13 ноября 2013 г.

ԵՎ ՍԻՐՏՆ ԱՍԱՑ


- Տո՛ւր սպիտակները:
- Ինչո՞ւ:
- Տո՛ւր:
- Ա՜խ, գո՞ւյնը:
- Նախապաշարմունքներ չունեմ: Տո՛ւր սպիտակները:
- Խնդրեմ, բայց ինչո՞ւ ես ցանկանում անպայման սպիտակներով խաղալ:
- Նախընտրում են առաջին քայլը ինքս անել...
- Կամավոր դժվարություններ ես վերցնում քեզ վրա: Կամ չեմ հասկանում քեզ:
- Ընդհանրապես դժվար է կնոջ հասկանալ:
- Մանավանդ քեզ՝ ցանկանում ես, որ այդպե՞ս ասեմ: Խնդրեմ, եթե հաճելի է:
- Դու անտանելի ես, Վահան:
- Առաջին անգամ չեմ լսում:
Խաղում ենք և, ինչպես միշտ, «շուն ու կատու» դառած: Մեր ծանոթության առաջին օրից էլ այդպես է. Մելինեն ցանկանում է «կերցնել» և ինքն է ուտում: Հիշում եմ առաջին ծանոթությունը: Աշխենի հետ, չգիտեմ, որտեղից էինք գալիս: Կենտրոնական կինոթատրոնի մոտ հանդիպում ենք Մելինեին: Ծանոթանալուց հետո Աշխենը նրան հրավիրում է տուն:
- Ավելի լավ է գնանք կինո,- իր հերթին առաջարկում է Մելինեն.- ասում են հույժ գաղափարական նկար է, հայրենական արտադրության:
- Արդեն ուշ է, երեխան հարևանի տանն ենք թողել:
- Հասկանալի է, Աշե ջան, վերջին սեանսին գնում են նրանք, ովքեր դեռ չեն դասավորել իրենց կյանքը:
Եվ էլի նույն ծաղրական տոնը: Դա ինձ դուր չի գալիս:
- Տարօրինակ է,- նկատում եմ ես.- գնում եք, նախօրոք իմանալով, որ վատ նկար է:
- Ասացի չէ՞, փեսատեսի եմ գնում,- հետո դառնալով կնոջս ասում է.- Աշխեն, կարող ես շնորհավորել, արդեն նշանակում եմ ստացել՝ դեղատան լաբորատորիայի վարիչ: Ոչ ավել, ոչ պակաս: Պատկերացնո՞ւմ ես, կարող էի մայրաքաղաքում աշխատանք գտնել, մի ծանոթ տղա խոստացել էր օգնել, բայց հոգատար ծնողներիս կամոք պետք է, որպեսզի նրանց «աչալուրջ» աչքը ինձ հեռու պահի վտանգավոր քայլերից...
Մելինեի խոսելու տոնը սկսել էր ինձ գրգռել: Երևի տպավորությունը մեղմելու համար Աշխենն ասում է.
- Մել ջան, այնպես ես խոսում... Վահանը կարող է քո մասին վատ կարծիք կազմել:
- Հասարակական կարծիք, ընդունված նորմ... Դրանց մասին մտածելիս մարդ իրեն ստորացած է զգում: Մանավանդ մեր քաղաքը, որտեղ ամեն քայլափոխի գավառայնության հոտ է փչում:
Վերջապես չեմ համբերում.
- Անշուշտ դուք իրավացի եք, մեծ քաղաքներում փեսացուների մեծ ասորտիմենտ կա և ընտրության լայն հնարավորություն: Իսկ ազատություն՝ ինչքան ուզեք...
- Իմիջիայլոց ինձ չեք զարմացնում, ես ծանոթ եմ ձեր ֆելիետոններին:
- Վահան, ինչո՞ւ աղջկան վիրավորեցիր, նա շատ լավ հոգի ունի,- Մելինեին հրաժեշտ տալուց հետո ասում է Աշխենը:
- Սիրում եմ, երբ աղջիկը իրեն համեստ է պահում:
Այսպես էլ հիմա. Աշխենը Մելինեին տուն է հրավիրել և մինչև նա ընթրիք կպատրաստեր, Մելինեի առաջարկությամբ շախմատ ենք խաղում: Նա ցանկանում է անպայման տանել և սխալներ է անում: Ես օգտվում եմ դրանից: Կարող էի սխալը ցույց տալ, բայց չեմ անում: Թող ինքն իր սխալներն ուղղի: Ամեն ինչում: Առանց դայակի:
- Հաղթելու համար չպետք է սխալվել,- ասում եմ ես ու մատ հայտարարում:
Նա ջղայնանում է, բայց աշխատում է ցույց չտալ:
- Հաղթելուց առաջ պետք է վարժվել պարտվելուն,- հանգիստ ասում եմ ու խառնում ֆիգուրները:
- Չեմ սիրում տարվել:
- Չխաղաս՝ չեմ տարվի:
- Ես սիրում եմ խաղալ:
- Խաղալը միշտ էլ վտանգավոր է...
- Ու հաղթել:
- Բայց դու տարվում ես:
- Միայն քեզ, ուրիշներին տանում եմ:
- Ուրիշները պարզապես տարվում են:
Մելինեն այլևս իրեն չի պահում.
- Դու անտանելի ես, Վահան:
- Եթե խնդրում ես... Այդ դեպքում հետաքրքիր չի լինի:
- Իսկ դու այնպես տարվիր, որ ես չնկատեմ:
Ես ավելի եմ անխնա դառնում.
- Չեմ խղճում ուրիշներին և չեմ հանդուրժի, որ ուրիշները խղճան ինձ: Դա ստորացնում է մարդուն:
- Դու գոռոզ ես, բոլորն են ասում,- հազիվ արտասուքները զսպելով ասում է Մելինեն:
- Երևի ցանկանում ես ասել՝ հպարտ եմ,- ու բարեհոգաբար ժպտում եմ:
- Տանել չեմ կարող քո հեգնական ժպիտները:
- Ես երբեք ինձ թույլ չեմ տա նկատել, որ եղունգներդ երկար ես թողնում:
Լեզվակռիվը թունդանում է, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ Աշխենը խոհանոցից գա ու վերջ դնի մեր կռվտոցին: Իսկ նա երբեմն-երբեմն ձայն է տալիս.
- Մի անգամ էլ խաղացեք, շուտով վերջացնում եմ:
- Աշխեն, ի սեր Աստծո, ինձ ազատիր ամուսնուդ լեզվից, կարծես իր հերթական ֆելիետոնի հերոսի հետ է խոսում:
- Մել ջան, քաղցած տղամարդը միշտ ջղային է լինում, ուշադրություն մի դարձրու,- ասում է Աշխենը ու նորից խորհուրդ տալիս, որ մի անգամ էլ խաղանք:
- Համաձայն եմ,- վճռական ասում է Մելինեն:
- Պիտի տարվես:
- Խաղը ցույց կտա:
- Հույսդ դնում ես պատահական սխալի վրա: Հաստատուն հենարան չի:
- Գրախանութում հետաքրքիր գիրք են վաճառում՝ «Կնոջ հետ վարվեցողության կանոնները»: Երրորդ անգամ ռոճիկ ստանալուց անպայման քեզ համար մեկը կգտնեմ:
- Իսկ այնտեղ գրվա՞ծ է, թե ինչո՞ւ կանայք սիրում են, որ շոյենք նրանց ինքնասիրությունը:
- Այնտեղ գրված է, որ կանայք չեն սիրում, որ տղամարդիկ կսմթեն իրենց ինքնասիրությունը:
- Կսմիթներից արագանում է արյան շրջանառությունը:
- Պիտի խաղա՞նք, թե՞ չէ:
- Իսկ քո խոստանալիք գրքում գրվա՞ծ է, որ տղամարդը պետք է անպայման տարվի:
- Հերիք չեղա՞վ իրար հետ կռվեք: Վահան, անհարմար է: Մել ջան, օգնիր ինձ:
Աշխենը շախմատը վերցնում է ու սկսում ճաշի սեղան գցել: Մելինեն մոտենում է հայելուն, որ ուղղի մազերը: Ես աչքի պոչով հետևում եմ նրան: Հայելու մեջ տեսնելով իր շառագունած դեմքը, զարմացած շրջվում է դեպի ինձ: Ես չեմ կարողանում ժամանակին թաքցնել ժպիտս:
- Քո ժպիտով ի՞նչ ես ցանկանում ապացուցել,- լացակումած բացականչում է նա:
Այլևս չեմ կարողանում պահել ծիծաղս:
- Ինչո՞ւ ես ծիծաղում:
- Ճաշից առաջ օգտակար է ծիծաղել: Բացում է մարդու ախորժակը:
- Իսկ քո ծիծաղը փակում է իմ ախորժակը: Ուստի թույլ տուր քեզ բարի գիշեր մաղթել:
- Թատերական այդ ժեստը արժանի է «բիս»-ի ու ծափահարության:
- Վահան, հերիք չեղա՞վ, լռիր,- խիստ ասում է Աշխենը, ապա նկատելով, որ Մելինեն լրջորեն ցանկանում է գնալ, անհանգստանում է.- Մել ջան, սիրելիս, ի՞նչ ես անում: Վահանին չգիտե՞ս, սիրում է մարդկանց հոգու հետ խաղալ,- ապա դառնում է ինձ.- Վահան, դու ասա:
- Երեխաները մեծ մասամբ խռովկան են լինում,- միայն կարողանում եմ ասել:
- Զարմանում եմ Աշխեն, որ նման ամուսնու հետ կարողանում ես ապրել: Ցավակցում եմ,- և ոչնչացնող հայացքը ուղղում է ինձ վրա:
- Զարմանալի է, որ այդքանից հետո էլ լավ կարծիքի ես մնում իմ մասին,- ու բարեհամբույր ժպիտ եմ առնում դեմքիս:
- Ինչպիսի՜ կարծիք սեփական անձի մասին: Անհամեստություն ասելն էլ քիչ է:
Մելինեին ոչ մի կերպ չենք կարողանում պահել:
- Վահան, ամեն անգամ վիրավորում ես, վերջապես նա զգայուն աղջիկ է, չի կարելի այդքան անողոք լինել:
Ես լռում եմ: Այսօր չափից ավելի պղպեղ օգտագործեցի: Պիջակս հագնում եմ ու շտապում Մելինեի հետևից, որ ուղեկցեմ տուն: Նա դանդաղ բարձրանում է փողոցով: Հասնելով նրան, չեմ կարողանում պահել լեզուս.
- Ջղայնացած մարդիկ սովորաբար արագ են քայլում:
- Կարծում ես, որ քո խոսքերից վիրավորվե՞լ եմ: Բոլորովին: Ես ժամադրված եմ, հասկանալի՞ է, դրա համար չմնացի ձեր տանը:
Ստում է: Դանդաղում էր, որ հասնեմ իրեն: Սիրելիս, դու դեռ այնքան ջահել ես, որ նման միամիտ խայծով խաբես ինձ: Բարձրաձայն նկատում եմ.
- Արդեն ութն անց է, շտապիր:
- Ցանկանում ես ասել, որ գիտես ժամադրության ժամը: Սխալվում ես, դեռ տաս րոպե ունեմ:
- Երբեք ութն անց տասնհինգ րոպեին չեն ժամադրվում: Սովորաբար ժամադրվում են կամ ուղիղ ժամին, կամ կեսին:
- Սեփական փորձի՞ց:
- Դա կարևոր չէ: Իմիջիայլոց ասեմ, որ սիրո հարցում երես առած տղա չեմ: Աղջիկները միշտ ինձնից խուսափել են:
Ասում եմ ու փոշմանում. ո՞ւմ է պետք անկեղծությունս:
- Այժմ ինձ հասկանալի է քո թշնամանքն աղջիկների նկատմամբ: Դրա համա՞ր ես ինձ միշտ տանում:
- Այդպես է, ով խաղն է շահում, ով՝ սերը:
Մելինեն հարցական նայում է ինձ: Թվում է՝ սովորականից ավելի: Շտապում եմ հայացքս հեռացնել: Նա անորոշ ասում է.
- Ոչ ոք գոհ չէ իր վիճակից:
Ես պատասխանում եմ.
- Մենք միշտ էլ ավելի ենք պահանջում, քան արժանի ենք:
Մելինեին ուղեկցելուց հետո տուն չեմ վերադառնում: Ինչ-որ թախիծ ինձ քշում է փողոցից-փողոց...
Արևն անցել է լեռան թիկունքը: Ամպերից անդրադարձած ճառագայթները սյուներով կախվել են հեռավոր անտառի վրա: Թվում է՝ անտեսանելի մեկը ամպերին նստած ոսկեհատիկ փոշի է մաղում, որի նարնջագույն հատիկները դանդաղ իջնում են անտառի վրա, նստում ծառերի տերևներին, լուծվում տերևներում ու գույն տալիս: Անտառը ներկվում է աշնան հիվանդոտ գույներով:
Մի պահ մոռանում եմ շրջապատս: Բարձրանաս վերև ու լողանաս այդ նարինջ շողերում: Այնպես թեթև լինես, որ բարձրանաս: Ու լինի այնպես, որ մաքրվես առօրեական մանրուքներից: Լողանաս ու մաքրվես:
Բնությունն անհաշիվ գեղեցկություններ ունի, մտածում եմ, այնքան շատ, որ բոլորը չես հիշի: Բացի արևի իրիկնային հրավառությունից, և երբ լուսինը ընկղմվում է լճակն ու լող տալիս. լողում է, լողում ու չի հասնում ափին:
Լավ է, որ բնությունը գեղեցկություններ ունի: Գեղեցիկը մարդու հոգին մաքրում-թեթևացնում է: Ինձ վրա գիտեմ: Բայց ափսոս բոլորի վրա չի ազդում: Թեկուզ սրա, դիմացի մայթին նկատելով մեր աշխատակիցներից մեկին, մտածում եմ ես: Արիստակես Պատվականովիչը՝ շնորհքով մի մարդ: Բայց ի՞նչ է մնացել այդ շնորհքից, հոդվածներ է թխում ու հոնարար ստանում:
Իր սովորության համաձայն աշխատանքից հետո գնում է շուկա: Վաղը պիտի գլուխներս տանի երեկոյան արած խորովածի մասին: Ես հո գիտեմ նրան, ընտանիքի հետ սեղան չի նստում: Ճաշի նստում է մենակ: Մյուսները միայն սպասարկում են:
Չգնա՞մ ասեմ. կանգնիր, սիրելիս, գլուխդ այդ գորշ ասֆալտից բարձրացրու և վերև նայիր: Տես արևմուտի այս հրաշալի հրավառությունը: Նայիր և ուրիշ բաների մասին մի մտածիր՝ հոնարարի և նման բաների: Նայիր այնքան, որ մոռանաս գարշելի սովորությունդ, որ մենակ սեղան չնստես, իսկ հանրահաշիվ լուծող տղադ թուքը կուլ չտա:
Ինձնից անկախ մի քայլ եմ անում՝ թող նա էլ տեսնի, թե ինչպես է արևը հրդեհում ամպերը: Հաջորդ քայլին նկատում եմ Մելինեին: Նա դեղատնից դուրս գալով շտապում է ինչ որ տեղ: Խաչմերուկն անցնելիս նկատում է ինձ ու մոտենում: Ցանկանում է ժպտալ, բայց չի ստացվում: Հուզված է երևում:
- Մելինե, նայիր արևին:
- Արևն ընդունում եմ արևածագին:
- Լռիր ու նայիր: Լուռ նայիր: Այդպես: Հինգ րոպե:
Անցնում է հինգ րոպեն: Ես ասում եմ.
- Արդեն հանգստացար: Կարող ես ժպտալ:
Մելինեն ժպտում է և այս անգամ ժպիտն ստացվում է:
- Մի րոպե ընդունենք, որ դու հոգեբան ես, բայց ինչպես նայել արևին, երբ այն չկա, մայր է մտել:
- Արևը միշտ էլ կա, նույնիսկ գիշերը: Ինչպես պոետը կասեր. «Լույս է տալիս ամեն ժամ, լույս է տալիս ամենուր»:
- Այսօր չեմ ուզում կռվել քեզ հետ:
- Ասա՝ վիճել:
- Թեկուզ: Բայց չեմ հասկանում, թե ինչպես է արևը հանգստացնում մարդուն:
- Արևը ինֆրակարմիր ճառագայթներ ունի, որոնք ամպերը ներկում են որդան կարմիրով: Իմիջիայլոց դու թոնրի կրակ տեսած կա՞ս:
- Հը՞մ:
- Ափսոս: Վերջալույսին երկինքը մի հսկայական թոնրի է նման, իր մեջ հրդեհում է ամպերը և ստացվում է հսկայական հրավառություն: Շատ գեղեցիկ պատկեր է, իսկ գեղեցիկը լավ է, ինչպես քո աչքերի կտրվածքը:
- Օ՜, դու նույնիսկ կոմպլիմենտ ես անում: Դա քեզանից չէ:
- Երբ մարդ նայում է գեղեցիկ բաների, մոռանում է, որ աշխարհում կան վատ մարդիկ:
- Օգտվիր այդ խորհրդից և քիչ քննադատական հոդվածներ գրիր:
- Դու ասա, թե ինչո՞ւ էիր հուզված:
Մելինեն մի պահ լռում է: Հավանաբար վարանում է՝ ասել, թե չասել: Հետո անսպասելի հարցնում է.
- Վահան, դու կարո՞ղ ես ժպտալ մեկին, որ քեզ ատում է և դու գիտես այդ մասին:
- Երեխաներին՝ այո,- ու ես էլ ժպտում եմ:
- Քեզ հետ չի կարելի լրջորեն խոսել, ամեն ինչ կատակի ես տալիս:
- Մելինե, սիրելիս, եթե ամեն ինչ լրջորեն ընդունես, ապա առավոտները լեզվիդ վրա միշտ դառնություն կզգաս: Լրջությունը խախտում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
- Օրգանիզմն ամեն ինչ չի կարող ընդունել և որոշ բաներ կարող է մերժել: Մարդը զանազանելու ընդունակություն ունի, բայց չունի ամեն ինչ մարսելու ընդունակություն: Իսկ դու առաջարկում ես խինին ընդունել և դառնություն չզգալ:
- Այն բանից հետո, երբ դու ապացուցեցիր, որ կարող ես լուրջ բաների մասին լրջորեն խոսել, բացատրիր, թե ինչ է տեղի ունեցել քո ջահել կյանքում:
- Վահան, դու օրիգինալ չես քո ցինիկության մեջ:
- Դիոգինե՞սը:
- Նա:
- Դիոգինեսը մարդկության մեծագույն հպարտն է, մեծագույն անկաշառը և մեծագույն ճշմարտախոսը: Ես նրա հետնորդն եմ:
- Համոզիչ չի հնչում. ուսուցիչը սիրում էր բոբիկ քայլել, իսկ աշակերտը նախընտրում է էլաստիկ գուլպաներ և սրածայր կոշիկներ: Եվ փափուկ ընկղմնաթոռը գերադասում է անհրապույր տակառին:
- Ես կատարում եմ երկրորդ հայտնությունը. մեր սիրելի, փխրուն Մելինեն հույժ էրուդիտ աղջիկ է: Իսկ այժմ պատմիր, թե ի՞նչն է պղտորել քո վճիտ հոգին:
Մելինեն անպատասխան թողնելով հեգնանքս, ասում է.
- Մի շաբաթ առաջ մեր կառավարիչի հետ կռվել եմ, իսկ այսօր կանչել է և լեզու է կոտրատում: Ասում է ինձ, բայց շողոքորթում է, ժպիտներ սարքում: Զզվելի է:
- Խորհուրդ չէի տա վերադասի հետ կռվել: Ենթակաների հետ կարելի է, նույնիսկ կարող ես վիրավորել: Իսկ պետի հետ՝ խորհուրդ չէի տա:
- Հետևիր ինքդ քեզ:
- Խորհուրդ տալը հեշտ է: Բայց դու չպատմեցիր, թե ինչ է եղել:
- Նոր տարվա նախօրյակին վիեննական բալետը սառույցի վրա հյուրախաղերի էր եկել մայրաքաղաք: Ես էլ հիվանդության կեղծ վկայական եմ վերցրել ու... Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ գլխապտույտ բան է, խելագարվել կարելի է:
- Առաջին նշաններն առկա են: Քեզ դրա համար կարելի է աշխատանքից ազատել:
- Մեր կառավարիչն ավելի մեծահոգի է՝ սահմանափակվել է միայն նկատողությամբ:
- Բոլոր պարագաներում կինն արդարացի է...
- Ես խեղդվում եմ այստեղ, Վահան: Չգիտեմ, թե ինչ կլիներ վիճակս, եթե դուք չլինեիք:
Հարցական նայում եմ նրան: Մելինեն շտապում է ավելացնել.
- Աշխենն ու դու:
- Է՜, լավ, կառավարիչն ինչո՞ւ էր այսօր կանչել,- նյութը փոխելու համար հարցնում եմ ես:
- Առաջարկում է դեղատան վարիչի տեղակալի պաշտոնը: Պատկերացնո՞ւմ ես: Որոշել եմ, ասում է, երիտասարդ կադրերին առաջ քաշել: Մի քանի ամիս կաշխատես, կծանոթանաս գործերին, հետո վարիչ կնշանակեմ: Ասում է ու նայում ինձ, որ տեսնի, թե առաջարկությունն ինչ ազդեցություն է թողնում: Մի քանի օր առաջ ցանկանում էր աշխատանքից ազատել, իսկ հիմա խնդրեմ՝ դեղատան վարիչ է նշանակում: «Դու մաքուր մարդ չես», ասում եմ նրան: «Ինչո՞ւ»,- հարցնում է: Ես էլ ուղիղ ճակատին՝ «Չսիրած մարդուց հաշիվ ես մաքրում: Կեղտերդ բացում է, դրա համար ցանկանում ես ազատվել նրանից»: Մեկ ուրիշ նրա տեղ կբարկանար, կվիրավորվեր, իսկ նա ծիծաղում է: «Մելինե Արմենակովնա, ասում է, ինչո՞ւ ես անմեղ մարդուն վիրավորում: Լավ չէ անմեղ մարդուն վիրավորել: Չես ուզում՝ չեմ նշանակի, միայն հետո ինքդ ես փոշմանելու»: Ու շարունակում է ժպտալը: «Դու ինքնասիրություն չունես»,- ասել եմ ու դուրս եկել:
- Գովելի համարձակություն է. միայն ես այդ չէի անի:
- Ես նրանից չեմ վախենում: Հենց այսօր մեր վարչությանը զեկուցագիր եմ գրելու: Թող այնտեղ իմանան, թե ինչպիսի տիպ է այդ զզվելին:
- Խորհուրդ կտայի կռվի չմտնել նրա հետ: Ուժերդ անհավասար են:
- Ուրեմն պետք է չդիմադրել, որովհետև ուրիշ ելք չկա՞:
- Ո՛չ, պետք է պայքարել, իսկ դրանից առաջ պետք է սովորել պայքարելու ձևերը: Իսկ դու թքում ես գործերի վրա ու վազում մայրաքաղաք, որ բալետ տեսնես: Թեթևամիտ բաներ ես անում: Է՛հ, շատ խոսեցինք, գնանք երաժշտություն լսենք:
- Նորի՞ց Բեթհովեն:
- Այս անգամ՝ ոչ: Մի հիանալի նվեր եմ ստացել՝ Վերդիի «Ռեքվիմը», ծերուկ Տոսկանինիի կատարմամբ:
- Քո բնավորության պես ծանր բաներ ես սիրում:
Բաց եմ անում աչքերս՝ Մելինեն նստած է սնարիս մոտ դրված աթոռին: Հազիվ եմ զսպում զարմանքս. քիչ առաջ այս նույն պատկերը երազում էր տեսնում: Միայն երազում Մելինեն բարակ, մոմի պես թափանցիկ մատներով սանրում էր մազերս: Երազը պատմելու բուռն ցանկություն եմ զգում, բայց հետո հարցը կանխում է՝ ո՞ւմ է պետք: Մելինեի՞ն: Հազիվ: Ի՞նձ: Ի՞նչի համար, որ ի՞նչ: Ու մտածում եմ. միշտ դժվար է հարցի պատասխանելը: Ամենահեշտ հարցին էլ:
Մտքերս վանելու համար փակում եմ աչքերս: Այս անգամ տեսնում եմ երկու պարզ աչքեր՝ մեջը երկնի կապույտը կաթեցրած: Դստրիկիս աչքերը...
- Է՜, Մելինե, պատմիր՝ աշխարհը ինչպե՞ս է յոլա գնում առանց ինձ: ՄԱԿ-ում աշխատանքները հո չե՞ս դադարեցրել.- իրարամերժ մտքերից ազատվելու համար ասում եմ ես:
- Վահան, գոնե հիվանդ ժամանակ քեզ լուրջ պահիր:
- Լուրջ մարդիկ քիչ են ապրում, իսկ ես որոշել եմ հարյուր տարի ապրել:
- Դու չես փոխվում:
- Կուզեի՞ր:
Ու խոր նայում եմ Մելինեի աչքերի մեջ: Չդիմանալով հայացքիս նա աչքերը խոնարհում է: Լռում ենք, որ պետք չէ: Խոսելով մենք քիչ ենք մտածում վտանգավոր բաների մասին: Գողունի նայում եմ Մելինեին: Ներքին կռիվը շառագունել է դեմքը: Նա այն տարիքում է, որ կարող է պոռթկալ, ինքն էլ չցանկանալով այդ: Լռությունն ահավոր է դառնում: Վերջապես ասում եմ.
- Մի բաժակ ջուր տուր:
Մելինեն շտապում է խոհանոց՝ ինչ որ բեռից ազատված: Այնտեղ երկար է մնում: Վերադառնում է արդեն արտաքնապես հանգիստ: Այժմ արյունը խաղաղ է հոսում և անցել է դեմքի շառագույնը:
- Գիտես, Վահան, մեր կառավարիչին աշխատանքից ազատել են,- ու ցնծությամբ ծափ է տալիս, ինչպես երեխաները, երբ մայրը շուկայից միրգ է բերում:
- Ճշմարի՞տ, ուրեմն շնորհավորում եմ հաղթանակդ,- նույն տոնով պատասխանում եմ ես:
- Իսկ դու ինձ վախեցնում էիր: Պարզվում է, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ:
- Անշուշտ, սիրելիս: Դա գալիս է երևի տարիքների տարբերությունից:
- Նա շատ խորամանկն է, չէի կարծում, որ այդքան հեշտ կստացվեր: Ես նամակ էի գրել կենտրոնական վարչություն, բայց մի տեսակ թերահավատ էի արդյունքների նկատմամբ: Մանավանդ քո խոսքերից հետո: Եվ խնդրեմ, շատ հեշտ ստացվեց:
- Դու չե՞ս նկատել, որ գեղեցիկ աղջիկներին կյանքում ամեն ինչ հեշտ է ստացվում: Նրանք ինչ որ քիչ են դիմադրության հանդիպում:
- Դու միշտ էլ քո բացատրություններն ունես: Ինձ թվում է, որ կարևորը այն է, որ մարդ արդարացի և ճշմարիտ լինի: Միշտ էլ գտնվում են մարդիկ, որ պաշտպանում են արդարն ու ճշմարիտը:
- Դու ճշմարիտ ես: Կանայք միշտ էլ ճշմարիտ են լինում:
- Վահան, դու անտանելի ես: Վերջապես մի՞թե քեզ չի ուրախացնում, որ սրիկայի մեկը մերկացվել է:
Ես չեմ կարողանում պահել ժպիտս: Միամիտ աղջիկ, կարծում է, թե իր նամակը մոգական գավազանի ուժ է ունեցել: Երևի դեռ չգիտի, որ իր կառավարիչին բռնել են դեֆիցիտային դեղերի սպեկուլյացիայի մեջ:
Թող Մելինեն չիմանա, թող համոզված մնա իր նամակի զորության մեջ: Նոր կյանք մտնող մարդը ծանր է տանում հիասթափությունը, մանավանդ Մելինեի նման զգայուն ու գրքային մարդը: Նա կարծում է՝ բավական է հայտնաբերել ճշմարտությունը, որպեսզի այն հաղթանակի:
- Այդ արել են միլիցիայի աշխատողները և ոչ թե քո նամակը,- անկախ ցանկությանս ասում եմ ես: Ու չեմ զղջում: Բոլոր լավերից ամենալավը ճշմարտությունն է: Եվ պատմում եմ եղելությունը: Թող պատրանքներ չլինեն, թող Մելինեն կլիմայափոխվի:
- Չէի իմացել,- շշնջում է նա և ընկնում մտորումների մեջ: Ձայնից զգում եմ, որ ինչ որ բան փլվեց: Տևական լռությունից հետո հարցնում է.
- Որտե՞ղ է Աշխենը, չի երևում:
- Ա՜խ, սիրելիս, աղջիկը պետք է մի քիչ խորամանկ լինի: Չի կարելի այդքան ուշացած հարց տալ:
- Գիշերս հիվանդանոցում հերթապահ է,- ու նայում եմ նրան: Չդիմանալով հայացքիս, շառագունում է: Դա լավ է: Ընդհանրապես լավ է, երբ մարդ կարողանում է շառագունել:
- Լավացիր, Վահան, իսկ Աշխենին կասես, որ եկել եմ: Չէի իմանում, որ հերթապահ է:
Ու շտապ դուրս է գալիս: Ես երկար ժամանակ չեմ կարողանում ազատվել ինձ հետապնդող մտքերից: Սենյակը դեռ պահում է Մելինեի մարմնի ջերմությունը, որն սկսում է ինձ ճնշել, նեղել: Հարցերը խուռներամ խուժում են գանգս ու դրնգացնում: Վերարկուս հագնում եմ ու դուրս գալիս: Դուրս փախչում: Սառը օդը շփում է ճակատս: Քայլերս հետզհետե դառնում են դանդաղ և հավասարակշիռ:
Ձմռանը մեր քաղաքը շուտ է քնում: Զբաղվելու բան չկա և մարդիկ անգործությունից ձանձրանալով ննջում են, հետո պառկում տեղերում ու շուռումուռ գալով լուսացնում երկար գիշերը: Արդեն ժամը իննին փողոցները լրիվ դատարկվում են:
Մտնում եմ պատուհանիս առաջ բացվող փոքրիկ պուրակը: Ուշացած զույգը դանդաղ հալվում է ծառերի կիսամութում: Նստում եմ ծեր լորենու տակ դրված նստարանին: Դեռ տաք է: Երևի զույգը քիչ առաջ այստեղ էր նստած և նկատելով, հեռացել է: Իզուր խանգարեցի, սիրահարները մենակություն են սիրում, որպեսզի միայն իրենք լինեն և գաղտնապահ ծառերը և ապա լուսինը, որը չի կարող լսել տաք շշուկները:
Հիշում եմ առաջին հանդիպումները Աշխենի հետ: Ճիշտն ասած, մերն այնպես չստացվեց, ինչպես հավանաբար լինում է ուրիշների մոտ: Մենք շուտ հասկացանք իրար, ավելի շուտ, քան, երևի, պետք է: Մի քանի հանդիպում և... Էլ «և» չեղավ:
- Աշխեն, վաղը ձեր տանը հյուրերի սպասիր,- ծանոթությունից մի քանի օր անց ասել եմ ես:
Աշխենը ժպտացել է և ոչինչ չի պատասխանել: Այսքանը: Համարյա այսքանը: Իրոք մեզ մոտ ամեն ինչ հեշտ ստացվեց՝ առանց ձևականությունների: Այնուհետև մեր կյանքը հոսել է անվրդով-անխռով, միանման-միապաղաղ: Այդպե՞ս պիտի լինի,- ինքս ինձ առաջին անգամ հարցնում եմ ես: Իսկապես, այդպե՞ս պետք է լիներ: Ճնշող մի թախիծ կլանում է ինձ: Ես անկեղծ նախանձով եմ լցվում դեպի սիրահար զույգը: Իմ կյանքում առաջին անգամ նախանձում եմ ուրիշների...
Բավականին ուշ վերադառնում եմ տուն: Ննջասենյակը դեռ խնամքով պահում է Մելինեի ջերմությունը...


*  *  *

 Կինը կամ ձին՝ նախազգում են վտանգը: Սիրող կինը զգում է ամուսնու մեջ կատարվող ամենաորսալի փոփոխությունն անգամ, զգում է յոթերորդ զգայարանով՝ անունը կանացի բնազդ:
Աշխենը: Նա ցանկանում է Մելինեին ծանոթացնել մորաքրոջ տղայի հետ, որ կանխի վտանգը, որ պահի իր Վահանին: Գիտե, թե որտեղից է բռնում՝ մայրաքաղաք, սեփական ավտոմեքենա, մի խոսքով՝ Մելինեն սիրում է ճանապարհորդել, իսկ Միշիկը շատ փող ունի: Մեծ խանութի վարիչ է, ծակ գդակ ճշմարտախոս, քո դարդը քաշիր,- դառնորեն քմծիծաղում եմ ես ու մտնում տուն: Աշխենը դիմավորում է ծեքծեքուն ժպիտներով: Ա՛յ քեզ նորություն: Վերջերս դեմքից տխրությունը չէր անցնում, իսկ հիմա վերստացել է նախկին անհոգ, ուրախ Աշխենը:
- Վահան, ինչքա՜ն լավ է, որ եկար, վախենում էի, որ կուշանաս,- ու գողունի հայացքը փախցնելով շտապում է խոհանոց: - Միշիկը շուտով կգա, արդեն խոհանոցից ասում է նա:
Վախենում է միասին մնալուց: Ստիպված կլինի խոսել: Մեր մեջ ստեղծված փոխհարաբերություններում բառերը վտանգավոր են դառնում: Ինչպես երեխա, բառն անմիջական է, կարող է խոսել արգելված բառերի մասին: Իսկ հետևանքները, ո՜վ գիտի, թե ինչպիսին կլինեն:
Մելինեն պետք է ամուսնանա Միշիկի հետ, մտածում եմ ես: Անկարելի է, ու դիմադիր մի ուժ խլրտում է իմ մեջ: Թող ամուսնանա ում հետ ուզում է, բայց ոչ կյանքից երես առած այս Միշիկի: Է՛հ, մեկ չէ՞ քեզ համար, թե ում հետ կամուսնանա: Իսկապես, մեկ չէ...
Տրամադրությունս բացասական է ցույց տալիս: Այսօր երկուշաբթի է: Ծանր շաբաթ կլինի: Խմբագրությունում նորից աղմուկ եմ սարքել: Ցանկանում են մի մեղվաբույծ կնոջ մասին ակնարկ տպագրել: Եվ ինչպես են մարդիկ դատում. առաջավորների խորհրդակցությունում գովել են, պետք է արձագանքել: Այլ կերպ ինչպես, մարզկոմի քարտուղարն ինքն է գովել և նույնիսկ թերթին կշտամբել, որ նման առաջավորներին չենք պրոպագանդում: Իսկ ես գիտեմ այդ առաջավորներին: Ամուսնու հետ տեղափոխվել են նոր կառուցած տունը՝ կույր ու անօգնական սկեսրոջը թողնելով հին տանը: Խնամող չկա: Ամեն օր մի աման շորվա են դնում առաջը և այդքանը: Հարսը չի ցանկանում տեսնել սկեսրոջ երեսը: Երեխաներին արգելել է տատի մոտ գնալ: Մինուճար տղան՝ ականջները կախի մեկը, հաշտվել է: Եվ խնդրեմ, այդ պիսինի մասին ակնարկ են տպագրում և առաջավոր փորձ պրոպագանդում: Մի փեթակից ութսուն կիլոգրամ մեղր: Երկու այդքան էլ ստանա, սկեսրոջ կյանքը չի քաղցրանա: Մի խոսքով, տվել ենք կռվել:
Հիմա էլ պետք է փեսատեսի ներկայացում դիտեմ:
- Չգիտեմ, թե ինչ բարեգործական միսիա է, որ քեզ վրա ես վերցրել,- անցնելով մյուս սենյակը ասում եմ ես:
Աշխենն ամբողջովին կարմրած ներս է գալիս:
- Վահան, Միշիկը եկել է, լռիր, անհարմար է:
Ես ձեռքս թափ եմ տալիս՝ է՜հ:
- Գոնե գնա մյուս սենյակը, մենակ է: Անքաղաքավարություն մի անի:
Թքած այն քաղաքավարության վրա, որ պետք է ստիպի ժպտալ, երբ սիրտդ արտասվել է ուզում: Մարդուն ասա սիրելիս, երբ ցանկանում ես երեսին թքել:
Միշիկը՝ գեղեցիկ, կոկիկ հագնված, մեծ խանութի վարիչ, սեփական «Վոլգա»: Ապրում է՝ ինչպես պետք է, իսկ դու հազիվ ես պահում քո և հորդ բազմանդամ ընտանիքը: Ամեն տարի արձակուրդները անց է կացնում Սև ծովի ափերին: Ստուգես՝ ծոցագրքույկում տասնյակ հասցեներ կլինեն: Հպարտանում է՝ Սովետական Միության ամեն ծայրում էլ երեխա ունեմ: Հինգերորդ տարին է, որ արձակուրդ չեմ վերցնում: Արձակուրդայինս խիստ լիմիտավորված է՝ սանատորիայի ուղեգիր հիվանդ մորս համար: Գոնե մի անգամ գնայի մեր գյուղը, ման գայի հանդերում ու մոռանայի, որ աշխարհում գոյություն ունեն միշիկներ ու նման տհաճ բաներ:
- Փեսա ջան, քեֆդ տեղը չի երևում,- Միշիկը ձեռք տալով նստում է կողքիս:
- Է՛հ, քեֆ է, էլի,- անտրամադիր արձագանքում եմ ես:
- Մեկ է, ինչքան էլ մտածես՝ հարյուրի կեսը հիսուն է: Ավելի լավ է մի-մի բաժակ կոնյակ խմենք, մինչև... և խոսքը կիսատ թողնելով անցնում է մյուս սենյակը: Քիչ հետո գալիս է թանկարժեք կոնյակի շիշը և երկու բաժակ ձեռքին: - Խմենք ու մոռանանք, որ...
- Որ մարդիկ հարյուրը կիսում են ու իննսունինը պահում իրենց,- խոսքը շարունակում եմ ես:
- Շնորհքի բան է,- չնկատելու տալով ծաղրը, ասում է Միշիկը ու բաժակները լցնում,- մեր հաջողության կենացը:
- Հարյուրի կենացը, որ ունենա երկու հավասար հիսուն:
- Ինչևէ,- խուսափողաբար պատասխանում է Միշիկը ու դատարկում բաժակը: Ես էլ եմ խմում:
- Իմիջիայլոց, խմիչքը մի լավ հատկություն ունի՝ ամենախճճված հարցն էլ պարզեցնում է:
Նախամուտքում խոսակցության ձայներ են լսվում: Երևի Մելինեն է եկել:
Միշիկը իսկույն ոտքի է կանգնում ու հայելու առաջ իրեն կարգավորում:
- Հուզվո՞ւմ ես,- չարախնդորեն ասում եմ ես:
- Օհո՜, դուք արդեն սկսե՞լ եք,- նկատելով սեղանին դրված կոնյակի շիշը ասում է Աշխենը և հրավիրում մեզ սեղան նստել:
Մտնում ենք ճաշասենյակը: Մելինեն նստել է բազկաթոռին ու ինչ-որ ամսագիր է թերթում: Մի պահ նայում է ինձ ու շվարում: Իսկ ինչպե՜ս է հագնվել: Ծանր հյուսքերը ագուցել է գլխին և թվում է ահա-ահա մազերից լույս պիտի ճառագի: Սև, խոշոր ականջօղերը վայելչաբար և անբռնազբոս կախվել են վզին՝ ավելի ընդգծելով մորթի ճերմակությունը: Հագել է ծխագույն վերնազգեստ: Մի անգամ ասել եմ, որ այն սազում է իրեն: Եվ հիմա դիտավորյալ դա է հագել: Խոր կտրված օձիքից երևում է զգայուն պարանոցը:
Գրողը տանի, գիտե ընդգծել իր բարեմասնությունները: Թռուցիկ հայացքով գնահատելով այդքանը, Միշիկին ներկայացնում եմ Մելինեին:
- Սիրելի Մելինե, ծանոթացիր, Միշիկը... Միշիկ ջան, հո՞ չես նեղանում, որ տնավարի եմ ասում:
Սա անիմաստ թոթովում է ուսերը: Մելինեն նկատում է այդ և մի պահ խոժոռվում: Իսկ ես ճաշակելով առաջին հարվածի քաղցրությունը, շարունակում եմ.
- Միշիկը Աշխենի մորաքրոջ տղան է, մանրամասնությունները, իսկ ես, սիրելի Մելինե, հուսով եմ, որ դրանք կհետաքրքրեն քեզ, կպատմեմ ճաշի ժամանակ: Միշիկ ջան, Մելինեի մասին Աշխենը քեզ այնքան է պատմել, որ ներկայացնելու կարիք չկա:
- Մելինե:
- Միշա:
Ու նստում ենք: Տիրում է ճնշող լռություն: Լռությունը խախտելու համար ասում եմ.
- Միշիկ ջան, հյուրասիրիր Մելինեին: Այդ արվեստը լավ ես սովորել, ցույց տուր տաղանդդ:
Աշխենը տարակուսանքով նայում է ինձ: Ես ուշադրություն չեմ դարձնում: Իմ գլխում մի միտք է պտտվում՝ ով ուզում է լինի, միայն ոչ այս Միշիկը:
- Այո, դա հազվագյուտ շնորհք է,- շարունակում եմ ես, ապա դառնալով կանանց ավելացնում եմ.- խնդրում եմ ասածներս լուրջ ընդունեք: Հիշում եմ, Միշիկ ջան, անցյալ անգամ պատմել ես, որ կնոջ զբաղեցնելու, հետաքրքրելու պրոցեդուրայում մեծ փոփոխություններ են կատարվել: Ջենտլմենության տեղ հանդես է եկել նախամարդու անմիջականությունը: Իսկ մենք՝ աշխարհից կտրված, տեղյակ չենք այդ նորություններին:
Աշխենը ոտքս կոխում է: Ես դարձյալ ուշադրություն չեմ դարձնում:
- Վահան, գոնե մի կենաց առաջարկիր, որ խմենք,- զրույցի թեման փոխելու համար ասում է Աշխենը:
- Ճիշտ է ասում, Վահան, մի կենաց առաջարկիր,- լեզուն բերանի մեջ հազիվ պտտեցնելով Աշխենին պաշտպանում է Միշիկը:
- Հիշյալ կենացները Աշխենն ու Մելինեն չեն խմել: Խնդրում եմ ձեր բաժակները դատարկեք: Խմել ենք հարյուրի կենացը, որպեսզի միշտ էլ հարյուրի երկու կեսը հիսուն լինի:
- Վահան, դա ինչ կենաց է,- միջամտում է Աշխենը,- մի լավ բան առաջարկիր:
- Օրինակ՝ ի՞նչ:
- Օրինակ՝ մարդկանց սրտի նպատակի կենացը,- միջամտում է Միշիկը:
Այս անգամ Մելինեն չի կարողանում հեգնական ժպիտը թաքցնել:
- Դա ամենավտանգավոր կենացն է: Հաճախ մարդկանց նպատակները ժպտում են իրար:
- Միշիկ, խնդրում եմ չզարմանաք,- վերջապես խոսակցության մեջ է մտնում Մելինեն,- նրա աչքերում իրենից բացի մյուսները ֆելիետոնի հերոսներ են:
Միշիկի դեմքով գոհունակության մի ժպիտ է անցնում: Նա հաղթական նայում է ինձ: Կերա՞ր,- ասում է հայացքը: Ապա փափուկ մի ժպիտով շնորհակալություն է հայտնում Մելինեին:
Մելինեն նայում է Աշխենին ու ժպտում: Ես տենդագին մտածում եմ հարմար պատասխան տալ ու չեմ կարողանում: Ստիպված ասում եմ.
- Ինձ վիճակվում է մարգարեի ճակատագիրը՝ մնալ միայնակ ու չգնահատված: Ուստի թույլ տվեք խմել նրանց կենացը, ովքեր նպատակ ունեն:
Նախաձեռնությունն անցնում է Մելինեին ու Աշխենին, որոնք, մանավանդ Մելինեն, սկսում են մաս-մաս անել ինձ: Միշիկը իր հաղթանակը տոնում է: Սկսում եմ խմել: Արդեն գինովանում եմ: Միշիկն ու Մելինեն արդեն անցել են դու-ի: Փոխադարձ կոմպլիմենտներ են, որ տեղում են:
- Շնորհակալություն հյուրասիրության համար, արդեն բավականին ուշ է,- անսպասելի ասում է Մելինեն ու ոտքի կանգնում: Ակամայից բոլորս էլ ոտքի ենք կանգնում:
- Ես կուղեկցեմ,- ասում եմ ես ու զգում, որ տղայություն եմ անում:
- Վահան, դու հանգստացիր, Միշիկը ինձ կուղեկցի:
- Իհարկե, իհարկե,- պաշտպանում է Միշիկը,- ինչո՞վ կուզեք, թեկուզ մեքենայով:
- Մեքենայով շուտ կհասնեք տուն,- ավելի լավ է ոտքով:
Ու դարձյալ կիսահեգնական ժպիտը դեմքին: Մռայլ ու անտրամադիր անցնում եմ մյուս սենյակը: Լսում եմ աստիճաններով իջնող Մելինեի և Միշիկի երջանիկ, անհոգ ծիծաղը: Առաջին անգամ, միջնակարգից հետո, հայհոյում եմ: Մտքումս: Գյուղացու պես՝ կոպիտ, գռեհիկ: Քիչ անց մյուս սենյակում լսում եմ խոսակցության ձայներ: Աշխենն ու Միշիկն են: Ինչո՞ւ է Միշիկն այդքան շուտ եկել: Ուրախության մի ճիչ անձայն ծլնգում է իմ հոգում: Հազիվ եմ պահում ինձ, որ չգոռամ:
- Միշա, գոնե գիշերը մնա,- լսում եմ Աշխենի ձայնը,- առավոտյան էլի կգնաս:
- Չեմ ուզում: Եվ, ճիշտն ասած, ես վիրավորված եմ քեզնից, Աշխեն: Վահանը, Մելինեն՝ նրանք՝ ուրիշ, իմ հարազատները չեն, բայց դու...
- Ի՞նչ է պատահել, կարգին բացատրիր, ի սեր Աստծո,- տագնապով նորից է հարցնում Աշխենը:
- Մայրաքաղաքից բերել տալ, ծախսերի տակ գցել, որպեսզի անմեղ մարդուն ձեռ առնեն... Անազնվություն է:
Ամեն ինչ ինձ համար պարզ է դառնում, ու ես հանգիստ պառկում եմ մահճակալին:
Մելինեի կարմիր, ասեղնակրունկ կոշիկների մոտ ընկել էին Աշխենի խունացած կոշիկները: Բնազդական շարժումով նրանք հրում եմ պահարանի տակ: Նախամուտքում ցնծում են միայն Մելինեի կոշիկները՝ ասեղնակրունկ, արյան պես կարմիր:
Ճիգով սթափվում եմ վայրի այս մտքերից ու ներս մտնում:
- Ահա Վահանն էլ եկավ: Աշխեն պատրաստվիր,- երեխայի պես ծափ տալով բացականչում է Մելինեն:
Աշխենը բարեհոգաբար ժպտում է.
- Վահանը երևի քաղցած է:
- Աշե ջան, Վահանը պետք է դիետա պահի, թե չէ ստիպված կլինես ամեն առավոտ ինքդ նրա կոշիկների կապիչները կապել:
Ես լուռ կանգնել եմ, ես ճիգ եմ անում, որ չնայեմ Մելինեի նվագուն սրունքներին: Ու չեմ կարողանում: Գրողը տանի. ահավոր ուժ ունի գայթակղության քարը: Վերջապես միավանկ ասում եմ.
- Քաղցած չեմ:
- Ի՜նչ լավ է,- նորից ծափ է տալիս Մելինեն,- Աշխեն ջան, հագնվիր:
Աշխենը նկատում է հայացքս: Դեմքով մի ստվեր է սահում և լճանում աչքերում: Ճիգ է անում, որ ժպտա ու չի հաջողվում: Դրանից կարծես խղճանում է, ստորանում: Ինչո՞ւ չի կարողանում ժպտալ: Իսկ Մելինեն ինչպես է ինձ հետ ազատ խոսում, կատակում: Կարծես նա ավելի իրավունք ունի: Մեղավորը Աշխենն է, առավոտյան մինչև ուշ գիշեր աշխատում է, որ թեթևացնի տան պայմանները: Ամեն ինչից զրկում է իրեն, որ օգնի ծնողներիս: Գիտի իմ թուլությունը և աշխատում է օգնել ծեր ծնողներիս մեծանդամ ընտանիքին:
Նեղսրտած, ճնշված, փոքրացած Աշխենը կշտամբանքով ասում է.
- Ժամը հինգից քեզ սպասում եմ, այնպես համով ճաշ եմ պատրաստել, իսկ դու ուրիշ տեղ ես ճաշում:
Տարօրինակ կին է Աշխենը, առանց ինձ սեղան չի նստում: Հազար անգամ դիտողություն եմ արել, բայց մնում է նույնը:
- Աշխեն,- ցանկանում եմ ասել, որ քաղցածն ինքն է, թող ճաշի, բայց լռում եմ: Զգում եմ, որ բառերն անիմաստ պիտի հնչեն: Իսկ առա՞ջ: Իսկ ի՞նչ է եղել հիմա: Հիմարություններ եմ մտածում, ու ցանկանում եմ հեռացնել վայրի մտքերը,- Աշխենը անփոխարինելի է:
- Հինգ րոպեից հետո պատրաստ կլինեմ,- և Աշխենն անցնում է մյուս սենյակը:
Տրամադրությունս փչանում է: Սկսում եմ լուռ ինքս ինձ հետ կռվել: Մերթընդմերթ նայում եմ Մելինեի կողմը: Շրջազգեստի խոր կտրվածքից երևում է զգայուն պարանոցը: Եվ ինչպե՜ս լավ գիտի ցույց տալ իր բարեմասնությունները:
Մելինեն թեթև հազում է: Բարձրացնում եմ գլուխս՝ նայում է ինձ՝ աչքերում դավադիր ժպիտ: Տոնում է իր հաղթանակը: Սիրելիս, այս կռվում կամ հաղթանակում են երկուսով, կամ պարտվում միասին: Նախօրոք կարող եմ հավաստիացնել, որ մոռանաս հաղթանակի մասին: Նորից նայում եմ Մելինեին: Դարձյալ ժպտում է: Այս անգամ, սակայն, նրա ժպիտը դարձել է անպաշտպան, անօգնական, կարծես ներողություն է հայցում: Գրողը տանի, ինչո՞ւ եմ նրա մասին վայրենի բաներ մտածում:
- Ահա և ես,- ներս է մտնում Աշխենը՝ մշտական հեզ, բարի:
Ինչ-որ ծանրությունից ազատված շունչ եմ քաշում: Մելինեն նույնպես: Ակամայից նայում ենք իրար: Աշխենից չի վրիպում այդ: Ծանոթ ստվերը նորից լցվում է աչքերի մեջ: Նախկին լարվածությունը վերստանում է: Լիցքաթափվելու համար պետք է մի կատակ անել: Թեկուզ տափակ, անշնորհք կատակ, բայց պետք է: Տենդագին մտածում եմ ու ոչինչ չեմ կարողանում մտածել:
Ու... օ՜, թողություն, հնչում է հեռախոսի զանգը: Աշխենն անցնում է նախամուտքը: Քիչ հետո գալիս է:
- Հերթապահ բուժքույրը հիվանդացել է, պետք է ես փոխարինեմ,- Աշխենն ասում է այնպիսի կսկիծով, կարծես մի մեծ, շատ թանկագին բան է կորցնում: - Մինչդեռ որոշել էինք համերգ գնալ:
Ինչ լավ է, իմ մեջ մտածում եմ ու ինքս էլ ինձ բռնում այս մտքի վրա:
- Ինչքան ցավալի է, երկար ժամանակ միասին ոչ մի տեղ չէինք գնացել և ահա ուզում էինք... Ցավալի է,- ապա անհոգ, անփույթ տոնով ավելացնում.- Է՛հ, մի մտածեք, դուք գնացեք, գուցե կեսից ես էլ գամ: Եթե արտակարգ բան չլինի, կգամ:
- Գուցե հետաձգեինք,- ասում եմ ու զգում, որ բառերը կեղծ են հնչում:
- Ո՛չ, ո՛չ,- եռանդուն ընդդիմանում է Աշխենը,- հյուրախաղերի վերջին օրն է, իմ պատճառով ձեզ մի զրկեք:
- Աշխեն, տոմսը պահելու եմ, անպայման կգաս,- առաջարկում է Մելինեն:
- Կարիք չկա: Առանց տոմսի էլ կարող եմ գալ, գիտեն, որ Վահանի կինն եմ,- և ժպիտը նորից փշրվում է դեմքին:
Փողոցից հնչում է մեքենայի սուլոցը: Հիվանդանոցի մեքենան է: Աշխենի գնալուց հետո մենք էլ ենք դուրս գալիս: Մինչև համերգը ամբողջ քառասուն րոպե կա: Երկար ժամանակ քայլում ենք լուռ: Վերջապես Մելինեն խախտում է լռությունը:
- Վահան, երկու օրից հետո ես գնալու եմ մայրաքաղաք, ընդմիշտ:
- Ոչ մի տեղ դու չես գնալու:
- Հաստատ որոշված է, գուցե թե վերջին անգամ ենք միասին լինում:
- Դու փախչում ես,- օգտվելով ծառերի ստվերներից՝ բռնում եմ ձեռքը: Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս է դողում, թպրտում է անօգնական թռչնի պես: Մելինեն իսկույն ձեռքն ազատում է: Կարծես կրակի է դիպչել:
- Գնանք մոտիկ այգին,- անսպասելի առաջարկում եմ ես:
- Ավելի լավ է քայլենք, Վահան, դու չես կարող պատկերացնել, թե ինչքան եմ սիրում քայլել: Թվում է, թե քայլելուց չեմ հոգնի:
- Դու փախչո՞ւմ ես: Ումի՞ց ես փախչում:
- Դու ցանկանում ես ամեն ինչ բառերով արտահայտել: Ցանկանո՞ւմ ես:
- Հը՛մ,- ու ձեռքը թեթևակի սեղմում եմ,- շատ լավ, որոշված է, գնում ենք այգի: Դեռ ամբողջ քսանհինգ րոպե ունենք:
Մելինեն այլևս չի հրաժարվում: Նստում ենք այգու մի անկյունում: Մեր ձեռքերը կույր խարխափելով փնտրում են իրար և թվում է, թե ոչ մի ուժ չի կարող բաժանել:
- Համերգին հինգ րոպե է մնացել,- և Մելինեն ոտքի է կանգնում: Մի պահ երերում է գլխապտույտից և ստիպված հենվում աթոռի թիկնակին:
- Կարծես գինովացել եմ:
Ես տեղս գամված նայում եմ աչքերին, նայում ու չեմ կարողանում ինձ տիրապետել:
...Համերգի ընդմիջմանը գնում եմ ծխելու: Վերադառնում են և ... Մելինեն չկա: Համերգի ծրագրի մեջ նկատում եմ մի թուղթ: «Վահան, հեռախոսով պետք է խոսեմ մայրաքաղաքի հետ: Ինձ չսպասես: Մելինե»:
Փախչել է: Նայում եմ բեմին ու ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ լսում: Իմ ականջներում հնչում է ինչ-որ մի ընդհատված երգի տխուր արձագանքը...
Դուրս եմ գալիս դահլիճից: Մի քանի անգամ անցնում եմ կենտրոնական հեռախոսակայանի մոտով, հույս ունենալով, որ այնտեղ կհանդիպեմ Մելինեին, չնայած հաստատ գիտեմ, որ չեմ տեսնի նրան: Բավականին ուշ վերադառնում եմ տուն: Նախամուտքում հեռախոսը զանգում է:
- Վահան, արդեն եկե՞լ ես,- լսում եմ Աշխենի ձայնը: Լռում եմ, իսկ Աշխենը շարունակում է.- ինչպե՞ս էր համերգը, դո՞ւր եկավ:
- Ոչինչ: Բարի գիշեր,- և խոսափողը դնում եմ տեղը:
Երևի Աշխենը արտասվի, դառը, հուսահատ, խոշոր կաթիլներով արտասուք թափի: Թող լաց լինի, դա կթեթևացնի ցավը: Երանի, թե ես էլ կարողանայի լաց լինել...

Աշխենը ցանկանում է սեղան պատրաստել:
- Չեմ ուզում: Ճաշել եմ ճաշարանում:
Դիտավորյալ շեշտում եմ ճաշարանը:
Ափսեները ետ տանում է խոհանոց: Խոհանոցում ինչ-որ երկար է մնում:
- Վաղը գնում եմ մայրաքաղաք,- հնարավորին չափ անտարբեր, անփույթ ասում եմ ես: Աշխենը խոհանոցումն է և ես չեմ նայում նրա աչքերին: Լավ է, որ խոհանոցումն է, թե չէ դժվար կլինի նայել աչքերին:
- Վաղը գնում եմ մայրաքաղաք,- նորից կրկնում եմ:
Նա չի պատասխանում, երևի հասկանում է, թե ինչի համար եմ գնում ու լռում է: Հարցնի՝ կպատասխանեմ, բայց լռում է և դա ավելի է ճնշում, գրգռում ինձ: Անցնում եմ ննջասենյակ, որը նաև իմ աշխատասենյակն է:
Մի ավելորդ լռություն է իջնում տանը: Նույնիսկ աղջիկս չի խոսում: Լռությունը ճնշում է ինձ: Աննպատակ քրքրում եմ թղթերս: Նորից գալիս եմ ճաշասենյակ: Աշխենը իրերս դասավորում է ճամպրուկիս մեջ:
- Երեք վերնաշապիկը ինչի՞ համար է, մեկն էլ հերիք է,- ասում եմ:
- Չես ասել, թե քանի օրով ես գնում:
- Իսկ դու հարցնեիր:
Աշխենը վերնաշապիկները դասավորում է ճամպրուկում: Իհարկե, գիտե, թե ինչի համար եմ գնում: Գիտե և լռում է: Գոնե բողոքի, գոնե հարցնի: Իսկ նա լռում է:
- Գուցե հարցնեիր, թե ինչի համար եմ գնում:
- Եթե անհրաժեշտ լինի՝ կասես:
- Ես քո ամուսինն եմ, դու իրավունք ունես, դու կարող ես հարցնել: Աշխենը մի պահ գլուխը բարձրացնում է ճամպրուկից և նայում ինձ: Աստվա՜ծ իմ, ինչքան թախիծ կա այնտեղ: Ես չեմ դիմանում հայացքին և դա ավելի է ինձ վրդովում:
- Գրողը տանի, նայողը կենթադրի, թե լեզու չունես:
- Վահան, երևի գործով ես գնում, առաջին անգամ չէ,- և կոտրված մի ժպիտ կախվում է թարթիչներից ու սկսում դողալ: Արտասուքի պես վճիտ: Եվ դողում է:
- Գործով, գործով, իհարկե, առանց գործի ոչ ոք ոչ մի տեղ չի գնում,- գոռում եմ ես:
- Հայրիկ, ինչո՞ւ ես գոռում,- ասում է մեր զրույցին լուռ հետևող աղջիկս:
- Խնդրեմ, երեխա է դաստիարակում:
Աշխենը խիստ նայում է Մանուշին: Սա լուռ մոտենում է ինձ:
- Ներիր, հայրիկ:
Փոթորիկ է բարձրանում իմ մեջ: Իհարկե, օտար մարդ եմ այս տանը և ոչ թե հայր ու ամուսին: Ներողություն են խնդրում հյուրից, որի մոտ չարություն են անում:
- Եթե մայրաքաղաքում աշխատանք գտնեմ, հնարավոր է, որ մնամ: Խմբագրի հետ պայմանավորվել եմ:
- Հայրիկ, մեզ չե՞ս տանելու:
Աշխենը անսպասելի ապտակում է երեխային: Առաջին անգամ:
- Ինչո՞ւ խփեցիր:
- Որպեսզի հարցին չպատասխանես: Քեզ համար դժվար կլինի պատասխանել:
Ինչպիսի ապտակ: Ես ոչինչ չեմ կարողանում ասել: Իսկ Աշխենը՝ արտաքնապես հանգիստ, իրերս դասավորելուց հետո, ճամպրուկը դնում է անկյունում:
- Վահան, գնա քիչ զբոսնի, մինչև տան հատակը կլվանամ:
Լուռ հնազանդվում եմ: Աստիճաններով իջնելիս լսում եմ Աշխենի խեղդված հեկեկոցը: Ցանկանում եմ արագ ինջնել, որ չլսեմ լացի ձայնը, բայց ոտքերս չեն ենթարկվում: Ձեռքս տանում եմ գրպանս: Ծխախոտատուփը հանելիս մի թուղթ ընկնում է ոտքերիս տակ: Գործուղման թերթիկն է: Ես երկար ժամանակ չեմ կարողանում տեղից շարժվե՜լ... 

2 комментария:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить
  2. Միշել Էնդի Վարկային ընկերությունը հանդիսանում է վարկավորման առաջատարը աշխարհում, անկախ նրանից, թե ինչ է ձեր ֆինանսական վիճակը, մենք կարող ենք օգնել ձեզ ստանալ ձեր սեփական դրամական միջոցները: Մենք տրամադրում ենք վարկեր պարտքի համախմբման, տնային նորոգման, անապահով վարկեր, վատ վարկերի վարկեր, բիզնես վարկեր, անհատական վարկեր, ուսանողական վարկեր, ավտոմատ վարկեր, կրեդիտային քարտի պարտքի կրճատում, անշարժ գույք եւ հիփոթեք `1-2% տոկոսադրույքով: Մեր (24) ժամյա օնլայն վարկն արագ եւ հեշտ է իրականացնել: Սա 100% երաշխավորված է եւ անվտանգ:
    ավելի շատ detials դիմել վիզայի emial (michelle.andyloanfirm@gmail.com)

    ОтветитьУдалить