ՄԵՆՔ


  • Մենք 
  • Երբ հողը գնում է գյուղի տակից 
  • Ինչի մասին է լռում զանգը 
  • Տո՛ւր մի կտոր հանգստություն 
  • Զավակս, զավակս 
  • Այս դժվար օրերին, հույսի այս օրերին 
  • Արցախի ռուս հարսը 
  • Ինեսա Բուրկովա 
  • Մղձավանջ 
  • Բախշի պապս 
  • Հատուկ դրություն 
  • Դավթասար 
  • Պաշարում 
  • Ստեփանակերտ, Մուրացան փողոց 
  • Մարդու ցավը մեկը լիներ 
  • Ների՛ր Իգոր։ Ներեցե՛ք տղաներ 
  • Աստված Արցախը դրախտի համար է ստեղծել 
  • Տերունական աղոթք 



ՄԵՆՔ

Իսկ չե՞ք վախենում, որ հանկարծ մեռնեմ...
Պ. ՍԵՎԱԿ

Մենք «մենք»-ին ասում ենք մունք: Եթե ուզում ես իմանալ խոսակիցդ ղարաբաղցի է, թե ոչ, հարցրու` որտեղացի՞ ես: Եթե ղարաբաղցի է, հաստատ ասելու է` հո՞ւ, մո՞ւնք: Էլ պետք չի, որ շարունակի:
Մենք մեր մասին հոգնակի ենք խոսում: Ոչ մեր կողմերից սերած գրողը մեր այս թագավորական ոճի խոսակցությունը դրել է իրենց կողմերի մարդու բերանում: Բան չկա, այդպիսի բաներ շատ ունենք, թող վերցնի, մեր գրողն է` ուրիշ չի և սազում է, որ ղարաբաղցի լինի:
Ինչո՞ւ իմ այս խոսքը ծառի մասին մեր այս խոսելաձևից սկսեցի: Նրա համար, որ նյութս վերնագրել եմ «Մենք» ու հիշել մեր այս թուլությունը:
Իսկ ծառը երկու հազար տարեկան է: Գնա ուրիշ երկինքների տակ այսպիսի ծառ գտիր: Լինեն էլ, կամ քիչ թվով կլինեն կամ պակաս տարեկան: Դեռ իր ժամանակ Նիկոլայ թագավորն է ամիսը մի քանի ռուբլի թոշակ նշանակել... ոչ մարդուն՝ ծառի՛ն:
- Հո՞ւ, մո՞ւնք:
Գրող հյուրիս` Ալվարդ Պետրոսյանին, ցանկանում եմ տանել ծառը ցույց տալ, որ հպարտանամ` մենք` ղարաբաղցիքս... Գրող հյուրս ուզում է մինչև տեսնելը ծառի մասին իմանալ, որպեսզի որոշի` Գանձասա՞ր գնանք, թե՞ ծառի մոտ: Իսկ ես ուզում եմ պարտադիր ծառի մոտ գնալ, որովհետև... Հոգսերի մեջ, կյանքի անհեշտ հարցումների, մեր կենցաղի անհարմարությունների, մեր թանկությունների ու դժվարությունների, ժամանակի սղությունների, անելիքի շատությունների, չոռուցավի մեջ, մեր ծուլությունների, «զահլաչունեմների» մեջ մոլորված՝ մի օր ամեն ինչ բարձիթողի չենք անում ու գնում մեր ծառն էլ տեսնելու, մեր մյուս հրաշալիքներն էլ վայելելու:
Այսպես, հյուրիս մոտ գովում եմ ծառը, կարդացածս որպես տեսած պատմում, օրերս մեր թերթում բացատրված բառով` կուլակապ արած գրող հյուրիս տանում եմ Սխտորաշենի սոսենին ցույց տալու, որպեսզի ինքս էլ տեսնեմ:
Մենք սիրում ենք հպարտանալ, մենք ասում ենք` Գանձասար, դեմը Կաչաղակաբերդն է, իսկ Ամարասն ավելի հին է, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Գրիգորիս ուսուցիչը` Գրիգոր Լուսավորչի հարազատ տղան, Ամարասում դպրոց է բացել և մեր անկիրթ ու մտոք երեխաներին` այբ, բեն, գիմ, դա... այսպես ծոր տալով գիր-իմաստություն սովորեցրել ու վերջում էլ, որպես պատգամ, նրանց վարժվող ուղեղներում կաթեցրել` զբանս հանճարոյ... Այսինքն` Ամարասի պարարտ հողերում ցորյան ցանեք` ձույլ, դեղին խնկահոտ զարդա, որից ելած հարսնածոց հացը քաղցր է. մենք համեղին նաև քաղցր ենք ասում, ասում ենք` քաղցր խոխա, քաղցր աղբյուր, քաղցր հող ու հայրենիք,- այսպես ցորյանի արտեր ենք աճեցրել, այգեստաններ տնկել, և ձիերի երամակներն էլ վարգել են լեռնապարերի ուսերով, և նրանց սլացքը շատ նման է եղել երկնամերձ մեր սարերին, այդ մերձությունը դուր է եկել Վարպետին, և երբ նա Ամարասում քարը քարին է դրել, միշտ միտն է պահել մեր սարերի մերձությունը երկնքին, և երբ իրար շարած քարերը սկսել են լեզու առնել խոսել, խոսել են ոչ թե խոսք ու բառով, այլ այս երկրի հետ իրենց նմանությամբ։ Ահա այդ քարերը, որ այլևս քար չեն, այլ Ամարասա վանք, պատմել են այս կողմերի բաների մասին: Դրանից հետո Վարպետը գլուխը հանգիստ դրել է քարի տակ:
Սխտորաշենը Կարմիր շուկայի մոտ է. ավան չհասած, եթե Ստեփանակերտից ես գնում, ձախ ես ծռվում, որտեղ մենավոր ընկուզենի կա` այնտեղից ծռվում ես ձախ: Ու ճանապարհը քեզ տանում է դեպի ծառը: Կարծես դժվար է եղել մի սյուն տնկել և վրան հայերեն-ռուսերեն-անգլերեն, արի առաջ գրենք անգլերեն, որ ասենք` ոչ միայն մենք ռուսերեն-հայերեն ենք գնահատում, այլև ամբողջ աշխարհն է լսել, և ուզում են տեսնել,- ահա այս հրաշալիքը, որի փչակում մի հարսանիք կարելի է անել, մի հասարակ ցուցանակի չի արժանացել, որպեսզի չգնանք Կարմիր շուկա ու ետ դառնանք, կարծես ավանն ավանային խորհուրդ չունի, սովխոզը մի երկաթե սյուն չունի 60X40 սմ չափսի, 8մմ հաստությամբ երկաթաթերթի կտոր, մի զոդող վարպետ, Կարմիր շուկայի կուլտուրայի տունը շնորհքով մի աշխատող չունի, որ հայերեն-ռուսերեն գրի, անգլերեն նկարի, եթե իրենց մոտ անգլերենի դասատու չկա, գա Ստեփանակերտ և խնդրի անգլերեն իմացող անգլերենի մի դասատուի, որը բառարանի օգնությամբ և անտառասխալ գրի` Սխտորաշենի սոսենին երկու հազար տարեկան է, որը եթե ուզում ես տեսնել, սլաքի ցույց տված դիք-դիք-դիք ճանապարհով բարձրացիր և մինչև սոսենին տեսնելը, տեսնելու ես սարի դոշին կուչուկծիկ դառած, աչքի խոռոչները դատարկված տներ, որոնք չարագույժ կռնչում են ավերված-ավերվող տների, մեռնող գյուղի մասին: Գյուղ չհասած` թեքվիր աջ, որ ծառը տեսնես և Սխտորաշենը չտեսնես:
Ծառը մղվում է, մղվում է, մղվում է երկինք, ոնց որ բանաստեղծուհու կռահածն է` ուզում է սարերի մյուս կողմն էլ տեսնել: Ծառերի չորուկները ճարճատելով կրակ են դառնում, որ մորթված գառը ուտվի, որ խմվի սոսյաց անտառից մնացած հնագույն վկայի կենացը: Հետո կարոտախտով պիտի հիշվի, որ ծառս, Գրիգորիս ուսուցչապետից էլ շատ առաջ, սոսափել է այս ձորակում և ինքը մենակ չի եղել, անտառ է եղել, երևի ճակատագիրը ծառին է օժտել հարատևությամբ, որ պատմի հնավանդ այս հողի, այս կչոռած գյուղի հեծության մասին:
Սխտորաշենը ես ուրիշ զուգորդությամբ եմ հիշում: Կողքիս նստած աղջնակի պայուսակում կարմիր տաքացրած ճոթ հացն անաստված բուրում է, զարդա ցորենի հացը, զարդա ցորենի կարմիր տաքացրածը: Աղջիկը` Սխտորաշենից, մոր ու երեխաների հետ նոր տեղափոխվել են քաղաք, հայրը մնացել է գյուղում, նախագահ է, «բրոն» ունի, բանակ չեն տարել: Գյուղից եկած զարդա ցորենի խնկահոտ հացի բուրմունքը բռնել է դասարանը, և բուրմունքը հողմի պես պտույտ է տալիս և մեզ` երեսուն երեխա, գումարած ընկեր Թավրիզյան, կոտորում, կատիկներս վեր ու վար են անում, հացի բուրմունքը անխիղճ խեղդում է մեզ, ուտես-ուտես-ուտե՜ս, ու այնպես լինի, որ կշտանաս,- մենք երեսուն սովալլուկ երեխա` գումարած ընկեր Թավրիզյան, հանած նոր եկած սխտորաշենցին,- խեղդվում ենք հացի բուրմունքներում: Ուղեղիս մեջ մեխվել-մնացել են գյուղի անունը և տաքացրած ցորեն հացի բուրմունքը:
Սխտորաշենցուն Կարմիր շուկայում գտիր, Ստեփանակերտում, Բաքու, Երևան ու ուրիշ նշանավոր քաղաքներում: Ոչ ոքի խելքը չի կտրում, որ դեպի ծառը տանող ճանապարհը պետք է կարգավորել, գուցե թե կարոտախտից այստեղ մղվածներից մեկը իր համար անսպասելի որոշի,- կնոջ հետ չհամաձայնեցնելով, երեխա-հարազատներին դիմավորելով, խելքից պակասելով, որտեղից գլուխը մտած մի ծռությամբ որոշի գալ գյուղ, որ հայրական տունը շենացնի, գարնանը գա ամայի, ղլղան ու կածուկ կոխած բոստանատեղը բահի տալու, կարտոֆիլ, լոբի, պոմիդոր ցանելու, տաքդեղի սածիլը Քյաթուկից կբերի, իր գյուղի բախտակից Քյաթուկից կբերի, այդպես ամեն ինչից առատ կունենա, որ քաղաքում մնացած երեխաներն ամեն ինչ փողով չառնեն, դատարկված-ավերված, սովալլուկ դառած կոլտնտեսային շուկայում ամեն ինչ թանկ ու կրակ է. մեր գյուղացիների հպարտ կեցվածքը, փողի համար չապրելը, ձեռուոտը մաքուր պահելու մղումը, քաղաքից միս-կարագ-օղի թանկ գներով առնելը հասցրել է մեզ այս վիճակին: Գյուղի անտեր մնացած տնամերձները ամեն ընկած սերմին իրենց մեջ կուտակած-կուտակած հումուսը տալիս են, որ իրենց կողքով անցնող նախկին գյուղացուն, իրենց տիրոջը, իրենց խնամակալին գայթակղեն-բերեն, իրենց ծոցի լիքը բերքը տան ու այդպես պահեն իրենց Տիրոջը:
Տերը: Մե՜նք: Ծանրությունից մեր ուսերը կքվում են, մեր ուղեղի ծալքերում մրափ մտած գաղափարը ճմլկոտելով արթնանում է ու սկսում հասկանալ, որ մրափի ժամանակներն անցել են: Այս մրափն էլ Մորփեոս աստծո հիշատակն է` մեր կողմերում մնացած: Գրիգորիս ուսուցչապետը Ամարասի կողմերից, Խաչենի հովտից, Գյուլիստանից, ուրիշ տեղերից պատանյակներ է բերել, որոնք բառը թռցնում են բերանից, ուսուցչապետի ասածը` մեկ-երկու վարժեցնում են իրենց աչքունակ պատանյակ ուղեղներում ու իրենց տալիս սարալանջերին բոցկլտացող երամակների մեջ, պատահած զամբիկի մեջքին են թռչում, ականջատակը մտած, իրենց տալիս հեռու-հեռու կողմերը: Հետո անցնում են ուրիշ գետեր ու սարեր, հասնում Հունաց աշխարհը: Վերադառնում են միրուք պահած, խոհեմացած: Առավոտյան այան կանչում է` Օհանես, արևը ելել է, արթնացիր, իսկ Օհանեսը` Հովհաննես, ճմլկոտում է խսիրի վրա, մեղավոր ժպտում ու արդարանում` Մորփեոսը բաց չի թողնում: Բառը այային դուր էր եկել ու խանդաղատանքով կրկնել է որդու խոսքը` բան չկա, մի քիչ էլ մրափեուս արա: Ու այսպես իրար տալով, Մորփեոսը՝ հոլովվելով, ձեռ առնելով, բերանից բերան փոխս ընկնելով դառնում է մրափ հասկացություն, բառ, բառապաշար: Մինչդեռ հեռու տարածքներում մրափ մտածները նորերս մեզ իրենց հետ շփոթում են, ուզում են միջին թվաբանական հանել:
Գործ անելու, բան անելու ժամանակներն են եկել: Մեր այս խեղճուկրակությունը թոթափելու, մեր տուն-օջախը շենացնելու, մեր վարուցանքն անելու, մեր կիսատությունը լցնելու ժամանակներն են:
Դպրոցները խլխլան լածիրակ երեխեքի շատությունից, որ բրիգադիրն էլ մոլորված չմնա Մուխան ապու, պելի Սարգիսջանի դռան շեմին` ասի՞, թե չասի, նորից խնդրի, որ վաղը Խմահատի հարած խոտը պետք է պրանվի, անձրևներից խոտը սկսել է կծղել, գիտեմ, հիվանդ ես, հիվանդանալը նոր չես սովորում, լոբուտը հետո կջրես, երաշտը չտարավ, էդքան լոբին վարել ես` ո՞վ է ուտելու, տղա-թոռ և ուրիշներ չեն գալու, էլի դու պիտի այդ ամենը հավաքես-պահես, որ ձյունը գալուց առաջ տանես երեխաներին տաս` էդքանը տղիս, էսքանն աղջկաս, մյուսին, երրորդին,- կանես, Մուխան ապա, կհասցնես, չմոռանաս, որ առավոտ ծեգին պիտի գնաս Խմահատ` խոտը պրանելու, մենակ դու չես, խնամի Սավադն էլ է գնալու, հարևան Սարգիսջան պելին էլ, իմ հայրը բոլորից առաջ է գնալու: Հետո բրիգադիրը մոլորվել է 70-ն անց, 80-ն անց ազի-այա մեր մեծ մայրերի վերաբերյալ իր անխղճության, իր ճարահատյալության առաջ, բայց քաղհանը բոստանը կոխել է, շախկան բռնել է լոբուտը, գործ, գործ, գո՜րծ, մեկը չի, երկուսը չի, հարյուրը չի, գործը պիտի արվի, որ իր դասարանցի Վալոդը կիրակի օրերը պիժամը հագած, հարևանի տանը նարդի խաղա, կինը տասը անգամ կանչի, ինքը չգնա, վերջում էլ հեռախոսով երեխայի բերանով ասի` տունը հյուր է եկել: Այսպես սուտ խաբելով, ամուսնուն բերի տուն, որ ժամը կեսօրին Վլադիմիր Կարպիչը նախաճաշ անի:
Ակումբը դարձել է ջրատված ջաղաց` ջահելների պակասից, սիրտ չլինելու տխրությունից, ակումբ-գրադարան-հավաքատեղ չլինելու կաթվածից:
Գործ անենք, որ տներ շինվեն, բարիքներ ծնվեն: Երեխաների շատությունից սրտներս մի անգամ նեղվի: Որ հետո իրավունք ունենանք ասենք`
Մե՛նք:



ԵՐԲ ՀՈՂԸ ԳՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԻ ՏԱԿԻՑ

Գյուղի տակից հողը գնում է: Հողը դանդաղ գնում է: Շրջանի-մարզի-երկրի ղեկավարության աչքից հեռու է, լավ չեն տեսնում, տեսնում են գյուղից ունեցած վարչական հեռավորության համապատասխան: Գյուղի գլխին ծանրացած սարը փլուզվում է, բայց միանգամից չի փլուզվում, այլ ճանապարհի մեջտեղը խոռոչ է բացում, պատը ճեղք է տալիս, ծեփը թափվում է, երկու հարևան ընկուզենիներ իրարից հեռանում են մի տասը-քսան մետր:
Այդ բաներն այնքան սովորական են դարձել ննգեցու համար, որ նա, պատն անհանգիստ ճաք տված, հանգիստ քնում է: Գյուղխորհուրդ-շրջխորհուրդ բողոքներից հետո նա ձեռքը թափ է տվել` տիրուհերը, ինչ ուզում է թող լինի:
Մարզային` աչքի կարոտ երկրագիտական թանգարանի ցուցանմուշներում մեծ կարասներ կան` քանի հարյուր տարեկան, մարդահասակ և ավելի: Կարասներ կան մարդկանց տներում, որոնք պահվում են ոչ թե ցորեն լցնելու համար, այլ որովհետև ժառանգություն են մնացել, չեն ուզում բաժանվել: Դեռ բոլոր կժերն ու կուլաները չեն կոտրվել ջրի ճամփին, իսկ գյուղացի որոշ ընտանիքներ կով էլ ունեն, կովկիթ էլ: Կուսաբերդի հին շենատեղը քանդել են և գտել տիզի-գավ-մոմակալ-մատռվակի, կուլա-կուժ և էլի ու էլի բաներ: Դրանք որտեղի՞ց են բերվել: Հերհերում, ուրիշ գյուղերում դեռ պահպանվել-մնացել են գինու կարասներ, որտե՞ղ են շինվել: Մեր շեներում առօրյա գործածությունից դուրս մնացող կավե ամանները որտե՞ղ են թրծվել: Գավին մենք կյեվաթ ենք ասում և կյեվաթն էլ գավ չէ` կերակրի ափսե է, որտեղից բրդուճը լավ ուտվում է, եթե մանավանդ ձեռքիդ փետի` ողորկ, չտաշված, բայց հետո գործածությունից լավ հղկված գդալ է: Այդ բոլորն այստեղ են պատրաստվել, Ննգիում: Այստեղի կավն ուրիշ տեսակի է` մարդիկ շատ-շատ դարեր առաջ իմացել են կավից խեցի պատրաստելու արվեստը: Ննգին բրուտագործություն է զարգացրել: Ուրիշ գյուղերում Պրուտանց ազգ լինի, չլինի, իսկ Ննգիում պարտադիր կա, այդ ազգի ճյուղերից են Կնունյանցները, որոնցով հիմա մի ամբողջ ազգ հպարտանում է: Լենինն ասել է, դեռ երկու թվին է ասել, կուսակցություն ստեղծվելու նեղությունների ժամանակ` ով ուզում է իմանալ երկրորդ համագումարի մասին, թող ընկեր Ռուսովի ճառերը կարդա: Այդ Ռուսովն էլ Կնունյանց Բոգդանն է` ննգեցի, որի տուն-թանգարանը ճաք է տվել ու պիտի փլվի: Հիմա աչքդ պահի, թե երբ պիտի նոր գյուղը կառուցվի: Նոր գյուղում առաջին հերթին տներ պիտի կառուցվեն, որ մարդիկ տեղափոխվեն այնտեղ և որպեսզի գյուղը կոչվի գյուղ: Եվ որպեսզի գյուղխորհուրդ ու կոլտնտեսություն լինի, պիտի գրասենյակներ կառուցվեն, իսկ թե երբ պիտի ակումբ ունենա նոր Ննգին, գրադարան ունենա, փոստի բաժանմունք, որ այնտեղից հեռագիր ու նամակ ուղարկվի շրջան-մարզ-Մոսկվա` առ այն, թե Բ. Կնունյանցի` Լենինի զինակցի, որի ջահել կյանքը տրվել է հեղափոխությանը, ահա այդ հեղափոխությունը հաղթանակած, սոցիալիզմը կառուցած Ննգիում (նորում) դեռ Բ. Կնունյանցի տուն-թանգարանը չի կառուցված: Թանգարանի վարիչի հաստիքը կա, դեռ հին տուն-թանգարանից է մնում: Ահա այսպես երևակայելով-կռահելով խոսում ենք, իսկ սորուն ապարը հոսում է, Աստված չանի մի երկրաշարժ լինի, հոսելը մի աչքաճպելում կդառնա փլվել ու գյուղի տեղը չի երևա: Մարդիկ խաղաղվել-հաշտվել են ճակատագրին, ոչ մի հնար չեն մտածում, որպեսզի տագնապ բարձրացնեն: Ննգեցիների ուզածն ինչ է` իրենց փողով ու պետական գներով շինանյութ առնել, որ նոր գյուղում տուն կառուցեն: Մեկին` երկու չտան, ոչ անհայտ Իբրահիմի շինանյութերի բազայում աչքները չթողնեն, սպասելով, թե երբ է մարզի սպառողին հասնելու:
Իրիկունը քնես և առավոտը վեր կենաս տեսնես շալմանների դեզեր, ցեմենտի հորեր, խորանարդ քարի սարեր Ննգու նոր գյուղատեղում: Եվ Մարտունու գյուղշինի վարպետները ննգեցիների համար տուն են կառուցում: Ամեն մեկն իր ճաշակին ու իր գրպանին համապատասխան տան նախագիծ է ընտրել,- տեսակ-տեսակ նախագծերը փռել են ննգեցիների առաջ և ասել` որն ուզում եք ընտրեք, և ննգեցին մատով ցույց է տվել` էս մեկն իմ սրտովն է, դա եմ ուզում ու գնացել է կովը կթելու, հերկն անելու, հնձիչը նորոգելու: Պետությունից ստացված վարկը մուծել է գյուղշինի հաշիվը և մի քանի` ընդհանուր ասենք` ժամանակից հետո բանալին տալու են ննգեցի Կրիքորին, Ադամին, Գավրուշային, Վալերիկին, նորերս` Արամին, Կարենին, Կրիքոր պապի անունով` Գրիգորին, թե` համեցեք, ձեր նոր տունը շնորհավոր լինի: Այծերի բոլուկից, ոչխարների հոտից, Բովուրխանի ծմակներում մեծացող խոզերի տախերից մեկը ջոկվում է ու աստիճանի վրա մորթվում` թող շնորհավոր լինի:
Որ լինի` լա՜վ է...
Գյուղը փլուզվածքի տակ մնալու սպառնալիքում է:
Մե՜նք:
Եզակի ճակատագիր ունեցող այս Ննգին, որի հողերը հասնում են Ստեփանակերտի կողմից մինչև Հարավ գյուղը, Մարտունու կողմից` մինչև համարյա Մարտունի, բարեբեր ու աղբյուրաշատ այս գյուղը, որը մեր Արցախ աշխարհի կլիմայական բոլոր գոտիներն ունի, չի նկատվում, անտեսվում է, ուզում ես հիշել, բայց հետո ուրիշ խոսք է գալիս ու մոռացվում: Լինի այնպես, որ այս տնտեսության բախտը բերի ու մի լավ նախագահ մի քսան տարի լավ ղեկավարի: Հետո ասեք` Ճարտար, Գիշի, Բերդաշեն: Ու փորձեք Ննգի անունը մոռանալ: Գյուղի ճակատագիրը մի լավ նախագահից շատ է կախված: Չասեք, չկարծեք, թե ներկա նախագահի մասին վատ կարծիք ունեմ, ես ընդհանրապես եմ ասում: Հիմա, երբ մի քանի ջահել է վերադարձել գյուղ, կարծես կյանքը սկսել է աշխուժանալ: Մարտակերտցու ասած` ջանին մատաղ: Իր հողին նվիրված ջահելների ջանին մատաղ, որ քաղաքը թողել են ու եկել գյուղ, որ շեն պահեն: Գուցե հնարավոր լինի շագանակի ծառերից էլի տնկվեն, որ առաջ կային, պտղատու այգիների հեկտարները ձգվեն, խնամքի կարոտ հողը մի կոշտ, տակահան մշակվի: Ջղուտ տղամարդու ձեռքով` մկանները խաղում են, դեմքի պղնձագույնն ուժ է ներշնչում: Իրիկնադեմին հարսը ձեռքը դրել է ճակատին ու նրա ճանապարհն է պահում: Ձեռքը դրել է ճակատին, իսկ Բովուրխանի ծմակներից պոկված հովը բարձրացել է ձեռքի տակով, շուլալվում է ու խտղտացնում: Այս ձորերը երեխանե՜ր են տենչում: Խամացած հողերը տղամարդու կոշտության կարոտո՜ւմ են: Ննգու կավը բրուտի ձեռք է խնդրո՜ւմ: Ամոթ չհամարվի ու Գորիսից վարպետ բերվի, ննգեցի ջահելներով, Մարտունու տեղարդկոմբինատի միջոցներով մեծ արհեստանոց ստեղծվի: Այսքան լոզունգ ու կոչ ենք անում: Քարերը ժողովելու ժամանակը եկել է, պետք է ասվող ու կրկնվող լոզունգներից մեկ-մեկ` որը հնարավոր է, իրականացվի: Ստեփանակերտի դիպլոմավոր քանդակագործները մի կոոպերատիվ բացեն ու Ննգու կավի վրա ղարաբաղյան, չէ, արցախյան մոտիվներ զարգացնեն: Էլի ուրիշ` մեծ քանդակներ էլ անեն: Առաջներում, շատ-շատ առաջներում վարպետներ են եղել, որ աշխարհում անուն են հանել աղամաններ շինելով, մոմակալներ շինելով, խեցեղեն շինելով, Ննգու կավը շնորհալի ձեռք է տենչում:
Նորընծա ննգեցի բրուտագործի շինած խեցեղենը` ամեն ինչը լավագույնս պահպանող կուժ-կարասից մինչև,¬ շնորհ ունենան շինեն,- մինչև մեր կնանոց-աղջկերանց զարդատուփերը ձեռք բերելը համարվի գտնված: «Ժամանակ» ծրագրով մեր թխաչվի աղջկա ուսին մի կուժ դնեն, ասեն` իբր թե ջուր ես վերցնում Սիմոնի աղբյուրից` վարպետ Սիմոնի, որի շինած մեռելաքարը ընտրովի է, շինած աղբյուրը՝ մատով ցույց տալու, որի շինած առանձնատան պատից Վարարակնի ջրից հոսում է,- ահա ջահել սևաչվի աղջկա ուսին թանգարանից չբերված կուլա են դնելու, թե իբր ջուր է վերցնում ու այդպես տեսարանը նկարվում է, որպեսզի Բալթիկ ծովի ձկնորսն էլ, Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքի գիտնականն էլ իմանան, որ մենք էն չենք, ինչ որ ցույց են տվել մեր էն-ը հարկադրված վիճակ էր, մեր բնական վիճակը ԷՍ է: Իսկ Նովոսիբիրսկի գիտնականներից մեկը գրել է,- թե որտեղից է իմացել... ասենք, գիտնականին էլ ասեն` որտեղի՞ց,- իսկական գիտնականը նա է, որ սուտը իսկականից ջոկում է,- ահա այդ գիտնականը գրելով պահանջել է, որ Ղարաբաղի հայությունը պետք է պահպանել, որովհետև հայության արցախական տեսակը մեր ժողովրդի... գենոֆոնդն է: Արի ու էդ խոսքի վրա մի մտածի:
Մե՜նք: Մո՜ւնք:
Մեքենան պատեպատ անելով բարձրանում է Հարավաթումբը: Այնտեղից ճանապարհը նազ անելով, կոտրատվելով, ծեքծեքելով, վեհանիստ բոխի ծառին քսվելով, տզենի տանձի ծառի թանձր շուքի տակով անցնելով, կեռ տալով աջ, կեռ տալով ձախ, ծունկ է անում ու ծնկի էս մի բացվածքը մեծ է, և սիրտդ ուզում է մեքենան մի կողմ կանգնեցնել ու մի երկու կում էս մաքուր օդից շնչել, դարավանդից կախված տկողնուց մի երկուսը պոկել, մոշի քոլի սև սաթ ճիթը կտրել, մոշահավի չրթչրթոցին ականջ կախել, մասրենու փուշը զզվելի ծակող է, բայց տռուզ հատիկներն աչքով են անում, թե եկ ինձ քաղիր,- այսպես տարված մոռանում ես, որ ճանապարհ ունես գնալու, ճանապարհի կողքի դինջ թեքության վրա, դարավանդից քեզ հովհար արած մոշի, տկողնու, մասրենու, շլորի ճղները մեկնվել են` մարդկայնորեն հանգիստ հանգստանալու են հրավիրում: Մոռանաս ամեն ինչ, մոռանաս նույնիսկ, որ աշխարհում Ղարաբաղ աշխարհ կա, ցավ ու հոգս կա, չլուծված, չլուծվող, չլուծվելիք հարցեր կան: Այդ հարցերը կոկորդիդ դեմ են առել, ուզում են քեզ խեղդել...
Ճանապարհի այս անշտապ քմահաճույքները վայելելով գնում ես, ու անսպասելի քո առաջ բացվում է լայնանիստ մի գոգավարություն, որ խաղաղ ծխում է կապույտ մուժի մեջ: Բովուրխանի անտառախիտ ուսերից սկիզբ են առնում ուրիշ լեռնապարեր, որոնց գանգուր պարանոցներից հետո ալպիական մարգագետիններ են փռվում և այնտեղ ամպերի տակ շեներ են ծխում: Սարերի ոտքերի տակ փռվում են դաշտեր, որոնք սկսվում-ընդհատվում են մի ձորալանջով, մեկ ուրիշ ցածրանքով, այդ դաշտերին էլ հենց մենք ենք դաշտ ասում, մի քանի օրավարին էլ ասում ենք դաշտ: Սիրտդ ուռչում է, նայում ես ու վայելում վեհափառ գեղեցկությունը: Հետո անսպասելի մի միտք խայթում է ուղեղդ` այս ամենը հավերժորեն պետք է շարունակվի, երբ դու այլևս չես լինի: Հոգիդ լցվում է կսկծացող թախիծով ու այս մտքով տարված չես նկատում, որ ճանապարհը դարձել է անհանգիստ, խորդուբորդ, անսպեսելի դեմդ է գալիս Ննգին իր անձայն տնքոցով, անգյուտ ցավերով:
Մե՜նք:
Բնությունն ունայնություն չի սիրում: Ինչ-որ պայթում-ոչնչանում է` դրանից է: Տունը փլվում է դատարկությունից, գյուղը քանդվում է նույն պատճառով: Բնությունը` նոր բառով ասած, վակուում չի սիրում` դու եթե չկաս, ես կբռնեմ քո տեղը: Կամ մեկ ուրիշը, որին չես ճանաչում: Այդպես է:
Երեխան լաց լինի` մայրը կերակրի: Իսկ եթե երեխան խեղճ է, ննգեցի է, ուրեմն միայն խեղճ չէ: Եվ մոր ականջներն էլ բրդով կալված են: Գուցե իմ այս խոսքը սարերից այն կողմ անցնի ու պայթի մի ականջի տակ և ուշադրություն բևեռի:
Գյուղը կառուցվի, գյուղի այգիները վերականգնվեն, անտառի լանջերի, այգեստանների անհատնում բարիքները մշակվեն, որ Ստեփանակերտի խանութներն ունայնությունից չպայթեն:
Բրուտագործությունը վերականգնվի:
Չխոսենք` անենք: Ուժներս չի պատել, ձեռքներս չի հասել: Ճիշտը ասվի` մեր խեղճությունից անկարեկար ենք դառել: Մեկը թիկունք լինի: Որ արվի:
Իմ իմացած բոլոր ազգերը գերեզմանատներ ունեն: Ի՞նչ պարտադիր անհրաժեշտություն կա դրանում: Ու անսպասելի հայտնաբերեցի ինձ համար այն ճշմարտությունը, որ գերեզմանատները նրա համար են, որ ապրողները, հանուն անցյալների հիշատակի, պետք է ապրեն այնտեղ ու շարունակվեն այնտեղ, որտեղ ապրել են նախնիները: Ու ես հասկացա, որ հայրենիքի գաղափարը կապված է նաև մեր գերեզմանատների հետ:
Դուք նկատե՞լ եք, թե մեր հին գերեզմանաքարերն ինչպիսի կատարյալ ձևեր ունեն` զուսպ, խստաշունչ: Եվ մակագրության պարտադիր ձևը` աստ հանգչի... Ամեն ինչ ճիշտ է, սեղմ, ինչպես մեր ժողովրդական երգերը, ինչպես մեր գորգերի նախշերը: Դրանք կարծես դարերի համար են տաշվել-դրվել: Եթե գերեզմանատունը բարգավաճ է, ուրեմն գյուղը ապրում է համապատասխան: Ինչպես որ դպրոցը:
Գուցե մինչև վերջ իրավացի չեմ, գուցե իմ պատկերացումներն այս խնդրում նահապետական-ուշացած են: Այսօր արդեն ասում ենք` երկիրը մեր ընդհանուրի տունն է: Անտարկտիդայի երկնակամարում օզոնի ծյուրված շերտերից սպառնացող տիեզերական թափանցումները կարող են առ ոչինչ անել Բովուրխանի թավ անտառները և Ննգի գնացող պաճուճվող ճանապարհի եզրերին աշնան ճառագող գույները` վայրի տանձի որդան կարմիրով ներկած տերևները, սալորենու օրանժը, մասուրի ծիծղուն դեղինը և դրանց երանգները, որոնք այնպես հանճարեղ կերպով արտացոլվել են այլ քաղաքների թանգարաններում հպարտ ցուցադրվող, իրենցը մեզ մոտ ստեղծվելու անտրամաբան բացատրություններով, «մեզ մոտ»-ը «իրենց մոտ» նկատելով, որովհետև, ասում են, մենք մոլորյալ «իրենք» ենք, մինչդեռ բնության գույների խաղը ղարաբաղյան գորգերի փափկություններում, նախշերի կատարյալ ձևերը զարմանալի նման են լեռների այս շարերին, մեր բնավորությանը, մեր բնույթին,- ահա այսպես իրար խանգարող, իրենք իրենց խճողվող, իրար հերթ չտվող մտքերի այս քաոսից զատում եմ օդի պես հարկավոր միտքը, որպեսզի կարոտախտի հնացած բացատրությամբ ասեմ` եթե մարդիկ լքում են իրենց բնակավայրը, առաջին հերթին լքում են այն գերեզմանատունը, որտեղ տոհմի հիշատակն է ամփոփված, արյան կենսագրությունը, հիշողությունը: Ուրեմն գնա ուրիշ տեղեր քո մանկուրտի հիշողությամբ, քո` «որտեղ հաց, էնտեղ կաց» խելոքությամբ, քո անիրավված բարեկեցիկ գոյությունը հիմնավորելու` ինքդ քեզ խաբելու ճիգերով: Ապրիր այդպես: Իսկ գերեզմանատան սրբատաշ քարը վաղը հայտնվելու է որևէ տան պատում, և քարը երեսով ներսի կողմն է դրվելու, որ չերևա մակագրությունը: Եվ հետո, քո մահկանացուն կնքելուց առաջ, մանկուրտի քո հիշողության մեջ հանկարծ մի ճեղք է բացվելու` այնտեղ` իմ հայրենի գյուղը... Ու վերջին անգամ գալու ես ծննդավայրդ, որ այլևս քո գյուղը չէ և որտեղ դու քո տանը մի գիշերով հյուր ես լինելու, որպեսզի ուրիշ հողում, այլ երկինքների տակ մահկանացուդ կնքելուց առաջ հաղորդվես վերջին անգամ քո նախասկզբին: Որ այն աշխարհում ոսկորներիդ հանգստությունը լինի՜: Միստիկ չեմ, բայց ես հավատում եմ, որ կա մարդկային կեցության գուցե անբացատրելի, բայց զգացող մի... օրենք ասեմ` օրենք չէ, երևի թե վիճակ, որից շեղումը բացառում է ինքն իրեն: Ինչ որ ասում եմ` չես տեսնի, չես շոշափի, պետք է ներքին մի զգայարան ունենաս... զգաս: Զգա՜ս:
Երիտասարդ բժիշկը հուզված պատմում է, որ Տասը վերստի մարդիկ ծախում են տուն ու տեղ, գնում: Ոտքները կոտրի` չգնան: Ինչո՞ւ են գնում, ո՞ւր են գնում, թողածը ո՞ւմ են թողնում:
Եթե մարդ տունը թողնում է, եթե Տասը վերստի` Ծաղկաձորի մարդիկ ուզում են թողնել գյուղը (չշտապենք դատապարտել, փորձենք հասկանալ ու բացատրել վիճակը), նշանակում է հիմնավոր մի բան տեղահան է եղել, խախտվել է մի հավասարակշռություն, որ պետք է վերականգնել:
Երիտասարդ բժիշկը տագնապած պատմում է,- քարը ընկել է ոտքին` կսկծում է, մղեղը լցվել է աչքը` վառում է, ծունկը խփել է զեհին, ցավից ոռնում է, գլուխը պատով է եկել` մթագնել է միտքը,- ահա այսպես երիտասարդ բժիշկը պատմում է ցավի պես մորմոքող` Տասը վերստի, որ իրենց լայեղ Ծաղկաձոր են վերանվանել, մարդկանց անպատմելի արարքը` մարդիկ լքում են գյուղը, իրենց ծնողների, իրենց հարազատների գերեզմանները: Երիտասարդ բժիշկը վերադառնում է գյուղ, որ ոչ միայն հիվանդ բուժի, այլև իրենով հավատ ներշնչի, որ այս խստաշունչ լեռների ծերպերում դարեր ապրած մարդիկ պետք է շարունակեն ապրել, որովհետև խստաշունչ, իր գեղեցկությամբ անկրկնելի, իր կենարարությամբ անմրցելի այս տեղերը պետք է պահեն իրենց բարբառը ջրերի խոխոջյունում, խոտերի սվսվոցում, մեր երկնակամարում ծնվող ամպրոպների հրամաններում:




ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԶԱՆԳԸ

Քաղաքի աղմուկից հեռու, մարդկային կրքերից հեռու, աշխարհից կտրված, ինքն իր մեջ պատենավորված` իր խնդրի հետ, իր ցավի հետ, իր լացը իր մեջ պահելու, իր սրտնեղությունը կնոջ գլխին թափելու, այս բոլորն իր մեջ անթեղելու մեծ ցանկությունը,- ինչպես է, որ այսքանից հետո մարդ կարողանում է ապրել, ձեռքը գործ է բռնում, ապրելը դառնում է հնարավոր, կովի համար կոլտնտեսության հարքից պետք է ձմռան խոտ պաշարել` երեք հարածից-չորս հարածից մեկը քեզ. հիմա արտերի մեջ սահման չի մնացել, տափը տափից չես ջոկում, «ԷՍ» տրակտորի բերանն են տվել, բոլորը հավասարեցրել` իբրև թե նոր հողեր են յուրացնում, իսկ գյուղացին ձմեռվա համար որտեղի՞ց խոտ քաղի, գյուղացին որ կով չունեցավ, թացան չեղավ, ո՞նց պիտի լինի, գյուղամիջում մսի շախկաները կախ արա՜ծ, կոոպերատիվն ամեն տեսակ երշի՜կ է ստանում, հոտո՜ւմ է` Ուսուբանց աղբահարն են թափում, խոր թաղո՜ւմ են, որ հավերը չուտե՜ն, որովհետև հոտած միս ուտող հավի մսից հոտ է գալիս, իսկ սզնեքցիք չհիվա՜նդ հավն էլ են մորթում. ահա այսպես տափերի սահմանները վարել են, որ առատություն լինի. գյուղացու կովի պակասի հաշվին (եղավ հա՜), մեղվաբուծության հաշվին, մեղուն որտեղի՞ց նեկտար քաղի, երբ հանդում խոտ չկա, ծաղիկ չկա, քարքարուտներին չաճած ծաղկով մեղվաբուծություն չես զարգացնի, ճանճը հիմա շատ է հեռու թռչում, որ նեկտար բերի: Որտեղ աչք ես ածում` խնդիր ու հոգս է. բանջարանոցը, որ գարնանը սկսում ես, մինչև ձյուն դնելը, գործ կա, հիմա արդեն պատմության ուսուցիչ չի, սուտ է եղել, մատյանը ձեռքին դասարան չի մտել, ոչ հին աշխարհի պատմություն է անցել, ոչ պատմել է Հինգ թվի հեղափոխությունից, «Ավրորա» նավից, հիմա նրա ուսումնասիրության նյութը ճապոնական տիզն է, որ մեղուներին ոչնչացնում է, հիմա նրա դասագիրքը «Պչելովոդստվո» ամսագիրն է, կարդում սովորում է, որպեսզի ուրիշների նման մեղուն ձեռքիցը չտա. զրուցակից չունի, ինքը խոսքաշեն մարդ, մեկը չկա, որ հետը լեզու թաթախի, կինը հաշիվ չի, կամ ինքն իր հետ խոսած, կամ կնոջ հետ խոսած` հա-չէ, հա-չէ, թե ասել է, թե մի անգամ էլ հաուչէին հա ու ցավ չի ասել, չէ ու չոռ չի ասել. չի ասի, լեզուն չի պատի, իր կյանքի միակ մխիթարանքը, իր զրուցակիցը կինն է, մեկ էլ ռադիոն է զրուցակից` կախում է պատշգամբից, որ ձայնը հասնի բանջարանոց, որտեղ մեղվափեթակներն են դրված. առավոտը որ մտնում է փեթակների շարքերը, լոբուտի, պոմիդորի, վարունգի, տաքդեղի, կանաչիների` ամեն ինչից կա, մարգերը, մեկ էլ արևը ետ անցած շունչ է առնում. առավոտից իրեն տալիս է գործին, որ մոռանա աշխարհի բաների մասին, ծնված-ծնվելիք հարցերի մասին, որ պատասխանի տեղը չիմանա, մեղավորի տեղը չիմանա, ավելի լավ է մարդ գործով շաղվի, ձեռքն աշխատի, միտքը չաշխատի, այդպես ապրելը հեշտանում է` կյանքի մնացած բաժինն ապրի, այնուամենայնիվ, ապրելը մեռնելուց լավ է, ամերիկացի ժողովրդական բժիշկ Ջավիսի գրածով ակնամոմը լցնում է օղու մեջ, առավոտը մի մատնոցի չափ օղի է խմում ու թաղից նոր կտրած պոմիդորը ձեռքով կես անում, կամ հավատնից տաք-տաք վերցրած ձվերից մեկը` կնոջ թերխաշ արածը, ուտում` էդքանը մինչև իրիկուն հերիք է, մեղրը մոռացվեց, Աստծո առավոտ մի բերան մեղրը պարտադիր է: Էսպես մարդ ու կին` նորահայտ Ադամ և Եվա ապրում են: Խնդիրն ապրուստի մասին չի, մարդու ձեռքը որ գործ բռնի` կասեն ոնց ապրենք, բայց ապրուստ էլ կա, ապրուստ էլ, սա է խնդիրը: Ապրուստը միայն ուտելը-կապելը չի...
Ընկեր Առաքելյանը, ընկեր Միշան հիմա առանց զորքի զորավար է, որովհետև... լեզուն չի գալիս, որ ասի, ասելո՞ւ բան է, որ ասի, բառերը խցանվում են կոկորդում, լացը բռնում է ու խոսելը դառնում է անհնար` դպրոցը վաղուց փակվել է, վաղուց դասատու չի, դիրեկտոր չի, դպրոցի զանգը էլ չի խփում, էլ կինն առավոտները արտորալով, իրար անցնելով տան եղածից նախաճաշը չի դնում: Ինքն էլ ոտի վրա մի բան չի դնում բերանը ու գնում դպրոց, որ առաջինը լինի դպրոցում, որպեսզի ուսուցիչները դասից չուշանան, երեխաները խաղով չանցնեն բացակայեն, որ երեխաներին կրթի՜... Նոր դպրոց է կառուցել, ինքն է կառուցել` քանի դուռ է ծեծել, քանիսին խնդրել, որ Սզնեքի երեխաները լավ, հարմար դպրոց ունենան: Ունեցան, բայց ուրբաթը չեկած երկուշաբթին եկավ` դպրոցը փակվեց: Երեխա չկար: Գյուղն ամլացել էր, մարդիկ իրենց տունն իրենց ձեռքով քանդեցին: Ինքն ինչո՞ւ ժամանակին մի հնար չմտածեց, ինչո՞ւ թողեց, որ գործը գործից անցնի, որ չլինելին լինի...
Առավոտ գիշերավ լավ է, մեղվափեթակներում խաղաղ է, մեղուն չի հարձակվում: Արևը շատ ելած է նախաճաշում, հիմա գնում է մեղվանոց` կափարիչը բացում է, ու ծանոթ բվվոցն ականջալուր պատմում է, որ մեղրի տարի է լինելու: Մեղու պահելն արդար գործ է: Ամեն տեսակետից: Էս ի՜նչ աստվածային արդար կենդանի է, մարդկային հասարակությունն էլ այդպիսին լիներ` մեղվաընտանիքում ամեն մեկն իր տեղն ունի, իր անելիքն ունի, իր նպատակն ու գոյության իմաստն ունի, մինչև անգամ բոռը: Աշխարհքի երկիր կառավարողները մեղվաբուծություն իմանային ու իրենց վստահված երկիրն այդ տեսակ կառավարեին: Արդարություն կլիներ: Երկիր կառավարողների առավոտյան պարտադիր լիցքային վարժությունները վատ չեն, թող ամեն առավոտ անեն, ինքը չի անում: Ինքը իր վարժությունները բահի կոթը բռնած է անում, լակամանի ջուրը նորացնում է, կովի թրիքը նետում է աղբահար, որ աշնանը բոստանը պարարտացնի, ծռած չափարն է ուղղում, էլեկտրական ջրհան մոտորը Ստեփանակերտում ապրող տղան է դրել ձորի աղբյուրի հատուկ մեծացրած նովում, մոտորը միացնում է ու ջուրը մղում բանջարանոցը` առավոտ գիշերավ ջրելը ճիշտ է, կամ պետք է կանուխ ջրես, կամ իրիկունը` ուշ, ու էսպես դու քո բաժին լիցքային վարժությունները քո ձևով անում ես: Հետո բացում ես փեթակի բերանը` մեղուն արդեն խաղ է անում, գնում է գործի, դեռ եկողներ էլ կան, մեղր են բերում: Նեկտար բերողը ուրիշ, նեկտար մշակողն ուրիշ, փեթակի պահակներն ուրիշ, ոչ ուրիշի աշխատանք են ուզում, ոչ իրենցն են տալիս, պահակները խստիվ հսկում են, նրանց հորդորելն անիմաստ է, փորիդ լիքը նեկտարով չես գայթակղի, օրենքն օրենք է... Մարդիկ նայեն սովորեն: Հատկապես օրենքի մարդիկ:
Մեղվի նման մարդիկ արդա՜ր ապրեին...
Վերջին անգամ ե՞րբ է մատյանը դրել թևի տակ ու մտել դասարան: Վերջին անգամ ե՞րբ է դասարանի դուռը բացել ու դասարանի աղմուկը գիրթ կտրվել է: Այդ աղմուկի կարո՜տը: Կարծես երազ է եղել: Զանգի ձայնը ոնց որ իրենց պատշգամբից էր գալիս` այնքան մոտիկ էր: Գյուղացիք զանգի ձայնի վրա էին ժամանակը որոշում: Հիմա զանգը լռել է: Հավիտենապես: Հիմա իր ձեռքով, իր սաների ձեռքով խնամած այգին մնացել է անխնամ: Ծառերը մանկական ձեռքերի անվարժ շոյանքին կարո՜տ են: Հազար անգամ դիտողություն է արել, որ բնամերձը փխրեցնեն ու խոր փխրեցնեն, բնամերձի բաժակը մեծ անեն, որ ծառը ջրից հագենա: Բահն առնում էր ձեռքներիցը, ցույց տալիս: Անպիտան սրամիտները ձեռ էին առնում.
- Ընկեր Առաքելյան, էդպես լավ միայն դու կարող ես անել: Դու արա` մենք նայենք:
- Նայելով որ սովորվի, ղասաբի շունը վաղուց ղասաբ էր դարձել:
Ծիծաղում էին` տնօրենն էլ, երեխաներն էլ:
Սզնեքցիները ինչո՞ւ էին արհեստներից դերձակությունն ընտրել: Դերձակությունը քաղաքի արհեստ է: Մյուս գյուղերում, օրինակ՝ Հարավում, պատ դնելն արհեստ չի համարվում, երեխայի պորտը կտրում էին՝ մալան դնում ձեռքը: Հիմա չէ, առաջներում: Գուցե դա նրանից է, որ Հարավում սալկուտներն ավելի շատ են, քան վարելահողերը: Կամ, ասենք, Ննգիում զարգացած արհեստը բրուտությունն էր: Հեռու գնալ պետք չէ. շոշեցի երեխային բարձրացրու տան կտուրը, ասա` թիթեղը խփիր: Առաջներում, ոչ հիմա:
Սզնեքում ինչո՞ւ նախապատվությունը դերձակությանն է տրվել: Մի քսան-քսանհինգ տարի առաջ կարի մեքենան ամրացնում էին էշի փալանավոր մեջքին ու` չո՜ւ, քոչի ետևից: Մեկ-երկու շաբաթ ոտը կախ գնում էին սար` ծանոթ քիրվայի օբան` նրա կնոջ ու երեխաների համար գույնզգույն, խայտաճամուկ շորեր կարում: Տղամարդկանց` ազիզ օրվա համար սև գույնի բրդի պինդ կտորից գալիֆե շալվար ու նույն կտորից ու գույնից բլուզ, դրսի վրա պարտադիր երկու գրպան, մեջտեղը փոթ գցած, գալիֆեն՝ մեծ ականջների նման մեծ: Առաջին օբայում կարելը վերջացնում էին, անցնում երկրորդը: Աշնանը, քոչից մեկ-երկու շաբաթ առաջ, վերադառնում էին գյուղ: Գնում էին սար, գալիս տեսնում երեխաներն ավելացած: Այսպես գյուղն ապրում էր: Բայց եղավ այնպես, որ սար գնալու տեղակ սզնեքցի դերձակը գնաց քաղաք ու մնաց: Գնացողը էլ չեկավ: Այսպես գյուղը սպառվեց, համարյա սպառվում է, գյուղի դպրոցը փակվեց, որովհետև գյուղի դպրոցի ուսուցիչներն աշակերտներից արդեն շատ էին:
Այս ի՜նչ հովվերգական տեղ է ընկեր Առաքելյանի տունը: Խաղաղ, հանգիստ բակից բացվում է ձորը, որտեղ փոքրիկ գետակը խոխոջալով հոսում է: Ձորի մյուս երեսին փոխնիփոխ, իրար հերթ տալով անտառ ու մարգագետիններն են ծավալվում: Անխոկում երեկոներ են լինում այստեղ: Ձորի մյուս ափից միրհավի կանչ է գալիս, ուշացած չարդը լեղապատառ ճչում է` աղվեսն էր վրա պրծել, թե գիշակեր մի անգղ: Լուսինը ազատ լողում է վճիտ երկնքում ու բուի համաչափ ձայնը հիշեցնում է, որ գիշերն անշտապ խորանում է՝ քուն բերելով մարդկանց աչքերին: Քնում են, ընկեր Առաքելյան Միքայելն էլ նրանց հետ:
Առավոտյան զանգը չի հնչելու, դպրոցում էլի ավերակված լռություն է լինելու: Գյուղի օրորոցները օրորվելուց չեն մաշվելու, գյուղի օրորոցները հնանում են աննպատակ...
Դպրոցի շուրջը սիրուն այգի է գցել: Գյուղի անտառներում քանի հարյուր պատվաստ է արել: Արածը չի խլատել: Միայն մի պատվաստ է խլատել` ձեռքից բաց է թողել այն պահը, երբ իր հարազատը, իր ծնած գյուղը սկսել է սպառվել: Իր տնից սկսած: Մյուս տներից սկսած: Ո՜վ է մեղավոր: Ի՞նքը: Կյա՞նքը: Պայմաննե՞րը: Գուցե բոլորը միասին:
Ծերացող ուսուցիչը ծերացող կնոջ հետ վաղուց փոխել է զրույցի թեման: Մանկխորհ հրավիրելու անհանգստություն չկա, դասաբախշման գլխացավ չկա, դասարանների կոմլեկտավորման խնդիր չկա: Երկու հարազատ մարդիկ անշտապ ծերանում են` աշխարհի աղմուկներից հեռու, աշխարհքից կտրված:
Իսկ զանգը շարունակում է լռել:
Տեսնես ինչի մասին է լռում զանգը...
***
Իմ այս խոկումները, ընկեր Առաքելյանի դառնությունները իմի հետ խառնելով՝ ցանկանում էի քեզ ներկայացնել, ընթերցող, և... գոհությո՜ւն՝ բարի լուրը։ Տեսնես ուրիշ լեզուներում լուր հասկացությունը բառահանդերձանքով տարբերվո՞ւմ է, թե ոչ, բարի լուրին ուրիշ անուն են տալիս, ոչ բարի լուրին ուրի՞շ, թե՞ այստեղ էլ մեր ազգային ճակատագիրը տեղ է արել իր տնքոցի համար` լուրի բոթն ու գույժը շատ, ավետիսը` բաղձալի, դրա համար չէ՞, որ մեր երեխաների անունը դրել ենք Ավետիս, Ավետիք, Ավո, որ դժվար հասնող լուրի այս անունն ասենք-կրկնենք, գուցե թե շատանա. միամիտ ժողովուրդ, այսպես դարերի հոլովումին է տվել իր ճակատագրի դեմ իր այս մաքառումներից մեկն էլ, ու ահա այդ բառը եկավ խփեց զանգի պատին` այս նոր ուսումնական տարում զանգը պիտի՛ խոսի, արդեն խոսում է ու Սզնեքի հարսներին ու տղամարդկանց ականջալուր ասում, որ գյուղը դպրոցով է ապրում, դպրոցը երեխաներով է ապրում, որ մեր հարսների ծոցը պետք է լիքը լինի, մեր տղամարդկանց եռանդը շատ, որ շենացնեն և մեկը երկու դարձնեն` երեխան, կովի հորթը, տռուզ հասկերի քանակը, հիմնվի, նոր կովանոց շինվի...
... Ընկեր Առաքելյանի խոկումները տեղական նշանակության չեն: Ո՜ւր է թե: Որովհետև հողը պինդ բռնող ձեռքի կարոտ է, մեր գյուղական դպրոցները երեխաների կարոտ են: Ցավը կա՛:
Դրա համար էլ իմ խոկումները, ընկեր Առաքելյանի դառնությունները որոշեցի քեզ հանձնել, ընթերցո՛ղ: Գուցե թե օգտակար ծառայեն:
Հենց «Մենք»-ն էլ սա է:




ՏՈ՛ՒՐ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Այս ինչպես եղավ, որ շատ երեխա ունենալը դարձավ անեծք:
Ժենյան ծնվեց, Աննան ծնվեց, Մհերն ու Դավիթը ծնվեցին, Արմինեն ծնվեց, Մխիթարը ծնվեց, վերջում էլ Մարինեն ու Մարալը ծնվեցին: Ուրիշ հոգս չկար, ուրիշ նպատակ չկար, ուրիշ կամք. քեզ տուր քո երեխաներին պահելու հոգսին, դժվար մեծացնելու երջանկությանը, ամուսնուն խնամելու, սկեսվորը ծառայելու կնոջական քո պարտականությանը, որպեսզի չնկատես հայելու մեջ քեզ նայելու անհրաժեշտությունը, կյանքի ուրիշ տեսակի զգացողությունը չունենաս, քոնը գործ-երեխա-ամուսին հոլովումն է, ոնց որ քերականության գրքի անգիր արածը` ուղղական, սեռական, տրական...
Եվ ապրում էին. երեխաները մեծանում էին, դպրոց գնում, սկեսուրը աշխատում էր, ամուսինն աշխատում էր, ինքն աշխատում էր, մեկից` լավ, մեկից պակաս ապրում էին:
Այդ օրը չլուսանար: Չլուսանար այդ օրը:
Սկեսուրն ասել է` Աստծո աչքին ցավ կտա, Աստծո տորք են, թող ծնվեն: Ասել է` մեկը մյուսի շորեր հագնելով մեծանալու են: Գործ ու հոգսերի մեջ շաղված չես էլ իմանալու, թե ինչպես մեծացավ, հասունացավ, մեկ էլ տեսար տունդ հարսնախոս եկավ, դու հարսնախոս գնացիր, մի օր էլ արդեն հարս չես լինելու, լինելու ես սկեսուր, ինձ պես, ինձնից էլ լավ սկեսուր ես լինելու, զոքանչ ես լինելու, հինգ ջահելի, հիմա դեռ անծանոթ տղայի զոքանչ ես լինելու, երեք հարսի էլ` սկեսուր:
Հարս է ունենալու, փեսա է ունենալու` ինքը ջահել զոքանչ, ջահել սկեսուր: Փեսաներից մեկը զոքանչի մասին անեկդոտներ է պատմելու, մյուսները ծիծաղելու են, աղջիկները սուտ ջղայնանալու են, ինքը սուտ ծիծաղելու է, բայց մտքում մի քիչ վիրավորվելու է ու քիչ հետո մոռանա, որովհետև այս ալիքվող երջանկության մեջ ուզելու է թևեր առնի թռչի, ոտքին ոտք է բուսնելու, ձեռքին ձեռք է բուսնելու, ուզելու է, ամոթ չլինի, ձեռքը գցի Հրաչիկի ուսովը, որպեսզի իրեն զգա երջանիկ: Ժամանակ ունենա, սկեսուր Աշխենն էլ ժամանակ ունենա` բոլոր գործերը դնեն մի կողմ, նստեն ծնկահար ու մի լավ հանգստանան: Իրենք նստեն` իրենց սպասարկեն, մի անգամ էլ իրենց սպասարկեն` հարսները, փեսաները, աղջիկները, բոլորը: Ինքն ու սկեսուրը մի անգամ սպասարկվելու համն առնեն:
Երեք հարս է ունենալու: Դու քեզ ու քո սկեսվորը մի վերցրու, ձերը ուրիշ է, դուք երեխաներով շաղված եք, ժամանակ չունեք իրար չհավանեք: Մեր Հրաչիկը, մեր միլիցիա մեծավորը, մեր ավագ սերժանտը, մեր ամենամեծավորը մեղք է, իրեն չի խնայում, որպեսզի ընտանիքը բավարար ապրի, մենք էլ թույլ չտանք, որ նեղսրտի, ուրիշ հոգսերի վրա հարս-սկեսուր հոգսն էլ չավելացվի: Ծառայությունից հետո Հրաչիկն օրգանի աշխատող չի, Հրաչիկը կոշկակար է, մի ձեռքատեղ է շինել, գործից հետո չորքոտանին քաշում է տակը ու կոշիկ է կարում, նորոգում, առաջ արգելված, հիմա կարելի, փող է աշխատում, որ բավարար ապրեն, որ տանը ճղած չլինի, պռատ չունենան: Եթե ճիշտը վերցնենք, օրգանում աշխատելը հանգստանալու նման է, գործից հետո պարապ չես մնալու, մի հարևան, մի ծանոթ կոշիկը բերում է` վռազ մի սարքի, անտերը չհագած, տակը պոկվել է: Աստված չի խնայել` տվել է, Հրաչիկը իր արածը լավ է անում, արածով գոհ, աշխատածով էլ գոհ:
Ընտանիքի ճակատին չարչարանքն է գրված, մեծ ընտանիքի ճակատին մեծ չարչարանք է գրված: Իրենցը մեծ է: Աշխենի Հրաչիկ որդու ընտանիքը: Աշխենը, Աշխենը... Մի թաքուն տեղ մարդ ու կին պար պիտի գան, որ մեծացած մեծ կին` բեռ չի, օգնական է, ինչքան ապրի, իր հեր Առստամի ասած` իրենց բեղին յուղ: Հիմա Աշխեն սկեսվոր, Աշխեն տատի ձեռքը մնացել է ծոցում, վիզը ծուռ` հյուրանոցի երկար միջանցքներում մոլորվել է, տեղը տեղ չի անում, էգուց որ մեռնի, նրան որտե՞ղ պիտի թաղեն, ո՞ր հողում պիտի տեղավորեն: Իր կողքինը ո՞վ է լինելու:
Նայում ես աչքերի մեջ` աշխարհի ոչ մի ծով էդքան անհատակ խոր չի, էդքան խոր ծովում թախիծն ու տխրությունը լցվել են, լափու են տալիս:
Այդ օրը չլուսանար...
Քաղաք Շուշին շաբաթ-կիրակի խռովվեց, ափնակոծվեց: Ոնց որ գարնան վարարած գետն արյուն հունցի, Շուշի քաղաքի հրապարակը մռայլ ալիք տվեց:
Աստծո առավոտ բարի լույս ասող հարևանը... Ասելի՞ է, որ ասվի, լսել էին` չէին տեսել. արնակալած աչքերով, ձեռքին բռնած անմեղ բաներն էլ սպառնալիք շինած, իրենց տան պատշգամբից քո երեսին չնայելով` քո երեսին ասացին...
Չասվեց էլ, որ Հրաչիկն օրգանի աշխատող է: Հաջորդ օրը հենց օրգանում Հրաչիկին ասացին` դու մեր աշխատողը չես: Իրեն ասացին, սկեսվորը ասացին...
Մոռացվեց, որ տունուտեղը դժվար ետ գցված փողերով է եղել: Տունուտեղ թողած, ութ երեխան վերցրին ու եկան Ստեփանակերտ: Մայիսի 20-ին էր: Այդ օրվանից հյուրանոցի մշտական բնակիչ դարձան. հյուրի այս մի տեսակը ո՜նց հասկացվի... Ամառն անցավ, աշունը պրծնում է, ձմեռ է գալիս ու պարզ չէ, թե վաղվա օրն ինչ է բերելու իրենց անսպասելի այս ճակատագրին: Գնաս ո՞ւմ հարցնես, որ մի հաստատ պատասխան ստանաս` մեռնել է` մեռնեն, ապրել է` ապրեն, միայն թե հյուրանոցի այս քոչաքոչը, ամեն նոր եկողի` քո էս վիճակի հարկադիր բացատրությունը, քո հետևից կարեկցանքի ծյուրանքը, նույն խնդրանքով նույն մարդու մոտ երես սևացնելը` գնում ես` ամաչում ես, չես գնում` չի լինում,- հյուրանոցի օրը տարի է դարձել, մտածմունքը դարձել է գլխավոր քո հոգսը։ Այս ամենը կարծես ծանր երազ է` կցնդի, կվանես քեզնից ու դու նորից կդառնաս քո ամեն օրվա հոգսին ու սպասումին` երեխաներին մեծացնես, ուսում ուզողին ուսումի տաս, չուզողին մի գործի տեղ անես, երկու աղջիկները հասունացել են, մեծն արդեն նշանած ունի, նրանից հետո եկողին պետք է մի գործի կցան անել, հուսալ, որ այս փակ օրերում մի լույսի ճեղք կլինի:
Շուշվա փախստականի անունը դաջվել է ճակատին. գնում է գործի, գնում է խանութ, գնում է դատախազություն, գնում է միլիցատուն, գնում է Վոլսկու մոտ, գնում է մարզկոմ-մարզխորհուրդ, քաղկոմ-քաղխորհուրդ, ու ոչ մի տեղ պատասխանը դեռ չի ձևակերպված, դեռ բանաձևված չի, ասում են` համբերեք: Համբերել են, համբերում են, պիտի համբերեն: Եթե ուրիշ անելու բան կա` ասեք էդ տեսակ արվի: Ասում են համբերեք` համբերում են: Օրգանի աշխատող Հրաչիկն ուրիշ տեղից եկած նույն օրգանի մարդկանցով ուղեկցված գնում է Շուշիի նախկին իր բնակարան, որպեսզի երեխաների` էս երեք-չորս ամսում արդեն մաշած շորերի փոխնորդը բերեն, աղջիկ երեխաներն ամաչում են ամեն օր նույն շորը հագնել, Մհերն արդեն արբունքի հասած տղա է, ուզում է ընկերների նման աղջիկներին դուր գալ. Մհերն արդեն տղամարդանում է: Դավիթը հիմա արդեն հայելու առաջ մազերը սանրում, ետ է սանրում: Երեխաներից հասունանում են...
Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսպես միանգամից ամեն ինչ փուլ եկավ, սպառնալով ամեն ինչ տակովը անել: Կվերանա՞ թշնամանքը: Ո՞վ է բորբոքողը: Ինչո՞ւ են բորբոքում: Ո՞վ է թերթը, հեռուստացույցը հնարել, միտքը մթագներ` չհնարեր: Գալիս են երկու ժողովրդի քսի տալիս գնում: Ո՞րն է նպատակները: Այս արյան մեջ, այս պղտորության մեջ, այս խռովքներում ի՞նչ են որոնում: Մտածմունքից ուղեղդ մթագնում է, աչքիդ առաջ չես տեսնում. ոչ ճանապարհ կա, ոչ ճանապարհ ցույց տվող սլաք:
Մարդ մտածելուց հոգնել է:
Հյուրանոցի երկու նեղ համար` իրենք տասնմեկ հոգի` ութ երեխա, ամուսինը` Հրաչիկը, սկեսուրը` Աշխենը, ինքը: Ճաշ եփի, լվացք արա, շոր արդուկի և իրիկունն էլ երկու նեղ համարում տեղ գտիր, որ տեղաշոր փռես` երեխաները քնեն, ինքն էլ չոր գլուխը մի տեղ դնելու տեղ ունենա, որ կարողանա աչքի քունը կոտրի մի քանի պահ: Օրը տարի է դարձել, օրը տարի է դարձել, օրը տարի դարձել՝ օրը դուռ չունի, որ բացես, պատուհան չունի, որ լուսանա: Գոց` ելք չկա: Հիմա հույս ու մխիթարանքով է ապրում, թե ուրիշ հենարան կա, ասեք գնանք նրան թիկունք անենք:
Տասնմեկ ուտող բերան, տասնմեկ քնելու տեղ, հյուրանոցը նառեր չունի, որ բոլորը քնելու տեղ ունենան, ոտնիծոց քնում են, սենյակի օդը դառնում է գաղջ: Երեխաների համար շնչելը խնդիր չի, օդի մեջ մնացած թթվածինն առնում են մատաղ թոքներն ու արտաշնչում: Արտաշնչված այդ օդը Աշխեն տատի համար հերիք չի, իրեն էլ հերիք չի, շնչելը դառնում է դժվար, ոտի ծայրին գնում է պատուհանը կիսահար անում, ում փորը բաց է, ծածկում է, որ աշնանացող լուսադեմին ցրտող օդը չվնասի երեխաներին, իրեն մի տեղ հարմար արածը կուչուկծիկ լինելով է դառնում, քնում` երազ է տեսնում, արթնանում` գլխին մղձավանջներ են թափվում, երազը չի հիշվում, հոգու մեջ ծանր զգացողությունն է մնում, որը հետապնդում է լուսացող ամբողջ օրվա ընթացքում:
Չքնած արթնանում է, սկեսուր Աշխենը ոտի վրա է, երեխաների համար սակավ մթերքներից նախաճաշ է սարքում, որ դպրոց գնացողը դպրոց գնա, մանկապարտեզ գնացողը` մանկապարտեզ: Ուրիշ քաղաք է, երեխաներին պետք է կոկ հագցնել, որ չասեն Շուշիում են ապրել, հետամնաց են: Ամեն օր նույն շորն է, բայց ամեն օր նույն մաքուր շորն է, ամեն օր նույն մաքուր, արդուկած շորն է: Ուրիշ այլ շորեր ունեն, Շուշիում է, Հրաչիկին խոստացել են ուղեկցող երկու զինվոր տալ, դեռ չեն տվել, պիտի տան, որ տան` Հրաչիկը գնալու է, իրեն էլ է վերցնելու, որ երեխաների շորերից բերեն, աման-չաման բերեն, որ կարողանան հյուրանոցի երկու նեղ համարում մի փոքր կենցաղ ստեղծել: Որ խոստացել են, տալու են, Ստեփանակերտից Շուշի տասնհինգ րոպեի ճանապարհ է, Շուշի երկար մնալու հարկ չկա, վռազ-վռազ ինչ պետք է կհավաքեն, չմոռանա երեխաների համար տաք շորեր վերցնի, արդեն ցրտում է, երեխաները չմրսեն, չլինի դպրոցում կարծեն, հյուրանոցում ամեն տեղից ամեն տեսակ մարդ է լինում, չկարծեն իրենք հետամնաց են, չունևոր են:
***
Հյուրանոցի երկու նեղ համար էն՝ մի լյուքս համարի մի սենյակը չարժեն: Համարի ընդունած մեկ հոգին ընկողմանում է եղած երկու բազկաթոռներից մեկում: Նրա` այդ Մեկի տեղ դու լինեի՜ր. մոռանայիր փողոցի տնքոցը, որբացած երեխայի հեծկլտոցը, ջահել պինդ տղաների սեղմած բռունցքների, սեղմած ատամների դաժան ղրճտոցը, մոռանայիր, որ կա Լեռնային Ղարաբաղի արցախական տեսակը, որն ուզում է նորից ծնվել, բայց տատմերը լավ չի` լավ չի տեսնում, լավ չի լսում, տեսնում է` չի նկատում, լսում է` ականջ չի առնում: Տատմերն ուշանում է ծնունդն ընդունելուց...
Էկրանին Խազանովն իր հերթական մասխարան է անում, դահլիճը փորից բռնած ծիծաղում է, քրքջում է, հռհռում է, ուզում ես ինքդ էլ ծիծաղել, բայց քո ծիծաղը դառնում է ծամածռություն, դեմքդ այլանդակվում է, արցունքդ կուլ ես տալիս ու ոնց որ կեծ երկաթ ես կուլ տվել, ներսդ եփ է գալիս: Մոռանայիր ղարաբաղյան հանգույցը, որ դարձել է խակ զկեռ և կուլ չի գնում, ուզում են կուլ տալ, չի լինում, խարկվել-խրվել է ծուռ ու չի կլլվում...
Լյուքս համարի ընկողմանության այդ աթոռի վայելքում կարևոր այդ Մեկը, որ ծառայության բերումով այս անգամ գործուղվել է «Ադր. ԽՍՀ, ԼՂԻՄ, Ստեփանակերտ», ճիշտը լավ է, դժվար այս գործուղումը` գլխացավանք դարձավ, մարդկանց անհասկանալի, տարօրինակ տեսակը լինում է, սրանց տարօրինակն ուրիշ է։ Օրինակ, ասում են` Բաքվո՞վ ես եկել, թե՞ Երևանով, թե ինչ նշանակություն ունի, կարևորը գալը չի՞, բայց չէ՜, տարօրինակ, անըմբռնելի խոսքդ կտրում են, ասում են` ղարաբաղցի` չէ, ասեք` արցախցի, անհասկանալի շփոթ մարդիկ են, բծախնդիր, ամեն ինչ ուշադրության են առնում, չես կարողանում գլուխ հանել, ինչ ասում ես, ասում են` համաձայն ենք ու իրենց լեզվով միացում և անջատում են ասում, ոչ մի ուրիշ պատճառաբանություն չեն ուզում լսել, կողքահաստ, մեծին հարցրու, օրական երեխային հարց տուր` իրենց Մեսրոպ Մաշտոցից սկսում, գալիս են մինչև էսօրվա օրը, անգիր ոտանավորի պես շարում են, ոնց որ ռուսը «Ձմռան իրիկունը» բերանացի ասի,- ահա այսպես այս մճեճի մեջ Մեկը շփոթվում է, գլուխը ուռչում է և իրիկունը գլուխն ուռած իրեն գցում է լավ համարը, շատ վատը չէ, լավ լյուքս չէ, բայց գոնե հեռուստացույց կա, տաք ջուր կա, կարող է Խազանովի խոսքը կիսատ թողնել, ջահել, գրգռող պարանոցը դեռ լրիվ չբացված` կարող է վեր կենալ ու մտնել լյուքսի` իր համար նշանակված բաղնիքը` տաք ջուր էլ կա, սառ ջուր էլ կա, քո ուզեցած խառնուրդով` էն մյուս երկու համարների չունեցածի` չմտածածի հանգստավետությամբ մարմինդ տուր Ստեփանակերտում դժվար գտնվող այս հարմարության գգվանքներին, որպեսզի ընդգծվի այդտեղ ապրողի այդպես ապրելու անհրաժեշտությունը:
Լյուքսից էն մյուս երկու համարի լավ հեռավորությամբ չի նկատվում «ապրել էլ կա, ապրել էլ» չհնացող ձևակերպումը, սկեսուր Աշխենը շաբաթվա նշանակված օրերը երեխաներին բարձրացնում է մի հարկ բարձր ու լողացնում, մարմինները լավ տաք շփում է ու կարմրատակած, թոռներից մեկը մի երեք-չորսին առաջն արած բերում իրենց երկու համարը: Ո՞վ է իմանում, գուցե էս նեղվածքներում է երեխաների սերը շատանում, գութը լավանում, վատն ու հոռին վանում,- եթե ճիշտ չի, գոնե էս տեսակ բաներով մխիթարվեն, չիմանան լյուքս համարի գոյությունը, որովհետև չի լինելու լյուքս համարում ապրող Մեկի կամավոր զիջումը, մի քանի օրվա իր կոմֆորտից հրաժարումը, ինքը հրաժարվի, Հաջորդը չի հրաժարվելու, Մեկը հրաժարվի` կլինի բացառություն, Հաջորդի օրինաչափությունն է կարգադրողը, կարիք էլ չկա էս տեսակ անբան զրույցներով տարվել, լյուքսում ապրողը լյուքսում է ապրելու, իսկ Շուշիից փախստական էս ընտանիքը պիտի մնա նեղ-դուդու երկու էս համարում,- իսկ որ դա էլ չեղավ, իսկ որ վաղը գան ասեն` վաղն ազատեք համարներից մեկը, Ստեփանակերտ գործուղված մարդկանց բոլորին տեղ պիտի տանք, ձեր ունեցած երկուսի հաշվին էս նեղվածքների` սանդ ու մուրճի արանքում երկու կից համարներ միացվում են, որ նոր լյուքս շինվի` մեկ ուրիշ Մեկի համար,- ահա այսպես խառն այս վիճակների արանքը քշում են, որ Մեկը հանկարծ անլյուքս համարում մեկ-երկու գիշեր չքնի...
Արտասուքն աչքին էս օրվա մյուս այլ հարցեր հետո-ին չեն հետաձգվում, որպեսզի խարկված էն նոր կացությունից ճշմարիտ միջոցը գտնվի ու սրբվի օրվա աչքի տաք արտասուքը:
Աստված, արա՛, ութ էս երեխաներն իրենց հոր ու մոր պես` ամեն մեկն ութ երեխա ծնի: Էս ութ երեխաներն իրենց ու երեխաներին ինչ են պատմելու` որը պատանեկության, որը մանկության էս օրերի մասին: Էս խնդիրն ինչ-ինչից չի կտրում, վերև-վերև-վերև` էնքան վերև ասվի, որ գետնին կպած ոտքերը կտրվեն գետնից,- ինչու քնից չի կտրում, որ Էլմիրան իմանա, Հրաչիկը իմանա, Աշխեն տատը իմանա, թե վաղն իրենց գլխին որտեղ և ինչ ծածկ է լինելու, իրենք բոշա չեն, որ որտեղ մթնի` վրան խփեն, որ էս ութ երեխայի արտասվախառն հարցերին պատասխան պիտի տրվի` ազնիվ, ճշմարիտ, արդար:
Վաղը-մյուս օրը ձյուն է դնելու: Ոտը մրսի` ոչինչ, կանցնի, բայց եթե հոգին է մրսում, մատաղ հոգիներն են մրսում, հետո ո՞նց պիտի տաքացվի, ո՞վ պիտի տաքացնի:
Հրաչիկը խեղճ է, Հրաչիկինն աշխատելն է` մի քանի ժամ քնի, մնացածը քեզ տուր աշխատելուն, ինքը դրսից բերի, Էլմիրան մյուս բոլոր հարցերը կարգավորի: Բայց էս նոր ծնված, ամռանը ձյուն տեղացածը ոնց անի: Որտեղ որ պետք է` գնացել է, ում պետք է` դիմել է, բոլորն ասում են` բոլորն էլ հույս են տալիս, անորոշ, կարեկցանքով լի խոսքեր են ասում, էնպես լավ են ասում, որ ինքդ քեզ խղճալու փոխարեն նրան ես խղճում, ու օրերը գնում են, ու էն մեծ աշխարհում, Արցախ-աշխարհից մեզ բաժին հասած 4,4 հազար քառ. կմ-ից մի պուճուր ոտնատեղ չի արվում, որպեսզի Հրաչիկ Հովսեփյանի և Էլմիրա Հովսեփյանի` ութ երեխաներով, Աշխեն տատով ընտանիքը տեղավորվի-ապրի:
Մենք-ի այս հարցականն ո՞վ է լուծելու:




ԶԱՎԱԿՍ, ԶԱՎԱԿՍ

Բարև ձեզ: Ես Հասմիկ Հասրաթյանն եմ: Ներեցեք, ես ո՞ւմ հետ եմ խոսում: Բարև ձեզ, ընկեր Հովհաննիսյան, ես Հասմիկ Հասրաթյանն եմ, քիմիկոս: Ես մի կարևոր հարց ունեմ, ես չգիտեմ ում դիմեմ: Ես ցանկանում եմ ձեր թերթին նամակ գրել: Ես ցանկանում եմ իմանալ` ում գրեմ: Ընկեր Հովհաննիսյան, դուք կարո՞ղ եք իմ նամակը տպագրել: Կամ կարո՞ղ եք ասել, թե ում դիմեմ, ընկեր Հովհաննիսյան: Հեռախոսի համարը կարո՞ղ եք ասել:
Ձայնն անհանգիստ է: Աղջկական ջահել ձայնը շփոթված է: Այս անծանոթ աղջիկն ինչ է ուզում, ում է որոնում:
Ես ասում եմ, Հասմիկ, այդ բոլոր հարցերը խմբագրի հետ են պարզում:
Ուզում եք ասել` ձեզ հե՞տ պարզեմ: Ես ճի՞շտ եմ հասկացել, ընկեր Հովհաննիսյան:
Այո, ասում եմ, Հասմիկ, հետո ասում եմ` Հասմիկ, ոչի՞նչ, եթե քեզ հետ տնավարի խոսեմ:
Ի՜նչ եք ասում, ընկեր Հովհաննիսյան, իհարկե, կարող եք: Իսկ, որ նամակ գրեմ, դուք կարո՞ղ եք տպագրել ձեր թերթում:
Հասմիկ, ասում եմ, ես չգիտեմ, թե ինչի մասին է նամակը: Հետո ասում եմ, Հասմիկ, եթե քո նամակը թեկուզ մի քիչ հնարավոր լինի տպագրել, կտպագրեմ: Բայց ես չգիտեմ, թե ինչի մասին է քո նամակը:
Հիմա ես բացատրեմ: Երկու խոսքով բացատրեմ, ես ձեզանից շատ ժամանակ չեմ խլի, ընկեր Հովհաննիսյան: Ես հիմա ասեմ: Ամռանը Լենինգրադում փաստագրական ֆիլմերի ստուգատես է եղել, դուք գիտե՞ք այդ մասին: Այնտեղ ցուցադրվել է նաև մեր Դեպքերի մասին ֆիլմը: Բոլորն ապշած էին մնացել: Գիտե՞ք, ընկեր Հովհաննիսյան, երկրի բոլոր հանրապետություններից ներկայացուցիչներ կային, և բոլորն ապշած էին մնացել: Չեք պատկերացնի, թե ինչ ազդեցություն է թողել: Բոլորը հասկացել են մեզ, բոլորը հասկացել են, որ մենք արդար ենք: Այդ մասին «Երեկոյան Երևանում» տպագրվել է: Տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կարծիք են հայտնել: Դա շատ կարևոր է: Բոլորը հասկացել են, որ մեր Պահանջն արդարացի է: Անպայման պետք է, որ «Հայացքը» հաղորդում տա: Թող բոլորն իմանան: «Հայացքը» կարևոր ծրագիր է: Պետք է նրանց համոզել: Արդեն երեք ամիս համոզում եմ, խոստանում են, բայց չեն տալիս: Ինչո՞ւ չեն տալիս, ընկեր Հովհաննիսյան, ինչո՞ւ չեն ուզում ճշմարտությունն ասել: Քանի անգամ եմ զանգել: Խոստանում են, բայց չեն տալիս:
Հասմիկ, ասում եմ, չեն ուզում` պետք չի: Եթե չեն ուզում, պետք չի խնդրել:
Ընկեր Հովհաննիսյան, ասում է, նրանք ամեն անգամ խոսք են տալիս, բայց չեմ հասկանում, թե ինչու ծրագիր չեն մտցնում:
Հասմիկ, սիրելիս, եթե մեր սրտի ուզածը կարողանայինք կատարել, եթե հնա՜ր լիներ բացել մեր սիրտն աշխարհի բիբի առաջ, որ կուրացած աչքերով տեսնեն, թե քանի՜ վերք կա այնտեղ, քանի՜ տեղից է ծորում... Հասմիկ, ասում եմ, դու հավատում ես մարդկանց ասածին, բայց նաև կասկածիր մարդկանց ասածներին: Որպեսզի հիասթափությունդ մեծ չլինի, որպեսզի ձայնդ այդպես տագնապած, արտասովոր չլինի: Հասմիկ, սիրելիս, դու արդեն փոքր չես, դու այլևս փոքր չես, դու արդեն պետք է ուսերիդ բեռ տանես: Հասկացիր, դու արդեն փոքր չե՜ս:
Ես այսքանը չեմ ասում Հասմիկին, ես ինձ եմ խաչում այս մտքերում, ես միայն ասում եմ` Հասմիկ, ուշադրություն մի դարձրու: Իսկ ֆիլմը որ լավ է, չեմ կասկածում, չի՜ կարող վատ լինել, որովհետև ֆիլմը նկարահանող տղաները լա՜վ տղաներ են: Այդպիսի գերազանց տղաներով պարծենալ կարելի է:
Ասում է, ընկեր Հովհաննիսյան, դուք չէի՞ք ուզենա «Երեկոյան Երևանի» հոդվածն արտատպել: Շատ լավ հոդված է, չեք պատկերացնում, թե ինչքա՜ն լավ հոդված է, եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, որ կարդաք, անպայման ցանկանալու եք տպել:
Հասմիկ, ասում ես` ե՞րբ է տպվել, երեք ամիս առա՞ջ:
Ես ցանկանում եմ ասել, որ երեք ամսվա հնացած հոդվածը դժվար է արտատպել, բայց ինչպե՜ս ասեմ: Ասում եմ` Հասմիկ, ես քեզ հրավիրում եմ Արցախ: Ղարաբաղ չեմ ասում, ասում եմ` Արցախ, որովհետև մխիթարելու ուրիշ միջոց չունեմ, որովհետև աշխարհի ականջը բամբակ են կոխել և մեր տնքոցին ականջ անող չկա, մեր արտասվող աչքերին նայող չկա, որովհետև այսքան մեծ աշխարհում մեր ծռված հարկին կենող չկա:
Ասում եմ` Հասմիկ, իմ հյուրը եղիր` մի քանի օրով: Թեկուզ մի քանի օրով եկ մեր երկիրը տես:
Ասում է` շնորհակալ եմ, փոքր երեխա ունեմ, չեմ կարող: Ասում է` երեխան փոքր չլիներ, կգնայի Մոսկվա և համոզված եմ, ասում է, որ «Հայացք»-ի տղաներին կհամոզեմ ու ֆիլմից թեկուզ մի քանի կադր կցուցադրեն: Դուք չեք էլ պատկերացնում, ընկեր Հովհաննիսյան, թե ի՜նչ ցնցող ֆիլմ է: Ախր «Հայացք»-ի տղաներն ինչո՞ւ չեն ուզում հասկանալ:
Հասմիկ, սիրելիս, քեզ ինչպե՜ս բացատրեմ, հեռախոսով քեզ ինչպե՜ս բացատրեմ, մեծ ականջներ ունեցող մեր հեռախոսներով ոնց բացատրեմ: Չեն ուզում` չեն տալիս: Կամ ուզում են` չեն կարողանում: «Հայացք»-ի տղաների ուզելիքը քիչ է, պետք է այդ տղաներից կարևորներն էլ ուզենան: Հասմիկ, սիրելիս, երբ ուզում ես, բայց չես կարողանում, վատ է: «Հայացք»-ի տղաները երևի իրենց վատ են զգում, երբ դու զանգում ես, հաստատ իրենց վատ են զգում:
Հետո ես լռում եմ, ես սպասում եմ, որ Հասմիկը խոսի, Հասմիկը խոսի, որ ես չխոսեմ, որ չասվելիքը չկարողանամ ասել: Հասմիկը նույնպես լռում է, որ կոկորդում հավաքված արտասուքը կարողանա կուլ տալ ու այդ կուլ տալը, որ իր ականջին ամրոպի պես ճայթում է, կարծում է, թե իմ ականջին էլ է հասնում: Զավակս, զավակս, դժվար ես ապրելու, ծանր է լինելու քեզ համար, Հասմիկ: Էդքան ազնիվ ո՜նց է լինելու քո կյանքը: Այսքանը ես ինչպե՜ս ասեմ Հասմիկին: Ես Հասմիկին ոչինչ չեմ ասում:
Ես ասում եմ` Հասմիկ, ձեր տոհմածառում արցախցու շառավիղ կա՞: Ասում եմ` Հասմիկ, արցախցիքս մի թուլություն ունենք, ինչքան նշանավոր հայ կա, մի ճյուղով կապում ենք Արցախին: Ոնց որ ինչքան աշխարհահռչակ մարդ կա` ասում ենք, հայ է: Մենք կարգին էլ պարծենկոտ ենք, մենք խորամանկ չենք, միամիտ ենք:
Ասում եմ` Հասմիկ, մենք ուզում ենք, որ բոլոր լավերը մեր Արցախից բխեն, դու լավն ես, ինչո՞ւ պիտի արցախցի չլինես, դու մանրամասն իմացիր` հաստատ մեր կողմերից որևէ մեկը Էրզրումում մի էրզրումցի սիրուն աղջիկ է ուզել ու դու նրանց շառավիղն ես: Դու հաստատ Էրզրում-արցախցի ես: Հիմա ասա` ո՞ր հայն արցախցի չի: Բոլորս էլ հիմա արցախցի ենք: Ճիշտ չե՞մ ասում: Տեսնո՞ւմ ես:
Ձայնը փափկում է, ջերմանում է, կարծես թե ժպտում էլ է: Հասմիկ, զավակս, «Հայացք»-ի մասին մի մտածիր: Գործ չունես: Ուզո՞ւմ ես Պըլը-Պուղու առակներից մեկն ասեմ:
Հասմիկն ասում է` ընկեր Հովհաննիսյան, չկարծեք ես հուսահատված եմ: Ոչ ոք հուսահատված չի: Տեսնես` մերոնք ո՜նց են իրենց պահում հրապարակում: Թատերականում հավաքված բոլորս:
Մե՜նք: Մո՜ւնք:
Ասում է, ինչո՞ւ մի անգամ մեր օգտին մի խոսք չի ասվում, ինչո՞ւ մեր լավը մեր թերությունը համարվեց: Դուք գրեք, ընկեր Հովհաննիսյան: Ես ուզում եմ` դուք ձեր թերթում գրեք: Ես ուզում եմ նամակ գրել ու դուք տպեք: Ինչո՞ւ պետք է մեր մասին վատ մտածեն: Այս մի ճակատագիրն էլ ունեցա՞նք:
Ասում եմ` Հասմիկ, գիտես ի՜նչ ցույցեր են լինում Ստեփանակերտում, ի՜նչ հռետոր տղաներ ունենք: Մենք չէինք էլ իմանում, թե ի՜նչ տղաներ ունենք: Ընտի՜ր:
Հասմիկն ասում է` մեզ ինչո՞ւ չեն սիրում: Խելոք հավաքվում ենք Թատերականում, հետո գալիս ենք տուն ու «Ժամանակ» ծրագիրը նայում: Հարևաններով հավաքվում ենք ու միասին ծրագիրը նայում: Քանի՜ անգամ կարելի է վիրավորել, ընկեր Հովհաննիսյան: Կանայք արցունքոտվում են, իսկ տղամարդիկ սկսում են իրար վրա գոռգոռալ: Սարսափելի է: Դուք չեք պատկերացնում ինչքան սարսափելի է: Մենք ինչ ենք արել, որ մեզ չեն սիրում: Մեզ հետ ինչո՞ւ են վատ վարվում:
Հասմիկ, ասում եմ, դու եղե՞լ ես մեր կողմերում: Հրաշալի է, Հասմիկ, առաջին անգամ կլինես Արցախում, ես քեզ հրավիրում եմ...
Շնորհակալ եմ, ընկեր Հովհաննիսյան, բայց չեմ կարող, հիմա չեմ կարող, մի ուրիշ ժամանակ մերոնց հետ անպայման գալու ենք: Ընկեր Հովհաննիսյան, ասում է, գիտե՞ք ինչքան ծանր է Թատերական հրապարակում: Բոլորը լարված են: Բայց չկարծեք, որ որևէ մեկը կարող է մի վատ բան անել: Ոչ ոք վատ բան չի կարող անել: Բոլորս էլ գիտենք, որ չի կարելի: Բայց ինչո՞ւ այսքան դաժան են մեզ հետ:
Հասմիկ, ասում եմ, հանգստացիր: Ասում եմ, երբ մարդ լավ բան է անում, չի կարող իրեն վատ պահել:
Ասում է` իսկ ինչո՞ւ մեր մասին այսքան վատ են գրում: Ինչո՞ւ ճիշտը չեն գրում: Ասա` ի՞նչ անենք:
Ասում եմ` Հասմիկ...
Ասում է` չկարծեք, թե ես թույլ եմ, չկարծեք, որ եթե այդպես եմ խոսում, ես թույլ եմ: Պարզապես Թատերական հրապարակում սարսափելի է: Բոլորս այնտեղ ենք գնում, որովհետև տանը սարսափելի է: Մենակ սրտներս չի դիմանա, հավաքվում ենք հրապարակում, որովհետև մենակ հնարավոր չէ:
Ես ասում եմ` Հասմիկ, ասում եմ` գիտես, Հասմիկ, ես քեզ հասկանում եմ...
Խոսելը դառնում է անհնարին, բառերը դառնում են կորեկ հաց ու խեղդում են, խեղդում են ու միանգամից չեն խեղդում: Կինս մոտս լիներ, երեխաներս մոտս լինեին` վրաները գոռայի, մայրս մոտս լիներ` նրա վրա էլ գոռայի... Գոնե նրանց վրա գոռայի, որ խեղդոցից ազատվեմ: Որովհետև ուրիշի վրա գոռալ չի կարելի, ձեռք բարձրացնել չի կարելի և եթե ուզում եմ քեզ խփել` թեքվիր աջ, թեքվիր ձախ, որ վրիպես, թե չէ վերջում դու ես մեղավոր լինելու, որովհետև գործոնը մեջտեղ է եկել, որը քո ձեռքերը կապոտում է, և դու դառնում ես մատաղացու գառ: Դու գործոն չունես, դու մատաղացու գառ ես, դա է քո գործոնը:
Մե՜նք:
Հասմիկն ասում է` ընկեր Հովհաննիսյան, դուք լսո՞ւմ եք ինձ, ես նամակի հետ «Երեկոյան Երևանի» հոդվածն էլ եմ ուղարկելու: Լսո՞ւմ եք, ընկեր Հովհաննիսյան, ավելի լավ է հոդվածը տպեք, իսկ նամակը հենց այնպես եմ գրելու:
Նրանց գործոնը՝ և մենք՝ մատաղացու գառ: Որովհետև քանի հազար տարի տաճարներ ենք կառուցել և այդ տաճարների հատուկ հատկացված տեղում մատաղ ենք մորթել ի պատիվ աստվածների, որոնց մասին հրաշալի պատմությունները գրվել-պահվել են մատյաններում, և այդ մատյաններից ունենալը նոտարական գրասենյակում կնքված փաստաթուղթ է այն մասին, որ դու հնուց եկած ժողովուրդ ես և կարող ես ձեռքդ մեկնել մի տաճարի ու ասել` սա իմն է, այլասերես մի անվանում, ասես սա էլ է իմը, ասես էս մի սիրուն ոտանավորն էլ անգիր անեմ ասեմ` իմն է, որպեսզի ես էլ մի տեղ գնացած տեղը բոխչաս բացեմ ու հագուստ-կապուստս կապեմ: Որպեսզի ուրիշներից շիլ չընկնեմ...
Ես հավաքում եմ ինձ, ես ասում եմ` Հասմիկ, լսո՞ւմ ես: Ասում եմ` խոսի՛ր: Խոսի՛ր, որ ես չխոսեմ:
Երևի այսպես է լինում, որ մարդ հուսահատվում է: Երևի հուսահատությունից է, որ մարդ դիմանում է: Երևի դիմանալով է մարդ դառնում մարդեղեն... Երևի էս պարզ բաները, որ նոր եմ հասկանում, վաղուց հայտնի է եղել մարդկությանը, և ես պարզ այս բաները երեխայի պես նոր եմ սկսում ըմբռնել: Մինչդեռ բառերի և հասկացությունների իմ ճամպրուկներով, գիտելիքների պայուսակները կռնատակերիս դրած, բարոյական կոդեքսները ձեռուոտիս կապանք արած՝ շարժվելու հնար չունեմ, ձեռքս էս օրերին խիստ պետքական ուրիշ բաներ վերցնելու հնարավորություն չունի: Մեր էս կեցվածքի սիրունությունից հիացած, մոռացել ենք, որ մեր էս տեսակը, մեր ծմակներում անծանոթ ադամորդու հանկարծ հանդիպելու զգացումը վերապատվաստվելու կարիք ունի: Կարիք ունի՞: Ես ասում եմ` կարիքը կա՜:
Ես աջ ու ձախ աչք եմ ածում` ցիտատների ճամպրուկներ են, ինֆորմացիաների կապոցներ, հին իմաստություններով լիքը պատկեր: Դրանք առնում եմ ձեռքս, որովհետև ուրիշ բան չկա, որ վերցնեմ: Եղածը էս է: Սա է: Գրական ճիշտ հայերենով` ա՜յս է:
Հասմիկ, ասում եմ, ի՞նչ ես աշխատում:
Ասում է` արդեն ասել եմ, ասում է` քիմիկ եմ:
Ասում եմ, որ քիմիկ ես, ի՞նչ ես անում:
Հիմնարկի անունն է տալիս, որ հիմա չեմ հիշում, ասում է` Երևանի օդը ստուգում ենք:
Ի՜նչ տխուր գործի վրա ես աշխատում, Հասմիկ: Նյարդերդ, ուղեղդ մաշում ես գործատեղում: Այնտեղից գալիս ես տուն` սիրտ չունես, որ խոսես ու թեթևանաս: Դուրս ես գալիս հրապարակ` սրված դեմքեր, վառվող աչքեր, նիհարությունից սմքած երեսներ:
Հասմիկ, ասում եմ, դու մեր Արցախում չե՞ս եղել: Առիթ լինի, ասում եմ` եկ: Իմ հյուրը եղիր: Ասում եմ` մայրս երեխա պահելու սովոր է: Երեխա է պահել, թոռ է պահել, հիմա էլ ծոռներ է պահում: Քոնը կլինի ծուռ: Տղա՞ է, թե՞ աղջիկ: Աստված պահի, ասում եմ, անպայման սիրուն երեխա է: Բոլոր երեխաները սիրուն են լինում: Որ սիրում ես` սիրուն է լինում: Սիրած բաները սիրուն են լինում: Հասմիկ, որպես թե իմ Լիլիթն ես, որպես թե դու Լիլիթիս մեծ քույրն ես, դու Լիլիթիս մեծ, խելոք, իմաստուն, ոսկու պես ազնիվ քույրն ես: Հասմիկ, դու Թատերական հրապարակից եկել ես տուն ու զանգում ես, Լիլիթս գնացել է մեր քաղաքի մեր հրապարակը, դեռ չկա: Գալու է: Գալու է: Եվ նույն բաներն է ասելու: Ասելու է` հայրիկ, ինչո՞ւ... Ու ես նրան կրծքիս եմ առնելու, որ արտասուքները կրծքիս արտասվի: Լինեիր այստեղ, քեզ էլ, Հասմիկ, իմ կրծքին սեղմեի:
Ինչո՞ւ այսպես ինձ անվայել եմ պահում, ի՜նչ գործի վրա եմ: Նյարդ չմնաց, սիրտ չմնաց: Սեղմած ատամներով սպասում ենք: Ինչքան պիտի կարողանանք սպասել: Սպասելը նշանակում է կանգնիր, որ քո ուզածը գա քեզ գտնի: Իսկ եթե սպասես և քո ուզածը չգա՞: Ուրեմն սպասելու ուրիշ ձև պիտի հնարել, որպեսզի չկանգնես` գնաս, որոնես, գտնես:
Ընկեր Հովհաննիսյան, դուք չկարծեք, որ ես պիտի նեղանամ, որ չտպեք: Ես միայն ուզում էի իմանալ, թե կարելի՞ է ձեր թերթին նամակ գրել: Ես ձեր թերթը ստանում եմ, ձեր ամեն համարին անհամբեր սպասում եմ: Բոլորս հավաքվում ենք մի տեղ, ու ես կարդում եմ: Դուք շատ գրեք ձեր մասին: Մենք ձեզնով ենք ապրում: Մենք անհամբեր սպասում ենք ձեր ամեն համարի:
Ասում եմ, աշխատում ենք, ուժներս պատածն անում ենք: Հասմիկ, ասում եմ, աշխատում ենք, որ մի լավ բան տպենք, որ կարդաք ու ձեր սիրտները մի քիչ թեթևանան: Մենք ձեզ մխիթարելով ենք մեզ մխիթարում:
Ընկեր Հովհաննիսյան, ասում է, որ փոստով ուղարկեմ, նամակը կհասնի՞:
Ասում եմ` կհասնի: Բայց ավելի լավ է ձեռքով ուղարկիր, մի ծանոթի միջոցով, ինքնաթիռով: Որ հասնի: Հասմիկ, գրիր ինչ-որ սիրտդ ուզում է: Ասում եմ, Հասմիկ, նամակը գրիր և ուղարկիր, տպելու ենք: Որ հնարավոր լինի, տպելու ենք: Չլինի էլ` տպելու ենք: Ֆիլմի մասին էլ: Աննկարագրելի ֆիլմ է, անպայման պետք է ֆիլմի մասին գրել: Ֆիլմը նկարահանող տղաների մասին էլ ենք տպելու:
Ամենքիս մասին:
Մե՜նք:




ԱՅՍ ԴԺՎԱՐ ՕՐԵՐԻՆ, ՀՈՒՅՍԻ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ

Աղետ է եկել մեր տունը: Լուրերը մեկը մյուսից տխուր, մեկը մյուսից վրդովեցուցիչ, մեկը մյուսից հուսահատական: Հավաստի այդ լուրերը` դաժան ու ամոթալի:
Այս ինչ է կատարվում մեր շուրջը, մեզ հետ: Այս ինչ է կատարվում մեզանից դուրս, մեզնից անկախ:
Այս ինչպես եղավ, որ մենք, այսպես վսեմ մեր կեցվածքով, այսպես ասպետական մեր իղձերի դրսևորումներով, այս պուրիտանական մեր մաքառումներում, մեր արդարությունն ապացուցելու անհավասար պայմաններում, մեր բողոքը խուլ ականջներում ազդարարելու հուսահատական ջանքերում, մեր վիշտը մենակ տանելու վսեմությամբ,- այս ինչպես եղավ, որ, արցախական աշխարհի իմ ժողովուրդ, որ խոտորնակ քայլ քայլեցիր, խոսեցիր ոչ քո բարբառով, մտքի ոչ քո ձևակերպումներով:
Չկարողացար այս մի փորձությանն էլ դիմանալ: Դարեր շարունակ դու բազում փորձության ես ենթարկվել, այս փորձանքներում ես գոյատևելու քո բանաձևը գտել: Ուրեմն գնա քո ճանապարհով:
Ես ձեր հրացայտ աչքերում շանթող հարցական եմ տեսնում` իսկ նրա՞նք:
Մեզ հետ վատ վարվեցին, այո, մեր նկատմամբ անարդար եղան, նշան բռնելով` մեր շեքին էին խփում: Ցավում էր խիստ, բայց մենք մեր ընդդիմախոսին, այո, ասում եմ` մենք մեր ընդդիմախոսին, պետք է պատասխանենք մեզ վայել ձևով: Հրահրանքին ու բռնությանը չպատասխանենք պիրկ ձգված մեր մկաններով: Ամեն մեկն իր արդարությունը պաշտպանելու իր միջոցն ունի: Հիշենք ժովովրդական իմաստուն խոսքը` արյունը չեն սրբում:
Այս քանի օրն ի՜նչ փորձանքի ենթարկվեցիր դու, արցախական աշխարհի իմ ժողովուրդ: Արցախական աշխարհի իմ ժողովուրդ, թող որ ասեմ, վերադարձիր ինքդ քեզ, քո բնությանը: Քո մեծությունը քո համբերության մեջ է, քո համբերության մեջ է քո իմաստությունը:
Առաջին անգա՞մ է, որ քո մեքենաները ջարդվում են Մարտունի տանող ճանապարհին, Մարտակերտ տանող ճանապարհին, Հադրութ տանող ճանապարհին, քո քթի տակ` Խոջալլու գյուղի մոտ: Ինչո՞ւ ասացիր` հերիք եղավ: Համբերությանը հերիք չկա: Մի՞թե չգիտես, որ մենք սպառվելով ենք գոյատևում:
Այո, Խոջալլու գյուղի մոտ, արդեն որերորդ անգամ, խժդժություն է կատարվում: Չարության մի ուժ, ես համոզված ասում եմ` չարության մի ուժ, որ դրսից է մուծված, կրկին անգամ և, ո՛վ աղետ, չսպասված մի հաջողությամբ կարողանում է սասանել քո համբերությունը, և դու փորձում ես պատժել կուրության այն ուժը, որ ցանկացավ անիրավել անմեղ մարդկանցդ:
Կապած հորթին ծեծում են: Իսկ չկապածն իր համար տրտինգ է տալիս, փչացնում է արտը, մտնում է բանջարանոց, շեմից ներս է մտնում ու տունն աղտոտում: Այնինչ, կապած հորթին են ծեծում:
Հայությամբ շրջապատված մի Խոջալլու իրավունք է վերապահում իրեն ավտոբուսներ ջարդել, գեղովի մարդկանց մերձիմահ ծեծել: Դա միայն սեպտեմբերի 18-ին չի եղել: Դա շատ առաջ է սկսվել: Շատ անգամ է եղել: Նա, ով պիտի կանխեր խժդժությունները, ինչո՞ւ չկանխեց: Ես հարցնում եմ` նրանք, ովքեր պիտի պատժեին խժդժությունները կազմակերպողներին, ինչո՞ւ չպատժեցին: Որպեսզի խուժանն իրեն անպատիժ չկարծեր: Նրանք, ովքեր պետք է կանխեին, Ստեփանակերտի հրապարակներն էին հսկում, զբոսայգիները և պուրակները պահում:
Լուսավորեք իմ միտքը, որպեսզի ես էլ հասկանամ, իմ հայրենակիցներն էլ հասկանան` ըմբռնեն, ինչո՞ւ պաշտոնապես սփռվող լրատվություններում չասվեց, թե ինչպես տեղի ունեցավ, ովքեր հրահրեցին: Քանի՞ անգամ պետք է չորն ու գեճը վառվեն իրար հետ: Պիտի հասկացվի, որ անարդար միտքը, անարդար վարքը բողոք է ծնում: Եվ ո՞ւմ մտքով է անցել «հարաբերությունները հավասարակշռելու» այս մի «տեսությունն» էլ: Որպեսզի կողմերը բարոյապես չտուժեն, բայց կտուժի արդարությունը, ճշմարտությունը կտուժի, խնդրի լուծումը կայլասերվի:
Դիմում եմ ձեզ՝ արցախական աշխարհի իմ ժողովուրդ: Եկեք հաղթահարենք մեր նկատմամբ գործադրված անիրավություններից գոյացած մեր դժգոհությունը, դժգոհությունը, որ հեռուստատեսությամբ բողոքում է, որ մեր գործադուլի պատճառով ինքը զրկվել է 13-րդ աշխատավարձից: Սրբեցեք ձեր արտասուքները, խեղդեցեք հառաչանքը ձեր հոգու և ճիգ արեք հասկանալ նաև նրան: Երևի այդ 13-րդ աշխատավարձը շատ էր պետք նրան: Հնարավոր լինի և հասկանանք նաև նրանց, ովքեր խոսում են «մեր ընդհանուր տան» մասին: Ասենք նրանց, որ մեր ընդհանուր տունը իմ, քո, բոլորի առանձին-առանձին տների համահավաք միասնությունն է: Եթե իմ տունը չլինի` կպակասի ընդհանուր տան իմ բաժին տունը: Մեր ընդհանուր տունը դա ուզբեկի տուն է, բաշկիրի տուն է, էստոնացու տուն է, չուկչիի տուն է: Այսպիսին է մեր ընդհանուր տան քաղաքական նկարագիրը: Սովետական տունը կազարմա չէ ընդհանուր օգտագործման կոմունալ հանգույցներով: Եթե ասողը չգիտի, լսողը գոնե պետք է իմանա:
Ինձ տագնապեցնում է մի միտք, ինձ հալածում է մի հեռանկար, որ աղետ կարող է դառնալ: Աղետը կանխելու համար էլ ասում եմ. չարչարանաց այս ամիսներին, այս փորձություններին, երբ քեզ չէին հասկանում, երբ քո իղձն աղավաղվում-անիրավվում էր, երբ քո մեծ համբերությունը բազմիցս ուժատվում էր, քո չասածը քեզ էր վերագրվում, երբ պետք է պատասխան տայիր քո կատարածի համար, երբ միակ անգամ ասացիր` էլ հերի՛ք է, և քո մղկտանքը ձևակերպվեց որպես մռնչոց, երբ ձեռքդ տարար քեզ համար արգելված, ուրիշներին թող արած միջոցին, երբ մի կարճ պահի կորցրիր հավասարակշռությունդ, հետևեց իսկույն մարզում հայտարարված հատուկ այս վիճակը:
Այս մի վիճակն էլ տեսա՜ր, արցախական աշխարհ, իմացար-զգացիր, թե ինչ է պարետային ժամը: Ձյուն է եկել, որ ոտք մրսի: Բայց չիմանամ-չլսեմ, որ հոգեպես մրսել ես: Մենք այս տուժանքն էլ տանենք արժանապատիվ ու հպարտ: Հավատանք, որ մեր արդար պահանջը արդար վճիռ կունենա: Ինչքան էլ ճանապարհը խոտոր լինի, ի վերջո այն հասնում է արդարությանը, ճշմարտությանը: Եկեք ձեր հավատի հավաստումն որոնենք այն հայտնի որոշումներում, որ ընդունվել են մեր երկրի բարձրագույն մարմիններում, եկեք մեր նպատակին հասնելու հաստատակամությամբ հավատանք, որ վերակառուցման դժվարին, լարված մեր ժամանակներում, հենց միայն այս ժամանակներում կլուծվի հանգույցը, որ 65 տարի առաջ հյուսվել է, ու հիմա այսպես դժվարանում են, չեն ուզում հանգույցի հեղինակներն իրենց ձեռքով լուծել:
Հուսանք:




ԱՐՑԱԽԻ ՌՈՒՍ ՀԱՐՍԸ

Քանիսից է լսել և քանիսին է տեսել սեզոնից բերած մեքենաները տակներին դրած: Աշխատել են` ունեցել: Ինքն ումի՞ց է պակաս, իրենց տանը ում ոտը տափը բռնում է, գործի են դնում: Վաչագանը մի բուռ մարդ՝ տասը ուտող բերան՝ ո՞նց պիտի պահեր, մեծն էլ պիտի աշխատեր, փոքրն էլ, ամեն մեկն ուժը պատածը պիտի աներ, որ ապրելը կարելի դառնար:
Տարիներ առաջ երազածը Վաղուհասի կամրջից Խունգութալա սեփական մեքենայով գնալն էր: Այդ մտքերով զինավորված, ընկերների հետ գնաց Բելգորոդի մարզի Չերվոնովկա գյուղը: Ընկերներով մի քանի ամիս աշխատեց և մեքենայի տեղակ Խունգութալա բերեց... Շվեդովա Թամարային:
Սրանց կյանքը ոնց որ արկածներով սկսվել է, այդպես էլ շարունակվում է` մի աչքում ծիծաղ, մյուսում` արտասուք:
Ռուսական սովորությանը ո՞վ ծանոթ չի, թեկուզ կինոյից գիտեն` իրիկունները գյուղի ջահել-ջհուլը հավաքվում է, մեկը հարմոնը քաշում է, մյուսները երկար ծոր տալով երգում են, պարում են` տղա-աղջիկ իրար խառնված,- իրիկունը հայ կինն իր հայ աղջկան ասում է` ձեռքիդ գործը պրծի` հորդ ծակված գուլպան լցրու, հավի, սագի, բադի` մորթվածների բլբուլները մանրատի-լցրու բարձի երեսը, մոռացա հարցնեմ, պոմիդորի մարգերի քաղհանը կոխել է, իմ մեռնելու օրը չգիտեմ, մի անգամ անասել անես` ուրախությունից սիրտս ճաքի, վաղն արևը չբացված գնաս, մարգերը ջրելու ժամանակ ջրի առաջը մի կոշտ գցի, որ ջուրը հողը ծծի, երեկ կոոպերատիվում սիրուն շորացու են ծախել, գնա տես, փոքր չես, էս եկող տարում դպրոցի ավարտականն ես ավարտում,- այսպես մեր կողմերում էս կենցաղի չգրված օրենքով փոքրը հասունանում է, ամեն մեկն իր ճակատագրի պարտադրանքով իր ճանապարհը գնում, իսկ ռուսի կենցաղն ուրիշ տեսակ է, Սուրենը լավ էլ չի կարողանում որոշել, թե դրանցից որն է լավ,- այդ օրն իրենց հատկացված կացարանում իրիկնահացի էին նստել, երբ լսեցին հարմոնի ձայնը, բոլորն իրարից անկախ արագ-արագ հաց կերան, ներքին տագնապով, սպասվելիքի սարսուռ զգացումով գնացին հարմոնի ձայնի ուղղությամբ: Սև, կրակոտ տղերք, սիրուն շեկլիկ աղջիկներ, ոնց որ դաշտում աճող դեղին ծաղիկներ` երեսները ողորկ, աչքները պարզ, վարվեցողության մեջ անխորամանկ` ահա այդպես մոտեցան ռուսական աղջկատեսի այս տեսակին,- տղա-աղջիկ շուրջպար էին բռնել, հարմոնը նվագում էր, տղա-աղջիկ խառնված պարում էին, աչքի տակով նայելով փռչոտ, սև-մութ աչքերով տղաներին, անհասկանալի-անծանոթ մի մղումով Կավկազից եկածներին հրավիրում են պարի: Բայց սրանք իրենց իմացած պարերն էին իմանում, մի դույլ են բերել տալիս, մեկն էդ դույլը խփում է, մյուսները պարում են: Հետո ռուս աղջիկները խնդրում են, որ այդ տղաները, որոնք դուր գալու պես համակրելի են դառնում, իրենց երգերից մեկն ասեն: Կավկազից եկածներից Սուրենը, որ իսկույն վերակնքվեց Սերյոժա, էս Սերյոժան սկսեց երգել` Նազլանա-Նազլանա: Այդ ժամանակ ոչ ոք ուշադրություն չդարձրեց, այդ ժամանակ ասացին ձեր երգերից մեկն ասեք ու Սուրենը` Սերյոժան երգեց` Նազլանա-Նազլանա: Հետո, շատ տարիներ հետո, երբ էդ դեպքը հիշեցին, Սուրենը թառանչ քաշեց, Թամարան հասկացավ, որ այդ օրը ճիշտ չի երգել, արդեն հետո իմացել էր, որ Խունգութալա գյուղից սերած Սուրենը, որի նախնիները դեռ 5-6 հարյուր տարի առաջ նախկին գյուղատեղի գերեզմանոցում Խաչքարերի թանգարան են ստեղծել, հայ մշակույթ են զարգացրել, քանի հարյուր տարի հետո արդեն իր Սուրենը իր մայրերի երգը շփոթել է Նազլանի հետ: Էն ժամանակ ո՞վ էր դրան ուշադրություն դարձնում, էն ժամանակ Սուրենը` ջահել տղա, եկել էր սեզոն, ուզում էր օրական շատ երկար աշխատել, որպեսզի երազած` Վաղուհասի կամրջից Խունգութալայի դիրքերը մի քանի րոպեում կտրող մեքենան առնի:
Իրիկունը խորանում էր, կոպիտ սարքած նստարանին նստած ջահել ռուս աղջիկները զրուցում են Վաղուհաս գյուղի մոտերքից հավաքված մի քանի ջահել տղաների հետ: Սրանք անվարժ ռուսերենով բացատրում են իրենց երկրամասի գեղեցկությունների մասին, ու նա, որ պատմում էր, իբր կլանված էր պատմում, այնքան ոգևորված էր պատմում, որ չէր նկատել իր ձեռքն աղջիկներից մեկի ուսով գցելը, բայց երբ անսպասելի սիլլան կպչում է Ղարաբաղի հեռուներից եկած տղաներից պատմողի երեսին, դա դուր է գալիս Սուրենին: Սուրենն աղջկան ասում է` արի քեզ առնեմ: Ջահել աղջիկ, այս կողմերում չհանդիպող թուխ դուրեկան տղա` ինչո՞ւ պիտի հրաժարվի, բախտի հավքը նստել է գլխին, ձեռքդ մեկնիր ու վերցրու: Ձեռքը տանում ու բռնում է էս կյանքում իր բաժին ճակատագիրը: Թամարա Շվեդովայի բաժին ճակատագիրը:
Վաչագանը Խունգութալայից որդուն իմաց արեց, որ իրենց լեռնոտ տեղանքը հարմար չի ոչ ուղտ պահելու, ոչ էլ ռուս հարս ունենալու համար, էսքանն ինքը հայերեն ասել էր, իսկ հաշվապահ Տիգրանը գրել էր ռուսերեն, իրենից էլ ավելացրել` Սուրեն տղա, սպասի մի քիչ, մինչև Վաչագանը գնա ռուսական համալսարան ավարտի, որպեսզի կարողանա ռուս հարսին ասի` օշնակը վերցրու գնա կովը կթի:
Չերվոնովկայի ռուս աղջիկները մի գիրք են կարդացել, որ իբր թե Ղարաբաղի էդ կողմերում հարսի հետ առաջին գիշերը փեսայի բոլոր բարեկամները` ջահել լինի, թե ծեր, պիտի պարտադիր քնեն:
Համալսարանի պատճառաբանությունը մերժվեց, առաջին գիշերվա վախն անցավ, և մի օր Սուրենը Թամարային առավ-եկավ: Մեքենան դարձավ ռուս Թամարա, որին գործի գնալիս, գործից գալիս գյուղի երեխաները ետևից կանչում էին` ռուս, ռուս,` կուկուռուզ...
Այս դեպքից անցել էր քսան-քսաներկու տարի, հիշողության ծալքերում մոռացված Սուրենի Նազլանա-Նազլանա երգելը հիշվեց այս տարի ու վերաիմաստավորվեց: Ինչո՞ւ Սուրենը ոչ իր հայկական երգը երգեց: Հարցի պատասխանը հետո որոնվեց ու պատասխանը ստանալու համար ժողովուրդն ահա ութ ամիս ոտի վրա է:
Այս ութ ամսում Բելգորոդշչինայից Արցախ աշխարհը բերված ռուս այս կինը, որին ոչ հեշտին կյանք է վիճակվել, բոլորիս պես փետրվարին գլխավոր հրապարակում գիշեր է լուսացրել, Սումգայիթ է վերապրել, տան սակավ մնացած փողը սպառվել է, բայց ոչ ինքն է գնացել գործի, ոչ Սուրենին է թողել գործի գնալ և այնպես իրեն, Սուրենին, իր երեխաներին կեղեքելով պահանջել է, որ Արցախի հարցն արդար լուծում ստանա: Եվ որպեսզի հաստատվի, որ այդ պահանջը վերջնական է, գործադուլ է արել, ռոճիկով ապրող մարդու սակավապետությամբ Մոսկվայից եկած գրող հյուրերից Ինեսա Բուրկովային եփած կարտոֆիլ է տվել հացի հետ և մանրամասն պատմել իր մասին, իր ձախորդ Սուրենի կյանքը պատմել, իր ծնողներից ստացած նամակները պատմել, լաց լինելով նկարագրել, թե ինչպես էին ուզում սպանել իր ձախավեր Սուրենին, իր Արթուրիկի, իր Արկադիկի հորը:
Հարազատներից ստացած խնամքով պահած նամակները տվել է ռուս գրող Ինեսա Բուրկովային, որ սա կարդա իմանա, թե ինչպես է սուտը տարածվում, նույնիսկ իր ծնողներին չի կարողանում հասկացնել, թե ինչ է կատարվում Արցախ աշխարհում: Չի կարողանում, որովհետև իրենցն է, իրենց հարազատը, բայց իսկական իմացողը, գնահատողը էն գրողներն են, որ գրում են հեղինակավոր թերթերում,- այստեղ հարազատ-սիրելի չկա, այստեղ կարևորը ճշմարտությունն է, իսկ իրենց Թամարան ի՞նչ կարող է հասկանալ խառն այս գործերից և այդպես էլ իրենց նամակներում հայրն է գրում, մայրն է հիշեցնում.
«Բարև ձեզ, թանկագին մեր զավակներ,
Թամարա, Սերյոժա, թոռներ Արթուրիկ, Արկադիկ:
Հայտնում ենք մեր որպիսության մասին, առայժմ տանն ամեն ինչ բարվոք է, միայն ուժներս է պակասել, պառավել ենք: Կարտոֆիլն այս տարի ամեն տեղ սիսեռի նման մանր է, բազուկը չի աճել, նախ մի ամիս իրար վրա անձրև եկավ, հետո երաշտ սկսվեց, հողը չորացել ճաքել էր, բայց ոչինչ, շատից-քչից ստացել ենք, զավակներս, շատ վատ է, որ այդպիսի դրություն է ձեզ մոտ` մինչև հիմա գործադուլի մեջ եք, դուք դրանց հետ գործ չունեք, իրանք ինչ ուզում են` անեն, առանց ձեզ էլ անելին կարվի, ձեզ համար նստեք տանը, իսկ ով գործադուլ է անում, նրանց պետք է սովամահ անել և ոչ թե մթերքներով օգնել, երեխաներին ոչ մի տեղ բաց չթողնեք, ինքներդ էլ տարաժամ դուրս մի եկեք տնից, սիրտս ուզում է երեխաներին, երկու ծանրոց եմ ուղարկում, որոշ շոր-շիրթ, Արթուրին ու Արկադիկին կոշիկ, քեզ համար էլ, աղջիկս, մի սվիտեր, ութանասուն մանեթով էստեղ գործել ենք տվել, էդ փողի 25 մանեթը քո եղբայր Կոլկան է տվել, Սերյոժա, ծխելը թող, ափսոս, որ էս տարի չտեսնվեցինք, խնամուն լավ նայեցեք, ինչ պիտի անես, ծերացել է` պիտի հիվանդանա, մենք էլ էդ օրին ենք, սրանից առաջ 100 ռ. ենք ուղարկել, ստացե՞լ եք, չեք ստացել՝ իմաց արեք:
Ցտեսություն` ձեր ծնող Վարվառա Իվանովնա Շվեդովա»:

2.
Կինն ասաց,- կնոջ խելքն ինչ պիտի կտրի, կնոջ խելքով որ գնաս, տասը կորածի մինն ես,- բայց մի տեղից լսել է, որ ասում է, որ իբր դպրոցի ուսմասվարն ասել է, մի տեսակ տնազի դնելով ասել է, թե` տեսեք ձեր Թամարան Չերվոնովկայի տղաներին չհավանեց, մի հայի հետ վերկացավ գնաց Ղարաբաղ, որտեղ իրար կոտորում են, տներ են կրակ տալիս,- իրիկունը շուտ եք քնում, «Ժամանակ» ծրագիրը նայեք, ամեն օր ցույց են տալիս, գուցե մի անգամ էլ ձեր Թամարային ցույց տան,- ինչե՜ր են կատարվում էնտեղ`ասելու չի:
Վասիլի Եգորովիչը մնացել է մոլորված, չի իմանում տեսածին հավատա, թե լսածին: Օրինակի համար, վերցնենք մեր փեսա Սերյոժային, աշխատող տղա է, աշխատածն արաղի չի տալիս, տունուտեղ է դրել, կին-երեխային օրինավոր պահում է, մեծերի հարգը իմանում է, Թամարաս էլ, օրհնվի, մորն է քաշել, նվիրված տնարար կին է: Եվ էս Ղարաբաղի դեպքերը, էնպես բաներ են ասում` մարդ չի իմանում` հավատա, թե չէ:
Ծուռն ու շիտակը խառնվել են, և ռուս մուժիկ Վասիլի Եգորովիչը չի կարողանում ծուռը իրա տեղը դնել, շիտակը իրա տեղը: Կինն առավոտ-իրիկուն ականջի մսերն ուտում է, ասում է` վեր կաց գնա, գնա երեխաներին վերցրու` եկ, մեծերը թող իրանք իրանց ճակատագիրը որոշեն, գնա թոռներիս բեր, համաձայն են` բոլորին բեր` տեղ լինի` նեղ լինի, մի կերպ յոլա կգնանք, մինչև ամեն ինչ խաղաղվի: Նամակ գրի` գնա, նամակ գրի` ասա գործ չունեք, հազար տեսակի բաներ են պատմում, քանի շաբաթ առաջ եմ ասել` գրեիր` հիմա պատասխանը ստացել էիր:
Վասիլի Եգորովիչը մտքում թոնթորաց կնոջ վրա. կարծում է տուն քոչացնելը մի աման շլի ուտել է, բնավորված մարդու համար տեղահանվելը կատակ գործ չի: Կինը քանի անգամ ասում-կրկնում է` գոնե թոռներին բերեին, խենթ ու կրակ ժամանակներ են, մի վատ բան չպատահի, ժամանակները խառնակ են: Վարվառա Իվանովնա, գնալը կգնամ, բայց կգան, չեն գա` է՛ս պիտի իմանալ: Կինն էլի իրանն է զոռում` նամակ գրի, համոզի: Ասում է` ինքդ քո ոտքով գնա, տես էդ մարդիկ ինչ են ուզում իրարից: Վասիլի Եգորովիչը ձեռքը թափ տվեց` ինձանից համ կարևորները, համ խելոքներն են գնացել, բայց օգուտն ո՞ւր է: Երևում է խառը-խճճված հաշիվներ են:
Վարվառա Իվանովնան մի բանում իրավացի է՝ նամակ պիտի գրել: Կնոջն ասաց` տան ծակուծուկերը պտռի, հիմա ես նամակը կգրեմ:
Արդեն կարգ է դառել` Վարվառա Իվանովնան տան եղածից ծանրոց է սարքում, ինքն էլ մի քանի տող նամակ է գրում, իրենց մասին հայտնում, նրանց որպիսությունից հարցնում: Ամառը, երբ գործադուլ էր, փող ուղարկեց, փեսան` ռոճիկի հույսին, աղջիկը` նույնպես, գործ չանողը որտեղից եկամուտ ունենա: Էն ժամանակ էլ փող ուղարկեց, տան եղած-չեղածից ծանրոց սարքեց ու նամակում մի քանի թունդ խոսք գրեց, ամոթանք տվեց գործադուլի համար: Սովետական աշխատող մարդը և հանկարծ գործադուլ` սա ռուս գյուղացի Վասիլի Եգորովիչ Շվեդովը չի կարողանում հասկանալ-ըմբռնել: Բան չունի ասելու` վեճ էլ կլինի, իրար նկատմամբ պահանջ էլ կներկայացնեն, ընտանիքը որ ընտանիք է, էլի վեճ-խոսակցություն լինում է, բայց վեճն արյամբ չի կարելի լուծել և ոչ էլ գործադուլով: Այս հարցում Վասիլի Եգորովիչի կարծիքն անսասանելի է: Փեսա Սերյոժայի բռնած դիրքը ճիշտ չի համարում և նամակում ուղիղ ճակատին ասել է` ամոթ ու խայտառակություն, ամբողջ ՍՍՀՄ-ն եք աշխարհի առաջ խայտառակ անում: Հին կուսակցական Վասիլի Եգորովիչը այս հարցում հարազատ աղջկան էլ չի ների: Այդպես էլ նամակում գրել է:
Ղարաբաղի հարցում բելգորոդշչինայի մուժիկ Վասիլի Շվեդովը մի տեսակ մոլորված է մնացել: Մի բան նրա ուղեղում հաստատ է` գործիթող մարդն արդար լինել չի կարող: Ուզում է փեսա Սերյոժան լինի, ուզում է հարազատ դուստր Թամարան, բայց թե ինչն է ստիպել մարդկանց գործը լքել, չի կարողանում պատճառը պարզել: Մինչև Վարվառա Իվանովնան հավաք-տեղակ կաներ` նամակ գրեց:
«Բարև ձեզ, մեր թանկագիններ, զավակներ Թամարա, Սերյոժա, Արթուրիկ, Արկադիկ:
Իմացած եղեք, որ մենք ողջ և առողջ ենք, ուժներս պատածն աշխատում ենք: Առողջություններս վատացել է: Բանջարանոցը քաղել, բերքը մթերել ենք: Կարտոֆիլը սակավ է ստացվել, ութսուն դույլ սերմացու ենք պահել, վաթսուն դույլ ուտելու համար, վաճառելու համար մի տոննա էլ չեղավ, հազիվ ինն հարյուր կիլո: Բոլորի մոտ էլ էս տարի բերքը սակավ է ստացվել, էնպես որ շուկա տանելու համար գյուղացիք առատ չեն:
Դուստր Թամարա, փեսա Սերյոժա, ես էլ, Վարվառա Իվանովնան էլ խնդրում ենք, որ դուք ոչ մի տեղ դուրս չգաք, ձեզ չվերաբերող գործերին չխառնվեք, ասված է` քիթդ ուրիշ տեղ խոթեցիր` կմրոտվի: Էդպես էլ դուք: Նստեք ձեր տանը, առանց ձեզ էլ կպարզեն, թե ինչն ինչոց է:
Տարաժամ ժամին երեխաներին տանից դուրս մի թողեք, մինչև ամեն ինչ չխաղաղվի, չկարգավորվի:
Իմացած եղեք, որ մենք բոլորս էլ հայհոյում ենք, թերթերն էլ, հեռուստացույցն էլ, հասարակ ժողովուրդն էլ: Իրար մեջ ի՞նչ ունեք կիսելու: Ո՞վ է արդար, ո՞վ է մեղավոր: Օրենքը մեկն է, կյանքը մեկն է, մենք բոլորս ԽՍՀՄ անդամ ենք, մեջտեղը կես անելու ի՞նչ ունեք:
Փառք Աստծո, գործի եք դուրս եկել, խելքներդ հասել է:
Ձեզ էլ, երեխաներին էլ լավ պահեք: Գուցե գամ երեխաներին բերեմ: Դրան ի՞նչ կասեք, թող գան օդափոխվեն, մինչև ամեն ինչ կկարգավորվի, խորհրդային իշխանությունը չի թողնելու, որ ամեն մարդ իր խելքին փչածն անի: Շատ երկարացրի:
Ուղարկում ենք ծանրոց. մուրաբաներ, մեր բանջարանոցից է, մայրդ` Վարվառա Իվանովնան է պատրաստել, ամեն տարվա ձեր բաժինն է, ուղարկում ենք: Մի հատ էլ ենք ուղարկում, նոփ-նոր, տղաներից մեկի վրայից կգա երևի: Ցտեսություն:

Ձեր հայր` Շվեդով Վասիլի Եգորովիչ, Բելգորոդի
մարզ, Գուբկինսկի շրջան, գ. Չերվոնովկա»:
Թամարա Շվեդովան Վասիլի Շվեդովի կտորն է. ծնողներին էլ չի խնայի ու չխնայեց էլ. գրեց, որ թերթերը ստում են, եղած իրականը շուռ տված են ներկայացնում, փեսա Սերյոժայի գլխին եկած դժբախտության մասին ակնարկեց ու Արցախի դատը պաշտպանեց իր հարազատ ծնողների առաջ, որոնք իրեն չեն հավատում, հավատում են թերթերում անճիշտ գրածներին, հեռուստատեսությամբ ցույց տվածներին: Բայց ո՞ւմ ես ապացուցում, հայրը նույնիսկ արժանի չհամարեց պատասխանել, մայրը` Վարվառա Իվանովնան, գրեց:
Ահա թե ինչ գրեց Վարվառա Իվանովնան.
«Բարև ձեզ, թանկագին զավակներ,
Թամարա, Սերյոժա, թոռներ Արթուրիկ, Արկադիկ:
Հայտնում ենք մեր որպիսության մասին հետևյալը. մենք ողջ և առողջ ենք, ամեն ինչ առաջվանն է: Դուստր Թամարա, այդ ո՞նց է Սերյոժան խաթի մեջ ընկել, Աստծու փառք, կենդանի է մնացել: Հիմա ձեզ մոտ հանգի՞ստ է, թե ոչ: Ապրել եք` չեք կռվել, հիմա իրար բողազից եք կպել: Թող իշխանությունը որոշի արդարն ու մեղավորը և օրենք ու կարգ ստեղծի: Արթուրիկ ու Արկադիկ, շատ հեռու տեղեր չգնաք, գնացած ժամանակ էլ չորս կողմերդ նայեցեք: Բոլորդ էլ զգույշ կացեք, ձեզ լավ պահեք: Աղջիկս, ինչքան ես ներվերդ մաշել աշխատանքի տեղում և գործադուլի ժամանակ, ո՞ւմ է դա պետք, մեկ է, արդարություն չի լինելու:
Էլ ինչի մասին գրեմ. խանութներում դատարկ է, մթերքը պակաս է, ամեն ինչ թանկացել է, նոր տարուց ավելի վատ կլինի:
Ցտեսություն, կարոտներդ քաշում եմ: Սպասում ենք ձեզ:
Մնամ ձեր` Վարվառա Իվանովնա»:

* * *
Թամարան այս անգամ նոր նամակ գրեց` քսան էջի վրա, չգրելին էլ գրեց, չխնայեց բառերը, չխնայեց հանցանքն ու հանցագործին, իր ծնողների անհասկացողությունը: Այս անգամ մանրամասն պատմեց իր ծնողների փեսա, իր որդիների հայր, իր ամուսին Սերյոժայի մասին, էս ինն ամիսներին իրենց գլուխը եկածների, իրենց զրկանքների, տառապանքների մասին:
... Թամարան ասաց` էսօր ծնունդդ է, երեկոյան կարող է մարդիկ հիշեն գան, Սուրենն ասաց` մի ուղերթ անեմ և մինչև կեսօր շուտ գամ, մարդիկ խնդրել են, ես էլ խոստացել եմ, անհարմար է: Գնաց Մարտակերտի քարհանքից քար բերելու և շատ ուշացավ:
Աղդամցի խուժանն իրենց գյոռոտի մեջ մեքենան կանգնեցրեց: Կողքին նստած ջահել բանվորին հանեցին ու սկսեցին ոտնատակ տրորել: Ջահել բանվորը` մենակ, խուժանը` շատ, բոլոր ուզողները չկարողացան իրենց բաժին տրորելն անել: Սուրենի բաժին խուժանին չհաջողվեց տրորելու էդ տեսակը: Սուրենի գլխում փայլատակեց մի միտք, հետո իմացավ, որ դա իր փրկությունն է եղել. կառչեց մեքենայի ղեկին, ձուլվեց ղեկին, դարձավ մարդու ձևով ղեկ, գլուխ ասածը չկար, կողքաճաղ, ոտք հասկացությունները վերացել էին, նախկինում իրեն պատկանող՝ դրանք հիմա պատկանում էին աղդամցի խուժանին, որի շատությունը խանգարում էր կանոնավոր, արագ և արդյունավետ աշխատել: Իրար այնքան խանգարեցին, մինչև լսվեց մեկի ձայնը, խուժանը ետ ընկրկեց, այդ մեկն ադրբեջաներեն ադրբեջանցիներին ասաց` ամեն մուսուլմանի մի հայ է հասնում, էս հայը իմ փայն է և երբ իր փայ հային ասաց` նստիր իմ մեքենան, Սուրենի ներսից մի ձայն ասաց` տեր Աստված, եղիր օգնական: Ու հնազանդվեց: Մնացածը մղձավանջի պես է. ե՞րբ հասցրին հիվանդանոց, երբ վերքերը կապեցին, ե՞րբ բերեցին տուն: Այդ ամենն անողները ովքե՞ր էին: Փետրվարի նույն 23-ին Սուրենը 47 տարի հետո նորից ծնվեց:
Լուրը հասավ հրապարակ, մեքենայի համարը հրապարակում կրկնվեց, Թամարան ծկլթաց և իրեն մղեց տուն: Տան դիվանին փլված անիրական Սուրենն էր` տրորված: Հետո Արթուրը եկավ, տեսավ հորը, մղկտաց` հայրի՜կ: Պատանին հոր տեղակ իրեն ստորացած զգաց: Հիշեց, որ խոհանոցում մեծ դանակ ունեն, հետո հիշեց, որ հարևանն ադրբեջանցի է ու այս երկու բաները փորձեց մոտեցնել իրար: Մայրը, սակայն, դռան առաջ պատնեշ դառավ, Արթուրը հուսահատությունից պապանձվեց, անձայն մղկտաց, հատակին` հոր ոտքերի մոտ գալարվեց, տաք-տաք արտասուքներ թափեց հոր արյունամած կրծքին:
Շվեդովա Թամարան գլխավոր հրապարակի ինքնաշեն ամբիոնից պատմեց իր ամուսնուց իմացածը, հետո պատմեց Ղարաբաղում ապրած իր տարիների, իր հոգում կուտակածի մասին: Նրա ասածը ոտանավորի նման ազդում էր ու երբ խոսում էր, մարդկանց աչքերում վշտի, ցավի, երախտագիտության արտասուքներ երևացին:
Շվեդովա Թամարան ասաց` մեր Արցախը:
Հրապարակի մարդիկ ասացին` մեր Արցախի հարսը:
Հետո բոլորը միասին ասացին` մի-ա-ցում:
Հիմա աշուն է, փետրվարի տագնապներին գումարվեցին սեպտեմբերի տագնապները, նոյեմբերի տագնապները, մարդիկ արդեն վարժվել են հատուկ դրության նեղվածքներին, եթե հանկարծ մի օր զինվորականները թողնեն Ստեփանակերտի հրապարակները, կթվա շատ տարօրինակ, որովհետև Ստեփանակերտը ձեռք է բերել այդ դիմագիծը եւս:
Արցախահայության «ղարաբաղյան պրոբլեմը» շարունակում է մնալ կապանված, «Սուրեն Գրիգորյանի գործի» վրա փոշի է նստում, ամեն անգամ Շվեդովա Թամարան «գործից» փոշին հանում է, բայց էլի հանցավորը մնում է անհանցակազմ, որովհետև... ո՞ր մի հանցագործին բռնես...
Շվեդովա Թամարան մնացել է մոլորված, մի՞թե իրոք մայրը ճիշտ էր գրել, մի՞թե իրոք մոր ասածն է` մեկ է, արդարություն չի լինելու:
Այս ամբողջ ամիսներին Շվեդովա Թամարան մի ընդհանուր տետրակ լիքը ոտանավորներ է գրել, բոլորն էլ Արցախի մասին: Դրանցից վերջինը նվիրել է ռուս սպա Բորիս Գուսևին, որ զոհվեց Կիրովաբադում: Այդ ոտանավորը որպես հեռագիր ուղարկեց զոհվածի հարազատներին: Ոտանավորն օրորոցի երգի նման է ստացվել, իրեն դրել է Բորիս Գուսևի մոր` Գալինա Վիկտորովնայի տեղը, կնոջ Օլյայի տեղը ու գրել, վերջում էլ հարցում արել` հիմա կռիվ չկա, հիմա էլ կռիվ չկա, ինչո՞ւ ջահել տղաները պիտի զոհվեն:
Թամարան իրեն իրավունք է վերապահել հեռագիրը տալ Արցախի բոլոր կանանց, բոլոր մայրերի անունից: Արցախի ռուս հարս Թամարա Շվեդովա-Գրիգորյանը:




ԻՆԵՍԱ ԲՈՒՐԿՈՎԱ

Ինեսա Բուրկովայի ենթաստամոքսային գեղձը հիվանդ է, բժիշկները վաղուց ասել են, նրանց ասածը շարունակաբար հաստատվում է, երբ հանկարծ արյան ճնշումը թռչում է վեր, սիրտը սկսում է կեղեքվել, ջերմությունն անսպասելի բարձրանում է, և մթագնող գիտակցության մեջ պահպանվում է միայն գաղափարը` մի՞թե Արցախն անկախ չեմ տեսնելու: Այս բառերը դառնում են զանգի ղողանջ, մորմոք, բարեպաշտ քրիստոնյայի պես ակամա հայացքներս հառում ենք վեր` եղիցի՜. շտապբուժօգնության մեքենան անսպասելի շուտ է գալիս, բռնում եմ դալուկ ձեռքը, խոնավ հայացքս մի կողմ եմ տանում. չգիտեմ, աստվածավախ մորս օրհնա՞նքը օգնեց, բժշկի բերած դեղե՞րը հղացան, գուցե մեր տամկացած աչքերն ինչ-որ հրաշքով միջամտեցին, Ինեսա Բուրկովան պահպանվեց մեզ համար:
Այս հիվանդ, ոչ ջահել կնոջը չափավոր կենցաղ է պետք, որպեսզի ենթաստամոքսային` մի քիչ մնացած գեղձը կարողանա ծառայել, որովհետև բնությունն անարդար է ստեղծել մարդուն, փխրուն այս անոթի մեջ շատ ուժեր է լցրել և այդ ուժերը շուտ սպառելու գործիքներ` խիղճ, հոգի, մտածում, որ եթե հանկարծ, Աստված մի արասցե, քրքրված, մի քիչ մնացած այդ գեղձը սպառվի, կսպառվի մարդն էլ, մտածմունքներն էլ,- ահա այսպես, որպեսզի ռուս գրող Ինեսա Բուրկովայի արցախական խոկումներն ապրեն, պետք է խստագույնս պահպանվի բժշկի պատվիրանը, որ հեռու է «Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջը» ձևակերպումից: Մինչդեռ Ինեսա Բուրկովան Մոսկվայից եկել է Ստեփանակերտ, ատյաններ է ոտնատակ տալիս, պարետատուն է գնում, որ Խաչին տափ գնալու իրավունք ստանա, որն անհեշտ մի խնդիր է դարձել, Բայկոնուրից տիեզերական թռիչքը տեսնելու պես մի բարդություն: Բաքվի ծավալուն հրապարակն ափնակոծվում է, Թոփխանա անվանումը դառնում է ազգային արժանապատվություն, հանկարծ անծանոթ բառը հռչակվում է սրբատեղի, անսպասելի, ուշացած մասունքներն են հայտնաբերվում, որոնք դեռ հետո պիտի ցույց տրվեն, հիմա պետք է Կարմիր գիրք մտցվեն գիշերը թռչող մկները, մի օրվա կյանքով ապրող թիթեռները, մասուրի` Բաքվի ծավալուն հրապարակի մի անկյունում աճելու փորձ չանող, բայց մեր հանդերում ազատ աճող, աղու-ծակող մասրենու քոլերը, իսկ ղարաբաղցիները, պարզվում է, իրենց հողում ուրիշի պատմական հիշողությունն են բուլդոզերների բերանը տալիս. «միացում» նոր մակնիշի սղոցով հատում անտառը, անիրավում տեղանքի պատմաէկոլոգիական կուսակցությունը: Եվ որպեսզի հրապարակը չալեկոծվի, Խաչին տափը հայտարարվել է արգելված զոնա, և ռուս գրող Ինեսա Բուրկովայի խնդրանքին պարետատանն անսպասելի հումորով բացատրվում է. «Ի՜նչ անտառ, մի քանի մոշի քոլ է կտրվել, քաչալ տեղանք է. մենք, իհարկե, պատմաբան չենք, բայց որպես զինվորական կարող ենք ասել, որ Խաչին տափից կարելի է միայն Շուշին ավերել, բայց ոչ պաշտպանել, այո, կարդացել ենք, պատմաբանները գրել են, բայց երևի ռազմական արվեստին նրանք լավ չեն տիրապետում, մի խոսքով, դա մեզ չի վերաբերվում, էկոլոգիայի հարցերը մեր կոմպետենցիայի մեջ չեն մտնում, մեզ հրամայված է , և մենք կատարում ենք հրամանը, ներեցեք, որ չենք կարող ընդառաջել ձեր ցանկությանը, եթե իմ խորհուրդն եք հարցնում, իզուր ժամանակ եք կորցնում, առանձնապես նայելու բան չկա»: Չինովնիկական այս փաստարկների տրամաբանությունը նոր չի, ռուս գրող Ինեսա Բուրկովան դա տեսել է ոչ սեւահողային Ռուսաստանի գյուղխորհուրդ-շրջխորհուրդ-մարզխորհուրդ բարձր երկար շղթայում, երբ գնացել է Սիբիրի, Ծայր Հյուսիսի, Ղազախստանի` իր գրողական վերաբերմունքի կարոտ տեղերը, հանդիպել նույն նյութից, նույն նախագծով սարքված չինովնիկությանը,- ռուս գրող Ինեսա Բուրկովան, այնուամենայնիվ, իր աչքով ուզում է տեսնել Խաչին տափի Թոփխանան, որովհետև բոլոր լեզուներով էլ հայտնի այս միտքը դիպուկ ձևակերպվում է՝ մեկ անգամ տեսնելը հազար լսելուց լավ է, ուստի պարետատան վարչական բացատրությունը չի ընդունվում, ընդունվում է պարտադիր տեսնելու պարետի քաղաքավարի հրաժարվելու և իր` անօրեն ձևով Խաչին տափ գնալու, ամեն ինչ իր աչքով տեսնելու օրինավորությունը:
Տեսնելու բան կար, սակայն, մտազբաղ պարետը չի նկատել, թե ի՜նչ հազվագյուտ հանդիպող կանյոն է Խաչին տափի ու Շուշիի միջև, որ չգիտես ինչու մերոնք կարճ ձևով ձոր են ասում, մինչդեռ պարզվում է, որ Հոնուտի ձորը բնության հազվագյուտ հնարածն է: Բայց այդ վայելքը վայելելու համար չէ, որ մխիթարաշենցին երբեմն-երբեմն գալիս է Հոնուտ նախկին գյուղատեղը,- կնոջ առավոտ-իրիկուն թոնթորանքից հոգին ազատելու համար կարևոր այդ օրը եկել է ու հոն քաղելու տեղակ սարերի ուսերի վրայով հայացքը հառել է հեռու ծավալվող սարերին` առավոտյան ծեգի շամանդաղն առավոտյան արևի շողերի տակ սկսել է դառնալ ոչ թե շամանդաղ, այլ նորահարսի երեսին քաշած քող, եւ դեմը երևացող հազար անգամ տեսած սարերը, սարերի ուսերին ծավալվող անտառներն աչքին ուրիշ տեսակի են երևացել,- կինն ականջի մսերը կերավ` բոլորը հոնից, սալորից, մյուս բաներից լավաշ են արել-փռել կտուրներին, ախտա են արել, ջրեփ են արել,- այս զահլաներից գլուխն ազատելու համար եկել է Հոնուտի ընտիր հոնից քաղելու ու փոխանակ գործին կենալու, բերանը բաց նայում է սարերին ու ինքն էլ չի իմանում, թե ինչ վայելք է ինքը վայելում: Ու երբ վերջապես հիշում է կնոջը, բնության այս հազվագյուտ տեսարանը մոռացվում է, հիշվում է հոնի քոր բերող տերևների տհաճությունը, հոն քաղելու պարտադիր անհրաժեշտությունը, շատ հասածները մեկ-մեկ բերանը տանելու հաճույքը ու էդ ձևով իրեն այս հողին գամելու ակամա գործողությունը:
Ռուս գրող Ինեսա Բուրկովան հայացքը հառել է հեռու հորիզոնը բիբլիական չափերով իրար ընդհատող, իրար շարունակող ու իրար օգնելու ու երկինք մխրճվելու ջանքերով սարերին, սարերի կատարներին իջած ձյունի անաղարտ ճերմակին։ Խաչին տափի այս դիրքից, կիրճի միջով սարերի այս վեհությունն ընդգծող այս տեսանկյունն ուրիշ մի հրապույր ու վսեմություն է հաղորդում տեսարանին,- մոռացվում է Թոփխանայի հնարած վեճը, «Ղարաբաղի պրոբլեմ» մճեճը, պարետի չինովնիկական եղկելի հիմնավորումները, աչքերիդ առաջ այս մաքրամաքուր գեղեցկությունն է, որին վայելելու երջանկությունն ունես:
Իր տեսածը հետո գրելու ժամանակ գուցե ուրիշ շատ դիպուկ բառեր է գտնելու, բայց երեկոյան ամեն խոսքից հետո ասում է` ինչ սքանչելի է, ինչ սքանչելի է, աչքերը վառվում են, հասկանում ես, որ նա սկսում է մեզ ավելի շատ սիրել, մենք սկսում ենք իրեն ավելի շատ սիրել, մեր ծանոթությունը դառնում է մտերմություն, դառնում ենք հարազատներ: Մենք չենք էլ գիտակցում, թե ինչպես են մեր հոգիները մոտենում իրար, ինչպես են մեր մրսող հոգիները մի քիչ ջերմանում Բաքվի ծավալուն հրապարակից մեզ հասած սահմռկեցնող սառնությունից հետո, մենակ մնալու տաժանքի զգացումն ապրելուց հետո:
Նստեր մոսկովյան իր բնակարանում ու գիրք գրեր: Երևանի Թատերական հրապարակում բոլորի պես ձեռքը բռունցք արած բացականչում է` միացում, նայում է ամբիոնից խոսող տղաներին,- ի՜նչ տղաներ են, նահատակի պսակները ճակատներին` ծեծում են վշտահար իրենց կուրծքը, ասում են` տեսեք, այս մեր հայ կրծքի տակ ամբողջ 70 տարի գուրգուրել ենք առևանգումներից հրաշքով պրծած մեր այս վերջին արցախական երազանքը, մեր ցավը պատմելու մեզ հասած հերթին ուզում ենք պատմել, որ իմանան, գուցե թե մի սպեղանի դնեն, որ վերքը բուժվի։ Սքանչելի այս տղաներին անվանեցին ծայրահեղական` չհովացան, մի ուրիշ անուն էլ տվեցին, ասացին` դուք նաև կոռումպացված եք` չար մոլախոտի պես վաղուց արմատները տարածած ալան-թալանի` վերջերս գտնված` կոռուպցիա-կոռումպացված, բառային այս նոր հանդերձն ուզում եմ հագցնել սքանչելի այս տղաներին, չնայած ուրիշի վրա է ձևած, չի բռնում, չի սազում, բայց էլի զոռով ուզում եմ սազեցնել` կարգադրված է. ծրորված շալվարներով աթոռ են մաշել, գիրքը կարդա` կոնսպեկտը արա, գիրքը կարդա` կոնսպեկտ արա, դասագրքերն էնքան են թերթվել, դարձել են մրի գույնի,- մեռած լեզուներ են սովորել, լազերի բնույթն են պարզում, բառի հետևից են վազում, որպեսզի հոգում կուտակվածը ճիշտ, ուղիղ բացատրվի,- այս գործերով տարված տղաներին հին լավ սովորած ձևով ուզում են դամղա կպցնել,- Ինեսա Բուրկովան պատասխանում է իրեն, նրանց, ախար, սիրահարված ճանաչում է, թխսկանի պես իրեն ցրիվ է տալիս, ուզում է պաշտպանել էս անպաշտպան տղաներին:
Ինեսա Բուրկովան հանգիստ մի տեղ չի կարող նստել, Երևանից թռչում է Ստեփանակերտ: Գաղափարով հիվանդ, իրենց արդարությունը պաշտպանելու նեղվածքներում հուսահատական ճիգերի վեհությամբ Երևանի արցախական էս տեսակի տուժանքն ուրիշ է: Կապել են իրենց տանը, կողպեքը դրել դռան վրա, բայց բերանները չեն խցանել, երևի նրա համար, որ բերանը ոչ միայն խոսելու գործարան է, այլև ուտելու` մեկ, հետո որ խփում ես, պետք է «ուֆ» անելը գրանցվի, որպեսզի որոշվի ցավի չափը` երկու:
Մեր հիվանդությամբ անբուժելի հիվանդացած այս ոչ ջահել կինը ո՜նց պիտի ապրի իր մի քիչ մնացած ենթաստամոքսային գեղձով, բնավեր թռչունի պես մեր տեղահանված ճակատագրի խոհուրդն է ուզում բացատրել, Ստեփանակերտից իրեն գցում է Մոսկվա, որ մեզ հետ տառապի Մելքումյանների ողբերգությամբ, Իրինայի կեղեքիչ ձայնը ցանկանում է սփռել աշխարհով մեկ: Մի ամիս ամեն օր դատական ատյանում Սումգայիթի ոճրագործության դատն է լսում, վկաները պատմում են, տառապյալները պատմում են,- ամբողջ մի ամիս համառորեն խմորվում էր համոզմունքը, որն ավելի ահավոր է, քան ֆիզիկայի ուսուցիչ Կ. Ղուկասյանի պատմածը, քան Մելքումյանների` հոր, մոր, որդիների, հարսների, մի ողջ գերդաստանի սպանդի պատմությունը,- նստել են փափուկ սարքված բազկաթոռներում, ընտիր ծխախոտի տուփը դրել մեջտեղ, թեյ պատվիրել և հանգիստ, մանրամասն քննում են «Սումգայիթ» օպերացիան: Առաջին մեղավորները գեղեցկուհի Լոլայի լլկողները չեն, ոչ էլ այս երեք ջահել մարդասպանները, ողբերգականն այն է, որ լուսավորյալ այս դարում հանկարծ կարող է աշխարհը մթնել, մարդկանց աչքերին փառ իջնել, ողբերգականն այն է, որ կարող է Սումգայիթ տեղի ունենալ,- ընտիր ծխախոտը ծխելով փափուկ գահավորակներում նստած, այդ մարդիկ շարունակում են մարմանդ, կում-կում թեյ խմել և ի մի բերել արդյունքը` ավելի հավաստի, ճշգրտված, քան պաշտոնական հայտարարվածը: Դատում են սպանության գործիքին` այս երեք ջահել մարդասպաններին, և ոչ թե սպանությունների կազմակերպիչներին, որ ապահով պահվում են իրենց բարձր դիրքերում,- այս անպարագիծ անբարոյականությունն է տեղահան անում Ինեսա Բուրկովային, դատի` արդար շավիղից դուրս եկած ընթացքը:
Քարացել ենք էկրանի առաջ, այս օ՞րն էլ պիտի տեսներ հայ ժողովուրդը: Քանի՞ քաղաք ու շեն դարձան փլատակներ, այդ փլատակների տակ քանի՞ կյանք մնաց: Գինեսի գրքում մեր այս ռեկորդն էլ գրանցեք: Մենք էլ մեր ռեկո՜րդն ունենանք:
Նայում ենք էկրանին, արցունքները փառ են կապում մեր աչքերին, ոչինչ չենք տեսնում, անսփոփելի մեր վիշտն ենք սգում: Ինեսա Բուրկովան մորս պես հայի նման ճոնճորում է, խոսքեր է մրմնջում, հիշում է սումգայիթցի ֆիզիկայի ուսուցիչ Կ. Ղուկասյանին: Մոսկվայի դատավարությանն է ծանոթացել, հրավիրել է տուն, ասում է` չեք պատկերացնում ինչ ինտելիգենտ տղա է, ինչ հմայիչ մարդ է,- ասում է, Ինեսա Եմելյանովնա, ես հիմա շատ լավ եմ ինձ զգում, հիմա ապրում եմ Լենինականում, բնակարան եմ ստացել երկու աղջիկներիս հետ, ամբողջ ընտանիքով ես հիմա իմ հայրենիքում եմ ապրում, հիմա ես, ասում է, վերջապես կապրեմ այնպես, ինչպես բոլորը, ամեն օր ես ինձ հայ չեմ զգա, պարզապես կապրեմ որպես մարդ, երեխաներին ֆիզիկա կսովորեցնեմ, իմ երկու աղջիկներին կմեծացնեմ, կամուսնացնեմ, պապիկ կդառնամ ու կապրեմ երջանիկ:
Ինեսա Բուրկովան մորս պես հայավարի, սուգի միջից խոսում է, ասում է` հիմա Կ. Ղուկասյանն իր երկու աղջիկների հետ ի՞նչ ճակատագրի արժանացան, կենդանի՞ են, փլատակների տա՞կ են մնացել, մահը հետապնդում էր, երևի նախանշված մահից մարդ չի կարող խուսափել. Ինեսա Բուրկովան հայի դառն արտասուք է գլորում, ու նրա պղտորված հայացքի առաջ էկրանին ցուցադրվող փլատակներն ավելի են փլատակվում:
Մի օր առաջ ֆիզիկոս տղան զանգել էր մորը, ասել էր, որ գնացել է Տալլին, Սումգայիթի դատական պրոցեսի մասին հոդվածը, որ հատուկ գրել է «Խորհրդային Ղարաբաղի» համար, մերձբալթյան շատ թերթեր տպագրել են։ Ինեսա Բուրկովան սկսնակի պես ուրախացել է, կարծես շատ գրքերի հեղինակ չի, ուրախացել է, որ մարդիկ պիտի կարդան և ճշմարիտ գաղափար կազմեն դարավերջի այս ահավորության մասին:
Վաղն առավոտյան լուսադեմին Ղարաբաղից մեքենաների շարասյուներ են ճանապարհվում աղետի վայր: Ռուս գրող Ինեսա Բուրկովան չի սպասում ինքնաթիռի, իսկ եթե հանկարծ թռիչք չեղա՞վ, իսկ եթե ավտոբուսները կանգնեցրի՞ն Աղդամում: Արցախցի տղաների հետ լուսադեմին կգնա Կիրովական, կգնա Սպիտակ, Լենինական կգնա, կօգնի ինչով կարող է:
Ռուս գրող Ինեսա Բուրկովայի սիրտը հիմա աղետյալների մոտ է...




ՄՂՁԱՎԱՆՋ

Ոչ մի բան պարզ չի: Երեկ ինչ որ պարզ էր, այսօր դարձել է անլուծելի խնդիր: Եթե քո ճանապարհը քեզ տանում է դժոխք, դեպի գեհեն` երազելի վիճակ է. դու գիտես, թե ուր ես գնում: Մենք ո՞ւր ենք գնում: Մեզ ո՞ւր են տանում: Տանողն ո՞վ է:
Այս հարցերը բխովել են ոտքերս, բխովել են ձեռքերս, խուժանը սելավի պես գալիս է, ու ես բխոված ոտքերով շարժվել չեմ կարող, խփում են ինձ ու բխոված ձեռքերով պաշտպանվել չեմ կարող. կաթվածահար եմ եղել, այս անդուռ միջանցքում որտե՞ղ ելք փնտրեմ:
Որքա՞ն է իմ բաժին արդարությունը: Տվեք իմ բաժին արդարությունը, որ դնեմ վառվող իմ ճակատին: Եթե ունեմ` տվեք: Տվածը համարվի ինձ պատկանող: Չտրվա՜ծ...
Արցա՛խ, ինչո՞ւ դու եղար իմ հայրենիքը: Ինչո՞ւ այդպես մեղրահաց դարձար, որ ուզենան քեզ լիզել... Քաղցր ես, չեն հագենում, մղվում են դեպի քեզ, պոռնկացրին քո կուսությունը և ուզում են քեզ միշտ վայելել... Ուզում են քեզ սիրուհի ունենալ: Ջահել արյունը եռում է, քեզ է տենչում...
Թույլի մասին առակն ինչո՞ւ մենք պետք է հնարեինք: Մեր տան ապրելու կարգն ուրի՞շը պիտի որոնի:
Ուրիշը, հոտը... Հոտը գալիս է, կճղակների տակ տրորելով արտ ու ցանք, հոսում է անկասելի... Տրորված հոտը` ոչխար, ոչխար, ոչխար` հայրուր, հազար, բյուր հազար, հզոր, ուղղությունն՝ անհսկելի, ընթացքը՝ անկասելի, քանակն՝ անհաշվելի:
Հոտը` զանգված, ուժ, հոտային բթություն, որ սարսափ է ծնում: Դանակավորված հոտը սպառնում է, ու բութ դանակավորվածությունը համոզիչ է:
Ուժի տրամաբանությունն ուրիշ է, ուժի տրամաբանությունն այն է, որ անտրամաբան լինի: Արտասովորության այս հմայքը կաշառում է: Ուժն ակնածանք է ծնում:
Ողբասա՜ց ազգ: Քո ողբերն ես կանոնավոր դասավորում անխոնավ պահոցներում: Հոգու տառապանքների երանգներն ես հաշվում: Հնարել ես կոմպյուտերային մեքենա, հեշտացրել ես հաշվելը` հեշտ համբարիր բառերի ածականներն ու գոյականները, բացականչության նշանները դիր ճիշտ տեղում ու ոգեշունչ արտասանիր, որ տամկանան իմ աչքերը, որ մեղկանա հոգիս, ինքնակատարելագործմա՜մբ զբաղվեմ:
Մտքի սո՞ւրն է լավ, թե՞ դանակի սուրը: Քո ուսյալ տղաները կարողանո՞ւմ են ղլավ տալով դանակ սրել: Միտք են սրում, որ լավ, տեղին հումոր սարքվի: Սիրուն, լավ հումորով լավացնենք մեր արյան շրջանառությունը, որպեսզի երբ շեղբը խրվի մեր լավ խնամված մարմինը, մեր կանոնավորված արյան շրջանառությամբ արյունը հորդ բաբախի դուրս...
Մենք մեր տան տերը չենք: Ինչ է պետք քնած այս վիճակից դուրս գալու համար, որպեսզի իմացվի` Խաչին տափում մի վրան դնելու համար պլեբիսցի՞տ պիտի հայտարարվի Բաքվի ծավալուն հրապարակում: Այնտեղ ցանկանան` ուզենան, կամ չցանկանան` չուզենան: Մենք ուզենանք` նրանք չուզենան: Պատմամշակութային-արգելանոցաէկոլոգիական նկատառումներից ելնելով: Մենք մեր լավը չհասկանալու, նրանք մեզ գլխի գցելու պարտականությամբ: Տիրոջ արքով, մեզ կարգի հրավիրելու արտոնությամբ, մերն իրենցին խառնելու բարեխճությամբ:
Հետո եկածը նստել է իմ ետևում ու տիրոջ խստությամբ պահանջում է, որ ես անհասկացող հյուրի համառությամբ չշարունակեմ մնալ իմ առջևի տեղում: Խանգարո՜ւմ եմ հետո նստածին:
Իրենց առատ տպագրվող գրողն իրենց համարյա չտպագրվող բանաստեղծի հետ նստել են հեռուստաէկրանի առաջ ու իմաց են տալիս Խաչտափը Թոփխանա իրենց հռչակածի խիստ կարևորությունը Շուշիի համար, Ադրբեջանի համար, իրենց դամ դրած պատմության դամը բերելու համար: Զրույցի ժամանակ նա, որ գրածից շատ տպագրում է, հանկարծ հիշում է իրենց փորձից արած հետևությունը` երբ շատանում են տան հյուրերը, տան տերը պետք է աբուռ ունենա ու զիջի հյուրին: Մեր տանը մենք հյո՞ւր եղանք, հյուրը տանտիրոջ իրավունքով է: Այդ իրավունքի՜ց են խոսում:
Առատ տպագրվող գրողը համարյա չտպագրվող բանաստեղծի հետ զրույցի են նստել: Զեխության որձկանքը առատ թափվում է, մարդու այս ջըռ տեսակի անուտելի պտղաբերությունը զեղվո՜ւմ է... Խե՜ղճ ժողովուրդ, այդ խաշուն ուտելով ո՞նց պիտի ապրես: Այդ ո՞ւմ ես քեզ հովիվ կարգել: Խե՜ղճ ադրբեջան ժողովուրդ, խեղճ...
Խաչին տափում մի կաթիլ մեղր է ծորացել և սպառնում է երկու ազգ իրար մսի անել: Աչքերն արյուն կալածը նստել է իմ ետևում ու ասում է` ռադդ քաշի, որովհետև... խանգարում եմ: Եղբայրս` Թադևոսը, ականջիս ասում է` գործ չունես, վեր կաց, ես ասում եմ` հը՛մ, ասում է` վեր կաց, մի թեթև հրում է, ասում է` ախմա՛խ, ես ասում եմ` ախմախը ես չեմ ու գլխով նշան եմ անում իմ ետևը նստածին: Թադևոսը` մեծ եղբայրս, քաշում է ձեռքս, ու ես չեմ կարողանում պահել արտասուքս...
Խաչտափը դարձել է կռվախնձոր, այդ կռվախնձորը սուր սրած դանակով շղարթ-շղարթ կտրատվում ու բաժանվում է Բաքվի ծավալուն հրապարակում հավաքված բազմադեմ խառնամբոխին, մանրատվում է այնպես, որ բոլորին հասնի, բոլորին` անխտի՛ր, այս անգամ` արդա՜ր, հավասա՜ր:
Մլար, արյուն կալած աչքերը համոզիչ են դարձնում...արգումենտը: Ադրբեջան գործոնը: Ադրբեջանահնար այդ գործոնով խփում են բերաններիս, որ ձեններս կտրենք, տալիս են ձեռքներիս, հարվածում են մեր ոտքերին, սպանում են...
Հրապարակն ափնակոծում է, սպառնում է հիմնահատակ անել ամեն ինչ, ոտնատակ տալ ու տրորել: Հրապարակը զոհեր է ուզում, արյան ծարավ է: Արյան հոտ, մահվան շունչ, նախճիրի սպառնալիք, դարբ ու դարաղ:
Ասում ենք` քարի մեջ արյուն կա և մեզնից ծնված մեր երեխաները քարը գցում են ցած: Հետո արդեն անհնար է դառնում նրանց ձեռքը քա՜ր կոխելը:
Հրապարակն ալիք է տալիս, միկրոֆոնը սպառնանքով պահանջում է` գործողությո՜ւն է պետք:
Մայրն օրհնում է սպանությունը: Ասում է` Սումգայիթից հետո ես հասկացա, որ Ղաչաղ Նաբի ծնող մեր ժողովուրդը էլի ղաչաղք է ծնում: Ասում է` հալալ լինի մեր կաթը ձեզ, ասում է` էն ջահել տղաներին ինչո՞ւ են մահապատիժ տվել:
Վեր է բարձրանում բռնցքված ձեռքերի մի անտառ` ազատե՜լ:
Պոռնկացած հրապարակ` հարյուր հազար, շատ հարյուր հազար հոծություն, պղտոր լավա, որ` իրենց լեզվով` Խազար ծովը կարող է հանել ափերից: Մարդասպանների նկարները հանել են մեյդան ու արդար ներումի պահանջ են ներկայացնում: Վա՜յ քեզ, արդար...
... Սումգայիթ, 41ա թաղամաս: Մարդակեր ամբոխը մահվան շուրջպար է բռնել: Իրինա Մելքումյանը «մայրիկ» է կանչում: Եթե խլացած այս աշխարհը կարողանա՜ր լսել, եթե կարողանար լսե՜լ, գուցե թե մի հրաշքով Իրինա Մելքումյանին հաներ հատուկ այս դեպքի համար սարքված խարույկի բորբոք ճիրաններից:
Խելագարված հրապարակ` մի ամբողջ ժողովրդի աչքի առաջ: Մեղքերով ծանրաբեռ հրապարակն իր ժողովրդին անբարոյականության դասեր է տալիս:
Խավա՜ր, խավա՜ր, մտքի մթագնո՜ւմ, կույր կրքերի բորբոքո՜ւմ: Միջնադա՜ր:
Լավ մշակված այս թամաշայի կազմակերպիչները փափուկ նստած կում-կում ընպում են բուրավետ թեյը ու վայելում տեսարանի հրճվանքը: Սպանության գործիքները սրվել են, ամեն ինչ արդեն պատրաստ է, կարելի է հանգստանալ:
Ծանրության կենտրոնը տեղափոխվեց Կիրովաբադ:
...Տեր հա՛յր, թողություն տո՛ւր Աստծո մեղքերին: Եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ պետք է Աստված իր աջը հովանի դարձներ անպաշտպան քո հոտին, իր ծառային, որ Աստծո՝ քո, Աստված, պատգամն էր կատարում Կիրովաբադ քաղաքի օտար շրջապատման մեջ:
Տեր հայր, աղոթքի խոսքեր ասա նրանց համար, ովքեր փորձեցին խուժանը կանգնեցնել և հատուցեցին իրենց մատաղ կյանքով: Դու աղոթքի խոսքեր ասա՛, եւ մենք միանանք քեզ: Եթե կարող ես` ասա՜, եթե քո աջը կարող ես բարձրացնել ու խաչակնքել զոհված ռուս տղաներին, կատարի՛ր այս պարտադիր արարողությունը: Անիրավված ու լլկված ով սուրբ, սուրբ գրքից հիշի՛ր այն խոսքերը, որոնք թեկուզ մի քիչ կարողանային սփոփել որդեկորույս մայրերի անագորույն ցավը: Աղոթի՛ր, ու մենք էլ կրկնենք քեզ հետ, աղոթի՛ր, քանի դեռ ուժերդ չեն ապառվել, ո՛վ բռնադատված Աստծո ծառա:
Հեշտանքով, կում-կում բուրավետ թեյ են խմում փափուկ բազկաթոռներում փափուկ ընկողմանած «մուալիմները», անմորուս «իմամները» ու խուժանին մղում «կոնկրետ գործողության»` Սումգայիթի կիրովաբադյան տեսակին...
Եղիցի՜ լույս և եղավ խավա՜ր...
Ժողովրդական բանաստեղծը արտասուքն աչքերին օրհնում է չամուսնացած ադրբեջանուհիներին, որոնք ազգակից էրիկներ չգտնելով, տանն են մնացել: Արգանդը թող ամուլ մնա, միայն թե ցեղը մաքուր պահպանվի՜: Բանաստեղծի աչքերում ցոլացել է արցունքի կաթիլը և այդ կաթիլը որպես անեծք, հեռասփռվել է Ադրբեջան հողում` ադրբեջան մահիճն անաղա՜րտ մնա գյավուրներից:
Մենք թյո՜ւրք ենք, ասում է նա, մենք թյո՜ւրք ենք, մենք թյո՜ւրք ենք: Ժողովրդական բանաստեղծն անկեղծացել է` ուշադիր լսեցե՜ք նրան:
Խավար գիշերում խրախճանք է սարքվել, և վհուկները պար են բռնել: Խավար գիշերում չարագույժ մի կռինչ ամլության մահն է տարածում Ադրբեջան աշխարհում: Ֆանատիզմի շմոլքով մթագնված ամբոխը Բագուի ծովամերձ հրապարակում ագահաբար խժռում է գաղափարը և ուռճանո՜ւմ: Ռոտացիայով բազմանում է գաղափա՜րը:              
Մեկ ուրիշ բանաստեղծ աստեղնական ժամ է ունեցել` սիլլոգիզմի հնարանքով կարողացել է գտնել բանաստեղծական տողը` Կարաբաղից ետ քաշիր կարա ձեռքդ: Չթողնե՜նք, տաղաչափորեն կոչ է անում բանաստեղծը, որ հայի սև ձեռքը մոտենա իրենց Կարաբաղին, Շուշի-Թոփխանա ունեցող իրենց Կարաբաղին:
Մեկ ուրիշ բանաստեղծ, մեկ ուրիշ գրող, ապա մեկ ուրիշ բանաստեղծ և մեկ ուրիշ գրող, գրող-բանաստեղծ-գիտնական-ուրիշներ-շատ-ամբոխ` խավար գիշերում խարույկ են վառել ու շուրջպար բռնել` մա՛հ հայ դաշնակներին, մա՛հ հայ էքստրեմիստներին, մա՛հ մազոխիստներին, մա՛հ մյուս մնացածներին:
Ժամանակները փոխվել են, մուսուլմանական տարեթիվը հավասարեցրել է քրիստոնեական տարեթվին, սխալ ասվեց, հակառակն է արվել: Հիմա 1402 թիվն է:
Մարդակերը դարձել է մարդասպան, պրոցեսը դեռ շարունակվում է...
Ադրբեջան աշխարհում տագնապ է բարձրացել` շուշիամերձ տարածքում գիշերները թռչող ալակուշկուշները կարող են պակասե՜լ: Իսկ եթե հանկարծ Շուշիում հանգստացող բանաստեղծ-գրող-գիտնական չվայելե՜ն Խաչինտափի Թոփխանայում ճախրող խայտաճամուկ ալիրմաշիկների գեղեցկությունը: Իսկ եթե հանկարծ մեր հանդերից պակասե՜ն մասուրի դեղին պտուղները, որոնցով կարելի է հագեցնել կում-կում խմելիք բուրավետ թեյը: Մոշի քոլի անտառները հատվում են, մոշի քոլը, մասուրի քոլը շտապ կարմիր գիրք մտցնե՜լ: Բագուի ծովամերձ հրապարակում մասո՜ւր են աճեցնում, սիրուն թիթեռնե՜ր են որսում, գիշերը որ կոխում է, թռչող մուկ են որսում: Էկոլոգիա:
Զառամող ծովն ինչե՜ր չի տեսել:
Լո՜ւյս, է՛լ ավելի լո՜ւյս:
Մեր լավ հիշողությունը բորբոքելու կարիք չկա: Լավ սովորած դասը կրկնել են տալիս հարյուր տարի անընդհատ, հարյուր տարի անընդհատ վարժեցնում են մեզ մեր ճակատագրի այն պարտադրանքին, երբ ազգը պետք է արյուն տա` Շուշի, Բագու, Սումգայիթ, Խոջալլու, Կիրովաբադ...
Շարքային դյուրին մտքերը մատչելի բացատրում ենք, բայց չի հասկացվում: Իսկ եթե մենք այնքան ենք վախեցել, որ կորցրել ենք վախի զգացողությո՞ւնը: Ա՛յս չի հասկացվում:
Մատչելի մեր բացատրությունը հասնի՜ տեղ: Մեր խնդիրը պետք է լուծվի՜, մենք չենք ուզո՜ւմ, անհնար է, անկարելի՜ է` 70 տարվա մեր բերանով ասված սուտը մեզ արյունաքա՜մ է արել, արյունաքամ եղել եղբայրության այս ոխերիմ գրկո՜ւմ:
Սխալ չիմացվի, արյունաստեղծ մեր գործարաններն անընդհատ արյուն են մատակարարում: Մեր արյունաստեղծ գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի Արցախը` մեր սիրելին, մեր անիրավված, մեր անկրկնելի Արցախը սակավարյուն չլինի:
Արցախ աշխարհ, եթե հայրենիք ես, հայրություն արա: Անպաշտպան երեխա՜ եղար ու դողում ենք քեզ համար: Մորե մինակ մինուճարս, ուրիշը չունե՜նք: Քեզ չունենալո՜ւ վախն է հալածում:
Խլանաս դու, խուլ աշխարհ:
Գիշերը երկարում է, երազի մուժը ծանրացել է գլխումս ու չի թոթափվում: Ինչպե՞ս է բացվելու օրը: Ի՞նչ է բերելու այս բացվող օրը: Ե՞րբ պիտի օրը ծագի, որտեղի՞ց պիտի ծագի:
Անհարց ապրելու ճակատագիրն ունենա՜ս: Այս վերջին խաչելությունն ինչի՞ համար էր:

Նոյեմբեր, 1988 թիվ




ԲԱԽՇԻ ՊԱՊՍ

Այս պատմությունը հնարած չէ, սա Արցախի Հարար (Հարավ) գյուղի Սաքունց ազգի մեծի՝ Բախշի պապի գերդաստանի պատմությունն է: Աղետի այս օրերին հիշեցի այդ պատմությունը ու հայտնության պես հասկացա, որ Բախշի պապս հայ ժողովուրդն էր:
Սաքունց ազգի Սարգիսջան, Բալասան, Անդրի և Օհանջան եղբայրների մեծ եղբայրը Բախշին էր: Կապույտ աչքեր ուներ, Մարքսի պես պահած միրուք: Նրա պատկերը կրկնվել է Ղուշի քրոջ ծոռ Ռուբենի օրինակով: Իմաստուն մարդ էր, շատ բան է իմացել ու շատ էլ ցավ տեսել: Իմաստուն մարդ էր, զոհված Գարեգին որդու երեխաների անունները ինքն է դրել` Հունան, Դեկարտ, Արիստոտել, Վիգեն, Վիլեն: Նա «Եփրեմ-վերդի» ուներ ու կարդում էր:
Սահիռնազ կնոջ հետ հինգ տղա է ծնել ու երկու աղջիկ, ստացվել է այնպես, որ բոլորին իր ձեռքով ջահել է թաղել, որպեսզի նախախնամության անագորույն պահանջով կորստի ցավը մեծ լինի, որ մորմոքը հնար չլինի սփոփել:
Այս անցած գարնան պես կանաչ-կարմիր մի գարնան լուրը Պետունց կապով հասնում է գյուղ` Սաքունց Բախշու Հարուն որդուն Մալիբեկլու գյուղում թուրքերը ցաքի մեջ են դրել ու վառել։ Բախշին որդու դիակի տեղ տաք-տաք մոխիր է բերել ու Սաքունց Աղջաբադի տափում փոս փորել, էդ մոխիրը լցրել փոսը, մատղաշ ծառ տնկել, հետո ուրիշ ծառեր է տնկել և մինչև վերջերս էդ այգուց մնացած ծառերին ասում էին Հարունի տանձուտը:
Դժբախտությունը որ ճանաչում է մեկի դուռը, ճանապարհը կուպար է պահում...
Սահիռնազ ազին ծանր հիվանդանում է. հոգեհացի ալյուրը պատրաստում են, էսօր-էգուց պիտի մեռներ և Խաչատուր որդուն Շուշի իմաց են անում, որ հասնի մոր լեզվին: Խաչատուրը գալիս է, փաթաթվում մորը, «վայ ազի» ասում ու էդ վայը դառնում է իր վայը: Մոր հիվանդությամբ Խաչատուրը հիվանդանում է և մինչև մի շաբաթը մահանում: Մոր հագեհացի ալյուրը Խաչատուրի վրա է պետք գալիս: Բախշին արդուն թաղում է գյուղի գերեզմանատան Սաքունց գերեզմանոցում, իջնում Բաղին ձորը, ձորով հոսող գետի վրա ջրաղաց կառուցում` ի հիշատակս Խաչատուրի:
Խաչատուրից այդ հիշատակը մնաց ու մեկ էլ երկու աղջիկ երեխա:
Աստված իր ստեղծած նյութը երրորդության խորհրդով էլի է փորձում, երևի նրա համար, որ տեսնի, թե իր ստեղծածն ինչքան կարող է ցավին դիմանալ:
Շուշան աղջկա հարսանիքը բռնած, ողջ գյուղով ուրախություն էին անում: Հարսանիքի մի պահի Բախշի պապը հիշում է, որ ջրաղացը պարապ է աշխատում, կանչում է Արշակ որդուն և ուղարկում, որ ջուրը ջրաղացից կտրի: Արշակն իջնում է, որ ջրաղացի ջուրը կտրի ու հրացանից տրաքոց է լսվում` վա՜խ... Սաքունց Բախշու ունքը վեր է թռչում, դեմքի մկանն ուզում է դողալ, բայց պահում է, ինքն էլ չիմանալով ինչպես: Հարսանքավորները շարունակում են ուրախանալ, չնկատելով, որ մի կարճ ժամանակ Բախշին բացակայում էր: Նա իջնում է ներքևի տուն, որդու արյունաթաթախ մարմինը գրկում, լուռ այդպես մնում: Ի՞նչ ասաց ինքն իր մեջ, որդուն ինչ ասաց` ոչ ոք չիմացավ: Նա դժվար բարձրացավ տեղից, նայեց իրեն շրջապատած եղբայրներին, ասաց` էսօր հարսանիքի հերթն է, վաղն էլ հոգեհացի հերթն է լինելու:
Սաքունց Բախշին իր Արշակ որդու հիշատակի համար ջրաղացից վեր թթի այգի է գցում` ի հիշատակս Արշակի:
Շուշան աղջիկն էլ երջանկություն չտեսավ` մահացավ ծննդաբերության վրա, երկու որբ թողնելով իրենից հետո:
Սաքունց Բախշին Սամվել տղայի համար ոչինչ չարեց։ Նա Սամվել տղայից խռով գնաց էս աշխարհից, բոլորից խելամիտը նա էր, ուսում տալու համար ուղարկեց Բաքու, ու էն գնալն էր, որ գնաց, Նոյի ագռավի պես էլ չվերադարձավ: Միայն շատ տարիներ հետո, երբ հինգ եղբայրներից ինքն էր կենդանի մնացել, Սվերդլովսկ քաղաքից հեռագիր տվեց իր գոյությունն իմաց տալու: Սամվելը Բախշի պապի հոգում վաղուց մահացել էր:
Երբ փոքր որդու` Գարեգինի «սև թուղթը» Բախշի պապը ստացավ, աշխարհքը մթնեց գլխին` իր մեծ գերդաստանից Եսթեր աղջիկն էր մնացել։ Նա քարի մի մեծ բեկոր բերել տվեց ու սկսեց իր գերեզմանաքարը շինել: Գերեզմանաքարի վրա ոչ ծննդյան թիվը գրեց, ոչ էլ մահվան թվի համար տեղ թողեց, միայն գրեց` աստ հանգչի Բախշի Ավանեսյան:
Այս աղետի օրերին ինչո՞ւ հիշեցի Սաքունց Բախշու կյանքի պատմությունը: Հիշեցի, որ շատ ցավ քաշած այս մարդու կյանքը շատ է նման իր ժողովրդի կյանքին:




«ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒԹՅՈՒՆ»

Եվ քանի որ ոգին ավելի ուժեղ է,
քան մարմինը, ուստի ոգու տառապանքները
 դաժան են ավելի, քան մարմնի տառապանքները: 
(Լատ.)

Ով տեսավ՝ սիրեց, ասաց՝ իմս լիներ: Ով համն առավ՝ ասաց՝ աննման անուշ է: Վայելեցին՝ չհագեցան: Արցախ-Ղարաբաղը դարձավ արգելված պտղի նման ցանկալի: Երեւի լինում է անեծքի էս տեսակն էլ:
Ասացին՝ մեր թագն է: Ուրիշի գլխից վերցրին ու դրեցին իրենց գլխին եւ տեսան, որ իրոք լավն է, լավ տեսք է տալիս:
Որպեսզի մեկ ուրիշը հանկարծ ուրիշ աչքով չնայի իր էսպես թագադրվածին, ասացին-զգուշացրին-սպառնացին՝ թագն առանց արյան չի զիջվում: Կանգնեցին մի բարձր տեղ, որպեսզի ասողը տեսնվի՝ ասվածն էլ՝ լսվի, խորհրդի ձեւով, վախեցնելու պես զգուշացրին՝ առանց էն ԲԱՆԻ չի զիջվում… ԲԱՆԸ՝ արյունը:
Եվ որպեսզի բարձր տեղից ասվածը չհամարվի խոսքահերթ, համարվի իրական լուրջ խոսակցություն, խուժանին ասացին՝ Ասկերանը հեռու չի, Աղջաբեդուց մոտիկ, Միրբաշիրից էլ մոտիկ, հարմար է, գնացեք կոտրելին կոտրեցեք, վառելին վառեցեք, շուռ տալունը շուռ տվեք, մեկ-երկու բան կրակ տվեք,- մենք հացի թանգարան ունենք, Կիեւի հացի թանգարանից հետո երկրորդը մերն է՝ Աղդամինը, հացի նշանակության գնահատման տեսակետից մենք երկրորդն ենք Միության մասշտաբով… Եթե հանկարծ ձեր միջից մեկն ուզենա՝ մեր գյոռոտից,- Խրամորթի գյուղացիք իրենց հողից տվել են աղդամեցոց, ասել են՝ մեր էսքան հողը բաշխում ենք ձեզ, որպեսզի ձեր մեռելները անթաղ չմնան,- ահա էս լցվող գյոռոտից, ասացին՝ մեր գյոռոտից որ դուրս գաք մի քիչ դենը՝ ձախ թեւի վրա Խանաբաղի ալրաղացն է, եթե մեկի մտքով անցնի եւ ձեռքին էլ լուցկի ունենա,- հիմա մեր տղաները համ ծխում են, համ խմում են, նախկինում խմողներից պակաս չեք, ավել եք, լուցկի կունենաք,- կարելի է լուցկին դնել ալրաղացի տակը, լուցկին վառեցեք, հետո դրեք, շտապել պետք չէ, հանգիստ արեք՝ դուրս եկեք, բայց պետք չէ ի տես ամենքի անել, վառեցեք՝ դուրս եկեք, կարող է ներսում մարդ լինի, չլինի հանկարծ տաքանաք ու մարդու… չէ՜, չի՜ ասվում, թե ծեծել չի կարելի, ծեծելու, ջարդելու ձեւն էլ ընդունելի է, բայց սպանելը դեռ շուտ է, հերթը դրան չի հասել, բայց էդ արյունն աչքները կալած ղարաբաղցիներին պետք է խելքի բերել:
Խուժանը եկավ Ասկերանի վրա, շատ արյուն ու մահ տեսած Ասկերանի բերդը, որ իր համար մարմանդ հնանում էր, վերստացավ բերդի իր առաջվա նշանակությունը, խուժանը բախվեց բերդին ու նահանջեց:
Ու մեկ էլ հայտնության պես մի լուր ալիք տվեց՝ Խուրաման ադրբեջանուհին գլխի՝ մեր լեզվում ընդունված իրենց բառով՝ քյալաղայի՝ մետաքսե սիրուն շորը՝ ալավ-ալավ անող գույներով, արյան գույնի կարմիրը մյուս գույների մեջ վառ արտահայտված, ուրեմն այդ տարբեր գույներով ներկված՝ կարմիրը վառ արտահայտված շորը,- կարմիրը սիրում են, կարմիրն ինչքան մգացնում ես՝ մոտենում է սեւին, ինչո՞ւ լերդացած արյունը սեւանում է,- ուրեմն, Խուրաման բաջին, որ հայտնվել էր նրանց մեջ, իր գլխաշորը գցում է խուժանի ոտքերի առաջ, ասում են՝ գցում է գետնին ու ասում՝ չգնաք, բաստի: Մնացողը մնում է, գնացողը՝ գնում:
Լուրը կայծակի պես զարկվում է խմբագրի ականջին: Խմբագիրը, որ շուտ լինի, սեղմում է սելեկտորի կոճակը, աշխատողը մտնում է ներս՝ բլոկնոտը պատրաստ: Խմբագիրն ասում է՝ նյութը տալ համարին: Այնպես տվեք, որ էջում լավ երևա, նախ այդ մեկը տվեք, որպես պոզիտիվ, իսկ մյուսը՝ խուժանի մասինը, ցածում դրեք՝ որպես նեգատիվ: Մեր նեգատիվը ցածրերում դրվի՝ չտեսնվի, ուրիշների նեգատիվը երեւացող տեղում՝ 100 տարի այդպես արվել է, հիմա էլ արեք,- թաշկինակի պատմությունը շատ ուժեղ է, կարելի է այդ թաշկինակով վառած ալրաղացն էլ հանգցնել, պատուհանի ջարդված կողը վերականգնել, ապակին տեղը դնել, ջարդուխուրդ եղած մեքենաները նույն Ասկերանի պրոֆիլակտորիայից դուրս եկածի նման դարձնել: Նախ ընթերցողը թող իմանա թաշկինակի մասին, հետո Աղդամի խուժանի մասին տվեք, գույները խտացնելու կարիք չկա, նյութական վնասն առանձնապես մեծ չէ, վնաս քաշելը մեզ համար նոր չի, վարժվել ենք, որ վնաս չի լինում, անհանգստանում ենք՝ չլինի մի վատ բան պատահած լինի, կարեւորը՝ մարդ չի սպանվել, կամ համարյա չի սպանվել, այդ երկուսը հաշիվ չի, ո՞վ է սպանել, ով սպանելը չգիտեմ, բայց գլխավոր դատախազի կարևոր առաջին տեղակալը պաշտոնապես հայտարարել է, որ ԱԿՏԻ ժամանակ երկու ադրբեջանցի սպանվել են, թե՞ զոհվել, մի խոսքով մեռել են, չի հայտնվում, թե ով է սպանել, կարեւորը դա չի, կարեւորն այդ կնոջ… իմացեք ով է,- հերոսուհի մա՞յր, աշխատանքի հերո՞ս, կոլտնտեսության նախագա՞հ, այ թե բախտավոր տղամարդիկ կան, հաջող ընտրություն են կատարում,- խմբագիրն իր հումորից գոհ է մնում, աշխատողը լայն ժպտում է, բայց խմբագիրը ժամանակ ունի՞ հումոր անելու, խմբագիրն ի՞նչ է՝ կանչի աշխատողին ու ցուցումներ տա, խմբագիրը կենդանի մարդ չի, ցուցամատ է, բոլորը նայում են, թե այդ ցուցամատը որ տեղի վրա է ուղղված,- աշխատողն աշխատում է մի խոսք բաց չթողնել, աշխատում է անսխալ որոշել մատի ուղղությունը, որովհետեւ խմբագիրը հատուկ իրեն է վստահում, իրեն ասում է՝ իմացիր թե Խուրաման… ինչպե՞ս էր ազգանունը, Աբբասովա՞, ինչպե՞ս է գրվում՝ մե՞կ, թե՞ երկու բ-ով, երկո՞ւ՝ ինֆորմացված տղա ես երեւում, դու գնալով ինձ դուր ես գալիս, դու իրոք արժեքավոր աշխատող ես, երեսիդ չեմ ասում, քարտուղարուհուն ասա՝ գործուղում գրի, գնա տես էդ ղարաբաղցիներն ինչ են ուզում:
Աշխատակիցը կես խոսքից հասկանում է շեֆին, կես խոսքից ամեն ինչ հասկանում է, նրա՝ բառերով չասվածն օդում որսում է: Լավ աշխատողի թանկագին հատկանիշը սա է: Աշխատակիցը խմբագրի սեղանին է դնում իր գրավոր ըմբռնումներն այն մասին, թե գլխից ձեռք քաշած էդ ղարաբաղցիները, ամեն զրկանք իրենց աչքի տակն առած, անգիր սովորած ոտանավորի պես առավոտից իրիկուն ՄԻԱՑՈՒՄ են ասում, Հայաստան են կանչում, ոնց որ երեխան մոր ետեւից մամա ասի, կարծես էդ մամա-մայրը գնալու է կորչի, էլ նրան չի տեսնելու, կամ էլ թե ինքն է գնալու կորչելու, էլ մայր տեսնելու հնար չի լինելու: Խելքները կորցրել են՝ ուրիշ բառով ասած՝ ողջախոհությունը:
Հորթը բառաչում է մոր ետեւից, գառը մայում է մոր ետեւից, տրտինգ տվող քուռկիկը խրխինջ է անում մոր ետեւից,- մարդու փոքրը մոր ետեւից ի՞նչ է անում՝ էմոցիաներ է զարգացնում՝ տաք արտասուքը խոշոր գլորվում է աչքից, ու գետնին ընկածը ռումբի պես տրաքում է:
Իսկ Խուրամանի մասին արժե որ գրվի: Բանաստեղծը թեմայի սով զգաց, Խուրամանի մասին կարդաց ու նստեց ոտանավոր գրեց, խմբագիրն ասաց՝ մեր ուզածն է, ու տպեցին:
Նյութը հեշտ ընկալվող էր՝ նայում ես՝ տեսնում ես, ինչ կա՝ երեսանց երեւում է, ոչ գլխին զոռ տալ է պետք, ոչ մտքի լարում, փառք Աստծո՝ տող սարքելը խնդիր չի, բառի հետեւից ման գալ չկա, սիլլոգիզմի ուստա է, չալարես՝ գրես, թիրախը կա, հրացանը թուշ արած դրված է, ձգանը քաշիր ու խփիր տասին: Էլ պետք չի, որ մտածես, թե էդ ոնց եղավ, որ ուրիշ մայրեր գլխաշոր չհանեցին, գլխաշոր չունեի՞ն, թե՞ գլխաշորն արժեքավորող տղաներ: Բանաստեղծն անհարց ոտանավոր գրեց ու տպեց, խմբագրի աչքում հաստատելով կյանքի հետ իր կապը:
Հնար լինի կապես ծառին, կարճ կապես ու երկար ծեծես: Ադրբեջանցու ասած՝ մի՛ մուռտառի, գրականությունն ափսոս բան է: Չապականվի՜:
Իսկ ես ուրիշ բան եմ մտածում, ինքս ինձ ասում եմ՝ գնամ մեր հարեւան Արտեմի մայր Վարդանուշի ոտքը համբուրեմ, գնամ Կամոյի մայր Սիրանույշի ոտքը համբուրեմ, գամ Սամվելի մայր Արեւհատի ոտքը համբուրեմ: Միքայելի մայր Խանում մորաքույրին ողորմի տամ, գերեզմանին ծաղիկ դնեմ ու քարը համբուրեմ,- ձեր մեծության առաջ խոնարհվեմ, հայ մայրեր, ապա ձեր ծնած-սնած երեխաների ձեռքը սեղմեմ, որ այդպես իրենց ճիշտ են պահում:
Խուժանը եկավ զարկեց Ասկերանի բերդին, պղծեց, ջարդեց ու նահանջեց: Արտեմի ձեռքը սեղմեմ, մատները ետ տանեմ, որ մատները չկոչվեն համահավաք անունով՝ բռունցք, Միքայելի ձեռքը սեղմեմ, Կամոյի, Սամվելի, մյուսների ձեռքը սեղմեմ, իրենց այնպես պահեցին, որ Վարդանուշ, Սիրան, Արեւհատ, Հայկանուշ, երկու Զմրուխտները, Արուսյակը, մյուսներն իրենց գլխաշորը չնետեցին իրենց սնած երեխաների ոտքերի առաջ, որ սրանք ետ դառնան հանցանքի ճանապարհից: Ում պակասում է՝ ձեր սնած կաթից տանք, չխնայենք՝ տանք, որ իմացվի ու հասկացվի՝ անմեղ ծնված երեխայի հոգին մեղքով չծանրաբեռնվի, սեր ու բարություն սերմանվի,- երեխայի հոգին պարապ անոթ է, ինչ լցնես՝ նրանով է լցվելու,- այս պարզ բաները պիտի հասկացվեն, որպեսզի գլխաշորը նետելու հարկը չլինի, որպեսզի անբարոյական ոտանավոր չգրվի, իսկ ահա այս բանաստեղծը տեսնում է գլխաշոր նետելու անհրաժեշտությունը եւ չի մտածում, որ ճիշտն այն է, որ չնետվի, դրա անհրաժեշտությունը բանաստեղծի գործ չի, ա՜յ ոտանավորչի:
Ոտանավորչու գործն է, որ գլխի չընկնի, եթե գլխի էլ ընկնի, քաջություն չունենա ու չհարցնի՝ էս աղդամցին ի՞նչ գործ ունի Ասկերանում, էս ի՞նչ է՝ Ղարաբաղի հարցն Աղդամի ալվերչինե՞րն են լուծում: Ալվերչիները երեւի անհանգստացել են, որ եթե հանկարծ Ղարաբաղը տրվի Հայաստանին, էլ իրենք չեն կարողանալու «Խնձրիստանլուից», մյուս գյուղերից առատ աճող բանջարեղեն, պտուղ, մյուս բաները կես գին առնեն, Աղդամի շուկայից երկու անգամ թանկ՝ Ստեփանակերտի շուկայում ծախեն: Սրանից են վախենում: Բայց աղդամցի ալվերչին չի հասկանում, որ իր դասի մարդկանց համար վարչական սահման գոյություն չունի. Շելլի գյուղի նշանավոր նուռը հասցվում է Նորիլսկ, տարած նռան ծանրությամբ թղթի փող բերվում: Ալվերչին ազգի չի պատկանում, ոչ էլ սահման է իմանում, ապրանք լինի, առնող լինի՝ ծախվի, դառնա փող:

2.
Խմբագիրը կանչում է ՇՈՒՍՏՐԻ իր ժուռնալիստներից մեկին, ասում է` քանի՞ օր է պետք: Մի շաբա՞թ, մի շաբաթը շատ է, առանց այն էլ գործուղման գերածախս ունեմ, օրինակ, դու էս տարի ի՞նչ գործուղումներ ես գնացել` ԲԱՄ, Տյումեն, Պրիմորիե, ճի՞շտ է, չկարողացա քեզ քո ուզած Ամերիկայով Նիկարագուա ուղարկել, բայց հո ԳԴՀ գնացիր, իհարկե, էդ հապավման Դ-ի տեղակ Ֆ-ն ավելի հարմար էր... դա մի ուրիշ անգամ, հիմա երեք օրով գնա տես էդ Ղարաբաղում ինչ է կատարվում, երեք օրը հերիք է, մարդկանց կհանդիպես,- հյուրանոցի, մյուս հարցերը տեղի ղեկավարությունը կլուծի, մենք իրանց համար ենք չարչարվում, բարի լինեն` անեն, չեն ասո՞ւմ` մենք հյուրասեր ենք, թող հյուրասիրեն,- գնա՝ շուտ եկ, նյութը հենց պատրաստ եղավ` կտանք:
Գալիս են. երեք օրում դառնում ղարաբաղագետ:
Ժողովուրդն ալիքվում է հրապարակում, անքնությունից մարդկանց աչքերը կարմրատակել են, ասում են` ղարաբաղցուց աչքներն արյուն կալած են, մարդիկ քանի ամիս է ապացուցում են, որ տեղները նեղ է, էլ հնար չկա էսպես ապրել, որ չի կարելի աչքը կարոտ պահել, տեսեք քանի տասնամյակ է մարդկանց աչքը ճանապարհի, ականջը մի լուրի, բայց ճանապարհները փակ են, լուր բերողի ոտքը կոտրել է` մնացել ճանապարհին,- էսպես մարդիկ որձկալով ապացուցում են, որ այլևս անհնար է, անկարելի՜ է: Իսկ երեք օրով գործուղվածը նայում է հորձանք տվող ժողովրդին, որն արդեն մի քանի ամիս մոռացել է քուն ու դադար, մոռացել է երեխայի հոգս, կնոջ անվերջ դժգոհություն, բնակարանի նեղվածություն, հիմա երեխայի հոգս չկա, կինը տանը չի տեսնում, բոլորը գնացել են հրապարակ, ու բնակարանը մարդկանց խտությունից էլ չի քրտնում,- մարդիկ հիմա հրապարակում են ու ալիք են տալիս:
Գործուղման երիտասարդ ժուռնալիստը տեսնում է միայն անթրաշ տղամարդկանց, կանանց-աղջիկների դաժանացած հայացք, հիշում է խմբագրի կաբինետում արտաբերված մի քանի անհրաժեշտ բառերը, որոնց շուրջը պետք է հյուսվի նյութը: Ու նա հոտ է քաշում ու պարզ զգում է կոռումպացվածի հոտը, նա մտածում է անվրեպ: Սրանց մեջ հաստատ դրանցից պետք է լինեն,- բոլորն էլ խոսում են իրենց խնդրի արդարության մասին, բայց ինչո՞ւ կոռումպացվածի ձևով իրենց հպարտ են պահում, կամ ինչո՞ւ այդպես կտրուկ են արտահայտվում,- ծայրահեղականությունը պոչավոր չի լինում, էդպես է լինում. էդպես տաք-տաք ապացուցում են իրենց երեխաների` մայրենի լեզու սովորելու, հայժող պատմությունը սովորելուց զրկված լինելու մասին, կամ որ էդպես բարձր-բարձր ասում են` Գանձասարը մերն է,- չէ՛, չեմ տեսել, բայց դա կարևոր չէ, վերջին հաշվով կա ցուցակ, չէ՞, որտեղ գրված է, թե որ մշակույթը ում է պատկանում, առաջնորդվեցեք դրանով, ինչո՞ւ եք աչքներդ չռում ինձ վրա, բա որ ծայրահեղական չեք, ինչո՞ւ եք աչքներդ չռում, չեմ տեսնո՞ւմ, որ ուզում եք ուշունց էլ տալ, բայց ձեզ զսպում եք, կամ ասած, կամ` մտածած, ձեր էմոցիաներն ինչո՞ւ են էդքան շատ, հանգիստ եղե՛ք, հանգիստ եղե՛ք: Ողջախո՜հ:
Հանգիստ նայենք մեր ապականվող, ավերվող տաճարներին: Տաք-տաք խոսողներից մեկն ասում է` մեր գյուղերը դատարկվել են, մեր Ղարաբաղի հայության քիչ տոկոսն է ծնելու ընդունակ, որովհետև ծերացող է, Ղարաբաղի հայության բեղմնավորվելու հնարավորությունները խեղդում են, խեղդում են:
Մարդիկ ուզում են ծրագրավորված գործուղվածին ինչ-որ բաներ համոզել: Միամիտ ղարաբաղցի, կարծում է, որ եթե արդար է, որ եթե ապացուցվի, որ արդար է` էդքանը հերիք է: Արդարությունը կարծում է յուղապատառ հաց է` ում դեմ անես` վերցնելու է, հետո էլ շնորհակալություն է ասելու: Այ միամիտ հա՜յ... քո խելքի համար ուրիշ-ուրիշ խնդիրնե՞ր չկան, պրոբլեմնե՞ր չկան, օրինակի համար, էկոլոգիան` Արալի խնդիրը լուծվի, թեկուզ հենց ձեր Երևանի, որտեղ օդ չկա` մարդիկ շնչեն: Ուր գնում ես` դեմդ մի Ադիլով է ելնում, այսինքն` կոռուպցիա, հիմա բոլորը խոսում են վերակառուցման մասին, չպարզվի՞, թե ասողների մեջ ընդունողնե՞րն են շատ, թե՞ չընդունողները: Կամ թեկուզ «ադրբեջանական գործոնը». հայից ամենից հեռուն Լենքորանն է, բայց էլի չէ` չէ, մի քսան-երեսուն ընտանիք կլինի, ղարաբաղցիները Ստեփանակերտի հրապարակներում մեծ-մեծ խոսում են, նրանք ինչո՞ւ չեն մտածում Լենքորանում ապրող հայերի մասին, կամ, ասենք, անհրաժեշտություն եղավ Շաքիից տնկանյութ բերելու, որ գարնանը Ստեփանակերտի ծառը շատացվի և կամ Հորադիզից ո՞նց է անասնակեր բերվելու: Դըռռ` բերեցին, մեքենաները «ադրբեջանական գործոնի» վրայով թըռռ, թռան անցան, ու բերված անասնակերը թափվեց պահեստ,- ֆերմայի վարիչին իմաց տուր, որ անասնակերը` կոմբիկորմը, բերել են, թող գա պահեստից դուրս գրի, որ տանի տա անասունին, որ անասունը կաթն ավելացնի, գիրանա, միսն ավելացնի,- ղարաբաղցիների մեկ շնչի հաշվով արտադրածը դառնա 67 կիլոգրամ միս Ադրբեջանի հանրապետության 27-ի հանդիման, և որպեսզի միջին թվաբանականով մենք ավելի քիչ միս օգտագործենք, քան Ադրբեջանի հանրապետության, ԼՂԻՄ-ը չհաշված, մյուս բնակիչները: Ո՛վ դատի՝ ո՜վ ուտի:
Ղարաբաղցու համար թիվ մեկ խնդիր, խնդիր լուծողի համար` «հետո», խնդիր-դրա ժամանակը չի, գլուխներս էս խառը ժամանակը դրանք էլ ժամանակ են գտել, մենակ իրենք չեն, բողոքներ շատ կան, բողոքել-պահանջելը դարձել է կարգ, հարաբերություններ պարզելու ժամանակ են գտել, այդ հարաբերություններից ամենից մճեճը` ազգամիջյանը... Մատդ մեր քարտեզի որ տեղին որ թուշ անես` ազգային խնդիր կա, այդ խնդիրն էլ դառել է թաղգուճ, երկաթի սանր է պետք, որ սանրես, բայց երկաթը մետաղ է, հարց լուծելու մետաղի ժամանակն անցել է, պետք է անցած համարել:

3.
Երևի նման բաները գրքերում են գրվում: Լուրը պտտվում էր, մտքով հասկանում էինք, իրականում թվում էր անհնարին: Ցո՜ւյց պիտի լինի:
Ուրիշ էին ժողովները. որոշում կայացրու, ով ուզում է թող ստորագրի։ Բայց մետաքսի կոմբինատի երեք հազարը ոնց ստորագրի, դրան թուղթ ու թանաք կդիմանա՞, բոլորն էլ ուզում են` սպառված-սպառվելու վրա` Արփագյադուկից սկսած մինչև էս թևից` Թալիշը, բոլորը նոր չեն ուզում, մտքում վաղուց ուզում են, դուռ-պատուհան փակել են ու ասել` սխալ է, անարդար է, էսպես որ գնա` մեր վիճակը ո՜նց պիտի լինի...
Արյունը եռ է գալիս: Օդի մեջ անծանոթ մի շորշոփ կար:
Սառը օդը ներշնչում ես ու բորբոքված թոքերիդ ամբողջ ուժով, ձայնալարերդ դողացնելով արտաշնչում ու հրապարակում թնդում. Լենին, կուսակցություն, Գորբաչով: Մարդիկ Հայաստան են ողոքում, բաղձանքով Միացում են տենչում, ասում են` եղբայրության դեմ չկարծեք մեր էս մղումը, եղբայրությունը զոհ բերվեց: Ամբիոններից խոսում էինք, գրում էինք, որ հանկարծ բանավոր խոսքում իմացածի տեղակ մտածածը չասվի, չհավատալով գրավոր ասում էինք, ասում էինք` մեր հայր Առաջնորդը, մեր երջանիկ, ազատ, մեր էլ ավելի երջանիկ, ավելի ազատ ապագան, էդ ապագան դարձել էր պասի, ամոթ չլիներ ասել` ամորձիներ` բանդաղի նման մի բարձր տեղից կախած` ձեռքդ ինչքան էլ մեկնում ես, չի հասնում,- լավ ապրելու, լավ զգալու, ապահով քնել-վերկենալու այս մեր տենչա՜նքը,- ինչ ասում էին` հավատում էինք, ասում էին` ժամանակավոր թանկացում է, հոգոց էինք քաշում ու համաձայնում, ասում էին` Առաջնորդն ասել է` մեռնել, գերի չընկնել,- ենթադրենք ասում է` վիրավորված եմ եղել, ուշքս ինձ վրա չի եղել, կողքին չես եղել` ի՞նչ գիտես ճիշտ է ասում, թե սուտ.- իսկ հարցաքննողը կողքի՞ն է եղել, որ եզրակացության մեջ գրում է` աքսոր,- էսքանն ինչի՞ համար ասվեց, որ իմացվի, թե էսքան բաները լսած, տեսած, զգացած մարդիկ էլի Շահումյանի զբոսայգում ոնց որ գետնի տակից բուսած թուփ դառան և, ով ավելի համարձակ էր` մղվեց առաջին շարք, ու կամաց քայլեցին դեպի Լենինի հրապարակը: Լսվել էր` չէր տեսնվել: Այս ինչ հրաշքով անհնարինը հնարավոր եղավ:
Մեր աչքերին փառ էին քաշել, մեր անգիտության մրափի մեջ տեսնում էինք` չէին ջոկում, մենք մեր վիճակով էինք պատկերացումներ կազմում. տեսնելու-շոշափելու-համեմատելու նստել-վերկենալը չունեինք: Մեր ուղեղների վրա գոյացած ոստերը` ոնց որ ջեղանի փետ, դարձել էին զգուշացնող ազդանշաններ՝ տես, հա՜, պահած խոսքը ոսկի է: Եվ տեքստը տալիս էին, թե` կարդա, էնպես կարդա, որ թվա, թե դու ես գրել, ներշնչման պահին ես գրել, հիմա էլ որ էս ամբիոնից կարդում ես` չես կարդում, այլ հոգու խոր տեղերից է գալիս, և հուզմունքդ էլ չես կարողանում պահել, ինչու` որովհետև այս մի բարձր ժողովը դարձյալ իր նախորդը չունի, բառանյութը կա, կաղապարը պատրաստ է, լցրու-թափի, լցրու-թափի, ՕTK-ն ստուգել է, գրաքննիչի ձեռքի տակով անցել է, ամեն ինչ տեղը տեղին է։ Մեզնից հեռվում ինչ է կատարվում` չգիտենք, բայց մեզ ծանոթը... ուզում ես անունը դիր պրոտեկցիա, ուզում ես մեր մեջ հնարած հապավումը կրկնիր` ԽԾԲ, ուզում ես էս վերջերս շատ կրկնվող բառը ասա` կոռուպցիա,- առավոտը գնում ես մարգը ջրում, մի եփելու լոբի ես քաղում, մի քանի վարունգ ու պոմիդոր ես կտրում, շատ կանաչի պետք չի, թառամածի կեսը հետո լցնում ես հավերի առաջ,- էսպես գալիս ես բանջարանոցը, քո արածից գոհ, արդյունքից էլ գոհ, գնում ես տուն, մեկ-երկու օր անցած նորից ես գալիս ու տեսնում բանջարանոցդ խարկված, շախկան տարել է,- ու հայտնի շախկային նոր որակավորումներ ես հորինում` կոռուպցիա-կոռումպացված,- ահա քո իմացած ծանոթը, որին երեխա ժամանակից գիտեիր, տեսակը դուրդ չէր գալիս, բայց չէիր ասում, արհամարհում էիր, հետո ծանոթդ` քո իմացածը, դառնում է էսինչ էսինչովիչը, որի կոռուպցված լինելը հետո ես իմանում, երբ երեխաներին ինստիտուտ է տվել, ավարտել-եկել են` լավ տեղավորվել են, լավ պաշտոնով ապահովվել, լավ վերանորոգված ու կահավորած երեք, բայց ընդարձակ քառ. մ ունեցող բնակարան ձեռք բերել.- ահա թոշակի վրա ուզում են կուլակաթափի նման կոռուպցիաթափ անել,- ուզում են, բայց որ կարողանան, մենք մեղմ ենք, մեղք ենք, մեղք ենք, ծնվողը պիտի ապրի, մեկը չապրի` տասը նայի, մեկը ղիջի տալով չապրի, սոցիալական արդարությունից մի քիչ մեր երեսին ցանենք, որ վառվող մեր դեմքը հովանա:
Տապից խեղդվում ես, օդ չկա շնչելու, մի բուռ սառ ջուր լիներ` ցանեիր ճակատիդ, մի հով տեղ լիներ` գլուխդ դինջ դնեիր... որտեղից մի քամի ծնվեց, եկավ խփեց դեմքիդ, օդի մեջ թթվածինն ավելացավ, մակաղած սիրտդ սկսեց խաղալ, կուռդ գնաց մի գործ անելու, միտքդ եկավ տեղը:
Վերակառո՜ւցում:
Վերակառուցումը կարգախոս չդառնա, որ շատ կրկնելուց իմաստը մոռացվի, չատվի, այլ արվի, գործ լինի, աղքատ ապրելուց հոգնել ենք, չմեռնենք` մի քանի տարի ապրենք, որ էն աշխարհում պատմելու բան ունենանք։ Գոնե ասվի, սրտում կուտակվածը ասվի, չվախենանք, ետևից չասենք, երեսին տղամարդու պես ասենք, որ առաջվա պես ապրելն անհնար է:
Հիշեցինք, խարկած մեր հիշողությունը բորբոքեցինք ու հիշեցինք, որ մենք, ախր, Ղարաբաղ չենք, Արցախ ենք, խոսքը բառին չի վերաբերում, ուզում եք անունը դրեք... ինչ անուն ուզում եք դրեք, բայց ժողովրդի ուզածով էդ ժողովրդին թող արեք միանա մայր ժողովրդին, ծոցից պոկել ես, որ ինչ լինի` էս հազար անգամ ասված-կրկնվածն էլի է ասվում, որովհետև ուրիշ միջոց չկա, կա` բայց մենք ուրիշ էդ միջոցներից խորշում ենք, մերը չի, մեր բնույթին հակառակ է:

4.
Երևի մեր ժողովրդի պատմության մեջ հիշվի 1988 թ. փետրվարի 13-ը: Ձախորդ այս թիվը ձախորդ մեր ճակատագրին բռնում է: Քսաներեք տարի առաջ էլի 13 հոգի նման մի նամակով դիմեցին բարձր մարմինների ու դա պատճառ դարձավ, որ հալածվի, արտաքսվի ուրիշ կերպ մտածողը: Ուրիշ կերպ մեր Արցախն ուրիշ կերպ տեսնելն էր:
Անուն չգրվի, ոչ ոք չընդգծվի, եթե պետք է գրվի, 140 հազար տողանոց ցուցակ բերվի` անունատեր գրվեն բոլորը:
Թամանյանի ձեռքով գծված Ստեփանակերտի կենտրոնական կլոր` ոնց որ կարկինն առանց սայթաքելու հավասար շրջես,- ահա այդ կլոր` ստեփանակերտցիների` ռուսերեն «տÿՑՈփՏՍ» անունով կնքված պուրակից պետք է սկսվեր Շարժումը: Ու սկսվեց: Ոնց որ գետնի տակից ծնվեն` այդպես մարդիկ ծնվեցին: Հավաքվածները, սակայն ամբոխ էին, դեռ չէր ձևավորվել Առաջին շարքը, որ հաշվել լինի` մեկ, երկու, երեք, չորս...Դեռ առաջին շարքը չէր գտնվել, որ հաջորդները հետևեին Առաջինին:
Քաղկոմը նախօրոք մշակում է, կանչում այսինչ, այսինչ, այսինչյաններին և ասում` վաղը տեղական ժամանակով... քո մարդկանց հավաքում ես այսինչ տեղը և այլն... Օրինավոր շքերթ, հազար անգամ կրկնված: Եթե ճիշտն ասվի, կանչել, բացատրել պետք էլ չի, միայն զանգիր և ասա մարդկանց թիվը, տեղը և ժամանակը: Այս գործը, որ ավտոմատացված է` առջևից մի բանվոր, մի մտավորական, աշխատանքի վետերանը չմոռացվի, էլ ինչ մնաց` երիտասարդներից մեկը պարտադիր լինի... Ամեն ինչ հրահանգավորված պարզ է:
Այս մեկը` չհայտարարված, կամավոր, ինքնաբուխ,- բայց ինչպես այսքան ճիշտ` ջահել տղա կոմսոմոլ, երեխատեր, թոռնատեր, կուսակցական` բանվորուհի, դասախոս, բանվոր տղա` այսպես մի շարք կանգնած, մետաղի պես լարված, վճռական, դանդաղ, հազար անգամ գնացած այս անծանոթ հրապարակը, որ անասելի մեծ է թվում, քայլ անելը դժվար, բայց ետևից պարզ զգացվում է ետևից եկողների տաք, հաճախացված շունչը,- այսպես արագացված տաք շնչառությունից գլուխդ բարձր ես պահում, բայց նաև չես տեսնում` ոտքդ ոնց ես կոխում, հանկարծ քայլդ երեր չթվա, պատմական, պատմական, պատմական քայլեր են, բոլորը շնչները պահած քեզ են նայում, քայլդ պետք է հաստատ լինի, վստահ լինի, չկարծես, չկասկածես,- այնպես ահագնանում է շարասյունը, հոծ, անվարան գալիս են, խառնվում Հրապարակի նշված տեղում: Առաջին շարքը բարձրանում է տրիբունա, որ ափաշկարա, ի լուր աշխարհի հաստատի արցախահայության պահանջը:
Ցույցը սկսվել է: Միասին մի գծի վրա քայլեցին ու այդ շարժումը անասելի էր, անպատմելի էր` դժվարության, կարոտի առումով: Ձերբազատման, ինքնահաստատման օվսաննան էր աներևույթ թևածում տարածուն Հրապարակում։
Վերջապես ծնվեց ոգին, որից հետո բազմիցս փորձեցին սպանել, բայց երբեք չկարողացան հաղթել:
Մենք ժամանակ չունեցանք հիանալ մեզնով, զրկանքը չնկատվեց, կտտանքներն ու ստորացումները, ահաբեկումներն ու սպանությունները ետ չպահեցին մեզ Գողգոթայի ճանապարհից, մենք Հոբ Երանելու պես էինք` լուռ, նպատակադիր, գլուխներս կախ, մենք գիտեինք, որ այս ճանապարհը մենք պիտի գնայինք ու՝ տալիս էին բերաններիս։ Ուրիշ բան չէինք սպասում, ուր էին գցում` ուրիշ շնորհք չէինք սպասում, բամբասում-անարգում էին՝ առաջին անգամը չէ, սպանում էին ազգային պատկանելության համար` վաղուց ծանոթ մոտիվ...
Բառը գտնվեց, բառը դարձավ կարգախոս, դարձավ շարժում, որ հետո պիտի հոլովվի, ասվի, կրկնվի ու միավորի մի ամբողջ ազգ` Երևանից մինչև Կալիֆոռնիա, Ստեփանակերտից մինչև Ավստրալիա: Միացո՜ւմ: Ոնց որ ասվեր` ելի՜ր...
Երբ ասվում է Մենք` պիտի հասկացվի այսպես:
Անվարժ, լավ չձևակերպված, կես խոսքից հասկացվող, գլխավոր միտքը ղողանջի պես զնգալով գնա՜ց: Քիրսի վրայով անցավ մինչև Երևան: Հեռախոսագծերը դադար չունեին, հեռատիպներն անվերջ ակտիվացրին։ Մորզեի շիֆրը գործում էր` կապի տեխնիկան աշխատում էր լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ղարաբաղցիքն ասում ե՜ն...
Պրոֆիլակտիկան չօգնեց, Բաքվից եկած ղեկավարների ներկայացուցչական կազմն այլևս ի զորու չեղավ մեզ համար ձևած մեր զսպաշապիկները մեզ հագցնել: Եղանակը փոխվել էր` չնկատվեց, ժամանակներն ուրիշ էին, մենք կարգին չէինք էլ գիտակցում, թե ինքներս ինչպես ենք փոխվել` այն չենք, էլ այն չենք, էլ այլևս այն չենք, մեզ համար պատվիրված այդ կարգի շորերն այլևս նեղ են գալիս, այլևս չեն սազում, չենք ուզո՜ւմ: Վիճակը վերջապես ձևակերպվեց բառերով, ձևակերպվեց տաք-տաք, կցկտուր ելույթներում, այդ բոլոր երկար, ոգևորված ասվածների համահավաք իմաստն ածվեց մի բառի մեջ` Մի-ա-ցո՜ւմ:
Տաք-տաք էինք: Ոգևորված: Խանդավառված: Միամիտ: Անտեղյակ: Մենք մեզնից գոհ էինք, մենք մեր աչքում բարձրացանք, հայի քաղցր-մոռացվող համը մեր բերանում զգացինք լրիվ: Լա՜վն էր, մոռացված լա՜վն էր. ո՞նց ասվի, որ հասկացվի մեր լավ ասածի իմա՜ստը:
Ու միամիտ կարծում էինք, որ գործն արել-պրծել ենք, սպասենք որոշմանը:
Բարձր նյութի նկատմամբ թուլություն ունենք: Հին ժամանակներից սկսած: Մեր աչքաբացները կտրում էին սար ու ձոր, ծովեր էին կտրում- անցնում, որ ուսում ստանան: Հետո ուրիշ լեզվով սովորածը մեր լեզվով պատմում էին, մարդիկ լսում էին` բերանների ջրերը թողած: Լսեցին լիացան, բայց աչքաբացներին ասացին` ձեր կարդացածը մենք էլ ենք ուզում կարդալ, դարձրեք հայերեն: Գործն արեք, արեք պրծեք` գառ ենք մորթելու, հին պահած գինի ենք հանելու, նշանավորելու ենք ձեր արած բանը` գործը: Մեկ արեցին, երկու արեցին, երեք-չորս արեցին, երեք-չորս, տասը-քսան, է՛լ շատ, ու նշելը դարձավ արարողություն, դարձավ տոն ու տոնահանդես, անունը դրին Թարգմանչաց տոն: Հիմա մարդիկ պատմածով չէին իմանում, կարդում էին ու հիանում, մեկ ծիծաղում էին, մեկ արտասվում, ուրիշ մագաղաթներ էին առնում ձեռքները, մատը դնում էին իրենց ճակատին ու էդ մասի կնճիռները շոշափում: Ափլաթուն իմաստունի անունը տարածվեց ու էնքան տարածվեց, որ էլ մարդու անուն չէր նշանակում, մարդու տեսակ էր նշանակում, որպեսզի ասվի` էսինչը խելոք է, իմաստուն է, ասում էին` ափլաթուն մարդ է: Էսպես յուրացվում էր Պլատոնը:
Երբ առաջին անգամ կարդացի էդ մասին` ես ու ես ասացի` հայերս կարգին մազալու ենք: Գերմաներեն իմացող մի հայի ձեռքը մի գիրք էր ընկել, կարդացել դուրն էր եկել ու վերցրել էր նամակ գրել` պ. Կ. Մարքս, ուզում եմ Ձեր և պ. Ֆ. Էնգելսի գրած «Մանիֆեստը» թարգմանել:
Մենք մի տեսակ թուլություն ունենք բարձր նյութերի նկատմամբ: Շուտ վարակվում ենք, ոնց որ լուցկու հատիկը մոտեցնես կենի ծառին` կենին իսկույն չրթչրթալով սկսում է վառվել: Մենք կենի ծառի պես արագ բռնկվում ենք: Կրա՜կ էր պետք: Երբ երեք տարի առաջ նոր նշանակված Մ. Ս. Գորբաչովը հայտարարեց Վերակառուցման մասին, Հրապարակայնության ու Դեմոկրատիայի մասին, մենք կենի ծառի նման բորբոքվեցինք, վառվեցինք Գաղափարով: Մենք սուր զգում էինք Գաղափարի պակասը, ՄԵՆՔ շատ էինք սպասել էդ գաղափարներին, որովհետև ուրիշների ունեցած նեղվածքներին համահավասար` ճակատագրով մեզ բաժին հանած նեղվածքն էլ ունեինք` մեր սեփականը,- խարանի պես գրել էին մեր ճակատին ու ասել` հետայսու էս մի խաչն էլ պիտի քաշես որպես ճակատագիր:
Գաղափարը լուցկի էր, մենք` կենի ծառ` բռնկվեցինք.- Ղարաբաղի ամեն ծայրից եկան. Խծաբերդից եկան, Աշանից եկան, Հաթերքից եկան, Չանախչուց, Քարին տակից եկան, նորից ետ դառնանք, դեռ մարդ է մնացել` եկան` Քյաթուկից, Տոնաշենից, Ծովատեղից, Եղծահողից։ Մավասը մարդ չուներ, որ իր ներկայացուցիչն ուղարկեր, Մոշխմահատը, Հայադը, Պետրոսաշենը, ուրիշ շատ չթվարկվածներ չունեին, Փահլուրը, Կանաչ Թալան, Ջամիլլուն, ուրիշացված այլ գյուղեր չուղարկեցին, բայց այդ գյուղերի նախկին բնիկներ` ներկայիս ստեփանակերտցի դարձած բնակիչները եկան ու բոլորից բորբոքված էին: Բոլորը եկան ու ալիք տվին Ստեփանակերտի Հրապարակում,- հեռվից նայում ես, երկար որ նայում ես` ոնց որ օրորվող ծով, գլուխդ պտտվում է, թվում է՝ գետ ես անցնում ու մոռացած՝ հոսանքի ուղղությամբ ես նայում` գլուխդ սկսում է պտտվել: Մարդիկ ալիք էին տալիս Հրապարակում:
Մեկն ասաց` Միացում, մյուսները` բոլորը վանկարկեցին` մի-ա-ցում: Ձայնը գնաց-խփեց Բովուրխանի ճակատին` ետ եկավ, խփեց Մռավի ճակատին` ետ եկավ, Քիրսի ճակատին` ետ եկավ, Բաքվի կողմի վրա սար ու արգելք չկար` ձայնը շուտ հասավ, իսկ մինչև Քիրսի վրայով մեր ձայնը հասնի տեղ` ասացին` էլի եկեք, որ շատ լինենք, շատի ձայնը գումարվում է` կհասնի: Դժվար` հասավ: Մռավի վրայից էլ անցավ, հասավ ավելի հեռու:
Ժողովուրդը կենի ծառի պես վառվել է, պահանջում է` նստաշրջան: Ժողովուրդն ափնակոծում է, եռ է գալիս, պահանջում էր դեպուտատներին բերել տալ, որ նստաշրջան գումարվի, իրենց պահանջ-խնդրանքը ձևակերպվի, հրապարակայնության էն օրերին ուղտ չեն նստելու ու կուզեկուզ ման գան, կուզեկուզ ման գալուց մեջքներին կուզ է գոյացել, կուզիկ չեն, վերստացել են ու նկատել, որ իրենց բոյն էլ է տեղը,- շենք-շնորհքն էլ է տեղը,- մի քիչ դենը կաց, որ ես իմ տեղը կանգնեմ,- այդ իրավունքի նստաշրջանի պահանջն են առաջ քաշել հրապարակի` Արցախ-Ղարաբաղի ամեն գյուղից, ամեն ընտանիքից եկած ներկայացուցիչները, ինքնաբուխ ստացված այս հանրաքվեն, պլեբիսցիտը, ռեֆերենդումը. ուրիշ էլ ինչ կա` ասենք, որ հավատան, իմանան, որպեսզի էսպես աղաչող-պահանջող ժողովրդի ցանկությունն ըմբռնումով ընդունվի, ոչ թե մի պաշտոնյա լկտի, ցինիկ սպառնա` հարյուր հազար զինված մարդ կհանվի ձեր էդ Միացումի դեմ: Չհավատացին, շուլուղի տվին, հումոր արին, ու հումորը վատ չստացվեց,- վատը Սումգայիթում ստացվեց, Աղդամի նախաբանով, Կիրովաբադի հետախուզական ստուգաբանությամբ:
Ժողովուրդը նստաշրջան է ուզում:
Այդ օրը մեր ճանապարհները փակվել էին: Բաքվից եկածը, Բաքվից եկած ամենամեծը քվորումի վերաբերյալ միտք տվեց ներքին գործերի մինիստրին,- մինչև կարճ ժամանակում Ստեփանակերտի մուտքերը ղարբանդվեցին բերված կոնտինգենտով: Դեպուտատ չկա` նստաշրջան չի լինի, լինի` քիչ կլինի, անվավեր կհամարվի` պարզ այս թվաբանության խնդիրը պիտի լուծվեր, բայց մեկ այլ ուրիշ հաշիվ մոռացած` նպատակ լինի, իղձ ու փափագ լինի` եկողը կգա, չուզողին կստիպեն ու կստիպեն ուրիշ այլ ձևով, որ ոչ մինիստրի խելքին կհասնի, ոչ Բաքվից եկած մեծավոր մեծի:
Խրամորթից Ստեփանակերտ, նախագահի խարխլված ՈւԱԶ-ով էլ, իրեն սպանի` կես ժամվա ճանապարհ է: Խրամորթի մարզխորհդի դեպուտատի իսկական կարիքը կար, էսքան տարվա մեջ միակ անգամ պարտադիր անհրաժեշտ եղավ: Դեպուտատը` ծեր կին, մեքենայով կեսօրին ճանապարհվեց ու... ոտքով` իրիկունը հասավ Ստեփանակերտ:
Ստեփանակերտի` շատ հեռու մուտքի մոտ մեքենան կանգնեցվեց, ասվեց` չի կարելի: Եթե հիմա չի կարելի, մյուս բոլոր դեպքերի համար ինքն է որոշելու չի կարելին էլ, չի գնալին էլ:
Դեպուտատը` ծեր կին, ոտքով, խոտոր տեղերով գնաց Բալլուջա գյուղի ուղղությամբ, Խնածախը Ստեփանակերտին ավելի մոտ է, աշխատեց ավելի ձախ գնալ, որ ճանապարհը կարճ լինի,¬ ձախ էր թեքվում, Խնածախի ուղղությամբ` Ստեփանակերտին մոտիկ ձախ էր թեքվում, բայց ճանապարհը խրթին եղավ, մոտ չստացվեց: Ուշ հասավ Ստեփանակերտ, ոտքերը էլ իրենը չէին, միտքը իրենն էր` չուշանա, ինքը պետք է, էս մի անգամ շատ պետք է ու հանդիպած անծանոթին, ոնց որ թոռանն ասեր, ասաց` իմ հեր քեզ մատաղ, ոտքերս բռնվել են, ինձ տար հասցրու, ես մարզխորհրդի դեպուտատ եմ:
Ձեռքերի վրա տարան, ոտ ու ձեռ համբուրելով տարան,- հոգնած, ծեր, դեպուտատ կինը պատմում էր, ինքը ծիծաղում էր, իրեն տանողները լաց էին լինում, ուրախության, հպարտության, ամոթի արցունք էին թափում, շաղված աչքերով, արագ տանում էին, որ նստաշրջանը տեղի ունենա:
Աղջիկը` իր արգանդում սերած երեխաների հետ բարձրացել է անդունդին կռացած պատին ու հորն ասել ճշգրիտ ճիշտ գտնված բառերը` եթե չգնաս... մնացածը չի ասել, երեխաներին թեթև հրել է անդունդը ու նայել ցած:
Այս բարձրության վրա թթվածինը պակաս է լինում, այս բարձրության վրա մարդու գլուխ պտտվում է, շունչը բռնվում է, այս բարձրության վրա ամեն մարդ չի կարող մնալ: Մարդկային ոգու թռի՞չքը...
Չգնալու ապահովվածությունը վերացավ, գնալու վտանգավորությունը մոռացվեց. դեպուտատ հոր այլընտրանքը սա էր` իր արյունից պտկածի առաջադրվածը:
Այս բարձրության վրա թթվածինը, իրոք, պակաս է լինում:
Ալիք տվող հրապարակը հուզվում էր, քվորում բառը վերլուծվում էր բոլոր առումներով,- դեպուտատների թիվը հայտնի է, Շուշիից հաստատ չեկողներինը հայտնի է, քվորումի տոկոսը պարզ է` հավասարումը կազմված է, խնդիրը պետք է լուծվի, լուծվելու է, լուծվե՜ց:
Հրապարակում օդի բաղադրությունն ուրիշ էր, Հրապարակը շունչը պահած սպասում էր որոշմանը, որ հետո պիտի կոչվի պատմական:
Հիշվի ու գրվի` 1988 թիվ, փետրվարի 20:
Էս թիվը չի ջնջվի, նորագույն համաձուլվածքներից շինած բրիչով էլ չես քերի-հանի: Դա պատմական փաստ է, իրողություն է,- ժողովրդական հիշողությունից չես հանի, լուրը` Ավետիսը, ցամաք ու ծով կտրեց ու աշխարհի ականջին, բարձր, որ բոլորը լսեն, ասաց` էլ հերիք է, մեր արցախահայության պահանջն այս է` էդ «անբաժանելի մաս» տարփողվածը բաժանվե՜ց: Մենք հոգեպես արդեն բաժանված ենք:
Երեխաները «Սավեց-նեմեց» խաղն էին խաղում, երեխաները տիկնիկ էին խաղում, պուճուրիկ տղեկները ճիպոտը կոխում էին շեքերը ու դառնում ձիավոր: Հիմա էդ երեխեքը գալիս են Հրապարակ ու «միացում-միացում» խաղում: Նորահնար ի՞նչ բրիչով պիտի քերվի, ի՞նչ նոր քիմլուծույթով կմաքրվի մեր պատմության էջում արդեն գրված ու երեխաների անգիտակից խաղի մեջ արձանագրված այս եղելությունը:
Այս Մե՜նքը:

5.
Պահանջվեց, խնդրվեց, հետո աղերսանքի ձևով ասվեց, հետո,- այդ ո՞ւմ մտքով անցավ, այդ ո՞վ էր մեր տեսակի Մահաթմա Գանդին, որ առաջինը չոքեց սառն ասֆալտի վրա ու ձեռքերը կարկառեց դիմացի շենքին: Գութը հայտարարվեց զե՜նք: Հետո մյուսները չոքեցին, մյուսները` հիսուն հազարը: Իսկ ո՞վ էր նորահայտ այդ Հիսուսը, որին կարկառվեցին կանացի նյարդային ձեռքերը, խնդրեցին, որ դուրս գա, մի խոսք ասի, սփոփանքի մի բառ, մի հայացք պարգևի: Սահմռկեցուցիչ էր տեսարանը, նվաստացնող, մարդկային գութի մեջ դաժանությունը սպանելու ճի՜գ,- արտասուքները դողացին տղամարդկանց մազակալած երեսին, մատները բռունցք դարձան, բայց կանանց կարկառված ձեռքերի հրամայականը` ո՛չ-ը, պահեցին իրենց տեղում: Պահը դաժան էր, սպանելու չափ երկար:
Ո՞վ իմացավ, ո՞վ հասկացավ, որ այդ պահին ջրդեղվեց կամքը` ետդարձի ճանապարհ չլինի՜: Հետո պիտի ասեն` ղարաբաղցին կողքահաստ է, համառ է, ինքնասածի է, որ փոխանակ պատը շրջանցելու, ղարաբաղցին երկար հեշտի տեղակ` դժվար կարճ ճանապարհն է ընտրել` պատը ծակե՜լը: Ղարաբաղցին, որ ոսկոր ճաքեցնելով, տասը տակ քրտնելով, իրեն զրկելով երկիր-ծննդավայր էր պահում, ասաց` չէ՛, ու էդ չէ-ն իրեն կեղեքելու հաշվին էր,- իրենից է կտրել, հարազատից է կտրել, ասել է` տղա երեխա է, դպրոցն ավարտի հետո կոստյում կառնեմ, գունավոր հեռուստացույցից նա իբր սև-սպիտակն է գերադասում, երիկամին ի՜նչ, ուրիշները որ չունեն, չեն ապրո՞ւմ, կատակ է անում ու արձակուրդին կեսգին ուղեգրից հրաժարվում է,- հանդի օդը տասը Կիսլովոդսկ արժե, բուժումը կարվի հանդում, հանդի թերապիան ո՞ւմ են տվել, Սոչի-Կիսլովոդսկ գնացողները խելք չունեն` մեր Արցախ աշխարհի էն սիրուն տեղերում ման գալը, մուրաբի համար մոշ քաղելը, տկողնի ժամանակ` ձրի թափած է, հավաքի ձմռան պաշար, շլորի` խունկուձեթ էդ պտուղից, լկերթնից,- մեր հանդերում ի՜նչ ասես չի աճում,- գնա համ հանգստացրու ներվերդ, համ էլ քաղի բեր` դարձիր կնոջդ աչքի լույսը,- քո գործը մոշի թփի հետ է, տկողնի քոլի հետ է, շլորին փշոտ է, մասրենին էլ` մեր բարբառով` փոշ ունի, բայց որ ծակում է` մարմինդ է ցավում, հոգիդ չի ցավում,- էսպես արձակուրդ անցկացրու` արհամարհելով ծովի աղեջուրը, Կիսլովոդսկի նարզանը, քո հպարտությամբ քեզ զրկելու փորձված եղանակով սև օրվա համար մի քիչ փող ետ գցիր:
Շատ երկար տարիների ծյուրանքով գոյացած «սև օրվա» համարը այս տուժանք տարվա համար պետք եկավ:
Տեսա՜ն գործադուլը, որովհետև կարկամած ձեռքերը` չոքած, մի պահ էր տևել` չտեսնվեց, չգնահատվեց, տեսանելին կանգնած հաստոցն է, դադարած գործարանը, պարապ մնացած կռունկը, խաղաղ միտինգն ազդեցիկ չէր, խնդրագրերը` լավ, սիրուն ձևակերպված,- ուղեղ է ճաքել, մինչև գտնվել են դիպուկ, սրամիտ, հարմար գտնված դասական մեջբերումներով մտքերը, որոնք մնացին առանց համտեսի,- բանասացների կրակոտ, կրքոտ բացատրություններին քաղաքավարի ունկ էին դնում, բայց այդ երկու ունկերը հաղորդակից անոթ էին, մի կողմից ածվում էր, մյուս կողմից թափվում,- մեր ինքնակիզումները լոսված էին, լպոտված էին, սուլուլիկ սոթ էին տալիս, մի պուճուր չէր չանգռոտում մի որևէ տեղ, որևէ մեկին: Մերը փո՜ւստ էր գնում:
Իսկ ճակատագիրը Սումգայիթի համար մեր ժողովրդական հիշողության մեջ տեղ էր պատրաստում, որ հարմար մշտական բնակությունը գրանցվի՜: Բարձր պաշտոնյա Ասադովն արդեն ասել էր հարյուր հազար զինված մարդկանց մասին, իրենց բանաստեղծը իրենց ձևով ասել էր` էլի արյան հոտ եմ առնում,- ամեն ինչ նախապատրաստված էր` սպանության գործիքը կա, գործիքը դրվել է սպանողի ձեռքը, մնում է հրաման արձակելը,- հրահանգը մանրամասն արվել է. ով պատահի` կարելի է, պառավ լինի, երեխա լինի,- հարյուր տարի է, էդ գործին եք, ամեն անգամ նորից չի բացատրվելու, քանի տարի առաջ` այստեղից մի քանի կիլոմետր էն կողմ` Բաքվում, ինչպես արվել է` էնպես էլ հիմա՜, մեծ ու փոքրի չնայել, սիրուններին՝ ոչ միանգամից սիրունների հետ,- գրականություն չեք կարդում, լավ գրագետ չեք, ձեր նախորդները սիրունների սիրունությունը ճշմարիտ որոշելու համար մորից նոր ծնվածի նման են արել, հետո մնացածները,- ձեր պապերը, որ պարապ են մնում, խնդրեցեք, որ պատմեն,- հենց տասնութ թվի նման էլ կանեք, սկզբում սկզբինը արեք, հետո մյուսը` ավարտականը, բառը չասել, էդպես գեշ է ստացվում,- ոսկին պարտադիր վերցրեք, մնացածն ըստ ձեր ճաշակի,- դուռուպատուհանը վերականգնելը մի քանի օրվա գործ է, ձեր ձեռքին տրվածով կարելի է դուռ էլ ջարդել,- ահա այսպես հրահանգավորվում էր հոծությունը, որի քանակն աննախատեսելի մեծանում էր:
Ասադովը ճիշտ էր:
Երկու օր առաջ աննախատեսելի հետևանքների մասին ասվեց, երկու օր հետո տեղի ունեցավ նախօրոք` երկու օրից շատ շուտ նախատեսվածը` Սումգայիթը: Սպանել հային` խնդիրը հեշտ ըմբռնելի, տեղը հարմար, սպանողը` կա, սպանվողը` կա, անցնել գործի՜:
Սխալ չհասկացվի` խնդիրը հային սպանելը չի,- հայի ոսկի ձեռքե՜րը, հայի փանդով բռնած գո՜րծը, հայ կնոջ տնարար ձեռքե՜րը,- հրաման արձակողն այդքանը չգիտի՞, հրաման արձակողն այդքանը լավ գիտի և նոր չգիտի, բայց պետք էր, պետք էր, շատ էր պետք ադրբեջանական գործոնը,- որովհետև արցախցի դարձած ղարաբաղցիներից ուրիշ կերպ չես պրծնի՜:
Ծնվեց և հիմա վայելում են. մի քանի մանեթ շպրտվեց հայի բերանին` ոսկորդ առ` գնա չափարի տակ կործկործի և ձեն չհանես` Շուշիում քիչ հայեր չկան, Բաքվի հայերը շատ են, քան ԼՂԻՄ-ում, դուք միայն ձեր մասին չմտածեք, փորձեցեք որևէ բան անել` մեր միշտ էլ ունեցած, բայց աչքառ չարած մեր գործոնով ռեխներիդ կտանք,- այս ձևն ազդեցիկ էր, լոսված-լպստված ուղեղները էսպես փաստարկը հասկացան-ըմբռնեցին, ընդունեցին ի գիտություն:
Կետձկան գորշ տեսակից երեքը շրջափակվել են սառույցներով: Նախ նկատվել է կետը, հետո` նրա գորշ տեսակի լինելը: Աշխարհով մեկ SOS հայտարարվեց, որպեսզի միջազգային տագնապականչին ով կարողանա` ուզենա գա օգնության, որ կործանման եզրին գտնվող գորշ տեսակին պատկանող երեք կետերին փրկեն: Երկու մեծ տերություն մեկին զոհ տալով երկուսին փրկեցին:
Գոհությո՜ւն քեզ, աշխարհը հանգիստ շունչ քաշեց: Հիմա մարդիկ կարող են անտագնապ քնել...
Մենք մեզ դուր գալու չափ սիրունացանք` մեզ ծանոթ կետձկները կարող են իրենց մեծ թոքերով շնչել և արտաշնչելիս ջրի շիթերը շատրվանի պես վեր մղել, աշխարհն էլ կարող է խաղաղվել-հանգստանալ:
Նոր պարբերությունից սկսենք,- որ նոր այս միտքը նախորդից հեռանա, որպեսզի ուրիշ բան չկարծվի` Արցախից միայն ԼՂԻՄ-ը մնացած մի ամբողջ ժողովուրդ վեց-յոթ ամիս շրջափակման մեջ էր, հենց որ մի ավտոբուս անցնում էր ԼՂԻՄ-ի վարչական սահմանից, ավտոբուսն էլ, ավտոբուսի ուղևորներն էլ հռչակվում էին սահմանազանց` այստեղից բխող հետևանքներով:
Ղարաբաղցոց համար SOS տագնապը չկար,- ղարաբաղցիք դիմացկուն են, կդիմանան, յոթանասուն տարի ո՜նց են ապրել: Վերջին «սև օրվա» համար դժվար պահվածը սակավ օգտագործելով, կասկած են ծնում` էսքան որ չեն աշխատում` ո՞նց են ապրում, իրենք հարցնում են, իրենք էլ պատասխանը գտնում` կոռուպցված փողերով: Թերթերը տարափոխում են, հեռուստափռվում է մեր սակավապետությունը որպես թե... մենք մեր վատ սնվելու մասին աչքառ չենք անում, մենք մեր հոգու հացի մասին ենք աղաղակում,- թեման խրթին է, չի հասկացվում, եթե հասկացվում է, ապա այլասերվում է մեր հոգու ճիչը: ԼՂԻՄ-ի շուրջը կատարվող իրադարձությունների մասին լեզուն լալկվել է, թե աչքը քոռացել` չի տեսնում, «Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջը» բանաձևածից միայն առաջինի մասին են խոսում, «նրա շուրջը» ոչինչ տեղի չի ունենում, մարդ չի սպանվում, ոչ կետձուկ կա, ոչ էլ սառույցներ, որ դրանց շրջապատեն,- հոգու սառցադաշտեր չկային, որ թույլ չտային Լեռնային Ղարաբաղի շուրջը կատարվողը,- Ստեփանակերտից Մարտունի գնալու արգելքը չկար, Մարտակերտ ու Հադրութ գնալու արգելքը չկար, «սահմանի խախտման» նոր հնարված կարգը չկար: Որ չի խեղդվում` ուրեմն ոչ խեղդվող կար, ոչ էլ խեղդող` ինչ երևում է տեսողական պատրանք է: Մեր պարզ իրավունքի ոտնահարումը չկար: Կխտարներն անարգել վազեն մեր անտառներում, կաքավն ու միրհավը ապահով ձու դնեն, նապաստակի մսի համը մոռացվի` ոչինչ, արդեն ագռավի կռռոցն էլ դուր է գալիս, կետձուկը փրկվի, որ հետո փրկվածն էլ, մյուսներն էլ որս դառնան, ազատ արձակվի, որ հետո որսացվի,- ադրբեջանցիները մի լավ խոսք ունեն` անգույնն էլ գույն է,- վերջին էս օրինակը դրա նման է ստացվում,- բայց իմ միտքն ուրիշ է,- այսօրվա և գալիքի շրջափակման հնարավորության մասին է: Լեռնային Ղարաբաղի կոմպլեքսը:
Ուրիշ տեղերում` չեմ իմանում, մենք Վերակառուցման կարիքը շատ ունենք, մենք իրավական պետության կարոտ ենք, ուժեղի իրավունքը բեկանվի, իրավունքի, օրենքի ուժը զորանա: Չէ՞ որ նկատվել է վաղուց, որ օրենքը նրա համար է, որ ուժեղները չդառնան ամենազոր: Թույլն ու սակավը ապահովված լինեն:

6.
Լարված նյարդեր, ուղեղդ պայթում է, լարվածությունից մարդիկ մոլորվել-մնացել են, մթան մեջ խարխափելու պես շուրջդ չես տեսնում, անելիքդ հասկացվի, կարեկցանքի մի պճեղ լիներ` դրվեր քո բացված վերքին, որ հովություն գա, կոկորդդ պատռում ես, որ ձայնդ հասնի տեղ, ոտքերդ էլ քոնը չեն, քանի ժամ կանգնած` սպասում ես` ում ես սպասում, ինչի ես սպասում. ստամոքսի ծակոցը, գլխումդ մակարդվող մտքերը քեզ հիշեցնում են, որ գիշերը ոտի վրա ես եղել, հոգնել ես, ծարավ ու քաղցած ես, դու քոնը չես այլևս: Մոլոր տուն ես գնում, ժողովրդի միջից քեզ դուրս մղելով, քեզ հասցնում ես տուն, տանը ձեռքդ մեկնում ես հացին, ձեռքդ օդում մնում է կարկամած` Արցա՜խը, հայ Արցա՜խը, մեզ համար անկշռելի՜, անչափելի՜, մեր ունեցած միակ թանկագի՜նը,- չէ՛, չի՛ արվի, նրանց որոշածը մեր չլինելով կլինի միա՜յն,- մայրն ասում է, վախենալով է ասում,- որդին մտքում մեկի հետ կռիվ է անում,- մայրը վախեցած, տագնապած հազիվ ասում է` մի բան կեր,- տանը նստելը դառնում է անհնարին, մայրն ասում է` ձեռքդ մի բանի մեկնեիր,- ձեռքը մնացել է օդում կարկամած, ուտվում չի, խմվում չի, անիմանալի մի ցավից կաղկանձելու նման դառած` նորից ելնում է դուրս ու չգիտի նորից գնա Հրապարակ, թե որ դժոխքը գնա` ազատվի անհնարին այս մի դժոխքից:
Հրապարակում ամբոխը խելագարվել է, Միացում-Հայաստան-Ղարաբաղ ղողանջն ալիքվում է քաղաքի վրա,- դուռ ու պատուհան փակում ես, բայց էդ ձայնից խուսափել չկա, քնած տեղն ականջումդ է, արթուն ժամանակ զնգում է ականջներումդ: Պրծնել չկա՜...
Բարձր այս թռիչքի մեջ, վայելուչ, զուսպ այս պահվածքում, պահանջի արդարության վսեմ ոլորտներում լողում ենք: Իսկ լուրը սողալով, գետնամած լուրը դումանի պես գալիս է հարթություններից ու Ասկերանի ձորակով սողոսկելով հասնում է Հրապարակ` գարնան տոնի` բայրամի օրերը գալիս են, վախեցեք արյունից: Գարնան էդ տոնին մեծ խարույկներ են վառվում, գիշերների մութ ֆոնի վրա ալավն արյան գո՜ւյնի է: Լուրն առանց նազուտուզի, իրական կոշտ ձեռքով բարձր ոլորտներից մարդկանց իջեցնում է անպաշտպան Ստեփանակերտի իրողությանը:
Մուսա լեռան կոմպլեքսը, ապրելու` պահպանելու բնազդը գործեց անվրեպ` մարդիկ վերին ասված մի հրամանի պես ինքնապաշտպանական պահակակետեր ստեղծեցին` մի գիշերում, ճիշտ որոշված տեղերում: Հարևանը հարևանից խռով չի եղել, երեխաներն իրար հետ չեն կռվել, հարս-սկեսուր բամբասանքը չկա, որդին քեֆով չի եղել, հոր ասածը որդուն ծանր չի թվացել, հողամասի վեճ-կռիվ չկա, բոլորը լավն են, բոլորն իրար հետ սիրով են,- երեկոները տղամարդիկ աշխատանքից գալիս են, հոգնած չեն, կինը համակ քնքշություն է, տան պակասի մասին խոսք չկա, այսպես մարդիկ` ջահել-տարեց, գիշերն արթուն, որ հանկարծ էս փողոցի, էս տների կողքովը մեկը` ուրիշը ծուռ չանցնի: Երեկոները մեր տնարար, անգին հարսները` իրար գերազանցելով, իրենց ամբողջ շնորհքը ցուցադրելով, սիրով պատրաստած թխվածքներ են բերում, ունեցած` ուշ ժամի համար կարելի բաներն են բերում, կարևոր օրվա համար պահածից թեյ են պատրաստում ու շքեղ դասավորում` ամեն տնից բերած տախտակներով սարքած երկար սեղանին: Տարիների շեղումներից մի օրում վերադարձանք մեր նախասկզբին, ծխահամ, դառնահամ մեր բերաններից մայրական անկեղծ կաթնահոտ էր բուրում:
Դաժան վիպական այդ օրե՜րը: Իրար գրկում իրար հարազատ զգալու, արտասվելու չափ իրար սիրելու օրե՜րը: Պատմես` չեն հավատա, իրար սրտախփոց զգում էինք, լավացանք, մաքրվեցինք, վեհացանք, ինչքան դիրտ էր կուտակվել մեր հոգում` մեր տաք արտասուքները քշեցին-տարան, մաքրվեցինք` դարձանք մորից նոր ծնված` սքանչե՜լի: Ծանր, հուսահատական, հերոսանալու պատրաստ օրե՜րը: Ամոթի` ուրիշի տեղակ մեր կարմրելու օրե՜րը:
Եվ վեճը լուծելու այս եղանա՜կը: Քո ճշմարտությունն ապացուցելու` մեզանից մերը խլելու` քո դատը պաշտպանելու այս փա՜նդը: Անողը մոռացվեց, արվածի մասին բողոքը մեղավորվեց: Երևի ասողը մեզնից մեկը պիտի լիներ, երևի ասողի տեղը էսպես նեղ է եղել, որ կում է արել ու թքել է, կաղկանձելու պես որձկացել` ո՜վ արդարություն...
Կարդում էին` Մսմնա, հողը տերունազան, օդն ու ջուրն ազնվական, այսքան ծուխ: Այդքան ծխից սպառվելով մնացել է երեք-չորսը: Էն Մսմնայի, որ 1918 թվին մեր կամավորական տղաները ջարդեցին թուրք կանոնավոր` երեք անգամ գերազանցող զորքին:
Կարդում էին` Տռնավազ` այսքան ծուխ, կյանքի տևողությունը... Եթե թողնվեր` կապրեին, ինչո՞ւ չպիտի ապրեին` Բովուրխան սարի թևի տակ, արգավանդ հողերի, կարկաչուն ջրերի տեր, ցանիր` մեկին հազար վերցրու: 1920-ին տռնավազեցի ութանասուն ջահել սազ տղամարդկանց` ծերերին ու գոս ծնվածներին չվերցրին, ասացին` Շուշվա կոմիտեից է, կարևոր հեղափոխական ժողով է հայտարարված,- ութանասուն ջահել, պինդ, միամիտ, անգետ տղամարդկանց տարան Շուշի, դալ արեցին մի տեղ,- գնդակը բերանը տային` պրծնվե՜ր, քարծեծով սպանեցի՜ն, մի գյուղից ութանասուն պինդ լավ տղամարդուն միանգամից: Իրենց հարազատների` դեռ տաք դիակների տակ մնացած մի քանիսը փրկվեցին: Մեկը դեռ ապրում է, Մուքին, որ վերին մի նախախնամությամբ դեռ խելքը տեղն է պահել, որպեսզի իմանա այս օրերի տեղի ունեցողը ու ճիշտ է, երբ գնա` պատմի էն ութանասունին, պատմի էս օրերի նրանց իղձերի մասին:
Շուշի քաղաքի մասին երկար է գրված, Շուշի քաղաքի պատմությունը երկար է, պատմելը` անհնարին ծանր: Որդուն սպանել են, հարսին սպանել են, բոլոր մնացածներին սպանել են, մնացել է ծծի երեխան, տատը գիրկն է առել ու իրեն դուրս մղել մահերով լի, ճենճահոտը բռնած քաղաքից: Գիշեր է եղել, մութ, երեխան գիրկն է առել ու անկշիռ քայլերով իրեն արտամղել անիծված այդ քաղաքից: Երեխան որ լալիս է` բարձր է լալիս, այդ օրը միայն հայ երեխաներն էին լաց լինում, այդ օրը հայ երեխան ապրելու համար չպիտի լաց լիներ,- տատը որպեսզի երեխային խաբի, որպեսզի երեխան ձեն չհանի, ձենը կտրի, տատը չորացած ծիծը դրել է երեխայի բերանը... Փա՜ռքդ շատ, փա՜ռքդ շատ, զորավո՜ր բնություն` չորացած ստինքից սկսել է կաթը հոսել...
Ամեն քարի տակ մի լեգենդ է պահվում, ամեն ձորում մի ողբերգություն է թաղված, եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» գիրքը կարդացվում էր որպես ոտանավոր, որպես մի նոր Նարեկ, ամեն մեկն իր գյուղի մասին էջն էր բացում, մեկը կարդում էր, մյուսները լսում էին, և այդ պարզ գրվածը դառնում էր հիմն...

7.
Նազի` ինչ-որ ասեն` սազի: Լեռնային Ղարաբաղն է: Դատապարտեցին գործադուլը, ինչ խոսք ասես, որ չասացին գործադուլավորների մասին, մոռացվեց Սումգայիթը, արցախահայության պահանջը, ոչ մեքենաներ են ջարդվել, ոչ ուղևորներ, Շուշվա հայերը Ստեփանակերտի հյուրանոցում չեն` իրենց տներում, իրենց աշխատանքին են,- Մինգեչաուրից, Բաքվից, Կիրովաբադից, ուրիշ տեղերից հայերը չեն տեղահանվել, հալածական չեն եկել Ստեփանակերտ,- գործադուլի ամեն օրվա վնասը ճշգրիտ հաշվված է, մանրամասն իմացվել է, թե Ստեփանակերտում պատրաստ կոնդենսատորները երկրի ինչ ձեռնարկություններ են ստանում, որպեսզի այդ ձեռնարկություններից մեկի բանվորն իր 13-րդ աշխատավարձի պահանջը կենտրոնական հեռուստատեսությամբ երկրով մեկ սփռի, որպեսզի Թալդին-Կուրգան, Կուստանայ, Ուրալսկ մարզերից կազմակերպվեն հեռագրեր, որպեսզի էդ հեռագրերը մեր մետաքսի կոմբինատի` 13-րդ աշխատավարձին անտեղյակ, հայի ու ադրբեջանցու բարեկամությունը չգնահատող, վերակառուցմանը խանգարող ջուլհակուհին գնա աշխատանքի, առաջվա պես մետաքս գործվի, Շաքի քաղաքի մեկ ուրիշ մետաքսի կոմբինատում` ոչ իրենց գործվածքի` Ղարաբաղից բերվածի որակը իջեցվի, 13-րդ աշխատավարձի մահը չառնվի՜:
Մեկը չեղավ` հարցնի, թե որտեղդ է ցավում, մեկի մտքովը չանցավ մի կաթիլ ջուր դնել մեր չորացած շրթունքին, միայն պահանջեցին` գնա գործի: Գործի էին, գլուխները կախ գնում էին, ցավը սրտներում անթեղած, հույսը իրենց ծնած երեխայից թանկ փայփայելով, ատամները սեղմած գնում էին: Հարցում չարվեց, պատասխան չպահանջվեց, թե ով և ինչու մարդկանց մղեց գործադուլի: Մի անգամ հնարավոր լինի դեռ գործի գլուխ կանգնած` բարձր դիրքի` մեծ իրավունքով օժտված մարդու անունը տրվի, որպեսզի հրապարակայնության պարտադրանքով բոլորը իմանան, թե ճշգրիտ հաշված` մեր մարզի վրա առավել զգացած` մեր տված վնասի պատճառը ով եղավ: Ես անունը գրեմ, խմբագիրը համարձակվի, գրաքննիչը չհակառակվի, գրվի` Եգոր Կուզմիչ Լիգաչով: Շաբաթ օր ասվեց, ասվածը տեղ հասավ կիրակի ու երկուշաբթի օրից մարդիկ դուրս չեկան աշխատանքի: Ս. թ. մայիսի 23-ից սկսած հաշվեցեք 3 ամիս:
Չիմացվեց` ում լիազորությամբ ասվեց, չհասկացվեց վերին ինչ միտումով հայտարարվեց. ինչքան մարդ` այնքան կարծիք` դաժան, անհավանական, անըմբռնելի: Հնարավոր լինի` որոշվի մեծ իրավունքների մարդկանց պատճառած վնասը: Մի անգամ պարզվեց, թե մեր օրենսգրքերից մեկի որևէ հոդվածով հնարավո՞ր է վնասը փակել: Մենք գործակատարի երեք ռուբլու յուրացումն ենք քննում:
Ադրբեջանցին ասում է` հայի հետո եկած խելքը իմս լիներ: Մեր հետո եկած խելքով` ուշացած, Սումգայիթից հետո պարզ իմացվեց, որ արցախահայությունը` հայերը,- հարևան բանաստեղծը նկատել է, մենք էլ ասել ու կրկնում ենք, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրում են «իրար մեջը»,- իրար հետ` չէ` իրար մեջ, ոտնուծոց էլ` չէ, գլուխներս մի բարձի դրած,- իրավունքը չտվեց մի բարձը երկուսը դարձնել, որ քնելու համար հարմար լինի, միասին քնեն, բայց ամեն մեկն իր բարձն ունենա, ասվեց` խեյիր, յոխ և վետոյի իր իրավունքով մի ողջ արցախահայ ժողովուրդ զրկվեց ի՛ր իրավունքից:
Դրանից շատ առաջ, գլխներին գալիքը կանխատեսելու հոտառությամբ,- հեռատես են, հեռատես են, մենք` փայլուն ու շքեղ, պատմական զուգահեռներ անցկացնելու մեր հնարավորություններով, մեզնից մեջբերումներ անելու, ցանկացածին դու-ով դիմելու մեր արտոնությամբ,- այդպես վսեմ պահվիր ու թող նկատողը նկատի քեզ,- իսկ նրանք հեռատես են, հեռվից գալիքի շորշոփը շուտ զգում են և շատ առաջ արդեն գրել են, ոչ ադրբեջաներեն լեզվով լայն տարածել Աղվանք-Ադրբեջան-Ղարաբաղ շղթայված կապերի մասին. Աղվանքը ծնեց Ադրբեջան, Աղվանքից ծնվեց Ղարաբաղ, Ադրբեջան-Ղարաբաղ` մի արյուն, հիմա, հիմա-ի ղարաբաղցիք հիշողությունը կորցրած առաջվա աղվաններից սերվածները,- մեղք դո՜ւք, մե՜ղք,- չի տեսնվում խաչքարի, Մովսես Կաղանկատվացու, ղարաբաղցի Աղվանքում շատ պահպանված եկեղեցիների, Դավթակ Քերթողի սիրուն տողերի աղվանական սերվելը: Հոտից ետ մնացած մոլորյալնե՜ր, վերադարձրեք ձեր հոտը, հոտը լա՜վ է, հոտայինով հեշտ Սումգայիթ է սարքվո՜ւմ, Գանձակում կառուցված` Կիրովաբադում վառված եկեղեցին գուցե թե մինչև վերջ չվառվի, գուցե լավ ուսումնասիրված չի ծագումը` աղվանական-ադրբեջանական վերջնական որոշելու առումով և քանդել-պահելու առումով էլ:
Իրավաբան-գրող-պատմաբան-մեկ ուրիշ իրավաբան` իրար բերանից խոսք խլելով, իրար տալով մասխարա են անում, որպեսզի ասվի-հաստատվի, որ Լեռնային Ղարաբաղի «մի խումբ» մարզային դեպուտատներ անօրեն որոշում են հանել, որովհետև... որոշման վրա կնիք չկա` մարզխորհրդի գործկոմի իրենց նախագահի: Էս բանը գտնված համարվեց, ինչքան ուժները պատեց շուլուղ արեցին, կնիքի դրոշմը չկա, իրավական ուժ չունի, ինչ արվել է, իզուր, ապօրինի է, օրինավորն իրենց կարգված նախագահի, հավատարիմ վարժվածի, շահ ծառին ջըռ ջլղածի կնիք չդնելն է:




ԴԱՎԹԱՍԱՐ

Մինչև գնացածները կվերադառնան, մինչև իսկական տերերը կհայտնվեն,- տաքերը ընկել են, անասունը պետք է սար բարձրանա,- ճանապարհի կեռմանը դարձել է դավադիր, ձորի բերանը վիշապի երախ է, ո՞վ կա թաքնված Սև քարի հետևը,- ահով լիքն են սար ու ձոր, ծառից պոկված չոր ճյուղը հրացանի տրաքոց է, չի իմացվում` կաչաղակի չռչռոցը ով արձակեց` գլխակե՞րը, թե՞ մարդ- օդը ահի սարսուռ է, վտանգի շունչ` անասունը սար տանող մազմազոտ որձ տղամարդ է պետք,- ահա այս միջոցին մինչև գնացողները կվերադառնան, մինչև իսկական տերերը կգան կամ չեն գա, պետք է մարդ գտնվի, որ անասունը տանի սար: Գնացողները ուշանում են, լուր են տվել, թե որոշել են վերադառնալ իրենց` գարնանը ծաղկահոտ, աշնանը` խնկաբույր հանդ ու շենը,- ինչ աշխարհ էլ գնաս, անիծած Չափարն ուրիշ է,- անտառին քոլ են ասում` քոլից եկող կխտարի բառաչը բերնիբերան լցվում է ձորերը, գալիս խառնվում վարարած Թարթառի աղմուկին, կանաչ մրտոց բացատում ոստոստացող կաքավի կաղկղան սարսուռով է կցվում հին որսկանի սիրտը, կածանի մի կեռմանում գետնավարդի բույրը խփում է դեմքիդ ու ռունգերդ լայն բացվում են, մնում ես բերանդ բացուխուփ:
Էս մտապատկերը, էս մտապատկերի կորուստը, գոյատևելու բնազդը տեղահան է արել չափարեցուն, եղծահողցուն, խնձրիստանցուն, սպիտակաշենցուն, տոնաշենցուն, միտդ եկած գյուղի անունը տաս` ճիշտ է,- ասում են` տեղից լուր են տվել, որ գալիս են, բայց ճանապարհի կա՞պն է քանդվել, եկողի կա՞մքն է թուլացել, ի՞նչ է պատահել, դեռ չեն հասել,- օրերը անցնում են, անասունը պետք է պարտադիր սար բարձրացնեն, ինչպես պարտադիր է կանաչ արտի դեղին հասունանալը:
Եվ նորից մեր կանայք, մեր սիրասուն, մեր փխրուն, մեր տղամարդ կանայք դարձան իրենց որդու, իրենց եղբոր, իրենց ամուսնու մեջքին կանգնած հավատարիմը.- զինվորները շղթայել են Ստեփանակերտի հրապարակը, որտեղ մեր կամքը, մեր ձայնը պետք է գումարվեն ու միամիտ հղվեն առ Մոսկվա,- զինվորները խիստ շարվել են, մեքենաները միացվել են իրար, հետո էլի ուրիշ հագուստով ուրիշներն են շարվել, որ ամայի հրապարակը համր պահպանվի,- ջահել հարսը մղվում է առաջ, խանդակաթ կուրծքը դեմ է արել հրացանի փողին և գգվանքի ու սիրո զենքը դառնում է ավելի զորեղ. ջահել, կարմրաթուշ զինվոր տղան մի պահ կարկամում է, չի իմանում ինչպես ետ մղի էդ զորությունը,- շղթան խախտվում է, և կանայք` աղջիկ ու հարս, մեր մամիկները մտնում են հրապարակ, և այսպես իրենց որդու, եղբոր, ամուսնու համար բացվում է ասպարեզ:
Չափարեցի կանանց համար հրապարակը Մռովասարի փեշերն են, ուր պետք է հոտը տանել, որպեսզի Մռովասարի իրենց պատկանող արոտները մնան իրենցը, որպեսզի ծաղկավետ էս լանջերին չափարեցու հնավանդ բարբառով, ծոր տալով ջղայնությունը պատատի կոշտ բառի մեջ ու նետի ձորի մյուս ափին երևացողին.
- Ախպեր, ձեր էդ կողմերում ճակատը նաղաշ երինջ չես տեսե՞լ…
- Վայ թե օվշառը տարել է…
- Ես օվշառի օխտը պորտը…
Մռովա իրենց սարը պետք է իրենցը մնա` հրամանից էլ պարտադիր էս պահանջը տղաներին հավաքել է Մռովա իրենց սարը` իրենց անասունի արոտատեղին, իրենց հետ սար եկող իրենց հարսերի մահիճը, մոր հետևից զռռալով սար եկած լակոտ երեխայի խաղատեղին,- փոքրուց էս ծաղկահոտերը շնչում են, ձորի կռան տակից բխող աղբյուրից ատամ սառեցնելով ջուր են խմում` ականջը հեռավոր ամպերի որոտին,- նախրապանը անասունը բեջիթ քշում է մակաղատեղ, մայրը տագնապալից կանչում է` հէ՜հէ՜, Արայի՜կ, շուտ եկ տուո՜ւն,- տունը թաղիքի վրանն է,- մայրը հետո հուշում է ուրիշ անելիքը` կարկուտը հիմա կսկսվի, մտիր մի ծառի տակ, որ կարկուտը քեզ չբռնի, կարկուտը քեզ տանի` պրծնեմ քեզանից, մոր կռնչի վրա հայրը բամփում է բերանը ճղած կնոջը` կտրիր կռկռոցդ, թե չէ գիտես, հա՜…Ամենօրյա էս տագնապները, պայթող ամպերը, սարի կրծքին կայծակի խաչմերուկ մտրակելն ու հեռու քերծից եկած կերկեր ձայները` բիա՜...,- էս ի՞նչ կենդանու երամակ անցավ...
Մռովա սարի իրենց բաժինը պետք է պահեն, գյուղի տղերքը հավաքվել են իրար գլխի ու որոշել, որ մինչև անասունը բերվի յայլաղ, պետք է պահակ կանգնել: Գյուղի տղաները` երկուսին` մի հրացան, պինդ կանգնել են, որ սարը պահվի: Ումի՞ց պահեն, ինչո՞ւ պահեն, սարը չորքոտանի գոմշակով չի, որ առաջդ արած տանես քո յուրտը, սարը աչքադրած աղջիկ չի, որ դնես ձիուդ թամբին ու փախցնես մեկ ուրիշ սար: Ստացվում է, որ անսասան սարը կարելի է առևանգել:
Տղաներով գնացել էին սար, որ սարը չառևանգվի ու ստացվել է այնպես, որ տղաներից Դավիթը անհետ կորել է: Ո՞նց եղավ: Ո՞վ արեց: Ո՞ր հետքով ուր գնալ` տղաները գլուխ են կոտրում ու չեն կարողանում պատասխանը գտնել: Լուր տվին գյուղ և գյուղը տրաքած եկավ.- ոնց թե կորել է, ասեղ չի, որ կորչի, երեխա չէ, որ մոլորվի, տանողը թող մեր երեխին ետ բերի,-կռնչում են կանայք, տղամարդիկ ատամ են կրճտացնում: Պահակ ընկերները մնացել էին քոռուփոշման, չէին կարողանում ոչ հարազատի աչքին նայել, և ոչ իրար աչքի նայել.- գուցե մուխանաթ օվշառը տմարդություն էր արել, գուցե ճամփաբաժնում հանդիպել է ով է իմանում ում` թուրք ադրբեջանցու կամ օվշառ քուրդի, կամ մի անդունդի մոտ անզգույշ է եղել,- հազար կասկած տեղահան է արել մի ամբողջ գյուղ:
Հետո որ Դավիթը գտնվեց,- հազար անգամ ոտքերը կոխ տալով եկել-գնացել են, կոկորդ են պատռել, բայց անպիտանը մրափից չի արթնացել, հոնի օղին մակարդել էր քունը, կուրծքը շոյող սյուքը մայրական քաղցր օրոր էր դարձել, ոտքից բռնիր ու քաշ տուր մինչև Օխտն աղբյուրը,- էսպես քնով էր անցել ու ողջ գյուղ տեղահան եղած իրենց անհետ կորած Դավիթին էր ման գալիս: Երբ գտնվեց,- ճլմկոտալով, աչքերը բռունցք արած տրորելով,- ոտքերը ընդարձակ չռելով, անիմաստ-մեղավոր ժպտալով նայել էր իրեն նայող մարդկանց ու չէր հասկացել, թե ինքը որտեղ է, ինչ է եղել,- թե սարումն է, էս կին-երեխեքը ինչ են անում ուշ Մռովասարում,- էսպես մոլորված գրկից գիրկ էր փոխանցվում: Տղաները չէին ամաչել աչքերին ցայտած արցունքներից, գրկած պինդ պահում էին կրծքներին, ոնց որ թե ամանաթ է, հանկարծ էլի չկորչի:
Դարձի ճամփին Դավիթը դարձավ նախկին Դավիթը, տղաների մկանները արդեն թուլացել էին, սկսեցին լեզվախած տալը,- այ տղա, էդ ոնց եղավ, որ մի օր ու մի գիշեր քնով մնացիր, վայ թե վախից լեզուդ բռնվել է.- վախից ամեն ինչ կլինի, բայց գուցե երազ ես տեսել օվշառ քուրդի ջահել կինը գոմշակովի մածուն է բերել, գոմեշի սերից ավելի համեղը օվշառի ջահել սիրունն է: Դավիթը ուզում է առարկել, բայց հիշում է իր բռնած գործը ու մեղավոր ժպտում է:

Առաջինը ով ասաց` չիմացվեց, նախ տվին ծիծացեղին, հետո լրջացան, ասացին` իսկականն է, լավ էլ հնչում է, կդառնա հիշատակ ու մեր հայի անունը կմնա մեր սարի վրա: Կատակով ասին, հետո լրջորեն եղավ ճիշտ, սարի անունը դրին Դավթասար:
Բայց որպեսզի Դավթասարի անունը պահպանվի, չափարեցոց անասունը պիտի բերվի Դավթասար. չորս կողմը ոնց էլ աչք ես ածում, եղած մի քանի տղամարդիկ կամ ղեկավար են կամ վարորդ ու մեխանիզատոր:
Կոլտնտեսության ջահել նախագահը դեռ ջահել իր մորն ասաց` պիտի գնաս սար, գյուղատնտեսը խոսքները մեկ արածի պես մորն ասաց նախագահի ասածը, ջահել հարսը թողեց ծխախոտի իր մարգը, ընկերները թող իր բաժին ծխախոտը մշակեն, ասաց` ես էլ եմ գնում սար, գյուղի երկու ուսուցչուհիներ մատյանները դրեցին մատյանների լղար դարակում ու միացան մյուսներին:
Չափար գյուղի տավարը տարան Դավթասար, ինչպես անցյալ տարի, ինչպես հարյուր տարի առաջ:
Նազիկը Անդոնի հետ եկավ սար: Անդոնը մեծ տղա է արդեն, «հը» անի կլինի տղամարդ,- ճկուն ցատկում է ձիու մեջքին ու ձիու ականջատակը մտած սուրում սարն ի վեր, որ տավարի գլուխը շուռ տա, տավարը վտանգավոր հեռացել է, գելը վրա կտա, գելից վտանգավորը օվշառն է,- ձին մեջքին զգալով ճապուկ Անդոնի ոտքերի խտղտոցը,- տղամարդու կրունկների կոշտ խթանի կարոտով Ղաշխան վարգում է թեթև, Անդոնը ուրախությունից ծղրտում է, ոտքերով սեղմվում ձիու կողերին, ձուլվում ձիուն,ու դա դուր է գալիս զամբիկ ձիուն,ռունգերը լայնանում են, ծաղկահոտ օդը խուժում է թոքերը ու թոքերից արձակված խրխինջը տարածվում է հեռավոր հեռուն,- քամին փռփռեցնում է Անդոնի արնագույն շապիկը ու ստացվում է Ղաշխան Անդոնին չի թռցնում, մի կտոր բոց է տանում:
Նազիկը գորովանքով նայում է մեծացող Անդոնին, սիրտը լցվում է ուրախությամբ ու տագնապով,- իր Անդոնը, տանը թողած Աշխենը, որ իր տասը տարեկանում Անդրանիկ պապի ու Զորայր հոր հոգս քաշողն է դարձել և էս զռզռան Ժիրայրիկը, քիթը կախ, անբան լակոտ, կրակին ընկնես` ետ չի քաշի, առավոտից զուզա է տալիս, մայրն ասում է` հորթը կապի սյունին, որ մոր տակը չմտնի, մեջքը մորն է անում` այսինքն թե` չեմ կապում,- Ժիրայրիկ տղա, հորթը մորը ծծեց, հորթի տեղ քեզ եմ ծառին կապելու, կարճ կապելու եմ, երկար ծեծեմ, դու իմ ծեծին ծանոթ ես, երեկ դու չէի՞ր կովի թրիքը կոխ տալով փախչողը,- ոտքդ սլկեց ու թրքաթաթախ փռվեցիր գետնին,- գնա հորթը կապիր ու շան լակամանն էլ տար լցրու,- էս մի վիրավորանքը Ժիրայրիկը այլևս չի կարողանում տանել, անշնորհք քիթը վեր է քաշում,- մայրը հարյուր անգամ ասել է` չանես, ձեր ցեղի էդ սովորությունից զզվում եմ, մարմինս դուրս է տալիս, մեծ տղա ես, գնա կարգին քիթդ մաքրիր, քսիր էդ խոտերը` մաքրիր, հացուջրից կտրվել եմ,- Ժիրայրիկը պայծառանում է, չբռնելու տարածությամբ մոտիկ կանգնում մորը,- որ մեծ տղա եմ, մի անգամ էլ ես ձին նստեմ գնամ տավարի ետևից, մի անգամ էլ հորթը Անդոնը կապի, տավարի ետևից ես գնամ, ձին ես տանեմ ջրելու, շան լակամանը Անդոնը լցնի: - Մայրը մոտենում է Ժիրայրիկին, Ժիրայրիկը չի փախչում` մոր աչքերում ծեծի վճիռ չկար, մերժված ու հպարտ կանգնեց.- մայրը տղայի գլուխն առավ գիրկը, պաչեց գլուխը, էսպես քնեցրեց երեխային ու քթից կոշտ բռնեց ու ասաց` խնչիր, Ժիրայրիկը չարեց, աներ` կլիներ փոքր երեխա, գլուխն ու քիթը պոկելով մոր գրկից, զռռալով, ձեռքն ընկած քարը հորթի ետևից նետելով, հորթի հետ, իր վիրավորանքի հետ, իր տաք արտասուքներից ազատվելով գնաց կորավ մոր հայացքից:
- Ժիրայրիկ տղա, քո հոր ականջը գցեմ...
Մեր կանայք, մեր սիրասուն, մեր տղամարդ կանայք անասունը բերին Դավթասար ու նորից սարը դարձավ չխլված իրենցը:
Մեքենայով շուտ է լինում, մեքենայով ճանապարհը երկարում է, ժամանակը` կարճանում: Այդպես կարելի է բեջիթ հասնել Դավթասար, որպեսզի մայրիկը խանդավաթ գուրգուրվի, հարսը սիրվի, սարի օդում մաշկը մգած երեխաների թուշը պաչվի: Ուտելիք տանեն, հիվանդի համար` դեղ, անասունի վիճակը ստուգեն ու որպեսզի մի գիշեր էլ Դավթասարի պաղպաջուն օդերում իրենց երեսը գուրգուրեն, վայելեն սարի գիշերվա ուրիշ տեսակի լռությունը` էնպես անապակ, որ լարված նյարդի սպեղանի է դառնում և վառվող սրտին հովություն է բերում:
Մեքենայի ճանապարհը մի փոքր անցնում է օվշառի հողով, ու տղաները դա հաշվի չառան, չիմացան, որ առջևները մսրա Մելիքի յոթ կեզ հորն է փորված,- հորը` ոչ ուղիղ իմաստով, հիմա մի բան ասվում է, ուրիշ բան արվում, ասվում է, մենք եղբայրներ ենք` քիրվա-աշնա` թուրք ադրբեջանցին` քիրվա, հայ քրիստոնյան` աշնա, էդ քիրվա-աշնան հորի վրա մեկնած կարպետ է` սիրուն նախշերով, ազնիվ գույներով, ոնց որ Մռովա մարգագետինները ամռան ծաղկունքին, - մեր ձեռքով գործված, ավշառի ձեռքով հորի բերանը ծածկած կարպետը:
Այսպես տղաներով` նախագահ, գյուղատնտես, տրակտորիստ, ուրիշներ ճանապարհվեցին Դավթասար: Օվշառ քիրվայի հողում զինվոր-պարետի ու միլիցիայի տեղական կադրերի` ձգանը լարած հրացան-ավտոմատներով զինավառ խումբը կանգնեց դեմ-դիմաց: Ո՞ւր եք գնում, ինչու՞ եք գնում, դուրս եկեք մեքենայից, մի քիչ հեռացեք, որ մեքենան ստուգվի,- տղաները այստեղ սխալվեցին, որովհետև մեքենայում` արդեն քանի անգամ փորձված միջոցով «հայտնաբերվեց» արգելված զենք: Տղաների կռները ծալեցին մեջքներին ու տարան Քելբաջար, որ «գործ» ստեղծվի: «Գործ» ստեղծելուց առաջ Քելբաջարում, Շուշվա բանտից փոխառած միջոցներով` կապոտած տղաներին ջարդեցին, քիրվայի արքով ու ոխերիմությամբ տրորեցին ինչպես շատ առաջներում ու էլի առաջներում:
Գյուղը ծլկթաց. մեր տղաները` գյուղի ծուծը, մեր ապագան, մեր երեխաների հայրիկները, մեր հանդերի Նախշը, մեր հողվորները, մեր տան պահապանները, մեր ամեն ինչը որտե՞ղ ե՜ն... Գյուղը ծլկթաց, ու Ստեփանակերտը յոթնապատիկ ալիք տվեց սպառնագին ու գեներալի համար էլ անկանխագուշակելի հետևանքներով: Օվշառի ճիրաններից պոկեց մեր սիրասուն տղաներին, որ ջարդված կողերը Ստեփանակերտում կցան տրվեն, տրորված լյարդը բուժվի, հաշմված մարմինները վերականգնվեն:
Ոչ դժվար կռահվող հետևանքներ որ չլինեն, որ բռունցքված մատները թուլանան, գեներալ պարետը իր ոտքով գնաց իր ենթակա` Քելբաջարի գեներալ պարետի մոտ, որ օվշառի ճիրաններից պոկվեն մեր սիրասուն տղաները, որ ջարդված կողերը կցան արվեն, տրորված լյարդը բուժվի, հաշմած մարմինները վերականգնվեն:
Օրը ծանր է բացվում Չափար գյուղի վրա: Հանդապահը ինչո՞ւ ուշացավ, օրը մթնել է, բայց շրջկենտրոն գնացած մեքենան դեռ չի եկել, հանդում վար անող տրակտորի ձայնը ինչո՞ւ լռեց,- այս տագնապների ուղեկցությամբ հողը մշակվում է, անասունը արոտ է տարվում, երեխա է ծնվում, կնունք է արվում, նոր տան հիմք է փորվում, երեխաները ծնողներին հանգիստ չեն տալիս` «հայժող» չունեմ,- հանդի` աշխարհի աչքից դուրս մի տեղ հոգնած գյուղացին ուսահար պառկել է հողին ու միամիտ երազում է...
Այսպես կյանքը շարունակվում է Արցախի ավանդական գյուղերից մեկում:




ՊԱՇԱՐՈՒՄ

Վերջապես գտնվել է Ստեփանակերտ-Բերդաձոր կապը: Եթե, ասենք, պետք է տասը բերդաձորցու, և մի մեքենա ալյուր գտնվի, մեքենան ու բենզինը գտնվեն, գեներալ Սաֆոնովը` հատուկ շրջանի պարետը, գտնվի, որպեսզի գեներալական վստահ ձեռագրով գրվի` օբեսպեչիտ:
Եթե դեպքերը հաջող ընթացք են ունենում, այդ «օբեսպեչիտ»-ով առանձնացվում են մեկ զրահամեքենա և զինվորներով լցված երկու այլ ավտոմեքենա: Այդպիսի մի հաջող օր առավոտյան գործուղման թերթիկը վերցրի, ու հետկեսօրին` ուշ, մինչև էդ բոլոր բաներն իրար բերվեին, ճանապարվեցինք Բերդաձոր: Երբ մոտեցանք Շուշվա «զաստավ»-ին, նկատեցի, որ մեքենաների ընթացքն արագացավ, զինվորներն ակամա ձեռքները տարան զենքերին: Ուղևորների դեմքերը սրվեցին, զրույցն ընդհատվեց: Տագնապալից լռության ընկերությամբ անցանք Շուշվա «զաստավը»: Հետո նույնը տեղի ունեցավ, երբ անցնում էինք Զարիսլու գյուղի մոտով, Թարշսուի մոտով, ամբողջ ճանապարհին հայերից հեշտ գողացվող, մորթածը արագ մշակվող` ոչխարի մսից սարքված փիթին ու խորովածի հոտերով, խանչալդավասի խաղացող ղոչի տղաներով զորացված քեբաբխանաների մոտով, որտեղ կազմակերպվում է ադրբեջանական ատրիբուտիկա. քարապրանուկի համար որոնելը պետք չի: Արգելափակոցներն էլ, որ դրվում են, հենց այնպեսի համար չի, այլ նրա համար է, որպեսզի շատվորով հեշտ շրջապատվի ավտոբուսը, բեռնատարը, մարդատարը և որպեսզի արագ ստուգվի ուղևորների` հետագայում իրենց պետք գալիք ունեցածը: Իսկ եթե այդ բոլոր անհրաժեշտ բաները չկան, կարելի է զենք փնտրել մեքենայի մեջ, ու քիչ առաջ իր ունեցածը հայտնվում է նրա մեքենայում ու դառնում է նրան պատկանած: Նրանը` հայն է, որը տարվում է Շուշվա բերդ` մեքենայում հայտնաբերված «հանցակազմի ստիպմամբ»: Լուրը կայծակի պես հասնում է գյուղ, ու հարազատ, ընկեր-բարեկամ, գյուղացի, վախ ու վտանգ մոռացած, սմքած, մազակալած երեսով գալիս են Ստեփանակերտ` արդարություն որոնելու Հատուկ կառավարման կոմիտեում, գթություն հայցելու իր մրցակիցներին նոկաուտ անող նախկին չեմպիոն` հիմա միլիցիայի գեներալ դարձած Սաֆոնովի մոտ, որը կռվախաղի ուժային տակտիկայի խորհրդային դպրոցի վառ արտահայտված ներկայացուցիչն է խորհրդային միլիցիայում:
- Տվե՜ք մեր անմեղ երեխային, տվեք մեր սիրելի հո՜րը, մեր ընկերո՜ջը, դուրս բերեք Շուշվա բանտից` Կոլըմայի, Մագադանի փառքերին նորահայտ մրցակիցը` «հայ էքստրեմիստների» նկատմամբ կիրառվող «միջոցառումների» տեսակետից:
- Ետ բերե՜ք մեր երեխային, մեր հարազատին, մեր ընկերոջը... Կամ տարեք որտեղ ուզում եք` Շուշվա հանդեպ Բուտըրկայի գագրաները, Մագադանի մինվոդիները,- նորից հուզված Ստեփանակերտն ալիք է տալիս, արդարություն է որոնում, գթություն է որոնում, օրինականություն է որոնում դեֆիցիտների այս երկրում:
Մխիթարաշենի ուղղությամբ Շուշվա բերդից բացթողնված վառվող ավտոդողերը լավ դիտվում են մթան մեջ, կեսգիշերվա լռության պայմաններում հրացանի տրաքոցի` խոր անդունդներում արձագանքվածը կոտորակվում է բազմիցս, անասունն անարգել քշվում է, հայի լավ խնամածը` միջինից բարձր գիրության անասունի կենդանի քաշի 1կգ-ին պետությունը տալիս է 2ռ. 60կոպ., Ղաչաղ Նաբու ավանդական արհեստը ծաղկո՜ւմ է ապրում, քիրվայության ժամանակներում լավ ուսումնասիրված ճանապարհները պետք են գալիս, և գիշերը շիլ չես ընկնի` հայ քիրվայի գոմից մինչև քո գոմի ազիմուտն անգիր սովորվել է: Ոչխարի սուրուն, տավարի նախիրը, թառի թռչունը, քթոցի մեղրը ու... հայի արյունը:
Մրափած բնազդները վերջապե՜ս արթնացվել են, մթագնած մտքերին պայծառացո՜ւմ է իջել` օղուզ թուրքի գենը տեղահա՜ն է եղել, արյունը քլթքլթալով երակազարկ է տալիս տամարներում, ձեռքի ափը քոր է գալիս, խանչալ է ուզում:
Բերդաձորի Հինշենում, Ծաղկաձորում, Եղծահողում, Մեծշենում մի խումբ հայեր ծվարել են լեռների ծերպերին, ու Լաչինի քուրդ ադրբեջանցիները Լաչինից Շուշի` այդ գյուղերով անցնող ճանապարհը հագեցնում են ճանապարհային վթարներով, ավտոբուսի պատուհանների ջարդված ապակիների կտորտանքով, ճանապարհին շաղ եկած բռնցքաչափ քարերով, որոնց վրայի արյան հետքը, մեքենայից պոկված ներկը մթան մեջ լավ չեն նկատվում, դեպքի վայրն անհավես ժամանած քննիչ-դատախազներն այդ բոլորը չեն նկատում, չեն արձանագրում, դեպքն առավոտն է կատարվել, դուք ինչո՞ւ ուշ եք հայտնել:
Համարը չի աշխատել` բողոքեցեք Շուշվա կապի հանգույցի ղեկավարությանը: Ձեր անհետևանք բողոքները մեզ չեն վերաբերում, դրա համար կան համապատասախան ինստանցիաներ, հաջորդաբար դիմեք մինչև Մոսկվա: Մոսկվա էլ եք հեռագրե՞լ, ներեցեք, այս դեպքում ի՞նչ եք ուզում միլիցիա-դատախազության շարքայիններիցս, մենք երկու ժամ առաջ ենք իմացել և մի կերպ հասել ենք այստեղ: Մեզ համար էլ այս ճանապարհը պապոնց տուն գալ-գնալ չի, չենք արտահայտվում, բայց մեզ համար էլ վտանգավոր է: «Ջարդված մեքենան կա, գլխի վրա կոշտ առարկայից առաջացած պատռվածքը տեսանելի է, մատից մատանի է հանվել, վկաները թող ցուցմունք տան», այսպես մի հերթական «գործ» է ստեղծվում ու կանոնավոր շարվում ներքին գործերի մարմինների տարողունակ դարակներում, դատախազության չհրկիզվող պահարաններում: Իսկ օդում մարած ճիչերը, հրացանների կենտահաչերը, անբասիր հայհոյանքների կրակահերթերը, որոնց գրավոր տեսք տալու համար ստիպված ենք վրաները բառային ուրիշ հանդերձ քաշել, որ ասվել-լսվել լինի՝ ռադ եղեք, ռադ եղեք... կորեք, գնացեք, մեր Եղծահողից, մեր Ծաղկաձորից, մեր Հինշենից, մեր Մեծշենից, որպեսզի բոլորը դառնան մեր Կանաչ Թալայի նման` հայից զերծ, քուրդ ադրբեջանցու անբասիր նիստուկացով:
Գտնվել է Ստեփանակերտ-Բերդաձոր կապի ձևը, և այդ ձևը հեռագրով նյարդեր հանգստացնող, հաստ գրքերից վերցրած դժվար մտապահվող բառերով հայտնվում է Մոսկվա, որ Լեռնային Ղարաբաղի շրջանների հետ իրականացվում է ռեգուլյար կապ, բնակչությունն ապահովված է անհրաժեշտ կենսամթերքով,- հաց կա, շաքար ու օճառ կա, պատերազմի դժվար տարիներին էդքանը չկար, մոռացե՞լ եք, որ մարդիկ ժմեխ էլ չէին գտնում, սովից ուռչում էին, հիմա ալյուր բերվում է Թբիլիսի, Երևան ու այլ ռեգիոններից, էդ ռեգիոնների մեջ Ադրբեջանի ռեգիոնը չկա, Ադրբեջանի ռեգիոնը նշվում է ուրիշ ցուցակում, որի գլխին թառել է բոլորիս ծանոթ բլոկադա բառը: Մեկը չկա էդ բառը եղունգով, տապարով քերի-հանի: Քերողը չկա, և Ուկրաինայից ուղարկված շաքարը, Կրասնոդարից ուղարկված ալյուրը, ուրիշ այլ տեղերից ուրիշ այլ ուղարկվածներն այլևս Աղդամի կայարանում չեն տեղավորվում, մնում է ետ գնալով թվարկենք` պետության փողերով շինված, հիմա Ադրբեջանի երկաթուղային վարչությանը պատկանող կայարանների անունները` Բարդայից մինչև Դաղստանի սահմանը: Ինչո՞ւ մեկի խելքը չկտրեց` Դաղստանից Ադրբեջան մտնող երկաթուղու առաջը կտրի, որ շրջափակող խուժանը շրջափակման էս նոր տեսակի պասը համտես անի: Հումանիզմը` հա՞... էդպես է, հա՞, գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում: Տերն էլ էն հզոր, սարսափազդու մեծ պետությունն է, որի մի մեծավորը գժի ականջից չքաշեց: Ձեզ եմ դիմում, էս զորբա պետության ղեկավարներ, պատմության դատից չե՞ք վախենում` եթե, ասենք, հայ դատից չեք վախենում:
Հեռագրերն արագ հասնում են տեղ, էդ մի կապը վստահ աշխատում է ու Ստեփանակերտից մի աչքաճպելում հասնում է Մոսկվա: Կրեմլ: Հեռագրերում ճանապարհային պատահարներ չկան, մեքենաների վրա գնդակի տեղեր չեն գոյանում, քարապրանուկի ճարակ չկա, մարդկանց ահաբեկված վիճակն անցողիկ է, վտանգն անցավ` գույնը գալիս է տեղը, վերքը բուժվում է, բազում թռչող քարի ծիրում, էդ հոծության մեջ ճշգրիտ ո՞նց գտնես խփողին:
Հեռագրերը թռչում են թուշին Մոսկվա` մանրամասներից մաքրված, իրենց ուզած գլխավորը նշված, մեկ ուրիշ գլխավոր` իրենց անհարկավորը, անտես արած, որպեսզի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովները չճռնճորան Ղարաբաղի ու նրա շուրջը գոյացած նեղվածքներում, մասնավորապես, Տարազևիչի ազգային խնդիրներով փոթոթվող հանձնաժողովն աշխատի հանգիստ, մեր երկրին իրավական տեսքի բերող էն մյուս կոմիտեն... էլ չիմացվեց` դրանք կոմիտե են, թե հանձնաժողով, բայց ինչ էլ որ լինեն, մեր շատ մեծ երկրում իրավական տեսքի բերող էն մյուս կոմիտեն... Լավ էլ չիմացվեց` դրանք կոմիտե են, թե հանձնաժողով, բայց ինչ էլ որ լինեն, մեր շատ մեծ երկրում իրավական պետություն ստեղծելու ջանքերում պետք է իրավաբանորեն ճիշտ լուծվի այն խնդիրը, որ եթե ուզենանք` կարողանանք երբեմն-երբեմն հանգիստ շունչ քաշել, եղծահողցին հանգիստ պառկի իր պահած ոչխարի բրդից լցված փափուկ տեղաշորում ու ականջն էլ դրսի ձենին չպահի և կամ թե չէ, եթե բերդաձորցին ուզենա գնալ Գորիս` այնտեղ հարս գնացած աղջկան տեսության, զրահամեքենաների ու զինվորների անապահով ուղեկցությամբ չհասնի Ստեփանակերտ, հետո ծանոթի միջոցով թանկուկրակ գնով ինքնաթիռի տոմս վերցնի, Գորիսի վրայով հասնի Երևան ու Երևանից դառնա Գորիս, որտեղ իր աղջիկն է հարս գնացել. աչքն էլ լույս, բոլորի աչքն էլ լույս` տղա թոռ է ծնվել, սկեսրոջ սրտովն է եղել, ուզի-չուզի առաջին տղա թոռան կնունքին պիտի հասնի, գուցե դրա ժամանակը չի, բայց ծնող է, չէր կարող երեխայի սիրտը կոտրել... Այսպես հասել է Գորիս, որտեղից Բերդաձոր կես ժամվա ճանապարհն է, բայց էդ ճանապարհին ծավալված նստել է ադրբեջանցի քուրդ կառին իր շատ օղլուշաղով և իրավունք չի տալիս հային իր ճանապարհով առանց իր թույլտվության գնա-գա: Կառի կնոջ վետոն` օղլուշաղով պառկելը, տարածվել է ճանապարհին, տեսնենք հայի մեքենան ոնց պիտի անց կենա: Դա համոզիչ է Գերագույն խորհուրդ, Կենտկոմ, Մինիստրների ատյան մոսկվաներում: Համ արգումենտը կա, համ փաստը:
Այնուամենայինիվ, Բերդաձոր հասանք առանց ճանապարհային անկանխագուշակելի դեպքերի: Ի՜նչ էլ լավ բառ է հնարվել` անկանխագուշակելի, աղդամեցին բռնել է ասկերանցու յախից ու թափահարում է` քանի՞ գլուխ ունես, որ ուզում ես. ես ուզո՞ւմ եմ, որ դու միասում (միացում) ես ուզում... «Ց» տառը չունեն:
Անկանխագուշակելի... Բառը միտք է ծնում, ու ապօրինի միտքը ապօրինի գործողություն է հղանում:
Բերդաձորի մի պատառ տեղն Աստված ինչքա՜ն մակերես է ստեղծել, սարի վրա մի ուրիշ սար է դրել: Հասնում ես ձորի հատակը, և հետո պարզվում է՝ մեկ ուրիշ ձոր էլ նրա մեջ է փորվել: Մեկի կատարը մյուսի ստորոտն է, մեկի անդունդը մյուսի կամարն է: Աստված պարապ է մնացել ու սկսել է Բերդաձորի տեղանքը ինադու քմահաճ կերտել: Որ բազմազանության էսպիսի տեսակ լինի: Բազմազանության քմահաճ էս տեսակը դարձել է տաժանք, դարձել է պատիժ, Աստծո կրակ: Բերդաձորցիք էլ անուններ են դրել` Քաշկի ձոր, Օշափի քերծ, չես իմանում էլ ինչ:
Խնդիրը, սակայն, էս չի. վիշապակերպ քերծերի հարևանությամբ, քաջքերի բույն խորխորատ ձորալանջերին զետեղված Բերդաձորի գյուղերում որոշվել է ստուգել անձնագրերը: Պարետի հրամանով ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության` ԼՂԻՄ-ին բաժին հանած զորաբաժինների ներկայացուցիչները, Շուշվա տեղանքին ծանոթ միլաշխատողներով համալրված, եկել են ստուգելու, թե եղծահողցու անձնագրի մեջ արված գրառումներն ինչքան են օրինավոր, ճիշտ: Մեկն անձնագիրը ստուգում է, մյուսները գոմն են աչք ածում, տան կասկածելի տեղերն են շոշափում, զենքի հոտն իմացող շներն են քսի տալիս, որ այս ամբողջ ինսպեկցիան լրակազմ ստացվի, որպեսզի անձնագրերի միջոցում հրացան ու զենք հայտնաբերվեն:
Մատնաքարի ենք տալիս, աչքակապուկի ենք խաղում, փորացավ ունենք ու ցանկանում ենք «անձնագրային ռեժիմի» դեղահաբերով բուժել գեներալ Սաֆոնովի փորացավը: Հիմա արդեն ադրբեջանական դարձած Կանաչ Թալայի անձնագրային ստուգումը չի բուժում, Լաչինի գյուղերի «անձնագրային ռեժիմ» պրեպարատի սրսկումները էն էֆեկտը չեն տալիս: Բերդաձորի հայ գյուղերի ստուգումներն ուրի՜շ են, ոնց որ էս ձորերից պտկած հոնաթթոն խմես, ու մրսածությունդ անցնի: Էս տեսակ էֆեկտ է պետք, որպեսզի փորացավը կտրվի, բերդաձորցին հոնի կորիզի պես դուրս թռչի Բերդաձորի էն կողմ...
Բերդաձորցի մի բուռ հայեր խրվել են էս ապառաժ քարափների կողը ու ոնց որ ներաճած` չեն պոկվում, չեն քերվում-հանվում: Ամեն մեկը մի ֆիդայի. ռուս այլազգուն ոնց բացատրես բառի իմաստը, մոտավորապես՝ պարտիզան, բայց էլի էն չի, էս բառի համն ու իմաստն ուրիշ է: Մեծ ու փոքր, տղամարդ ու կինարմատ դարձել են ֆիդայի, գիշերն արթուն հսկում են լեռների քերծերում կուչ եկած անշուք այս գյուղերը, որ ցերեկն էլ վար անեն, այգու չորակները տան, նոր առու փորվի, գոմի աղբը դուրս հանվի, անտառից փետ բերվի: Գորիսից, Երևանից, Ստեփանակերտից երեխաների համար դասագիրք բերվի, պտղավորվեն, ծնեն ու էդպես դառնան էս սար ու ձորին դատապարտված իրենց ճակատագրին, ձուլվեն ու դառնան նոր համաձուլվածք բերդաձորցիներ:
Էսպե՜ս...
էս մի գաղափարն էլ Արցախում ծնվեց՝ իրար գլխի դառած փախստական հայերի համար կառուցվող շենքը կիսատ մնաց. ճանապարհը շինողը թող դադար տա, մյուս կարևորները մի կողմ դրվեն, որ եղած սակավ ցեմենտ ու շինաքարով սեփական բանտ կառուցվի: Ժողովրդի պահանջով ու ստիպմամբ բանտ կառուցվի: Որպեսզի մեր երեխան, մեր տան տերը, մեր որդին ազատվի Շուշվա բանտի հայի համար երկրային դժոխքից, որտեղ մտնողն այլևս չի վերադառնում կամ դառնում է այնպես, որ թե վերադարձած՝ թե չվերադարձած... որևէ մի տեղն ընդմիշտ խախտվել է` լյարդը տրորված է, հուշը թուլացել է, մեր սիրելի հարազատն էլ էն չի...
Մենք մեր բանտն ունենանք, շրջափակման ճիրաններից մի քիչ ցեմենտ պոկվի, նման մի շինության համար երկաթե դուռ, ուրիշ կոնստրուկցիայի պատուհան, այլ լուծումներով էս շենքի դժվար ձեռք բերվող մյուս մասերը բերվեն ինքնաթիռով է, ուղղաթիռով է, լավ վերանորոգած բնակարանը լքած բաքվեցի փախստականը թող սպասի, իր ձեռքով տակուգլուխ հիմնավոր սարքած, իր տունը թողած բագումսարովցին, մազապուրծ եկած սումգայիթցին, մինգեչաուրցին, շուշեցին, մյուսները սպասեն, հիմա կարևորը մեր ձեռքով մեր բանտը կառուցելն է: Էս մի աճապարելը ոնց հասկանանք: Պատմության դատաստանից ինչո՞ւ չեն վախենում: Մոտ գալիքի հարցումին մեղավորներն, ամենամեծիցը սկսած, ի՞նչ պատասխան են տալու:
Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր:
Բերդաձորը խակ զկեռ է՝ խրված Ադրբեջանի ժողովրդական ճակատի բողազը. կուլ տալ չի լինում, որձկալ հնարավոր չէ: Ղաչաղ Նաբուց առաջ, իսկ հետագայում Ղաչաղ Նաբու սիստեմավորված լայն կիրառման զբաղմունքը որոշվեց մոդիֆիկացնել՝ հնարավոր դարձնելու համար Բերդաձորը կլլելը քարապրանուկի, մեքենաների ջարդի, ճանապարհների բանդ ու բերան փակելու՝ նախկինում գիշերով, հիմա ափաշկարա մոդուլով: Գործի անցան եռանդուն, համահավաք ուժերով՝ քուրդ ադրբեջանցիները Լաչինի կռնից: Շուշվա թեմն էլ մյուս կռնից։
Բերդաձորցիք նախկին քիրվա հարևաններին ասացին` դուք այնպես կարողացեք, որ մենք չկարողանանք: Բարձրացան պեշին պտոկը, հարցնելու ձևով ասացին. գիշերվա մթնում որ հրացան եք տրաքեցնում, ձեր արածը լուսնկայի վրա փարսուդով քար նետել չի՞, քիրվա եք՝ մի անգամ էլ մեր ուզածը դուք ուզեցեք:
Էսպես խոսելը անհամեստ գնահատվեց, նկատվեց ամբարտավան, ձեռ առնելու նման: Շուշի-Լաչին ալյանսը որոշեց Բերդաձորի հարցը տակռահան լուծել:
Բկներին մնացած զկեռը հարվել պիտի՜:
Շուշվա խնդրանոք Բաքվից Շուշի ժամանեց փորձագետների մի շարանուկ, որպեսզի Շուշին իր հայ բնակիչներով հրի մատնող, Ղայբալի, Հարար, ուրիշ այլ շեներ ավերող նախկինների փորձն ուսումնասիրվի, քրքրվեցին դոխտուր Մեհմանդարովի արխիվները, Ասադ Կարաևի տեսական ժառանգությունը պարան-պարան արվեց, Սուլթանովի կենսագրությունն ուսումնասիրեցին, դիմեցին սահմանակից պետության ազգակից մասնագետների կոնսուլտացիային, որպեսզի օրհնյալ պապերի տակտիկան հագեցնեն ժամանակակից տեխնոլոգիայով:
Որ կրկնվի Նախիջևանի էֆեկտը:
Կողը հաստ, կռո և ամբարիշտ մեզնից պտկած էս աղվանթուրքու-թաթարադրբեջանցի օղուզները, որ իրենց հայ արցախցի են կոչում, պետք է կամ դարձի բերվեն, կամ ռադները քաշեն իրենց հայաստանները: Խանլարի, Շամխորի, Քարհատի պրեցեդենտը կա, նոր սովորած բառը տեղին հարմար է գալիս, էդ բառով Նուխիի, Գանձակի, Վարդաշենի, ամենամոտիկ, ամենակարևորը չասվեց` Շուշիի պրեցեդենտը ստեղծվեց:
Արխիվների թոզը փոշեկուլով հանվեց, Սումգայիթում արտադրվող «Այնա» լվացքափոշիով հարվեց ու խուժանի ձեռքը տրվեց պսպղեցրած` նախկինում հավատարիմ ծառայած, հիմա հանիրավի մոռացված «շրջափակում» երկտրաքչանի հրացանից էլ ուժեղ զենքը. հակառակորդը դժվարանում է շնչել, ոտքերը դառնում են բխոված, մտքի թելը ծյուրվում է, կամքը թուլանում,- ձեռքդ տար ու անարգել վերցրու սրտիդ ուզածը, ու քո անասունը քշիր քո գոմը, աղջիկների սադաֆ ճակատից պոկիր ոսկի ճակտնոցը...
Ադրբեջանի ազգային ճակատի ամագը ազգի հանդեպ համարվեց շրջափակման ռեանիմացիան: Շրջափակումը ռոտացիայով տիրաժավորվեց ու բաժանվեց բոլորին: Դեֆիցիտ չկար, բոլորը զինվեցին հային ծնկի բերելու նորացված հին զենքով, որպեսզի Իսմայիլիի շրջանում մնացած մի քանի հայ գյուղեր, Քարհատում, Շամախիում, մյուս տեղեր մնացածները կիրառման ենթարկվեն:
Ադրբեջանի հեռատե՜ս նախորդներ. Ղարաբաղի ամեն բանդ ու բարու քաշել են հարևանի` իրենց դուռ ու դարպասի մոտով, ոնց որ կոմունալ սոցբնակարաններ` խոհանոցը, ոտաց ճանապարհը, առավոտները երեսիդ մի կից ջուր շփելը, մյուս բաներն ընդհանուր են, բայց էնպես ընդհանուր են, որ եթե ուզենամ կամ եթե չուզենամ` լինի կամ չլինի ընդհանուր: Հադրութից ուզում ես գնալ Հադրութի Քարագլուխ, Սպիտակաշեն, մյուս շեները, պիտի անցնես Ջաբրայիլ, Ֆիզուլի` «բոլորի համար... և ինձ պատկանող» ճանապարհներով: Ֆիզուլու, Ջաբրայիլի, մյուսների թվանքավորված խուժանը հայտարարել է շրջափակում ու «մեր ընդհանուր» ճանապարհը հայտարարել է իրեն պատկանող:
Այսպես, Ադրբեջանի հեռատես նախորդները` Միրջաֆար Բաղիրովից մինչև վերջին Քյամրան Բաղիրովը` սրանց միջեւ ընկածներով միասին, մարզի ձեռուոտը կապել են տնտեսապես, մյուս բոլոր փանդուհնարներով ու շրջափակման օճառած օղակը գցել մարզի վզին, ուզում են խեղդել:
Բերդաձորը թիկունքից խրվող խանչալ է, պետք է կլլել: Նշանակվեց շրջափակման ուժեղացված ռեժիմ կռո ղարաբաղցու բերդաձորցի տեսակի համար,- պիլիմադի ճողոպոր՝ մանր, պինդ, դժվար ջարդվող, ջարդես էլ` յուղալի միջուկը չի հանվում: Ուզած-չուզած ռեժիմը քիչ-քիչ ուժեղացվեց, և սլաքը կանգնեց «պաշարում» ռեժիմի վրա: Այսպես, հայկական այս փոքրիկ ածուն աշխարհի խղճի առաջ հայտնվեց պաշարման գրկում,- խորհրդային երկրի աչքին փառ է իջել, մեր տնքոցը խլանում է ածխահատների բաղաձայն վանկարկումներում, երկրի ղեկավարների ոչ երաշժտական լսողությունը հարմարված չէ ձայնային երանգներին, ով բարձր է խոսում` նա էլ լսվում է:
Խառնաշփոթ էս ժամանակներում ամեն ինչ հնարավո՜ր է դառնում:
Բերդաձորցու աճեցրած` շուշեցուն պատկանող անասունը որոշվեց տանել Ստեփանակերտ: Իսկ բերդաձորցին հարցրե՞լ է Շուշվա մեյդանի կարծիքը, ինչ անենք, որ անասունը մեքենաները լցրած և զինվորական կարգախմբերով պաշտպանված է, առաջին անգա՞մ է մեքենա ջարդվում ու անասունը քշվում Շուշի, անհնազանդ գնդապետ-սերժանտ կազմին «կազմավորելու» պրակտիկային նո՞ր պիտի ծանոթանան, միանգամից երեք գեներալ պատանդ առնելու` նորից բառն ասենք, պրեցեդենտը մոռացվե՞լ է. կարգախումբը մի կերպ իրեն պաշտպանելով վերադարձել է Ստեփանակերտ` գեներալ Սաֆոնովին զեկուցելու...
Հայազերծ Շուշվա քթի տակ Կանաչ Թալայի, Ջամիլվի, Խոջալվի, մյուսների... իզացիայի պրոցեսն ավարտված է: Բադարայի ծմակներում օբա թողած ապօրինածին Մեշալին վերջապես ստացել է գյուղի ստատուսը: «Բերված» ադրբեջանցիներով զորացվել են Մալիբեկլուն, Ղուշչուլարը, Խոջալլուն, 20 թվին ավերված հայկական Ղայբալիշենը 89-ին լիցքավորվել է Ֆերգանայի ծլլոցից Ղարաբաղի կաթկթոցը բերված մեսխեթցի թուրքերով, Բաքվի արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի մետաստազները տարածվում են Մարտունու Խոջավենդում, Մարտակերտի Սրխավենդում, մյուսներում, Հադրութի` ազգային նոր պրոֆիլավորում ստացած գյուղերում, Ստեփանակերտի շուրջ դասավորված Շուշի-Մալիբեկլու հյուսքերում: Այս ամենով հանդերձ, Շուշվա քթի տակին Բերդաձորն առու է կապում իր այգիներին, մեր Եվլախի, Բարդա-Աղդամի միջով բերված գազից ուզում են մի ճուտ խողովակ տանել, իբր ղաբուլ ենք մեր էլեկտրականությունը տալուն, մեր նավթը տալուն,- մեր էս սարերի էս արոտներում մեր անասունը պիտի պահվի, մեր հովիտների այգիների համով միրգը մե՜նք պետք է վաճառենք, որպեսզի էդ համեղ միրգը մեր ջահել հարսնացուների համար դառնա ոսկի ատամնաշար: Ահա էսպես, մեր պլանների էս ֆոնին, Շուշվա քթի տակ, ադրբեջանական ժողովրդական ճակատի վճռականության պայմաններում բերդաձորցի մի քանի հայեր խրվել են ադրբեջանական կողը, հանել չի լինում...

1989 թ.




ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄՈՒՐԱՑԱՆ ՓՈՂՈՑ

Անունն է մնացել, տները փլվել են, ծառերն արմատահան են եղել, խլրտուն փողոցն ամայացել է: Հիմա աչքդ պիտի պահես, որ մեկը երևա, որպեսզի Աստծո «բարի լույսը» փոխանակես: Վարպետ Ագոյի չարուկրակ Արսեն թոռը էլ չի խարտում վարսավիր Գերասիմի աղջիկ թոռներին, ու փողոցը չի լցվում լաց ու ծկլթոցով, մեծերի անվայել խոսքերով: Արսենը հիմա Երևանում է, մոր ձեռքից հեռախոսն առել է ու պապին լացակումած ասել՝ եկ տա՜ր...
Վարսավիր Գերասիմի թոռները հասել են Զապորոժիե: Վարպետ Գերասիմ, մեկը լինի և հենց էսպես էլ ասի` վարպետ Գերասիմ, քարտեզի վրա ցույց տուր Զապորոժիեն, թե չէ... Ագոյի խոսքերից մի քանիսը փոխ առնեի ու ասեի քեզ էլ, քո Զապորոժիեն էլ:
Երեխաները կռվում են իրար հետ, մեծերն անվայել խոսքեր են ասում ու հետո հանդարտվում: Որպեսզի իրար տուն հարևանփոխի գնալը հնարավոր լինի, որպեսզի կարողանան ոտքի վրա կանգնած մնալ այս դժվար, այս անգրելի ժամանակներում: Իրար թիկունք լինեն, որ հնարավոր դառնա դիմանալ այս ծանր բեռանը: Ծանր, ծանր: Արցունքի պես մաշող, թառանչի պես հյուծող:
Վարսավիր Գերասիմի բերանում «չէ» խոսքը չկա, երբ էլ ասես պատրաստ է թրաշդ անել, մազերդ հարդարել, թե փորձես ձեռքդ գրպանդ տանել, վարպետ Գերասիմը էն խոսքերն է ասում, որ մնում ես շփոթված ու ամոթահար.
- Բա՜, բա՜,- ասում է,- հենց իմացիր ինձ հերումեր ես ասել:
Վարպետ Ագոն մի օրում երեք դագաղ է պատրաստել, որ փողոցն իր երեք անտեղյակներին հողին հանձնել կարողանա: Մոտորիստ Ավետիսին ասել պետք չէ, նա նեղ օրվա համար բենզինը լցնում է իր մեքենան, որպեսզի դագաղի համար տախտակը բերվի, հոգեհացի պատրաստությունը տեսնվի, մյուս հոգսերն արվեն: Ամեն մեկն իր գործից բռնում է, ու գործը գլուխ է գալիս: Գործ էլ ասում ենք, լեզուներս պատում է` ասում ենք: Ամեն Աստծո օրը մարդ ենք դնում հողումը, ջահել ու ահել, կին, երեխա, և մեր արածի անունը դնում գործ...
Ահա այսպես փողոցը քանդվելով-սպառվելով հյուծվել, ամայացել է: 1992-ի օգոստոսից սկսած: Մոտորիստ Ավետիսի արհեստանոցը չլիներ, այստեղ ապրելն անհնար կդառնար: Լավ վարպետ է. փչացած մեքենաները բերում են, որ Ավետիսը մի քանի օրում դարձնի գործարանից բերածի նման: Մեքենան հռնդում է, մարդու խոսք ու զրույց է լսվում, փողոցը կենդանության նշան է ցույց տալիս:
Սևակի փողոցով ծռվում ես` եթե վերևից վար ես գնում` ծռվում ես ձախ, Մուրացանի փողոցն է, մի հարյուր-հարյուր հիսուն քայլ ես անում ու դեմդ աստիճաններ են, բարձրանում ես էդ աստիճաններով ու հայտնվում ես Օրջոնիկիձեի փողոցում:
Մուրացան փողոցում լավ ու վատ կառուցած 15 անհատական տուն կա, որոնցում արհեստավոր պարզ մարդիկ են ապրում, իրենց անպակաս հոգսերով, մեծ ու փոքր ուրախություններով: Տղամարդիկ խմած ժամանակ ծանր խոսքեր են ասում, կանայք, ձեր մոր կաթը ձեզ հալալ, լուռ ու մունջ տանում են տղամարդկանց անզորությունից դուրս պրծած կտտանքը:
Քաղաքի աղմուկներից, բենզինի հոտերից, անպարկեշտ վարքից հեռու մի համայնքի պես ապրում են Մուրացանի մարդիկ:
88-ին իրար ձեն տալով, ուրիշից լսածն իրենցն անելով` իրար պատմում էին և միահամուռ գնում Ստեփանակերտի հրապարակները, որ «միացում» վանկարկեն: Հաց ու ջուր պետք չէր, այն ժամանակ մարդիկ օդով էին ապրում, տնային հոգսեր չունեին, երեխաներին հետևել չկար. - Մի անգամ անասել խաղը թողնեն ու գան դասը սովորեն, որպեսզի անգրագետ չմնան` իրենց հոր նման: Քանի անգամ են ասել, կրկնել` սովորեք, որ մեզ պես չտանջվեք, ուրիշների պես փողկապը սիրուն կապած, ոտը ոտին ծալած մի գրասեղանի հետևը նստեք, որ մաքուր-մաքուր նստել-վեր կենալ ունենաք,- այլ ոչ ձեր հոր նման. առավոտը գնում է ու պինդ մթնած գալիս, շաբաթը մեկ կեղտոտ շալվարը տաշտն եմ կոխում,- մեր տան քո հոր քրտնահոտերը պակասեն, քո ամեն առավոտ մաքուր ածիլվելուց հետո քեզ վրա ցանած օծանելիքի անուշ հոտերը լինեն և որպեսզի էսպես լինի, դասներդ սովորեք, որպեսզի չորսից պակաս գնահատական չստանաք ու ծնողական ժողովին սպասեմ անհամբեր, ուրիշներին ես չնախանձեմ, ուրիշներն ինձ նախանձեն, ու դասարանը լիքը ծնողների մեջ բախտավոր լինեմ ես:
Այս ամենը հիմա մոռացվել է, հիմա երեխաները ծնողներից առաջ են գնում հրապարակ ու խլշած, մի բան հասկանալով, տասը բաց թողնելով,- հրապարակում, փողոցում տեղի ունեցածն իրիկունը տանն ամփոփելու ժամանակ ծնողների մոռացածը հուշում են ու այլևս չի ասվում` գնացե՛ք քնեք, որ վաղը դասից չուշանաք: Այսպես ամեն ինչ բարձիթողի արած Ղարաբաղի քաղաքական խնդիրներն են վերլուծվում, և ամեն մեկս գտնում է, որ ամենաճիշտն իր իմացածն է:
Փողոցների ալիքվող ժողովրդի մեջ կարգ ու կանոն հաստատելու համար և «ազգային միջադեպերը» կանխելու նպատակով Ղարաբաղ մուծվեցին Մինսկի, Վոլգոգրադի, Խարկովի, հիմա` Եկատերինբուրգ, այն ժամանակ` Սվերդլովսկի, չմոռանամ Նովոսիբիրսկից եկածներին,- ահա այդ քաղաքների միլիցիայի դպրոցների սովորողները բերվել են Ղարաբաղ, ամեն մեկի ձեռին մի-մի ոստիկանական լախտ դրել, որպեսզի անց կենան «արտադրական» պրակտիկայի ղարաբաղյան տեսակը: Ստեփանակերտի փողոցները զինվորական համազգեստ հագած տղաներով հագեցրին: Ամեն փողոց իր կարգով, մենք էլ մեր եղանակով ձեռնամուխ եղանք Մուրացան փողոցին բաժին զինվորների «մշակմանը». ամեն երեկո մի ընտանիք սեղանի պատրաստություն էր տեսնում, արաղ ու ծխախոտ էինք հյուրասիրում և խմած-խմած բացատրում «մեր արդար պահանջը», միամիտ կարծելով, թե հեշտացնում ենք խնդրի լուծումը: Հետո այնպես եղավ, որ այդ լախտերն իջան մեր տղաների մեջքին: Վա՜յ, անաղուհացներ...
Շուշիից Ստեփանակերտ` ոնց որ ափիդ մեջ, Շուշիից կարող ես Ստեփանակերտի տների պատուհանները մեկ-մեկ հաշվել: Հաշվարկ անելն իմանաս, սովորելու կարողություն ունենաս` սովորես, կարելի է հանգիստ Ստեփանակերտի տները մեկ-մեկ ավերել: Շուշիում դարանակալ ապիկար ազերի թուրքերը 1991 թվականի հոկտեմբերի 28-ին անցան էդ գործին: Մեկ էլ տեսնում ես երկնքում ալավի մեջ հուրհրատելով մի բան մոտենում է, ոնց որ ասուպ` շատ էլ սիրուն նայվում է, քաջ ասեմ, թե անխելք ասեմ` փոքր ու մեծ բերանները բաց նայում են, թե ինչպես է Շուշիից Ստեփանակերտ թռչում «ալազանի» հրթիռը,- ճանապարհի կեսին արկը լաչառ ճայթում է, ինքն իրեն արագություն հաղորդում, որ Ստեփանակերտի կոծելը դառնա արդյունավետ` մի աչքաճպելում տան պատը չկա, տունը տանիք չի ունեցել, արկը տրաքում է, ու մարդը չկա: Երեխաները լեղաճաք վազում են տուն, մայրերը թխսկանի պես իրենց տակն են առնում իրենց անտեղյակներին, սպասելով ճակատագրի հետագա կարգադրության: «Ալազանի» ադապտացիան անցնելուց հետո Ստեփանակերտն ու ստեփանակերտցիները տեղափոխվեցին «նոր ռեժիմի» «գրադով» մշակմանը: Տասնյակներով արկեր են, որ թափվում են քաղաքի գլխին: Ավեր ու մահ, արյուն ու կական:
1992-ն այսպես սկսվեց Արցախի համար, Մուրացանի փողոցի համար: Մուրացանի առաջին զոհը եղավ վարպետ Ավանեսը: Վա՜յ, Ավանես քեռի, վա՜յ... Ամբողջ կյանքում թուրքի համար տուն է կառուցել. աչք չի հանել, տուն է կառուցել, որ թուրքն այլևս օբայում չապրի, տան մեջ ապրի: Անընտել օղուզը չի ուզեցել, որ արտաքնոցը տան ներսում լինի, ասել է` ամոթ է, և արտաքնոցը դրսում է շինվել, և թուրքն այլևս աղբահարում չէր կկզում: Էդքան տարի թուրքի մեջ ապրել ես, չհասկացա՞ր դրանց բնույթը: Քանի անգամ զգուշացրի` վտանգավոր է, մի գնա, օղուզը մուխաննազ է: Լսածս առակը պատմեցի. փորձով ստուգվել ու ճիշտ ձևակերպվել է այն միտքը, որ թուրքը եթե ոսկի էլ դառնա` չդնես գրպանդ, մի օր գրպանդ ծակելու է և ընկնի ցած ու քեզ մնալու է միայն ծակ գրպանը: Առակս լսել է, ասել է` ճիշտ է ու դարձյալ գնացել, որովհետև առերես համաձայնել է, բայց ներքուստ չի հավատացել: Դե հիմա կե՛ր, դե հիմա վարձդ ստացի՛ր: Ստացավ:
Մալիբեկլու ազերի գյուղի հարևանությամբ հայկական Շոշին պատկանող մի հողակտոր էր վերցրել ու մշակում էր, որ այս դժվար օրերին ապրելը կարելի դառնար: Ուշ աշնան քաշաթուխպ մի օր գնաց լոբուտի սարին ժողովելու: Օրը մթնեց` չեկավ: Կինն անհանգստացավ, տղաներն անհանգստացան, գնացին-տեսան իրենց հարազատն արյան մեջ թաթախված: Թուրքը բահով հետևից հարվածել էր ու մարդուն թողել տեղնուտեղը: Մուխաննազ օղուզ թուրքը...
Մուրացանը սգաց իր առաջին զոհին:
Ցավ էլ կա, ցավ էլ: Կորուստ էլ կա, կորուստ էլ:
Դրսում 92-ի փետրվարն էր: Փետրվարից սկսեցին Շուշվից «գրադով» խփել: «Գրադի» բերած աղետն ուրիշ էր, միանգամից մինչև քառասուն արկ էր պայթում Ստեփանակերտի գլխին` ավեր, մահ, արտասուք: Մարդիկ խոր մտան տան նկուղները, բայց էլի մահը գտնում էր իր զոհին: Էլյանորան առավոտ կանուխ բարձրացավ տուն` ո՞վ հրահրեց, հետապնդող ճակատագի՞րն էր, թե ինչն էր նրան հրահրել` առավոտյան բարձրացավ տուն ու «գրադը» խփեց: Ագոյի պատրաստած դագաղում դժբախտը ոնց որ քնած լինի, խաղա՜ղ, խաղաղվա՜ծ: Դժվար է ապրել` ծնողների անպակաս վեճերին ներկա, ծնողների բաժանվելուց հետո մի օր Նավասարդը գլուխն առավ գնաց, ու էն գնալն էր,¬ վեճերը վերջացան, տան հոգսերը շատացան, և հիմա էլ հոգսերի բերած ուրիշ վեճերին ականատես` մեծացավ, ուսում ստացավ Երևանում, խելոք տնտեսագետ էր, կոշկի ֆաբրիկայի աչքի ընկած մասնագետներից էր, այնտեղ էլ հավանեց մի տղայի, ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ` երկու ոսկեծամ աղջիկ: Բայց ճակատագիրը հետապնդում էր դժբախտին` ջահել ամուսինը ջահել մահացավ ու Էլյանորային թողեց մենակ իր երկու որբերի հետ: Թե ում չար խորհրդով էր Էլյանորան երեխաները վերցրել ու եկել մոր մոտ: Նախախնամության հուշածով եկավ Մուրացանի փողոց, որ ջահել հասակում իր մահկանացուն կնքի` իր երկու դժբախտներին թողնելով անհայր ու անմայր:
Հարևանները հավաքվեցին ու բարեկամների հետ ում դռան մի տախտակ կար, ով սև գույնի ծլանգ-պատառ էր պահել և դագաղի համար այլ պարագաներ,- դժվար այդ օրերին ամեն ինչ պակաս էր,- այսպես դժվարությամբ դագաղ շինեցին ու ընդունված կարգով հողին հանձնեցին: Որբերն աղեկտուր լաց էին լինում, ճաք-ճաք էինք գալիս, ժողովուրդը մնացել էր սառած-շվարած: Էս կրակների մեջ ինչպես պիտի մեծանան, ո՞վ է նրանց հոգսը քաշելու, որբին «ջան» ասողը շա՜տ, ձեռքին մի կտոր հաց դնողը` պակա՜ս: Մեկ էլ մտածում ես` քարի փոքրը չի մեծանում, մարդու փոքրը մեծանում է, միայն գնացողն է պակասում: Ասված խոսք է` ասում ենք, բայց ո՞վ է նկատելու էդ որբերի կրծքից ելած թաքուն թառանչը, ծլլալով թափվող արցունքներն ո՞վ է սրբելու...
Մարդ մարդու անիծի ասի՝ արհեստդ քո որդու դագաղին պետք գա... Դագաղ շինող Ագոն էս անգամ իր կոտրած ձեռքով քսանինը նոր լրացած որդու համար...
Ակնաղբյուրի՝ մինչև էս շարժումն Աղբուլաղի, պաշտպանական ջոկատումն էր, Ստեփանակերտի գործադուլներից զզված գնաց աներանց. աշխատում էր ու գյուղացիների հետ Ակնաղբյուրը պաշտպանում Գյուլափլուի ու Ավդալի թուրք ավազակներից: Ղարաբաղի քարտեզին որ նայում ես` շեղբի պես մեր տարածքն է խրվել` մերն իրենցն արած մի մեծ հողաշերտ: Ակնաղբյուրից Ստեփանակերտ գալու համար երկու ճանապարհ կա՝ մեկը Գյուլափլուի մոտով, մյուսը՝ հայ Դահրազի ու Ավդալի միջանկյալով: Չիմացվեց՝ Հարավ Գագոյի պապոնց գյուղում գործ ունեին, թե մի ուրիշ ապսպրանքով Ավդալի կողքով Հարավի վրա ճանապարհվեցին և պայթեցին թուրքի դրած ականի վրա: Միանգամից յոթ տան սյուն ծռվեց...
Ի՞նչ տղա էր, դեռ երեխա ժամանակներից սիրում էինք նրան, Անդրապու դրած փոթ անունն էլ «շակալադ» էր: Աշխատավոր, մեծի տեղն իմացող, ուրիշի սրտի փուշը հանող,- հիմա Գագոյի երեք որբերի սրտի հեռը լացի մեջ պատմեց՝ դարձավ եղերամայր: Լսում ես որդեկորույսին ու չես կարողանում սրտիդ լկլկոցը պահել: Ամալյայի նման քանի որդեկորույսներ կան Արցախ աշխարհում, սգաշոր ու սգասիրտ այս կանայք եղերամոր վիճակով իրենց և բոլորիս վիշտն են կոծում, պատմում ու պատմելով հնարավոր դարձնում ցավի այս սարերին դիմանալը:
Փողոցն ուշքի չէր եկել, դեռ չէր համակերպվել ջահել կորստի հետ, երբ Մարտակերտից բոթը բերեցին, թե Վիկտորյայի Սլավիկը... Ուղիղ նշանառության արկը պայթել է տանկի վրա, և անձնակազմից ոչ ոք կենդանի չի մնացել:
Քանի՞ անգամ է դիմել զինկոմիսարիատ ու մերժում ստացել: Ասել են` կռվելու համար մի տաս տարով ուշացել ես, Սլավիկը համառել է, ասել է` հմտությունն ու փորձը պակաս կարևոր չեն: Նրանք իրենցն են ասել, նա իրենը, նրանք իրենցն են պնդել, Սլավիկն` իրենը, մինչև վերջապես համաձայնել են: Սլավիկը մեկնեց Մարտակերտի ռազմաճակատ` տանկն ընդունելու: Էսօրվա պես հիշում եմ, Ավետիսի արհեստանոցում էինք. Սլավիկն ուրախ-ուրախ եկավ ու մի թուղթ թափահարելով ասաց` վաղը գնում եմ: Ավետիսը կատակեց, Մուխանը` մաղ կապողի սիմ տվողը, իրենն ավելացրեց, Ավետիսն ասաց` տանկի ետընթացը լավ սովորիր, որ ժամանակին կարողանաս տանկի ուշքը դեպի ետ շուռ տալ, Մուխանն էլ թե` վաղուց օսետրինի խորոված չեմ կերել: Սլավիկն ասաց` Քուռի՞ց բերեմ, թե՞ ծովից, Մուխանն ասաց՝ ծովինը համեղ է, ծովից բեր, Սլավիկը թե՝ խավիար չբերե՞մ, Մուխանը թե՝ դա էլ քո շնորհքը, բայց չմոռանաս, ասաց, մի թուրքի կառի էլ բերես, - էսպես խոսեցին, կատակեցին ու բարի մաղթանքներով ճանապարհեցին ռազմաճակատ: Մարտակերտից լավ լուրեր էին գալիս, մի օր էլ «Արցախ» թերթում տեսանք Սլավիկն ու տանկի անձնակազմը` տանկի վրա լուսանկարված, ուրախացանք, հպարտացանք, ու ահա խավար լուրը եկավ:
Ինչ չէինք տեսել` ականատես եղանք. Իշխանին պահել չէր լինում, տաս-տասներկու տարեկան երեխան հոր դիակի վրա սուգ էր կապել, ու բոլորիս սիրտը կտոր-կտոր էր անում: «Վա՜յ, հայրիկ» էր մորմոքում, ասում էր՝ էդ ո՞ւր ես գնում, ասում էր` ինձ էլ տա՜ր, երեխայի կերկեր ձայնով սուգ էր կապել հոր վրա: Միշտ զուսպ Վիկտորյան իր սգի մեջ էլ էր զուսպ, լուռ արտասուք էր ծլլացնում: Իր երեխաների մեջ ամենախեղճը, ամենասրտահեռիչը Սլավիկն էր: Եվ ամենաձախողակը. կյանքը դժվար էր դասավորվել, միշտ մի ձախորդություն պատահում էր, ինչին գնում էր` չորանում էր: Էս վերջինը, մոր սիրտը գուշակում էր, որ էս վերջինը ճակատագրական է լինելու: Իր անհաջողակի տագնապը գիշեր-ցերեկ իր հետ էր: Ժպիտը միշտ երեսին էր, սիրտը մաքուր էր, ոնց որ աղբյուրի ջուր, հավատավոր էր:
Մուրացան փողոցը էս մի զոհին էլ լացով-արտասուքով հողին հանձնեց: Մուրացան փողոցը սկսում էր համակերպվել կորստի անխուսափելիությանը: Ժամանակն օխտը գլխանի վիշապի պես նոր զոհեր էր պահանջում...
1992 թիվը սուգ ու ավերով սկսվեց ու էդպես էլ շարունակվեց: Օգոստոսի 5-ը սև եղավ Մուրացան փողոցի համար: Արդեն ուշ երեկո էր, բայց թշնամու համար ուշ չկա, եթե կարող է` մահ ու ավեր է բերում: Օգոստոսի 5-ի ուշ երեկոյան Աղդամից «գրադով» հարձակվեցին ու հարվածն ուղիղ հասավ Մուրացան փողոց: Միանգամից երեք զոհ ու քանի վիրավոր: Վայնասունը բռնել էր փողոցը: Յուրիկը գրկել էր Սվետայի հանգչող մարմինն ու բառաչում էր` ինձ որբ մի թողնի՜: Տան պատուհանից երկու արդեն որբացող մանուկները դեռ մանուկ խելքով չէին հասկանում, որ էդ պահից փոխվեց իրենց ճակատագիրը:
Ամբողջ օրը տանը հավաք-տեղակ էր արել` մաքրություն անել կա, երեխաներին լողացնել կա, մի երեխա էլ Յուրիկն է, մինչև հիմա բոլորս էլ` փոքր ու մեծ Սվետայի ամուսին Յուրիկին Ուլիկ ենք ասում: Յուրիկից մեծը` Ներսեսը, Յուրիկ չէր կարողանում ասել, ասում էր` Ուլիկ ու նրա հանգով բոլորս հիմա Ուլիկ ենք ասում,- ահա էդպես բոլորի մաքրության հոգսն անելուց հետո Սվետան ասաց` մի քիչ հանգստանամ: Անմարդ Էլյայի տան ուղղությամբ մայթին մի գերան էր ընկած, ով է բերել` չենք էլ հիշում, երեկոները փողոցի կանայք ու մատղաշները հավաքվում էին Էլյայի գլխին ու Անդրապու ասած` լավլավհան լինում` խոսում-բամբասում-թեթևանում: Էդ սովորությամբ Սվետան եկավ մի քիչ հանգստանալու: Էդ պահին գերանին Քրիստափորի Նորան էր ու Համեստը, միացավ նրանց: Ոտը կոտրեր` չգար:
Համեստը գլուխը մի քիչ թեքել էր մի կողմի վրա ու էդպես էլ մնացել, Նորան ասես մի բան էր պատմում ու Համեստի նինջը եկավ, Նորան քանի անգամ էր դիտողություն արել` մի բան որ պատմում են` լսիր, ճուվարանի տակից չի թափվում,- Համեստի նինջը եկել էր ու Նորան էլ խոսքի կեսում մնացել էր էդպես...
Հիմա որ Համեստը կհանգստանա, հիմա էլ ընկեր-հարևանի, ծանոթ-բարեկամի, աշխարհի հետ կռիվս չի տա. վեճերի մեջ, կռիվների մեջ, կյանքից դժգոհ, աշխարհից դժգոհ, իր ճակատագրից դժգոհ, չորս երեխա է մեծացրել, Էլյանորան ուսում է առել, մեծը Լավրենտն է, նա արհեստավոր է, Ալեքսանդրը գնացել է Աշխաբադի կողմերը, Էռնեստը` երաժշտական դպրոցի դասատու է, ամուսնացել, երեխաներ է ունեցել, ապրում է: Համեստը տունը պահել է առանց Նավասարդի, բժիշկ քրոջ` Աննայի օգնությամբ ու նրա երեսարանքով է պահել: Հիմա թող հանգստանա, ամբողջ կյանքն ապրել է թուքումուր ուտելով, իր արտորանքները հարևանների հետ պարպելով: Էլյանորայից հետո, կյանքի էսքան դառնություններից հետո, գնա միանա հողին, որ հողը հանգստություն բերի:
Նորան Համեստից ջահել է, բայց Նորայի տեսածը մարդու թշնամին էլ չտեսնի: Քարը չէր դիմանա, Նորան դիմացավ: Բաքվում Նորայի եղբորը` դեռ ջահել, թուրքը կացնով սպանեց, միջնեկ տղան գնաց «սեզոն», ինքնաթիռն օդում պայթեց ու ջահել փչացավ, հարսը` Գորիսի կողմերից էր, երեխաները վերցրեց, գնաց հերանց ու ավտովթարի տակ ընկավ: Մեծ տղան` Բաքվից փախստական դարձած, հասել է ռուսաստաններ, թոքի կեսը հանած, կես մարդ: Ի՞նչ է անում, ո՞նց է ապրում, երեխաները ի՞նչ գործի են, բոլորն էլ աղջիկ երեխաներ: Էսքան ցավ ու հոգսերի հետ դժբախտը մնացել է տանը մենակ, ղուղու է կանչում:
Վա՜յ, Նորա, ինչից վախենում էիր, դրանով էլ գնացիր:
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջերից, երբ Շուշիից սկսեցին հրետակոծել, Նորան գնաց Մուրացանին համարյա հարևանությամբ կենցաղի տան ապաստարանը: Ինքն էր, Էլյան էր, հետո նրանց միացավ Համեստը: Ասում էր` մենակ տանը վախենում եմ: Ճշմարիտ` մեկը պիտի լինի, որ իրար սիրտ տալով, իրար խրախուսելով վախը հեռու վանեին: Օրը չմթնած գնում էր ապաստարան ու հաջորդ օրը` արդեն օրը ետ անցած, գալիս տուն: Հետո, երբ Շուշին մերոնք վերցրին, ու վտանգը վերջացավ, էլ այլևս տանն էր մնում: Մինչդեռ մահը Աղդամից պիտի գար: Եկավ:
Սվետայի դին ծնողները տարան գյուղ` իրենց գերեզմանոցում ամփոփելու, երկու որբերին էլ պահեցին իրենց մոտ: Ուլիկն ի՞նչ պիտի աներ` զենքն առավ, գնաց կռիվ:
Համեստին ու Նորային նույնպես հողին արժանացրինք:

Շահումյանցիների բերած խուճապը, դրան հաջորդած մարտակերտցիների սելավը,- Ստեփանակերտը դարձել է արցախյան բարբառների խառնարան, գալիս էին Հադրութից, Մարտունուց, թուրքին մոտիկ գյուղերից: Զարկված մի ժողովուրդ էր հորդում Ստեփանակերտի փողոցներում, քաղաքը դարձել էր բացված վերք. էնքան ցավը կսկիծը չէր տանջում, որքան սուրսայրի հարցերն էին հալածում` ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս եղավ, Շուշին վերցնողը մենք չէինք, Լաչինի միջանցքը բացողը մե՞նք չէինք, ինչպե՞ս եղավ, որ հալածողից դարձանք հալածյալ, այդ ո՞ւմ չար կամքով, ո՞ւմ նյութած դավերով: Հարցերը խառնվում էին մեր մթագնած ուղեղներում ու պատասխանը չէինք գտնում: Աղեխարշ այս հարցերը կաթվածահար էին անում կամքը, ձեռքը թուլանում էր...
Տագնապ ու խուճապ, խուճապ ու տագնապ. ամեն բացված օր, օրվա մեջ` էլ ժամ ու տարաժամ չկար, խփում էին հրետանու բոլոր տեսակներով, «գրադով»: Էդ գեհենին գումարվեց ռմբակոծությունը. մեկ էլ հայտնվում էին երկնքի վրա, ռումբերը թափվում` կես տոննանոցները, որ ավերվածը հիմնահատակ ավերվի, կասետային ռումբերը, որ մահերը շատ լինեն, գալիս են անպատիժ ու անարգել: Անզորությունից հողն ես ճանկռտում, բայց ուզում ես գլուխդ պատեպատ տուր, ձեռքիդ զենքը անզոր է թշնամուն պատժելու:
Սուգ ու շիվան, լաց ու արտասուք, խուճապ, խուճապ, խուճապ, խուճապը դարձել է յոթգլխանի հրեշ, հիմա ահա ամեն ինչ խժռելով կուլ կտա: Կուլ տա` միանգամից պրծնենք:
Ո՜վ , երկնային Աստված, այս ի՞նչ փորձության ես մեզ մատնել, արցախյան քո հոտին ի՞նչ մեղավորության համար ես էս անլուր հալածանքներին արժանացնում...
Խուճապը մտավ նաև Մուրացանի փողոց: Փողոցը դատարկվեց:
Բաքվից փախստական դարձած Սվետան հիվանդ ամուսնու ու աղջիկների հետ 1989-ին ապաստանեց մոր մոտ ու բոլոր դաժան օրերին փողոցը չլքեց: Մարդու բնույթն անբացատրելի է: Բնությունն ինչ ուժ է դրել Սվետայի մեջ: Խնամում էր մահճակալին գամված մորը, ոտը ծանր աղջկա հոգսերն էր քաշում, ամուսնուն էր խնամում ու Ստեփանակերտից Խոջալլու բանջարանոց անում, տան հողամասում ամեն ինչից մի քիչ ցանում, դեղատանն աշխատում, իրիկուններն արհեստական ծաղիկների զամբյուղներ սարքում, որ Գրիգորը հաջորդ օրը շուկայում վաճառի: Որ կարողանան ապրել: Գրիգորն ընտանիքը լավ է պահել, և Սվետան իրեն պատառոտում է, որ կոտր չընկնի, ուրիշներից ետ չմնա: Աստված ինչո՞ւ էսքան քիչը շատ համարեց. Սվետայի կրծքում ուռուցք հայտնաբերեցին, ասաց՝ ձեռքիս մի քանի բան կա, հետո կգնամ Երևան բուժման, ասաց` հետաձգեց, ասաց` հետաձգեց, և երբ վերջապես գնաց, այնտեղ ասացին՝ շատ է ուշ... Մի կերպ ճանապարհածախս հավաքեցին, ուղարկեցին Մոսկվա, հուսալով՝ գուցե Մոսկվայում հնարավոր լինի։ Այնտեղ էլ նույնն ասացին... Հրաժեշտին ինչքան խրախուսում, սիրտ էինք տալիս, Սվետան ժպտում էր և աչքերից արտասուք ծլլացնում...
Գրիգորը քառասուն տարի աշխատել է Կասպից ծովի նավթահանքերում, լավ ինժեներ էր, լավ ինժեներից առավել՝ նվիրված աշխատավոր: Բաքվի կոտորածից մի կերպ մազապուրծ են եղել, ճանապարհին սիրտը կաթված է ստացել, ու թուրքի տված էդ միակ ժառանգությամբ հասել են Ստեփանակերտ: Սվետան աղջիկներից մեծին Ստեփանակերտում ամուսնացրել էր, մյուսն իր գլխով ընդունվել է Լենինգրադի չգիտեմ որ ինստիտուտ, երրորդն ամուսնացել ու մինչև մի քանի ամիսը պիտի երեխա ունենա: Քանի անգամ եմ ասել՝ ա՛յ Գրիշա, ա՛յ Սվետա, մեղք է էդ երեխան, դուրս հանեք էս կրակներից, տարեք Երևան, տարեք ապահով մի տեղ, ամեն օր հենց սկսում են «գրադով» խփել, Կարինեն, սրսփալով, գույնը գցած, Գրիգորը՝ նրանից վատ, Սվետան՝ վերջում մտնում էին մեր տուն, իբր մեր տունն ավելի ապահով է. ապահով` չէ, բայց երբ միասին ենք լինում, վախն էլ է քչանում, դիմանալն էլ է հեշտանում, էդպես ապրելը դառնում է հնարավոր: Քանի՜ անգամ է մանկաբարձ կինս դիտողություն արել Սվետային` գոնե ծնվելիք երեխային խնայեցեք: Կարինեն չի ցանկացել լքել ամուսնուն: Ահա էսպիսի սեր` էս կրակների մեջ:
Գրիգորն ընտանիքով, իր անպակաս վախերով չլքեց Ստեփանակերտը: Վիկտորյան մնաց հարսի ու տղայի հետ, երկու թոռների հետ: Էդիկը մտածել է պարզ` մեր արյունը կամ մեր երեխաների արյունն ուրիշներից քաղցր չէ, ինչպես բոլորը` էնպես էլ մենք: Մուխանը տնով-տեղով, հարս ու փեսայով, նորածին թոռներով մնացին: Ամեն օր Ագոյի պես բերանը բացում, Գորբաչովից սկսում էր` մյուսներով վերջացնում և դարձյալ հեռ եկած սիրտը չէր հովանում:
Ռաֆիկի անունը գիժ Միշայի նման ասենք` Ռա-փիկ, Ռա-փիկը աննկատելի կին-երեխա, մորն առավ ու մի օրում պոկվեց: Գիշերը գնաց: Մենք դեռ անտեղյակ` հայաստանցի երկու հոգի առավոտյան հարցրին` որտե՞ղ է, ե՞րբ է վերադառնալու: Հարցով հարցին պատասխանեցինք` որտե՞ղ է գնացել, որ պետք է վերադառնա: Ինչո՞ւ էին հարցրել, ի՞նչ մութ պատմություն կար մեջտեղ: Մինչև մթնելը սպասեցին ու գնացին: Հաջորդ օրն էլ եկան ու այլևս` ոչ Ռափիկ, ոչ հարցնող: Հիմա որտե՞ղ է՝ ստույգ տեղն իմացող չկա, մեկն ասում է` Հրազդան է գնացել` ով է իմանում` հազար ու մի կարծիք:
Ռափիկը Մուրացանի համար եղած-ճեղած` մեկ է, ոչ լավություն անել գիտի, ոչ լավություն ընդունել, ապիկար վարպետ էր, կյանքում էդպես էլ մի արհեստ կարգին չսովորեց: Ողորմի Անդրապուն, ասում էր` մեծոց սովորած արհեստավարին վարպետ չեն ասում,- բահ ու քլունգ տուր ձեռքը` ասա հողը քանդի: Որպեսզի կիրակիները պարապ չմնա` կոճղեր էր բերում` մճեճ, ոչ կացին էր մոտենում, ոչ բան. մի օր չարչարվում էր, էդ հսկա կոճղը պճղում և ինքն իրենից գոհ վայելում իր արածի արդյունքը:
Էսքանի մեջ ինձ մորմոքողը վարպետ Գերասիմն է. Ռափիկը Մուրացանի համար լինի-չլինի մեկ է: Փողոցում շշուկ անցավ, որ Գերասիմը ցանկանում է գնալ` ոչ էն է ծիծաղես, ոչ էն է լաց լինես` վարսավիր Գերասիմը որոշել է գնալ` մենակ ինքը չէ, ուզում է իր հետ տանել աղջիկներին էլ: Գերասիմի տեղակ երդում կուտեմ, որ դա Գերասիմի վճիռը չի:
- Գնամ Էլյանորային, երեխաներին տեսնեմ գամ` ո՞վ է իմանում, գուցե էլ չտեսնեմ:
Ուզում եմ պատասխանը տալ, բայց Գերասիմը խոսքահերթ չի տալիս.
- Խելքդ ի՞նչ է կտրում, կարելի չի՞, որ էդ ինքնաթիռների առաջն առնվի,- էսպես թեման փոխում է, որ ինձ խաբս տա:
Ուզում եմ մի բան էլ ասել, բայց խոսողը դարձյալ ինքն է մնում, խոսելով արագ մտնում է իրենց դարպասից ներս ու արդեն դարպասի մյուս կողմից իբր ինձ ուզում է հուսադրել, գլուխս թլսորելով ասում է.
- Դեռ երբ եմ ասել, է՜, ամեն ինչ լավ է լինելու:
Վարպետ Գերասիմը չի ուզում իմ խոսքը լսել ու ճիշտ էլ անում է, որ չի ուզում, որովհետև պատասխանս ինձնից շատ լավ է իմանում:
Անդրապան, ողորմի նրան, կյանքից կուշտ գնաց` ոչ չարչարվեց շատ ունենալ, ոչ էլ դժգոհում էր իր վիճակից, մեր մեծի պես կարող էր ասել` և ես իմաստուն, և բեռս թեթև, աշխարհիս նայում էր հանգիստ ու հանգիստ էլ գնաց էս աշխարհից: Ինչո՞ւ հիշեցի Անդրապուն. ինքը գնաց, բայց ասած խոսքերը մնացին, նայում էր Ռափիկի անիմաստ չարչարանքներին ու ռուսական խոսքը բերում` ռաբոտա լյուբիտ դուրակով: Մի անգամ Համեստի տղան` Էռնեստը, քամանչան տիզի-վիզի էր անում, ասաց, Անդրապա չէ, իբր մազաղ ուզեց անել՝ ասաց` Անդրեյ Ավետիսովիչ, ի՞նչ նվագեմ, Անդրապան թե` մաղբունի: Էռնեստը ցուպ ձենը կտրեց, մենք էլ ծիծաղելուց ուշաթափ էինք:
Ավետիսը` Անդրապու Գրիգոր տղայի որբը, ում էր եկել. հաստատ պապին չէր եկել, հորն էր եկել: Աշխատավոր ընտիր վարպետ էր, թանկ ու կրակ էս ժամանակներում բոլորն ուզում են, որ Ավետիսը վերանորոգի իրենց մեքենան: Գործը լավ է անում, շուտ է անում ու վերջում, երբ մեքենատերը վարձի փողը սկսում է հաշվել, ասում է` մի ամաչի, լավ վարպետին տվածը կորած չի: Ու վայելում է լավ արված գործին թանկ վճարվածը վերահաշվելու հաճույքը:
Անդրապու Միշան Ագոյի բառերից էլ կծոտող բառեր է ասում ` Գորբաչովից սկսած, մնացողներով դուրս եկած: Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի հիմնադիրներից մեկը` մինչև հիմա էլ հպարտանում է բանվոր դասակարգին իր պատկանելությամբ,- առաջ ափսոս չէ՞ր,- ու էս երկիրը էս օրին գցողի օխտը պորտի ոսկորները գերեզմաններից հանում ու կանոնավոր դասավորում է: Աբրահամյան Միքայել` լուսանկարը գործարանի պատվո տախտակին դեռ պիտի մնացած լինի, եթե պատվո տախտակը վառելափայտ չեն արել և գցել վառարանը: Հիմա եղբոր տղա Ավետիսի օգնականն է, մեքենայի մոտոր է վերանորոգում, սևագործն ինքն անում է, կարևորները թողնում է Ավետիսին: Ավետիսի ձեռքերը ոսկի, բերանից դուրս եկած խոսքը՝ Մուրացանի փողոցի տակովը կոյուղի է անցնում` դրա նման: Հենց որ թուրքը սկսում է խփել, մտնում էին արհեստանոցի փոսը ու տապ կենում: Հետո Միշան փոսից դուրս էր գալիս ու Գորբաչովից սկսում, թուրքով վերջացնում: Չարյաց սկիզբը համարում է Գորբաչովին:
- Թուրքից վատը Գորբաչովն է:
Միշան, Անդրապու կնքածով՝ Ուճին, պակասավոր է ստացվել: Փինաչի Արությունը սիրում էր խմել, կնոջն էլ սովորեցրեց: Երեխաները մի որևիցե բանում թերատ ծնվեցին: Արությունը շուտ գնաց, ամբողջ հոգսը մնաց Շուշանի ուսերին: Ողորմի նրան, բերանից միայն օրհնանք էինք լսում: Տանջվում էր Միշայի ձեռքին: Շուշան մայրիկը գնաց տղաթոռ չտեսած, ուշքը ետ` գնաց` չիմանալով, թե ով է իրենից հետո իր մեղքի հոգսը քաշելու:
Ուճին երբեմն-երբեմն մռայլվում է, դառնում է անմատչելի, երբեմն էլ, երբ մեկը մի բաժակ օղի է տալիս, դառնում է մռամոշ, էլ առանց խնդրելու ցուցադրում է իր ամբողջ շնորհները: Ճորղոտուն ձայնով կանչում է` մի-ա-ցում, հետո` արդար պահանջ` ոչ մի նահանջ: Հետո էլ սկսում է անճոռնի պարել ու երգել Ռափիկի` դղոլչի ժամանակներում սովորած երգը.

Կրասնի-կրասնի պամիդոր,
Չյորնի-չյորնի բադիրջան,
Մարալ, մարալ, Մարո ջան:

Համերգի վերջում ճոթռած ձայնով կանչում է` Լենին-պարտիա-Արմինակ: Երբ հիասթափվեցինք հրապարակներում Լենին-պարտիա-Գորբաչով վանկարկելով` չգիտեմ ում սովորեցրածով կրկնել էինք տալիս եւ Ուճին կրկնում էր՝ Լենին-պարտիա-Արմինակ: Արմինակը շուկայի հայտնի բեռնակիր համբալն էր, Ուճուց մի քիչ խելոք, Ուճու բախտին: Ի պատիվ Գորբաչովի, Գորբաչովին փոխարինեցինք մեր գնահատմամբ նրա համարժեքով` Արմինակ՝ Լենին- պարտիա-Արմինակ:
Ուճու տրամադրությունը երբ տեղն է լինում, քիպ մոտենում է ինձ ու ինձ ձեռ առնելու նման ասում է` Մախսին, ես ասում եմ` ի՞նչ է, Միշա, ասում է` երանի էն մարդուն, որ ոչ խելք ունի, ոչ հոգս: Է՜, Միշա, էդպիսի մարդ որտե՞ղ գտնենք: Միշան համաձայնում է՝ մարդու դարդը մեկը լինի...
Ուճին չլքեց մեզ ու Մուրացան փողոցը, բայց էս վերջերս գիշերները ոչ ինքն է քնում, ոչ էլ ուրիշներին է թողնում քնել: Բայղուշի պես ցերեկները` մռայլ, խոսեցնել չի լինում, գիշերները գլուխներս տանում է: Այլևս չի կարողանում իրեն տիրապետել, հոգսն էլ քաշող չկա:
- Պատերազմ գցողի երեսը սևանա,- Միշայի ետևից ասում է վարսավիր Գերասիմի Մարոն ու գիշերը ճրագի տակ գործած գուլպաները տանում շուկա, որ կարողանան Գերասիմի հետ չորս աղջիկներից այստեղ մնացածների ու նրանց երեխաների, փեսաների հոգսը քաշել:
Արանզամինից փախստական Երանիկն ու Ալյոշան մնացին Մուրացանում: Բայց Երանիկը մորմոքում է` հարազատ հորաքույրը Երևան գնալուց առաջ մի բերան չասաց, որ հարազատ եղբոր աղջիկն ընտանիքով մնացել է դռներին, վիզը ծուռ է, որ երկու լիքը տուն է թողել թուրքին, մեկը՝ Լիսագորում, որտեղ երեսուն տարի աշխատել է, պետականի պես տուն է կառուցել, որ հետո թուրքի շանբաժին դառնա, այնտեղից եկել է Արանզամին, նորից տունուտեղ արել ու էս անգամ էլ տվել աղդամեցուն,- թուրքը թուրք է, պիտի աներ, բայց որ իր հարազատն է իրեն թողել գարաժում: Չորս սենյակները դրել են կողպեքի տակ, ինքը միայն գարաժի է արժանի... Ամեն արցախցի մի ողբերգություն ունի, բայց Երանիկի ցավը մեկը չի, երկուսը չի...
...Հարայը բռնել էր գյուղը, որ թուրքն արդեն գյուղի տակին է: Երանիկի մոր ոտքերը կալվել էին, չէր կարողացել փախչել: Տեր Աստված, հույսը միայն Աստված էր մնացել, և Երանիկն ասել էր` Տե՜ր Աստված, ու մոր հետ գոմում թաքնվել: Հետո այնպես է եղել, որ ուրիշներն էլ, նույն ճակատագրով, մնացել էին իրենց մայրերի հետ: Տաս-տասներկու կանայք հավաքվել են իրար գլխի ու Աստված կանչել: Աստծո ականջը բամբակ էին կոխել, չի լսել, թուրքը լսել է ու եկել անտերունչ էդ կանանց գերեվարել: Լցրել են մեքենան ու տարել:
Աղդամի թուրքն ամեն տարի Աղդամի շոգերից հալածված` ընտանիքով գալիս էր Լիսագորի հովերին հանգստանալու: Թուրքն իջևանում էր Երանիկի տանը, ձրի վայելում Երանիկի հյուրասիրությունը,- ահա այդ թուրքը ճանաչել էր Երանիկին ու նրան ապսպրել, անունն էլ է ասել, լուսանկարն էլ է տվել ու պատվիրել, որ գտնի նրանց սպանվածի դիակն ու բերի, որ այս պայմանով մյուսներն էլ ազատվեն...
Վա՜յ, մեր, վա՜յ... Երբ բաժանվում էին, մայրն ասաց` ինձ էլ վերցրու, ասաց` Երանիկ, ինձ էլ հետդ տար: Մյուս գերյալները շրջապատել են Երանիկին, պաղատելով ասել` աշխատիր գտնել: Նրանց ձայները մնացել են Երանիկի ականջներում և գիշերները, երբ աչքին քուն չի գալիս, այդ ձայները կանչում են ականջներում: Քուն լինի, թե արթուն, նրանց արցունքոտված երեսները շարունակում են անխնա հալածել իրեն: Ամբողջ կյանքում պիտի հալածեն` թուրքի դիակը չի գտնվել, տափը ճղվել էր ու մտել մեջը, իր հետ տանելով արանզամինցի տասը կանանց, Երանիկի մորն էլ հետը: Հետո եկավ ամենաանագորույն պատիժը` կատարվածը քիչ համարվեց, տասը տարվա իր սպասածի, տասը տարվա իր փափագի` իր Արմենի դիակը բերեցին...
Հաճախ, երբ ականատես ես լինում նման պատմության, ինքդ քեզ հարց ես տալիս` ո՞նց է հնարավոր լինում, որ մարդ արարածը սիրտը վերքերով պատած իր նմանին նոր վերք է ավելացնում: Ամեն օր Երանիկը երեսին խաչ է հանում` Մարիամ Աստվածածին, Գառնիկիս մեզ համար շատ չհամարես:
Կինն այս ամենը պատմում է ու արցունք ծլլացնում:
Ձմռանը, երբ գարաժի ամեն տեղից ցուրտը թափանցում էր, երբ Արմենի էս աշխարհում թողած միակ հիշատակը` Քրիստինեն, հիվանդացավ,- ընդամենը երկու տարեկան Քրիստինեին հարցրի` Քրիստինե, ինչպե՞ս ես, Քրիստինեն, որպես ուրախալի լուր, ասաց` հոպարը եկել է, իսկ Արևհատի աղջիկ թոռը, որ խաղում էր Քրիստինեի հետ, ինձ զգուշացրեց, ասաց` Մաքսիմ քեռի, Քրիստինեի հայրիկի անունը չտաս, որ իր հայրիկի անունը լսում է` լաց է լինում,- երբ ցրտերը խստացան և Քրիստինեն հիվանդացավ, հարևաններս հորդորեցինք, որ Երանիկը հորաքրոջ սենյակներից մեկն զբաղեցնի:
Օգոստոսի 5-ի լացուկականը չէր հանդարտվել, օգոստոսի 17-ին ռումբը պայթեց Քրիստափորի տան վրա: Քրիստափորի տունը հիմնահատակ եղավ, Համեստի տունը փլվեց, Էլյայի, Ագոյի, Սաշայի տներն ավերվեցին, շատ տների տանիքները խախտվեցին, դուռ ու պատուհան տեղից դուրս պրծան, սվաղը թափվեց, կոճը կոտրեց, բյուրեղապակիներով ծանրացած պահարանները շուռ եկան, ծառերը ճղակոտոր եղան, Մուրացանը վերածվեց փլատակների: Ավետիսի արհեստանոցի երկաթե դուռը հարվածային ալիքը գիլամասրի հոռ էր դարձրել:
Ստեփանակերտում ո՞վ չի ճանաչում վարսավիր Քրիստափորին, շուկայի վարսավիրանոցի Քրիստափորին,- հերթերի տարիներին արդար հերթ էր պահում, հենց որ Քրիստափորի պղինձը դղրդում էր, շուկայի շրջակա ապրողներն իմանում էին, որ շուկայի հացի խանութը հաց է ստացել, ուշացողները շտապում էին` համոզված, որ Քրիստափորը էնպես է հերթն արդար պահելու, որ ամեն մեկը գոնե իր բաժին ցամաք հացը տանի տուն: Հիմա նույն օրին ենք հասել, դրանից էլ վատթար, խանութներից վաղուց է հերթերի հետ հացահոտը վերացել: Վարսավիրի մի բարակ ածելիով տուն-ընտանիք է պահել, դժվար տուն կառուցել,- շաբաթվա վեց օրը շուկայի վարսավիրանոցում էր, յոթերորդ օրը կալանատանը տակահան խուզող խուզիչով կալանավորների գլուխներն էր խոզում,- լավ մարդ էր, բայց որպեսզի մուշտարու խուսափումներից անգործ չնստի, շուկայում առևտրի եկած աղդամեցիների թրաշն էր անում, ու վաստակածը պակաս չէր: Ահա էդպես վարսավիր Քրիստափորը` ոտի վրա մարդ, ամեն օր գնում էր գործի, գործի ճանապարհին էլ գլուխը շուռ տվեց, եկավ տուն` պառկեց ու էն պառկելն էր, մի շաբաթվա մեջ ողջ-առողջ մարդը պրծավ:
Ժենյան մահացավ գնաց: Բայց էդքան բարի, ինչո՞ւ աչքը ետև պահեց: Հարազատներին մեկ-մեկ տանում էր իր մոտ: Սաշան` դեմքը մի փոքր քերծես մի աման արյուն կգա, իրեն վատ զգաց, տարան հիվանդանոց ու վիրահատության սեղանին մնաց: Ամուսիններով հինգ երեխա էին պահել, դժվար էին պահել, հետո, երբ արդեն կյանքը լավացել էր, և երեխաներն էլ գործի էին հասել, արդեն երբ սիրտդ ուզենա` կարող ես խորոված անել և երեխաներից որի սիրտը մի փոքր ուզում էր` խորովածի կրակը պատրաստ էր: Սաշան ու նրա պես Ժենյան ուզում էին, որ երեխաները երեխա ժամանակ ուզած-չուզածի տեղը հանեն: Մեր հանդերից ինչ պտկվում էր` բերում էր՝ կրմիզուկ, շուշան, կինազոխ, պեքի, հոն, մոշ, խունկուձեթ շլոր, քոլի տանձ, որից օղի էր քաշում, որը ուտեստի համար էր, թարմ ուտելու և ձմեռվա պաշար ուտեստներ էր պատրաստում ու այսպես դժվար օրերի վրեժն էր առնում: Ժենյան գնաց, և Ժենյան աչքը ետև էր պահել` ամուսնուն տարավ, հարս Սվետային տարավ, Ներսեսին տարավ, մեծ աղջկա` Վեներայի միջնեկ Ռուդիկին տարավ: Էդքանը քիչ եղավ, ռումբը` եղունգ քերելով, երեխաների բերանից կտրելով շինած տունը մի ակնթարթում հիմնահատակ արեց: Էսօր մեկը չկա, որ գոնե տանիքը վերականգնի, որ անձրևները չլցվեն ու եղածն էլ չփչանա: Ուլիկը ռազմաճակատում է, Ներսեսը չկա, մյուսների ուժը չի պատում: Բրիշակ դառած տունը մնացել է էնպես, ամեն ինչ քայքայվում է, փտում է, անտերության հոտը ծանր նստել է տան վրա:
Մուրացանի փողոցում տխրությունը շատ է, ու ես իմ այս ողբը շտապում եմ շուտ վերջացնել, որ գոնե թե ինչ-որ զորությամբ մեր տառապանքների վերջն էլ գա: Որ էլ մահ ու կորուստ չունենանք, մեղք են էս մարդիկ, աչքի արտասուքն էլ է ցամաքել, սրտի հեռն էլ բթացել: Մինչ այս մտքին էի, բոթը բերեց, որ Սոկրատի Սամվելը զոհվել է Հորադիզի մոտ: Նուրը երեսին, բերանից դեռ մի ցուրտ խոսք չենք լսել: Մուրացանի ժողովուրդը նորից հավաքվեց, որ էս մի նահատակի սուգն էլ անի...
Օրը դարձել է գազան ու հոշոտում է ժողովրդին: Գիշերը պառկում ես ու տագնապով մտածում` բացվող օրն ի՞նչ է բերելու Մուրացան փողոցին: Էլի վիշտ, էլի ցավ... Մի օր վեր կենանք ու լսենք, որ թշնամին հանդարտվել է, և խաղաղություն է եկել էս մորմոքվող հողին: Խաղաղություն գա, ու մենք մեր ահռելի վերքը պատատենք այն մխիթարանքով, որ իզուր չի մեր անմեղների արյունը թափվել...
 
1992թ. սեպտեմբեր - 1994թ. մարտ 




ՄԱՐԴՈՒ ՑԱՎԸ ՄԵԿԸ ԼԻՆԵՐ

Ստեփանակերտցու ճակատ. բարձրախոսից հայտնում են օդային տագնապ, իսկ նա կանգնել է փողոցի մեջտեղում ու չանան չարխու արել: Գործի գնալիս հանդիպել է ծանոթի ու հարցուփորձ է անում` ինչպե՞ս եք, երեխաներն ինչպե՞ս են, կարծես անհարցնել հայտնի չի, որ թանկ ու կրակի էս ժամանականերում ամեն ինչ և՛ թանկ է, և՛ չի ճարվում: Իրար խոսք կտրելով, իրար լրացնելով համաձայնում են, որ ամեն ինչի կարելի է դիմանալ, միայն թե էս անտերը վերջանա, էլ ջահել չմնաց: Բարձրախոսը նորից է օդային տագնապ հայտարարում, և միմյանց փորձանքի պատճառ չդառնալու տագնապով, հրաժեշտ են տալիս, իրենք էլ չիմանալով՝ գնում են մահվան ընդառա՞ջ, թե՞ մահից հեռու են կենում:
Ընդմիջմանը ձեռքդ տանում ես սեղանից մի բան վերցնելու, որերորդ անգամ հայտարարվում է օդային տագնապ, էլ հաց չես ուտում, ցեխծամ ես տալիս, ոչ այնքան վախից ես անհանգիստ, որքան տագնապի ազդանշանի անդուր ձայնն է զզվեցնում: Ընդմիջումը վերջացել է, բայց օդային տագնապը դեռ շարունակվում է, ու դու տատանվում ես` գնաս աշխատանքի, թե սպասես էդ անտերի ավարտին, և գնամ-չգնամի շուրջ մտածելով` չես էլ նկատում, որ տնից դուրս ես եկել ու գնում ես գործի:
Պարույր Սևակի փողոցով բարձրանալիս հանդիպում եմ մի կնոջ, որ անթացուպին հենված ծանր քայլում է: Մարդու շնորհքը մարդու միսն է: Խեղճը կաշի ու ոսկոր էր: Շուկայի ճանապարհը հարցրեց: Եվ բացատրում եմ, և մտածում, որ այս կինը հաստատ քաղաքից չէ:
- Որտեղացի՞ ես:
- Աղբուլաղից:
- Հիմա Ակնաղբյուր չի՞:
- Էդ անունը մեր նախագահն է դրել, բայց մինչև նոր անունին կհարմարվեինք, գյուղը բրիշակ դարձրին:
- Ասկերանի ռայկոմո՞ւմ չէր աշխատում, հետո որոշեց գալ գյուղի նախագահ: Գյուղին նվիրված, լավ տղա էր: Հիմա ի՞նչ լուր ունեք նրանից:
- Ոչ մի լուր: Թուրքի մտնելուց առաջ վերջին անգամ տեսել են ֆերմայի մոտ: Սպանել են, թե գերի վերցրել` հայտնի չէ, ասես տափը ճղել է, մտել մեջը: Լավ ջահել էր, ժողովրդին եռանդ էր տալիս: Նրա մոր աչքերն էլ թափվեն, իմն էլ:
- Երևի... - ու չկարողացա շարունակել խոսքս:
- Տղայիս հարսանիքը բռնել էինք` ամեն ինչ պատրաստ, հրավերքի ցուցակը կազմած, սպասում էինք, որ երեխաս ռազմաճակատից պիտի գա: Չեկավ, բերեցին` մեջքի վրա: Խոջալվում է սպանվել: Հարսանիքի պատրաստությունը պատարագի պետք եկավ:
Նշանածը մի տարի սպասեց, հետո, որ 92-ի փախեփախը սկսվեց, գնաց Պյատիգորսկ, թե Կիսլովոդսկ ու էնտեղ էլ, ասում են, մարդու է գնացել:
Կինը լռեց: Երկար ժամանակ լուռ գնում էինք, ամեն մեկս իր մտքերին հետամուտ:
- Ջահել է` պիտի գնար, տանը չէր մնալու,- նորից դադար տվեց, ապա ասաց, բայց ասել չէր, տնքալ էր.- մեռնողն է մեռնում...
Հասանք շուկային, բայց կինն ասաց, թե շուկա մտնելու միտք չունի, մանկապարտեզի ճամփան շուկայի կողմից է իմանում:
- Երկու տարի է անտուն, մանկապարտեզում ենք մնում:
- Գյուղ վերադառնալու հնարավորություն չունե՞ք:
- Գյուղում կանգնած տուն չի մնացել, անիծվեն դրանք, գոմերն էլ են քանդել, գնացողը որտե՞ղ պիտի ապրի: Տափերն ականապատված են, տնամերձում մի քիչ դռիգ ենք արել:
Մեր վերջը ի՞նչ է լինելու` ասող չկա: Մյուս տղաս Աղդամում ծանր վիրավորվել է: Որտեղ տարել ենք` անօգուտ: Ռուսաստանի եղբայրը տարել է իր մոտ, ինչքան չլինի Ռուսաստանի բժշկությունն առավել է: Մենք էլ ոչ գնալու հնարավորություն ունենք, ոչ բան, քանի հազարի միայն հեռագիր եմ տվել: Ես էլ էսպես չոլախ` մի բանի պետքական չեմ:
- Ի՞նչ է պատահել:
- Սա էլ Ստեփանակերտի հիշատակն է` «գրադ»-ով խփելու ժամանակ ոտքս դուրս է պրծել ու, ամոթ չլինի, կողքիցս կոտրվել է: Քանի ամիս հիվանդանոցում պառկել եմ, էլի մնացել եմ կոնդ: Ես իմս ապրել եմ, փեսաս է ջահել զոհվել, երեք որբերին թողել անտեր: Յոթ երեխա ենք մեծացրել, մնացել ենք ես ու մեր մարդը: Աղջիկներս Մարտունու գյուղերում մարդու են գնացել, երկու տղաներս Ռուսաստանում են` մեկը մի տեղ, մյուսը մի տեղ: Ղուզղունը որ վրա է տալիս, հավ ու ճիվ ղարան-ղարան են դառնում: Մենք էլ նույնը:
Կինը մի պահ լռեց, որ շունչ առնի, քայլելը երևի դժվար էր: Կանգ առավ, նայեց ինձ. ծանոթ դիմագի՞ծ գտավ իմ մեջ, թե պարզ հետաքրքրության համար՝ հարցրեց.
- Որտեղացի՞ ես:
- Հարավեցի եմ:
- Հարավից շատերին եմ ճանաչում: Գարան գիտե՞ս:
- Ո՞նց չգիտեմ, Գերասիմ ապու կինը` Մարգարիտ հասին, մեր ազգի աղջիկ է:
- Գարապու փոքր աղջիկն իմ տալն է: Իսկ Պարունին ճանաչո՞ւմ ես, իմ հորաքույրն է: Նրա Արուսյակ հարսը մեզ էլի բարեկամ է գալիս:
- Պարուն հասին իմ Օհանջան պապի եղբոր` Բալասանի կինն է, Արուսյակ մորաքույրն էլ Պարուն հասու մեծ հարսն է, Արամ հորեղբոր կինը: Մեր գյուղում առաջինն Արամի «սև թուղթն» է եկել: Մենք Սաքունց ազգից ենք:
- Հայն էսպես է, էլի, որ զրույց ենք անում` իրար բարեկամ-ազգական ենք դուրս գալիս:
- Է՛, ոնց եք յոլա գնում:
- Յոլա ենք գնում` քարին քացի տալով: Որ էդպես է, Գյուլխասին էլ պիտի ճանաչես, Գյուլխասը իմ պապի հորեղբոր աղջիկն է:
- Գյուլխաս հասին իմ Օհանջան պապի մյուս եղբոր` Անդրապու կինն է: Երկուսն էլ բարի, սրտահեռիչ են եղել: Պարուն հասին շատ երկար հասակով կին էր, ասում են Բալասանն էլ էր բարձրահասակ, շուտ է մահացել, չեմ հիշում:
- Պարունի երեք տղաներն անցած կռվում են մնացել, փոքրն էլ տրակտորիստ է եղել, թոքախտից է մեռել: Խեղճն իր հարսներին մեկ-մեկ իր ձեռքով նորից մարդու է տվել: Նրա ցավը հիմա եմ հասկանում:
- Արուսյակ մորաքույրը չի ամուսնացել, իր չորս որբերին է պահել:
- Մի դժբախտ էլ նա է, երեխաները ցրիվ են եկել, էն մեծ տներում մենակ ղուղու է կանչում: Ցրտերին ոտքերը ուռչում են, դառնում է կոնդ: Լուր չունեմ` գյուղում է, թե գնացել է տղայի մոտ: Տղան Ղափանում է, կինն էլ` ռուս, գյուղը նրանց համար դաչատեղ էր: - Կինը նորից կանգ առավ` չգիտես շունչ առնելու, թե մտքերը հավաքելու.- Արուսյակի փոքր աղջիկն էլ իմ եղբոր ձեռքին է: Բաքու աղջիկ ունեմ, մարդո՞ւ են գնացել, տա՞նն են: Ոչ նամակ կա, ոչ մի լուր:
Սաքունց մեծ-մեծ տները քանդվել-քարատակ են դարձել: Սաքունց մի ճոնդը Ռուսաստան է հասել, մյուս ճոնդը` Ամերիկա: Ազգի միակ արու ժառանգը Գյուլխաս հասու Արմեն թոռն էր, զոհվել է: Սաքունց անունը ո՞վ է գյուղում պահելու...
Նախկինում Մաքսիմ Գորկի, հիմա Սասունցի Դավիթ փողոցից թեքվեցինք Չկալովի փողոց: Մոռացա նայել` էդ անունը մնացե՞լ է, թե՞ փոխել են: Մի կարճ տարածություն անցնելուց հետո մտանք Ազատամարտիկների պողոտան:
- էս փողոցը կտրում ես, աջ թեքվում...- փորձեցի բացատրել, բայց կինը հանգստացրեց.
- Շուկայից մանկապարտեզ հազար անգամ գնացել-եկել եմ, գիտեմ:
- Մի բան լավ չհասկացա. Պարուն հասին, Գյուլխաս հասին, մորաքույր Արուսյակն էլ Դահրազից են:
- Ես էլ եմ Դահրազից, Աղբուլաղ, ներողություն, հարս գնացած: Ձեր առաջվա նախագահի կինն Աղբուլաղից է: Վարյային կճանաչես:
- Վարյան իմ հորաքրոջ աղջիկն է, Վահանն էլ իմ քեռին, Վարյայի հայրն էլ իմ հերացեղն է: Թե կարող ես մի բան հասկանալ` հասկացիր:
- Հայի մճեճ բախտ:
- Իմ Արաքսեն հորաքույրն Աղբուլաղ Սաբունց հարս է եկել, բայց Բաքու են ապրել: Երբ ամուսնուն տարել են բանակ, հորաքույրս Վարյայի հետ տեղափոխվել է մեզ մոտ: Էդ տարիներին գյուղում ապրելը հեշտ էր: Հիմա էլի էդպես է: Քառասունմեկին հորաքույրս ծառից ընկել է, մահացել: Ես փոքր եմ եղել, մայրս պատմում է, որ հորս մահից հետո Արաքսեն հորաքույրս շատ է լաց ու արտասուք թափել: Դեռ չէր ծնվել, որ հորը՝ Սաքունց Օհանջանին, թունավորել են ու նրա համար հայրս և՛ եղբայր է եղել, և՛ հայր:
Տարին չլրացած, ինքն էլ գնաց եղբոր հետևից: Մեր գյուղի գերեզմանոցին մոտիկ խնձորի այգում կոլխոզի համար խնձոր էին քաղում: Մայրս ասում է` Երվանդն աչքին երևացել է, ձեռքերը մեկնել է, որ եղբորը գրկի, ծառից տվել է տափը: Վարյային մենք ենք պահել:
Հետո հայրը վիրավորվել է ու եկել մեր գյուղ, ամուսնացել մորս հետ: Վարյան նաև ինձ քույր է գալիս: Ճակատագիրն էսպիսի դառը խաղեր է խաղացել:
- Պատերազմ ադաթ գցողի տունը քանդվի, ինչքան ջահել կար, դրեցինք հողի տակ: - Կինը տղամարդու պես ցավագին տնքաց: - Մարդու ցավը մեկը պիտի լինի...
Ապա ծանր քայլելով, աջ ու ձախ աչք ածելով անցավ փողոցի մյուս մայթը: Մոռացանք ցտեսություն ասել:

Ապրիլ, 1994թ.




ՆԵՐԻ՛Ր, ԻԳՈՐ: ՆԵՐԵՑԵ՛Ք, ՏՂԱՆԵՐ


Ես գիտեմ, որ չունեմ ոչ մի մեղք,
Նրանք, որ ընկան, չեն դառնա երբեք,
  Բայց... այնուհանդերձ, բայց... այնուհանդերձ...
Ա. ՏՎԱՐԴՈՎՍԿԻ


Ների՜ր, Իգոր:
Մայրդ հորդորում էր, որ ետ պահի քեզ: Մայրդ իր արգանդով զգում էր, որ դու դաժան հետևողականությամբ քայլ առ քայլ գնում ես դեպի մահ: Եվ ինքն անզոր էր քեզ փրկելու: Իր փայփայած Իգորյոկին՝ Ապոլոնի պես գեղեցիկ, հրաշալի, տաղանդավոր: Քո կարմիր դիպլոմի աղաղակը որտե՞ղ և ինչպե՞ս թաքցնի:
Մայրդ արտասվում էր ինձ մոտ, ասում էր` Իգորյոկս չի ուզում ապրել: Հետո նա սգի մեջ ինձ պիտի կշտամբի` ինչու՞ չփրկեցիր Իգորյոկիս:
Ռուս մոր կսկիծը բացատրելի է, բայց ռուս մայրը կհասկանա՞ր, որ այս հողը պետք է փրկել և փրկելու համար մեր լավագույն տղաների բեհեզ արյունը պարտադիր պիտի թափվի: Ավա՜ղ, պիտի թափվի: Այս դաժան պարտադրանքն ինչպե՞ս հասկանա մայրական կսկիծը, այդ դաժան պարտադրանքն ինչպե՞ս բացատրեմ ռուս մի կնոջ, որ Իգորի մայրն է...
Եվ, այնուամենայնիվ, ների՜ր, Իգոր:
Մի երեկո, երբ մուժով լի էին մեր հոգին և ուղեղը, անսպասելի դու հարցրիր.
- Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ինձ:
Ես մի պահ կարկամեցի, ապա բանաձևի պես ասացի.
- Այսօր յուրաքանչյուրս ինքն է որոշում իր կյանքի ճանապարհը:
Դու արդեն որոշել էիր: Դու քեզ արդեն զինվորագրել էիր մեր Մեծ ՊԱՅՔԱՐԻՆ: Այն ժամանակ, երբ աշխատում էիր Երևանում, երբ տեղափոխվեցիր Ստեփանակերտ, երբ աշխատանքի անցար Մարտակերտի միլիցիայի շրջբաժնում:
...Հիմա քնելը դարձել է դժվար: Գիշերները հաճախ եմ զրուցում քեզ հետ, Իգոր: Որպես թե կենդանի ես, որպես թե հիմա կգնաս գինու գավաթները բերելու: Մենք սիրում էինք իրար հետ գինի խմել ու բարձրաձայն խորհել... Վերջին ամիսներին դու շատ էիր դառնացել: Դու չէիր կարողանում հաշտվել, որ այդպես հեշտ Մարտակերտը հանձնեցինք: Ինչո՞ւ,- հարցնում էիր ինքդ քեզ ու պատասխան չէիր գտնում: Պատմում էիր Մարաղայի և Կարմիրավանի մարտերի մասին: Հատկապես Կարմիրավանի: Հիշում էիր Կարմիրավանի դպրոցի ֆիզիկայի ուսուցչին։ Դուք շրջափակման մեջ էիք, թևերի ջոկատները նահանջել էին, և դուք` անտեղյակ, շարունակում էիք թշնամուն դիմադրել: Ջուր չկար, աղբյուրին մոտենալ հնարավոր չէր: Հետո կարմիրավանցի ֆիզիկայի ուսուցիչը` Էդվարդը, գնաց իրենց այգուց ծիրան բերելու: Որ ծարավներդ մարեք: Հրաշալի, հյութեղ ծիրաններ էին: Հետո ամբողջ երեք ժամ սողալով դուրս եկաք շրջափակումից և երբ նկատեցիք Մարտակերտ գնացող կցասայլով տրակտորը, թվաց, թե արդեն փրկված եք: Սակայն մերոնք ձեզ շփոթեցին թշնամու հետ և խփեցին: Դու փրկվեցիր, բայց քո մարտական երեք ընկերները զոհվեցին: Շատերը վիրավորվեցին, նրանց հետ` նաև ֆիզիկայի ուսուցիչ Էդվարդը:
- Երևի այլևս կենդանի չէ: Ծանր է վերքը: Մեզնից մեծ էր և հրաշալի էր կռվում: Հիմա երևի նա չկա: Վերքը ծանր էր:
Մարտակերտի անկումից հետո ծանր օրեր ապրեցիր: Դու ինքդ քեզ հարցնում էիր ու պատասխան չէիր ստանում: Մի օր առաջ թշնամուն ջարդ տվեցինք` նրան քշելով ելման դիրքերը: Օգնական ուժը գար` մինչև Միր-Բաշիր կքշեինք,- մորմոքած ասում էիր դու: - Ինչո՞ւ միշտ օգնական ուժն ուշանում է:
Հաջորդ օրը Մարտակերտը հանձնեցին: «Ինչո՞ւ» հարցականը սուր խրվում էր հոգին, աչքերը մուժով էին լցվում:
Տատին բոլորս Հայկա մամ էինք ասում: Մի տարի առաջ էր մահացել:
- Չկարողացա՜նք Հայկա մամայի գերեզմանին հուշաքար դնել: Ո՞ւր ենք գնում, ո՞ւմ եք թողնում մեր գերեզմանները,- դառնությամբ ու կշտամբանքով, չգիտես խոսքն ում ուղղելով` ասում էր նա:
Բաղունց Հայկան, որն իր ուսերին տարավ որբեր մեծացնելու, օջախին ու նրա օրորոցներին հավատարիմ մնալու ծանր բեռը... Որը չարժանացավ պարզ մի շիրմաքարի:
... Սիրում էիր կարդալ: Վերջին գրքերդ` Սթայնբեկ, Վիսոցկի: Պոպ երաժշտություն էիր լսում: Երեկոները գինի էինք խմում:
Կարմիրավանից հետո մասնակցեցիր Մաղավուզի պաշտպանությանը: Նորից մոտեցաք գյուղին` նորից օգնական ուժն ուշացավ, և շրջափակման մեջ չընկնելու համար նահանջեցիք: Դու ծանր էիր տանում պարտությունը: Գուցե հիմա չկաս նրա համար, որ չէիր հաշտվում պարտության հետ...
Իգո՜ր, սիրելիս, դու արտակարգ տղա էիր: Սիրում էիր պճնագեղ հագնվել: Եվ զարմանալի մատչելի էիր քո ընկերների համար: Աղջիկները քեզ սիրում էին, դաժանորեն դու չէիր ամուսնանում: Իսկ զինվորական պարզ համազգեստը մի ուրիշ տեսակ էր սազում: Քո ընկերները պատմում են, որ կռվի ժամանակ էլ քեզ գեղեցիկ էիր պահում` գնում էիր թեժ կետերով, կարծես փորձում էիր կյանքի և մահվան սարսռուն մոտիկությունը: Ինչո՞ւ այդպես դաժան էիր ինքդ քո նկատմամբ...
Հիշո՞ւմ ես ավետարանական խոսքերը. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ` մեղավորներին` ապաշխարութեան»: Այս գաղտնիքն ու խորհուրդը դու քեզ հետ տարար։ Եվ դու գիտես, որ ես կռահում եմ այդ գաղտնիքը. քավության նոխա՜զ...
Բոլորն ասում են` Իգորն ուրիշ տեսակի տղա էր: Իսկ ինձ համար հստակ էր, որ դու ուրիշ տեսակ ապրեցիր: Զարմանալի ոգեղեն և զարմանալի ստույգ էիր, ինչպես ավտոմատի կրակոց, ինչպես արկի պայթյուն, ինչպես ծարավի զգացումը, երբ մի քանի քայլի վրա հոսող առուն և այնտեղ գնալու անհնարինությունը ցավի պես սեղմում էր քեզ:
Ներիր, Իգոր, որ չկարողացա քեզ ամփոփել Հայկա մամայի կողքին: Առայժմ դա հնարավոր չէ: Դրա համար ներիր նաև քո մարտական ընկերներին, բոլորիս, որ կենդանի ենք: Իմ կրտսեր ընկեր, իմ որդի, իմ բարեկամ: Համբուրում եմ քո գերեզմանի հողը և երդվում, որ անպայման քո աճյունը կտեղափոխեմ Մարտակերտ, իմ ձեռքով նոր գերեզման կփորեմ ու դու կլինես Հայկա մամայի կողքին: Քո և Հայկա մամայի գերեզմանին քար կդնեմ եւ կգրեմ՝ ԱՍՏ ՀԱՆԳՉԻ... Աստ հանգչի մի հրաշալի, մի զարմանալի հոգի, որ ապրեց վերերկրային կյանքով և զոհվեց այս պարզ ու ողբերգական Արցախ հողի համար:
Հրաժեշտից առաջ համբուրում եմ քո շիրիմը ու ներում խնդրում, որ չկարողացա այլ պատասխան տալ, երբ հարցրիր` իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ինձ: Ների՜ր, Իգոր, ես այլ պատասխան չունեի: Ներեցե՜ք, տղաներ, ես այլ խորհուրդ չունեմ ձեզ համար:
Ներեցե՜ք:

Սեպտեմբեր, 1992թ.




ԱՍՏՎԱԾ ԱՐՑԱԽԸ ԴՐԱԽՏԻ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾԵԼ

Միլեդի, թույլ տվեք աղոթեմ Ձեզ համար: Աղերսանքս առ երկինս թող լսելի լինի Աստծուն: Բարոնուհի, Ձեզ երկար կյանք եմ մաղթում: Հանուն տառապանքի և պայքարի գալարների մեջ մաքառող իմ ժողովրդի: Զգանք Ձեր տաք ձեռքի հարազատ հպումը մեր վառվող ճակատներին: Հավատանք, որ աշխարհում կան նաև կարեկից սրտեր, ինչպես Ձեր մեծ սիրտն է: Հիշեմ Ձեր մեծ հայրենակից Վիլյամ Բյորնսի խոսքերը, որ հետագայում կրկնել է իմ մեծ հայրենակից Վիլյամ Սարոյանը եւ այդ խոսքերով դիմեմ Ձեզ. Քերոլայն Քոքս, Ձեր սիրտը մեր լեռներում է:
Դուք քայլում եք բզկտված Ստեփանակերտի փողոցներով, և Ձեր աչքերի մեջ արցախյան ծովածավալ վիշտն է խտացվել: Ես մոտենում եմ Ձեզ, որ համբուրեմ Ձեր ձեռքը: Այդ պահին Դուք լուսանկարում էիք Ստեփանակերտի պուրակներից մեկում հրաշքով պահպանված աղջնակի քանդակը: Նա ձեռքին աղավնի ունի, իսկ դեմքին մատաղ ժպիտն է ծաղկել: Ես հարցական նայում եմ Ձեզ, Դուք տխուր ժպտում եք.
- Աստված Արցախը դրախտի համար է ստեղծել: Ես առաջին անգամ քայլել եմ դրախտի ճանապարհով, երբ Գանձասարից ոտքով գալիս էի Ստեփանակերտ: Այսօր Արցախը դարձել է դժոխք: Պետք է աշխարհն իմանա ղարաբաղյան ողբերգությունը, թող բարի մարդիկ իրենց օգնության ձեռքը մեկնեն շրջափակման ու պատերազմի մեջ տառապող ձեր ժողովրդին:
Ոտքով, զրահամեքենայով, ուղղաթիռով, պայթյունների և կրակների տակ անցել եք դարանակալված մեր ճանապարհներով: Արհամարհելով վտանգ ու վախ, Դուք լինում եք Արցախի ամենաթեժ կետերում: Կանացի Ձեր բնազդը իմաստուն է՝ Դուք Ղարաբաղ եք գալիս այն ժամանակ, երբ հատկապես դժվար է մեզ համար, երբ Ձեր օգնությունն օդի պես անհրաժեշտ է մեզ: Այս անգամ էլ Դուք եկաք Ստեփանակերտ, բերելով սնունդ և դեղորայք:
- Իմ այս այցելությունը մեկ այլ նպատակ էլ ունի: Ինձ հետ Արցախ է եկել լրագրողների մի մեծ խումբ: Թող նրանք համաշխարհային հասարակայնությանը պատմեն, թե ինչ է կատարվում ձեր բազմաչարչար հողում:
Քերոլայն Քոքս, Դուք Ղարաբաղում էիք, որ տեղի ունեցավ Մարաղայի ողբերգությունը: Դուք չէիք կարող չգնալ Մարաղա, Ձեր աչքով չտեսնել ադրբեջանցիների նոր դաժանությունները: Բարոնուհի, ի՞նչ էր տեղի ունեցել այնտեղ:
Բարոնուհու աչքերը խոնավանում են, ձայնը մի պահ դողում է ու ինձ այնպես է թվում, որ դժվարանում է պահել հոգու խռովքը: Սառը բրիտանուհու կերպարը ես հեռու եմ վանում, նա այդ պահին կապույտ աչքերով մի հայ մամիկ էր, մի եղերամայր, որ ահա-ահա կողկողալով մեր անմեղ նահատակների սուգը պիտի անի:
Վերջապես նա ասում է.
- Անհնար է նկարագրել այն ամենը, ինչ տեսա Մարաղայում: Ես տեսա մարդու մեջ մարդկայինի կործանումը: Պաթոլոգիական դաժանությունը, որով խոշտանգվել են անմեղ շինականները, սարսափեցնում է: Բռնադատել են, սպանել, պղծել: Դիակներն այլակերպել են այնպես, որ դժվար է տարբերել տղամարդուն կնոջից: Սարսափելի է, երբ մարդուն խոշտանգում են, երբ այլևս նա կենդանի չէ: Այս կույր ատելությունը կործանարար է...
Քերոլայն Քոքս, Դուք հպարտանում եք, որ Ստեփանակերտի պատվավոր քաղաքացին եք, իսկ մենք պատիվ ենք համարում, որ դուք համաձայնել եք լինել պատվավոր համաքաղաքացին: Ձեր հոգու թռիչքի, Ձեր ոգու կորովի, ճնշվածին կարեկից լինելու Ձեր մղումների ակունքը գալիս է մեծ Բայրոնից, որ մի օր իր համար հայտնաբերեց Հայաստանը և մեկընդմիշտ սիրեց հնամյա մեր ժողովրդին:
- Ղարաբաղի մասին առաջին անգամ լսել եմ անցյալ տարի` մարդու իրավունքներին նվիրված՝ Մոսկվայի միջազգային համաժողովում: Առաջին իսկ հանդիպումին սիրեցի ձեր երկիրն ու ձեր ժողովրդին:
Այսօր Ղարաբաղում դաժանորեն ոտնահարվում են մարդու իրավունքները և դրանցից ամենատարրականը` ապրելու իրավունքը: Համաշխարհային ընկերակցությունը պետք է խստորեն դատապարտի Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ցեղասպանության քաղաքականությունը:
- Դուք յոթերորդ անգամ եք լինում Արցախում և ամեն անգամ տեսնում եք կենաց ու մահու պայքարում մեր փոքրիկ ժողովրդի նկարագրի նոր գծեր: Այս անգամ ինչպե՞ս ներկայացան Արցախն ու նրա ժողովուրդը:
- Ես միայն իմ հիացմունքը կարող եմ արտահայտել ձեր ժողովրդի նկատմամբ: Զարմանում ես, որ մարդիկ կարողանում են դիմանալ այս բոլոր դժվարություններին: Շրջափակում, պատերազմ, չկա հաց, չկա ջուր: Ստեփանակերտում ամեն քայլի հանդիպում ես երեխաների, որ մի քանի կիլոմետրի վրա ջուր են տեղափոխում, մարդիկ հյուծված են, շատերի դեմքին կյանքի ծանր պայմանները անջնջելի հետք են թողել: Եվ, Ստեփանակերտի նկուղներում տեսա ձեր թատրոնի ներկայացումները: Դերասանները բանաստեղծություններ էին արտասանում, և նկուղի կիսամութի մեջ ցոլում էր մարդկանց աչքերում կուտակված արցունքը:
Ես հավատում եմ, որ գոյատևման այս պայքարում Դուք կհասնեք ազգային ձեր նպատակներին:
Քերոլայն Քոքս, Դուք մեր ժողովրդի ազնիվ բարեկամն եք, և երախտագետ իմ ժողովուրդը Ձեզ կպահի իր հոգու նվիրակալ ծալքերում: Այսօր և առմիշտ: Թող ձեր ջանքերը բեղմնավոր լինեն, ինչպես արցախյան հողը, ինչպես Քրիստոսի շրթունքը:
... Երբ ինքնաթիռը տանում էր բարոնուհուն և իր ուղեկիցներին, ես նրան գնաս բարով չասացի, ես ասացի` ցտեսություն...

Հունիս, 1992




ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ
 մարմինն են սպանում, բայց հոգին  սպանել չեն կարող:
 ՄԱՏԹԵՈՍ

Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, 
հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ
        խոսքը քո բերանը դրեցի»:
 ԵՐԵՄԻԱ

Կյանքն ափնիկոծ լափու է տալիս` մեր շուրջ, մեր ներսում:
Այս ի՞նչ է կատարվում մեզ հետ, մեզանով` մեզանից դուրս. անըմբռնելին ու բացահայտը, ցավի ճիչն ու խոկումի հայտնությունը, սխրանքի ու ստորածին կրքերի անպարկեշտ հարևանությունը, մի գծի վրա զետեղված հոգու թռիչքի ու անկումի անպատշաճ համակեցությունը, այդ ամենի անընդգրկելի տարբերությամբ բորբոքված արյանդ պատեպատը, որ տարընթացության ուժով ուզում է կեղևդ պատռել:
Կյանքը լափու է տալիս...
Նորը ոչ այնքան ազդում է իր օգտակարությամբ, որքան գրգռում է իր նորությամբ: Ճշտված այս բանաձևի հիմը քանդելով` կոնկուբինատ մի ծնունդ` ապերասան առույգությամբ, որպես մի ստահակ առնում է քեզ իր գալարների մեջ, բանի տեղ չդնելով քո ճիչուհայհոյանքին, հորդորելով, հրելով տանում է ո՞ւր ...- քիչ առաջվանին երանի տալով ու անիծելով, նորի նկատմամբ կասկածամիտ ու անվստահ, անորոշության շոշափուկներով տաքն ու պաղը` դրանցից որն է լավ ու վատը պարզելով, նոր հարաբերությունների անպարկեշտ մերկության առաջ ընկրկելով, ինքնապաշտպանության բնազդով թույլատրելիության վերջին քողն ակամա քեզնից հանելով, ինքդ քեզ չճանաչելով, հրմշտվելով մղվում ես առաջ,- ամեն ինչ շարժման մեջ է, հաստատուն ոչինչ չի մնացել, հողը ոտքերիդ տակ երերում է, իրականության կտտանքներից ոչ այնքան ցավ ես զգում, որքան ոտի տակ չմնալու վախն է հալածում...
Իսկ պատերազմը` յոթգլխանի հրեշ անողորմ, արնածարավ, խենեշ, անհրավեր մտել է Արցախ երկիր` մանկական արցունքի տեսքով, մայրերի գլխին սև լաչակ կապելով, տուն ու ճակատագիր տարտղնելով, հոգու պարունակներում և մտքի ծալքերում բռնության շիճուկ ցփնելով.-
Մինչ Ոգին ծառս է եղել կանաչ-կարմիր կապած մատղաշների սրբակոփ կերպարով, նորից մեր հողը մեր արյամբ մերազնյա կնքելու ուխտով. -
Իսկ հարևանը գիշերն էստեղից էնտեղ հսկա ավտոմեքենան դեմ է արել, որ ունեցվածքը կրակի մեջ վառվող Ղարաբաղից դուրս հանի,- ուրեմն վատ է, որ կին ու երեխա դուրս են բերում, ունեցվածքը դուրս են տանում` վա՜յ, ձեր ինչն եմ ասել, մաղալն ու շամփուրները չեն մոռացել,- անխելքը մե՞նք եղանք, որ գոռացել ենք մեր կնանոց վրա` ձեննե՜րդ... ու դեռ պարզ չի նրանց համոզելո՞ւ, թե՞ ընդունած որոշումիդ ճիշտն ու սխալը ինքդ քեզ պարզելու համար,- կին-երեխա իջեցրել է ներքին հարկը` իբր թե այնտեղ ապահով է, իսկ ինքը տագնապած հոգով Աստված մի արասցե, եթե հանկարծ «գրադը» խփեց, երկնքից ռումբն ընկավ` անագորույն այս մտքերով ծանրացած հրացանն ուսն է գցել, կացինն առել և գտած եղանակով կառչել անիծված այս երկրին.-
Մինչ որոշ մարդիկ ապրելու ձևը գտել են՝ գյուղերից մեկտակ առնում են, բերում հինգտակ ծախում, մերոնց վրա չեն համարձակվի ծախել, Հայաստանից եկած «կատու ներկողների» վրա են սաղացնում,- և դեռ ասում են վառելիք չկա, թալան լինի` ավտո էլ կգտնվի, վառելիք էլ կճարվի,- ագահ, անկշտումի պակասը չի եղել, անկշտում շունշանորդիներն ընկնում են թուրքի ծուղակը, որպեսզի տղաները` մեզ համար շատ թանկ իրենց կյանքը վտանգելով, թուրքից գերի ու պատանդ վերցնեն ու փոխանակեն մեր էդ անարժանների հետ.-
Երեկ ո՞ւմ երեխայի անունն ասացին, մորից թաքուն մեծ եղբոր անձնագրով զինվոր է գրվել, իսկ հայրն աչքը պահած սպասում էր, որ շունշանորդի լակոտը հիմա ահա կգա, որ գնան ծմակը սարի կտրելու, քեզ տղա ասողին.-
Նրան տղա չասենք, տղան փլանքյասի ինժեներն է, որ Ռուսաստանի աշկարա չարած քաղաքներից մեկում բիզնես է անում,- բոլորը տեսնում են, ղեկավարությունն էլ է տեսնում, բայց չտեսնելուն է տալիս, որովհետև ինժեների հայրը ղեկավար անձնակազմից է.-
- Իսկ տանը հացի փող չկա, ատամի տակ դնելիք չկա,- գյուղից Ստեփանակերտ հասցրած գյուղացու մի քիչ պանիրը, մի քիչ սոխ ու կարտոֆիլը, մի քիչ չգիտեմ էլ ինչերը,- կեր չունենալու պատճառով մորթած անասունի մսից մնացածը, երեխաների բերանից քաշած` շաքարի հետ փոխանակելու համար քաղաք բերված մի քանի ձուն իրարից խլխլելով, իրար անասելին ասելով այսպես ապրում են մարդիկ.-
Տանկը դռռալով գնում է, ու տանկին զարդարված տղաները ծիծաղը երեսներին, ձեռքների ավտոմատները թափահարելով` կարծես հարսանիք են գնում, կարծես գնում են Ս. Խաչի տակին ոչխար մորթելու,- անփորձանք մնաք` ջահել հարսների, ձեզ սիրահարված աղջիկների, մեր բոլորի աչքը ձեր ճանապարհին է,- վսեմ, զուլալ, ոնց որ սրբած թուր` նայում ես նրանց շիմշատ հասակին, սիրտդ ուռչում է, մտքիդ մեջ հպարտանում ես, օրհնանքի պես, օծումի պես, ինչպես երդում տալիս փառավորված, վստահ, հպարտ ու գոռոզամիտ ասում ենք` մեզ հաղթել չի լինի,- թող ասեն, որ մեր ճակատագիրն աշխարհի հզորների ձեռքին է, թող որ այդպես է,- բայց մեկ էլ մտածում ես, որ այս վսեմ գեղեցկության դեմն առնելն անկարելի է,- հետո միտքդ նորից է դառնում տանկին, նստած տղաներին, ու անհրավեր մի միտք սողոսկում է հոգիդ՝ վա՜յ թե... բերանս ծռվի՝ չասեմ, միտքս մթագնի բառ չթոթափեմ,- ահա այսպես մրսած, կուչուկծիկ հոգով ապրում ենք, աչքներս թողած սպասում իսկական ապրելու ժամանակների գալուն, իսկ հիմա պիտի դիմանանք, ճակատագրով բաժին է հասել ելքի դիմանալու տեսակը,- ոտքերս դեմ տանք, քարը կծենք, ատամ սեղմած ուղիղ նայենք ազերի թուրքի աչքի մեջը, որպեսզի սա՝ անամոթն ու լկտին, այլևս չդիմանա ու բացքամակ փախչի, փորհարինքով ընկածի պես կեփերը ողողելով մերոնց հռհռոցի տակ թուրքը փախչի, նրանց էսինչն ու էնինչը...
Վաշտի տղաները թուրքից խլած կովը տվել են զոհված ընկերոջ հորը, որն այլևս հայր չէ, այլևս իր զոհված մինուճարի չորս որբերի պապն է,- պապը դանակը դրել է ծանրացած կովի վզին՝ անլեզուն մի քանի ամիս անց պիտի ծներ ու կարիքների բեռը մի քիչ կթեթևանար,- մեղա, հիվանդությունը խփել է, հարկադրված մորթում է, որ Իշխանի՝ իր հոր անունով մեծ թոռան, համար, մյուսների համար ուտելիք ու հագնելիք առնի, նորից մեղա, Աստված, կաս թե չկաս, բայց արդար չես,- պապն անվայել ու անհասցե հայհոյել է՝ եթե Աստված կա, ինչո՞ւ իր մինուճարը չկա, չորս որբին պահողը ոչ Աստված է լինելու, ոչ օգնության կիլոն է լինելու, պապը հիմա կոռեկոռ պիտի աշխատի, որպեսզի պարան եկած տունն իրար բերի,- հիմնավոր ու պինդ տուն էր շինել` իր բոլոր հարմարություններով, լենուբոլ, որ մինուճարը մեծ գերդաստան ստեղծի,- արի ստեղծի` ռումբը մի ակնթարթում տարիների շինածն ավերել է, իսկ ռումբի ավերածից զուլումը... արցունքը ողողում է մազակալած երեսը, շրթունքը դողում է` աշխարհը փլվել է մարդու գլխին,- գնացել է քաղխորհուրդ` տան հարցով , ասել են` շինանյութ չկա, հենց որ ստանանք` քեզ առաջին հերթին ենք նկատի առնելու,- ամառն անցավ, աշունը պրծնելու վրա է, դեռ նկատի են առնում, նկատի առնելը քար չի, որ դրվի պատին, արդար տնքաց մարդը, թե՞ թիթեղ է, որ տան գլուխը ծածկեմ,- մարդու սիրտը կտոր-կտոր է դառնում, երկնային Արդար, նրա մեղքը ո՞րն է, որ ջահել հասակում վիզը մնացել է ծուռ,- կինն էլ մեկ ուրիշ կրակ է թափում գլխին, ձենդ ուզում ես մի քիչ բարձրացնել, սկսում է թռսխոտել, և բերանդ տարած հացը ետ դնում ես տեղը, մլար մտքերը հողմի պես պտտվում են և խառնիճաղանջ խուժում են գլուխդ, անտեր գլուխդ ո՞ր պատին տաս, որ միանգամից պրծնես.-
Մինչ լաց ու արյան այս ժամանակներում մարդիկ կան, որ օրը մեղր ու կարագով սկսում են, խորովածով վերջացնում,- Երևանում տուն են առել, գործ բացել, փող են կտրում, հիմա ամեն ինչ օրենքը թույլատրում է, օրենքն իրենք են ստեղծում, օրենքից օգտվողն էլի իրենք են.-
Գերեզմաններում էլ տեղ չկա, ինչպե՞ս է, որ հողը կաթվածահար չի լինում, ինչպե՞ս է կարողանում այսքան ջահելի տեղավորել իր ծոցում,- ամեն օր երաժշտության ալեհեր դասատուն ջութակը կռնատակին գալիս է գերեզմանները ու տխուր լարերն աղիողորմ քաշում` կռունկ, կանչում է, ուստի՞ կուգաս, հետո լարին խփում` դարդս լացեք,- մարմինը թույլ է, մատները` բարակ, իր բաժին կռիվը ալեհեր այսպես է անում,- մարդիկ հավաքվում են, իրար նեցուկ լինելու մոտիկությամբ լուռ կանգնում, և այդ լռությունից ծնվում է իրար սատար լինելու, մեր ուսերին փլված այս ծանրությունը միայն այդպես կրելու հնարավորությունը.-
Մենք մեր ձեռքով մեր ոտը կապել ենք մեր տան շեմին` ահա սա է մեր ապրելու և մեռնելու տեղը,- այս պարզ եղանակով ձևակերպել ենք գոյապայքարի մեր բանաձևը, և օտարը, որ միայն մեր կեղևն է տեսնում` երեխայի սայլակով անտառից փայտ բերելիս, ալյուրի հերթում իրար անպակասն ասելիս,- օրվա մեջ քանի սգո թափոր է անցնում, ծանոթ-անծանոթ կանգ են առնում ու հարազատի պես արցունք ծլլացնում,- մեր արտասուքի գործարաններն անպակաս աշխատում են,- օտարին արտասվող աչքեր են պետք, կոպիտ կախված գլոր արցունք, զինվորի լարված, ջղաձիգ դեմք, որպեսզի լավ վարձատրվող, տաք կետ գործուղված թղթակցի պահը որսած և Ստեփանակերտից մի աչքաճպելում ուրիշ մայրցամաք հաղորդած լուսանկարը շտապ դրվի համարին, և ընթերցողն էլ մի պահ հայացքը պահի լուսանկարի վրա, ու խմբագիրն էլ որոշի, որ գործուղման ծախսերն իզուր չեն եղել,- օտարի մասին մեզնից ո՞վ է ասել` մեզ չի հասկանա օտարերկրացին,- օտարը ո՞նց հասկանա մեզ՝ կարևոր, իսկ նրա համար` տարօրինակ, անկեղծ ասած օտարը մտքում քմծիծաղ է տալիս, ծննդավայրին մեր խախտված կապվածության վրա, որ նրանց համար բնակավայր է, մեզ համար` կուռ բառակապակցությամբ անքակտելի հորինվածք` «մեր հողուջուրը»,- երբ բաժակ ենք բարձրացնում մեր հանդերի աղբյուրներից մեկի կանաչ ափին բացված սեղանին ու ասում` մեր հողուջրի կենացը, կարծես երդումի խոսքեր ենք ասում, հաղորդվում մաղթանքի սուրբ ծեսի արարողությանը,- Իշխանագետի կարմրախայտն իր իսկ ջրի մեջ եփում ենք, անխառն գինին դնում կողքին, մոտիկ անցնողին` էնքան, որ ձենդ հասնի, ձեռքով անես` հասկանա գա ու քեզ հետ մի կտոր հաց կտրի, էդ ժամանակ էլ օրհնանքի պես ասում ենք` մեր հողուջրի կենացը, միամտորեն կարծելով, թե այս է կյանքի վսեմ իմաստը.-
Տերևը նոր բացվող գարնանը Գանձասարից նայում ես հորիզոնին հառնած Կաչաղակաբերդին ու քեզ թվում է` դեմդ երկնային տեսիլք է,- արևի շիկացած պղինձն ամպերի միջով բոսոր շառափը շաղ է տալիս բիբլիական այս սարերին ու ձորերին, երբ իրիկնամուտի քաշաթուխպը` անտառների մատաղ կանաչին քսմսվելով, մակաղում է բերդի ոտքերի տակ, ու թվում է, թե սպիտակ, փափուկ քուլաների միջից սիգապանծ ելնում է անխառն Գեղեցկությունը, որի քարակոփ կողերին արևի շողերը ծնծղա են խփում,- բերդի մաքուր վսեմությունը խոր զրնգում է հոգուդ մեջ, ու քեզ թվում է` դրանից կատարյալը չկա և այդ կատարյալը պատմությամբ ու վերին նախախնամությամբ քեզ է ժառանգվել:
Երբ խոսում էր Դեմոսթենեսը, աթենացիները գոչում էին՝ օ՜ն, ընդդեմ Փիլիպոսի: Որտե՞ղ մնացին 88-ի մեր հռետորները: Ասպարեզն ո՞ւմ են թողել: Որտե՞ղ որոնենք նրանց: Ի՞նչ գործի վրա են...
Նորահաս քաղաքագետները հրապարակներից իրենց քոչը տեղափոխել են առանց արձանագրության կոմունիստներից վերցրած կուսակցական կենտրոնատեղին, հարմար զբաղեցրել պատգամավորական աթոռները և քաղաքականության փորձեր են անում` ինքնագոհ, հավակնոտ, ակը տաս` կոտի մեջ կորեկ չես գտնի.-
«Համատեղությամբ են զբաղված»՝ անսպասելի հնարավոր է դարձել միանգամից մի քանի պաշտոններ «սեփականաշնորհել»՝ ի հագեցումն փառասիրության չմարող պապակի,- մեկը չկա ասի՝ էդտեղ ծուխ է, էն կողմը կացեք,- ասողը չի ասում, ինքն էլ ապերասան-անհագուրդ է.-
Ծաղրում էինք` ծաղրատեղ դարձանք. մեր պտկի ծաղկածների նստել-վերկենալը հիմա պաշտոնապես կազմակերպվում է խորհրդականներով ու օգնականներով, նախկինում քարտուղար, հիմա մամուլի ծառայության՝ շուտ գլխի ընկնող ու հընթացս կողմնորոշվող ճապուկ ջահելով` պատրաստ շեֆի ամեն բառը փոխանցել ձայնագրիչին ու տեսաժապավենին,- նոր անվանումով նազիր-վեզիրների պարսով շրջապատված, թանկ նստող Երևանի հետ հեռախոսային ուղիղ կապով, «Նիվա» «24»-ների ամենօրյա բենզինով, իրենց կարևորությունից ճաքվում են.-
Մենք էլ մեր զբաղմունքն ենք ճարել՝ զբաղված ենք այս ամենին մեզ վարժեցնելու խնդրով, ինքներս մեզ փայփայելով, ինքներս մեզ կապանելով անսպասելի գտած բանաձևով` հիմա դրա ժամանակը չէ.-
Չեն իմանում, չեն սովորում, չասենք ամբարտավան, մեծամիտն էլ ջնջենք ու գրենք ինքնամեծար քաղաքական ծանծաղուտներում իրենց հմուտ լողորդ հռչակած մեր օլիմպիական չեմպիոններից մեր ուզածը շատ չի. աչք շինելը իրենց գլխին տված, միայն հոնքը չպատռեն,- դպրոցում ստուգողականն ընկերոջից արտագրելու սովորածով ուրիշից օրենքներ արտագրեն, ապա կարողանան նստաշրջան հրավիրել ու հրավիրեն և այդ՝ ուրիշինը մերն արածը ձայների մեծամասնությունն ապահովեն,- մեր ուզածը շատ չի՝ մի քանի օրենք ու օրինագիծ ունենանք, որ հասկանալի դառնա մի հսկայական շենք զբաղեցնելու անհրաժեշտությունը.-
88-ը հիմա հիշում ենք որպես երազ, միայն երազում է այդպես լինում,- Քրիստոսի երկու հազար տարվա քարոզածի պես բոլորս կարծես մի շապկի մեջ էինք մեծացել, բոլորս սրտառուչ հարազատներ էինք, Սերն էր թագավորում, և մեր հոգիները թևածում էին Միացումի բարձր ոլորտներում,- ժողովուրդն օրուգիշեր Հրապարակը չէր լքում, ապրում էինք անհացուջուր, Հրապարակը դարձել էր ուխտատեղի, որտեղ գալիս էինք մաքրվելու և օծվելու, գալիս էինք երդում տալու.-
Մեկ էլ մի ալիք անցավ՝ մեր շեներից եկածների, Երևանից, Ռիգայից, Մոսկվայից, ուրիշ տեղերից ժամանածների, հենց Ստեփանակերտից Հրապարակի զինվոր դարձածների, որ օրուգիշեր չեն լքում իրենց բարձր տեղը մեր այդ հարազատների համար պետք էր սնունդ կազմակերպել,- անկարգադրել, անցուցում մարդիկ Հրապարակ բերեցին իրենց տանը թանկ գնահատվածը,- հետո ալիքը լափու տվեց գյուղերը, մեկ էլ հրապարակում ի լուր հայտարարվում էր` Վանքից, Ավետարանոցից, Տումուց, ուրիշ շեներից մսացու են բերել, արցախյան ուրիշ բարիքներ են հասցրել,- հրապարակում անհուշել օջախ արծարծվեց, երկար սեղան բացվեց, ու մի օրում վերադարձանք մեր նախնական անխառն վիճակին՝ միակամ էինք, միասնական էինք, չկար ոչ մի այլ նպատակ, քան թաքուն ու աշկար գուրգուրած մեր Միացումը,- չկար ուրիշից կորզելու, հարևանից մի բան ավել ունենալու մարմաջը` ապրում էինք միայն վերերկրային կյանքով.-
Եղո՜ւկ, աննկատելի, մեզնից անկախ, ինքներս էլ չիմանալով, թե ինչպես, հայտնվեցինք ուրիշ խաղի մեջ,- նախ զարմացանք, վրդովվեցինք, ապա համակերպվեցինք և հիմա, երբ տեսնում ենք, թե ինչպես պլոկողներն իրենց ուզելիքը կենդանի մսի հետ պոկում են, գռփում են, կոխ տալով անցնում են և դրա անունը դնում են բիզնես, հիշում ենք երանելի 88-ի օրերը...
Ահա այսպես գործիմաց ճարպիկները զբաղված են «կոնկրետիկայով»,- փող են շինում,- կոմունիստների ժամանակների արգելակիչները վերացվել են, տակից ձին (ավտոմեքենան) չափ գցիր, ոտատակ տուր, ոտատակ մի մնա...
Ի՜նչ օրեր տեսանք: Էլ չգան: Ստեփանակերտը դարձել էր մահվան ճարակ, կրակ ու ալավ էր թափվում քաղաքի վրա, ժողովուրդը գետինը ճղել էր ու մտել մեջը, սպանել եղավ, սպանել եղավ, բայց պոկել չեղավ,- երևի ասողը մեզ էր նկատի առել, որ ասել էր մարդիկ սպանել կարելի է, հաղթել` ոչ,- ամայացած փողոցներին մի այնպիսի լռություն էր իջել, կարծես ժանտախտ էր անցել, անտեր շներն էին թափառում, ու կատուներն էին կեղեքիչ մռլտալով փողոցն անցնում, ավելի դաժանացնելով մռայլ լքվածությունը,- հատուկենտ անցորդներ ստվերի պես աննյութ, աճապարելով անցնում են ցամաքած, ծերացած, անխնամ մազակալած, կողքով անցնողին կարծես ճանաչում ես, բայց չես կարողանում միտդ բերել ծանոթ դիմագիծը,- մի քանի ամսում գոսացել են, դարձել անհրապույր,- խույս տալու համար քայլդ արագացնում ես, ուր որ է էլի քաղաքը պիտի հրետակոծվի, ռմբակոծվի, մարդու հնարած հազարագլուխ մահվան զենքն աղետ էր թափում մեր գլխին,- քաղաքի ջրատարը պայթել է, մութուլուսին գնում են հեռու աղբյուրներից ու առուներից ջուր բերելու, կանուխ գնում են, որ «գրադի» բերանը չընկնեն,- անկեզ այրվում են դժոխքի պարունակներում հայտնված այս մարդիկ,- հիվանդ ունեն, տանը հաց չկա, հացի հոգս քաշող չկա, մարդկանց վրա միս չի մնացել, ցուրտ ու քաղցած, օրը տարի է դարձել, ու այս անպատմելի տուժանքի վերջը չի երևում...
Նոր եմ հասկանում, որ քանի դեռ դիակը հողին չի հանձնվել՝ մահը չի պրծել, նոր եմ հասկանում, որ հանգուցյալն էլ իր ճակատագիրն ունի,- մարդը մահացել է, և դիակը տնից հանելիս ռմբակոծությունը սկսվել է, երկնային Աստված, չմեղադրես, կյանքը քաղցր է, հենց սկսում են խփել, ուզում ես ձուլվել հողին, քեզ թվում է, թե պայթող արկը հենց քո գլխին է պայթում, րոպեն դառնում է անվերջանալի, և այդ գեհենն ավարտ չունի,- իսկ չորրորդ մարդ չկա, որ դագաղի մի կողմից բռնի...
Այս ի՜նչ նյութից են սարքված. նկուղի անլույս մեջտեղում տոնածառ են սարքում, ու երեխաներն իրար ձեռքից բռնած պահելով երգում են` «Արդյոք ո՞վքեր են»,- մեծերը դաժանության բերանից մի փոքր ուրախություն են պռճկոտել, բաժանել սմքած ու նիհարած երեխաներին, որ նոր տարում մեր երեխաներն ուրախանան, որ նոր տարին անմեղ այս գառնուկներն անփորձանք ու երջանիկ անցկացնեն` գգվանքի կարոտ, ծիծաղի ծարավ, անցյալ տարիների հոր նվերի հուշերը վանելով, անցյալ տարիներից մնացած խաղալիքով, նվերներով գոհանալու հորդորներով բավարար այս երեխաները նոր տարվա տոնածառ են անում` հասկացող հայացքով մոր տամուկ աչքերը գգվելով...
Աստված ցանկացավ ստուգել այս հողի հետ մեր աղերսները, գուցե ուզեց իմանալ, թե ինչպես ենք արժանավորել մեզ շնորհած ուրիշինը միշտ քաղցր գնահատվող քարքարոտ մեր այս հողակտորը, որին որպես հայրենիք գրանցվել ենք հավիտյանս հավիտենից,- մի քիչ հարթության վրա իրար դարսած սարերի ու նրանց արանքներում գոյացած խորխորատների մի տեղից հողը նորից իջվածք է տվել, և օդում կախվածի պես քերծերը դռռալով գահավիժել են անդունդները,- ձյուն դրած բարձրերի սառը շնչից ձերբազատված ջրերն առու-առու իրենց գցել են ձորերը և, գեշուծուռ ժայռաբեկորների արանքներում տեղ անելով, ճչալով-ծկլթալով, որ չի իմացվում կայտառ-ուրախ, թե բողոքելով, շտապում են ներքևները, որ հետո ուշացումով հասկանան, որ գնում են հանգիստ հարթություններում սպառվելու,- ահա այս սարերով ու սարերի արանքներում բացված հարթություններով, բնության հանդարտված մի պատառ տեղանքներով` ետին թվով անունը փոխած մեր Արցախ երկիրն է, այ, որին մնացել ենք կառչած, որովհետև ի վերուստ միասեր ենք եղել,- բայց տեսանք, որ կառչելուն պոկել կա, չիմանալով, ինքնաբերաբար, ոնց որ ծառն արմատներով խորանում՝ ահա այդպես ակամա պատ ենք տվել-ձուլվել այս Արցախ-Ղարաբաղին, ոնց որ թելը թելի վրայով անցկացնելով, թաղկուճներ հյուսելով, ու շատ դժվարացել է մեզ իրարից զատելը,- Աստծո որոնած աղերսները մենք յուրովի ենք հասկացել, մենք հասկացել ենք աղերսի տարրալուծվելու տեսակը...
Մարդ մարդու անիծի` ասի փախստական դառնաս, իր տնից հալածված, վիզը ծուռ, անպահպան, զարհուրած աչքերով, խեղճացած, մոլորված, կոտրած ժպիտը դեմքին,- ծանոթը բարևում-անցնում է, հարցնում է` ո՞նց ես, ու դու չես հասցնում պատասխանել` արդեն անցել է, առաջ շատ բան չէր նկատվում, ամեն ինչ հիմա մորմոքի պես զգում ես, դարձել ես կասկածամիտ, լավը չես տեսնում, վատն ես նկատում,- հարցնում է` ո՞նց ես, փախստականը ո՞նց է լինում` հողմի բերանն ընկած տաշեղ,- որտեղ գնում ես` կարեկցում են, կարեկցանքի խոսքերով բորբոքում ցավերդ, քո փախուստի պատմությունն են ուզում քո բերանից իմանալ, ամեն անգամ մի նոր բան ես հիշում, մի կորած հուշ է միտդ գալիս,- չհիշեր՝ կսկիծը պակաս կլիներ,- վերջում մնում ես դու ու կարիքը, որ ցեցի պես ուտում է քեզ, մեջքիդ հրելով, հորդորելով ու խնդրելով, տանը թե դրսում ստվերի պես, ստվերից աներես հետևելով-հալածելով քեզ տանում է ամեն դուռ,- մռայլ մտքերը շուրջբոլոր են արել, ու չգիտես անել այդ շրջապատումից ինչպես ազատվես,- երեկոյան հալվող-պակասող ընտանիքի մնացած անդամներն իրար գլխի հավաքված հիշում են հարազատ տունը, հարազատ տեղերը, թառանչ քաշում ու նոր միայն հասկանում, թե ինչ թանկագին բան են կորցրել,- հիշողությունը դառնում է ծոցդ ընկած կրակ ու վառում յոթ ծալքերը,- միակ նեցուկը մնում է էլի հույսը,- հույսը սրտումդ զարթնում ես ու հույսով նորից քնում, որ ահա մի դուռ կբացվի ու կվերադառնաս քո ավերված, բրիշակ դառած տունը,- թող թշնամու տունը քանդվի, էս օրին մեզ հասցնողի տունը կրակ ընկնի,- ահա այս մտքերի հետ անկեզ վառվում ես, օրերն անցնում են, դառնում են տարի, իսկ փախստականի վիզը ծուռ, ճարակվում է ցավերի մեջ...
Հիմա նրանք դասդասվել են մատյաններում, գրաֆիկ տեսքի բերվել, որ արագ գտնեն, թե ով որտեղ է տեղաբաշխված, որ ճշտվեն դժվար հիշվող թվերը` Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, հետո Շահումյանի, Մարտակերտի փախստականների տվյալները` ամեն անվան դիմաց կանոնավոր, ճիշտ ձևը գտած աղյուսակում հստակ, արդեն համակարգչի հիշողությանը հանձնած հազարավորների դաժան ճակատագիրը` Արցախում այսքան փախստական, կարճ հապավումով ՀՀ-ում՝ այսքան, արտերկրում` Ռուսաստանի խորքերից մինչև Ամերիկա` այսքան,- սումգայիթցի պատշարը հասել է Սան-Ֆրանցիսկո և անգլերենի դասեր է առնում, որ կարողանա հասկանալ պատ դնելու ամերիկացու պահանջը, ազերի թուրքի պահանջը լավ սերտել է, ամերիկացունը սովորում է, իսկ հայինը` չէ, չի հասցնի իմանալ,- փախստականի ճակատագիրն ի՜նչ իմանաս...
Բնությունը նրան կատարյալ է ստեղծել` աչքերի մեջ խորունկ մի գիշեր է խտացրել, ճապուկ մարմնի մեջ տաքուկ մի սիրտ դրել և օժտել կնոջ հմայքների անբացատրելի քանքարներով, մինչդեռ գյուղի ջահելները մոլորվել են այդ աչքերի մութ ոլորաններում և իրենց անուրջներում տենչում են նրան...
- Բժիշկ, ես ինչպե՞ս նայեմ իմ հարազատների, մեր գյուղացիների աչքերին, անծանոթ այս քաղաքում, ամեն անցորդ գիտի իմ սև ճակատագիրը,- հիվանդը մի պահ վարանում է,- հետո շիկնելով մրմնջում.- բժիշկ, ես, ես... ամաչում եմ իմ ամուսնուց.- խոշոր ու խորունկ աչքերը լցվում են արցունքներով, մի պահ դողդողում թարթիչներին ու` որպես շեշտ, ծանր ու տաք ազատվում ցած...
Հոծ, անհամբեր գալիս են, հրելով իրար հաջորդում, փոխարինում իրար` բութ հետևողականությամբ գալիս են թուրքահոտության, քրտինքի, թրիքի, ճենճերի ժանտ հոտերով, գալիս են, որպեսզի տիրելու նախածին բորբոքներով լլկեն հայ կնոջը:
- Բժիշկ, ինչո՞ւ մայրս ինձ տգեղ չի ծնել, կուզ ու կաղ լինեի, որ չդառնայի... ,- կինը հուսահատ լռում է, լուռ արտասվում, որպես մի Մագթաղինացի...
Հոտի, նախրի ոտքի տակ Անարատությունն է կոխոտվում` Աստղիկի լույս անմեղությամբ, Արևհատի տաքությամբ, Անահիտի հմայքներով շնորհված դեռատի հայ կին, որ ահա պիտի դառնա ցոփության կեր, քենի ճարակ, պիտի ապականվի անբիծ մի մաքրություն եւ, ո՜վ Աստված, անքննելին դարձյալ դու ես` անպատսպար ու կեղեքված այս մարմինը ինչպես մնաց անապական, դարձավ անհասանելի, անտիրելի, որպես անապաշխար միանձնուհի...- բռնաբարեցին` անարատ մնաց, պղծեցին` մնաց անբիծ, լլկեցին` եղավ անտրիտուր...
Բժշկուհին գրկի մեջ քնքշանքով ամփոփել է գեղեցիկ այս կնոջ հեզ մարմինը ու չի կարողանում ըմբռնել` հոգո՞ւ ցավը, թե՞ մարմնի ցավն է խոր...
Մոր աչքերը ծլլան, մորն էս աշխարհում միայն մի փափագ է մնացել՝ սիրասուն որդու դիակը բերեն, որ իր սև օրը լացի իր հարազատի, իր աննմանի, իր մինուճարի վրա,- քարերն ինչո՞ւ ճաք-ճաք չեն գալիս, երկինքն ինչո՞ւ փուլ չի գալիս ճակատագիր գրողի վրա,- որդին թրթռալով գնաց, որդին ասաց` էս անգամ գնամ-գամ գնալու ենք նշանի, մայրը դժվար իրար մոտ բերածով իր անհայր մեծացրածի ընտրյալի համար մատանի է վերցրել, պահին վայել ուրիշ բաներ ամեն ինչ պարտքով-խնդրանքով է արել ու ահա սպասում է, որ իր սիրասունը կռվից կվերադառնա, որ գնան նշանդրեքի,- հիմա նշան չառած աղջկա այրվող աչքերից արցունքներ են գլորվում...
Մայրը խաղլացով է ընկել,- իմ խելոք երեխան, բոլորի ցավին հասնող իմ աննմա՜նը,- ո՞ւր ես, ասա գամ գտնեմ քեզ, ասա որտե՞ղդ է ցավում, գուցե ծարավ ես, շրթունքիդ ջուր դնող չկա, գուցե ուզում ես կանաչ-կարմիր կապած նշանածիդ տեսնել, ասա, ինչպե՞ս գամ, ասա, որտե՞ղ ես գամ գտնեմ քեզ...
Էս ինչպե՞ս է չի խելագարվում, էս անպատմելին ինչո՞ւ նրան բաժին ընկավ,- ձեռքը տաներ երեսով, կարողանար իր ջահել ջիվանին հողին արժանացնել` գոնե այս խնդրանքը երկնայինը լսեր...
Տեր Աստվա՜ծ, այս մեկն ինչո՞ւ հնարավոր դարձրիր, ճակատագրի այս ամենադաժանն ինչո՞ւ էս դժբախտին բաժին հասավ, քո կամքով ստեղծվածն էս անողորմությանը ո՞նց դիմանա,- սգո սեղանին որդու շորերը դրել են, գուցե թե այդ շորերի մեջ դեռ պահպանվում է որդու շունչը...
Երկնային Աստված, տուր մեզ ուժ այս դժնդակ ճակատագրի հարվածները վանելու, տուր մեզ դիմանալու կամք, զորություն հաղորդիր մեր աղոտ մարմնին, որ կարողանանք շարունակել մեր սրբազան կռիվը, թող որ գալար-գալար մղկտանք, բայց տուր մեզ ուժ, որ կարողանանք սփոփել մեր մայրերի վիշտն անծիր, տուր մեզ ուժ, որ հետո` ովքեր այս հողի վրա գերեզման չունեցան, ովքեր իրենց ցավը լացելու հնար չունեցան, ովքեր անանուն ու անտեղյակ գնացին, ովքեր հեռու զնդաններում խաչվեցին Արցախի հողի համար,- տուր մեզ ուժ,- որ հետո հնարավոր դառնա Տանջանքի սյուն բարձրացնել և այն հռչակել սրբատեղի, որպեսզի կարողանանք մրմնջալ՝ այս չարչարանքը իզուր չի եղել...
Տղան հևիհև, ռազմաճակատի մշահոտը չթոթափած, թշնամու և մահի հետ կոխի հոգնածությունը, ցեխոտ կոշիկներով, քրտինքի հոտը չթոթափած հասել է սիրած աղջկա մոտ, որ ասի՝ եկել եմ, սիրասունս, եկել եմ, որ ասեմ քեզ համար, իմ և քո երջանկության համար եմ կռվում, խնդրեմ, որ դու իմ երջանկությունը սնող ակը դառնաս, եկել է ասելու դեռ ոչ ոքի կողմից չասված բառերը, որովհետև ոչ ոք իր սիրածին այնպես չի սիրել, ինչպես ինքն է սիրում,- ահա էսպես տղան հավքի թևով եկել է կրակների, արկի ու գնդակի տարափներից պահած իր սիրտը նվիրելու ընտրած աղջկան...
Եղո՜ւկ, զինվոր տղա, եղո՜ւկ, քո սիրածը քեզ չի սպասել, իր սիրտը ուրիշին է տվել,- տղա, քո գործը շատ է վտանգավոր, քո կյանքը թելից կապված տարուբերվում է կյանքի ու մահի միջև,- տղան դաժանություններ, մահեր տեսած տղան այս մեկ դաժանությանը չէր սպասել,- զինվոր տղա, ընտրածդ աղջիկը քո ապահով կյանքի երաշխավորությունն էր ուզում, իսկ այդպիսի երաշխավորություն դու չէիր կարող տալ...
Սգաշոր, ջահել հարսներ, ծնկաչոք խոնարհվում եմ ձեր մեծ վշտի առաջ, ձեր մղկտանքների արձագանքը դառնամ ու կողկողամ առ երկինս, լինեմ հովի շունչ ու փարվեմ ձեր այրվող ճակատին, սևաշոր, անբախտ ջահել հարսներ...
Չհասցրին վայելել իրար, չհասցրին նույնիսկ խռովել իրարից, որ հետո ավելի բուռն սիրեն, ավելի գորով գումարեն իրենց ծարավ փափագին, Մարիամի պես անթաթախ հարսներ...
Փողոցով զգույշ, վեհաքայլ գնում է նա՝ իր մեջ կրելով սիրեցյալի` այս աշխարհի մնացած միակ կենդանի նշխարը` արյան խլրտացող հիշատակը,- ջահել հարսներ, ձեր սերն իմաստուն է, դուք կայացրիք արցախյան գոյատևման վճիռը ու արցախյան մեր ճակատագրի պահպանման կարգադրությունն արեցիք, խոնարհվեմ ձեր քաջության առաջ, աշխարհով մեկ ծնծղա զարկեմ և հայտարարեմ ձեր տոկուն որոշումը, սուրբ պտղով լցված զինվորի մատաղ այրիներ...
Ժամանակի երկար հոլովույթում փշուր-փշուր, թել առ թել զատվել-մաքրվել, ընտրվել ու կոփվել է հայ ցեղի արցախյան հանճարը,- սգակիր ջահել հարսներ, ձեր արգանդում դուք հիմա բուծում եք մեր հանճարի ազնվական սաղմը, որ վաղը պիտի դառնա բացակա հայերի շարունակական պայքարի Զինվորը...
Դառնամ ու փառաբանեմ, դառնամ ու փառաբանեմ, դառնամ ու փառաբանեմ:
Մինչդեռ շատացան ազգային գործիչները, ազգային շահերով էրվող-փոթոթվողներին թիվ-հաշիվ չեղավ,- ձեռքդ ուժեղ խփում ես նախօրոք մերկացված կրծքիդ ու Քրիստոսի պես ասում` ահա իմ մարմինը, առեք, հաջողությունն ապահովված է, ժողովուրդը գլուխը կախ գալիս է քո ետևից, և դու դառնում ես ազգային գործիչ, մինչդեռ քեզ կարծում էիր սովորական ինչ անուն ասեմ, որ վիրավորական չլինի,- ահա այդպիսի մեկդ դառնում ես նշանակալի անձնավորություն...
Իսկ գաղափարը` մորթված եզ, փռել են մեջտեղ, դանակավորները շատացել են, ագահ անկշտումները գալիս ու գալիս են,- ում ուժն ինչքան պատում է, ում խիղճն ինչքան թող է տալիս,- ինչ գիրության էլ լինի` եզը մորթվում է, որպեսզի վայելվի...
Մեկը որոշեց, որ ներկա ժամանակներում լավ ցուցանակը բարեգործության սիրուն նախշերով պատվիրածն է, միայն թե Պապիկ-Տատիկի նկարը լինի, լավ կետից արված Ամարասի ու Գանձասարի` ներկայանալի լուսանկարները զետեղվեն, եթե ուժդ չի պատում համահայկական ստեղծել, շրջանային կամ թեկուզ գյուղական մակարդակով կազմակերպվածն էլ պակաս չի,- ոչինչ այնպես մարսելի չէ, ինչքան երբ ասում են` մենք այստեղ` մեր ծննդավայրից հեռու, իսկ մեր գյուղում մեր գյուղացիք մեր հողն ու ջուրը պահում են,- մի կապուկ փող դնում են մեջտեղ և համեստ նստում նկատվող քո տեղը,- խայծը բռնում է, սինին պատ է տալիս, երկրորդ շրջանն է կատարում, դառնում է հավերժական շարժիչ, հայրենիքի կարոտը լավ էներգակիր է, կարող է աշխատել ընդերկար...
Ամեն բնույթի ու առումի, ամեն մակարդակի միություններ ու հայրենակցականներ կազմակերպվեցին, հիմնադրամներ հիմնվեցին և գործազրկության այս մեղվածքներում բացվեցին հասարակականը փողով դարձած աշխատատեղեր` գտածի նման մի բան,- իսկ գլխավորները` չհասկանանք կարևորները, զբաղեցրին իրենց պատկանող գլխավոր տեղերը, սայլը թոլ ելավ, գնաց...
Բարեգործության օգուտը տեսանք, վնասը չտեսնելուն տվինք, ասացինք` դրա ժամանակը չի, ձախ ու ծուռ գործեր բռնեցինք` ասացինք` հետո և հետոն դարձրինք ազգային աղբահար,- ով ցանկացավ ավլել, տեսքի բերել մեր ավգյան ախոռը, ինքն էլ... գայթակղվեց,- աղբը լեռնանում է, արդեն լեռնացել է, մի օր կփլվի, և ազգը կմնա տակին...
Հոգևոր այս ուծացումին բանի տեղ չդրինք, քաղցկեղի շոշափուկները տարածվեցին ազգի մարմնով մեկ,- չենք աշխատում, աչքներս պահում ենք, որ մի տեղից օգնություն ստանանք` մեր ծնած երեխային սրտի ուզած հոլիդեյ շալվարը, լավ նստող բաճկոնը, թանկարժեք ձրի ուղարկած մյուս բաները...
Ղարաբաղից թանկ տոմսով հասիր Մոսկվա, հանգանակած փողով քեզ գցիր Փարիզ, այնտեղից օվկիանոսն անցիր` դեմդ երկու ամերիկաներն են,- կարող ես գերձայնային ինքնաթիռով մի քանի օվկիանոսներ կտրել,- հարմար նստիր տոմսիդ համաձայն քեզ պատկանող տեղը, անհասկանալի լեզվով կինո դիտիր, ստյուարդեսը շուտ-շուտ մոտենում է և քո երկրում հեռավոր ցանկություն համարվող խմիչքներ առաջարկում` ինչքան սիրտդ ուզում է խմիր` ոչ այնքան մարմինդ հագեցնելու, որքան աչքածակությունդ բավարարելու,- ահա այսպես էդ զբաղմունքներին կացած չես էլ նկատում, որ օվկիանոսներն անցել ես, հասել ես` անգլերեն ասում են, իսկ դու` հայերեն հասկանում ես, որ հասել ես Լոս-Անջելոս կամ Սիդնեյ, որտեղ ամեն հայ գործարար կամ մեծ խանութ ունի, չէ-չէ արհեստանոցը կա, կամ մի գլխավոր լավ վարձատրվող պաշտոն է զբաղեցնում,- ոնց որ կարասի մեջ ես ընկել, ուժդ ինչքան պատում է` բեր Հայաստան-Արցախ...
Հասնում ես տեղ` ոչ կարաս կա, ոչ կարասի բերան բացող, կուսակցական, ընկերավարական դռներ ես բացում, եկեղեցում` էջմիածնական թե անթիլասյան տեղին հարմար վկայակոչումներով ոգեկոչման սեանսն ես անցկացնում` բացատրելով պատմական այս պահին հայրենիքի համար սփյուռքի կարևորության արդեն քանի բերանից լսված և համը կորցրած նշանակությունը...
Մեր հեռավոր արյունակիցների դժվար վաստակած, սիրով ու կասկածանքով նվիրաբերած դոլարները, դրանցով ամերիկյան յալանչու բազարներում էժանից շատ ձեռք բերած ապրանքն այժմ էլ պիտի կարողանաս մաքսատան պլոկողներից անցկացնել, մյուս բաները ես չասացի՝ դուք հասկացեք, տակին մնացածը,¬ Խրամորթից միայն բրիշակ է մնացել, մարաղեցիներից շատերը սպանվել ու գերեվարվել են,- ահա այդ գյուղերի գյուղացիք աշխարհասփյուռ ցրվել են, Ռուսաստանի որ քաղաք գնում ես` մարտակերտցու բարբառն ես լսում,- այդ մարդկանցից Արցախ-Ղարաբաղը չլքածներին հումանիտար օգնության Բառնաբասի պես ժողովածն Անանիայի պես ճոթ է արվում, ապիկար հավը մի ձու է դրել ու սահլիկ կրչկրչալով գլուխ է տանում, այնքան է կրչկրչում, որ հարկադրված հավատում ես բարեգործության պարտադրված կարևորությանը, միայն թե ձենը կտրի,- խառն ու շփոթ այս մտքերը հրմշտվելով, իրար կեռ տալով չեն կարողանում կանոնավոր դասավորվել տողերի վրա, և մնում ես մեր ազգային մեծությունների պարտադիր անհրաժեշտության և քո աննշան գոյության բեռան տակ կքած.- սուրբ Ստեփանոսին ոգեկոչեմ` «Տեր, սա մեղք մի համարիր դրանց»:
Այս ի՞նչ ճակատ է մեր ճակատը,- քարից ու երկաթից ասեմ, շան կաշի ասեմ, ի՞նչ բառով բնութագրեմ: Ազերի քարոզչուհի Լալա չեմ հիշում ինչ լափը թափում է յուրայինների գլխին, ասում է` հենց որ հայ ղուլդուրների անունը լսում եք, տուն-տեղ թողած փախչում եք, բանակն էլ ձեզնից առաջ,- դառնացած ասում է քարոզչուհին,- իսկ ստեփանակերտցիները,- արյան պղտորումի անհսկելի պահին մոռանում են պետական-կառավարական հրովարտակը, որ այսուհետ ու հավերժ Ստեփանակերտը պիտի կոչվի Խանքենդի, Մարտունի անունը ջնջվել ու տեղը գրվել է Խոջավենդ, Մարտակերտն էլ հայտարարվել է Աղդարա,- առաջ «անունը կա, ամանում չկա» էինք անում, հիմա դա չի ստացվում և որոշել են գործը բռնել հետընթաց տարբերակով,- տիկին պրոֆեսորուհին մի կողմ է դնում իրեն պահելու ուշ սովորած ձևը, երեխա ժամանակվա սովորածի պես ընդդիմախոսների բերանը փակելու համար երկու ձեռքը կից արած դնում է կկզած տավարի տակ ու տաք թրիքով ծեփում նրանց չանթա բերանները,- ստեփանակերտցիները հարյուր օր դիմացել են հրետակոծությանը, ո՞նց են դիմացել,- ծկլթում է պետական խորհրդականը,- կին, երեխա, ծեր իրենց տներից չեն հեռացել...
...Գազով լավ տաքացվող իրենց բնակարաններում հարմար տեղավորվել են գույները հստակ, վառ ցույց տվող ոչ սովետականի խողովակով սովետական հեռուստացույցի առաջ, աչք ու ականջով վայելում են Շուշիից, Ջանհասանից, Խոջալլուից, Մալիբեյլուից, օդից, ամեն տեղից Ստեփանակերտի վրա թափվող ռումբերի ու արկերի տարբեր տոնայնությամբ պայթյունների սոլֆեջոն,- արկ ու ական չի, որ պայթում են, սպանվող երեխայի հառաչանքը չի օդը կեղեքում, մոր աղեկտուր ճիչը չի պատռում տիեզերքը,- մուղամաթը քաղցր ծորում է, նիրվանայի մեղկ հալյուցինացիայում վայելվում են ջեննեթի քնքշանքները` մի օր, մի շաբաթ, մի ամիս, արդեն քանի՜ ամիս եղավ, արդեն սկսում են սպառվող համբերությամբ հաշվել, թե ծակուծուկերը մտած, քաղցած ու սառած հայերն ինչքան պիտի դիմանան պրոֆեսիոնալ կազմակերպված այս գեհենին, հայերեն իմացող ազերի թուրքը ռացիայով հայերեն մազաղ է արել` միասում ես կանչալ էս, է՛,- ասել է ու հռհռացել իր սրամտության վրա,- դե թող ձեր Էրիվանը միասում անի,- ասել ու նորից է հռհռացել, չի կարողանում «ց» ասել, քամահրանքով ծոր է տալիս` միասո՜ւմ...
Ջահել տղամարդն ատամները կծած լռել-պապանձվել է, որ չարտասվի, որ կինը չտեսնի, մայրը չիմանա պատառոտվող սրտի բախոցները, անկյունում կուչ եկած երեխան չիմանա` այդ ամենի համար թշնամուց դաժան վրեժ առնելու վաղուց ընդունած իր վճիռը,- պետական գործով գնացել ես Բաքու, ոնց որ թե չուկչի ես, մի նեգր, որ պիտի վիզդ ծռած խնդրես, իսկ ազերին ողորմություն տալու պես մի թուլաբաժին շնորհի օրինավոր քեզ պատկանելիքը,- աղդամեցին իր մեքենայով եկել է մեր ընտիր վարպետներից մեկի ետևից, իրենց մոտ այդ վարպետությունը չկա, հետո խնդրել է մի ուրիշ գործ էլ անել, հայ վարպետն ասել է, որ դա իր արհեստի գործ չի, ազերի թուրքը ծիծաղել է՝ հայ ես, ուստա ես, երբ վերջում հացի են նստել, անկեղծության պահին ազերի թուրքն ասել է՝ ուստա, լավ տղա ես՝ ափսո՜ս, հայ ես,- համբերել ենք, համբերել ենք, լեզուներս կծել համբերել ենք, մինչև այսօրվա օրը,- հիմա արդեն «բազմաչարչար» չենք, մեր պատմական ճակատագիրը դարձել է հումորի նյութ, ձեռ էին առնում, հիմա մեզ անվանում են ագրեսոր, իրենց բառով ղուլդուր, այսինքն՝ ավազակ,- երեխա ժամանակ մեր գյուղից գալիս էինք Ստեփանակերտ, Մալիբեյլու ազերի գյուղի միջով էինք գալիս, Մալիբեյլուի միջով անցնելիս մեծերի սովորածով թուրք լածիրակները մեր ետևից երգ կապած կանչում էին՝ Էրմանի, ա՜յ Էրմանի, փայտոնա մինդիր մանի, այսինքն՝ մենք փայտոնչի ենք, իրենք՝ աղա, մենք պետք է փայտոնով նրանց ման ածենք,- համբերելու, դիմանալու մեր հանճարն անվանափոխվել էր և վիրավորական չի հասկացվել չարքաշ կենդանու հետ մեզ համեմատելը, հիմա նոր ըմբռնում են մեր կերպն ու բնույթը...
Պետական խորհրդական` հիմա արդեն հիշեցի` Լալա-Շովքաթ Հաջիևան, անգամ նախագահ Հեյդար Ալիևը, խոստովանում են ազերի ասկյարների` ազգային զինվորական քայլերգի խոսքերի նրանց չնմանությունը և համապատասխանեցնելու նպատակով մոջահեդներ են վարձել. քաջության առաջվա շիճուկը, պարզվում է, իմունիտետ չունի, շուտ ազդում, շուտ էլ լքում է կռվել չցանկացող ազերի զինվորների մարմինը,- ուրեմն, շատ քանակությամբ տարադրամով թանկ վարձած մոջահեդներ են բերել, որոնց ներկայությամբ կամ նրանց թիկունքում պատսպարված ազերի ասկյարները պետք է հող ու հայրենիք պաշտպանեն...
Ելք չկա` ճղում-անցնում ենք, դուռ չկա` կոտրում-մտնում ենք, հարկադրված մեր սահմանները պաշտպանում ենք Աղդամում, Հորադիզում, մեզ մոտավորապես մերձակա, Իրանի հետ խիստ սահմանակից Զանգելանում,- տեղն եկել է` ասենք, ես չեմ ասել, ինձնից շատ հարյուր տարի առաջ ասողն է ասել` քաջաց սահման` սուր յուրյանց...
Լուր է հեռարձակվել, որ Գյանջայում սկսել են խրամատներ փորել, որի` նոր բառով գործընթացը լավ գնում է,- որպեսզի անակնկալի չգան Շուշի-Լաչին-Քելբաջար-Աղդամ-Զանգելան, բոլո՞րը թվարկեցի, թե՞ էլի կան, ուրեմն, որպեսզի անակնկալի չգան, նշածս ու մոռացած շրջանների պես ու արժանի հակահարված տան «դարավոր հայ թշնամուն», Գյանջայի շուրջ խրամատներ են փորում, իսկ Միլլի մեջլիսում մեկը կուրծքը ծեծել է` Բաքու ծնվել եմ, Բաքու էլ պիտի մեռնեմ,- ալլահը թող մարդու սրտինը կատարի, ո՜վ փեյղամբար, օգնիր թշվառ ծառայիդ...
Համբուրենք մեր երեխաների ոտքերը, երեսներս դնենք նրանց տաք կրծքին, ամեն օր մեր աղերսները հղենք Աստծուն, ասենք` Տեր Աստված, թե կաս` կաս, թե չկաս` մեզ համար էլի կաս, դու մեր հակին կաց, մեր երեխաներին անփորձանք պահիր, մեր երեսը քո ոտան տակը, մի դուռ բաց արա մեր ժողովրդի առաջ, զորավոր Աստված, պարտական մնաս, թե այս խնդրանքն էլ չկատարես, մեր թշնամուն մի խելք սովորեցրու, մեղք ենք...
Գիշերը ցուրտ ու անդուռ` օրը մթնում է` լուսանալ չկա, մռայլ մտքերը մութ երեկոյի անբառ տագնապներում արծարծում են հիշողությանդ պարունակները և աչքիդ առաջ պծղած նյարդի շոշափելիությամբ բացվում են մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատկերները...
Հոտի անպաշտպանվածության, քո խնդիրը խմդրագրերով լուծելու պատմական մեր մտածողության անլիարժեքության հետապնդումներից զզված,- քանի «նամակ թագավորին» ենք հղել, խնդրագրերով լիքը խուրջինը գցել ենք Իսրայել Օրու ուսին, մաղթելով` հաջող գնաս, հաջող գաս,- Բյուզանդիոնից մինչև Ռուսիա, մինչև ֆրանկների երկիրը, օվկիանոսից այն կողմ` խնդրագրերով զինավառ պատվիրակներ ենք ճանապարհել,- արքունական պալատների ու նախագահական ընդունարանների կիսաձայն խոսելու անսովորությունից, շլացնող շքեղության անհարմարությունից նեղված ու շփոթված, շքամուտքերի առաջ բոլթա թակող հայ բանագնացի անել վիճակը...
Մեզանում խնդրագրի ժանրը լավ մշակվել է, տեքստն այնպես է շարադրվում, որ կարդացողը հասկանա, որ գործ ունի հին մշակույթ ունեցող ժողովրդի հետ՝ մեր ճարտարապետությունը, մեր շարականները, մեր Նարեկացու առ Աստված հղած ինքնահերձումները, ահա այսպես, գրաբարյան տեղին լավ բռնող դարձվածներով խնդրագրեր են գրվել, որ դժվար ճարվող մի որևէ հայասեր իշխանազունի հանձնվի` երեսներս դնենք` կոխիր անցիր, Հայաստանը ոչ միայն մեզ, այլև մարդկության համար է,- ասել ենք ու աչքներս պահել, որ հազվագյուտ այդ իշխանազունը տերունական ողորմածությամբ գուցե օգնության մի փշուր ուղարկի շագրենակաշվի պես սպառվող Հայաստան,- պատմական այս թնջուկի հրհրոցներում ինքներս մեր ոտուձեռը կապել ենք, աղախնածին այս մտածողությամբ ուզում ենք երկիր ու հայրենիք պահել,- վերջերս երկնքից կաթած մի դեմոկրատ հավատարմագրի ստույգությամբ հայտարարել է` մենք համաշխարհային ազգ ենք, այսինքն` որ ի՞նչ, եթե նույնիսկ մեր կռնատակին նման մի վկայագիր դրեցինք. մեր սառած տները տաքացվեցի՞ն, հա՞ց է, որ փոր կշտացնի, թե ազգային սովորություն է դառնում, արդեն դարձել է ատամներով քամի թակելը...
Եթե սուրը ձեռքիցդ խլել են, պիտի երկար եղունգներ թողնես, որ գոնե եղունգներով կարողանաս թշնամուդ պինչ ու պռոշը պլոկել, մինչդեռ երկար եղունգ պահելը համարել ենք անվայելուչ, համաշխարհային ազգի մեր կեցվածքին անհարիր...
Խրիմյան Հայրիկի խրատից էլ շատ հարյուր տարի առաջ ինչո՞ւ մեր գոյատևման բանաձևը սեպագիր կուռ փորվածքով դասագիրք չշինեցինք` այբ, բեն, գիմ, դա` երեխայի ձեռքը գրչակոթ դնելուց առաջ պիտի թրի կոթը հափուռը կոխեինք, որ ամեն ինչ արագ սովորող երեխայի ձեռքն առաջինն ինքնապաշտպանության գործիքին վարժվի...
Համաշխարհային վարդապետությունների նկատմամբ ազգային թուլությամբ հենց իմանում էինք յուղ ու մեղրով լիքը պուլիկ է, շուտ հասնում և, լավն ու վատը չզատելով՝ գլուխներս կոխում էինք պուլիկի մեջը, բանիմաց հայտարարելով` մենք առաջիններից էինք...
Յոթանասուն տարի կուչուկծիկ արեցինք համայնավարության փողփողուն դրոշի տակ` մեր հողերը փեշքեշ բերելով կարմիր հեղափոխության համամարդկային նպատակներին,- թուրքն ու ազերին կափկափելով մեր դժվար պահած մի քիչի ամեն թևից դարթու տվեցին` պոկած-պռճկոտածը հայտարարելով իրենց «անքակտելին» և այդպիսով դարձանք «տարածքային ամբողջականություն» միջազգային պատանդ...
Թեթևսոլիկ մեր անլրջությամբ կրկին դիմեցինք խնդրագրի ժանրին և մինչ որոնում էինք միջազգային ստանդարտներին համապատասխան և պատմական դառնալու հավանականությամբ փաստաթղթի ձևակերպումը, ադրբեջանական գործոնը «խոդի» տրվեց` ցեղասպանության դասական ձևերով կազմակերպվեց Սումգայիթ...
Աշխարհը սահմռկեց մի պահ, մինչդեռ պոլիտբյուրոն մնաց անվրդով` Գուլագի դեմ այս խաղուպարն առանց էմոցիաների ձևակերպվեց որպես «խուլիգանամետ տարրերի» գործ ու հարցը` ոչ, չփակվեց, այլ հավանության արժանացավ ցավը մեղմացնելու, իսկ վերքը բորբոք պահելու առաջարկը...
Հեռուստաէկրանով սահում են` ցավի ճիչը հանած, հեռավոր արձագանքը պահած կադրերը և այդ կադրերի նալին ու մեխին խփող ոմն մեկնաբանի մենկաբանությունները.- նայում էինք ու ինքներս մեզ մխիթարելով գոհունակությամբ արձանագրում` «այնուամենայնիվ» ասվեցին որոշ բաներ` այնուամենայնի՜վ...
Բարի թագավորի-պրեզիդենտի-վարչապետի համար մեր ճաք-ճաք գալու, մեր պռնչկոտալու թարգը չեկավ, - Միխայիլ Գորբաչովի հետ հայերի կապը դարձրինք փրկության օղակ, միամիտ ուզում էինք նրանց միջոցով Գորբաչովին հորդորել ու մեզ համար պոլիտբյուրոյի որոշում կորզել` ճը՜ռռ` սայլը եկավ, դա՜հ-դա՜հ` ձին թամբած բերին` երեխայի խելքի մեր համաշխարհային ազգը խնդրագրով ուզում է «հարցի արդար լուծում», հեշտ ու դյուրին տված Ղարաբաղ-Արցախն ուզում էինք նույն կերպով ետ վերցնել...
Պոլիտբյուրոն մարզպանական կառավարում մտցրեց` անունը դնելով հատուկ կառավարման կոմիտե` միջանցքով քո գործին գնալիս խելքիդ եկածի նման մի բան, ինչպես հղացավ, այնպես էլ փուստ դառավ,- սոցազգերի եղբայրության կարկատանով հնարավոր չէր ծրարված, զղոն-զղոն դարձած, մեր մերկությունը հազիվ ծածկող պատմուճանն օգտագործելի դարձնել, վիժեց, լուծարվեց...
Սապոգի կոշտ տակով կոխում են վերքդ ու դանդա՜ղ, դանդա՜ղ, դանդա՜ղ սեղմում, ցավի տառապանքը դառնում է աննկատելի, չես էլ հասցնում մեկ անգամ «ո՜ւֆ» անել կամ «ա՜խ» քաշել, երբ միանգամից կոկորդիցդ ժայթքում է խոշտանգումի կաղկանձը,- ահա այսպես մտցվեց արտակարգ դրություն, որի գործադիր իշխանություն հռչակվեց արտակարգ դրության պարետությունը.- Ղարաբաղում հաստատվեց Սաֆոնով-Պոլյանիչկո ռեժիմը,- Աֆղանստանում հիմնավոր փորձարկություն անցած սցենարիստը ղարաբաղյան տարբերակով սցենարը «իջեցնում» էր Սաֆոնովին, և գերազանցիկ Սաֆոնովը «գերազանց» գնահատականով մարմնավորում էր...
Արտակարգ դրության պարետությունը Ղարաբաղով մեկ տեղադրեց շրջանային և ստորադաս պարետատներ, պարետներին օժտեցին անսպասելի տեղին հիշված օպրիչնիկի լիազորություններով` զարկիր, եթե դուրդ չի գալիս, ձերբակալիր` եթե կասկածում ես, վերցրու` եթե հավանում ես, կուտակիր` եթե ցանկություն ունես, երբ մանավանդ հայտնի է, որ հատուկ մշակված կարգադրությամբ պարետության կազմի` գլխացավանքը շատ, բայց ՕԳԳ-ն բարձր արագ հերթափոխով կարճ ժամանակ է հատկացվում սոցիալական խնդիրները «տաք» կետերում դյուրին լուծելու ընդարձակ հնարավորություններից օգտվելու համար,- սկզբունքը հստակ էր՝ նոր ցախավելը լավ է սրբում` մեկ, անձնակազմի գենետիկ հակումը Ղարաբաղում շատ գտնվող բարձր թնդության հեղուկների նկատմամբ` երկու, տեղի ծայրահեղականների հետ կապը միայն այդպես կարելի է կանխել` երեք...
Շուշիից շատ հեռու ճանապարհի ոչ բանուկ հատվածում ավտոմեքենան կանգնեցվում է և անձնագրային ռեժիմի ստուգման ժամանակ մեքենայում «հայտնաբերվում» ատրճանակ, պարագային համապատասխան ավտոմեքենայի տերը բերման է տարվում... Շուշի, մեքենայի փոխարժեքը Ստեփանակերտի փոստատանը ձևակերպվում է որպես դրամական փոխանցում կամ Սամարայի մարզի կողմերը` Մարիա Եմելյանովնային` որդի Վիտալի Ցիմբալյուկից կամ Վանյա Սամոյլովից ամուսնուհի Անտոնինա Պետրովնային...- եկել են սեզոնի...
Շուշի տարվածի հանցակազմը կարճ ձևակերպվում է` «գրոհային»...
Անձնագրային ռեժիմի կարմիր շորը մեկնում ես արյուն ծորացող ցուլին, ու սա մլար ու շփոթված, անճարակությունից կատաղած գնում է կարմիր խայծի ուղղությամբ ու հայտնվում Շուշվա բերդում, Բայիլովի բանտում` հայ գրոհայինների ու ծայրահեղականների կենտրոնակայաններում...
Զոհին մորեմերկ պառկեցնում են ցեմենտե հատակին, սառը ջրով լի դույլը պրանում մարմնին,- տաք ու պաղի տարբերությամբ արագացված արյան շրջանառությունը կենսաբանական լավ դաշտ է ստեղծում այս արարողությանը հաջորդող հետագա «մշակումների» համար. հատուկ ձուլվածքի պողպատե ճաղերի ռետինե պատյանի մեջ ձիգ ամփոփված ոստիկանական լախտը շալ են տալիս մարտիրոսվող հայի մեջքովը,- փոխնիփոխ լսվում է մորթվող արջառի խուլ տնքոց ու աղեկոծ բառաչ,- ապա քիչ դադար է տրվում, որպեսզի սա կարողանա ներսի արյունազեղումները որձկա,- իրար հաջորդող ձայնարկությունները հետզհետե բթացնում են ազերի թուրքի հաճույքը, և ասպարեզը հանձնվում է հաջորդ գործող անձին, հարվածի ստույգ տեղն ու ուժգնությունը, հարվածող գործիքը վաղուց որոշված է, հարվածը շեշտակի իջնում է երիկամների ուղղությամբ, ցավի զգացումն ակնթարթորեն կտրվում է, ամեն ինչ սուզվում է անզգայության խավարը, հետո` հետո-ի տևականությունն արդեն որոշում է ոչ թե խոշտանգվողը,- ջրով լիքը դույլը նորից շրջվում է ուշաթափվածի գլխին ու խավարի մեջ հեռավոր մի կայծ է առկայծում` գիտակցությունը փորսող տալով վերադառնում է, այսպես՝ ամեն Աստծո օր երեք անգամ...
Շուշվա բերդի ռեժիմին, Բայիլովի բանտի պայմաններին դիմացողները հանվում են վաճառքի,- աշխարհի աչքի առաջ, պոլիտբյուրոյի` չտեսնելուն տալու գիտությամբ Ադրբեջանում նոր ռենեսանս էր ապրում մարդկության կողմից արդեն քանի դար չկիրառվող ստրկավաճառությունը...- արի ու մի ասա` ով, արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին...
Երկար միջանցքների ուշ-ուշ բացվող դռների ետևում քաղաքացիական հագուստով գնդապետները հետզհետե ուժգնացման մամլակի սկզբունքով մշակել են դաժանության պարունակներ` հատուկ ղարաբաղյան հակամարտության հայկական տեղաշրջանի համար,- խնդիրը մեկն է` պարունակներում ստեղծել հատուկ «ռեժիմներ», որոնցում պետք է «էթնիկական տվյալ խմբի» միջավայրից դուրսբերման «միջոցառումները» իրականացնեն հնարավոր չափով անարյուն, առանց միջազգային աղմուկի, «իր դիմումի համաձայն»-ի նման,- մինչդեռ հայերը կճեպի պես կպել են իրենց մի կտոր հողին, պոկել չի լինում...
Պրոֆիլակտիկ բոլոր միջոցառումները պիտանի չեղան, մնացել էր արմատախիլ անելու պարունակը` «Օղակը», տանկը կանգնում է գյուղի տակին ու մի քանի արկ արձակում վասն զգուշացման, պայթյունների արձագանքները և համատարած զարզանդը պատում է անմասն այդ երկիրը,- շիկահեր զինվորները բռնում են գյուղի ելից-մտից ճանապարհները, հրովարտակը բարձրախոսներով հատ-հատ ազդեցիկ կարդացվում է. «Քաղաքացի գյուղացիներ, լսեցեք իմ հրամանը. բոլորը, առանց բացառության, հավաքվել գյուղի կենտրոնում, իրենց հետ վերցնել միայն ծայրաստիճան անհրաժեշտ իրերը, նրանք, ովքեր կփորձեն թաքցնել գրոհայինների կամ չենթարկվել իմ հրամանին, անմիջապես կգնդակահարվեն, մյուսների կյանքի ապահովությունը երաշխավորում եմ` հրամանատար»...
Գյուղի «վնասազերծումից» հետո ազերի օմօնը, բանտից արձակվածները, խուժանը, ծիծ կտրողները, թափոնը լցվում են գյուղը, դուրս տանելին լցնում են հատուկ դրա համար բերված ավտոմեքենաները, վառելին վառում են, ավերի ենթական ավերում, ինչքան պետք է, ում պետք է՝ պատանդ առնում, պղծում, բռնաբարում, դիմադրողներին գնդակի քաշում` ավտոմատը կարճ կափկափում է, և խնդիրը լուծվում է, մյուսների լեզվից թուղթ է վերցնում, որ էլ չեն ուզում Ղարաբաղի իրենց քարքարոտ, ապրելու համար անպիտանի գյուղում ապրել, ինչ ունենք-չունենք ձեզ, միայն թե մեր երեխաների, մեր կանանց, մեր մայրերի կյանքը երաշխավորեք,- ալիբին կա, ձևականությունները կատարվել են, «Օղակը» իրականացվել է, կայծակ հեռագիրը հասնում է Բաքու, Մոսկվա. պարետության ենթակա «սահմանափակ զինվորական կոնտինգենտը» կանխել է արյունահեղությունը, խաղաղ բնակչությանն ապահով հասցրել են Հայաստանի սահմանը...
Կին, երեխա, ծեր, կրծքի երեխա, մի ոտքը գերեզմանում ծերեր` ձմեռ, ցուրտ, անկարեկից այս մեծ աշխարհում իրենց համար մի կեղ ոտատեղից զրկված ժողովուրդ...
Ազերի օմօնը հրամայել է` առաջ անցիր, հարսը նայել է կեսրայրին, կեսրայրն աչքով հասկացրել է` գնա,- հարսն օմօնականի հետ մտել է տուն, բացել ննջասենյակի դուռը, ասել` հիմա կգամ ու մյուս սենյակի պատուհանից իրեն գցել ներքև,- հետևից կրակոց է լսել, ցավի զգացումը տաք-տաք չի զգացել, ծմակի ծանոթ արահետով վազելով, փրկվել է և վախից ու հետապնդումից հալածված՝ չի զգացել մարմնի ու հոգու վերքերը,- ջահել հարսն իր ցավը մոռացած, ուրիշի ցավով է փոթոթվում` հարևան աղջիկ երեխա, դեռահաս, ավտոմատի փողը դրել են մոր ճակատին ու հրամայել` պիտի կատարես ազերի օմօնի հաճույքը, մոր աչքի առաջ,- ուրիշ բան էր նրա ուզածը, ջահել, վշտից աչքերն ուռած բերդաձորցի հարսը չի կարողանում պահել սրտի լկլկոցը ու փուլ է գալիս... իր աչքով տեսածն անպատմելի է...
«Սպեցնազի» երկու ջահել լեյտենանտներ մտել են խմբագրատուն, որ թերթի միջոցով աշխարհին պատմեն իրենց աչքով տեսածը,- մեղանչելով իրենց մոլորության մեջ գցողների փոխարեն, ներողություն հայցելով նրանք պատմում են Հադրութի գյուղերից մեկում, անունը չեմ հիշում, սարին կպած փոքրիկ մի գյուղում մի աղջնակի... «սպեցնազի» ջահել լեյտենանտներն այդ պահին մոռացել էին հալած գլուխների ածածը` «հրամանը չեն քննարկում, այլ կատարում են» և հակառակորդին «վնասազերծելու» լավ սովորածով տասնչորս ազերի օմօն են ջարդել, որի համար հրամանատարությունը շտապ «արտակարգ պատահարը» լոկալացնելու կարգադրություն է արաձակել` հանել տարածաշրջանից, որպես թե վարակ է խփել, սպառնալով ճարակել ամբողջ անձնակազմին, որովհետև խախտվել է «սպեցնազի» գլխավորագույն սկզբունքը` «սպեցնազը» չի մտածում, այլ գործում է, իսկ այս ջահել, ջլապինդ, վախից չերկնչող, արգելքը ջարդող-անցնող այս տղաները, Աստված մի արասցե, եթե հանկարծ ռեցիդիվ տան, սելավի պես կարող են ամեն ինչ տակով անել, հայ գրոհայինների տեղակ ազերի օմօնական են ջարդում, դրանց երկուսի էլ..., հատուկ շրջանի պարետը կեղտոտ հայհոյել է ու հրամայել` դուրս բերել տարածաշրջանից...
Հիշողությամբ դժվար մտապահվող սարերի ու ձորերի ոտատակին մոլորված Արփագյադուկ, չէ՜՝ Հարար-հայեցին ու ճիշտը, գյուղում մի քանի ծեր ընտանիքներ են ծվարել` անտեղյակ մեծ երկրների թոհուբոհին, ամեն ինչ նախնական վիճակում պահպանված մի փոքր աշխարհ,- մարդիկ ապրում էին իրենց հուշերի հետ, ցրիվ եկած զավակների համար ձմեռվա պարիպաս պատրաստելով, նրանց մի բուռ հողին արժան լինելու հույսով,- հարևան գյուղից թուրքը հյուր է եկել. հավը մորթել են, հյուրի համար թթի օղին դրվել է սեղանին, անառիթ չբացվող մի քանի տարվա գինին հիշվել է, ու այդպես սրտաբաց նստել են հացի, և երբ տանտիկինն արդեն թեյ էր մատուցում, տանտերն ասել է` բարի լինի նպատակդ,- թուրք քիրվան պատասխանել է` բարի է... - տանտիրոջ Ստեփանակերտում ապրող փեսան քիրվայի տղային ընդունել է տալիս ավտոդպրոց, իր տանը պահում, ծանոթների միջոցով ապիկար տղայի համար մի կերպ վարորդական վկայագիր կարգադրում, հիմա այդ` չգիտես ինչից պտկածը զինավառ խմբով մտել է գյուղ, մի բուռ ժողովուրդն առաջն արած տանում է... ուղեղի անդյուրաթեք ծալքերում ի՞նչ էր որոճում ճիվաղը. հասել են մի տեղ, երախտամոռը հրամայել է` կանգնեք, հետո ասել է` օդում կրակում եմ, հետո ձեզ վրա եմ կրակելու, ով կարող է` փրկվի,- ուշ աշուն էր, քաշաթուխպը լիզում էր թաց գետինը, գուցե երկնայինին ուղղված աղաչանքով էր քաշաթուխպը եկել,- ճանապարհից աջ լանջն ի վեր է, ձախ` զառիթափ, փրկվելու համար պիտի քեզ ձորը գցես,- սպառված մարդիկ անկարող, անճոռնի գահավիժում են իրենց ներքևները, իսկ ետևներից ավտոմատներ են ճարճատում,- հաջորդ օրը հարևան Խծաբերդից եկել են, դիակները հավաքել ու անլաց հանձնել հողին...
Ծեր ուսուցչուհին` ցամաքած աչքերով,- դեմքի մկանը չի շարժվում, ավերված բառերը մի կերպ իրար է բերում, միայն փեշի տակ թաքցրած մատներն են մատնում հուզումը, ծեր ուսուցչուհին` ցամաքած աչքերը հակած գետնին, պատմում է,- ամուսինը հրամանին չի ենթարկվել, չի ենթադրել որ քիրվա Սուլեյմանի որդին, իր աչքի առաջ մեծացած զեռունը կարող է...
Աղոթքով բացեմ բերանս. «Այժմ աղաչում եմ քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ դու իսկ ասացիր օրհնյալ բերանովդ, թե` «Բարիք գործեք ձեզ ատողներին»:
Մի մատ երեխաներ շարվել են կողք-կողքի, ճանաչողության դաս են սերտում:
- Երեխանե՜ր,- երեխաներին է դիմում դաստիարակչուհին,- ո՞վքեր են մեր թշնամիները:
- Հայե՜րը,- զիլ, միաբերան պատասխանում են մանուկները:
- Ապրեք, երեխաներ, դե հիմա պատասխանեք, թշնամուն ի՞նչ պիտի անել:
- Պիտի սպանե՜լ,- նորից զիլ ծորում են փոքրիկները:
- Ինչի՞ համար:
- Որ ազատենք մեր Ղարաբաղը,- արդեն խառնիխուռն լսվում է պատասխանը:
Հեռուստացույցով տիրաժավորված այս անբարոյականությունը թափանցում է ամեն քաղաք ու գյուղ, ամեն ընտանիք, ատելության և թշնամանքի բորբոսը սածիլվում է, որ հետո հունձք տա: Արդեն տալիս է... Պետականորեն օրհնված այս քարոզչությամբ ո՞ւր ես գնում, ազերի ժողովուրդ:
- Դու մարդ չես, դու հայից էլ բեթար ես,- մեջլիսի ամբիոնից միջավայրին անհարիր հազվագյուտ այս ձևակերպումով ազերի ժողովրդի ընտրյալը մերկացնում է իր ընդդիմախոսին, նախագահողը դիտողություն չի անում, պատգամավորները «բնութագիրը» ընդունում են ի գիտություն, թեթև աշխուժանալուց հետո մեջլիսը շարունակում է իր աշխատանքը...
Մեկ տարի առաջ նզովքի և բանադրանքի դատապարտված, հիմա արդեն «ազգի փրկիչ» Հեյդարն անցյալ տարի ճաք-ճաք էր գալիս ապացուցելու, որ ինքը հայերի ամենաոխերիմն է, որպես ճշմարիտ մուսուլման, իր պարտքը կատարել է ալլահի ու ազգի առաջ` համայնավարության գերիշխանության իր տարիներին, վերակառուցման թողտվության տարիներից էլ առաջ անաղմուկ կազմակերպել է անարյուն Սումգայիթ` Ղարաբաղում հայերի թիվը պակաս է արել, իսկ ազերիների թիվն ավելացրել է տասը տոկոսով.- ցեղասպանության այս նոր ռահվիրայի, Թալեաթի գեներացիայից նոր պտկված Ալիևի անկեղծության պոռթկո՜ւմը...
Ազգը չի մոռացել երախտավոր զավակի ծառայությունը, Էլչիբեյին թախտից իջեցրել է տափը, Հեյդար Ալիևին դրել է նրա տեղը, նոր նախագահը թագադրման ճառում Ղորանի առաջ երդվում է, որ ինքը նախորդի խոստացած չկատարածի տեղակ` իգիթի ասածն ասած է` պարտավորվածությամբ հայերի իզն ու թոզը կվերացնի տեղատարածքից (հիմա 93-ի տարին սպառվելու վրա է), նախագահ Ալիևն առայժմ փոթոթվում է ձեռից գնացած արան տեղերը,- նորից իրենցն անելու թնջուկում, եթե հաջողվի` ՄԱԿ-ի ապսպրանքով և ԵԱՀԽ-ի միջնորդությամբ կամ գուցե Աֆղանստանից ու Պակիստանից փոխառած մոջահեդների ուժերով,- մինչև սեփականը` Վոլոգդայի, էնտեղից եկած Վոլգայի ափին շարած քաղաքների, հեռու Նովոսիբիրսկի շուկաներում` Ադրբեջանում հեշտ աճող և ցուրտ երկրներում ցանկալի համարվող գյուղմթերքները իրացվեն,- մինչդեռ ազերի ասլանները ոտները կախ են գցել` գնալը եղավ, գալը չի երևում, հույսները մնացել են հեռուստաէկրանում շատ ցուցադրվող, երևացող «բերման» ենթարկված «կամավորականները»...
Հայտնի այս բաները գուցե հիշելու չէ, գուցե ճիշտ է, որ ամեն ազգ արժանի է իր կառավարողներին, բայց ես էլի ճգնավորի բանիբուն համառությամբ ուզում եմ աղոթել ազերի ժողովրդի համար, գուցե իմ այս ապսպրանքը մերօրյա կոմունիկացիաներով արագ հասցվի ալլահին, սա էլ կարգադրություն իջեցնի, որ Արցախ-Ղարաբաղից վազն անցնեն, ազդելու աղոթքի ձևն էլ օգտագործենք ու ձեռներս մեկնենք ի երկինքս` եթե հաճո համարվի, թող ալլահն էլ ականջ դնի` տուր սթափություն ազերի իշխանություններին...
Հորթին կապել են ծառին ու ծեծում են, ապիկար տերն անհոգնել հարվածում է, մինչդեռ մյուսները տրտինգ արածում են խորհրդային անհսկելի բանջարանոցում, տերուտիրական չկա, ամեն ինչ համայնական է, ծուռ մի կարգադրությամբ սահմանվածը հայտարարվել է մեկընդմիշտ անբեկանելի` մեծ ձկան փորում համերաշխ պիտի ապրեն ավելի փոքրերը, վերջիններիս ավելի սեղմ որովայնում ինքնավար արտոնությամբ ապրելու իրավունք է բախշում ավելի պստիկներին, այս անխախտ օրենքով ԽՍՀՄ սոցազգերը սրթսրթալով, մրսող մարմինները գոհության ուղերձների մեջ փաթաթած` «ծաղկում և բարգավաճում» էին (օվսաննա ողոքելով առ ի Ծապլվար)...
Ցորենն ընկույզի չափ չի դառնում, աչքներս պահած սպառվում ենք,- տապակվեցինք, մգլահոտը բռնել է չորս կողմ` ասացինք` հո՛-հա, էլ համբերել չկա,- այս անհամբերության համար ահա տերը հորթին կապել է ծառին, կարճ կապել ու երկար ծեծում է, մյուսները մտել են բանջարանոց և այնքան չեն ուտում, որքան կոխան են դարձնում, մինչդեռ տերն արոտատեղի իր բաժին տարածքից հանել է ու կապել ծառին,- դարձանք քավության նոխազ՝ օղակը դրել են մեր պարանոցին ու կախում են,- «Օղակի» մանրամասն մշակված օպերացիան տալիս է դրական լուրջ արդյունքներ, Բաքվում մեծ պատրաստություն են տեսնում, պատվավոր հյուրերի ընդարձակ ցուցակն է կազմվում` ամենից գլխում պետք է նստի գենսեկը` իր նազիր-վիզիրներով, հետո գալիս են ուժային նախարարությունները` իրենց պատասխանատուներով, ցեղակից, ազգակից, անվանակից, ով ուզում է, ով կուզենա կիսել ազերի ժողովրդի ազգային ցնծությունը,- թող գան,- հյուրի համար պատառ-պատառ եկող ազերի ժողովուրդը Կասպիականի` համային հատկանիշներով հավասարը չունեցող ֆաունան, օրհնյալ հողում աճող ընտիր բաները շարել են սեղանին, հրավերքներն ուղարկելու ժամանակը մոտեցել է, Գետաշենի դիմաց դրված է,- գործերն աջ են գնում, մինչև մեծածախս պատրաստությունը կտեսնեն, ամբողջ Ղարաբաղի դիմաց մի մեծ պլյուս կդրվի,- Կենտրոնում պայմանավորված է և համապատասխան փաստաթղթի վրա մակագրված` ի կատար ածել, փաստաթուղթը դրված է այնպիսի տեղ, որ դնողն էլ չիմանա թաքցրածը, մի խոսքով` մնացել է գործի տեխնիկական մասը,- ժանիքները սրվում են, երախները կափկափում են` զոհի արնաթաթախ մարմինն են տենչում...
Ապրանքի փաթեթավորման` «հրապարակայնության» նորագյուտ փաթաթանով ահա պիտի մատուցվի վերակառուցման նոր պրոդուկցիան...
ժանիքները սրվում են, ոսկորի կլլող լայնշի բացվածքը պատրաստ է` տվե՜ք, կենդանի, թե մեռած, տվե՜ք Ղարաբաղն ի կե՜ր,- մինչդեռ պատմությունն ուրիշ էջ էր շրջում...
Վերակառուցման բիկֆորդյան քուղը մի քանի անգամ պատ են տվել ԽՍՀՄ անպարագիծ տարածքներով, յոթանասուն տարի այդ գործին կպած, վերջապես, 85-ի վերակառուցման տարում վերջացրին-պրծան, քուղի ծայրն ո՞ւմ ձեռքին մնաց, պատրույգը ո՞վ պետք է պահեր, չիմացվեց, բայց կռահվեց, հետքերը տարան հեռու,- երբ ամեն ինչի թադարեքը տեսան, պայթուցիկ մեգատոննաները հավելուրդով` բոլ-բոլ պաշարեցին, պայթեցման դաշտն արդեն պատրաստ էր, վերակառուցման 91 թվականի ամռան-օգոստոսին վառվող պատրույգը մոտեցրին դյուրին բռնկվող բիկֆորդյան քուղին,- պայթյունը հուժկու էր, սեյսմիկ կայանները գրանցեցին մարդկային պատմության մտապահված ցնցումներից չտեսնված-չլսվածը. էպիկենտրոնը Մոսկվա էր, ցնցման շառավիղները շարվեցին Երկիր մոլորակի վեցերորդ մասի վրա, համայնավարության ծրագրված արցախյան ոճիրը մնաց փլուզված խորհրդային փլատակների տակ...
Ով Տեր Աստվա՜ծ, անքննելի է քո կամքը և անիմանալի է քո վճիռը, նեռի ձեռքո՞վ էիր ցանկանում չարը կործանել, ռուսերենից դժվար թարգմանվող բառով` պուտչ, պիտի սատանա՞ն հղանար, որպեսզի մեր ոտուձեռը կապող խորհրդային կապանքներից ազատվելը և թշնամու դեմ մեն-մենակ և դեմ-հանդիման կանգնելը հնարավոր դառնար, որպեսզի ազերիների հետ մեր «զրույցի» շարունակությունը տեղի ունենար կոնֆիդենցիալ պայմաններում, երես առ երես...
Եղո՜ւկ-եղո՜ւկ, զրույցի թեման, պարզվեց, աշխարհի աչքին հետաքրքիր երևաց` Մոսկվա-Անկարա-Եվրոպա-Ամերիկա ընդգրկումներով,- Ղարաբաղը դարձավ աշխարհաքաղաքական շահերի կոխան, դարձանք շահարկման զենք ու զինակիր...
Տրտում սաղմոսեմ` Տեր, որքա՜ն բազմացան մեզ նեղողները...
Որ կողմ աչք ես ածում` բարեկամի սով, արդարության պաս, մարդու և ազգի իրավունքի քմծիծաղ,- ուժը տպավորվում է, իրավունքը մկանուտ է լինում,- գլուխդ առնում ես ափերիդ մեջ, ուղեղդ եռ է գալիս, որ կողմ աչք ես ածում` ծանր փակի տակ դրած երկաթե դռներ են` կարող ես` փակը ջարդիր, թե ուժդ պատում է` ծանր դուռը ետ տար,- թույլին կարեկցում են՝ թույլի հետ չեն ընկերանում, առավելապես՝ գործակից չեն դարձնում...
Երկնավոր Արդար, իմաստունը դու ես, բեղմնավորիր դեգերող մեր միտքը, պայծառատեսությամբ մեզ զվարթացրու, որպեսզի խճճած, թաղգուճ սարքած մեր պարզ ցանկությունն ի կատար լինի, որպեսզի այս Երկիր աշխարհում բոլոր ազգերի հետ ու նրանց նման մեր կալի ու կուտի տերը լինենք, մեր երեխաների ձեռքից բռնած տանենք դպրոց, մենք էլ խաղաղ սրտով գնանք մեր գործին, մոռանանք, որ հայ ենք, ուրիշների պես ապրենք պարզ, որպես մարդ-մահկանացու...-
Մորուսը նոր աճած պատանին ջահել աղջկա հետ քայլում է Ստեփանակերտի` Թամանյանի հանճարով քաղաքի կենտրոնում կառուցված գողտրիկ պուրակով,- զինվորական հագուստն ինչպես էլ բռնում է տղային, աղջիկն արյան խլրտումից շառագունել է, ոնց որ թե վարդի կոկոն է ձմեռվա ճերմակ բացվածքում, տղան ակամա ձեռքը տանում է կողքից կապած ատրճանակին, աղջիկը քնքշանքով ու սիրահարված նայում է տղայի աչքերի մեջ, ու ես մտածում եմ` այս ջահել, կորովի, այս հրաշալի պատանին թույլ չի տա, որ աշխարհի աշխարհաքաղաքականությանը կուլ գնա իրենց մատաղ սերը: Անհնարին է: Անկարելի է: Չի կարելի:

Նոյեմբեր-դեկտեմբեր
1993թ. 

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить