, տղա ես՝ պատասխան տուր: Չեն ասի, թե քո օգտի համար չէր, կբռնեն կհանեն աշխատանքից:
- Լավ էլի, Ջիվան, խոսք հասկացիր:
- Ի՞նչ խոսք հասկանամ, չես հիշո՞ւմ անցյալ տարվա Թարխանի պատմությունը:
Թարխանը խոզաբուծական ֆերմայի վարիչն է, իր փոքր աղջկա կեսրայրը: Մուքելանց Թարխանը աչքածակ է, կաշի քերթող շան որդու մեկը: Անցյալ տարի կոլխոզից երեք խոզ կերավ: Ամեն մեկը ցենտներից ավել: Կերավ ափաշկարա: Նախագահը կանչեց, երեսարանք տվեց, խնդրեց, սպառնաց, որ կոլխոզի ապրանքը ետ տանի իրեն տեղը, չեղավ: Թարխանը ումի՞ց է պակաս, կամ Թարխանը մոտ լիզելու իրավունք չունի՞: Դա էլ իր հարկադիր մորթն է: Խնամին՝ խնամի, բայց ամեն մարդ իր հաշիվն ունի:
Այդքան էլ աչքածակ մարդ: Չորս կողմդ երեխով պատա՞ծ է: Թարխան խնամի, մեծ մարդ ես, գյուղում դու էլ խայտառակ կլինես, մեզ էլ խայտառակ կանես: Եղած-չեղածը մի տղա է, նա էլ փառք Աստծո, Երևանում լավ ապրուստ, տուն ու տեղ ունի:
- Էդ փողը ինձ համար չի, Աշոտը աղջկադ բուժման է տանում: Պիտի Մոսկվա տանի, հասկացիր՝ Մոսկվա է տանում բուժելու: Քո աղջկան, որ մեր հարսն է՝ ոչ բարով: Բու-ժե-լու: Աչքներս լույս, գործի վրա ենք:
Անամոթ, անամոթ, չի էլ ամաչում ասած խոսքերից: Դու նրա խոսելու ձևին նայիր: Տես ի՜նչ է երեսով տալիս: Խեղճ աղջիկը փող չի տվել հիվանդություն առել: Իրենք չեն ուզո՞ւմ, որ Գոհարը երեխա ունենա: Հիմա ի՞նչ անենք, որ բնությունը պատժել է: Հետո էլ գուցե քո տղան է մեղավոր: Չի կարո՞ղ, որ Աշոտը պատճառ լինի: Ասում են՝ մի քածի հետ կապված է: Ձեր կոխած տեղն էլ հարամ է: Բահով շուռ պիտի տաս ձեր կոխած տեղերը: Խեղճ աղջկա միսը կերել են, ոսկորին հասել:
Նախագահը շատ խոսեց, շատ խնդրեց, վերջը խնամի Թարխանը ամիսուկեսական երեք գոճի դրեց տեղը, որ գլխաքանակը տեղը լինի:
Ուրիշ ճար չկար, Թարխանին պետք է աշխատանքից հանի, որ չխայտառակվեն: Առանց այն էլ մարդիկ խոսում են:
- Չորրորդ անգամն է, որ այդպիսի հարկադիր մորթ ենք անում: Զուր տեղից: Թե ինչ է՝ էսինչը ուզում է իր հյուրին հարգի: Շատ են երես առել, ամոթ չունեն դրանք:
- Չունեն, էլի, որ ունենան, մարդկանց չեն մղի խաբեության: Բայց մարդը կոլխոզին ահագին լավություն է արել: Իշխանյանը պետքական մարդ է:
- Ոսկի էլ լինի, սուտ տեղից ակտ չեմ կազմի, որ խոզը հիվանդ է, ու հարկադիր մորթ ձևակերպեմ:
Զոքանչը ներս մտավ՝ ձեռքին ինչ-որ փաթեթ:
- Ձեր տան լույսերը վառվում են, գուցե Վերգուշան...
- Բժիշկն ասել է՝ դեռ մի շաբաթ կա:
- Տուն գնալուց չմոռանաս էդ բանը վերցնել,- ու զոքանչը ձեռքի փաթեթը դրեց սեղանին: Ձուկն էլ կտաս Վերգուշին: - Դուրս գնալով նորից հիշեցրեց.- Չմոռանաս, երեխաս ձուկ շատ է սիրում:
- Աշո՞տն է ուղարկել,- հարցրեց աներոջը:
- Աշոտն է ուղարկել:
- Գյուղ գալու միտք չունե՞ն, նամակ բան չեն գրո՞ւմ:
- Աշոտը նամակ է գրել: Ասում է՝ որոշել ենք ծովափ գնալ: Ծովափս որն է, գային գյուղ, էս մաքուր օդերում ման գային, սառն աղբյուրների մոտ քեֆ անեին: Փառք Աստծո, ամեն ինչ կա. բակը հավերով լիքը, կովը կթան: Ամեն ինչի պիտի փող տա՞ն:
- Ինչպես է պատահել, որ Աշոտը նամակ է գրել,- աներոջը կծելու համար ասաց Ջիվանը:
- Փորացավ ունի, ուզում է մեքենա առնել: Ասում է, մեքենայով պիտի գյուղ գամ:
- Ի՞նչ մեքենա:
- «Վոլգա» է ուզում:
- «Վոլգա՞»,- Ջիվանը մի պահ կարկամեց: Ուրեմն Աշոտը մեքենա է առնում: Դե գնա:
Միջնակարգը միասին են ավարտել, միասին ուզում էին անասնաբուժական ինստիտուտ ընդունվել, բայց Աշոտը կտրվեց: Ջիվանն ավարտեց, եկավ գյուղ և հիմա կոլխոզի անասնաբույժն է, Աշոտը գյուղ չվերադարձավ, մնաց Երևանում, հանրախանութներից մեկում բանվոր աշխատեց, հետո գործակատար դարձավ, ընդունվեց տնտեսագիտական ֆակուլտետ և հիմա երկաթեղենի խանութի վարիչ է: Ասում են՝ լավ եկամուտ ունի: Որ չունենա, «Վոլգա» որտեղի՞ց կառնի, քմծիծաղեց Ջիվանը: Ու նախանձեց էլ:
- Ուրեմն Աշոտը «Վոլգա» է առնում:
- Ձեռից չի ուզում առնել, իսկ հերթով ուշ կլինի: Ուզում է, որ ես շրջկոոպի միջոցով առնեմ: Կարծում է, թե մեքենաները շրջկոոպում դրված ինձ են սպասում: Չեն էլ տա, կասեն՝ մեքենան ինչի՞դ է պետք: Ճիշտ էլ կասեն: Գուցե, Ջիվան, այդ գործը քեզ վրա վերցնես: Հը՞, շրջկոոպի նախագահը քրոջդ ամուսինն է:
- Կարող եմ, բայց չեմ անի:
- Ինչո՞ւ:
- Նախանձից:
- Նախանձի՞ց:
- Բա ինչ, քենակալը քենակալին ե՞րբ չի նախանձել: Աշոտը ինչո՞ւ պիտի «Վոլգա» առնի, իսկ ես՝ ոչ: Նա ինձնից ինչո՞վ է ավել: Ճիշտն ասա, ինձնից որևէ բանով առավե՞լ է:
- Առավել չի, բայց մարդը փող ունի, թող առնի:
- Տասը հարկադիր մորթ կձևակերպեմ, բայց էդ մեկը չեմ անի: Մաքուր փողերով չի առնում՝ հենց դրա համար էլ չեմ անի:
Խմիչքը կամաց-կամաց տրամադրությունները բացեց: Կինը մյուս սենյակում աման-չաման էր չրխկչրխկացնում, ել ու մուտ անում: Նախագահի կնոջ գործը բոլորից դժվար է, մտածեց Ջիվանը, ոչ քնի ժամանակ ունի, ոչ հանգստի: Օրական, հա՜, հյուրեր է ընդունում: Գաբրիելին էլ Աստված տվել է, ժամ ու տարաժամ չի ասում: Մեկ էլ տեսար մի բոլուկ մարդ ետևից գնաց եկավ: Տան բուխարու կրակը չի հանգչում: Մեծ կին է, հոգնում է, բայց էլի անտրտունջ հյուր է ընդունում, հյուր հարգում ու ճանապարհ դնում: Աննկատելի, մանրացած: Մի ծանրություն էլ չունի վրան, որ ոտքը ձայն հանի, և հյուրերը չեն էլ նկատում, թե ինչպես սեղանը պատրաստվեց, ով պատրաստեց: Մեղք է զոքանչս, մտածեց Ջիվանը, օգնական ձեռք չունի, ամեն ինչ ինքն է անում: Մի անգամ խոսք բացվեց, որ իր մեծ աղջիկը վերցնեն իրենց տունը, բայց իր մայրը՝ չէ որ չէ: Երբ տեսնում է զոքանչին այդպես չարչարվելիս, շատ է խղճում: Գաբրիելին՝ ինչ, տղամարդ է, առավոտը դուրս է գալիս, երեկոյան ուշ գալիս: Տուն-տեղ արա, ցերեկը գնա աշխօրի, երեկոյան մինչև կեսգիշերը ոտքի վրա մնա: Պետք է մորս համոզել, երեխա է, թող մնա այստեղ և իրենք կուրախանան, և մանր-մունր բաներում կօգնի մորատատին:
Դուռն աղմուկով բացվեց, և իր մայրը ժպիտը դեմքին ներս մտավ:
- Խնամի Գաբրիել, աչքներդ լույս, հարսն ազատվել է:
- Ձեր աչքն էլ լույս, միշտ բարի լուր լինի բերանումդ:
- Ի՞նչ է բերել,- ներս մտնելով, վախվորած հարցրեց զոքանչը:
- Տղա է, տղա է:
- Փառք Աստծո, զորությունդ մեծ լինի:
Կանայք համբուրվեցին և իրար զրուցահերթ չտալով գնացին:
- Նոր ծնունդի կենացը,- ասաց Գաբրիելը,- հորով-մորով լինի:
- Շնորհակալ եմ,- պատասխանեց Ջիվանը: Նա ուզում էր վազել տուն, կնոջը գգվել, նորելուկի փափուկ տեղերից համբուրել, բայց անհարմար էր զգում վեր կենալ գնալ և աներոջը թողնել մենակ:
Գաբրիելը երևի կռահեց փեսայի միտքը:
- Գնանք,- ասաց,- մենք էլ տեսնենք:
Վերջապես երեք աղջիկներից հետո տղա ունեցավ: Ջիվանը շատ էր ուզում տղա ունենալ: Մոր առաջ Վերգուշն իրեն մեղավոր էր զգում:
Ճանապարհին Գաբրիելը մի քանի անգամ հազաց, կոկորդը մաքրեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր վճռում:
- Ջիվան, մենակ շատ է տխուր,- ասաց նա,- շատ-շատ է տխուր: Երեկոները մեկը չի լինում, որ լեզու թաթախի մեզ հետ: Էլի ես ոչինչ, զոքանչդ է խեղճ: Ասում եմ,- խոսքը կիսատ թողեց, մտածեց, հետո թե.- հը՞, երեխա է, թող մեզ մոտ մնա:
- Բան չեմ ասում, թե սրտով ուզում եք...
- Մայրդ մեծին չի տա և ճիշտ էլ կանի՝ առաջին պտուղն է: Թե միջնակին համաձայներ, վատ չէր լինի: Որ մեր տնից էլ երեխայի հոտ գա, տան համ ունենա:
- Դե, ինչ եմ ասում, թող Ծովիկը գա:
Խոր գիշեր է: Նրանց ոտնաձայները կախվում են ձորի վրա, խուլ աղմկում այնտեղ ու մարում: Ջիվանն աննկատելի առաջ անցավ: Գաբրիելը հազիվ էր հասնում ետևից: Նրանց դարպասի մոտ հասավ Ջիվանին ու հարցրեց:
- Իշխանյանին ի՞նչ պատասխան տամ, առավոտյան պիտի զանգի:
Ջիվանը լսե՞ց աներոջ խոսքերը, թե՞ ականջի ետևը գցեց: Նա չպատասխանեց, վազելով բարձրացավ աստիճաններով:
Գիշերվա երկրորդ աքլորականչն էր:




ՊԱՐՈՂ ՓՂԵՐ

- Անջատի՛ր հեռուստացույցը:
- Հայրի՜կ,- աղաչում է մեծ աղջիկս:
- Դու լավ հայրիկ ես, չէ՞,- փաթաթվում է փոքրը:
- Անջատե՛ք, ասում եմ, այդ հիմար հեռուստացույցը,- կարգադրում եմ ես:
- Եթե քեզ հետաքրքիր չէ, անցիր մյուս սենյակը,- հանգիստ ասում է կինս ու մաստակ ծամելով սեղան գցում:
Նայում եմ հեռուստացույցին ու ներսս եփվում. մարդիկ ինչով են զբաղված՝ փիղը դարձրել են ձեռնածու՝ ոնց որ Մոսկա շան թուլա: Վերցրեք թեկուզ դպրոցական դասագիրքը. այնտեղ պարզ ասված է, որ փիղը՝ հին աշխարհից մեզ հասած միակ հսկան, հանգստանում է կանգնած, իսկ այս ջահել, սիրուն աղջիկը փղին մեկ ոտի վրա պար է ածում, պառկեցնում է գետնին և չես իմանում էլ ինչ օյիններ: Սա ինչ ծաղր է: Գլուխկոնծի տվող այս փիղը, որ չորս-հինգ տարին մեկ անգամ է ձագ ունենում, ասացեք խնդրեմ, այդ փղի ձագը ինչի՞ նման է լինելու: Մի այլասերված գաճաճ:
- Միխայիլ Կարպովիչ, դու այսօր...
Ես ընդհատում եմ կնոջս:
- Ամուսնուն պաշտոնական դիմելու այդ ի՞նչ հիմար ձև է: Ի դեպ, անունս էլ Միքայել է:
- Աշխատանքի վայրում դու ջղայնացել ես, և մեղավորը մենք ենք:
Եվ նրա մաստակ ծամելը, և խոսելու հանգիստ տոնը, և այդ անպիտան փղի անշնորհք պարերը... Ջահել աղջիկ է, կարող էր, չէ՞, մատուցողուհի աշխատել, ֆիզկուլտուրայի դասատու դառնալ, հրաշալի կազմվածք ունի՝ կարծես մանեկենուհու համար է ստեղծվել: Այդ՝ չէ, գոնե կարո՞ղ էր սիրուն երեխաներ ծնել՝ մի տասը հատ: Փիղ է պար ածում:
- Դուք կարող եք ճաշել առանց ինձ,- ասում եմ ու տնից դուրս գալիս:
Կինս թոթվում է ուսերը, աղջիկներս հանգիստ շունչ են քաշում՝ այլևս նրանց չեմ խանգարի:
Այսօր դպրոցական ընկերս զանգահարել էր:
- Միքայել,- ասում է,- կարող ես շնորհավորել՝ շինբանկի պետի տեղակալ եմ, համարյա պետ:
- Իսկ պետդ ո՞վ է,- հարցնում եմ:
- Չգիտե՞ս,- զարմանում է նա,- Գարեգին Լվովիչը, մեր դասարանցի Գարեգինը:
- Գարեգին, ո՞ր Գարեգին, չեմ հիշում:
- Ո՞նց չես հիշում, որ մեր ետևի նստարանին էր նստում:
- Չէ, իսկականից չեմ հիշում:
- Լավ ես հիշում, է՜, ո՞նց ասեմ, որ հիշես...
Ու չկարողացա ստիպել, որ Աշոտը Գարեգինի փոթ անունը ասի:
- Ա՛յ տղա, վայ թե Արաբն ես ասում: Հիշում եմ, ո՜նց չէ, էն, որ...
- Աշխատավարձի մեջ կարգին տարբերություն կա,- խոսքս ընդհատում է Աշոտը, ու ես հասկանում եմ, թե ինչու:
- Ճիշտ որ հիշեցի, մեր ետևի նստարանին էր նստում ու ստուգողական գրավորները քեզնից արտագրում:
Աշոտը խոսքը նորից է փոխում.
- Ասում եմ, աշխատանքից հետո հանդիպենք, ուզում եմ մաղարիչ անել:
Ես գլխի եմ ընկնում, որ մաղարիչը Արաբի համար է, ինձ էլ կանչում է, որ օրինավորության տեսք տա: Դա ջղայնացնում է ինձ:
- Արաբի քեռին ձեր ինստիտուտի պրոռեկտորը չէ՞ր, ասում են...
Զգում եմ, որ Աշոտը հեռախոսի մյուս ծայրին քրտնում է, ու ես դրանից հաճույք եմ զգում:
- Աշոտ,- հարցնում եմ,- հեռուստատեսությամբ կրկեսային ծրագիր նայո՞ւմ ես:
- Ո՜նց չէ, շատ եմ սիրում,- ասում է ու թեթևացած շունչ քաշում:
- Տեսե՞լ ես ոնց են փղերը պար գալիս՝ պա-դե-դե «Ռոմեո և Ջուլիետ» բալետից: Խորոված ուտելուց էլ լազա՜թ:
Դմբո Աշոտը ոչինչ չի հասկանում, ու ես ընկալուչի մեջ գոռում եմ.
- Աշոտ, դու կրկեսի փիղ ե՜ս,- և ընկալուչը զարկում եմ հեռախոսատուփին: Քիչ հետո Աշոտը նորից է զանգում:
- Միքայել, մաղարիչի հաշվով չհանդիպե՞նք: Իմ կարծիքով, լավ կլինի:
- Իսկ Գարեգին Լվովիչը ի՞նչ կարծիքի է, Արաբը, էն Արաբը, որ ստուգողականը քեզնից էր արտագրում ու հիմա էլ քո պետն է,- գոռում եմ, կոկորդս պատռում, պայթում ու ոչնչանում: - Տաղանդավոր դմբո, մեր դասարանի գերազանցիկը դու չէի՞ր, Արաբը չէ՞ր, որ տնից երշիկ էր գողանում քեզ համար, որ թողնես ստուգողականը արտագրի: Հիմա նրա տեղակալն ես դարձել, մեծ բան է: Սա ի՞նչ վիրավորանք է: Վիրավորանք չէ՞, որ այս դդումը չի հասկանում, որ դա վիրավորական է: Կրկեսի փի՜ղ: Չես էլ կարողանում մի կարգին պարել:
Դեմքս ոնց որ առաջին անգամ օղի փորձած պատանու դեմք՝ վառվում է: Քայլում եմ փողոցներով, բայց սա զբոսանք չէ, կարծես շտապում եմ ուր որ:
Ասֆալտը տոթ է շնչում, օդը դարձել է մածուցիկ, թոքերս դարձել են ծակ փուքս, սիրտս մորթվում է ու մի բուռ օդ չկա՝ պաղ ու զուլալ օդ, որ թոքերս չխռխռան, սիրտս չդնգդնգա ու դեմքս էլ այդպես չվառվի: Ու հանկարծ գլխիս մեջ պարզ մի միտք ճչում է՝ ոտքերս, թոքերս, սիրտս, բջիջներս հո՜ղ են տենչում: Մոլեգնելու պես տենչո՜ւմ են...
Քայլերս դառնում են զարբ, զարբս փոխվում է վազքի: Քաղաքը թողնում եմ ետևում, ասֆալտե ճանապարհից խուսափում ու խանձած խոտերի միջով քայլում եմ այնքան, որ մնանք ես ու հողը, խանձած խոտը, ծառը, մի շեկ խլեզ, ձորում կռկռացող գորտերը և այն զգացումը, որ այդ գորտերը ջրի մերձությամբ են այդպես կոկորդային, այդպես հաճելի խմբով երգում, և այդ գորտերը ոչ դիրիժորի կարիք ունեն, ոչ նոտատետրի և ոչ էլ չգիտեմ ինչերի, որովհետև նրանք երբեք ֆարշ չեն անում և անեն էլ՝ ո՞ւմ ինչ վնաս, եթե կուզեք, նրանք սխալի մասին չեն էլ մտածում, և գուցե դրա համար էլ չեն սխալվում:
Գետնատարած փռվում եմ ու չգիտեմ, թե ինչքան եմ մնում այդպես գետնամած, գեշ ու ծուռ փռված: Ամառային երեկոն դառնում է գիշեր, հովը պաղ գգվում է դեմքս, ու կամա՜ց-կամա՜ց պարզվող մտքերս նկատում են, որ ամռան երկինքը բարձր է, որ այդ երկնքում շատ աստղեր կան և որ աստղերը զարմանալի պայծառ են:
Մեծ արջ, Փոքր արջ, Հարդագողի ճանապարհ: Ուզում եմ մտովի պատկերացնել գալակտիկաները՝ այս մեր գալակտիկան, հետո նրա սահմանակից մեկ ուրիշ գալակտիկա, հետո նրանից աջ... Բայց, կարծեմ, տիեզերքում աջ ու ձախ չկա, հետ ու առաջ չկա, ներքև ու վերև չկա, տիեզերքում կա ժամանակ, կա նյութ և այդ նյութի մի տեսակն էլ մարդն է, որ աջ ու ձախ է հնարել, վերև ու ներքև է հնարել, որպեսզի ասի՝ սա պետ է, նրանից ներքև՝ պետի տեղակալ, որպեսզի այդ պետը երբեմն նկատի իր ենթականերին, երբեմն չնկատի, և այդ տեղակալը ասում է՝ Գրիգոր, դու կնոջդ հետ ձախ նստիր, Մուշեղ Մակարիչ, տիկին Անյայի հետ աջ կնստեք, իսկ ընկեր Հաթամյանը և Սոֆյա Գրիգորևնան կզբաղեցնեն կենտրոնը: Ահա թե ինչի համար է ստեղծվել աջ ու ձախը: Աջ ու ձախը ստեղծվել է նրա համար, որ իմաստավորվի կենտրոն հասկացությունը: Իսկ այդքանը հասնո՞ւմ է Մարոյի ուղեղին, նրանը երեխա բերելն է, եփել-թխելը, տասը քող լվացք կանի, կհարդուկի ու դեռ ժամանակ էլ կգտնի հարևանների մոտ սուտ տեղից իր ամուսնուց դժգոհել:
Գրիգորի կին Մարոն ինչո՞ւ ուզեց հպարտանալ իր գերազանցիկ Վարդանիկով, ինչո՞ւ ուզեց համեմատել իր գերազանցիկ Վարդանիկին թույլ սովորող մեկ ուրիշ երեխայի հետ:
Մարոյի մտքով կանցնե՞ր, որ այդ թույլ երեխայի հայրը վաղը կարող է կանչել Վարդանիկի հորն ու ասել.
- Գրիգորի Մարդիևիչ, ընկերությունը՝ ընկերություն, գործը՝ գործ: Հաշվետվությունը երկրորդ անգամ հետաձգում ես: Պատճառները ինձ չեն հետաքրքրում, վերևում ինձնից պատճառ չեն հարցնում: Հրամանը քարտուղարուհու մոտ է, ծանոթացիր: Հասկանում եմ, շատ երեխաներ ունեք, ասում են Վարդանիկն էլ գերազանցիկ է ու մերի պես անպիտան չէ...
Խոսքը այնպես է վերջանում, որ կարող ես տասը վերստի վրա կախման կետեր դնել:
Գրիգորն անտրամադիր գալիս է տուն, բժիշկը ասել է՝ քիչ-քիչ կեր, բայց շուտ-շուտ: Բայց հիմա ոչ քիչ ուտելն է գալիս, ոչ էլ շուտ-շուտ ուտելը: Մարոյի պատրաստած համեղ ճաշը ցեխծամ է տալիս ու ափսեն մի կողմ հրում: Գլխի մեջ հազար մտքեր են պտտվում, փաստերը շարում են կողք-կողքի՝ իրարից սար ու ձորով հեռու փաստեր ու դրանց միջև կապ է որոնում: Այդ մի բուռ ուղեղը ի՞նչ անի, ցնդի պրծնի՞ Գրիգորի ձեռից, այդքան բաները ինչպե՞ս կողք-կողքի դնի, իրար միջև կապ գտնի ու պարզի, թե ինչո՞ւ վարիչը իրեն զրկեց պարգևային վարձատրությունից:
Տեղերում շուռումուռ է գալիս, մտածում է, մտածում ու ոչինչ չի ստացվում: Կինը կողքին փսփսալով հանգիստ քնել է: Կինը հենց այնպես անմեղ հարցրեց՝ Գրիգոր, քնե՞լ ես: Գրիգորը պատասխանելու տրամադրություն չուներ, և կինը, հետևը ամուսնուն արած, քնեց: Երեխա բերելում մի հատ ես, միայն դրա համար ես ստեղծված: Ու Գրիգորը ջղայնացավ Մարոյի վրա, որ այդպես հանգիստ քնել է՝ անհաղորդ իր մտատանջություններին...
Դեռ եռում էի Աշոտի վրա, որ Գրիգորը եկավ: Աչքերի տակ փուչիկներ էին գոյացել, անքնությունից դեմքը գունատ էր:
- Բոլորից շատ ես եմ գործուղման գնում: Քսան տարի աշխատում եմ, դեռ ոչ մի հաշվետվություն ետ չեն տվել: Հիվանդ էի, չէի կարողանում աշխատել:
- Բժշկից թուղթ վերցնեիր, նստեիր տանը:
- Չէի ուզում բացակա օր ունենալ, որ պարգևայինը լրիվ ստանայի:
- Ստացար, հա՜...
- Ծաղր ես անում,- Գրիգորը ջարդված փլվեց աթոռին,- գիշերը չեմ քնել: Քրոջդ երեխաների մասին էի մտածում:
- Քրոջս երեխաներն են, քո երեխանե՞րը չեն:
- Հաթամյանը հարևանդ է, հետը խոսիր:
- Քո կարծիքով Հաթամյանը չգիտի՞, որ իմ հարևանն է:
- Չես ուզում խնդրել, հպարտ ես: - Գրիգորի աչքերը հանկարծ պեծին տվին,- ես հպարտ չե՞մ: Անտերն այնքան էլ համեղ է, ճաշ է ստացվում՝ մատերդ լիզես: Երեկոյան հարևանիդ վերցրու եկ՝ քեֆ կանենք:
- Լավ էլ քեֆ անող ես: Գրիգոր, դու ինչո՞ւ խմող չես, ասա տեսնեմ՝ ինչո՞ւ խմող չես, գոնե կասեիր, որ շատ խմելուց է ստամոքսիդ խոցը:
Գրիգորն անսպասելի խամրեց.
- Սպասե՞մ, թե՞ հետո կզանգես:
Ես ոչինչ չեմ ասում, Գրիգորը գնում է, իմանալով, որ պետք է զանգահարեմ անպիտան հարևանիս ու նրա համար խնդրեմ: Հավաքում եմ հեռախոսի համարը, ընկալուչը դնում ականջիս: Ուզում եմ խոսել, իսկ ձայնս խռխռում է՝ ոնց որ փղի ձայնը: Ու այնքան էլ նմա՜ն է... Ընկալուչը դնում եմ տեղը ու փղի պես սկսում պարել: Այնքան անճոռնի եմ պարում, որ հանդիսականները սկսում են ծիծաղել: Եվ որքան նրանք շատ են ծիծաղում, ես այնքան ոգևորվում եմ:
Բողբոջը պատռել է կեղևը ու նուրբ կանաչը պարզել արևին: Առուն դիվոտել, իրեն նետում է քարափից ցած, ու չես հասկանում, թե ինչու է այդպես խենթացել: Հողը հունցած խմորի պես մեղկացել, գուրգուրում է արմատները, և արմատներն էլ խլրտում-խլվլում են, ու մենք միամիտ զարմանում ենք, թե ինչպես տկար մի ծիլ դուրս եկավ քարի ճեղքից:
Գետը կարոտից խենթացել է, բողբոջը կարոտից ճաքում է, մայրանալու տենչից հողը ուռել է, և արմատների խլրտումը միայն նրան է լսելի:
Օդի մեջ գարնան կարոտի համանվագ է...
Գյուղի տղան բանաստեղծ է դարձել և իր աշխատասենյակում փակված, վերականգնում է մանկության մտապատկերները: Բողբոջը պատռել է կեղևը՝ լավ է, իրավ գարնանը հողը խմորի պես ուռչում է և... մեկ բաժին ցորենի ալյուր, երկու բաժին գարու ալյուր՝ մայրը խմոր է հունցում:
- Գնա խաղա, խմորը տաք եմ ծածկել, որ շուտ դառնա:
Բանաստեղծ տղան, որ դեռ բանաստեղծ չէր, այլ դպրոցից եկած քաղցած մի որբ, սպասել էր, որ մայրը հանդից գա հաց թխի, ահա այդ քաղցած տղան փարչը դրեց պատուհանի գոգին, ու մոլոր գնաց Վանեսանց թաղում խաղալու, մտածելով, որ ինքը մեղք է, մայրը մեղք է, իսկ լամպի ապակին ջարդվել է ու չգիտի ոնց է բերանացի դասը սովորելու: Մայրն էլ հոգնել է, ամբողջ օրը կարտոֆիլի սերմ էր ջոկում, ձեռքերը սառել են, նախագահին ասաց՝ մի քիչ յուղ տուր, բանակայինի ընտանիք եմ, իսկ նախագահն ասել էր՝ դեռ կտեսնենք, ասել էր և անվայել նայել ջահել կնոջը, հետո ցածր ավելացրել՝ խոսելու վրա է, երեկոյան կգաս գրասենյակ, կտեսնենք,- այդպես ջղայնացած մայրը եկել էր տուն ու տեսել իր ապագա բանաստեղծ տղան քնած է՝ գլուխը սեղանին դրած, իսկ հավը մտել է տուն, կեղտոտել, ցանկացել է դուրս անել, և անիծածը թռչելիս շուռ էր տվել կամոդի վրա դրված լամպը ու ապակին ջարդել: Մայրը ցանկացել է ծեծել բանաստեղծ տղային, բայց միայն ասել է.
- Գնա խաղա, մինչև հացը թխեմ:
... Մայրը հուշիկ մտավ ներս, սուրճով լի բաժակը դրեց գրասեղանին ու դուրս եկավ: Տղան ուզում էր պահել մորը, ուզում էր փաթաթվել մորն ու լաց լինել, բայց նա արդեն դուրս էր եկել: Փաթաթվեր պառաված մորը ու լաց լիներ: Գուցե արցունքից մի կաթիլ ընկներ գրած տողերին, որ անկենդան տողերը թրթռային, լցվեին սարսուռներով:
Հեռախոսը զանգեց: Բանաստեղծը սթափվեց մտքերից, վայելչաբար ընկալուչը վերցրեց և հոգնած ու ալարկոտ ասաց.
- Լսում եմ: Հեչ, պարապ նստած եմ: Ո՞ւմ գիրքը, մի քիչ կարդացել եմ ու թողել: Ինչո՞ւ: Կեղծում է: Գուցե սիրուն տողեր ունի, բայց նրա սուտը միշտ էլ սիրուն է: Մեծ մարդ է, բայց ափաշկարա կեղծում է: Մենք մի Անդրեաս պապ ունեինք, մի անգամ հարցրի՝ Անդրեաս պապ, քանի՞ տարեկան ես: Հարյուրի մոտ՝ ասաց: Ուզեցի կատակի տալ, ասի՝ Անդրեաս պապ, սուտ կլինի: Եվ գիտես ի՞նչ պատասխանեց: Ասաց, ջանին մատաղ, Անդրեաս պապը կարող է սխալվել, բայց սուտ չի ասի:
Այո, իհարկե, չարժե այդ մասին խոսել, փոխենք թեման: Ֆուտբո՞լ, ինչպես էլ մոռացել եմ: Անպայման, ստադիոնի մուտքի մոտ կհանդիպենք:
Բանաստեղծը ցանկացավ ֆուտբոլի խաղ դիտել: Մարդս պարապությունը լցնելու ի՜նչ սիրուն հնար է գտել, մտածեց նա: Տողերը թող անկենդան մնան գրասեղանին, մտքերը թող հանգստանան, գնա ֆուտբոլի խաղ դիտելու: Ի՜նչ տխուր զբաղմունք է այդ մտածելը: Մտածում ես, մտածում ու մեկ էլ տեսնում՝ սիրտդ հիվանդացավ: Մտածելը հիվանդ սրտին հակացուցմունք է: Ծխելուց էլ վատ, խմելուց էլ վատ: Այդպես է: Իսկ կեղծե՞լը: Նայած, այլապես ինչո՞ւ այդ գրքի հեղինակը թեյի բաժակով օղի է խմում ու եզի առողջություն ունի: Եզի՞: Իհարկե՝ եզի: Ու բանաստեղծը մտածեց, որ եզի առողջությունը միայն եզը կարող է ունենալ:
Ասում ենք՝ եզի առողջություն ունի:
Կամ՝ եզի պես խոնարհ է:
Բայց՝ եզի մեկն է:
Հետո էլ՝ եզություն մի արա:
Կան բաներ, առանց որի մարդ չի կարող ապրել և բան կա, առանց որի կարող է ապրել, ինչպես եզը: Առյուծին պպզել են տալիս, փղին պպզել են տալիս, եզը, որ եզ չպիտի լիներ, դարձրել են եզ ու եզություն է անում:
Մարդը մտածել է պարզ՝ սա ցուլ դառնալ չի կարող, եզություն անելը հեշտ է: Այս մարդը պետք է եզ դառնար, բայց ցուլ է մնացել ու գրքեր է գրում: Գիրքը նրա համար է, որ մտքեր բեղմնավորի, իսկ նա ամուլ գրքեր է գրում: Փուչ սերմը ի՞նչ պտուղ պիտի տա...
Բանաստեղծը ցանկանում է գնալ ֆուտբոլի խաղ դիտելու, բայց մոլորված մնացել է տեղում: Նա ինքն էլ չիմացավ, թե ինչու պատռեց գրասեղանին ընկած թղթերը ու նետեց գզրոցը: Գարունը եկել է՝ լավ է արել, սերմը ծլում է՝ կարգն այդպես է: Իսկ եզան համար գարուն-ձմեռ մեկ է՝ միայն թե ախոռը լիքը լինի: Ջահել ցլիկը դունչը հառել է երկնքին, դողացող ռունգերով օդում բույրեր է որսում, ոտքով հողը քանդում, իսկ կանչը արծաթ զրնգոցով գնում է հեռո՜ւ-հեռո՜ւ: Ջահել ցլիկի թոքերից ժայթքում է կանչը, և երինջի մարմնով սարսուռ է անցնում:
Եզ, եզնացու:
Մայրը նորից մտավ որդու աշխատասենյակը: Որդին սուրճի բաժակին ձեռք չէր տվել, պատուհանի առաջ կանգնած՝ նայում է հեռու սարերին: Մայրը որդու աչքերի մեջ չարություն որսաց:
- Վաղը կիրակի է, գնա մեր հանդերում մի քիչ ման եկ:
- Գնամ մեր հանդերում մի քիչ ման գամ,- համաձայնեց որդին:
Հայրը, որպես օժիտ, Արտաշեսին իր օրհնանքը տվեց: Մարդն ինչ աներ, եղածն այդ էր, հազիվ կարողացավ նրան ուսման տալ ու մնացած ութի հոգսը քաշել: Ուսման չէր տա, բայց մյուսներին գրկեց, որովհետև երեխան լավ էր սովորում, մտածեց՝ ափսոս է, ժամանակավոր նեղություն կքաշեն, հետո որդին կավարտի և հորը օգնական կլինի:
Իսկ Արտաշեսը դիպլոմի հետ մի աղջիկ էլ տուն բերեց ու ներկայացրեց ծնողներին.
- Ծանոթացեք, Անուշը իմ հարսնացուն է, միասին ենք սովորել,- հետո էլ կմկմալով ասաց, որ Անուշը որբանոցում է մեծացել, ծնողներ ու հարազատներ չունի:
Հայրն ասաց՝ ոտքը բարի լինի, իսկ մտքումը մտածեց, որ որդին շտապել է, մնացած ութի հոգսը շատ է, մի քիչ օգներ՝ ճիշտը դա կլիներ, բայց բարձրաձայն չարտահայտեց ու մի կողմից էլ ուրախացավ, որ հարս կունենան, թոռ կլինի, իսկ մեծ որդու հոգսից ազատվելը մի օգնություն է:
Մայրը համբուրեց Անուշի ճակատը և աչքերը ջրակալվեցին, երբ հարսը իրեն մայրիկ ասաց: Երբ խոհանոցում ընթրիքի պատրաստություն էր տեսնում, մտքում որդուն, այնուամենայնիվ, հանդիմանեց. դու տկլոր, հարսդ՝ տկլոր, ձեր բանը ո՞նց կլինի, հետո իրեն մխիթարեց՝ խելոք լինեն, սիրով լինեն՝ մնացածը ձեռքբերովի է: Գիշերն ամուսնու հետ խորհրդակցեց, որոշեցին մի ձեռք տեղաշոր տալ ու մի քանի մանր-մունր բաներ:
Ի՞նչ անեին, եղածն այդ էր:
Արտաշեսը շատ էր ուզում ծնողներին օգնել, և Անուշը չորս տարում երեք երեխա բերեց: Ամեն երեխա ծնվելուց հետո հայրը խփում էր որդու մեջքին ու հպարտ-հպարտ ասում.
- Հորդ տղան ես:
Իսկ մայրը համբուրում է հարսի թշերը, ջրակալած աչքերով ասում.
- Մեր օջախի հարստությունը երեխաներն են:
Երեկոյան Արտաշեսը մի մագնիտոֆոն բերեց տուն, որպեսզի գնվելիք դաշնամուրի կողքին դնի, որի դիմաց սպասքահարանն է լինելու, և քանի որ սենյակը փոքր է, կարելի է սպորտային ծրագիրը հարևանի հեռուստացույցով էլ դիտել և, բացի այդ, առայժմ իմաստ չունի մագնիտոֆոնի համար տակդիր առնել, որովհետև որոշել է դաշնամուրի գնումը մի որոշ ժամանակ հետաձգել: Մագնիտոֆոնի շքեղությունն էլ կարելի է ցուցադրել պատուհանի գոգին, որը հարմար է նաև այն տեսակետից, որ երեխաների ձեռքը չի կարող հասնել:
Անուշը վճռականորեն դեմ էր, իսկ Արտաշեսն այն կարծիքը հայտնեց, որ սխալ չեն նաև նրանք, ովքեր ձիուց առաջ ձիու թամբն են առնում, և ինչքան թամբը շքեղ լինի, այնքան ձին գեղեցիկ կերևա: Բայց քանի որ այս օրինակում որոշ անախրոնիզմ կա, ուստի կնոջն ասաց.
- Ես չեմ ուզում նմանվել նրանց, ովքեր ավտոմեքենա գնելուց շատ առաջ չեն հոգում գարաժի մասին:
Կան, իհարկե, մարդիկ, որոնք և ավտոմեքենա ունեն, և գարաժ, ինչպես Մարգոյի ամուսինը: Հիմա եկեք պարզ թվաբանություն անենք. իր և Անուշի աշխատավարձը Մարգոյի և ռեստորանի դիրեկտոր ամուսնու աշխատավարձին չէ-չէ՝ հավասար է: Ինչո՞ւ Մարգոն պետք է անպայման մագնիտոֆոն ունենա և հատկապես այն, որ Անուշն է ուզում, բայց ձևացնում է, թե չի ուզում:
Արտաշեսն առավոտյան զանգեց կնոջը:
- Անուշ, ճապոնական մագնիտոֆոն եմ գնում:
Լուրն այնքան անսպասելի էր, որ Անուշը որոշ ժամանակ չէր կարողանում որևէ բան ասել:
- Լսո՞ւմ ես, Անուշ, նոր մագնիտոֆոն, ճապոնական և բավականին էժան, ինչ արժե՞: Ասենք թե դու որոշ քանակությամբ ամիսներ չես աշխատել: Իմ հայեցողությանն ես թողնո՞ւմ: Ինչ ստացվեց, սիրելիս, իմ հայեցողությանն ես թողնում, բայց նաև խորհորդ չես տալիս,- Արտաշեսի ոգևորությունը հեռախոսազրույցի ընթացքում մարում էր և նա վերջում կոտրված ձայնով ավելացրեց: - Ճիշտն ասած, առանձնապես ես էլ ոգևորված չեմ այդ գաղափարով: Վերջին հաշվով ռադիոյի երաժշտական ծրագրերը մեզ լրիվ բավարարում են: Անուշ, դու միշտ էլ ինձնից խելոք ես: Ես միշտ էլ այն կարծիքին եմ, որ կինն ավելի պրակտիկ է մտածում, բացի, իհարկե, ամուսնության հարցից: Մանավանդ դու...
Զարմանալիորեն լավ ստացվեց: Բայց ինչո՞ւ Գալուստը իրեն լավ չի պահում: Ընդունենք, որ ճապոնական այն մագնիտոֆոնը, որ Գալուստը իրեն է տալիս, ընդամենը մի տարի է օգտագործել, Գալուստը իր հին մագնիտոֆոնը, որը, ըստ էության, հին չէ և ընկերների մեջ հին ու նորի հարց չպիտի լինի, էժան գնով տալիս է, իսկ փողն էլ երբ կարողանա՝ կտա, բայց նա ինչո՞ւ է ընդգծում իր փողերը: Ալեքսանի հոր մահվան յոթ օրին ինչո՞ւ ցանկացավ մեր դասընկերներից տարբերվել: Որոշել էինք յուրաքանչյուրից տասնհինգ ռուբլի հավաքել, իսկ նա, խնդրեմ, գրպանից փողի կապուկ է հանում ու երկու հիսունանոց տալիս: Որ ի՞նչ, որ ինքը մեծ փողեր է խաղացնո՞ւմ: Գիտենք, միլպետ ես, իսկ խանութների շատության չափ խանութների վարիչներ կան, ռեստորաններ կան և ով է իմանում էլ ինչեր կան: Բայց դպրոցում մենք հավասար էինք, չէ՞, իրար սիրում էինք, չէ՞, մոռացե՞լ է, որ հրաժեշտի հավաքույթին բոլորս էլ անկեղծորեն լաց եղանք: Նույնիսկ աղջիկներից չքաշվեցինք՝ արցունքներ էինք գլորում։ Հիմա ի՞նչ է եղել։ Եթե նույնիսկ եղել է, բայց դասընկերներ էինք, չէ՞, այդ մեկը հո չի փոխվել:
Հեռախոսազրույցի ժամանակ Մարգոն ներս է մտնում: Չգար՝ Արտաշեսը մագնիտոֆոնը չէր վերցնի: Հաստատ՝ չէր վերցնի: Վերջապես ինչո՞ւ Մարգոն կարող է գնել մագնիտոֆոնը, որպեսզի ռեստորանի դիրեկտոր իր ամուսինը չլսի հարսանիքի երգիչների նոր ձայնազրույցները, իսկ ինքը հյուրերի մոտ հատուկ ընդգծի, որ Արտաշեսն է իր համար ձեռք բերել: Որ Արտաշե՞սը: Ինչպե՞ս, չգիտե՞ք հայտնի ֆելիետոնիստ Արտաշես Գրիգորյանին, այո, իհարկե, այդ նույն Սյունին է:
Արտաշեսն այդ հաճույքը տիկին Մարգոյին չի պատճառի, որը պետք է տնային տնտեսուհի լիներ, բայց, չգիտես ինչու, խմբագրության նամակների բաժնի հաշվառ է աշխատում և հաջողությամբ կասեցնում սեփական թղթակից Վարդուհու բացահայտ երգիծանքները Ղրիմի նկատմամբ Գագրայի առավելության իր տեղյակությամբ: Դրեզդենի պատկերասրահից ստացած ցնցող տպավորությամբ, այն պատկերասրահի, որտեղ մերկ Վեներան է, և կարծես նկար չէ, այլ կենդանի կին ու եթե Միշային թողնեին, մի ամիս նկարից չէր հեռանա և այնպես անպարկեշտ էր նայում, որ ինքը ամուսնուն զոռով տարավ հաջորդ սրահը,- ախ, Օստանկինոյի ռեստորա՞նը, մուտքի տոմսը 8 ռուբլի է, բայց խնդիրը դրանում չէր, մի քանի՜ անգամ եղել է Միշայի հետ, ռեստորանը պտտվում է առանցքի շուրջը և ամբողջ Մոսկվան կարծես ափիդ մեջ է, ինչ ուզում եք ասեք, Լենինգրադը ուրիշ է, իսկ սպիտակ գիշերներն, իրոք, շատ գեղեցիկ են, հինգ անգամ տեսել է և ամեն անգամ մեծ հաճույք է ստացել,- մենակ, իհարկե՝ ոչ, Միշան, գիտե՞ք, խանդոտ է: Եվ պատքարտուղարի օգնական Սեդան, և սեփական թղթակից Վարդուհին շարունակում են իդեալիզմի ոլորտներում լողալ, սփոփալով իրենց, որ տիկին Մարգոյի համար այդ ոլորտները անհասանելի են, իսկ մարդուս հոգևոր սնունդը ավելի կարևոր է, քան կզաքիսի մուշտակը:
Արտաշեսը չի ուզում, որ տիկին Մարգոն այս մի հաճույքն էլ վայելի: Թեկուզ այս ձմեռ էլ հագնի ուսանողական տարիների վերարկուն, բայց չի թողնի: Արտաշեսը զանգեց Գալուստին ու դիտավոր ծույլ, դիտավոր խռպոտ, մագնիտոֆոնին, «էն բակը» ասաց, ուղարկելուն ասաց՝ ղրգի, հետո էլ, երբ ասաց վերջացրեց և ազատվեց ուսերը ճնշող ծանրությունից, անհոգ, առույգ, կարծես խոսողը Արտաշեսը չէ, հոնորարի հոգս չունի, ժամանակ էլ չունի փողի մասին մտածելու ու երբեք չի լսել խմբագրի դիտողությունները, որ իր ֆելիետոնների մեջ չարություն շատ կա և մարդուն էլ պետք է դաստիարակել, ոչ թե ոչնչացնել - այդ Արտաշեսը՝ քայլվածքին նայես՝ առույգ գեներալ Մադաթովի թոռն է, ահա այդ Արտաշեսը անհոգ-առույգ ասում է իր ընկերոջ Գալուստին, որ միլպետ է.
- Ողջ եղիր, ծերուկ, լավ. - լավ եմ, դու լավ լինես:
Նա ընկալուչը անփույթ նետում է հեռախոսատուփին ու մտքում անիծում, թե ինչու Գալուստին պարտք պիտի մնա և հայտնի չէ, թե երբ այդ պարտքը կտա, ընկալուչն անփույթ նետում է և թշնամանքով նայում տիկին Մարգոյին, որի երեսից մագնիտոֆոնը վերցրեց ու մնաց պարտքի տակ և հայացքն էլ այնքան չար էր, որ հալեցնելու համար բարկ ժպտաց.
- Շնորհավորում եմ,- Արտաշես Նիկոլաևիչ:
- Ի՞նչ է,- իբր թե ցրված ասաց Արտաշեսը, հետո էլ իբր գլխի ընկավ, թե ինչի մասին է ակնարկը, իմիջիայլոց ավելացրեց, շնորհակալություն, իսկ ընդհանրապես դատարկ բան է...
Որոշված է՝ ես պետք է ինքնասպանություն գործեմ: Միանգամայն լուրջ եմ ասում: Մի-ան-գամ-յան: Միանգամ-յա՞ն: Վեցերորդ դասարանում չէ՞ր, որ բառը սխալ գրեցի: Հաստատ՝ վեցերորդում էր: Ընկեր Ղուկասյան Հայկուշը ազատ շարադրություն էր տվել, ես էլ գրել էի. «Մեր Չալիկ շունը միանգամյան մտածող կենդանի է»: Ընկեր Ղուկասյան Հայկուշը հաջորդ դասին կանչեց ինձ գրատախտակի մոտ ու երեք տող այդ բառից գրել տվեց:
Ճիշտը լավ է, գերազանց հիշողություն ունեմ:
Անուշավանի հիշողությունը լավ լիներ, որ այդ անտերը երբեմն նրա ականջին կամաց, որ ոչ ոք չլսի, ասեր՝ մարդկանց ականջները մեղք են, մի բանը մի անգամ պատմիր ու համով պատմիր: Քո այդ ռազմաճակատային հուշերը, նախկին շրջանային ղեկավարիդ հուշերը, նախանցյալ օրվա հուշերդ, երեկվա ժողովի տպավորություններդ, իսկ այսօր էլ Սիրուշի արյան ճնշումը նորից բարձրացել է, հետը խոսել չի լինում, և դրա պատճառով տառապում ես, և քո անոթի մանկությունը, որ ոչ մի հետք էլ չի թողել քեզ վրա, երբեմն անհարմար ես զգում, որ այդքան առողջ ու անվթար ես մնացել,- ուրիշների մահացու հիվանդությունների մասին խոսում ես հանգիստ ու անխռով, հաստատ իմանալով, որ ոչ մի հիվանդություն քեզ չի դիպչի, որովհետև նյարդերդ շատ են պինդ և լածիրակ Կամոն ինչքան փորձի քեզ համբերությունից հանել, ականջի ետևը կտեսնի,- ինչո՞ւ,- որովհետև փափուկը պնդից դիմակցուն է՝ այդ ամենը հաստատ գիտես, որովհետև պինդը դիմադրում է ու կոտրվում,- իսկ լածիրակ Կամոն, որ հորթի խելք էլ չունի, քո անմեղ հարցը շուռ է տվել ու վերջը անեկդոտ սարքել և այդ անեկդոտը հասել է Վանիկին՝ քրոջդ տղային, սա էլ՝ լածիրակ Կամոյի մի տեսակը, փողոցում բռնել ու ապտակել է նրան,- անհամություն պիտի ստացվեր, բայց էլի, փառք Աստծո, հարթվել է վեճը,- ճիշտ է, քրոջ տղան ջղայնացած դուրս է եկել իր կաբինետից՝ ետևից դուռը շրխկացնելով և ամիս է չի խոսում հետը, բայց կարևորը այն է, որ բանը կռվի չի հասել, թե չէ պիտի ստացվեր մի կաթիլ մեղրի պատմությունը:
Եվ ինչ էր ասել՝ մի անմեղ բան: Հանդիսավոր ժողովի պիտի գնար. օգոստոսի շոգ, փակ դահլիճում նստելը տաժանք է: Ինքն էլ հենց այնպես հարցրել էր՝ վերնաշապիկո՞վ գնա հանդիսավոր ժողովի, թե՞ կոստյում հագնի: Եվ այդ լածիրակ Կամոն թե՝ զանգի վերադասին, ճշտիր: Ու նրա այդ լկտիությունն այնքան համակրելի էր թվացել, որ նույնիսկ Վիգենը չի կարողացել փռթկոցը պահել, այդ խեղճ ու կրակ Վիգենը, որ
մի կուշտ փռշտաս, լեղաճաք կդառնա: Հետո էլ խոսքը շուռ են տվել, դարձրել խայտառակ անեկդոտ:
Արժե՞ լածիրակ Կամոյի հետ գլուխ դնել: Չարժե: Նյարդերը խնայել է պետք: Եվ մարդը նյարդեր է խնայում... իմի հաշվին: Քայքայվես դու, ոնց որ իմ համբերությունը քայքայեցիր: Ենթակա եմ, ուրեմն, պարտավոր եմ օրական քո կյանքի դրվագները լսել: Ա՛յ ընկեր Անուշավան, կյանքդ անգիր գիտեմ, գիտեմ մանրամասն, հատ-հատ, վազն անցիր, մեղք եմ, նույնիսկ այնպիսի բաներ գիտեմ, որ չպիտի իմանամ:
Օրինակ, Օլյայի պատմությունը ինչո՞ւ պատմեցիր:
Ռազմաճակատում՝ կրակ ու մահ, ամենամեծ հրաշքը եղել է կենդանի մնալը: Իսկ դու՝ բարձր հասակով՝ պակասը մեկ ու իննսունհինգ սանտիմ բոյով, իսկական թիրախ, անբասիր մնացիր, գնդակը գալիս ու շեղվում էր, արկի բեկորը գալիս ու շեղվում էր, տանկը գալիս ու շեղվում էր: Ու դու անբասիր պահվեցիր, որ քեզ տաս ի վայելումն տիկին Սիրուշի, որի արյան ճնշումը բարձրանում է ամեն անգամ, երբ... Ասելո՞ւ բան է, որ ասեմ, ասելո՞ւ բան էր, որ ասացիր ինձ, և ես տանջվում եմ, թե ոնց ինձ պահեմ ու չպատմեմ ուրիշներին: Բա՜, տիկին Սիրուշի պահանջները շատ են...
Բայց Օլյան... ես պարզ պատկերացնում եմ նրան՝ թափանցիկ ինչպես օդը, երբ գիշերը անձրևը լվանում է երկինքը, իսկ առավոտյան արևը զուլալ բացվում է աշխարհին: Ու այդպես զուլալ աչքեր ուներ: Եվ այդ Օլյան, որ ընդամենը 17 տարեկան էր, սիրեց քեզ, ինչպես սիրում են 17 տարեկանում։ Նա հավատում էր Ռոմեոյի և Ջուլիետի պատմությանը, հավատում էր, որ նրանք կան ու ապրում են նաև հիմա: Ու նա կամավոր եկել էր, որ պաշտպանի նրանց սերը, իր սիրելու իրավունքը, քեզ սիրելու, ինչ դառը կատակ, քեզ սիրելու երջանկությունը: Չե՞ս հավատում, շունչդ բռնո՞ւմ է այդպիսի բարձր թռիչքից։ Ճիշտ որ, ինչքան բարձր, այնքան անկումի սարսափը՝ մեծ...
Եվ դու ինչպե՞ս կարողացար տեղի տալ քո հրամանատարի հետապնդումներին և Օլյային զիջեցիր նրա ցանկասիրությանը: Ապիկա՜ր, եթե նույնիսկ նա քո հրամանատարն է, ինչպես կարողացար ասել, թե դու դեմ չես, եթե... Լեզուդ ինչպե՞ս զորեց: Արա, դու ոնց համաձայնեցիր, եթե նույնիսկ քո այդ հրամանատարը քեզ ուղարկեր անվերապահ մահվան: Ասում ես՝ մայրս խրատ է տվել, թե վախկոտի մայրը լաց չի լինում: Բա դա խրատ է՞...
Ոնց էլ բերանդ զորում է պատմել. հրամանատարը Օլյային՝ այդ հրաշալի, այդ եթերային, այդ երազի պես ցանկալի աղջկան հաղորդում է, որ դու, Անուշավանդ, դեմ չես, եթե... Արա, դու ղարաբաղցի չե՞ս, դու հա՞յ չես, դու մա՞րդ չես... Օլյայի նման աղջկա սերը սակարկելո՞ւ բան էր, որ սակարկեցիր: Եվ Օլյան ի՞նչ անի, որ լավ լինի: Մի երկտող է թողնում այս ապիկարին ու ինքը գնում մահ փնտրելու: Ռազմաճակատում մահին ի՞նչ փնտրես: Մահը ինքն է մարդ որոնում: Մանավանդ ջահելներին...
Եվ երկտողում ինչ էր գրել. «Մնաս բարով, սիրելիս: Իսկ քեզ, այնուամենայնիվ, սիրում եմ: Օլյա»: Տարիներ հետո տիկին Սիրանուշը գտել է այդ երկտողը ու քո աչքի առաջ պատռել: Հասկանում եմ, տիկին Սիրանուշին դիմադրել չի լինի, բայց Օլյայի ձեռքով գրված տողերը պատռելիս սիրտդ չցավե՞ց, մի թել գլխին վրա չսպիտակե՞ց, մի կնճիռ դեմքիդ չավելացավ: Իսկ դեմքդ հարթ է, ոնց որ պատանու երես... Ամոթը դեն՝ ոնց որ գիրացված քամակ: Ներեցե՛ք:
Այդ ինչի՞ց է, գուցե նրանից, որ ընդունում ես Օլյայի երկտողի պատռելու հնարավորությունը:
Եթե մարդկությունը երբևէ սիրո թանագարան ստեղծի, ես այդ երկտողը կդնեի ամենատեսանելի տեղում:
Որպես սիրո հավերժական թրթիռ...
Իսկ լածիրակ Կամոն մի նոր օյին է սարքել: Տեղեկանք է ուզում առ այն, որ ինքը՝ Այսինչյան Կամոն, աշխատում է այսինչ տեղը, այսինչ պաշտոնով:
Տեղեկանքին ինչ, հինգ րոպեի գործ է, բայց տեղեկանքը ինչի՞ հիման վրա տալ, ի՞նչ փաստաթղթի, ո՞ւմ պահանջով:
Լածիրակ Կամո, տեղեկանք գրելը քեզ դպրոցում չեն սովորեցրե՞լ, չգիտե՞ս, որ տեղեկանքի վերջում գրում են՝ սույնը տրվում է այսինչ տեղը ներկայացնելու համար: Կամո, այ Կամո, բա որ վաղը, Աստված չանի, քեզ մի հիմնարկի ղեկավար նշանակեն, ասենք իմ տեղը, չնայած քեզ համար, քո այդ խեղճուկրակ Վիգենի համար և նույնիսկ ձեզ հովանավորող, այո, այո, հովանավորող, կարծում եք կույր եմ՝ չեմ տեսնո՞ւմ, խուլ եմ՝ չեմ լսո՞ւմ, որ փլանքյասը ձեր՝ բահով ճղած ռեխները ուղղել է իմ դեմ,- հենց ձեր փլանքյասի համար էլ իմ տեղը շուտ է, շատ շուտ է, սկի այդպիսի ժամանակ չի էլ գալու, այդ լավ իմացեք՝ մեկ-ընդ-միշտ,- բայց ասենք, Աստված հեռու տանի, ինձ հետ մի բան պատահեց, չի պատահի, միամիտ կացեք, օրինակի համար եմ ասում,- բայց Աստված մի արասցե, հրաշք եղավ և քեզ, լածիրակ Կամո, նշանակեցին պետ, ասենք՝ իմ տեղը, քո բանը ո՞նց է լինելու, երբ նույնիսկ տեղեկանք գրելը չգիտես: Հասարակ բաներ չգիտեք, բայց մեծ-մեծ պահանջներ եք ներկայացնում:
Ամենօրյա թռուցիկ հավաքից հետո Կամոն նորից, ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ, անպատկառացավ.
- Անուշավան Թևանիչ, այսօր վերջին ժամկետն է, տեղեկանքը տալո՞ւ եք, թե՞ ոչ:
- Որ հիմնարկ պահանջում է, թող գրություն գրի ինձ: Ես ի՞նչ իմանամ, թե ինչի համար է տեղեկանքը, որտեղ ես տանելու:
Լածիրակ Կամոն Անուշավան Թևանիչի կարծրության դիմաց անսպասելի խեղճացավ ու փափկեց, շատ փափկեց, ոնց որ մոռամոշ: Լածիրակ Կամո, մոռամոշը համեղ է, չէ՞, լիներ՝ մի աման կուտեիր, չէ՞: Բա՜, կարծում ես Անուշավան Թևանիչը հյուրասիրել չի իմանո՞ւմ, համեցիր, խնդրեմ, հյուրասիրվի՜ր, վայելի՜ր:
Անուշավան տղա,- իր մեջ պայծառացավ Անուշավան Թևանիչը,- արի մի օյին էլ դու սարքիր, մոռամոշի տեղ ամանում դնենք թե իմանաս՝ ի՞նչ, լածիրակ Կամո,- չէ, չես իմանա, իմ իմացածը դու չես իմանա, չես էլ իմանա՝ երբևիցե,- արի ամանը լցնենք էծի հատ-հատ... այո, նույն գույնի է, միայն չափով է մի քիչ այլ,- հա, էդ բանի անունը դնենք մոռ-ա-մոշ ու մի աման դնենք առաջդ ու ասենք՝ կեր, լածիրակ, դու էլ կեր, ընկերներիդ էլ համեցեք արա, փլանքյասին էլ հյուրասիրիր,- կերեք, խելքի ճար է, կերեք, որ խելք հավաքեք...
Եվ լածիրակ Կամոն այս պայծառացումի դիմաց խեղճացավ, հայացքը դարձավ բաց գիրք՝ դիր առաջդ ու կարդա՝ խոշոր տառերով, կարճ ու հասկանալի նախադասություններով գրված՝ ոչ ակնոց է պետք, ոչ էլ մտքի լարում, ողջը պարզ ու հասկանալի է: Ու Անուշավան Թևանիչը կարդաց տեքստն այս.
- Տեղեկանքը պիտի տանեմ քաղաքային սովետ,- մանրամասն բացատրեց Կամոն,- կարող է բնակարանների բաշխման ժամանակ հաշվի առնեն իմ աշխատանքի կարևորությունը և ձեր, Անուշավան Թևանիչ, միջնորդության հեղինակությունը, իսկ մեր հերթը մոտ է: Ճիշտը այն է, որ վաղը բնակարանաբաշխում է, քաղսովետում ծանոթ մարդ ունեմ, նա է գլխի գցել, որ նման տեղեկանքը չի խանգարի, որպեսզի լրացուցիչ քառակուսի տարածություն տան,- նշանածս էլ, կարծեմ ծանոթ ես նրա, վատ էլ աղջիկ չէ, բայց ամեն օր գլուխս տանում է, թե մի տարի առաջ ենք գրանցվել զագսում, բայց դեռ իմ հերանց տանն եմ, թե կինդ եմ՝ տար ձեր տուն,- մեր տունն պիտի որ իմանաք, Անուշավան Թևանիչ, ընկեր Դադումյան,- ճիշտը լավ է, ազգանվագ առաջին ա-ն աչքի փշի պես ավելորդ է երևում, ներեցեք, ընկեր Անուշավան Թևանիչ, սա՝ սուսուփուս Վիգենի կարծիքն եմ ասում,- բայց բանը այդ չէ, բանը այն է, որ մեր տան բոլոր երեխաներն էլ միանգամից հասունացել են, հեր ու մեր ունեմ, տատ ու պապ կենդանի են,- մեր ցեղը երկար ապրող ցեղ է և իր օրենքներն ունի՝ մեծը պիտի ամուսնանա, որ հաջորդի հերթը գա, իսկ մեր տան մեծը ես եմ, հոսանքի առաջը կանգնեցրել եմ, քույր ու եղբայրներիս համբերության ջրերը կուտակվել են ու սպառնում են ամեն ինչ քշել,- այսպես մեզ մոտ առաջացել է կոմունալ գերհագեցվածություն, իսկ քաղսովետից հեղինակավոր մեկն ասել է՝ ձեր աշխատանքի վայրից մի միջնորդություն բեր, ասել եմ, Անուշավան Թևանիչը ազնիվ մարդ է, չի տա,- ինչո՞ւ,- որովհետև, բացատրել եմ,- մեր աշխատողներից շատերը ինձ նման բնակարանի կարիք ունեն, իսկ Անուշավան Թևանիչը բոլորին չի կարող միջնորդել, վերևներում կարող են սխալ հասկանալ, իսկ նա ոչնչից այնպես չի վախենում, ինչքան սխալ հասկացվելուց,- այդ դեպքում տեղեկանք բեր,- խորհուրդ է տվել քաղսովետի հեղինակավոր մարդը և ահա մի ամիս է չեմ կարողանում մի տեղեկանք վերցնել, որովհետև պետք է քաղսովետից մի գրություն բերեմ տեղեկանք տալու խնդրանքով, իսկ այդ բանը չեն կարող անել, որովհետև քաղսովետում կկարծեն, թե ես ծանոթ չեմ Ռայկինի ռեպերտուրային:
- Կամո ջան, սիրով, մեծագույն սիրով, դու քաղսովետից մի գրություն բեր ու տեղն ու տեղը տեղեկանքը տամ,- քաղցրացավ ընկեր Դադումյան Անուշավան Թևանիչը: Կամոն այդ սիրալիրությունից այնպես հուզվեց, որ դեմքը շառագունեց:
- Անուշավան Թևանիչ, դուք ծանո՞թ եք Ռայկինի հետ:
- Ծանոթ եմ, սիրում եմ ու գնահատում եմ, հետո՞,- և Անուշավան Թևանիչը փոթորիկ գուշակելով որոշեց դիմադրել:
- Անուշավան Թևանիչ, դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես ուզում էի իմանալ, թե անձնապես ծանոթ եք իրար:
- Դա ինչ կապ ունի քո տեղեկանքի հետ:
- Անմիջական կապ, երեկ հեռուստատեսությամբ Ռայկինը երկրով մեկ պատմեց մեր տեղեկանքի պատմությունը:
Թռուցիկ հավաքը դարձավ աղմուկ ու զահլա:
Տեղեկանքը, իհարկե, գրվեց, բայց ինչ տեղեկանք՝ ոնց որ կորեկի քարթու հաց.- կուլ տալ չի լինի, մարսել չի լինի,- տրվում է այսինչյանին, որն աշխատում է այսինչ տեղը այսինչ պաշտոնով: Մի ջերմ խոսք գրվեր, մի բարեխոսություն:
Չգրեց, չի էլ գրի: Ոչ թե նրա համար, որ Կամոն իրեն լավ չի պահում,- Կամոն ինչ է Անուշավանի ներվերի դիմաց: Եթե հանկարծ մեկը հարցնի, թե ինքը ինչո՞ւ էր շահագրգռված այսինչյանին՝ Կամոն լինի, թե մեկ ուրիշը, լրացուցիչ բնակտարածություն տալու խնդրում,- այդ մարդուն ի՞նչ պատասխան պիտի տա: Անուշավան Թևանիչ, թույլ չի տա, որ իր անվան վրա ստվեր ընկնի: Ոչ մի պարագայում:
Անուշավա՜ն, այ Անուշավա՜ն... Դու այն մարդն ես, որ ստվեր չունես: Ահա որն է սարսափելի: Ամբողջ կյանքում կուչ ու կծիկ ես մնացել, որ անձնական քարտդ մաքուր լինի: Ու մաքուր մնացել է՝ անստվեր, անբիծ, անխոզ: Մաքո՜ւր-մաքո՜ւր: Ու կարդալու բան չկա, որ կարդաս: Կարդաս՝ ուրախանաս կամ տխրվես: Միայն անուն ու ազգանուն: Միայն այդքանը:




ԳԱՐՆԱՆ ԿԱՐՈՏ

Բոխի ծառի չորը տալիս Օհանջանանց Անդրին աջ կողքին սուր ծակոցներ զգաց: Ամբողջ մարմնով սարսուռի նման մի բան անցավ, և քրտինքը պատեց ճակատը: Թուլացած ձեռքից ցաքատը վայր ընկավ, զարկվեց ճղներին և ընկավ խաշամի վրա. թեթև աղմուկը տխուր հառաչելով իջավ ձորը՝ վա՜շ…
«Երևի քրտնած ժամանակ ջուր եմ խմել»,- անցավ մտքով ու ճիգ արավ, որ հիշի, թե որտեղ է ջուր խմել, չհիշեց:
Ատամները սեղմած իջավ ծառից, նստեց մի մամռոտ քարի ու երկար մնաց այդպես:
Կողքի ծակոցները հանդարտեցին: Աչք ածեց ծառի տակ ընկած չորերին: Երկու հակ կդառնա, որոշեց նա: Հետո ցանկացավ բարձրանալ տեղից, որ իշաբեռը լրացնի, բայց կողքի ծակոցները նորից բռնեցին:
Հազար տարվա մի լռություն ծառերի փչակներից ու Զարզանդ ձորից սողաց և զրնգաց Օհանջանանց Անդրու ականջներում: Ձեռքը տարավ, որ ականջները փակի, բայց մարմինն անզոր փլվեց թաց խաշամին:
Աշնան արևի կիսաբուռ շողերը վերջին անգամ ծլլացին ծառերի կատարներին և մարեցին: Մութը Զարզանդ ձորից դուրս եկավ և ծառերի բներով սկսեց բարձրանալ վեր: Ցուրտը կծեց: Գայլը մոտիկից շնահաչ տվեց, հետո երկար ոռնաց՝ ուո՜ւ… Ծառից կապած էշը ականջները խլշեց և ոտքն անհանգիստ խփեց գետնին: Մի սև թռչուն, թևերը իրար զարկելով, իջավ Զարզանդ ձորի տաք խոռոչները: Հեռվից, շատ հեռվից մի ձայն ծորաց ծերունու ականջներում: Ծանրացած կոպերը դանդաղ բարձրացրեց և տեսավ բոխու չոր ճյուղերից կախված տխուր լուսինը: Բարձրացավ տեղից և շուրջը աչք ածեց՝ էս որտե՞ղ եմ: Եվ հիշեց, որ առավոտ կանուխ եկել էր անտառ փայտի: Ինչո՞ւ մինչև հիմա ծմակում եմ,- մտածեց ու սիրտն ահ ընկավ, անորոշ ու անծանոթ մի վախ:
Իր երկարամյա կյանքում Օհանջանանց Անդրին առաջին անգամ հանդից տուն դարձավ դատարկաձեռն: Էշը տարավ գոմ, քթին ապուռ գցեց և դանդաղ բարձրացավ վեր: Աստիճանների վրա կողքի ծակոցները դարձյալ սաստկացան:
- Տեղս գցիր, Վարսիկ,- նստելով վառարանի մոտ դրված աթոռին, ասաց նա:
- Մի բան կեր՝ հետո,- պատասխանեց կինը և պղնձի ջամը դրեց կրակին:
- Քեֆ չունեմ:
Կինը նոր նկատեց, որ ամուսնու երեսին գույն չկա: Փութալով, վառարանի մոտ անկողին պատրաստեց և կրակը թեժացրեց: Հետո իջավ վարի տուն, խոռնը բերեց և գցեց թեյի մեջ:
- Երևի մրսել ես, խոռնով թեյ խմես, կանցնի:
Անդրին ոչինչ չասաց՝ ծակոցները նորից էին ուժեղացել:
Երկրորդ շաբաթ էր, որ Օհանջանանց Անդրին տեղատակ էր ընկել: Յոթանասուն տարվա մեջ այդքան երկար հիվանդ չէր մնացել: Սիրտն ուզում էր ելնել դուրս, գնալ հանդերը, բայց ոտքը գետին չէր բռնում: Անզորությունից նեղսրտում էր ու սկսում թոնթորել կնոջ վրա:
Տեղատակ ընկնելու հաջորդ օրը եկավ: Հետո մի ամբողջ շաբաթ գալիս էր, մեծ-մեծ փաթիլներով նստում հողին, թեքություններին թառեր կապում, հետո փլվում ու փակում ճանապարհները: Առավոտ-իրիկուն մարդիկ մաքրում էին բակ ու ճանապարհ, բայց գիշերները նորից ձյունը գալիս էր, թափվում խոշո՜ր, խոշո՜ր՝ ամեն ինչ ծածկելով իր տակ:
Տեղով մեկ հաց է,- ուրիշ ժամանակ կասեր Անդրին, ձյունն առնելով ափի մեջ: Իսկ հիմա… Ձյունը կարծես ծանր նստում է կրծքին ու ճնշում:
«Ուր է, հա՜, գարունը,- մտածում էր նա,- կկարողանա՞մ մինչև գարուն ձիգ տալ»:
Մի օր էլ, գիշերն արթնանալով, մտքով անցավ՝ վայ թե մինչև գարուն չհասնեմ: Քմծիծաղեց՝ ամեն տեղատակ ընկնող որ մեռնի, աշխարհում մարդ չի մնա: Ասաց, բայց մահվան վախը սողաց հոգին ու պինդ նստեց: Հա՜, պինդ նստեց:
Իր կյանքում քանի անգամ էր մահվան բերանն ընկել ու մահից չէր վախեցել: Էն ե՞րբ էր, որ Օհաննեսը փախավ գերմանու ֆրոնտից և թաքնվեց Խնձորուտի ծմակներում: Նրա համար հաց ու ջուր տանողն ինքն էր, ու միայն ինքը գիտեր տեղը: Բայց ահա մի օր նրան կանչեցին տանուտերի մոտ:
Չգիտես ով, ղազախների ականջն էր գցել, որ փախստականի տեղը Օհանջանանց Անդրին իմանում է: Սրանք էլ եկել էին գյուղ ու Անդրուն կանչել, թե դասալիքի տեղն ասա: Չէր ասել, դիմացել էր ցավին, չէր ասել: Բերանը ջուր էր առել ու լռել:
Էն ինքը չէ՞ր, որ սով տարին Շուշի ալյուրի գնալիս ընկավ գայլերի բերանը: Վախն այնքան էր զորեղ, որ մոռացել էր կողքից կախած հրացանը: Եվ էլի գտել էր. ձիու հետ իրեն գցել էր կապից ներքև: Ուրիշ ժամանակ մեծ կտորը ականջը կմնար, բայց ձյան հաստ թառերը պահել էին ծանրությունը…
Սենյակում լքված տան միապաղաղություն է իջել՝ համր ու ճնշող: Ջերմողի պես դեղնած լուսնի կտորը տանի,- մտածեց, նաև ցանկացավ միտքը հեռու վանել, բայց մի ուրիշ միտք կծուծի պես կպել պոկ չէր գալիս: - Կլինի՞, որ էլ չգնամ Խնձորուտի ծմակը, մեր աղբյուրներից էլ ջուր չխմեմ: - Այս միտքն անվանական թվաց: - Բա էլ ո՞վ պիտի Սալաձորում իրեն համար բանջարանոց անի: Է՜, անող ձեռքն անպակաս է, քո ցավից տնքա»: Ու տնքաց:
Անհանգիստ սկսեց շուռումուռ գալ, տնքտնքալ: Մենակությունը ճմշում էր, ուզում էր զրույց անել կնոջ հետ, որ երկար գիշերը շուտ անցնի: Էլի ցերեկը ոչինչ, ընկեր-հարևան գալիս, զրույց են անում, և ինքը մոռանում է ցավը: Իսկ հիմա գիշեր է, ո՛չ ծայր ունի, ո՛չ վերջ: Եվ կրծքից մի խոր թառանչ դուրս թռավ:
- Մեծ ապա, կողքդ ցավում է՞,- քնաթաթախ ասաց կինը:
- Չէ, հենց էնպես, մտածում եմ:
Կինը չպատասխանեց, մինչդեռ Անդրի ապան ցանկանում էր զրուցել:
- Ասում եմ, Վարսենիկ, ես որ չլինեմ, ո՞վ պիտի քեզ համար փետ բերի:
- Է՜, քեզանից մի լավ բան չեմ լսի, քնիր,- դժգոհեց կինը:
- Քթոցները քո հերանք հերու տարել են, գարնանը կվերցնես, որ գոմաղբը կրես Սալաձոր: Հողը վաստակել է, ինչքան կա՝ կտանես: Օհաննեսին կասես, կօգնի:
- Քու հերը հարյուր տարի ապրել է, որ էշից չընկներ, մի էդքան էլ կապրեր: Համ էլ գարունը որտեղ է, հիմա ձյուն-ձմեռ:
- Է՜, ով սաղ, ով մեռած, ասում եմ, որ միտդ պահես:
- Քնիր, այ հալևոր, խելքդ ոտքիդ տակ տված, չգիտես, թե ինչ ես ասում:
- Քունը գալի՞ս է աչքերիս, որ քնեմ: Էսպես պառկած մտածում եմ, թե ինչո՞ւ է բնությունը էսպես մեղավոր. ապրելը որ ստեղծել է, ինչո՞ւ է մեռնելու օրենք դրել: Աղբյուրը որ կա, ցամաքելն ինչո՞ւ է…
Ու տնքաց կսկծացող սրտի զորությամբ: Կինը չպատասխանեց, միայն հիշեց իր կորածներին: «Քո դարդերի տերը մահից կվախենա՞»,- մտքում հանդիմանեց նա: Ապա մտածեց, որ մի օր էլ իսկապես ամուսինը կարող է մահանալ: Ու վախեցավ: Ո՞վ պիտի փակ դուռս երեսիս բաց անի, սարսափեց Վարսենիկը: Անդրին, անտեղյակ կնոջ մտքերին, շարունակեց մտածել. «Էսօրվա պես հիշում եմ էն գարնան օրը։ Պապս հարյուր-հարյուր քսան տարեկան, կոր-կոր դառած մարդ էր՝ ոտքերը կոնդ, աչքերի լույսը խավարած, ոտքի վրա հազիվ էր մնում: Տարին էլ վատ էր, մարդիկ սովից ուռչում էին, երեխան մոր փորում՝ լույս աշխարհ չեկած՝ մեռնում: Գարունքվա վրա մարդիկ դուրս էին եկել հանդ ու անասունի նման արածում էին: Մի օր սա կանչեց, թե՝ Անդրի, ինձ տար Հայրունց քերծը: Հա, էսօրվա պես միտս է, արևը մայրամուտից աշխարհքի վրա կարմիր շողք էր գցել, հողն էլ ստի պես զարկում էր: Գետերը վարարել, ձորերը լցրել էին իրենց ձենով: Պապս նայեց, նայեց մայր մտնող արևին ու ինքն իրեն մրմնջաց. «Աստված, երեսդ սևանա, խե չես թողնում մարս էս շեն ու լույս աշխարհում ապրի»: Ասաց ու թառանչ քաշեց: Նոր եմ իմանում, թե ինչու էր սիրտը կտոր-կտոր թառանչում: Մեկ-մեկ միտք եմ անում. բնությունը էս ի՞նչ տեսակ է ստեղծել մարդուն, որ աչքն ամեն բանից կշտանում է՝ հարստությունից, հարգ ու պատվից, բայց կյանքից չի կշտանում: Մտածեց ու լռեց:


*  *  *

Քաղաքից բժիշկ բերել տվին: Սա ստուգեց սիրտը, թոքերը և հետո ձեռքը դրեց փայծաղի վրա, շոշափեց, ցավեցնելու չափ ուժեղ սեղմեց: Հիվանդը, որ հետևում էր բժշկին, նկատեց, թե ինչպես մութ ստվերի նման մի բան սահեց բժշկի դեմքին ու կրծքի տակ այրող ցուրտ զգաց:
- Քե մատաղ, մինչև տաքերը ընկնելը որ հասնեի, է՜,- ու աղաչական նայեց բժշկին:
Բժիշկը ժպտալու պես մի բան արեց:
- Այդպիսի սրտով կարելի է հարյուր տարի ապրել:
Ծերունին չհավատաց. բժշկի աչքերում թաքնված խղճահարությունն ուրիշ բան էր ասում:
- Ինձ համար չեմ ասում, էն որբի ցավն եմ քաշում,- ու հայացքն ուղղեց անկողնու մոտ ծվարած Վարսենիկին,- տաքերը որ ընկնեն, էշը կնստեմ, կգնամ հանդերը ու հիվանդությունն էլ չի հաղթի:
Բժիշկը լուռ մնաց: Ի՞նչ կարող էր անել: Նա շտապ մոտեցավ հացի սեղանին, դեղատոմս գրեց, մի քանի հրահանգներ տվեց և ցանկացավ հեռանալ, երբ դռների մոտ նորից լսեց հիվանդի ձայնը.
- Թե մինչև գարուն հասնեմ, ու ոտքս գետինը բռնի, է՜… կգնամ հանդերը, և ամեն ինչ լավ կլինի:
Բժիշկը մի քանի հուսադրական խոսքեր էլ ասաց ու շտապեց դուրս:
Բժշկի գնալուց մի քանի օր հետո, թաղի կանայք Օհանջանանց Վարսենին տեսնելուց դեմքերին տխրության էին տալիս ու ետևից ախ ու վիշ անում.
- Քո բերողի աչքերը ծլլան, պակասն էդ էր, եկավ:
Վարսենը լսում էր այդ բոլորն, ու ցավից սիրտը կծկվում էր: Վաթսուն տարի միասին են ապրել, ցավ, ուրախություններ տեսել, ցավը՝ շատ, ուրախությունը քիչ, բայց էլի դիմացել է: Վերջին որդու կորուստն էլ է տարել: Բայց որ ամուսինն էլ… Այս միտքը նրան այնքան անհավանական էր թվում, որ չէր կարողանում պատկերացնել: «Ախր, էդ ո՞նց կլինի, աշխարհքի ցավերը միայն ինձ են տվե՞լ»: Ու դառնացած կինը գնում էր նստում Հայրունց քերծին ու լուռ արտասվում:
Փետրվարի կեսերին ցրտերը մեղմացան: Արևը մի քանի օր անընդհատ տաքացնում էր հողը: Կեսօրվա մոտ ջուրը լցվում էր ջրհորդանները, իսկ գիշերը սառցե հաստ լուլաներով կախվում: Երեկ մեկն ընկավ հավի գլխին ու սպանեց:
- Լավ նշան է,- ասել էր Վարսենը և Անդրի ապան համաձայնել էր:
Կեսօրին անասունները հանում են մութ գոմերից: Արևի ջերմության տակ արյունը խաղ է բռնում, և անասուններն սկսում են խայտալ ու օդը հոտոտել: Գարունը մոտենում է, հա՜, դիմացիր, քիչ է մնացել,- լուսամուտից նայելով գոմի կտրին տրտինգ տվող ցլիկին, կարոտով մտածեց հիվանդը:
Մի քիչ էլ որ դիմանամ, գարունը վրա կհասնի: Ու այս մտքից խրախուսված, նա իր մեջ առույգացավ, իրեն համոզեց, թե այս քանի օրը լավ է զգում իրեն, նույնիսկ մի աման հավապուր կերավ ախորժակով:
- Ախչի Վարսենիկ, մի գնա Հայրունց քերծից նայիր, տես Շորի ձյուները վե՜ր են կացել,- վերջին օրերին արդեն քանի անգամ ասում էր Անդրի ապան:
Վարսենը գնում էր, գալիս, թե՝
- Քիչ է մնացել, մեծ ապա, տեղ-տեղ հողը բաց է եղել:
- Հա, էս տարվա տարին կանուխ է երևում, մի շաբաթ էլ որ էսպես գնաց, Շորում խոտը կծլի:
Պատշգամբում մեկը ոտքերը քստքստացրեց: Ներս մտավ հարևան Օհաննեսը՝ կարմիր դեմքով, առույգ, հաղթանդամ: «Երեսը ճանկռես՝ մի աման արյուն կգա»,- նախանձով մտածեց հիվանդը:
- Օրերը տաքանում են, հա՜, էսօր-էգուց գարուն է,- ասաց Օհաննեսն ու, նստելով մահճակալի մոտ, հիվանդի ձեռքը կոխեց մի խնձոր: - Դեղապետ է, կեր… Շուտ արա, վեր կաց, Անդրի, նախագահն ասում է՝ տաքերն ընկնեն, Խնձորուտի ծմակում պիտի անձուղ անենք:
Անդրի ապոր սրտի խորքում մի բան ծլնգաց: Անտառի կարոտն էր: Արդեն քանի տարի է տնտեսության համար ածուխ է պատրաստում: Ամեն ծառի տակ մի հետք է թողել, ամեն կածան իր անունի պես գիտի: Հիշեց ու ախ քաշեց. «Կլինի՞, որ մի անգամ էլ էն աղբյուրներից ջուր խմեմ, երեսս քսեմ էն ծառերին ու խոտերին»: Չէ, հազար անգամ կրկնված այդ պատկերն արդեն երազ թվաց նրան:
- Ծանոթ տեղերդ ես հիշո՞ւմ,- գուշակեց Օհաննեսը, հետո ավելացրեց.- սիրտդ պինդ պահիր, էս է լավանում ես, իրար հետ կգնանք անձուղ վառենք:
Օհաննեսը լսել էր, որ գյուղում խոսում են «էն անտերի» մասին: Բայց ներքին մի վախով չէր ցանկանում քաղցկեղի անունը տալ, թեև ցավով նկատում էր, որ օր-օրի իր մանկության ընկերը հեռանում է կյանքից: Նա մի պահ մտածեց, թե կարող է ինքն էլ մեռնել, ահա այսպես՝ Օհանջանանց Անդրու նման հալվել ու պրծնել: Այս միտքը իրենից հեռացնելու համար սկսեց պատմել գյուղի նորություններից: Հետո խոսքի կեսում նկատեց, որ հիվանդը չի լսում, նայում է իրեն, իսկ միտքը ուրիշ տեղ է, ուրիշ աշխարհում: Ինքն էլ լռեց, մտածմունքի մեջ ընկավ: Մարդ չորս զավակ ունենա ու հիմա մեկը չլինի՞, որ կանգնի մեռնող հոր գլխավերևը: Նա մտքում անիծեց պատերազմը:
Խամրող արևի շողերը ընկել էին հիվանդի դեմքին, ավելի ընդգծել նիհարությունը: Մի խաղաղ, անվրդով լռություն էր իջել սենյակում:
Մի ուրիշ ժամանակ մնացին լուռ, հետո կարծես ինքն իրեն Անդրին մրմնջաց.
- Գարունը որ եկավ, կգնամ հանդերը, ոտքերս շաղերը կգցեմ, հիվանդությունը ինձ քար չի անի:
Ու երկար ժամանակ երկուսով մնացին լուռ, անխոս:


*  *  *

Գիշերը առատ ձյուն եկավ, իսկ լուսադեմին Զարզանդ ձորից մի խելագար բորան բարձրացավ ու իրար տվեց աշխարհը: Առավոտյան Օհանջանանց Անդրին արթնացավ և օրվա պես մթնեց. «Ուրեմն իմն էլ էստեղ վերջացավ,- մտածեց ու սիրտը կսկծաց: - Պարտական մնաս, Աստված, որ չթողիր մինչև գարուն հասնեմ: Ախր ուզածս բան չի, է՜,- տնքաց, իսկ բռունցք դարձած մատները թուլացան: - Հիմա փետրվարն է, իսկ մեր կողմերում մարտն էլ է ձմեռ»,- մտածեց նա ու թևաթափ եղավ: Ընկավ մոռացության մեջ՝ իրեն հանձնելով հիվանդությանը: Ցերեկն ու գիշերը խառնվեցին իրար, դարձան միապաղաղ, միագույն զանգված…
Մարտի վերջին Օհանջանանց Անդրին մահացավ:
Մի շաբաթ անց իրիկնամուտին երկինքը որոտաց, կայծակը փշրվեց Հայրունց քերծի կրծքին ու շափշափելով անձրև տեղաց: Գարնան առաջին անձրևը, որին այնպես կարոտով սպասում էր Օհանջանանց Անդրին…




ՊԱՐԶ ԵՐԿՆՔՈՒՄ՝ ԱՄՊԻ ԾՎԵՆ

Գյուղը փռված է դիք լանջին՝ ներքևից վերև: Ինչքան վերև՝ այնքան տները դասավորված են ցանցառ՝ նայած տեղանքի հարմարությանը ու տանտիրոջ ընչաքաղցությանը:
Գյուղի մատներից մինչև գերեզմանատուն գնում ես ղուզ արած, որպեսզի ոտքդ կարողանա հրել մեջքիդ, որ դառնաս քայլ դրած: Էդպես հրհրվելով գնում ես, երբեմն շունչ առնում, նայում ներքև եկած ճանապարհդ իմանալու համար, ապա անցնելիք ճանապարհին ես նայում, որ համեմատես:
Թափորը գլուխը կախ գնում է դագաղի ետևից: Չի խոսվում կամ խոսվում է կիսաձայն, որ կարողանաս շունչդ տեղը պահել: Ճանապարհն անպարկեշտ երկարում է, քայլդ հարմարեցնում ես առջևի գնացողի հետ ու դառնում ես թափոր:
Գյուղը համառեց, համառեց՝ չէր ուզում ավարտվել, բայց վերջապես ավարտվում է և առանց դադար առնելու սկսվում է գերեզմանատունը: Վա՜յ քեզ ճանապարհ ասողին: Շունչդ տեղն ես բերում, իսկ հայացքդ մոլորվում է դիմացը փռված սարալանջերում. զմրուխտ կանաչը ափիբերան ծավալվում է, լափու է տալիս, մինչև հասնում է հորիզոնի թափանցիկ կապույտ երիզին: Անաստվա՜ծ բնություն. գեղեցկությունը բռնում է շունչդ ու վայելումը դառնում է ոչ երկրային՝ անհարիր գորշ գերեզմանափոսին, որտեղ մարդիկ բուռ-բուռ հող են նետում դագաղին: Կոշտ գուղձերը անձայնավոր աղմուկով զարկվում են դագաղին, և դու շփոթվում ես բիրտ իրողության և գարնան անհոգ ու արբշիռ զարթոնքի արանքում:
Երկու ուլիկ պոկում են գերեզմանաքարի արանքից դուրս եկած խոտը: Պատկերը դառնում է անմիտ ու անբնական. ուլիկները խոտը կծում են, գերեզմանը լցվում է հողով, լեզուն քոր ածող անեկդոտը պարտադրաբար պատմվում է: Նորից հասկանում ես, որ կյանքը այդպես է՝ լավ թե վատ, սիրուն թե տգեղ: Դիակը պետք է հողին հաձնվի, տրտմության արանքում մի փոքր տեղ է արվում, որպեսզի պահին հարմարվող անեկդոտը պատմվի, որպեսզի ապրելը հեշտանա, իսկ անմիտ ուլիկներն իրենց համար արածում են:
Իսկ գերեզմանի դիրքը սքանչելի է. ալիք տվող կանաչ բլուրները՝ տաք կռնատակերով, ձորակների մի կեռմանում փայլփլող գետակի արծաթով, հորիզոնը եզրափակող կապույտ մշուշի մեջ հանգչող լեռնապարով:
Հազվագյուտ հանդիպող Գեդեոն՝ մեկին ասել են շեկ ես, սա էլ թե՝ շեկ եմ, բայց քեզ նման գեշ շեկերից չեմ,- Գեդեոնի այդ շեկը գունաթափվել-ճերմակել է և առաջվա անդուրը չի: Գեդեոնը հուղարկավորման արարողությանը նայում է փիլիսոփայի մեծամիտ անտարբերությամբ՝ որ եղել է՝ ուրեմն պիտի լիներ՝ մի քիչ շուտ, մի քիչ ուշ:
Նայում ես հուղարկավոր բանվորներին, որոնք քիչ անց գործը կավարտեն, ապա նայում ես թափորի անիմաստ երկարող երթին ու սկսում ես սրտնեղել. ամեն նոր ժամանող իր պարտքն է համարում մասնակից դառնալ անսպասելի պատվի արժանացած հանգուցյալի հուղարկավորման արարողությանը: Նոր եկողները գալիս են ու գերեզմանի շուրջը գյոլ տալիս: Ծանոթը ծանոթին մոտենալով խոսում են՝ մինչև հուղարկավորումը ավարտվի, որ հետո ամեն մեկն իր համար որոշի՝ սգո հացին նստի՞, թե՞ գնա:


*  *  *

Դիակը հողին հանձնելն արագ է արվում: Ամեն տեղ էլ: Ինչո՞ւ են շտապում: Գուցե նրա համար, որ պարտք է՝ պիտի կատարել: Արագ արվի, որ շուտ վերջանա: Թերևս վերին խորհուրդ գոյություն ունի: Հողն իր մեջ տեղավորում է ցավն ու տառապանքը: Հենց որ հանգուցյալը հանձնվում է հողին, դառնում է հուշ, իրական կյանքից պոկված ու անցյալին հանձնված եղելություն: Գիծ է քաշվում այս և այն կյանքի միջև: Մարդը հայտարարի է բերվում՝ ինչպես հաշվապահական հաշվետվության մեջ՝ ընդամենը: Կհիշվի միայն առիթի դեպքում: Եվ կորուստի կսկիծն այլևս ցավագին չի լինի:
Ինչո՞ւ էր այսքան տառապանքը:
Ինչո՞ւ ենք մեր իսկ հորինած հրհրոցում իրար խանգարում, ոտատակ տալիս կամ ոտատակ մնում:
Ո՞րն է իրար ցավ ու վնաս պատճառելու պահանջը, վերին ի՞նչ կարգադրությամբ:
Այսքանի մասին խորհում ենք հուղարկավորության ժամանակ: Հետո՝ հետոն կարճ մի ժամանակ է տևում, մոռացվում են կյանքի անցավորության մասին մտքերը, ինքներս մեզ հաշիվ չտալով կրկին կառչում ենք կոշտ նյութին, որին կյանք անուն ենք տվել: Հող էինք՝ հող դառանք: Ո՛չ, այս միտքը բանաձևել ենք մեկ այլ՝ նենգ ձևակերպմամբ՝ հող էինք, հող պիտի դառնանք: Պիտի՝ բայական այս եղանակի մեջ լցնելով անորոշ-երկար ժամանակի հատված, որպեսզի շարունակենք, կարողանանք շարունակել ուրիշներին խանգարելու, վնասելու, ցավ պատճառելու և էլի ունայն բաներ անելու մարմաջը:
Ինչևէ...
- Մերդ չմեռնի,- Գեդեոնը ասում է աչքերը կկոցած, ասածն էլ օդի մեջ է ասում, բայց հաստատ գիտեմ, որ ինձ ականջալուր է ասում: Նա քմծիծաղ է տալիս, սկսած միտքը շարունակելով.
- Էս գերեզմանատունը դեռ էսքան մարդ տեսած չկա:
Դարձյալ չեմ արձագանքում, որովհետև չեմ կարողանում կռահել, թե խոսքը ուր է տանում, զգուշանում եմ, որ հանկարծ նրա մտքերի թակարդը չընկնեմ:
- Տեխնիկան մարդկանցից է շատ, մարդը՝ տեխնիկայից, քաղաքից գյուղ՝ ամեն մեկը իր համար եկել է:
Ավտոմեքենա չի ասում ասում է՝ տեխնիկա:
- Վարուժանս որ զոհվեց, էլի շատ տեխնիկա կար, հիմնականում ընկերներն էին: Էսքան չէր, բայց էլի կար: - Չսպասելով իմ արձագանքին, Գեդեոնը միտքը շարունակեց.- Իմը ջահել էր, մի շաբաթ հետո քսանյոթը պիտի լրանար:
Գեդեոնի երեսին աճած ճերմակած մազերն ավելի ծեր էին դարձնում նրան: Մի տեսակ հպարտությամբ ասաց.
- Դպրոցի բակում է գերեզմանը: Հրամանատարն էր առաջարկել ու գյուղացիներն էլ համաձայն էին:
- Երևի լավ կռվող է եղել:
- Խաչ շքանշան են տվել: Ընկերներն են պահանջել ու հրամանատարն են դրանց մեջ՝ առաջինը: Կարող է ճանաչում ես:
Անունը տալիս է ու ես հաստատում եմ՝ ո՞վ չի ճանաչում: Չնայած չեմ ճանաչում, բայց ասում եմ՝ ճանաչում եմ, որպեսզի հրամանատարը նշանավորվի որ զոհված տղան էլ նշանավորվի:
- Իրենից հետո ժառանգ թողե՞լ է:
- Մի աղջիկ երեխա հիշատակ է մնացել: Մոր հետ քաղաքում են ապրում: Թե ոտս ընկնում է քաղաք՝ գնում եմ տեսության, մեկ-մեկ էլ իրենք են գալիս:
Դիմացի ձորալանջի թևատակին հարմար զետեղված տունը ցույց տալով, ասաց.
- Իմն է:
- Կարգին էլ մեծ տուն է:
- Ո՞ւմ է հարկավոր:
Որոշ ժամանակ լուռ ենք: Գեդեոնը ակնկալվող իմ հարցին էր սպասում, ես էլ չէի ցանկանում մարդուն տխուր մտածումների մեջ գցել:
- Մի հարցրու, թե էսքան մեծ տուն ինչու եմ կառուցել, որ ես էլ ասեմ՝ իզուր: Վարուժանս փչացավ կռվում, աղջիկս մարդու է գնացել, մյուս երկու տղաներս էլ՝ մեկը մի տեղ, մեկը՝ մի տեղ՝ Ռուսաստան-Միջին Ասիա: Քաղաքների անունները միտս չի, բայց հասցե-բան տանը կլինի: Կա:
Ցանկանում եմ նյութը փոխել, բայց ստացվում է կրակին յուղ լցնելու պես մի բան.
- Էսքան վառելիքով,- ցույց եմ տալիս ավտոմեքենաները,- լեն ու բոլ մի աշնանացան կարվի:
- Մի էդքան էլ գյուղի տակ է մնացել,- ավելացնում է Գեդեոնը, որը իմ այս դիտողությունից գոհ է մնում,- էսքանով բերքահավաքն էլ կարվի:
- Ժողովրդական կարգն այդպես է, ի՜նչ կարող ես անել:
- Ճիշտ է,- համաձայնում է Գեդեոնը,- բայց էստեղ մի բան կա:
- Ո՞րը:
- Օրինակ, դու քանի՞ հոգով ես եկել:
- Երեք հոգով:
- Ողորմի անցավորներիդ, մյուսներն էլ քեզ նման անեին:
 Ես չեմ առարկում, ասում եմ՝ ճիշտ է:
- Էս որ ասում եմ, ինձ համար չեմ ասում, փեսայիս ձեռքը տաք տեղ է, առանց իմ ասելու աշնանն աշնանացանի համար, ամառը՝ բերքահավաքի համար վառելիքը ուղարկում է, մի բան էլ ավել: Տակին մնացածը հարևան Հայկանուշին եմ տալիս: Գլուխը կտրած կին՝ փոքր տղան էս կռիվներին փչացավ, մեծը՝ ոտի մեկը կռվումը թողեց, մի կերպ յոլա է գնում, Ստեփանակերտում, քո հավանած ներկարար էր, բայց հիմա առանց ոտի ներկարար ո՞նց աշխատի: Մծոց արհեստ է սովորել, ոտնամաններ է կարկատում: Մարդին էլ, Հայկանուշի նշանածը, լավ տղաներից մեկն էր, գիշերը պառկեց, առավոտը վեր չկացավ, զոհված որդու ցավին չդիմացավ:
Գեդեոնը պատմում է, ես կարեկցական ու խոնարհ լսում եմ:
- Գյուղացին միշտ էլ անտեսված է, կոլխոզի ժամանակ էլ: Հիմա ուրիշ տեսակի է, մեկը առոք-փառոք նստում վեր է կենում, մյուսի մատը բերանին չի հասնում: Հիմա անարդարությունը շատ շատ է: Շա՜տ: Մի քանի պլոկողներ տեխնիկան զավթել են, գյուղապետով-բանով գյուղը իրենցն են արել. խանութ են բացել, քարի հանքն են սեփական ձևակերպել, լավ-լավ ապրում են, մի քանի ամիս առաջ էլ ավտոբուսի երթուղին մրցույթով իրենցն արեցին: Անուշավանը, լավ կռվող տղաներից մեկն էր, ավտոբուսը կռվից էր բերել, տունը յոլա էր տանում, ծախեց, թքեց գյուղի վրա ու գնաց Ռուսաստանի կողմերը: Անարդարությունը շատ է շատացել, շա՜տ...
Գերեզմանափոսը սկսեցին հող լցնել: Գեդեոնը խոսքը կիսատ թողեց ու գնաց, որ հանգուցյալին արժանացնի իր մի բուռ հողին: Պարտադիր կարգ է մի բուռ հողին արժանացնելը: Որ հանգուցյալի ոսկորներին հանգստություն լինի, որ ուշքը ետ չպահի, որ հողն ամփոփի մարդկային դառնություններն ու տառապանքները: Որ դյուրին տեղի ունենա՝ հող էր, հող դարձավ:
- Լավ տղաներից մեկն էր, հարայի հասնող,- վերադառնալով ետ, հանգուցյալի մասին ասաց Գեդեոնը: - Մարդու վերջը լավ լինի,- մի քիչ մտածեց ու հոգոցի պես ավելացրեց. - Ո՞վ գիտի, թե ում առաջին ինչ է սպասվում:
Գեդեոնի խոսքերում կսկիծ կար՝ ինձ այնպես թվաց, որ էս կյանքից ուշքը ետ պահած է հեռանալու:
- Տղաներդ ոնց որ թե լավ չեն դասավորվել:
- Կամ՝ դու, կամ՝ ես:
- Գնալ-գալ, նամակ-բան...
- Ափսոս չի՞ բերանդ:
Գեդեոնը որոշ ժամանակ մտքերի հետ է, հետո կարծես սթափվելով ասում է.
- Մեկ-մեկ աղջիկս է գալիս: Տեղը մոտիկ է՝ գալիս է: Մերը արյան ճնշում ունի, մշտական էն լավ թանկ դեղերից ուղարկում է: Վա՜յ, անճարին... Ճիշտը լավ է՝ փեսան քո հավանած տղաներից մեկն է: Քարի հանքի վրա է, լսած կլինես՝ Արթիկտուֆ, աշխարհի ամենամեծ հանքը Արթիկում է:
Գեդեոնը աչքերը նորից ջաղա արեց ու չհասկացվեց՝ ձեռ առնելով է ասում, թե հպարտությամբ:
- Փեսան մի տարի եկել էր՝ ընտանիքով-բանով: Ամառը: Ոչխար եմ մորթել: Մեր կողմերում լավ քեֆատեղեր կան, սառը լավ աղբյուրներ: Միայն քեֆ անողի պակաս կա: Կարծում ես, որ տղաներս մի անգամ գան՝ ոչխար չեմ մորթի՞: Երկուսն էլ կմորթեմ: Փեսի քեֆը որ լավացավ, ասաց՝ տուֆ ուղարկեմ՝ տունդ երեսապատի, գյուղի ամենասիրուն տունը քոնը կլինի: Քեֆը տեղն էր, ասել է: Բայց փեսի ասածը՝ մի կողմ. էս տո՜ւն, մեջն ապրողն ո՞վ է լինելու: Մենք էսօր կանք, վաղը չկանք: Որ վաղը ոտքս մեկնեմ, Առուշանց բրիշակները՝ քեզ օրինակ:
Հեռացողների համար ամենածանրը այն հալածող միտքն է, որ նրանք այլևս շարունակություն չեն ունենալու: Օտար հողում ապրողը, եթե նույնիսկ քո հարազատն է, քո արյունից պտկածը, քո շարունակությունը չի կարող լինել: Իր կոխած տեղերով ո՞վ է ման գալու, ո՞վ պետք է տիրություն անի տարիներով փշուր-փշուր հավաքած տունուտեղդ:
Հուղարկավորության արարողությունն ավարտվեց, մարդիկ բռնեցին գյուղդարձի ճանապարհը: Երբ հավասարվեցինք Գեդեոնի տանը, ասաց.
- Էստեղից մեր տունը լավ երևում է,- ու ձեռքը մեկնեց: - Եթե հոգեհացին չես նստելու, շատ ուրախ կլինեմ քեզ մեր տանը տեսնելու,- անսպասելի հանդիսավոր ասաց Գեդեոնը: - Մեր հարսն առանց տեղապետի չի, տանն ամեն ինչից էլ կճարվի:
- Սիրով կգայի, բայց ես մենակ չեմ և քաղաքում էլ շտապ գործեր կան,- ասում եմ ու ճիշտ չեմ ասում: Ճիշտը լավ է՝ կուզենայի առաջարկն ընդունել, բայց հոգեհացի փոխարեն Գեդեոնի առաջարկն ընդունելն անվայել կլիներ իմ կողմից:
- Քաղաքացիք միշտ զբաղված են, գյուղացին՝ անբան ու պարապ,- Գեդեոնի հեգնանքի մեջ պարզ որսացվում է անկեղծ ափսոսանք: Զգում եմ, որ հոգում կուտակված դառնություններ կան, կուզենար մեկի հետ կիսել, թեթևանալ: Միամիտ ուզում է գայթակղել «տեղապետով»:
Մի տեսակ բույս կա՝ բույս է, թե ինչ է, ոնց որ բամբակի քուլա, դրանից էլ թեթև է, աշնանն է լինում, քամին մի թեթև փչում է ու սա գլորվելով գնում է: Ինչո՞ւ: Որովհետև հողումը արմատ չունի: Այսպես էլ մարդ ասածը, եթե տուն ու օջախդ օտար հողումը եղավ, քո գերեզմանը նշանովի չեղավ, քո երկիրն ու էդ երկրի հողում քո արմատը չեղավ, կլինես էդ ասածի նման:


*  *  *

Հոգեհացի չեմ նստում: Ուղեկիցներս մնացին ու լավ եղավ, որ մնացին: Ցանկացա մենակ մնալ: Ես եմ և վարորդը, որին այնքան եմ վարժվել, որ ներկայությունը չեմ զգում:
Գյուղական ճանապարհը մտավ մայրուղի: Ասֆալտի վրա մեքենան արագ առաջ էր սլանում: Կեռմաններից մեկի ավարտին վարորդին խնդրեցի մեքենան կանգնեցնել: Դուրս եկա ու քայլեցի կանաչ դաշտով: Դիմացիս փոքրիկ բարձունք է, գնացի այդ ուղղությամբ: Սիրտս տխուր է: Երևի հուղարկավորության կարգը տխուր մտքեր է ծնում: Իզուր չընդունեցի Գեդեոնի հրավերը, ցավագին մտածեցի ես, վաղուց չեմ հյուրընկալվել գյուղական պարզ ու հասարակ տան: Սեղան կնստեինք, անհրաժեշտ բառեր ընտրելու դժվարություն չէր լինի. կվայելեինք իրար համար հաճելի մեր ներկայությունը: Անկաշկանդ: Սրտանց: Առանց հաթայաթի...
Գեդեոնի հետ տուն կմտնեինք, կնոջը աշխույժ-հրամայական կասեր.
- Աճի, հյուր ընդունիր:
Աճին կժպտար ու կասեր.
- Հյուրը մեր գլխին տեղ ունի:
Կասեր ու ճիշտը կասեր: Ես ինձ կզգայի տնավարի, ոնց որ հարյուր տարվա ծանոթ, կինը, որին Գեդեոնը անունով չի ասում, ասում է՝ աճի, արտորալով սեղան կգցի: Կամոդից կհանի վաղուց չբացված ծաղկաշեն սփռոցը ու հետո մեկիկ-մեկիկ կշարի ուտելիքներ: Բակում հավը կթպրտար, ճղճղոցը տարածելով թաղով մեկ ու քիչ հետո Գեդեոնը ներս կմտներ ու պարարտ հավը կդներ կաթսայի մեջ, որը նախօրոք կինը տեղավորել էր կրակին: Պահին հարմար հիշում եմ կատակը. մեկը հյուր է գնում, տանտերը կնոջն ասում է՝ շուտ մի ձվածեղ արա, հյուրն էլ թե՝ ձվածեղի ջանջալը կտրի, հավ մորթի: Գեդեոնը քահ-քահ ծիծաղում է, կինն աչքերով մանր բարի ժպտում է ու ստացվում է այնպես, որ բոլորս էլ լավ ենք զգում:
Մտապատկերն այնքան շոշափելի-կենդանի էր, որ պատրանքի զգացումը դարձավ իրականի զգացում ու ես ցանկացա, որ այդ զգացումը երկարի...
... Տան գոյացած բաները կամաց-կամաց շարվում են սեղանին: Ձագի քյաոհրիբար հաց մեղր, խնոցու խունկուձեթի կարագը՝ կողքին, աղը կերած այծի պանիրը դրվում է էնպես, որ ձեռքը հեշտ հասնի, թթու դրածներ՝ բոլորն էլ ընտիր, դիռի լոբին՝ պարտադիր, սեղանի մի պատվավոր տեղ զետեղվում է կավե բադիան՝ երեսը մի մատ հաստությամբ մածուն: Աճին մի սաք հաց է դնում սեղանին մի անկյունին մոտիկ, երկու հատը վերցնում ու դնում կրակին, որ տաք տա:
Սենյակը լցվում է նախաստեղծ բույրերով: Գլուխդ պտտվում է, հուզմունքը խեղդում է, աչքերդ խոնավանում են: Ափսոսանքի կսկիծը չի լքում, ինքդ քեզ հանդիմանում ես՝ ի՞նչ էր խանգարում, որ համաձայնեիր, երանավետ այս հնարավորությունը մեկ էլ ե՞րբ է լինելու:
Այս մտածումները վանում եմ ինձնից ու կրկին հանձնվում մտապատկերին: Ձեռքս թափ եմ տալիս. լավ քաշած արաղը կա, բաժակները՝ դրվել են, ձեռքս մեկնում եմ շշին, Գեդեոնը չի թողնում, ասում է.
- Ես լցնեմ, դու՝ ասա:
Բաժակը առնում եմ.
- Ոտագալիքս բարի լինի էս օջախում:
Տնական թունդ օղին հաճելի գնում է: Ձեռքս մեկնում եմ կարմիր տաքացրած հացին՝ ջրաղացի ալյուրով թխած, կարմիր տաքացրած հացը պճղում եմ ու պանրի մեծ կտորը դնում մեջը: Բերանիս ջուրը հազիվ եմ պահում, որովհետև պանիրհացը առանց թարխունի էն չի:
Քիչ հետո եփած հավը դրվում է սեղանին՝ պանիրդրին մի կողմ է քաշվում, որ հավը լինի սեղանի մեջտեղը: Հետո աճին քաշվում է մի կողմ՝ ձեռքերը առած գոգնոցի տակ, սպասելով տղամարդկանց հաջորդ կարգադրությանը:
- Աճի, տես հարևան Հայկանուշի տանը աղ կա:
- Գլխիս քար ընկնի,- ու կինը փութաջան աղամանը բերում է:
Տան կոճերից ասես խաղաղություն է ծորում: Հոգիդ լցվում է: Իսկ Գեդեոնը ոչ էնքան ուտում, որքան պատմում է: Կինը երբեմն-երբեմն թառանչ է քաշում, Գեդեոնն ամեն անգամ խոսքը կիսատ է թողնում, նայում կնոջն ու գլուխն օրորում, չգիտես հանդիմանում է, թե կարեկցում: Հետո կոտրած ձայնով ասում է.
- Մարդուս վերջը լինի բարի:
Լռություն է տիրում: Տունը լցվում է տխրությամբ:
Կյանքից հեռացող այս պարզ հոգիները աշխարհից որևէ պահանջ չունեն: Զոհված որդու հիշատակը պահպանվե՜ր: Որդիներից մեկը վերադառնա՜ր: Որդին գար հարսով, թոռներով, որպեսզի թոռանը կանչի՝ էդ անտեր հավերին քշիր, աղունը կեղտոտում են, ասի՝ բալան կծեմ, էդ մահակը բեր՝ մեջքս քորի ու երեխան ձեռքը տանում է պապիկի մեջքով, որ քաղցր քորի մեջքը.... Նրանց մի բուռ հողին արժանի դառնայի՜ն: Մեկը լիներ, որպեսզի տան ծուխը վեր տանե՜ր: Մեկը լիներ, որ իմանար իրենց գերեզմանի տեղը:

Մոլորված այս պատկերները շոշափելի զգում եմ: Ցավեցնելու չափ: Իրական: Ու չնկատեցի, որ հորիզոնի ամպի ծվենը ուռճացավ, երկինքը կալավ: Հեռավոր լեռներում կայծակը ճայթեց: Շուտով անձրև կգա: Շտապեցի դեպի ավտոմեքենան:
Պատրանքը հօդս ցնդեց... 

Комментариев нет:

Отправить комментарий