ԳՈՅԱՄԱՐՏ։ ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

ԳՈՅԱՄԱՐՏ
  • Ռաֆո 
  • Գրիշայի պատմածը 
  • Օրը արեւոտ էր, մարտ 
  • «Խնուշինակը պակաս գյուղ չի» 
  • «Ընկեր պարոն գնդապետ» 
  • Զորանոց 
  • «Ռազմաճակատում հարաբերական հանգիստ է» 
  • Գոտկատեղից ցածր 
  • Մանվելը 
  • Տարեմուտի նվեր 
ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ
  • Իսկ Լորենցը 14 տարեկան էր 
  • Ամարասի զանգերը 
  • Մատաղ 
  • Պուտունց Արամ 
  • Մաճկալաշենի Ձորի Միրոն 
  • Ընդոծիներ 
  • Վարձկաններ 



ՌԱՖՈ 
(Արշալույս տատի պատմածը) 

Աշնանային փափուկ երեկո է: Աշխատանքից հետո որոշեցի մի փոքր քայլել: Վերջին անգամ ե՜րբ էր, որ զբոսանքի եմ դուրս եկել: Հեռավոր խաղաղ օրե՜ր, որոնք հուշ են արդեն...
Այսօրվա ռազմաճակատային ամփոփագիրը հուսադրող է. մերոնք բավականին խորացել են, հակառակորդը խուճապի մեջ է: Հանդարտ քայլում եմ Կիրովի պողոտայով, որ հիմա կոչվում է Ազատամարտիկների: Հանդիպում եմ օպերատոր Ժորիկին մի ջահելի հետ, ավելի ճիշտ` պատանու, որ ստույգն ասենք` դրանից էլ պակաս: Ժորիկը շտապում է ներկայացնել: Ժորիկը զարմանալի հոտառություն, թե մի տեսակ զգայարան ունի, եթե կուզեք հատուկ տաղանդ` կռահում է հետաքրքիր, արտասովոր մարդկանց:
- Ծանոթացիր` Ռաֆոն է, մալադոյների հրամանատարը:
Ու Ռաֆոյի փոխարեն Ժորիկը պատմում է, որ Ռաֆոն դեռահաս տղաներից մի ջոկատ է ստեղծել, մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը:
- Ինչո՞ւ հենց Մարտակերտ:
- Որովհետեւ Ռաֆոն Մարտակերտի շրջանից է:
- Ներքին Հոռաթաղից,- ճշտում է Ռաֆոն:
Պնդակազմ, լիքը թշերով պատանյակ, խոշոր աչքերով, ցոլացող ժպիտով: Հենց սիրես ու փաղաքշես.
- Մի շատ լավ էլ տատիկ ունի,- ասում է օպերատոր Ժորիկը,- թե ժամանակ ունես` միացիր մեզ:
Ժամանակ ունեի, ցանկություն էլ:
Մարտակերտից տեղահանվածներին հիմնականում տեղավորել էին Ստեփանակերտի մանկապարտեզներում: Հիմա մանկապարտեզները չեն աշխատում, ժամանակավոր կացարանների համար հարմար են: Ռաֆոյի ընտանիքը տեղավորվել է Ստեփանակերտի հաշվապահական դպրոցին հարեւան մանկապարտեզում:
Գնացինք:
Արշալույս մայրիկը,- Արշալույս որ Արշալույս՝ դեմքից բարություն է կաթում, արտահայտիչ ազնվական դիմագծերով, որ չասի էլ, հասկացվում է, որ մի ձեռքը յուղի մեջ է ապրել, մյուսը` մեղրի: Մանկապարտեզի մի մեծ սենյակում, երեւի երեխաների խաղադահլիճն է եղել, մի քանի ընտանիք է տեղավորվել: Սենյակի վերին մասում վառ գույներով մեծ կարպետ է փռված, նրա վրա նախշավոր գորգ ու դրանց վրա ծաղկանկար տեղաշորեր:
- Թուրքի բերանից փախցրածը էս է,- ցույց տալով պատի տակ դրված կահ-կարասիները, ասում է Արշալույս մայրիկը, հետո իրեն ուղղելով ավելացնում.- կորցրածը փալաս-փլուսը լինի, միայն խոխեքը ողջ-առողջ մնան:
Արշալույս մայրիկն իրար է անցնում, որ «մի կտոր հացի» պատրաստություն տեսնի, Ժորիկը՝ իր բնավորության համաձայն, կոնկրետացնում է մեր գալու նպատակը. ներկայացնում է ինձ ու խնդրում, որ մալադոյների մասին պատմի: Պարզվում է, որ Արշալույս մայրիկը խոսքաշեն կին է, առանց չեմ ու չումի պատմում է:
- Մարտակերտից նոր էինք եկել: Որ լավ հաշվենք, մի ամիս էլ չկար: Մի որոշ ժամանակ հետո նկատում եմ, որ օրական ջահել տղաներ են գնում-գալիս: Գլխի չեմ ընկնում, թե ինչ է կատարվում, բայց աչքիս տակով հետեւում եմ:
Սամոյին ասացի, Առաջաձորից է, մի քիչ էլ իմ խելքին, ասացի` Սամո, էս ի՞նչ հաշիվ է, նա թե` բաբո, ջոկատ ենք կազմում: Ջանին մատաղ, ասում եմ, ի՞նչ ջոկատ: Ասում է` մալադոյ ջոկատ ենք կազմում, որ գնանք կռվի: Վա՜յ, ձեր մորանց բալեքը տուն գան, բերաններիդ կաթնահոտը դեռ չի անցել, արնախում թուրքի դեմ ո՞նց եք կռվելու: Էս Սամոս էլ թե` բաբո, դա մեծ կնկա գործ չի, տղամարդու գործ է: Ջանին մատաղ, էդ ե՞րբ տղամարդ դարձաք, մեկել օրը ձեր մերը ձեզ տաշտ էր դնում լողացնում: Էդքանը չեմ ասում, խոխան կամաչի, բայց ուզում եմ բերանս բացել, որ մի խոսք ասեմ, նա ձեռքը թափ է տալիս գնում, իբր թե ես մեծ կին եմ, իմ խելքը չի հասնի:
Էն ամիսներն են, որ ինքնաթիռները ռումբեր են թափում Ստեփանակերտի գլխին: Մարտակերտի փախեփախը տեսել էի, հիմա էլ Ստեփանակերտն է փախեփախ ընկել: Աղջկաս ու երեք փոքրերին ուղարկեցի Երեւան,- մի կերպ յոթ հարյուր ռուբլի իրար գցեցի, մի լավ ժակետ ունեի` Աղդամի շուկայից էի գնել, ծախեցի, էդ յոթ հարյուրը լրացրի,- էն ժամանակ յոթ հարյուրը կարգին փող էր, մսի կիլոն տաս մանեթ էր,- վերջը` երեխաներին ուղարկեցի Երեւան, մնացինք ես ու Ռաֆոս: Մեր մանկապարտեզում չայլուեցիներ էին կենում, նրանց գյուղսովետը ասաց` Արշալույս քույրիկ, վախիլ մի, քեզ մեր գյուղացոց հետ Երեւան եմ ուղարկելու: Համ ասել եմ` լավ, համ էլ մտքումս մտածել` առանց Ռաֆո ո՞ւր եմ գնում:
Էս Ռաֆոն էլ ասում է` բաբո, դու գնա, հետո ես գալու եմ: Ջանին մատաղ, գլուխս վարում ես, որ մնա՞ս, քո կոխ տված տեղերը ե՜րբ եմ ես կոխ տվել: Էսքանը մտքումս եմ ասում, իսկ իրեն ասում եմ, որ երեխոց համար մի քիչ դեսից-դենից իրար գցեմ` հետո:
Էդ օրերը գնան, ոչ գան, թուրքն օրական ռումբեր էր թափում գլխներիս: Մեկը փիլաքանի տակն էր մտնում, մեկը տակի հարկում էր թաք կենում, ո՞նց րախաս թողնեմ արյան բերանում:
Վերջն ինչ գլուխ ցավացնեմ, դեռ կաթը բերաններին էս ճընգլ-ճտերը, մի քսան թե քանի հոգի, հավաքվում են ու գնում հրամանատարի մոտ, թե մալադոյների ջոկատ ենք կազմել, ուզում ենք մասնակցել կռիվներին, մեզ ուղարկեցեք Մարտակերտի ռազմաճակատ: Իսկ թե ինչու Մարտակերտի, որովհետեւ մենք Մարտակերտից ենք, ուզում ենք մեր շրջանն ազատագրել: Մեծերն ի՞նչ արին, որ դուք ի՜նչ անեք: Հետո լսում եմ, որ Ռաֆոն հրամանատար է: Այ բալա, դու ի՞նչ խելք ունես, որ ուզում ես էն քսան-քսանհինգ խոխերանցը տիրություն անես, էգուց որ մեկի քիթն արնոտեց, հեռու նրանցից, մեկի գլուխը մի բան եկավ, նրա հորն ու մորն ի՞նչ պատասխան ես տալու... Ես ասում եմ՝ ես լսում։
Մի Ռաֆո է, մի ջոկատ: Ինստիտուտում մի սովորող րախա կար, էնքան նկուղները մտել-դուրս է եկել, մեջքին վերք էր գոյացել: Չայլվեցի է: Սա մի օր Ռաֆոյին ասում է` ինձ էլ տար: Էս որ ասում եմ, կռիվները Չլդրան էին գնում, մինչեւ Խաչենի կամուրջը բան չէր մնացել։ Ռաֆոս էս չայլվեցուն մի քանի անգամ տանում է գիծ, որ բարութի հոտն առնի, ականջը տրաքոցին սովորի։ Չայլվեցին կամաց-կամաց սրտոտում է, գալիս ծնողներին, թե` էլ սովորողը չեմ, գնում եմ կռիվ: Ինչ եմ ուզում ասել, Ռաֆոյիս լեզուն քաղցր է, հոգատար է, կարողանում է իր կողմը քաշել: Քանի անգամ է վիրավորվել, չի ասել, որ ուզեցել եմ շորը փոխել, տեսել եմ մեջքի հալը հալ չի:
- Բալա, էս ի՞նչ է,- սա էլ թե` բաբո, մեջքներիս վրա էնքան ենք գնում, հենց է քար է կապել: Քո բաբոյի աչքերը թափվեն, դու մի ասի բեկորների տեղ է: Մի անգամ ջեմպերը լվանում էի, տեսնեմ փորի կողմի վրա ջեմպերը մաղ դառած, ջանին մատաղ, էս թամ-թազա ջեմպերը էս ի՞նչ օրի ես գցել, ասում է` բաբո, որ փորսուղ տալով գնում ենք... ու էլի մի սուտ է հնարում. մի անգամ էլ գալիս է կաղի տալով.- Ա խոխա, հիմա՞ ինչ է եղել, թե` բաբո, լոք տալու ժամանակ քարի եմ խփվել: Քո բաբոյի օրը սեւ անեմ, որտեղ գնում ես, քարի ես խփվո՞ւմ: Ասել եմ` Աստո՜ւծ, դռանդ շուն լինեմ, ինչ որ խոխիս հետ լինի` թող ինձ հետ լինի: Դրանից հետո էլ ասել եմ` Աստուծ, էս անթաթախ րախանցը հափռիդ մեջ անվնաս պահիր, էս աշխարհքից դեռ համ չեն տեսել։ Հարազատների շատ կորուստ ունենք: Բոլորն էլ հարազատ են, որ Ռաֆոյիս ընկերներից մեկը վիրավորվում է, հենց իմանում եմ Ռաֆոս է վիրավորվել:
Րախաս նշանով տղա է ծնվել, ձախ թիակի տակին խալ կա` երկու մատնոցի չափ։ Գրքում գրված է, որ եթե խալը եղավ ձախ կողմին, նրանից նշանավոր մարդ է դուրս գալու։ Ոնց որ թե ճիշտ է։ Ռաֆոս որ ծնվել է, մեր ֆինբաժնի գլխավոր հաշվապահ ընկեր Միրզոյանն աչքալուսանք է տվել ու ասել է` Արշալույս, աչքդ լույս, էսօրվանից արդեն տատիկ ես։ Մեկին ուղարկել է խանութ շոկոլադի տուփ բերելու, որ բերաններս քաղցրացնենք, ես էլ, իբր առաջինն իրենից եմ լսում, ասում եմ` ընկեր Միրզոյան, էդ ինչ նեղություն է, մեր ձեռքը քարի տակին չի, մի շիշ էլ կոնյակ ես եմ բերել տալիս։ Ռաֆոս կիճիր երեխա էր, որ ասում էր` բաբոն գնալ գոլծի։ Երեխային ես էի պահում, հարսը գնում էր դաշտ։ Հիմա ամեն ինչ տակն ու վրա է դառել։
Որ դուրս եմ գալիս քաղաք` տղաներն իրանց հերթին, աղջիկները` իրանց, հարցնում են` Ռաֆոյից ի՞նչ լուր կա, ե՞րբ է գալու։ Ջանին մատաղ, բաբոն գիտի՞, որ ձեզ էլ ասի։ Էսպես անհանգիստ գիշերներ ենք լուսացնում, մեկ էլ Ռաֆոս ներս է մտնում` հետեւից մի շարանուկ աղջիկներ։ Ուրիշ բան չկարծեք, մեր գյուղացի աղջիկներ են, րախիս ճանապարհը պահել են ու միասին եկել։ Երբեմն էլ հավաքվում են մեկի ծննդին, ուրախություն են անում։ Էդ էլ է պետք։
Քանի չեմ մոռացել, էս մեկն էլ պատմեմ։ Մալադոյների ջոկատը դեռ չէր գոյացել, Ռաֆոս գրվեց պարեկության, էդ խոսքն էլ նոր եմ սովորել, էն որ քաղաքում երկու-երկու շրջում են` թեւներին կարմիր շոր կապած։ Էդպես շրջում են ու քաղաքի նկուղներում թաք կացածներին հավաքում եւ ուղարկում ճակատ։ Մի օր Ռաֆոս գալիս է, թե էս ինչին ճանաչո՞ւմ ես։ Բաբոն քեզ մատաղ, ուրիշ չէ, մեր քեռի Օհաննեսի թոռն է, մի երկու օր անցած հորեղբորս թոռանն է բռնում ու բոլորի հետ նրան էլ Մարտակերտի ճակատ ուղարկում։ Էսպես որ շարունակվեց, Ռաֆոյիս նստացրի ու մի առակ պատմեցի։ Մի թուրք ղուզղուն է պահում, որ սրան սովորեցնի ու՝ հարեւանի հավերին բռնի։ Բայց քանի անգամ ղուզղունին բաց է թողնում, էս անտերը սեփական հավին է բռնում։ Բաբոն մատաղ, դուք սկի ուրիշների չեք բռնո՞ւմ։ Ռաֆոս ծիծաղում է, թե` ում բռնում ենք` նալում ենք, ուղարկում ֆրոնտ։ Բաբո, ասում է, էս գործում իմ ու քո չկա, Մարտակերտը պիտի ազատենք։ Ոնց էլ ասում է` ազատենք, ոնց որ թե ազատողներից մեկն էլ ինքն է։
Արամը... Քոռանա քո մերը, կիճիր երեխա էր, երկու անգամ մեր տնից դուրս եմ արել, ասել եմ` մադար րախա ես, ի՞նչ բանի ես, հեր չունես, Մարտակերտի փախեփախի ժամանակ մեքենայի տակ է մնացել, մի ամիս հետո են իմացել: Քանի անգամ եմ ասել` ջանին մատաղ, հետ կաց, գնալ մի: Լաց էր լինում, թե գնալու եմ: Մայրն աղաչանք էր անում` Ռաֆո, տանիլ մի, բայց Ռաֆոյի գնալուց մի երկու օր անց՝ Արամը չկա: Մերը, բարեկամ-հարազատ դիմում են զինկոմ, ամեն տեղ, վերջում գտնում Վանքի կողմերում: Բերում են տուն, բայց մի քանի օր հետո նորից է տանից փախչում:
Տասնվեցն էլ չէր լրացել, սպանվեց րախան:

Էս մեկն էլ պատմեմ, որ սիրտս հովանա։ Մի օր մեր տուն է մտնում` տուն էլ ասո՜ւմ եմ, մանկապարտեզը դառել է մեր տունը,- ուրեմն դուռը բացում է ու ներս է մտնում Ռաֆոյիս հասակին ու նրա խելքին էլ մի տղա րախա` անունը Սուրեն է, բայց Սուրիկ չեն ասում, Սուրո են ասում: Տեսած կլինեք տկողնի քոլի մեջ շմալ տված դալար շիվ` իսկը նա է՝ հենց միայն նայես ու հիանաս։ Հարցնում է` բաբո, Ռաֆոն էստե՞ղ է ապրում: Ջանին մատաղ, Ռաֆոն քո ի՞նչն է։ Ասում է` ընկերս է: Բա որ ընկերդ է, ինչո՞ւ չես ճանաչում, հեն է՜, պատի տակ նստած:
Դու մի ասա Սուրոն մեր կողմերից չի, Գորիսից է, լսել է մալադոյների մասին ու Գորիսից հասել Ստեփանակերտ: Հարցնում եմ` ջանին մատաղ, ծնողներ` հայր, մայր ունե՞ս: Ասում է` ունեմ: Աստված քեզ երկար կյանք տա, ծնողներդ գիտե՞ն էդ մասին: Սուրոս էլ թե` դա կարեւոր չէ: Ջանին մատաղ, քո ջահել կյանքը գուցե քեզ համար կարեւոր չէ, բայց քո ծնողների համար կարեւոր է, հիմա նրանք, բնակալը կորցրած հավի նման, տեղները տեղ չեն տալիս: Իսկ Ռաֆոյիս ասում եմ` հենց հիմա գնա քաղաքայինով զանգի Գորիս, ասա անհանգստանալ միք, Սուրոն Ստեփանակերտից վաղը մեքենայով գալու է: Ռաֆոն ասում է` լավ, դառնալով Սուրոյին, ասում՝ գնանք զանգենք ու շտապ դուրս են գալիս: Մի ահագին ուշ վերադառնում են տուն, տրամադրություններն էլ բարձր է: Հարցնում եմ` զանգեցի՞ք, ասում են` զանգեցինք: Համ կասկածում եմ` սրանք ոնց որ գլուխս թլսորում են, համ էլ ինքս ինձ հույս եմ տալիս` մեծ կնիկ եմ, չեն խաբի։ Հաջորդ առավոտ Ռաֆոն Սուրոյի հետ դուրս են գալիս ու մի շաբաթ չեն երեւում: Աստվա՜ծ, Աստվա՜ծ, ասում եմ ու ծնկներիս խփում, էս ինչ եղան էս խոխերքը։ Ավելի շատ անհանգստանում եմ Սուրոյի համար, անփորձ մատղաշին մի բան չպատահի: Տեղս տեղ չի տալիս` վա՜յ թե մի բան պատահի: Մի շաբաթ անց, թե էլի շատ, Ռաֆոն գալիս է` ունքամեջից աղու է կաթում: Սուրո՜ն... մտքումս ծկլթում եմ, իսկ Ռաֆոյիս հարցնում եմ` էն գորիսեցի րախան ի՞նչ եղավ: Ռաֆոս պռոշ արած պատմում է, որ Սուրոն վիրավորվել է, վիճակը լավ չի եղել, հիմա` ոչինչ, վատ չի, լավ է, հոսպիտալում պառկած է: Ծնկանս խփում եմ ու ինձ գցում հոսպիտալ: Թե ինչպես եմ հասնում` չեմ իմանում, մեկ էլ պալատի դուռը բացում եմ` տեսնում Սուրոս վիրակապերի մեջ փաթաթված, միայն քիթն ու աչքերն են երեւում: Սուրո, բալա՜, ասում եմ ու ծնկներիս խփում, Սուրոն ժպտում է ու թե` բաբո, ամեն ինչ լավ է, չանհանգստանաս: Քո մոր բալան տուն գա, որ լավ ես, ինչո՞ւ Գորիսում չես, հոսպիտալում ես: Սուրոն մարտի ժամանակ ծանր վերք էր ստացել, բա, ընկերները նրան շտապ հասցնում են հոսպիտալ, վիրահատում. գնդակը ծակել-անցել էր թոքը։ Թոքի մի մասը հեռացնում են: Վերջը գլուխներդ ինչ ցավացնեմ, Գորիս իմաց ենք տալիս, ծնողները վայ տալով հասնում են Ստեփանակերտ: Աստծո փառք, րախան լավանում է, բայց ինչ լավանալ, մեկել օրվա րախան առանց մի թոքի է մնացել: Ծնողների մադար է, որ ճիշտն ասենք, մի քիչ էլ երես տված: Ծնողները գալիս են` երեսների մի կողմին ժպիտ, մյուսին` արցունք: Սուրոյին տեղափոխում են Գորիս, էնտեղից Երեւան, Սուրոյի հայրը լավ պաշտոնի է, Երեւանից տանում է Մոսկվա, որ երեխայի բուժումն իր տեղով գնա:
Էսքանից հետո քանի ժամանակ է անցնում` չեմ հաշվել, մի օր էլ տեսնեմ Սուրոս մեր տանը, Ռաֆոյի հետ կամաց խոսում են: Աշխարհքի չափ ուրախանում եմ, որ Սուրոյին տեսա, Ռաֆոյիս նման սիրում եմ, բայց էլի սիրտս քեն է ընկնում` չլինի՞ թե ուզում է նորից կռիվ գնալ: Ինչքան խնդրում-պաղատում եմ, չեմ կարողանում դարձի բերել: Ռաֆո տղա, ասում եմ, էս րախան որ մեր տնից բացակայեց, գնալու եմ ինձ էն քերծից գցեմ: Սուրոն ծիծաղում է, ասում է` իմ Անուշ տատի խոսքերն ես ասում: Ռաֆոն ինձ հանգստացնելու համար ասում է, որ հրամանատարի հետ պայմանավորվել են, շտաբում է աշխատելու, շտաբում Սուրոյի համար լավ է լինելու: Կռվի ժամանակ չամիչ են բաժանո՞ւմ, որ շտաբում լավ լինի: Մի քանի օր անց է կենում, Սուրոյին ծանր վիճակում բերում են հոսպիտալ. թոքը մրսել է, տաքությունը բարձրացել, ո՞վ է իմանում քանի խազ: Ի՞նչ ասեմ, պատերազմ գցողի տունն ավեր դառնա, որ էս արյան հեղեղը բերեց մեր գլխին...
Ռաֆոյից լսած էս մի պատմությունն էլ անեմ, չէ, թող ինքը պատմի։
- Բաբո, դու լավ ես պատմում, դու պատմիր,- ծիծաղելով ասում է թոռը, եւ օպերատոր Ժորիկը հաստատում է։
- Մի անգամ, սուտ է, թե ճիշտ` Ռաֆոս կիմանա, Ռաֆոս հրաման է ստանում, որ դիմացի թումբը, որտեղ թուրքեր էին նստել, վերցնեն։ Լուսնումութը դեռ չէին բաժանվել... Ջանին մատաղ, առավոտն է՞ր, թե՞ մթնաժոռած։
- Կարեւոր չէ, ինչպես պատմես` ճիշտը դա է։
- Լսո՞ւմ եք, ուզում է իր բաբոյին ձեռ առնել։ Ջանին մատաղ, առաջին անգամ ասացիր` մթնաժոռած էր, մի անգամ էլ, թե` ուժեղ քաշաթուխպ էր։ Գնացողն էլ ես դու եղել, տեսնողն էլ, դու պետք է իմանաս։
- Բաբո, կենացները սկսում ես խառնել,- ու դառնալով մեզ, Ռաֆոն պատմում է.- Լուսադեմին անհասկանալի ուժեղ հրետակոծություն է սկսվում։ Արկերը կարկուտի նման թափվում են թուրքերի դիրքերին։ Կապվում ենք մեր հրետանու հետ, նրանք էլ են անտեղյակ ու զարմացած։ Երբ հրետակոծությունը վերջանում է, հրաման ենք ստանում շարժվել թշնամու դիրքերի ուղղությամբ։ Ինչքան գնում ենք, էնքան զարմանքը շատանում է։ Հասնում ենք բարձունքին` դիակներ են, որ փռված են էս ու էն կողմ։ Լռություն է, ծանր էն լռությունը, որ լինում է մարտից հետո։ Կապվում ենք մերոնց հետ, էնտեղից հրամայում են դիրքավորվել` թշնամուն դիմավորելու համար։ Մի ժամ է անցնում, թե շատ, մեկ էլ մի թուրք քթի տակ մուղամաթ ասելով գալիս է։ Մի տասը մետրի վրա կանչում եմ` թարփանմա, այսինքն՝ տեղիցդ չշարժվես։ Թուրքը չի կանգնում, իրա խոդին շարունակում է՝ ժպիտն էլ երեսին։ Մեզ տեսնելով, տեղում սառում է, ձեռքերը վեր բարձրացնում եւ ռուսերեն ասում` պլեն։ Թուրքի պատմածից հասկանում ենք, որ սա եղել է նշանառու, հայերի դիրքերի փոխարեն իրենց դիրքերի վրա է ուղղել իրենց հրետանու կրակը։ Բարի գործի համար սրան մի լավ խմացնում ենք ու խմած-խմած տանում հրամանատարի մոտ։

***

94-ի փետրվարին` նախկինում Լենինի, հիմա Երեւանյան պողոտայի վրա հանդիպեցի Ռաֆոյին: Ինչպես միշտ` ընկերների հետ, հիմնականում մալադոյներից, որոնք արդեն առնականացել են, զինվորական համազգեստն այլեւս չի կախվում վրաններից, արդեն պինդ տղաներ են,- մալադոյների խումբը դեմս է ելնում, Ռաֆոն մեկ-մեկ ներկայացնում է տղաներին, չնայած մի մասի հետ նախկինում ծանոթացրել էր: Սովորական «ինչ կա չկա»-ից հետո դիմում եմ Ռաֆոյին. - Լուր է հասել ինձ, որ վիճակդ լավ չի, պիտի պառկես:
- Օմարը վերցնենք` հետո:
- Վաղը գնում ենք Օմարը վերցնենք, բայց առանց Ռաֆոյի,- ասում է Սամվելը, Սամոն` Առաջաձորից:
Ռաֆոն մի թուղթ է մեկնում ինձ.
- Բուժման ուղեգիր է` Երեւան: Երեւի վիճակս լավ չի:
Հազի նոպան բռնում է, Ռաֆոն շտապ թաշկինակը տանում է բերանին:
Իրոք, տղայի վիճակը լավ չի: Արյունահոսություն է տալիս, բժիշկները չեն կարողանում որոշել` ստամոքսի խո՞ց է, թե՞ թոքերի խնդիր կա:
- Ե՞րբ ես գնում,- հարցնում եմ:
- Գնում ենք մի տեղ նստենք,- մեծավարի ասում է Սամոն,- եթե ժամանակ ունեք` դուք էլ եկեք:
Կուզեի գնալ, բայց հրաժարվեցի, հիշելով ժողովրդական իմաստությունը` այծը այծի համար լավ է, քան մի սուրու ոչխարը:

1994 թ., փետրվար




ԳՐԻՇԱՅԻ ՊԱՏՄԱԾԸ

- Գրիշա, քանի՞ տարեկան ես։
- 54։
- Մեծդ ինչքա՞ն է։
- 22։
- Ուշ ես ամուսնացել։
- Ամոթ չլինի ասելը, իմ երկրորդ ամուսնությունն է։ Առաջինը... Ինչ ունեի թողեցի։
Տասնմեկ տարի սպասեցի, երեխա չծնվեց։ Ինձ մեղավոր չհամարեք։
- Հիմա Աստված չի խնայել։
- Հա, շնորհակալ եմ, յոթ երեխա ունեմ, մեկն էլ մահացել է։ Մեծից փոքրը ռազմաճակատում է, մեծս էլ Սուրենն է, աչքը վնասվել է։ Գնացել է բժշկի, ասել են` բեկոր կա, բայց վտանգավոր է հանելը, ասել են` կարող եք` արտասահման տարեք։
- Միասի՞ն էիք կռվում։
- Չէ, ես էն մեկի հետ եմ եղել, Աշոտի վաշտում, Սուրենը Դեւի խմբում է։
- Ո՞նց եղավ, էդ անտերն ինչպե՞ս պատահեց։
- Պիտի գնայինք դիրքերը։ Քսանի չափ կայինք, բոլորն էլ ջահել, Սուրենիս տարիքին կամ ավելի ջահել։ Ոտքով էինք գնում, ասացի խոխեք, դուք ջահել եք, թողեք առաջից ես գնամ, ինչ որ լինի` թող ինձ լինի։ Վա՜յ քո ինչն եմ ասել, խոսքս բերանումս՝ տարը մեռածը մեկ էլ ինձ վեր հանեց ծառի պտոկը, է՜, էն վերեւը։ Օդումը ձեն եմ տալիս` Ալիխա՜ն, Ալիխա՜ն, չտեսնված տղա է մեր հրամանատարը, մեր Չանախչու տղաները համրած տղաներ են, ասացի` Ալիխա՜ն, ես գնացի՜։ Նա թե` քոռ չեմ, տեսնում եմ։ Էդ անտեր տեղանքը, դու մի ասի, լրիվ ականապատված է եղել։ Աստված պահի, Ալիխանը, մյուսները լոք-լոք անելով, որ իրենք էլ ականով չընկնեն, մոտեցան։ Էլ ինչ մոտենան, իմն արդեն ինձ էր հասել։
- «Գորտուկը» բռնել էր ոտքիցդ, հա՞... ու նետել վերեւը։
- Հա, անտեր ականն ինձ թող է արել ծառի պտոկը։ Թող է արել ծառի պտոկը ու էնտեղից էլ` ցածրում մի քանի չեքուլ է եղել, էնտեղից ինձ կոխել է էդ չեքուլների մեջ։
Աչքիս մեկը էդտեղ է թափվել։ Բայց էլի Աստված ինձ հետ է եղել, որովհետեւ հենց էդ ժամանակ մի ավտոմեքենա էր անցնում։ Տղերքը կանգնեցրին մեքենան, դրին մեքենայում։ Բայց ես զգում եմ, որ ոտքիս մեկը ոնց-որ իմը չէ։ Շոշափեցի, տեսա բանը բանից անցել է։
Տղաներին ասացի` տղերք, կտրեք տվեք չաղալներին, էլ ինձ պետք չի։ Զինվորական դանակը հանեցին ու կտրեցին։ Մեքենայի բեռը կարգին թեթեւացավ։
Տղաները շուտ հասցրին հոսպիտալ, ուղիղ տարան դրեցին վիրահատության սեղանի վրա։
Բժիշկը մի ջահել տղա էր, ասացի` ես քեզ մատաղ, էս մեկը գոնե բեջարեցեք, որ մնա։
Դա նոյեմբերի 1-ին էր, 93 թվականի։ Բժիշկն էլ ի՜նչ ասի... Ասում է` արդեն մի քանի ժամ է էլ ոտքեր չունես... Վա՜յ քո ինչն եմ ասել... Է՜, ինքս ինձ ասում եմ, երեւի քոնն էլ էսպես պիտի լիներ։ Հետո էլ ինքս ինձ մտածում եմ` կյանքը մեծ է, հույսդ չկորցնես։
- Է՜, Գրիշա, ի՞նչ ես որոշել,- զրույցը շարունակելու համար ասացի ես։
- Մի քիչ պնդեմ, գիտեմ ինչ եմ անելու։
- Ի՞նչ։
- Մեքենաս պիտի հարմարեցնեմ։ Տաքերը գան` անելիքս արդեն գիտեմ։
Բակում մի հին` գերմանական, թե ամերիկյան թանգարանային մեքենա էր` իմ հաշվով՝ ընկած, Գրիշայի կարծիքով` կանգնած։
- Գրիշա, ենթադրենք էդ մեքենան հրաշքով գործի գցեցիր, բայց դու առանց ոտքերի ես, ո՞նց պիտի հարմարեցնես ձեռքով վարելուն։
- Որ ասում եմ` ուրեմն կանեմ։
Գրիշան մի դադար լռում է, հետո կարծես կասկածս փարատելու համար ասում է.
- Անասուն եմ պահում,- կանչում է մեծ աղջկան,- չմոռանաս քեռուն մածուն հյուրասիրել։
- Հիմա՞, թե՞ հետո,- հարցրեց աղջիկը։
- Հիմա, հետո ուշ կլինի։ Կով եմ պահում, այծեր, ոչխար, էդ անասունին խոտ ո՞նց պիտի բերեմ, Շարժումը սկսվեց, տունը կիսատ մնաց, պիտի վերջացնեմ։ Չսպասելով իմ որեւէ դիտողությանը, շարունակեց.- Ամեն ինչ կլինի։ Կռիվը վերջանա, ամեն ինչ կլինի։
Աղջիկը մածունը բերեց, Գրիշան ասաց.
- Արաղ էլ բեր։
- Արաղի իսկական մազան մածունն է,- ասացի ես։
- Դուրս գալիս ես,- գովեց ինձ, ապա միտքը շարունակեց,- դժվարը ինձ ղեկի մոտ դնելն է։
Ես մտքում ասացի` դժվարը ինքդ քո ասածին հավատալն է, դրանից հետո ապրելը հնարավոր է դառնում։
Մինչեւ Գրիշային այցելելը ես ճնշվածության զգացում ունեի` հաշմված մարդ, «մի տուն լիքը մանուկներ», աղքատություն։ Այդ ամենը ներկա էր, բայց չկար ճնշվածության հետքն անգամ, եւ պակասը լրացրեց կինը, որ ինչ որ գործով տեղ էր գնացել։ Եկավ, տան աղմուկը ավելացրեց, իսկ երբ ցանկացանք «ընտանյոք հանդերձ» լուսանկարվել, ծիծաղ էր, որ բոլորին բռնել էր։ Գրիշան լուրջ դիտողություն արեց.
- Չծիծաղեք, լուրջ նայեք ապարատին։
Էս ասելն էր` սկսեցին հրհրել իրար, ամեն մեկն իրեն հարմարեցնում էր «լավ դուրս գալու» համար ու անպատճառի ծիծաղել։ Գրիշան սաստում էր` ամոթ է, լուրջ կացեք։ - Ո՞ւմ ես ասում, բոլորն էլ ծիծաղ էին կուլ տվել։
Այս անտեղյակությունը նրանց կպահի` ասացի ինքս ինձ։
   
Հունվար, 1994թ.




ՕՐԸ ԱՐԵՎՈՏ ԷՐ, ՄԱՐՏ

Թուփակ-թուփակ հավաքվել են։ Հանկարծ մեկը նկատում է իր ծանոթին, որին վաղուց չէր տեսել, աննկատ մոտենում է ու ետեւից ձեռքի ափերով փակում աչքերը, եւ սա պետք է իր աչքերը փակողի անունը ասի։ Հետո գրկախառնվում են, ուրախանում, սկսում հարցուփորձ անել` ի՞նչ կա-չկա, ո՞նց ես, տնեցիք ո՞նց են, հո... Հարցնողը մի պահ կարկամում է, տագնապած նայում եւ եթե` ոչինչ, էլի, փառք աստծո, նույն հարցերը նորից են տրվում մի քիչ ուրիշ ձեւակերպված` հետո՞, է՛լ ոնց եք...
Իսկ գումարտակի հրամանատարը, վաշտի հրամանատարը, դասակինը «անձամբ» զգուշացվում են, որ ժամը մոտավորապես... ոչ ոք էլ ճիշտ ժամը չգիտի, իրենք եկողներն էլ չգիտեն, թե երբ են տեղ հասնելու, բայց ամեն դեպքում «էնպես չլինի, որ նրանք գան, դուք պատրաստ չլինեք», եւ էս կարգադրությամբ կարգադրողը հոգին ազատում է էս մի գլխացավից էլ, սկսվում է կատարողի գլխացավը։ Իսկ օրը լավ արեւոտ է, մարտն արդեն գարուն է, վազելով դիրքը փոխում ես ու մեկ էլ ոտիդ տակ ծաղկած մի բան է մնում ու չես հասցնում իմանալ, թե ինչ ծաղիկ է եւ հետո, երբ կրակոցները դադարում են, մտքումդ փորձում ես հիշել, թե ինչ ծաղիկ է ոտատակ եղել։
Օրն արեւոտ է, մարտական պատրաստականության «թիվ մեկը» այսօր իրենց չի վերաբերվելու, լավ էլ օր է, խոսում-պատմում են, հիշում են, ծիծաղում. գոտիները թուլացրել են, անհոգ են, անհոգից էլ ջրիկանում են, եթե պատմողը ծիծաղելի էլ չի պատմում, դու հռհռոցդ դնում ես, եւ դա քեզ դուր է գալիս։ Էսօր բոլորը ծիծաղի հաբ են կուլ տվել։
Հրամանատարն էլ ոնց որ թե կարգադրություն է արել, որ էսօր տղաներին հատուկ նայեն, կարող է ուրեմն սեղանին շիշ էլ դրվի։ Չլինի էլ` կարեւորը իրավունք տալն է, շիշը մի տեղից կճարվի։ Օրն իրոք տաք, լավ օր է, տաքացող գետնին պառկես, հենց էնպես մեկնվես հողին, ատամիդ տակ մի ծեղ դնես, կողքից մի խոտ պոկես ու էդպես անխոկում մնաս...
Քռքռոցների մեջ մի մատղաշ ծիծաղից գալարվելով` խմբից դուրս եկավ եւ աչքերին ցայտած արցունքներն էր սրբում։
- Ի՞նչ է եղել։
- Էլ ասելու չի,- արտասուքը սրբելով ասաց տղան եւ ռուսերեն ասաց։ Ակամա հարցրի.
- Որտեղացի՞ ես։
Հային տրված ամենադժվար հարցը։ Տղան անմիջապես լրջացավ, մի պահ կարկամեց, կարծես վստահ չէր իմանում իր որտեղացին։ Ոնց բացատրի իր որտեղացին։ Ծնվել է Բաքվում, 1989-ից Երեւանում են, իսկ հիմա Երեւանում ծնողներն են ու փոքր եղբայրը, ինքը Մարտունիում է, ավելի ստույգ` «Ղարաբաղի ռազմաճակատի արեւելյան շրջանի Բերդաշենի պաշտպանական գոտում»։ Հիմա Ռոման եղավ որտեղացի՞։
- Իսկ հա՞յրդ, մա՞յրդ...
Ռոման աշխատում է, որ պատասխանները լինեն մեծականի պես, ինչ հարց տալիս եմ, պատասխանում է զինվորական կանոնագրքի պահանջածով` կարճ եւ հատու։
- Վարիանտ չկար։
Հայրը ցանկացել էր անջղայնանալ բացատրել, որ կռվի ժամանակ «չամիչ» չեն բաժանում, իսկ որդին հոր հիշողությունը թարմացրել էր Բաքվի կյանքից մի քանի «մասնավոր» դեպքերով։ Մոր գունատված դեմքը երբեք չի մոռանա. թուրքը մտել է հարեւան հայի բնակարանը, մայրը վախով մրմնջացել է, Ռոման հիմա չի հիշում մոր խոսքերը, հիշում է մոր դողացող շրթունքները եւ հորը, որ կացինը ձեռքին կանգնել էր դռան մոտ եւ դեմքը կավիճի գույնի էր։ Էդ «չամիչը» չի մոռացվում։ Հայրը մի պահ լուռ է մնացել ու հետո ասել` դա կապ չունի։ Ասել է ու չի կարողացել որդու աչքերի մեջ նայել։ Առավոտվա զրույցը շարունակվել է երեկոյան։ Արի հանգիստ քննարկենք, ասել է հանգիստ, բայց բացատրությունը հանգիստ չի ստացվել։ Կռիվը խաղուպար չի... Ինձնից ու քեզնից խելոք մարդիկ մի բան իմացել են, որ 18 տարեկանից են զորակոչը սահմանել, եւ իրենից անկախ հայրը ձայնը բարձրացրել է` խնդիրը հանգեցնելով տարիքային ցենզին։ Իսկ Նաիրի՞ն, Ռաֆո՞ն, ուրիշ անուններ է տվել, ինձնից էլ փոքր են։ Հայրը ձեռքը թափ է տվել` էն դու, էն էլ քո մերը։
Մոր համոզելու լացուարտասուքին հակադրել է` «դուք էստեղ ձեզ համար ապահով, իսկ Նինա տատը մենակ էնտեղ»։ Էնտեղը Մարտունին է, որի մասին «Լրաբերը» ամեն օր հայտնում է` Ամիրանլարից «գրադ» կայանքից հրետակոծվել է Մարտունին, հետեւանքները ճշտվում են։
- Նինա տատը ինձ շատ է պահել եւ ամենից շատ ինձ Նինա տատն է սիրում եւ դա փոխադարձ է։ - Տղան փաթաթվել է մորը ու հաջորդ առավոտյան ասել՝ ես գնացի։ Ընտանիքի ամենագիտակիցը Նինա տատն էր.
- Եթե որոշել ես, ինչ ասեմ, միայն քեզ լավ պահի։
- Ռոմա,- ասում եմ ես,- որոշումը դու ես կայացրել, ինչպե՞ս կայացրիր։
- Մարտունիում բոլորը կռվից են խոսում։
Ռոմա Ռոբերտի Խաչատրյան` տանկերի վերանորոգման վաշտի շարքային, տասնհինգը լրացել, տասնվեցի մեջ է։
Աղդամից Մարտունի` Բերդաշենի «Էլչին» չհասած, որտեղից ճանապարհի մի ճուտ շեղվում է դեպի անասնապահական ֆերմաները, ճանապարհի ձախ կողմին երեք բարձունք կա, որոնցից մեկի վրա երկու թեղի է աճում։ Երկու ամիս առաջ այդ բարձունքները թվահամարով «Ռաֆո» էին կոչվում։ Հիմա նորից նույն անանուն բարձունքներն են, իսկ միայնակ երկու թեղին պետք է որ սրբատեղի լինի։
Բարձունքներից մեկի լանջին զրուցում ենք՝ սպասելով զորավարժություններին։ Տանկերը տպավորիչ անցնում են` դղրդացնելով գետինը։ Տանկերը անցնում են, բայց սխալ տեղից են անցնում։ Հրամանատարը փորձում է ուղղել, չի հաջողվում։
Իմ մեկնաբանը Մաքսիմն է` Վանյան Մաքսիմ, տանկերի վերանորգման վաշտից։
- Տանկերի շարասյունը ոնց որ ոչխարի սուրուն` մեկը որ գնաց, մյուսները հետեւում են առաջինին։
Հրամանատարը` թույլ տված սխալի բնութագիրը բաց եմ թողնում, իսկ Մաքսիմը շարունակում է իր մեկնաբանությունը.
- Կռվի ժամանակ գլխավորը կապն է։
Կարծես նրա միտքը շարունակելով, հրամանատարը բնութագրում է կապը, որը նույնպես բաց եմ թողնում։
- Մի երկու ամիս առաջ էս տեղերում կռիվներ են գնացել,- ասում է Մաքսիմը,- շատ ուժեղ կռիվներ են եղել,- Մաքսիմը ցույց է տալիս մի կողմ կանգնած նիհարավուն, նեղ բեղերով, միջինից ցածր հասակով երիտասարդի.- էս նառը չլիներ...
- Ո՞նց նառ։
- Նառ, էլի, նառը ոնց է լինում` մեր Օբեթանի նման։
- Օբեթա՞ն։
- Անունը Ռաֆիկ է, մենք Օբեթան ենք ասում։ Տանկը գնալիս ցատկում է ցած ու սկսում ավտոմատով թուրքին շարանուկ անել, հետո ընթացքից նորից նստում է տանկը ու շարունակում։
Օբեթանը` անհաղորդ պատմածին, նայում է տանկերի ուղղությամբ։ Մաքսիմը շարունակում է.
- Հենց էստեղ ձեռքից վիրավորվել է, ասել է` ձեր մերը, դուք իմ ձեռքը վիրավորեք, ու ԴՇԿ-ն վերցրել է ու սկսել շարանուկ անելը։
- Ռաֆիկ,- դիմում եմ Օբեթանին,- Մաքսիմը ի՞նչ է պատմում։
- Մի քիչ էդպես չի եղել, ծաղկացնում է։
- Ինչպես եղել է` պատմի։
- Առավոտյան կրակոցների վրա արթնացել ենք, տեսել թուրքերը գալիս են։ Տանկը գործի եմ գցել ու շարժվել ենք «Ռաֆո-4»-ի ուղղությամբ։ Թուրքերն արդեն մտել էին մեր խրամատները ու մի մասն էլ գալիս էր էս կողմի վրա։ Սկսել ենք գործ անելը։ Դրանց կոտորել պրծել ենք, մեկ էլ տեսել ենք, որ մյուս կողմից էլ են գալիս։ Դրանց էլ սիրուն լավ կոտորել ենք։ Հարյուրի չափ եղել են։
- Էդտե՞ղ ես տանկից իջել ու սկսել ավտոմատով աշխատել։
- Դա Ամիրանլարի մոտ է եղել։ Բայց էսպես է եղել. գնդացրի փամփուշտը վերջացել էր, դուրս եմ եկել տանկի միջից ու ավտոմատով սկսել գործ անել։ Իսկ վիրավորվել եմ թուրք դիվերսանտների հետ մարտում։ Ամբողջ խումբը ոչնչացրել ենք, մեկը կենդանի է մնացել։
- Ազադը,- հուշում է Մաքսիմը։
- Ես նրան տեսել եմ Շուշվա բանտում,- ասացի ես,- Մինգեչաուրի վաշտն է եղել։ Ազադը պատմում էր, որ ինքը Ռուսաստանում է եղել, եկել է Մինգեչաուր ծնողներին տեսնելու, վերցրել են բանակ։ Ինչքան էր ճիշտ խոսում` դժվարանում եմ ասել, բայց կարգին վախեցած էր։
- Արկը պայթել է, նրան թողել հողի տակ։
- Ռաֆիկ, ինչպե՞ս տանկիստ դարձար։
- Ընկերս` Կարենը, տանկիստ է եղել, կարող է լսել եք` լավ կռվող էր։ Զոհվել է։ Եկել են իմ ետեւից, թե տրակտորիստ մարդ ես, եկ։ Համաձայնվել եմ, ասել եմ` ցույց տվեք, կսովորեմ։ Էդպես տանկիստ եմ դարձել։ Ինձ հետ Վովան է` եկած տղա, Բաքվից, մեկ էլ Վիտալիկը` մեր գյուղացի` Հաղորտուց։
Զրույցին միջամտում է սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վիտալիկը։
- Մեր տանկիստները մարտի դաշտում են տանկիստ սովորել։ Եկել են, թե՝ աչքս ուտում է, եւ մի ամսում սովորել են։ Օբեթան էլ նույնը։ Ահա տեսնո՞ւմ ես էս տղաներին, շատերը մի քանի անգամ վիրավորվել են, բայց նորից կռվում են։
- Մեր շրջանը դրանով է լավ,- լրացնում է Մաքսիմը։ - Խուսափող քիչ կգտնվի։
- Ոմանք չեն կարողանում տանը երկար մնալ,- շարունակում է իր միտքը Վիտալիկը,- մի որոշ ժամանակ գնում են տուն, աշխատում, պակաս գործերը անում, հետո գունդը քաշում է։ Մի տեսակ սովորել ենք իրար, ոնց որ թե ամբողջ կյանքում միասին ենք եղել։ Կռիվը շատ բան է փոխել։
Կռիվն, իրոք, շատ բան փոխել է։ Դրա օրինակը Մաքսիմն է։ Ասում է` «մինչեւ էս գործերը» քար քանդող եմ եղել։ Հետո իրեն տվել է «սեզոնին»։ Ջահել է եղել, լավ փողեր է աշխատել, բայց ամեն անգամ գրպանում վերադարձի փողն էր մնում։ Ռուսաստան` ջահել, պինդ հայ տղա... Էս կռիվը ամեն ինչ փոխեց` եւ կյանքը փոխվեց, եւ կյանքի նկատմամբ Մաքսիմի վերաբերմունքը։ Հոր երես չեն տեսնում։ Կեղով չափում է վառելափայտի կտորը, մաշառով կտրում...
- Դա ինձ համար մեծ օգնություն է։
Տիգրանը ծանր վիրավորվել է, առաջին կարգի հաշմանդամ է։ Հինգ երեխա ունի։ Մեծ եղբոր հոգսը ամենից ծանրն է, եւ Մաքսիմը պատեպատ է ընկնում էդ ամբողջ հոգսերը կարգավորելու համար։ Մի ոտքը` ռազմաճակատում, մյուսը` տանը։
Իմ աչքին ընկավ գեղեցիկ մի մատղաշ։ Ոսկեմազ Ապոլոն։ Նկատելով ձեռքիս լուսանկարչական ապարատը, մոտեցավ, թե` ախպոր պես, մի հատ ինձ ու ընկերոջս նկարիր, հետո պիտի իմ բաջանաղը դառնա։ Համարձակությունը վրայից թափվում է։ Ընկերոջ հետ նկարեցի։
- Մի հատ էլ մենակ նկարեմ,- ասացի ես։
ԱԿ-ն գցեց ուսով ու անփույթ կանգնեց։ Այդպես էլ նկարեցի։ Անունը հարցրի.
- Սարգսյան Նաիրի։
Նաիրի որ Նաիրի` կատարյալ ու պայծառ։
- Քանի՞ տարեկան ես։
- Տասնվեց։ Վեց տարի կռվում եմ։
- Քիչ խոսի` վեց տարի։ Ասա լոլակի ժամանակից կռվում ես։
- Եղածն եմ ասում։
- Տասը տարեկանում ինչացո՞ւ էիր։
- Եղել եմ մատակարարող։
- Դա ի՞նչ ասել է։
- Փամփուշտ հասցնող եմ եղել։ Մեքենաներին քարով էինք տալիս։
- Հետո՞։
- Էն ժամանակի գործը էդ էր։ Հետո կամաց-կամաց սկսել ենք զենքով կռվել։
Մարտունուց դեպի հարավ` Հորադիզն է, դեպի հյուսիս` Քելբաջարը,- ահա այդ շառավղով կռվել է իր վեցամյա մարտական կյանքում 16-ամյա մարտունեցի Նաիրին։
Գրպանում ռացիա էր դրված։
- Իսկ դա՞։
- Ի պաշտոնե հասնում է` հիմա ԲՄՊ-ի վրա հրամանատար եմ նստած։
- Նաիրի, մարտական կյանքից մի քանի բան պատմի։
- Գնում ենք ու ամեն անգամ էլ հաջող գալիս։ Հետո էլ ամեն ինչ մեզնից է կախված, մեր ոգին մեզ չպիտի լքի։
Նկատելով հետախուզության խմբի հրամանատար Պետրոսին, մոտենում է, թեւը մտերմաբար պատ բերում վզով.
- Բաջանաղիս հետ, էսպես նկարի, ախպոր պես։
Ինչո՞ւ առաջ մենք չէինք նկատում մեր տղաների այս վսեմ գեղեցկությունը։ Արարիչը չի խնայել, ունեցածը դրել է։ Տղային զորակոչել էին բանակ, բայց երբ վիճակը լարվել էր Ղարաբաղում, արձակուրդ է «դասավորել», եկել ծնված տեղը` Գիշի, բոլորի պես զենք վերցրել։ Պետրոսին խնդրում եմ հետախույզի իր կյանքից մի բան պատմի։
- Ի՞նչ պատմեմ, աչքովդ պիտի տեսնես։
- Էդ դեպքում ինձ վերցրու քո խմբի մեջ։
Պետրոսը մեծահոգի ժպտալով ասում է.
- Մի քիչ ուշացել ես։
- Էդ դեպքում պատմի, որ իմանամ։
- Ամեն օր կռվի ձեւերը փոխվում են, հետախուզությունն էլ նույնը։ Կուբաթլու, Ֆիզուլի, Քելբաջար` ամեն տեղ եղել ենք։ Առաջ հեշտ հնարավոր էր գնալ թուրքի պահակակետը, խորանալ թիկունքում։ Մի անգամ Ավոյի հետ գնացել էինք հետախուզության Կուբաթլվի կողմը։ Մտել ենք թուրքի պահակակետը, ժամուկես սպասել, մինչեւ թուրքերը ներքեւով հոսող գետի ափից կվերադառնան։ Հիմա դժվարացել է։ Ամեն տեղ համարյա ականապատված է։ Անհրաժեշտության դեպքում հիմա էլ անցնում ենք գիծը, բայց վտանգը հիմա շատ է։
«Նելսոն» գրում էին դասամատյանում, տանն ու ընկերների համար Նեսո է եղել, Ղարաբաղում դասատվին ասում են «ընկեր», ընկերն ասել է` Սողոմոնյան Նելսոն, գրատախտակի մոտ, իսկ դասամիջոցին ասել է՝ Նեսո, ձերոնք որ գնան պեքի քաղելու, թող ինձ էլ իմաց տան։ Իսկ գրատախտակին Սողոմոնյան Նելսոնը միջին բարդության խնդիրը ջրի պես լուծում էր, ավելի դժվարի համար պիտի մի քիչ գլուխ ցավացնել, եթե տնեցիք չասեն` Նեսո, էշը վերցրու` գնա ցախ կտրի։ Երբ արդեն պատանի էր, երազում էր պոլիտեխնիկն ընդունվել եւ ինժեներ դառնալ։ Դարձավ, բայց հիմա ասում է, չի ասում, կրկնում է հազար անգամ ստուգված այն ճշմարտությունը, որ մարդը ծրագրում է, կյանքը կարգադրում, իսկ արցախյան այսօրվա հրամայականն է, որ Նելսոն Սողոմոնյանը հանրահաշվական բարդ խնդիրները լուծելու իր հնարավորությունը, ինժեներ-մեխանիկի իր հմտությունը` էս հողին պորտալարով կապվածությամբ իր ընկերների հետ, նրանց գլուխն անցած կռվի թշնամու դեմ, որպեսզի ոչ մի թուրք զենքը ձեռքին չանցնի «Էլչին» ճամփաբաժանը, որտեղից մի ճյուղը ծռվում է դեպի նոր կնքանունով Բերդաշեն, նախկինում` Ղզղալա, իսկ պատմականորեն ու սիրուն սազական` Կուսաբերդ։
Հրամանատարը զինվորներին հավաքել է գլխին եւ բացատրում է այն պարզ ճշմարտությունը, որ հրամանատարը եթե հրեղեն էլ դառնա, մարտը շահողը զինվորն է, որի «ֆայմի գործակիցը» պետք է բարձր լինի, խելքով կռվի, որպեսզի կարողանա թշնամու դանգլա գլուխը ջարդել։ Այս միտքը հրամանատարը նորից է կրկնում մեկ այլ անկյունատեսով, նորից շուռ է տալիս, պատ տալիս ու գալիս էն մտքին, որ զինվորը իր գործը պետք է խելքով ու սամթին անի եւ որպեսզի էդպես լինի, պետք է «ֆայմի գործակիցը» բարձր պահի։
- Ես հիմա ինձ պատկերացնում եմ մեր նորաստեղծ բանակում,- մեր կարճատեւ զրույցի ժամանակ ասաց Նելսոն Սողոմոնյանը,- մենք բանակի առաջին սպայական կազմն ենք, եւ այդ կազմը պետք է ստեղծի այնպիսի բանակ, որպեսզի ոչ մի թշնամի չփորձի մեր անկախության վրա ձեռք բարձրացնել։ Իմ կյանքը այսուհետ ես այդպես եմ պատկերացնում։
 Իսկ հիմա հրամանատար Նելսոն Սողոմոնյանն իր ընկերների հետ զենքով հայրենիքը պաշտպանելու գիտությունն ուսումնասիրում է «սկզբնաղբյուրներով» եւ դաժան այս գիտության կոնսպեկտները կազմում է Մարզիլու գյուղի ուղղության պաշտպանական շրջանում..

Ապրիլ, 1994 թ.




«ԽՆՈՒՇԻՆԱԿԸ ՊԱԿԱՍ ԳՅՈՒՂ ՉԻ»

Շրջապատել են, թե՝ Գենադիկին ձայնագրի։
- Երգի՞չ է,- հարցրի ես։
- Խնուշինակեցի է։
Գենադիկին հրհրելով մոտեցրին ինձ։
- Խնուշինակը լավ գյուղ է,- խրախուսելու ձեւով ասացի ես։
- Լավ էլ պատմություններ ունի։
- Ոչ մի պատմություն էլ չկա,- վճռական հայտարարեց Գենադիկը։ Գենադիկը իրեն լարված լուրջ է պահում եւ ինչքան լուրջ է պահում, այնքան գրգռում է տղաներին, տղաներին էլ մի պատճառ է պետք, որ խոսեն, ծիծաղեն, ասեն` քռքռան։
- Ի՞նչ եք հիմար-հիմար ծիծաղում։
Գենադիկի դիտողությունը ոնց որ կրակին նավթ ածես` ծիծաղը նորից է պայթում։
- Կարասի պատմությունը ձե՞ր գյուղում չի եղել,- թռավ լեզվիցս, բայց արդեն ուշ էր։
- Ոչ մի կարաս էլ չի եղել, բայց ո՞ր կարասը,- միամիտ ասաց, ու մյուսները թափվեցին գլխին, ավելի ճիշտ ինձ շուրջկալի վերցրին։
- Էս էլ հո մենք չենք, հեռու տեղից եկած անծանոթ մարդ, դու պատմիր, որ մեզ չմեղադրի,- դիմում են ինձ։
Ինձնից անկախ մտնում եմ խաղի մեջ.
- Մի խնուշինակեցի կարասը գինի է լցնում ու հողում թաղում, մի տարի անց ստուգում է ու տեսնում, որ գինին պակասել է։ Մարդը գլուխ է կոտրում, որ պատճառն իմանա, չի կարողանում, գնում է Խնուշինակի ամենախելոք մարդու` տեր հոր մոտ եւ իր կասկածանքն ասում, գուցե, ասում է, կարասի տակից գնում է։
- Որ տակից գնա, գլխից չի պակասի,- բացատրում է տեր հայրը։
- Էդպիսի բան չի եղել,- բողոքում է Գենադիկը։
- Ո՞նց չի եղել, ես իմ աչքով տեսածը պատմեմ. ձեր գյուղացի Արմենին լավ գիտես, Կուրոպատկինոյի գինու գործարանի բետոնե տարողություններից մեկը սվաղել է, հետո մեջը ջուր լցրել, ջուրը սկսել է պակասել։ Գործարանի տնօրենին հիշո՞ւմ եք` Ալոյանին, էս Ալոյանը ասում է` Արմեն, ոնց որ տարողության տակից բաց է թողնում։ Արմենն էլ թե` ընկեր Ալոյան, որ տակից բաց թողնի, գլխից չի պակասի։ Ես իմ լսածն եմ ասում։
- Մեկն էլ ես պատմեմ. Ամարասի վանքը շինելու ժամանակ լուր են տալիս, որ Ղարաբաղի բոլոր գյուղերից ձու բերեն, շաղախը ձվով անեն, որպեսզի վանքը ամուր լինի։ Ամեն գյուղից բերում են, իսկ Խնուշինակից ձուն եփած են բերում։ Որ ճանապարհին չկոտրվի` բացատրում են նրանք։
- Դա էնքան չի. անձնագրի համար պիտի նկարվեին, խնուշինակեցին փոս է քանդում, մտնում մեջը, որ ոտքերը նկարում չերեւան։
Տղաները Գենադիկի գլխին բոմփում են ու լախ-լախ ծիծաղում, կարծես էդքանի մեղավորը նա է։
- Բան չկա, մեկ-մեկ էդպես էլ է լինում։
- Դուք մեղավոր չեք, ձեր գյուղի օդիցն է։
Գենադիկը կարմրատակում է, հռհռոցը ավելի է բարձրանում։ Նրան վիճակից հանելու համար դիմում եմ տղաներին.
- Ոնց որ թե տանկիստներ եք։
- Նորոգողներ ենք։
- Մենք տանկին շունչ տվողներն ենք։
- Նրանք ո՞ր օրվա տանկիստ են, գազար ուտողներ են,- զրույցին խառնվում է շիկավուն, պինդ մի երիտասարդ, բառերում էլ ոնց որ թե շ-ն շատ է,- մենք չլինենք, դուք ո՞ւմ եք պետքական։
Նորոգողները թափվեցին սրա գլխին։
- Առաջինը մի քիչ ցածր խոսի` ձայնագրիչի կոնդենսատորները կվառվեն։
Նոր հռհռոց է բարձրանում, տանկիստի ձայնը կորչում է ժխորի մեջ։
- Խոսելով չի, է՜։ Տանկի՞ստն է կարեւոր, թե՞ նորոգողը։
- Պարզ չի՞, որ նորոգողը։
- Ձե՛զ չեմ հարցնում, ձեզ որ լսենք, տանկը դուք եք հնարել։
Քանի որ հարցն ինձ էր ուղղված, ես պատասխանեցի.
- Երկուսն էլ կարեւոր են, բայց քոնը մի քիչ վտանգավոր է։
- Մերն ավելի վտանգավոր է, պատահում է կռիվը գնում է, իսկ մենք տանկի ծռած լուլան փոխում ենք, կտրած թրթուրը սարքում, աշտարակը փոխելուց բացի մյուս գործերը անում ենք։ Գնդակի սվսվոցի տակ։
- Ես համաձայն չեմ,- նորից միջամտում է տանկիստը,- էս ջոջոխ-մոջոխները չլինեն, իմ փչացած տանկը ինքս էլ կշինեմ։ Բոլորդ էլ խնուշինակեցի եք, երկրորդ մարտում ձեր շինած տանկը չի՞ տանկին ք...ել, ԲՄՊ-ի քամակին կապել ենք, հանել, էլ չխոսեք ինձ մոտ։
Իրավ, տանկիստը դուրս գալիս է։ Համարձակ էլ տղա է երեւում։
- Անունդ ի՞նչ է։
- Լավրենտ։
- Որտեղի՞ց ես։
- Եմիշճանից։
- Տանկի վրա ի՞նչ ես աշխատում։
- Ամեն ինչ, եղել է, որ եւ` նշանառու եմ աշխատել, եւ` մեխանիկ։
- Մարդը բազմակողմանի զարգացած է։
- Կաղին ուտողներից է, կանի։
- Կաղին ուտող չի, կռվող տղա է,- կասեցնում է, եւ ես հասկանում եմ, որ ամենադժվար պահին էլ Լավրենտը իրեն չի կորցնի։ «Կաղին ուտող եմիշճանեցին էլ» նրանից է գալիս, որ էստեղ կաղնուտ կա, կաղինով խոզ են պահում։
- Լավրենտ, երբվանի՞ց ես մասնակցում էս գործերին։
Հարցին հարցով է պատասխանում.
- Կռիվը ե՞րբ է սկսվել։
- Շարժումը սկսվել է 88-ին։
- Հենց էդ ժամանակից,- ապա դառնալով իրեն շրջապատած նորոգողներին, ասում է.- 88-ին դուք ի՞նչ էիք անում` միացում չէի՞ք ասում, ես էլ` նույնը։
- Ռայկոմի առաջին ձրի բաժանած կաթը խմում էիր եւ ուռռա՜ ասում։
Այսպես խոսում են` իրար հերթ չտալով, սրամտելով, քռքռալով, իրար ձեռ առնելով, ու ես հասկանում եմ, որ տղաներին պետք է կռվի ծանրությունները կատակի տալով թեթեւացնել։ Մինչեւ կռիվները մեկը քարահանքում քար է քանդել, երբեմն էլ սեզոն գնացել, մյուսը Կուրոպատկինոյի գինու գործարանում արաղ է քաշել։
- Ժողովրդին բավարարում էի,- բացատրում է նա,- իսկ հիմա տանկ եմ վերանորոգում։
- Տաք արտադրամասում ես աշխատել` մի տարիդ երկու տարի է հաշվվում։
- Ասում են` Ստեփանակերտից եկել են գործարանի տակառներին կնիք դրել։
- Մեկը պահել են։
Մարտունուց են, Բերդաշենից են, Գիշուց են, Աշանից, ուրիշ գյուղերից, Երեւանից կա, ամեն տեղից էլ կան, մի խոսքով` բոլորն էլ ղարաբաղցի են։
- Էդ ճիշտ է, բայց մարդ կա, որ եմիշճանեցի է։
- Մարդ էլ կա` խնուշինակեցի։
- Բոլորն էլ հայ տղաներ ենք։




«ԸՆԿԵՐ ՊԱՐՈՆ ԳՆԴԱՊԵՏ» 

Զորանոցում ովքեր կային` նրանց, արձակման թղթով բաց թողածներից ապսպրանքով եկածներին, ձախ գնացածներին եւ մյուսներին մի կերպ հավաքեցին, բենզինի, դիզելային վառելիքի չնախատեսվածից օրինավոր դուրս գրեցին,- միշտ էլ չնախատեսվածի համար նախատեսվում է, միայն էս անգամի համար մարդու ափսոսը գալիս է,- ռազգավորչիկի` ավելի բարձր հրամանատարը ավելի ցածր հրամանատարին դիտողություն է անում` քաղաքական կողմը պակաս կարեւոր չի, եւ ընդհանրապես խոսակցություններ չլինեն, հրամանը կատարում են եւ ոչ թե քննարկում, բանակի օրենքները նոր չպիտի սովորեք,- ահա այսպես, ահագին վառելիք ծախսելով, տեխնիկան բերվել է, անձնակազմը հիմնականում տեղում է, բայց լավ չհասկացվեց, թե էսքանն ինչի համար է` Մոսկվայի դումայի՞ց են եկել, թե՞ հեռուստատեսությունից են, թե՞ եւ՛ էն, եւ՛ էն։ Մի խոսքով` գումարտակը պետք է կանգնեցվի մարտական շարքի, որպեսզի հյուրերը տեսնեն, որ Ղարաբաղի բանակի մասին պատմածները հենց էնպես ասված խոսքեր չեն եւ, որպես ապացույց` գումարտակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստ են հագցրել ու բերել շարակազմի։
- Կոմունիստներին քննադատում են ու նրանց նման անում։
- Մի անգամ էլ գան, որ սնունդը լավացնեն։
- Ծխախոտն էլ միշտ տան։
- Սիրտդ ռուսի մատուշկա չի՞ ուզում։
- Դրա ժամանակը չի, կանոնավոր շարվե՜ք,- եւ ավագը ձեռքը մեկնում է, որ իրենից հետո` ձեռքի ուղղությամբ, դասակը շարք կանգնի։
- Էդ բոլորը հասկանալի է, բայց ինչո՞ւ մեր թանկագին հյուրերը նմուշի համար մի աղդամցի չեն բերել, որ իր աչքով տեսներ եւ Աղդամին կարոտ մյուս աղդամցիներին պատմեր, թե ինչպես է «արեւելյան պաշտպանական շրջանի «Ն» գումարտակը» Աղդամի հրապարակում մարտական փեսատես անցկացրել,- Գրիգորն էլ հո չի ասո՜ւմ.- Էն Աղդամո՞ւմ, որ մեզ վրա մատ էր թափահարում` մենք յոթ միլիոն ենք, մենք էսպես ու էնպես։
- Հետաքրքրության համար չհաշվե՞նք, թե ամեն մի ղարաբաղցու քանի ազերի թուրք է հասնում։
- Յոթ միլիոնը բաժանիր 150 հազարի վրա` էդքան։
- Որ ճիշտն ասենք, հիմա Ղարաբաղում էդքան էլ չկա, բայց ենթադրենք կա, ուրեմն ի՞նչ է ստացվում` մնացորդով ստացվում է, որ մի ղարաբաղցուն հասնում է 46 ազերի եւ մի պոչ էլ ավել։
- Ռուս հեռուստալրագրողներն էդ ամենը թող նկարահանեն ու էն ծրագրով, որ Բաքուն բռնում է, էն ծրագրով ցույց տան, որ Ադրբեջանն էլ տեսնի, ամբողջ էսէնգեն էլ տեսնի, ու բոլորը համոզվեն, ազերի թուրքերը առաջին հերթին, որ մեր վճիռը դեռ 88-ին է կայացվել ու բեկման ենթակա չէ։
Ավագը նորից միջամտում է.
- Հիմա կարեւորը դա չի, կարեւորն ամեն ինչ լավ կազմակերպված անելն է։ Ո՞ւմ եմ ասում, տղե՜րք, լավ, էլի, շուլուղի ժամանակ չի, կարգին մի գծի վրա կանգնեք, հրամանը ուշադիր լսեք։
- Էլի՞ հնդուհավի պատմությունը մեջտեղ բերիք, լավ, էլի, կերանք-պրծանք, զոքանչի ու փեսայի կենացն էլ խմեցինք,- զոքանչ է, էլի, կխռովի, էդ ո՞ր զոքանչն է փեսի լավը ունեցել, մարդն ուզեցել է զոքանչի ծննդյան օրը զոքանչին ուրախացնի, ինչ եղել է` եղել է, էլ մի՜ք։
Ավագն իր միտքը փորձում է շարունակել.
- Ամենակարեւորը հրամանները հստակ կատարելն է` նախ տրվում է «կանգնել շարքի» հրամանը, հետո գալիս է «զգաստը», չէ, առաջ «հավսարն» է,- ի՞նչ եք ծիծաղում, ավագն էլ մարդ է, նա էլ է սխալվում,- հերիք եղավ, մի կես ժամ ձեզ լուրջ պահեք, եթե տապալվեց, լավ իմացե՜ք, դե որ գիտեք, ինչ որ ասվում է` ուշադիր լսեք, «հավսար»-ից հետո «զգաստ», հետո` էդ անտերը հայերեն ո՞նց են ասում...
- Ավագ ջան, ոնց որ թե որոշել են հրամանները ռուսերեն անցկացնել, բոլորս էլ խորհրդային բանակում ենք ծառայել եւ խորհրդային ռուսերենով ենք սովորել։
- Հաղորդումն էլ Ռուսաստանի համար է։
Ավագն ասում է.
- Մոռացա ամենակարեւորը` ողջույնը պետք է` ոնց որ մի մարդ ու բարձր ասե՜ք, որ հասնի թուրքի դիրքերը, իհարկե, կթացանան, նրանց շալվարները միշտ էլ թաց են լինում... Շարքում չխոսել, մկների ժողովը չի, ավագն էլ նրա համար է, որ դիտողություն անի եւ ձեզ կուլտուրական խոսելը սովորեցնի,- ավագը նորից է կրկնում,- հավսա՜ր, զգա՜ստ, էդ անտերը էլի մոռացա։ Ճիշտը լավ է, ռուսերենով լավ է ստացվում, ուրեմն շտաբի պետը, Գիրո չի, այլ պարոն Աղամալյան, շտաբի պետը ասելու է` րավնյայ, բոլորդ րավնյայ եք անում, հետո գալիս է զգաստը` լավ ձգվում եք, ուսդ մի քիչ բարձրացնում ես ուղիղ` ձիգ կանգնում, ոնց որ թե հարյուր հիսունանոց մեխ ես կուլ տվել, հետո շտաբի պետը,- ո՞վ չի իմանում, որ ամենագրագետը շտաբի պետն է, էդպես էլ պիտի լինի, հատկապես քարտեզը պետք է լավ իմանա, որ քնած տեղից վեր կացնես` իմանա Փափրավենդը Աղդամից հյուսի՞ս է, թե՞ հարավ, Աղդամից քանի կիլոմետրի վրա է, կամ Ղարբանդը, բոլորդ էլ լսել եք Ղարբանդ անունը, բայց քարտեզի վրա ցույց տալն է կարեւոր, կամ Աղդամից արեւե՞լք է, թե՞ արեւմուտք, ես օրինակի համար ասացի, իհարկե, Աղդամից արեւմուտք Ասկերանն է, էդքան էլ անգրագետ չենք, էդտեղ վերջացրեք, ուրեմս շտաբի հրամանատարը...
- Ոչ թե հրամանատարը, այլ պետը։
- Երեխան էլ գիտի, որ շտաբի պետ է, ուրեմս շտաբի պետն ասում է` րավնենի վ ցենտր, հայերեն ո՞նց է րավնենի վ ցենտր, ախպերամ, Գրիգորին էլ չի իմանա։
- Գրիգորին կիմանա, Գրիգորին` բան չկա, որ չիմանա։
- Նախ Գրիգորի չէ, Գրիգոր է։
- Եթե ճիշտն իմանաք, երեխա ժամանակ ոչ էն էր, ոչ էն, բոլորս Գիրիշ էինք ասում, ուրիշ անուն էլ ուներ` չեմ ասում։
- Մարդը հայերենի լավ դասատու է, աշակերտները գնում են Երեւան ու չորսից պակաս չեն ստանում, իսկ ավագի հետ, ճիշտը լավ է, նրանը չի ստացվում, ավագը հրամայում է` շարքային Սամվելյան, ինձ մոտ, բայց լաղ անելով է ասում, ու դրան համապատասխան շարքային Գրիգորը ոտքերը իրար քսելով է քայլում, դա ավագին դուր չի գալիս, ու ավագը ետ է տալիս եւ վանկերի բաժանած հրամայում.
- Վա-զե-լով...
Գրիգորը համաձայն չի.
- Եղբայր սիրելի, հրամանը ճիշտ տուր։
- Նախ ես եղբայր չեմ, այլ` պարոն ավագ, երկրորդը` հրամանը չեն քննարկում, այլ կատարում են, էստեղ արհմիութենական ժողով չի,- եւ ավագն անցնում է գլխավոր նյութին,- ուրեմս գումարտակը մարտական շարքի կանգնեցնելուց հետո շտաբի պետը զեկուցում է հրամանատարին ու կանգնում հրամանատարի կողքին, բայց կես քայլ հետու, որից հետո հրամանատարը ողջունում է` զդրա՜ստե, տավարիշի՜, դուք խոր շունչ եք քաշում ու միահամուռ, լսո՞ւմ եք, խոր շունչ քաշում, որ լավ, ուժեղ ստացվի` զդրավյա ժելայեմ, տավարիշ պալկովնի՜կ։
- Պալկովնիկ էդ ե՞րբ դառավ։
- Մայոր ասենք, մայորը համ կարճ է, համ էլ` իսկական։
- Գեներալն ավելի լավ է, թող իմանան, որ գեներալ էլ ունենք։
- Տավարիշի ժամանակներն անցել են, ես պարոն եմ ասելու։
- Գրիգոր, կլինի՞, որ մի անգամ, ձեւի համար, ես ասեմ, դու էլ ասես` հա,- նեղսրտում է ավագը։
- Ձեւի համար կարելի է,- համաձայնում է Գրիգորը։
- Ավագ ես, գնա հրահանգավորումդ ճշտիր` տավարիշ, թե պարոն։ Ավագը գնաց պարզելու պարոնի խնդիրը, հեռուստատղաները սկսեցին հարմարեցնել իրենց դամդազգահը, հրամանատարությունը եկավ, հյուրերը երեւացող տեղում դասավորվեցին ու սկսվեց իսկական թատրոնը, բոլորը ձեռից գնում էին, հյուրերը` բոլորից շատ։
- Զգա՜ստ` թողնե՜լ։
- Զգա՜ստ` թողնե՜լ։
Մեկը` ընկեր մայոր, մյուսը` տավարիշ պալկովնիկ, հետո պարոնը եկավ մայորի մոտ, տավարիշը գնաց պալկովնիկի կողքը, ամեն ինչ խառնվեց, դարձավ շիլաճաշ, ավագը ինչքան կարմրատակում էր, էնքան տղաները թուլանում էին։
Մինչեւ կորոշվեր` մայո՞ր, թե՞ գնդապետ, մինչեւ «հստակեցվեց» ընկե՞ր, թե՞ պարոն, օրը մթնեց ու նկարահանումը հետաձգվեց հաջորդ օրվան...




ԶՈՐԱՆՈՑ

Ավետիքը հինգ օրով գնացել է տուն, բայց արդեն երրորդ օրը վերադարձել է զորանոց։
- Ձանձրացա` եկա։
Ընկերները ձեռ առան.
- Կարո՞ղ է պակասավորների դպրոցում ես սովորել։
- Մինչեւ հինգերորդը մաթեմատիկայից «չորս» ու «հինգ» եմ ստացել։
- Չհասկացվեց` երեխանե՞րդ էլ քեզ նման են։
- Ես ձեր խելքին չեմ, որ կինս ազատ ժամանակ ունենա` չորս երեխա է պահում։
Խոսեցին, լղոզվեցին, ապա հանդարտվեցին` ներքուստ համաձայնելով, որ էլ էն չի. ապրելու մշտական տեղը դարձել է զորանոցը, տունը ոնց որ ժամանակավոր հանգստանալու համար է, գնում ես երեխաներիդ կարոտն առնելու, ծնողներդ քո կարոտն են առնում, տան հոգսերից ձեռիցդ եկածն անում ես, վերադառնում զորանոց եւ զինվորական քո ամեն օրվա գործին կենում։ Էդ մի քանի օրը դառնում է... Թե ասենք` լավ չես զգում, սխալ կլինի, բայց մի տեսակ սրտնեղում ես, ոնց որ թե դու արջ ես, ու քեզ պար են ածեցնում. ընկեր, հարեւան, բարեկամ գալիս են` իբր քեզ տեսակցելու, բայց սկսում են մանրամասն հարցուփորձ անել, դու էլ` ինքդ քո ներսում սրտնեղելով, ստիպված ես լինում պատասխանել։ Էդ մի քանի օրում էնքան ես նույն հարցերին պատասխանում, որ վերջում լինում է անգիր արած ոտանավորի պես։ Ինչո՞ւ է շունշանորդի թուրքը իր ջահաննամներից եկել ու մեր սարերում մահ փնտրում։ Էս խոսքին ի՞նչ պատասխանես։ Որովհետեւ ղամմազ է, քանի գերի թուրքի է ասել` ա՜յ թուրք, ինչո՞ւ ես զզվել կյանքից, պակասը մի ութ երեխա ես աշխարհ գցել, ապրի, էլի, որ քո քորփեքդ պահես, մենք էլ մեր մեկ-երկուսը մեծացնենք։ Մնացած բաներն էլ` նույնը։ Իսկ կռիվը զզվելի գործ է։ Շատ զզվելի։ Կռվի օրենքը ո՞րն է, եթե դու թուրքին չսպանես, թուրքն է քեզ սպանելու, կռվումը գաթա չեն բաժանում։ Պիտի խոր խրամատավորվես, ու հենց սկսում են խփել, մտնես հողի տակ, պիտի չալարես եւ սաղավարտը գլխիցդ չհանես ու տապռ մնաս, թե երբ է արկերի կարկուտաթակը վերջանալու, ներվերդ էլ պիտի մի քիչ պինդ լինեն, որ կարողանաս դիմանալ։ Երբ հրետակոծությունը վերջանում է, տեսնում ես՝ թուրքը քո կոխ տված ծանոթ տեղերով գալիս է, հետ է նայում, երեւի թե ուզում է իմանալ` ընկերները գալի՞ս են, թե՞ մի տեղ գլուխները թաքցրին։ Ուրեմն սրտում վախ կա։ Հողը թափ ես տալիս քո վրայից, ավտոմատի ոտը գցում կարճ կրակահերթի վրա ու մի քիչ էլ սպասում, որ լավ մոտենա, ձեռդ պիտի չդողա, վախը սրտիցդ պիտի հանես ու սուրուի պես եկող համշարի շունշանորդիներին գյուլլես։ Եթե գնդակը մահացու է կպչում, թուրքը միանգամից գետնից կտրվում է ու տափը տալիս։ Էդ մեե՜կ։ Աչքով էնքան չես տեսնում, որքան զգում ես թուրքի` քեզ վրա գալը. լարվում ես, լարվում ես, դառնում ես ձգված լար։ Մարտը ինչքան է տեւում` չես իմանում, միայն նկատում ես, որ շունշանորդիները սկսում են քաշվել, եթե հրաման են տալիս հետապնդել փախչող թուրքին, ինչքան էլ հոգնած լինես, պիտի վազելով հասնես։ Իսկ եթե դադար է հայտարարվում, զգում ես, որ էլ ուժ չի մնացել, ոտի վրա չես կարողանում մնալ։ Հոգնած, զզված, բերանիդ մեջ` անհամ, ծարավ ես, բայց չես ուզում ձեռդ տանել տափաշշին` եթե, իհարկե, մեջը մի կաթիլ մնացել է։ Աստված չանի, եթե ընկերդ սպանվել է, էդ պահին աշխարհի ամենադժբախտը լինում ես դու, հայհոյում ես թուրքին էլ, էս կռիվ գցողին էլ, քո կյանքն ու ճակատագիրն էլ, ուզում ես` ոռնոցդ դիր, ինչ ուզում ես արա, էլ չկա միասին արյուն թափած ընկերդ։ Ի՞նչ պիտի հարազատներին պատասխան տաս, քո կենդանի մնալը ո՞նց բացատրես... Դառնում ես խեղճ, խեղճանում ես, անճարակությունից աչքերդ լցվում են, աշխարհը մթնում է, ամեն ինչ դառնում է անիմաստ։ Ահա էս է կռիվը. էսքանը ինչպե՞ս պատմես, ի՞նչ անհրաժեշտությամբ պատմես... Պատմես էլ` ի՜նչ պիտի հասկանա։ Ամեն անգամ զորանոց վերադառնալը դառնում է ծանր քար. արդեն կարգ է դարձել` հերթով համբուրում է աղջիկներին` Գոհարիկին, Անուշին, Աղավնիկին։ Վաղարշակը չի թողնում, ասում է` ինձ ամենա-ամենավերջումը, մանկական իր խելքով ուզում է երկար մնալ հոր գրկում։ Հրաժեշտին հայրն ասում է` պինդ կաց։ Մոր աչքերը տամկանում են, կինը ծնողներից քաշվում է, ամաչելով մատների ծայրերը մեկնում է Ավետիքին, Ավետիքի մարմնով սրսփոց է անցնում ու, զգացումը ճնշելու համար, կոպիտ կատակ է անում` տես, հա՜... Զզվելի տրամադրությամբ գալիս է զորանոց ու փոշմանում, որ շուտ եկավ։ Դրանից տրամադրությունը ավելի է փչանում ու մի բանի է ման գալիս, որ ջղայնությունը թափի։
Ավագը բարձր-բարձր կարդում է` էսինչյան, էսինչյան, էսինչյան, էսինչյան ու էսպես մի ցուցակ է կարդում, ու դու ներքուստ հույս ես պահում, որ քո անունը չկարդա։ Եթե չկա` ներքուստ ուրախանում ես, բայց ուրախությունդ թաքցնում ես ու քեզ զգում ես գողություն արածի նման։
Գնացողները` լարված, ժպտալով, անհոգ, նյարդային, հրաժեշտ են տալիս` ով գիտի,- ու պինդ սեղմում ձեռքդ,- պապը միշտ գաթա չի ուտում, մեկ էլ տեսար թրխկացրին,- էս վերջինը չի ասվում, բայց դու հաստատ գիտես, որ այդպես մտածվում է, նույնը դու ես զգացել. ընկերդ ձեռքը մեկնում է հրաժեշտի համար, եւ դու, լաց լինելու պես, կատակում ես.
- Մի քանի թուրք էլ ինձ համար կպահեք, էս երկու օրը գալու եմ։
***
Աշոտին վաշտում «ճուտիկ» են ասում, լավ էլ «ճուտիկ» է. իր տասնութ տարեկանում երկու բաժին ուտում է եւ էլի թե` փորս բան չմտավ։
Աշոտը գնացել է տուն, եկել` աչքի տակը կապտուկ։ Տղաները խառնվեցին` էդ ո՞նց թե էդպես, դու անունը տուր` մնացածը քո գործը չէ։ Աշոտը ծիծաղել է` փետ ջարդելու ժամանակ է եղել։ Բայց տղաները ձեռք չեն քաշել։ Աշոտն էլի է ծիծաղել` թե որ ասեմ, չեք հավատալու, բա ո՞վ է եղել, հերս է եղել. երեկոյան հացի նստելու ժամանակ Աշոտը ցանկացել է հորն օգնել, հայրն ասել է` պետք չէ, Աշոտը չի լսել, ու հայրը աչքատակին մի հատ կպցրել է։ Տղաները հանդարտվել են` Պապաշայից սպասելի է...
Զորանոցում բոլորը Աշոտի հորը Պապաշա են ասում։ Դեռ ջոկատի ժամանակներում տասնյոթը չլրացած Աշոտի հետ եկել է ջոկատ, թե` էս էլ մենք։ Տաքսու վարորդ է եղել, հայտնի տաքսիստ Գրիգորը դրանից առաջ բանակում տանկ է քշել, ու օգուտը եղել է էն, որ ուրիշի համար արած եւ քեզ համար սովորածը Արցախի էս մեր կռվում դարձել է գտածի նման մի բան։ Ինչ գործի ուղարկել են, մարդը անմերժում կատարել է։ Կիչանում լավ չի ստացվել, աչքի մեկը կորցրել է, բայց ասել է` աստված հեռատես է եղել, մարդուն երկու աչք է տվել, ոնց որ թե մեկը` պահեստային։ Գուցե էս կատակը շատ չի դուր եկել Երկնային կապույտին, գուցե հիմա էլ հոգուն մեղք է անում, Պուշկին յալում Գրիգորը կորցնում է երկու ոտքն էլ` ծնկներից մի քիչ ցածր։ Երեւանում երկար բուժվելուց հետո Գրիգորը եկել է տուն ու հիմա պետք է ճակատագրի դեմ կռվի` աստծո չնախատեսած իր այս վիճակով։
- Ճիշտը որ ասենք, էս բանը մինչեւ Պուշկին յալն է եղել։ Գնում էինք, ես մի ոտ առաջ էի գնում, մեկ էլ մի բոխի կար, տեսնեմ` հասել եմ բոխի ծառի ամենավերին ճյուղին եւ էնտեղից, շրա՜խկ, մոշի թփի մեջ։ Վա՜յ, քո տիրուհերը... Զինվորը ինչից շատ վախեցավ, դրանից էլ տուժում է, ես միշտ էլ ասել եմ, տղաները կարող են վկայել, ասել եմ` ինձ միայն «գորտնուկը» կարող է քար անել։ Ականանետներից հետո հետեւակի մերը լացացնողը «գորտնուկն» է։ Ոտս դրել էի էդ անտերի վրա, ու ինձ նետել էր ծառին։
Տղաներն իսկույն մոտենում են։ Էլ ինչ, ոտիս մեկը ոնց որ ծնկիցս թելով կապած։ Ասում եմ` տղերք, դանակով կտրեք ու պինդ կապեք։ Կտրում-կապում են, հասցնում հիվանդանոց։ Բժշկին ասում եմ` նմուշի համար մյուսը պահեք։ Բժիշկն ասում է` արդեն երեք ժամ է` դու այլեւս ոտքեր չունես։ Մարդը հաստատ որոշել է վերադառնալ զորանոց, եւ ոչ ոք լուրջ չի ընդունում նրա որոշումը. ում ասում է, լսում են, ու կարծես խոսքները մեկ արած, խորհուրդ տալիս` թող հիմա էլ ջահելները կռվեն, դու քո բաժինը արել-պրծել ես։ Գրիգորը բորբոքվում է` կռիվը հաշմանդամ-բան չի ասում, ով կարող է բանակին օգնել, պիտի օգնի։ Խոսակիցը այլեւս չի առարկում, եւ դա Գրիգորին դուր չի գալիս։ Նրա հույսը հիմա ամերիկացի մի հայի վրա է։ Գրիգորը շատ էր դուր եկել ամերիկացի այդ հարուստ հային, եւ սա խոստացել է Ամերիկայից իսկական ամերիկյան պրոթեզ ուղարկել։ Հիմա դրան է սպասում։ Չէ, չէ, ասում է, խոհանոցում սոխ ու կարտոլ կմաքրեմ, սեղանների երեսը կմաքրեմ, ուրիշ մի գործ կանեմ, իսկ եթե ամերիկյան իմ նոր ոտքերը հաջող եղան... Ով չի իմանում, որ աշխարհում ամերիկականին ոչինչ չի հասնում։ Շուշան աղջիկը հակաճառում է` աշխարհում գերմանականն է հայտնի, հայրը ջղայնանում է, որ էդքան խելոք ես` համալսարան ընդունվեիր. «Կընդունվեի, եթե ծնողներս դիմանային ծնողների կոնկուրսին»։ - Էդ պահին յոթ երեխաներից տանը եղածները թափվում են Շուշանի գլխին, եւ Գրիգորին ասելիք չի մնում։ Իսկ թե ամերիկյանը, իրոք, լավ եղավ, կարող է նույնիսկ ավելի կարեւոր գործ անել։ Զորանոց գնալուց առաջ Աշոտին ասել էր` Կամոյի քիմքերը պտռի, իմացիր, իրեն կըդունի՞, թե՞ չէ։ Կամոյին ասա շանտղություն չանի, վաշտի հրամանատար ես, բայց իմացիր, քեզնից վերեւներ էլ կան, ասա՝ Պապաշային բոլորն էլ ճանաչում են, ասա` քո մոր մարդը ես պիտի լինեի, քո տատը չխանգարեր` հիմա քո հերը ես էի, մերդ ինձ համար մինչեւ հիմա էլ մեռնում է, չնայած ցույց չի տալիս։ Դե լավ էլի` Աշոտը ցանկացել է հակաճառել, հայրը ընդհատել է` ես գիտեմ` ինչ եմ ասում, հետո էլ կավելացնես, որ Սաֆոնովի ժամանակներում քեզ մեր տանը թաքցնողը ես եմ եղել, քո բարեկամները չեն եղել, ճիշտ է, լավությունը չեն ասում, էնպես արա, որ չհիշեցնենք, չասենք, շնորհք ցույց տուր, ասա` քո բերանով դու ես ասել` հարյուր տարի պարտք եմ, պարտք է` թող հիմա տա։ Կինը չանչ է արել` կեսդ չկա, էլի էն անլուրջն ես, Գրիգորը կնոջ ասածը բանի տեղ չի դրել, իսկ տղային խիստ պատվիրել է` էս բոլոր ասածներից մի խոսք բաց չթողնես։
Աշոտը հոր ասածներից միայն ասելին է Կամոյին հաղորդել, Կամոն ծիծաղել է` հարց չկա, երբ ուզենա` մեքենան կուղարկեմ, իսկ Գրիգորը Կամոյի այս խոսքից խիստ վիրավորվել է. մեքենան «կուղարկեմ»-ով ինչ է ցանկացել ասել, ես ինքս իմ ոտքով կգնամ, նոր պրոթեզն Ամերիկայից գա` ինքս իմ ոտքով կգնամ։

***

Աղդամից հետո Աշոտին մի շաբթով արձակում են տուն։ Աշոտը գնում ու նույն օրը ետ է գալիս։
- Կարո՞ղ է Ավետիքի պուճուր ախպերն ես։
- Երեւի Պապաշան քեֆին կպել է։
- Բան չկա, հեր է, պիտի ների։
- Ճուտո ջան, մի ամաչի, օգնելու խնդիր ունես` ասա օգնենք։
Աշոտը մնացել է լուռ ու տխուր` ինչպես պռոշ արած երեխա։ Պառկել է երկրորդ հարկի իր նառին ու հայացքը հառել է,- կուռդ մեկնես` առաստաղն է,- հայացքը հառել է այդպես մոտիկ առաստաղին։ Ուրախ-ուրախ, ոնց որ ոստոստալով, հասել է տուն։ Դարպասից ներս չմտած, Շուշանը Աշոտին քաշել է մի կողմ, մայրն ասել է` Աշոտը հանկարծ չիմանա, իրեն մի բան կանի։ Մայրը նկատել է, որ երեխան շատ է տաք-տաք էդ աղջկա վրա, ասել է խոխիս սիրտը չկոտրվի, Շուշանին էդքանը հասկացրու, Աշոտին քաշել է մի կողմ, ատելությամբ լի` Անոն էստեղ լիներ, պինչն ու պռոշը պլոկեի։ Վերջին հանդիպման ժամանակ Աշոտն ասել է` Աղդամը վերցնենք, հայրն էլ Երեւանից կգա։ Հայրն ահա եկել է, Աղդամը գրավեցինք, հիմա կարելի է նշան տալ կամ խնամախոսի գնալ։ Մայրն ասել է` նշանը տանք եւ շուտ հարսանիք անենք, կուզեք երաժշտությամբ անենք, կուզեք` առանց։ Աշոտը շտապել է տուն` Կամոյից թաքուն, Կամոյի վարորդ Գրիշիկը Աշոտին բերել է Ստեփանակերտ։ Տղան իմացել է` ինչի համար է, վախենալով ու թաքուն հասցրել է։ Շուշանը Աշոտին քաշել է մի կողմ ու, ախպորը փաթաթված, արտասվում է` Աշոտին ցողելով գլոր-գլոր արցունքներով։ Աշոտը աշխարհքումս մի բան է ցանկացել. ասել է` ամուսնանամ, հետո ինչ լինելու է` թող լինի։ Էսքանը բարձր չի ասել։ Մտքումն է ասել, բայց էս մուրազը շատ ջերմ է ունեցել։ Աշոտը Անոյին վերջերս մի ուրիշ տեսակ է սիրում։ Քանի անգամ է երազում տեսել` Անոն վազում է` չես իմանում` ուր, եւ ինքը չի կարողանում ետեւից հասնել, եւ դրանից սիրտը տխրել է, ամեն անգամ մի տեսակ վատ էր դառնում։ Իսկ Շուշանը Անոյին միշտ էլ չի սիրել, եղբորը քանի անգամ ասել է` դու չգիտես նրան։ Մի շաբաթվա մեջ,- մի շաբթում թաքուն-թաքուն փախցրին Երեւան եւ ամուսնացրին մի կատու ներկողի հետ։ Անոյի պես Ստեփանակերտում կամ լինի, կամ չլինի` էդպես սիրունին, իհարկե, կուզեն, էդպիսի աղջիկը ո՞վ չի երազի ունենալ։
Աշոտը մորը ոչինչ չի ասել։ Ասել է` եկել եմ գլուխս լվամ-գնամ, ու վերադարձել է զորանոց։ Հիմա պառկել է նառին ու ջահել մորմոքվում է։
***
Գրիգորը պիտի Մհերին զինվոր ձեռնադրի` չորս տղաներից Աշոտը մեծն է, նրանից հետո եկողը Մհերն է։ Գլուխը երբվանից տանում է, դեռ ոտքերից վիրավորվելուց առաջ հա՜ սպառնում էր.
- Տնից փախչելու եմ, հորս արեւ։
Գրիգորին շանորդու էս խոսքերը դուր էին գալիս, բայց շարունակում էր ձեւացնել։ Վերջերս մեկից մի ավտոմատ է բերել տուն ու հորն ասել` տե՜ս։ Երկու րոպեում քանդել-հավաքել էր, ապա նայել էր հորը, հայրն էլ ասել էր` դա հաշիվ չի։ Մյուս օրը հորը տանում է այգիով սեփական իրենց տան հեռավոր անկյունը, որտեղ հավաբունն է, թիրախը վաղօրոք պնդացրել էր հավաբնի կտրին ու այնտեղից քսանհինգ քայլ հաշվել, մի քանի քայլ էլ ավել էր արել` էս էլ քո պատվին, ու գրպանից «Մակարովը» հանել` դրախկ-դրախկ-դրախկ` տասը փամփուշտ կրակել ու հորը կարգադրել` գնա-տես։ Հայրը չի գնացել, թիրախը Մհերն է բերել, հայրը նայել է, չի գովել, ասել է` որ շատ պարապես, լավ կրակել կսովորես։ Մհերը վրդովվել է, ուզեցել է «Մակարովը» տալ հորը, որ մեծ-մեծ չխոսի, բայց տան պատուհանը բացվել է, մայրը գլուխը հանել է դուրս.
- Մհերի՜կ...
Մհերիկը գոռացել է մոր վրա` էլ ինձ Մհերիկ չասես, անուն ունեմ` ճիշտն ասա։ Մայրը ձեռ է առել` անձնագիրդ բեր կարդամ իմանամ։ - Իսկ դու չգիտե՞ս, մեծ կնիկ ես, չես հասկանո՞ւմ, որ անձնագրից առաջ ծննդյան վկայական են ունենում, երեխան էլ որ ծնվում է, իր ծնողներն են անուն դնում, եթե լավ անուն չեն իմանում, իրենց հարեւան Ավետիքին խնդրում են, որ մի լավ անուն դնի, Ավետիքն էլ ասում է` Մհերը լավ, հայկական անուն է, դրեք Մհեր։ Մայրը պատուհանը փակել է, որ Մհերիկի զավզակ-զավզակը չլսի։ Իսկ Մհերը անձկությամբ նայել է հորը` հը՜... Հայրն ասել է.
- Բան չունեմ ասելու։
Մեքենան գիրթ արգելակեց։ Հաստատ Գրիշիկն է` Կամոյի վարորդը։ Արագությամբ մոտենում է զորանոցին ու վերջին մետրի վրա արգելակում։ Դա կոչվում է «Գրիշիկի էֆեկտ»։ Ո՞վ է ձեւակերպումը մտածել, հայտնի չէ, բայց բոլորն ասում են` «Գրիշիկի էֆեկտը»։ Ստացվում է ազդանշանի նման` զորանոցում բոլորը զենքները հավաքում են, ծուռը` շտկում, թաքցնելին` թաքցնում, ծագած վեճը` հետաձգում, եւ հաստատվում է կազմուպատրաստի վիճակ։
Պաշտպանական ցանցով պատած «ՈՒԱԶ»-իկը աղմուկով կանգնեց։ Գրիշիկն արագ մոտեցավ իր ուղղության հետեւի դռանը, բացեց եւ անճոռնի ռեւերանս արեց.
- Խնդրեմ, պարո՜ն Պապաշա։
Պապաշան եկե՞լ է։ Կարո՞ղ է, իրոք, ամերիկյան ոտքերով է եկել։ Ո՜նց էլ լավ է քայլում։ Արի բռնենք, Պապաշային պսակենք։ Հը՞, Պապաշա։ Գրիգորը ե՞րբ է խոսքի տակ մնացել։ Ոտքերը ամերիկյան չեն, բայց կարեւորը ոտքերի վրայի տղան է, իսկ պսակվելու մասին Պապաշան ե՞րբ է ընկերների խոսքը կոտրել, խնդիր չկա։
Ասեցին, խոսեցին։ Գրիգորն այդ ամբողջ ժամանակում աչք էր ածում` Աշոտը չկա։ Ափսո՜ս, Գրիգորի մտքինն ուրիշ բան էր, ուզում էր, որ «արարողությանը» Աշոտը ներկա լիներ։
- Աշոտը գնացել է Գեւորգի ընտանիքի համար անտառից փայտ բերելու,- ասաց Ավետիքը։ - Բան կա անելու` մենք կանենք։
Գեւորգը վաշտի զոհված տղաներից է, սպանվել էր Գրիգորի վիրավորվելուց մի շաբաթ անց, Գրիգորն, իհարկե, լսել էր, պատմել էին, բայց Գրիգորը ընդհանուր իրենց տխրությունը չէր կիսել վաշտի տղաների հետ։
- Սափ տղա էր, սրտումը ո՛չ վախ ուներ, ո՛չ չարություն։
Գեւորգի նման կռվող տղա վաշտում, ի՜նչ վաշտ, ամբողջ Ղարաբաղում, քիչ կգտնվի։ Դասակը ծուղակի մեջ պիտի ընկներ, համարյա ծուղակի մեջ էր, դասակի տղաները պարզ տեսնում ու սպասում էին Գեւորգի հրամանին։ Կողքի թեւը առանց իմաց տալու նահանջել էր։ Մյուս կողքը անմատչելի զառիթափ էր, թուրքի տանկը անցել էր արդեն թիկունքը, վիճակն անփրկելի էր։ Գեւորգը մտքում հաշվել է` տասը րոպե ժամանակ ունեն։ Գեւորգը տղաներին հրամայել է` նահանջե՜լ։ Տղաները ցանկացել են առարկել, Գեւորգը գոռացել է.
- Բոլորիդ գնդացրի տակ կտամ։
Տղաները ենթարկվել են, բայց մինչեւ հիմա էլ իրենց մեղավոր են զգում։
Գեւորգը դիրք է բռնել թեղի ծառի տակ, բարձունքի վրա,- հիմա էդ բարձունքը կոչվում է «Գեւորգի սպանվածը»,- ու տասը րոպե պահել թշնամուն, ուղիղ էնքան ժամանակ, ինչքան որ պետք էր շրջափակումից դուրս գալու համար։ Երեկոյան օգնական ուժեր են եկել, թշնամուն ետ են քշել, հատուկ հաշվել են` ուղիղ քսանվեց թուրքի դիակ են հաշվել։ Թեղու վրա քանի՜ հարյուր գնդակի ու բեկորի տեղ էր մնացել, իսկ Գեւորգի... Մարդու լեզուն պատ չի տալիս ասելու, թե արդեն մեռածի հետ ինչպես են վարվել թուրքերը...
Էսօր-էգուց ձյուն է գալու, իսկ Գեւորգի ընտանիքն առանց վառելափայտի է մնացել։ Գեւորգի կինը եկել է Կամոյին բողոքելու, որ անտառամթերման` արի ու մի ասա` ինչերը... Կամոն գոռացել է` մեքենադ տուր ես բերեմ։ Հենց էսօր էլ տուր։
- Աշոտը հիմա անտառում է, գուցե հիմա եկել է,- ասել է Ավետիքը, հետո ասել է,- Աշոտին հալալ է։
Գրիգորը հպարտացել է.
- Հորը տղան չի՞,- ապա երկու մատը դրել է լեզվի վրա ու զիլ սուլել։
Կամոյի մեքենայից դուրս է ցատկում բոլորովին մատղաշ Մհերը ու վազելով գալիս։ Ո՜նց էլ չէին տեսել մեքենայում։ Կամոն հրաման է տալիս.
- Շարքով կանգնե՜լ, զգա՜ստ։
Գրիգորը նույնպես զգաստ է անում ու զեկուցում.
- Պարո՜ն հրամանատար, խնդրում եմ ընդունել նոր համալրում` Գրիգոր եւ Աստղիկ Մադաթյանների որդի Մհեր Մադաթյանին` որպես հայրենիքի զինվոր։
Տեսարանը ստացվում է թատրոնի պես, բոլորը հուզվում են, Կամոն էլ է հուզվում, սեղմում է Մհերիկին իր մեծ կրծքին, հետո, թեթեւ հրելով, հրամայում.
- Կանգնե՜լ շարքում։
Մհերը վազելով կանգնում է շարքում։
- Բա չնշե՞նք։
- Չխոսե՜լ շարքում։
- Չնշենք, ամոթ կլինի։
- Ամեն օր զինվոր չեն ընդունում, կյանքում մի անգամ է լինում։
- Չասացի՞ շարքում չխոսել։
- Չխոսել, բայց նշենք։
- Ձեռքներս քարի տակ չի։
Կամոն դեմ եղավ` կանոնագրքով չի։ Ցանկացան առարկել, ցանկացան ասել, որ կանոնագրքով 17-ում զինվոր չեն վերցնում, բայց ոչինչ չասին, Մհերիկը բոլորին հատուկ խնդրել է Կամոյի հետ խոսել.
- Հորս հետ ես կխոսեմ, դուք Կամոյին համոզեք։
- Կշնորհավորենք առաջին մարտը,- հաշտվողական ասաց Կամոն, ու բոլորը համաձայնեցին, որ առաջին մարտն էլ կարեւոր է զինվորի կյանքում։
Մհերն այդ ամբողջ ժամանակ` երեսին մի երջանիկ ժպիտ, շառագունած մերթ սրան էր նայում, մերթ` նրան` աշխատելով ոչ մի բան բաց չթողնել։ Զարմանալի նման է հորը, Աշոտի մասին չես ասի, բայց Մհերիկը ոնց որ Գրիգորը` մի քսան-քսանհինգ տարի առաջ։ Գրիգորը ձեռ է առնում.
- Էդքան տարի առաջ դուք ծուլուլը կախ խոխեք էիք։
Ավետիքը առարկեց, Գրիգորը Ավետիքի պատասխանը տվեց.
- Հա, դու կարող ես հիշել, էդ ժամանակ դու վեգի էիր խաղում։
Ստեփանակերտում մեկը կա՞, որ չիմանա տաքսիստ Գրիգորին։ Գրիգոր ասեք` չեն ճանաչի, բայց տաքսիստ Գրիգոր` բոլորն էլ կիմանան, հիմա էլ Պապաշա։
- Ախպեր, առանց փոթ անունի քոնը չի լինում։
- Ես որ տաքսիստ Գրիգոր էի, ձեր հերն ու մերը իրար չէին էլ ճանաչում...
Թե ի՞նչ կապ կա։




«ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ Է»

Խրամատի քեզ պատկանող բաժինը բնակելի ես դարձրել. ավտոմատը դնելու տեղում ավտոմատի ձեւով փորվածք ես արել, պատվարի աջից փոս արել, ոնց որ թե մոխրաման է, որպեսզի ծխախոտի մոռացված մրճեղնը չթափվի կամ որտեղ պատահի թափ չտաս ու կոթունն էլ կոշիկի ծայրով չտրորես, հիմա անսպասելի ուզում ես խրամատի քո բաժինը տան նման անել եւ մոխրաման ունենալը դառնում է խիստ անհրաժեշտություն. գարեջրի մետաղյա բանկայից ձեւավոր մոխրաման ես շինում ու տեղադրում դրա համար հատուկ արված փորվածքում, եւ դու արդեն մի ինչ-որ «դրսում» չես, այլ խրամատի քո հատվածի «ներսում» ես, հողե հատակին ծխախոտի մնացուկն այլեւս ոտքով չես տրորում, դրա համար մոխրաման կա, հողե պատի թացությունը քո մարմնով չորացրել ես, օդի մեջ քո շունչը կայուն ներկա է։ Զինվորի կյանքի մի քանի ամսվա դժվար հատվածում կարոտի, սպասումի, այս ամենի վերջը տեսնելու մտածումների ծյուրանքի` դադարի կարճատեւ միջոցում գլխովդ հազար միտք անցնելու այս նոր սովորությամբ, փորձում ես ժամանակի զգացումը մարել. ժամը քանի՞սը եղավ` նայում ես ժամացույցին, դեռ շա՜տ շուտ է։
Լուսադեմի ցրտին սիրտդ այնքան օղի չի ուզում, որքան մուգ բուրավետ թեյ, քսահո անելով, բերանդ վառելով խմում ես, ու տաք հեղուկը հաճելի լցվում է մարմինդ։ Մարտինը ձեռքերը լայն տարածելով երանելի հորանջում է։
- Բերանդ նեղ բացիր, ավտոմատը կուլ կտաս,- Մանուկը ոնց-որ մարաղ կացած սպասում է, որ մեկը մի բան էնպես չանի եւ ինքն էլ նկատի` ասի։
Մարտինը սրսփաց ու դողոցը պահելու համար բնազդական շարժումով ձեռքերը հավաքեց կողքերին։
Ցուրտը սկսեց կծոտել։ Քո տիրուհերը, Մարտինը մտքում հայհոյեց, ձեռքը տարավ գրպանը, որ ծխախոտ հանի, բայց հիշեց, որ տուփի մեջ ընդամենը երեք սիգարետ կա,- թիկունքի շունշանորդիները չգիտեն, որ եթե զինվորը քաղցած մնա` էնքան չի, ինչքան որ ծխելիք չի լինում, թող նրանք ամերիկյան չհազացնող ծխախոտ ծխեն, ծխեն ու խեղդվեն, գոնե մեզ համար հասարակից բերեն, արդեն որերորդ օրն եղավ, հարցնում ես եւ նույն պատասխանը ստանում` բեռները տեղ չեն հասել։
Ցուրտը թափանցում է ոսկորներդ, մատներդ սառչում են, եթե հանկարծ թուրքը երեւաց, ավտոմատի ձգանը չես կարողանա քաշել` մատներդ էնպես փետացել են։
Ցրտից անտանելին ծանրացող քունն է։ Քեզնից անկախ սկսում ես խրամատի հողե պատին հրմշտվել եւ այդպես զբաղմունք ես գտնում, որպեսզի քնին խաբես ու չքնես, մինչեւ լուսանա ու հերթափոխը գա։ Ոտի վրա ո՛չ արթուն ես, ո՛չ քնած. միտդ այնպիսի բաներ են գալիս, կարծես հատուկ հիշված։ Տղերքով հատուկ գնացել էին չեխական գարեջուր խմելու։
Քաղաքից դուրս է եղել, թանկ վաճառվող, բայց մշտական լինող մի խորովածանոցում։ Բուֆետի վարիչը, հիմա արդեն դասակի հրամանատար, լավ էլ կռվող տղա է, հիմա է խոստովանում, որ գարեջուր կար, բայց քաղկոմից զանգել էին, որ Բաքվից հյուրեր պիտի գան։
Հիմա լիներ ու Բաքվից հյուրեր գային, որպեսզի ոնց-որ պետք է հյուրասիրեն բաքվեցի հյուրերին։ Ինչով որ պետք է։ Իսկ իրենք ո՜նց էին ուզում գարեջուր խմել. սրանից հինգ-վեց տարվա ցանկությունը կարծես էսօրվա լինի։
Բորբոքված միտքդ մի բանից ցատկում է մյուս բանը, սրտիդ ուզածը դառնում է շոշափելի իրողություն։ Օրվա մեջ մի քանի անգամ գնում ես տուն։ Տանը վառարանը պլպլում է, դու ես եւ ընտանիքիդ քո հարազատները, կարող ես ձերոնց հարազատության պայմաններում նույնիսկ տակի շորերով մնալ։ Փոքրին առնում ես գիրկդ, մեծին նստեցնում ես ծնկանդ, կինդ երջանիկ գրկում է պարանոցդ ու տաք կրծքերի հպումը դառնում է անպատմելի երանություն։
- Դա՜-դա՜-դրա՛խկ, դա՜-դա՜-դրա՛խկ, դրա՜խկ-դրա՜խկ...
Կալաշնիկովը ճարճատում է, տեսիլքը ցնդում է ու մնում ես դու ու մեկ էլ կիլոմետրից պակաս հեռավորությամբ շունշանորդի թուրքը, որ չի թողնում մտքիդ երեւացածն անգամ ավարտես։ Դե հիմա դու էլ իմ պատասխանը լսի, ձեռքդ տանում ես ավտոմատին, բայց մեկ էլ մտածում ես` չարժե անիմաստ գնդակ բաց թողնել։ Նորից լռությունը իջնում է չորսբոլորը, եւ Մարտինը փորձում է մտքով վերականգնել քիչ առաջվա պատկերը ու չի հաջողվում։ Ոնց-որ բնակալը կորցրած հավ, խրամատի նեղվածքներում մի տեղ չի գտնում, որ հանգիստ կանգնի։

***

Էլի շունշանորդիները ուշացան։ Մի անգամ լինի, որ արվելիքը ժամանակին արվի, մի կտոր քարթու հացը ժամանակին բերեն, որ եթե ուզենաս մեկի գլխին զարկել, լինի, որ զարկես։ Թեյը տաք լինի` ուզածներս շատ չի, օղի չենք ասում, որ սառած մարմիններիս արյունը խաղա։ Մի անգամ լինի, որ կարողանաս նախաճաշից հետո գոտիդ կերած-կշտացած փորով պատ բերել։ Ականջիդ տակով գնդակը սվսվալով անցնում է, ու զզվանքից փշաքաղվում ես, մի քանի քայլի վրա արկը պայթում է, ու մի ժամ հազում ես, թքում, մինչեւ բերանդ ու կոկորդդ լցված փոշին ու քռեճը` թքես դուրս։ Երեք օրով ուղարկում են պահակակետ, բայց իրենք էլ գիտեն, դու էլ գիտես, որ եթե մի շաբաթից հետո փոխարինող գա` լավ է։ Աչքից հեռու, խղճից հեռու։
Նայում ես ժամացույցին. նախաճաշի ժամը վաղուց անցել է, իսկ ճաշի համար դեռ շուտ է, այդ վիճակի անունը Մանուկը արդեն դրել է` ճաշի եւ նախաճաշի «համատեղում»,- Մանուկի մեռնելու օրը չի, որ լեզվի կապը պահի, դրա համար էլ կարմիր դիպլոմով ինժեները զգաստ կանգնում է վաշտի հրամանատար Վրեժի առաջ, Վրեժն ասում է` հրամանը կրկնել, եւ Մանուկը լավ հիշողությամբ բառ առ բառ կրկնում է հրամանը, իսկ իններորդի կեսից դուրս եկած Վրեժը լաղ անելով ասում է` ափսո՜ս, լավ կռվող ես, թե չէ կաշիդ թառ էի տվել։
Հեռադիտակով լավ երեւում է, հեռադիտակով տեսնում ես, որ շանորդի թուրքերը` թուրք է, ազերի է, ադրբեջանցի է, չկարողացան իրենց համար մի անուն ջոկել, որ համ սազական լինի, համ էլ կրկնված չլինի,- բայց ինչքան տնազ անես` օբոզի գործը նրանց մոտ լավ է կազմակերպված, ամեն առավոտյան կանաչավուն ֆուրգոն մեքենան գալիս է եւ թուրքի պահակակետում անմիջապես աշխուժություն է առաջանում։ Մեզ համար մի բաժակ տաք թեյը դառնում է երանելի նպատակ։ Ջղայնությունից ձեռքդ տանում ես գրպանդ ու նորից հիշում, որ ընդամենը երեք սիգարետ է մնացել` ծխախոտ կբերեն, չեն բերի` հայտնի չէ ու տուփը ետ դնում ես գրպանդ այն սուտ բացատրությամբ, որ քաղցած փորին ծխելու ոչ ցանկություն կա, ոչ էլ մի ուրիշ պատճառ կա։
***
Ռացիան միացնում ես ու ռացիայում թուրքը մեզ է կանչում` հայի, մենք նրանց մոլլա ենք ասում, նրանք մեր կաթողիկոսի անունով մեզ Վազգեն են ասում։
- Վազգե՛ն, Վազգե՛ն, Վազգե՛ն...
Քո հոր գլխատակի քարը պրանեմ, ի՞նչ է եղել։ Մարտինը «Ալինկոն» մոտեցնում է բերանին.
- Մոլլա, մոլլա, մոլլա։
- Վազգե՛ն, լա՞վ ես լսում ես։
- Ոնց որ քեռակինդ ծնկիս նստած ականջիս խոսի։
Թուրքը մի պահ լռում է` չի իմանում շարունակի, թե լռի, բայց խոսքի տակ չմնալու համար նորից հարց է տալիս.
- Որ լավ ես լսում ես, էսօր ի՞նչ ես կերել ես, եթե ռազմական գաղտնիք չի։
- Հարեւանը հարեւանից ի՜նչ գաղտնիք. մոլլա, որ ասեմ երեք հոգուն մի-մի հինդուհավ են տալիս, փորն էլ ախտայով-բանով լցրած, չես հավատա ու ճիշտ էլ կանես, որ չհավատաս։ Իսկ որ ասեմ կարագով-խավիարով, կաթ ու կակաոյով նախաճաշ ենք արել` սուտ է ու սուտ։ Տակին ի՞նչ մնաց, մոլլա, տակին մնաց ամեն օրվա մի բաժակ քաղցր թեյը, մի քիչ պանիր, երեք հոգուն մի տուշոնկա Ամերիկայից ուղարկած, մոլլա, երեւի լսել ես Ամերիկայի մեր հարուստ հայերի մասին, նրանց ուղարկած տուշոնկան է եւ մարդա երեք հարյուր գրամ հացը։
- Ասա կուրորտ եք եկել, Վազգեն։
- Քո ձեռառածի նման կուրորտ չէ, բայց պինդ պիտի ուտենք, որ կարողանանք Աղդամից ներքեւ` Բարդային մոտամոտ մեր դիրքերից Եվլախի էն կողմերից եկած ձեր դիրքավորվածների հետ ռացիայով խոսել։
- Վազգեն, հիմա էլ ես ասեմ, դու մատդ ծալիր։ Որ տեսնես ձեռքիդ մատները չեն հերիքում, ոտիդ մատները հաշվիր։ Կյանքումդ օսետրինա կամ բալըգ կերած կա՞ս։ - Ինքը հարցնում է, ինքն էլ պատասխանում.- Կլինես, ղարաբաղցի ո՞ր հայը չի Բաքվում ընկեր ու բարեկամ ունեցել։
- Մոլլա, ճիշտը լավ է, բալըգ, օսետրինա չեն տալիս, բայց երբեմն իշխան ձուկ տալիս են։ Լսած կա՞ս Սեւանի իշխան ձկան մասին։
- Երբ օսետրինա չի լինում, կարելի է իշխան էլ ուտել։
- Կարդացած չես, մոլլա, որ կարդացած լինեիր, կիմանայիր, որ Չերչիլը կյանքում իշխան է կերել ու հայկական կոնյակ խմել։
- Որովհետեւ Չերչիլը մեր օսետրինայի համը չի իմացել։
- Ճիշտ է, Չերչիլը անգրագետ էր, չէր իմացել Կասպից ծովի տեղը, Էլչիբեյն իմացել է Սեւանի տեղը ու խոստացել է Սեւանում լողանալ։ Որ Էլչիբեյին հանդիպեք, մեր կողմից բարեւ կանեք։ Մարդն ուզում էր Ստեփանակերտում խորոված ուտել, Շուշվա Ջիդիրդուզի հովին թեյ խմել Շուշվա մաքուր օդերում։ Աչքներս ջուր դառավ չեկավ։
- Հոսանք չունեք, հեռուստացույց չեք նայում, չեք իմանում, որ հիմա մեր նախագահը Հեյդար Ալիեւն է։ Գուցե, Վազգեն, բարտեր անենք` ես օսետրինա ուղարկեմ, դու էլ` իշխան։ Հարեւան չե՞նք։
- Մոլլա, իշխանը ուշ-ուշ են տալիս, միայն տոն օրերին։ Պիտի սպասես մինչեւ մայիս։
- Մայիսի մե՞կը, դուք մայիսի մեկը դեռ նշո՞ւմ եք։
- Չէ, մայիսի 9-ը։
- Հաղթանակի օ՞րը։
- Հա, մոլլա, հաղթանակի օրը, ոչ թե 1945-ի հաղթանակի, այլ 1992-ի, երբ Շուշին ազատագրեցինք։
Ռացիան էստեղ անջատվեց ու մնացինք ես, Մանուկը եւ Անուշավանը, որ ամբողջ ժամանակ մարմանդ ժպտալով լսում էր։

***

Կեսօրն անց Վրեժը մի անծանոթ զինվորի հետ եկավ։ Մանուկը չդիմացավ.
- Դու ես եկել, որ չխոսե՞նք։
Վրեժը կարծես չլսեց եւ իր հետ եկած զինվորին կարգադրեց.
- Դրանք կանոնավոր դասավորիր էնտեղ,- ու ցույց տվեց խրամատի լայն բացվածքում խամ տախտակից սարքած դարակի նմանին։ Զինվորը ճարպիկ գործի անցավ. նայում ես ու աչքերիդ չես հավատում. մոռանում ես դժգոհություններդ, ուտելիքի հոտերից գլուխդ պտտվում է. իսկական տնականի նման ռուսի բորշչ, խոզի մսի հետ տապակած սոխ ու կարտոֆիլ։ Մի շիշ օղի։ Ֆիլտրով շատ սիգարետ։ Թարմ բոքոններ։ Շատ քանակությամբ տավարի մսից պահածոներ։ Մի խոսքով` կեր, խմիր, քեֆ արա։ Մի ոտ շուտ բերեիք, որ շանորդի թուրքի պատասխանը կարգին ապսպրեինք եւ ոչ թե ազգային նկատառումներով դեզինֆորմացիա կազմակերպեինք։ Ճիշտ է, ամեն ինչ լավ ստացվեց, մի լավ քաղպարապմունք կազմակերպեցինք, բայց էն չի, էլի։
Անուշավանը բաժակները օղի լցրեց ու բոլորիս համար անսպասելի ասաց.
- Էստեղ մի ք... կա։
Վրեժը դանակի պես կարողանում է կտրել ու դանակի պես կտրեց.
- Շատ ես խոսում։
Բաժակները լուռ վերցրինք ու սովորության համաձայն ուզում էինք խփել իրար, Վրեժը կանխեց.
- Խփել պետք չի։
Հարցական նայեցինք նրան։
- Հովիկը... - Վրեժի շրթունքը նյարդային ծռվեց եւ որպեսզի կարողանա խոսքն ավարտել, օղին մի կումով խմեց եւ փոքր դադարից հետո ասաց.- Հովիկին գերի են վերցրել։ Անցած գիշեր։ Պիտի թուրքի հետ փոխենք։ Կենդանի, թե...
- Հը՞... մմ,- Մանուկը բարձրացավ, մլար նայեց Վրեժին։ Բաժակը ափի մեջ չրթաց։ Մանուկը բաժակի կտորտանքը նետեց խրամատից դուրս։ Նայեց՝ շիշը դատարկ էր։ Մարտինը իր չխմածը հրեց Մանուկի կողմը։ Տիրեց ծանր, հայհոյված լռություն։
- Հանգիստ, հանգիստ,- ոչ ոքի չնայելով ասաց Վրեժը։ - Սրա...- հետեւից եկող խոսքերը մի կերպ կուլ տվեց եւ արդեն հանդարտված, հրամանատարի ձեւով ասաց.- Մանուկ, դու, վարպետ Անուշավանը եւ Ձախ Կարոն, լսած կլինեք, թուրք գեներալին ինքն է գողացել, գիշերս պիտի մտնեք թուրքի թիկունքը։ Թուրք պիտի բերեք, որ Հովիկի հետ փոխենք։ Ահա քարտեզը,- Վրեժը քարտեզը փռեց,- կարմիր դիպլոմ ես ստացել,- առանց Մանուկի կողմը նայելու ասաց Վրեժը,- ուսումնասիրեք, վարպետ Անուշավանը էս կողմերում շատ է աշխատել, թուրքի հավաբներն էլ գիտի,- մի պահ դադար տվեց եւ հրամանի թե խնդրանքի պես ասաց.- Առանց թուրքի չգաք։ - Ապա դառնալով Մարտինին ասաց՝ մինչեւ մի երկու ժամը հերթափոխ է գալու։
- Ես մնալու եմ, մի երկու-երեք հոգի ուղարկի։
... Դասակի տղաները տանկի պաշտպանությամբ առաջ էին գնացել ու չէին նկատել, որ թուրքը դարան է սարքել, թուրքը դարանից անսպասելի խփում է ու առաջինը տանկին շարքից հանում։ Սկսում են ականանետերից ու դարանում թաքցրած տանկից խփել։ Հետո ավտոմատներից են ճռռացնում։ Տղաները պառկում են ու չեն կարողանում ոչ ետ ու ոչ էլ առաջ շարժվել։ Արկը պայթում է Հովիկին շատ մոտ։ Չիմացան վիրավորվեց, թե ոչ, բայց կոնտուզիան հաստատ էր։ Ով կոնտուզիա է ունեցել, գիտի, թե ինչ անտանելի բան է. գլուխդ մթնում է, քայլում ես` չիմանալով ուր ես գնում, ինչու ես գնում։ Երբ մերոնք փորսող տալով սկսում են նահանջել, մեկ էլ Հովիկը կանգնում է ու վազելով գնում թուրքի կողմը։ Ինչքան գոռում են, հնար չի լինում ուշքի բերել։ Տղան գերի է ընկնում։ Գերի է ընկնում, թե մի ուրիշ բան է լինում, ոչ ոք չի իմանում։
- Երեխային կտանջեն,- Անուշավանը թքեց ոտքերի արանքում, ծխախոտը գցեց թքածի վրա ու սկսեց տրորել։
- Սիրտը գուշակում էր. քանի անգամ էր ասել` լավ է սպանվեմ, քան գերի ընկնեմ։
- Կտանջեն,- մռայլված կրկնեց Անուշավանը։
- Էնպիսի թուրք պիտի վերցնել, որ իրենք խնդրեն փոխանակել։
- Դա արդեն մեզնից է կախված։
- Էս գործը որսի նման բան է` կարող է հաջողվել, կարող է չհաջողվել։ Տղայի բախտը,- առաջին անգամ խոսեց Ձախը։
Մանուկը համառեց.
- Որ շատ ուզենանք` կլինի։
Անուշավանը բորբոքվեց.
- Ո՞վ չի ուզում, կարո՞ղ է մեզնից մեկը չուզենա։
- Ուզել էլ կա, ուզել էլ։ Էնպես պիտի ուզենանք, ոնց որ քո ախպերն է կամ ավելի հարազատը։
- Ավելի հարազատը սեփական երեխան է։
- Հովիկը բոլորիս երեխան է։
- Ասելը հաշիվ չի։
 - Ի՜նչ ես գլխիցդ խոսում, կարո՞ղ է մեկի վրա կասկածում ես` սկսած Վրեժից։
- Ես իմ խոսքը ասացի,- Մանուկը զրույցը չշարունակելու համար տեղից բարձրացավ.- Գնամ աչքս փակեմ։
Երբ Մանուկը հեռացել էր, Մարտինը Ձախին բացատրեց.
- Սումգայիթից է, եղբորը սպանել են, Հովիկի տարիքին էր, ու ասում է` շատ նման է, Հովիկին եղբայր է վերցրել։

***

Վրեժի հերթափոխը «մի ժամից կլինի»-ն եղավ կեսօրն անց։ Մարտինին ասացին` կարող ես գնալ, Մարտինը ասաց` էս գիշեր մնալու եմ, բացատրեց` ո՞վ գիտի, կարող է պետք գամ։ Տղաները ակնարկը հասկացան, որ եթե հանկարծ մարտի մեջ մտնեն, երեքից լավը մարտը չորս հոգով ընդունելն է։ Մարտինը տղաներին իրենց անելիքները ապսպրեց, ինքը գնաց աչքը կպցնելու։ Գլուխը ծանրացել էր, անցած քսանչորս ժամում երեք ժամ կամ քնած լինի, կամ չլինի, եթե ականջներում զնգոց է գալիս, էս էլ նոր մի բան է, ուրեմն շատ է անքուն։
Անուշավանն ու մյուսները արդեն հանգստանում էին։ Գիշերս նրանց գործը շատ է լինելու ու ծանր է լինելու, մինչեւ քնելը մտածեց Մարտինը, գիշերս կարող է մորից նոր ծնվեն կամ... այս միտքը չշարունակելու համար շրջվեց մյուս կողքին, որ քնի։
... Մեկը կամաց, բայց հաստատակամ ասաց` վեր կաց։ Նորից կրկնեց, հետո կոպիտ հրեց կողքին։ Մանուկն է, ո՞վ պիտի լինի, Մարտինը տեղից վեր թռավ, երեխայի պես աչքերը տրորեց ու մեղավոր ժպտաց։ Ոտի կանգնեց, իրեն շաղահարեց եւ արդեն լրիվ արթուն է։ Անուշավանն ու Ձախը վերջին ծխախոտն էին ծխում։ Գնալուց առաջ։ Դանդաղ ծխում էին, որ այդպես մի քանի վայրկյան հաճույքը երկարեցնեն։
- Եթե հանկարծ մարտի մեջ մտնենք, մեզ թիկունքից ծածկեցեք, աշխատեք աջ խփել, որ կարողանանք ձախից մտնել։
- Ավելի լավ է սուսուփուս։
- Էդպես ավելի լավ է,- համաձայնեց Մանուկը,- ամեն ինչ պետք է նախատեսել։ Մեզ սպասում եք առավոտյան հինգի կողմերը, ազդանշանը կանչ հրթիռն է։ Եթե այսօր չեկանք, սպասեցեք հաջորդ օրը նույն ժամին։
Գնացողներն ու մնացողները զուսպ սրտառուչությամբ ողջագուրվեցին` բռունցքով իրար մեջքի խփելով։ Դրանից պրկված նյարդերը թեթեւանում են։ Անուշավանը երեսը խաչակնքեց, Մանուկն ասաց` իմ տեղակ էլ, Ձախը նկատողություն արեց` դրա ժամանակը չէ։ Չիմացվեց` խաչակնքելո՞ւ, թե՞ կատակելու։ Գնացին։ Մի որոշ ժամանակ լսվում էր գնացողների ոտնաձայները, հետո ամեն ինչ լուծվեց խավարի ու լռության մեջ։
Վրեժը ասաց` գիշերային հեռադիտակ կուղարկեմ ու չուղարկեց։ Հիմա շատ պետք եղավ, երկար ժամանակ կհետեւեին գնացողներին։ Անուշավանի ասածի պես` գուցե լավն էս է։ Մարտինը նայեց ժամացույցին` տասներկուսն է, մի քիչ ավել։ Մարտինը մտքում ասաց` տե՜ր աստված։
Պահակակետում մնացին չորս հոգի։ Երեք հոգի եւ մի նորելուկ` երեւի տասնութը հազիվ լրացած։ Երեխա։ Հովիկը արդեն երեխա չի, Հովիկն արդեն տարիուկես կռվում է, իսկ սա ականջները սրած նապաստակի պես ամեն չրթոցի արձագանքում է։ Ամբողջ կյանքում էս օրը հիշելու է։ Եթե ապրի` հիշելու է, չգիտես ինչու դաժանացավ Մարտինը, մի քանի օրից հետո, վաղը արդեն տղամարդ է լինելու։ Մարտինը դառնացավ. սրա թել սանրելու ժամանակն է, բայց պիտի զենք բռնի, որ թուրքին սպանի։ Զինվորի համար կարեւորը սա է։
Երեխա... Վերջին սեանսին կինո է գնում ու կեսգիշերն անց գալիս տուն, մայրը դիտողություն է անում` կինոն վաղուց է վերջացել, տղան գրկում է մոր ուսերը ու երջանիկ ժպտում, եւ մայրը հասկանում է, որ տղան սիրահարվել է։ Հիմա եկել է պահակակետ ու չի կարողանում իրենից թոթափել ներքին լարվածությունը։ - Երեխա է,- մտքում կրկնեց Մարտինը, իսկ Հովիկն արդեն զինվոր է։ Չնայած հասակակիցներ են։ Նույն տարիքի կլինեն` մի քիչ դես, մի քիչ դեն։
Մութ, դավադիր լռություն է։ Ժամանակը սահում է ծանր։ Մարտինը սկսեց մտքում հաշվել, հասավ վաթսունին, նորից սկսեց մեկից։ Նայեց ժամացույցին` քո տիրուհերը, հազիվ մի քանի րոպե է անցել։ Կարո՞ղ է... Լռությունը վերստացավ, եւ Մարտինը հասկացավ, որ ժամապահի պրոֆիլակտիկ կրակոց է։
Ժամի չափ անցավ, եւ պահակակետում համոզվեցին, որ տղաները հաջող մտել են թուրքի թիկունքը։ Մարտինը փոքրիկ լապտերով լուսավորեց ժամացույցը ու մտքում հաշվեց` մինչեւ հինգ-չորս ժամից քիչ պակաս կա։ Մարտինը ցանկացավ գնալ մի քիչ ննջել, գնաց ու եկավ եւ իրեն փոխարինած նորելուկ տղային, որի անունը ցերեկը ասել էին, բայց չէր հիշում, ասաց.
- Բան ջան, դու գնա հանգստացիր։
Գիշերը հազվադեպ լուռ է, ոչ մի չրթոց, թեկուզ նախազգուշական մի կրակոց լինի, կամ մոլորված մի թռչուն կռնչա։ Մարտինը փորձեց մի բանի շուրջ մտածել, որ ժամանակն աննկատելի դառնա, բոլոր մտքերը գալիս պտտվում են Հովիկի շուրջը։ Լավ հայր ուներ, ընտիր խառատ։ Առողջ, պինդ տղա էր, սրտից մահացավ։ Նրանից մի Հովիկ է մնացել։ Երեւի մայրը էս ժամին քնած լինի։ - Արթուն կլինի, չէ, արթուն կլինի,- համոզված ասաց Մարտինը։
Հեռվում, թշնամու խոր թիկունքում խուլ պայթյուն լսվեց։ Կարո՞ղ է մեր տղաներն են` անհանգիստ մտածեց նա ու մեկ էլ վանեց, հետախույզի գործը անկրակել աշխատելն է։
Ոնց էլ ասում ենք` աշխատել։ Ոնց-որ տուն ես կառուցում կամ էդպիսի մի բան ես անում։ Կռվողի գործը շինածը քանդելն է, կենդանի, ապրող մարդուն սպանելը։ Չես էլ իմանում ում ես սպանում, անծանոթ այդ մարդկանց անունը թշնամի է, թուրք, որին չպիտի խնայել, որովհետեւ ինքն էլ քեզ չի խնայում։ Ի՜նչ կլինի սրա վերջը...
Հորիզոնի պռունկն աննշմարելի պարզեց` լուսադեմը մոտենում է։ Մարտինը արդեն քանիերորդ անգամ նայեց ժամացույցին` հինգին քիչ է մնացել։ Մարմնով մի հոսանք անցավ` լարվեց, հոգնածությունն անցավ, լարված նայեց թշնամու դիրքերի ուղղությամբ։
Նյարդերը գունդուկծիկ էին դարձել, նայեց շուրջը` չէր նկատել, թե մյուսները ինչպես էին բռնել իրենց դիրքերը։ Լրացավ ժամը, հետո սկսեց արագ-արագ անցնել. թշնամու ուղղությամբ ոչ մի շարժում։ Հորիզոնը սկսեց բացվել։ Չկան։ Արդեն լույսը բացվել է եւ հույս չկա, որ կգան այսօր։ Ոչ ոք տեղից չի շարժվում։ Ռացիայում լսվեց Վրեժի ձայնը.
- «Կամո՛ւրջ», «Կամո՛ւրջ», «Կամո՛ւրջ», ինձ լսո՞ւմ ես։
Մարտինը փորձեց պատասխանել, բայց կոկորդից ոնց որ ջրով լի շիշը շրջես։ Հազաց մի քանի անգամ ու նոր միայն ասաց.
- Ես «Կամուրջն» եմ, ես «Կամուրջն» եմ...
- Ոչինչ չկա՞։
- Ոչինչ չկա։
- Լավ չլսեցի, նորից կրկնիր։
Մարտինը կրկնեց։ «Ալինկոյի» մեջ հայհոյանքի միայն առաջին մասը լսեց, Մարտինը ռացիայի բերանը արդեն փակել էր, նա ծեծվածի պես ջարդված գնաց պառկելու։ Քնեց ծանր, մղձավանջային քնով։
Իսկ երեկոյան ռազմաճակատային ամփոփագրում արձանագրվեց. «Երեկ եւ այսօր առավոտյան ռազմաճակատում հարաբերական հանգիստ էր»...




ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՑԱԾՐ

Օպերատոր Ժորիկը մի համակրելի երիտասարդի հետ ներս է մտնում։ Իրոք համակրելի։ Դրա համար էլ նկատվում է ներս մտնելը։ Աղջիկները չեն կարողանում հիացմունքը պահել` ջահել, սիրուն, պինդ։ Հողմահարված դեմքը առնականություն է ներշնչում։
Ծանոթացանք, խոսեցինք։ Ավելի շատ օպերատոր Ժորիկն էր խոսում, իսկ Ռուբիկը երբեմն-երբեմն բարեհոգի ուղղում էր՝ մեղմելով նրա սովորաբար ժլատ, բայց այսօր անսպասելի շռայլ խոսքերը։
Մի քիչ խոսեցինք, հետո Ռուբիկը ոտքի ելավ, ասաց` հանդիպում ունեմ, ես էլ չպահեցի, ռազմաճակատի օրվա ամփոփագիրը պետք է ներկայացնեինք Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի ստորագրության։
- Վաղը առաջին գիծ ենք մտնում,- սեղմելով ձեռքս՝ ասաց Ռուբիկը։
- Անփորձանք լինի,- ասացի ու խնդրեցի, որ ամեն գալուց անպայման հանդիպի։
- Առանց դուռը ծեծելու ներս մտիր,- ու նայելով աղջիկներին, ավելացրի.- Աղջիկներն էլ դեմ չեն։ Աղջիկները ճռվողեցին ու այդ ճռվողյունի ուղեկցությամբ Ռուբիկը հրաժեշտ տվեց։
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ամիսներ անց։ Ներս մտավ ոնց որ թե ծանոթ մի երիտասարդ։ Ճիգ արեցի, որ տեղը բերեմ, Ռուբիկը հիշեցրեց.
- Էն որ Ժորիկը ծանոթացրել էր։
- Էնքան էլ ուշ ես երեւում, պիտի մոռանայի,- ասացի, աթոռ առաջարկեցի, ծխախոտի տուփը մոխրամանի հետ հրեցի Ռուբիկի կողմը, մի հատ էլ ես վերցրի։
Խոսեցինք երկար։ Խոսեցինք ամեն բանից, դժվարություններից, հոգսերից, անարդարություններից։ Մեկ էլ «մեր գործից»։
- Կռիվը վերջանա, կարող է չմնամ,- դժվար, ծանր զրույցի ավարտին ասաց Ռուբիկը։
Չեմ ուզում հավատալ Ռուբիկի խոսքերին։ Ուզում եմ հավատալ նրա կյանքին, ավելի ստույգ` նրա ջահել կյանքի 88-ից էս կողմ` անողորմ ու դժնի, հուսախաբության ու պայծառացման, մաքառման, սկսածը մինչեւ վերջ տանելու համառությամբ լցված տարիներին։ Այս բառերը պատահական կամ սիրունության համար կողք-կողքի շարված բառեր չեն։ Դրանք իրենք իրենց անճիգ տեղադրվում են նրա կենսագրության մեջ։
Ռուբիկը դժկամությամբ է հիշում Սումգայիթի օրերը։ Չնայած հետո եկած օրերն էլ դժվար, ծանր են եղել, բայց այդ դժվար, ծանր օրերը ուրիշ են. եթե ուժդ չի պատում, ուժդ էլի ես լարում կամ մեկից մի օգնություն ես սպասում։ Իսկ էն օրե՜րը... Հնարավոր չի հարմար բառեր գտնել, որպեսզի հնարավոր լինի բացատրել այն վիճակը, երբ մարդ դառնում է երեխայի նման անպաշտպան, միտքն էլ է կաշկանդվում, կամքն էլ։ Էսքանը էլի բառեր են ընդամենը, իսկ զգացածը ուրիշ է։
Ասել են՝ գլխավոր հրապարակում հանրահավաք է։ Ընկերների հետ` ռուս, ադրբեջանցի, ինքը գնացել են հրապարակ։ Պարզ հետաքրքրության համար են գնացել։
«Անխախտ եղբայրությամբ» սնուցված Ռուբիկի ուղեղի համար հրապարակում տեղի ունեցող դեպքերը հակացուցվում էին։ Տեսածը եղել է վատ երազի պես։ Իսկ հրապարակում գլուխը խուզած ադրբեջանցի կինը` արտասուքը աչքերին, կուրծքը ծեծում էր, մուսուլման կնոջն անվայել մերկացրած կուրծքը ծեծում էր, եւ պահին հարմար ու ազդեցիկ ողբաձայն կոծում.
- Ահա տեսե՜ք Ստեփանակերտում ինչպես են մուսուլման կնոջը անպատվում։ Հայերը մեզ ծաղրում են, թալանում են, մեզ մեր տնից հանում են։ Ալլա՜հ, ալլա՜հ... - Ու խփում է մերկ կրծքին։
Տեղահան արված ժողովուրդը ալիք էր տալիս.
- Մա՜հ հայերին։ Սպանեե՜լ...
Հայը ինքն էր, իր ծնողներն էին, երկու քույրերն էին, իր ավագ եղբայրն էր, Սումգայիթ քաղաքը կառուցած հայերն էին։
Ռուբիկը բնազդաբար դուրս եկավ ամբոխի միջից։

Ես գնամ տուն,- դողացող ձայնով ասաց Ռուբիկը, իսկ ռուս եւ ադրբեջանցի ընկերները փորձ էլ չարին ուղեկցել իրեն։ Երեւի վախեցան։
Նա մտքում մտածեց, որ կարող է ինքն էլ նման ձեւով վարվեր։ Ուզեց արդարացնել։ Ժամը վտանգավոր էր, բարձր զգացումի տեղը չէր։ Գուցե ես էլ նույնպես վարվեի՝ կրկին փորձեց արդարացնել, սակայն առավելության մի զգացում բարձրացավ ներսում` ես դա չէի անի։ Հաստատ։
Երբ վերադառնում էր տուն, ճանապարհին տեսավ արնաշաղախ հայերի, շուռ տված ավտոմեքենաների, շուրջկալի մեջ առած ուրիշ հայերի, որոնց խոշտանգում էին, պղծում։ Տեղի էր ունենում Սումգայիթ...
Նազարյանների ընտանիքը` տունուտեղ շան բաժին արած, հասավ Ստեփանակերտ։ Հանրակացարանում ժամանակավոր տեղավորեցին եւ կարեկցանքով ու զգացված խոստացան «առաջին իսկ հնարավորության դեպքում» բնակարանային խնդիրը լուծել։ Վեց տարի է անցել։ Վեց տարի առաջ խոստումներին Ռուբիկը հավատում է, հիմա ասածներին չի հավատում։ Վեց տարվա ընթացքում Ռուբիկը անցավ արցախյան ազատամարտի ծանր ճանապարհը,- նայում են աչքերիդ` դու չկաս, քեզ չեն տեսնում, դու ստվերի պես աննյութական սահում-անցնում ես, լսում են արդար զայրույթդ, բայց զգում ես, որ դու աներեւույթ գոյություն ես նրանց համար,- ահա այսպես անկրակ կիզվում ես անտարբերության տապակնոցում... թե փախստականն էլ մարդ է...
- Ինչքան էլ պատմես, ոչ մի բան չի փոխվի, հիմա պիտի կռվենք։ Մինչեւ հարցը լուծվի։ Մնացածը հետո...

***

Ղարաբաղցին իր մասին հոգնակի է խոսում, համեստ ասում է.
- Տանկի վրա ենք աշխատում։
Կամ` հետախույզ ենք աշխատում։
Այսինքն թե` մենակ ինքը չէ, ընկերներով։ Ասում են` աշխատում ենք, ոնց որ առավոտյան նախաճաշ ես անում ու գնում ամեն օրվա գործիդ, անասունը հանդ ես տանելու, ավտոմեքենան գործի ես գցում` նախօրոք վերցրած ուղեգրով պիտի գնաս հեռավոր ուղերթի։ Հիմա էլ ավտոմատը առնում ես, գնում պահակակետ, տանկը տանում ես ելման դիրք, նռնականետը ուսիդ դրած սպասում ես սողացող թշնամուն։ Աշխատում ենք...
Ահա այսպես Ռուբիկը աշխատում է ֆագոտի` տանկիստի ահուսարսափի վրա։
- Որ եկել էի ֆագոտ գրվելու,- պատմում է Ռուբիկը,- ֆագոտից ոչ մի գաղափար չունեի։ Ասել են` հաշվարկի հրամանատար ես աշխատելու։ Հրամանատար` երեւի նրա համար, որ շուտվանից կռվի եմ։ Հենց ներկայացանք, թե` պիտի գնաք ռազմաճակատի գիծ։ Ես եմ եղել, իմ մեծ եղբայրս` Վաղոն, եւ մեկ էլ Արկադիկը` ընկերս է։ Մոտավորապես ցույց են տվել, թե ֆագոտը ինչպես դնել ոտնակների վրա, մի կես ժամ ժամանակում մի քանի բան են ցույց տվել, հետո էլ թե` Չլդրանի կողմերում վիճակը բարդ է, ժամանակ չկա, մնացածը էնտեղ կսովորեք։ Ասել են` որ նայեք` իմանալու եք։ Էսպես եկել ենք Չլդրանի կողմերը` Ղազարահող։ Հասել ենք տեղ, հրամանատար Սպարտակը ձեռքը մեկնել է դիմացը, թե` հեն է՜ բէէմպէն կանգնած է, խփի՛ր։
Մի կերպ ֆագոտը ոտնակների վրա կանգնեցնում եմ, հեռադիտակով նայում` ոչ մի բան չի երեւում։ Սպարտակը ասում է` խփիր, ես ասում եմ` հնարավոր չի։ Սուտ եմ ասում, որովհետեւ հեռադիտակով ոչինչ չեմ տեսնում եւ ամաչում եմ ասել, որ ոչ մի բան չի երեւում։ Օրն էլ քաշաթուխպ էր, անտերի տակ ու գլխին եմ նայում, պտտեցնում հեռադիտակը եւ մեկ էլ բէէմպէն սկսում է պարզվել։ Ախր, կես ժամում ի՞նչ պիտի սովորեի... Ֆագոտը լարում եմ բէէմպէի ուղղությամբ ու արկը բաց եմ թողնում։ Մեկ էլ` բէէմպէն վառվում է։ Պիտի խայտառակվեի, բայց բախտս բերեց։
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքը սողալով մոտենում էր Չլդրանին, երբ խուճապը բռնել էր, երբ Չլդրանի եւ Կիչանի վրա օրվա մեջ մի քանի անգամ թուրքը գրոհում էր, Մարտակերտի շրջանից մնացել էր Խաչենի հովիտը, որից հետո Ցեխձորով թուրքը հանգիստ կարող էր գալ Ստեփանակերտի վրա։
Ռուբիկը մի պահ դադար է տալիս, գրպանից հանում է սիգարետը, տեղավորում շրթերի արանքում, կրակվառիչը մոտեցնում։ Այդ ամենն անում է դանդաղ, կարծես ներքուստ իրեն նախապատրաստում է հաջորդ պատմությանը։ Ճակատից ունքամեջ է իջնում` նրա ջահել տարիքի համար անսպասելի խոր ակոսը, որտեղ մեկ ստվերներ էին լցվում, մեկ էլ անսպասելի լուսավորվում, մանավանդ երբ ժպտում է։
- Մյուս տանկը խփել եմ Կոճողոտի մոտ։ Թուրքը հանգստարանի մոտով բարձրացել էր ու մեր հետեւը կտրել։ Ուժեղ մարտ էր գնում։ Ինքս ինձ մտածում եմ, որ տանկը հազիվ բարձրանա էստեղանքով։ Հիշում եմ` բարակ անձրեւ էր գալիս, եւ մեկ էլ տղաներից մեկը ասում է` տանկե՜րը...
- Ո՞նց թե տանկերը, մարտը վերեւ է գնում, իսկ մենք ներքեւում ենք։ Դրմբոնի մոտով մեծ խողովակ է գնում, մեկը գնում է Հաթերքի կողմը, մյուսը` էս կողմը։ Ջրատար է, թե ինչ, չեմ իմանում։ Տեսնում եմ խողովակի տակով մի տանկ է գալիս եւ մի բէէմպէ։ Ուղիղ մեզ վրա։
Սակրավորները առաջից են գալիս, որ ականազերծեն, տեխնիկան` ետեւից։ Ու լիքը հետեւակ։ Ո՜նց էլ հանգիստ ու ապահով են իրենց զգում։ Ոնց որ զբոսանքի են դուրս եկել իրենց հարազատ երկրում։ Դա ավելի է կատաղեցնում։ Կոճողոտի ջոկատի հրամանատարը, Կամո է անունը, մոտենում է, թե` ախպոր պես, անպայման պիտի խփես։ Ճիշտ է ասում, որովհետեւ տանկերը որ ներքեւից մտան, էլ առաջը պահել չի լինելու։ Սպասում եմ մի քիչ էլ մոտենան, իսկ Կամոն նորից է ասում` ախպոր պես, խփի։ Տանկը մի քիչ էլ է մոտենում, ես արկը բաց եմ թողնում։ Տանկը վառվում է, իսկ հետեւակը փախչում է ետ։ Ես Կամոյին ասում եմ` մնացածը քո գործն է։ Տղաները դրանց լավ փրթում են։ Շենի տակից տղաները բարձրանում են գերեզմանների կողմը։
Դա էն ժամանակ էր, որ Դրմբոնը պիտի վերցնեինք, կարծեմ փետրվարին էր։ Ճիշտն ասած, Կոճողոտում շատ ենք չարչարվել, քանի անգամ ենք մտել, դուրս եկել։
Տանկը խփում ենք, բէէմպէն փախչում է, եւ մենք էլ, որ շենի տակը պիտի պահեինք, գնացինք շենի վերեւը` այնտեղ օգնելու։ Ձմեռվա օր է եղել, մութը շուտ վրա է հասնում, եւ մարտին դադար ենք տալիս։
Ռուբիկը վերջին բառերը այնպես է ասում, կարծես ազատվում է մի ծանր բեռից։ Մարդկային նախճիրի մռայլ պատկերը դաժան ու ճնշող է. շրջափակման մեջ հայտնված հակառակորդը, որ չգիտես ում հրամանով, ում չարաբաստիկ կամքով դարձել է հակառակորդ ու թշնամի, անխնա կրակահերթերի տակ ոչնչանում էր, ոչ մի ճիչ ու աղաղակ այլեւս չէր օգնում, կրակահերթերի խլացնող աղմուկի մեջ ոչինչ չէր լսվում, լսելու ցանկություն էլ չկար, միայն մարդկային բնազդն էր գործում։
- Ծանր օր էր։ Շատ,- իրեն պաշարած մտքերից ազատվելով, ասում է Ռուբիկը.- Էդ օրը թուրքերը լիքը կորուստներ տվին։ Մարդ սպանելը ծանր է, շատ։ Ով էլ լինի՝ թուրք, թե ուրիշ։ Ավտոմատի ձգանը սեղմում ես` մարդը էլ չկա.- Ու նորից կրկնեց.- Թուրք լինի, թե ով։
Ռուբիկը նորից է դադար տալիս՝ խորասուզվելով մտքերի մեջ։ Ես չեմ միջամտում, թողնելով, որ ամեն ինչ իր հունով ընթանա։ Ռուբիկը քիչ-ինչ կցկտուր, եղածը չգունավորելու ճիգով` իր կյանքի պատմությունը անում էր կարծես նրա համար, որ պատմի թեթեւանա, իր անուրախ մտածումներից ազատվի։
- Մի Արթուր կար, շիլկայի վրա էր աշխատում. լավ տղաներից մեկն էր։ Մի քանի անգամ առիթ է եղել, հանդիպել ենք։ Ընկերական-բան։ Հադրութում, ֆիդայական կռիվների ժամանակ, միասին մարտ ենք ընդունել։ Որ ասեմ` սրտումը ահ չկար` հավատա։ Այդ կռվում ոտից վիրավորվել եմ, ինքն է հանել։ Ահա էդ Արթուրը շիլկան կապել է թուրքերի վրա, ո՜նց էր աշխատում...
 Ռուբիկը մի պահ դադար տվեց, սիգարետը առավ շրթերին, ծանոթ շարժումով վառեց ծխախոտը ու աչքը հառեց մի կետի։ Երեւի վերապրում է հիշողությունը։ Հետո սկսեց դանդաղ, դժվար պատմել.
- Ո՜նց էր շիլկան աշխատում Արթուրի ձեռքում։ Ամեն փամփուշտը` տեղ էր հասնում։ Բայց շիլկան լռում է, ու մենք հասկանում ենք, որ փամփուշտը վերջացել է։ Ահավոր լռություն է իջնում` կարճ, հազիվ մի քանի րոպե, գուցե ավելի քիչ։ Այնպիսի լռություն էր, որ ականջներդ սկսում են խշշալ։ Հետո տեղի է ունենում սոսկալին, թուրքերը շրջապատում են տղային, կապում ծառին ու... Ամեն ինչ տեղի ունեցավ աչքներիս առաջ` մեր միջեւ ընկած տարածությունը հարյուր-հարյուր քսան մետր հազիվ լիներ։ Անզորությունից կրճտացնում էինք` մենք էլ էինք առանց փամփուշտի մնացել։
 Ռուբիկը ծանր տնքաց։ Սահմռկեցուցիչ, դժնդակ մի հոգոց դուրս եկավ կրծքից։ Խանձված։ Արնամած։ Չարագուշակ։
- Տղային կենդանի կտոր-կտոր արեցին։ Երբ արդեն այլեւս կենդանի չէր, էլի շարունակում էին մորթել, կտոր-կտոր անել։ Ես ձեր մարդ ասողին... Քանի դեռ կենդանի էր եւ ցավից ուշքը չէր կորցրե՜լ, հայհոյում էր թուրքերեն, ու դա նրանց ավելի էր կատաղեցնում.- Ի՜նչ տղա էր... Կտոր-կտոր արին...
Հետո եղավ մղձավանջի նման, ոնց որ ծանր երազում։ Թուրքերը մեր ետեւի ճանապարհը կտրում են եւ եթե մի քիչ էլ ուշանայինք, պիտի շրջապատեին ու մեզ էլ ոչնչացնեին, ո՛չ փամփուշտ կար, ո՛չ բան։ Գնդակների սվսվոցի տակ, հալածված որսի պես մեզ հազիվ գցեցինք անտառ։ Շուտով մթնժոռեց եւ թուրքերը դադարեցին հետապնդել։ Ստորացուցիչ էր` վախկոտ նապաստակ էինք դարձել։ Մի արկղ փամփուշտն ի՜նչ էր, որ չունեցանք։ ... Մի ամբողջ գիշեր ոտքով քայլել ենք ծմակով՝ շամբի միջով։ Լուսադեմին դուրս ենք գալիս Առաջաձորի վրա։ Շատ վատ ժամանակ է եղել, անկազմակերպ, ով կարողացել է` փախչել է։ Վատ-վատ պահեր են եղել։ Մի ամբողջ գիշեր ոտքով քայլել ենք։ Ուղեկցորդ չլիներ` հազար կորածն էինք, ինչ տեղերով ենք եկել, ոնց ենք եկել` չեմ իմանում, ցեխ, լիլ, ֆագոտը մեջքիս, շատերը դէշէկա բան թողել են...
Ռուբիկը լռում է, կարծես դժվար է նրա համար շարունակել։ Օպերատոր Ժորիկը հիշեցնում է Աղդամի մոտ խփած տանկերի մասին։ Կարծես ինչ որ մտքերից սթափված, նա վերհիշեց.
- Հաջորդ տանկը Աղդամում եմ խփել։ Օգոստոսին։ Օդակայանի մոտ է եղել։ Մթնաժոռած` մարտը սկսվել է։ Խնուշինակի 4-րդ գումարտակն է եղել։ Մի ահագին մարտ է գնացել։ Մարտի ծանր ժամանակ տանկի ձայն եմ լսում, բայց տանկը չի երեւում։ Մեկ էլ մի տանկի աշտարակ է դեմս ելնում` ձեռքդ մեկնես` կհասնի։ Պատրաստի մի բան, միայն արկը բաց թող ու ամեն ինչ պատրաստ է։ Կռվի ժամանակ մի քիչ էլ բախտ պիտի լինի։ Երկու տանկ էլ Մոսու ուղղությամբ եմ խփել` Աղբուռունի։ Որ տանկը խփել եմ, Մոսին էլ է եղել կողքիս, Վաչոն էլ` Շուշվա գնդից։ Տանկը երեւացել է` խփել եմ, հինգ րոպե հետո մեկն էլ եմ խփել։ Արկ չի եղել, թե չէ էլի կարելի էր։ Ֆագոտի արկը շատ թանկ է։
- Վտանգավո՞ր է ֆագոտչիկը,- միամիտ հետաքրքրությամբ հարցնում եմ։
- Ոնց ասեմ, հա, էլի։ Եթե տանկը քեզ նկատեց, դու չնկատեցիր իրեն, քեզ օդն է բարձրացնելու` հաստատ։ Աստված չանի` տեղդ իմացավ։ Կամ դու` իրեն, կամ ինքը` քեզ։
- Ամուսնացա՞ծ ես։
- Դրա ժամանակը չի։
Վաղոն էլ է նույնը ասում։ Ասում է՝ կռիվը վերջանա՝ հարսանիքով-բանով կարգին ամուսնանանք։ Հետո էլ ո՞նց ամուսնանանք, տուն չունենք- բան...
Կարճ դադարից հետո ծանր ասում է.
- Որ կռիվը վերջանա, կարող է էստեղ չմնանք։ Իմ արեւը։ Հիմա գնալը ամոթ է։ Կարող են ուրիշ բան ասել։ Սպասում ենք կռիվը վերջանա։ Երկու եղբորով կռվում ենք։ Վաղոն հոսպիտալում պառկած է, վիրավորվել է։ Դրա համար եմ եկել։

***

Վերջին ամփոփագիրը ուղարկել եմ երկրորդ հարկ ու սպասում եմ դաբրո-ին։ Մինչեւ տեղական հեռուստաեթեր քիչ ժամանակ է մնացել, իսկ մեզնից մի հարկ բարձր դեռ չեն ստորագրել տեղեկատվությունը, որպեսզի անհամբեր սպասող մարդիկ իմանան, թե մեր զորքը ինչ ելման դիրքում է, քանի զոհ ունենք, թշնամին քանի սպանված է տվել։ Շտաբից մեզ հաղորդածը ճշտվում է մեր երկրորդ հարկում։ Նորից եմ զանգում ընդունարան, քարտուղարուհին մեղավոր ասում է.
- Դեռ չի ստորագրել։
Ես հարկադրաբար սպասում եմ, բայց հեռախոսը չի սպասում, թերթերից են զանգում, ռադիոյից, հեռուստատեսությունից։ Քիչ անց Երեւանից պիտի զանգեն, Մոսկվայից, ուրիշ տեղերից։ Աշխարհը աչքը հառել է Արցախի վրա։ Աշխարհը զարմացած հետեւում է, թե ինչքան կարելի է արնաքամ դիմադրել...
Անտրամադիր եմ։ Կարծես պատճառ չկա. ռազմաճակատում վիճակը վատ չի, մերոնք սովորել են արյունալի ճակատամարտեր չտալ. զինվորի կյանքը արդեն գնահատվում է։ Առավոտյան մայրս հիշեցրել էր, որ այսօր ժամանակին գնամ տուն, քրոջս ծնված օրն է։
- Չի եղել, որ քո ծնված օրը քույրդ չգա, պատճառ չբռնես, ուրիշ եկողներ են լինելու, սեղանը ո՞վ պիտի ղեկավարի։
- Աշխարհում միայն ղեկավարի պակաս չկա։
Մայրս կատակս վանում է.
- Գործը պատճառ չբերես։ Քրոջդ ծնունդն է, դա էլ է գործ, ուրիշ ուրախատեղ չունի։
Հեռախոսը զանգում է, հաստատ գիտեմ՝ մայրս է։ Լսափողը վերցնում եմ.
- Դուք սկսեք, քիչ հետո կգամ։
Ես ասում եմ, մայրս ասում է, ես ասում եմ, մայրս` չէ, էս անգամ քույրս է խոսում, մեղավոր, խնդրելով։ Ես սրտնեղվում եմ, ասում եմ` լավ ու հեռախոսափողը դնում տեղը։ Համակարգչի օպերատոր Մանիկը ներս է մտնում.
- Ձեզ սպասող կա։
- Ո՞վ է։
- Անունը չգիտեմ, բայց ձեզ մոտ մի քանի անգամ տեսել եմ։
- Ներս հրավիրիր։
Ռուբիկն է` երեսը մազակալած, կարմրած աչքերով։ Քայլվածքից չեմ կարողանում կռահել` խմա՞ծ է, թե՞ անքուն։ Ռուբիկն առանց հրավերի ծանր նստում է պատի մոտ դրված բազմոցին, սեղանիկի մոխրամանը քաշում մոտ, ձեռքի կոթունը մարում։
Ռուբիկին այդպես չէի տեսել. միշտ կոկիկ, մաքուր թրաշված, ձիգ։ Սպասում եմ, որ կխոսի, իսկ նա ձեռքը տանում է գրպանը, որ ծխախոտ հանի, տուփը դատարկ է, հարցական նայում է ինձ։ Սեղանի դարակից հանում եմ չբացված տուփը ու մեկնում։ Ռուբիկը մի ծխախոտ է հանում ու տուփը վերադարձնում։
- Պետք չի, ձեւի համար մեկ-մեկ փստացնում եմ։
Ռուբիկը տուփը դնում է գրպանը, ծխախոտը վառում ու ծուխը խոր ներս քաշում։ Նա այդ ամենն անում է դանդաղ, դիտավոր դանդաղ, որ ժամանակ շահի, որ կարողանա որոշել, թե ինչպես սկսի։ Դա ես հասկանում եմ եւ իբր գործերով եմ զբաղված, նրա վրա ուշադրություն չեմ դարձնում։
Ռուբիկը չծխած ծխախոտը հանգցնում է մոխրամանում ու վճռական ասում.
- Գնանք մի տեղ նստենք։
Այդ պահին երկրորդ հարկից զանգում են։
- Կարող եք բաց թողնել։
Վերջապե՜ս։ Մանիկին ասում եմ, որ կարգադրի ամփոփագիրը տարածելու համար։
Գրասեղանի դարակից հանում եմ մի շիշ, թերթի մեջ փաթաթում։
- Գնացինք։

***

Խորտկարանի աղջիկն անմիջապես մոտենում է։ Պատվիրում եմ ուտեստներ, խմիչք չեմ պատվիրում։ Թերթի մեջ փաթաթած շիշը հարցը լուծել է։
- Անարատ է,- ակնարկելով շիշը, ասում եմ ես,- մի փոքր էլ դու կփորձե՞ս։
Մատուցողուհին անուշ ժպտում է, շտապում պատվերը կատարելու։
- Փոքրի իրավունքով,- ասում է Ռուբիկը ու վերցնում շիշը։
- Պարտականությամբ,- ուղղում եմ ես։
Ռուբիկը համաձայնվում է.
- Է՜հ, լավ լինենք,- խփում եմ Ռուբիկի բաժակին։
Պիտի գնայի քրոջս ծննդին։

Այսօր ծանր օր էր ու նոր եմ հիշում, թե ինչու։ Մեր թղթակիցներից մեկը, որ աշխատակցում էր Երեւանի թերթերից մեկին, մեր պատրաստած լրատվությունը մի քիչ «խմբագրել» էր, իսկ մեր անպիտանի ասելով` մի քիչ էլ խմբագրությունում են «սրել», ստացվել է այնպես, որ Քելբաջարի ուղղությամբ մերոնք նահանջել են։ Արի էշը ցեխից հանի։ Առավոտյան ՊՊԿ-ի նախագահը զանգել է ու կարգադրել, որ անպիտանին աշխատանքից ազատեմ։ Դա նշանակում է, որ հիմար լակոտը կորցնում է չզորակոչվելու իմունիտետը, իսկ դա էլ նշանակում է, որ հենց էսօր խզակոթին տալով տանելու են բանակ։ Նրանից ի՜նչ զինվոր, ոչ կռնումը ուժ կա, ոչ սրտումը քաջություն, քոլի տակից մի պուճուր փըխկ անես, լեղապատառ է լինելու։ Բայց լակոտը լավ լրագրող է, տաղանդավոր։
Սակայն դեպքերը զարգացան այլ կերպ. հրամանատարի կարգադրությամբ թղթակցին խոթել են զինվորական «ուազիկը» ու տարել Քելբաջարի ուղղությամբ` «փաստերը տեղում ստուգելու համար», տարել են շնաթակ տալով։ Ու լավ էլ արել են։
ՊՊԿ նախագահը երկրորդ անգամ զանգեց։
- Ինչո՞ւմն է բանը,- ատամների արանքով հարցականի պես հրամայական հարցրեց։
Ինձ համար միշտ էլ տհաճ է եղել ՊՊԿ նախագահի հետ առնչվելը, նրա ավելորդ դաժանությունը վանող է։ Մի՞թե չի կարող վախկոտ մարդը հայրենասեր լինել։ Կամ չի՞ լինում, որ մարդ ցանկանում է, բայց չի կարողանում։ Նման հարցեր նրան չեն հետաքրքրում։
 - Պատերազմում սանտիմենտը տեղ չունի,- սարկաստիկ քմծիծաղ է տալիս ու ատամների արանքից կրակելու պես ասում.- Պատերազմում` հանց պատերազմում։
Նախ ասում է լատիներեն, ապա ռուսերեն-հայերեն։
Այս մտքերին էի, որ Ռուբիկը ներս մտավ։
Շուտով մատուցողուհին բերում է պատվիրած ուտեստները, ասում` անուշ լինի ու ժպտալից հեռանում։
Ռուբիկը նորից բաժակները օղի է լցնում, բաժակը խփում սեղանին դրած իմ բաժակին ու նորից մի կումով խմում։
- Վրայից մի բան վերցրու։
Ռուբիկը ձեռքը տանում է, որ մի բան վերցնի, բայց, ըստ երեւույթին, մտքերը ուրիշ տեղ են թափառում եւ ձեռքը մնում է սեղանի վրա մոլորված։
Տակավին հիմնարկում էի նկատել, որ Ռուբիկը էն չի։
- Մի տեսակ ես։
- Վաղոյին որպես դասալիքի բռնել էին,- ծանր ասաց Ռուբիկը, իսկ բռունցք արած մատները ճրթճրթացին։ - Վաղոն` դասալիք։ Ես ձեր դասալիք ասողին,- Ռուբիկը ծանր հայհոյեց։ - Մի ճակատամարտ առանց Վաղոյի չի եղել։ Դեռ ֆիդայական կռիվներից սկսած` Գետաշենից մինչեւ Հադրութ։ Քանի՜ քաղաք է մտել, մի խաղալիք անգամ չի վերցրել։ Թուրքի հետ նա հաշիվներ ունի։
Ռուբիկը պատմեց մի անհեթեթ ու ծանր պատմություն։
Վաղոն ու Ռուզանը սովորում էին նույն դասարանում, ապրում էին հարեւան շենքերում։ Հայր չուներ Ռուզանը, նրանց մայրն էր խնամում, աշխատում էր քիմիական գործարանում, Ռուբիկի հոր` վարպետ Ավանեսի բրիգադում։
Սումգայիթյան օրերին էին։ Երեկոյան Վաղոն ուշ եկավ, պիջակի թեւը պոկված, աչքի տակ ուռուցք։ Տնեցիք թեթեւացած շունչ առան` փառք աստծո, ողջ-առողջ է։ Վաղոն պիջակը փոխեց, ծորակի տակ դեմքը մաքրեց, ոտի վրա մի բան կերավ եւ դուրս եկավ։
Չասեր էլ, տնեցիք գիտեին, թե ուր պիտի գնա։ Թաղլարեցու տանը տղամարդ չկա, մայրն է` Վարդանուշ մորաքույրը եւ երկու քույրերը։ Հայրը գորգի ծալից հանեց մահուդի մեջ փաթաթած արծաթե դաստակով խանչալը, տվեց որդուն, ասաց.
- Կարող է պետք գա,- ասել է, որդու գլուխը սեղմել կրծքին.- Բարի ժամին լինի։
Հայերին բնակարան էին տալիս կամ առաջին հարկից, կամ վերջին։ Վարդանուշ մորաքրոջ բնակարանը հինգերորդ հարկում էր։ Երբ Վաղոն մտավ տան մուտքը, վերեւի հարկերից աղմուկ ու լացի ձայն լսեց։ Վաղոյի սիրտը վատ բան գուշակեց։ Շտապ բարձրացավ հինգերորդ հարկ ու ի՞նչ տեսավ՝ հարեւան թուրքը՝ Սամեդը, որին հազար անգամ տեսել է Վարդանուշ մորաքրոջ սեղանին, նրա պատրաստած ճաշերը գովելիս,- Վարդանուշ բաջի, քո պատրաստած տոլման ուրիշ տեղ կերած չկամ,- հիմա էդ Սամեդը ուզում է Վարդանուշին ու նրա երկու անտիրական աղջիկներին փողոց հանել, դրսում եռացող խուժանի բերանը տալ։
- Գնացեք մեր հողից, գնացեք ձեր խարաբա երկիրը։
 Վաղոն նկատում է Սամեդի տղային՝ հիգ-վեց տարեկան երեխա, իրենց դռանը ծիկրակելիս, արագ գրկում է նրան ու կոխում Վարդանուշի բնակարանը։ Ապա մոտենում է Սամեդին, օձիքը թափահարելով ասում.
- Եթե սրանց մի մազը ծռվեց,- Վաղոն գլխով ցույց է տվել տան անկյունում կչոռ արած երեք անօգնական հայ կանանց,- եթե նրանց մատով դիպան, առաջինը Ռամիզն է գնալու։
Թուրք հարեւանը նայել է աչքերը արյուն կալած հային ու հավատացել, որ կանի։
Երրորդ օրը հայերը դուրս են եկել Սումգայիթից։
Ռուբիկը լռեց եւ երկար ժամանակ չէր խոսում։ Ես էլ չէի ուզում միջամտել։
- Մի քանի շաբաթ առաջ Վաղոն եկել էր տուն ու մորիցս իմացել, որ Վարդանուշի վիճակը վատացել է, տարել են հիվանդանոց, Երեւանից Ռուզանի քույրը լուր է տվել եւ Ռուզանի անունից խնդրել, որ Վաղոն, եթե կարող է, անպայման գա Երեւան։
Ինչո՞ւ Ռուզանը չի զանգել, քույրն է զանգել։ Սեւեռուն մի միտք խլրտում է կրծքի տակ ու Վաղոյին տակն ու վրա անում` Ռուզանի հետ ինչ-որ մի բան է տեղի ունեցել։ Չձեւակերպված այս մտքերից տագնապած, նա ծանոթ տղաներից մեկի «Ուազիկը» վերցնում է և ուղիղ` Երեւան։ Ավտոմատը վերցրել էր իր հետ։ Ատրճանակն էլ։ Երկուսն էլ լիքը պահունակներով։ Ինչո՞ւ էր զենք վերցրել՝ ինքն իրեն հաշիվ չէր տվել, ամեն բան արել էր բնազդաբար, ներքին ձայնի թելադրանքով. կասկածը մտել էր սիրտը՝ մի բան էն չի։
Լաչինի անցակետում ծանոթ տղաներ են եղել, ավտոմատը վերցրել են, բայց բան չեն ասել, ասել են միայն, որ ճանապարհին զգույշ լինի։ Հասնում է Երեւան։ Այդ ժամանակ Երեւանում շուրջկալներ էին կազմակերպում, ում բռնում էին` խզակոթին տալով բերում էին Ղարաբաղ։ Դրանց մեջ` նաեւ Վաղոյին։ Արի մի գժվիր։ Վաղոն` դասալիք։ Ինչքան բացատրում է, ինչքան փորձում է համոզել, որ անձնական գործով է եկել, որ... Լսել են ու քմծիծաղ տվել։ Հնարավոր չի եղել բացատրել, չի կարողացել համոզել։ Բռնողներից մեկը հետեւից հարվածել է Վաղոյին, Վաղոն այլեւս չի կարողացել իրեն պահել, ատրճանակը հանել է, ու շրջապատող քաջերը աջ ու ձախ մազապուրծ են եղել։ Վաղոն հայհոյել է` ես ձեր վախկոտ... ու շարունակել ճանապարհը, բայց ի՜նչ կարող էր անել անծանոթ քաղաքում։ Ձերբակալում են ու բանտ նստեցնում։ Հրազենը` մեկ, դասալիքը` երկու։
- Գիտե՞ս քանիսին եմ դիմել, բոլորն էլ ցավակցել են, համաձայնվել, որ,- դառնությամբ շարունակեց Ռուբիկը,- Վաղոն լավ կռվող է, բայց ոչ-ոք գրավոր տեղեկանք չի տվել, վախեցել են։ Ստիպված գնացել եմ գլխավոր հրամանատարի մոտ ու մարդը իմ ներկայությամբ զանգել է ու հարցը լուծել։
Նույն օրն էլ հասել եմ Երեւան։ Երանի Վաղոյին այդ վիճակում չտեսնեի. տղային այնպես էին ջարդել, որ վրային շնորհք չէր մնացել։ Ախպորս գրկում եմ, որ կարոտս վերցնեմ, իսկ նա թույլ տնքում է ու անօգնական կախվում ինձնից։ Վախեցած հարցնում եմ` քեզ ի՞նչ պատահեց։ Նա ծանր նստում է աթոռին ու հազիվ ասում.
- Ոնց որ երիկամներիս վիճակը լավ չի։
Վաղոյի պես պինդ տղային շարքից հանել էին։ Ոնց որ թշնամու։ Մեկը դրանցից ձեռքս ընկներ...
Վաղոն հենց էնպես կռվող չի եղել։ Քանի՜ անգամ է վիրավորվել ու նորից վերադարձել ռազմաճակատ։ Արյուն ու մահ է տեսել։ Վաղոյի աչքերը արնակալած են։ Վաղոն էս կռվում իր հաշիվներն ունի։
 Երբ Վաղոյի շունչը տեղն է գալիս, դանդաղ ոտքի է կանգնում։
- Գնանք։
- Որտե՞ղ,- հարցնում եմ։
- Մի որեւէ տեղ, խմել եմ ուզում։
- Գուցե Վարդանուշ մորաքույրի տունը,- առաջարկում եմ ես։
Վաղոն դառնությամբ քմծիծաղ է տալիս.
- Էս վիճակում Ռուզանը ինձ տեսնի՞...
Ես համաձայնվում եմ. Ստեփանակերտում մի քիչ կկարգավորվի, հետո կհանդիպեն։ Մի տաքսի եմ բռնում ու կարգադրում վարորդին, որ մեզ տանի մի կարգին տեղ։
- Որ մարդաշատ ու աղմուկ չլինի,- ավելացնում է Վաղոն։
Մտնում ենք խորտկարանի նման մի տեղ։ Խորոված բան եմ պատվիրում, արաղ։
- Արաղը շատ բեր,- մատուցող աղջկան կարգադրում է Վաղոն։
Մինչեւ ես ձեռքս կտանեի արաղի շշին, Վաղոն բաժակը լիքը լցնում է ու մի կումով խմում։ Էլի է լցնում ու խմում։ Երրորդ բաժին է լցնում, ես ձեռքը բռնում եմ.
- Սպասիր մի բան բերեն։
Վաղոն քմծիծաղ է տալիս։ Ես գիտեմ, որ խմելու հարցում Վաղոն պինդ է, բայց այնուամենայնիվ... Որպեսզի շեղեմ, սկսում եմ հարցուփորձ անել։
- Գոնե Ռուզանին տեսա՞ր,- հարցնում եմ։
- Էնտեղից ինձ վերցրին։
- Հետո՞։
- Սիրտս կռահում էր։ Ինչո՞ւ առաջ էդ մասին չէի մտածում... Վարդանուշ մորաքույրը ոչ էլ հիվանդ էր։ Ո՜նց մտքովս չէր անցնում,- իր մտքերին հետամուտ, մորմոքում էր Վաղոն,- Ո՞նց կարելի է կռվող տղայից աղջիկ խլել։ Ուժի տե՞ղ է։ Ո՞վ է էդ քաջ տղան։
Ախպերս երեխայի պես անօգնական մղկտում էր, անզորությունից ինչպե՜ս էր խեղճացել։ Սումգայիթում թուրքերը շրջապատել էին, բայց նա աչքը չի ճպել։
... Վարդանուշը աղջիկների հետ Սումգայիթից հետո տեղափոխվում է Երեւան, տեղավորվում հանրակացարանում։ Սակայն նախկին կապը շարունակվում էր, եթե կռիվը չլիներ, պիտի ամուսնանային։ Երբ կռիվը սկսվեց, Վաղոն հետաձգեց ամուսնանալը։ Ո՞վ գիտի կռվող տղայի ճակատագիրը, չի ցանկացել, որ Ռուզանը... Միտքը Վաղոն չի շարունակել, բայց Ռուզանն էլ է հասկացել, Վաղոյի ծնողներն էլ, Վարդանուշ մորաքույրն էլ։ Լուռ համաձայնությամբ սպասել էին, մինչեւ կռիվը վերջանա։
Մինչեւ կիրակին կգար, երկուշաբթին եկավ։ Պարզվում է, որ «թաղի տղաներից» մեկը աչք էր դրել Ռուզանի վրա, սպառնացել, որ Ռուզանին էլ կգյուլլի, նրա տղային էլ, եթե «իր սիրածը չդառնա»։
Այդքանը Ռուզանը չի պատմել, քույրն էր պատմել։
Վաղոն հանդիպել էր «տղորանց» ու պայմանավորվել, որ երեկոյան ուշ հանդիպեն ու «պարզություն» մտցնեն։ Բայց ստացվել է այնպես, որ զինվորական ոստիկանությունը, այդ նույն թաղի տղաների մատնությամբ, Վաղոյին վերցնում է։
- Ախպերս, իմ բաժին Ղարաբաղը պրծավ, ինձ համար Հայաստանն էլ պրծավ, Ղարաբաղն էլ։ Գնում եմ Ռուսաստան, շուտով իմաց կտամ իմ մասին։
Խնդրում-պաղատում եմ, հորդորում-աղաչում եմ, բայց Վաղոյի հաստակողությունը գիտեմ` որ մի բան որոշեց, էլ ետ կանգնողը չի։
- Գիտեմ, որ իմ պատճառով քեզ չարչարելու են, բայց ետ գնացողը չեմ, կամ նորից վերադառնում եմ բանտ, կամ մնացողը չեմ, ընտրությունը քոնն է, ինչպես որոշես։
 Ի՞նչ կարող էի ասել, իրար փաթաթվեցինք, չէինք կարողանում բաժանվել։ Ե՞րբ իրար կտեսնենք նորից, նորից կտեսնե՞նք արդյոք, ո՞վ գիտի` այս խառը ժամանակներում, երբ մարդիկ իրար թշնամու նման են վերաբերվում։
Վաղոյի եւ Ռուզանի մասին բոլորը չեմ պատմել։ Սումգայիթի օրերին համադասարանցի մի թուրք լակոտ` Էլդարը, ընկերներով կանգնեցնում է Վաղոյին, թե` Ռուզանից ձեռք քաշիր, որ կյանքդ քեզ բախշեմ, Ռուզանն էլ ինձ հետ կլինի երջանիկ։ Ասել է ու խնդացել, ձեռ առնելուց էլ վատ։ Նա դեռ դպրոցական տարիներից աչք ուներ Ռուզանի վրա, Վաղոյից մի քանի անգամ ծեծ էր կերել։ Վաղոն Էլդարին ծանր խփել է ու կռիվ է սկսվել։ Նրանք շատ էին, շատը ո՞րն է, ինքը մենակ` մի տաս հոգու դեմ։ Ու սկսում են ախպորս ջարդել։ Բարեբախտաբար դեպքի վայրում հայտնվում է միլիցիայի մի կապիտան, որի հետ Վաղոն ծառայել էր բանակում։
Ես նրան ծառայելու ժամանակ մեծ լավություն եմ արել,- ասել էր եղբայրս, բայց թե ինչ լավություն` չի մանրամասնել։ Ինչ էլ լինի, Սումգայիթի էդ օրերին թուրքի կողմից հային լավություն անելը մեծ տղամարդկություն էր։
Ռուզանն ուրիշ աղջիկ է, ամբողջ Սումգայիթում մի հատ էր, Վաղոն նրա համար ամեն ինչի պատրաստ է։ Հիմա էլ էս պատմությունը։ Ի՜նչ ճակատագիր է հասել եղբորս...
- Այժմ պիտի քո մասին մտածել։ Նույն բանը քեզ է սպասում, ինչ ծառայություններ էլ ունենաս՝ դատախազությանը պիտի բացատրություն տաս, ավելի ծանրը՝ գլխավոր հրամանատարին պիտի բացատրություն տաս։ Այդ մասին պիտի մտածել եւ շատ լուրջ։ Ծանր վիճակի մեջ ես հայտնվել, եղբայրս... Գլխավոր հրամանատարը ալի-վալի չի հարցնում, եթե բարի ժամին չեղավ, քո վիճակն ավելի վատ է լինելու։ Պիտի էս մասին մտածել։ Այդ ամբողջ պատմությունը գլխավորին այնպես պիտի մատուցվի, որ նա մարդկայնորեն կարողանա գնահատել։ Դրանից հետո օրենքը ուժը կորցնում է։ Այսպես է։
Ինձ թվաց, թե Ռուբիկը չի լսում ինձ, կամ պարզ չի պատկերացնում ստեղծված իրավիճակը։ Նա ձեռքը մեկնեց շշին, որ օղի լցնի, բայց շշի մեջ օղի չկար։
Մատուցողուհուն կանչեցի.
- Օղի բեր։




ՄԱՆՎԵԼԸ

Նիհար, ջլուտ, հավանաբար` նյարդային: Առաջին օրից կռվում է: Բացակայում է միայն վերքերի բուժման կապակցությամբ, մյուս բոլոր ժամանակ ռազմաճակատային գծում է: Բացառիկ դժվար է այդքան երկար կռվել ու կենդանի մնալ: Ականանետից խփում են, հրանոթից կրակում են, հրասայլից զարկում են, գնդակները սվսվալով անցնում են, ու չես հասցնում գիտակցել, որ այդքան մետաղը քեզ սպանելու համար է արձակվում: Մանվելը կենդանի է մնացել, բայց մարմինը բզկտվել է բեկորներից ու գնդակներից: Վերքերը մահացու չեն եղել և կամ օրգանիզմը դիմացկուն է եղել: Մանվելը ժպտում է.
- Բախտս բերել է:
- Կարատե է պարապել,- ճշտում է Ռաֆոն:
Մանվելին ծանոթացրել է Ռաֆոն, որի մասին արդեն պատմել եմ: Ամեն անգամ անսպասելի հայտնվում է և միշտ ընկերներով: Այս անգամ Մանվելի հետ եկավ: 1994-ի փետրվարի սկզբներին էր, երբ Օմարի լեռնանցքում դաժան մարտեր էին գնում:
- Դեմքդ մի տեսակ սևացել է,- նկատեցի ես:
- Օմարից ենք գալիս: - Ապա ներկայացրեց Մանվելին.- Իմ առաջին հրամանատարն է, կռիվը նրանից եմ սովորել:
- Շատ մեծ սառնամանիքներ էին,- բացատրեց Մանվելը,- մինչև 30-35 աստիճան: Դրանից է սևացել: Սիբիրում մի քանի տարի ապրել եմ, բայց այդպիսի դժվար սառնամանիք չեմ տեսել:
- Ծա՞նր է կռվելը,- հարցնում եմ ու զգում, որ անմիտ բան ասացի:
- Ամենափոքր վերքը, եթե վիրավորը չհանվեց այնտեղից, մահացու է: Շատ մեծ ձյուն է եկել, մի կիլոմետրը տասներկու ժամում մի կերպ անցնում ենք: Անմատչելի սարեր են:
- Փառք աստծո, ողջ-առողջ եք:
- Ռաֆոյի գործերը շատ չեն լավ: Ոնց որ ստամոքսի խոցը բացվել է, բերանից արյուն է գալիս:
Ռաֆոն ժպտում է երեխայի ժպիտով: Երեխա չի` ի՞նչ է, ընդամենը տասնինը տարեկան:
Երկու տարի կռվում է: Ջոկատի հրամանատար է: Լեյտենանտ:
Մանվելի ուսի վերքը մեկ տարեկան է և լուրջ բուժման կարիք ունի: Էլ «հետո»-ի տեղ չի մնացել: Վերքը չի փակվում:
- Ավտոմատս ընկերներս են բերում:
- Իսկ մարտի ժամանա՞կ:
- Մարտի ժամանակ,- Մանվելը թեթև քմծիծաղ է տալիս: Մանվելը շատ բաների մասին քամահրանքով է խոսում: Իր մասին էլ: Հաճախ հենց իր մասին, ոնց որ թե իր մասինը ուրիշի մասին է: - Մարտի ժամանակ ցավի զգացումը չի լինում, ոնց որ դու` դու չես, ոնց որ մեկ ուրիշը անում է ու դու նայում ես, թե ինչ է անում: Մարտից հետո մատիտն էլ չեմ կարողանում վերցնել:
- Մանվելը գնա բուժվի գա` մի գործ կա,- ասում է Ռաֆոն:
- Լա՞վ գործ է:
- Շատ ուժեղ:
Մանվելը բանակում ծառայել է հատուկ նշանակության զորամասում, ռուսերեն ձևակերպումով` «սպեցնազ»: Մեր շարժման լուրը լսել է ու եկել: Հրամանատարությանը չի էլ հայտնել, ինքնաթիռի տոմս է վերցրել ու եկել: Մանվելը Ներքին Հոռաթաղին շատ մոտիկ Դամիրլու գյուղից է, բայց աշխատել է Ներքին Հոռաթաղում: Գյուղի դպրոցում ֆիզկուլտուրայի դասատու է աշխատել, բայց գլխավոր գործը կարատեի խմբակ ստեղծելն է եղել: Գուցե Ղարաբաղում` չէ, բայց Մարտակերտի շրջանում առաջին խմբակը ինքն է ստեղծել: Բոլորին հորդորում էր, որ գոնե մի քիչ կարատե սովորեն: Կասկածողներին պարտադիր բացատրում էր` կյանք է, կարող է պետք գալ: Ու գալիս էին: Նրանցից շատերը հիմա կենդանի են, որովհետև մարտի ամենաանհուսալի պահերին կարատեի ձևերով կարողացել են վիճակից դուրս գալ: Ռաֆոն առաջին աշակերտներից է: Մարդիկ զգում էին վտանգը, թե ինչպես` նույնիսկ տարիքն առած մարդիկ հաճախում էին «Մանվելի գլուխկոնծիներին»:
- Իսկ դո՞ւ,- հարցնում եմ Մանվելին:
- Ոնց ասեմ, էն ամենից, ինչ տեղի էր ունենում, լավ հոտ չէր գալիս: Զգում էի, որ ուժի ժամանակներ են գալիս: Պարզ չէի պատկերացնում, բայց հասկանում էի, որ եթե ուժեղ լինես, քեզ կհարգեն: Նորից եմ ասում, գուցե չէի գիտակցում այդ ամենը, բայց վտանգի զգացողությունը չէր հեռանում: Անընդհատ լսում էինք, որ էստեղ կամ մի ուրիշ տեղ թուրքը հային ջարդել է, թալանել է, սպանել է: Պիտի կարողանաս պաշտպանվել, որ չթալանվես:
- Գնա բուժվի գա...,- Ռաֆոն իր խնդրին հետամուտ` միջամտում է զրույցին: Ինձ էլ հետաքրքրեց:
- Ի՞նչ գաղտնիք է, որ չեք ասում:
- Մանվելին պիտի նշանենք:
- Դրանից էլ լավ գո՞րծ:
- Քանի անգամ ցանկացել է նշանի գնալ, վիրավորվել է:
- Իրո՞ք, Մանվել:
- Էդպես է ստացվել,- քմծիծաղ տալով ասաց Մանվելը: - Մի բան որ ծուռ սկսվում է, ծուռ էլ գնում է: Պայմանավորվել էի մեկի հետ, որ իր մեքենայով գնանք նշանի: Սպասեցինք, սպասեցինք` չեկավ: Մեր ԲՄՊ-ն կանգնած էր, ինչքան տեղավորեց` նստեցինք ու ճանապարհվեցինք: Տղաներով: Գուցե պատերազմի էս պայմաններում ճիշտը դա էր:
Սակայն աստծո կարգադրությունն ուրիշ էր: 1992 թվականի ապրիլի 10-ն էր, Մարաղայի կոտորածի օրը:
- Ճանապարհ չընկած` հրաման եկավ` Մարաղային օգնության պիտի գնայինք: Ծաղիկները թափեցինք, տնեցոց իջեցրինք ու մենք ճանապարհվեցինք Մարաղա:
Տղաները կատակեցին` նշանդրեքը չփախավ, աղջիկը թող մի քիչ էլ մեծանա, վաղը կգնանք: Վաղը էլ չեկավ: Պատերազմի վաղը անկանխագուշակելի է: Մանվելը շարունակում է.
- Մինչև կհասնեինք, թուրքերը Մարաղան արդեն վերցրել էին ու շարժվում էին դեպի Հասանղայա: Մարաղան վառվում էր, թուրքերը մեքենաները դեմ արած թալանում էին գյուղը: Մեկը նույնիսկ մեզ խնդրեց, որ օգնենք մեքենան հրելու, չէր կարողանում գործի գցել:
Մենք ազերի օմօնականի զգեստ էինք հագել, չէին ճանաչել: Խմբում Սումգայիթից եկածներ կային, մեզ չմատնելու համար նրանք էին թուրքերին հարցնում-պատասխանում: Մարաղայի նմանը այլևս չեմ տեսել. փողոցներում փռված` դիակներ, կախված մարդիկ, թալանվող, վառվող տներ, մարդկանց ու կենդանիների ահաբեկված ձայներ, չես ուզում հավատալ, որ այս ամենն իրողություն է: Գերի մի հայ, մեզ տեսնելով, բարձր ասաց.
- Չեք տեսնո՞ւմ, որ թուրքեր են, ինչո՞ւ չեք կրակում:
Ստիպված մարտն ընդունեցինք: Երկու զոհ տվեցինք, ես էլ ծանր վիրավորվեցի: Ընկերներս մի կերպ ինձ հանեցին:
- Ուրեմն երկու տարով ուշացրին նշանը:
- Աղջիկը չի սպասել, ամուսնացել է,- Մանվելի փոխարեն բացատրեց Ռաֆոն:
- Ինչո՞ւ,- ու նայեցի Մանվելին:
- Լուրն ուրիշ տեսակ էր հասել, որ իբր անհուսալի վիրավորվել եմ: Մի ուրիշ լուր էլ, թե իբր Ալաշանի ծովում եմ մնացել: Մի խոսքով,- տհաճ այս զրույցը փակելու համար ասաց նա:
Մանվելի համար հավանաբար շատ ծանր է եղել: Ի՞նչ տղա պետք է լինի, որ կռվող տղայից աղջիկ խլի: Իսկ գուցե աստծո կարգադրությամբ Մանվելը վիրավորվել է, որ անարժան աղջկան կին չառնի: Աստծո միտքն անքննելի է:
- Ես չեմ մեղադրում աղջկան: Ինչո՞ւ պիտի սպասեր: Հիմա էնքան քիչ ենք մնացել, որ... Կռվող զինվորի ճակատագիրը ո՞վ է իմանում...
Իսկ ես մտածում եմ, թե ամեն մի ողբերգություն ուրիշ շատ ողբերգություններ է ծնում: Մարաղայի ողբերգությունն էլ...




ՏԱՐԵՄՈՒՏԻ ՆՎԵՐ

Տանկային գումարտակի հրամանատար Մխոն կարգադրություն էր արել, որ Նոր տարվա համար մի «պուճուր» պատրաստություն տեսնեն եւ ինքը գնացել առաջին գիծ: Գնամ իմ աչքով ստուգեմ` գամ: Սամոն հրամկազմին նախօրոք հավաքել էր ու Գլխավորի հրամանը կրկնել է եւ իրենից էլ ավելացրել` չլսեմ, թե առաջին գիծ օղի-մողի է տարվել:
Մինչեւ Նոր տարին շատ ժամանակ կար, կհասցնեմ գնամ` գամ: Խմիչքի եւ մսի կարգադրությունն անձամբ արել է, մանր-մունր բաներն էլ թող իրենք ֆայմեն, կարելի է մեկին ուղարկել Խաչենագետ՝ ձկից-բանից բերելու: Թուրքերի կողմերում միշտ շատ աղավնի է լինում: Թե ինչու թուրքը էդ արդարի միսը չի ուտում` չես հասկանում: Սեղանին աղավնու միս լինի` վատ չի, շատ լավ է: Մխոյի միտքը ուրիշ տեղ գնաց, Քռին հասած լինեին` կարելի էր Քռի ձուկ էլ ունենալ: Անտեր գետում ինչ լինում է` համով է լինում: Ամառը թուրքի ետեւից չէինք հասնում, հարձակումը դադարեցնելու հրամանը չլիներ, կարելի էր մինչեւ Քուռ հասնել: - Շատ հանգիստ կհասնեինք,- մտքում հաստատեց, ապա ձեռքը թափ տվեց` ինչ եղել է` եղել է: Իսկ թուրքը Նոր տարվա վրա կարող է գործողություն սկսել, նրանից անսպասելի բաներ միշտ սպասի: Պատերազմի օրենքն է: Այս մտահոգությամբ Մխիթարը... Ինչո՞ւ ոչ մեկը, ինքն էլ դրանց մեջ, իր անունը լրիվ չի ասում, անքեն մտածեց նա։ Ե՞րբ էր, լավ չի հիշում երբ, բայց Աղդամը դեռ չէին վերցրել, երեկ չէ՞ր, երեկ էր, էլի, հեռախոսով մի աղջիկ զանգել էր եւ լավ գրական հարցրել.
- Ներեցեք, ես Մխիթար Ավետիքյանին եմ խնդրում:
Մի պահ Մխոն շաղվել էր, կարծես ուրիշի մասին էին հարցնում, հետո անակնկալի եկած ասել.
- Հա՜, Մխոն ես եմ:
Աղջիկը նույն սիրուն լավ ձայնով հարցրել է, մի տեսակ խնդրելու պես.
- Կարո՞ղ եմ Ձեզ հետ հանդիպել։
Մխոն իրեն լավ է զգացել, անսպասելի եկած իր կարեւորության զգացումի ձայնով ասել է.
- Կարելի է։
Ոնց որ թե ուզենալով-չուզենալով է համաձայնվել, այսինքն թե` եթե շատ ես ուզում... ինչ կա որ, կարելի է։ Աղջիկը նորից հարցրել է.
- Իսկ որտե՞ղ կարող եմ Ձեզ հանդիպել։
Ձեզ-ը այնպես էր ասել, ոնց որ թե մեծատառով գրած։ Մխոն այստեղ հիշում է, որ իրենք գտնվում են «պատրաստություն թիվ 1»-ում, հրամանատար Սամոն մի երկու օր առաջ հավաքել էր իրենց եւ «նեղ շրջանի» համար հրամանի նման հայտնել` սպասեք հրամանի, էսօր-վաղը գնում ենք Աղդամի վրա։ Մխոն էսքանը հիշել է ու մոլորվել «պատրաստություն թիվ 1»-ի եւ աղջկա սիրուն լավ ձայնի արանքում` համաձայնվի՞, թե՞ չհամաձայնվի։ Տղաների հետ խորհրդակցեց ու որոշեց, որ մի քիչ թղթակցուհին մոտենա «գծին», մի քիչ Մխոն ընդառաջ գնա, այնքան ընդառաջ, որ ռազմական կարգադրությունը չխախտվի եւ եթե հրաման «իջնի», կարողանա տեղում լինել։ Հանդիպել են առաջին գծին մի քիչ մոտիկ մի տեղ։ Թղթակցուհին` ջահել, պուճուր-մուճուր մի աղջիկ` մի երեսունութ կիլոյի չափ` մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց հարցեր էր տալիս իր քաշից ծանր եւ որպեսզի կարողանա տակից դուրս գալ եւ գաղտնիքներ չասել, Մխոն սկսել էր քրտնել։ Որոշ հարցերի էլ ձեռքը թափ էր տվել, այսինքն թե` կարեւոր չի ով է արել, միասին են արել։
Մեկ տաս` երկու ուզի։ Թղթակցուհին կպել էր, թե ուզում եմ լինել առաջին գծում։ Տղաները գիտեն, բոլորն էլ գիտեն, որ Մխոն սրտից մի քիչ բարակ է, բերանում «չէ» խոսքը չկա։
- Լավ էլի, պարոն Ավետիքյան, շատ եմ խնդրում, լավ էլի...
Մխոն չի կարողացել թղթակցուհուն մերժել, իր հետ վերցրել է առաջին գիծ, մի ամբողջ օր պահել, հետո... Հետո ինչ, լուրը հասել է հրամանատարի ականջին. «Ալինկոյի» էն ծայրից հրամանատարը ասել է...(բանավոր խոսքի էդ տեսակը չի գրվում, դրա համար էլ բաց է թողնվում), եթե մինչեւ կես ժամը էդ...(էս մասն էլ է բաց թողնվում), եթե ետ չուղարկես, լսո՞ւմ ես, եթե ետ չգա, նրա փոխարեն... (լրիվ բաց է թողնվում)...
Մխոն լավ գիտի, որ հրամանատարի բերանը բահով ճղած է, մեկ ուզում էր նրա ասածները ետհասցե ուղարկել, բայց մեկ էլ չուզեց, որովհետեւ, առաջինը, ընկերներ են, հետո հրամանատար է, հետո էլ` թղթակցուհու ներկայությամբ ճիշտ չէր լինի։ Ինչ որ է, Մխոն թղթակցուհուն անմիջապես ուղարկում է Ստեփանակերտ` բացատրելով, արդարանալով, որ ինքը ռազմական խախտում է կատարել, ներող եղիր, մի հարմար ժամանակ` խնդրեմ, ինչքան ուզում ես` մնա։ Ճիշտը լավ է, Աղդամի գործողությունները չլինեին, հրամանատարը Մխոյին կդարձներ կատվից էլ փոքր...
Մխոյի հետ միշտ նման մի բան պատահում է։ Դա որ ճիշտ է։ Նոր տարվա էս պատմության նման։
Մեկը կարծես հետեւից քռի էր տալիս, թե` գնա: Գնաց եւ անտեր ու անտիրական մի արկ` անտեր որ անտեր, ամեն ինչ խաղաղ էր, ոչ էս կողմից, ոչ էն կողմից կրակոց չկար ու անտեր-անտիրական արկը` ահագին էլ հեռու, պայթեց, եւ ինքը չհասցրեց պառկել, այսինքն` ուշացած պառկեց, բայց զգաց, որ ամոթ չլինի, հետեւից տաքացավ: Վա՜յ, քո տիրուհերը, ոնց որ թե վիրավորվել եմ: Հետո մեքենայում զգաց, որ ձեռքն էլ է թուլանում: Էս էլ թուրքի Նոր տարվա նվերը,- Մխոն մտքում հայհոյեց շանորդի թուրքին,- դու դեռ ինձնից կուտես,- ու դառնացավ, որ ընկերներով Նոր տարի չի անելու: Տարվա մեջ մի անգամ առիթ է լինում հավաքվել. կամքդ թուլացնում ես, մի բաժակ, երկու բաժակ ընկերովի խմում, խմելը միշտ էլ կարելի է, Աղդամի գինու գործարանը իրենք են վերցրել, խնդիրը դա չէ, այլ տոնականի ձեւով, ընկերական մթնոլորտում, ասելով-խոսելով, ջանուղուրբանով նստելը, թե չէ սրա-նրա վրա գոռում, գոռգոռում ես, քեզնից անկախ քֆռտում, ուշունցով խոսելն էլ դարձել է սովորություն.- վարժուհի կինն ասաց` դպրոցում հետաքրքիր միջոցառում կա, գնանք, Մխոն հավես չուներ, ասաց` զահլա չկա,- կինը որ կպչում է, պոկել չի լինում, գլուխը էնքան արդուկեց, որ ասաց` լավ։ Միայն մեկ անգամ հագած կոստյումը կինը հանեց պահարանից, մանրամասն լավ արդուկեց ու ասաց` քեզ լավ սազում է,- էսպես զուգված-զարդարված գնացին միջոցառմանը։ Չգնար` լավ կլիներ, ներս մտնելուն պես, ծանոթ-անծանոթ թափվեցին գլխին, թե քո մարտական կյանքից պատմիր, որպեսզի նոր սերունդը իմանա` դաստիարակվի,- Մխոն ինչ պիտի պատմեր, կռվի մեջ չիրուչամիչ չեն բաժանում, հավաքվածները խնդրեցին, գոնե մի դրվագ պատմի քո մարտական կյանքից,- Մխոն հիշեց գերի թուրքին,- թե ինչու հենց էդ դեպքը հիշեց,- Ֆիզուլու կողմերում էր. մի թուրք, թե ինչպես` ինքն էլ չհասկացավ, տանկի առաջն էր ընկել, նապաստակի նման փախչում էր, սա վազում է տանկի առջեւից, տղաները նրա ետեւից, էսպես մի ահագին ծիծաղեցին-լղոզվեցին, մի ահագին չարչարեցին, հետո ձանձրացան, իջան տանկից, սա չոքեց թե.
- Ղուրբան օլըմ...
Տղաներից մեկը` լավ կռվող էր նա, Սումգայիթից էր, նա մի քանի անգամ խզակոթին տվեց, էս բոզի տղան էլ, վախից էր երեւի, տակին... Կինը ոտքը կոխեց, ինքն էլ լեզուն կծեց, բայց արդեն ուշ էր,- հավաքվածներից մի քանիսը փռթկացրին, հետո խորով տվին ծիծաղեցին, քռքռացին,- Մխոն քրտնած, կարմրատակած դուրս եկավ դահլիճից, ասաց` մի ծխախոտ ծխեմ, պատճառ բերեց եւ իրեն հանեց դահլիճից դուրս։
Իսկ նոր տարին պիտի լավ դիմավորել, հազարից մեկ ուզում ես մարդավարի նստել եւ բոզի տղա թուրքը վիրավորում է ու դու պիտի... Մխոն երեխայի պես անկեղծ մղկտաց` չլիներ, էլի... Իսկ տղաները երեւի իրար են խառնվել, չնայած պինդ ապսպրել էր, որ ամեն մեկը իրա տեղում լինի: Ասել էր` Նոր տարին անպայման արեք, ինչպես կարգն է, միայն համը չհանեք...
Մխոյի վիրավորվելու մասին Մարտինը լսել է գնդի շտաբում ու իրեն գցել պատահական «ԿՌԱԶ»-ը ու մինչեւ հասել է Ստեփանակերտ, իրենն իրեն էր հասել: Իր հարյուր կիլոն մի աչքաճպելում հոսպիտալի առաջին հարկից հասցրել էր երկրորդ հարկ, բացել հիվանդասենյակի դուռը.
- Մխո՜, ախպե՜ր, էդ ո՞նց է եղե՜լ...
Ոտքերը մի քանի տեղից ծալվել են, լեզուն փալթ է ընկել ու կապվել, միայն առաջվա ասածն է կրկնել.
- Ո՞նց է եղել, է՜...
- Եղածը եղել պրծել է:
- Խոսելաձեւին նայի,- մտքում վրդովվեց Մարտինը,- իրա համար հանգիստ վիրավորվում է, եւ տանջվողը մենք պետք է լինենք:
Իսկ բարձրաձայն ասել է.
- Մինչեւ դու կիմանայիր, ես արդեն գիտեի, որ շուլուղներ ունես, բայց կատակդ մի կողմ` եղածը կարգին պատմիր:
Մխոն ձանձրանալու պես պատմեց, իսկ վերջում խեղճացած ասաց.
- Էդքանը ոչինչ, էլի, պոկածը կաճի, բայց քո նվիրած տրուսիկն է ափսոս, զիլբա-զիլբա է դառել,- եւ գլխատակից հանելով թերթի մեջ խնամքով փաթաթած կիսավարտիքը, մեկնեց եղբորը:
Հիվանդասենյակում մի ծիծաղ պայթեց, ծակծկոտած կիսավարտիքը ձեռից ձեռ էր անցնում.
- Էդ մեծության կարկատան գտնվի, կարելի է հագնելի դարձնել:
- Արդար արյամբ ներկված դրոշակ է:
- Կարելի է թանգարան տանել:
Աղմուկի վրա հիվանդասենյակ մտավ հերթապահ բժիշկը: Իմանալով ինչումն է բանը, ասաց.
- Դրա համա՞ր էիր խնդրում, որ կիսավարտիքը դեն չգցեմ:
- Բժիշկ ջան, ախպերս ինձ համար Մոսկվայից էր բերել, ծննդյանս օրը չէր մոռացել:
- Մի անգամ էլ դու կգնաս Մոսկվա, քեզ համար էլ կբերես, եղբայրներիդ համար էլ:
- Անկարելի է:
- Ինչո՞ւ:
- Գնացքները չեն աշխատում: Ինքնաթիռով անհնարին է:
- Էդ մեկը չհասկացա:
- Բժիշկ ջան, մարմնիս մեջ կես կիլոյի չափ մետաղի կտորներ կան, մի քանիսն էլ էսօր ավելացրի, օդակայանի ստուգման ժամանակ էդ անտեր ապարատը ցույց է տալու:
- Բան չկա, բժշկական վկայական կտանք:
- Իսկ կանցնի՞...




ԻՍԿ ԼՈՐԵՆՑԸ 14 ՏԱՐԵԿԱՆ ԷՐ

Ո՛վ բարեկամներ, ողորմեցե՛ք ինձ,
ողորմեցե՛ք ինձ, զի Աստծո ձեռքը դիպել է ինձ։
ՀՈԲ

1992 թվականի ծանր ամառն էր։ Ազերի թուրքը հասել էր մինչեւ Մաճկալաշենի մատները։ Ուժերն անհավասար էին, վիճակը՝ օրհասական։ Թշնամին Ղաջարից տանկերով ու զրահամեքենայով, հորդացող զորքերով հախուռն գալիս էր, որպեսզի իր ընթացքը խանգարող ամեն բան ճարակ դարձնի։ Քսանչորս մաճկալաշենցի քաջեր իրենց կուրծքը դեմ էին արել էդ կրակի հեղեղին։
Ստեփանակերտից իրավունք եկավ՝ եթե հնարավոր չէ գյուղը պահել, կարող եք նահանջել։ Հրամանատար Մելքումյան Արմենն ուսը հենել է թաց խրամատին եւ տապակվում է մտքերի մեջ՝ չի իմանում, թե իր ծնված տեղը ինչպես պիտի հանձնի ազերի թուրքին. գյուղի կողքին Ամարասա վանքն է. ամեն օր Քարամյան Ռազմիկը գնդակների տարափի տակ բարձրանում է վանքի զանգակատունը ու զանգերը տալիս։ Որ Մաճկալաշենը տա, ուրեմն Խազազ սարն էլ է տալու, ամբողջ Ամարասն էլ է տալու ու էդպես իր բաժին աշխարհը պրծնելու է իր համար։ Մելքումյան Արմենը տապակվում էր այս մտքերի մեջ ու չէր կարողանում մի վճիռ կայացնել. կամ քսանչորսով պիտի կործանվեն, կամ գյուղը պիտի հանձնեն։
Տղաներին հավաքել է գլխին ու բացատրել։
- Մաճկալաշեն տվողն Ամարասն է տալիս։
Այս խոսքը հրամանատար Մելքումյան Արմենն է ասել, բայց մեկ ուրիշ կասկած սողոսկել է սիրտը՝ եթե հանկարծ ուժերը չպատեն, ժողովրդի վիճակն ի՞նչ է լինելու։ Հարցի ծառս հանած կսկիծը հրամանատար Արմենի սիրտը տեղահան էր արել, նա պարզ պատկերացնում էր, թե ինչ է լինելու Մաճկալաշենի մեծուփոքրին, եթե Ղաջարի թուրքը մտնի Մաճկալաշեն։ Վերեւից եկած հրահանգով ամեն գյուղի ժողովուրդ պիտի մնա իր տեղում։ Այս ծուռ կարգադրությունն ինչպե՞ս բեկանի։ Մնա՞, թե՞ չմնա՝ այս մտատանջանքի կտտանքները նորից շուրջկալի մեջ են առել ջահել հրամանատարին։
- Ժողովրդին պետք է դուրս բերել,- միակամ ասել են տղաները, եւ նրանց այս խոսքերը ոնց որ հրամանատար Արմենի ուսերից սեւ ջաղացքարը վերցնեն։
- Էլ Էն տեղը չի, ժողովրդին դուրս բերել է պետք։
Լուսադեմին մարդիկ ձգվեցին Մաճկալաշենից դուրս եկող ճանապարհներով։ Արտասուքն ու պաղատանքն էր ուղեկցում փախստական դարձած մի ողջ ժողովրդի։ Երեկոյան կողմ գյուղը դարձավ ամայի, մեռյալ լռությունն անեծքի պես ծանր նստեց գյուղի ու շրջապատի վրա...
Գյուղի պաշտպան քսանչորս տղաները նայել են գյուղից հեռացող իրենց հարազատներին ու տապակվել ներսում։ Մեկը փորձել է ծխախոտ վառել, բայց դողացող մատները լուցկու հատիկը չեն կարողացել պահել, մյուսի մատները չրթչրթացել են բռունցքի նեղվածքներում, ղրճտացող ատամից ցլեփ է պայթել, թառանչի հետ անվայել հայհոյանքը ճայթել է ավտոմատի չոր կրակոցի պես, ու այդ պահին ոչ ոք չի իմացել, որ անբարբառ երդում են ուտում, որ կմեռնեմ, բայց Մաճկալաշենը չեն տա։ Էդ երդումը ձեւակերպվել էր թուրքի օխտը պորտը տակն ու վրա անող խոսքով՝ թուրքի վարյոխը...
Քսանչորս զգայուն տղաներ խոնավացած աչքերով նայել են հեռացող իրենց հարազատներին ու վճիռը կայացրել...
Իրիկնադեմին քանիերորդ գրոհը ետ տալուց հետո հրամանատար Արմենը երկու հոգու ուղարկեց, որ գյուղից հացուջուր բերեն։ Տղաները երկուսով գնացին եւ շուտով երեքով վերադարձան։ Երբ շատ մոտեցան, ճանաչեցին Արսեն բիձունց Լորենց թոռանը։
- Լորենց, էդ դո՞ւ էս։
Լորենցը համեստ կանգնել է լուռ։
- Ա՛յ տղա, դու ինչո՞ւ չես գնացել, էդ որտե՞ղ էիր մրափել, որ չես իմացել, որ գյուղը դուրս է գալիս։
Լորենցը նորից բերանը ջուր առած լուռ է մնացել։
- Իմացե՞լ ես։
- Իմացել եմ։
- Որ իմացել ես, ինչո՞ւ ես էստեղ։
- Չեմ գնացել՝ դրա համար։
- Իմ հարցն էլ դրա մասին է, թե ինչու չես գնացել։
Տանի ու բերի երեխան ի՞նչ ասի։ Ասաց.
- Եթե գյուղից դուրս եկա՝ էլ վերադարձողը չեմ։
Ասել է վճռական ու ստույգ, ոնց որ ստույգ է էն քսանչորսի աչքի առաջին կանգնած սաքուլ երեսով էս խոխան։
Հրամանատար Արմենը շփոթվել է, մյուսները զարմացած աչքները չռել են, հետո բոլորը լայն ժպտալով հրամանատար Արմենի բերանով ասել են.
- Որ մնացել ես՝ մնա։
Հրամանատար Արմենը հասկացավ, որ իրենք քսանչորս չեն, քսանհինգ են։
Դա եղել է 1992 թվականի հուլիսի 28-ին։ Հետագայում հայրենիքի տասնչորսամյա զինվորը մասնակցել է Մաճկալաշենի մեծ ճակատամարտին, երբ Ղաջարի թուրքի մեջքի հոռը մի օրում կոտրեցին. տասնչորս տեխնիկայի մի մասը ոչնչացրին, շատ ավար վերցրին, թուրքի տասնյակ լեշեր փռեցին Ամարասի հողում։
Այդ օրվանից անցել է երկու տարի. Լորենցի մատաղ սիրտը քանիցս մղկտացել է կողքին զոհված մարտական ընկերների համար, գլոր-գլոր արտասվել է զոհված հոր մահվան բոթն իմանալով։ Բայց վառվող երեսը հովացել է, ոնց որ Խազազի սարից եկած իրիկնադեմի քամուց է հովանում, երբ իր առաջին ազերի թուրքը փախել է, երբ իր ավտոմատից արձակած գնդակից շուն թուրքը դիտապաստ փռվել է։ Իր կյանքի տասնվեց տարում՝ երկու տարվա մարտական ճանապարհ է անցել, 1992-ին Ղարաբաղի համար փրկել է Մաճկալաշենը։ Տասնչորս տարեկանում Լորենցը կատարել է իր կյանքի գլխավոր քայլը, ասելով.
- Եթե հեռանամ, էլ վերադարձողը չեմ...
Դա միայն ընտրյալներին է վիճակվում։




ԱՄԱՐԱՍԻ ԶԱՆԳԵՐԸ

Հակառակիր, Տեր, ինձ հակառակորդների
հետ եւ կռվիր ինձ հետ կռվողների հետ։
  ՍԱՂՄՈՍ ԼԵ

Ամեն առավոտ, մութն ու լույսը դեռ չբաժանված, Ամարասի զանգերը սկսում են ղողանջել։ Ազնիվ պղինձը ծավալվում է հովտի շեներով՝ Մաճկալաշենից հասնում է Սոս, այնտեղից՝ Քերթ ու Քարահունջ, ապա Կոլխոզաշեն է հասնում, մյուս թեւից ալիք է տալիս դեպի Հերհեր ու Ծովատեղ, հասնում բարձրանիստ Խերխանը։ Մարդիկ լռելյայն աղոթքի բառեր են ասում՝ Տեր, դու մեր հակին կաց, մեր ծանր բեռը թեթեւացրու, որ կարողանանք մեջքներս շտկել։
Աստծո ամեն առավոտվա մութուլուսին ղողանջում են Ամարասի զանգերը, ու Մաճկալաշենից մի քանի հարյուր մետրի վրա դիրք բռնած ազերի թուրքի ավտոմատը ճարճատում է։
Բռնկվում է անիրական մենամարտ՝ կափկափում է ավտոմատը, մյուս զենքերն են հոխորտում ու կաղկանձում, ցանկանալով խլացնել Ամարասի զանգերի ահագնացող ղողանջները։ Գուցե ցանկանում են խոցել հանդուգն հային, ուր զանգակատան տեսանելի բարձունքից քաշում է զանգերի քողը, ու զանգերը լեզու են առնում ու սկսում խոսել Ամարասի ծխացող շեների հայ շինականների հետ։
Առավոտյան մուժում ավտոմատի բերանին կարմիր կրակ է բռնկվում, ապա շաչելով գնդակը զարկվում է վանքի պատերին, բախվում պարիսպիներին, խոցում զանգակատան կամարները։ Իսկ զանգերը շարունակում են ղողանջել։ Խազազի սարից պոկված զղզղան քամին նվիրական այդ ձայնը տանում է հովտի բոլոր շեները, այնտեղից հասցնում Գանձասար, Գտիչ վանք, ու միանգամից Արցախի բոլոր զանգերը ձայն-ձայնի տալով՝ իրենց որդկերանց հանուն հայրենյաց ոգեկոչման հրավերք են անում։
Ո՞վ է այն խիզախ տղան, որ թշնամու գնդակի տակով անվախ անցնում է ու քաշում զանգի քողը՝ դի՜իմ-դո՜ոմ, դի՜իմ-դո՜ոմ...
Դիրք բռնած հայ ազատամարտիկը, որդուն օրհնանքով կռվի դաշտ ճանապարհած հայ շինականը, Ամարասի ողջ ժողովուրդը Աստծո ամեն առավոտ անձկալից սպասում են, որ ահա Ամարասա զանգը կխփե եւ օրը բարին կլինի։ Ծերացած այան երեսին խաչ է հանում՝ սուրբ Աստվածածին, մեր խոխոցն անփորձանք պահես, զինվոր տղան հագեցնում է փամփշտակալը ու հորից սովորածով թքում բռան մեջ, կարծես պիտի մտնի խոտհարի շարը, բահը պիտի խոր խրի հողը, հողի հետ ամեն օրվա իր գործը պիտի շարունակի։ Հիմա գործը թուրքին ետ տալն է, գործիքն էլ Կալաշնիկովի ավտոմատն է։
- Դիի՜մ-դոո՜մ, դիի՜մ-դոո՜մ...
Ղաջարից, Երասխի ափամերձ կարակոյունլուներից եւ աղկոյունլուներից, Ադրբեջանի հեռավոր խորքերից եկած ազերի թուրքը չոքել է հովտի մերձակա տափերում եւ ուզում է լռեցնել Ամարասի զանգերը։
Մաճկալաշենի զենքի ընդունակ տղամարդիկ, Սոսից, Ծովատեղից, հեռու Ավետարանոցից, մյուս շեներից եկել են, որ սելավի առաջն առնեն։ Անսուտ երդում են կերել, ասել են՝ ամենաթանկն էս աշխարհում մարդու կյանքն է, մենք մեր կյանքը կտանք, բայց Ամարասը չենք տա, ամեն մեկս իր շենումը ծնող ու երեխա է թողել, նպատակ է թողել, պիտի պաշտպան կանգնի։ Ասել են՝ թե ճակատագրի բերումով մենք մեր նպատակը չտեսնենք, մեզնից հետո եկողները պիտի տեսնեն ու ազատ ապրեն։ Գուցե այս խոսքերը չեն ասվել, բայց վճիռը եղել է ստույգ ձեւակերպված՝ մարդու մեր էս տեսակը հազար տարի սովորել է Ամարասի ոսկեհատ հողին, էս հողն էլ մեզ է վարժված։
Գնդակների տարափից խուսափելով, իրեն հայտնի տեղերով, որ տեղից ինչ ժամանակում անցնելու, որտեղ տապռ կենալու ստույգ որոշվածով Ռազմիկն իրեն գցում է խրամատ, շունչ առնում, որ սրտի բախոցը հանդարտվի, թեւքով սրբում ճակատին դուրս տված քրտինքը, ճառագող ժպիտը երեսին ասում.
- Պակասը մի հարյուր տուփ փամփուշտ են թողել։
Ռազմիկը մաճկալաշենցի Գրիգորյան Ռազմիկն է։ Նա մտածել է պարզ՝ թուրքի փամփուշտը շատ է, իրենցը քիչ ու որոշել է էսպիսի ձեւով թուրքի փամփուշտը քչացնել։ Գուցե միամիտ որոշում է, բայց գուցե, իրոք, օդն արձակված էդ հազարավոր փամփուշտներից մեկը պիտի խոցեր մեր տղաներից մեկին, գուցե Ամարասի զանգերի ամենօրյա հոլովը վախ է մտցրել թուրքի սիրտը ու հայի վրա կրակելու միջոցին ձեռքը դողացել է, գուցե կասկածը մի պահ սողոսկել է մեր մի վհատի սիրտը, եւ զանգը զորացրել է այն հավատը, որ Ամարասի հովտում ապրելու իրավունքը հավիտյանս հավիտենից իրենց է կտակված։
Գուցե էդ բոլորը միասին ճիշտ է ու հավաստի։
Մաճկալաշենցի Ռազմիկը մութուլուսին քաշել է Ամարասի զանգի քողը, նրա հղացումով՝ որպեսզի թուրքի փամփուշտը պակասի, իսկ Ամարասա շինականների ընկալմամբ՝ հավատի եւ հաղթանակի հույսի զորացման հանգանակն է ավելացրել...




ՄԱՏԱՂ

Դո՛ւք չէ, որ պիտի խոսէք, այլ՝ 
Սուրբ Հոգին։
ՄԱՐԿՈՍ

Այն որ գնում է եւ լաց լինում՝
ցանելով սերմը տանելով, գալով կգա
ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը
բերելով։
ՍԱՂՄՈՍ ՃԻԶ

Հողի ծոցը ճաք է տվել, ու էդ ճաք տված տեղում մեր ջահել տղաներին ենք դնում։ Ծաղկած ապրիլ է, ապրիլի տեսակ-տեսակ ծաղիկները տանում ենք դնում մեր ջահելների շիրիմներին։
Գլխակեր ապրիլ է։
Մայրը երկրորդ անգամ որդի է դնում հողը։ Աչքի ակը ցամաքել է, սրտի հեռը չորացած բառերով է ասում։ Ասում է՝ ա՛ ժողովուրդ, իմ խոխան շենի երկրորդ զոհն է։ Առաջին անգամ որ եկել են շենի վրա, Կոմիտասն առաջ է ընկել։ Չեմ թողել, ասել եմ՝ ջանիդ մատաղ, ուզում եմ, որ գնաս, բայց ձեռքիդ զենք չկա։ Ասել է՝ որ գնամ, այնտեղ լինելու է։ Լավ է արել, որ գնացել է։ Ասել է՝ միայն թե մեր աղջիկ երեխան շենից դուրս բերեք։ Քրոջ մասին է մտածել, իսկ ինքը գնացել է։ Հրամանատար Մելքումյան Արմենը կարգադրություն է արել, որ շենի կին-երեխան դուրս բերեն։ Մենք դուրս ենք եկել, բայց հարայը եկել է, թե Կոմիտասին խփել են։ Ետ եկել եմ։
Կոմիտասս հինգ եղբոր ամենափոքրն է եղել։ Ասել եմ՝ ա՜ ժողովուրդ, էս մինս Ղարաբաղի հողին մատաղ։ Ասել եմ, սուտ չի եղել, բոլորդ էլ լսել եք, ասել եմ՝ Կոմիտասս՝ մեր Ղարաբաղին մատաղ։ Մենակ խոխաս պսակված չի եղել, էս աշխարհից կարոտ է գնացել։
Ասել եմ՝ Կոմիտա՜ս, բայց Կարենիս համար եմ լաց եղել, ասել եմ՝ միայն թե իր երեխայի վիզը ծուռ չթողնի։
Քսաներեք տարեկան է եղել Կոմիտասս, ասել եմ՝ էս մեկը մատաղ եմ տալիս։ Ասել են՝ ասիլ մի, Աստծուն վատ կթվա, բայց ես ականջ չեմ կալել, ասել եմ։
Հիմա էլ Կարենս է էսպես եղել։ Ա՜ ժողովուրդ, ի՞նչ ասեմ, որ եղել է՝ եղել է։ Թող վերջինը լինի։ Բոլորն էլ լավ են, իմից էլ լավ։ Իմ երեխաներն ինչքան լավ են, ուրիշներինն ավելի լավ են։ Ամեն մեկն իր համար լավ է, ամեն մեկը իր համար մադար է։
Շատ լավ գործեր է արել իմ խոխան, բոլորն իմանում են, ինչ որ պետք է՝ արել է, ինչ որ ձեռքիցը եկել է՝ արել է։ Իմ կաթը հալալ լինի։ Մեր հողը, մեր շենը, մեզ պաշտպանել է։ Ընկերներով է պաշտպանել։ Լավ ընկերություն է ստեղծել, ինքը լոխճին հարգել է, լոխն էլ իրեն են հարգել։ Սրանից հետո էս չտեսնենք։ Ո՛չ տեսնենք էս կրակը, էս անգրելի ցավը։ Իմ երկուսը մեր շենին, մեր ժողովրդին հալալ։
Սրտանց եմ ասում՝ էսօրից հետո ոչ մեկի մազը չծռվի։ Ձեր գլխովը շուռ գամ, ինչ որ անում եք, մտածված արեք, որ ուզում եք մի բան անել, գուցե մի վտանգ կա, ընկերից հարցրեք, կարող է ընկերը փորձել է՝ վատ է եղել։ Իրարից հարցուփորձ արեք։ Ինչքան կորցրել ենք՝ հերիք է, շատ է։ էդպես արեք։
Ես կմոռանա՞մ, գիշերը խոխիս ընկերները շարվել են Կարենիս չորս կողմը, ես ասել եմ՝ վերջին անգամ խոխիս կողքովը պառկեմ, բայց ամաչել եմ, ընկերները չորս կողմը նստած են եղել։ Հալալ լինի իմ խոխիս հարգանքը։
Կարենիս երեխային մեծացնելու եմ, մի հայկական աղջիկ եմ շինելու։ Կարենս գիտի, որ իր հայրն էլ, մայրն էլ անելու են, նշանածն էլ ինձ համար հարս չի լինելու, աղջիկ է լինելու։ Հարց եմ տվել Կարենիս, ասել եմ՝ Կարեն, Քարահունջից բերած էդ աղջկա վիզը ծուռ չթողնես, որ քո գլուխը մի բան գա, ես ի՞նչ պիտի անեմ։ Բալաս ասել է՝ Ղարաբաղում հազարավոր Նունե կա, նրանք ինչ որ անեն, թող ինքն էլ նրանց նման անի։
Շնորհակալ եմ, ձեր ներկայությունն ինձ համար մխիթարություն է։ Գիշերը ժամը երեքին են բերել իմ խոխին, ժողովուրդ չի եղել, լուցկին վառել ենք, դրել ենք էստեղ։ Ես շնորհակալ եմ, որ էսքան ժողովուրդ է եկել, իմ երկուսը ժողովրդին հալալ լինի։ Հողը թող թեթեւ լինի, ուշքները ետ չպահեն։
Շնորհակալ եմ բոլորիցդ էլ։
... Գարնան ապրիլի ճաք տված հողում են դրել մի նահատակ եւս։ Մաճկալաշենցի մայրը դողացող շրթունքը բացել է ու էս խոսքերն ասել։ Որդեկորույս մոր էս խոսքերն ուրիշ տեղ չփնտրեք։ Արցախի մայրն արգանդի գալարվող ցավը կաշկանդել է ներսում, իրեն հավաքել բռան մեջ, սրտի մղկտանքը թարգմանել էս խոսքերով ու ասել։ Դժվար ասվող Աստծո կենդանին էս խոսքն է ասել...




ՊՈՒՏՈՒՆՑ ԱՐԱՄ

Նրա համար քեզ գրգռեցի, որպեսզի
ցույց տամ իմ գոյությունը քո մեջ։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼ

  Լվա ինձ՝ եւ ձյունից սպիտակ կլինեմ։
 ՍԱՂՄՈՍ ԾԱ

Ժողովուրդը խառնիճաղանջ բարձրանում է Կոլխոզաշենի դիքով։ Ով ինչքան կարողացել է, խելքը կտրածը վերցրել է, հեռանում է գյուղից։ Կոլխոզաշենը կուպար արած էս ճանապարհը հիմա նրանց տանում է մթին անհայտություն, գնացողը չի իմանում ուր է գնում եւ երբ է վերադառնալու։
Էդ օրը ե՞րբ է լինելու...
Պուտունց Արամը ժողովրդին խառնված, իր կեղեւի մեջ միայնակ ծանր քայլ է գցում, կամքը տվել է անհոգնել ոտքերին, իսկ միտքը գնացել է հեռավոր օրեր ու էդ հեռավորությունից գալիս է մինչեւ էս սեւումթին օրը։ Հիշողության լախտերը շալ են գալիս մեջքին, ուզում է պոկել իրեն հեռ ածող մտքերից, հնարավոր չի լինում։
Կյանքում գյուղացու անկիրակի օրուտարի է արել, տուն ու ընտանիք մեծացրել, երեխաներին շահացրել,- երեխան թռչունի ճտան նման հենց սովորում է թռչելը, թռչում-հեռանում է, իր նոր բույնը հյուսում,- էսպես Պուտունց Արամը երեխաներին շահացրել է, բայց հիմա էլ ինքն է սրտատած թռչնի նման հեռանում իր ձեռքով շինած բնից։ Ճակատագիր գրողի կուռը կոտրի՝ տնքաց Պուտունց Արամը եւ հեռ եկող մտքերի նման քայլքը արագացրեց։ Նկատելով, որ ժողովրդից առաջ է անցել, ոտքը նորից կախ գցեց, որ ետ մնացածները հասնեն իրեն։
Հրամանատար Արմենն ասել էր՝ կին ու երեխա, մեծերը կարող են գյուղից դուրս գալ։ Բայց հրամանատար Արմենն ասել էր, որ մնալ ցանկացողն իրավունք չունի մնալ։ Պուտունց Արամը փորձեց հիշել, թե ում խորհրդով է իր որոշումը կայացրել, չկարողացավ։ Էս ո՞ւր եմ էսպես մազապուրծ փախչում՝ անհրավեր էս հարցը նրան գիրթ մեխեց տեղում։ Հրամանատար Արմենն անձամբ քեզ, Պուտունց Արամ, ասե՞լ է, գյուղդ, տունուտեղդ թողնես, որ կաշիդ փրկես։ Շանտղուտղա, Արմենն էդ խոսքը քեզ ասել է՜, մեկ ուրիշն ասել է՜, քամակդ քամուն արած էդ ո՞ւր ես գնում։ Մեռելներդ գյոռբագյոռ դառնան, Պուտունց Արամն իր կյանքումը, մեղա քեզ, հազար անգամ մեղա, էսքան տարվա մարդ կյանքում առաջին անգամ անվայել հիշեց իր հոր ու մոր գերեզմանը։ Իրեն պատժելու եւ ստորացնելու, իր յոթ ծալքերը վառելու համար ինքն իրեն էս անպատիվ խոսքերն ասաց, բայց հողը ճաք չտվեց, որ ինքը մտնի մեջը։ Կողքից անցնողը, չիմացավ էլ թե ով էր, ասաց.
- Մի քարի նստի հանգստացիր, հետո կհասնես։
Արամը կանգնել է տեղում ու չի էլ իմանում, թե ոնց է կանգնել։ Նա ոչինչ չասաց կողքից անցնողին՝ դառնահեծ քմծիծաղով խարազանեց իրեն, նորից քայլ գցեց առաջ։
Գնում էր՝ ինքն իրեն փետելով, էն շան տեղն իրեն կապելով։ Քո կյանքը քանի՞ շահի արժի։ Պուտունց Արամ, որ ոտքերդ սրել ես ու էս դիքին ղուզղուզ ես անում, ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես գնում, որ կյա՞նքդ փրկես։ Կյանքդ էդ որքա՞ն թանկ է, որ ուզում ես փրկել։ Քո հոր ու մոր գերեզմանները թողած գնում ես՝ ո՞ւր ես գնում։ Որ սրա-նրա դռներին հաց մուրա՞ս, մարդը տնքաց, ձեռքը տարավ ու սրբեց ճակատի սեւ քրտինքը։ Ճողոպրո՞ւմ ես, շանորդու որդի։ Էն ջահել տղաները թողել ես դիրքերում՝ դու կաշի ես փրկո՞ւմ։ Մեկը չկա՞, որ հենց էստեղ անցնող էսքան ժողովրդի մեջ կանգնեցնի եւ էդ չլած երեսդ արդար անպատվի։
Ծառին կապած հորթը կետ ընկած հալածվում է, ու ինչքան պտտվում է ծառի բնի մեջ, էնքան թոկը կարճանում է։ Խուռներամ մտքերն էդպես հալածում են Պուտունց Արամին եւ ինչքան մտածում է, էնքան ոտքերը դժվար են ենթարկվում կամքին։
Կոլխոզաշեն չհասած, էն, որ ճանապարհի դիքը կռանում է գյուղի կողմը, Պուտունց Արամը կնոջը ձեն տվեց.
- Ազնիվ, ոտդ կախ գցի։
Կինը կանգնեց, որ ամուսինը մոտենա։
- Դու գնա, ես ետ եմ դառնում,- ասաց, մռայլ աչքերը հառելով կնոջը.- Դու գնա, իսկ ես վերադառնում եմ գյուղ։ Որ մեռնեմ, իմ կոճի տակ մեռնեմ։
Կինը ցանկանում էր առարկել, ցանկանում էր մի բան ասել, բայց նայեց ամուսնու սեւակնած երեսին ու լեզուն չպատեց, որ մի բան ասի։ Լուռ, վիզը ծուռ կինը մնացել է կանգնած։
Պուտունց Արամն էդ պահին ուզում էր ձեռքը տանել կնոջ աշխատած ուսով, գուցե վերջին անգամ է, ուզեց մի լավ խոսք ասել, բայց ամաչեց կողքից անցնող հալածյալ ժողովրդից։ Նա խոր նայեց կնոջ աչքերի մեջ.
- Քեզ լավ նայիր, վատ օրին լավ օր էլ կլինի,- ասաց, շրջվեց ետ, որ չլսի կնոջ հրաժեշտի խոսքը, մի ապսպրանք։
Ճանապարհը ցած էր հոսում՝ դրա համար, թե ետ գնալու վճիռն էր նրան եռանդ տալիս, շուտ հասավ գյուղ, մտավ ներքնատուն, ինչ կարելի էր վերցնել վերցրեց ու քայլեց դիրքերի ուղղությամբ։
Հրամանատար Արմենը ոչինչ չասաց Պուտունց Արամին, գրպանից ծխախոտ հանեց, մի հատ ինքը վերցրեց, մյուսը տվեց Պուտունց Արամին, առաջ նրա ծխախոտը վառեց ու նայեց թուրքի ուղղությամբ։
Մաճկալաշենի պաշտպանության կազմը մեկով էլ լրացավ...




ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ՁՈՐԻ ՄԻՐՈՆ

Քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան 
գիտե մարդու մասին, եթե ոչ՝ մարդու 
հոգին, որ նրա մեջ է։
 ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼ

Գրիգորը իր Հավատարիմի հետ չորս աղջկա գլխին տղա ունեցավ։ Աշխարհը դառավ իրենը, Գրիգորը Աստվածանից խնդրածը ստացավ։ Սուրբ Եղիշեի ոտան տակ մատաղ է մորթել, իսկ մինչեւ Խաչիկն ունենալը Երեւան գնացողին խնդրել էր, որ եթե ոտն ընկնի Էջմիածին՝ էնտեղից, իսկ եթե չհաջողվի, Երեւանի սուրբ Սարգիս եկեղեցուց մոմեր գնի, որպեսզի էդ մոմերը վառել տա Ամարասա վանքում։ Էդպես էլ արել է։ Աստված Գրիգորի ձայնը լսել է ու տղա երեխայի արժանացրել։ Գրիգորն ասել է՝ տեր Աստված, ուրիշի շատին պահապան լինես, իմ մադարն էլ ինձ համար շատ չհամարես։
Աղոթելով ու հույս կապելով մեծացրել են իրենց միակ արու երեխային, սպասելով էն օրվանը, երբ իրենք էլ ուրիշների նման տունը հարս կբերեն։ Աղջիկներին մարդու է տվել,- աղջիկը որտեղացի չունի, աղջիկներից ամեն մեկը մի տեղ մարդու է գնացել։ Դրանից հետո մարդ ու կին օրեր են հաշվել, որ Խաչիկը բանակից գա, հավանած աղջկան զուռնաղավալով բերեն տուն։ Իսկական ապրելն էն ժամանակ էր լինելու։ Դու ասես՝ Աստված լսի։ Բայց դրա փոխարեն պատերազմն էն նառի պես բոլորի դռանը չոքեց, իր դռանն էլ՝ նրանց հետ...
Ղաջարից ազերի թուրքը լափու տալով եկավ Մաճկալաշենի վրա, որպեսզի Ամարասա այգիներն ու արտերը կոխան անի, սարերի լանջերին դյուրավետ փռված շեները դարձնի ղռճտացող թրթուրների ճարակ, ապականի Ամարասա սրբատեղին։
Մաճկալաշենի մեծն ու փոքրը, ով կարող էր զենք վերցնել,- զենք վերցրեց ու դիրք բռնեցին, որ ազերի սելավը կանգնեցվի։ Մաճկալաշենը հենց սելավի բերանումն էր։
Արկը պայթում էր, գնդակը խոցում էր, տանկի թրթուրների տակ ճզմվում էր Աստծո ամեն կենդանի բան։ Ազերին գիշեր ու տիվ չէր ասում, հորդալով մղվում էր առաջ։ Կենաց ու մահու Մեծ կռվում նահատակվողը մահվան էր գնում, որ հայոց ծիլը նախածին այս հողում կենդանի ապրի, որ վաղորդայնին Ամարասա զանգերը ղողանջեն բարի լույսի ավետիսով, որ խաղաղ շեներից համբարձվող ծուխը դառնա աղոթք առ Աստված, որպեսզի Ամարասա հովտի օրհնված հողում ուռճացող պտուղը լինի ցորյանի ձույլ հատիկ, տռուզ թշերով մանուկ, սեւհատիկ ողկույզ, ընդունվի որպես Աստվածատուր պարգեւ, քանզի այս հողում պտկվածն այստեղ է միայն գտնվում։ Այս է Արցախի Մեծ կռվի իմաստն ու նպատակը։ Այդ նպատակին, ավա՜ղ, մատաղ դարձավ նաեւ Գրիգորի մինուճարը, աշխարհը մթնեց գլխին։ Լուրը բերին, լուրից դաժան իր մինուճարի դիակը բերին։ Միայն իր Խաչիկը չի զոհվում, ամեն օր Ամարասի գյուղերի գերեզմաններից ավտոմատի համազարկերը հովտի շեներին գուժում են, որ նորից հողը մի նոր զոհ է ընդունում։
Մղկտաց Գրիգորը, իր Հավատարիմից ու աշխարհից թաքուն լաց եղավ, բայց սրտին հովություն չեկավ։ Կյանքը կորցրեց իմաստը, ապրելը դարձավ օրերի երկարող շարք։
Մահը, որ մեկի դուռը ճանաչում է, ճանապարհը կուպար է անում։ Արկը պայթեց ու բեկորը զարկեց իր Հավատարիմին։ Ո՞ւմ էր մի վատություն արել, իր ո՞ր մի մեղքի համար էր Աստված նրան պատժում։ Գրիգորը կնոջը դրեց իր մինուճարի կողքին եւ ինքը մենակ վերադարձավ տուն։ Տունը դարձավ գել, գելի մորթի հագավ ու հալածեց Գրիգորին։ Երեկոները մենակ նստում էր ու քնինք անում, թե որ մի ճանապարհով իր կյանքը շարունակի, որ ապրելն իմաստ ու նպատակ ունենա։ Իր մանկությունից սկսած մեկ-մեկ հիշում է մինչեւ էսօրվա օրը։ Հիշում է, թե ինչպես սեր է կապել իր Հավատարիմին։ Տունը հարս բերեց եւ տարին չբոլորած, աղջիկ երեխա ունեցավ։ Աշխարհքը դարձավ իրենը, հարեւան-բարեկամ աչքալուսանքի եկան, սփոփելով ասացին՝ երեխան երեխա է, մյուսը տղա կլինի, հորով-մորով լինի։ Տղա չունեցավ, չորս աղջիկ է ունեցել։ Գրիգորի սիրտը դառնացավ՝ ուրեմն Ղեւոնդաց Խաչատուրի իր շառավիղն էսպես պիտի սպառվի... Այս միտքն անհավանական էր համարում, Գրիգորը հիշում է, որ երբեմն ծանր խոսք էր ասում իր Հավատարիմին։ Ամեն անգամ կինն ամուսնու խոսքը կատակի էր տալիս, արդարանալով՝ ինչ որ ցանում ես, էն էլ հնձում ես։
Էսպես Հավատարիմն ամուսնու երեսին ծիծաղում էր, իսկ թաքուն դառն արտասվում։
Աստված ողորմած եղավ, Գրիգորի սրտինը սրտում չթողեց։ Նա իր հոր՝ Խաչատուրի անունով փոքրիկ Խաչիկ ունեցավ։ Սակայն անագուրույն էս պատերազմը եկավ ու խառնեց Գրիգորի հաշիվները։ Գոնե հասցներ ամուսնացնել երեխային, որ ժառանգ ունենար, որպեսզի կյանքի մնացած տարիները տար օջախի կենդանի ծիլին։
Տան մենակության մեջ Գրիգորը ղուղու էր կանչում...
Մի օր էսպես մտածում էր ու հիշեց, որ իր հայր Խաչատուրը վաթսունն անցել էր, որ իր մորը հարս բերեց Ղեւոնդաց օջախը ու երեք երեխա ունեցավ, ինքն էլ՝ դրանց մեջ։
Սրտի տակ մի բան տեղահան եղավ, իրենից անկախ կանգնեց տեղում, ձեռքը տարավ գոտիով, կուռը շոշափեց՝ դեռ պինդ է, դեռ տղամարդ է։ Գրիգորը որոշեց նոր օջախ արծարծել։
Սկսեց շուրուշուղ անել ու մի օր էլ Մաճկալաշենում լուր տարածվեց՝ Գրիգորը հարս է բերել տուն։ Ամեն մեկը մի բան ասաց. մեկն ասաց՝ ճիշտ է արել, մյուսը չհամաձայնվեց։
Մեկը կռահեց՝ գնահատեց, մյուսը քամահրեց, թե ինչու էդ տարիքում Գրիգորը որոշեց ջահել կին ունենալ։ Հետո գյուղը հանդարտվեց, չիմանալով, թե Գրիգորի սրտում ինչ ծրագրեր են գոյացել...




ԸՆԴՈԾԻՆՆԵՐ

Մի գերու պատմածը
Ալեքսեյ Սուսլոյին առաջին անգամ հանդիպել եմ Շուշվա բերդում։ Այցելությանս նպատակն այն ժամանակ մի թուրք գերի էր, որ բիզնես անելու համար եկել էր Բաքու, եւ ազերի ցեղակիցները նրան ասկյար էին «ձեռնադրել»։ Տրապիզոնցի չարչին այդպիսով խնդիր ստացավ «հարազատ Ադրբեջանի» հողերն էրմանի ղուլդուրներից ազատագրել եւ վերադարձնել իր ազգակիցներին։ Այնտեղ էլ ինձ ցույց տվեցին մի խախոլի, ավելացնելով՝ հետաքրքիր բաներ է պատմում։ Թռուցիկ հարցուփորձից հիշողությանս մեջ մնաց նրա ասածի այն պատառիկը, որ «անախորժություն» է ունեցել ռեկետի հետ եւ «հաշիվներ պարզելու» նպատակով եկել է Ադրբեջան, որպեսզի մի որեւէ զենք, եթե ստացվի՝ ավտոմատ ձեռք բերի։ Հնարած վարկած է, որ սովորաբար դատապարտյալները մոգոնում են, մտածեցի ես։
Երկրորդ հանդիպումը նույնպես ծրագրված չէր. Ստեփանակերտի մանկական հիվանդանոց էի եկել՝ տեսակցելու մի պատանդ ադրբեջանուհու հետ, որը Ստեփանակերտում ծննդաբերել է, երեխան արդեն տասը ամսական է, բայց «մյուս կողմը» չի համաձայնվում պատանդ մորն ու երեխային փոխանակել հայ երեխայի հետ։ Այստեղ էլ տեսա Սուսլոյին։ Անմխիթար վիճակ էր. բառերը չէր կարողանում արտաբերել, մարմնի անդամները կարծես մի կերպ իրար էին կպցրած ու չէին հնազանդվում։ Տղան հաստատ սպառվելու վրա էր։ Մի քանի օր անց, երբ նորից եկա հիվանդանոց, նրան վերակենդանացած տեսա։ Ապրելու ջահել փափագը, հավանաբար, հաղթահարել էր մահին։
- Սուսլո,- ասացի ես,- վիճակդ անցյալ անգամ լավ չէր, հիմա ոնց որ տեղդ ես եկել։
- Փորձեցի փախչել բանտից, ձերոնք բռնեցին ու ջարդս տվեցին,- տխուր ժպտաց նա։
Լսել էի։ Այնուամենայնիվ, հանդուգն է երեւում, եւ առաջին հանդիպումից հիշողությանս մեջ մնացած պատառիկներն իմաստ ստացան։
- Այ տղա, Սուսլո, ձմռան էս սառնամանիքին ո՞նց էիր ուզում մեր սարուձորերից դուրս պրծնել։
- Ասացի՝ փորձեմ։
- Հիմա ոնց որ թե ոչինչ ես։ Հը՞։ Համեմատաբար։
- Ոնց որ թե ապրեցի։
Իրավ, տղան սրտում երկյուղ չունի,- մտածեցի ես,- ըմբոստ բնույթը տասնյոթ տարվա կարճ կյանքում նրան հասցրել է Շուշվա բերդ։ Սուսլո, Սուսլո։ Պատերազմը դաժան է ոչ միայն գերիների նկատմամբ, այլեւ նրանց հանդեպ, ովքեր քո փախուստի համար մեղավոր պիտի ճանաչվեին, եւ եթե քեզ չբռնեին, քո ջարդը քո փախուստի մեղավորներն էին ուտելու։ Պատերազմի դաժանությունը տարածվում է բոլորի վրա։ Բացարձակապես բոլորի։ Բախտդ բերել է, որ դիմացկուն ես։
Նախախնամությունը լավ ճակատագիր չի ընտրել նրա համար։ Հինգ երեխա են ունեցել Սուսլոները, երեւի փոքր ինչ բարեկեցիկ կյանք ստեղծելու հույսով գնացել են խամ ու խոպան։ Ընտանիքի աստանդական կյանքը, սակայն, չի ավարտվում այստեղ, եւ շարունակելով իրենց չուն, հասնում են Հեռավոր Արեւելք։ Տեղդ փոխեցիր՝ բախտդ ո՞նց պիտի փոխես։
Մայրն ավտոմեքենայից ընկնում է ու ողնաշարը ջարդում, կնոջ մահից հետո հայրն իրեն տալիս է խմելուն ու կործանվում։ Հինգ որբերին մորատատ Ելիզավետա Իվանովնան ու մորաքույրերը բաժանում են իրար մեջ։ Ալեքսեյը մնում է տատի մոտ, Կիեւից 50 կիլոմետրի վրա Ռուսանով գյուղում։
Առաջին հանդիպման կիսատ խոսակցությունը կարծես շարունակելով, հարցրի.
- Ալեքսեյ, ինչքան հասկանում եմ, դու հետաքրքրություն չպիտի ներկայացնես ռեկետի համար, եթե, իհարկե, չէիր մտել նրանց աշխարհը։
- Ես գողական չեմ, ոչ էլ էդ աշխարհից եմ։ Ուզում էի, ո՞նց ասեմ, ուզում էի համն առնել։
- Ինչի՞ համն էիր ուզում առնել։
- Ռուսանով գյուղում շատ ընկերներ ունեմ։ Պարզ է, տասնմեկ տարի ապրել եմ այնտեղ։ Ընկերներս մի անգամ «գործ» առաջարկեցին, ասացին՝ գրպանի փող կունենաս, մի բան էլ կայֆի համար եւ էլ աղջիկներին մի տեղ հրավիրելու համար չես ամաչի։ Առանց երկար մտածելու՝ համաձայնությունս տվեցի։ Արածս գործը հասարակ բան էր, ընկերներս ինձ էին փոխանցում կակաչի գլխիկներ, ես դրանք վաճառում էի։ Ինչպես գիտեք, կակաչի գլխիկները թմրադեղի հումք են եւ վաճառքն արգելված է, բռնեցին,- Ալեքսեյը մատներով բանտի նշանն է ցույց տալիս,- ե՛ւ վերջ։ Սկզբում գործերը, ոչինչ, վատ չէին գնում, բայց հետո կռո շանորդիներին դեմ առա։ Էս գործը կոնվեյերի նման է. ում որ պիտի ծախեի էդ գլխիկները, համ ինձնից մեծ էին, համ էլ գործը լավ գիտեին։ Վեճ եղավ, հետո տվինք կռվեցինք. ջարդս էդտեղ լավ տվին։ Էլ ասելու չէր։ Ամբողջ «ապրանքը» վերցրին ունեցածս փողերի հետ եւ, որպես վրադիր, «կոնտրիբուցիա» նշանակեցին։ Փողի հետ էդ գլխիկներից պիտի մատակարարեի։ Վարիանտ չկար, կամ էդ շրջագծից պիտի դուրս պրծնեի, կամ պիտի տային-սպանեին։ Էդ ժամանակ էլ Բաքու գնալու միտքն եկավ։ Դեռ առաջուց լսել էի, որ Ադրբեջանում վարձու կռվողներ են հավաքագրում։ Ինչպես ասացի՝ վարիանտ չկար, եւ ես վճիռը կայացրի։
- Ուրեմն գիտեի՞ր, որ Ադրբեջանում զինվոր են վարձում։
- Որտե՞ղ չեն վարձում,- չթաքցրած ծաղրանքով, թե արհամարհական ասաց զրուցակիցս,- եթե պատերազմ է՝ կռվող պետք է։ Իսկ ո՞վ է ուզում հոգոց հանգուցելոց լինել։ Ոչ ոք։ Էդպես վարձկան կռվողների շուկան սկսում է աշխատել։ Ուզում ես փող ունենալ, կամ եթե պրոբլեմ ունես, պետք է ռիսկի դիմես։ Էդ ամենը լավ կյանքից չէ։
Տասնյոթ-տասնութ տարեկանում... Դատում է զարմանալի հստակ, իր բարոյական ըմբռնումների տրամաբանությամբ։ Ջահել փիլիսոփա։ Եւ ցինիկ։ Զարմանալի պատկերավոր է խոսում, իր միջավայրի արտահայտություններն օգտագործում է, չհոգալով դրանց անպարկեշտության մասին։ Դա նրա տարերքն է՝ աշխարհի, կյանքի իր բառային ընկալումներով։ Այս մտածումներիս անտեղյակ, Սուսլոն շարունակեց իր պատմությունը.
- Մոտս գրպանի մի քիչ փող կար, մի քիչ էլ քրոջիցս վերցրի։ Չնայած ուսումնարանի հանրակացարանում գրանցված էի, ապրում էի քրոջս տանը, թոշակս նրան էի տալիս, երբ ծխախոտի փող չէի ունենում, Վալենտինայից էի վերցնում։ Անցյալ տարվա մարտի տասին դուրս եկա Կիեւից եւ տասներկուսին հասա Բաքու։ Տասնհինգին արդեն Աղդամում էի։
- Տատդ կամ քույրդ գիտեի՞ն ուր ես գնում, ինչու ես գնում։
- Պարզ չի՞,- եւ մանրամասների մեջ չմտնելով շարունակեց. - Հասա Բաքու եւ կայարանում հոպ, շուրջկալի վերցրին։ Գալուդ նպատակը՝ ասացի, գնացինք՝ ասացին եւ ոնց որ թե վաղուց սպասում էին ինձ. մեքենան իսկույն մատուցեցին, թե՝ քելե։ Մի որոշ ժամանակ զինավարժության էին տանում, հետո արդեն գնում էինք պարեկության։ Այստեղ էլ ինձ հետ պատմություն ստացվեց, եւ ես հեռացա գումարտակից։
- Դարձյա՞լ պատմություն։
- Իմ բախտից է։ Հենց առաջին օրերին նկատեցի, որ գումարտակի «ծերուկները», գլխավորապես ռուսիշ, ազերիները հիմնականում պացաններ էին, դարձել էին դրության տեր։ Ռուսներ գումարտակում ինչքան էին, չեմ հաշվել, բայց շատ էին։ Որտեղից ասես, որ չեն եկել՝ Ռուսաստանից, Մերձբալթիկայից, բայց էլի ռուսներ, Ուկրաինայից, Դաղստանից, թաթար, չեչեն, մի խոսքով՝ խուժանանոց։ Շատերը բանակային ծառայությունը վերջացրած, ոնց որ ասում են՝ կյանք տեսած, պինդ մուժիկներ էին։
- Ալեքսեյ, բոլո՞րն էին փող աշխատելու համար եկել։
- Տարբեր՝ ինչքան հասկացա։ Օրինակ, երկու դաղստանցիներ կային։
- Ալեքսեյ, Դաղստանում տասնյակ ազգություններ կան։
- Կարծեմ չեչեն էին։
- Ալեքսեյ, ոնց որ աշխարհագրության այդ դասին դու չկայիր։ Լավ, հետո՞։
- Երեսունին մոտ մուժիկներ էին։ Հենց նրանք երեւացին՝ մերոնք իսկույն չանթեցին։ Լավ կռվողի համբավ ունեին։ Լավ կռվելը չեմ իմանում, բայց որոշ ժամանակ անց չեչեն ախպերտիքս փորձեցին երկու արկղ փամփուշտ ծլկացնել ու բռնվեցին։ Ազերիները նրանց քշեցին գումարտակից, իհարկե, մի «փոքր» խրատ տալուց հետո։ Աղդամի կողմերում այլեւս նրանց չեմ տեսել։ Զինվորական կյանքի մի քանի ամսում շատ բաներ տեսա ու լսեցի։ Գումարտակում Տուլայից մեկը կար՝ Միշա։ Ընտիր վարպետ էր, փականագործ։ Իսկույն դրեցին ԲՄՊ-ի վրա։ Մարդը լավ էլ աշխատում էր վրան։ Որտեղ գնում էր՝ բարեւ, Միշա, ի՞նչ է պետք։ Մարդուն հարգում էին։ Գումարտակից նոր էի հեռացել, երբ լսեցի նրա պատմությունը։ Միշաս ինչ անի, որ լավ լինի՝ մի մեծ մանկական սայլակ է վերցնում, մեջը վեց ավտոմատ դնում, երկու ՌՊԲ եւ՝ հայդա։ Գումարտակում, պարզ է, շուխուր է բարձրանում։ Սկսում են հետապնդել։ Հասնում են հետեւից, եւ սկսվում է փոխհրաձգությունը։ Հասկանալի է, Միշան չի հանձնվում եւ մինչեւ վերջին փամփուշտը դիմադրում է։ Չգիտեմ, քանիսի լեշն է փռում։ Կենդանի չեն կարողանում բռնել։
Ի՜նչ ասես տեղի չէր ունենում։ Ոնց որ թե ամերիկյան կինոբոեւիկ ես նայում։ Գորկի քաղաքից մեկը կար, անունը չեմ հիշում, բայց բոլորս գիտեինք, որ քրիստոնեությամբ մի քիչ խփնված է, բանակում ծառայած, 24-25 տարեկան։ Պարեկության ժամանակ, եթե չեմ սխալվում՝ Բարդայից Աղդամ ճանապարհին է լինում, կարծեմ հենց էդ ճանապարհին էր, թե՞ մի ուրիշ։ Մի խոսքով, պարեկության ժամանակ զինվորական մի մեքենա է անցնում։ Նա ազդանշան է տալիս, որ մեքենան կանգնի, բայց մեքենան չի կանգնում։ Օդում զգուշական կրակում է, մեքենան էլի շարունակում է իր ճանապարհը։ Քրիստոսի էս ավանակը զինվորական կանոնագրքի համաձայն, ավտոմատից մի երկար կրակահերթ է շարում մեքենայի խցիկի վրա։ Մեքենան շրջվում է ճամփեզրի խանդակում, մարդիկ մոտենում են՝ երեք հոգի սպանված՝ մի երեխա, մի կին ու մի զինվոր։ Մի կրակահերթով երեքին փռել էր։
 Ամեն սորտի մարդ կար էսէնգե-ի լենուբոլ տարածքներից՝ ով տնից փախած, ով օրենքը խախտած, արնախում, եսիմ...
Վլադիվոստոկից երկու հոգի կային, իսկական գրոհային։ Երկու հոգու դրխկացրել էին ու ոստիկանությունից խուսափելու համար եկել էին Ադրբեջան։ Հարմար էր՝ կարելի է եւ օրենքից խուսափել, եւ փող աշխատել։ Մեկը ուշու ըմբշամարտի միջազգային վարպետ էր, մյուսը մարզիչ էր կարատեի, թե դրա նման մի քանի գծով։ Հենց առաջին օրը նրանց վերցրին հետախուզության վաշտը։ Մի անգամ զուգարանի մոտ ծխում էի, սրանք մոտեցան։ Նրանցից մեկն ասաց.
- Ճուտիկ, ի՞նչ ունես էստեղ, էս գործը երեխու բան չի։ Մերն ուրիշ է, մենք արդեն կյանք ենք քաշել, կայֆ բռնել, իսկ դու շատ ես ջահել, ճակատիդ մի հատ գնդակ կառնես ու վերջ։
Ամեն ինչից դժգոհում էին, ոջիլ չաղացնելուց բացի ոչինչ չենք անում՝ տրտնջում էին նրանք։ Շատ էին ուզում կռվի մեջ մտնել։ Նրանց թվում էր՝ զբոսանքի են եկել։ Եվ «զբոսնեցին»... Առաջին մարտում դեմ-դիմաց դուրս եկան ձեր ԲՄՊ-ին։ Նրանց հաջողվում է մեքենան շարքից հանել։ Նրանցից մարզիչը որոշում է դիակապտություն անել, մտնում է խցիկը եւ սկսում է սպանվածների գրպանները թափ տալ։ Անձնակազմից մեկը դեռ կենդանի է լինում։ Ավտոմատի կրակոցի վրա մյուսն է գնում։ Քիչ հետո լսվում է պայթյուն։ Հետո ձերոնք վրա են հասնում։ Այս ամենի մասին պատմում է միակ կենդանի մնացած ազերին։
Ինչպես ասացի, ռուս գյադեքը ուզում էին, որ ես, որպես նորաթուխ, նրանց ծառայություններ անեմ։ Կպանք իրար, բայց իրենք շատ էին, թքեցի հեռացա։ Գումարտակում ծանոթացել էի տեղացի մի տղայի՝ անունը Սադիխ, կարելի է ասել մտերմացել էինք։ Երկու ամիս նրանց տանն էի ապրում, Աղդամին մոտիկ Բաշ Գերավենդ գյուղում։ Սադիխը գումարտակի մատակարարման գծով պետի վարորդն էր, պարեկությունից ազատված էր, ես էլ ազատ ու ազատ էի։ Երկու ամիս լավ ժամանակ անցկացրինք, ամեն օր գնում էինք Աղդամ, երեւի լսել եք Աղդամի շուկայի մասին, ամեն ինչ թափած, էժան, իսկ Սադիխի փողը կացին չէր կտրի։ Ապրում էինք կուրորտային ռեժիմով։ Ես նրա համար մանր-մունր ծառայություններ էի անում՝ փայտ ջարդել, ջուր բերել ու նման հեչ բաներ։ Բայց հունիսին ստիպված վերադարձա գումարտակ, որովհետեւ ականջիս էր հասել, որ սկսել են հետաքրքրվել ինձանով։ Որոշեցի համը չհանել ու վերադարձա։
Երբ վերադարձա՝ իմացա, որ շուխուր բարձրացնողն իմ համերկրացի Վալերան էր, անհանգստացել էր, թե ուր եմ սկել։ Նրա մասին մոռացա պատմել։
Գումարտակ գալու առաջին օրերն էին։ Ինձ համար գնում էի, մեկ էլ մեկը, մայորի ուսադիրներով, ձիգ ու պինդ մի մուժիկ, կանչեց իր մոտ։
- Ինչո՞ւ ես քաղաքացիական շորերով, քո քեֆին էլ ֆռռում ես։
- Ընկեր մայոր,- զգաստ կանգնելով զեկուցեցի ես, ոնց որ հարյուր տարի բանակում եմ եղել,- դեռ համազգեստ չեն տվել։
- Նոր եկած ռուսների՞ց ես։
- Ոչ, ընկեր մայոր, ուկրաինացի եմ։
Մայորը ոնց որ կակղեց, կարծես նույնիսկ ուրախացավ.
- Ժամանակ եղավ, անցիր, իսկ առանց համազգեստի չի կարելի,- հրաժեշտ տալով ասաց նա։
Հենց որ համազգեստ ստացա, գնացի մայորի հետ հանդիպելու։ Մոռացա ասել, որ նա մի ոտի վրա կաղալով էր ման գալիս, հրանոթի քարշիչը պայթել էր ականի վրա, հաշվարկը վարի էր գնացել, ինքը թեթեւ էր պրծել։ Ծանոթացանք, խոսեցինք։
- Ութ տարի չեմ եղել Լվովում,- մի տեսակ թախիծով ասաց Վալերան,- ազգանուն-հայրանունը մոռացել եմ։ - Ծննդավայրս է, ծնողներիս գերեզմաններն այնտեղ են։ Չհասցրի գոնե մի խաչ դնել։ Եղբորս փող եմ ուղարկել, բայց հարբեցող է, երեւի ուղարկածս փողերը խմել է։
Ինձ մոտ մի կարբովանեց կար, տվեցի։ Երեխայի պես ուրախացավ։ Պատմեց, որ ծառայել է Գյանջայի գնդում, երբ ԱՊՀ-ի զորքերը դուրս հանեցին, նա մնաց որպես հրետանու եւ սպառազինության գծով խորհրդատու։ Աֆղանստանը ծերից ծեր անցել էր, շատ ուժեղ հրետանավոր էր։ Ձերոնց մուխը հանում էր, նույնիսկ խոսք էր գնում, որ նրա գլխի համար վեց միլիոն են խոստացել։ Էն ժամանակ վեց միլիոնը մեծ փող էր։ Ապրում էր խանի պես՝ համհարզով-բանով, սենյակում ճապոնական հեռուստացույց էր դրված, երեւի ռազմական ավար էր։ Ես նրան հարցրի, ծիծաղեց, ասաց՝ ես թալան անող չեմ, բայց ոնց որ ճիշտ չէր ասում։
Մի քիչ խոսեցինք, հետո հարցրեց՝ հո քաղցած չեմ։ Ասի՝ չէր խանգարի։ Կոշիկը նետեց դռան վրա, համհարզն իսկույն ներս մտավ։ Նա մի կապուկ փող գցեց ու ասաց.
- Մի պուճուր բան սարքի։
Քիչ հետո խորոված բերին, հավ, կոնյակ, նարինջ կտրեցին, պեպսի-մեպսի։ Մի խոսքով՝ օրինական սեղան սարքեցին։ Ես չխմեցի, պիտի գնայի գումարտակի հրամանատարի մոտ, միայն կերա։
Ձեր ուղղաթիռներից մեկը դրխկացնելու համար Բաքվում երեք սենյականոց բնակարան էին տվել ու մի «06»։ Ճիշտը լավ է՝ շատ ուժեղ մասնագետ էր, որտեղ էլ գնում էր՝ դուռը քացով էր բացում։ Բոլորի հետ մի տեսակ արհամարհանքով էր խոսում։ Երեկոյի ընթացքում ազերիների վերաբերյալ մի քանի անգամ ասաց՝ փող ունեն, խելք չունեն ու կռվել չեն իմանում։ Որ կռվող չեն՝ հետո ես էլ համոզվեցի։
Հետագայում լսել եմ, որ ազերիները ցանկացել են մայորին հայերի վրա ծախել, նա հոտն առել էր ու փախել Բաքու։ Իսկ գուցե լավ փող ուներ, ուզում էր մեջտեղից հանել։ Նման մասնագետներն Ադրբեջանում ոսկու գին ունեն։ Մայորը հիմա երեւի Բաքվում «06»-ով իր համար ման է գալիս, կամ գուցե... ո՞վ իմանա։
Երբ ներս մտանք, Սուսլոն մեկ ուրիշ գերու հետ էլեկտրական վառարանի վրա պահածոյի տուփի մեջ ինչ-որ բան էր տաքացնում։ Նա մյուս գերուն կարգադրություն արեց, որ շարունակի գործը, իսկ ինքը մոտեցավ մեզ։ Որոշ ժամանակ անց ընկերը պահածոյի մետաղյա տուփը, որի պարունակությունը, ըստ երեւույթին, արդեն տաքացել էր՝ ուզում էր Ալեքսեյին տալ, Ալեքսեյը ձեռքով նշան արեց՝ հետո։
- Սուսլո, ո՞նց էիք յոլա գնում ազերիների հետ։
- Ո՞նց ասեմ, ով՝ ինչպես։ Ես, օրինակ, նորմալ։ Երբ նոր էի եկել, ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, ուզում էի ամեն ինչ իմանալ։ Կլանված լսում էի զինվորների պատմածները կռվի մասին։ Բերանս բաց բոլորին լսում էի։ Մի որոշ ժամանակ անց ամեն ինչ ցնդեց, երբ մանավանդ միասին գնում էինք պարեկության։ Հասկացա, որ շատերը փչում էին։ Մեկը պատմում էր, որ երեք տարի կռվում է, երեք տանկ է խփել, քսանից շատ հայի փռել։ Երբ հետո հարցրի ուրիշների, պարզվեց, որ ոչ թե երեք տարի, այլ երկու ամիս է, ինչ ծառայում է բանակում եւ իրա օրում կռիվ չէր գա, եթե շուրջկալի մեջ չընկներ։ Մազալու գլուխգովան են ազերիները։ Թեկուզ Սադիխին վերցնենք, վատ տղա չէր, բայց համ նապաստակի պես վախկոտ էր, համ էլ տեղը եկած ժամանակ գլուխ էր գովում։ Հիմա տեսնես որտեղ է։ Վատ տղա չէր, բայց հենց հայերը սկսում էին գրադով խփել, գույնը գցում էր։
Սուսլոն մի պահ դադար տվեց, հարցական նայեց ինձ.
- Ծխելիք չե՞ք ունենա։
Ես ծխող չեմ, ինձ ուղեկցող հերթապահ հսկիչը ծխախոտ մեկնեց։ Սուսլոյի աչքերը պսպղացին։ Փութալով ծխախոտը վառեց, մի մեծ բաժին ծուխ կուլ տվեց, մի բաժին էլ ներս քաշեց ու ծխախոտը մեկնեց մյուս գերուն, ինչպես հետո իմացա՝ Կախիի լեզգիներից, կարմրաթուշ, հազիվ տասնութը լրացած, ըստ երեւույթին երեսին ածելի դեռ չէր կպել։ Երեխա։
Շուշվա բերդում ես հանդիպել էի Օլեգ Պիլիպենկո անունով մի գերու։ Մերոնք ծանր վիրավոր վերցրել էին Աղդամի տակ։ Նրա գերի ընկնելու պատմությունն ինձ անհավանական էր թվում, ցանկացա Ալեքսեյից իմանալ, մանավանդ նույն գումարտակում էին ծառայել։
- Բաքու գնալը հիմա վտանգավոր է դարձել։ Կայարանում հենց իջնում ես, օղակի մեջ են առնում, չես էլ հասցնում իմանալ ինչն ու ինչոցը, խոսեցիր՝ խզակոթիդ տալիս են։ Ես իմ աչքով եմ տեսել։ Պիլիպենկոն էլ նույնը։ Իրա ասելով Բաքու էր եկել, որ հանդիպի կիսառուս, կիսազերի ընկերոջ հորը։ Միասին ծառայում էին հեռավոր-արեւելյան նավատորմում։ Հասնում է Բաքու ու կայարանում «հոպ-ստոպ» են անում։ Ուզում ես «վայ մեր» կանչի, ուզում ես իրենց մոլլի պես ազան ասա։ Ավտոմատը տալիս են ձեռդ, եւ՝ ուղիղ ռազմաճակատ։ Իրա պատմելով թիկունքից խփել են։ Մարտի ժամանակ ինձնից մի տասնհինգ մետրի վրա էր, բայց այնպիսի հրաձգություն էր, այնպիսի խառնակություն, շունը տիրոջը չէր ճանաչում։ Մեկ էլ լսեցի Պիլիպենկոն հայհոյում է, մոտեցա՝ երկու տեղից ծակ էին բացել։ Պետք չի, ասաց, քեզ էլ կթրխկացնեն իժի ծնունդները։ Ովքեր են իժի ծնունդները՝ էն ժամանակ չէի իմանում։ Ժամանակ չկար։
Շուտով ձեր տանկերը երեւացին։ Հենց երեւացին, խրամատներում էլ ազերի չմնաց։ Վա՜յ ձեր տիրուհերը։
Սուսլոն զրույցի ընթացքում բառերի ընտրություն չէր անում, խոսում էր հյութալի գողական լեզվով, չխուսափելով, ինչպես ասացի, անպարկեշտ արտահայտություններից։ Իր միջավայրում դա սովորական էր համարվում։
- Ես կարող եմ ասել, որ ազերիները կռվել չեն իմանում։ Կարելի է ասել, Աղդամը հանձնեցին առանց կրակոցի։ Զենքն ու զինամթերքը թողեցին ու ճողոպրեցին, իրենց հետ վերցնելով պահածոներ, դաշտային խոհանոցը։ Մեկ էլ մահճակալները։ Էն Աստվածը։
- Սուսլո, հասկացա՞ր, թե ինչ է տեղի ունենում այստեղ, ով ում դեմ է կռվում եւ ինչի համար է կռվում։
- Ես միայն էն եմ հասկացել, որ էս պատերազմն անիմաստ է։ Մարդ մի անգամ է ծնվում։ Եթե աշխարհի ամբողջ փողերն ինձ տային, չէի փոխի կյանքի հետ, ես երկրորդ անգամ չեմ ապրելու, էսքանը ես հասկացել եմ։
- Բայց պատերազմը շարունակվում է, զինվորները, հիմնականում ջահել տղաներ, զոհվում են։ Այդ թվում՝ նաեւ վարձկան զինվորներ։
- Եթե վարձու մեր տղաները չլինեին, Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծող օդաչուները չլինեին, մայոր Վալերան չլիներ, վաղուց էս կռիվը վերջացել էր։ Ադրբեջանական բանակն ինչի՞ վրա է հույս պահում. 18-20 տարեկաններին որսում են, համազգեստը քաշում վրաները՝ ոնց որ կախարանից կախած, ավտոմատը կոխում են կռնատակը եւ ուղարկում կռիվ։ Աղդամում ահա թե ինչ է տեղի ունեցել։ Բաքվի մետրոյում որսացել են պատանիների, լցրել Զիլ-131-ը ու քշել ռազմաճակատ։ Հիսուն հոգու։ Ձերոնք մեքենան նկատել են, մի արկ առջեւից բաց թողել, մյուսը՝ ետեւից, հետո գրադով խփել, հիսուն հոգուց մի տասը հազիվ է պրծել։
Ես շատ եմ մտածել, թե ինչպես է հաջողվում, որ 150 հազար ղարաբաղցիներ 7 միլիոն ազերիներին ծակուծուկ են կոխել։ Հրաշքի նման բան է։
- Ալեքսեյ, չգիտեմ, ուկրաինական որեւէ թերթ կուզենա՞ տպագրել քո պատմածը։ Եթե հանկարծ՝ ի՞նչ կուզենայիր ասել տատիդ, քույրերիդ, քո ընկերներին։
- Էս ամբողջն ինձ համար դաս է, կյանքումս չեմ մոռանա։ Իսկ իմ հարազատներին, ընկերներին ինչ ասեմ, գուցե կհաջողվի հանդիպել...

1994թ.




ՎԱՐՁԿԱՆՆԵՐ

Մի մեղադրեք ինքներդ ձեզ,
այլ թողեք Աստծոն:
(լատ.)

Հեշտությամբ ներում շնորհելով` խրախուսվում է հանցագործությունը:
1992 թ. օգոստոսի 20-ին Արցախի երկնքում խփվեց հերթական ռազմական օդանավը: Օդաչուն կարողացավ կատապուլտով վայրէջք կատարել: Նույն թվականի նոյեմբեր ամսին խփվեց եւս մեկ ինքնաթիռ, օդաչուին կրկին հաջողվեց վայրէջք կատարել: Յուրի Վլադիմիրովիչ Բելիչենկո, Անատոլի Գեորգեւիչ Չիստյակով: Դեկտեմբերին սկսվեց վարձկան օդաչուների դատը: Մենք նրանց հանդիպեցինք 1994թ. հունվարի 5-ին:
Բանտախուցը փոքր սենյակ է` մոտավորապես 10 քառ. մետր, «կենցաղային մանրուքներից» թեթեւացած` երկու մահճակալ, երկու տաբուրետ, երկու «տումբոչկա», որոնց վրա նույն դասավորությամբ շարված են ալյումինե պնակ, ալյումինե թաս, գդալ: Պատուհանները, որ միայն որպես լուսամուտ են ծառայում, տեղադրված են առաստաղից քիչ ցածր` բացառելով դրսի աշխարհի հետ թեկուզ հայացքով հաղորդվելու հնարավորությունը: Մեր զրույցի վերջում հասկացա, որ երկաթե վանդակով պատուհանը դանդաղ, ստույգ ներգործող անողոքություն է: Ճնշող է զուգարանի ներկայությունը, հրահրող մի ցանկությամբ ուզում ես ձեռքերդ լվանալ, եւ այդ զգացումը ամբողջ ժամանակ քեզ չի լքում:
Բանտախցում երկու երիտասարդ տղամարդ են` միջինից փոքր-ինչ ցածրահասակ, պինդ կազմվածքով, մեկը` բաց շիկահեր, մյուսը` մուգ մաշկով, նոսրացող մազերով եւ արտահայտիչ քթով։ Ավելի երիտասարդը` չնկատվող արտաքինով, սլավոնի անգանգուր մազերով, մի փոքր գունատ:
Մտանք ներս, բարեւեցինք: Օպերատոր Գեւորգ Ղազարյանը նախապատրաստվեց նկարահանումների:
- Ծխախոտ չի՞ գտնվի,- մեղավոր խնդրեց տարիքով մեծը:
Ոչ ես, ոչ էլ Գեւորգը ծխող չենք: Մի տեսակ արդարանալու համար նկատեցի.
- Չծխեիք լավ չէ՞ր լինի:
- Ինչո՞ւ, մանավանդ քիչ է մնացել,- ասաց ավելի երիտասարդը` Յուրի Բելիչենկոն:
- Քի՞չ, ինչի՞ն է քիչ մնացել:
- Ո՞նց ասեմ... Դատավճիռը, որ պիտի կայացվի, միանշանակ պարզ է` պատժի բարձրագույն աստիճան: Հոդվածները, որոնցով մեղադրվում ենք, ոնց որ ասում են` առաստաղային են: Մինչեւ դատի ավարտն էլ ինձ համար ամեն ինչ արդեն պարզ է:
- Դուք երեւի համաձայն չեք ներկայացվող մեղադրանքին:
- Ո՜չ, ի՞նչ եք ասում,- չգիտես ինչու իրար անցավ Բելիչենկոն: - Ես չեմ ասում, թե համաձայն չեմ, ես պարզապես ասում եմ, թե դատը ինչպիսի ելք է ունենալու:
- Դուք հոգու խորքում հույս չե՞ք պահում, որ դատը կարող է այլ ելք ունենալ:
- Ազնվորեն ասած, այս ամենն այնքան է զզվեցրել, որ այլեւս հետաքրքիր չէ, թե ինչ է սպասվում,- նա մի պահ դադար է տալիս, կարծես փորձելով հանդարտվել,- ինձ հետաքրքրում է, թե այս ամենը երբ է վերջանալու: Այսքանը:
- Ձեր հարազատները դատին ներկա լինելու ցանկություն չե՞ն հայտնել:
- Ո՜չ, ինչի՞ համար,- կարծես այդպիսի հնարավորությունը կասեցնելու համար եռանդուն ասում է նա,- իմաստ չունի,- մի պահ դանդաղում է ու նորից կրկնում,- իմաստ չեմ տեսնում, ինչո՞ւ գան...
- Ի՞նչ ունեք` կին, երեխա:
- Կին եւ երկու երեխա:
- Քանի՞ տարեկան եք:
- Ամռանը լրացավ քսանյոթ տարիս: Հիմա քսանյոթ ու կես եմ:
Ես ցանկանում եմ բացել խոսակցիս կեղեւը, հասկանալ ու ըմբռնել մարդու նրա տեսակը: Ե՞րբ է մարդ դառնում վարձու մարդասպան, հանուն ի՞նչ նպատակի: Աշխարհի թեժ կետերում ինչքա՜ն վարձկաններ կան: Ուրեմն, վարձկանը մարդու տեսա՞կ է, թե՞ մասնագիտություն: Գուցե, իրո՞ք, մասնագիտություն է: Կամ գոյություն ունի մարդու այդպիսի տեսակ:
- Մինչ կհամաձայնեիք ծառայել Ադրբեջանի բանակում, գիտեի՞ք ինչի համար են ձեզ վարձում: - Մի պահ ես կարկամեցի, մինչեւ գերի օդաչուների հետ հանդիպելը, որոշել էի զգացումային որեւէ պահ չունենալ եւ ճակատային կամ «բռնացող» հարցեր չտալ: Աշխատել հանգիստ եւ գործնական: Այո՛, աշխատել: Ո՜վ զարմանք, Բելիչենկոն, ինձ համար անսպասելի, հանգիստ ու գործնական պատասխան է տալիս:
- Իհարկե, երբ նրանք ինձ փող էին առաջարկել, հայտնել էին, թե ինչի համար են ինձ փող վճարելու:
Ռումբերը տար թափիր Ստեփանակերտի, Ասկերանի, մյուս քաղաքների ու գյուղերի վրա ու արի վարձդ ստացիր: Ռումբերը չեն պայթում, տները չեն փլվում եւ մարդիկ չեն մնում փլվածքների տակ: Չկա բարոյական պատասխանատվություն, ընդամենը` «նրանք ինձ փող էին առաջարկել եւ հայտնել էին, թե ինչի համար են ինձ փող վճարելու»: Այսքանը միայն: Այս մասին ես նրան ոչինչ չեմ ասում, ես միայն հարցնում եմ.
- Մեր խնդրի` ղարաբաղյան պրոբլեմի մասին նախկինում որեւէ պատկերացում ունեի՞ք:
- Ո՞նց ասեմ... Ազնվորեն, պրոբլեմը մինչեւ հիմա էլ պարզ չեմ պատկերացնում: Ես ծառայել եմ Ադրբեջանում, երբ դեռեւս Խորհրդային Միություն կար, նրանք մի բան են ասում, այստեղ ուրիշ բան է ստացվում: Երբեմն մտածում ես, որ ինչ-որ բաներ իրար չեն կցվում: Այն ճշմարտությունը, որ այնտեղ է ասվել եւ այստեղ է ասվում, իրար չեն բռնում։ Ես միայն կարող եմ ասել, որ պատերազմը անմտություն է եւ ոչ ոքի պետք չէ: Դա մեկից մեկ հաստատ է:
- Պատերազմը` պատերազմ, բայց կողքից միջամտել ուրիշի վեճին եւ մանավանդ միակողմանիորեն` որքանո՞վ է ճիշտ:
- Այո՛, դա մենք չպետք է անեինք, դա միանշանակ է:
- Յուրի Վլադիմիրովիչ, չե՞ք զղջում ձեր ընդունած որոշման համար: Ենթադրենք, դուք գերի չեք ընկել, եւ գործերն այլ ընթացք են ստացել, այնուամենայնիվ...
- Ինչպես ձեզ բացատրեմ... երբ ես թռչում էի, չէի մտածում, որ այս ամենը կարող է պատահել: Ես գիտեի, որ կարող են ինքնաթիռը խփել, ավելի քան վստահ էի, որ ինձ տեղն ու տեղը կգնդակահարեն կամ չէի հասցնի օդանավից ցատկել: Բայց որ կհայտնվեմ այս վանդակի մեջ... Ինչ մնում է զղջալուն... Իհարկե, այս ամենի մասին խորհելու ժամանակ եղել է, բայց երեւի իմաստ չունի այդ մասին հիմա խոսել... Ինչ եղել է` եղել է:
Մարդը հաշվարկներ է արել, մի դեպքում ամեն ինչ վերջանում է բարեհաջող` ինքը ռումբերը թափում է խաղաղ բնակավայրերի վրա եւ վարձը առնելով, միանում է ընտանիքին: Բարոյական մտահոգություն չկա, նյութական խնդիրները լուծված են: Բայց կարող են նաեւ իրեն խփել: Եվ դրան նա պատրաստ է: Ափսոսում է միայն, որ հաշվի չի առել գերի ընկնելու հնարավորությունը: Մինչդեռ պիտի առներ: Ինչ մնում է զղջալուն,ապա ինչ եղել` եղել է, չարժե անուրախ այս վիճակում ծանրաբեռնել խոկումները, քրքրել խղճի պարունակները:
Եվ, այնուամենայնիվ, ես փորձում եմ արդարացման պճեղ գտնել, գուցե ես կանխակալ եմ այս հարցում:
- Յուրի Վլադիմիրովիչ, զուտ մարդկային առումով, դուք այնպիսի քայլ եք արել, որ կարող էիք նաեւ չանել: Դուք ուրիշ ելք չունեի՞ք:
- Դուք, իհարկե, իրավացի եք, եթե այս տարիուկեսը հնարավոր լիներ հետ տալ, ես դա չէի անի: Հիմա ի՞նչ խոսես...
- Յուրի Վլադիմիրովիչ, դուք ասում եք ձեր ներկա վիճակի՞ց ելնելով, թե՞ ... ազնվորեն...
- Ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ հիմա գտնվում եմ այստեղ... Ազնվորեն եւ անկեղծ եմ ասում:
- Մոռացա հարցնել, ձեր հարազատներից նամակ ստանո՞ւմ եք:
- Կինս գրել է:
- Ներեցեք, ի՞նչ է գրում:
- Գրում է, որ սպասում են, հուսով են... Ուրիշ ի՞նչ կարող է գրել...
- Ընտանիքդ ո՞վ է պահում: Նյութականը նկատի ունեմ:
- Չի գրել, բայց հավանաբար մոր մոտ է ապրում: Կինս չի աշխատում: Փոքր աղջիկս երկու տարեկան է, երեկ` հունվարի 4-ին, լրացել է երկու տարին: Ես չգիտեմ, թե ինչպես են ապրում, բայց հավանաբար` դժվար:
- Ձեր կինը նամակում ձեզ կշտամբե՞լ է կամ նման մի բան...
- Ոչ, ինչո՞ւ... Քիչ է այստեղ եմ` դեռ պիտի կշտամբի՞...
- Դուք ծննդով որտեղացի՞ եք:
- Ազգությամբ ուկրաինացի եմ, ծնվել եմ Պոլտավայում, այնտեղ եմ մեծացել: Սովորել եմ Կրասնոդարի երկրամասում, ծառայել եմ Ադրբեջանում:
- Ինչո՞ւ եք այդ մասնագիտությունն ընտրել, շա՞տ էիք ուզում օդաչու դառնալ:
- Ոնց ասեմ, ուզում էի թռչել, դարձա օդաչու:
- Ենթադրենք ամեն ինչ` նկատի ունեմ դատավարությունը, ձեզ համար բարեհաջող վերջ ունեցավ եւ դուք վերադարձաք տուն: Հետո՞... Ձեր ապագայի մասին խորհե՞լ եք:
- Ինչպես ասում են` դա հաճելի անակնկալ կլիներ. չնայած իրականն այն է, որ այստեղից դուրս չեմ գա: Հավատալս չի գալիս: Որքան գիտեմ, ոչ ոքի հետ ինձ չեն փոխանակելու, իսկ ենթադրաբար ծրագրեր մտածել` դրանում իմաստ չեմ տեսնում: Իսկ որ այլեւս չեմ թռչելու` միանշանակ է:
- Ձեր ընտրությունը եղել է միա՞կ հնարավոր ընտրությունը:
- Ի՞նչը նկատի ունեք:
- Երբ դուք համաձայնվել եք ծառայել Ադրբեջանի բանակում: Թե՞ կարող էիք այլ ընտրություն կատարել:
- Գիտեք, այն ժամանակ ես ուրիշ ծրագրեր ունեի, երբ արձակուրդից վերադարձա զորամաս, որպեսզի հաշիվներս փակեմ, ես մնալու միտք չունեի, պարզապես հանգամանքների բերումով եմ մնացել: Ուրիշ ծրագրեր ունեի` վերադառնալ տուն, բաժնետիրական մի ընկերությունում աշխատանք էին առաջարկել:
- Այդ դեպքում ի՞նչն է ձեզ գայթակղել:
- Ի՞նչն է գայթակղել: Ըստ էության այն, որ կարճ ժամանակում կարելի էր զգալի գումար վաստակել, ես ցանկանում էի մի երկու ամիս աշխատել, հետո վերադառնալ տուն եւ, ինչպես ասում են` ապրել ինքս ինձ համար:
- Կարծում եք, տասը հազար դոլարով կարելի՞ էր ապագան հոգալ:
- Ապագայի առումով` գուցե ոչ, բայց համենայն դեպս կարելի էր ներկա վիճակը շտկել:
Ինչո՞ւ է մարդ համաձայնվում կամ ե՞րբ է համաձայնվում, ասենք, երկու ամսով պոկվել իր մարդկային կեղեւից, որպեսզի հնարավոր դարձնի «ներկա վիճակը շտկելը»: Հեռանո՞ւմ է ինքն իրենից, թե՞ օգտվում է իր իսկական բնույթի դրսեւորման պատեհ հնարավորությունից: Այս խնդրի որոնումը ես շարունակում եմ մյուս գերի օդաչուի` Անատոլի Չիստյակովի հետ զրույցի ժամանակ:
Անատոլի Չիստյակովը կյանքի փաստերը ընդհանրացնելու հակում ունի, ինչպես հասկացա` բավականին կարդացած է:
Ասում է` տանը մեծ գրադարան ունեմ: Ես նրան ասացի, որ ռմբակոծությունների ծանր ժամանակներում շատ էի մտահոգված նաեւ գրադարանիս ճակատագրով: Պատմեցի, որ դեռեւս դպրոցական տարիներից` կարկանդակի կոպեկները խնայում էի գիրք գնելու համար: Չիստյակովը հանգիստ նայում էր ինձ: Գուցե չհասկացավ ակնարկս: Ինչեւէ:
- Անատոլի Գեորգեւիչ, դո՞ւք էլ էիք կանգնած միակ ընտրության առջեւ, թե՞ հնարավորություններից այդ մեկն եք ընտրել:
- Մեզնից յուրաքանչյուրի կյանքը կարող է այսպես կամ այնպես, լավ կամ վատ դասավորվել։ Այդ ժամանակ ես զորացրվել էի եւ, ըստ էության, դա փող վաստակելու իմ միակ շանսն էր: Ծառայել եմ Լատվիայում, դուք գիտեք, թե Մերձբալթիկայում ինչպես են վերաբերվում «օկուպացիոն» զորքին, ինչպես մեզ անվանում էին, իսկ Ռուսաստանն էլ ի վիճակի չէր օգնել մեզ, եւ ահա այսպիսի առիթ է ներկայանում:
- Եվ առանց երկար մտածելու համաձայնվեցիք:
- Չի կարելի ասել, թե առանց մտածելու, որոշ ժամանակ մտածել եմ, ես այն ժամանակ ուրիշ ընտրություն չունեի, ստույգ, իրական հնարավորություն չկար, քան այս մեկը:
- Դուք դաժա՞ն մարդ եք:
- Ոչ, ես երբեք ինձ այդպիսին չեմ համարել:
- Իսկ դո՞ւք,- դիմում եմ Բելիչենկոյին:
- Նորմալ մարդ եմ, ինչպես բոլորը:
- Իմ մոտ դաժանության դրսեւորում չեմ հիշում,- ավելացնում է Չիստյակովը, կարծես ցանկանում է, որ անպայման հավատանք իրեն:
- Շատերն են ինձ հարցնում` ես հայերի նկատմամբ որեւէ թշնամանք ունեցե՞լ եմ, թե՞ ոչ։ Նույնիսկ հիմա, երբ գիտեմ, թե ինձ եւ Անատոլիին ինչ է սպասում, ոչ ոքի դեմ չարություն կամ ոխ չունեմ:
- Դուք ձեզ վարձկան զգացե՞լ եք: Դաժան բառ է, բայց չես կարող խուսափել:
- Այո՛, ինձ պարզապես փող էր հարկավոր:
- Հը՜մ, վարձկան... Մենք դա հիմա ենք հասկանում, մեզ զգում որպես այդպիսին: Ես երբեք չեմ խորհել իմ կարգավիճակի մասին, պարզապես փող ունենալու հնարավորություն է ստեղծվել եւ ահա փորձել եմ այն վաստակել, մանավանդ որ պատկերացում չունեի Անդրկովկասում ստեղծված իրավիճակի մասին: Երբեւիցե այս կողմերում չեմ եղել, առաջին անգամ եմ լինում եւ ինչպես տեսնում եք` անհաջող: Ես Ղարաբաղի մասին գիտեի այնքանով, որքանով պրոբլեմը ներկայացվել է խորհրդային մամուլում, հեռուստատեսությամբ եւ բնականաբար իմ պատկերացումները եղել են խեղաթյուրված, հակառակ այն բանի, ինչ իրականում կա: Ես կարծում էի, այստեղ անջատողական ուժեր են գործում, գրոհայիններ են կռվում, հիսուն հազարանոց հայկական էքսպեդիցիոն կորպուսը փորձում է Ադրբեջանի տարածքի մի կտորը պոկել։ Մամուլի հրապարակումներից այսպիսի եզրակացության կարող ես գալ...
Ես ընդհատում եմ Չիստյակովին: Հասկացնում եմ, որ այս պարագայում նման հռետորիկան անիմաստ է, ուշացած, իրենից առաջ ուրիշների կողմից բազմիցս ասված:
- Անատոլի Գեորգեւիչ, դուք որոշում կայացնելուց առաջ չե՞ք խորհրդակցել ձեր կնոջ հետ:
- Ես անհրաժեշտ չեմ համարել խորհրդակցել կնոջս հետ: Դա կնոջ գործ չէ, որոշումը ես եմ կայացրել, մենակ:
Չիստյակովը այստեղ վճռական է եւ եռանդուն: Ես հասկանում եմ, նա չի ցանկանում, որ կինը խառնված լինի նման անմաքուր մի գործի: Բայց գուցե, իրոք, ճիշտ է ասում:
- Կուզենայի՞ք հանդիպել ձեր հարազատներին:            
- Շատ կուզենայի հանդիպել իմ հարազատներին, բայց ոչ այստեղ։
- Ինչ-որ կարեւոր բան ունե՞ք ասելու, թե՞ այլ նպատակով։
- Ես կցանկանայի հանդիպել նրանց: Հանդիպել եւ ասել` ահա եւ ես եկել եմ, եւ ամեն ինչ մնացել է անցյալում: Այլ պարագայում կամ ուրիշ նպատակով որեւէ հանդիպում անիմաստ եմ գտնում, դրա կարիքը չկա...
- Ծա՞նր կլիներ:
- Ծանր կլիներ եւ ոչինչ չէր տա, միայն ավելորդ վիշտ...
- Իսկ դո՞ւք,- դիմում եմ Բելիչենկոյին։
- Ինչպես ասեմ, հարազատներիս ինչ-որ բան հաղորդել... Ես ոչինչ չեմ ուզում հաղորդած լինել, մանավանդ ոչ մի լավ բան չեմ կարող ասել...
- Գուցե արդարանալ կամ նման մի բան...
- Ես դրանում ոչ մի իմաստ չեմ տեսնում... Իմ արդարացումները ի՜նչ կարող են տալ հորս կամ մորս, այնպես որ...
- Գուցե ձեր կնոջը...
- Կնոջս առավել եւս, իմ ճակատագրի մասին չեմ կարող ստույգ որեւէ բան ասել, այնպես որ, սրտի հովություն չկա:
- Դատավորը աստված է` կամ պատժում է, կամ ներում...
- Մի անգամ ինձ հարց տվին,- թեթեւ քմծիծաղով ասում է Չիստյակովը,- եթե ինձ իրավունք տրվեր, ապա ինքս ինձ ի՞նչ պատիժ կնշանակեի: Շատ դժվար է ինքդ քեզ պատիժ նշանակելը, դրա համար էլ մնում է աստծո վրա հույս դնել:
- Ի դեպ, կցանկանայի՞ք, որ ձեզ դատեր ռուսական դատարանը: Ձեր կարծիքով Ռուսաստանի արդարադատությունը ձեր գործողություններին ուրի՞շ գնահատական կտար:
- Ես գտնում եմ, որ ցանկացած դատարան պետք է դատի համապատասխան այն գործողությունների, որ տեղի են ունեցել:
- Դուք արդեն ծանոթ եք ձեզ ներկայացված մեղադրանքներին: Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք չափազանց խիստ են:
- Ինչո՞ւ են խիստ, արդար են: Ըստ երեւույթին, արդար են,- միջամտում է Յուրի Բելիչենկոն:
- Մեղադրանքի հոդվածները կոնկրետ են եւ համապատասխանում են,- Չիստյակովը մի պահ տատանվում է, ապա քմծիծաղելով ասում,- մեզ հո չեն կարող դատել մանր խուլիգանության համար:
- Դուք մեղադրո՞ւմ եք ադրբեջանցիներին, որոնք մղել են ձեզ այդ քայլին:
- Մեղադրե՞լ... ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի մեղադրեմ,- զարմանում է Բելիչենկոն:
- Չէ՞ որ նրանք գայթակղել են ձեզ:
- Ես կարող էի մեղադրել, եթե հարկադրեին կամ ինչ-որ ձեւով խաբեին: Ազնիվ թե անազնիվ նպատակով, բայց առաջարկը արվել է` ցանկանո՞ւմ ես` խնդրեմ, չե՞ս ցանկանում` քո գործն է:
- Ոչ ոք չի ստիպել,- լրացնում է Բելիչենկոն,- որեւէ մեկին մեղադրելն անմտություն կլիներ: Նախկին ԽՍՀմ-ում նման ռեգիոններ շատ կան, եւ կյանքն էլ գլխիվայր շուռ է եկել: Այսպիսիները, ինչպիսիք մենք ենք` գոյություն ունենք: Կան, որ կռվում են արդարության համար, կան, որ անարդարության համար են կռվում, ոմանք` փողի համար, ոմանք` սպորտային հետաքրքրության համար: Պատերազմը միշտ էլ վատ է:
- Ձեր թվարկածներից որի՞ն եք պատկանում:
- Ես կռվել եմ փողի համար:
- Ես կռվել եմ ոչ Ադրբեջանի համար եւ ոչ էլ հայերի դեմ: Ես կռվել եմ փողի համար:
- Ես էլ` նույնը:
Ներքին պայծառացման պա՞հ: Անկեղծության պոռթկո՞ւմ: Ցինի՞զմ: Գուցե ստեղծված բարենպաստ պայմաններում տեսակը իրեն դրսեւորելու հնարավորություն է ստացել: Իսկ եթե խեղված ճակատագի՞ր է, սոցիալական կատակլիզմների արդյունք: Ո՞վ կարող է այս կասկածների ստույգ պատասխանը տալ: Տասնյոթամյա հայ պատանու ինքնակիզման ոգեկոչումը եւ սպանությամբ փող վաստակելու մասնագիտությունը... Ինչպե՞ս կարելի է անհամատեղելի այս վիճակները տեղավորել մարդ հորջորջվածի նույն կեղեւի մեջ:
- Դառն է,- ասում եմ ես: - Ի դեպ` դուք համարո՞ւմ եք, որ կյանքը ձեզ համար վերջացած է:
- Ազնվորեն ասած` կյանքն այսպես շարունակել... ես դա չեմ ուզում:
Յու. Բելիչենկոն, որ լուռ լսում էր ավագ ընկերոջը, կարծես ներքին պահանջով, փոքր-ինչ բուռն ու դառնացած ասաց.
- Ես մի կողմ եմ դնում բոլոր պատահականությունները: Եթե պետք է ընտրություն կատարել այսպիսի կյանքի եւ գնդակի միջեւ, նախընտրում եմ գնդակը: Երբ գերի ընկա, ինձ թվում էր, կարելի է հարմարվել, բայց ստացվել է ուղիղ հակառակը: Սկզբում նորմալ էի տանում, հետո ամեն ինչ փոխվեց, արթնանում ես` այստեղ երկաթե վանդակով պատուհան է, այստեղ` երկաթե դուռ, չորս պատ եւ ամեն օր` նույնի բացարձակ կրկնությունը: Երբ նայում ես պատուհանի երկաթե վանդակին, ցանկություն է ծնվում օղակը վիզդ գցել: Մեկ էլ մտածում ես` իսկ հարազատնե՞րդ, ի՞նչ է լինելու նրանց վիճակը: Ասում են, որ իմ բախտը բերել է, մնացել եմ կենդանի, իսկ իմ ընկերները վաղուց են հողի տակ: Դեռ հայտնի չէ, թե ում բախտն է բերել` ի՞մ, թե՞ նրանց։ Տարիուկես այստեղ եմ եւ իմ հարազատներին ինչքա՜ն վիշտ եմ պատճառել: Երբեմն ափսոսում եմ, որ օդանավից ցատկել եմ, բավական էր հինգ-վեց վայրկյան մնայի ինքնաթիռի մեջ՝ եւ հողն իմ ոսկորներն արդեն ընդունել էր:
- Այս ամենը հոգեպես ճնշում է: Ես բնավորությամբ շարժուն մարդ եմ, բայց անշարժ այս վիճակը ճնշում է, երբեմն ուզում ես գայլի պես ոռնալ:
- Մենք ոչինչ չենք խնդրում, մենք չենք ասում, թե մեղավոր չենք: Այո, մենք մարդկանց վիշտ ու դժբախտություն ենք պատճառել: Մենք ոչինչ չենք ժխտում, բայց ինչ-որ բան արեք մեր նկատմամբ: Ահա դեկտեմբերի 16-ից դատ է գնում: Ձգձգելու համար պատճառ չեմ տեսնում: Ես սեփական ձեռքով ստորագրել եմ իմ մեղքերը` առանց որեւէ բան թաքցնելու: Բայց երկու շաբաթվա ընթացքում դատը երեք ժամ է գնացել: Հիմա ինձ է՛լ չի հետաքրքրում, թե ինչով կավարտվի դատը. գնդակահարություն է` թող գնդակահարություն լինի, բանտարկություն է` բանտարկություն լինի, գոնե կիմանայի, թե ինչ է սպասում ինձ:
Ամենից շատ ճնշում է անորոշությունը: Երբ մարդ գիտի, թե իրեն ինչ է սպասում` հոգեպես պատրաստվում է դրան: Ոնց որ իջնում ես խախուտ սանդուղքով, իմանալով, որ աստիճաններից մեկը կոտրվելու է, այսպես իջնում ես եւ ամեն քայլափոխի սպասում, որ ահա այն կկոտրվի եւ դու կգահավիժես անդունդը: Նույնը` այստեղ:
- Մեր այս խոսքերը մեր հոգեկան վիճակի, այս ճնշող պատերի, երկաթյա վանդակի վերաբերյալ բողոք կամ խնդրանք չհամարեք, դա պարզապես մեր այսօրվա վիճակի նկարագրությունն է: Մենք արժանի ենք, մենք ինքներս ենք ընկել այստեղ եւ` վերջ: Ոչ ոք պարտավոր չէ այս գործը ձգձգել կամ արագացնել: Արվում է այն, ինչ երեւի պիտի արվի, պարզապես մենք պատմում ենք այսօրվա մեր ներքին վիճակի մասին, եւ այն ավելի ու ավելի է վատթարանում: Առաջին հայացքից չնկատվող այդ ճնշումն անընդհատ ուժեղանում է, այս պատերը գնալով ավելի են նեղանում: Եթե առաջ ուշադրություն չես դարձրել երկաթե վանդակին, հիմա ճնշում է եւ ցանկանում ես, որ վերջ ի վերջո այդ ամենը պրծնի եւ կարեւոր չէ, թե ինչպես: Միայն թե այս ամենը վերջ ունենա:
Հրաժեշտին Անատոլի Չիստյակովը թախանձանքով խնդրեց կարդալու համար որեւէ գրականություն ուղարկել:
- Դոստոեւսկուց մինչեւ Չեյզ: Դետեկտիվ, արկածային, ինչ որ լինի:
Այս պայմաններում, իհարկե, ինչ թափոն էլ տաս, լավ է: Թեկուզ` հաշվապահական մատյաններ: Բայց, գոնե ինձ համար, անսպասելի էր` Դոստոեւսկուց մինչեւ Չեյզ: Ի՞նչ է ստացվում` կես տոննանոց ռումբը ճշգրիտ հաշվարկով նետում են Ստեփանակերտի վրա, իսկ երեկոյան հարմար տեղավորվում գահավորակին ու խորհում չարի ու բարու մասին Դոստոեւսկու քրիստոնեական խոկումների շուրջ:
Մարդը երկու կիրառում ունի, երբ ուրիշ շանս չունի` ռումբ է նետում խաղաղ քաղաքի վրա ու իր համար ապահովում «գլխին տանիք ունենալու» խնդիրը: Դրսում ապրում է գայլի օրենքով եւ այդ օրենքով վաստակածով ընտանեկան իր փոքրիկ աշխարհը կառուցում` երեխաների համար երեկոյան «Ձմռան իրիկուն»-ն է արտասանում կամ բարձր, որ կինն էլ լսի, Չեյզ կարդում: Նրանց «ձեռքի գործը» հանձնվում է Լեթայի ջրերին` չկա, չի եղել: Ռմբակոծության փլատակներից հանվող երեխայի աչքից գլորված արցունքի կաթիլը չի՞ պայթում նրանց ընտանեկան հովվերգության խաղաղ լռության մեջ: Ու ճիչը չի՞ ծվատում աշխարհի ականջը:
Անկեղծության այս որձկանքը` «ես կռվել եմ փողի համար», պոռնկածին այս ապաշխարանքը` ես ոխ չունեմ հայերի նկատմամբ, այլ ցանկանում էի, ցանկանում էի մոտ ապագայի խնդիրը լուծել... Բարոյական այս պատվանդանի վրա՞ չի տեղի ունենում սպանությունը: Ափաշկարա: Ի տես աշխարհի:
Այս չէ՞ վարձկանի բարոյական անատոմիան: 

4 комментария:

  1. Բարեւ Ձեզ, սիրելի ընկերներ, լավ օրագիր եմ կարդում ձեր զարմանալի աշխատանքի վերաբերյալ, ես շատ ուրախ եմ ձեզ համար, քանի որ ես նույն երջանկությունը գտա ինքս, մի ​​քանի շաբաթ առաջ ես նման վկայություն եմ կարդացել հարաբերությունների հետ կապված խորհրդատվության մասին: իմ աշխատավայրում, որը հրապարակվել է մի կնոջ կողմից Ջենիֆեր Օսավի կողմից, նա վկայություն տվեց առցանց եւ ասաց, որ արաբ ազգից մի մեծ մարդ, որը պրոֆեսոր Պելլարն է, կարող էր վերադարձնել իր նախկին ընկերոջը 12 ամսվա կտրվածքից հետո: Ինձ դրդում էր եւ զարմացած լսել սիրո մասին գործնական աշխատանքը, իսկապես փորձեցի դիմել նույն պրոֆեսոր Պելլարին `(drpellar@gmail.com)` շտապ լուծման համար ամուսնուս ամուսնուն վերականգնելու համար, մենք ամուսնացանք մոտ 2 տարի: բաժանված է: Ես անմիջապես նամակ ուղարկեցի պրոֆեսոր Պելլարին, անմիջապես պատասխանեցի, նա ասաց, որ կարող է օգնել ինձ, նա ասաց, որ իմ գործը շատ հեշտ է կարգավորել, քանի որ նա տարիներ շարունակ նմանատիպ դեպքեր է լուծել: Ես փորձեցի այն, քանի որ ոչինչ չունեմ կորցնելու փորձից: Նա պահանջում էր լուսանկարներ, եւ ես գնել մոմեր եւ այլ ուղղագրության նյութ, որը պահանջվում էր հաջող արդյունքի համար: Երկու օր առաջ, որը երեքշաբթի առավոտյան սիրո խաղի մաս է ակտիվացել, իմ նախկին ամուսնու ամուսնուց հեռախոսազանգ է ստացել, նա շատ բարի է խոսել ինձ հետ եւ ներողություն խնդրել ինձ հետ կոտրելու համար, որ դա սատանայի ձեռքի գործն էր եւ զգաց: շատ ցավալի էի, ներեցի նրան եւ շնորհակալություն հայտնեցի, որ վերադառնալով: Դա ցնցող էր եւ մեծ անակնկալ էր: Ես երբեք չեմ կարող պատկերացնել, որ այն կաշխատի այնքան արագ, մինչեւ երեկ առավոտյան ամուսինս վերադարձավ տուն, հանդիպելու ինձ եւ մեր երկու հրաշալի երեխաներին, մենք բոլորս երջանիկ ենք որպես ընտանիք:
    դիմեք պրոֆեսոր Պելլային այս նամակով drpellar@gmail.com
    Պրոֆեսոր Պելլարն ունի մեծ կախարդական ուղղագրության հզորություն `...
    1) սիրում է ուղղագրությունը, հաղթելու խաղը
    2) Վերակայել Lost Love Spells
    3) ամուսնալուծության նշանները
    4) Ամուսնու կնոջ ամուսինները
    5) պարտադիր ուղղագրությունը, հավիտյան միասին ապրելու համար
    6) Breakup Spells- ը
    7) Magic արմատներ եւ խոտաբույսեր ամուր հարստության եւ երկարատեւ սեռի համար
    8.) Մեջիքի ուղղագրությունը նպաստում է ձեր աշխատասենյակին
    9) Ծաղրանկարը `երեխա ստանալու համար: (արգանդի կանանց պտուղ)
    Հիշում ես հուսահատ էի, որ իմ նախկին սերը դուրս եկավ անմիջական արդյունքներով, երբեք չեմ ակնկալում հրատապ արդյունք տեսնել, ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունենում, իմ սիրող մարդը զանգահարեց ինձ բջջային հեռախոսով: Love rod sharing ավելի արագ աշխատում է հուսահատ կնոջ կամ տղամարդու համար հրատապ արդյունքի համար, վերականգնելու իսկական սերը եւ խաղաղությունը ամուսնական հարաբերություններում, դիմել պրոֆեսոր Pellar անմիջապես այս էլփոստով: drpellar@gmail.com

    ОтветитьУдалить
  2. Բարեւ ընկերներ, ես Էլիզաբեթ Անդերսն եմ: Ես նոր եմ այստեղ չգիտեմ, թե ինչպես են աշխատում բաները այստեղ, բայց ես այստեղ լավ մեկնաբանություններ եմ կարդացել, եւ ես կցանկանայի ավելացնել նաեւ մի քիչ իմ սեփական կյանքը, քանի որ դա օգտակար կլինի այստեղ մեզանից շատերի համար, ձգտելով պատասխաններ գտնել հարաբերություններում: Անդերսոնի հետ հարաբերություններում չորս տարի անց, նա ինձ հետ զիջեց, ես ամեն ինչ արեցի, որ նրան վերադառնար, բայց ամեն ինչ ապարդյուն էր, ես շատ էր ուզում նրան, քանի որ իմ ամուսնու համար ունեցած սիրո մասին ես հարցրեցի նրան ամեն ինչով Ես խոստումներ տվեցի, բայց նա հրաժարվեց: Ես բացատրեցի իմ փոխհարաբերությունների խնդիրը ընկերոջս ընկերոջս աշխատավայրում, եւ նա առաջարկել էր, որ ավելի շուտ կապ հաստատեմ սիրո խաղացողի հետ, որը կարող է օգնել ինձ կատարել սիրո խաղ, որպեսզի մարդը տուն տա ինձ, բայց ես այնպիսի բարի, Ես այլընտրանք չունեի, ես փորձեցի փորձել, ուղղագրության ուղին եմ ուղարկել, եւ նա ինձ ասաց, որ խնդիր չկա, որ երեք օրվա ընթացքում ամեն ինչ լավ կլինի, իմ նախկին վերադառնում է ինձ երեք օրվա ընթացքում, պրոֆեսոր Պելլերը, օդի մեջ ուղղագրությունը եւ գիշերվա կեսին իմ տաճարում իմ բոլոր նշանավոր հմայքը կատարեց: Զարմանալիորեն երկրորդ օրն այնտեղ էր կեսօրին: 16.00. Անհայտ թվով հեռախոսազանգ էի ստացել, նախկին ամուսինը զանգահարեց ինձ, զարմացա, որ ես հեռախոսով զանգեցի, երբ տեսա, որ դա իմ ամուսինն էր, մենք երկար զրույց ունեցանք, եւ նա ասաց, որ նա շատ ցավում է քանի որ ամեն ինչ սխալ էր նրա մեղքով, նա ասաց, որ ինքը ուզում է վերադառնալ նրան, որ նա դեռ շատ է սիրում ինձ: Ես այնքան ուրախ եմ, որ գնացի նրա մոտ, որն այնպիսին էր, թե ինչպես մենք սկսեցինք երջանիկորեն միասին ապրել մինչեւ այսօր: Այդ ժամանակից ի վեր ես խոստացել եմ իմ լավ նորությունները կիսել այն սիրային խաղերի հետ, որոնք լավ աշխատում են առանց կողմնակի ազդեցությունների: Ես այս ուժեղ մտադրություն ունեմ, որ ինչ-որ մեկը գիտեմ, որ հարաբերություններ ունենալու խնդիրը կարող է օգտակար լինել նման մարդու `նրան հղելով միակ իրական ու հզոր ուղղագրիչին, որը օգնեց ինձ լուծել սեփական ամուսնությունը: e-mail: drpellar@gmail.com Դուք կարող եք նամակ ուղարկել նրան, եթե ձեր օգնության կարիք ունեք կամ այլ դեպքում:
    ինչպես:
    1) սիրում են խաղերը վերադարձնել կորուստը `սիրո հարաբերություններ
    2) Lost Love Spells, որոնք վերամիավորվել են նախկինում
    3) ամուսնալուծություն
    4) Ամուսնության դերը
    5) պարտադիր ուղղագրությունը
    6) Breakup Spells- ը
    7) Գրասենյակի վարկանիշների առաջխաղացում
    8.) Դուք ուզում եք հղի լինել եւ ունենալ ձեր սեփական երեխա:
    9) Ցանկանում եք բավարարել ձեր սիրելի տասը մահճակալը, ուժեղ մոնտաժը
    Կապվեք այս մեծ մարդու հետ, եթե խնդիրներ ունեք առկա լուծման հետ
    միջոցով drpellar@gmail.com

    ОтветитьУдалить
  3. Ես ուզում եմ կիսել իմ վկայությունը ձեզ բոլորիս, ես ամուսնացա 2 տարի առաջ մեր կինը, մենք խնդիրներ ունեցանք տանը, մենք դադարում ենք նույն անկողնում քնելու, փոքրիկ բաների համար պայքարելու համար, որ նա մշտապես երեկոյան ժամանում է տուն, խմում է շատ ալկոհոլը եւ քնած այլ տղամարդկանց կողմից: Ես երբեք չեմ սիրել որեւէ կնոջ իմ կյանքում, բացառությամբ նրա: նա իմ երեխայի հայրն է, եւ ես չեմ ցանկանում կորցնել նրան, որովհետեւ մենք այսօր այնքան ծանր ենք աշխատել, որ այսօր մենք ենք: մի քանի ամիս առաջ նա որոշեց ապրել ինձ եւ երեխաներին, որ երբեմն կարող է դժվար լինել միայնակ, ուստի ես ոչ ոք չգիտեմ, եւ ես սրտանց սրտացավ: Ես կանչեցի իմ մայրիկին եւ ամեն ինչ բացատրեցի նրան, մայրս ինձ պատմեց դոկտոր Սանգոյի մասին, թե ինչպես օգնել նրան լուծել իր եւ իմ հայրենի միջեւ եղած խնդիրը, ես զարմացած էի, որովհետեւ երեք եւ կես տարի է, դա մի հրաշք էր, թե ինչպես են նրանք վերադարձել միմյանց: Ես ուղղվեցի դոկտոր Սանգոյի իր էլ.փոստի հասցեին `spellspecialistcaster937@gmail.com
    եւ ամեն ինչ բացատրում է նրան, որ նա խոստանում է ինձ չվախենալ, որ նա ուղղում է ուղղագրությունը եւ դարձնի բաներ, թե ինչպես մենք շատ էինք սիրով եւ որ կան ուրիշ տղամարդիկ ոգին, որը ղեկավարում էր իմ կնոջը: իմ խնդիրը կլուծվի երկու օրվա ընթացքում: Այնպես որ, նա գրեց իմ ուղղագրությունը եւ երկու օր հետո իմ սերը ետ դարձավ եւ խնդրեց ինձ ներել նրան: Ես հիմա ուրախ եմ: Ուստի ես որոշեցի կիսել իմ փորձը բոլորի հետ, որն ունի նման խնդիր: Դոկտորն ազատում է իր մեծագույն ուղղագրությանը, իր էլ.փոստի հասցեին `spellspecialistcaster937@gmail.com, նա կարող է լուծել հետեւանքները
    1. Ստացեք ձեր սիրուհուն կամ ամուսինը կամ կնոջը
    2. Հոգեւոր փամփուշտ
    4. Դրամական ուղղագրությունը
    5. Երկարատեւ ուղղագրությունը
    6. Հարստություն ուղղագրությունը
    7. Պաշտպանել ուղղագրությունը
    8. Ստացեք գործի ուղղագրությունը
    9. Մենեջեր խաղը դառնալու համար
    10. Ստացեք մեծ վարկ, առանց հարկային օրինագծի վճարման
    11. Ստացեք գումարները
    12. Երեխայի ախտահարում
    13. հղիության ուղղագրությունը
    14. Ազատության ուղղագրությունը
    Սիրո ուղղագրությունը
    16, անհետացող ուղղագրությունը
    17. Անտեսանելի մարդու ուղղագրությունը
    18. Հաջորդը ուղղագրությունը անցնում է
    19. Ամուսնության ուղղագրությունը
    20. Անջատել ուղղագրությունը
    21. Արվեստի ուղղագրությունը
    22. Մահվան ուղղագրությունը
    23. Գեղեցկության ուղղագրությունը
    24. Գերբնական ուժի հեգնանքը
    25. Խելագարություն
    26. Ազատ հիփոթեքային ուղղագրությունը
    27. Ֆիլմերի եւ ֆիլմերի ուղղագրության արտադրություն
    ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ուղղագրությունը
    29. Տուբերկուլյոզի ուղղագրությունը
    30. Թույլ քաշը եւ մարմնի ուղղագրությունը
    31 գայլի խաղեր
    եթե դուք ունեք որեւէ խնդրի մասին, խնդրում ենք արագ կապ հաստատել Dr.SANGO- ի էլփոստի spellspecialistcaster937@gmail.com հասցեով:

    ОтветитьУдалить
  4. Սա վկայություն է, որը ես կասեմ յուրաքանչյուրին լսելու համար: Ես ամուսնացած եմ չորս չորս տարի և ամուսնության հինգերորդ տարում մեկ այլ կին հմայություն ունեցավ իմ սիրեցյալին ինձանից խլելու համար, և ամուսինս թողեց ինձ և երեխաներին, և մենք երկու տարի տանջվեցինք, մինչև որ նկատի ունեի այն պաշտոնը, որտեղ սա մարդ DR WALE- ն ինչ -որ մեկին օգնել է, և ես որոշեցի նրա հետ նույնպես դիմել օգնության համար, որպեսզի նա կարողանա օգնել ինձ բերել ամուսնուս տուն և հավատացեք, որ ես պարզապես ուղարկում եմ իմ և իմ ամուսնու նկարը և մի քանի շաբաթ անց, ինչպես նա ինձ ասել է, Ես տեսա, որ մեքենա է մտնում տուն, և ահա ամուսինս է, նա եկել է ինձ և երեխաների մոտ, և այդ պատճառով ես ուրախ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրին նման իրավիճակում հանդիպեմ այս մարդու հետ և ձեր սիրեցյալին հետ կանչեմ: ձեր սեփականը Իր WhatsApp/Viber ՝ +2347054019402 ԿԱՄ էլ. հասցե ՝ drwalespellhome@gmail.com

    ОтветитьУдалить