ԲԱՑ ԴՌՆԵՐ


  • Անդրանիկ 
  • Անթառամը 
  • Անմարդ Ելենը 
  • Աստղաթափ 
  • Անդրեաս 
  • Կնունք 
  • Օգոստոս, շոգ 


ԱՆԴՐԱՆԻԿ

Չեմ հասկանում, թե ոնց կարելի է Անդրանիկից նեղանալ: Աստված այս մարդուն լեն սիրտ է տվել ու շատ երեխաներ: Երեխային՝ ի՞նչ շատ, պահելը հեշտ լիներ, կարելի էր հա՜ շատ ունենալ։ Պակաս տարիներ էին, տուն-երեխա պահելը դժվար էր: Ճիշտը լավ է, իրենք այդքան երեխա չէին էլ ուզում, բայց հենց որ հարսը երեխով էր մնում, Սոնա տատը վճիռը կայացնում էր.
- Աստծո բերքն է, ոտագալիքը բարի լինի:
Եվ այսպես ծնվում էին՝ Անուշը, Ներսեսը, Արմենը, Սոնան, Աշոտիկը, Միրան: Պրծա՞վ, թե՞ էլի մնաց: Տան կրտպրտանքը ոնց-որ մոռացանք՝ Յուրիկին, որ Գագարինի երկինք թռչելու օրն է ծնվել եւ անունն էլ դրեցին Յուրիկ: Թաղում ետեւից Գագարին են կանչում եւ մարդու տղան հանգիստ-հանգիստ ընդունում է այդ անունը: Բա, կընդունի, ո՞վ չի ընդունի:
Ողորմի քեզ, Սոնա տատ, ինչպե՞ս էիր կարողանում յոթ երեխայի հոգսը քաշել:
Մենակ էր. հարս ու տղա գնում էին աշխատանքի, ինքը մնում էր Աստծո կրակ այդ լակոտների ձեռքին խաչվելիս, մեկը մյուսից՝ գիժ, չար-կրակ: Առավոտից իրիկուն Սոնա տատի ծկլթոցը փողոցը բռնած էր կենում: Հարեւանները վարժվել, համակերպվել էին դրան ու եթե Սոնա տատի ձայնը չէր լսվում, մարդիկ անհանգստանում էին.
- Երեխաներից հիվանդացող հո չի՞ եղել:
Հարեւանների մտքով անց չէր կենում, որ կարող է Սոնա տատն էլ հիվանդանալ: Կինը քիթը սրբելու ժամանակ չուներ՝ ճղածը կարկատել կա, կեղտոտը լվանալ կա, եփել-թափել կա, հազար ու մի հոգս:
Երեխաներից մեկը թե քիթը կախում էր, բժշկի դիմել չկար: Սոնա տատը հիվանդությունն իսկույն ախտորոշում էր ու իր դեղատան դեղերից մեկը նշանակում՝ թթու լավաշ, այծի փորայուղ, չորացրած հոնից շորվաջուր, հավի քարճիկի կլեպից չորացրած մանրոն. հազար տեսակի սեզ ու ծաղկից սարքած թուրմ ու էլի այնքան բաներ, որ բոլորը չես հիշի: Իսկ ինքը հիշում էր, որովհետեւ մեկի ականջն էր ցավում, մյուսի աչքացավն էր բռնում, ձեռ ու ոտի հոդախախտ կա, սանջու բռնել կա, փորլուծ կա, գլխացավ, կապույտ հազ, բկուռուց եւ էլի, էլի, էլի... Եվ դարձյալ հանդի շուշանն առաջինը նա էր թթու դնում, ավելուկը ծամ անում կախում՝ չորացնելու, կրմզուկ կապում, դոշաբի ու չամչի պաշար տեսնում:
Քաղաքից գյուղ, գյուղից քաղաք հիմա ավտոբուսով են գնում-գալիս: Առաջ ոտով էր: Հենց որ տաքերը սկսվում էին, մինչեւ խոր աշուն, ամեն կիրակի Անդրանիկն ու Սոնա տատը ծեգը չծագած ճանապարհվում էին մերձակա հանդերը: Երեկոյան դեմ մայր ու որդի գալիս էին ու նրանց գալուստին երեխաները անհամբեր սպասում էին. ճվվոցը գցում էին տնով մեկ, պատ կազմում Սոնա տատի շուրջը, եւ ամեն մեկը ցանկանում էր ամենամոտիկը լինել: Արարողությունը միշտ նույն էր. Սոնա տատը մեզարը մեկնում էր հատակին, ինքը ծալապատիկ նստում ու խուրջինի հակերից հանում պես-պես բաներ՝ մեկ-երկու եփելու փիփերթ, մի քանի փունջ ուրց. թե մայիս ամիսն է, շատ քանակությամբ կրմզուկ, շատ չէ՝ մի երկու ուտելու սունկ, որի տեղը միայն Անդրանիկը գիտե, եւ էլի տարբեր բաներ, եւ անպայման մի փունջ ծաղիկ տան առաջին պատառ Անուշի համար:
Այսպես պահում մեծացնում էին երեխաներին, իսկ մարդիկ զարմանում ու վրդովվում էին, թե մի տուն էդքան ոտնատակ կլինի՞, էդքան հյուրերի գալ-գնալ կլինի՞:
Քաղաքից եկածը նրանց տանն էր իջեւանում՝ բարեկամ-ազգական լինի, վերին թաղից, հարեւան գյուղը մարդու տված աղջկա սկեսուր-սկեսրայր: Եթե այդ աղջիկը յոթը պորտով էլ հեռու է նրանց ազգ ու տոհմից, էլի գալիս էին սրանց տուն, ու խնամի Սոնան բոլորին ընդունում էր, հարգում ու ճամփու դնում:
Մինչեւ հիմա էլ Անդրանիկը լախ-լախ ծիծաղում է ու մորը ողորմի տալով պատմում:
Աշոտիկը ծծկեր երեխա էր: Մի հնարով նրա համար շաքարավազ էին ճարել ու սուրբ-սուրբ անելով օգտագործում էին: Հարս Երանի կուրծքը հիվանդացել էր, եւ երեխան կաթ չէր ուտում: Դրա համար Աշոտիկի ծուծը բարակ է մնացել, ու բոլորը հատուկ քնքշանք ունեն նրա նկատմամբ: Մի քիչ շաքարավազ էին բերել ու գոհ էին, որ կարող էին օրը գոնե մի երկու գինու բաժակ քաղցր թեյ տալ երեխային, մինչեւ Երանի կուրծքը լավանար: Եվ ինչ անի Սոնա տատը, որ լավ լինի: Ննգեցի բրուտ Մուշեղը հիվանդ կնոջը բերում է քաղաք, որ բժիշկներին նշանց տա: Սոնա տատը դես է նայում, դեն է տնտղում, հյուրասիրելու բան չի լինում: Ինչ անի, ինչ չանի, բռնում է քաղցր թեյով հյուրասիրում: Մի բաժակ էլ Մուշեղի համար է լցնում՝ քաղաքավարության համար: Սրանք էլ կարծում են, թե Անդրանիկը ներքնատանը շաքարավազով լիքը պարկ ունի դիք դրած:
- Սոնա խնամի, թե տեղը կա, հիվանդի համար մի բաժակ էլ քաղցր թեյիցը լցրու:
- Լցնեմ, ինչպես չէ,- ասում է Սոնա տատը:
- Գլխիդ քար ընկնի, հա՜, բա մենք երեխաների բերանից քաշում ենք, որ դու ուրիշներին տա՞ս,- պատմությունը վերջացնում է Անդրանիկը եւ այնպես է մոր մասին խոսում, կարծես կենդանի է: - Գլխիդ քար ընկնի, երեխու բաժինը միանգամից փուհ արեցիր...
Անդրանիկի ասածը կարծես ետեւի խոսք է, ուր որ է մայրը հանդից կգա՝ մատղաշ փիփերթի մի կապուկ, կած ու կրակ մասուր ու հոն, քոլի տանձ ու տխիլ եւ էլի պես-պես բաներ՝ մի քանի փունջ դաղձ ու ջրակոտեմ, չգիտեմ էլ ինչեր եւ անպայման մի ծաղկեփունջ Անուշի համար,- այս ամենը կդարսի հատակին մեկնած մեզարի վրա, բաժանելին կբաժանի երեխաներին, պահելին կպահի ձմեռվա պաշար, եփելին կտա հարսին.
- Ղազանը գցիր:
Նրանց տանիքը ամռան-աշնան ամիսներին ոնց որ քաշած նկար՝ կողք-կողքի շարած խոնչաները լիքն էին խաշած հոն ու սալորով. մեզարների վրա քոլատանձի ու ջըռ խնձորի չիրն էր չորանում, հոնից ու մասուրից, մոշից ու սալորից խյուս էին սարքում ու լցնում պղնձի սինիները, որ այդ ամենն արեւի տակ դառնար: Եվ այդ ամենն արեւի տակ պլպլում էր գույների խաղից։ Իսկ տանիքի տակ մարմանդ չորանում էին ընկույզն ու տխիլը, հատիկ մասուրը, ուրցը, ավելուկը: Սոնա տատը իր ձեռքով բոլորը սաք-սաք դասավորում է, կախելին կախում, մեկնելին մեկնում, շարելին շարում: Դրանք ոչ միայն դեղապետի համար էին, այլ նաեւ նրա համար, որ երեխաների պակաս կյանքը երբեմն-երբեմն ուրախության շող մտներ:
Տոն օրերին կամ երեխաներից մեկի ծննդին լակոտները սովորականից շուտ էին արթնանում ու սկսում տեղերում ղժղժալ: Չէին դադարում, մինչեւ Սոնա տատը խախալը ձեռքին չէր իջնում կտուրից՝ մեջը ընկույզ ու տանձի չիր, թե ձմեռը շատ չէր խորացել՝ ծմակի զկեռ: Իսկ մի-մի տանձն ու մի-մի խնձորը երեխաները երեկոյան կստանան՝ տոնական սեղանի շուրջը:
Տղան մորն է քաշել, հարսը՝ ամուսնուն՝ ինչ պահուստում կա, դրվում է սեղանին: Հենց որ դրանց բակում մի ծուխ է բարձրանում կամ բուխարիկում մի ազիզ բան է եփվում, բարեկամ-հարազատի ականջը կանչում է: Սրանց բարեկամ-հարազատն էլ կարգին չի հասկացվում, պատահում է իրենք էլ չեն իմանում, թե տոհմածառի ինչ երակով են կապված:
- Բարեկամ ենք, բա ոնց, իմ մերն ու նրա մերը կնանիք են,- բացատրում է Անդրանիկը:
Անդրանիկի հացը որ ուտվում է ու եկողը տնավարի աթոռը մոտեցնում է սեղանին: Հացը գցում են ու տնով-տեղով գրոհի անցնում, հյուր լինի, թե ով, ինքն էլ ուտելու նույն արագությունն է վերցնում, որ ետ չմնա: Սրանց մոտ ասել ու հորդորել չկա, առաջարկել-հյուրասիրել չկա, ինչ դրել են սեղանին, ուտելու համար է, եղածը դա է՝ կեր ու եթե հասցնում ես՝ կշտացիր: Ողորմի Սոնա տատին, թե թթու դրածի ջուրն էլ դնում էր սեղանին՝ մարդիկ հացը թաթախում էին մեջը ու փահ-փահ անելով ուտում, ինչպես ցորեն հացն է ուտվում, զարդա ցորենի հացը՝ մանր աղած, Սոնա տատի ձեռքով թխած զարդա ցորենի հացը՝ բուրավետ, ուտես-ուտես. էնքան լինի, որ ուտես ու կշտանաս:
Տարիները ծանր էին, երեխա պահելը՝ դժվար:
- Դժվարը էսօր է, մեկ էլ էգուց, հետո քեֆ է լինելու,- ասում է Անդրանիկը եւ սիրտ տալիս նվնվացող Երանին: Թե որ Սոնա տատը ուզում է գանգատվել մի տեղից, Անդրանիկը մորը ծտի պես թռցնում է վեր ու մի երկու անգամ բուլդի անում, հետո նստեցնում աթոռին ու հրամայում: - Խոխոցը պիտի մինչեւ մեռնելդ պահես:
Բայց եղավ սարսափելին. երեկոյան Սոնա տատը ասաց՝ լավ չեմ: Երանը ոտքերը ջրում շփեց, դրեց տեղերում: Սոնա տատը քնեց ու չարթնացավ:
Անդրանիկին պահել կլինի՞, Երանը խփում էր ծնկներին, երեխաները ձենները գլուխներն էին գցել: Բայց օգուտն ի՞նչ, մարդը իրենը արեց վերջացրեց, զգաց, որ հիմա Անդրանիկն ու Երանը կարող են առանց իրեն էլ յոլա գնալ: Ինքն արդեն շատ էր հոգնել, գնաց մի քիչ հանգստանալու:
Հիմա պիտի Երանը եւ իր գործն անի, եւ Սոնա տատի: Անում է, ինչո՞ւ չի անում, ինքը որ չանի, ո՞վ է գալու գործի մի կռնիցը բռնի, երեխաներն էլ օգնում են, Անդրանիկին է ձեռ հասցնում:
Բայց Երանի սիրտը թույլ դուրս եկավ, մեկ էլ տեսար, պատճառի թե առանց պատճառ, նվաղեց-թուլացավ ու մնաց տեղում: Յուրիկը իսկույն վազում է քեռի Մեխակի մոտ: Տեսնելով երեխայի վախով լի աչքերը, Մեխակի մայր Շուշանը ելնում է տեղից:
- Էլի՞,- ասում է ու իրեն գցում Երանի մոտ:
Մեխակը զանգում է շտապօգնության կայան ու մոր ետեւից գնում: Իսկ երեխաները պռոշ արած շարվել են թախտի շուրջը, որտեղ Երանը պառկած է: Խեղճը աչքերը գլուխն է գցել, շնչում է ծանր, ընդհատ-ընդհատ: Անդրանիկը մոլորված մնացել է ու չգիտի թե ինչ անի: - Շուշանը պատուհանները բացում է, երեխաներին ածում մյուս սենյակը: Մեխակը բռնում է Երանի զարկերակից ու տագնապով մտածում՝ հանկարծ որ սիրտը դադարե՞ց... Սիրտ է, կարող է դադարել ու երեխաներին թողնել որբ: Ու բոլորից որբ կլինի Անդրանիկը: Անդրանիկը Մեխակի աչքերում տագնապ է տեսնում ու աչքերը լցվում են, արտասուքները ուր որ է պիտի ցայտեն:
- Որ Յուրիկը մի քիչ մեծանա. է՜, հետո ինչ ուզում է լինի,- լկլկոցը զսպելով ասում է Անդրանիկը: Խոսքը Յուրիկով է գցում, որ ծածկի իր զգացմունքը կնոջ հանդեպ:
- Տղամարդ չե՞ս,- սաստում է Շուշանը, եւ Անդրանիկը հլու ենթարկվում է:
Գալիս է շտապօգնության բժիշկը: Նա փութաջան ստուգում է հիվանդի զարկերակը. առաջին այցը չի, արդեն գիտի ինչը ինչոց է, կարգադրում է բուժքրոջը համապատասխան սրսկումներ անել: Նա սպասում է այնքան, մինչեւ հիվանդի սիրտը սկսում է կարգավորվել:
Սիրտը ի՞նչ պիտի անի, որ չկարգավորվի, յոթ երեխայի հոգսը ո՞վ պիտի քաշի: Բա՜, ո՞վ պիտի նրանց նայի, պիտի դիմանա, ուրիշ հնար չկա: Երանը բացում է աչքերը ու մեղավոր ժպտում Անդրանիկին: Անդրանիկի դեմքը լուսավորվում է, հիմա նրան թեւ տուր, որ թռչի: Ձեռ ու ոտ է ընկնում, ցանկանում է բժշկին ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չգիտի, թե ինչ դնի առաջը: Բժիշկը հասկանում է դա, բոլորը հասկանում են, բայց դա Անդրանիկին հովություն չի բերում, դատարկ ու ունայն ներս ու դուրս է անում:
- Բարձրացիր վերեւ,- նվաղած ասում է Երանը:
- Քարը գլխիս ընկնի, տես մի՞տս է գալիս,- Անդրանիկը բարձրանում է կտուրը եւ այնտեղի եղած-չեղածից բերում: Թե ուշ ժամանակ է լինում, գոնե մի ծամ ավելուկ բերում է ու մեկնում բժշկին.
- Բժիշկ, եփած լավ է լինում:
Այնպես է ասում, որ չես կարող մերժել: Բժիշկը շվարած նայում է շուրջը՝ կողքի սենյակի դռնից իրար գլխի դառած նայում են ով է իմանում քանի աչքեր, բոլորն էլ անմեղ ու շնորհակալությամբ լի: Բժիշկը մոլորվում է ու չգիտի վերցնի, որ հաճույք պատճառի տանտիրոջը, թե թողնի որ այս երեխաներն ուտեն:
Շուշանը, ավելուկը փաթաթում է թերթի մեջ ու կոխում բուժքրոջ պայուսակը:
- Էնտեղ կտաս իրեն,- ու գլխով ցույց է տալիս բժշկին:
Բժիշկը գնալուց հետո երեխաները սկսում են գվվոցը դնել, նրանց անվարժ ուղեղին թվում է, թե այդպես էլ պետք է լինի՝ մեկ-մեկ մոր սիրտը պիտի բռնի, որ բժիշկը գա սրսկում անի, որ մայրը լավանա: Չնայած ամեն անգամ լեղապատառ են լինում՝ հոր ախուվախից ավելի ազդված, բայց նրանց գլուխը չի տեղավորվում ուրիշ մի ելք՝ այդ ո՞նց կլինի...
Այսպես տարիները գլորվում են, երեխաները հասունանում են, աշխատանքի են հասնում եւ աննկատելի ապրուստը հեշտանում է, ապրելը՝ լավանում:
Հիմա Անդրանիկի քեֆին քեֆ չի հասնի: Անուշին պսակել է, Աստծուն փառք, լավ տուն է ընկել, փեսան Ներսեսին տարավ իր արհեստը սովորեցրեց, հիմա նա ավտոմեքենա է թակում-սարքում, սատանի ականջը խուլ, տունը լավ փող է բերում: Մի հատ էլ հներից ձեռք է գցել, իր ուզածով վերանորոգել: Հիմա Անդրանիկը ավտոմեքենայով է գնում հանդ: Առավոտյան Ներսեսը հորը տանում է Խաշար խութի մատները, երեկոյան գալիս այնտեղից վերցնում: Սոնա տատը կենդանի լիներ, տեսներ-ուրախանար:
Արմենը գործի է հասել, Սոնան նշանած է, էսօր-վաղը պիտի տանեն, մյուսները՝ որը սովորում է, որը՝ բանակում ծառայում:
Բակում երկու թթի ծառ ունեն: Սոնա տատը ամբողջ թութը դոշաբ էր եփում ու չամիչ անում: Երեխաներն այդ երկու թթենու կենդանն են: Ինչքա՜ն էին դոշաբ եփում, թութ չորացնում... Որ երեխաներն ուտեն-դիմանան: Երկու դյուցազուն ծառեր՝ ճղատարած ու հզոր, ամեն մի տալը մի ծառ: Օրհնվեն դրանք...
Հիմա վերջին թափից Երանը զոռով մի քիչ վերցնում է ու դեղապետի համար դոշաբ անում: Մնացածը Անդրանիկը օղի է թորում՝ պակասը էլի 40-45 լիտր ստացվում է: Բայց այդքանը հերիք չէ ոտնակոխ այս տան համար: Եվ Անդրանիկը օգոստոսի կեսերին արձակուրդ է վերցնում, որ մոշ բերի, շլոր բերի, քոլի տանձ բերի, հոն բերի եւ այդ ամենից օղի է թորում, տակի տանը դրանք շար գցում, որպեսզի խորոված գցի, կորկոտ գցի՝ խոզի կորկոտ, հնդուհավի կորկոտ, սագի կորկոտն էլ վատ չի, գիշերու մսից կորկոտ չե՞ք կերել, հապա մի փորձեցեք:
Տանը մի ազիզ բան եղավ, Մեխակը սեղանի գլխին նստած է:
- Պուճուր ախպեր, մեջներիս գրագետը դու ես, դու ասա, մենք խմենք,- ասում է Անդրանիկը ու Մեխակին սեղանի ղեկավար դնում: Նրանց սեղանին մի ղեկավար միշտ էլ պետք է: Իրենք մի բոլուկ, դրսից եկածներն էլ գումարած: Նրանց սեղանին միշտ մեկի-երկուսի համար տեղ չի լինում, ու Երանը կշտանում է խոհանոցից տուն, տնից խոհանոց ճանապարհին ուտելով:
Անդրանիկի երեսը կարմրում է, դառնում կրակ. սրան է հարգում, նրան է հարգում, նրան է հորդորում, որ ուտի, մի համեղ պատառ է դնում մեկի ափսեում, մի պճեղ կանաչի է առաջարկում մյուսին: Ա՛յ մարդ, էս սիրուն մսի կտորը քեզ է նայում, դու էլ չես տեսնո՞ւմ, հետո դիմում է մեկ ուրիշին՝ լավ չես ուտում, չեղա՜վ: Անդրանիկը այսպես խոսում է, խոսում, մինչեւ Երանը մարդու վրա է պրծնում...
- Գլուխները մի տար, թող հաց ուտեն:
- Ասում եմ, որ ուտեն, էլի:
Շուշանը թոնթորում է:
- Մի քիչ բողազներիցդ քաշեք ու կողքից մի սենյակ ավելացրեք: Շոր-շիրթ առեք, տուն-տեղ դրեք: Էսօր-էգուց տունը հարս է գալու:
Երանը պաշտպանում է Շուշանին, Անդրանիկը երեսանց համաձայնվում է, բայց Անդրանիկն իր ուզելիքն ունի: Նա պարզ է մտածում. երեխաների փորը շատ է կիսաքաղց մնացել, հիմա թող ուտեն, թող էն ժամանակվա պակասը լրացնեն:
Շուշանը եփ է գալիս:
- Մարդ էդքան էլ բերանին գերի կլինի՞, աշխատածներդ թրիք եք անում:
Անդրանիկը ծիծաղում է, չի վիրավորվում, բայց Շուշանի ասածը ականջին վեր է անում: Նա իր մտքի դրածն ունի, թող երեխաների աչքը կշտանա, փորի կշտանալը հեշտ է, դժվարը աչքի կշտանալն է:
Անդրանիկն ասաց՝ քեռի Մեխակին ասա շուտ գա: Յուրիկը վազելով գնաց եկավ, ասաց՝ ասել եմ: Բայց Մեխակն ուշացավ: Անդրանիկը Ներսեսին ուղարկեց: Ներսեսը գնաց եկավ, բան չասաց:
- Հը՞, ինչի՞ է ուշանում:
- Գալու լինի՝ կգա,- անորոշ ասաց Ներսեսը,- մենք սկսենք, եկավ՝ լավ, չեկավ՝ չեկավ:
Ներսեսը չասաց, որ դռնից ետ է դարձել, ուզում էր տուն մտնել, բայց ներսից լսեց Մեխակի հուզված խոսքերը.
- Բավական է, հոգնել եմ, հասկացեք, այսպես հնարավոր չէ:
Ներսեսը լսեց Մեխակի կնոջ լացի ձայնը, հետո Շուշան հորքուրը բարձր-բարձր ինչ-որ բան ասաց: Ներսեսը ետ դարձավ, որ էլ ուրիշ բան չլսի: - Լավ ապրում են,- տունդարձի ճամփին մտածում էր նա,- բայց սրանց տան խոսքակռիվը անպակաս է: Նրանք ի՞նչ պակասություն ունեն,- ինքն իրեն հարցրեց Ներսեսը:
Հայրը մի տարի գնացել էր հունձավարձի ու տասը փութ ցորեն բերել: Ցորեն, ի՜նչ ցորեն՝ հատիկը հոնի կորիզ: Հայրը ասել էր՝ հացի քարտի հետ կհերիքի: Իսկ աշունը գվվում էր, աշնան ծոցը լիքը միրգ ու պտուղ էր:
Մի ադրբեջանցի խաղող էր բերել փողոց ու փոխում էր հին շորի, ուտելիքի կամ որեւէ այլ բանի հետ: Երեխաները գժժոցը դրել էին՝ խաղող ենք ուզում: Երանի սիրտն էլ էր ուզում, եւ Երանը իբր թե ջղայնացավ.
- Ձեններդ կտրեք, ի՞նչ տանք առնենք, ձեր հայրը ճակատի քրտինքով ցորեն է բերել, որ խաղողի հետ փոխե՞նք:
Սոնա տատը հարսի խոսքը չլսելու տվեց, դոնգի ձեւացավ, իսկ ներքնատան ցորենի հակը ձենը դրել է... այդ աղմուկից մարդու ներվեր է ուտվում, ականջ է խլանում: Սոնա տատը ներքնատան դուռը պինդ փակեց. բայց ձայները էլի հասնում էին, աղմուկն ականջ էր խլացնում ու ներվեր էր ուտվում: Սոնա տատը ջամը առավ, իջավ ներքեւ, հետո մի խախալ փոխած խաղող բերեց դրեց սեղանին: Խաղող, ի՜նչ խաղող. տռուզ հատիկները երեսիդ ծիծաղում են, քիմքդ խտուտ տալիս, ասում են՝ ինձ կերեք: Երեխաները վրա պրծան՝ տատին ու մորը թողնելով մի կողմ: Սոնա տատը քանդեց երեխաների խիտ շղթան ու խախալը քաշեց հարսի առաջը.
- Կեր:
- Մա, դու էլ կեր:
- Մեծի կերածը կորած է,- ու Սոնա տատը մտքում մտածեց, որ երեխով կնոջ աչքը ուտելու վրա կլինի, թող ուտի, որ ծնվածը աչքածակ չլինի:
Այդպես խաղողն ուտում էին, որ Անդրանիկը եկավ: Գուցե հոգնած էր, գուցե որեւէ բան էր պատահել ու դրա համար է ջղային: Տեսավ խախալը լիքը խաղող ու հասկացավ, որ ցորենի հակից չէ-չէ՝ մի շաբաթվա ձավարի բաժին պակասել է: Գուցե հոգնած էր, գուցե ուրիշ ինչ էր պատահել, եւ Անդրանիկը պայթեց կնոջ վրա.
- Բերաններդ կրակ է ընկե՞լ,- ու ձեռքը բարձրացրեց Երանի վրա:
Երանը ոչինչ չասաց, ուզեց ժպտալ, ուզեց ձեւացնել, որ ամուսինը կատակ է արել: Երանը ժպտում էր, բայց ժպտացող աչքերից արցունքներ էին գալիս:
Անդրանիկը կնոջ վրա ձեռք բարձրացրեց ու մորն էլ ցուրտ խոսք ասաց.
Ներսեսի ուղեղում մի բան պինդ է նստել, որ տան խոսքն ու վեճը պակասության վրա է լինում: Մայրը հերանց տուն խռով գնաց ու մի շաբաթ մնաց: Անդրանիկն ասաց.
- Ոնց գնացել է, այնպես էլ գա:
Բայց Սոնա տատը չլսեց որդուն ու հարսին բերեց: Մոր գալուց հետո մի ցրտություն դեռ մնում էր: Երեխաները էլ չէին ճվում, Անդրանիկն ու կինը սովորական խոսքակատակ չէին տալիս: Մի ահագին ժամանակ անցավ, մինչեւ կամաց-կամաց ամեն ինչ տեղը-տեղին եկավ:
Մեխակը ուշացավ: Անդրանիկը բարձրացավ տեղից, որ գնա, Ներսեսը չթողեց.
- Հարկավոր չէ:
- Խեղճ տղան երկու կրակի արանքում խաչվում է: Կանչի թող գա, դու քո ոտովը գնա բեր,- կարգադրեց Երանը:
Անդրանիկը գնաց ու քիչ հետո Մեխակի հետ եկավ: Երանը շտապեց խոհանոց, իսկ Անդրանիկը իր պարտքը համարեց ասել.
- Երան, քարը քարին կերավ:
- Թող չուտի:
- Շուտ արա, որ չուտի:
- Բա որ չուտի, ի՞նչ պիտի խոսես:
- Տես ինչ է ասում, է՜, կնկա լեզվին ճար կլինի՞,- Մեխակին դիմելով, բողոքեց Անդրանիկը,- հիմա չասե՞մ, որ թթու քիչ է դրել: Երան, թթու ոնց որ քիչ է:
- Քիչ է, ասա Սոնան բերի:
- Իսկ արաղը ո՞վ բերի:
- Արաղն էլ Անդրանիկը բերի:
- Տես, է՜, տես, է՜,- իբր թե վրդովվեց ու գնաց արաղը բերելու:
Անդրանիկը գնաց եկավ, բայց ճաշը դեռ սեղանին չէր:
- Երան, ո՞ւր մնացիր, բերանիս ջրերը գնացին:
- Մի ճում դիր առաջը, որ կանգնես:
Երեխաները քահ-քահ ծիծաղեցին: Անդրանիկն էլ ծիծաղեց, Մեխակն էլ ծիծաղեց: Մեխակին դուր է գալիս Անդրանիկի եւ Երանի մշտական լեզվախածը, այնպես հեշտ է լինում հաց ուտելը, այնպես ամեն ինչ դառնում է լավ, ոնց որ արթնանաս, եւ օրը լավ լինի, արեւոտ, գործերդ էլ հաջող են, հոգս ու հիվանդ չունես, ինչ որ պետք է՝ ձեռքիդ տակ է, ամեն ինչ հաշտ ու խաղաղ է:
Ծնողների միջեւ ստեղծվել է այնպիսի թեթեւ մի հարաբերություն, որ Յուրիկը կարող է հոր մի թուլությունը նկատել ու ասել: Հյուր լինի, թե ով՝ ասում է: Բան չկա, թող ասի, ինչ կա՝ դա է. թաքցնելու բան չունեն,- այսպես ապրում են, խորթությունների վրայով կատակելով անցնում եւ դժվարություններն էլ սարսափելի չեն լինում,- Մեխակն էլ սրանց մեջ իրեն լավ է զգում, հոգին խաղաղվում է, ինքն էլ է մտնում խաղի մեջ եւ հասկանում է, որ կյանքը ինքը խաղ է, ճամփադ պիտի անցնես խաղալով, որ լինի դյուրին, ապրելը լինի հաճելի:
- Ախպեր, դու ասա՝ մենք խմենք,- ասաց Անդրանիկը, օղի լցնելով Մեխակի բաժակը:
Մեխակը բարձրացավ տեղից եւ այդպես մի երկվայրկյան մնաց: Այդ պահին զարմանալի մի պայծառացում իջավ վրան: Նա մտածեց կյանքի իմաստի ու մարդկային երջանկության մասին:
Գուցե Անդրանիկի չծանրաբեռնված ուղեղը չի էլ մտածում այդպիսի խոր բաների մասին. Երանը անում է այն, ինչ Սոնա տատից է սովորել: Մեխակը հասկացավ մի պարզ ճշմարտություն, որ կարեւորը շատն ու քիչը չի, կարեւորը երեւի այն է, որ կյանքում գոհանաս եղածով, ինչպես Անդրանիկն է անում: - Եվ ո՞վ է որոշել ունենալիքի չափը,- թեթեւ հեգնանքով մտածեց Մեխակը: Նա բաժակը առավ ձեռքը եւ կրկնեց Օսեփից հազար անգամ լսած խոսքերը.
- Աստված թող մեր թամահից կտրի, մեր սերության վրա դնի:
Դա է երեւի ճամբադ հեշտ ու թեթեւ անցնելու հնարավորությունը,- արդեն բաժակը դատարկելուց հետո մտածեց Մեխակը:




ԱՆԹԱՌԱՄԸ

Անուշավանը նրան հարս բերեց, իրեն էլ կրակի մեջ գցեց, թաղի ժողովրդին էլ: Անելո՞ւ բան էր, որ արեց, բերեց ու անխռով փողոցը խլրտում գցեց: Եվ փողոցը խլրտաց, ալիք տվեց ու հիմա ափնակոծում է՝ սպառնալով հիմն ու հատակը քանդել: Ապավենի լեզուն էլ դադար չունի: Օսեփի փնթփնթոցը քիչ էր, մեկ էր՝ երկու դառավ:
- Չէ, իմ բանը չի, Մեխակի բանն է,- եւ Աղվանն այնպես է նայում Անթառամի ետեւից, այնպես է վայելում նրա կոնքերի խաղը, որ աչքերը պլպլում են, դեմքը հուրհրատում է, բերանի ջրերը գնում են ու դա այնքան նկատելի է լինում, որ մարդաթող Ելենը լեզվախած է տալիս.
- Աղվան, կպրծնի, մի քիչ էլ թող Սամվելիկդ նայի:
- Սամվելիկը երեխա է, նրա բանը չի:
- Նրա բանը չի, քո բանն է:
- Չէ, իմ բանն էլ չի, Մեխակի բանն է,- Աղվանը՝ անմեղ ու կոտր, խեղճանում է, խեղճությունը դառնում է մարմանդ քամի, որպեսզի կրակից անթեղը քաշի, կրակը բորբոքվի ու խանձի Աղվանի թաքուն տենչերը:
- Մի նայել է մնացել, էդ էլ խլեցեք մարդուց,- Օսեփը դեպի Ելենը թարս է նստում, կարծես դիտողությունը իրեն են արել:
Ամեն առավոտ Սեդա Փառավոնովնան՝ ծեքծեքուն ու անկասելի, գնում է աշխատանքի, եւ բոլորն անգիր գիտեն, թե երբ է նա աշխատանքի գնում։ Պատուհանի վարագույրը ետ է գնում, եւ Աղվանի Սամվելիկ տղայի քիթը գամվում է ապակուն: Սոկրատը գնաց ջրի եւ ուշանում է: Թե Սոկրատը երբ է ջրի գնացել: Արփենը հա կանչում է, բայց Սոկրատի ականջները բամբակ են խցկել, խլացել՝ չի լսում, չի լսում եւ աչքերով հերձում է Անթառամի զիստերը: Արփենը Սոկրատի ձեռքերից խլում է դույլը ու բարձր, որ Սոկրատի Հակոբ եղբայրը լսի, ձենը դնում.
- Սոկրա՜տ, բերանիդ ջրերը պահիր...
Արփենի ծղրտոցը Անուշավանին չի հասնի, Անուշավանի ականջները թակած են, թակած-երկարած են, դիպլոմավոր էն կենդանիներից է, որոնց անունը ամոթ է տալ,- բոլորը գիտեն, Անուշավանը ինքն էլ գիտի այդ կենդանու անունը, բայց չիմանալուն է տալիս:
- Մեջը պողվատ չկա, պողվատ,- մաղձոտվում է Օսեփը:
- Օջախ-գալիք է,- եւ Ապավենը մի այնպիսի հայհոյանք է կպցնում, որ նույնիսկ մարդաթող Ելենը երեսը շուռ է տալիս, որ, իբր, ամաչեց, որ, իբր, էդ բաները նրա ականջին խորթ են գալիս, ղտղտում են լսելիքը:
- Ամեն մեկդ մի բան եք ասում,- բարեհոգի ժպտում է Աղվանը, այնպես բարեհոգի է ժպտում, որ եթե Անուշավանն էլ ներկա լիներ, ցանկություն կունենար նրա խոսքը լսելու: Բոլորը լարում են ականջները։ - Այ մարդիկ, չեք տեսնո՞ւմ, որ Անթառամը մի մարդու բան չի:
- Թե ե՞րբ եք Աղվանից խելքը գլխին բան լսել,- թնդում է Օսեփը:
Ինչ ասեմ այս Անուշավանին... Մյուսների նման փողոց դուրս գար, խոսք խոսեր, խոսք լսեր, գուցե Օսեփի փնթփնթոցից մի պճեղ ականջը խցկվեր ու խտուտ տար նրա լսողությունը, գուցե Ապավենի ուշունցը նրա մրափ մտած ուղեղի մեջ ցոլանք տար...
Անթառամը օրոր-շորոր անհետանում է անկյունադարձում, եւ փողոցը վերստանում է խաղաղությունը: Հանկարծ Աղվանը հիշում է, որ իջել է մառան՝ սոխ բերելու: Աղվանի Սամվելիկը, որ իններորդ դասարան է փոխադրվել, քիթը պոկում է պատուհանի ապակուց ու վազում դպրոց: Սոկրատը նոր է գլխի ընկնում, որ Արփենը դույլը ձեռքից առել ու տարել է տուն ու չգիտի՝ դատա՞րկ, թե՞ լիքը: Ապավենը նայում է ժամացույցին ու վայ տալիս՝ կարեւոր հանդիպում ունի, պիտի սեզոն գնա, այդ հաշվով պետք է հանդիպում ունենա, բայց չգիտես ինչ պատճառով է ուշացել, չկարողացավ հիշել ու դրանից ջղայնացած անհասցե հայհոյեց, պիջակը ուսերին առավ եւ այդպես տնավարի գնաց հանդիպելու սեզոնչիկ ընկերներին: Գնաց, բայց ինչ-որ բան կարծես պակասում էր, մի բան կարծես իր տեղում չէր, խախտվել էր...


*  *  *

Մի շաբաթ Անուշավանը չէր երեւում փողոցում: Աշխատանքից գալիս էր տուն ու փակվում չորս պատերի մեջ: Գար խառնվեր նարդի, դոմինո խաղացողներին, մի անգամ էլ ինքը դոմինո զարկեր, սխալ քար դներ, որ Ապավենը մեջը եռա:

- Տանը գլխին խելք են թողե՞լ, որ ճիշտն ու սխալը ջոկի:
- Խաղդ խաղա,- կասեցնում է Անուշավանը:
- Ի՞նչ խաղամ, դրածիս զարկում ես, դու իմ ընկե՞րն ես, թե՞ Աղվանի:
- Ես ուրիշ ե՞մ,- աշխուժանում է Աղվանը,- դուռ-դռան հարեւան ենք:
- Որ հարեւան եք, մի անգամ էլ թող...
Անուշավանը չի թողնում, որ Աղվանը խոսքը շարունակի՝ ով գիտի, թե ինչ անհամ բան պիտի ասի:
- Խաղդ խաղա, ավել-պակաս էլ մի խոսի:
- Վատ բան եմ ասելո՞ւ որ...
- Անո՜ւշ...
Մի հրամանով բոլորը շրջվում են դեպի Սեդա Փառավոնովնան ու մի պահ կարկամած մնում՝ ալ ծաղկավոր խալաթի մեջ Սեդա Փառավոնովնան ոնց որ կինոյի դերասանուհի՝ ծեքծեքուն ու անկասելի: Ապավենի ադամախնձորը վերուվար է անում, Աղվանի աչքերն ակնաբիբերում խաղում են, Սոկրատը վարսավիրանոցից դուրս էր եկել, որ կանչի Սիրուն աղջկան, բերանը մնացել էր բաց:
Անուշավանը երկար հառաչում է, եւ Ապավենը գլխի է ընկնում, որ Անթառամի հմայքը շատ զահլա տարավ, թե ուզում ես ճիշտն իմանալ, իզուր է իրեն երեւակայում, նրա նմանները Գագրայի ծովափերին դաստաներով թափած են՝ մի տասը կիլոմետրի վրա, վրաներն էլ նայող չկա: Նախանցյալ տարի չէ՞ր, որ Ապավենի Արմեն տղան հիվանդացավ, ու Ապավենը սեզոնից շուտ եկավ: Սոչիով էր եկել, մեկ-երկու օր էլ մնացել էր այնտեղ: Դուրս էր եկել չգիտեմ ինչ առնելու եւ գնացքը գնացել էր:
- Սոչի ասացի՞ր, թե՞ Գագրա,- ուղղում է Սոկրատը:
- Դե, իրար մոտ են, անհասկացո՛ղ, աշխարհ չես տեսել, փստո-մստո խոսում եք: Աղվան, մեկը դու, ամենահեռու տեղդ Բաքուն չի՞,- հակաճառողների հետ հաշիվը փակած համարելով, անցնում է նախկին խոսքին: - Գագրայում նրա նմաններն իրենք են խնդրում ու թող մարդիկ չերեւակայեն իրենց...
Մեխակի համբերությունը հատում է.
- Խաղալո՞ւ եք, թե՞ չէ, Ապավեն, քո հերթն է:
Ապավենը մեխանիկորեն քարը դնում է ու սխալ է դնում:
- Հարեւանը հարեւանին կօգնի, էլի,- չարախնդում է Աղվանը եւ Ապավենին պատասխանելու բան չի մնում:
Անուշավանը աշխատանքից գալիս ու փակվում է տանը: Հետո մի փշրանք լուր մի ճեղքից սողոսկեց դուրս.
- Անթառամը տեղափոխվում է Կիսլովոդսկ...
Լուրն ինչքան անսպասելի, նույնքան դաժան էր. փողոցն ուշաթափ եղավ, Սերոժը նարդին բերի-չբերի՝ ձեռք տվող չկա, մարդիկ էշները կորցրել՝ արածն ու չարածը չեն հասկանում: Էլ կլինի՞, որ Սոկրատը Սեդա Փառավոնովնայի մկրատը մանրամասն ու նուրբ սրի, որպեսզի նա եղունգներին ճիշտ ձեւ տա: Մեխակին՝ ինչ, թքած ունենա: Բայց նա ո՞ւմ հասցեին պիտի ցինիկ խոսի: Սեդա Փառավոնովնան կգնա, Անուշավանն էլ նրա ետեւից՝ մեծամոր հորթի պես գնալու է: Դաժանացած Ապավենը Զաբելի հանգիստը գիշերը մորթոտեց... ի հեճուկս Անթառամի: Ուրեմն, փողոցը զրկվում է Անթառամից: Լինելո՞ւ բան է: Երբեք: Ոչ մի գնով:
- Տանում է գլուխը ուտի,- եզրակացնում է Օսեփը:
- Մենք մեռած ե՞նք,- Ապավենը հիշում է դրկից-հարեւանի իր իրավունքները:
Սոկրատը, լսվա՞ծ բան է, մուշտարու թրաշը կիսատ է թողնում, որպեսզի իր եզրակացությունն էլ հաշվի առնեն:
- Ինչ կարիք կա, մեր սարերը տասը Կիսլովոդսկ արժեն:
- Հանկարծ չսխալվի,- տագնապում է Մեխակը:
- Անուշավանը նամուս ունի՞, հասկանո՞ւմ է, թե ինչի համար է կինը Կիսլովոդսկ գնում:


*  *  *

Բայց Անթառամը Կիսլովոդսկի փոխարեն գնաց Մոսկվա եւ ուշացավ: Տուրիստական ուղեգիր վերցրեց եւ այդպես գնալն օրինական համարվեց: Տանը չառարկեցին, թաղում դեմ չեղան: Բայց Անթառամը ինչո՞ւ ուշացավ: Նրա հետ գնացողները եկան, ինքը ուշացավ։ Հետո մի լուր Անուշավանի ականջին ծլնգաց, իսկ թաղում անմեղ այդ լուրը պայթեց ռումբի պես: Ապավենի բերանի կապերը քանդվեցին, Օսեփի փնթփնթոցը դառավ ագռավի կռնչոց, իսկ Աղվանը տեղին ու անտեղի նայում է ատամնաբույժ Մեխակի աչքերի մեջ ու հառաչանքի պես ծոր տալիս.
- Դու տղա ե՞ս...
Այդ պարզ բառերի մեջ կուտակ-կուտակ ափսոսանք կար, բլուր-բլուր նախատինք կար, վրդովմունք ու հառաչանք կար, այնպիսի բաներ կային, որ դժվար է հաշվել ու պարզել:
- Ասում են՝ էս մեկն էլ ուրիշ է, ասում են՝ սեփական էլ մեքենա ունի:
- Կունենա, էքսպեդիտոր է գինու գործարանում, շուտ-շուտ էլ Ռուսաստան է գնում:
- Մարդու աղջիկն օրական նոր շոր է հագնում, պարզ չի՞ որտեղից է, ով է բերում:
- Տղու տեղ է՝ ձեռիցը գալիս է, անում է:
- Գիտես մեր ձեռից չի գա՞,- լավ էլ կգա, մի բան էլ ավել, բայց հարեւան ենք, ի՞նչ անենք,- կասեցնում է Մեխակը:
- Ամեն հարցում էլ կարող ենք շարժվել, բայց ընկեր-հարեւանությունը ձեռքներս կապում է,- լրացնում է Ապավենը:
- Դուք ղուրուղը պահեք, ուրիշները արածեն,- նորից է ձեռ առնում Աղվանը:
- Դու էլ խոսելու բերան ունես, է՜,- զրույցին վերջ դնելու համար սաստում է Օսեփը,- մեծդ էսօր-էգուց պսակվում է, բայց դու քուռակի պես խրխնջում ես:
- Դու ասա գարի լինի, գարի,- ծոծրակը քորում է Աղվանը:
Անուշավանը գնում է աշխատանքի, տուն գալիս, բայց բոլորն էլ՝ տեսնում են, որ տղան էշը կորցրել է, դոմինո խաղալիս վեցով-վեցը, որը որպես անուն իրեն են կպցրել, խփում սպանում է, խաղը փչացնում, իսկ խաղընկեր Ապավենը կատաղությունից մոռանում է ամեն ինչ եւ Անուշավանի երեսին գոռում՝ շեշուբե՜շ...
Լուրը տաք-տաք քննարկվում էր դեռ, որ Անուշավանը հեռագիր ստացավ. Անթառամի ուշանալը ճիշտ է եւ ուշանալու պատճառն էլ այն է, որ փողերը վերջացել են:
Անթառամը անունը ի՞նչ դրեց, որ ուշացավ, հը՞, անունը ի՞նչ դրեց: Դու մի ասա, մարդու աղջիկը՝ Մուկ Փառավոնի աղջիկը, էն Փառավոնի, որ տոպրակը ճիտը գցած, քամակը թակելով փողոցից փողոց ման է գալիս, որ տների ծակուծուկերում մկնդեղ դնի - ահա այդ Փառավոնի Սեդա Փառավոնովնա աղջիկը՝ թաղում կնքյալ Անթառամ, Երեւան ու Բաքու չի հավանել, Մոսկվա-Լենինգրադ է ուզել, իբր, տուրիստական ճանապարհորդության է գնացել, բայց դու մի ասա, միտքը ծուռ է եղել, ցանկացել է ընդունվել տեխնիկում եւ իբր թե ընդունվել է, ուշանալու պատճառն էլ դա է:
- Բա, մարդու աղջիկը՝ երկու լակոտատեր, ուզում է սովորել,- փնչում է Օսեփը եւ այդ փնչոցը թաղում ասուլիսի հողմապտույտ է առաջ բերում, չխոսողն էլ ուզում է կարծիք հայտնել: Եվ բոլորի մտահոգող հարցը նույնն է՝ ինչո՞ւ Անթառամը ուզեց սովորել, այն էլ Մոսկվայում, Բաքու-Երեւանում քիչ տեխնիկումներ կա՞ն:
- Աչքից հեռու, խղճից հեռու,- եզրակացնում է Մեխակը:
Բոլորը հիմնականում համաձայնում են այդ կարծիքին, եւ բուռն ասուլիսը, որ դեռ պիտի ծամեին, ցեխծամ տային, սկսում է մարմանդել:
- Կարող է միտքը բոլորովին ծուռ է,- ավազանը քար է գցում Աղվանը, եւ ջուրը նորից պղտորվում, ալիք է տալիս.
- Այսինքն ո՞նց թե ծուռ է:
- Գնացողը ես եմ՝ գնացի ու մնացի: Սրան ի՞նչ կասեք... Կարծում եք, Մոսկվայում մուշտարի քի՞չ կլինի:
- Դրա նմանները էնտեղ թափած են, էդ մեկը ինձնից հարցրեք,- հեղինակավոր կասեցնում է Ապավենը:
- Ես իմն ասացի, մենք սաղ, Քաթան՝ այան մեռած, կտեսնեք,- լուրջ-լուրջ ասում է Աղվանը:
Մարդիկ ուզում էին մի քիչ աշխուժանալ, բայց այն միտքը, որ Անթառամը կարող է քոչը առնել ու գնալ Մոսկվա, կատակ ու ծիծաղի տեղ չէր թողնում:
Իսկ Անուշավանը նիհարել է, աչքերի տակերը փոս են ընկել, մգացել:
- Ոնց որ տղան գիշերները լավ չի քնում,- ասում է Աղվանը:
- Մտածմունքից ամեն ինչ կգոյանա,- եզրակացնում է Օսեփը:
Մեխակը չի առարկում, բայց չի թաքցնում արհամարհանքը:
- Կամ նա, կամ էշի մեջքին գցած ջուլը:
- Մի ասա, կնիկը բախտի բան է,- պաշտպանում է Օսեփը,- Անուշավանը ումի՞ց է պակաս, դիպլոմը՝ կռնատակին, գործատեղը՝ արեւով երդվում են, բայց էս մի հարցում տղու բախտը չի բերել:
- Ճիպոտը իրա քոլիցը կտրեր:
- Օրենք է՝ սեխի լավը չաղալը կուտի,- բորբոքվում է Աղվանը:
Փողոցի ծայրին հայտնվում է Անուշավանը, եւ խոսակցությունը կտրվում է: Նա հազիվ լսելի «բարիգուն» է ասում ու քսսալի անցնում: Մարդիկ չեն հասցնում բարեւին պատասխանել, բան հարցնել, բան իմանալ:


*  *  *

Ամռան զով գիշեր, աստղերը երկնքից մարմանդ լույս են մաղում: Առաջ՝ շաբաթ-կիրակի, երբ ուզենաս, կարող ես պառկել քնել, առավոտը երբ ուզենաս՝ կարող ես արթնանալ: Ուրբաթ մարմանդ երեկոյին մարդիկ հանգիստ նստել, դոմինո են զարկում, մի զույգ վեր է կենում, հաջորդն է նստում:
Անուշավանի քունը չի տանում։ Նա ազատ կարող է միանալ խաղացողներին, չվախենալով, որ պատուհանից կերեւա Անթառամի գլուխը։ Ուր է թե լիներ ու իրա ձեւով կանչեր՝ Անո՜ւշ, եւ ինքը խաղը կիսատ թողներ ու լուռ հնազանդվեր։ Ինքը գնար, իսկ ետեւից քարշ տար մի երկար պոչ՝ Ապավենի ու Մեխակի, Օսեփի ու մյուսների խեղդված խնդմնդոցները, կոկորդ քերող հազերը, ցածր ասված խոսքերի շորշոփները։
- Անո՜ւշ...
Եվ այս ղողանջուն ելեւէջը դառնում է բանակի հրաման, որ առարկություն չի ընդունում, ասված է՝ պիտի արվի, եւ դա վիրավորում է Ապավենի ինքնասիրությունը։ Աղվանը իբր թե վիզը անհոգ քորում է, բայց իրեն վատ է զգում, եթե ճիշտն ասենք, մի քիչ էլ վախ է զգում։ Օսեփը փնթփնթում է՝ հոր տեղ հեր եմ, չի էլ ամաչում, չի։ Մեխակի վեջն էլ չի՝ արհամարհած ունի դրանց նմաններին։ Իսկ Սոկրատը Անթառամի ձայնի վրա վարսավիրանոցից դուրս է գալիս, իբր թե ուզում է դոմինոյի իր հերթը ճշտել՝ Անուշավանից հետո ես եմ, լավ իմացեք, վերջին մուշտարին վերջացնում եմ գամ, բայց հո բոլորը գիտեն, բոլորը, բացի Անուշավանից, որ դա ասված է իր գոյությունն Անթառամին հիշեցնելու համար միայն։
Այս ամենը, սակայն, անցած-գնացած է, Անթառամը հիմա Մոսկվայում է, կրթական ցենզը ուզում է մոտեցնել Անուշավանին, իբր քիչ էր խեղճի գլխին կորիզ ջարդում, մատերի վրա պար ածում, հիմա որ եկավ՝ ինչ էլ տա՝ իր ուզածը կառնի։ Սակայն այդ բոլոր բաներն անհայտ ժամանակով հետաձգված են, Անուշավանն առայժմ կարող է ուզածի չափ նստել թաղի մարդկանց հետ ու դոմինո խաղալ, եթե մեջտեղ բան դրին, ինքն էլ կարող է մասնակից լինել, կարող է իրեն զգալ թաղի լիարժեք անդամ, խոսք ասել, խոսք լսել, տեղը եկավ՝ Ապավենի ուշունցները, Մեխակի նենգությունները, Աղվանի իբր միամիտ կեռ տալը կասեցնել, Օսեփը մեծ մարդ է, չի պատասխանի նրա փնթփնթոցին եւ այդպես կլինի փողոցի լիարժեք անդամ։
Նստած խաղում են, իսկ գիշերը կամաց-կամաց խորանում է։ Ապավենը արդեն մի շաբաթ է տանը վեր ընկած է, չի գնում սեզոնչիկ ընկերներին միանալու։ Քրոջ աղջկա հարսանիքին չգիտես Ղազախստանի որ մարզի ինչ գյուղից եկել է եւ ահա մի շաբաթ է բերած փողերը կլլում է։ Հարսանիքը արել պրծել են, բայց Ապավենը՝ չէ, չի գնում։ Ու հիմա նստած դոմինո է շրխկացնում՝ իրենից այդպես արտամղելով ներսում կուտակված զայրույթը, այն զայրույթը, որ վերջին նորություններն են ծնել։
- Լավ մազա լիներ, տանը գինի ունեմ,- հերթական անգամ Անուշավանի հետ դոմինոն տանուլ տալով, ասում է Ապավենը։
- Հարսանիքից մնացած գինուց կլինի,- ճշտում է Օսեփը։
- Դա ինչ նշանակություն ունի,- Աղվանը աչքով է անում Մեխակին,- մազան էլ ես կբերեմ, հլա որ գինին լավ եղավ, մի երկու բանկա էլ կապած կրմզուկ կբացեմ։
- Մի կոնյակ էլ ինձնից,- լրացնում է Մեխակը,- Օսեփ ապան էլ իրեն կբերի,- եւ Մեխակը իր հերթին աչքով է անում Աղվանին։
- Լավ բան եք մտածել, բայց ինձ համար ուշ է։ Համ էլ իմը մի բաժակ օղի է, մեծացել եմ, ավել չեմ կարողանում։
- Օսեփ ապա, դու քո ներկայությունն ապահովես՝ բավական է,- միջամտում է Անուշավանը ու բոլորի համար անսպասելի ավելացնում,- տասը շիշ չեխական գարեջուր էլ ես ու Օսեփ ապան։
Այսպես ամեն մեկը տնից մի բան բերեց, Օսեփ ապան էլ իրենց սեղանը բերել տվեց ու հանպատրաստից ստացվեց քեֆ։ Շուտով ուտելիքներն ու խմիչքները դրվեցին սեղանին, Օսեփ ապան բաժակը առավ ձեռքը եւ իր իմացած ամենալավ կենացը առաջարկեց.
- Պարզերես լինենք, մեկս մյուսի առաջ ոչ ամաչենք, Աստված մեր թամահից կտրի՝ մեր սերության վրա դնի։ Ամեն։ Դե, խմեցեք։
Օսեփ ապան, որպես սուրբ երդում, այս կենացը կանգնած է խմում, խմում է հանդարտ՝ կաթ-կաթ վայելելով բարկ խմիչքի բուրմունքը։ Հետո ձեռքի ափով սրբեց բեղերը, նոր միայն նստեց ու ձեռքը մեկնեց պճղած հավի զիստին, որ Աղվանն էր բերել։
- Անուշավան բալա, կեր,- տեսնելով, որ Անուշավանը լավ չի ուտում, հորդորեց Օսեփ ապան,- հացը ախորժանոք կուտեն, որ կերածդ նիստա կենա,- ու հավի մյուս զիստը դրեց Անուշավանի առաջ։
- Կեր, ախորժակդ բացվի,- մի պուտ կրմզուկ էլ Աղվանը դրեց Անուշավանի ափսեի մեջ եւ Ապավենին աչքունքով հասկացրեց, որ բաժակները լցնի։
- Անուշավանի ծուծը բարակ է, լիքը պետք չի,- նենգեց Մեխակը։
- Ոչ, լցրեք, ինչպես ձերը,- ընդդիմացավ Անուշավանը։
- Սիրտը ուզում է, թող խմի,- խրախուսեց Աղվանն, ու Անուշավանը զգաց, որ Աղվանը դարձյալ կեռ է տալիս։ Բայց նա որոշել է բոլորի աչքում հաստատել իրեն։
- Օսեփ ապա, քեզ համար ի՞նչ լցնեմ,- Ապավենը աչքով արեց Մեխակին, սա էլ փոխանցեց Աղվանին։
- Օսեփ ապան ձեզ մատաղ, բա չգիտե՞ք, որ մի բաժակից ավել չեմ կարողանում։
- Դե, լավ է, էս մի բաժակն էլ,- եւ Ապավենը բարկ խմիչքը լցրեց բաժակը։
- Ես դրան դիմացո՞ղ եմ, գոնե գինի լցնեիր։
Ապավենը, իբր, ցանկացավ Օսեփի բաժակը դատարկել իրենի մեջ, ձեռը տարավ, որ, իբր, վերցնի, Օսեփը կախեց.
- Դե, լավ, որ լցրել ես, թող մնա, կում-կում կխմեմ։
- Աշխարհ-խաղաղության կենացը չխմե՞նք,- նկատեց Աղվանը, ակնարկելով, որ Օսեփ ապան երկրորդ հերթին այդ կենացն է հիշում։
- Ախր, մեր Սոկրատը ուշացավ, է՜, գար, հետո խմեինք։
- Կգա, ասաց՝ շուտ պուճուրի տակը փոխեմ, գամ։
- Բա Արփենը թող կանի՞։ Լաչառ լեզվին մի՛ նայեք, մարդ պահող կին է Արփենը։
Անուշավանն այդ դիտողությունն իր հասցեին համարեց ու լուռ կուլ տվեց։
- Լավ կին է, խոսք չունեմ, բայց ասում են էլի գնացել է ծննդատուն՝ մի աղջիկ էլ բերելու։
- Դու էլ ասում ես, հա՜, երկու ամիս չկա, որ ծննդատնից եկավ։
- Անունը տուր՝ փետը ձեռդ առ,- ձեն տվեց Ապավենը, նկատելով Սոկրատին, որը դուրս սոթելով դարպասից, աջ ու ձախ աչք ածեց ու իրեն գցեց առաջ, թեւատակին՝ ինչ-որ բան։ Հասավ հավաքվածներին, փաթաթանը ետ տարավ ու խոճկորի ազդրը հանդիսավոր դրեց սեղանին։ Հետո ձեռքը ծոցը տարավ եւ հանեց մի շիշ օղի։
- Ծիրանի օղի է՝ մի կաթիլը մի ոսկի։ Արփենի թաքապահուստն է՝ իմացավ՝ գլուխս մի շաբաթ պիտի տանի,- Սոկրատը հանեց շշի ռեխկալին եւ առանց հարցնելու լցրեց բաժակները։
Օսեփը բաժակը առավ ձեռքը։ Մեխակը չիմանալու տվեց, մյուսները խնդմնդացին քթների տակ, իբր չեն տեսնում, չեն նկատում, որ Օսեփը արդեն երրորդ բաժակն է ուզում փորն ուղարկել։ Դե, խմելուն ի՞նչ հաշիվ, թե սիրտդ ուզում է՝ խմիր, մանավանդ ուրիշի օղին գլուխ չի ցավացնում։ Այդպես չի՞, Օսեփ ապա։
Օղուց անցան գինուն, գինուց հետո սկսեցին գարեջուր խմել։ Խմում էին ու լավանում։ Բաժակաճառեր էին ասում մեկը մյուսից անուշ։ Բոլորի կենացը խմեցին մեկ-մեկ, առանձին-առանձին, սկսեցին ցաքուտն էլ ջրել, բայց ամեն կենացից հետո բոլորն էլ այն զգացումն ունեն, որ մի շատ կարեւոր կենաց մոռացվում է։ Այս մտատանջությունների մեջ էին, որ Ապավենը գլխի մուժը վանելով՝ բարձրացավ տեղից.
- Մի կենաց էլ ես ունեմ, կարելի է՞,- հայացքը հառեց Անուշավանին։
Բոլորը հասկացան, որ Ապավենը ցանկանում է Անթառամի կենացը խմել։ Ամեն մեկը մտքում ուրախացավ, իր սրտովն էր, նույնիսկ ափսոսացին՝ յուրաքանչյուրը կուզեր ինքն առաջարկել այդ կենացը։
- Կարելի է՞,- նորից հարցրեց Ապավենը եւ նորից նայեց Անուշավանի աչքերի մեջ։ Անուշավանը տագնապով նայեց Ապավենին, նա պղտոր կռահում էր Ապավենի միտքը։
- Ապավեն, սեղանի ղեկավարը Օսեփ ապան է,- խնդմնդաց Մեխակը։
- Նշան չունի, ինձնից հարցնի, թե իմ տեղակալից,- պաշտպան կանգնեց Օսեփը։
- Ես առաջարկում եմ խմել Սեդա Փառավոնովնայի կենացը։
- Ամեն,- ծորուն վրա բերեց Սոկրատը։
- Անթառամի կենացը՝ հանձինս մեր կանանց,- ուղղում արեց Մեխակը։
- Որտեղ լինի՝ լավ լինի,- «անմեղ» նկատեց Աղվանը։
- Անթառամի կենացը, մենք հպարտանում ենք, որ մեր թաղում այդպիսի հարս ունենք։ Հը՞, ճիշտ չեմ ասո՞ւմ,- Անուշավանի ուսին խփելով ասաց Ապավենը։
- Անթառամը օլիմպիական չեմպիո՞ն է, որ հպարտանանք։
- Ես տասը չեմպիոն Անթառամի մի մազի հետ չեմ փոխի,- նորից է ծորում Սոկրատը։
- Հա, դու անող ես, կանես,- ժպտում է Աղվանը,- կարծեմ Արփենն էլ քո կարծիքին է։
- Իբր դու էլ խոկում ե՞ս, չես ուզո՞ւմ էդ կենացը խմել։
Եվ այսպես, խոսքը խոսք բերեց, այս ու այնտեղից առուն պատռեց եւ զրույցը անպարկեշտ ցրիվ եկավ։ Անուշավանը մնացել է լուռ, գունատ, մի անիմաստ ժպիտ դեմքին։ Նա իրեն ստորացած է զգում, անօգնական, խեղճ ու կրակ, այն մարդու նման, որը երազում իրեն մերկ է տեսնում եւ չի իմանում որտեղ թաքնվի, որովհետեւ լաթի կտոր չկա, որ գցի վրան, մի ապահով պատսպար չկա, որ թաքնվի եւ այդպես տանջվում է, տանջվում է եւ դրանից ելք ու ազատում չկա։
Անուշավանը՝ այդպես դժբախտ ու անպաշտպան՝ Ապավենի գռեհկությունների, Սոկրատի մածուցիկ հայացքների, Աղվանի բարեհոգի ժպիտների, Մեխակի անպատկառ անկեղծությունների, Օսեփի, Արփենի, մարդաթող Ելենի, բոլորի թաքուն ու աշկար ակնարկների, խնդմնդումների, չոռ ու ցավի եւ չգիտեմ էլ ինչերի դեմ մնացել է անօգնական ու անկարեկից։
Անուշավանն ի՞նչ անի, որ պրծնի դրանցից, ինչպե՞ս անի, որ կնոջը փրկի բամբասանքներից, որոնք այդպես կուծուծի պես բռնում ու պոկ չեն գալիս նրանից, ինչ էլ ասում են՝ եղած թե մոգոնած, սազում-բռնում է, որ իբր թե... Եվ դեռ, իբր, Մոսկվա մենակ չի գնացել, եւ այդ տեխնիկումի պատմությունն էլ հնարովի է, որպեսզի արդարացվի ուշանալը,- այդ բոլորը գիտեն թաղում, դրա համար կատաղած են կնոջ դեմ, իր դեմ,- թե դա ձեր ի՞նչ հաշիվն է, ձեր ի՞նչ չոռ ու ցավ գործն է,- եւ նրանց անպատկառ նայելը, անամոթ-անամոթ ակնարկները, հիմա էլ Ապավենը վեր է կացել ու կենաց է առաջարկում։
Գինին խփել է գլխին, ուղեղում դրնգոց է, սիրտը ճվում է, փուլ է գալիս։ Նա դժվար բարձրացավ տեղից, ձեռքը կույր խարխափեց սեղանի վրա, իր բաժակը չգտավ, օղու շիշը շուռ տվեց, Սոկրատի բաժակը առավ ձեռքը, ոտքերի վրա մի կերպ հաստատեց իրեն եւ ուզեց մի խոսք ասել, չկարողացավ, լեզուն պատ չեկավ, ուզեց սրտում կուտակվածը ասել, բայց այդ բոլորը հորձանք տվեց ու դեմ առավ փաթ ընկած լեզվին, նորից ճիգ առավ, որ խոսի, անօգնական նայեց շուրջը ու... աչքերի մեջ գլոր-գլոր արցունքներ գոյացան։ Ոնց որ թաղից նոր կտրած մատաղ վարունգը ճոթ անես՝ այդպես զուլալ կաթիլներ գոյացան նրա աչքերում։ Դեմը պղտորվեց ամեն ինչ, արցունքները դողացին թարթիչների վրա եւ ընկան ձեռքին՝ տաք ու ցոլուն։
Ներկաների վրա ջուր մաղվեց, խմածները անցավ։ Օսեփը Անուշավանին կիսագրկած տարավ տուն, մյուսները սկսեցին հավաքել սեղանը։ Ամեն ինչ դառավ գլխներին եկած...




ԱՆՄԱՐԴ ԵԼԵՆԸ

Մեր փողոցի երկարությունը շատ-շատ մի երկու հարյուր քայլ լինի: Փակուղի փողոց է եւ այդ մասով աշխարհին միանում է աստիճաններով: Մեր փողոցի աստիճաններն այլ քաղաքների աստիճանների հռչակը չունեն, բայց այդ հռչակավորները իրենց վրա զգացե՞լ են Անթառամի տոտիկ-տոտիկ քայլվածքը: Այդ աստիճաններով չէ՞ր, որ Սահակը գնաց՝ մեկն ասում է Սամարղանդ, մեկը թե՝ Կիսլովոդսկում տեսնող է եղել, երրորդն էլ թե... Ինչքան բերան, այնքան էլ խոսք:
Սահակի պես հարեւան դժվար կգտնվի, բայց քնիր, վեր կաց՝ բախտ ուզիր: Մարդը գործից եկավ, տեսավ դհոլ խփող Վանոն իրենց տանը նստած: Ելենը ասաց՝ բարեկամս է եւ ասաց, թե ինչ բարեկամ է, բայց Սահակը քեֆը մի քիչ տեղն էր, լավ գլխի չընկավ: Ձեռքին մասնավոր գործ կար, ուշ էր վերադարձել տուն: Սահակի ձեռքաջուրը ո՞վ չգիտի, ո՞վ չի ուզում, որ իր տան պատերը Սահակը դնի: Գործի վերջին հացի էին նստել, ու կենացների թիվն էլ շատ էր երկարել: Այսպես Սահակը ուշացած տուն եկավ եւ մի քիչ էլ քեֆով էր: Աշխատանքի վարձը գրպանում էր, ուզում էր Ելենին ուրախացնել, բայց բարեկամ Վանոն ինչո՞ւ հենց էդ օրը հայտնվեց: Այո՛, Ելենն ասաց, թե ով է, ինչ բարեկամ է, բայց Սահակը լավ չլսեց, միտքը ուրիշ տեղ էր, չիմացավ ինչ բարեկամ է: Սահակը մոռացավ էլ փողը տալ Ելենին, ողջ փողը մնաց գրպանում, հաջորդ օրը գնաց աշխատանքի, աշխատանքի ժամանակ շորերը փոխեց, ու լավ է, որ փողը չկորավ, միայն հաջորդ օրը երեկոյան հիշեց դրա մասին:
Այսպես Սահակը գնաց աշխատանքի, եկավ տեսավ Վանոն տանը, գնաց-եկավ՝ տեսավ տանը: Տեսավ՝ չխոսեց, տեսավ՝ չիմանալու տվեց, մինչեւ փակ լեզուններն էլ բացվեցին, մինչեւ չտեսնելու բաներն էլ տեսավ ու մի օր էլ էն գնալն էր, որ գնաց:
Ելենը Սահակի թեւից կախված, ասաց՝ մի գնա, երեխաներիդ որբ մի թող, ասաց՝ մեղք են, մի գնա, ասածը չլսելուն տվեց, իր արտասուքները անտես արեց:
Ելենը ձեռը դատարկ վերադարձավ տուն: Թաղեցիները թուփակ-թուփակ հավաքվել էին, ու Ելենը շատ լավ հասկանում էր, թե ինչու էին հավաքվել, ինչ են խոսում: Թաղեմ գլուխներդ, ուրախացել ե՞ք, ձեր ուզածը եղա՞վ, Սահակին, նրա նամուսը տափը կոխեմ, հուշտ արիք, որ ծափ տաք ծիծաղե՞ք, դուք հարեւա՞ն եք:
Ատամները թափված Օսեփի լեզուն գոմեշ կոխե՞լ էր, չէր կարո՞ղ մի խոսք ասել, Սահակին երեսարանք տար, իրեն էլ երեսարանք տար, ավելի շատ թող իր երեսին խոսեր, ինքը տանող է, կտանի, բայց Սահակին ճանապարհի բերեր, որ տուն-երեխային տիրություն աներ:
Թուփակ-թուփակ կանգնել էին եւ աչքները պլզել: Ելենը անցավ նրանց միջով ու ոչ մեկին էլ չնայեց, ձեռքերը կոնքին դրած, խալալ-խալալ անելով անցավ, բայց ներսը կտոր-կտոր էր լինում: Պարզ տեսավ Անթառամի քմծիծաղը, Մեխակի «հըմ»-ը պարզ լսեց:
Ապավենի կեղտոտ հայհոյանքի պատասխանը դեռ տալու է, դրա հերթը գալու է: Աղվանը չէր կարո՞ղ Սահակի ձեռքից բռնել, միասին փթերով աղ ու հաց են կերել: Մեխակը չի խոսի, թե խոսի էլ, վատը կխոսի: Սոկրատը՝ չէ, օձը կծած կինը կթողնի՞, որ մարդը բերանը բանա:
Այդ բոլորը նրան չի վառում, բայց որ Անդրանիկը չի միջամտում, դա է նրա համար վիրավորական: Հիմարն ինքն է, ամեն անգամ նրա կնկա՝ Երանի սիրտը բռնելուց բոլորից շուտ ինքն էր հասնում: Նրանց մեղք գալո՞ւ է:
Փողոցն անուշադրության դատապարտեց դհոլ զարկող Վանոյին:
Մթնաժոռին նա հեռաքաշ տալով ուզում էր սոթել Ելենի դռնից ներս, բայց դոմինո խաղացողների դիտավորյալ հազերն ու հազմզոցները ոտքերը կապում էին:
- Բարիգուն,- ասում է ու մի քանի րոպե նայում խաղացողներին: Նրանք էլ այնքան են տարված լինում խաղով, որ չեն լսում Վանոյի «բարիգունը», չեն տեսնում նրա ճաղար աչքերի անհանգիստ խաղը, ու երբ սա հեռանում է այնքան, որ ասվածը չհասնի ականջին, Ապավենը մի քանի խոսք է կպցնում: Օսեփը մի ուրիշ անգամ թարս կնստեր Ապավենի հանդեպ, բայց այս անգամ չի անում, որովհետեւ այս հարցում համերաշխ է Ապավենի հետ:
Թե որ Վանոն պատասխան տար, էլի կմնար, հերթ կտային, մի անգամ էլ ինքը ու այդպես մարդկանց ուշադրությունը կշեղեր, իբր պատահաբար էր անցնում ու մի րոպեով ուզում էր մտնել Ելենի մոտ՝ երեխաների, Քաթան այու որպիսությունը հարցնելու, կարծես նրանց համար իր աչքերը ուռել են:
Դհոլ խփող Վանոյին միայն Սեդա Փառավոնովնան է պատասխանում, եւ դա դուր չի գալիս Ելենին եւ ոչ էլ նույնիսկ անամոթ Ապավենին:
- Կտեսնես փլանքյասը դհոլ զարկողին իրենը արած,- Մեխակը իբր Աղվանին է ասում, բայց Վանոն շատ լավ էլ լսում է: Ելենն էլ է լսում ու մեջը փրփրում՝ Մեխակ տղա, մի անգամ էլ հարբած ձեր տունը մեր տան հետ շիլ գցես, այն ժամանակ իմ ասելիքն էլ ես եմ ասելու։
Իսկ երեխա պահելը դժվար է: Ամեն լուսադեմի, գիշերային լռության մեջ, լսվում է նրա ոտքերի կտկտոցը: Ուրիշներն իրենց մարդկանց տաք ծոցերում քնում են, իսկ ինքը ադամամութին աշխատանքի է գնում, որ կարողանա երեք երեխա պահել: Պահում է՝ չի ընկճվում, աշխատանքից հետո էլ տանը մասնավոր կար է անում, ձեռագործ է անում, ուրիշ բան է անում, Աստված շնորհքից չի զրկել: Այդ բոլորն անում է թեթեւ, ինչպես որ իր մարմնի փթերն է թեթեւ տեղափոխում: Նստում է փողոցահար դռան շեմին, կնանիք ու ջահել աղջիկները հավաքվում են գլխին, ասում ու խոսում, ծիծաղում: Նրա ոչ լեզուն է դադարում, ոչ ձեռքը, իսկ ծիծաղը որ՝ դառնում է քռքռոց: Օսեփը նկատում է, որ Ելենը անվայել է նստել, խոսած նյութն էլ ջահել աղջիկների համար շատ է բաց ու անամոթ։
- Անահիտ, գնա տուն,- ջղային կանչում է Օսեփը եւ մատ թափահարում թոռան վրա: Ելենի նստած ձեւն առավել անպարկեշտ է դառնում: Օսեփը քրթմնջալով հեռանում է, Մեխակը ուրիշ կողմեր է նայում, Ապավենին էլ ինչ՝ կամ նա, կամ մարաղ կացած կատուն:
Ելենի Վարուժանը կրակ-պատիժ է: Նրա ոտքերին կպած գնդակը՝ ոնց որ պատվերով, ընկնում է Աշխենի ռեհանի մարգը, խախտում Օսեփի նոր տնկած խնձորենին, ուզում էր ծիտ զարկել, բայց պատուհանի ապակին զրնգաց:
- Էս ո՞ր հերամեռն արեց:
- Ծիծ է ծծե՞լ:
- Անդաստիարակ...
Բոբսիկը տղայի խաղ է: Բայց Արփենի Սիրունը գնաց կանգնեց Վարուժանի դեմը ու տուզ տվեց: Վարուժանը ասաց՝ խաղում ենք, մի խանգարի, Սիրունը թե՝ ես էլ եմ ուզում, ասաց՝ գնա դենը, դու աղջիկ ես, ասաց՝ աղջիկը դու ես, ասաց՝ լեզուդ քեզ քաշիր, ասաց՝ լեզուդ դու քեզ քաշիր, ու լեզու հանեց: Վարուժանը հրեց, Սիրունը հրեց, Վարուժանը հրեց, Սիրունը ուզեց հրել, բայց Վարուժանը խույս տվեց, ու Սիրունը իր թափից երեսնիվայր փռվեց գետնին: Սիրունը բարձրացավ տեղից, ուզում էր ծիծաղել, բայց նկատեց, որ քթից արյուն է գալիս եւ ղժժոցը դրեց.
- Մամա՜...
Արփենը իրեն գցեց փողոց, տեսավ երեխայի քթից արյուն է գալիս, նայեց տեսավ բերանից է գալիս, ստուգեց տեսավ, որ ատամ-բան տեղն են, պռոշն է քերծվել, երեխայի ականջին թշշաց՝ կորիր տուն, ու հարձակվեց Վարուժանի վրա: Արփենը ատամ ունի Վարուժանի վրա, իր Վարդիկին նա չէ՞ր լացացրել:
- Հերամեռդ թաղեմ, մի կանգնի՜ր...- հարձակվեց Վարուժանի վրա, բայց Վարուժանին բռնել կլինի՞: Արփենը հեղեղը ուղղեց Ելենի վրա, որն իր համար հանգիստ կար էր անում, իսկ կողքին նստած Վանոն ու Անթառամը քիթ-քթի խոսում էին: Ո՜նց էլ լավ են նստել, ո՜նց էլ գտել են իրար, հողեմ ձեր անամոթ գլուխը, կարծում եք՝ ձեր արածը միայն դուք գիտե՞ք, քոռ ե՞նք, չե՞նք տեսնում, էշ ե՞նք՝ չենք հասկանո՞ւմ: Էշը դուք եք, մեկ էլ ձեր մեծերը: Արփենը ծկլթաց Ելենի ականջին:
- Հերամեռիդ կապը քաշիր:
Ելենը հանգիստ ու ապահով կասեցրեց:
- Մերը հերամեռ է, ձերը թող ապրի: - Ելենը ուզեց կարը շարունակել, բայց որոշեց մի բան էլ ասել, հենց այնպես, իմիջիայլոց ասել ու նոր միայն կարը շարունակել: - Ամենքին էլ պիտի ասեն՝ մարդ ունենք:
- Դու ջոկի-ջոկի արա:
- Կարողացի՛ր:
- Ճարպերդ կուտակել ես, որ ի՜նչ:
- Աղջի, ասածդ լավ ես մտածե՞լ:
- Լավ եմ մտածել, աչքդ էլ հանել եմ եւ իմացիր էլ, որ ոչ ոքից առավել չես, լխկված մսերդ էլ ոչ ոքի պետք չեն:
Ինչքան Արփենը եռում էր, Ելենն այնքան հանգիստ էր խոսում: Սա հանգիստ բարձրացավ տեղից, քայլեց Արփենի կողմը:
- Իբր ճի՞շտ չես ասում, իմ մարդը ինչի՞ս հավաներ մնար,- նա մոտեցավ Արփենիկին ու անսպասելի ուժեղ խփեց Արփենիկի լղար քամակին,- ինչի՞ս հավաներ, հը՞...- ու կոնքերը խաղացնելով վերադարձավ տեղը:
Անթառամը չկարողացավ ժպիտը պահել, Վանոն ճաղար աչքերով խնդխնդաց, եւ Արփենը մի պահ կարկամեց, չիմացավ անելիքը: Հաջորդ վայրկյանին նա պիտի բռներ Ելենի մազերից ու քարշ տար, մազերից բռներ ու գլուխը կռացներ մինչեւ գետինը, բայց Սոկրատը եկավ՝ գործիքների ճամպրուկը թեւատակին: Եկավ անցավ եւ չնայեց էլ կռվողների կողմը:
Արփենը լեզուն իրեն քաշեց եւ լուռ ու խոնարհ հետեւեց Սոկրատին: Կարծես ոչինչ էլ չէր եղել, կարծես քիչ առաջ հարեւան-հարեւան խոսում էին շուկայի թանկության մասին,- պոմիդորը կարողացա՞ր կապել, չէ՞, ես մի քիչ կապել եմ, բայց ձմեռվա համար հերիք չէ,- առանց ծանոթի հնարավո՞ր է խանութից կարգին բան գնել, լավը տակից են տալիս եւ թանկ ու կրակ:
Արփենը քաղցր-քաղցր բաժանվեց Ելենից: Խեղճի համար շատ է, երեք երեխա է պահում, երեք երեխան քիչ է, մոր հոգսն էլ պիտի քաշի, Սահակի ինչն ասեմ, սրա-նրա խոսքով ընկավ ու տուն, երեխա թողեց, գնաց: Ելենի եղբայրներն էլ խիղճ չունեն, հաշմանդամ մորը կապել են Ելենի գլխին։ Այսպես հոգատար ու կարեկից Արփենը բաժանվեց Ելենից ու հետեւեց Սոկրատին՝ տեղով մեկ հնազանդություն:
Արփենի գնալուց հետո Ելենը միանգամից թուլացավ-ճապաղեց. ձեռքը կիսատ գործը հավաքեց, որոշել էր այսօր պրծնել, պատվիրատուն քանի անգամ եկավ-գնաց, լավ էլ պատվիրատու է, միշտ մի բան ավել է թողնում, բայց Ելենը աշխատելու ուժ չուներ, տրամադրություն չուներ, ներսը դատարկ էր եւ կիսատ գործը հավաքեց, մտավ տուն: Վանոն ուզում էր հետեւել նրան, բայց Ելենը ասաց՝ չգաս: Ցանկացավ Ելենի չուզենալը կատակի տալ, բայց Ելենը մերժեց՝ կատակելու սիրտ չունեմ:
Ելենը ուզեց Վարուժանին ծեծ տալ, Վարուժանը տանը չէր, ուզեց աղջիկների վրա հերսը թափել, բայց սրանք մի անկյունում կուչ էին եկել ու դասագրքերն առել երեսներին՝ իբր դաս են սովորում, բայց գրքերը առել են երեսներին, որպեսզի մոր պոռթկումից խուսափեն: Տունը տագնապով էր լցվել:
Քաթան այան արտորալով ներս ու դուրս է անում. բախտավոր մարդամեռների աչքը ունքից բարձրացել է, մեկն էլ չկա ասի՝ էդ ումո՞վ ես թեւ-թեւ անում, եւ քածերիդ էլ խրատիր, օբայի շների նման մարդ կմաշկեն:
Ելենը ջարդոտված նստեց սեղանին մոտիկ աթոռին, ձեռքերը որբ ու անտեր ծալեց սեղանին, ինքն էլ չիմացավ, թե ինչպես փուլ եկավ. արցունքները ցայտելով հոսեցին, ուսերը ցնցվում էին, չգիտեր, թե ինչ էր կատարվում իր հետ... Այսպես անձայն լաց եղավ, արտասուք թափեց, հանգստացավ: Հետո ելավ տեղից ու երեսը շփեց ծորակի տակ: Նորից ջուր ցանեց վառվող դեմքին ու այդ գործով տարված՝ մի պահ մոռացավ ամեն ինչ՝ այն, որ երեք տղա ունեցող մայրը ապաստանել է անմարդ մնացած աղջկա մոտ, որին ճակատագիրը դաժանորեն խաբեց: Եվ գայթակղողը Վանոն էր, որի հետապնդումներից պրծնել չկա, երեսին հազար անգամ թքիր, մեկ է, իր անելիքը պիտի անի, մեղրածոր լեզու է բանեցնում, ոնց որ երեխային են օրոր անում եւ քնելը դառնում է հաճելի: Իր ականջն էլ կարոտ էր մի ջերմ խոսքի, մի տաք շշուկի, ինքն էլ է մարդ, քար չի դրած կրծքի տակ: Երբեմն սիրտդ այնպես է լցվում, որ տըզ անես, մարդ լաց կլինի՝ ահա այդպես Վանոն գաղտագողի, Ելենը զգոնությունը քնեցնելով, սիրտը շոյելով, մտավ իր սիրտը, եւ ինքն էլ չիմացավ, թե ինչպես այդ ամենը կատարվեց: Քանի անգամ Վանոյին տնից դուրս արեց, բայց նա եկավ: Էլ չկարողացավ դիմադրել, ուժերը թուլացել էին, սիրտը՝ մեղկացել: Սիրտը երբեմն այնպես էր պատառ-պատառ ճաք տալիս, որ չէր կարողանում տեղը նստել, անելիքն իմանալ, ասելիքը խորհել: Այսպես նա դարձավ ուրիշ մարդու սիրեկան եւ այդ անունը կպել է իրեն, պոկ չի գալիս, գիշեր-ցերեկ հետապնդում է իրեն: Մոտենում է զրուցող մարդկանց, սրանք խոսքները փոխում են, ամեն մեկը մի պատճառ է բռնում, հեռանում. այսպես հալածվում է, իսկ Սահակի հեռանա՞լը, Վարուժանի գժություննե՞րը...
Ելենն ուժ չունի իր մեջ: Վարուժանը չգար, որ ծեծ չտար, որ նորից արյունը չպղտորի, մոր թորթորանքը ներվեր է քայքայում, աղջիկների այդ խեղճ ու կրակ ծվարելը հոգի է մաշում: Վանոյի համառությունը տրորում է իրեն, մարդկանց շշուկները քերում են հոգին: Ելենը Վարուժանին ծեծեց, ծեծեց, ետ ծեծեց: Նա խփում էր, իսկ Վարուժանը չէր դիմադրում, խփում էր, չէր դիմադրում:
Ելենի համար երեխային ծեծելը դարձավ տանջանք: Գոնե լակոտը դուրս փախչեր, ազատվեր իր ձեռքից: Դեմը համառ կանգնել է, չի դիմադրում, չի արտասվում: Պարզ չէր, թե ով էր ավելի տանջվում՝ ծեծո՞ղը, թե՞ ծեծվողը:
Ելենը հուսահատության եզրին էր ու չգիտեր, թե ինչպես նահանջի, ինչպես թողնի ծեծելը: Վերջապես աղջիկները, հաղթահարելով վախը, սկսեցին լաց ու կոծ անել: Այդ լացի վրա տեգրակին Աշխենը մտավ եւ երեխային խլեց կատաղած Ելենից:
Մի դպրոց է, մի Վարուժան: Թաղում կրակ, պատիժ է, իսկ դասատուները ետեւից ջուր են դառնում: Դպրոցի դիրեկտոր ընկեր Աբրոյանը ուսուցիչների քաղաքային խորհրդակցություններում Վարուժանի անունը տվել է, ասել է՝ արտակարգ է: Մաթեմատիկայի գծով հանրապետական ստուգատեսում առաջին տեղն է գրավել, եւ ասում են՝ կարող է ուղարկեն Մոսկվա: Ելենը մի քիչ փող է գցել, որ կոստյում առնի: Բայց դեռ չի առել, հուսալով՝ գուցե դպրոցն առնի: Նրանց պատիվն է բարձրացնում: Թող առնի, էլի, ամբողջ ամառ ձրի աշխատում էր շեֆ-կոլխոզում: Աբրոյանն էլ որդու պես սիրում է Վարուժանին:
Աշխարհիս երեսին Վարուժանը Ելենի միակ մխիթարությունն ու սփոփանքն է, միակ հպարտությունը: Թաքուն երազում էր, որ տղան մեծանա, բժիշկ դառնա: Կարող է պրոֆեսոր էլ դառնա: Ելենը՝ պրոֆեսորի մայր... Բա... այս մտքից հոգին լուսավորվում է, իրենից անկախ կանգնում է հայելու առաջ՝ կարծես ստուգելու՝ սազ կգա՞, թե՞ ոչ: Վարուժանը թող բժիշկ դառնա, իր վերջին շորն էլ կծախի, երեխին ուսումի կտա, որ Սահակի աչքը կոխի, շատերի աչքը կոխի:
Բայց Ելենի ո՞ր սրտուզելիքն է կատարվել, որ այս մեկը կատարվի: Օրը ցերեկով երկինքը փուլ եկավ գլխին. Վարուժանը մի ոտի վրա կանգնեց, թե ուզում եմ գնալ Երեւան՝ սովորելու: Վարուժանը թերթից կտրած հայտարարությունը մեկնեց մորը: Սա առավ ձեռքը, ուզում էր կարդալ, բայց միտքը մթագնել էր, ոչինչ չէր հասկանում, Ելենը թերթի կտորը դրեց սեղանին ու բացակայող աչքը հառեց Վարուժանին:
- Երեւանում պրոֆտեխուսումնարան կա, գնում եմ սովորելու, կդառնամ եւ դպրոցն ավարտած, եւ արհեստ սովորած,- բացատրեց տղան:
Ելենն ուզեց պայթել Վարուժանի գլխին, ուզեց առաջվա պես ձեռք բարձրացնել, բայց որդու աչքերում այնպիսի հաստատակամություն տեսավ, որ մարմնով ցուրտ անցավ, եւ այդ ցուրտը կուչ ածեց իրեն, դարձրեց անպաշտպան ու խեղճ:
- Այստեղ ուսումնարան չկա՞,- հուսահատ հարցրեց մայրը:
- Այդտեղի ուսումնարանում իմ ուզած արհեստը չկա:
- Արհեստավորից էլ արհեստավոր կծնվի,- Ելենը փորձեց որդու ինքնասիրությունը շարժել,- թող ուրիշները գրագետ դառնան, մեզ արհեստն էլ հերիք է:
- Իմ հայրը ոչ ոքից էլ պակաս չի:
Ելենը մնաց սառած. Սահակի գնալուց հետո երեխաներին արգելված է հոր մասին խոսել, նույնիսկ երդվելիս «հայրիկիս արեւ» չեն ասում: Ելենը մի պահ լուռ մնաց, ապա ուրիշ հարց տվեց, ձեւացնելով, որ չի լսում:
- Քեռիներդ գիտե՞ն որոշումդ:
- Պետք էլ չի,- արհամարհանքով ասաց Վարուժանը:
- Հորեղբայր Վանեսը ինչ է ասում:
- Համաձայն է: Ասում է՝ շուտ գործի կհասնես, կօգնես մորդ:
- Հորեղբորդ հետ ես խորհուրդ տեսնում, քեռիներդ էլ ոչի՞նչ,- ավելի շատ դառնացած ինքն իր մեջ, քան կշտամբելով որդուն, ասաց Ելենը: - Խորհուրդ տվող են, թող իրենք իրենց խորհուրդ տան: Լավ են դաս տալիս, Վանեսը մի կողմից, Աշխենը մյուս կողմից, մարդ ու կնիկ լավ-լավ խորհուրդներ են տալիս:
- Հորեղբոր հետ գործ չունես:
- Որ էդպես լավ հորեղբայր է, մի անգամ ձեզ համար մի բան անի՝ Աշխենը թող կանի՞, ձմեռը նրանից ձյուն ուզիր: Թող իրենց խորհուրդը պահեն իրենց տղաներին, ինստիտուտից հանեն, արհեստի տան, որպեսզի շուտ գործի հասնեն ու եղածի վրա էլի կուտակեն:
Լկլկոցը խեղդում է Ելենին, ուզում է արցունքներ թափել, մեկ էլ ճիգով զսպում է իրեն: Ուզում է մոր եւ որդու միջեւ աննկատելի բարձրացած պատը քանդել, որ դառնան նախկինը՝ Վարուժանը գիժ մի հորթ, ինքը՝ սիրող մայր, բայց Ելենը տագնապով կռահում է, որ այդ ամենն անվերադարձ կորած է:
- Իսկ ընկեր Աբրոյանը ի՞նչ կարծիքի է,- կառչեց մի վերջին շյուղից,- առանց դիրեկտորի թույլտվության դու իրավունք չունես դպրոցը թողնել:
- Ես ընկեր Աբրոյանին ամեն ինչ կբացատրեմ, եւ նա կհասկանա ինձ:
- Ինչպես էլ հանգիստ է խոսում, մեծավարի է խոսում:
Վարուժանի Երեւան գնալուց հետո Ելենը դաժան բծախնդրությամբ կառչեց Վանոյին: Նա աշխարհիս երեսին միակ մարդն էր, որին կարող էր սրտի ցավը պատմել, սփոփանք առնել: Հենց որ մի քանի օր չէր երեւում, Ելենը Վանոյին դարանում էր նրա ելումուտերում, զանգում գործատեղ, բացատրություն պահանջում: Սեդա Փառավոնովնայի մոտից զանգում էր ու այնպիսի խոսքեր ասում, պահանջներ դնում, որ Անուշավանն անցնում էր մյուս սենյակ: Սեդա Փառավոնովնան հոգածությամբ աթոռ էր առաջարկում, դառնում համակ կարեկցանք:
Ի՞նչ է ուզում աշխարհից ու իրենից, ինչի՞ է ձգտում, ինչի՞ է հետամուտ՝ այս հարցերի կապանքներում Ելենը խեղդվում էր ու մեկը չկար, որ հույսի մի դուռ բացեր, մի խելք սովորեցներ: Դիմացը մութ էր՝ ոտքի տակը չէր տեսնում ու խարխափելով առաջ էր շարժվում՝ չիմանալով, թե ուր է գնում եւ ինչու: Նա իր մեջ արդեն խեղդել էր այն միտքը, որ իր բոլոր դժբախտությունների պատճառը սիրեկան Վանոն է, որը աներես ու անամոթ խուժեց իր կյանքը ու հիմա իբր պետք է իրեն նեցուկ ծառայի:
Ելենն անզուսպ կրքոտությամբ կապվեց նրա հետ: Հետզհետե սաստկացող զգացմունքը նրան դարձրել էր կամազուրկ: Հլու ենթարկվում էր սիրեկանի քմահաճույքներին:
Վանոն հիմա արդեն կարող էր դոմինո խաղացողներին «բարիգուն» չասել ու մտնել Ելենի տուն, հիմա կարող է Ապավենի հետ վիճել, որ դոմինո խաղալու հերթը իրենն է: Եվ Ապավենը ստիպված էր լինում զիջել: Ապավենը զիջում էր ու ջղայնությունը թափում ութում սովորող Աբուլիկի վրա: Կարծես նոր էր իմանում, որ նա ծխում է, դասերը լավ չի սովորում: Ապավենը արհամարհած ունի Վանոյին, չի էլ ուզում խաղալ նրա հետ, թաղեցիք էլ նամուս չունեն՝ Ելենի սիրեկանի հետ դոմինո են խաղում: Թե դուք մա՞րդ եք: Տնից բերած աթոռակը քաշում է Անուշավանի տակից ու գնում տուն եւ այդպես խաղը խափանվում է, իսկ Վանոն հանգիստ մտնում է Ելենի մոտ: Ոնց որ տրամադրություն չուներ ու թեթեւ գինով էր:
- Գուցե քաղցա՞ծ ես,- հարցրեց Ելենը:
- Ոչ, քեֆատեղից եմ գալիս, մեր աշխատողի տղային բանակ են տանում, հրաժեշտի սեղան էր գցել:
- Թեյ տաքացնե՞մ:
- Պետք չէ:
Ելենը ավարտեց ձեռքի գործն ու կարի մեքենան մի կողմ հրեց: Բացեց անկողինը, ուզում էր լույսը հանգցնել, Վանոն կանխեց.
- Հարկավոր չէ: Կարեւոր խոսելիք ունեմ:
Այսօր Վանոն առաջվա Վանոն չէր, անտրամադիր էր ու ընկճված:
- Գործերս միլիցիա են ընկել,- վերջապես ասաց Վանոն:
Ելենը կարծես խմել, կռվի մեջ է ընկել, կամ ո՞վ է իմանում, ինչ տղայություն է արել: Անցյալ տարի չէ՞ր, որ քեռու տղայի միջոցով ազատվեց 15 օրվա բանտարկությունից, վեճի մեջ էր մտել մի մատուցողուհու հետ եւ օղու շիշը շրջել վրան:
- Քեզ կարգին չես պահում...
Վանոն կիսագրկեց Ելենի ուսը, որը նրա մոտ միշտ դառած խմորի տպավորություն էր թողնում, եւ հառաչելով ասաց.
- Այս անգամ կորած եմ, պակասեցում ունեմ, երկու հազար են ուզում:
- Երկու հազարն էլ փո՞ղ է,- անհոգ ասաց Ելենը եւ մանկան պես ծվարեց Վանոյի թեւի տակ:
Չափսոսաց, տվեց, հավատաց Վանոյի երդումին, ասաց՝ գործը կարճվի, մինչեւ մի տարին կտամ: Բայց Ելենի երկու հազար ռուբլին չօգնեց: Երեւի արդար վաստակած փողեր էին՝ չօգնեցին, երեւի արդարն ու անարդարը իրար չբռնեցին: Ելենը պիտի իր միամտությամբ պատիժը կրե՞ր եւ այդպես անգո՞ւթ ձեւով, անսպասելի՞: Այդ փողերը ի՜նչ հնարով էր իրար գցել, որպեսզի Վերգուշ աղջկա համար օժիտ ու հարսանիք դառնային: Հիմա Ելենը ի՞նչ անի, որ քարը տա գլխին: Անուշավանը Վերգուշին տեղավորել է հաշվապահական դասընթացներում, շնորհակալ է նրանից, էս ամառ ավարտում է: Նշանված է, որոշել են հարսանիք անել օգոստոսին կամ սեպտեմբերին՝ մթերքների էժան ժամանակը: Փեսան էլ լավ տղա է, արհեստավոր, լավ փող է աշխատում: Լավը՝ լավ, բայց հո՞ չի կարող առանց օժիտի աղջկան մարդու տալ, առանց հարսանիքի պսակել, ընկեր-հարեւան ի՞նչ կասեն, իր առաջին պատառն է: Ելք չկա, անամոթ ու աներես Վանոն տարավ փողերը, եւ ինքը չգիտի գլուխը որ պատին զարկի: Եղբայրները չեն օգնում, օգնող լինեին՝ իրենց հաշմանդամ մորը ամիսը մի քանի ռուբլի կտային: Վանեսն էլ չի տա, ուզենա էլ, Աշխենը թող չի անի: Մի ելքի դուռ չկա, լույսի պատուհան չկա: Օժիտի բրդեղենը ունի, դեսից-դենից տարվետարի իրար է գցել, մի կերպ կանի, բայց հարսանիքի փող չկա: Այսպես նստել է կարի մեքենայի առաջ ու ձեռքը պատ չի տալիս կիսատը շարունակելու:


*  *  *

Օրը արեւոտ է, փողոցը՝ տոնական: Ապավենի գլուխը տաքացել է ու կպել Անթառամին, թե պիտի պարենք: Անթառամը ժամանակ չունի: Անուշավանին նստեցրել է տղաների հետ, ինքը սպասարկում է. հարսանիքավորները գինի են ուզում, սառը ջուր են ուզում, մի տեղ սալաթն է պակաս, մյուս տեղ՝ խորովածը: Խնամիներին դուր է գալիս, որ նրանց Անթառամը սպասարկում է: Ապավենը կպել է, թե արի պարենք ու սեզոնից բերած կապուկ փողը թափահարում է՝ արի պարենք, որ շաբաշ տանք:
Հրաշալի մարմինը ճոճելով ու խաղացկուն թռցնելով՝ Անթառամը անցնում է շարքերի միջով: Սոկրատը մեջքը ետ է գցում, որ անցնելուց Անթառամին մասսա տա: Այս մասսա տալ խոսքն էլ Մեխակինն է, քաշում է Սոկրատի փեշից:
- Կարգին նստիր:
Հարսանիք, ի՜նչ հարսանիք, ամբողջ փողոցով քեֆ են անում, պար են գալիս, օգնում են, ինչ պետք է՝ անում են: Այդ բոլորի նախաձեռնողը Անթառամն է, որ փողոցի ներկայացուցիչներով՝ Օսեփ, Անդրանիկ, Անթառամ, մի քիչ ուշացած Աղվան ու Ապավեն, եկան Ելենի մոտ ու խորհուրդ արին, ծանր ու թեթեւ արին, եկան այն կարծիքին, որ Վերգուշի հարսանիքը պիտի անեն, ու դա պետք է ամենալավ հարսանիքը լինի: Հիմա Օսեփը մտել է պարի շրջան, կռվի տարիներից սովորած «շիրի-բիրի-բոմա» է ասում ու իր առանցքի շուրջը պտույտ տալիս, ոտքը զարկում գետնին: Ելենը պտույտ է տալիս, ոտքը զարկում գետնին: Ելենը պտույտ է տալիս Օսեփի շուրջը եւ այնպես թեթեւ է անցնում, կարծես մարմնի փթերը իրենը չեն: Օսեփը պար է գալիս, գրպանը խառնշտորում, որ թաք մանեթանոց գտնի, բայց երեքանոցն է շաբաշ տալիս:
- Ադա, մի տուշ,- Աղվանը մեջտեղ է գալիս ու Անուշավանին պարի կանչում: Անուշավանը խաբվում է, մտնում պարի մեջ,- աղվես ես, հա՜, ագիդ էլ ծաղիկ,- Անուշավանին քաշում է պարի, հետո Անթառամին է հրավիրում միանալու: Անթառամն էլ է մտնում պարի մեջ. ստացվում է այնպես, որ Աղվանն ու Անթառամը պարում են: Կերար, Ապավեն տղա, դե, գրազը տուր՝ մի սեղան՝ իր ամեն ինչով, Աղվանի սիրտը ինչ ուզի,- այսպես Աղվանը պար ածել է տալիս Անթառամին, եւ Սոկրատը վեր է թռչում տեղից, ուշադրություն չդարձնելով, որ Արփենը փեշից քաշում է, մտնում է պարի հրապարակ ու մի կարմիր տասանոց մեկնում Անթառամին: Ապավենն այնտեղ է ու այնտեղ՝ մի քսանհինգանոց դնում է Անթառամի մի ձեռքում, մի ուրիշ քսանհինգանոց՝ մյուս ձեռքում, ու պահանջում, որ երաժիշտները եղանակը փոխեն: Ապավենը կրակ է կտրել, ոտքի տակից կայծեր են ցայտում: Մեխակն արհամարհած ունի, չի էլ ուզում պարել: Աղվանն է խնդրում, թե չէ Անթառամը իր համար եղած կամ չեղած: Դու կտրվես, ուզում ես, բերանիդ ջրերն էլ գնում են:
Գնալով շուրջպարը մեծանում է: Օսեփն է գալիս: Անդրանիկն ու Երանը օրոր-շորոր են անում ու այսպես թաղովի մտել են պարի մեջ: Մեխակը պահանջում է, Ապավենը պահանջում է, Օսեփը պահանջում է, բոլորն էլ ուզում են, որ իրենց հետ հարսն ու փեսան պարեն: Ոտքեր են, որ գետին են դոփում, ձայներ են, որ գինով կոկորդներից դուրս են գալիս, երաժիշտները լարել են իրենց, շաբաշը շատ է, պարողները՝ թունդ, հարսն ու փեսան պարում են:
Խառնվել են մակար ու հարսանքավոր, հարսանիք է, ի՜նչ հարսանիք... Եվ հախուռն այդ հարսանքավորներից մեկն անջատվեց, հեռացավ բոլորից, հասավ փողոցի աստիճաններին, որտեղ կիսամութ է ու մարդ չկա, եւ, չկարողանալով իրեն պահել, ազատություն տվեց արտասուքներին:
Ելենն էր...




ԱՍՏՂԱԹԱՓ

Օսեփն ասաց՝ լավ չեմ: Օսեփն ասաց լավ չեմ՝ մարդիկ հավատացին-չհավատացին, ոնց որ փողոցում մի ծանոթի հանդիպես, հենց այնպես, մի բան ասելու համար հարցնես՝ ոնց ես ու չիմանաս, թե ինչ պատասխան տվեց,- ահա այդպես Օսեփն ասաց՝ լավ չեմ, մարդիկ նրա ասածը ականջի ետեւ գցեցին:
Ո՞վ չի հիվանդանում, մեծն էլ է հիվանդանում, փոքրն էլ է հիվանդանում, մարդ պետք է հիվանդանա, որ հետո լավանա, որպեսզի Անդրանիկը հարցնի.
- Օսեփ ապա, քանի օր է չես երեւում:
- Լավ հարեւան ես, շուտ նկատել ես:
- Լակոտները խե՞լք են թողացել գլխումս, խնամի Դուսյան էլ մի կողմից է բկիս կանգնել:
- Հը՞...
- Իբրեւ թե մենք կարողացանք մերոնց ճարը տեսնել։ Մարդը տղային ու կնոջը ուղարկել է, թե՝ հարսնացու ճարեք:
Այսպես Անդրանիկը խոսքը շուռ է տալիս, եւ Օսեփը չի կարողանում Անդրանիկից մի կարգին նեղանալ:
- Լավ ես, լավ, ի՞նչ է եղել, որ լավ չլինես, դա էլ փող չի, որ դժվար ճարվի:
- Ի՞նչ եմ ասում, քո ասածը լինի,- հոժար ասում է Օսեփը եւ այդպես հոժար ասելը Անդրանիկին դուր չի գալիս:
- Մի շիշ պահուստ արաղ ունեմ, չբերե՞մ մի-մի բաժակ խմենք,- եւ Անդրանիկը իբրեւ թե փորձ է անում, որ վեր կենա: Օսեփը ձեռքը թույլ դնում է Անդրանիկի ծնկանը ու երկուսն էլ հասկանում են՝ ոչ Անդրանիկն է արաղի գնացող, եւ ոչ էլ Օսեփն է արաղ խմող: Դրա համար սիրտ չկա: Այդ մտքի անհարմարությունից երկուսն էլ մնում են փոշման:
Անդրանիկը հազում է, իբր թե մաքրում է կոկորդը, որ խոսի, բայց բառերը կոկորդում սեպվել են ու չեն կարողանում ելքի տեղ գտնել:
- Էսօր հերթում ի՞նչ էին ասում...
Օսեփը ուզեց իրեն պատկերացնել հերթում կանգնածների մեջ ու չկարողացավ, թվաց հեռավոր մի բան՝ ոչ ետեւից կարող ես հասնել, եւ ոչ էլ կարող ես աչքովդ տեսնել: Դեմքին դառը մի ժպիտ փշրվեց եւ Անդրանիկին թվաց, որ ճաք տված այդ ժպիտը անտեր մնացած մի ծիծաղի կտորտանքից հավաքել են, խախուտ կպցրել իրար: - Ուրեմն մահն էսպես է գալիս,- մորմոքեց Անդրանիկը, սիրտը նեղացավ, սեղմվեց, ուզեց միջոց որոնել, որ իրեն այս տնից հանի դուրս: Բայց ելնել կլինի՞, ինչպե՞ս վեր կենաս-գնաս: Հոգին լցվեց, ամոթ չլիներ՝ երեխայի պես պռոշ կաներ: Երեւի Անդրանիկի աչքերը շատ էին լցված, Օսեփը նկատեց եւ այս քանի օրը պատած անտեր մի զգացում նորից տաք հոսեց նրա երակներով ու գլխի մեջ ծանր զնգաց՝ վա՜յ, ես քո հոր հոգին անիծեմ, մերն էլ էստեղ պիտի պրծնե՞ր...
Մտնում է Մեխակը եւ Մեխակի գալը տան մռայլությունը կարծես փարատում է:
- Բաջանաղ, չլինի՞ հիվանդացել ես:
- Մեծ մարդը կհիվանդանա, էլի,- թույլ ժպտում է Օսեփը:
- Մի երկու օր առաջ չէ՞ր, որ Ավետիքի հետ, չեմ իմանում, ուր էիք գնում, ասացիր՝ մոռացել եմ:
- Մարդու գլխում խելք է մնացե՞լ, հոգսերը էդքան շատացել են,- մի բան ասելու համար ասաց Անդրանիկը:
Օսեփը էս քանի օրը, ճիշտը, խիստ փոխվել է, աչքերի մեջ կարծես մոխիր են ցանել, եւ դա Մեխակին դուր չեկավ: Մի քանի օրում մարդ ո՜նց կարող է ավերվել: Անցյալ տարի չէ՞ր, որ երեքով գնացին կրմիզուկի: Ո՜նց էր զառիվերներով գնում, կարծես ութսուն տարեկանը Մեխակն էր, Օսեփը չէր:
Մեխակը իրեն վատ էր զգում, Անդրանիկն ասաց՝ արի տանեմ մեր հանդերում մի քիչ ման եկ՝ շունչդ բացվի: Օսեփն էլ միացավ ու երեքով գնացին կրմիզուկի: Անտեր կրմիզուկն էլ որտեղ թեք ու զառիվեր է՝ այնտեղ է բուսնում, մինչեւ մի փունջ քաղում ես՝ հոգիդ բկիդ է հասնում: Անդրանիկին՝ ի՜նչ, մեկ այստեղ է, մեկ էլ տեսար լանջն անցավ: Մեխակը շուտ հոգնեց, մեկնվեց գետնին ու՝ կրմիզուկին էլ, կրմիզուկի տիրոջն էլ: Օսեփ ապան չհոգնեց, ութանասուն տարիքում չհոգնեց:
Մեխակը նայեց Օսեփին ու մտածեց՝ ժամանակի մերը չմեռնի՝ իրենը առանց հարցնելու է առնում:
- Էս հիվանդություններից կլինի, մեր Ներսեսի մեծն էս քանի օրը քիթը կախ էր գցել,- ասաց Անդրանիկը ու հայտնի չեղավ՝ Օսեփին սիրտ տալո՞ւ, թե՞ Մեխակից հաստատում ստանալու համար է ասում:
- Կանցնի, ի՞նչ է եղել, որ չանցնի, մոռացել ե՞ս Խաշար խութի կրմիզուկը,- հիշեցրեց Մեխակը:
- Լավ օր էր, ձորի աղբրին էլ հաց կերանք:
- Էս տարի էլ եմ տանելու,- Օսեփի աշխուժանալուց ուրախացած ասաց Անդրանիկը:
- Օսեփ ապա, Անդրանիկի հետ մի տեղ կարելի՞ է գնալ, անունն էլ լավ հարեւան է: Կրմիզուկի լավերը քաղում է ու կանչում, թե՝ տեղը գտել եմ՝ եկեք: Մինչեւ հասնում ենք՝ Անդրանիկ չկա: Թե լավ հարեւան ես՝ գնա բեր ու մեզ էլ համեցեք արա: Ճիշտ չե՞մ ասում, Օսեփ ապա: Մենք էլ նրանց տունը հո ձեռքներս ծափ տալով չենք գնալու:
- Էդպես էլ կարելի է,- խոնարհ ասաց Օսեփը եւ այդպես հեզ ասելը նորից ոչ Անդրանիկին դուր եկավ, ոչ էլ՝ Մեխակին:
Այսպես խոսեցին մնացին, հետո նկատեցին, որ Օսեփը աչքերը փակել է, վեր կացան, որ դուրս գան, Անահիտ հարսը չթողեց: Չուզեցան գլուխը կտրված հարսի խոսքը կոտրել, մնացին: Քիչ հետո թոռ Ավետիքն էլ եկավ: Անահիտ հարսը սեղան գցեց, Անդրանիկը ցանկացավ թաքապահուստ օղին բերել, բայց հարսը չթողեց, ասաց՝ մեր տունը առանց խմիչքի չի ու չբացված կոնյակի շիշը դրեց սեղանին:
- Օրհնվի ծիծդ,- մտքում ասաց Անդրանիկը ու հիշեց Օսեփի ջահել գնացած Գրիգոր որդուն, Ավետիքն էլ Ավետիքը չի, Գրիգորն է էնտեղ դրած: Անահիտ հարսը նստեց ու Գրիգորի երկու որբերին մեծացրեց: Ջահել էր, շատ էր ջահել, բայց արդար կաթ էր կերել, կեսրայր պահեց, երեխա պահեց, աղջկան մարդու տվեց, Ավետիքն էլ ահա այսպես կամաց-կամաց հասնում է: Քարի փոքրը չի մեծանում, մարդու փոքրը մեծանում է: Է՜, աշխարհքի հոգսերը ինչո՞ւ էսքան շատ են՝ այս մտածումից Անդրանիկը իրեն ճնշված զգաց:
- Օսեփ ապա, մի-մի խմենք լավանանք,- Մեխակը կոնյակի շիշը բացեց ու լցրեց բաժակները: Ավետիքի բաժակն էլ լցրեց: Անահիտ հարսը ասաց՝ երեխա է, ասաց, բայց խոսքը դեռ բերանում հասկացավ, Անդրանիկն էլ հասկացավ, որ Ավետիքը պետք է կարողանա բաժակ բռնել, ու Մեխակը նրա համար էր լցրել բաժակը, որ երեխան սովորի ձեռքը բաժակ առնելը, ամեն տանը մեկը պիտի լինի, որ բաժակ բռնել իմանա, որ Օսեփ ապան պրծնելու վրա է...


*  *  *

Հարսն ամեն օրվա պես ուտելիք պատրաստեց, թեյամանում գույն բռնեց, բակից մի քանի թեւ կանաչի պոկեց, լվաց դրեց երես ամանում, պանիր է, երկու թերխաշ ձու՝ մեկը կեսրայրի, մյուսը՝ Ավետիքի համար, ձեւի համար օղու կիսատ շիշն էլ դրեց, չնայած Մեխակի բերած բժիշկը խիստ պատվիրել էր խմիչք չօգտագործել ու տաք տված հացը փաթաթեց սրբիչի մեջ ու Ավետիքին պատվիրեց.
- Հացը պատրաստ է, միասին կուտեք: Շուտ չգնաս դպրոց, դասերդ պատրաստիր՝ հետո գնա, դպրոցը չփախավ, խաղն էլ չի պրծնելու, դասերդ պատրաստիր՝ հետո գնա,- նորից կրկնեց մայրը, հաստատ իմանալով, որ ավելորդ է ասում, Ավետիքի սիրտը դպրոցի վրա չի, պապի վախից է դպրոց գնում, մի տարի է գլուխը տանում է, թե ինձ տար երեկոյան, որովհետեւ չսովորելով էլ երեկոյանում փոխադրվում են: Գուցե մտքում ինքն էլ համաձայն է, բայց Օսեփ ապան դեմ է, որ դեմ է՝ ուրեմն դեմ է, Ավետիքը պետք է սովորի ցերեկայինում:
Օսեփը աչքը փակել, մտքերի մեջ է, իսկ հարսը կարծում է, թե քնած է: Վերջերս շուտ-շուտ հիշում է Գրիգորին: Սանամին ու եղբոր Սարգիսին էլ է հիշում: Բայց Գրիգորին՝ ամենից շատ: Չապրեց, ջահել գնաց: Երեսունն էլ չկար: Կիրակի օր եկան ետեւից. ընկերոջ մեքենան փչացել էր, եկան, որ տանեն: Անահիտը փոխնորդը պատրաստել էր՝ պետք է գնար բաղնիս ու ետեւից եկան: Գրիգորս մեքենայի տատմերն էր, ձեռքից բան չէր պրծնում։ Մեքենան սարքեց, գործի գցեց ու գնացին մի տեղ մի կտոր հաց ուտելու: Ջահել էին, իրենց չափը չէին իմանում, խմած իրենց տվեցին վթարի: Պիտի կատարվեր՝ կատարվեց, մարդ իր ճակատագրից ո՞ւր պիտի փախչի: Բայց ճակատագիր գրողի ձեռքը ինչպե՞ս զոռեց այդպես որոշել:
Ավոն ուզում է հոր արհեստը սովորել: Օսեփը դեմ չի, բայց դպրոցն ավարտի՝ հետո, մի քիչ խելք հավաքի, մի քիչ էլ ձգվի-ամրանա, դեռ շատ է մատղաշ:
Գրիգորս գնաց, Սանամը գնաց, եղբայր Սարգիսը իրենից շատ էր ջահել՝ գնաց: Սանամը լավ կին էր, հավատարիմ, Սանամը մենակ կին չէր իր համար, թիկունքում կանգնած ախպեր էր: Գրիգորի մահին չդիմացավ, շուտ գնաց որդու ետեւից: Հերթը հասել է իրեն: Օսեփը զարմացավ, որ այդպես խաղաղ մտածում է իր մահվան մասին: - Ավետիքիս հարսանիքը չեմ տեսնի,- ափսոսաց նա ու գլուխը խուժած մտածումներից հոգնած, թե անհասկանալի մի ծանրության ճնշումով աչքերը փակեց ու ոչ այն է քնեց, ոչ այն է՝ իրեն տվեց մոռացության:
Զուլալ մի հանդարտություն նկարվել էր Օսեփ ապայի դեմքին: Արեւի թեք շողերը ավելի էին ընդգծում մաշկի թափանցիկությունը: Զարմանալի գեղեցկություն էր իջել ծերունու վրա:
Ավետիքը աղմկելով խուժեց ներս, ոտքի վրա ձեռքն ընկածը արագ-արագ կերավ ու պայուսակը թեւատակը քաշելով վազեց դուրս: Մատղաշի այս խենթությունը հեռավոր ծլնգաց Օսեփի հոգում, փորձեց իրեն հիշել այս տարիքում ու չկարողացավ: Դա նրան վատ նշան թվաց, բայց ներքուստ իրեն հավատացրեց, որ հիշում է վաղուց մարած մանկությունը:
Կեսօրվա մոտ Օսեփ ապան իրեն լավ զգաց, ինքն իր ոտով գնաց ոտած ճանապարհ, երբ Անդրանիկը եկավ, որ օգնի, արդեն գնացել-եկել էր:
- Օսեփ ապա, աչքով չտամ, լավանում ես,- եւ իր այս միտքն ամրապնդելու համար Անդրանիկը ավելացրեց. - Կեր, որ շուտ լավանաս:
Քիչ անց, կարծես իրար հետ պայմանավորված, եկան Ապավենը, Աղվանը, Մեխակը: Սիմոնը մի լիմոն, թղթի մեջ փաթաթած, դրեց Օսեփի սնարի մոտ: - Աղվեսի տղան ամեն ինչ իմանում է,- մտքում ասաց Աղվանը ու ցանկացավ մի խոսք գցել Սիմոնի հասցեին, բայց մեկ էլ մտքից ետ կացավ՝ դրա տեղը չէր: Իրար օգնելով Անահիտ հարսի պատրաստած ուտելիքը զոռով ուտեցրին ծերունուն: Ոնց որ ոչինչ չէր պատահել, նախկինի պես սկսեցին ասել-խոսել: Եվ Օսեփն էլ կարծես նույն ժիրն է, Սիմոնին է խոսք գցում, Ապավենի անպարկեշտ խոսքից չի խոժոռվում, իսկ Աղվանն էլ օգտվելով Օսեփ ապայի տրամադրությունից, նրան դարձնում է անցած հուշերին:
Հարյուր, հարյուր՝ չէ, հազար, հազար անգամ Օսեփ ապայի պատմածը Աղվանը նորից ուզում է պատմել տալ:
- Վայ թե մոռացե՞լ ես,- խտուտ է տալիս Ապավենը:
- Դա մտահան անելու է՞, որ ասում ես,- Օսեփ ապան նախկինի պես տեղում հարմարվում է, մի վայրկյան սպասում, որ բոլորի ուշադրությունը ժողովի: - Ի՜նչ սիրուն քաղաք է Վրոցլավը, կարողանաս մի անգամ էլ գնաս տեսնես. փողոցները ուղիղ, տները ծառաստանի մեջ կորած, իսկ կնանիք էլ, ճիշտը լավ է, առանձին սիրուն չեն, բայց կրակի կտոր են:
- Էդ ինչի՞ց էիր իմացել, Օսեփ ապա, վայ թե ջահելություն ես արել,- աչքով է անում Աղվանը: Ապավենը հաստատում է Աղվանի ասածը:
- Տնից հեռու՝ խղճից հեռու:
- Ինձ կսազի՞, Ապավեն, ի՞նչ երեսով պիտի մեր Սանամի երեսը դուրս գայի,- եւ որպեսզի Ապավենի լեզվախածերը կանխի, Օսեփ ապան անցնում է բուն պատմությանը.- Մի օր գնդապետ Յուրչիշինը կանչում է, թե Օսեփ Եփրեմիչ, էսպես ու էսպես, հիվանդություն է կպել ինձ, կինս էլ մինչեւ մի շաբաթը էստեղ է, փրկիր ինձ:
Ապավենը իբր անտեղյակ է, անհասկացողի մեկը, Ապավենը անմեղ հարցնում է:
- Ի՞նչ հիվանդություն էր, որ բժիշկն էլ դու եղար:
- Անունը ասեմ՝ մտքումդ լավ պահիր: Սանմասի ֆելդշեր Միշինն էր ասել ու մինչեւ հիմա մտքումս սեպվել մնացել է՝ պետիկուբիս: Ոջիլի նման մի բան:
Աղվանը Ապավենի կողը բոթում է.
- Ամեն տարի սեզոն ես գնում, կարող է պետք գա:
- Զալում-գալումիս տղան,- նույն աշխուժությամբ շարունակեց Օսեփ ապան,- կնանուց հետ սեր էր արել, սրանք էլ գնդապետիս սիրելու հիվանդություն էին տվել: Բա՜: Մինչեւ մի շաբաթը Յուրչիշինիս լավացնում եմ ու հանձնում կնոջը: Կինն էլ ի՜նչ կին էր, կնիկ արմատի էդպիսի սիրունը կյանքումս չեմ տեսել: Իսկ ո՜նց էր սիրում ամուսնուն: Որ մարդն ասեր՝ գնա մեռիր, կգնար: Էս դեպքից հետո ինձ ներկայացրեց մեդալի:
Արդեն ուշ էր, որ հյուրերը գնացին: Բոլորն էլ այն մտքին էին, որ Օսեփ ապան լավանում է: Լուսադեմին Անդրանիկը ծեծեց Մեխակի դուռը եւ իրեն մի կերպ զսպելով ասաց.
- Օսեփ ապան չկա:
Ուրեմն Օսեփը չկա: Մարդը կար ու հիմա չկա: Տարել են դրել հողումը ու՝ ոչ կար, ոչ էլ եղել է: Մարդս այս վերջի համար է՞ր այնքան տանջվում-չարչարվում: Որ մի օր տանեն հողում դնեն, գան ողորմաթաս ասեն ու դրանով ամեն ինչ պրծնի գնա...
Հոգեհացը վերջացել է արդեն, մարդիկ սեղանից վեր են կացել ու թուփակ-թուփակ հավաքվել են ու չեն ուզում ցրվել: Պահանջ են զգում խոսել, որ սրտի մեջ կուտակվածից ազատվեն: Որ հոգիները թեթեւանան, որ կարողանան մյուս օրերի նման ապրել, կարողանան Օսեփ ապոր մասին անցյալ կատարյալով խոսել, Անդրանիկին երանի տան, որ կարողանում է գործի արանքը ճղել ու գնալ իրենց գյուղի հանդերը ու բնության անմեղ ծոցումը մի կտոր հաց արդար կտրել:
Ողորմաթասերը մի քիչ երկարել էին ու մարդկանց գույնը կարգին պարզվել էր: Ողորմի քեզ, Օսեփ ապա, սա քո խոսքն է ու ողորմի խոսքն էլ արդեն բռնում-սազում է քեզ:
Զաբելի մի ամանում հիվանդ Անդրեասի համար հոգեհացից բաժին էր տանում: Ապավենը նայեց Զաբելի ետեւից ու նկատեց, որ կինը վերջերս կարգին չաղացել է: - Կարգին էլ լավանում է,- մտածեց նա եւ Զաբելին ձայն տվեց.
- Վաղիկին ուղարկիր բաղնիսի տոմս վերցնի:
- Լավ,- մտքում չարացավ Զաբելը,- նայիր՝ չուշանաս,- ու որոշեց, որ ինքը բաղնիս չի գնա: Մինչեւ հիմա դեմքը վառվում է Ապավենի ապտակը հիշելիս. մի պատճառ լիներ խփեր, գոնե հոր մոտ չխփեր. խեղճ մարդը եկել էր, բախտավորը նրանց գլխին, մոր հետ եկել էին տեսության ու մի աննշան բանի համար ապտակ է տալիս, թե ինչու է ասել, որ երկու երեսանի մայրեր կան եւ իբր թե այդ խոսքն ասելով ակնարկ է արել սկեսրոջը: Իբր թե սուտ է, ո՞վ չի իմանում, որ Ապավենը բոլորից տուժածն է եւ նրա մոր՝ որ բարով իր սկեսրոջ հոգին ու հավատը փոքրի հետ է:
- Վաղիկին ասա՝ շուտ գնա գա:
- Լավ,- իսկ մտքում ասաց՝ Վաղիկի ցավը քո մոր բկին վեր գա:
Խոսում էին դեսից-դենից: Հավաքվածների խեղդված ծիծաղները եւ այս առտնի զրույցները այնպես անհարիր ու անհամատեղելի էին, կարծես նոր չէին Օսեփին հողումը դրել: Մարդուս լինել չլինելը՝ ոնց որ ծառից մի տերեւ պակասի: Այդ բոլորը կարծես խաղ է, կարծես իրականն այն պետք է լինի, որ դարպասը բացվի եւ Օսեփ ապան կիսավերարկուն ուսովի գցած ելնի փողոց:
Թուփակ-թուփակ հավաքված մարդիկ հիշում են Օսեփին, ամեն մեկը մի բան է հիշում եւ խառն-անորոշ զգացումը մի քիչ գինով նրանց երեւակայության մեջ ավելի է բորբոքվում:
- Երեկ չէ մյուս օրը գնդապետ Յուրչիշինի մասին էր պատմում: Ոչ հիվանդ, ոչ բան: - Աղվանը նստում է մայթի եզրին հարմարեցրած նստարանին ու տեղ անում, որ մյուսներն էլ նստեն: Սիմոնն էլ նստի: Հակոբը մնում է ոտի վրա, գավազանը փորին դեմ արած կանգնած:
- Թող կանգնի,- մտքում ուրախանում է Աղվանը ու կարծես հենց Հակոբին դիմելով խոսքը շարունակում է.- Ի՜նչ մարդ էր, բերանում սուտ ասել չկար, ասեր՝ նեմեց եմ սպանել, տանկ եմ խփել, ո՞վ պիտի հակառակեր, ոչ ականատես ենք, ոչ վկա, բայց մարդը իր արդար բերանը ստի չէր սովորեցրել:
Աղվանը ասում է ու նորից նայում Հակոբին: Հակոբը ինչ-որ բան է փնթփնթում, ու հավաքվածներն այն են հասկանում, որ Հակոբը ուզում է գնալ կռվի մասնակիցների խանութից հասանելիք իր մթերաբաժինը ստանալու: Ու ձեռքի գավազանը, որ Երեւանի տղան է ուղարկել, դիմհար անելով գնում է, մտքում արհամարհելով բոլորին՝ բոլորիդ էլ թաղելու եմ, մեկ-մեկ. մեծ լինի, փոքր լինի՝ իմ ձեռքով եմ թաղելու: Ու գավազանը խփում է մայթեզրի քարին: Շանորդիք:
Իսկ Օսեփը կյանքում չհաշտվեց Հակոբի հետ, երեսանց խոսում էր Հակոբի հետ, բայց չէր սիրում: Թե ինչ էր տեղի ունեցել նրանց միջեւ, ոչ ոք չգիտեր, ու գաղտնիքը Օսեփ ապան իր հետ տարավ գերեզման: Հակոբը մինչեւ կռիվը նշանվել էր Օսեփի քրոջ հետ, բայց Օսեփը կռվից եկավ ու ասաց՝ դա լինելու բան չի։ Ի՞նչ է եղել, մի շապիկում եք մեծացել, միասին ռազմաճակատում կռվել եք, ձեր ընկերությունն արյունով եք կնքել: Օսեփը դեմ կանգնեց, Հակոբն էլ շատ չստիպեց ու այդպես նրանց գժտությունը մնաց գաղտնիք: Հետո փսփսացին, որ իբր Հակոբը օճառ է կերել բանակից ազատվելու համար, ուզեցել է գերի ընկնել, ինքն իրեն վիրավորել է ու նման այսպիսի մեղադրանքներ: Օսեփը ոչ հաստատել է, ոչ էլ ժխտել, ամեն անգամ հեռու է կացել այդ զրույցներից:
Այսօր Հակոբը բոլորին էլ վատ երեւաց, բոլորի աչքում փուշ թվաց ու լավ է, որ հեռաքաշ տալով գնաց, թե չէ Ապավենը մի խոսք պիտի ասեր, Աղվանը կրակին նավթ էր ավելացնելու, Անդրանիկը միջամտելու ու մարդկանց ուզենալու էր հաշտեցնել, ու դրանից Մեխակը բորբոքվելու էր ու Օսեփի ողորմաթասը դառնալու էր ջուրն ածած: Հակոբը գավազանն առաջ մղելով գնաց, ու հավաքվածներն ակամա նայեցին նրա ետեւից: Ամեն մեկը իր ձեւով այդ րոպեին չէր սիրում նրան, իսկ Ապավենը չկարողացավ բերանը եկածը չասել.
- Ես քո սուտ կաղի տվող ոտքերը... քո առաջին կարգի ինվալիդ ոտքերը: - Եվ Ապավենի այս մի հայհոյանքն այնքան էր վայրիվերո, որ Մեխակը չկարողացավ պահել բարձր ծիծաղը, հետո ձեռքը դրեց բերանին.
- Հարյուր տարի հայհոյում ես, չսովորեցիր կարգին:
Փողոցի գլխին երեւաց Սիմոնի ալկոգոլիկը: Կարոն օրորվելով գալիս է ու պարզ երեւում է, որ ուղղությունը հավաքված մարդկանց վրա է:
- Հայ տղա եմ, հայ,- երգելով մոտենում էր:
Սիմոնը ուզեց աննկատելի գնալ, բայց Աղվանի աչքից բան կխոտորվի՞: Աղվանը նկատեց, բայց չխոսեց, Սիմոնը այսօր մի մեծ ծաղկեփունջ էր դրել Օսեփ ապոր թարմ գերեզմանին, ու բոլորը գնահատեցին այդ: Սիմոնը չի սիրում, որ հարեւանները իրենից ծաղիկ են ուզում, չի սիրում: Բայց չուզենալով տալիս էր, որովհետեւ Օսեփը չէր խնայի՝ կասեր ու վատ ձեւով կասեր, ինչ-որ հարկավոր էր՝ կասեր, ու Սիմոնը Օսեփի բերանից վախենում էր ու ծաղիկները կիսագին տալիս հարեւաններին: Հարեւանները գուցե չէին էլ իմանում, թե Սիմոնը գիտի, որ Օսեփի, հեռու նրանից, մեծառեխ բերանից էր վախենում: Սիմոնը շտապեց որդուն ընդառաջ, որ շուտ տանի տուն՝ պարտակի: - Օսեփի տեղ դու մեռնեիր, էլի,- մղկտաց Սիմոնը,- որ պատիվս տափը չկոխեիր: Ուրիշների աչքին իր ծաղիկներն են երեւում, իսկ նա երանի է տալիս Հակոբին, որ Երեւան-Մոսկվա գեներալ տղաներ ունի՝ մեկը, ասում են, թեկնածու է, մյուսն էլ՝ մեծ գործարանի դիրեկտորի տեղակալ է: Իմն էլ ալկոգոլիկ Կարոն է: Բախտավորը գլխիս: Հասնելով հարբած որդուն, Սիմոնը քաշեց նրա ձեռքից ու ոնց-որ հորթին են քարշ տալիս, այդպես քարշ տալով տարավ տուն:
- Վա՜յ, Օսեփ ապա, քո պրծնելն էլ այսպես հեշտ ու հասարակ եղա՞վ: Կարծես ոչ եղած, ոչ տեսած:
Անդրանիկը ամեն-ինչ իր ձեռքով պարտակեց, ասաց իմ հոգու պարտքն է՝ պիտի տամ. իր ձեռքով լողացրեց դրեց դագաղում, բոլորին ուղարկեց քնելու, ինքը գիշերը մնաց կողքին արթուն: Ամբողջ ժամանակ աչքից արցունք չկաթեց, բայց երբ դիակը հանում էին տնից, երբ Անահիտ հարսը «հայրիկ, վա՜յ» արեց, Ավետիքը իր տղայական կերկեր ձայնով «պապիկ» ասաց, Անդրանիկը չկարողացավ իրեն պահել՝ փուլ եկավ: Ուսերը ցնցվեցին ու, այն է, դագաղը պիտի ուսից գցեր, բայց Աղվանը ժամանակին մտավ դագաղի տակ ու Անդրանիկին ասաց.
- Դուրս եկ:
Ապավենը Զաբելի հետ գնաց բաղնիս: Զաբելը չէր ուզում, մեռելահացի սեղաները չէին հավաքվել, հարեւանի պարտքն է օգնել, բայց Ապավենի կեղտաբերան խոսքերից խուսափելու համար, էս տխուր օրը իրենց չխայտառակելու համար, ամաչելով, գետինը մտնելով, հեռաքաշ տալով գնաց: Ապավենին ասաց՝ առաջ դու գնա հերթի սպասիր, ես հիմա գալիս եմ, ձեռքիս գործ կա, վերջացնեմ՝ գամ: Դիտավոր ուզում էր ուշանալ, որ մարդիկ գլխի չընկնեն ու Ապավենին հորդորելով տնից հանեց, ինքն որոշ ժամանակ անց դուրս եկավ ու գնալու տեղը թաքցնելու համար Վաղիկին էլ տարավ իր հետ, ճանապարհին խանութից կես կիլո Վաղիկի սիրած պրաննիկից առավ, դրա ժամանա՞կն էր, երկու ամիս է Ապավենը աշխատանք չի բերում, հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց խեղճն ի՞նչ աներ, մարդիկ իմանան՝ ի՞նչ կասեն, չեն ասի՞, չեն թքի-մրի՞: Զաբելը ինքն իրեն ուտելով գնաց ու մտքում հաստատ որոշեց, որ Ապավենի էս մի քմահաճույքը չի կատարի: Որ բաղնիսում էլ մնամ:
- Որ էդպես հանգիստ զրուցում եք, սեղանները ո՞վ է տանելու իրենց տերերին:
Երանն է, որ ճաշաքամիչը ձեռքին, դուրս է եկել փողոց ու աչքերը ոլորում է Անդրանիկի վրա:
Աղվանը նկատում է, որ Անթառամը սեղաններից ամանները հավաքում է, շտապում է օգնելու: - Ոնց էլ Աղվանը լավ օգնում է՝ բավականությունը դեմքին, Անթառամին աչքերով ուտելով, ձեռնասուն գառան պես հլու-հպատակ,- մի անգամ էլ քո կնոջը էդպես օգնեիր,- երեսի ժպիտն էլ չի թաքցնում: - Մեխակը չի կարողանում իրեն պահել:
- Սեդա Փառավոնովնա, Աղվանը լավ օգնում է:
- Ես քեզ նման հպարտ չեմ, ամեն բանում էլ Սեդա Փառավոնովնային կարող եմ օգնել: Որ ջանս էլ դուրս գա:
- Դու էլ օգնիր,- եւ Անթառամը դեմքին խաղացնում է իր անկասելի ժպիտը:
- Որ քեզ օգնեմ, Աղվանին խանգարելու եմ:
Անթառամը տեսնելով, որ փողոցի ռեխահաչ տվողները սուգ-տխրություն չեն ասելու, կանխեց.
- Որ դու էլ օգնես՝ շուտ կվերջացնենք: Էսօր կինոյի վերջին սերիան է, բաց չենք թողնի:
- Միասին էլ կգնանք կինո նայելու, մերը գունավոր է, կգնանք մեր հեռուստացույցով կնայենք:
Մեխակը ցանկացավ պատասխանել, բայց մեռելատանն էր, հետո հիշեց, որ կինը գնացել է հերթապահության, գնաց մորն ուղարկելու տուն՝ երեխաներին նայելու:
Աման-սեղան հավաքվեց, հավաք-տեղակ արվեց, Աղվանը Անթառամին զոռով տարավ իրենց տուն՝ կինոն գունավոր նայելու, Անուշավանը եկավ կնոջ ետեւից, որ հիշեցնի կինոյի մասին եւ իմանալով, որ Աղվանի հետ գնացել է նրանց տուն, այլեւս կինո նայելու տրամադրություն չունեցավ ու սկսեց Անդրանիկին օգնել:
Վերջում մնացին Երանը, Անդրանիկը, Անուշավանը: Մի քիչ նստեցին մնացին, հետո Երանը Անուշավանին ասաց՝ շնորհքդ շատ լինի, գնա հանգստացիր, իրենք էլ վեր կացան ու բարի գիշեր ասելով գնացին:
Երեկոյան Անահիտ հարսը եւ Ավետիքը մնացին մենակ: Շատ էր լացել ու դրա համար հարսի գլուխը ցավում էր: Գլուխը մի շոր կապեց ու սեղանի կողքին մնաց նստած: Կարծես այլեւս անելու բան չկա, կարծես ժամանակը կանգ է առել ու գլուխը ձեռքին հենած, աչքը հառած մի կետի, խորասուզվել է մտքերի հետ: Տանն ամայի լռություն էր տիրել, որից սիրտը կուչ էր եկել:
Այսպիսի մի ամայություն պատել էր նրան ամուսնու մահից հետո, երբ ինքը ընդամենը քսաներեք տարեկան էր, ընդամենը չորս տարվա հարս: Կեղեքող լռությունը, որպես ծանր մի հիշողություն, սողոսկեց Անահիտ հարսի սիրտը ու վախը պատեց իրեն:
Երեկոն ծանր ճնշելով խորանում էր: Մնացել են մայր ու տղա: Հեռավոր հուշի վախը հետապնդում էր, հիշեցնելով, որ մայր ու տղա մենակ են ու անպաշտպան: Նա ցանկացավ բարձրանալ տեղից ու մի բանով զբաղվել, բայց չիմացավ, թե ինչով զբաղվի:
Ինքը նստել է սեղանի մի ծայրին, Ավետիքը մյուս ծայրին ու երկուսով մնացել լուռ: Տեսնես Ավետիքը ի՜նչ է մտածում: Ուզեց հարցնել, բայց մի տեսակ վախեցավ իր ձայնից: Անսպասելի Ավետիքի կրծքից մի թառանչ դուրս եկավ: Մայրը նայեց որդուն, որդին մորը նայեց, իսկ զուլալ արցունքները կախվեցին երեխայի թարթիչներից: Երկուսն էլ այդ րոպեին իրենց որբ էին զգում: Միայն հիմա զգացին, որ Օսեփ ապան չկա ու այլեւս չի լինելու: Այդ միտքը նրանց անարդար դաժան թվաց:




ԱՆԴՐԵԱՍ

Սպիտակ ձյան վրա քջուջ անող մրոտ ճնճղուկը ավելի կեղտոտ էր երեւում: - Երեւի ցրտից պատսպարվելու համար ծխնելույզներում է մնում,- մտածեց Անդրեասը: Փոքրիկ թռչնակի անապահովությունը կարծես փոխանցվում էր նրան ու տխուր մտածումներ ծնում: Մի ամիս հիվանդ պառկած է եւ այդ զգացումն անընդհատ ճնշում է:
Կամոյի մահվանից հետո կարծես ոտքի տակի հենարանը փախցրին, նա իրեն այլեւս հաստատ չէր զգում: Ամենանեղ օրերին էլ այդպիսի զգացում չի ունեցել եւ ինչքան աշխատում է իրենից վանել, չի կարողանում: - Մեղավորը Կամոն է,- դառնությամբ մտածեց Անդրեասը եւ պատուհանից շրջվելով, մտքերով գնաց դեպի վաղամեռիկ որդին:
Ի՜նչ տղամարդ տղա էր. աշխարհի չափ սիրտ ուներ, կոռնումը կար, խելքումը կար: Բայց Աստծո աչքը վրան էր, վեր կալավ տարավ: Կամոս տանելու տղամարդ է՞ր, ես քո հոր հոգին անիծեմ: Եվ Անդրեասը մորմոքած սրտով հայհոյում էր երկնայինին, հայհոյում էր անպարկեշտ խոսքերով, որ սրտին հովություն բերի: Բայց՝ չէ, աշխարհքն էլ տուր՝ հովություն չի լինի, մինչեւ մահ-գերեզման մորմոքելու է:
Հոգին ու հավատը Կամոյի հետ էր: Ինչի՞ց էր՝ չէր իմանում: Մյուս երկուսին էլ է սիրում, իր արյունը ո՞նց կարող է չսիրել, բայց էս մեկով թեւ էր առնում որ թռչի, տեղը եկած տեղը հպարտանում էր ու չէր ամաչում: - Կամոս կթողե՞ր, որ ամաչեմ, ես քո հոգին ուտեմ, ես քո անտեղյակ ցավին մեռնեմ: Ներքեւի շրթունքը դողում է, ուզում է ծխախոտ վառել, բայց չի կարողանում լուցկու հատիկն ու կեղեւը իրար բերել:
Անդրեասը միջնակի մեջ իր դրսեւորումը կատարյալ էր տեսնում, երեւի իր բնույթից շատ էր լցվել նրա մեջ եւ հպարտանում էր, ինչպես ստեղծագործողը կարող է հպարտանալ:
Մեկ-մեկ գիշերները Անդրեասի մտքովը էն միտքն է անցնում, որ երեւի հոգին ծռել է երեխաների հարցում եւ դա Աստծոն լավ չի թվացել: Դե որ ամեն ծուռ էդպես ես լուծում, աշխարհքը էն գլխից ծուռ է ու ծուռ՝ ամեն ինչ տուր ոչնչացրու, էլի՜: Եվ առաջինը Անդրեասին տար, որ էս անկեզ ցավից ազատվի-պրծնի: Հետո Անդրեասը հանդարտվում է իր մեջ, սփոփանքի մի պճեղ դնում չկեղեւակալվող վերքին: - Երկնայինի բանն անքննելի է,- մտածում է նա,- Կամոյին տարել է ու իրեն պահել, որ իմանա, թե իր ստեղծածը ինչքան կարող է դիմանալ ցավ ու տանջանքի: Հաջորդ պահին Անդրեասի ներսում ընդվզումի ալիքը լափու է տալիս՝ վա՜յ, ես քո արդար ասողին...
Աստված մյուս երկուսից քաշել էր տվել Կամոյիս: Էդ երկուսը նվազ են ստեղծվել: Թե ինչ պատճառ է, որ մեծն ու փոքրը թույլ դուրս եկան, Անդրեասը դժվարանում է բացատրել: Արեւհատը համարյա երեխա էր, որ Վարշամին բերեց: Մեծը որ բանի պետք չէ: Ներսը փուչ է, թոքը մաքուր չի, քանի՜ անգամ է դանակի տակ ընկել, մի կերպ ճարուճուրով պահում են: Անդրեասը նայում է Վարշամին ու տեղը չի տալիս, որ նստի: Վարշամը ժաղա արած լսում է, թե ոնց են Աղվանը, Ապավենը, մյուս անբանները լեզուները քորում սրա նրա հասցեին: Անպարկեշտ խոսում են ու քռքռում, Սիմոնն էլ կրակի վրա չոր չոփ է դնում, որ զրույցը բորբոք մնա: Հարսը բլուզը տանում է Վարշամին: Մարդ էդ շոգին ճաքվում է, բայց Վարշամը բլուզը հնազանդ առնում է մեջքին ու շնորհակալություն ասում, ասում է՝ մերսի, ջանս: Ոնց էլ լավ էլ սովորել է երեւանների խոսքերը: Շան որդին քեռոնց է քաշել՝ կնկա փեշում ձվածեղ ուտող քեռոնց: Մերսի, ջանս, ջան ու ղուրբանս, էշի քուռակ, կատվի մլավոց, ախմախ շան որդի: Մեջը իր ցեղի պողվատը չկա, իր ցեղի տղամարդիկ ուժեղ են լինում ու սարթ:
- Մենք սարթ ենք,- ներքին հպարտությամբ մտածեց Անդրեասը,- մենք կամ շիտակ ու կանգուն ենք լինում, կամ ճռնչալով ջարդվում ենք, մեզ կռանալ-ծմռվել չկա: Կամոս՝ դրա օրինակը:
Աղվանի մկանները անթեւ շապիկի մեջ տրաքտրաքոցին են տալիս, Ապավենի կրծքերի փրչոտությունից տղամարդու հոտ ես առնում, իսկ իրենը էս շոգին բլուզի մեջ փաթաթվել է, ճկույթի եղունգներն էլ երկար թողել է, նայում ես ու սիրտդ խառնում է, թեւերն էլ չոփեր՝ բարակ ու սաքուլ, թերխաշ ձուն մի պուճուր ծակիր ու էդ չոփերով խառնիր: Ներսում եռաց, փրփրեց. շան տղի տղա, մի քիչ ուժ ունեցիր մեջդ, էլի՜, գրագիտություն չունես, որ սեղանի հետեւը նստես, ուժ չունես, որ բահ վերցնես, ոչ լծի ես, ոչ կթի, քեզ ի՞նչ կանեն: Պահակ է աշխատում, պահեստների վրա պահակություն է անում: Թե ներսից բան-ման դուրս են տանում, մի քիչ գցում են ռեխին ու էդպես տու է պահում: Ամառը գալիս է երկու ամսով «օդափոխվելու»: Մարդու տղան օդափոխվելու է գալիս: Մի ամիս օրինական արձակուրդն է, մի ամիս էլ հաշմանդամության համար: Թող մնա, թող կազդուրվի, թող այդ երկու ամսվա ծախսը ետ գցի, որ կարողանա ծայրը ծայրին բերի: Ինքը հին ոսկոր է, դեռ կարող է աշխատել: Բայց վիրավորականը ինչ է՝ իրենից պոկածը աշխատանք են իմանում: Անուշավանն էլ նույնը:
- Եթե կարելի է, մի բաժակ ջուր տուր:
Կնկանն է ասում: Խե՜ղճ, տղամարդը կնկանից ջուր է ուզում խնդրելո՞վ: Մարմնի մեջ ուժ չկա՝ դրանից է, տունը պահողը կինն է, ինքը ձեւի համար է: Գոհություն, որ կինը լավը դուրս եկավ, թե չէ մեկ ուրիշը լիներ, գլուխը կերել էր արդեն: Փառավոնի աղջիկը լիներ, հիմա նրա գերեզմանին մի կեզ խոտ էր աճել:
Անուշավանը Վարշամից խեղճ դուրս եկավ: Վա՜յ հոգի, գուցե Անդրեասը Արեւհատին խմած է պաչել, դրա համար սերմը թույլ է ծլել: Անուշավանի նկատմամբ Անդրեասը մեղավորության զգացում ունի: Անուշավանը գլուխ ունի, բայց կամքից խեղճ է: Խեղճին էլ խոսք կա՞: Անդրեասն ամաչում է ընկեր-հարեւանի աչքին նայել, հարսի ոտքը դուրսն է: Փողոցում ծափ են տալիս, ծիծաղում, իսկ շան որդու լակոտը ականջները կախ՝ ամեն նետած լափ ուտում է: - Դա ի՜նչ մարդ-տղամարդ է,- չարությամբ մտածեց նա,- գարիով փոխած բան:
Կամոս ուրիշ էր, Կամոս կենդանի լիներ, մուկ բռնող Փառավոնի աղջիկը կկարողանա՞ր ձին ոնց ուզենար՝ քշեր: Կամոս թող չէր անի, կացինը կդներ վզին, մեջը պողպատ կար:
Աշխատանքից հետո ընկերներով գնացել էին խորոված ուտելու: Քաղաքից դուրս խորովածանոց կա, գնացել էին հատուկ այնտեղ գառան խորոված ուտելու: Տղայի սիրտը այդպես է ուզել, ուզել է ընկերներով գառան խորոված ուտել: Ես էդ տեսակ տղայի ցավերը առնեմ: Կերել-խմել են եւ ընկերներով դուրս եկել ճանապարհ, որ մեքենա նստեն գան: Բայց երեւի հակառակ օր էր, մեքենա չէր կանգնում: Վերջապես մի «քսանչորս» է մոտենում: Կանգնեցնում են. Կամոյի դպրոցի ընկերներից է՝ ի՜նչ լավ եղավ, որ դու եղար, ասաց, մեզ տար քաղաք,- նա թե՝ չեմ կարող, ապեր, ներիր, էսինչին սպասում եմ մեքենան քո՞նը չի,- իմն է,- էլ ի՞նչ կա՝ տար, քո էսինչին պիտի տանեմ, քո էսինչը դեռ նստած ուտում-խմում է,- չեմ կարող, խոսք եմ տվել,- բա ընկերությո՞ւնը: Տղայի քեֆը տեղն է եղել, գրպանից մեծ փող է հանել, թքել-կպցրել է էս անպիտանի ճակատին:
Դեպք է, ո՞ւմ հետ չի պատահում, բայց այս դեպքը Կամոյի սրտին ծանր է նստում ու որոշում է մեքենա առնել՝ «քսանչորս»: Խումբ է հավաքում ու գնում սեզոն: Լավ աշխատանք են անում, Կամոս աշխատող է, Կամոյիս ձեռքից գործ չի պրծնի, ինքը անում էր, ուրիշներին էլ հանգիստ չէր տալիս: Վերադարձին Երեւանով է գալիս, որ Մոսկվայից առած որոշ փալաս-փուլուս թողնի Վարշամի ընտանիքին: Սիրտը բաց արած դարպաս էր՝ ուզողը մտնում էր: Եկավ տեսավ Վարշամը հիվանդանոցում, կինն էլ՝ մոլորված, չգիտի ինչ անի: Վարշամի թոքը պետք է վիրահատվեր, իսկ պրոֆեսորի հետ խոսող չի եղել: Դատարկ ձեռքով պրոֆեսորի հետ ի՞նչ խոսես: Կամոն հասցեն վերցնում է եւ ուղիղ՝ պրոֆեսորի տուն: Ոչ զանգել, ոչ բան: Մտնում է տուն ու թե՝ ես քո հիվանդի եղբայրն եմ: Մինչեւ կխոսեին, կպայմանավորվեին, կինը սուրճ է մատուցում: Երեւանում հյուրին սուրճով են հյուրասիրում, բայց Կամոս ծուռումուռ անելը չէր իմանում, ասում է՝ կոնյակ կունենա՞ք, բեր ես ու պրոֆեսորը մի-մի բաժակ խմենք, որ մեր ծանոթությունը օրինավոր լինի: Կամոս համարձակ էր ու դա դուր էր եկել պրոֆեսորին:
Մի ամիս մնաց Երեւանում: Ով Վարշամին մի փոքր օգնել էր՝ լավություն արեց, չափսոսաց տվեց՝ պրոֆեսորին էլ, նրա օգնականներին էլ, բուժքույրերին էլ, սանիտարներին էլ: Հիվանդանոցում Վարշամին մինիստրի նման էին պահում: Մատաղ խոստացավ, Էջմիածնում մատաղ արեց: Ասաց՝ էս մի սեզոնս՝ իմ ախպորը: Ունքն էլ փոթ չգցեց, ասաց՝ աշխատող տղան էլի կաշխատի:
 Ու հաջորդ տարում... Հաջորդ տարում Անդրեասի մեջքը ծկթեց ու կոտրողն էլ եղավ։ Ինքնաթիռը երկնքում պայթեց, ու Կամոն ընկերներով մնաց Սիբիրի ծմակներում՝ անթաղ ու անգերեզման: Գոնե Կամոյիս դիակը բերեին, որ դիակի վրա Արեւհատը լաց լիներ: Կամոյի գերեզմանն ունենալու հովությունն էլ չկա: Արտասուքը հոսում է Անդրեասի ճերմակած երեսով, դողում բեղի ծայրին ու ծանր կաթում ցած:
Կամոն փչացավ գնաց, հարսն էլ իր ձեռքով իր գլուխը կերավ: Ինչո՞ւ այդ բանը արեց՝ Անդրեասը մինչեւ հիմա էլ չի կարողանում հասկանալ: Հարսը երեւի շատ էր սիրում Կամոյիս: Կամոս այնպիսի՞ տղա էր, որ չսիրեին, նրան ո՞վ չէր սիրում: Իսկ անարդարը ինքն իր ձեռքով... Ինչո՞ւ արեց, ինչո՞ւ չհարցրեց՝ Կամոյի որբերին ո՞վ է պահելու, ի՞նչ է լինելու նրանց վիճակը: Մի նամակ էր թողել: Գրել էր, որ այլեւս չի կարող առանց Կամոյի ապրել, երեխաներին թողնում եմ, Անդրեաս պապ, քեզ վրա: Աստված որ խնայի որբերին՝ Անդրեասին կյանք կտա, որ էդ անտեր-անտիրականներին պահի մեծացնի: Բայց առանց ծնողի երեխան ինչի՞ նման է՝ քամու բերանն ընկած տաշեղ՝ ոնց ուզենա քշի: Մեկը իր երեխայի թշից պաչի՝ որբը թառանչ է քաշելու, մյուսը մի նվեր բերի՝ որբի աչքերը լցվելու են:
Բայց էս ի՜նչ անագորույն օր լուսացավ. առավոտյան Անդրեասը Արեւհատին ասաց՝ գնալու եմ ներքեւները: Որոշել էր գնալ Աղդամի գյուղերը, միայն Խնդրիստանլի գյուղի տների կեսից ավելին ինքն է շինել, փետագործը ինքն է արել: Ինքա՜ն նապաստակ ու ձուկ է բերել. անտեղյակ էս ժողովուրդը աստվածանից վախենում էր, չէր ուտում: Բերում էր ու Արեւհատն էլ շատ տեսնելով՝ բաժանում էր ընկեր-հարեւանի: Հիմա էլ բաժին հանիր՝ ձուկն էլ է գետերում պակասել, նապաստակն էլ է դարձել պասի պուժուժ:
Արեւհատին ասաց՝ գնալու եմ թուրքերի մոտ եւ իջավ ներքեւ, որ գործիքները պատրաստի: Վաղուց ձեռքը գործիք չէր առել: Իջավ ներքեւ, կացինը փաթաթեց գոգնոցի մեջ ու այդպես մնաց տեղում. գլուխը պտտվեց, աչքերը մթնեցին ու էլ ոչինչ չի հիշում: Թե ինչքան այդպես մնաց, մեկ էլ խոր ձորից մի ձայն հասավ ականջին: Աչքը բացեց՝ Կամոյի մեծը արտասուքները խեղդելով կանչում է իրեն, երեսը քսում է իր երեսին ու կանչում է աղիողորմ՝ վե՜ր կաց: Փեշից է քաշում, օձիքից, վիզը գրկել՝ ուզում է բարձրացնել, բայց երեխայի ուժը չէր պատում: Անդրեասի սիրտը կսկծաց: Իր համար՝ չէ, ինքն իր կյանքը ապրել է, լավ աշխատել է ու լավ էլ ապրել: Մտածմունքը Կամոյի որբերն են: Կոպերը ծանր բացեց, ժպտաց երեխային եւ աշխարհը դարձավ երեխայինը: Երեւի իր փոքր խելքով հասկանում էր, որ այս մեծ աշխարհքում միակ նեցուկը Անդրեաս պապն է:
Բժիշկը եկավ, նշանակումներ արեց, ասաց՝ ինֆարկտ է, տեղիցդ չշարժվես:
Անդրեասն այդպես տեղատակ ընկավ: Ամբողջ մի ամիս երեխայի պես խնամում էին՝ էսինչ բանը կեր, էսինչ դեղը ընդունիր, հարեւան Օսեփի Անահիտ հարսն էլ կանոնավոր սրսկումներ էր կատարում, եւ Անդրեասը ճարը կտրած հետեւը բաց էր անում ջահել հարսի առաջ:
Օրերն անցնում էին ծանր, դանդաղ: Անդրեասը մտքերում կորած, իր վիճակն էր քննում: Իրենից բացի Կամոյի որբերին ու Արեւհատին ո՞վ է պահելու: Մի քիչ անց կենա, ոտքը գետինը բռնի, նորից պիտի գնա իր արհեստին: Ուրիշ ելք չկար: - Աստծո ձեռքին է,- մտածում է նա,- ուզենա՝ ինձ կպահի, չուզենա՝ կտանի: Կգնա ծանոթ թուրքերի մոտ, Աղդամի գյուղերում կաշխատի, երեք որբերին պահողը ինքն է լինելու, իսկ որ պետք է կտրվի՝ կտրվելու է:
Մի միտք նրան մորմոքում էր՝ իր արյունը Կամոն պիտի շարունակեր, Կամոն չկա: Մնացել են Վահրամն ու երկու աղջիկները՝ Կամոյիս հիշատակները: Նրանց պահել է պետք, որ իր արյունը չկորչի գնա այս աշխարհքում: Անդրեասը ատամները սեղմում է՝ մեռնես էլ պիտի ապրես: Իր այս վայրիվերո մտքի վրա ծիծաղեց՝ որ մեռնեմ էլ պիտի ապրեմ, ուրիշ ընտրություն չկա: Աննկատելի կենսական ուժեր էին լցվում Անդրեասի մարմինը ու իր որոշումը օր-օրի դառնում է անբեկանելի:
Դուռը կամաց ճռռաց եւ Օսեփի Անահիտ հարսը անշշուկ մտավ ներս: Եկել էր սրսկելու: Անդրեասը, սակայն, չթողեց:
- Ինչքան ծակոտել ես՝ հերիք է,- եւ նախապես պատրաստած փողը կոխելով Անահիտի գրպանը, ավելացրեց.- Մորդ կաթի պես քեզ հալալ լինի:
Անահիտը փորձեց առարկել, բայց Անդրեասը թույլ չտվեց.
- Պատուհանի դեղերն էլ լցրու աղբամանը:
Անդրեասը որոշումը կայացրեց ու ոչ Անուշավանին լսեց, ոչ էլ Արեւհատին: Անուշավանի ասածը բանի տեղ չդրեց, խոսքի համար է ասում, եթե սիրտն էլ ուզենա, կամքը մուկ բռնող Փառավոնի աղջկա ձեռքին է:
Արեւհատը տագնապի մեջ էր՝ Աստված չանի նրան մի բան պատահի, Կամոյի երեք որբերին ո՞վ է պահելու: Ինքն էլ չորրորդը:
- Յոթանասուն հասակում դու գործ անող չես:
Անդրեասը կատակի տվեց.
- Մեծի արածը աշխատանք է, կերածը կորած է:


*  *  *

Անդրեասը մինչեւ հիմա էլ զարմանում է՝ որտեղի՞ց եկան ուժերը, թույլ ու ծեր՝ ինչպե՞ս առույգացավ: Գլխի մեջի դժժոցը անցավ, երբեմն մոռանում ու նախկինի պես ծանր բաներ է բարձրացնում, բայց ճողվածքը չէր ցավացնում: Նա թաքուն զարմանքով տեսնում էր, որ կռները լցվում են ուժերով: Կամ հրաշք է, կամ բժշկությունը սուտ չի: Անդրեասը չէր կռահում մեկ այլ հնարավորություն՝ Կամոյի որբերին անպայման մեծացնելու կամքը, ինքը նրանց մեջ շարունակվելու պայմանը:
Անդրեասը ճողվածք ուներ ու արյան ճնշումն էլ բարձր էր: Կամոն քաղաքը եկած մի պրոֆեսորի հատուկ բերել էր տուն, որ հորը նայի: Անդրեասը երեսանց դժգոհել էր, բայց ներքուստ հպարտացել, որ իր համար տղան պրոֆեսոր է բերել: Պրոֆեսորն ասել էր՝ ճնշումն բարձր է, ֆիզակական աշխատանքը հակացուցված է: - Հակացուցվածն էլ այն է,- բացատրել էր պրոֆեսորը,- որ կարող է մի գեղեցիկ օր գլխում արյուն կաթի: Կամոն հարկադրեց հորը, որ թոշակի անցնի, ու հայրն էլ չհակառակվեց: Մեկ-մեկ ամառ ամիսներին գնում էր Աղդամի կողմերը չախկաչուխկ անում, Կամոյին ու ծանոթ հարցնողին բացատրելով, որ արաղի փողի համար է: Բայց ճիշտը որ ասենք, նրա համար էր գնում, որ Անուշավանին օգնի, ռոճիկով ապրող մարդ է, մուկ բռնող Փառավոնի աղջկա պահանջներն էլ շատ են: Մեկ-մեկ էլ Վարշամին պիտի օգնել: Յոթանասունին հասած մարդ է, բայց էլի ձեռքերիցը եկածով օգնում էր իր անօգտակար մեծին ու փոքրին:
Անուշավանը չի ասի՝ աշխատի կամ մի աշխատի, ինքն էլ բանի տեղ չէր դնի նրա ասածը, բայց երբ Կամոն ձեռքը տանում էր գրպանը ու մի դում փող հանում, Անդրեասը հպարտանում էր: Անուշավանի գրպանը մուկ բռնող Փառավոնի աղջիկը մաքրազարդում է, իբր թե չի ուզում, որ մարդը ծխի, առողջությանը վնաս է: Հենց Անուշավանը երեւում է փողոցում, Ապավենը առանց ասելու ծխախոտի տուփը մեկնում է Անուշավանին, Աղվանն էլ ավելացնում է՝ վառած ծխախոտ տուր: Անդրեասը ինքն իր մեջ եփ է գալիս, ներսում չարանում՝ որդու վիրավորանքը համարելով իրենը: Իսկ Կամոն գրպանից ղում փողեր է հանում եւ Անդրեասը Անուշավանի ականջին ասում է.
- Տղամարդը, որ գրպանում փող չունեցավ, մի շահի չարժի:
Անուշավանը խեղճ է, դրա համար Անուշավանին պահեց իր մոտ, իսկ Կամոն քաղսովետից տուն ստացավ: Մնար իր հետ՝ գուցե ճակատագիրն ուրիշ կերպ դասավորվեր: Մարդ հազար տեսակ բան է մտածում, այնքան է մտածում, որ եղածն ու լինելիքը խառնում է իրար:


*  *  *

Կամոյի մահից երկու տարի է անցել: Կամոյի որբերը կամաց-կամաց մեծանում են, Անդրեասը առաջվա պես Աղդամի գյուղերում աշխատում է, եւ կարծես Կամոյի որբերը միշտ այդպես որբ են եղել եւ ինքն էլ նրա համար է ապրում, որ պահի-մեծացնի նրանց: Մարդու ճակատը այս ի՜նչ ճակատ է, որ դիմանում է ամեն տեսակի հարվածներին: Միայն երեկոներն են ծանր, երբ մենակ է մնում, ու մտքերը պատում են իրեն: Ամռան արձակուրդներին Կամոյի մեծին վերցնում է իր հետ, որ զրույցընկեր ունենա, որ կարողանա վանել իրեն պաշարող մտքերը: Երբեմն կացինը ձեռքին մնում է կանգնած, աչքը հառած մի կետի: Մտքերը գնում են որտեղից որտեղ ու մոռանում է ձեռքի գործը:
Վահրամը մեծավարի գոգնոցը կապել է ու պտուտակով ծխնին ամրացնում է պատուհանի կողին: - Վահրամն լավ տղամարդ է դառնում,- մտածեց Անդրեասը,- մեծացած-պուճուրացած հերն է: Քարի փոքրը չի մեծանում, մարդու փոքրը մեծանում է: Հոր նման շմալ տված, ոնց որ սրբած թուր: Լակոտս սիրուն է ստացվել, հոնքն էլ կեռ է անում Կամոյի նման, ու էդ տեսակ հարցական նայելը դուրալի է: Ասլանի թոռը Վահրամի հոգու հետ խաղ է անում, ու Վահրամը ջղայնանում է: - Վա՜յ քեզ, աշխա՛րհ, դու քո օրենքը առաջ ես տանում...
Անդրեասը ժամանակին Ասլանին մեծ լավություն է արել: Ասլանի Մուբարիզ տղան փախցրել էր միլպետի աղջկան: Ինքը տրակտորիստ էր աշխատում, իսկ աղջիկն էլ ուսանողուհի էր, եկել էր բամբակաքաղին մասնակցելու: Բռնել ու փախցրել էր եւ ո՞ւմ աղջկան՝ արյունը աչքերը կալած միլպետի: Ժամանակին Անդրեասը նրա համար տուն էր կառուցել, բարեկամացել էին: Դեպքի հաջորդ օրը նա Ասլանի կնոջն առնում է ու գնում միլպետի տուն: Հագիգաթ քույրիկը իմանալով ուստայի գալու խնդիրը, գույնը գցում է.
- Ուստա, չգնաս, մի խոսք դու կասես, մեկը ինքը ու ձեր կերած աղուհացը հողին կածեք:
- Ոչինչ էլ չի պատահելու, դու մեր քվոր հետ զրուցիր, ես մտնեմ մոտը:
Թե Անդրեասը ինչ ասաց, միլպետը ինչ պատասխան տվեց՝ միայն նրանք գիտեն, բայց զրույցը երկար տեւեց եւ երբ կարգադրեց, որ սեղան գցվի, երկու կանայք հասկացան, որ հաշտությունը կայացել է:
Անդրեասը հիմա Ասլանի փոքր տղայի տան փայտամածն է կապում ու Վահրամն էլ օգնում է:
Երեկոյան հաց կերան, թեյ խմեցին, Անդրեասը թիկնեց թթենու տակ դրած թախտի վրա, որ հոգնած ոսկորներին հանգստություն տա, Վահրամն էլ երեխայի իր զբաղմունքն էր գտել:
Ցերեկվա շոգից հետո հեռավոր սարերից եկած հովը հաճելի էր: Հասած թութը գիշերվա մեջ ծորալով կաթում էր: Ափսոս, բերքը ոտի տակ գնում է, գոնե բաքմազ եփեին, բաքմազը դեղապետ է:
Ասլանի հետ գին չխոսեց: Ասլանը լուր էր ուղարկել, ինքն էլ գործիքներն առել էր եկել: Առաջին անգամ չի Ասլանի համար աշխատում, քանի տղա ու փեսա ունի՝ տուն են կառուցել, բոլորի ձեռագործը Անդրեասն է արել:
- Պապ, աշխարհքիս ամենալավ արհեստը ո՞րն է:
Երեխայի հարցը Անդրեասի համար անսպասելի էր: - Երեւի Վահրամն ուզում է արհեստ ընտրի,- մտքում ուրախացավ պապը,- ուզում է իմ խորհուրդն իմանալ: Մի պահ մտածեց պատասխանի վրա ու ասաց.
- Աշխարհքումս վատ արհեստ չի լինում, վատ արհեստավոր է լինում: Մարդս էդքան արհեստներ ստեղծել է նրա համար, որ ամեն մեկը իր շնորհքին համապատասխան գործով զբաղվի:
Վահրամը չի հանգստանում.
- Բայց ամենալավից ամենալավը ո՞րն է:
Անդրեասը այնպես հասկացավ թոռան հարցը, թե ուզում է իմանալ՝ հոր արհեստը սովորի՞, թե՞ պապի:
- Աշխարհքիս երեսին երեք ամենալավ զբաղմունք կա՝ հող մշակելը, տուն շինելը, մեկ էլ այգի գցելը: Դրանք բոլորն էլ լավ են, բայց տուն շինելը ինձ համար ամենալավն է: Տուն շինելու համար էլ պատշար է պետք, ինձ նման դուրգար է պետք, քո հոր նման ծեփող ներկարար է պետք: Այդ երեք արհեստները երեք հարազատ եղբայրներ են, մեկը իր գործը վերջացնում է՝ տալիս մյուսին:
Վահրամը ուշադիր լսում է, եւ Անդրեասը հասկանում է, որ թոռը սկսում է անցնել երեխա հասակը, սկսում է տղամարդանալ: - Զորությունդ շա՜տ,- մտքում ասաց Անդրեասը: Մի քանի տարի էլ որ դիմանամ ու երեխայիս բարի հասցնեմ... Ու որոշեց՝ հենց որ Վահրամի հասակը եկավ՝ պսակի: Տասնութը լրացավ՝ պսակելու եմ:
Երբ գնում է տուն, Կամոյի էն երկուսը չեն էլ սպասում տատին: Մեծն իսկույն ջուր է դնում ու մինչեւ ջուրը տաքանալը, պապի գուլպաները հանում է ոտքերից, թափ տալիս ու կանոնավոր դասավորում, փոքրն էլ թաթիկը կոխում է պապի մեջքը ու քորում:
- Պապիկ, հանգստացա՞ր:
Պապը լիացած ասում է.
- Օխա՜յ, եղա նոր ծնված:
Տատն էր սովորեցրել ու այդ արարողությունը պապի ու թոռների համար դարձել է սիրելի զբաղմունք: Հենց որ փողոցի աստիճաններին պապին տեսնում են, ընդառաջ են վազում, ձեռքին եղածը իրարից խլելով վերցնում ու ճռվողելով, հարցնելով, պատմելով ուղեկցում մինչեւ տուն: Կապոցները իրենք չեն բացում, դա տատը պիտի անի, իրենք ջուր են տաքացնում ու պապի ոտքերը լվանում, մեջքը քորում: Աշխարհքը դառնում է Անդրեասինը: Մուկ բռնող Փառավոնի աղջիկը իրենցին արգելում է, Անդրեասը տեսնում է, որ նրանք էլ կուզենային պապային ծառայել, բայց մայրը թաքուն ասել էր՝ չփորձեք: Ու արհամարհանքով ավելացրեց՝ դա հետամնացություն է:
Ամեն տուն գալիս Անդրեասը պարտադիր մտնում է Աղդամի շուկան ու թոռների համար առեւտուր անում՝ բոլորի համար էլ հավասար: Խնդիրը ջուր դնել ոտ լվանալը չի, ով անի-չանի՝ Արեւհատը կանի, բայց երեխան պետք է փոքրուց սովորի մեծին գնահատել: Երեխան պիտի գնահատի, որ մեծին հարգի-սիրի: Մուկ բռնող Փառավոնի աղջիկը ասում է՝ մարդու ոտքերը լվանալը հետամնացություն է, ձեր ասած ժամանակներն անցել են: Իսկ չի գալո՞ւ էն ժամանակը, որ Անուշավանը ռեխբերանիդ մի անգամ հասցնի,- ինչի համա՞ր,- թեկուզ նրա համար, որ քոնոնցը թաքուն տանում ես ձեր սենյակը ու այնտեղ ինչ-որ բաներ ուտեցնում: Կերան՝ պոզեր արին՝ մի հարկի տակ ապրողների մեջ խորթություն դնելը մեղք չի՞, Աստծուն վատ չի թվա՞, թե դրա ժամանակներն էլ են անցել, մարդկությունն էլ է վերացել:
Ժամանակի շատը Անդրեասը տանը չի լինում, Արեւհատն էլ շատ բան պարտակում-ծածկում է, երեխաներին էլ խիստ պատվիրել է, որ պապին ոչինչ չասեն: Անդրեասը հարսի սիրի-սիրին իմանա՝ արյուն կանի, էսօրվա վրա էլի նրա աշխատանքն են ուտում, իսկ իրենց աշխատածը կուտակում են: Թող անեն, թող կուտակեն, միայն թե Կամոյի որբերի նկատմամբ խտրություն չդնեն: Հարսը Արեւհատի ու Անուշավանի ականջներն ուտում է՝ ինչո՞ւ են Կամոյի տունը վարձով տվել, իսկ իրենք իրար գլխի դառած են: Այդ մասին Անդրեասը չի իմանում, իմանա՝ բոլորին տանից դուրս կանի: Մի անգամ Արեւհատը ասաց՝ երեխաները մի քիչ էլ մեծանան, կվերցնեմ գնամ պետական տունը: Անդրեասը աչքերը ոլորել է՝ ում համար նեղվածք է, թող գնա: Անդրեասը վարձով տվել է պետական տները, ու ստացածը կանոնավոր փոխանցում է երեք որբերի համար բացած խնայդրամարկղի գրքույկները: Մեկ էլ տեսար՝ տեղս մնացի, ոչ մուկ բռնող Փառավոնի աղջիկն է ձեզ պահելու, ոչ էլ Վարշամն ու Անուշավանը: Երկուսը միասին մի քոռ կոպեկ չարժեն: Անդրեասի աչքը վախեցել է: Սեւ օձից վախեցածը սեւ չաթվից էլ է վախենում, մեկ էլ հանկարծ սիրտը նորից բռնեց:


*  *  *

Վարշամը կին-երեխա առած եկել է: Եկել են՝ բարով են եկել, նեղվածք է՝ բան չկա սիրտը լեն լինի, մի ամիսն ինչ է, որ չհարմարվեն-չհանդուրժեն: Շատովի նույնիսկ ավելի ուրախ է, ճաշի են նստում իրար տակից աթոռ քաշելով, իրար ձեռքից խլելով, ախորժանոք հաց են ուտում, խռովում-հաշտվում են, իրիկունը պատշգամբում տեղերը մեկնիր, ու թող լակոտները ոտնիծոց պառկեն, տեղաշորերում խաղան-գզվռտեն ու հոգնած քնեն մինչեւ արեգակի բարձրանալը: Իրար սիրելով, իրար հարազատանալով թող մի ամիս ապրեն նեղվածքում: Սակայն մուկ բռնող Փառավոնի աղջիկն աղու տանձ է կծել, մարդուն ու երեխաներին ածել է իրենց սենյակը ու չի թողնում, որ մյուսների հետ խառնվեն: Երեխան հորթ չի, որ թոկով կապես ծառին, երեխային ո՞նց ես ուզում ամռան այս օրը սենյակում փակել-պահել: Ինչ Վարշամը եկել է, հարսը միասին սեղան չի նստում, մի պատճառ է բռնում ու գնում հարեւան Ելենի հետ լեզվահաչ տալիս:
Երեխաներն իրենց երեխայությունն անում են, իսկ Անուշավանի փոքրը բոլորին խաչում է: Վահրամը չի դիմանում ու հասցնում է խզակոթին: Մուկ բռնող Փառավոնի աղջիկը փրփրած գետ է, Անդրեասի ահից Վահրամին խոսք չի ասում, բայց իր ջղայնությունը թափում է երեխայի գլխին ու վրայից ինքն է ծեծ տալիս: Անուշավանը չի համարձակվում միջամտել, մեջը պողվատ կա՞, որ մի անգամ կնոջ ռեխ-բերանին հասցնի:
Այսպես լարված ապրում են, իրար ներվեր կոխոտում ու ցավը ցույց չեն տալիս, լարված հանդուրժում են իրար, սպասելով, թե ով է անզգույշ մի խոսք ասելու, մի քայլ անելու, որպեսզի սրտի կուտակածը թափեն ու հանգստանան: Անդրեասի ահը բոլորին զսպում է, մեծից փոքր հասկանում են, որ եթե Անդրեասը ջղայնացավ՝ բոլորն էլ տուժելու են:
Իսկ Արեւհատը ոնց որ կրակի վրա է ման գալիս: Սիրտը գուշակում է, որ եթե հանկարծ, Աստված հեռու տանի, մի անախորժություն պատահեց եւ Անդրեասն էլ իմացավ՝ ոչ ոքի չի խնայելու: Անդրեասը չար կրակ է, վատը մորթին չի վերցնում, հարազատն էլ լինի՝ չի խնայելու, ասելու է: Արեւհատը աչքերը չորս արած հսկում-հետեւում է, որ հանկարծ հարսերի մեջ խռովություն չծագի, եղբայրը եղբորը ցուրտ խոսք չասի, խռովին հաշտեցնում է, կռվողներին բաժանում է. Արեւհատ բերողի աչքերը քոռանան, Արեւհատը քուն ու դադար թողած, միայն այն մտածմունքն ունի, որ հանկարծ տունը խառնակություն չընկնի:
Անդրեասը առավոտյան Արեւհատին ասաց՝ շուտ իջնեմ Աղդամ՝ գամ, ասաց՝ Ասլանի տան փայտամածը կապել վերջացրել եմ, գնամ փողը վերցնեմ, Աղդամի շուկայում էլ մի քանի գնումներ անեմ ու շուտ գամ, ասել էր՝ տնով-գերդաստանով հազիվ հավաքվել ենք, երեխաների համար վաղը խորոված անենք:
Կամոյի մահից երկու տարի է անցել, դեռ ուրախ մի սեղան չեն գցել: Թող դա սկիզբը լինի, թող տնից հեռու մնա տրտմությունը, նրա նախապաշարված հոգին վախենում է մարդկանց երեսի լաց ու տրտմությունից:
Վարշամը մի ամիս ընտանիքով մնալու է, թող Արեւհատը փողը չխնայի, թող լեն ու բոլ լինի: Վարշամը փող չունի, ունենար՝ չէր խնայի, հարսը մի անգամ փորձել է սկեսրոջը առաջարկել, բայց Անդրեասը կնոջը նախօրոք զգուշացրել էր՝ տես, հա՜... Անուշավանը ձեռքը գրպանը չի տանի, մուկ բռնող Փառավոնի աղջիկը մարդու գրպանները վուշով կարել է: Այդ բոլորը ոչինչ բաներ են, միայն Անդրեասի ձեռքը գործ բռնի, տղամարդն էլ կմտածի՞, թե ոնց է փող աշխատելու:
Ձեռքի բաները շատ էին, Անդրեասը ավտոկայարանում տաքսի վերցրեց: Երբ Անդրեասը մեքենայից իջավ, մի քանի հոգի հեռաքաշ տալով գնացին: Մյուսների դեմքին մտահոգություն կարդաց: Անդրեասի ծնկները թուլացան՝ վա՜յ թե վատ բան է պատահել: Որդու մահից հետո կորուստի ահը նրա սրտից դուրս չէր գալիս: Գունատ ու խոժոռ՝ մարդկանց արանքը ճղելով նա մտավ տուն, վախենալով հարցնել, թե ինչու են հավաքվել:
Իսկ տանը ոչինչ էլ չէր կատարվել, մուկ բռնող Փառավոնի աղջիկն է արյուն քսել Վահրամին:
Լակոտներ են՝ տուն-տուն էին խաղում. Անուշավանի երկու աղջիկը, Կամոյի երկուսը եւ Վարշամինը: Երեխա, իրենց խելքով ուզում էին, որ Վահրամն էլ հայրիկ դառնար: Վահրամը հեռուստատեսությամբ ֆուտբոլի խաղ էր նայում ու չէր ուզում խաղալ: Անուշավանի մեծը, սակայն, Վահրամի օձիքը բաց չէր թողնում, ու Վահրամը չուզենալով, համաձայնվեց եւ... Մեղա՜ քեզ, մուկ բռնող Փառավոնի աղջիկը արյուն քսեց անմեղ երեխային: Մանկական այդ խաղում հայրիկը պետք է պաչեր մայրիկին ու Վահրամը պաչել էր Անուշավանի մեծին: Մայրը տեսել էր ու... Ասելո՞ւ բան է, որ ասես, պատմելո՞ւ բան է, որ պատմես:
Երբ Անդրեասը մտավ ներս, Վահրամը մի անկյուն քաշված՝ արտասուք էր թափում: Երկու քույրերն էլ չորս կողմը պատած, ձեռքերը քսում էին նրան: Իսկ հարսը լաչառ ձայնը գլուխն էր գցել:
Երբ Անդրեասը հասկացավ եղած-պատահածը, անսպասելի թեթեւություն զգաց, փա՜ռք երկնայինին, որ իր ունեցածը շատ չի համարել: Հետո մի սառնություն պատեց նրան, անսպասելի դաժանացավ: Նայեց Վարշամին, որն իր երկար եղունգներն էր հարդարում-սղալում, իսկ Անուշավանը թերթը կապել է ռեխ-բերանին, իբր կարդում է: Արեւհատը մոլորվել է բոլորի մեջ: - Դո՞ւք պետք է իմ տղաները լինեիք,- ներսում մլռտաց ծերունին: - Կի՛ն,- Անդրեասը դաժան նայեց Արեւհատին՝ դրանք քո փորում են մեծացե՞լ: Անդրեասը իր կռներում այնքան ուժ զգաց, որ այդ րոպեին կարող էր բոլորին էլ տալ սատկացնել: Նա ատամները սեղմեց, մոտեցավ Վահրամին, իր գիրկն առավ, կանչեց Անուշավանի մեծին ու երբ մոտեցել էր, Վահրամին ասաց.
- Քվորդ մի անգամ էլ պաչիր:
Վահրամը տեղից չշարժվեց: Անուշավանի մեծը հարցական նայեց մորը:
- Ոչ մի դեպքում, ես թույլ չեմ տա իմ երեխային...
Անդրեասը նայեց Անուշավանի կողմը: Սա ինքն իր մեջ մոլորվեց, մեղավոր ու մեղք ասաց.
- Ի՜նչ կարիք կա:
- Անուշավան,- ձայնը բարձրացրեց Անդրեասը,- կնոջդ ու երեխաներիդ վերցրու դուրս եկ, որպեսզի ձեզ իմ տանը չտեսնեմ.- Հետո դառնալով Վարշամին, նույն դաժան հանգստությամբ ասաց.- Դու էլ վաղը քո ժողովուրդը հավաքիր ու գնա: Այսօրվանից դուք էլ իմ զավակները չեք:
Արեւհատը ցանկացավ միջամտել, բայց Անդրեասը մռնչաց կնոջ վրա.
- Ձայնդ, ղանջղ, դու չե՞ս ինձ համար էսպիսի փուչ զավակներ ցնգնել...
Փողոցի վրա ոնց որ ջուր մաղես: Բոլոր հավաքվածները՝ իրենք իրենց հանցավոր զգալով, առանց լավ ու վատ մի խոսք ասելու, ցրվեցին իրենց տները: Բոլորը հասկացան, որ ինքն իրենցով ապրող մարդկային փոքրիկ այս համայնքում, որ ընդամենը փակուղու փողոց է տաս-տասներկու տներով, մի մեծ սխալ է կատարվել եւ այդ սխալի համար ամեն մեկը իրեն մեղավոր էր զգում:
... Գիշերով ուշ Վահրամը ծեծեց Մեխակի տան դուռը: Երբ Շուշան մայրիկը բացեց դուռը, Վահրամն արտասուքները կուլ տալով ասաց.
- Քեռի Մեխակը թող շտապօգնության կայանը զանգի: Պապը էլի հիվանդացել է:
Շուշանը խփեց ծնկանը՝ որբի բա՜խտը, որբի բա՜խտը...
Այդ գիշեր փողոցի բնակիչները ոտի վրա լուսացրին:




ԿՆՈՒՆՔ

Ուզեց տղա ունենալ՝ աղջիկ ծնվեց, ուզեց տղա ունենալ՝ աղջիկ ծնվեց, ուզեց տղա ունենալ՝ աղջիկ ծնվեց, ուզեց տղա ունենալ...
Մարդը շնչահատ եղավ եւ շնչահատ ասաց՝ հինգ աղջիկը հերիք է, շատ է հերիք, շա՜տ-շա՜տ. Արփենը իր Արփեն տեղով տասը տարի բուրդ առնի՝ հազիվ հասցնի օժիտ պատրաստել։ Արփենին ինչ, ֆիզիոլոգիական արձակուրդ չի վերցնում, Մարիամը դեռ նոր-նոր գլխի է ընկնում, որ Արփենը երեխայով է, լուրը հասցնում են փողոցի ծայրին զետեղված վարսավիրանոց, թե Սոկրատ, աչքդ լույս, կինդ երեխա է բերել։ Սոկրատը քթի տակ ինչ-որ բան է ասում ու լավ չի հասկացվում՝ շնորհակալություն է հայտնո՞ւմ, թե՞ ուրիշ ինչ, քթի տակ խոսքեր է մռթմռթում՝ ոչ այն է ջղայնացած, ոչ այն է անտարբեր, ոչ այն է ուրախ, բայց պարզ հարցնում է մուշտարուն.
- Թրաշը ո՞նց է, փափո՞ւկ է։
- Փափուկ է, լավ է։
Վարսավիր Սոկրատը գոհ ժպտում է. տաք կոմպրեսով շփում է մուշտարու երեսը, մազերը հարդարում, էժան օծանելիքը ցանում դեմքին, մազերին, ժպտում նորից՝ անուշ լինի, հրավիրում հաջորդին։ Եվ այսպես աշխատանքով տարված՝ մոռանում է, որ կինը երեխա է բերել, նորից աղջիկ է բերել, չորսը քիչ էր, դարձավ հինգ։
Մայրը թոնթորում է, պատշգամբում բարձր-բարձր խոսում։ Անհասցե, ինքն իրեն, այնպես ինքն իրեն, որ հարեւան Աշխենը՝ Արփենի քույրը, լսում է ամեն ինչ, հասկանում է, թե ում մասին է ասում, բայց լռում է՝ լեզուն կարճ է։ Աշխենը ելնում է պատշգամբ ու Սոկրատի մորը ժպտում, ուրախ է ձեւանում, անհոգ է ձեւանում, անհասկացող է ձեւանում։
- Աչքներդ լույս, Մարիամ խնամի։
- Աչքդ լույսով լիանա,- պատասխանում է Մարիամը ու ցածր, այնքան ցածր, որ Աշխենը պարզ լսի,- դու տղաներ ցգնի, մերը՝ քածեր բերի։ Տունս դրանցով լցրեց։
Սոկրատն աշխատում է երկու հերթ։ Ընկերը գնացել է հարսանիքի, եւ ինքը պետք է երկու հերթ աշխատի։ Արհեստանոցում այնքան սպասեց, որ էլ հաճախորդի հույս չմնաց ու վերադարձավ տուն։
Մայրը սովորականից լավ էր սեղան գցել, գինու թերատ շիշը դրել, ու երբ տղան կերավ վերջացրեց, մի կապոց դրեց սեղանին.
- Գնա տեսության։
Հարսի անունը չի տալիս, իրեն մեղավոր է զգում։ Սոկրատի գլուխը ինքը տարավ, թե ուզի՝ ջիլբուր աղջիկ է, ձին ձիավորից կքաշի։ Դու խեղճ ես, կինդ թող ջիլբուր լինի, որ կոխ չտան։ Եղբայրներն իրենց մեջ կսեղմեն ու հոնի կորիզի պես դուրս կպրծնես։ Ոտ ու ձեռը տեղը, մետաքսի ֆաբրիկայում ամիսը մինչեւ երկու հարյուր ռուբլի փող է վաստակում։ Եղբայրները մորով են խորթ, քո եղբայրները խորթ են եւ աչքածակ։
- Հոգնած եմ, վաղը կգնամ,- ասաց Սոկրատը ու մտավ տեղերը։
- Վաղն էլ կարելի է,- համաձայնեց մայրը։


*  *  *

Արփենը ծննդատանը մնալու միջոց չունի։ Սոկրատն աշխատանքի, սկեսուրը՝ ծեր կին, չորս աղջիկներին քույրն է նայում։ Բժիշկն ասաց՝ մի քանի օր էլ մնա կազդուրվիր, Արփենը չուզեց, ոսկորս պինդ է, բացատրեց, տանը հնար չկա, առանց ինձ դժվար է։
- Ամուսինդ թող օգնի։
Արփենը բարեհոգի ժպտաց.
- Մի երեխա էլ նա է, մինչեւ հաց չտաս, չի ուզի։ Աշխատանքի է։ Պիտի աշխատի, որ հինգ երեխաներին պահի։
Բժշկուհին տարակուսանքով գլուխն օրորեց եւ Արփենին հիվանդանոցից դուրս գրեց։ Բժշկուհու համար մութ մնաց ամուսինների այդպիսի փոխհարաբերությունը։ Նա ճիգ արեց իրեն պատկերացնել Արփենի տեղ ու չկարողացավ. ինքը հիվանդանոցում պառկի եւ ամուսինը տեսության չգա՞։ Անհնարին է։
Սիրունը ծննդատան դարպասների մոտ սպասում էր։ Արփենը հիվանդանոցի շորերը փոխեց, նորածինն առավ գիրկը ու դուրս եկավ։ Ուզեց տաքսի վերցնել, բայց հետո փոխեց միտքը. ավտոբուսով էլ վատ չէ։ Քույրն ասել էր՝ թող Սոկրատը քեզ տաքսիով տուն բերի։ Երեսանց համաձայնեց, բայց մտքում որոշեց, որ ավտոբուսով էլ կարելի է։ Քույրն ասաց՝ թող Սոկրատը տաքսի բերի, հարեւանները փսփսում են, Հակոբի խանում կինը չարախանդում է, բերանները պետք է փակել, Սոկրատը թող նվիրվածություն ցույց տա, արժանապատվության խնդիր է։ Արփենը ժամանակ չունի դրա մասին մտածելու, հիմա երեւի քանի քող լվացք է կուտակվել, երեխաներին լողացնելու ժամանակը անցել է, Սոկրատին կարգին խնամող չկա։
Հարեւանները չնկատեցին էլ, թե Արփենը ինչպես ծննդատնից եկավ։ Երեխային լողացրեց, դրեց ճոճքում, Սիրունին ասաց՝ օրորիր, իսկ ինքը Սոկրատի կեղտոտ շորերը լցրեց տաշտը։
Վարդիկը աչքերն ուռած եկավ։
- Ի՞նչ է եղել,- հարցրեց մայրը, օճառի փրփուրի մեջ տրորելով Սոկրատի անդրավարտիքը։
- Վարուժանն ասում է ինկուբատորի ճուտ,- ու Վարդիկը նորից փուլ եկավ։
- Ի՜նչ,- ծղրտաց Արփենը եւ իրեն նետեց փողոց,- ո՞ր հերամեռն է ասել։
- Գլուխներս հանգստացել էր,- Օսեփը կռնակն արեց Արփենին։
- Ասող չի եղել, սուտ է։
- Երեխին ականջ մի կալ։
- Կկռվեն էլ, կհաշտվեն էլ։
Արփենը իբր լսում է շուրջկալ նստած անբաններին, պատասխանում, պատասխան ստանում ու բթացնում Վարուժանի զգոնությունը։ Բթացնում է եւ իրեն նետում Վարուժանի մոտ ու ականջից բռնում։
- Դո՞ւ ես ասել, անոթի ձագ։
- Վա՜յ,- դժժաց Վարուժանը։
Կլոր շղթան քանդվեց. մարդաթող Ելենը իր վեց փութը թեթեւ բարձրացրեց տեղից եւ մղվեց առաջ.
- Անոթին ո՞վ է։
- Լակոտ ունես՝ դաստիարակիր։
Արփենը Ելենից վախեցողը չէ, Ելենի լխկած մսերին չնայեք, օր ու մեջ սրտից նվաղում է, բայց էլի սիրեկան է ընդունում։ Մարդուն ուղարկում է սեզոն, ինքը դամքաշ Վանոյին բերում տուն։ Իբր Վանոն բարեկամ է՝ քրոջ ամուսնու փեսան՝ էշը աղբահարում թավալ է տվել, Վանոն Սահակի հետ ախպերացած է, ու Վանոն ազատ-անարգել, ափաշկարա ու անպատկառ ել ու մուտ է անում, բոլորը ետեւին բամբասում են, երեսանց աչքաթակ տալիս Ելենի փափուկ տեղերին։ Ելենը շեքը անամոթ բացում է ու քավթառ Օսեփի աչքերը դառնում են բաստուրմա տեսած կատվի աչքեր։
Սահակը մի տարի է չկա, նամակ չի գրում, փող չի ուղարկում։ Ելենը հարցում է արել, բայց ապարդյուն։ Ասում են՝ Սամարղանդ տեսել են, Պավլոդար են տեսել, Կիսլովոդսկում արդեն տնավորվել է, ասում են, բայց ասելը փողի անդորրագիր չէ, երեխաների հոգս քաշել չէ։
- Լակոտ ունես՝ դաստիարակիր,- Արփենն առաջ է մղվում։
Ամպրոպը պիտի պայթեր, բայց ամպերը ետ գնացին եւ փողոցի ծայրում երեւաց Սեդա Փառավոնովնան՝ ծեքծեքուն եւ հրաշալի։ Օսեփը հիմա էլ կռնակն արեց Սեդա Փառավոնովնային։ Արփենը տեսավ, Ելենը տեսավ, բոլորը տեսան, որ Սոկրատը արհեստանոցից իրեն նետեց դուրս, մի բան մեկնեց Սեդա Փառավոնովնային եւ վերջինս իրեն թույլ տվեց կանգնել, բուրավետ ժպտալ Սոկրատին, Սոկրատի մեկնած բանը դրեց պայուսակում ու շարունակեց քայլել հրաշալի եւ ծեքծեքուն։
Իսկ Սոկրատը երկար ժամանակ նայում էր Սեդա Փառավոնովնայի ետեւից՝ մի ահռելի ժպիտ դեմքին։
Կռվելը դարձավ անհետաքրքիր։


*  *  *

Սոկրատը ցանկացավ գգվել Արփենին։ Արփենն ասաց.
- Չհամարձակվե՛ս...- ասաց ու ծոր տվեց։
Սոկրատը տենչում էր Սեդա Փառավոնովնային, իսկ կողքին Արփենն էր՝ օճառաջրի հոտերով, անփափուկ, ոտքերի երակներն ուռած, ցամաքած մկաններով՝ հատակին գցած կարպետ։ Կողքին Արփենն էր, Սեդա Փառավոնովնան չէր եւ ուզեց գրկել Արփենին։
- Չմոտենա՜ս...- նորից ծորաց Արփենը։
Սոկրատը խարխափելով մղվում է, Սոկրատը ինչ-որ խոսքեր է ասում եւ այդ խոսքերը որոնում եւ Արփենին չեն գտնում։
- Չհամարձակվե՛ս...
Սեդա Փառավոնովնան ջուր էր վերցնում ծորակից, ու գիրգ, թրթռուն ազդրերն ալիք տվին, Սոկրատը մի ակնթարթում խորտակվեց։ Սոկրատը ընդամենը Սեդա Փառավոնովնայի եղունգի մկրատը սրել էր։ Սոկրատը ի՞նչ էր արել։
- Մտքովդ չանցնի՜...
Սոկրատը ցանկացավ դառնալ հզոր, ցանկացավ դառնալ կինոյի դերասան, աշխարհի չեմպիոն, կոմբինատի դիրեկտոր։ Սոկրատը ցանկանում էր մեքենա ունենալ, Սոկրատը տենչում էր Սեդա Փառավոնովնային եւ կույր մղվում դեպի Արփենը։
- Չմոտենա՛ս... Կանգնել ես ու բերանիդ ջրերը բաց թողել։ Տասնութ տարեկան ես, սիրահարվել ես, հալվում ես,- նորից կարեկից ծորաց Արփենը։
Սոկրատը դղյակ է կառուցում եւ այդ դղյակը անտառի մեջ է եւ ոչ ոք չկա՝ ինքն է ու Սեդա Փառավոնովնան։ Սոկրատը փորձում է գրկել Սեդա Փառավոնովնայի հրաշալի ուսերը, բայց նա դառնում է ամպի քող, եւ Սոկրատը մնում է օդում կախված։ Սեդա Փառավոնովնան դառնում է անորսալի, բարձր, անմատչելի։ Սոկրատը տառապում է։
- Բոլորը տեսել են, տեսել են ու սկսել ձեռ առնել։ Ինձ՝ չէ, քեզ էին ձեռ առնում։
Սոկրատը ոչնչացվեց, դարձավ չնչին, այլեւս չեմպիոն չէ, կինոդերասան չէ, Սոկրատը վարսավիր է, չորսը քիչ էր, դարձավ հինգ աղջկա հայր, իսկ կինն էլ Արփենն է՝ հատակին գցած տրորված կարպետ։


*  *  *

Մայրն ասել էր՝ թռիր։ Հիմա Սիրունը խոնարհ կանգնել է վարսավիրանոցի դռան անկյունում եւ աչքը հառել հորը։ Կանգնել է հեզ, մինչեւ հայրը նկատի իրեն։
Մայրն ասել էր՝ հորդ ասա հորեղբայրներդ եկել են, քեզ են սպասում։ Ասա՝ Հակոբն էլ է եկել։
- Մեծ հորեղբայրը...
- Ինչ ասում են՝ լսիր,- ընդհատում է աղջկան,- ասա Հակոբն էլ է եկել, ասա եկել լցվել են տուն, քեզ են սպասում։ Հակոբի անունը տաս, իսկույն գալու է։
Սիրունը ցանկանում է նորից առարկել, մեծ հորեղբայրն, ախր, դեռ չի եկել։
Չի եկել, բայց գալու է։ Գցած սեղան լինի, ազգ ու տակով գալու են, փոքրից մեծ գալու են։ Գալու են, ուտեն տրաքեն ու իրենց գովեն։ Իրեն էլ են գովելու. Արփենը լավ հարս է, ձեռքից գործ չի պրծնի։ Ինչո՞ւ պիտի պրծնի, կաղ չի, կույր չի, անբան չի, սրտից հիվանդ չի, Հակոբի խանումը չի, որ իրեն աղով-տաքդեղով անի։ Բոլորիդ աչքը հանելով էլ աշխատելու եմ, տուն եմ պահելու, մարդ եմ պահելու, սկեսուր եմ պահելու։ Բոլորիդ աչքը հանելով պահելու եմ։ Ինչքան ուզում եք ետեւիցս բամբասեք, ես իմն եմ անելու։ Սոկրատի եղբայրը դուք չեք, ես եմ, նրա մեջքին ես եմ կանգնած։ Աղջիկ եմ բերում, լավ եմ անում. բերողը՝ ես, պահողը՝ ես։ Սիրունիս մի աչքը տասը տղայի հետ չեմ փոխի։ Լավ սովորում է դպրոցում, աշխատելում էլ ինձ է քաշել։
Սիրունը ոտք է փոխ տալիս, իսկ հայրը՝ գործով տարված, չի նկատում։ Մայրն ասել էր՝ գինին չմոռանաս, ասա թող բերի։ Ինչքա՞ն։ Ինչքանը թող ինքն իմանա, տան տղամարդը ինքն է. եղբայրների չափսերը ինքը գիտի։ Արփենը դրանց աչքի փուշն է։ Աչքի փուշ է, որովհետեւ ասում է՝ հերիք է չորս կողմից եղբայրներով հուպ տաք։ Այնքան են հուպ տվել, որ այլեւս հողամաս չի մնացել։ Երկու սենյակ, մի թթի ծառ, մի ձեռքատեղ ու մեկ էլ մի զուգարան։ Իրենք էլ պիտի ասեն սեփական տուն ունեն, այգի ունեն։ Քաղսովետում հերթի չեն վերցնում, որովհետեւ, ասում են, սեփական տուն ունեք։ Հողամաս էլ չկա, որ մեկ, երկու ծառ ունենաս, մի փոքր բանջարանոց ունենաս։ Հակոբը Սոկրատին ասում է՝ պատճառաբանված մի լավ դիմում գրիր քաղսովետին։ Նորից դիմում գրիր, ասում է, հանձնաժողով պահանջիր։ Սոկրատը համաձայնում է.
- Մի անգամ էլ պիտի փորձեմ։
- Ես այստեղից գնացողը չեմ,- մեջ է ընկնում Արփենը,- ում համար լավ չէ, թող դիմում գրի։ Տունը Սոկրատի հայրն է կառուցել։ Սոկրատինն էլ, մյուսներինն էլ։
Հակոբը Արփենին չի սիրում։ Արփենի լեզուն տակից կտրելի է, Արփենի երեսին մեռոն չկա։
Չկա, պետքս էլ չի, իսկ որ եղբայրներով մեր բաժին հողամասը զավթել եք, դա բոլորը գիտեն։ Հիմա էլ ուզում եք, որ հոնի կորիզի պես դուրս պրծացնեք։
Սոկրատը վերջապես Սիրունին նկատում է։
- Եկե՞լ ես, ինչի՞ ես եկել։
- Մաման ասել է...
Սոկրատը նայում է հերթի սպասող մուշտարիներին՝ մեկ, երկու, երեք, չորս ու իրեն հարկադրում, որ սպիտակ խալաթը հանի։ Մեծ եղբայր Հակոբը սպասում է, պիտի գնա։ Մտնում է մոտիկ խանութը։
- Մի տասը շիշ գինի։
Գործակատարը զարմացած նայում է Սոկրատին։ Սոկրատը մեղավոր ժպտում է.
- Փոքրի կնունքն է։




ՕԳՈՍՏՈՍ, ՇՈԳ

Ոնց էլ լա՜վ նստոտել են. ջահել, ազապ տղաներ են, տանը պակաս-պռատ չկա, հոգս ու ցավ չկա, կոտրածը շինել չկա, ոչ մեկի ոչ մի տեղը չի ցավում, ամեն ինչ լավ է ու այդպես լավ ու հանգիստ, ամեն ինչ դրստած-կարգավորած նստել են իրենց քեֆին նարդի են խաղում, դոմինո են խաղում, գարեջուր են բերել տալիս՝ էս շոգին լավ էլ խմվում է, խմիր փոր գցիր,- աշխարհի անարդարություններից են խոսում, թե ե՞րբ է ազնիվ մարդը գնահատվել, ճիշտ խոսողի գդակը միշտ էլ ծուռ է եղել, կեռ լեզու է պետք, որ կարողանաս ապրել,- նարդու հերթդ եկել է, զրուցակցիդ խոսքը կիսատ թող, տեղդ զբաղեցրու,- մեկ խաղա, երկու խաղա, լուծվիր խաղի մեջ եւ այդպես ինքդ քեզ խորամանկիր, ինքդ քեզնից գողացվիր, թաքստոցի խաղա՝ աո՜ւու, աո՜ւու,- փոքր երեխա ես, խելքդ բան չի կտրում, քաղցած ես՝ հաց ուզիր, ծարավ ես՝ ջուր ուզիր,- ճիշտը նա է, որ ականջիդ մեկը խուլ լինի, աչքիդ մեկը՝ կույր, որ ամեն բան չտեսնես, ամեն ինչ չլսես, էշն էլ, իշատերն էլ, թող գործը գործին ուտի, թող հոգսերը կռիսի պես իրար խժռեն,- գործից եկել ես տուն, էլ ոչնչի մասին մի մտածիր, սիրտդ ուզում է հանգստանալ՝ հանգստացիր, տնից զուր էլ կանչում են, գնացողը չես, ամբողջ օրը աշխատել դադրել ես, ներվեր ես մաշել, պետի ու տեղակալի պատասխան ես տվել, հիմա վատնածը վերականգնիր, մի քիչ մարդացիր, ամեն Աստծո օր ներվերդ, կամքդ, սրտիդ ուզածները մսաղացով քաշվում են, հիմա եկել ես տուն, ժամանակը քո իրավունքին է, սրտիդ ուզածը արա... Աղվանն էլի՞ առանց հերթի նարդի է խաղում, լավ, էսօր ձեռքս զառ չպիտի առնե՞մ, աշխատանքի տեղը քիչ է, հիմա էլ պիտի այստե՞ղ ներվերս ուտվեն, աշխարհքիս երեսին արդարություն չպիտի՞ լինի, ձերպեսների երեսից քոչենք, գնանք լուսի՞ն,- եւ մարդուս կամքը բարակում, դառնում է թել, դոմինոյի համար տալիս են ու վիճում,- անհարմար էլ չեն զգում, անհարմար, երեխատեր-թոռնատեր մարդիկ են, բայց էլի առաջվա խելքին են։
Երեկոն սարերից իջած հովը պուտ-պուտ ցողում է մարդկանց դեմքին, հոգնությունը կամաց-կամաց անցնում է, և ամեն մեկն իր հոգսն ու ցավը, վեճն ու կռիվը պատատում է ու պինդ խոթում ուղեղի մի ճեղք, պարտակում աչքից հեռու ծալքերում, որ դրանց հետքը կորչի, որ էլ դրանց մասին չմտածվի, որ մոռացվեն աշնան ծըլլըկաթը, ձմռան պարիպասի հոգսերը, Ապավենի տանիքն այնքան է կաթել, որ տան պատերը դարձել են վարչական քարտեզ,- բայց հիմա օգոստոսի սկիզբն է, և Ապավենի Արմեն տղան թթենու ճղներով բարձրանում է հենց նրա ոտքերի տակ շատարար դառած տանիքը եւ այնտեղից աղավնի թռցնում,- անտերները ոնց էլ լավ են ճախրում, բարձրանում, դառնում են ծիտ, դառնում են կետ, լուծվում երկնքի կապույտում ու մեկ էլ, չգիտես որտեղից, իրենց նետում թթի ծառին, իսկ պուտերով որձակը շարունակում է օդում գլուխկոնծի տալ, օյիններ անել,- զմայլանքից Ապավենի բերանը մնացել է բաց եւ այդպես ատամները քամուն է տալիս,- հանկարծ Արմենի ոտքերի տակ տանիքը վտանգավոր ճռճռում է՝ նայիր, խախուտ է,- տակից գոռում է Ապավենը,- քեզ չեմ ասե՞լ չբարձրանաս տանիքը, իջիր, քեզ ասում եմ, լակոտս հոգիս կոկորդս է բերել, մարդ ես, մարդու տղա ես, մտածիր մի անգամ, քո ընկերները տուն են պահում,- տանիքը՝ ջհանդամը, կոտրի, կշինենք, իսկ որ ընկնես, սատկե՞ս, մարդ չե՞ս, քանի անգամ ասեմ,- եւ Ապավենը ձեռքի ընկածը շպրտում է Արմենի վրա, սա ճարպիկ խույս է տալիս եւ մեկ-երկու՝ թթի ծառով իջնում գետնին,- հա, բա՜, տանիք փոխելն ի՜նչ է, խանութում թիթեղը թափած է, ինչ շինափայտ պետք է՝ ջոկիր եւ ամեն ինչ էլ իր գնով առ, վարպետի կարիք էլ չկա, ինքը փայտամածը կկապի, Օսեփն էլ մի երկու օրում թիթեղը կխփի, հարեւան է՝ շատ չի վերցնի, անցյալ տարի ինքը նրա փտած գերանները փոխեց ու մի կոպեկ էլ չի վերցրել, Օսեփը թե մարդ է, ինքն էլ չի վերցնի,- բայց հիմա դոմինոյի հերթը Ապավենինն է եւ տանիքն էլ աշնանն է կաթելու։
Փողոցի ծայրին երեւաց Հակոբը՝ գունավոր ակնոցները դրած, ձեռնափայտը ձեռքին։ Երեւանի դասախոս տղան է ուղարկել։ Բա՜, Հակոբ կասեն, ինչքան գետնի վերեւն է, երկու էդքան էլ տակն է։
Սիմոնը Օսեփին աչքով է անում.
- Դու չես գնո՞ւմ։
- Երեկ եմ ստացել։
- Մի բան կա՞ր։
Թե քեզ ինչ՝ կար թե չկար, ոչ պատերազմի երես ես տեսել, ոչ բան։ Բայց Հակոբին տեսնելուց Օսեփի մարմնի քորը բռնում է։
- Մի բան կա՞ր,- Սիմոնը նորից հարցնում է։
- Միս էր, կանաչ ոլոռ՝ մի տուփից ավել չտվին, խտացրած կաթ կար, երշիկ՝ մի տասնութ-քսան ռուբլու բան։
Հայրենական պատերազմի մասնակիցների համար խանութ են բացել, որից Հակոբն էլ է օգտվում։ Անդրեասը չի օգտվում, Հակոբն օգտվում է։ Թե ե՜րբ է արդարություն եղել։ Որ Իրանում է ծառայել, ուրեմն, իր համար քեֆ է քաշե՞լ, որտեղ տարել են, այնտեղ էլ մարդը ծառայել է։ Իսկ Հակոբին Օսեփը ճանաչում է ու լավ է ճանաչում։
Մթերաբաժին ստանալու օրը Հակոբը գունավոր ակնոց է դնում, ձեռնափայտը առնում ձեռքը, բայց հո բոլորը գիտեն, որ կռիվը վերջանալուց հետո նրան՝ որպես գերու, ութ տարի նստեցրել են։ Ասում են՝ ծառայել է նրանց։
- Սուտ կլինի,- բորբոքում է Սիմոնը։
- Ես իմը գիտեմ,- փնչացնում է Օսեփն ու լռում։
Քանի՜ անգամ է Սիմոնը փորձել, որ Օսեփը բացվի, բայց նա միշտ էլ խույս է տվել։ Մի գյուղացի են, իրար էլ քավոր են գալիս, և Օսեփը մի քար տակն է դրել, մեկը գլխին ու լռել։
- Հանգստանո՞ւմ եք,- մի բան ասելու համար հարցրեց Հակոբը։
- Մի անգամ էլ դու խաղա, էլի, Հակոբ խնամի,- Ապետնակը խնամի է ասում, որովհետեւ նրա եղբոր՝ Սոկրատի կինը իրենց գյուղացի է։
Հակոբը Ապետնակին մարդատեղ չի դնում ու խոսքին չի պատասխանում։ Տղամարդը կթողնե՞ր, որ տանիքը փլվի։ Ծո՛ւյլ, անպե՛տք։ Հակոբը գլուխ չունի էդ պարապության հետ, մարդ կիսատ-պռատը թող կանի, թե նարդի եմ խաղո՞ւմ։ Նա կանգնել է Օսեփի համար, որ իր ասած խոսքին նրանից պատասխան ստանա։ Քավոր են, չէ՞, պետք է պապերի դրած կապը պահպանել։ Առիթը եկած տեղը միշտ ասում ու կրկնում է.
- Քավորը բարեկամից էլ ավել է։
Եվ այսպես, իրենց քավորությունը մահուդ է շինել ու Օսեփի աչքերը կապել։ Աչքերս կապեցիր, բա հոգուս աչքերը ո՞նց պիտի կապես, անմաքուր ծնունդ։ Մինչեւ հիմա Օսեփը հիշում է ջահել մոլդավացու զարմանքից ու վախից չռված աչքերը, մինչեւ հիմա չփակված վերքի պես մխում է հոգին։
Գնացել էին հետախուզության։ Երեքով։ Հակոբը տմարդություն արավ ու կորավ գնաց Օսեփի աչքից։ Օսեփը հրացանի փակաղակը չրխկարցրեց ու ոտը պիտի քաշեր, բայց ձեռքը կարկամեց։ Կռվի առաջին ամիսներին էին, դեռ մարդ չէր սպանել։ Սպանի՝ էն էլ յուրայինի՞, իր համագյուղացո՞ւն։
- Աչքերիս ցավը չի անցնում,- բացատրեց Հակոբը։
«Էն աշխարհքում էլ պիտի ցավ քաշես»,- մտքում ասաց Օսեփը, բայց բարձր հարցրեց.
- Երեւան չէի՞ր, պրոֆեսորի-բանի ցույց տայիր։
- Մեծս տարել էր, դեղ-բան են նշանակել, բայց օգուտը շատ չէ։ Մտնելն ու դուրս գալը տասը րոպե չքաշեց, բայց քսանհինգանոցը դրեց գրպանը։ Հեշտ ապրողներ կան, հա՜...
Ուրիշն ասեր, մի քանի բան էլ Օսեփը կավելացներ, բայց թարսվեց, ասաց.
- Պրոֆեսորի գրածը հասարակ բժիշկը չի կարա։
Թե ինչո՞ւ չի կարա, Օսե՛փ, էլի լոշտրակ-լոշտրակ խոսեցիր, կարծես տասը ակադեմիա ես ավարտել։ Հակոբը ուզեց հակառակվել, ուզեց ասել, որ էդ պրոֆեսորի նշանակած դեղերից մեր դեղատներում էլ կա, բայց լուռ համաձայնեց, մի քանի րոպե կանգնեց, որ ուրիշ թեմաների անցնեն, հետո գնա։
- Պրոֆեսորությունը հիվանդությունը որոշելն է, դեղ նշանակելը ամեն բժիշկ էլ կարող է,- պաշտպանեց Սիմոնը։ Սիմոնը ուզեց Օսեփին գրգռել Հակոբի դեմ, բայց Օսեփը տրամադրություն չուներ։ Օսեփը պիտի Սիմոնից փող խնդրի, և այդ միտքը ստորացնում էր նրան։ Ինքը գնա Սիմոնից փող խնդրի՞։ Հակոբն էլ կունենա, բայց Հակոբի ոտքը երբեք չի գնա, Հակոբի հացը անիծված է։ Քանի՜ հարսանիք-կնունք է արել, ամեն անգամ Հակոբը Օսեփին հրավիրել է, բայց նա միշտ մի պատճառ է բերել ու չի գնացել։ Օսեփը Հակոբի հացը չի կտրի։
Երանի պուճուրը զռռոցը դրել է։
- Թե ձենը կտրի, է՜,- Ապավենը անպարկեշտ խոսք ասաց, և Աղվանը սկսեց քռքռալ։ Հակոբը գավազանը առաջ գցեց եւ աննկատելի հեռացավ։ Ամեն անգամ Օսեփին հանդիպելուց նրա մեջքով ցրտություն է անցնում։ Իսկ Սիմոնին չէր սիրում. վախեցիր լղարից, փախչի զաղարից՝ էդ Սիմոնի մասին են ասել։
Իսկ Ելենի պուճուրի զռռոցը չի կտրվում՝ նոր զգեստ է ուզում։ Ելենը երեխային ծեծ չի տա, կասի՝ մաման ցավդ տանի, քո հեր Սահակը մի ամիս առաջ դպրոցական նոր շրջազգեստ է ուղարկել, որ սեպտեմբերի մեկին հագնես. ինչ լավ, հոգատար հեր ունես՝ Սահակը, քո հեր Սահակին չես հիշո՞ւմ, մազերս փետեմ, հանգստանամ, լաց մի լինի, մաման մատաղ քեզ, Սահակի ուղարկած զգեստը արդուկել եմ, պահարանից կախել, մնում է մի քիչ էլ քեզ արդուկեմ,- ափից ելած Ելենի ձեռքերը քոր են գալիս, բայց ձեռքի կարի գործը էսօր պիտի պրծնի, որ պատվիրատուն դատարկ չգնա։ Օրուդադար չունի խեղճը, գիշերը ցերեկ է անում, որ Սահակի լակոտների լափը հասցնի, մերկությունը ծածկի, թող ուրիշները լավ-լավ հագնվեն, թող նրանք ամեն տոնի նոր շոր ունենան, սրտների ուզածը անեն, իսկ իրենց մայր չի բերել, իրենցը մխալն է, պակասությունը թող այնքան մխա, որ աչքները ծխաթակ դառնան, քոռանան։ Չոռ ու ցավ քեզ, զռռոցդ մի դիր, հիմա որ վեր եմ կացել, է՜, ու իբր փորձ է անում, որ կարի մեքենայի տակից ելնի, բայց դրա համար ժամանակ չունի, ուժ չունի,- ջահելությունը, կյանքը ասեղի ծակով անց է կացրել, իսկ պակաս բառն էլ իրենց համար են ստեղծել, որ Մեխակի կինը տարբերվի իրենցից, օրական մի զգեստ է փոխում, մի վերարկուն մի սեզոն է հագնում, կառուցում են, կառուցում, բայց աչքներին կշտանալ չկա, ունեցածն էլ երկու աղջիկ է,- թե էդքան ում համար ես կառուցում, ա՛յ աչքածակ, վաղը, մյուս օրը աղջիկներիդ մարդու ես տալու, այդ մեծ-մեծ տներում մենակ ղուղու պիտի կանչե՞ս, օրումեջ սրտիցդ բռնում ես, մարդ ու կնկա ձեր աշխատածը քիչ է, մորդ էլ ես գործի դրել։
Ո՞վ է ում դարդ իմանում, մարդու դուրսը ուրիշին է վառում, ներսը՝ իրեն։ Կարողանաս հաշվել, թե Սիմոնը ինչքան է խորամանկել։ Ցանկացել են կեռ տալ, խուսափել է, ցանկացել են կեռ տալ, վերջին պահին խույս է տվել ու ձեռքին պահած մահակը կոխել անիվների արանքը՝ դե, կերեք։ Այսպես, կոխ է կացել՝ մինչեւ հարյուր քսանի վրա անցել է թոշակի։ Ու հիմա ավելի շատ է վաստակում, քան ջահել ժամանակներում, երբ ուժ ու եռանդ կար կռներում, երբ փողը այնպե՜ս հարկավոր էր գալիս։
Ֆինբաժնում տեսուչ էր աշխատում, էշի պոչի պես ոչ երկարում էր, ոչ կարճանում։ Բոլորը սպասում էին, թե երբ պիտի թոշակի անցնի։ Մեջքը կռացած, քիթը վերքաշելու անպիտան սովորության մեջ՝ երբեմն հազը այնպես է բռնում, որ ասես՝ շունչը հիմա պիտի կտրվի։ Այդպես մարդիկ հոգնել են նրա ներկայությունից, մի օր կլինի՞, որ գան աշխատանքի եւ չտեսնեն Սիմոնին իր տեղը նստած՝ աչքերը առաստաղին հառած։ Ինքն էլ է իրենից հոգնել ու ինքն իրենից ազատվելու համար օրերը հաշվում էր, որ գնա թոշակի։ Ֆինբաժնի տեսուչի ռոճիկը շատ էր քիչ եւ այնտեղից թոշակի անցնելը ձեռք չէր տալիս։ Ախպերացեղ Հայկազն ասաց՝ խելոք մտածիր, վաղը կարող է թեք ընկնես, և հարս ու տղա չուզենան քեզ խնամել, փող ունենաս՝ խնամող էլ կլինի։ Ուզենալով-չուզենալով, ամաչելով-արհամարհելով ախպերացեղ Հայկազի հետ գնաց սեզոն, իր վրա ամիսը հազար ռուբլի գրել տվեց եւ օրենքով, խաչ ու պատարագով՝ երկու տարվա միջինով հաշված, հարյուր քսանի վրա թոշակի անցավ։ Ձեռքը փող ընկավ ու փողի համն ու լազաթը իմացավ։ Այգու ծերացած ծառերից ահագին տեղ ազատեց եւ ծաղկանոց սարքեց։ Ծաղկից լավ եկամուտ է գալիս, մարդը ժամանակին գլխի ընկավ եւ տաք-տաք գործի անցավ։
Օսեփն ասում է՝ ոսկի էլ տան, շուկայում չեմ կանգնի, թե ինչ է ինչ՝ մի քանի ռուբլու ծաղիկ եմ ծախում։ Գեներալ Մադաթովի ցեղից է, չի անի, մարդու տղան ոսկին չոփով է բարձրացնում։ Հպա՜րտ, հպա՜րտ։ Տեսնես անտերը ի՞նչ գույնի է լինում, ի՞նչ համ ու հոտ ունի։ Դրանից մի քիչ լիներ՝ գցեինք թավան ու ձվածեղի տեղ ուտեինք։
Օսեփը դիտավորյալ պատվից ու հպարտությունից է խոսում, բարձր բաներից է բռնում, որ նսեմացնի Սիմոնի՝ ծաղկից եկած եկամուտները։ Այ մարդ, ի՜նչ եկամուտ, ի՜նչ բան, չարչարմունքը չարժե։ Սիմոնը նյութը շուռ է տալիս, պատ տալիս եւ Օսեփին տանում կռվի օրերը, երբ նա գնդապետ Յուրչիշինի համհարզն էր եւ եթե չլիներ նրա քյալագյոզությունը, գեներալ կդառնար ու հերոսի կոչում էլ կստանար։ Մոզդոկից միասին հասել են մինչեւ Պրագա, մի անգամ մայորից կապիտան են դարձրել, մի անգամ էլ գնդապետից իջեցրել են փոխգնդապետի։ Ի՜նչ տղամարդ էր, մահվան աչքերին նայում էր ու աչք չէր ճպում։ Հասակը՝ բարձր, մեջքը՝ լայն, գեղեցիկ տղամարդ էր, սանմասի կնանիք ձեռից գնում էին նրա համար։ Բայց պատերազմը դաժան էր վարվել՝ արկի բեկորը խփել էր շեքին եւ նրան զրկել տղամարդությունից։ Բա՜, այդպիսի բաներ, Օսեփը չլիներ, նա ինքնասպան պիտի լիներ։
Սիմոնը ուշադիր լսում է, բայց Օսեփը նրա աչքերի մեջ պարզ տեսնում է, որ ուշքն ու միտքը ուրիշ տեղ է, տան մոտ երկու հոգի են կանգնել, երեւի ծաղիկ են ուզում։ - Սիմոն, դու որ ծնվել ես, ձեր կողմերի աղվեսները յոթ օր սուգ են կապել, բայց խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդ ընկնում, լավ իմացիր։ Փողի մեռած շան որդի։ Եվ իր հպարտությունների, փողի՝ իր արհամարհանքների բարձունքներից Օսեփը եռաց, ուզեց մի երկու խոսք ասել, բայց հիշեց, որ թոռան համար դաշնամուր պիտի գնեն եւ փողից քիչ-միչ պակասում է, շատ չէ, մի քանի հարյուր մանեթ։
Աղվանը ուզեց կեռ տալ, Աղվանն ասաց.
- Ուստա Սիմոն, արի։
- Ես ի՞նչ ուստա եմ, Աղվան, ուստան էծն է, կոտորակ է պատրաստում՝ տար հրացանի լուլան լցրու։ Արեւի տակ մի ամիս պահիր եւ ատամիդ տակ դիր, թե կարաս կոտրել, ախպեր, ինձնից մի սեղան։
- Ուստա ես, ուստա,- զանց անելով Սիմոնի լեզվախածը, Աղվանը նորից իրենը քաշեց,- դոմինոյի քո հերթն է, արի։
- Բա դոմինոն Սիմոնի խա՞ղն է, Աղվան, խաղաքարտ լինի՝ ուրիշ, էն էլ փողով։ Հա, բա՜,- եւ Սիմոնը աչքերի ծայրերում խնդմնդաց. Աղվան տղա, չգիտե՞ս, որ Սիմոնին կեռ տալը քո բանը չի։
Ուրիշներին ծաղկից եկած իր փողերն են վառում, իսկ Սիմոնի աչքին գիշերները քուն չի գալիս։ Մեծ տղային տարել է Մոսկվա, անձամբ ինքն ու հարսն են տարել, որ անարժան զավակին խմիչքից բուժեն։ Երեկ հիվանդանոցից լուր են ստացել, որ հիվանդ Էսինչ Էսինչյանը հեռացել է հիվանդանոցից։ Սիմոնը հիմա ի՞նչ անի, սովետը ծայր ու պուճախ չունի, գնա որտե՞ղ փնտրի նրան։ Բռնի ու ձեռքը թափ տա, անարժան զավակը ո՞ւմ է պետք։ Սիմոնի մի աչքում ծիծաղ է, մյուսում՝ արտասուք, միայն արտասուքը թաքցնում է ընկեր-հարեւանից։ Ընկեր-հարեւանի իմանալո՞ւ բան է։ Սիմոնը նստած տեղից ուզեց բարձրանալ, բայց անսպասելի գլուխը շուռ տվեց եւ որպեսզի չընկնի, նստեց տեղը։
- Ոտքս թմրել է,- ստեց նա եւ իբր թմրությունն անցնելու համար ոտքը մեկնեց առաջ։
Քիչ սպասելուց հետո Սիմոնը բարձրացավ տեղից, մեջքը շտկեց եւ առույգ քայլ գցեց.
- Գնամ էն սիրուն աղջիկներին ծաղիկ տամ,- Աղվանին լոթիաբար աչքով արեց, Օսեփին ուզեց բան ասել, բայց զգաց, որ մի խոսք էլ որ բերանից ելավ, պիտի ցավից ոռնա, էն շան որդու ցավից, որ իրեն թշնամու ու բարեկամի մոտ խաղք ու խայտառակ է անում։
Սիմոնն անկեղծորեն երանի տվեց Անդրեասին։ - Երանի իմ բաժինն էլ այդպես լիներ,- կսկծաց նա։
... Մարդիկ տնից ելել են փողոց ու ամեն մեկը մի ձեւով հանգստանում է։ Դոմինո են խաղում, նարդի են խաղում, ասում-խոսում են դեսից-դենից, աշխարհքի բաներից, որ մոռանան տան պակաս-պռատը, վեճն ու կռիվը իրենց հետ, հարեւանի հետ, աշխարհքի հետ,- էս ի՞նչ նյութից է Աստված մարդուն սարքել, որ դիմանում է, տեղը եկավ՝ ծիծաղում, քեֆ է անում, ուժը պատածը անում է ընկեր-հարեւանի համար, պետք եղավ՝ իրենից կտրում, տալիս է ուրիշի, որ ուրիշն էլ ունենա։
Բա, կյանք է... եւ շոգ օգոստոսյան երեկո... 

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить