11 ноября 2013 г.

ԻՄ ՀԻՆ ԼՈՐԵՆԻ…

   Իմ մաքուր, առաջին իմ անուրջ…
  Վ. Տերյան

Հանդերձապահարանից հանեցի միակ պիջակս: Մայրս հարցական նայեց ինձ.
- Գնամ մի պտույտ անեմ:
Ու դուրս եկա:
Մեր քաղաքը փոքր, է, այնքան, որ բոլորս ճանաչում ենք իրար: Ժամը 9-ից կյանքը փողոցներում մարում է: Գիտեմ, որ նրան չեմ հանդիպի, բայց էլի դուրս եմ գալիս: Չեմ կարող համբերել, չեմ կարող տանը նստած մնալ: Գիշերը այնքա՜ն երկար կլիներ, այնքա՜ն երկար… դե, երեք տարի չեմ եղել մեր քաղաքում՝ բանակում էի: Առաջին օրն է, որ տանն եմ: Երեք տարուց հետո…
Դրսում ոչ ոք չկա: Լռել են փողոցներն ու տները, ծառերը շշուկով են խոսում: Լռությունը վախվորած ծվարել է լորենիների գունատված սաղարթներում: Միայն փողոցներն են հանդիմանությամբ արձագանքում իմ զինվորական կոշիկներին, ամեն քայլափոխի զգուշացնելով՝ տո՛ւն-տո՛ւն, տո՛ւն-տո՛ւն: Իսկ ես տուն չեմ գնում, թափառում եմ ամայի փողոցներով: Այնքա՜ն եմ կարոտել մեր քաղաքին, նրան…
Կինոթատրոնի պուրակը երիտասարդության հավաքատեղին է: Ծանոթների հանդիպելու հույսով գնում եմ այնտեղ:
Երկու աղջիկ մոլոր կանգնել են: Երևի վերջին սեանսից ուշացել են: Փոխանակ նրանց նայելու, չգիտեմ ինչո՞ւ, նայում եմ պիջակիս թևերին: Որքա՜ն են կարճացել: Ձեռքերս խնամքով թաքցնում եմ հետևիս ու արագ անցնում նրանց մոտով:
Շարունակում եմ թափառել:
… Կինոյի վերջին սեանսը վերջացավ: Վառարանի մոտ նիրհող քաղաքն արթնանում է կինոյից դուրս եկած մարդկանց աղմուկից: Հետո լռությունը կլանում է աղմուկին և անվերջ խաղաղություն է իջնում մեր քաղաքի վրա:
Իսկ զինվորական կոշիկներս շարունակում են դոփել փողոցները, և փողոցները շարունակում են ինձ զգուշացնել՝ տո՛ւն-տո՛ւն, տո՛ւն-տո՛ւն: Որոշում եմ գնալ տուն, մեկ է՝ նրան չեմ հանդիպի: Բայց քայլերս ինձ տանում են մի ուրիշ փողոց: Ես կանգնում եմ եռահարկ մի տան առաջ: Ավելի ճիշտ՝ ոչ թե տան, այլ տան երկրորդ հարկի վերջին պատուհանի առաջ՝ աջից ձախ հաշված՝ վերջին պատուհանի, երկրորդ հարկի վերջին պատուհանի առաջ: Պատուհանը պարուրված է մութի մեջ: Երևի քնած են, և ես որոշում եմ գնալ տուն: Քայլերս արդեն հնազանդվում են ինձ:
Մայրս սպասում էր ինձ: Պառկում եմ փափուկ տեղաշորում: Ինչպես տարիներ առաջ, մայրս վերմակով պինդ փաթաթում է ինձ, և ինքը գնում պատշգամբը՝ բանակից բերած կեղտոտ շորերս լվանալու:
Սնարից վերև պատուհանն է: Առաջ ես սիրում էի զրուցել պատուհանիս օդանցքից ժպտացող իմ աստղի հետ: Այո՛, իմ աստղի: Նրա տեղը միայն ես գիտեմ և նույնիսկ անուն եմ դրել, իմ և Հասմիկի անվան առաջին վանկերը միացնելով՝ Ար-Հաս: Ինչպես առաջ, հիմա էլ փորձում եմ գտնել իմ աստղը, բայց չի հաջողվում, չի երևում: Որտե՞ղ է գնացել: Տխրում եմ, ոչ ոքի հետ չեմ կարող զրուցել, հարցնել Հասմիկի մասին: Չգիտեմ՝ ինչ անեմ: Շուռ ու մուռ եմ գալիս անկողնաշորերում: Փափուկ շորերն անսովոր են դարձել, չեմ կարողանում քնել: Հետո հիշում եմ մեր դասարանցիների վերջին հավաքույթը՝ տասներորդն ավարտելուց հետո: Բոլորս ուրախ էինք, անհոգ: Երգում էինք, պարում, խոսում, ծիծաղում: Հետո Մանիկը, որը բոլորից շատ էր ուրախանում, չգիտես ինչո՞ւ, բարձրաձայն ծիծաղում է, ծիծաղում է՝ արցունքներն աչքերում: 
- Երեխաներ, այլևս միասին չենք հավաքվելու, վերջացավ: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ վերջացավ: Իսկ դուք, խելառներ, ուրախանում եք:
Տխրում ենք: Առաջին անգամ զգում ենք, որ ինչ-որ բան վերջացավ: Չգիտենք, թե ինչու վերջացավ, բայց զգում ենք, որ ինչ-որ բան թանկագին, շատ սիրելի բան հեռանում է մեզանից, և մենք չէինք կարող պահել նրան:
- Եկեք խոսք տանք, որ իրար չենք մոռանա,- արցունքները սրբելով ասում է Մանիկը:
Բոլորս համաձայնում ենք նրա հետ: Ուշ երեկոյան բաժանվում ենք՝ երդվելով չմոռանալ իրար: Մենք հավատում էինք մեր երդմանը:
Այդ օրը ես Հասմիկին ուղեկցեցի տուն: Երեք տարի առաջ էր, հուլիսի 5-ին:
… Գեղեցիկ են մեր քաղաքի երեկոները և խորհրդավոր: Մանավանդ ուշ երեկոյան, երբ լորենիները սկսում են գաղտնի փսփսալ: Մենք մի լորենի ունեինք՝ ես և Հասմիկը: Կիրովյանի և 26 կոմիսարների խաչմերուկում: Առաջինը չէ, երկրորդ լորենին: Այնքա՜ն ամաչկոտն էր այդ երկրորդը, այնքա՜ն գաղտնապահ…
Հիշում եմ՝ տղան ասում է՝ ես քեզ… Լորենին չի թողնում, որ տղան ավարտի իր խոսքը՝ սը՛սս… և տղան լռում է: Աղջիկը սպասում է, որ տղան շարունակի, իսկ լորենին չի թողնում՝ սը՛սս… Տղան վերցնում է աղջկա ձեռքը: Աղջիկը հնազանդվում է: Տղան կամացուկ սեղմում է աղջկա ձեռքը: Հետո ամուր, շատ ամուր: Աղջիկը ցավ չի զգում, միայն սպասում է: Տղան սիրտ է առնում, թեքվում է դեպի աղջիկը և սը՛սս…- զգուշացնում է լորենին:
Հետո լռում են: Հետո աղջիկը հարցնում է.
- Ի՞նչ ես որոշել, Արմեն:
- Չգիտե՞մ:
- Վաչիկը թղթերն ուղարկում է պոլիտեխնիկ:
- Իսկ դո՜ւ:
- Անպայման բժշկականը, դա իմ երազանքն է:
- Հաջողություն եմ ցանկանում:
- Արմեն, ինչո՞ւ չես ցանկանում մտնել բարձրագույն, ես համոզված եմ, որ անպայման կընդունվես:
- Չեմ ուզում, նախ կաշխատեմ, հետո կգնամ սովորելու:
- Ուրիշներից ետ մի մնա, հետո կզղջաս: Այո՛, կզղջաս, բայց ուշ կլինի:
Տղայի մատներն ակամայից թուլանում են ու բաց է թողնում աղջկա ձեռքը: Հետո նա ցանկանում է նորից բռնել, բայց չի համարձակվում: Հետո շարունակում են քայլել:
«Բարի գիշեր»,- ասում է ռադիոբարձրախոսը: Ժամը մեկն է: Ինչքա՜ն արագ անցավ ժամանակը: Մինչդեռ նրանք չէին ցանկանում բաժանվել: Տղան դեռ չէր ասել հիմնականը, իսկ աղջիկը դեռ սպասում էր:
«Հիմա կասեմ՝ սիրում եմ քեզ»: Ու տղան բռնում է աղջկա ձեռքը:
- Հասմիկ,- ու չի կարողանում շարունակել:
- Ասա, Արմեն:
- Բարի գիշեր:
- Բարի գիշեր: Քնիր, որդիս, ուշ է,- ու մայրս տաք համբուրում է ճակատս:
Իսկ ես չեմ կարողանում քնել, նորից ցանկանում եմ գտնել իմ աստղը՝ Ար-Հասը, բայց չեմ կարողանում: Հետո հանկարծ աստղերի պայծառ լույսից աչքերս կկոցում եմ: Բացում եմ աչքերս՝ արդեն առավոտ է:

Տեքստիլ կոմբինատում ենթավարպետի աշակերտ եմ: Արդեն մի շաբաթ է: Աշխատանքը հեշտ է, և ես ազատ ժամանակ շատ եմ ունենում: Պարապ ժամանակ օգնում եմ մեր կոմպլեկտի աղջիկներին: Բոլորը ջահել ու քիչ էլ լեզվանի աղջիկներ են: Նրանք երբեմն այնպիսի բաներ են ասում, որ ես ամաչելուց կարմրում եմ:
Երեկ էր, չգիտեմ, թե ինչի մասին էին խոսում: Ես էլի կարմրում եմ:
- Սուս մնացեք, աղջկերք, Արմենն էլի կկարմրի,- իբր թե աղջիկներին սաստելու համար ասում է Ռոզիկը:
- Արմեն ջան, չկարմրես, հենց իմանում եմ կարմիր խնձոր ես, ուզում եմ թշերդ կծել,- ասում է Սիրանուշը:
- Բա որ սիրած աղջիկը իմանա՞:
- Այդքան բախտը որտեղի՞ց, որ սիրած ունենա:
- Որ բախտ ունենար, աղջիկ կծնվեր:
Աղջիկների միահամուռ ծիծաղը խլացնում է հաստոցների աղմուկը: Ես, ապուշ կտրած, չգիտեմ ինչ անել: Կաս-կարմիր էի դառել:
Ներս է մտնում մեր արտադրության պետը՝ ընկեր Ղուկասյանը:
Աղջիկների ծիծաղը ցուպ-կտրվում է, և ես թեթևացած շունչ եմ քաշում:
Մեր կոմպլեկտում տարիքով ամենամեծը Ռուբենն է: Դե, ինչ մեծ, հազիվ 30-35 տարեկան մարդ: Նա ոչ միայն մեր արտադրության, այլև կոմբինատի լավագույն ենթավարպետն է: Տասնհինգ տարեկանից աշխատում է այստեղ: Ամեն տարի կոմբինատի արհկոմիտեն ու նորարարությունների բյուրոն կռվում են իրար հետ: Ամեն մեկը ցանկանում է Ռուբենի նկարն իր պատվո տախտակում ունենալ:
Երիտասարդ է նաև մեր արտադրության պետը՝ ընկեր Ղուկասյանը: Ոմանք, մանավանդ Ռուբենը, չեն սիրում նրան: Չեմ հասկանում՝ ինչու: Բայց և այնպես բոլորը: Բացի, նրան ընկեր Ղուկասյան են ասում: Ջահել տղա է ու՝ ընկեր Ղուկասյան: Չի էլ սազում: Բայց քաղաքավարի մարդ է, բոլորի հետ «դուք»-ով է խոսում:
- Ղուկասյանն ուզում է առաջ գնալ,- ասում է Ռուբենը ու շարունակում նրան անունով կոչել:
Երևի դրանից է, որ իրար չեն սիրում:


*  *  *

Հասմիկին դեռ չեմ հանդիպել: Որտե՞ղ է նա:
Գիտեմ, որ ընդունվել է բժշկական ինստիտուտ: Սկզբում իրար նամակ էինք գրում, հետո դադարեց նամակներիս պատասխանել: Նախանցյալ տարի Մանիկից մի նամակ ստացա, որտեղ գրում է, որ Հասմիկը թողել է ինստիտուտը և եկել քաղաք: Ինչո՞ւ է եկել՝ չի գրել: Եթե քաղաքում է՝ ինչո՞ւ չի երևում:
Սովորությանս համաձայն աշխատանքը վերջանալուց հետո գնում եմ տուն: Ամեն օրվա ճանապարհը շեղում եմ այնպես, որ անցնեմ Հասմիկենց տան մոտով: Գիտեմ, որ չեմ տեսնի նրան, բայց հույսս չի կտրում:
- Բարև Արմեն:
Հետ եմ նայում՝ Հասմիկի մայրն է դույլերը ձեռքին դուրս գալիս տան մուտքից: Ես ամաչելուց կարմրում եմ՝ գործատակի շորերով, կեղտոտ:
- Հասմիկն ասել է, որ բանակից վերադարձել ես:
- Այո՛, արդեն ամսից ավելի է:
- Ինչպե՞ս ես, արդեն աշխատո՞ւմ ես:
- Այո, շնորհակալություն:
Ու մինչև կհարցնեի Հասմիկի մասին, նա՝ դույլերը ձեռքին, գնում է ջրի:
Ուրեմն Հասմիկը քաղաքում է, այլապես որտեղի՞ց գիտե, որ բանակից վերադարձել եմ: Բայց և այնպես տարօրինակ է՝ ինչո՞ւ քաղաքում չի երևում:


*  *  *

Առանցքակալը կոտրվեց: Աշխատանքի ընդմիջմանը բոլորը գնում են ճաշարան, իսկ ես մտնում եմ հաստոցի տակը, որ փոխեմ առանցքակալը: Հիմա Ռուբենն ամեն ինչ վստահում է ինձ: Երբեմն հանաքով ասում է.
- Արմեն, որ տասնհինգ տարի էլ աշխատես, կհասնես ինձ:
Վերջապես առանցքակալը փոխում եմ ու դուրս եմ գալիս հաստոցի տակից:
- Բարև, Արմեն:
Աչքերիս չեմ հավատում: Ինչքան աշխատում եմ բերանիս մեջ կուտակված օդը կուլ տալ, չեմ կարողանում:
- Հասմի՜կ,- վերջապես մրմնջում եմ ես:
Աստված իմ, ինչքա՜ն է փոխվել: Ավելի է գեղեցկացել, բարակ ներկն ավելի է ընդգծում կլոր, ուռուցիկ շրթունքները: Ապշած նայում եմ նրան ու չեմ կարողանում խոսել:
- Սաշայից միշտ հարցնում եմ քո մասին:
- Սաշա՞, Սաշան ո՞վ է,- հարցնում եմ, իսկ մի կասկած ծագում է հոգուս մեջ:
Մեղավոր ժպտում է:
- Ուրեմն դու…
- ՞…
- Ուրեմն …
Երեսուներկու համարանոց պտուտակը ընկնում է ձեռքիցս: Չեմ զգում ոտքիս ցավը:
- Մի նեղանա, Արմեն, չէ՞ որ մենք լավ ընկերներ ենք եղել:
- Բայց…
- Հետո, ամեն ինչ կպատմեմ՝ հետո, և կհասկանաս ինձ: Դու լավն ես, Արմեն, դու կհասկանաս ինձ:
- Բայց…
«Կյանքն է այդպես»: Ուրեմն կյա՞նքն է այդպես: Ինչքան վատ է, որ կյանքն այդպես է: Բայց մի՞թե այդպես է: Միտքս առանցքակալի գնդակի պես խփում է գանգիս պատերին: Հասմիկը ինչ-որ բան է ասում: Նայում եմ նրա աչքերին ու ոչինչ չեմ հասկանում ասածից:
- Արմեն, խոստացիր, որ անպայման կգաս:
- Կգամ:
Կգա՞մ, որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ… Հասմիկը գնում է դեպի դուռը՝ իր հետ տանելով գունատ, ահաբեկված հայացքս: Միտքս կայծակի պես գործում է. ահա մի քանի քայլ էլ, և նա կհասնի դռանը, դուռը հետևից կփակի, կփակի և … վերջ: Հասմիկը ինչ-որ բան ինձնից պոկած տանում է, ու ես չեմ կարող պահել, չեմ կարող խոսել, գոռալ, բողոքել, որ կանգնի, մնա, չհեռանա, իր հետ չտանի այն անանուն բանը, որ ինձ համար անփոխարինելի է: Բայց նա հեռանում է: Դուռը բացվում է, հետո… ղըրթ, կտրում հայացքս ու տուտը ետ շպրտում ճակատիս: Կտրվում է վերջին կապը:
Ներս է մտնում Ռուբենը՝ նայելով հեռացող Հասմիկի ետևից.
- Ի՜նչ ապրանք է,- ասում է ու համբուրում մատների ծայրերը:
Բանակում ես զբաղվել եմ բռնցքամարտով, նույնիսկ մեր գնդի չեմպիոնն եմ եղել: Մեր մարզիչը միշտ ասում էր, որ ծանր ձեռք ունեմ: Չգիտեմ, թե ինչպես եմ հարվածում:
 - Նաչալնիկիդ կնոջ մոտ միավոր ես հավաքո՞ւմ,- գետնից բարձրանում է Ռուբենը ու կատաղած պտուտակահանը բարձրացնում ինձ վրա:
- Սպասիր,- գոռում եմ ես:
- Երևի ահավոր էի այդ ժամին, որովհետև պտուտակահանն ու Ռուբենի ձեռքը մնում են օդում կախված: Ա՜խ, եթե Ռուբենի փոխարեն այդ ընկեր Ղուկասյանը լիներ… ինչպես կուզեի, որ նա լիներ: Բռնելով Ռուբենի օձիքից, ծանր շնչում եմ դեմքին:
- Դու հասկանո՞ւմ ես, նա իմ սիրած աղջիկն էր, հասկանո՞ւմ ես: Ես չգիտեի, ես չէի իմանում, որ նա ամուսնացել է… Հասկանո՞ւմ ես…
Թուլացած ու անզոր հենվում եմ հաստոցին:
- Այսօր նրանց երեխայի ծնունդն է, քեզ էլ են հրավիրել:
- Առ,- հինգ ռուբլի եմ մեկնում Ռուբենին,- ունեցածս այսքան է:
- Լավ, գնա տուն: Կասեմ, որ մայրդ ծանր հիվանդ է, չես կարողացել գալ: Գնա տուն:
Տված փողը ետ դնում է գրպանս ու մոռացած վիրավորանքը, ուղեկցում է ինձ մինչև դուռը:
Ինչպես հետապնդված, դուրս եկա կոմբինատից, ավելի շուտ՝ դուրս փախա: Այդ րոպեին ես միայն մի բան էի ցանկանում՝ մենակ մնալ, ինքս ինձ հետ:
Քայլերս մտքերիս պես մոլոր ու մտքերիս պես տենդային, ինձ տանում են հեռու՝ քաղաքից դուրս: Աշխատում եմ հիշողությանս մեջ վերականգնել դպրոցական տարիների Հասմիկին, մինչդեռ տեսնում եմ նրա շրթունքների բաց-վարդագույն ներկը, որով ավելի են ընդգծվում ուռուցիկ շրթունքները: Իսկ քայլերս ինձ տանում են, թե ուր՝ չգիտեմ:
Մեքենայի տևական սուլոցը կանգնեցնում է ինձ: Զինվորներով լի մի բեռնատար ավտոմեքենա անցավ՝ իր ետևից կախելով զինվորական ուրախ մի երգ: Հիշեցի զինվորական կյանքս. Ժենյա Մակարչենկոյին, որի հետ մի դասակում ծառայում էինք: Անհոգ տղա էր, հարմոնի նվագով տանում էր գլուխներս:
Մեր դասակի տղաները, ինձնից ու Ժենյայից բացի, աղջիկներ ունեին: Հետո նա էլ սկսեց հաճախել տեքստիլի ակումբը, որը գտնվում էր մեր զորամասի մոտ: Անցյալ տարի գնում է տուն և, արձակուրդը չվերջացած, վերադառնում:
- Ինչո՞ւ ես շուտ եկել,- հարցնում ենք նրան:
- Է՛հ, տղերք, թռչնիկս թռավ-գնաց:
Հարմոնն այլևս ձեռքը չէր առնում: Տղաները նրան զոռով քարշ տվին տեքստիլ ու դրանից հետո ինքն էլ շաբաթ օրերը դասակի հրամանատարի մոտից չէր հեռանում, մինչև անցաթուղթ չվերցներ: Մեր դասակից ես էի անտարբեր դեպի անցաթուղթը: 
- Գացո, դու ե՞րբ պիտի անցաթուղթ խնդրես,- հարցնում էր մեր դասակի ջահել հրամանատարը,- ռուս աղջիկները շատ են սիրում սև տղաներին:
- Մի անգամ շաշլիկով հյուրասիրիր, քեզ ամեն կիրակի անցաթուղթ կտամ,- ասում էր ու աչքով անում:
Վերջը Մակարչենկոն էլ թողեց անցաթուղթ խնդրողների հերթը և միացավ ինձ: Այլևս կիրակի օրերը շորերը խնամքով չէր արդուկում և կոշիկները հրացանի փողի պես փայլեցնում:
- Հետաքրքիր է, ի՞նչ է անում հիմա Մակարչենկոն:
Ուշ երեկոյան ոտքերս քարշ տալով հասնում եմ տուն: Վերցնում եմ ֆիզիկայի դասագիրքը, որտեղ Հասմիկի նամակներն էի պահում, և գցում վառարանը: Մայրս զարմացած նայում է ինձ: Զգում եմ, որ ուզում է բան հարցնել, բայց չի համարձակվում: Հուշիկ մոտենում է ինձ ու լուռ գլուխս առնում կրծքին:


*  *  *

Մտնում եմ արտադրություն, և ինձ են հասնում Ղուկասյանի և Ռուբենի բորբոքված ձայները: Մի խումբ աղջիկներ՝ հավաքված Ղուկասյանի կաբինետի մոտ, լսում էին վիճողներին:
- Դուք, ընկեր Ռուբեն, իրավունք չունեք պետության հաշվին մարդկանց լավություն անել: Դրա համար կարող են ձեզ քրեական պատասխանատվության կանչել:
Ղուկասյանի ձայնը հանգիստ է ու ազդու:
- Դու դեռ ստադիոնում բոբիկ ֆուտբոլ էիր խաղում, որ ես կոմբինատում աշխատում էի: Քեզ համար ես երեկվա լակոտը չեմ,- գոռում էր Ռուբենը և, չգիտես ինչու, ֆուտբոլի մասին երկար ու բարակ խոսում:
- Դա գործին չի վերաբերվում, դուք հանցագործություն եք կատարել:
- Ես գիշերներ եմ լուսացրել այստեղ, իսկ դու, ով է իմանում, թե որտեղ էիր վասադուլի պարում:
- Ես կարող էի քեզ աշխատանքից ազատել, բայց դու լավ վարպետ ես, դրա համար էլ քեզ տեղափոխում եմ հերթապահ վարպետի աշխատանքի:
Ռուբենն ինչքան ձայնը բարձրացնում էր, Ղուկասյանն այնքան հանգիստ էր խոսում: Դա ավելի էր կատաղեցնում Ռուբենին:
- Լավ, թող դիրեկտորը գա, ես քեզ ցույց կտամ,- հետևից դուռը շրխկացնելով դուրս եկավ նա՝ կատաղած, փրփրած:
Աղջիկներից իմացա եղելությունը: Սևիլը պիտի գնար ֆիզիոլոգիական արձակուրդի: Սևիլին բարձր արձակուրդային տալու համար Ռուբենը վերջին ամսվա աշխատավարձը մյուսների հաշվին բարձրացրել էր: Ղուկասյանը գլխի էր ընկել:
Ես ներքուստ համակրում էի Ռուբենին, բայց խղճով ասեմ, Ղուկասյանը արդարացի էր: Երբ աղջիկները ցրվեցին, մոտեցա Ռուբենին:
- Բան չկա, մի քանի ամսից հետո քեզ էլի նշանակելու են քո տեղը:
- Թող դիրեկտորը գա, ես նրան ցույց եմ տալու: Անտեղի տեղը ուզում է մարդու խայտառակել:
- Անտեղի չէ, Ռուբեն, ես էլ Ղուկասյանի տեղը լինեի, էլի նույնը կանեի:
- Բա ոնց, դու շատ կուզեիր Ղուկասյանի տեղը լինեիր…
Աստված իմ, ինչո՞վ է հպարտանում: Ապա աչքերի փայլին նայիր, կարծես Արքիմեդն է ջրով լի տաշտակից դուրս եկել և «էվրիկա» է գոռում: Զարմանալի է…
- Իսկ այս դաշնամուրը «Բեկեր» է, 13 հազար ենք տվել: Մասնագետներն ասում են, որ շատ լավ գործիք է: Մոսկվայից եկած դաշնակահարը միայն մեր դաշնամուրն է հավանել, համերգին մերի վրա է նվագել: Դե, 13 հազարն էլ քիչ փող չէ:
Գները հին չափերով է ասում, որ շեշտի արժեքը: Հասկանում եմ…
- Ամառը Մանիկն արձակուրդ էր եկել: Մեր տուն հրավիրեցի: Նայեց, նայեց ու հետո, թե Հասմիկ, դու երջանի՞կ ես: Խելառ, իհարկե, երջանիկ եմ: Բոլորը նախանձում են ինձ: Իսկ իմ կարծիքով, ասում է նա, դու երջանիկ չես: Պարզ է, Մանիկը նախանձից է ասում: Ի՞նչ ես կարծում, ես երջանի՞կ եմ, Արմեն:
- Ես կցանկանայի, որ դու երջանիկ լինես:
Ցանկանում էի ասել, որ այդ երջանկության համար արժեր նույնիսկ թողնել ինստիտուտը: Բայց ինձ զսպեցի, կհասկանար ծաղրս:
- Դու բոլորից լավն ես, Արմեն, դու շատ լավ հոգի ունես:
- Մի՞թե բոլորից…
- Բոլորից, իհարկե, բայց… Զգալով ակնարկս, խոսքի շարունակությունը կուլ տվեց:
- Սաշիկը մեծ ապագա ունի: Ես այդ զգացել եմ առաջին ծանոթության ժամանակ և չեմ սխալվել: Մերոնք համաձայն չէին, որ ես ինստիտուտը թողնեմ: Ամեն մարդ ինքը պիտի իր երջանկության մասին մտածի: Սաշիկը գյուտարար է. նախանցյալ տարի մի գյուտի համար 50 հազար ռուբլի ենք ստացել: Հիմա գյուտարարությունն ավելի շատ օգուտ է բերում, քան թեկնածուական դիպլոմը:
Հասմիկ, խեղճ Հասմիկ, ինչքան լավ ես յուրացրել առևտրականի հոգեբանությունը:
- Վերջերս Սաշիկը մի տեսակ մռայլ է դարձել, նիհարել է, ուղղակի չես կարող ճանաչել:
Հասմիկն ամուսնու մասին խոսում էր առանց քաշվելու: Իհարկե, մենք սեր չենք խոստացել, բայց մի՞թե այն երեկոն ոչինչ չի պարտավորեցնում, ոչինչ չի նշանակում: Իսկ ինձ համար…
- Լավ, գլուխդ տարա, այժմ քո մասին պատմիր,- և ձեռքիցս բռնած տանում է դեպի գահավորակը, որտեղ նստած էինք:
Ձեռքս ամուր բռնել ու բաց չի թողնում, բռնել ու ամուր սեղմում է: Ինչպես մի ժամանակ ես էի նրա ձեռքն ամուր սեղմում: Նայում է աչքերիս մեջ, իսկ դեմքին մեղկ ժպիտ է խաղում: Էլեկտրական տաք հոսանք է անցնում մարմնովս, մտքերս պղտորվում են: Նայում եմ նրա աչքերին ու սարսափում, մի՞թե հնարավոր է, մի՞թե Հասմիկը կարող է այդպիսի բան անել…
 - Արմեն, դու էլի նույն ամաչկո՞տն ես, թե՞ բանակում փոխվել ես: Ասում են՝ Ռոստովի աղջիկները շատ սիրուն են: Երևի բանակում ծառայելու ժամանակ ծանոթացել ես նրանց հետ,- և մեղկ ժպիտն ավելի է խորանում, ավելի է տարածվում:
Չգիտեմ ինչպես՝ ամուր, վայրենաբար համբուրում եմ շրթունքները՝ կլոր, ուռուցիկ, իսկ մատներս կրծքին ամուր կծկվում են ու դեն հրում: Հասմիկը՝ երկիմաստ ժպիտը դեմքին մոտենում է պատուհանին և վարագույրը իջեցնում: Հետո ձեռքը տանում է դեպի էլեկտրական մարիչը: Ո՛չ, Հասմիկ, պետք չէ, դու այդպիսին չես: Հանուն իմ սիրո, հանուն այն երեկոյի՝ պետք չէ…

*  *  *

Բանվորական ակումբում ասեղ գցելու տեղ չկա: Ոմանք գործը թողած եկել էին այստեղ: Սովորաբար ակումբում ծխել թույլ չի տրվում, սակայն ակումբավարի դիտողություններին ու սպառնալիքներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:
Ինքնագոհ ամբիոն է բարձրանում Ռուբենը:
- Ես կարճ կխոսեմ, ընկերներ, Ալեքսանդր Ղուկասյանի նմանները տեղ չունեն մեր կոմբինատում: Առաջարկում եմ աշխատանքից ազատել և գործը հանձնել դատարանին: Ես կարճ կասեմ, նա տեղ չունի մեր շարքերում:
Դահլիճի մի մասը համաձայնության աղմուկ է բարձրացնում:
- Ճիշտ է, դատի տալ:
Սևիլն է գոռացողը: Փոքրոգիներ, անձնական հաշի՞վ են մաքրում:
Չգիտեմ, թե ինչպես եմ բարձրանում ամբիոն: Ցանկանում եմ խոսել, բայց չեմ կարողանում: Վերջապես ասում եմ.
- Ընկեր Ղուկասյանը մեծ սխալ է կատարել: Ուսանողական տարիներին նա իր ընկերոջ հետ ստեղծել է բոլորիս ծանոթ մեքենան, որը մեծ օգուտներ է բերել մեզ: Նա պետք է ազնվորեն հեղինակակից աներ ընկերոջը, որը հիմա նստած է այստեղ: Բայց հասկանո՞ւմ եք, ընկեր Ղուկասյանն այդ արել է…
Աստված իմ, ինչպես ասեմ, որ կինն է նրան մղել այդ քայլերին…
- Նա լավ ինժեներ է, նա ինքն է խոստովանել իր սխալը:
- Դա սխալ չէ, այլ հանցագործություն,- դահլիճից գոռում է Ռուբենը:
- Թող հանցագործություն լինի, բայց նա այդ քայլն արել է ոչ թե…
Ռուբենը չի թողնում, որ խոսքս ավարտեմ: Նրա ծիծաղը վարակում է մյուսներին: Զգում եմ, որ իմ անմիտ ելույթով կարող եմ գործն ավելի փչացնել:
- Իսկ ինձ համար բոլորովին էլ ծիծաղելի չէ: - Գոռում եմ այնպես, որ նախագահության սեղանին դրած ջրամանը զրնգում է: - Ես հավատացած եմ, որ նա կուղղի իրեն, կքավի իր մեղքերը:
Ես խոսում եմ ցրված, կցկտուր, հուզմունքից մտքերս չեմ կարողանում ժողովել, բայց և զգում եմ, որ հուզմունքս անցնում է ուրիշներին, զգում եմ, որ մարդիկ համաձայնվում են ինձ հետ:
… Ուշ երեկոյան գնում եմ տուն: Մեկը կրնկակոխ հետևում է ինձ: Գիտեմ, թե ով է և աշխատում եմ չհանդիպել: Արագացնում եմ քայլերս:
- Արմեն, Արմեն:
Ստիպված կանգնում եմ:
- Արմեն, շնորհակալ եմ,- ու չի կարողանում շարունակել:
- Դատարկ բան է, ընկեր Ղուկասյան, չարժե այդ մասին խոսել:
- Բայց, բայց… Համենայն դեպս Հասմիկն այնքան էլ վատ չէ, թերություններ ունի, բայց նա լավն է:
Խեղճ, մոլորված մարդ...Ես ավելիշատ կցանկանայի հավատալ, նա իմ սրտի համար էլ թանկ է:

Գնում եմ՝ հոգուս մեջ մի ծանր դատարկություն: Մոլոր ու աննպատակ քայլում եմ ու ոչ մի բանի մասին չեմ կարողանում մտածել: Չգիտեմ, թե ինչքան եմ աննպատակ թափառել, երբ մի սառը ճյուղ քսվում է բորբոքված դեմքիս: Նայում եմ վերև՝ իմ ծանոթ, իմ վաղեմի լորենին է՝ վարսաթափ ու ցրտահար:
Տխո՞ւր ես, ծանոթ բարեկամ: Ես էլ եմ տխուր: 

Комментариев нет:

Отправить комментарий