ՀԱՐԱ՜Ր, ՀԱՐԱ՜Ր


  • Փարշի գորգը 
  • Կնանիք 
  • Մոռացված արահետներ 
  • Ծաղրատեղ 
  • Հարեւաններ 
  • Գոտկացավեր 
  • Գարուն է, գարուն չէ 
  • Քարկեծ 



ՓԱՐՇԻ ԳՈՐԳԸ

Անմատ ոտքերը չեն քայլում, հրվում են վեր, եւ ամեն քայլը կարծես առաջ մղվել չի, կարծես ոտքը մի բանի վրայից անցնում է: Հայկազը դուզ-դուզ անելով բարձրացավ պատշգամբ, տեսավ՝ Արմիկը մի թերթ երեսին կալած, թախտին քնել է: Ուզեց կամաց անցնել, որ Արմիկը չարթնանա, բայց իր քայլվածքը՝ դրը՜խկ, դրը՜խկ, դրը՜խկ՝ կաթող կտուր են տոփանում:
- Եկել ե՞ս,- ասաց իմացավ:
Արմիկը բռունցք արած տրորեց աչքը, ու Հայկազը հիշեց, որ երեխա ժամանակվանից այդ սովորությունը ունի: Հայկազը հիշեց երեխա ժամանակվա Արմիկին, բայց ուզեց այդ ժամանակվա իրեն էլ հիշել՝ չկարողացավ:
Թանկագինը՝ թոնրին կռացած՝ մարգին կռացած, սալակի տակ կռացած, Հայկազի խռովկանության, առավոտ իրիկուն նրա կծել-կոթելու ծյուրանքի տակ կռացած, անծպտուն, անդադար Թանկագինը բակում մեկնում էր նոր բերած կանաչ խոտի իշաբեռը:
Հավերն էլ իրենց հերթին խոտը հաշան են անում, իրար կտուցից մորի խլելով, ծրտելով-կեղտոտելով հաշան են անում, Թանկագինը հեռու է քշում նրանց, բայց հավերը ետ գալիս են, որ խոտի մորին ջոկեն:
- Քի՜շ, քի՜շ, չուման տանի՜...
Արմիկը փարչը քաշեց գլխին, աչքով ման եկավ, որ հողաթափ գտնի, բայց միակ զույգը ներս է ու Հայկազի քթատ ոտքերի համար է: Արմիկին է ասել, Սերոբին է ասել, քանի անգամ գնացել է Ստեփանակերտ՝ խանութները աչք է ածել՝ չի եղել, վերջը իրենց կոոպերատիվից է վերցրել: Լավն են, վատը չեն, շատ էլ թանկ չեն, մի զույգ է վերցրել ու փոշմանել, մի երկու-երեք զույգ պիտի վերցներ: Որպեսզի Արմիկը Բաքվից գա՝ հագնի, Սերոբը Ստեփանակերտից գա՝ հագնի, որ Մեխակը մի անգամ իրենց դուռը բացի՝ հագնի: Ոչ կա՝ ոչ հագնեն:
Արմիկի գալը Հայկազին անհասկանալի թվաց: Ուզեց հարցուփորձով իմանա, հետո միտքը փոխեց՝ էս է հացի են նստում, չհարցնելով էլ կասի, Հայկազը իջավ ներքեւ ու քիչ անց հավերի թպրտոցը, Աշխենի լաչառ ձեներով ճղղոցը՝ կալավ թաղը: Փետուրդ կտրվի՜, Աշխենի անդուր ձեներդ կտրվի՜, ու Հայկազը Թանկագինի ձեռքից վերցնում է եղած երեք աքլորից բռնվածը: Երկուսը էսքան հավերին քիչ չէ՞, ուզեց ձեռքինը բաց թողնել, մեկ էլ մտածեց՝ ձու ածող հավը ափսոս է, սատուրի վրա աքլորի վիզը ցակատով կտրեց ու թողեց թպրտոցին տա: Ձեռքս թեթեւ է, պիտի թպրտա: Ինչի՞ց է, Մեխակը հավը մորթում է՝ ոչ թպրտալ, ոչ բան: Բնավորության նման ձեռքը ծանր է:
Թանկագինը ջրից եկավ, մորթած հավը կոխեց կրակին դրած կիսահար ղազանը: Բարձրացավ վերեւ, գրկեց որդու գլուխը, համբուրեց, հարսից, երեխաներից հարցրեց, որդու պատասխանը լսելով՝ գնաց ներսից բերեց հոր հողաթափերը: Իմանալով բերեց՝ մինչեւ գիշերը կես Հայկազը պիտի գլխահան անի: Եվ ճիշտ կանի, բերեն՝ հագնեն:
Ուշ էր, որ հացի նստեցին, Արմիկը ցանկացավ պատշգամբից Մեխակին կանչել, բայց միտքը փոխեց՝ գուցե էլի խռովխեթ են: Վերջին նամակում Մեխակը գրել է, որ հայրը սկսել է իր բարի լույսին պատասխանել, բայց Բադունց Հայկազի խռովելուն ինչ կա՝ մեկ էլ տեսար մի անհամ բանի համար խռովեց: Հայրը՝ սարթ, Մեխակը՝ կածուկ, Աշխենին էլ Աստված տվել է, մի աման նավթն ու լուցկին ձեռքին պատրաստ պահում է:
Նայելով արտորանքով ներս ու դուրս անող մորը, մտածեց՝ երկու կրակի մեջ նա է տուժում: Խղճահարություն ունեցավ, հիշեց շատ տարիներ առաջվա մոր ճապուկ մեջքին պատ տված թուխ հյուսքերը: Ամեն տարի խազալաթափին Բազլին գետում գորգերը լվանում էին: Մայրը իրենց փարշի գորգի երկու ծայրից բռնում էր ու ջրի մեջ թափ տալիս: Կռանում էր, բարձրանում, կռանում էր, բարձրանում եւ ամեն անգամ կռանալիս հյուսքերը հոսում էին առաջ ու ջրերի վրա ալիք տալիս: Արմիկը նայեց մորը ու սրտի ցավ զգաց՝ որտե՞ղ գնաց նրա գեղեցկությունը: Անսպասելի վերահաս թախիծը պաշարեց նրան:
Արմիկը հացից հետո է՛լ չխոսեց, Հայկազն էլ չհարցրեց, հարմար չհամարեց: Արմիկի լռելը Հայկազին դուր չեկավ, բայց ինքը խոսք չասաց, կնոջն էլ հասկացրեց, որ ծպտուն չհանի: Կնոջն ասաց. «Տեղերը բացիր, ճանապարհ եկած է, հոգնած կլինի, մենք էլ,- ասաց,- առավոտ կանուխ ենք վեր կենում»:
Արմիկը իջավ բակ, ծխախոտը վառեց ու նստեց սատուրին: Քիչ անց հայրն էլ իջավ:
- Մեկ-մեկ մտածում եմ. ամեն ինչ թողնեմ՝ տակը տակ, գլուխը գլուխ ու գամ: Բայց երեխաները մեծացել են, հարսն էլ գյուղի մասին չի ուզում լսել:
- Գյուղում ի՞նչ կա, ամառ-ձմեռ շան քթից ջուր եք խմում: Մեղք չե՞ք:
Արմիկը չիմացավ ինչ պատասխանի: Մի որոշ ժամանակ հայր ու տղա լռեցին: Մթան մեջ ծխախոտի կրակը աղոտ լուսավորում էր Արմիկի դեմքը: Հայկազը նայեց որդուն ու չիմացավ-չհասկացավ, թե ինչու հանկարծ որդին ուզեց գյուղ գալ: Խոսքի համար է ասում, փողքերում փթրաղ չլինի՝ չի ասի:
- Ամսվա վերջին, էսօր յոթը չի՞, մինչեւ մի երկու շաբաթը Արեգայի հարսանիքը պիտի անենք:
Հայկազն ասաց՝ բախտավոր լինեն, իսկ մտքում կրկնեց՝ «պիտի անենք»: Բուրդը քանի տարի առաջ Թանկագինն է մաքրել-պատրաստել, մի վերմակի բուրդն էլ Վարսիկն է տվել:
- Պակաս-պռատ ունե՞ք:
- Ամեն ինչ կա, բացի մի հիմնական բանից:
Հայկազն անորոշ զգաց, որ Արմիկը հենց այնպես չի եկել եւ չիմացած չուզենալիքը վանելու համար կատակի տվեց:
- Հիմնականը փեսան է՝ կա:
- Փեսային՝ ի՞նչ, Արեգայիս նման աղջիկը փեսայի մասին չի մտածելու, բայց անպիտանն ուզում է տեղական գորգ ունենալ:
- Մեռած օրս չգիտեմ,- մտածեց Հայկազը եւ բարձրաձայն ասաց,- ուրիշները բերովի են ուզում, դուք էլ հին մաշած բաներից եք բռնել:
- Ես չէի ուզում գալ, Արեգան զոռով ուղարկեց: Ասում է՝ Հայկազ պապի առաջին թոռն եմ, չի մերժի:
Հայկազը նորից խույս տվեց.
- Ձերն է, ո՞ւմն է, մեր մեռնելուց հետո էլ ո՞ւմ է մնալու՝ մեր երեխաներին:
Իրենց մտքերը քոլամեջ ասելով, իրար կապելով խոսեցին, իրենցը ասացին՝ պատասխանից խուսափելով, մինչեւ Թանկագինը վերեւից կանչեց.
- Տեղերը գցել եմ:
- Քնելու ժամանակն է,- Հայկազը ղուզ-ղուզ անելով առաջ ընկավ, ու գնալը՝ ոնց որ նապաստակը խոտերում ոստոստա:
Թանկագինը որդու գուլպաները թափ տվեց, ջուր էր դրել, բերեց, որ ոտքերը լվանա, բայց Արմիկը չթողեց, ասաց՝ ես կլվանամ: Թանկագինի սրտին կպավ, բայց չխոսեց: Կոշիկները թափ տվեց, մտածեց, թե էլ ինչով ծառայություն անի, բայց չիմացավ ինչ անի: Ձեռքը գոգնոցում պահած սպասեց, մինչեւ Արմիկը ոտքի լվանալը պրծնի, որ ջուրը տանի: Արմիկը ասաց՝ բարի գիշեր ու մեջքը մորն արեց: Մայրը լուռ, ծանր սրտով կոնքը տարավ թափելու: Մայրը չիմացավ իր մեղքը: Երեւի հեր ու տղա իրար ցուրտ խոսք են ասել: Երկուսն էլ՝ կողքահաստ, տեսնես ի՞նչ են ասել:
- Մի օր անցներ հետո, էլի՜,- անհանգիստ մտածեց Թանկագինը:
Իսկ Հայկազի տեղը տեղ չի տալիս՝ հիմա էլ սերմաքաշի պես ուզում է մոր գորգը տանի: Մենք տուն չենք, բրիշակ ենք: Մինչեւ հիմա արածը, հիմա էլ որ անում ենք՝ քիչ է՞: Կարտոֆիլի բեռները, խուրջիններով լոբին, քանի տեսակի մուրաբաներ, օր ծերության Թանկագինին կրմիզուկ ու շուշան կապել սովորեցրին: Բերանների տեղն էլ լավ գիտեն, բերանների համն էլ: Ամեն տարի Բաքվից բաքվեցիք, Ստեփանակերտից ստեփանակերտցիք կոոպերատիվից առած բանկաների համար կափարիչներ են ուղարկում: Կանոնավոր: Եվ աշնանը Հարարա հանդերից գոյացած փող չտվածը տարվում է՝ ստեփանակերտցի բաժինը՝ Ստեփանակերտ, Բաքվի բաժինը՝ Բաքու։ Փոխարենը Արմիկի՝ մորթին հանած ու շուռ տված-նորացված օձիքով հին վերարկուն, հետեւը դեռ չծակված շալվարը, ուրիշ շալվարի նոր պիջակը, որի վրա բորաթթուն մի քիչ կաթել է ու շատ էլ երեւացող տեղ չի կաթել: Սերոբը քամհար է առել, դրել կամոդի վրա, որպեսզի քրտնած հայրը հանդից գա, մայրը ժամանակ ունենա մի ահագին տոկոսով էժանացրած կոշիկը հագնի, եւ մարդ ու կին երկուսով կանգնեն քամհարի դիմաց, ու քամհարը երեսներին փչի: Իր բերած արաղը ինքը խմում է ու գնալուց առաջ հոր մեջքը թփթփացնում, ասում է՝ արաղը ինձանից, հավը քեզանից: Բաքու-Ստեփանակերտ տղաներ ունի, բրիգադիր տղա ունի, բայց նրանց ծառայող-սպասարկողը Վարսիկն է, փեսա Աբելն է, նրանց չորս աղջիկներն են: Կոշիկի մասին էլ Աշխենից իմացան, հարս ու սկեսուր կռվեցին, ու կռվի ժամանակ Աշխենը երեսովը տվեց՝ բաքվեցին թեւքերը մաշած ետ կարած ժակետն ուղարկի, էս մոտիկն էլ երեսուն ռուբլիանոց տասներկու շինած կոշիկ առնի: Ինձ նմա՞ն, ես մաքուր սրտով հիսուն ռուբլի եմ տալիս, քեզ համար դեյրացու առնում, որ դու աղջկա՞դ տաս:
Արմիկի մեծի նշանին երկու հարյուր ռուբլի տվին մատանի առան: Իրենք չիրի տեղակ փող են կտրում, խնայդրամարկղի գրքույկը տրաքում է, սանդուղի բերանը չի փակվում, երկու հարյուրը նրանց համար՝ ոնց որ կռանաս տափից մի քար վերցնես: Էդպես է՞, էդպես չի՞,- Արմիկն ասում է, տալիս Սերոբին, Սերոբն ասում, տալիս է Արմիկին՝ հիմա փողը գյուղացու ձեռքին է, աշխատածը ծախսելու տեղ չունեն, կուտակում են: Թողնում ե՞ք, որ ձեռքներիս փող մնա, Սերոբի միջոցով հարսը նախօրոք ապսպրանք է ուղարկել՝ Կարինես էս տարի տասն ավարտում է, նվերը պատրաստեք: Սերոբն էլ իրենից ավելացնում է՝ թոռների մեջ տարբերություն չպիտի լինի: Իրենց ձեռքը կարճ է, իրենց ձեռքը իրենց գրպանը չի հասնում: Բաքվի խանութները բրիշակ են, Ստեփանակերտինը՝ կրակ են տվել, ու հնարավոր չի խանութից հեռու իրենց ծնողների համար մի սրտուզելիք առնեն: Բրիշակ է ու կրակ են տվել, բայց իրենց բաժին խանութներն են կրակ տվել, որպեսզի Արմիկի Անաիդան ռուսերեն ձեւով հայերեն ասի՝ դեֆիցիտ: Նրանց օգնությունը Հայկազին պետք չէ, Հայկազի ձեռքն անում է, գլուխը պահում: Մի քանիսին էլ ինքն է օգնում:
Թանկագինը ուզում է հակաճառել՝ քաղաքը տե՞ղ է, ամեն ինչ փողով, թանկ, կրակ ու դառնում է կրակին նավթ ածած. քաղաք տե՞ղ է, թանկ ու կրակ է, ռետինի կոշիկն էլ է թա՞նկ, մի անգամ մի զույգ երեսներին առնեն գան: Ձենդ կտրի, հա՜, ասա՝ ձեռքը գրպանը տանելն է դժվար, ուրիշները քաղաքում չեն ապրո՞ւմ, որ խորոմ-խորոմ ուղարկում են: Դե՜, ձենդ կտրի՜, ծպտուն չհանե՜ս, սերմաքաշի պես տանում են, տանում են, մի անգամ թող ուրիշներին նայեն, ամաչեն: Թե ամաչել ունեն:
Թանկագինը մտքում համաձայն է՝ մի անգամ կլինի՞, որ հարսները իրենց քաղաք տեղից մի էնպիսի բան ուղարկեն, որ հնարավոր լինի Վարսիկին տա, չորս աղջիկ ունի մարդու տալու, բաժինք է հարկավոր: Էս ինչ է՝ կերված թեւերը ետ կարած ժակետ, գույնը գցած կոֆտա, մի անգամ էլ երկար կրունկներով կոշիկը իր համար վերաշինել են անկրունկ: Գյուղացի եմ, անհասկացող եմ, քիթս թեւովս եմ սրբում:
Հայկազը որ սկսեց, մինչեւ լույսը պիտի ճիճի դառնա՝ որդիներին ասի, կնոջը մեղավոր հանի: Թանկագինը ուզում է նորից առարկել, բայց Հայկազը ավելի է ձայնը բարձրացնում՝ ձենդ կտրի՛, թո՛ղ քնեմ, առավոտ կանուխ պիտի վեր կենամ, Խաշարխութից Ասրունց խմահատ իջնող բացատում աչքովս բան է ընկել գնամ հարեմ: Հարեմ բերեմ, որ ձմեռը կովն ուտի, կաթը յուղուպանիր շինենք ուղարկենք Բաքու-Ստեփանակերտ, գյուղի յուղուպանիրն ուրիշ է, քաղաքինը՝ ուրիշ: Գյուղինը ափսոս չի, անփողի տեղը ի՞նչ կտա:
Առավոտյան ծեգին Լուսիկը մի փիալա սեր բերեց:
- Վարսի մաման ասել է՝ կտաս Արմիկին:
- Վարսիկս, Վարսիկս,- Թանկագինը սերով լիքը փիալան դրեց սեղանին, տաքացրած, սրբիչի մեջ փաթաթած հացի մոտ օղու շիշը դրեց, տնից ուրիշ գոյացածը, այդ ամենը ծածկեց թերթով ու թերթի մի ծայրին աղաման դրեց, շիշը, ման եկավ ուրիշ ծանր բանի, չգտավ ու դրվածները համարեց բավական:
Երկու թոնրահաց խուրջինը կոխեց. Բինաձորի բանջարանոցը լրվել-լցվել է, հաց ու աղ լինի՝ մնացածը կա:
- Կեսօրին ի՞նչ պիտի ուտի:
Հայկազը «չու» արեց ու էշի ետեւից ղուզ-ղուզ անելով գնաց: Տանձուն աղբյուրին էշին ջուր տվեց ու, երբ գլուխը շուռ էր տալիս Բինաձորի կողմը, ասաց.
- Կեսօրին մեզ մոտ գա՝ ուտի:
- Ասել ե՞ս:
- Երեխա չի:
- Երեխա չի, բայց հյուր է, ասելն էլ փողով չի: Բերանդ զոռեիր, ասեիր.
- Չո՜ւ, հա՜...
Հայկազը մինչեւ Բինաձոր այլեւս ոչ մի խոսք չասաց ու Թանկագինն էլ բերանը չբացեց:
Հայկազը մոլորվել է՝ ասի՞, թե՞ չասի: Ասի՝ Թանկագինի սիրտը պիտի պղտորի: Ինքը չտվեց՝ չտվեց, Թանկագինին մնա՝ չի հակառակվելու, սրտից արյուն էլ կաթի չի խոսելու: Արմիկը դա լավ է իմանում, մյուսներն էլ են իմանում: Դրա համար էլ Թանկագինը լավ է, ինքը՝ վատ: Չորս երեխա ունի, ամեն մեկին մի գորգ կամ մի կարպետ են տվել: Մնացել է Թանկագինի հոր տնից բերած փարշի գորգը: Հայկազը էսօրվա պես հիշում է՝ Թանկագինի հոր հետ գնացին Աղդամ, Թանկագինի բաժինքի համար գորգի թելերը ներկել տալու: Մի տարի հետո նրանց հարսանիքը պիտի լիներ: Արմիկը էդ գորգն էր ուզում:
 - Մեզնից պտկածը մեր միսն ուտում է,- դառնությամբ մտածեց նա: Բինաձորի կապով իջնելիս ասաց.
 - Արմիկը աղջիկը մարդու է տալիս, դրա համար է եկել:
 - Շնորհավոր լինի,- բայց Թանկագինը ամուսնու խոսքի մեջ ուրիշ բան որսաց, զգաստացավ:
- Ասում է՝ ամեն ինչ կա, բացի մի գլխավորից:
- Հերն ես, ձեռքդ էլ քարի տակին չի, ամեն ինչից ունենք՝ մի մեծ բեռ սարքի, թող տանի: Լավ հեր ես՝ փող էլ տուր:
- Քո հոր գլխին քար ընկնի,- մտքում ասաց Հայկազը,- հիմա որ ասեմ ինչի համար է տղադ եկել, Բինաձորի քերծից քեզ գցելու ես: Գալու փորացավն ուրիշ է:
Հայկազը ցանկանում էր, որ կինը հարցնի, կինն էլ հեռավոր կռահում էր, վախենում էր հարցնել: Չես հարցնում՝ չեմ ասի:
Բինաձորի կապն անցան, մտան բանջարանոցը: Հայկազը էշի վրայից փալանը վերցրեց, ծառից երկար կապեց, որ անասունի բերանը հասնի մայր առվի կողքերին աճած խոտերին, խուրջինը տարավ հոլիկը: Թանկագինը հոլիկում ձեռքի ճաղը կիսատ գուլպայի հետ դնում էր մի բարձր տեղ:
- Ես էլ հավատացի, որ տղադ քեզ չի ասել, թե ինչու է եկել:
- Իրիկունը հեր ու տղա դուք չէի՞ք քիթ-քթի զրուցում:
- Քիթ-քթի՝ չէ, պռոշտի էինք անում: Քո հերանց տնից բերած փարշի գորգն է ուզում: Աղջկա համար:
Թանկագինը մնաց ցամաքած: Կլինի՞ մի անգամ Հայկազի բերանից խոսք լսի ու սիրտը կարմրի: Աղու է, աղու՝ ամբողջ կյանքում ձեռքին ծյուրվել է, ծյուրվել, ճակատը դառել է եզան կաշի ու մի անգամ չի պրծնում գնա: Ով ինչ անում է՝ մեղավորը Թանկագինն է, եւ աղուն իր վրա է թափում: Սերոբը եկել է, թե Արմենին դպրոցից տանում են Կիեւ էքսկուրսիայի, ասում է՝ մի երկու հարյուր ռուբլի տվեք, հարսը արձակուրդայինը կստանա, կտանք: Արմենը Կիեւից գոնե մի թաշկինակ բերեր պապի համար: Չէր բերել, ու մեղավորը Թանկագինն էր: Արմիկի բնակարան ստանալու նման: Էսօրվա պես եկել էր, թե երեք սենյակ են տալիս, կարելի է չորսն էլ ստանալ, եթե մի քիչ փող լինի: Ասաց համոզեց, ուզենալիքը տարավ: Հոր կոնդ ոտքերի փողը: Հետո իր երեսին մի ամիս խոսում էր՝ մենք փող ենք կտրում, ասում է, մի անգամ չէ, երկու անգամ չէ, ամոթ ու ամաչել չունեն:
Թանկագինի մտքով չէր անցնում, որ էս մի գորգն էլ կուզեն: Պատերը կեղեքվել են, սանդուղները դատարկել են, մնացել է իր ջահելության, ուրախ-տխուր օրերի, լավ-վատ ապրած կյանքի վկան:
Միջի արեցին, ու թաղի կանայք, բարեկամները կարճ փետրվարում գործեցին պրծան: Մաքադին երգում էր, Արեւհատը սրա-նրա հանգը անում էր, ու ծիծաղից կոտորվում էին: Մինչեւ մի ամիսը գորգը կտրեցին: Հայրը Աղդամից փութուկես Իրանի բրինձ էր բերել եւ ամեն օր կաթով ճաշ էին պատրաստում, Թանկագինի կյանքի անհոգ օրերը դրանք էին, գնացին ու էն գնալն էր: Ամեն նախշի հետ ուրախանում էր, գորգը կարծես կենդանի լիներ, երեսին ծիծաղում էր: Հարարեցի կանայք ծիծղուն գորգ էին գործում իր ապագա կյանքի կանաչ-կարմիր օրերի համար: Կանաչ-կարմիր օրեր չեղան, ճումի ծանրությունից ճկվել եղավ, եղավ բեռան տակ տնքալ, կռվի գնացած Հայկազի բաժին հնձվորն ու գերանդի բռնողը, կալ անողը, տուն պահողը, երեխաներ մեծացնողը, Հայկազի «անհայտ կորածի», «սեւ թղթի» հարվածին դիմացողը: Եվ այդ հոգեմաշ շարանից՝ պոկված ուրախության մի ծպեղ, ծիծաղի մի փշրանք: Ամեն գորգ լվանալիս Թանկագինը իր ջահելությունն է հիշում: Այդ հիշողության տետրակը փարշի գորգն էր, որ Արմիկն ուզում է տանել:
Հայկազը գնաց ջուրը վարունգի վրա կապելու: Թանկագինը պոմիդորի մարգերի քաղհանը կիսատ էր թողել, գնաց քաղհանը անելու: Աննկատելի արեւը բարձրացավ, հասավ կեսօրին: Մոռացավ էլ մի քանի լոբի քաղել եփել:
Հայկազը մի քանի վարունգ կտրեց, մի երկու պոմիդոր ու սալաթ արեց: Կանչեց Թանկագինին: Սա եկավ, բայց ուտելու ախորժակ չունեցավ: Կիսատ գուլպան վերցրեց ու գնաց թթենու շվաքում նստեց: Հայկազը ցեխծամ տալով կեսօր արեց, ուզեց աչքը մի կես ժամ փակել: Պառկեց հոլիկի հովում, բայց աչքին քուն չեկավ: Եկավ Թանկագինի մոտ:
- Գորգը քոնն է, ի՞նչ ես ասում:
- Որ մեռնենք, մեր ունեցածն էլի իրենցն է:
- Մեր մեռնելուց հետո թող իրար ուտեն:
Թանկագինը ոչինչ չխոսեց: Հայկազը նայեց կնոջն ու նկատեց, որ կինը ծերացել է շատ: Սիրտը մորմոքվեց: Կյանքում մի կարգին օր չի տեսել: Երեխաներն էլ էսպես՝ մարմնի որդ դառած, ուտում են իրենց, ուտում են ու չեն կշտանում:


*  *  *

Մեխակը Հարամու դաշտից գիշերը ուշ եկավ: Ճանապարհին Եղիշի մեքենան կոտրվեց ու մինչեւ մի կերպ արեցին ճանապարհվեցին ու մինչեւ հասան Գյադուկ՝ Հարարա աքաղաղների կանչը արդեն սկսվել էր, լսվում էր:
Աշխենն ասաց՝ Արմիկը եկել է: Հոգնած էր, շնացած՝ մի բան էլ չխոսեց: Աշխենը ասաց՝ հաց շինեմ: Մեխակը լուռ սկսեց շորերը հանել ու մինչեւ Մեխակը շորերը կհաներ, Աշխենը անծպտուն տեղերը բացեց: Հոգնած եզը քացի է տալիս, հոգնած տղամարդը բերանի աղբը թափում է, լավ է չխոսեցնես, Մեխակը մի կերպ շորերը իրենից հանեց, կռացավ, որ գուլպաներն էլ հանի, Աշխենը արդեն կռացել էր, հանում էր: Թե բրիգադիրը մա՞րդ է, շան տեղ հաչում ես, էշի պես աշխատում, բայց էքսի օրը ոչ արել ես, ոչ էլ պետք ես:
Արեւը արդեն ահագին բարձրացել էր, որ Մեխակը Արմիկի ձայնի վրա աչքերը բացեց: Հայրը արդեն գնացել էր Բինաձոր, Արմիկը հիմա կարող է ազատ ձայն տալ, խոսել եղբոր հետ:
Մեխակը սեղանի վրայի սրբիչը բարձրացրեց՝ տակին եփած հավ է, օղու շիշ, պանիր, կանաչի, աղդրած շուշան: Աշխենի լեզուն կտրես, մնացածը լավ է: Նա գլուխը հանեց պատշգամբից ու եղբորը ձայն տվեց.
- Անցիր էս կողմը:
Մեխակի ու հոր տները պատկից են: Հազար անգամ փոշմանել է, որ ուրիշ տեղ չի կառուցել: Հայրը խոսում է, Աշխենն էլ, Աշխենի լեզվին ճար կլինի՞, խոսքին խոսք է բերում: Հորն է պաշտպանում՝ սխալ է, կնոջն է պաշտպանում՝ սխալ է: Թե ճիշտը որն է՝ ինքն էլ չի իմանում:
Մինչեւ եղբայրը շուռ կտար, գար, Մեխակը երեսին ջուր տվեց: Աչքերը կարծես ավազ ածած, գլուխը դատարկ դնգդնգում է: Որոշեց աշխատանքի չգնալ: Լավ առիթ է, մի ամբողջ օր ախպեր-ախպերով իրար հետ կնստենք, կխոսենք: Հազարից մեկ առիթ է: Արդեն քանի տարի է Արմիկը՝ Բաքու, ինքը՝ գյուղում, տարին մեկ անգամ հանդիպեն կամ՝ ոչ: Հանդիպած ժամանակ էլ՝ հացի սեղանի շուրջը: Խմում ծանրանում են ու ասել-հասկանալու ժամանակ ու գլուխ չի մնում:
- Բարով տեսանք,- Մեխակը մի կում արեց օղին ու աղդրած շուշանի սպիտակ զոխը դրեց բերանը:
- Բարով տեսանք,- կրկնեց Արմիկը ու կրկնելը չուզենալով էր, մեծ եղբայրը ինքն է, առաջին խոսքը իրեն է պատկանում: Տեղը չհասկացնե՞մ: Բրիգադիր ես, եկամուտ ունես՝ մեր եղբայրն ես, չուզողը մենք լինենք: Իսկ որ Սալաձորից ուշ տուն էինք գալիս, ճանապարհն էլ երկար էր, Օսեփանց դիքը գնում ենք՝ չի պրծնում, գնում ենք՝ չի պրծնում, դու էլ ճլազ, փոքր երեխա ես, հոգնում ես, ու քո մեծ եղբայր Արմիկը քեզ շալակում է մինչեւ Օսեփանց չվերջացող դիքի պրծնելը: Հիշեցի՞ր: Մարդ ո՛չ իր անցյալը պիտի մոռանա, ո՛չ իր ծագումը:
Արմիկն իր բաժակը կիսատ խմեց, որ տարբերվի, բայց մոռացավ ու ինքն էլ ձեռքը մեկնեց շուշանին: Հետո ուզեց հավից մի կտոր պոկել, բայց Մեխակը ձեռքն արդեն մեկնել էր, դրա համար գեշ ձեւով պանիր վերցրեց: Մեխակը հավի ազդրը պոկեց ու դրեց Արմիկի ափսեում: Արմիկը նորից իրեն նվաստացած զգաց՝ եղբոր ինքնավստահությունը ճնշում էր:
- Մեծ ախպեր, պատմիր՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, երեխաները, հարսը՝ ինչպե՞ս եք: Արձակո՞ւրդ ես եկել, թե՞ գործով ես եկել: Կարեւորը՝ եկել ես, մի երկու օր գյուղում ման եկ: Ժողովուրդդ հավաքեիր բերեիր, մեր թանձր շուքերում կհանգստանայիք: Էս տարի ոչխարները ջուխտակ են ծնել՝ քեֆ անող է հարկավոր:
Հարցնում է ու պատասխանի չի սպասում, ուրիշ մտքի է անցնում, ինքնավստահ, ինքնագոհ։ Խոսելու այս տո՜նը, ասելու ձե՜ւը: Բաժակը ձեռքն է առել, ուզում է նորից ինքն ասի: Մեծ ու փոքր չկա: Հետո էլ ասում է Հայկազը, Հայկազը հայրը չի, անունն է տալիս, ասում է՝ Հայկազը ինձ հետ չունի: Լկտի, անհամեստ: Բոլորից փոքրն ես, բոլորից երես առածը: Հոր կռիվ գնալուց երկու ամիս հետո է ծնվել, ու մայրը հատուկ քնքշանք ուներ: Հիմա էլ ունեցիր, ոչխար են մորթում, աներանցների հետ քեֆ անում եւ էստեղից էստեղ կես բերան ծնողներին չի ասում՝ եկեք: Արմիկը հապաղեց, որ եղբայրը խոսք ասի, որպեսզի ինքը ինչպես պետք է դիտողություն անի:
- Մեծ ախպեր, ասա խմենք:
Արմիկն էլի մնաց պարտք:
Հեռախոսը զանգեց: Սիրունը ընկալուչը վերցրեց, ասաց՝ տանն է: Մեխակը հասկացավ, որ նախագահն է: Նա կոպիտ խոսք ասաց, եւ Արմիկը եղբոր կեղտաբերան խոսելում իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք նկատեց: Մեխակը ընկալուչը Սիրունի ձեռքից վերցրեց ու ասաց՝ մի կես ժամից հետո: Արմիկը հուշեց, որ հացի հրավիրի, Մեխակը ընկալուչը ցած դրեց ու նորից կոպիտ խոսք ասաց նախագահի հասցեին:
- Ասա, խմենք:
- Քաղաքավարության համար հրավիրեիր, ասեիր եկել եմ, դպրոցում մինչեւ յոթը միասին ենք սովորել, կարելի է ասել մանկության ընկերներ ենք:
- Սուտ տեղից է զանգել, ոչ մի գործ էլ չկա, զանգել է, որ հացի հրավիրեմ. դրա ռեխավեր...- ու հայհոյեց:
Արմիկի համար Մեխակը անհասկանալի էր դարձել. իրենից մեծի ներկայությամբ, աղջիկ երեխայի մոտ հայհոյանքով խոսելը նրա համար նոր էր ու գեշ: Մեխակը ինչո՞ւ է փոխվել: Ու չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ չի կարողանում նրան դիտողություն անել, դիտողությունն էլ այն էր, որ ասաց.
- Նախագահդ է, հրավիրիր:
- Ասա՝ խմենք, չասեմ էլ՝ գալու է:
Արմիկը չիմացավ ինչ ասի ու բերանը եկած առաջին բանը ասաց՝ մեր եղբայրության կենացը, միշտ իրար հավատարիմ լինենք, մեկս մյուսի թիկունքում կանգնած ու անգիր արածի պես՝ թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, ես ճա՞ռ ասեմ, թե զանգ կախեմ, պարանի պես երկարեց, ու Մեխակը սրտնեղեց՝ կարճ կապիր: Վերջապես խմեցին: Օղու տաք հոսանքը Արմիկի երեսին տվեց, Մեխակը նկատեց, բայց ցույց չտվեց:
- Չե՞ս ասում, թե ինչու եմ եկել:
- Կրակի չես եկել, ժամանակը գա՝ կասես:
Արմիկը մտքում էլի ջղայնացավ, բայց կուլ տվեց ու ասաց.
- Արեգային ամուսնացնում եմ:
- Շնորհավոր, ինչ-որ պետք է՝ ես պատրաստ եմ:
- Շնորհակալ եմ, գիտեմ, որ կանես,- Արմիկը մի պահ սպասեց, որպեսզի մյուս ասելիքը տպավորություն թողնի,- Արեգան մի ոտքի վրա կանգնել է՝ մեր փարշի գորգն է ուզում:
Մեխակը չիմացավ ինչ ասի: Նա պատկերացրեց հայրական տան պատը փարշի գորգը վրայից հանած, տուն չի, ավերակ է՝ նավթ լցրու վառի. Արմիկը Մեխակին դուր չեկավ, Արեգային գորգ է հարկավոր, հարազատ-բարեկամներով նրանից լավն առնենք, իսկ փարշի գորգի վերաբերյալ մտածելը ասելուց էլ ամոթ է: Մեծ պատից կապած գորգին նայելով ենք մեծացել, ամեն նախշ, ամեն խազ անգիր արած գիտենք: Պատերազմի սովին վեց փութ ցորեն են տվել, բայց մեր մայրը չի տվել: Մեր ընտանիքի պահպանիչ զորությունը գորգի մեջ է եղել: Դա հիմա ենք հասկանում, էն ժամանակ ուզում էինք ցորեն հաց ուտել: Մեխակը մտքում որոշեց՝ եթե մեծերն էլ համաձայն են, ես դեմ եմ:
- Չես խոսում:
Մեխակը նայեց Արմիկին ու ոչինչ չասաց: Այդ րոպեին նա մտածում էր, որ իզուր նախագահին հացի չկանչեց: Գար՝ այս զրույցը տեղի չէր ունենա:


*  *  *

Թանկագինը երեկոյան շուտ եկավ: Հայկազն ասաց՝ գնա հացից-բանից սարքիր: Հայկազն ասաց՝ միսրին մորթիր, Արմիկը տանը չեղավ, Աշխենը տանը կլինի, տուր նրան՝ մորթի: Տուր՝ մորթի, նա մարդ էլ կմորթի:
Արմիկը չերեւաց, բայց Սերոբն ու կինը պատշգամբում թուղթ էին խաղում: Օֆիկը սկեսրոջը տեսավ, խաղաթղթերը հավաքեց ու ընդառաջ գնաց: Թանկագինը հասկացավ, որ այսօր շաբաթ է:
Թանկագինը Սոկրատին ասաց՝ գնա մի միսրի բռնի, Սոկրատը հարցրեց՝ ո՞րը բռնեմ եւ ինքն իրեն պատասխանեց՝ որը պատահի: Երկու տարեկան որձակը մորթեց, մորթեց մտածելով, որ հայրը այստեղ լիներ, որձակը ձեռքից առնելու, իր գլուխն էր կտրելու: Հարսը իջավ, որ փետուրները հանի ու Սերոբին ասի.
- Մերդ մի տեսակ է երեւում, երեւի գորգի մասին խոսք է եղել:
- Չի կարող պատահել, Արմիկի հետ երեկ պայմանավորվեցինք էսօրվա համար: Ինքն իր պահանջը կասի, մենք էլ մերը կավելացնենք:
- Գորգը ուրիշ գորգ է՜, էսօր մի լավ նայեցի, մենակ մի տնամեջ արժի:
- Արմիկն էսօրվա՞ Արմիկն է, չգիտի՞ ինչ է ուզում: Պակասը-պակասը՝ մի «Ժիգուլի» է:
Մայրը մտավ տուն՝ Արմիկը ներսի թախտին պառկած՝ քնել է: Թանկագինը սառնություն զգաց որդու նկատմամբ եւ ինքն իրեն մեղավորեցրեց՝ ինձանից ծնվածը ինչո՞ւ է դաղ անում, ինչո՞ւ իրենից ծնվածները մի անգամ իրեն չեն խնայում, այնպիսի բան չեն անում, որպեսզի մարդու սիրտ կարմրի: Կյանքում ամենից շատ դրան է կարոտ: Ամուսնուն ծառայի, երեխաների համար սպառվի ու չմտածի փոխհատուցման մասին: Ամբողջ կյանքում իրենից տվել է, իրենից տվել է ու մեկի մտքով չի անցել, որ կարելի է մի անգամ էլ մայր Թանկագինի, կին Թանկագինի սրտովը գնալ:
Թանկագինը ցանկացավ որդուն արթնացնել, որ վեր կենա, երեսին ջուր տա, բայց վախեցավ ձայնը խզվի. լեզուն կչորանա, ու Արմիկը կհասկանա, որ ինքը գիտի նրա գալու նպատակը ու էս մի անգամ նրա ցանկացածը չլինելու բան է: Տարեք ինձ գերեզմանում դրեք, հետո ինչ ուզում եք արեք:
Սերոբը ներքեւից ձայն տվեց.
- Կրակը անե՞մ, թե՞ շուտ է: Նշանածդ շուտ է գալո՞ւ, կրակը հիմա անե՞մ:
- Մինչեւ մի ժամը գալու է, մի երկու խորում խոտ է հարելու, գա:
Արմիկը ճմլկոտելով բարձրացավ տեղից ու մեղավոր երեխայի պես ժպտաց մորը: Թանկագինը հիշեց անտառից փայտ բերող իր Արմիկին, բոստանը բահի տվողին, իր աշխօր անողին, իր օգնականին: Ու նրան թվաց, թե Հայկազը գորգի մասին ասել է իրեն ձեռ առնելու, հոգու հետ խաղալու համար: Արմիկս բոլորից սրտահեռիչն է եղել, ծանր օրվա իր օգնականն է եղել: Ձմռանը անտառից գալիս էր, ճաքած-կոշտացած ձեռքերը դնում մոր ծոցում, իսկ ցավից արտասուքի կաթիլները գյուլուլ-գյուլուլ կաթում էին: Մոր աչքերն էին խոնավանում, Վարսիկն էր արտասվում: Սերոբն էր պռոշ անում՝ բոլորը Արմիկի համար: Միայն Մեխակն էր այդ բոլոր լացողներին տեսնում ու իր համար լաց լինում: Արմիկը սրտահեռիչս է եղել, սրտահեռիչ Արմիկը իր օգնականն է եղել, Հայկազը չի եղել, Արմիկս եղել է: Ու Թանկագինը ճոնճորալով իրեն դուրս տարավ, որ Արմիկը չտեսնի խոնավացած իր աչքերը, որ հանկարծ չիմանա իր մտքի մեջ մտածածը:
Արմիկը դուրս եկավ պատշգամբ ու տեսնելով Սերոբի արած դրդոռանչ կրակը՝ ասաց.
- Նայիր՝ Աստծո միրուքը չխանձի:
- Չխանձի՝ ես կթրաշեմ, վարսավիր չե՞մ:
Դարպասով կանաչ խոտի ոտավոր դեզը եկավ: Ետեւից լսվեց Հայկազի «չուն»: Արմիկը շտապեց ներքեւ, որ էշի բեռը քանդի: Հայկազը երեկվա չորացած խոտը մի կողմ հավաքեց, որպեսզի նորը մեկնվի:
- Դարպասը փակի, որ նախագահ-բրիգադիր չտեսնեն:
- Բրիգադիրն է՞լ:
- Նրանից վատն է: Տանա դերին օրհնյա չկա:
Հայկազը Թանկագինին ասաց՝ փեսա Աբելի խալխին էլ իմաց տուր: Թանկագինը նայեց մարդուն՝ մարդը հասկացավ ասաց՝ Մեխակին էլ կկանչենք, Աշխենին էլ, որ Աշխենը կապը բաց թողնի, հազարից մեկ օգտակար կլինի: Մեխակը, սակայն, որոշել էր ուշ գալ տուն, որպեսզի... Մեխակը ամբողջ օրը մոլորված, անբավական սրան-նրան կծում-կոթում էր: Կարծես մի վատ բան էր արել ու մեղավորության զգացումը շարունակ հետապնդում էր: Նախագահը էսօր Հարամի ուղարկե՜ր: Հարամի լիներ ու Եղիշի մեքենան էլ կոտրվեր մնար ճանապարհին: Գիտեր, որ հայրը իրեն պիտի կանչի, ինքը շատ ցանկացավ, որ այս անգամ լուրջ խռով լինեին: Պառկել է ներսում ու կնոջն ու երեխաներին պինդ պնդացրել՝ հարցնող լինի, ասեք տանը չեմ: Ասեք՝ գնացել է քաղաք, շրջանից կանչել են, էսօր կամ կգա, կամ չի գա:
Աշխենը մտավ ներս, ասաց՝ հերդ կանչում է: Մեխակը ասաց՝ տանը չեմ: Տանն ես՝ գնա, գնա ասա՝ ձեր ծնողները դեռ ոտի վրա ապրում են, որ մեռնեն, էլի կհավաքվեք բաժին-բաժին կանեք: Մեխակը գնաց, բայց վա՜յ էն գնալուն:
Աբելի մեջքը էլի բռնվել է, մենակ Վարսիկը եկավ: Ուզում էր Աշխենն էլ գալ, բայց Մեխակն ասաց՝ թե չես խոսելու՝ եկ, Աշխենն ասաց՝ ես ձայնազուրկ չեմ:
- Մի օրով եղիր ձայնազուրկ:
Ակնարկելով Օֆիկին, Աշխենն ասաց.
- Ես ձայնազուրկ լինեմ, ուրիշները ձայնազուրկ չլինե՞ն:
Մեխակը ձեռքը թափ տվեց.
- Հիմա ուրիշին էլ կասեմ, քեզ էլ,- ու դուրս եկավ: Դուրս եկավ, բայց վայ էն դուրս գալուն:
Հայկազն ասաց՝ բարով տեսանք, բաժակը խփեց Արմիկի բաժակին ու խմեց:
- Մենք դեռ արժանի չենք, մենք բաժակ խփելուն դեռ մեծանալու տեղ ունենք,- Սերոբը իր բաժակը Մեխակի բաժակին խփեց ու միանգամից արաղը կում արեց:
Օֆիկը հնդկահավի ազդրը դրեց Սերոբի ափսեում, ասաց.
- Թել կապիր՝ բաժակդ կուլ չգնա:
- Ինչ ուզում եք ասեք, հարսում բախտ ունենք,- Մեխակը Սերոբի ափսեից վերցրեց հնդկահավի ազդրը, ժպտաց Օֆիկին:
- Մենք չլինենք, հազար կորածի մեկն եք:
- Տես, հանկարծ մի խոսք կուլ չտաս:
Սերոբը լիքը բերանով ծիծաղեց, ասաց.
- Էդպիսի բան չանես, Օֆիկ, փորդ կուռչի, լեզուդ էլ կաճի:
 Օֆիկն ուզում էր պատասխանել, բայց Արմիկը հազաց, որ խոսի:
Սովորության համաձայն առաջին բաժակը Հայկազն է ասում, հետո Արմիկը շարունակում է: Ասացին, խոսեցին, կերան ու կարծես՝ հալալ տուն, հալալ խեզան՝ կուտեն, կպրծնեն, կմտնեն տեղերը: Բայց Արմիկն ասաց.
- Մի քիչ զրուցենք, էլի կշարունակենք:
- Խոսելը ուտելուն չի խանգարում,- Մեխակը սպիտակ մսի մի կտոր դրեց մոր ափսեում,- կեր, մարդդ չի ասելու՝ կեր:
- Շուտ-շուտ աներանցդ ես գնում, էնտեղ կլինես սովորած,- նկատեց Հայկազը:
- Լավ բանը ամոթ չի սովորելը՝ հեր լինի, աներ լինի:
Թանկագինը տեղում անհանգիստ շարժվեց: Մեխակը գրկեց մոր ուսը.
- Մի՛ վախենա, չենք կռվելու: Մեր կռվելն էլ է համից ընկել:
Արմիկը նայեց Սերոբին: Սերոբը գլխով արեց ու կոկորդը մաքրեց: Մեխակը նկատեց, ու դուրը չեկավ: Հայկազը տեսավ, տակի աթոռը ճռճռաց: Թանկագինն էլ տեսավ, բայց չիմանալուն տվեց: Բոլորը հասկացան, որ Արմիկն ու Սերոբը պայման կապած են:
- Ուզում եմ մի բան ասել:
Հայկազը Սերոբի խոսքը կտրեց:
- Սեղանին մի խոսող կլինի՝ կա:
- Ես ուզում եմ ուրիշ բան ասել:
- Սեղա՞ն ենք նստել, թե՞ ժողով է:
Արմիկը խիստ ընդհատեց Մեխակին.
- Թողեք մարդը խոսի, խոսելուն ի՞նչ է եղել:
- Ուզում եմ ասած լինեմ, որ Արմիկը Արեգային պսակում է, էս ամսի վերջին հարսանիքն է, մեր ախպոր աղջկա հարսանիքը:
- Շնորհավոր լինի:
- Շա՜տ շնորհավոր լինի:
- Շա՜տ, շա՜տ:
Հայկազը, Թանկագինը, Վարսիկը: Սերոբը ոտքի վրա զգաց Օֆիկի ոտքի սեղմելը եւ խոսքը շարունակեց.
- Մեր ախպոր ուրախությունը մեր ուրախությունն է, մեր բոլորիս սրտից է: Արեգան էս օջախի առաջին թոռն է: Արեգան առաջին աղջիկ թոռն է, Արմենն էլ տղա թոռն է: Նրանց նկատմամբ վերաբերմունքը ուրիշ պետք է լինի:
- Մը՜ս, մը՜ս, մը՜ս, միանգամից ասա՝ Մուսա պրծնի գնա:
- Կասեմ, Հայկազ Աղաջանովիչ, էդ էլ կասեմ. Արեգան ուզում է, որ մեր փարշի գորգը օժիտ տանք:
- Փարշի գո՞րգը,- զարմանքի ու շփոթմունքի նման դուրս թռավ Վարսիկի բերանից:
Մյուսները գիտեին, չզարմացան, լռեցին: Ոչ ոք չէր կարողանում աչքը բարձրացնել, նայել մյուսի աչքին: Սեղանին ջուր էր մաղվել: Վարսիկը ելավ տեղից.
- Աբելի շորերը փոխելի է:
- Իմ ասածի վերաբերյալ ի՞նչ ես ասում:
- Մարդու տված աղջիկ եմ, ինձ խոսք չի հասնում,- Վարսիկը լկլկոցը մի կերպ պահեց ու երբ իջնում էր աստիճաններով, փուլ եկավ:
Վարսիկի գնալուց հետո լռությունը վերստացավ: Ու այդ համրության մեջ Թանկագինի ձայնը կարծես գերեզմանից էր գալիս.
- Իսկ որ փողը տա՞նք,- խեղճ-խեղճ հարցրեց նա:
- Բոլորս էլ փող ունենք, ես փողի համար չեմ եկել: Ձեր առաջին թոռան սրտուզելիքն եմ ասում:
Արմիկը նայեց Սերոբի կողմը:
- Գորգին ի՞նչ է եղել, որ չտան, իրենց թոռանն են տալիս, ո՞ւմ են տալիս:
Թանկագինը նորից առաջ մղվեց.
- Մենք տուն չե՞նք, հիսուն տարի կապած է էն պատին, հիսուն տարին մի մարդու կյանք է: Մեր ապրելուն ինչ է մնացել, կմեռնենք, էլի ինչպես ուզում եք՝ էնպես էլ կանեք:
- Ճիշտ է ասո՞ւմ, ճիշտ չի ասո՞ւմ,- եւ Հայկազը նայեց Մեխակին:
Մեխակը հորն այդքան խեղճ չէր տեսել: Հիմա հասկացավ, շոշափելու պես զգաց, որ կլինի մի օր, որ հայրն այլեւս ղուզ-ղուզ անելով չի մտնի իրենց տան դարպասով եւ կարող է ստացվել այնպես, որ վաղը այդ դարպասով մեկ ուրիշը մտնի: Իսկ մայրը ձեռքերը գոգնոցի տակ դրած՝ մերթ մեկին է նայում, մերթ մյուսին: Բարձրանա ու երկուսին էլ ծեծելով դուրս անի, ջարդելով հանի տնից: Ոնց էլ խոսում են, կարծես խնդրող չեն, պահանջող են:
- Չես խոսում, մի ախպեր էլ դու ես:
Մեխակը որսաց մոր աղաչական հայացքը, կարծես խնդրում էր, որ չթողնի գորգը պատից հանեն: Թանկագինը չէր կարողանում պատկերացնել կեղեքված պատը՝ առանց օժիտ բերած փարշի գորգի:
- Իմ ասելը գին չունի, գորգի տերը նրանք են, թող նրանք էլ պատասխան տան:
- Տերը մենք ե՞նք,- Հայկազը ճիգ արեց, որ բարձրանա տեղից,- եթե տերը մենք ենք, մենք էլ ուզում ենք...
Նա բարձրացավ տեղից եւ բռնելով գորգի մի ծայրից, քաշեց ցած:
- Տերը ես եմ, ես էլ ուզում եմ,- Հայկազը ոլոր հայացքը հառեց սառած Թանկագինի վրա: - Գնա կացինը բեր:
Թանկագինը չիմացավ, թե ինչ են ուզում իրենից ու տեղից չշարժվեց:
- Ի՜նչ ես դուռնա կտրել, գնա՛ կացինը բեր, գնա՛ բեր, ասում եմ, երեք ախպեր են, երեք տեղ էլ հավասար կես եմ անելու, երեք կես, թող տանեն իրենց աչքը կոխեն, աչքները կոխեն, կշտանան: - Հայկազը Թանկագինի վրա պրծավ: - Քեզ հետ ե՞մ, թե՞ էն շանը: Գնա՛ կացինը բեր, թե չէ որ ես գնացի, առաջ քեզ եմ կես անելու:
Աշխենն էն կողմից Մեխակին ձայն տվեց, ու Մեխակը շտապեց տուն: Օֆիկը Սերոբի ձեռքից քաշեց.
- Մերոնց չենք տեսել, գնանք:
Նրանց ետեւից դուրս եկավ Արմիկը: Աստիճանների վրա մի պահ կանգնեց, ետ եկավ ու բացելով դուռը, ասաց.
- Իմ ոտը էլ չեք տեսնի էս տանը: Ես մեռնեմ՝ դուք չգաք, դուք մեռնեք՝ ես չեմ գալու:
Երբ Արմիկի ոտքերի ձայնը մարեց, Թանկագինը ասաց.
- Տայիր՝ տաներ:




ԿՆԱՆԻՔ

Դըմ դոբուդում հարսանիք,
Պապունց տանը կընանիք։
(Ժողովրդական)

Կնանիք հիտիլ կապած գնում են սորտտեղամասի սարայը: Կանանց գյուղի էս տեսակը ուրիշ այլ գործի են լինում, բայց էսօր պետք է նախագահի կարգադրությամբ կարտոֆիլ ջոկել. կովկիթ, բանջարանոցից մի քանի հոգի, դպրոցի հավաքարար, գյուղխորհրդի քարտուղար Արուսը, կատարածու Անտիկոն, փոստի ու կոոպերատիվի խանումները, ակումբավար, գրադարանավար, գեղմասվար՝ բոլորն էլ կանայք, որոնք ծննդաբերելով, իրար փոխարինելով, իրենց տեղը իրենց երեխաներին ու հարազատներին դնելով, ուրիշներին մոտ չեն թողնում: Ալվարդը տանը նստած՝ սիրային գրքեր է կարդում, ու մայրն էլ խստիվ պատվիրել է՝ ոտդ առաջ չդնես, թող Անդոնի գեղմասվարուհին գնա, դու քեզ համար գիրք կարդա, իրիկունը քո հոր Սոկրատին ու տատ Մագաղաթին կպատմես, ժամանակ լինի՝ ես էլ եմ գալու լսեմ:
Գյուղի աշխատավոր կանանց խառնված խանումները շարանուկ կապած գնում են կարտոֆիլ ջոկելու: Երվանդի գեներալուհի Մարգուշան՝ Մարգարիտա-Մարգո, ուզենա՝ գնա, չուզենա՝ չգնա: Այդպես է: Մի անգամ էլ թող նախագահի Սեդա Գերասիմովնան մասնակցի, թող մի անգամ ընկերուհին մասնակցի, հետո մարդը կարգադրություն անի՝ առանց բացառության: Մենք ոչ ոքից էլ պակաս չենք.- մեկը չկա ասի՝ նախագահի Սեդա Գերասիմովնան քաղաքում, դու՝ գյուղում, Սեդա Գերասիմովնան ինչո՞ւ պիտի գա կարտոֆիլ ջոկի. ո՞ւմ հետ ես ոտ բռնում.- Գլխիս մատաղ լինի ձեր Գերասիմովնան ու նրա մարդն էլ, ոչ մեր մարդն է ուրիշների մարդուց պակաս, ոչ էլ դիպլոմն է ուրիշների դիպլոմից պակաս: Ագրոնոմ Երվանդի Մարգուշան կոնքերը խաղացնելով, հանդիսավոր, խանում-խաթուն նստում է երկու հազար ավել տված «Ժիգուլին».- իրենք երկու են ասում, բայց սուտ է, շատ են տվել.- շատ ենք տվել, քիչ ենք տվել՝ մեր ազնիվ վաստակած փողն ենք տվել.- ու Մարգարիտա-Մարգո-Մարգուշան տեղավորվում է իրենց սեփական մեքենայի մեջ ու Արտուրիկին կարգադրում՝ Ստեփանակերտ:
Գյուղի ուրիշ այլ գործի կանայք գնում են կարտոֆիլ ջոկելու: Նախագահի կարգադրությունն է՝ գերագույն գլխավորի, եւ բրիգադիր Մեխակը իրեն դիմողին մի բերան ասում է՝ ուզում ես գնա, չես ուզում մի գնա, իմը ասելն է, նախագահին պատասխանողը ես չեմ, դու ես լինելու:
Երեկոյան Աբելը կնոջն ասաց՝ վաղը գնում ես կարտոֆիլ ջոկելու:
- Մթերումը էս երկու օրը պրծնել պիտենք:
«Պիտենք» էլ ասում է, կարծես նախագահ-հաշվապահ է, տավարած չի, Աբելը չի: Վարսիկն ուզում էր էսօր Սալաձորի լոբու չորը տալ, աղունը պիտի հակավորի, որ գուցե կարողանա Աբելին ջաղաց ուղարկի, մի խմոր ալյուր լինի կամ չլինի: Աբելը կոլխոզի մատղաշարածն է, շաբաթ-կիրակի չունի, ոտ ու ձեռ կապած, տան մի գործից բռնելու հնար չունի՝ Սալաձորը իրենը չի, բահի տալու խնդիր չկա, լոբին առանց սարի աճում է, արխ քաշելը տղամարդու գործ չի, կարտոֆիլի տակը պարարտացնելու, փոցխելու հարկ չկա, բերքդ ինքն իրեն՝ շը՜ռռ, երկնքից թափվում է: Լուսիկի ձեռքերին նայում ես՝ աչքերդ ջրակալվում են: Տղա ունենայի՜ր, Աբելը մի օգնական ունենար, բայց՝ աղջիկ, աղջիկ, աղջիկ, աղջիկ, աղջիկ: Հերիք է, ճակատագիր է: Լուսիկն արդեն մեծ աղջիկ է, ուրիշների աղջիկները Ստեփանակերտում կար ու ձեւ են սովորում, իսկ Լուսիկը բահի է տալիս, բանջարանոց է խնամում, էս տարի էլ կարտոֆիլի բուկլիցը մենակ արեց: Ինքը գնացել էր Երեւան՝ քվոր աղջիկը պիտի մարդու տային, բաժինքի բուրդը ինքն է տարել, յորղան-դոշակ կապելը ինքը պիտի աներ՝ արեց: Էդ տասը օրը Լուսիկս էր կովերը կթում, կարտոֆիլն էլ պիտի աներ՝ արեց: Էդ տասը օրը Լուսիկս էր կովերը կթում, կարտոֆիլն էլ մենակ բուկլից արեց, հորն էլ չասաց: Լուսիկիս ցավը տանեմ, ում տուն գնա՝ հաշվիր մի «քսանչորս» մեքենա է շահել, երեսուն կոպեկով վիճակախաղ է շահել:
Աբելը ջաղաց գնալու հնարավորություն չունի, կամ ինքը պիտի գնա, կամ հերանցի հետ պիտի իրենցն էլ ուղարկի: Ամեն անգամվա պես: Ջաղացը՝ մերոնք, անհատական տավարը պահելու հերթը եկավ՝ կամ Լուսիկի հետ ինքն է գնալու, կամ՝ մերոնցից մեկը: Իսկ որ սեղան են գցում՝ պատրոնը բաժակը առնում է ու մեծ տղայի՝ Արմիկի կենացը խմում՝ բարով կառավարի: Մերոնք տավարը պահեն, քոնոնք սեղան ղեկավարեն: Գցած սեղան լինի՝ ղեկավարեն: Մարդու ցավերը նորում են:
- Նախագահն ասել է՝ իմ անունից ֆերմայի վարիչին իմաց տուր, եթե հանկարծ ես մոռանամ, իմ անունից ասա, որ կովկիթներն առավոտ գործը վերջացնեն, գնան կարտոֆիլ ջոկեն, երեկ խորհրդակցությունում, ասում է, ընկեր Աղամիրյանը էլ խոսք չի մնացել, որ չասի:
Վարսիկը Լուսիկին ու փոքրին ուղարկեց Սալաձոր, որ մարգերը ջրեն ու լոբու չորը տան: Կեսօրին լոբի կեփեք, մենակ մի արխից չքաղեք, ամեն սարուց չորս-հինգ հատ կտրեք, մոշով ու բրանիով կեփեք, բրանին մեծը չկտրեք՝ ձեր բռունցքի երկու չափի, աղը չմոռանաք, տեղն իմանում եք:
Անահիտին թողեց տանը: Անահիտը գլուխը պատովն է տալիս, որ ուզում է Սալաձոր գնալ, որ ինքն էլ Սալաձոր գնա, ո՞վ է աղունը նայելու, երեկ կեսօրից հետո ֆերման մաքրել մեկնել է կտուրին: Չորանա՝ նորից խախալել պիտի ու հակավորի, որ տեսնի ումով է ջաղաց ուղարկում: Երեւի կամ ինքը գնա, կամ հերանք տանեն, երեկոյան իմանա՝ հերանք ալյուր ունե՞ն, թե՞ չէ: Մինչեւ չորաթանը բլիթեց՝ աքաղաղները սկսել էին կանչել: Նայիր՝ ծտերը չուտեն, չթողես, որ հավերը թռչեն կեղտոտեն աղունը: Աչքդ աղունի վրա էլ պահիր, չորաթանի վրա էլ:
Վարսիկը կեսօրահացը փաթաթեց շորի մեջ ու դրեց ցելոֆանի պայուսակում: Պայուսակը Երեւանի քույրն է տվել, որ գնացել էր Երեւան, քվոր աղջկա հարսանիքին: Քույրն ասաց՝ տար Լուսիկին: Լուսիկին շատ է սիրում, բոլորն էլ սիրում են Լուսիկիս: Պայուսակը իմպորտ է, Երեւանը շատ է կապված արտասահմանի հետ, երեսին մի տղա է նկարած ու մի աղջիկ՝ ծովի մոտ, երես-երեսի ծիծաղում են, հագիններին էլ ոնց որ մարմիններին լիզած-կպցրած: Վարսիկը պայուսակը հատուկ էսպիսի օրվա համար վերցրեց ու այնպես դրեց, որ նկարը երեւա, որ պայուսակի տղան ու աղջիկը նայողին ծիծաղեն: Ոչ ոքից էլ իրենք պակաս չեն: Կարտոֆիլի հսկայական շեղբի մոտ Վարսիկը տեղ արեց Զաբելի կողքին, Զաբելի ու Մաքադու մեջտեղը:
Մեծերը առանձին են թուփ անում, սերմացուն առանձին, կտրածները առանձին, բոլորովին փոքրերը առանձին: Ավտովարորդ Եղիշը, որ այսօր վարորդ ու էքսպեդիտոր է՝ 1,75 աշխօր է ստանալու ու 1,75-ի համար մթերումը մի շաբաթ ձգձգվելու է: Ոնց էլ ասում են՝ ձգձգվելու է, շրջանում քանի՞ կոլխոզ կա, բոլորն էլ ուզում են առաջինը իրենք հանձնեն, մթերման Վարդիթերը մի կտրած կամ ստանդարտից փոքր կարտոֆիլ տեսավ՝ չի ընդունում, մինչեւ մի բան չի պոկում՝ չի ընդունում, շնորհակալ չե՞ք, որ մի գրամի պակասացում չեմ անում: Ի պատիվ Եղիշի՝ իմացա՞ք... Ձե՛զ մոտ չունեմ, ամեն տեղ մարդիկ ինձ ճանաչում են: Ով չի հավատում, թող մի անգամ գա՝ իր աչքով տեսնի.- Վարդիթերը քանի անգամ է ասել՝ մինչեւ Բինաձորի վարունգից չբերես, չեմ ընդունելու, Մեխակին խնդրած-չխնդրած՝ մեկ է, մարդու բերանում չկայի ծառ է բուսել, Վարդիթերն էլ ամեն անգամ գլուխս տանում է՝ ձեր վարունգի համը ուրիշ է: Գնում եմ, բայց չեմ իմանում՝ հանձնելո՞ւ եմ, թե՞ ետ եմ բերելու. արդեն քանի անգամ Վարդիթերին խաբում եմ:
 - Ախպոր պես, Մեխակ, կարգադրիր թող մի քիչ վարունգ ուղարկեն, ախպերամ, մի փեշ վարունգն ինչ է, բերել տուր, էսօր երկու ռեյս եմ անում:
Մեխակը Եղիշին չլսելով լսում է, ու Եղիշը Մեխակի արհամարհանքից զզվելով ու ձանձրանալով մոտենում է կարտոֆիլ ջոկող կանանցից... էլ ում մոտ՝ Երմոնի: Մեկն ասի՝ ինչո՞ւ ես էդքան մոտաթակ տալիս, Երմոնը քո ճաշն է՞:
- Արի, կշռում ենք,- կանչում է Զառիկը:
Եղիշը չի մոտենում, Եղիշը գրամ-կոպեկի մեռած չի, Մեխակը կա՝ հերիք է, ռեւիզոր Մեխակը որ կա՝ մազը կես է անելու: Եղիշը շարունակում է կանանց հետ զրուցել: Իգնատն ու Անդոնը հակերը բարձրացնում են մեքենայի թափքը, հետո իրենք են բարձրանում ու հակերը դասավորում, նորից իջնում, որ նորից հակերը թափքը տան: Եղիշը օգներ՝ հեշտ է, հակերը իրենք տան, Եղիշը դասավորի: Եղիշը ակումբավար Երմոնին տեսել է, լակը կեծ շան պես լակամանի շուրջը պատ է տալու, Եղիշը բան է պատմում, Երմոնն էլ լսում է ու ածան հավի պես կչկչում:
Մեքենան բարձեցին, ավտոկշեռքի վրա կշռեցին, հաշվապահ Զառիկը իր տետրակում գրեց 4,5 տ: Մեխակը իր տետրակում գրեց 4,65 տ:
- Իսկ աբրա՞ն:
Մեխակը իր տետրակի մեջ 4,65 տ-ն դարձնում է 4,6 տ: Զառիկի դեմքին նայես՝ մտքերը կարդաս. Զառիկի զզվանքը Մեխակին նույնիսկ դուր է գալիս, նա 4,6-ի 6-ը մգացնում է, քիմիական մատիտը լեզվի ծայրին թրջում է ու մգացնում, ու Զառիկը հասկանում է, որ այդ 6-ը փոխվողը չի: Ձեռքին եղան լիներ՝ իջեցներ Մեխակի սեղմած շրթունքներին, վրա բերեր մեջքի ղուզին. - Աշխենը ո՞նց է սրա հետ ապրում,- Զառիկը արհամարհանքի բացված բերանի ճեղքից նետում է.
- Նախագահը ասել է, ես էլ գրել եմ, քեզ էլ է ասել, մեր տունը չի գնում, Վարդիթերի համար է, նախագահն ասել է՝ ամեն անգամ հարյուր կիլո ավել ուղարկեք:
- Լավ էլ հաշվել է՝ հարյուր, հարյուր, հարյուր՝ վերջում ստացվում է 1տ: Բայց որ 1տ-ն երեք հավասար մասի չի բաժանվո՞ւմ...
Զառիկը ցանկանում է Մեխակին իր իսկ խոսքի վրա բռնել, բայց Մեխակը ոգեւորվել էր, Մեխակը հիշեցնում է մի առակ, Զառիկը չի իմանո՞ւմ, դե, լսիր ու նախագահին էլ կպատմես: Աղվեսը, գայլը, առյուծը եւ Անդոնի դմակավոր ոչխարներից մեկը: Գայլը էշ էր՝ չհասկացավ Անդոնի դմակավոր ոչխարը երեք տեղ հավասար բաժանել ու դրա համար կերավ առյուծի փափուկ ապտակը, իսկ աղվեսը ապտակ չկերավ, որոհետեւ ոչխարը բաժանեց երեք հավասար մասի. մի բաժինը՝ առավոտը առյուծին, մյուս բաժինը՝ կեսօրին առյուծին, երրորդ բաժինը՝ երեկոյան առյուծին, իսկ թե տակին փորոտիք-բան մնաց՝ ինքը՝ ոչինչ, յոլա կգնա: Գայլին բան չհասավ, իսկ աղվեսը առյուծի ատամին պրծածը կերավ: Ճիշտ եմ ասո՞ւմ, թե՞ սխալ:
- Իսկ որ Վարդիթերը մթերումը հետին թվով է ձեւակերպում ու կոլխոզը հազարներ է շահո՞ւմ: Հունիսի վրա վաղահաս է ձեւակեպում ու մթերման գինը բարձրացնում:
Վարդիթերը շահում է, կոլխոզը շահում է, Զառիկը մատ է լիզում, նախագահը հոգնակիով է մատ լիզում, պետությունը ոչ մի մատ էլ չի լիզում, որովհետեւ տվյալ դեպքում պետությունն Անդոնի դմակավոր ոչխարն է, Մեխակն էլ գայլն է, կերածն էլ ապտակ է լինելու: Հետո՞:
Զառիկը չի պատասխանում, տետրակի մեջ 4,5 տ-ն դարձնում է 4,6 տ, 6-ի վրա էլ մատիտի քիթը կոտրում է: Մեխակը դադարում է գոյություն ունենալ, նա, Զառիկի կողմից արհամարհված ու քամահրված, մոտենում է կարտոֆիլ ջոկող կանանց:
Եղիշը մեքենան գործի է գցում ու մեքենայի խցիկից կանչում.
- Որ երեսունվեց լինի՝ առնե՞մ:
 - Կրունկները բարձր լինեն:
- Գինը՝ ոչի՞նչ:
Երմոնը գնի վերաբերյալ արհամարհում է, բոլորն էլ գիտեն, որ փողի հարցում Երմոնը ուրիշների նման չէ: Երմոնի անխոս պատասխանը զնգում է սարայի տակ ու կանանց ականջում՝ կարեւորը Երմոնին դուր գալն է...
Վարսենը կռանում է Զաբելի կողմը, այնպես, որ Աշխենն էլ լսի.
- Տաքսիստ Արմավիրը ապրած կենա, գալիս է զոքանչին հավ մորթել տալիս, ուտում-խմում ու գիշերները մոշահավ փախցնելով՝ Երմոնին մեր հանդերում ման ածում:
- Կինը մի անգամ չի հարցնում՝ Արմավիր, էդ ինչո՞ւ ես առավոտ՝ Հարար, իրիկունը՝ Հարար, ի՞նչ ես կորցրել Հարարա քերծերում,- ու Աշխենը աչքերով ցույց է տալիս քիթ-քթի զրուցող Երմոնին ու Զառիկին,- իրար ո՜նց էլ սազում են...
- Երմոնի կոնքերը մեղրահացեր են, Արմավիրը կծոտում է,- Զաբելը ձայնը իջեցնում է, որ հաջորդ խոսքը Մաքադին չլսի: Նրա ասածի վրա Աշխենն ու Վարսենը փռթկացնում են:
Մեխակը մոտեցավ նրանց, ու նրանց ծիծաղը ցուպ կտրեց: Աշխենը հարցրեց՝ կեսօրին գալո՞ւ ես: Մեխակը Անտիկոյի վրա պրծավ՝ կարտոֆիլը լավ ջոկիր, մեծ ու փոքր արա: Հետո դարձավ, Աշխենին պատասխանեց, բայց Աշխենը արդեն մոռացել էր հարցը: Երբ Մեխակը արդեն հեռացել էր, գնում էր կարտոֆիլ քանդողների մոտ, կինը կանչեց ետեւից: Մեխակը երեւի չհասկացավ, թե ինչ է ուզում, անորոշ ասաց՝ տեսնենք, հարմարությանը նայած:
- Քո հոր գլխին քար ընկնի...
- Մի՛ ասա, Հաթամ խնամին լավ մարդ է եղել,- ու Մաքադին պատմում է: - Կռվի վատ տարիներին Հաթամ խնամին քանի՜ անգամ է մեր էշը տարել Ծառեխի ծմակը ու մինչեւ ականջատակերը բարձած բերել:
- Ճի՞շտ է, որ ասում են՝ Հաթամ խնամին մի շաբաթ ախոռում քնել է:
- Մաշոյի երեսը կտրվի, խեղճ մարդուն օր չի տվել:
Աշխենը չի դադարում:
- Աքա,- Աշխենը աչքով է անում Զաբելին,- Հաթամը ձեր ի՞նչ խնամին է:
- Երեխա ես՝ որտեղի՞ց իմանաս, խնամի է, մեր ողորմած Մարդիրոսի հորաքույրը Բալասանանց հարս է եղել:
- Դե, որ խնամի է եղել, էլ ինչո՞ւ էր ախոռում քնում:
Զաբելը ծիծաղը թաքցնում է բռի մեջ, Վարսենը գլխաշորը քաշում է բերանին, Աշխենը՝ քը՜ռ հա քը՜ռ ծիծաղում է, իսկ Մաքադին ուրիշ կերպ է հասկանում.
- Առաջ բարեկամությունը բարեկամություն էր՝ հեռու թե մոտիկ: Ձեզ պե՞ս...
Զաբելը... Զաբելը... Զաբելի համար գիր գրողի ձեռքը ծկթի, ինքը տղա մեծացնի, ուրիշները վայելեն՝ Եղիշն ու Ճուխի Շարմաղը: Նուբարիկին ինքը չի ծնել, Նուբարիկին քոլի տակ է գտել, Եղիշն ու Շարմաղը կռնաբռնուկ դուրս են եկել Բադունց բաղը զբոսանքի ու քոլի տակ նկատել են մի տղա երեխայի: Տվել են Զաբելին ու ասել՝ մեծացրու մեզ համար: Անունն էլ ինքը չի դրել, Շարմաղն է դրել եւ Հրանտիկի Նուբարը չի:
Քարի մեծը տուր՝ Զաբելի գլխին. Մաքադին քանի՞ անգամ է ասել՝ բեր ռադ անեմ, ասել է՝ բեր ռադ անեմ ու կլինես ազապ աղջիկ: Իր գեղեցկությունը իրենը չի եղել, իր ջահելությունը ինքը չի դրել Հրանտիկի դագաղի մեջ ու խոր թաղել:
Անցած օրը Նուբարիկը գիշերն ուշ եկավ տուն, քեֆն էլ տեղը: Ե՞րբ էր՝ մեկն անցավ ու չծռվեց իրենց տունը: Զաբելը միամիտ ասաց՝ հաց շինեմ, պատասխանը ստացավ՝ կերած եմ: Կերած ես, կերած կլինես, ինչ կա որ՝ քեզ հալալ, մտնեիր տուն, մի բերան հարցնեիր՝ ի՞նչ կա, ինչպե՞ս ես, քո մերը ես եմ, Շարմաղը չի, մի բերան հարցրու քո մոր վիճակը, էլի գնա աներանցդ, չփախան, Նովելլայիդ չփախցրին, չբերին գաթիով էլ չեն փախում, ինչո՞ւ ես էդպես տաքացել: Լեզուն չպահեց, հարցրեց, չպիտի հարցներ, հարցրեց՝ որտե՞ղ ես կերել, պատասխանը լինում է կացնով խփածի պես՝ քեզ համար մեկ չի՞: Զաբելը քաշվում է պատյանը, դառնում է Շարմաղի Նովելլայի քոծը: Իր փորից ծնվածի՝ իր տունը այլեւս ոտք չդնելու սպառնալիքի ստրուկը, անզգույշ հարցնում է՝ քաղաքից գալդ էդ չի՞: էդ է, էդ չի՝ քո գործը չի, գլխիս դատավոր-դատախազ չես: Պատասխանը դառնում է մի մեծ թրիք՝ Զաբելի բերանին եկած: Ձենդ հիմա կկտրե՞ս:
Գլխիս քար ընկնի, քար ընկնի, քար ընկնի: Մաքադին քանի անգամ է ասել՝ բեր ռադ անեմ: Հրանտիկի մահից հինգ ամիս անց Նուբարիկին բերեց, անունն էլ ինքն է դրել՝ Հրանտիկի չտեսած-չվայելած Նուբարի:
Զաբելը եփ է գալիս. Ստեփանակերտում ի՞նչ ունես, տան վարձ տուր, ամեն ինչը փողով, հերամեռ, որ հերամեռ ես ծնվել, ամսական քանի՞ հարյուր ես ծալում, որ գնացել ես քաղաք, իրար միջով բացվող սենյակնե՞րդ ասեմ, սենյակներում խաղացող երեխանե՞րդ, որ չբեր Նովելլան է բերել, որն ասեմ, որ չմոռանամ: Զաբելը խառնվել է կանանց, որ մոռանա մորմոքող մտքերը, որ իր քոռացած բախտը մոռանա:
Արտուրիկի «Ժիգուլին» փոշի հանելով գնաց: Մեքենայից պոկված ծիծաղը զնգաց սարայի տակ, եւ Կեւունց Արեւհատը անորոշ ասաց.
- Ճաքեք, տրաքվեք, է՜, որ ճաքվում, տրաքվում ե՜ք...
Զաբելը աչքերը ոլորեց՝ թե ո՞ւմ է ասում, ինչո՞ւ է ասում: Որ ասաց՝ ի՞նչ, որ ասաց՝ փոր կշտացա՞վ, որ ասաց՝ սիրտ թեթեւացա՞վ: Թեթեւացավ, բայց ասողը թեթեւացավ: Անտիկոն որ կա, թող ամեն մեկը իր բերանին մի մեծ քար դնի, իրիկունը ասած ու չասածը դնելու է նախագահի բռան մեջ:
- Է՜, Արեւհատ քույրիկ,- Աշխենը ցանկանում է Արեւհատին սուգի հրավիրել: Բայց Արեւհատը տրամադրություն չունի, Արմենակի փորը նորից թափվել է, առավոտ գնաց բժշկի: Կանայք, սակայն, ամեն կողմից վրա են տալիս: Արեւհատը սիրուն սարքած սուգեր ունի, ուզում են լսել, որ «Ժիգուլուց» պոկված ծիծաղի կեղեքումից ազատվեն, մոռանան, չհիշեն, որ աշխարհիս տակ ուրիշ այլ կանայք կան, որ անծանր ու մաքուր ապրում են, գոմերից անասունի թրիք չեն դուրս հանում. անասնակերով կոխած-լցված սալակն այնքան է մեջքները հարել, որ էլ վերք չի առաջանում, առավոտից իրիկուն ամեն մոլախոտի համար Զաբելը կռանում պոկում է, կռանում բարձրանում է, կռանում բարձրանում է, մեջքից կռենդրակ է դարձել եւ ինչի՞ համար՝ իրենից պտկած ուրիշի Նուբարիկի համար:
Ուշ գիշերով Վարսենը մտնում է տեղերը, մինչեւ իրեն հասցնում է տեղերը, Աբելը յոթ անգամ քնում-արթնանում է, քնում-արթնանում է եւ երբ վերջապես կինը մտնում է տեղերը՝ քնահարամ Աբելը կույր մղվում է դեպի Վարսենը, մազակալած երեսը մոտեցնում է Վարսենին, ու Վարսենը չգիտի դժգոհի վանի՞, թե՞ հաշտվի քնի, Վարսենի ոսկորները ճաքում են, ոտքերը ուռել-տրաքում են, Աբելի մարդահոտը Վարսենին չի հասնում, մի քիչ քներ, մեջքը մի քիչ ձգվեր, ճաք-ճաք ձեռքերի հեռը մեղմանար:
Վարսենը աչքը բացում է՝ Աբելը չանթան առած՝ տնից դուրս է գալիս: Գիշերը դարձել է աչքաճպել:
Աշխենը իրենից մի քանի հոգի հեռու նստած Արուսին՝ Փառանձեմի հարեւանին, հարցնում է, իբր մի թեթեւ լսել է, ուզում է իմանալ՝ Արուսը Փառանձեմի հարեւանն է, կիմանա՝ ճի՞շտ է, սո՞ւտ է.- ասում են, որ իբր.- Սուտ կլինի, հարարեցունց չեք ճանաչո՞ւմ, լուն ուղտ են դարձնում.- Գրիգորին լավ մեջք ունի, ո՞վ կարող է նրա կողքով անցնել, մարդիկ են, էլի՜, լեզուները չարչարում են, որ իբր Գրիգորին,- մարդու լեզուն պատ չի գալիս, որ ասի, աղջի Արուս, կարո՞ղ է ճիշտ լինի:
Արուսը փոստի Սերգին չի, որ թաղից լուրեր տարածի, ինչպես բոլորդ եք լսել, այնպես էլ ինքը.- ասում են՝ ի՞նչ իմանաս, դու Հարարում, նա՝ Կիսլովոդսկ, բայց որ ասում են՝ ի՞նչ իմանաս ասես, երեւի մի բան կա, որ ասում են.- գումար են ասում՝ մազերդ դիք կանգնեն՝ մի կոլխոզի եկամուտ:
- Խե՜ղճ Մանիկ, խե՜ղճ...
- Հողը Փառանձեմի գլխի՜ն...
Արեւհատը մորմոքվում է, Զաբելը մորմոքվում է, Մաքադին խփում է ծնկանը՝ վիի՜շ, Երմոնը առօրյա կյանքից բարձր է կանգնում, Աշխենը փորձում է իր մտահոգությանը իսկություն տալ, եւ բոլորը գտնում են, որ Աշխենի չարությունն անսիրտ է, Մանիկը ջահել է, բոլորս էլ աղջկատեր ենք.- էդ մեկը չասվի՝ մեկը լավ կապրի, մեկը պակաս կապրի, մարդ մարդու վատը չպետք է ուզի,- էսօրվա վրա փեսատեր ես դարձել, Աստված պահի, արդեն թոռնատեր էլ ես.- դու որ էդպես խոսում ես, Վարսենը ի՞նչ ասի՝ տունը աղջիկներով լիքը, քո Սիրունից էլ հազար անգամ լավ՝ պա՜հ-պա՜հ-պա՜հ, քոնի երեսին մի քիչ պայծ կա... Աշխենը, սակայն, նրանց խոսքը խորամանկ շուռ է տալիս՝ ով չի իմանում, որ Մանիկը յուղապատառ սիրունիկն է, գյուղի աչքը, բայց քնիր վեր կաց, բախտ ուզի... Աշխենը կնանոց կապում է անորոշ գայթակղիչ այս մտքին ու չհասկանալով Աշխենի նենգությունը, նրանք սկսում են բախտից խոսել: Երմոնը, սակայն, Աշխենի խայծին չի գնում, Երմոնը իր ենթադրությունն է անում.
- Ո՛չ մի պակասություն, ո՛չ մի բան, Մանիկը հերանց տունը խռով է եկել, Գրիգորուն բռնել է սիրեկանի հետ: Թե որ սուտ լինի՝ էն ժամանակ ես Երմոնը չեմ:
Մանիկը մի ամիս է եկել գյուղ:
- Դրա համա՞ր է Մարտիկը Վերի հանդը գյուղի տակովը գնում, Փառանձեմի տան մոտով:
Երմոնի ասածը մի քանիսին հազացավով վարակում է: Աշխենը ներսում եռ է գալիս, իբր նստելատեղը հարմար չի, բարձրանում է տեղից, տակն իբր ուզում է հարթեցնել, տակդիր դոշակը մանրամասն թափ է տալիս, դնում տակին ու այդ ամբողջ ընթացքում տենդագին մտածում է, թե Երմոնին ինչ պատասխան տա, մի այնպիսի պատասխան տա, որ նստի՝ տակը վառվի, վեր կենա՝ վառվի: Հեռը Աշխենի սրտին է տվել, դիտավորյալ տակդիրը երկար է թափ տալիս, որ ժամանակ շահի, որ կարողանա ինքն իրեն հավաքի:
- Աշխարհք է, էլի՜,- Աշխենը թառանչ է քաշում,- մեկը իր տուն-տեղով է զբաղված, մյուսը իրիկունները մոշահավ է փախցնում Խաշարխութի մատներում: - Աշխենը Մաքադու կողը բոթում է.- Էդ դույլը դեսը տուր: Տաքսի մեքենայով, գույնն էլ՝ կոֆիսմալակո:
Սորտտեղամասի սարայի տակ շիկանում է. Աշխենի բերանը բահով ճղած, Երմոնի՝ գեղեցկուհին զգյուղս Հարարա՝ ընկեր Շամիրի խոսքը: Նույնիսկ Երվանդի Մարգուշան էլ է ընդունում «զգյուղս Հարարան»: Երեւանից եկած մի հայտնի դերասան Ստեփանակերտի թատրոնի հետ եկել էր ներկայացում խաղալու: Երեւանից եկածը տեսել էր Երմոնին ու ասել, բոլորն էլ լսել են, որ ասել է՝ այսպիսի գեղեցկություն Երեւանն էլ չունի: Ներկայացումից հետո Երեւանից եկած դերասանն իրեն տված ծաղիկները՝ ետ տվել է Երմոնին: Մարդն էլ՝ աղոթածը, իրեն հպարտ է զգացել: Սոկրատը ընկեր Անաստասի ականջին թեքվել է, ու Երվանդն էլ մոտիկ է եղել կանգնած.
- Սիրուն կինը հարակաշով է լինում:
Սարայի տակ շիկանում էր ու պիտի պայթեր, բայց հանկարծ Արեւհատի ձայնը զիլ ծավալվում է ու բոլորը թեթեւացած շունչ են քաշում՝ Արեւհատը սկսել էր իր համերգը՝ ինքը երգիչ-դերասան է, մնացածները՝ հանդիսական են ու միջանկյալ օգնական:
- Հաջունց Արտավազը Բաքվից քվոր Ելենի ու Կարոյի լածիրակ Արամչիկի հետ եկել է հոր թաղմանը,- հայտարարում է Զաբելը:
- Ապաա՜, հե՜ ապա-ապա՜,- լացը կապում է Արեւհատը,- դու մեռնող չէի՜ր, Արամչիկի ձեռքով մատաղ գնացած ապա-աա՜... Այ կնանի՜ք... ապան էշ էր բեռնում՝ փակած-կապած սանդուղ, փուչ մնաս դու, որ փուչ եղա՜ր...
Արամչիկը խրտնացնում է Վասկա էշին, ու ապան էշից ընկնում, ու մեջքը կոտրում է: Ոտի վրա մարդը էն տեղատակ ընկնելն է, որ ընկնում է...
Իսկ Արտավազին պահել չի լինում, Արտավազը տալիս է Ելենին, Ելենը տալիս է Արտավազին:
- Ապա՜, հե՜ ապա-աա՜... Ապա, չնեղանաս, որ Կարոն չի եկել, գնացել է Ռուսաստան նոր մեքենա ստանալու...
Ելենը շարունակում է.
- Կարոն սրտահեռիչ է, Կարոն ապային շատ է սիրել... Ապա՜, որ գնաս մամայի մո՜տ...
Էն կողմից երեսը կտրած Սոկրատն ավելացնում է.
- Ասա հեռագիր տա, որ սաղ-սալամաթ հասել է տեղ...
Ժողովրդին պահել կլինի՞: Հիմա էլ Արտավազն է քվոր խոսքը շարունակում.
- Ապա-աա՜, որ հասնես տեղ, մամային ասա, որ Կարոն նոր մեքենա է ստացել: Ապա-աա՜, չմոռանաս ասել...
Սոկրատը էլի լեզուն իրեն չի պահում.
- Մատը թել կապեք, որ չմոռանա:
Ելենը աչքերը ոլորում է Սոկրատի վրա, ու թաշկինակը տանում է բերանին, որ ծիծաղը պահի:
- Է՜, այ ժողովո՜ւրդ, ապան լավ-լավ տղաներ է մեծացրել, գեներալ փեսաներ ունի, դու մեռնելու ապրանք ե՞ս, ապա-աա՜...
Լավ էլ պատրաստություն էին տեսել, ժողովուրդը լիացավ, վերջում Ելենի մարդը հարբել է ու Սոկրատին գրկած՝ պատմում էր, որ ապային պրոֆեսորի է ցույց տվել, մի վիզիտը՝ քսանհինգ ռուբլի: Իր աները լավ մարդ է եղել.
- Դյադ Արամ, նեկստատի ումեր:
- Նեկստատի փեսի ջանին մատաղ, ապա՜... Ապու պահած ոչխարները նեկստատի փեսի փորն էին մտնում, անունն էլ մնաց նեկստատի՝ Ելենի նեկստատին:
Կնանիք ծիծաղեցին, կշտացան, արտասուքները սրբելով, հոգիները հանգստացած, իրենց սրամտություններից ասել-խոսելով, չծիծաղելի բաների վրա էլ ծիծաղելով՝ կարտոֆիլ էին ջոկում: Անդոնը գնացել էր Բինաձորից վարունգ ու պոմիդոր բերելու՝ Մեխակը թույլ էր տվել, Մեխակն ասել է՝ դուք գիտեք, նախագահն իմացավ՝ պատասխանատուն դուք եք, Անդոնը դա համարել է իրավունք ու գնացել:
Զառիկը կարտոֆիլ չի ջոկում, Երմոնի մոտ նստած՝ զբաղվում է, ինքը աշխօր չի ստանալու, սպասում է Եղիշի վերադարձին, Երմոնի համար բերած կոշիկը լավ եղավ, Եղիշին կասի իր համար էլ բերի: Զառիկը Հարար գյուղի կանանց հետ կարտոֆիլի վրա զբաղվում է:
Մաքադու բերանը կրակ ընկնի.
- Ցուրտ-ցուրտ մի քաղցր ձմերուկ լինե՜ր...
Ասելն ու Ավդալեցը թուրքի գալը...
- Թո-քո՜ւշ...
Մի իշաբեռ ձմերուկ ու հարարեցի ռեխավեր կնանիք: Ու կարտոֆիլի սարերը... Աշխարհքիս տակ ո՛չ նախագահ կա, ո՛չ բրիգադիր Մեխակ: Զառիկը, լավն էլ ասենք, վատն էլ, ասաց՝ էդ մեկը ինձ դուրս եկեք: Կերան լիացան, կճեպները Բալասանանց ձորը թափեցին, Անտիկոյին ասացին, վա՜յ քեզ, թե որ նախագահն իմացավ: Ասողն էլ Զառիկն է եղել:
Ձմերուկի մասին, նախագահ-բրիգադիր-ԽԱՖ-ի վարիչ Համո, իմացվեց պատահական, խոզերը ձմերուկի հոտի վրա թե ոնց էին գտել կճեպները: Բայց նախագահը չլինի՝ ով լինի, հարարեցի կանանց կողքով անցնել կլինի՞...




ՄՈՌԱՑՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ

Դու ես եկել, Արտոն չի եկել: Դու ինչո՞ւ ես եկել, կարեւոր ժամանակդ իզուր կորցնում ես: Մեր ցերեկը մթնում, մեր գիշերը չի լուսանում, դու գործի մարդ ես, քո օրուգիշերը հաշված է: Արտոն չի եկել՝ կգա: Հետո: Մենք հետոյի ցուցակում ենք, հիմայի ցուցակում մենք չկանք:
Մխիթարը ցանկանում է հետեւել արդեն ծեր այս կնոջ խոսքի ընթացքին, բայց մոլորվում է նրա ու ուրիշի մտքերի չբացատրվածներում:
- Արտոն ցանկացել է գալ:
Կուզենա, մեր երեխան է, ես էլ մայրն եմ: Հարսը չթողնի էլ, ինքը կուզենա, ուզեցած կլինի: Արտոն սրտահեռիչ է, Վալոդը հեռու է, իմանա՝ կգա, հիմա արդեն եկել էր: Չիմանալով-չասես, որ մեր հարսերը լավը չեն: Ուրիշները կարծում ես մերոնցից լա՞վն են: Չէ մի...
- Արտոն, Սիրան մայրիկ:
- Ինչ էլ լավ մայրիկ ես ասում: Մեր հարսերը էդ խոսքը իրար բերանից խլում են: Մայրիկ են ասում՝ տասը տեղից կաթի, լսում ես՝ չես կշտանում:
Մխիթարը սրտնեղում է. ոչ մի կերպ չի կարողանում իր գալու նպատակը ասել, բացատրել: Մի բառից բռնում է եւ հնարավոր չէ կռահել, թե խոսքը ուր է տանելու:
- Սիրան մայրիկ, Արտոն տոմսերը վերցրել է...
Տոմսե՞ր, այսինքն Արտոն էլ, Հեղուշն էլ պիտի գային: Կարող է, ինչո՞ւ չի կարող: Ամառը Հեղուշը քվոր հետ քվոր մարդուն բերին թողին մեր տանը, որ գյուղական օդ շնչի: Լավ մարդ էր, մեզանից էլ գոհ գնաց, խոստացել էր անքաղցր շաքար ուղարկել ինձ համար: Զբաղված մարդ է, մոռացած կլինի, թե չէ ուղարկել էր: Վնաս չունի՝ կամ ասած, կամ ուղարկած:
- Տոմսը վերցրել է, բայց անհետաձգելի կարեւոր գործ է պատահել, ստիպված տոմսերը ետ է տվել,- հատ-հատ ասաց Մխիթարը:
Չասես գանգատվում եմ, մեր երեխաների ուշքը գնում է մեզ համար: Էն տարին Սահակի ոտքը կոտրել էր, Արտոս եկավ հորը տարավ մայրաքաղաք, քանի պրոֆեսորի ցույց տվեց, մինչեւ ոտքը լավացավ: Ցրտերին ոտքը մի քիչ ցավում է, բայց մնացած ժամանակ՝ ոնց որ առաջվանը:
Կպատահի, մեծ աշխարհք է, ամեն ինչ էլ կպատահի: Մեկը կարեւոր գործի համար գալիս է, մյուսը չի կարողանում: Բադունց Հայկազի Արմիկը քաղաքից եկել է ու մորը տեղատակ գցել, գնացել:
Սիրան մայրիկը խոսում է ու շուտ-շուտ լեզուն թրջում: Դեմքը վառվում է, ամեն ինչից երեւում է, որ շաքարը շատ է բարձր:
- Լեզուս բերանումս դարձել է ճաթ հաց, ուզում եմ խոսել, բայց շաղիքս չեմ կարողանում կուլ տալ:
Օգտվելով կարճ դադարից, Մխիթարը ցանկանում է միտքը բացատրել.
- Հավատացե՛ք, Սիրան մայրիկ, գործը խիստ անհետաձգելի է...
Մայրը գործ չի, մորը կարելի է հետաձգել: Իսկ, որ մայրը բռնի մեռնի՞: Դրանից էլ հեշտ բա՞ն: Մեռնեմ ու Արտոն մնա առանց Սիրանի: Սիրանը չկա, Նոյեմզարը կա, Նոյեմզարը լավ մամա է, զոքանչ մամա: Դու ի՞նչ գիտես մեջտեղ ինչ կա:
Արտոն Երեւանից զանգել է, որ Մխիթարը անպայման գնա Հոնուտ ու այնտեղից մորը տեղափոխի Ստեփանակերտ: Շաքարը հավանաբար նորից բարձրացել է, վաղն անպայման պետք է տեղափոխել:
- Երեւի մրգի տարի է, որ մորս շաքարը բարձրացել է, երեխա ժամանակից սիրում է միրգ ուտել:
- Մորդ ոնց որ շուտվանից ես ճանաչում:
- Ես որ ծնվել եմ, մայրս համարյա երեխա է եղել:
- Դու որ ծնվել ես, շաքարախտը Հարարում դեռ հայտնի չի եղել:
- Շաքարախտը հայտնի չէր, բայց միրգ ուտելը, մանավանդ ձեր Սաքունց մալասենի տանձը գիշերով ուտելը, խիստ տարածված է եղել: Սաքունց Անդրին տակին քնած, մենք մեր ծոցն էլ էինք լցնում, նրա չանթան էլ, դու ձեր մալասը մեր քաղածից էիր ուտում:
Հեռախոսավարուհին միջամտում է՝ արագացրեք, անջատում եմ:
- Մխիթար,- հեռախոսի մյուս խայրին արագ-արագ ասում է Արտոն,- մինչեւ կոկորդս խրված եմ մի հիմար գործի մեջ, շաբաթվա վերջին գալու եմ, անպայման գնա իմացիր մորս վիճակը, եթե պետք է տեղափոխել՝ տեղափոխիր: Գուցե շաբաթվա վերջին...
Հեռախոսավարուհին անջատում է գիծը, ու Մխիթարը այդպես էլ չի կարողանում իմանալ՝ շաբաթվա վերջին Արտոն կարողանալո՞ւ է գալ, թե՞ չի կարողանալու չգալ։ Մխիթարը ժպտաց՝ ստացվեց Սիրան մայրիկի ոճով:
Հոնուտի գյուղական հիվանդանոցը լաբորատորիա չունի, գլխավոր բժիշկը լայն ուսերը քաշում է կարճ վզին, մանր սուր աչքերը կկոցելով ասում՝ հիվանդի վիճակը համեմատաբար լավ է, բայց առանց անալիզի հնարավոր չի ճիշտ բուժել, մոտավորապես ենք բուժում:
Գլխավոր բժիշկը հոգնած է երեւում, մտածեց Մխիթարը, գիրանալու համար էլ այլեւս տեղ չունի: Նայելով բժշկին, Մխիթարը նկատեց, որ նրա պիջակը վաղուց քիմմաքրման կարիք ունի եւ եթե սիգարետը մինչեւ կոթունի վերջը ծխելու սովորությունը թողնի, մինչեւ մի տարին մատների դեղնությունը կանցնի: Նա չհասկացավ, թե Արտոն ինչու էր գովում հոնուտեցի բժշկին, մանավանդ որ հոնուտեցի էլ չի: Մի քանի րոպեի զրույցում երկար պատմեց իր մասին. Դաշքեստանի կողմերից է, բայց առակն ասում է՝ կինդ որտեղից՝ ինքդ էլ էնտեղից, կինս էս գյուղից է, ուրեմն ստացվում է համարյա հոնուտեցի եմ:
Տաս րոպեում կես ժամվա բան պատմեց, չմոռացավ հիշեցնել, որ հոնուտեցիք գյավալից արաղ քաշելը իրենից են սովորել, հետո էլ առաջարկեց անցնել կաբինետ՝ «նորմալ» ծանոթանալու համար:
Մխիթարը ժամանակ չուներ, խնդրեց դուրս գրել հիվանդին:
- Հիվանդը երեկ է դուրս գրվել գնացել:
 Սկզբում այդ պիտի ասեիր, մտքում ջղայնացավ Մխիթարը եւ հրաժեշտ տալով գլխավոր բժշկին, տխուր տպավորությամբ թողեց հիվանդանոցը:
Սիրանը թախտին նստած չոր լոբի էր ջոկում: Նկատելով ներս մտնող Մխիթարին, ձեռքի սինին մի կողմ դրեց: Ասաց՝ դու ես եկել, Արտոն ինչո՞ւ չի եկել: Հետո խոսքը փոխեց. արդեն լավ եմ, ինչո՞ւ ես նեղություն քաշել, բժիշկն ասել է՝ փահրիզ պահիր անցնելու է: Արդեն անցնում է: Բերանիս չորանալն էլ անցնի՝ ոչ հիվանդ, ոչ բան: Մեր տակի տունը ամեն ինչով էլ լիքն է, ձեռքիդ բաները ինչո՞ւ ես բերել: Հոգսս Սահակը քաշում է: Հավ էր մորթել, նոր է պրծել:
- Հիմա լավ եմ, ինչո՞ւ չեմ լավ, Սահակը չի թողնում կովն էլ կթեմ: Իրա մոտ չասես, երեկ ջուր է դրել ոտքերս լվացել: Իրա ոտքերը ես շատ կլինեմ լվացած, հիմա էլ թող ինքն անի: Ճիշտ չեմ ասո՞ւմ:
Մխիթարը հասկացավ, որ Սիրան մայրիկն այդքանն ասում է նրա համար, որ հիվանդանոցի անունը չլինի:
Սիրանին քաղաք տանողը Արտոն պիտի լինի, ընկերը իրա տեղն ունի, տղան՝ իրա, իմացողը պիտի ասի՝ գեներալ տղա, իսկ հիվանդի ետեւից եկողը ուրիշ է: Ես գիտեմ ինչ եմ, Սիրանը թախտից իջավ, մի քայլ արեց ու հենվեց մոտիկ սեղանին: Մի քիչ այդպես մնաց, որ գլխի պտտելն անցնի:
- Գլխիս էս շուռ տալը նոր չի, չիմանաս շաքարի պատճառով է, մեծ կին եմ, հրեղեն չեմ:
 Չի ուզում Ստեփանակերտ գնալ, նայելով նիհարած, ուժասպառ կնոջը, մտածեց Մխիթարը: Վիճակը լուրջ է, բայց ինչպես համոզի ինքնասածին ու կողքահաստ այս կնոջը: Սպասեց Սահակ քեռին գա, գուցե միասին կարողանան համոզել:
Արտոն էստեղ լիներ՝ հավ էր մորթել, Սահակը հանդից գա՝ մորթի, դու մորթի: Դանակը սեղանի աչքում է, հիմա տամ:
- Մորթելու ժամանակ չկա, հիմա գնում ենք Ստեփանակերտ:
- Կգնաս, Ստեփանակերտը չփախավ:
- Միասին ենք գնալու՝ ես էլ, դու էլ:
- Ես ինչի՞ համար գամ: Հիվանդ չեմ, հիվանդ լինեմ՝ Արտոն չգա՞:
Մխիթարը նորից մոլորվում է Սիրանի ասածներում՝ ոչ կարող է բացատրել, ոչ համոզել:
- Մինչեւ Սահակ դայու գալը պատրաստվիր, որ անմիջապես ճանապարհվենք Ստեփանակերտ:
- Ստեփանակերտում ի՞նչ եմ կորցրել, մի ախպեր ունեմ, անունը ասեմ՝ կիմանաս, կինն էլ ռուս է, ռուսի սիրունը մի տեղ չի լինի: Հիմա մեծացել է՝ փոխվել: Անցած աշնանը հետը եկել էր հորեղբոր թաղմանը: Մի երկու օր ապրեց գյուղում, իրեն մնար՝ էլի կապրեր, բայց ռուսը ականջին կլիպիճո արեց՝ գնացին:
Դրսում լսվեց Սահակի ջղային ձայնը: Հայհոյում էր սագերին.
- Ձեր քոքը վերանա, էնքան են ծրտել, ոտ դնելու տեղ չկա: Աղջի, հավերին կուտ տա՞մ,- չսպասելով պատասխանի, սագերին հեռու քշեց, կուտը շաղ տվեց ու մինչեւ կուտը շաղ կտար, Սիրանը պատուհանից հանեց գլուխը, ջուջու կանչեց: Հավերը լաչառ ձայներով թռան եկան:
Սահակը բարձրացավ վերեւ, բարեւեց մտերիմաբար.
- Թե որ դու ես՝ ուրեմն գալդ սուտ չի: Աճի, նստե՞լ ես, մի բան սարքի:
- Գյուղ եկողը կրակի է գալիս, ինչ եկել է՝ մի բերան ասում է՝ Ստեփանակերտ են տանում:
- Ի՞նչ կա Ստեփանակերտ:
- Լուրջ հիվանդ է, պետք է հիվանդանոցում պառկեցնել:
- Ինչքան պառկել է՝ հերիք է:
- Հոնուտի հիվանդանոցն ուրիշ է, Ստեփանակերտինը՝ ուրիշ: Եթե չբուժվի, հետեւանքները կարող են վատ լինել:
- Գնացել եմ եկել՝ տեսել թխսկանի տակ ճուտ չի մնացել՝ ղուշն է տարել, կատուն է բռնել, ջրամանը չոր է պահվել: Ամառը Արտոն գա, ինքը չգա՝ երեխաներին է ուղարկելու, ի՞նչ են ուտելու: Գյուղ է՝ քաղաք չի, որ տանը չունեցածդ խանութից վերցնես:
- Գնանք դրա համար էլ մտածե՞նք, բերեն՝ ուտեն: Ճիշտ չեմ ասո՞ւմ:
Մխիթարը համաձայնեց, հուսահատ մտածելով, որ ինքը՝ իրավաբան մարդ, եւ այս երկու ծեր գյուղացի մարդիկ այնպես ճարպիկ շեղում են, որ չես կարողանում իմանալ, թե երբ ու ինչպես շեղեցին քեզ:
- Մեր տանը ամեն ինչ էլ կա՝ պանիրը կա, կաթն ու մածունը կա, մինչեւ կգան, թութը կհասնի, բար կդառնա:
- Կաթնամածուն՝ քեֆ արա, ձեր քեֆը կաթնամածունով է լինում: Մի անգամ մի հավ չպիտի մորթվի՞, լավ պապ ես, զառներից մեկի վիզը կտրի:
- Գան՝ մորթեմ, եկել են՝ չեմ մորթե՞լ:
- Մեր Հարարը լավ քեֆատեղեր ունի, մեր աղբյուրները քեֆ անողների կարոտ են: Մի անգամ Արտոն Մխիթարին վերցնի գա՝ ամառվա լավ ժամանակը, դուք եկեք, մնացածը մենք անելու ենք: Կարծում ես՝ գյուղացի ենք շնորհք չունե՞նք: Եթե ճիշտ ես ուզում իմանալ՝ շնորհքը գյուղից է սկսվել:
- Սահակ դայի, Սիրան մայրիկը լուրջ հիվանդ է, եթե ուզում եք, որ ամառը գանք, նրան հիմա ինձ հետ տանեմ:
- Աղջի, որ ասում է՝ գնա:
- Ես որ գնամ, քեզ ո՞վ է նայելու, քո հացուջուրը ո՞վ է անելու:
- Ինձ պատճառ չբերես, մի տասը օրը շատ չի:
- Դու տանն ես՝ քեզ համար շատ չի:
Սահակը լռեց, չխոսեց: Սիրանը նրան էլ կապեց, եւ երկու տղամարդ մնացին իրար երեսի նայելիս:
- Իրա խելքից է հիվանդացել, ասի՝ աղջի, ցուրտ է, մի գնա, չլսեց գնաց: Դե հիմա ցավը քաշի:
Մեր փոքր հարսի մորաքրոջ մարդը հոնուտեցի է, գուցե՞ ճանաչում ես, անունը Առուշ է, լավ տղաներից մեկը, գյուղի անասնաբույժն էր, հասակին էլ շատ չէր՝ կլիներ վաթսունհինգին մոտ, ցուլը ոտնատակ էր տվել, սպանել: Գնաց թաղմանը, ասի՝ դու մնա՝ ես գնամ, չլսեց ու ետ գալիս հիվանդացավ:
- Արտոն գա՝ ականջը գցեմ. նախագահը եկավ դռռալով անցավ ու չվերցրեց, կողքին ուրիշ մարդիկ էին, ես նրանց հետ սազական չէի: Իսկ որ Արտոն նրա դմբոյին ինստիտուտն ընդունել տվե՞ց: Ուրիշները ինչեր են անում, երեխա ընդունել տալիս: Արտոն գար՝ ականջը գցեի:
- Եղիշն էլ, Եղիշի տակին նոր մեքենա դնողը Արտոն չէ՞ր, Արտոն չի՞ նախագահին ասել՝ տուր, նա էլ տվել է,- Եղիշը էդքանը մոռացել է, Երմոնին նստեցրել է կողքին՝ քըռ հա քըռ ծիծաղում են, ինձ էլ բարձրացրել են վերեւը: Հոնուտից Հարար մեքենան էնքան լըխկի-թըխկի արեց, որ շաքարս նորից բարձրացավ:
Սիրանը նորից ջրից կում արեց, որ չորացած բերանը թրջի: Նա մի պահ տազ արեց ու այդ րոպեին թվաց անհիշելի ծերացած: Մխիթարի վրա անսպասելի տխրություն իջավ: Կյանքից ինչքա՜ն քիչ բան են ուզում հեռացող այս մարդիկ: Օրուգիշեր, օրուգիշեր, օրուգիշեր, օրուգիշեր արին ու չեղավ, որ մի անգամ դադար տային, գոնե մի անգամ Սահակը հանդից գար տեսներ Սիրանը եփաց հավը սեղանին դրած. նստեին ու մի նստելում ամբողջը ուտեին, տակի տնից Սահակը իր համար օղի բերեր, Սիրանի համար թաքապահուստ մոշի ծոր գինի: Հարյուր տարի ապրում են էս երկիր աշխարհում, բայց նման մի հնարավորության մասին գլխի չէին ընկնում: Օղին տղաների համար է, մոշի ծոր գինին հարսերի համար է, հարս ու տղա խմեն ու հիշեն երկու ծերացող հոգիների մասին:
Ասես՝ Սիրանը չանչ կանի, բայց չանչը իր երեսին կանի՝ գլխիս քար ընկնի, ես ապրելու արժան ե՞մ ու կեղծ տեղից ինքն իրենից կդժգոհի, բայց մտքում կհամարի անհամ խոսք: Սահակն ասում է՝ հազար անգամ գլխի եմ գցել, բայց անհասկացողին ի՞նչ հասկացնես: Թե ե՞րբ է ասել, ե՞րբ է նման մի միտք նրա գլուխը եկել: Նրանը աշխատելն է, աշխատիր, որ երկու կողմի ճողվածքը մեծանա, որ հոդացավդ բռնի ասես՝ քամի է, կանցնի, գրիպդ Ծառեխի ծմակում ես բուժում, գարնանը նկատում ես, որ Դերունց խմահատում շլորին լավ ծաղկել է՝ ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս՝ պահում ես մտքիդ ու օգոստոսի կեսերին, Սոկրատից, Վարսենից, Հարարի մյուս պլոկողներից շուտ դեղին խունկուձեթ շլորը քաղում, որ լավաշ անես, շլորի մուրաբան թթվաշ է, դուրալի, դրանից շատ ես պատրաստում, որ Արտոյի համար էլ ուղարկես, շլորի մուրաբան դուր եկած Արտոյի ընկերոջ համար էլ:
Դուռը բացվեց եւ դռան մեջ երեւաց Արտոն: Տեսավ թախտին ծվարած մորը, իրեն նետեց գիրկը: Ձեռքն է պաչում, երեսն է պաչում, մազերն է պաչում, ձեռքը տանում է խորշամած երեսով, մազերին է քսում, գլուխը դնում է մոր գրկում, շրթունքը դողում է:
Գիժ Արտո, ձեր ցեղի խելոքը իբր դու էիր, եղար բոլորից գիժը: Մխիթարը զարմացած, լցված նայում է մոր ու տղայի գուրգուրանքներին, չիմանալով, չհասկանալով իր անելիքը:
Եկա՞ր, եկել ե՞ս: Պիտի գայիր, ինչո՞ւ չպիտի գայիր: Որ փոքր էիր, ձվածեղ էիր ուզում, ձվածեղին ցացա էիր ասում, հիշում ե՞ս, ասում էիր՝ ցացա եմ ուզում, ճաշի համար պահած յուղից մի քիչ թավան էի գցում, ասում էիր՝ էլի, անում էի էլի ու դառնում էր յուղը շատ ցացա՝ պուճուրիկ Արտոյի համար:
Բինաձորում Եղիշը ինձ ծեծեց, Եղիշը ինձանից մեծ էր ու հայրն էլ նախագահ էր: Քեզ որ տեսավ փախավ, ինքը առջեւից էր փախչում, դու ետեւից, արագ էր վազում, չէիր կարող հասնել ու մոտիկ էլ քար չկար, ետեւից գալոշդ նետեցիր ու կպավ դեմից եկող նախագահին, նա էլ գալոշը վերցրեց ու նետեց մոշի քոլը: Գալոշը քոլում չեղավ, գալոշը չի եղել, մութը գալոշի գույնին է ու պետք էր ոտաբոբիկ գնայինք տուն ու առավոտյան գայինք, որ գալոշդ լիներ ոչ թե մոշի քոլում, այլ ոտներիս տակ:
Արտոս սրտահեռիչ է, Արտոս լավ Արտո է: Արտոս ոտանավոր է գրել իր Սիրանի մասին, ոտանավորը պահում եմ, անգիր գիտեմ: Ուզում ես ասեմ, Մխիթարն էլ լսի:
Սիրանը արտասանում է, երգում է, աղոթք է ասում հիմա:
- Իսկ որ տասերորդ դասարանում ինձ ապտակեցի՞ր, քթիցս արյուն գնաց, ասացիր՝ բամբակ դիր, չդրիր, ծեծեցիր, ուզում էիր ծեծել, մեծացել էի, ուժդ չէր պատում:
- Չծեծեի՝ ինձ համար գեներալ տղա կդառնայի՞ր:
Մխիթարը չկար, Սահակը չկար, մայր ու տղա իրար լպստոտում են, Սահակն ասում է՝ անհամ, անհամներ: Հեղուշը ասում է՝ առաջին անգամ չէ, ասում է՝ մեր խենթն է ու ստացվում է, որ Հեղուշը Արտոյին նվիրված սիրում է:
Սահակն ասաց՝ անհամացաք պրծա՞ք, Սահակը Մխիթարին ասաց՝ գնացեք մի քիչ ման եկեք՝ մինչեւ: Մխիթարն ու Արտոն գնացին կալատեղերը, որտեղ գյուղի տղաների խաղալու վայրն էր:
Մխիթարը ցանկանում էր ինչ-որ բան հարցնել, Արտոն ասաց.
- Վատ երազ եմ տեսել, երազ տեսա՝ վերցրի եկա, գործը չի փախչի:
- Այդ ի՞նչ գործ էր, որ կարեւոր էր, հետո էլ կարեւոր չդարձավ:
- Վաղը դիսերտացիայիս պաշտպանությունն է:
Մխիթարը ցանկացավ բառեր գտնի իր զարմանքն արտահայտելու համար, չգտավ, լռեց: Հեղուշը մոտեցավ նրանց, ասաց՝ չե՞մ խանգարում, գրկեց ամուսնու ուսը ու այդ րոպեին Մխիթարը անկեղծ նախանձեց ընկերոջը:
- Նայիր ինչ ստորություն է,- Արտոն առաջ մղվեց ու ձեռքը մեկնեց Բինաձորի կողմը,- ո՞վ է ասել այսպիսի դաժան գեղեցկություն ստեղծվեր: Գնում ենք անտեր եղած քաղաք ու մոռանում ամեն ինչ՝ վազիր գործի, վազիր խանութ, վազիր, վազիր, վազիր, ժամանակ չի մնում, որ մարդ ինքն իրեն տեսնի ու զգա:
Իսկ մայրամուտի շողերն ամպերի տակից շեղ խփում են Ասրունց զանգվածներին ու այնտեղից ոսկու փոշի մաղում ձորի վրա: Փոշին դառնում է շառափին տվող հսկա սյուներ: Նախաստեղծ այս գեղեցկությունը կլանեց նրանց, եւ երկար ժամանակ ոչ մեկը չէր փորձում փարատել տեսիլքը: Զարմանալի խաղաղություն էր իջել բնության վրա: Կարծես ամեն ինչ հանդարտվել է, Վարարակնի ջրերը Բինաձորի կապից հանդարտ թափվում են ձորը, քամին շոյում է սեզ ու խոտ, նախիրը, որ իջնում է Խաշարխութի մատներից, չի հորդում, լողում է իրիկնամուտի շողերի մեջ:
- Ինչո՞ւ են մայրերը կարոտում իրենց որդիներին:
- Եթե մայրերը չկարոտեն իրենց որդիներին, որդիները կմոռանան իրենց մայրերին,- Արտոն նայեց Հեղուշին ու ժպտաց.- Գուցե ես սխալվո՞ւմ եմ:
Հեղուշը լուռ սեղմվեց ամուսնուն:
- Մենք միշտ էլ ժամանակ չենք ունենում մեր սերն ասելու մեր հարազատներին: Դա մենք ուշացած ենք հասկանում, երբ այլեւս չկա նա, ում պիտի ասվեն մեր սիրո ու կարոտի խոսքերը:




ԾԱՂՐԱՏԵՂ 

 Գյուղում դասատվին ասում են ընկեր: Ընկեր Անաստասը նախագահի բաժակաճառի արանքը մի պուճուր ճղում է ու թեքվում Սոկրատի կողմը: Սոկրատը ընկեր Անաստասի հարցը լուրջ է ընդունում ու լուրջ պատասխանում է: Ագրոնոմ Երվանդը ձեռքը դնում է բերանին, որ ծիծաղը խափանի, բայց մարմնի լխլխոցի վրա նախագահը ուշադրություն է դարձնում:
- Խնդրում ե՜մ ժողովրդական սեղանը չխանգարել,- չեզոք ասում է նախագահը եւ նայում Սոկրատին: Եթե ճիշտը վերցնենք, նախագահը պետք է նայեր ընկեր Անաստասին ու Երվանդին:
Ընկեր Անաստասն ու Երվանդը Սոկրատի բերանից խլում են անմեղ ասված խոսքն ու մասանորի անում: Իբր թե ընկեր Անաստասը Սոկրատին հարցրած լինի, թե Սոկրատի սիրտը ամենից շատ ինչ է ուզում, ու Սոկրատն էլ իբր թե ասած լինի՝ աշխարքիս տակ երկու բան է ուզում՝ մեկ որ երկիր-խաղաղություն լինի ու մեկ էլ, որ նախագահն իրավունք տա՝ որտեղից ուզենա կովի համար խոտ հարի:
- Ձեր կովն էլ ուտող է, էէ՜…- ծոր է տալիս ընկեր Անաստասը ու նրա ծոր տալն այնքան է երկարում, որ կարող է կոլխոզի դեզի շուրջը երկու անգամ պատ տալ:
- Ընկեր Անաստաս, էդ մեկը ճիշտ ես ասում, մեր կովը ձեր Չատունց ցեղից ռեխավեր է:
Ընկեր Անաստասը Սոկրատի կծոցը զանց անելու համար խոսքն ուղղում է Երվանդին.
- Ինչ կասես, մասնագետ մարդ ես, Սոկրատի կովին կոլխոզի մի դեզը կամ հերիք անի, կամ չանի:
- Մի կերպ,- համաձայնում է Երվանդը:
- Նախագահի խերը չտեսնեմ, թե էդտեղ սուտ կա:
Էդ մի խոսքը՝ չէ, Սոկրատը չի ասել, մի արյուն են՝ նախագահի մայրը Սոկրատին մորաքույր է գալիս՝ մի երկու տուն էն կողմը: Դա Երվանդի սարքածն է, ինքն ասել է ընկեր Անաստասի մասին:
Ընկեր Անաստասն ամեն անգամ ցանկանում է Սոկրատի հետ չբացատրված մի որեւէ խնդիր պարզել, եւ անհասկացող հարարեցիք անկարգ-անվայել քռքռում են. կոլխոզի ընդհանուր ժողովը խանգարվում է։ Մարտի ութի առթիվ գրադարանավարուհի Երուշայի զեկուցումը շարունակում է ընկեր Վարյան, Ստեփանակերտից եկած դերասանները Հարար գյուղում այլեւս տխուր թատրոն չեն տալիս, որովհետեւ տխուր թատրոնի վերջը դառնում է շախկարա ու շախկարա անողներն էլ հարարեցի անհամանչներն են: Իսկ ընկեր Շամիրն իզուր է խռոված գնացել տուն, կողքին ով եղել է՝ կարող է հաստատել. ընկեր Շամիրը կարող էր կռվի մասին իր հուշերը պատմել եւ արդեն սկսել էր, բայց Սոկրատը ընդամենը ցանկացել էր իմանալ, թե ընկեր Շամիրը քանի օրդեն ու մեդալ է ստացել:
- Կռվից հետո, թե կռվի ժամանակ,- կոնկրետացրել է ընկեր Անաստասը, իսկ Երվանդն էլ, Սոկրատն ի՞նչ իմանար, որ Երվանդը էն կողմից պիտի ասեր.
- Ետեւից կարողացել են հասնե՞լ, որ մեդալ տան:
- Հա՜-հա՜-հա՜,- քռքռացել են, ուրախացել, իսկ հանդապահ Անդոնը կրակին նավթ է լցրել.
- Ընկեր Շամիր, Երվանդի ասածին բանի տեղ մի դիր, ինչքան շուտ սկսես, էնքան շուտ էլ վերջացնելու ես:
Ընկեր Շամիրը իզուր է կարծում, թե ձեռ են առնում: Հարարեցու բնավորությունը նոր ե՞ս իմանում, տաս տարի առաջ Հոնուտից եկել ես մեր գյուղը դասատու, արդեն սովորել ես, պիտի որ սովորած լինես հարարեցու լեզվահաչին բանի տեղ մի դիր, մեր բերանները ճղածներին, խոսքը ասում ես, քամին տանում է, էդտեղ ինչ կա, որ Ալվարդը կամ Սոկրատը ասում է, թե հոնուտեցիք մեր ջրաղացներում էին ալյուր անում։ Ասում են՝ թող ասեն։ Բայց ո՞ւմ ես ասում, ընկեր Շամիրը խռոված գնում է տուն: Մեկն էլ ասի՝ ընկեր Շամիր, դա էլ Ալվարդի աշխարհագրությունից «մի կերպ երեքը» չի, կարծես Ալվարդը Կոլումբոսն է դառնալու: Որ երեք նշանակեցիր՝ Ալվարդը չընդունվե՞ց ուսումնարան, ընդունվեց, էս քանի օրն էլ ավարտում է, արդեն համարյա ավարտել է, բուժքույր է:
Վանեսանց ցեղից պտկածը նախագահ դառնալուց հետո Երվանդին բարձրացրել է նախագահություն, ընկեր Անաստասին նստեցրել առաջին շարքում, Սոկրատին տարել ամենավերջը: Դասատու ժամանակից սովորած բան: Իրարից զատել է, որ միջոցառումը չդառնա ծաղրատեղ:
... Խոզ են մորթել: Վերի հանդի խոտը չի հարվում, տեղանքը քարքարոտ է, շեգո սիզախոտը չի հարվում, գերանդին քաշում ես, բայց գերանդին չհարվող սիզախոտի վրայից անցնում է, ոնց որ դալլաք Ղեւոնդի սափրած երես: Վերի հանդի խոտը չի հարվում, մինչեւ խոզ չի մորթվում՝ չի հարվում: Վանեսանց ցեղից պտկածը նախագահ դառած առաջին տարում ցանկացել է անշաբաթօրյակ հարել տալ, բայց Վերի հանդի շեգո խոտը կհարվի՞, կհավաքվի-կդիզվի՞: Հարվեց՝ հա՜, դիզվեց՝ հա՜, անասունները լիացան՝ հա՜…
Շաբաթօրյակ է, խոզ են մորթել, ծխի վրա խմահատներից էլ եկել են: Նախագահը իզուր է աչք-ունք անում, եկողը գալու է, Հայրունց տղաներին Հարամի էլ ուղարկիր՝ ծխի վրա գալու են: Խոզի հերին տակովը չանեք, սա էլ մնացած բաները չի, կճղակներն էլ ենք ուտելու, հոնուտեցիք մի բան չեն, բայց նրանց գինին խմվում է՝ Ցուրտ աղբյուրի մոտ, Մեծ թեղու թանձր շուքի տակ: Մինչեւ էս օրը կազմակերպելը հազար անգամ բրիգադիր Մեխակի գլուխը տարել են՝ Վերի հանդի խոտը քոչում է, հետո հարել չի լինելու, քանի կարելի է՝ շաբաթօրյակ արեք: Բրիգադիր Մեխակը պատասխանից լուծփախ է տվել, ասել է՝ բրիգադիրի գործը ժողովուրդը հավաքելն է, հենե՜, գյուղը լիքը դաշնիկ, մենակ Հաջունց տանը երեք դաշնիկ կա, իմը ժողովուրդ հավաքելն է, նախագահը ասի՝ անեմ: Դաշնիկները՝ իրենց անկախության իրավունքով, ինչպես հավասարը հավասարի հետ խոսելու հաճույքը վայելելով ասում են. ասողն էլ Հաջունց Արտավազդն է.
- Արձակուրդս հիմա եմ վերցրել, որ Վերի հանդի շաբաթօրյակին մասնակցեմ,- Արտավազդը նկատելով նախագահի քմծիծաղը, բորբոքվում է.- Աչքս խոզի խորովածի վրա չի, մի անգամ եկ Բաքու, քեզ խոզի՝ չէ, ձկան խորոված տամ, ասետրինա, մի անգամ եկ Բաքու, քո գործը չէ, մի անգամ Բաքու եկած ժամանակ ինձ իմաց տուր, մնացածը քո գործը չի: Մենք էլ էս գյուղացի ենք, մենք էլ ենք ուզում մի բանով օգնած լինել: Շաբաթօրյակի հրաման տուր:
Արտավազդը ներսում վառվում է, որ նախագահն իր ասածներին չի հավատում, չի հասկանում, որ այդ շաբաթօրյակը իր անցած օրերից կարոտն առնելու հնարավորություն է: Թող չհավատա էլ, չհասկանա էլ, միայն շաբաթօրյակը լինի:
Խոզը մորթել են, սեղանի մի ծայրից մյուսը չի երեւում: Նախագահը կենացներ է ասում, ու ժողովուրդը աղմկելով, իրար չլսելով, ասելով-խանգարելով քեֆ է անում: Խոտը հարվում է, մարդիկ մի օրով միաբան են, իրար սիրում են, բանջարանոցը ջրելու հերթի համար կռիվ չկա, բրիգադիր Մեխակը աշխօրը ժամանակին գրանցում է, նախագահը հանդապահ Անդոնին չի ասել, որ հատուկ ագրոնոմ Երվանդի սագերը արտի մեջ բռնի, որ լեզուն կարճանա, պահեստապետ Զառիկն էլ պակասացում չունի, բոլորը արդար են, անմեղ են, հրաշալի են, ընկեր Անաստասն ու Սոկրատը խոսքով մրցում են, ու մարդիկ քը՜ռ հա քը՜ռ ծիծաղում են ու չեն թողնում, որ նախագահը իր կենացները հերթով ասի:
Վերի հանդի խոտը հարում են ու հարողներից մեկը Սոկրատն է: Հինգ համարի գերանդին դրել է ուսին ու գնացել շենամեջ, որ Մուքունց Լեւոնի, Սաքունց Գուրգենի, Բադասանց Բաշիրի՝ տասնմեկ համարի գերանդի բռնողների հետ Վերի հանդի խոտը հարի: Պիտի գնար Ստեփանակերտ, բայց անպիտան Մեխակը չթողեց, ես գործ չունեմ, ասաց, բաց թողնողն էլ է նախագահը, պահողն էլ: Ստեփանակերտ չգնալու պատճառն անսպասելի գտնվեց եւ որպեսզի իր գոհ մնալը չնկատվի, թոնթորաց:
- Դուք իրար կերեք՝ մենք տուժենք:
 Սոկրատը թոնթորաց, ու Անտիկն էլ խաբվե՞ց… Խաբվող է գտել՝ խաբում է՞:
- Գնա, թե չէ առանց քեզ Վերի հանդի խոտը մնալու է:
- Մեխակի երինջը գյուղխորհրդի գրքով դու ես անցըրել: Որ անցըրել ես՝ ես պիտի գնամ Վերի հանդ, Ստեփանակերտ գնացողն էլ դու ես լինելու:
Անտիկի լըկլըկոցը գալիս է.
- Հանկարծ Մուքունց Լեւոնի ոտքերը չտաշես:
- Տաշելու եմ, բայց քո լեզուն եմ տաշելու, որ մի քիչ բարակի ու մի քիչ էլ ծերից կտրելու եմ, որ կարճանա: Քո լեզուն կարճանա՝ իմ կյանքը երկարի:
- Իմի հաշվին:
- Մի խոսք կուլ չտաս՝ կխեղդվես:
- Որ խեղդվեմ՝ քեզնից կպրծնեմ:
Անտիկը Սոկրատի ականջների մսերը ուտում է: Ալվարդին նշանակում պիտի տան, պիտի գնա Գավրուշին խնդրի, որ Ալվարդին թողնեն Ստեփանակերտ:
- Գնա Արսենի ոտքերը ընկիր:
Արսենը Գավրուշին բաջանաղ է գալիս, բարձր պաշտոնի է, խոսքը անց է կենում: Երեկոյան մայրն ասաց.
Արսենը անի՝ ուտի, չանի՝ էլի ուտի: Արսենը երեխայիս ընդունել է տվել, թող հիմա էլ վրա կենա: Մի անգամ էլ թող գյուղացու երեխան ուրախանա:
Անտիկը կոտրած գթալ է՝ մեջ է ընկնում.
- Ոչխարը մորթի:
- Թող անի՝ հեշտ է:
- Անելը հեշտ է, մորթելը՝ դժվար:
- Ինչո՞ւ է դժվար:
- Որ արեց՝ դժվար է մորթվելու:
- Ինչ գիտես՝ դժվար է մորթվելու:
- Առաջին անգամ չի:
- Իսկ տուրդ տալը առաջին անգամ է՞:
 Սոկրատի մայրը չի դիմանում եւ միջամտում է.
- Մի անգամ իրար կերեք՝ պրծեք:
- Մենք մարդակեր չենք,- հարսը եռաց մեջը ու աչքերից ցայտող արտասուքները թաքցնելու համար իջավ բակ:
Գավրուշն ամեն անգամ երեսը սեւացնի, իսկ ախպերն էլ ընկեր Անաստասի հետ ակումբում թատրոն տա ու սրան նրան ծիծաղացնի։ Ծիծաղեն՝ քռքռան։ Ծաղկե՜ց Հայաստանը՝ Ալվարդը մնաց քաղաքում։
Ասում են՝ Չատունց Պավելի մեծը շուտ-շուտ հանրակացարան է գնում: Երեկ էլ կոոպերատիվի դռանը քոլամեջ խոսում էին, ուզում էր ձեռքի օճառ վերցնել, գործակատար Էլյան ասաց՝ չունեմ, բայց ստանալու եմ, Պավելի կին Սուրբիկն ասաց՝ ես ունեմ, կտամ, Վիտալիկը կբերի: Սուրբիկի էս խոսքի վրա էս ու էն փսփսացին: Վիտալիկը վատ տղա չի, տակն ու գլուխը լիքը, լռված: Բայց մայր է՝ անհանգստանում է, ով է իմանում աղջկա ճակատագիրը ինչպես կդասավորվի:
Գավրուշը իր խոսքը չի կոտրի, մոր պես,- Գավրուշը փոքր տղա էր, սիրուն փամփլիկ տղա երեխա էր, դնում էր տաշտում ու լողացնում։ Արսենն էլ Գավրուշի խոսքը չի կոտրի, կամ տաքսու վարորդը, կամ մի որեւէ տեղի դիրեկտոր՝ պատիվը բարձր:
- Ես երեսս սեւացնեմ, Սոկրատը գնա Վերի հանդի շաբաթօրյակին,- դառնացավ Անտիկը, բայց ներսում վճռել է՝ կեսօրվա ավտոբուսով պիտի գնա Ստեփանակերտ:
Մի ժամվա, երկու ժամվա հար է մնացել: Այսքանին Վերի հանդ կդիմանա՞: Մարդիկ հացի են նստել եւ ուրախանում են, խմածից երեսները հուրհրատին է տալիս, պատմում-ծիծաղում են: Ասում եք՝ Սոկրատը ինչ է ասե՞լ՝ խաղաղություն լինի ու մեկ էլ նախագահը թողնի հանդապահ Անդոնի նման կոլխոզի ղուրուղից խոտ հարի՞: Անդոնը ինչո՞ւ է հարում, հարածը քիչ է՞, հարած կոլխոզինը: Անդոնը քսան-քսանհինգ ոչխար ունի, ու Արուսը գյուղխորհրդի գրանցման գիրքը չի անցընում: Ո՞ր հարարեցին չի իմանում, որ Սեդա Գերասիմովնան սիրում է գառան խորովածը, Անդոնի ոչխարներն էլ Ղարաբաղի դմակավոր ոչխարներ են, միսը՝ համով, լավ: Արուսը՝ գյուղխորհրդի քարտուղարը, չի գրանցում հաշվառման գրքում, որովհետեւ գյուղխորհրդի նախագահը ասում է՝ գործ չունես:
Գնա Վանեսանց ցեղից պտկածին հավատացրու, որ էդ բոլորը ռեխները ճղած հարարեցիների հնարածն է, իր բերանից Սեդա Գերասիմովնա խոսքը դուրս չի եկել:
Վերի հանդի շաբաթօրյակը դարձավ գլխին եկած: Երեկոյան նախագահը կանչել է գրասենյակ ու շան լափը թափել գլխին: Վանեսանց ցեղից պտկածը նստել է իր տեղը ու ոտի վրա մնացած Սոկրատին օձի պես հմայել: Սոկրատը ճնճղուկ է՝ գյուրզա օձի բացված բերանի առաջ: Ճնճղուկի պես թպրտում է ու չի կարողանում թոթափվել:
Սոկրատը կուրծքը ճղում է.
- Ասողը շան որդի է:
Վանեսանց ցեղից պտկածը գլուխը հակել է սեղանին ու թողել, որ Սոկրատը թպրտա: Որպեսզի այլեւս լեզվին չտա: Ասողը շան որդի է, շան որդուց էլ շան որդի է, ես ձեզ համար գիշերը ցերեկ անեմ, աշխօրի արժեքը երկու անգամ ավելացնեմ, դուք էլ ռեխահաչ տաք: Նախագահն ինչ ասում է, Սոկրատը ասում է՝ հա: Դա ավելի է կատաղեցնում:
Հա, էլի, իրենք ձեռքները ծալած են, Խմահատների արտերը իրենք իրենց աճում են, կովերի կաթը ավելացել է ու գիտենք ինչպես է ավելացել՝ Տանձուն աղբյուրի հաշվին: Կաթը ավելացել է, բայց անցյալ տարվա աշխօրի յուղը դեռ չի բաժանվել. ինչ կա՝ կա, դու էլ սուս, մենք էլ սուս: Էդպես: Կաթը ջրապարան են անում, ասում՝ կաթ: Յուղապատառ արեք կերեք: Կուտեք՝ հա՜…
Իսկ Սոկրատի ծրագիրը տապալվում է: Եկող տարի թոշակի է անցնելու: Մեխակը դեմ չի, եթե նախագահը թույլ տա՝ Մեխակը Սոկրատին աշխօրում կպահի: Գավրուշը թող գնա Վանեսանց պտկածի հետ խոսի: Հարյուր քսանի վրա՝ թոշակի. Գավրուշը թող գնա խոսի, Սեդա Գերասիմովնային որտեղ ասես՝ չի տանում տաքսով էլ, իր սեփական մեքենայով էլ: Անփող, ձրի: Էդ բոլորը իր համար է, Վանեսանց ցեղից պտկածը թող հասկանա:
Ինչ մարդիկ են էս հարարեցիք: Թեկուզ ընկեր Անաստասը, կամ ագրոնոմ Երվանդը: Գյուղում կատուն մի ձեն է արձակում, Երվանդը նամակով հայտնում է Երեւանի ախպորը: Սա էլ «Ղարաբաղ» գազեթն է, իսկույն երեւաններով մեկ է անում. ինչքան հարարեցի կա Երեւանում, զանգում է ու Երվանդի նամակը գլխից տակ կարդում: Սոկրատը ասել է, Սոկրատը տեսել է…
Վանեսանց ցեղից պտկածը գլուխը բարձրացնում է սեղանից ու նրա ծանր հայացքի տակ Սոկրատի ադամախնձորը վեր ու վար է անում, ուզում է շաղիքը կուլ տալ՝ չի կարողանում:
- Դու ե՞րբ ես մեր տանը եղել, որ ես էլ Սեդա Գերասիմովնա ասելու տեղակ Զառիկ եմ ասել: Գուցե ուրիշ անուն եմ տվել:
 Նազի՝ ինչ որ ասեք՝ սազի: Ով ինչ ասի՝ դրեք Սոկրատի վրա: Ասողին էլ, լսողին էլ, ինձ վրա դնողին էլ, ի՞նչ ես ուզում ինձանից, անդանակ մորթելու ե՞ս: Սոկրատը նախագահի մոտից դուրս եկավ՝ ոնց որ ջրում թխսաթափ արած հավ: Թոշակի հարցը մեռավ, ու Սոկրատը հասկացավ, որ Գավրուշն էլ չի կարող օգնել:


*  *  *

Պատահարը զույգ է լինում: Վերջին դեպքը գյուղի բերանն ընկած ծամվում է: Արածը մնացել է մի կողմ, ասածն է ասվում ու կրկնվում:
Բադունց թումբի արտերը էս տարի լավ չեն աճել: Ցորենը կտրել է, վարսակն է աճել: Վարսակն ու սիզախոտը արտի մի կալատեղ լավ աճել են, ու Բինաձորից տուն գալու ճանապարհին Սոկրատը քանի անգամ թեքվել է Բաղունց թումբի կողմը, բայց վերջին պահին էշի գլուխը շուռ տվել դեպի գյուղ: Սատանան թարս է լինում ու ճիշտ է, որ պատահարը զույգ է լինում: Բայց ասեք տեսնեմ՝ Սոկրատը վա՞տ է արել, որ վարսակը սիզախոտի հետ հարել է, որպեսզի հնձելու ժամանակ ցորենը վարսակով վարակված չլինի: Արդեն մութը կոխել էր, որ էշը խոտով բեռնած դուրս եկավ արտից: Մեկ էլ ետեւից մեկը թե՝
- Բարիգուն:
Դու նախագահ ե՞ս, թե՞ օբեխես: Ու Սոկրատը մտքում հայհոյեց՝ քո օբեխես նախագահիդ… Բարիգունին ի՞նչ պիտի պատասխանես՝ բարիգունին բարիգուն պիտի ասես, բայց անպիտանը Սոկրատին նորից հմայել է, ու Սոկրատը հայոց լեզուն իսպառ մոռացել է:
- Անասունը մեղք չի՞, էդքան որ քեզ բեռնեմ, ասենք էշը դու ես՝ քեզ են էդքանը բեռնել, ոնց ես գյուղ հասնելու՝ կալերը, որտեղ կոլխոզի դեզերն են:
Ասա, ասա՝ վայելիր, Սոկրատի լեզուն խզատակով քաշել ես դուրս, նա էշի էն կտիտը կուտի, բայց ծպտուն չի հանի: Մթան մեջ Սոկրատը զգում է, թե նախագահի աչքերը ոնց են պտտվում: Էս ո՞նց եղավ, որ մեքենայի ձայնը չլսեց: Երեւի գերանդու ձայնը խլացրել էր: Իսկ նախագահի ձայնն անուշ է ու լավ ծորում է.
- Կոլխոզի խոտը կոլխոզի համար հարել ես՝ վա՞տ ես արել: Բայց արտը կոխ ես տվել՝ մեկ տույժ, գողություն ես արել՝ երկու տույժ, պարանդ տալու ենք պահեստին՝ վնասի մի մասը, տուգանքը տալու ես՝ վնասի մյուս մասն ես մարում ու մի քիչ էլ օգուտ է մնում:
Դերասան է, անկոչում դերասան է: Ինչո՞ւ են մարդուն բերել նախագահ, էդ շնորհքը ափսոս չի՞: Նախագահ են բերել ու հարարեցունց կրակի մեջ գցել: Հարարեցիք, ճիշտը որ ասենք, ամեն ինչից ունեն, բացի դերասանից: Մինչեւ անգամ Վորոնեժում գործարանի դիրեկտոր ունեն: Երեւանում բժիշկ ու գիտնական, Բաքվում ապրում է Սաքունց Անդոնը, որ «Փառքի» երեք աստիճանի մեդալ ունի: Արի, քեզ դերասան շինենք: Արի եկ համաձայնվիր՝ քեզ դերասան շինենք: Կխնդրենք կոչում էլ կտան՝ ելույթ կունենա վաստակավոր… Վանեսանց ցեղից պտկած անհաջողը:
- Արտը քաղհանել եմ, որ բերքդ մաքուր լինի: Վատ է՞… Ցորեն եք ցանում, բայց վարսակ է բուսնում: Մեղավորը Սոկրատն է՞, թե՞ ագրոնոմ-բրիգադիր-նախագահդ:
- Արտը քաղհանելու համար՝ քեզ աշխօր, Մեխակին կասես, հանկարծ կարող է ես մոռանամ: Մեխակին ասա՝ աշխօրդ գրի, որ հարյուր քսանի վրա թոշակի անցնես: Կարծեմ՝ քո թոշակի անցնելու ժամանակդ է: Բա՜, դու արտերը քաղհանիր, Բինաձորի բանջարանոցը առանց քաղհանելու էլ բերք է տալու՝ շը՜ռռ…
- Մեխակի ականջի մսերը կերել եմ, մարդ չի ուղարկում, քեզ քիչ եմ ասե՞լ:
Նախագահը Սոկրատի վերջին խոսքը ականջի ետեւն է գցում:
- Էշը վերտալյոտ է, դու էլ վերտալյոտի վրա ուղիղ արտի մեջ վայրէջք ես արել: Արտը կոխ չես տվել, մի բեռ խոտի պատճառով երկու գին ցորեն չի փչացել: Սոկրատն էլ տուգանք չի տալու:
- Քոնը վատություն անելն է, վատություն եմ անում, քո խերը չտեսնեմ, թե լավություն չեմ անում:
Վերի հանդի իր խոսքը նախագահը իրեն է վերադարձնում: Սոկրատ, դե հիմա մատդ կծիր:
Իսկ նախագահի ձայնը ծորում է.
- Հիմա էշի բեռը պիտի քանդես, պարանը ծալես տաս ինձ, դու էլ հոգնած կլինես, ամբողջ օրը Բինաձորի լոբու մարգերը ջրել ես, վարունգի մարգերը սրսկել ես, որ շախկան չտանի, տոմատի մարգերին սնուցում ես տվել, որ բերքը շատ լինի, բոլորը արել ես, հիմա հոգնած ես, նստիր էշին՝ գնա տուն: Արուսին էլ ասա՝ հավ մորթի:
- Որ հավը եփվեց, քեզ կանչե՞մ: Որ քաղաք գնացած չլինես՝ կանչե՞մ: Քաղաքում ապրեմ, գյուղում աշխատեմ՝ կանչե՞մ:
Նախագահը վարորդին աչքով հասկացրեց, որ քանդի էշի բեռը: Վարորդը, որ մի կողմ կանգնած վայելում էր տեսարանը, մոտեցավ էշին, բեռը քանդեց, պարանը կանոնավոր ծալեց ու նայեց նախագահին:
- Գցիր մեքենան:
Վարորդը պարանն դրեց մեքենայում ու նստեց ղեկի մոտ:
Այս ամբողջ ժամանակ Սոկրատը լուռ ու մի կողմ կանգնած, նայում է մեկ նախագահին, մեկ վարորդին: Նախագահը նստեց մեքենան ու կարգադրեց վարորդին շարժվել:
- Պարանը արշեն ունես,- ասաց Սոկրատը,- կոոպերատիվից էլ մի օճառ կվերցնես: Պարանը լա՜վ կօճառես, չխնայես՝ լա՜վ օճառիր, որ հեշտ լինի կախվելդ: Որպեսզի մենք քեզանից պրծնենք, դու էլ մեզանից:
- Մեքենան գործի գցիր,- ու նախագահը թշշաց վարորդի վրա:
 Սոկրատի խոսքը ծամուն է դառել ու հարարեցիք ծամում են:
Սոկրատի հարյուր քսանի վրա թոշակի անցնելու հույսի հետ:
Ալվարդի քաղաքում մնալը չստացվեց, գյուղում գեղմասվարի տեղը ազատվում է, բայց նախագահը Անդոնի աղջկան է նշանակում:
Գավրուշը իր մեքենայով եկել է ու փոքր ախպոր իրավունքով մեծ ախպորը խելք է սովորեցնում:
- Ոչխարներից մեկը բեր էս անգամ մորթիր:
- Նա ոչխար մորթող չի. Տե՜ս,- Արուսը տեգրոջը մատնացույց է անում Ալվարդին,- դիպլոմը կռնատակին եւ առանց գործի: Քո ախպերը ոչխար մորթող չի: Ոչխարը մորթեր՝ Ալվարդը հիմա քաղաքում աշխատում էր:
- Դա կապ չունի,- դիտողությունն իր հասցեին ընդունելով, կասեցրեց Գավրուշը:




ՀԱՐԵՎԱՆՆԵՐ

Հիմա Սիմոնն ի՞նչ անի: Գյուղը թողնի գնա՞: Գնա՝ ո՞ւր գնա Հարյուր տարվա գյուղացի մարդ. տուն-տեղ ունի, կին-երեխա: Լավ բանջարանոց ունի: Ռեհան է աճում՝ հենց տանես ցուցահանդես: Մարդը կով է պահում, խոզ է պահում: Էշ ունի: Խելոք է, բայց Աբել չի, խորամանկ չի ու դավաճան չի:
Գյուղի մի քանի Աբել հոգին կերան, աշխարհի եղած-չեղածը դնում են վրան, թե իբր Սիմոնն այսինչ խոսքն ասաց, այսինչ բանն արեց: Լուն ուղտ են դարձնում, բեռնում աքլորին: Դրանց ձեռից մարդն ո՞ւր գնա: Վայ է՝ քաղաքից մեկն եկավ: Ծանոթ-անծանոթ չեն հարցնուն, նստեցնում են ու Սիմոնի վրա մոգնած պատմություններ կապում:
Մուխանի Զավենը քաղաքի եղբորից նամակ է ստացել: Հարցնում է՝ ճիշտը ոչխա՞րն է, թե՞ էշը: Քեզ ի՞նչ՝ ոչխար է, թե էշ: Գործ ու ցավ չունե՞ս, աները քո՞նն է, թե Աբելի՞նը:
Մարդը մոլորվել է անմեղ խոսքերի մեջ ու այդ խոսքերից պրծնել չկա:
Հուլիսին էր, թե հունիսին: Վայ թե՝ օգոստոսի կեսերին էր: Իրիկնադեմին գնաց մարգերը ջրելու: Ջուրը կապեց մարգերին, իսկ ինքը մտավ Աբելի լոբուտը: Ոնց էլ լավ աճել է, մտածեց: Մտել էր հենց այնպես, իրենի հետ համեմատելու համար: Աբելի բանջարանոցին բանջարանոց չի հասնի: Ռեհանի ու սոխի մարգերը՝ ոնց որ սանրած: Լոբուտն էլ մթնել է, վրաններ կապել: Իսկ ուսով գցած տոպրակը (թե ով է անտերը գցել ուսովը), հա՜, կողը քերում է: Ուզում է բանջարանոցից դուրս գալ, բայց տոպրակը քերում է կողը: Դե, ասել եմ, մտածեց ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռքը գնաց փունջ-փունջ կախված լոբուն: Տոպրակն այլևս կողը չէր քերում:
Լոբուտը ջրեց, մի քիչ խոտ հնձեց, խոտը հակեր արեց, ինքը դարձավ մեջնուրդ և էշի գլուխը շուռ տվեց դեպի գյուղ: Աշխօրն արել է՝ մեկ, կովի համար խոտ է տանում՝ երկու, գող Աբելի պատասխանը տվեց՝ երեք, կինը մի ժամ երեսին չի խոսի՝ չորս-հինգ:
Խաչաղբյուրի մոտ հանդիպեց Աբելին: Ուզում էր «բարի օր» ասել ու ճամփան շարունակել, բայց մեկը լեզվից քաշեց.
- Էս ժամաժենքին ո՞ւր ես գնում,- հարցրեց:
- Ոչխարը հանդից չի եկել, հո չե՞ս տեսել:
Չհարցներ, այս պատմությունը չէր ստացվի, բայց լեզուն քոր էր գալիս:
- Ձեր ոչխա՞րը,- ասաց,- իսկ մի ուրիշ միտք խտուտ տվեց: - Այ տղա, ոչխար ասացիր, հիշեցի, ասում են՝ քո աներ Սարուն ծառից ընկել ոտը ջարդել է, ճի՞շտ է:
Ինքն էր ու Աբելը: Թե միամիտ այս խոսքը ինչպես հասավ գյուղ, հայտնի չէ: Հիմի գյուղը տալիս, ծիծաղում է: Ու բոլորից շատ Աբելը: Տվին պատմեցին, պատմեցին քռքռացին, ոչխարը դարձավ էշ, գույնն էլ բոզ...
Մյուս պատմությունների նման այս մեկն էլ գյուղի բերանն ընկավ, և Վիտալիկը նորից պոչի վրա կանգնեց.
- Գնում եմ քաղաք:
- Էլի գլխիդ որդերը շարժվեցի՞ն,- և Աղունիկը աչքերը ոլորեց ամուսնու վրա:
Մի տարի գլուխը տանում է՝ գնում եմ, հա՜, գնում եմ: Հարցնող լինի՝ քաղաքում ո՞վ ունես, թե՞ կռնատակիդ դիպլոմն է անտեղի փչանում: Արհեստ չունես, կըրթդ թերի, քեռի-բարեկամ չկա, հույսդ ո՞ւմ վրա ես դրել: Մարդու տղան քաղաք է գնում, ինչ է, ինչ է՝ Աբելը իր Հերսիկ աղջկան Վիտալիկին չի տալիս: Թող Հերսիկին մինիստրի տա, աշխարհը մորեխը չի կերել: Անունն էլ հարևան է:
- Գյուղում մնացող չեմ,- կարճ կտրում է տղան ու՝ հացը թերատ, տեղից ելնում:
Իր հերթին Սիմոնն էլ ափսեն հրեց մի կողմ, ախորժակը կորավ: Աբելը կյանքը կերավ, հիմա էլ Վիտալիկի հերթն է եկել: Ոչ բարով հարևաններ են: Հենց օգնելու հաշիվ է բացվում, Սիմոնը դառնում է ազիզ եղբայր, խոսքեր է ասում՝ մեղրի ծոր: Ու մեղր խոսքերով փլված գոմի գերաններն է փոխել տալիս, տավար պահելու հերթը իր գլխին կապում, իսկ երբ խոտը հանդից տուն է բերում, Սիմոնին ձեռք է տալիս:
- Սիմոն, մի էնպես դեզ սարքիր, որ բրիգադիր Մեխակը նախանձից տրաքի:
Ու այդպես մարդը խաբվում է ամբողջ կյանքում: Հարևանդ վատ է՝ տունդ փոխիր, կինդ անհավատարիմ է... Աղունիկը աքերը նորից է ոլորում, և Սիմոնը խոսքը թողնում է կիսատ:
Ծուռ նստենք՝ արդար դատենք, Աբելի հետ հարևանություն անել կլինի՞. Վիտալիկը բանակից առաջին անգամ նամակ էր ուղարկել: Ուրախացավ, աշխարհը դարձավ իրենը: Աղունիկին ասաց՝ հավ մորթիր, իսկ ինքը ձեն տվեց Աբելին.
- Մի շուտ արի մեր տուն:
Նստեցին, կերան-խմեցին, զրույց բացին ու գիշերը երկարեց: Նանը թախտին ննջում էր: Մեկ էլ աչքերը բացեց, թե.
- Հենց հիմա Վիտալիկին տեսա: Հասակ էր գցել, բեղ թողել: Ինձ առել էր գիրկը ու պաչում էր, հարցնում բոլորից:
- Ինձնի՞ց էլ,- ու Սիմոնը երանությամբ նայեց մորը:
- Իջել էիր գոմը, չերևացիր, որ հարցնեի:
Սիմոնն անկեղծ ջղայնացավ.
- Չէիր կարո՞ղ կանչել, ես էլ հետը խոսեի:
Աբելը փռթկացրեց, բայց ոչինչ չասաց: Հաջորդ օրը գյուղամիջում մարդկանց հավաքեց գլուխը, թե չեք ասի, Սիմոնը մոր հետ խռով է: Մարդիկ անկեղծ զարմացան՝ Սիմոնը մորից խռովի՞: Չի կարող, չհավատալու բան է:
- Մինա ազին երազում Վիտալիկին տեսել էր: Սիմոնն էլ խիստ ջղայնացել է, թե ինչու մայրը իրեն չի արթնացրել, որ Վիտալիկին ինքն էլ տեսնի: Ու խռովել է մորից:
Այդքան էլ սո՞ւտ: Ոնց էլ կարողանում է հնարել:
Աբելը մա՞րդ է, որ հետը հարևանություն անի:
Մի քանի օր անց Սիմոնը վարչությանը դիմում է ներկայացնում, որ իրեն հողամաս տան նոր տուն կառուցելու: Նախագահը սիրով համաձայնում է. լավ կոլտնտեսականի համար չեմ խնայի: Որտեղ դժվար է՝ Սիմոնին ուղարկիր, գլուխը կախ կանի, բայց հիմնավոր, տեղը տեղին: Աբելը իմանում է նոր տան պատմությունը և խիստ տխրում, առանց Սիմոնի ո՜նց կլինի: Առավոտը վեր է կենում ու ձայն տալիս.
- Սիմոն, բարի լույս:
- Բարի լույս, խորամանկ Մուքի,- պատասխանում է Սիմոնը: Իսկ եթե տրամադրությունը տեղին է լինում, հրավիրում է մի-մի թաս օղի խմելու:
Աբելն իսկականից տխրեց: Միասին մեծացել են, փտելով աղ ու հաց կերել, կարիքի դեպքում իրար օգնել: 42-ին Սիմոնին տարել էին ռազմաճակատ, իսկ ինքը մնացել էր թիկունքում՝ մորից նվաղ էր ծնվել: Եվ օգնում էր, ինչով էլ կարող էր: Կամ Սիմոնը քի՞չ է օգնել իրեն, տնամերձը փխրեցրել ու անտառից փայտ էր բերել, աղունը ջրաղաց տարել և ով է իմանում էլ ինչ:
Հիմա Սիմոնը մի անմեղ կատակի համար հարյուր տարվա աղ ու հացը ուզում է ջուրը թափել: Աբելը չի պատկերացնում առանց Սիմոնի հարևանությամբ: Այդ ինչպե՞ս կլինի: Չէ, պետք է հետը լուրջ խոսել, որոշեց նա, պետք է հասկացնել, որ անմիտ գործ է բռնում:
Երեկոյան գնաց նրանց տուն:
- Բարի իրիկուն:
Մինա ազին տանը չէր, Աղունը իջավ բակ՝ իբր թե գործ ունի: Սիմոնը բերանը ջուր առավ: Աբելը առանց հրավերի աթոռը քաշեց տակը:
- Ասում են, ուզում ես նոր տուն կառուցել:
- Ուզում եմ, ես ումի՞ց եմ պակաս:
- Պակաս չես, բայց...
- Էլ ի՞նչ բայց:
Սիմոնին խոսք հասկացնել կլինի՞: Աբելը ինչքան խնդրեց, հորդորեց, որ հրաժարվի հիմար մտքից, բայց՝ չէ ու չէ: Աբելը հազար պատճառ բերեց. տուն կառուցելը ձվածեղ ուտել չէ, ահագին փող է պետք: Փող էլ լինի, շինանյութը դժվար է ձեռք բերել: Սակայն ո՞ւմ ես ասում, էն ժեռ քարին կհամոզես, Սիմոնին՝ չէ:
- Պիտի կառուցեմ:
- Ուրեմն դու մարդ չես, մարդ ես, բայց անխիղճ մարդ ես, մի կարգին էլ հարևան չես:
- Վատ եմ, դրա համար էլ գնում եմ,- մռայլ պատասխանեց Սիմոնը:
- Վատ ես ու շատ վատ ես: Քո տունը ումնի՞ց է պակաս: Նեղվածք է, կից սենյակ կառուցիր:
- Ինձ նոր տուն է պետք: Վիտալիկը գնում է սեզոն,- Սիմոնը բավականություն զգաց հարմար գտած ստից,- փոքրն էլ բանակում է, որ գանք, նոր տունը կառուցած կլինի: Կամուսնացնեմ, ու կապրենք մենք մեզ համար: Լավ էլ հարևաններ կունենամ:
Աբելը մտքում եռաց, և ինչքան ներսում եռաց, այնքան խեղճացավ, Աբելը ինչքան խեղճացավ, Սիմոնի միտքն այնքան լուսավորվեց: Տնեցիները հավաքվեցին ու Աբելին առան շրջապատման մեջ: Սիմոնը ուղիղ նայեց Աբելի աչքերին ու կտրուկ ասաց.
- Ուզո՞ւմ ես հարևան մնանք, Հերսիկին տուր Վիտալիկին:
Մինա Ազին սպասողական նայեց Աբելին: Աղունը շունչը պահեց: Վիտալիկի աչքերը շողացին:
- Աղջի, գնա արաղ բեր, բաժակներ բեր,- կարգադրեց Մինա ազին:
Հարսը իրեն նետեց ներքնատուն:
- Թող շնորհավոր լինի,- ու Մինա ազին հարմար տեղավորվեց թախտին:
Աբելը ինքն էլ չիմացավ, թե ինչպես օղու բաժակն առավ ձեռքը, ինչպես խփեց Սիմոնի բաժակին ու մի կումով խմեց...




ԳՈՏԿԱՑԱՎԵՐ

Անձրեւը լավ ծծեց: Հիմա ցեխ է հունցվում: Տանձուն աղբյուրի դիքը քարես-չքարես մեկ է, անձրեւ եկավ՝ նույն ցեխն է: - Որ գյուղից գնամ՝ իմացեք ցեխի համար է,- ինքն իր հետ խոսելով, անձրեւաջրի լճակների միջով ձեւավոր քայլելով Մարտիկը գնում էր խոզի ֆերմա: Նախագահն ասել էր՝ առավոտ շուտ լինես ֆերմայում: Մեխակն էլ ասել էր, որ առավոտյան անցնեմ իրենց: Առավոտյան արթնացավ՝ արդեն 8-ն անց էր, էլ չգնաց աներոջ տուն: Աշխենը երեւի մի սրտուզելիք է պատրաստել, եւ իրեն են սպասում: Զոքանչ Աշխենը լավ կին է, բայց սիրում է քարոզ կարդալ, որ սկսեց՝ էլ պրծնել չկա: Գնար՝ նախագահը կերածը հարամ էր անելու, ավելի լավ է նրա հետ պրծնեմ հետո գնամ: Ու ցեխ հունցելով Մարտիկը գնում է խոզի ֆերմա:
Դիմացից երեւաց նախագահի «գազիկը»: Մարտիկը հասկացավ, որ նախագահը ֆերմայից է գալիս: Նա քայլերն արագացրեց:
Քիչ անց մեքենան կանգ առավ Մարտիկի մոտ: Նախագահի տրամադրությունը անսպասելի բարձր էր: Երեւի Սեդա Գերասիմովնան նախագահիս առավոտյան խաշ է տվել, մտածեց Մարտիկը ու մոտեցավ նախագահին:
- Ես քաղաքից հասել եմ ֆերմա, դու դեռ տանը,- ասաց նա ու թեթեւակի խփեց Մարտիկի մեջքին:
- Ես մինչեւ՝ մեկ-երկու, մեկ-երկու, դուք՝ դը՜ռռ՝ հասնում եք:
- Քո տարիքին երկու քոլի վրայից միանգամից էի ցատկում: Չես հավատո՞ւմ, գնա ֆերմայի վարիչ Համոյին հարցրու:
- Հավատալն էլ փողով չի, ուզում եք՝ հավատամ:
- Այդ մեկը որ հաստատ է՝ հիմիկվա ջահելները խոսքի տակ չեն մնում,- ասաց նախագահը եւ Մարտիկին ասաց.- Նստիր։
Նախագահը խմած ժամանակ լավ էլ ջրիկանում է: Մյուս դեպքերում հոնքերը դառնում են բոբրիկ վերարկուի օձիք՝ խոժոռ, կուտակ-կուտակ: Բոբրիկ վերարկուի մասին էլ Աշխենի հնարածն է, ապագա զոքանչուհիս: Մարտիկը իր հնարած բառի համար բեղի տակ խնդմնդաց:
Մեքենան, շրջադարձ անելով, վերադարձավ ֆերմա: Ճանապարհին նախագահը շարունակեց հարցուփորձ անել:
- Գործերը լա՞վ են:
- Ոչինչ:
- Լսել եմ Մեխակի աղջիկն ուզում ես, շնորհավորում եմ, Սիրունը լավ աղջիկ է, Մեխակն էլ մեր տնտեսության սյունն է:
Ես՝ ի՞նչ, այսօր այստեղ եմ, վաղը մեկ էլ տեսար՝ շոր-շիրթ կապեցի աքլորի մեջքին ու հայդա՝ քաղաք՝ մեր տուն: Ամեն առավոտ Սեդա Գերասիմովնան կես ժամ գլխիս, «հանուն հոր եւ որդու» է կարդում, չի ուզում, որ գամ գյուղս: Հարսանիքին կանչեք՝ կգամ, ուզենաք՝ թամադա էլ կլինեմ:
Մարտիկը ուզեց մի բան ասել, բայց ասելիք չգտավ: Առժամանակ լռություն տիրեց: Հետո, կարծես, իր միտքը շարունակելով նախագահն ասաց.
- Ապագան ջահելներինն է, կյանքի օրենք է: Պետք է նրանց վստահել, առաջ քաշել: Որպեսզի վաղը-մյուս օրը մեր տեղը նստեն,- նախագահը մի պահ դադար տվեց եւ ապա ավելացրեց.- Իհարկե, շտապել պետք չէ, շտապողի կինն աղջիկ է բերում, բայց դու, երեսիդ չեմ ասում, լավ ջահել ես երեւում, քեզ կարելի է առաջ քաշել:
Վարիչի սենյակում, սեղանի տակ, մոմլաթե սփռոցի վրա երեք խանձած գոճի էր դրված: Մարտիկը նայեց վարիչին, սա դեմքը շրջեց եւ իբր թե գործով՝ դուրս եկավ: Մնացին նախագահն ու Մարտիկը:
- Ցեխերը սկսվեցին,- մտահոգ ասաց նախագահը,- տղա ես պահեստամաս հասցրու: Գնում ես գյուղտեխնիկա՝ քթիդ խփում են ետ տալիս: Ինչ անես՝ կամ ձեռքի վրայից պիտի առնես, դա էլ թանկ ու կրակ է, կամ պետք է գյուղտեխնիկայի մարդկանց սիրտը շահես էսպիսի բաներով,- ու ցույց տվեց սեղանի տակ դրված գոճիները: - Հիմա դու կասես անօրեն է, ես էլ կասեմ, որ ճիշտ է՝ անօրեն է: Իսկ որ մեր երկու տրակտորը կանգնած են եւ աշնանացանը դեռ չենք ավարտե՞լ: Ի՞նչ է մնում՝ ուզես չուզես՝ էշը պիտի մատաղ անես: Դրանք էլ մատաղի համար են,- ու նորից ցույց տվեց գոճիները:
- Որտե՞ղ է,- հարցրեց Մարտիկը, ակնարկելով այն ակտը, որի տակ պիտի ստորագրի:
- Հիմա վարիչը կգա:
Նախագահը բարձրացավ տեղից, նորից թեթեւակի խփեց Մարտիկի մեջքին եւ Մարտիկին թվաց, որ նախագահը իրեն երեխայի տեղ է դնում: Դա նրան դուր չեկավ, բայց ոչինչ չխոսեց:
- Կյանքը բարդ է, բարեկամս,- նորից հոգոց քաշեց նա, սեղմեց Մարտիկի ձեռքը եւ դուրս գնալուց առաջ կրկին ասաց.- գոճիների սրտից ու լյարդից մի բան սարքեք, ժամանակ լինի՝ ես էլ կգամ:
Խանձած գոճիները դրեցին մեքենայի մեջ ու նախագահը գնաց: Ֆերմայի վարիչը դարակից հանեց հարկադիր մորթի մասին ակտը ու դրեց Մարտիկի առաջ: Վերջինս կարդաց եւ հարցական նայեց Համոյին: Համոն լուռ մոտեցավ վառարանին, մի քանի ջղանի փայտ գցեց վառարանը, ծոցագրպանից հանեց ինքնահոսը եւ դրեց ակտի կողքին: Մարտիկը ակտը չորս մաս արեց, մոտեցավ Համոյին ու խոթեց պիջակի դրսի կրծքի գրպանը, հետո ինքնահոսը մտցրեց այնտեղ: Համոն թղթի կտորները հանեց գրպանից ու հանգիստ լցրեց վառարանը:
- Խելք չունես:
- Քո ունեցած խելքից՝ չունեմ:
- Այդ գոճիներն այսօր գիտես որտե՞ղ են լինելու: Սեդա Գերասիմովնայի ծննդի սեղանին:
- Նախագահն ասաց, որ պահեստամասեր ձեռք բերելու համար են գոճիները:
- Տեսա՞ր, որ խելք չունես: Շատ-շատ՝ մի հատը տանի:
- Ես այդ ակտի տակ չեմ ստորագրի: Այնտեղ չորս գոճի է գրված:
- Ինչու նախագահին կարելի է, մեզ՝ ոչ: Նայիր քեզ՝ մինչեւ քթիդ ծերը ցեխ է: Քեզ ինչ, զոոտեխնիկ մարդ ես, հազարից մեկ ես գալիս, իսկ ես ամեն օր այստեղ եմ: Շանը քթից ջուր եմ խմում: Թե՞ մեր փորը կծակի, որ մարդա մի շախկա միս էլ մենք տանեինք մեր տները:
- Միեւնույն է, չեմ ստորագրի:
- Ավելի վատ քեզ համար:
- Վախեցնո՞ւմ ես:
- Չէ, զգուշացնում եմ: Նախագահը սիրում է կատակ անել, բայց չի սիրում, որ իր հետ կատակ են անում: Բռնած տեղից կենսատում է:
Այնուամենայնիվ, Մարտիկը չհավատաց Համոյին եւ որոշեց անպայման հանդիպել նախագահի հետ ու բացատրվել:


*  *  *

Երկու օր է աղու տանձ կծած: Պահեստապետ Զառիկը խնդրեց յուղի բիդոնը կշեռքին դնել, որ աբրան վերցնի: Բիդոնը քանի՞ կիլո կլինի՝ շատ-շատ երեք-չորս, բայց երեւի թույլ-թույլ վերցրեց, մեջքը անսպասելի ծկթեց ու մնաց կշեռքին գամված:
Առավոտյան նախագահի հետ բռնվեց եւ ամբողջ օրը՝ կեղտաբերան ու զզվելի՝ դարձել էր քոլի աղու տանձ: Աղու տանձ՝ մի անգամ էլ կծած՝ Մեխակը իր սրամիտ մտածածից եղավ գոհ։ Վանեսանց մեծերը շնաբերան դառնան, թե նախագահ ես՝ նախագահություն արա, բրիգադիր ես՝ բրիգադիրություն արա, որ մենք էլ մեր գործին կենանք, չլինենք ոտքի տակ ընկած քար: Որպեսզի դու էլ քացով չտաս հանես ճամփից: Ես կարգադրություն եմ անում, դու զանց ես անում, ես ասում եմ՝ Վերի հանդի խոտը պետք է բերել, դեզը վատ են դրել, դնողն էլ քո փեսա Թեւանն է եղել, որ կյանքում մի գործ մարդավարի չի արել եւ հիմա նրա պատճառով խոտն անձրեւի տակ կծղում է: Բայց ում ես ասում, իմ կարգադրությունը համարել է քամակի փուհ ու Շահենի «Բելոռուսը» ուղարկել է գոմաղբ կրելու: Մենք էլ արածում ենք ու բան չենք հասկանում, օրը ցերեկով հավկուր ենք ու չենք տեսնում. կեսօրին Շահենը բեռնած տրակտորը կանգնեցրեց իր տան մոտ, որ քո հարեւանն է՝ քո կարտոֆիլի ցանողն ու բուկլից անողը, մեկ անում է՝ երկու ուզում, Շահենը թաց տեղ պառկողը չի, շահ ունենա՝ օձը բնից էլ կհանի, իր շահի համար չէ՞ր, որ երեկ տանը կեսօր արեց ու դատարկված կցասայլը տրակտորի հետեւից կապած՝ դը՜ռռ հա դը՜ռռ վերադարձավ ֆերմա: Քո տնամերձի պարարտացման շահով կոլխոզի Խմահատն էլ պարարտացվեց, Շահենի տնամերձն էլ: Իսկ Վերի հանդի խոտն անձրեւի տակ կծղում է ու չես իմանում ում ասես, ում բողոքես. նախագահ է՝ ինքն է, բրիգադիր է՝ ինքն է, մինիստր է, գերագույն գլխավոր է, գեներալ Մադաթովի թոռն է,- Վանեսանց ցեղից պտկածը պակասը-պակասը կամ նախագահ պիտի լինի, կամ դիրեկտոր: Քո եկած ճանապարհը… քաղաքացի էիր դարձել՝ մնայիր քաղաքում ու քեզ համար դասատվություն անեիր, բայց չէ, քաղաքում ապրում է, գյուղում նախագահություն անում: Թե ճիշտ մարդ ես, ինչո՞ւ ընտանիքդ չես բերում գյուղ: Զագսի վարիչ Սեդա Գերասիմովնան գա գյուղ ի՞նչ անի, օդը՝ սուր, ամառը՝ փոշի, ձմեռը՝ ցեխ ու ձյուն: Տարեկան մի ծնունդ լինի, կամ չլինի, երկու տարին՝ մի հարսանիք, գյուղսովետի քարտուղար Արուսը պարապությունից բերանով ճանճ է բռնում: Ջահելներից աչքաբացը թե խոսքդ ետ է տալիս, հուշտ ես անում թռցնում, ջահե՞լ է մնացել, որ հարսանիք էլ լինի, ծնունդ էլ լինի:
Մեխակը՝ քաղցած ու անտրամադիր, աստիճանների գլխին կացավ, որ ռետինե սապոգները հանի, մեջքը բռնվեց: Քո եկած ճանապարհը… նորից հայհոյեց, մի պահ շունչ առավ ու Աշխենին ձայն տվեց: Կլինի՜ որ Աշխենը մի անգամ «հա» ասի: Մի խոսքը տաս անգամ պիտի ասես ու հետո գնաս ինքդ անես: Մեխակը աստիճանների վրա մնացել է անճարակ չոքած ու վախենում է մեջքից ուղղվել:
- Ախպեր, փեշս փեշիդ կարած չի, արի եկ վերջացնենք, ուրիշ բրիգադիր գտիր քեզ համար, ես իմ ճարը կտեսնեմ: Թող ուրիշը գա, ուրիշին վերցրու, հետո կտեսնենք, թե ով է փոշմանելու: Անիրա՛վ, հաճույք ես ստանո՞ւմ, որ իմ ասածները զանց ես անում, թե՞ իմ հեղինակության հետ ես խաղում: Արյունդ հարամ է, արյունդ հարամ է, ուզում ես իմ ձեռքով քո գործերը դասավորել: Ես քեզ համար ականջները թակած Իգնատը չեմ, որ քաշել ես թեւիդ տակ ու ուզածդ նրա հետ ես անում: Երկու էշի գարին չի կարողանում բաժին անել, ո՞նց ես նրան պաշտոն տվել: Փորացավդ գիտենք, մենք էլ ենք հաց ուտում, մենք էլ ենք բան հասկանում: Ֆերմայում ֆուրաժյոր է աշխատում, ամիսը քսանութ աշխօր, իրիկուններն էլ պահակ է: Բրիգադիրիս հավասար աշխօր է ստանում: Մարդուն զոռով կնկա ծոցից հանում են ու հետո էլ թե՝ Զառիկի ոտքը դուրս է…
Գոտկացավը նախագահից էլ շատ զահլա տարավ: Չգնա՞մ հիվանդանոցում մի շաբաթ պառկեմ: Կոլխոզին էլ, կոլխոզի տիրոջն էլ: Չգնա՞մ: Մսերս կերել՝ ոսկորիս է հասել: Կգնայի, խոտը տեղափոխված լիներ՝ կգնայի:
Աշխենը կովի տակից դուրս եկավ ու լիքը կթիչը ձեռքին բարձրացավ պատշգամբ: Աստիճանների վրա Մեխակը մնացել էր չոքած:
- Էս ռուսի խրտվիլակը որտեղի՞ց բուսավ:
- Թե ռուսի խրտվիլակը որտեղ ես տեսել,- թույլ մնչաց Մեխակը,- բռնի բարձրանամ՝ բերանդ չարչարելու տեղակ:
Աշխենը ցանկացավ օգնել, մեկ էլ մտածեց՝ հավը կթիչը պարան կտա, տանեմ ներս: Աշխենը մարդու վրա չարացած է, այսպես ուզեց պատիժ տալ: Թող իմանա, թե ո՞վ է բերանը չարչարում:
- Կթիչը տանեմ ներս՝ գամ,- ասաց ու բարձր խոսելով գնաց, ու ինչքան հեռացավ, այնքան ձայնը բարձրացրեց.- Ռուսի խրտվիլակ չեմ տեսել, հա՞, ասում ես: Ինչո՞ւ ես մոռացել քո հերանց տանից բերած կավիրկոտի կոստյումդ՝ քո քեռու նվիրածը, որ հինգ տարի հագնելուց հետո նվիրել է, որպեսզի մեր ամուսնության օրը հանդիսավոր հագնես: Աշխենը խելքը հացի հետ չի կերել, որ թույլ տա, որպեսզի էքսի օրը երեսով տան: Քեռուդ կավիրկոտի կոստյումը խրտվիլակ եմ շինել, կինոմեխանիկ Գավոյի հին շլյապան էլ դրել վրան: Դարձել է ռուսի խրտվիլակ: Քեզ համար էլ կոոպերատիվից մի հասարակ կոստյում եմ առել: Մոռացել ե՞ս: Փողն էլ մայրս էր տվել, որի ետեւից ուշքդ գնում է, հատուկ քեզ համար մորթված հավը ուտում ես, տեղը եկած տեղն էլ «նախշում»: Հին փողով երեք հարյուր յոթանասուն ռուբլի պարտք եմ վերցրել ու դու չես էլ իմացել, թե ոնց եմ պարտքը տվել: Կավիրկոտի չէր կոստյումդ, բայց ուրիշի հագած չէր: Ռուսի խրտվիլակը քո բոստանում եմ տեսել, Գյադուկի լոբոտների արանքում ուրիշի աչքին չերեւացող ռուսեթ մորու ածուների արանքում, սարքողն էլ ես եմ եղել, իմ ձեռքով եմ սարքել:
Մեխակը ուժ չուներ, Մեխակը եթե կարողանար տեղից բարձրանար, կնոջ բերանը կկարգավորեր: Քեռու կավիրկոտը հազար անգամ աչքն է կոխել, հազար անգամ էլ ծեծ կերել: Էլի լեզվին «թեթ» չի ասում:
Աշխենն ասաց՝ գալիս եմ ու մտավ տուն: Սիրունը մահճակալի վրա պառկել է ու գլուխը կոխել բարձի տակ, անբոց կրակին դրած գեճ փայտի նման թսթսում է: Դու քո մոր աղջիկն ե՞ս, որ գնաս Մարտիկի երեսը պլոկահան անես, որ իմանա, թե ում պատվի հետ է ուզում խաղ անել: Աշխենը ներսում եփ տվեց՝ եռաց, ցանկացավ մաղձը Սիրունի վրա թափել, որ սիրտը հովանա, որ արյունը հանդարտվի: Այդ րոպեին Աշխենը ավելի շատ աղջկա վրա էր ջղայնացած, քան ոչ բարով-խերով փեսացուի՝ Մարտիկի, որ իրենց խաղք ու խայտառակ արեց: Դրա եկած ճանապարհը ցաքվեր՝ չգար: Ո՞վ չի իմանում, որ հոնուտեցիք բանջարանոց մտած գոմեշ են, ամեն ինչ ոտի տակ են տալիս, միայն թե իրենց յավա ռեխը ման ածեն: Մի այնպիսի դրնդազ կապեմ քո քամակից, որ ձայնը այստեղից մինչեւ Հոնուտ հասնի: Ինքն իր մեջ եփ գալով՝ Աշխենը մոռացավ աստիճանների վրա անօգնական մնացած Մեխակին, որ հիմա իր յոթը պորտը խառնում է իրար: Թող ինչքան ուզում է հաչա, նրա ասած՝ քամուն տարած: Կարեւոր համարեց կաթը քամել, հետո լցրեց լայնշի լագանում, որ արժանը շատ ստացվի: Մարտիկը ուտի ու ռեխը ման ածի սրա-նրա դռներին: Խմի ու գիշերով գնա Զառիկին տեսության: Երկուսիդ գլուխը խոր խորեմ, որ սիրտս հովանա:
 - Վեր կաց, հերդ եկել է,- թշշաց Աշխենը,- գնա սապոգը հանի, մեջքը ծկթել է՝ չի կարողանում սապոգը հանել, մի ժամ է աստիճաններին չոքած, մեղք է, քո հերն է, գնա ձեռքից բռնի բեր, պուճուրացել է, դարձել է չորեքթաթ երեխա, միայն բերանի ուշունցն է մեծի, մնացածը երեխայի է: Վեր կաց՝ ասացի, թե չէ լացիդ սուտը ճիշտ կդառնա:
Աշխենը կամաց է ասում, թշշալով է ասում, որ Մեխակի ականջը չլսի, որ ինքն իր մեջ հանգստանա, որ փորի մեջ աղիքները չգալարվեն. արյունը սեւացել դարձել է Հայրունց Փառանձեմի ղազանը, որ երկու տարին մեկ հոնուտեցի կլայեկչի Մարդին է հարում-մաքրում: Բախտ է հարկավոր, Աստծո ձեռքը կոտրի, որ մեզ համար կոտրած է: Կիսլովոդսկից Փառանձեմի որ պորտի բարեկամը՝ տրեստի գլխավոր հաշվապահ, ոնց որ երկնքից ընկնի, եկել է Մանիկ աղջկան հարս տարել: Ասում են՝ տունը մատ տաս կտրաքի, տղան էլ ցեխավիկ է: Բոլորն են ասում, Կիսլովոդսկ գնացող է եղել: Մեր բաժինը տկլոր հոնուտեցին է, նա էլ ահա այս խաղը խաղաց գլխներիս: Անձողից էլ սեւ Մանիկին տարել են Կիսլովոդսկ, հիմա խանում-խաթուն ապրում է, իսկ մեր բաժին փեսան Մարտիկը պիտի լինի՞, որ գյուղում մեզ մատի փաթաթան է շինում: Հայրունց դռները որսկան շան պես հոտոտում էր, բեմից էլ ոտանավոր էր արտասանում՝ նվիրում եմ Մ-ին, այսինքն՝ Մանիկին՝ իբր սերը թաքուն է պահում, որ իմացող չլինի. մարդու տղան սիրահարված է, ոտանավոր է գրում ու բեմերից արտասանում: Երեկ աղբյուրի ջրից Փառանձեմը ակնարկ արեց՝ իբրեւ գովում է Մարտիկին, բայց ուզում էր ինձ հասկացնել տալ, որ մեզ հասած բաժինը իրենց չուզեցածն է: Մարտիկը լավ տղա է, ասում է, սիրուն էլ ոտանավորներ է գրում: Մեկը մեր տանը կար, հիշում ե՞ք, որ մի անգամ ակումբում արտասանեց: Մանիկս Կիսլովոդսկից գրեց, որ վառեմ: Գրիգորին շատ է սիրում երեխայիս, շատ-շատ: «Շատ է սիրում՝ շատ-շատ»: Գիտենք դրանց շատ-շատը: Մինչեւ ձեր խիզատակը բրդոտին տանելը տեսնես քանիսին է ձեռքի տակով անցկացրել: Գրիգորի էլ ասում է՝ կողքի մարդն իմանա կառավարիչ ու նախագահ է: Մի քանի կոշիկ կարող է հավաքել ու գործ բացել: Նրա նմանների վազ տալը մինչեւ մարագն է լինում: Դու ետեւը նայիր եւ շատ էլ թեւ-թեւ չանես: Աշխենը անձայն տնքաց, ներսը կտոր-կտոր եղավ: Ճաքեք-տրաքեք դուք, որ այդպես ճաքվում-տրաքվում եք:
Մարտիկ տղա, դու յուղապատառ երեխայիս թողել-գնացել ես Զառիկի նեղ տեղերն ես հոտոտո՞ւմ: Ես իմ հոր աղջիկը չլինեմ, թե երկուսիդ պորտը տեղը չդնեմ: Իգնատը՝ զրո, կամ Իգնատը, կամ աղոթած էշը: Նրանը՝ ակումբում ռեխը չարչարելն է:
Իգնատի Զառիկը ե՞րբ է սրտի քեֆին կպել, որտեղ լավ մարդ կա՝ իրենն է: Ինքը հյուրասեր է, քաղաքի նիստ ու կաց ունի, շաբաթօրյակին բաց ու փակ տեղերին օծանելիք է ցանում՝ հետո գնում խոտ եղանելու: Մարդու աղջիկը հյուրասեր է, շրջանից եկածին նախագահը նրա տունն է ուղարկում: Հյուրասեր ե՞ս, հյուրասեր չե՞ս: Կոնդ սկեսրոջդ տեր կանգնիր, չորս պատերի մեջ ղուղու է կանչում: Անառա՛կ, Մարտիկս քեզ երեխա կսազի: Աչքդ չկշտանա, որ չի կշտանում: Իգնատի նամուսն էլ էդտեղ տափը կոխեմ, մի անգամ չեղավ, որ կնկա կապը քաշի:
- Գնա, ասացի, հերդ չի կարողանում սապոգը հանել, կոնդացել է՝ չի կարողանում:
Աշխենը աղջկա գլխատակի բարձը հանեց ու նետեց կողքի մահճակալին:
- Ինքնասիրություն ունեցիր, քո հորից ամոթ ունեցիր, որ իմացավ՝ նրան թողնելու քո տուրն է գալու: Գնա, ասում եմ, հերդ առավոտից ոտի վրա է, մեջքը նորից է բռնվել, չի կարողանում կռանալ, որ սապոգը հանի, գնա հանիր, մի երեխա էլ նա է, մեծաբերան խոսելուն չնայես: Նրանց ցեղից նստացնես՝ ուռած-փքաց խոսքեր լսես:
Մեխակը մեջքից կռացած մտավ ներս, եւ Աշխենը հասկացավ, որ եթե մի խոսք խոսի, իրեն ջարդելու է։ Որպեսզի վտանգը վանի, իրեն դուրս նետեց։
- Փետը վերցնես՝ գող կատուն իր հաշիվը կվերցնի,- ասաց Մեխակը եւ բավարարվեց նրանով, որ կինը վախեցավ իրենից:
Հեռախոսը զանգեց: Սիրունը պառկած տեղից չշարժվեց: Այսօր Մեխակը մի թեթեւ լսել էր Մարտիկի ու Զառիկի մասին, սակայն միտքը նախագահի հետ էր, ուշադրություն չդարձրեց:
Հեռախոսը շարունակում էր զանգել:
- Գնա տես՝ ի՞նչ են ուզում:
Սիրունը՝ աչքի մեկը մի փիալա, դեմքը շառագունած, ուսերը ցնցելով գնաց հեռախոսի ընկալուչը վերցնելու: Ընկալուչը դրեց ականջին եւ ուզեց խոսել, բայց փուլ եկավ ու անօգնական նայեց հորը: Հայրը խղճահարվեց ու գնաց ընկալուչը ձեռքից առնելու:
Նախագահը կանչում է: Նախագահի գործն այն է, որ կանչի, բայց մարդու տղան լայեղ չի անում, որ ինքը կանչի, կատարածու Անտիկոյի միջոցով է հայտնում: Առավոտվանը քիչ էր, ուզում է պակասը լրացնի: Կլինի՞, որ ազատվեմ ես դրա ձեռքից: Մեխակը մեկ ուզեց ասել, որ հիվանդ է, չի կարող գալ, բայց հակառակության սատանան նրան տնից դուրս տարավ:
- Տեսնեմ նախագահը ի՞նչ է ուզում՝ գամ: Դու էլ գնա երեսիդ ջուր տուր,- ասաց ու ծանր տնքալով մղվեց դուրս:
Այդ հանդիպումից նա ոչ մի լավ բան չէր սպասում: Խելք աներ՝ կխուսափեր, բայց նա դեպքերին ընդառաջ էր գնում:


*  *  *

Առավոտյան ֆերմայում Փառանձեմը Մարտիկին մի կողմ քաշեց ու ձայնը ցածրացնելով ասաց.
- Երեկոյան մեր տանը լինես:
Մարտիկը անտեղյակ ձեւացավ.
- Ի՞նչ կա:
- Կգաս՝ կիմանաս,- խորհրդավոր-խորամանկ ասաց Փառանձեմը:
- Դո՞ւ ես հրավիրում, թե՞…- Մարտիկը չարաճճի նայեց Փառանձեմի աչքերի մեջ,- գուցե մեկը լինի, որ չուզենա…
- Իմ ուզենալը քի՞չ է,- ու Փառանձեմը նորից խորամանկ ժպտաց:
Անորոշ մի զգացում գրգռում-մղում էր, եւ նա չկարողացավ դիմադրել: Հետաքրքրության համար ուզեց իմանալ՝ Փառանձեմն է կանչե՞լ, թե՞ Մանիկը: Ինքն իրեն համոզելով, ինքն իրեն տանելով Մարտիկը գնաց Մանիկի ծննդին: Երդվել էր այլեւս չխոսել նրա հետ:
- Կգնամ ու չեմ խոսի, նրա կողմն էլ չեմ նայի, կարհամարհեմ,- վճռեց նա:
 Իսկ փեսա Գրիգորին լավ պատրաստություն էր տեսել: Նա ցանկացել էր կնոջ ծնունդը հատուկ գյուղում անել: Գրիգորին էր ցանկացել, թե Մանիկը՝ հարց է, բայց որ լավ պատրաստություն էին տեսել՝ դրան խոսք չկա: Ինչ ասես սեղանին կար՝ Գրիգորին բաստուրմա էր բերել, չորս աստղանի հայկական կոնյակ՝ սիրտդ ինչքան տա՝ խմիր: Կասպից ծովից թառափ ու խավիար էր բերել փեսա Գրիգորին, միայն ձկով կարելի է կշտանալ, խավիարն էլ յուղապատառ արա ու կեր: Փեսա Գրիգորին խավիարը հաստ քսում է թոնրահացին ու մեկնում Մարդուն.
- Ծովի մոշի մուրաբա է՝ կեր:
Բոլորն անհոգ ու շինծու ծիծաղում են, այնպես են ծիծաղում՝ կարծես այդ խոսքն առաջին անգամ են լսում: Չեն լսել, չտես են, գյուղացի են, փեսա Գրիգորիի տեսածը նրանք երազում էլ չեն տեսնի: Այսպես փեսա Գրիգորիի զգոնությունը բթացնում են ու սա սկսում է իրենից պատմել: Մարդու կապերը Կիսլովոդսկից Բաքու-Երեւան են հասնում:
- Գլուխ գովել չլինի, լավ-լավ ընկերներ ունեմ՝ Բաքու էլ, Երեւան էլ:
Անուններ է տալիս, նրանց տված պատիվներից պատմում: Մարտիկը լսում է եւ իրեն փոքրացած-չնչին զգում, ոնց որ կծած-մնացած տանձ՝ ոչ ուտելի, ոչ դեն գցելի:
Երկու տարեկան որձ էին մորթել: Փառանձեմը ինչքան թաղաղուսկ ուներ՝ դրել էր սեղանին: Հայրունց տղաները թող ուտեն կշտանան: Համոն ու Ալոշը մի անգամ կյանքում խմեն բավարարվեն, մի անգամ ասեն՝ հերիք է: Կոոպերատիվի բերած խմիչքը նրանց փորն է մտնում: Սեղանն էլ պետք է նախագահը ղեկավարի: Փեսա Գրիգորին այդպես է ցանկացել: Փառանձեմը ասել էր՝ ագրոնոմ Երվանդը ավելի լավ է, փեսան դեմ էր եղել: Չէ, ասել էր՝ խնդիրը լավ ու վատը չի, այլ պրեստիժը: Նախագահն էլ չէր կարողացել նրա խոսքից դուրս գալ: Վարչության նիստ պիտի գումարվեր, բայց փեսայի պատվին նախագահը հետաձգել է: Սեղանապետը որ ագրոնոմ Երվանդը լիներ, ագրոնոմ Երվանդը ինչպե՞ս էր վարչությունը թողնելու ու գալու սեղան ղեկավարելու: Այսպիսի հարցեր կան, տիկին Փառանձեմ: Իհարկե, փեսա Գրիգորիի պատվին նախագահը պատրաստ է: Նախագահը չասի, Գրիգորին այդքանը հասկանում է, շատ լավ գիտի, որ մարդու համար անկարելի բան չկա: Միայն ուզենա: Օրինակ, Կիսլովոդսկ ուղեգիր ձեռք բերելը: Դժվար է, խոսք չկա, բայց մի անգամ թող նախագահը Սեդա Գերասիմովնայի հետ գա, թող միայն գա, մնացածը իրենց գործը չի: Այսպես խոսեցին, իրար աչքի կարգին լավացան, մինչեւ ժողովուրդը հավաքվեց, ու նախագահը բաժակը վերցրեց ձեռքը:
Այնպես եղավ, որ Մարտիկն ու Զառիկը նստեցին իրար կողքը, Զառիկը Մարտիկի ականջին փսփսաց, ու Մարտիկը, նախագահից հայացքը փախցնելով, գլուխը թեքեց Զառիկի կողմը:
- Տես ոնց է լավացել,- ցույց տալով Մանիկին ասաց նա,- ասես քաղաքում ապրած-մեծացած: Ոնց էլ կոտրատում է ռուսերեն:
- Ընդունակ է՝ կանի,- կատակի տվեց Մարտիկը,- ձեր գյուղի աղջիկները ընդունակ են:
- Քայլվածքն էլ է փոխվել:
- Ապրուստի մերը չմեռնի,- թառանչի պես ասաց Համոն ու կոնյակի շիշը թեքեց Ալոշի բաժակի մեջ:
Մանիկին ձեռքից ո՜նց բաց թողեց: Մարտիկը հիշեց նախանցյալ տարվա դեպքը: Շաբաթօրյակ էր, Վերի հանդի խոտը հավաքում էին: Կեսօրին գնաց Ցուրտ աղբյուրից ջուր բերելու: Աղբյուրին կռացավ երեսը ջրով ողողելու, մեկ էլ գլխավերեւը մեկը մանր ծիծաղեց: Նայեց վերեւ՝ Մանիկն է, նայում է իրեն եւ խտուտ տալու նման մանրիկ ծիծաղում: Վերի հանդի շոգից հետո Ցուրտ աղբյուրի Մեծ թխկենու հովը գուրգուրող-գրգռիչ էր, Մանիկն էլ մանրիկ ծիծաղում էր: Մարտիկն ասաց՝ կուլադ բեր լցնեմ: Մանիկը թե՝ իմ ձեռքը կարճ չի, ինքս կլցնեմ, Մարտիկն ասաց՝ չթողնեմ ոնց պիտի լցնես, Մանիկն էլ թե՝ ես հիմա լցնեմ, դու էլ չթողնես: Ասաց ու մանրիկ ծիծաղելով մոտեցավ: Մարտիկը իբր ցանկացավ կուլան վերցնել, Մանիկը իբր չթողեց, Մարտիկը իբր ուզեց, բայց չկարողացավ, Մանիկը կարողացավ ու կուլան չտվեց: Ցուրտ աղբյուրի հովը փսփսաց նրանց ականջի տակ, բայց Մարտիկն էլ չհասկացավ, Մանիկն էլ չհասկացավ, թե Ցուրտ աղբյուրի հովը ինչ փսփսաց իրենց ականջին: Մինչեւ հիմա Մարտիկը հիշում է, թե ինչպես գրկեց Մանիկին ու համբուրեց նրա շրթունքը: Մինչեւ հիմա էլ հիշում է Մանիկի շրթունքների դողը: Երբեմն գիշերը, երբ քունը չի տանում, Մարտիկը հիշում է Ցուրտ աղբյուրը, եւ սիրտը մի տեսակ վատանում է:
Նա ակամա նայեց Մանիկի կողմը եւ բռնեց հայացքը՝ նա էլ իրեն էր նայում: Մի պահ մնացին այդպես, հետո Մանիկն աչքերը խոնարհեց: Քիչ անց Մարտիկը նորից նայեց ու նորից Մանիկի հայացքը որսաց: Իրեն էր նայում:
- Բաժակդ սառեց,- ծաղրական ասաց Զառիկը:
Մարտիկը սթափվեց ու մեխանիկորեն ձեռքը տարավ դեպի բաժակը: Նա մինչեւ վերջ չմնաց, դուրս եկավ ու մոլորված քայլերով գնաց: Գրասենյակի մոտով անցնելիս ետեւից քայլերի ձայն լսվեց: Հետո մեկը հազաց: Մարտիկը իմացավ, որ ետեւից եկողը Զառիկն է ու ոտքը կախ գցեց:
- Այնպիսի սեղանը կթողնե՞ն,- ասաց Զառիկը:
- Դու էլ ես թողել:
- Տրամադրություն չկար, չուզեցի թթված նստել: Ուրախացողները թող ուրախանան:
Որոշ ժամանակ գնում էին լուռ: Հետո Զառիկը անսպասելի ասաց.
- Ասում են՝ Գրիգորին Մանիկին մի ամսով գյուղում է թողնում: Ասում են՝ շտապ պիտի վերադառնա Կիսլովոդսկ: - Կարճ դադարից հետո ավելացրեց.- Լավ ապրուստն էլ իր դժվար կողմերն ունի:
- Գա էլ, գնա էլ,- անտարբեր ասաց Մարտիկը, բայց Մանիկի մնալը հետաքրքրեց իրեն:
- Ով է իմանում՝ ում սրտում ինչ կա,- անսպասելի անկեղծ ասաց Զառիկը: Բավականին գնացին լուռ, հետո ինքն իրեն, թե Մարտիկին դիմելով կրկնեց. «Ուրիշի սրտինը մեկ ուրիշը չի իմանա»:
Հասան Զառիկի տան մոտ: Մարտիկը ցանկացավ բարի գիշեր ասել ու բաժանվել, բայց տեսնելով, որ Զառիկը կանգնել է, ակամա ինքն էլ կանգնեց: Մի բան անելու համար ձեռքը տարավ, որ ծխախոտ վառի, բայց լուցկի չկար:
- Գնանք լուցկի տամ,- առաջարկեց Զառիկը:
Մարտիկը չէր ցանկանում եւ քայլ արավ, որ շարունակի ճանապարհը, Զառիկը կանխեց.
- Իգնատը ֆերմայում է, մի վախենա:
- Ինչո՞ւ եմ վախենում, լուցկուն ի՞նչ կա,- իբր չհասկանալով ակնարկը, ասաց նա: Բայց Զառիկի շշուկով խոսելը, չորս կողմի խորհրդավոր լռությունն ահանգստություն էր բերում: Մարտիկը ցանկացավ ետ դառնալ, բայց Զառիկը մթան մեջ բռնեց նրա ձեռքից, եւ նա ակամա հետեւեց նրան: Աստիճաններով բարձրանալիս ատրճանակի պես տրաքեց.
- Ուշ գիշերով խեր լինի…
Իգնատի ձայնն էր: Մարտիկը չհասցրեց ուշքի հավաքել, Իգնատը բռնել էր նրա օձիքից:


*  *  *

Գեներալ Մադաթովի թոռը նստել է նախագահի իր աթոռին եւ գլուխը հակել սեղանին, իբր թե զբաղված է, կարեւոր հարցեր է մտածում: Բրիգադիրի ներս մտնելը չի նկատվում, նրա «բարիգունը» ճանճի տզզոց է՝ չի լսվում: Մեխակը նախագահի սեւակնած դեմքից դավադրություն զգաց ու հարմար համարեց տապռ կենալ: Հեզ ու խոնարհ քաշվեց մի աթոռի ու սկսեց լուռ իրեն ուտել: Հեզ ու խոնարհ է, ատամի տակի տանձի չիր է, փափուկ ծամիր՝ Բալասանանց այգու չիրը, երեխա ժամանակ շատ կլինես կերած: Դե հիմա էլ կեր: Կուտես՝ չես ուտի՞: Բարատու ծառերը տվել ես սղոցի բերանը, տրակտորով արմատահան արել եւ գյուղի աչք Բալասանանց այգին ջնջել հողի երեսից: Մարդու տղան նոր հողեր է յուրացնում, ցանքերը ընդարձակում է, որ մի քանի փութ կարտոֆիլ ավել ցանի: Հիմա երեխաների սիրտը տանձի կաթուկ չի ուզում, չիր չի ուզում, մալասի մի տանձ ուտես՝ հազար արժի, դնում ես բերանդ՝ ինքն իրեն հալվում է,- բայց՝ չէ, թող կարտոֆիլը շատ լինի, կիլոն 60-ով քաղաքացիք իրար ձեռքից խլում են: Թե որ փողը ամեն ինչ կարենում է, թող կարտոֆիլի փողերով Բալասանանց այգու ամռան հովը ետ բերի: Բաքու-Երեւան ապրող մեր որդիների, մեր բարեկամ-հարազատների համար Բալասանանց այգին հուշ է՝ նրանց քաշում-բերում է գյուղ, որպեսզի իրենց մանկությունը վերհիշեն: Եթե ճիշտն ասենք, մենք էլ նրանց ջրերն ընկած, տարեկան մի անգամ, երկու անգամ գնում ենք Բալասանանց այգու շուքերում հանգստանում, ոչխար մորթում, անհոգ-անմտածել քեֆ անում, մոռանում, որ ամռան օր է, անասունի համար խոտ պիտի բերվի, լոբուտը ջրելու հերթը իրենցն է, բայց էսօր իրենք Բալասանանց այգում քեֆ են անում…
Այս տխուր մտածումները մոռացնել տվին գոտկատեղի ցավերը: Այրող վերքի պես սիրտը կծկծաց՝ այգի էր, էլի, թող մնար, միրգն էլ բերք է, եկամուտ է: Մեխակն անկեղծորեն չի հասկանում, թե մարդ ինչո՞ւ է ծուռ ու գեշի նկատմամբ այդքան հավեսին: Այս հարցը կսկիծի պես մեխվեց գլխում, ճիշտը իմանանք՝ ինչո՞ւ անտեսվում ու մոռացվում է: Ու չհասկացավ նաեւ, թե գեշը ինչո՞ւ այսքան կենսունակ է: Թեկուզ կատարածու Անտիկոն՝ նախագահի լրտեսը, վարտիքը լվացողը, հավատարիմն ու գյուղը իրար մսի անողը,- թե դու մարդ ես ու նախագահ ես, Անտիկոն ո՞վ է, որ օձիքդ դրել ես նրա ձեռքին, նրա ստին հավատում ես, մեր ճիշտը զանց անում:
Իբր թե ես ասած լինեմ, որ նախագահը պահեստապետի հետ հինգ տոննա չմուտքագրված կարտոֆիլը Աղդամի շուկայում տակովն է արել, հանդարած Սմբատի թուրք փեսայի միջոցով ծախել ու հետքերը տակով արել,- ես այդ որտե՞ղ ասացի, որ Անտիկոն լսեց, հարցիս պատասխանիր տեսնեմ, մարդու լեզվի տակ փուշ չկա, որ սուտ ասելիս ծակի, ո՞նց եղավ, որ իմացածդ համարում ես կնքված-հաստատված,- Անտիկոն աչքի փառ է, եւ նախագահը առաջը չի տեսնում: Մեկն ասի, Անտիկո ես, ինչ ես, ինչո՞ւ ես ներս եկել ու տուզ տված նայում ես նախագահի աչքերի մեջ:
Մեխակը ներսում եփ եկավ, մեջքի սեռով մի կեծություն անցավ, եւ կամքը սկսեց կաշկանդվել, դարձավ օրուկին կարճ կապած զամբիկ ձի՝ ոչ բաշը կարող է մեկնել կանաչից մի փոքր կծել, ոչ էլ կարող է մեջքի արյունը ծծող բոռերը քշել: Անտիկոն բոռից էլ աներես է:
- Գործիդ կաց,- ասաց նախագահը ու չնայեց ոչ մեկի կողմը:
- Ինձ հե՞տ ես,- խեղճացավ Մեխակը եւ ուզեց տեղից բարձրանալ:
- Ու՞մ հետ եմ՝ նա գիտի:
Հո-հո, մտքում ծոր տվեց Մեխակը, սրա վերջը կռիվ պիտի լինի, հիմա մեկիս շապիկը ճղվելու է: Այսքանը մտքում ասաց, իսկ տեղում կուչ ու կծիկ եղավ, որ կարողանա դիմագրավել վերահաս վտանգին:
 Անտիկոն դուրս գնաց: Ավերված լռություն իջավ ու ծանր զնգաց Մեխակի գլխի մեջ: Ցանկացավ խոսել, բայց մեկ էլ իրեն պահեց՝ նախագահը կանչել է, նախագահն էլ թող սկսի:
Իգնատը մտավ ներս ու գրպանից մի ծալած թուղթ հանելով դրեց նախագահի առաջ: Նախագահը կարդաց, մեկ էլ կարդաց, հետո քթի տակ մնչաց.
- Տուր թող ինքն էլ կարդա:
Իգնատը թուղթը վերցրեց նախագահի ձեռքից ու մեկնեց Մեխակին:
- Գրագետը ինքն է, թող կարդա լսենք,- ու Մեխակը վանեց Իգնատի մեկնած թուղթը:
Նախագահը քմծիծաղ տվեց, եւ Իգնատը ձեռքից վերցնելով թուղթը, սկսեց կարդալ: Կարդում էր անգիր արածի նման, երբեմն էլ՝ չէր նայում գրածին: Մեխակը հասկացավ, որ դա նախագահի կազմակերպած գործն է:
Նախագահը կարդաց վերջացրեց, մի պահ դադար առավ ու, նայելով Իգնատի կողմը, ասաց.
- Դատական գործ է, պակասը-պակասը երկու տարի ունի: Եթե դատի տաս՝ հաստատ գործ են տալու:
- Ոնց որոշես՝ համաձայն եմ,- միամիտ ասաց Իգնատը:
Այս խոսքի վրա Մեխակի արյունը տվեց գլխին: Չհասցնե՞մ սրա ռեխ-բերանին: Ուրեմն քո կնոջ պատվի հարցը նախագա՞հն է որոշելու: Մեխակը ցանկացավ Իգնատի տուրը տալ, որ գուցե դա մարդու շնորհք բերի վրան: Որոգայթ է սարքում, որ մեր խամ եզնիկին իր լծին կապի: Մենք էլ մեռած ե՞նք՝ ինչ ուզենա անե՞ս: Անսպասելի Մեխակը հիշեց Սիրունի կարմրատակած դեմքն ու արցունքներով լցված աչքերը: Գուցե՞ մտքին դրել է երեխայի սիրտը կոտրել: Մեխակի մեջքով մի սրթսրթոց անցավ, մութ մի զգացում պատեց նրան: Նա հասկացավ, որ կարող է այդ րոպեին արյուն անել: Նա իրեն այդպես դաժան չէր զգացել: Հաջորդ պահին Մեխակը ինքն իրենից վախեցավ, ճիգ արեց, որ ազատվի անսպասելի եկած անծանոթ զգացումից: Նախագահի այս մի պղտորությունը նրա իմացածից դուրս է: Վրեժ ունես ինձնից՝ հանիր, անմեղ երեխան ի՞նչ գործ ունի այստեղ: Մեխակը ցանկություն ունեցավ բերանը եկածն ասել: Նախագահի խցանված հիշողության մեջ տեղ բացեմ, որ միտը բերի, թե անցյալ աշնանը ինչպես էր դարձել՝ հարազատ ու նվիրված: Թողնեի՝ պռոշտի կաներ: Կարծում ես՝ փորացավդ չէի հասկանո՞ւմ. ուզում էիր, որ հաշվետվության մեջ ավել հեկտարներ գրեի, որպեսզի պահեստում պակասող երեք տոննա ցորենը փակվի: Զառիկի երեք տոննան: Զառիկի, որ Մարտիկին խաղալիքի նման ուզում է պար ածեցնել, կամ քուռակին, որ պոչի տեղն էլ չի իմանում:
- Ճիշտը նա կլինի, որ դատի տաք:
Իգնատը չհասկացավ Մեխակի դաժանությունը ու միամիտ ասաց.
- Հետո չե՞ս ասելու, որ Իգնատը վատ մարդ է:
- Լավ մարդ ես, լավ՝ գարու ալյուրով կարելի է փոխել: Երկու բաժին գարի՝ մի բաժին Իգնատ: Թե նախագահը չուզենա, ես աղաչանք էլ կանեմ:
- Թող Մարտիկը ներողություն խնդրի,- դեպքերի այսպիսի ընթացքին դժգոհ միջամտեց նախագահը,- թող գա ասի՝ խմած եմ եղել, արածս չեմ հասկացել, գրավոր ներողություն խնդրի:
- Գրի, որ ուզեցել է գիշերով մտնել մեր տունը: Խմած վիճակում:
- Քո տունը ո՞վ չի մտնում, նախագահը չի մտնո՞ւմ,- որպեսզի նախագահն ուրիշ բան չմտածի, ավելացրեց,- ես չեմ մտնո՞ւմ: Հյուրասեր կինը ո՞ւմ են տվել:
- Նախագահը իրավունք ունի, ես թողնում եմ:
- Ոնց չէ, որ նախագահ է՝ իրավունք ունի,- դաժանացավ Մեխակը: Նախագահը նորից կանխեց.
- Ստացվում է, որ մեղավորը մենք ենք, Մարտիկը անմեղ գառ է: Մի հոնուտեցու պատճառով գյուղս խայտառակ չեմ անի: Տուր այստեղ ակտը,- դիմեց Իգնատին:
Մեխակը ցանկացավ տեղից բարձրանալ, բայց մեջքը նորից բռնվեց: Նա հենվեց աթոռի թիկնակին, որպեսզի կարողանա ոտքի վրա մնալ: Նախագահը նայեց աթոռին անճոռնի գամված բրիգադիրին ու հասկացավ, որ նա իր ճանապարհին ընկած քար է, եւ այդ քարը պետք է քացով խփել ու հանել ճամփից, այնպես քացով տալ, որ գլորվելով ընկնի մի անդունդ ձոր:
- Աղյուս տաքացրու դիր մեջքիդ, որ գոտկացավերդ անցնեն,- թաքնված հեգնանքով ասաց նախագահը:
- Գոտկացավը դրանից չի,- պատասխանեց Մեխակը եւ առանց «բարի գիշերի» դուրս եկավ:


*  *  *

 Երեկոյան Մեխակը Աշխենին ասաց՝ շրջանից կանչել են: Վաղն էլ անհատական նախիրը հանդ տանելու հերթն իրենն է:
- Կամոյին ասա իմ տեղը կանգնի։
- Կամոն կարո՞ղ է փեսայի խոսքը կոտրել: Չի կոտրի, կանի: Ես եղբայրներ ունեմ, դու չունե՞ս: Իմոնք կանեն, քոնից խոսի, որ առանց օգուտ ու շահի մարդու կտրած մատին չեն էլ միզի:
Մեխակը տրամադրություն չուներ, եւ Աշխենի անամոթությունը չջղայնացրեց:
- Ձենդ կտրած գնա, ձերոնք էլ թաց տեղ պառկող չեն:
Սիրտը անհանգիստ էր: Կուսքարտուղար Շամիրը ասաց՝ կուստոմսդ չմոռանաս եւ ասելու տոնը նրան դուր չեկավ: Ասաց ու մեկ էլ կրկնեց՝ կուստոմսդ հետդ կվերցնես:
Սիրունը իմացավ, որ հայրը գնում է շրջկենտրոն, ասաց՝ ես էլ եմ գալիս: Հայրը չէր ուզում տանել, կասկածը պատել էր իրեն, տրամադրություն չուներ, բայց Սիրունն այնքան էր ուրախացել, որ կախվեց հոր վզով ու առարկություն չընդունող տոնով ասաց.
- Դու քո գործով կգնաս, ես էլ Մարտիկի համար ուտելիք կտանեմ:
Մեխակը չկարողացավ երեխային մերժել:
Առավոտյան նախագահը իր «գազիկով» Շամիրի հետ գնաց շրջկենտրոն: Իրեն չվերցրին: Հարցը վերցնելը չի, Մեխակի սիրտը մտած կասկածը վատ բան էր գուշակում: Այստեղ մի բան կա, եւ Մեխակը ճիգ արեց կռահել, թե նախագահը իր դեմ ինչ է նյութել: Սուտ ակտ կազմեցին ու Մարտիկին մանր խուլիգանության համար 15 օր նստեցրին: Վանեսանց մուխանազ արյունը ճանաչում է, նախագահը դրանով չի հանգստանա: Հաշիվը ինձ հետ է, անպայման պիտի կեռ տա: Մեխակը նորից աշխատեց կռահել նախագահի մտքերը, բայց նախագահի քնած ժամանակի մտածածը Մեխակը արթուն էլ չի կարող գլխի ընկնել: Ամբողջ գիշերը աչք չփակեց: Շուռումուռ եկավ, տնքաց ու մռռաց, մինչեւ Աշխենն արթնացավ ու լույսը վառելով ցանկացավ աղյուս տաքացնել, կարծելով, որ Մեխակը գոտկացավից է տնքացնում:
- Լույսը հանգցրու ու քնիր,- ասաց Մեխակը ու շուռ եկավ դեպի պատը՝ իբր ցանկանում է քնել: Քունը, սակայն, չէր տանում: Չէ:
Մի շաբաթ է մնացել՝ Մարտիկը դուրս գա, արջառը մորթելու եմ ու ամբողջ գյուղով հարսանիք անեմ: Մեխակը ցանկացավ որոշել՝ հարսանիքին նախագահին կանչի՞, թե՞ չկանչի, աչքը հանելով կանչի՞, թե՞ մարդու տեղ չդնի: Մեխակը Սիրունին տարավ միլիցիայի ծանոթ աշխատողի մոտ, որի հետ բանակում միասին ծառայել էին եւ խնդրեց Սիրունի համար Մարտիկի հետ տեսակցություն կազմակերպել: Ինքը ծանր սրտով գնաց:
… Օրն արդեն թեքվել էր, որ Մեխակը եկավ: Տեսնելով հորը, Սիրունը վազեց ընդառաջ եւ կախվելով վզից, սկսեց արագ-արագ պատմել տեսակցության մանրամասները:
- Հայրիկ, բոլորովին էլ չի փոխվել:
- Ի՞նչ է եղել, որ փոխվի,- ակամա ժպտաց Մեխակը:
- Միայն մազերն են խուզել, բայց Մարտիկն ասում է, որ իր մազերն արագ են աճում, ասում է՝ խոստացել են երկու օր շուտ բաց թողնել: Այսօր չհաշված, մնացել է հինգ օր: Հինգ օրից հետո տանն է,- ասաց ու ծափ տվեց:
Մեխակը մի պահ մոռացավ ամեն ինչ եւ աղջկա հետ անկեղծորեն ուրախացավ: Հարսանիք եմ անելու եւ արջառն էլ մորթելու եմ, հաստատ որոշեց նա, ամբողջ գյուղով հարսանիք եմ անելու:
Իսկ Սիրունը շարունակում էր ճռվողել:
- Մարտիկը ասում է՝ այս տասնհինգ օրն ինձ համար կյանքի դաս եղավ: Ասում է՝ նախագահին երես-երեսի մի քանի խոսք ունեմ ասելու: Ինչքան հարցրի՝ չասաց: Ասում է՝ դու մեծերի գործերի հետ գործ չունես: Կարծես ինքը մեծ է, ես՝ փոքր: Հետո էլ ասում է…
Անասունի ձմեռումը վատ կազմակերպելու համար Մեխակին ազատել էին աշխատանքից: Նախագահն ափաշկարա խանգարել է Վերին հանդի խոտը տեղափոխել ֆերմաների մոտ, բայց պատիժը ինքն է կրում: Մեխակը հիշեց ելույթ ունեցողներին: Բոլորին մեկ-մեկ հիշեց:
- Երբ անասնապահությունը հայտարարված է հարվածային ճակատ, երբ պարենային ծրագիրը… երբ…
Սահուն, սիրուն խոսքեր են, որ ասում էին: Լսում ես ու մտածում՝ կլինի՞, որ մեր կթվորներից մեկի սիրտն այդպես ցավի ֆերմայի համար: Բայց ինչո՞ւ մեկը նախագահին չասաց՝ Մեխակի հերն էլ անիծած, նա չի արել, դու անեիր: Գնա ապացուցիր՝ Մեխակը հիմա է հասկանում, որ իրեն վնաս տալու համար նախագահը խանգարել է Վերի հանդի խոտը տեղափոխել ֆերմաները: Չէիր ուզում, որ ես բրիգադիր աշխատեմ, ասեիր՝ դիմում գրիր դուրս եկ: Եթե դիմում չտայի, ես իմ հոր տղան չեմ:
- Մարտիկն ասում է՝ ուզում եմ տեղափոխվել քաղաք:
Աղջկա ասածը Մեխակին հանեց մտատանջություններից:
- Քաղաք, ո՞վ է քաղաք գնում,- ապա հասկանալով, թե ում մասին է խոսքը, ավելացրեց.- Թող գնա, մնա գյուղում ի՞նչ անի, թող գնա:
Բրիգադիրությանը՝ ի՞նչ, մորից հո՞ բրիգադիր չի ծնվել: Թող ուրիշները մտածեն, որ պաշտոնից հանես, դառնում են մի կոպեկանոց: Տեխնիկում է ավարտել, մեխանիզատոր է, վարորդական վկայական ունի, պետք լինի՝ բահը կառնի ու հողը կփոցխի: Ինչո՞ւ մարդիկ չհավատացին իրեն, նախագահին հավատացին, իրեն՝ ոչ: Մինչեւ կբացատրեր եղելությունը, նախագահն ասաց՝ ռեգլամենտդ վերջացել է: Օրինապահ են, օրենքով են գործ բռնում: Քաղաքավարի նրան նստեցրին տեղում: Հիմա նախագահը ինչպես ուզենա՝ ձին քշելու է: Մարտիկը գնում է քաղաք: Տղան լավ գյուղացի կլիներ: Տեխնիկումն ավարտած, գործիմաց ջահել է:
- Մարտիկն ասում է, որ մինչեւ նոր տարին հարսանիքը կանենք: Ասում է՝ ձերոնք եթե դեմ չեն, մինչեւ նոր տարին… Հայրիկ, դու դեմ չես, չէ՞:
Մեխակը աղջկա գլուխն առավ կրծքին ու զգացված ասաց.
- Դեմ չեմ, մինչեւ մի շաբաթը հարսանիք ենք անելու: Ճակատը ծաղիկ արջառն էլ մորթելու ենք:
Սիրունը մոռացած աղջկական ամոթխածությունը, իր սովորության համաձայն, ծափ զարկեց:
Գյուղացիները ինչպե՞ս կընդունեն աշխատանքից ազատելու լուրը: Իսկապես, ինչպե՞ս կընդունեն: Դա Մեխակին կենդանի հետաքրքրեց: Մեխակը չկասկածեց, որ գյուղացիներն իր թիկունքին կկանգնեն: Նրանց մարդն եմ՝ կկանգնեն: Նախագահը չվող թռչուն է՝ այսօր այստեղ, վաղը մի ուրիշ տեղ: Իմը մեր քերծերն են ու մեր խմահատները…
- Մարտիկին ասում է…- շարունակում էր ճռվողել Սիրունը: Իսկ Մեխակի միտքը գնացել էր գյուղ:




ԳԱՐՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ ՉԷ

Թթվել է: Նայում ես մազակալած դեմքին՝ աչքերդ արցունքոտվում են: Հոգնած, անտրամադիր՝ ինչ էլ ասես, թարս է կտրում:
- Հոգնած ձին կամ կկծի, կամ քացի կտա:
Օսեփը իրեն լայեղ իբր թե ուզում է ռեխին լայեղ կատակ անել: Օսեփը ուզում է կատակ անել, որպեսզի բրիգադիր Մեխակի տրամադրությունը բացվի:
- Դու մարդ չես: Ձեր ազգուտակումը կարգին մարդ չկա էլ,- պայթում է Մեխակը:
Ռեխավերը մի շաբաթ վեր է ընկել քաղաքում եւ անասունը թողել անտեր: Դա խի՞ղճ է, մի տեղ գրելո՞ւ բան է: Օսեփը խեղճանում է.
- Հիվանդ եմ եղել,- ու բժշկական տեղեկանքը դնում է Մեխակի առաջ,- պիտի մեռնե՞մ, որ հավատաք: Մեռնեմ, որ հավատա՞ս, ա՛յ Մեխակ:
- Հիվանդ է եղել: Երեսից մի պուճուր քերծես՝ արյունը արտիզան խփի:
Մեխակը հիվանդությանը չի հավատում, չի էլ նայում երեսին: Ինչ նայի, տղայի մոտ իրա համար քեֆ է արել, իսկ մատղաշը Ցեխձորում ձեռից գնում է:
Անասունին էլ, անասունի տիրոջն էլ, հենց քեզ էլ, Մեխակ տղա՝ բրիգադիր ես, ինչ ես, հոգիներս կերար: Օսեփը իրավունք չունի՞ տարվա մեջ մի շաբաթ ապրել: Կարգին, մարդավարի, ձեռը-ոտը մաքուր, թրքահոտերից հեռու մաքուր: Օրը ետ անցած ծույլ-ծույլ վեր ես կենում ձյունից էլ սպիտակ խշխշացող սավաններից, ծույլ-ծույլ երեսդ լվանում, փափուկ սրբիչով, ամոթը դեն՝ Իգնատի Զառիկից էլ փափուկ սրբիչով երեսդ սրբում ու նստում հացի: Բա՜, հանգիստ քեզ համար կեր-խմի: Ուտելով-խմելով՝ մարդ չի էլ իմանում, թե օրն ինչպես անցավ, շաբաթն ինչպես անցավ: Ուզում էր գալ, բայց տղան բժշկական տեղեկանք բերեց, թե հանգիստ քեզ համար կեր-խմի:
Մեխակի խոսքը շուռ է տալիս.
- Կողերդ մի կարգին դինջացա՜ն, դինջացա՜ն: Քաղաքի հարսերն էլ սիրո՜ւն-սիրո՜ւն են: Դու ի՜նչ մարդ ես, չես ասում՝ բրիգադիր ունեմ, էն զահրումար կոնյակից մի շիշ էլ նրա համար տանեմ, մի յաշիկ էլ գարեջուր՝ չեխականը լավ է, չեխական գարեջուր տանեմ, խմենք տրաքենք:
- Բերել եմ, կոնյակը բերել եմ, հենց հիմա գնանք տուն: Մեր հարսին ասել եմ՝ հավ մորթի:
- Իսկապե՜ս, իսկականի՜ց հավը մորթվել է, մորթողն էլ Օսեփն է եղե՜լ:
- Քավոր Սոկրատի արեւը չտեսնեմ,- Օսեփը ձեռքը դնում է կողքին նստած Սոկրատի անմազ գլխին:
- Ուրեմն ասա՝ սուտ է:
- Անաստված մարդիկ եք, ես Սոկրատի արեւը աղբահարում եմ գտե՞լ:
Օսեփը Մեխակի ռեխից վախենում է, չէ՝ վախենալը չէ, զահլեն է գնում: Բայց ճիշտը լավ է, գործը հաջողվեց, թե չէ՝ աշխօր պիտի կտրեր:
Վա՜յ Օսեփ, վա՜յ, Մեխակը կարծես մարդ չի, չի ուզում, որ մի քանի օր՝ դժվարությունների, պակասությունների, ծյուրանքների արանքը մի պուճուր ճղես եւ դու էլ կարգին-մարդավարի, որդուդ, հարսիդ ու թոռներիդ հետ կյանք քաշես: Քանի տարուց մեկ:
Ցեխձորում մատղաշի վիճակը լավ չի՜, Մեխակը գլուխը ո՞ր քարին տա: Օսեփ տղա, թե ձեւը գիտես՝ ասա:
Անիծված եղանակները հոգի են հանում՝ ձյուն, անձրեւ, ցեխ: Գիշերը երկինքը պարզվում է, աստղերը ցլնքցլնքոտում են, իսկ ցերեկը մռայլվում-մթնում է: Վա՜յ, քեզ գարուն ասողին: Խոտը վերջացել է: Կաչաղակաբերդում ձյունը հասնում է մինչեւ քթիդ ծերը: Մեխակը անելիքների մեջ մոլորվել է:
- Այ, թե մի տաք-տաք արեւ բացվե՜ր,- Անդրին քաղցր հորանջում է: Խոտը անասունին տալիս են գրամ-գրամ: Ասես՝ պենիցիլին է: Երկինքն էլ ծակ կտուրի պես կաթում է:
- Թո՛ւհ, անամոթը քամակը ծածկելու միտք չունի:
Գրասենյակում գնալով մարդիկ շատանում են: Հենց այնպես հավաքվում են: Հոգնել են տանը նստելուց ու եկել են մի քիչ զրուցեն, որ գիշերն անցնի, լեզվահաչ տան՝ թեթեւանան, գիշերն էլ անցնի։
- Փող տաս՝ խոտ առնես,- անհասցե տնքում է Անդրին: Բայց մարդիկ հասկանում են այնպես, որ ղեկավարությունը ժամանակին պետք է մտածեր, հենց ինքը՝ բրիգադիրը, պետք է մտածեր, նախագահը պետք է մտածեր, գյուղխորհրդի նախագահ Շալիկոն պետք է մտածեր: Էդ Շալիկոն, որը մի անգամ չի կանչում Վանեսանց Սոկրատին ու ասում՝ ա՜յ Սոկրատ, մեղք են ջահել կաղնիները, մի կտրիր, տաս-քսան տարի հետո պետք են գալու: Կարող է դու գյորբագյոռ ես լինելու, բայց քո թոռներին պետք են գալու:
- Փող տաս՝ խոտ առնես,- նորից տնքում է Անդրին,- կշեռքի մի կողմում փող են դնում, մյուսում՝ խոտ ու էդպես պիտի անասուն պահենք:
- Քեզ ի՜նչ, ղեկավարություն կա, նա էլ պատասխան է տալու։
Էս էլ Սոկրատը՝ մաղ կապողին սիմ տվող:
Վա՜յ, անաստվածնե՛ր, ղեկավարությունը հո չի գնալու խոտ հարի, իր մեջ եռում է Մեխակը: Ղեկավարը՝ ղեկավար, խոտ հարողն էլ ժամանակին իր գործը աներ, էլի՜: Աշնանն ամեն մեկի դռանը մի-մի խոտի դեզ կար՝ կոլխոզի դեզի չափերով: Մարսից չեք բերել, գյուղի հանդից է: Երաշտն ինչո՞ւ միայն կոլխոզի համար էր: Ղեկավարությունը, ասենք, բանի պետք չէ, իսկ ձեր խի՞ղճը: Դա էլ ծախու ապրանք չէ, որ հաշվապահը փող փոխանցի ու խիղճ առնի՝ կարգագրով բաժանի: Հը՞, Անդրի ապա, Սոկրատ, Օսեփ: Բայց Անդրին իրենն է ասում.
- Փող եք տվել՝ խոտ առել: Մեքենան դեմ եք արել դեզին ու վերեւի թաց ու կծղած խոտը լցրել-բերել: Տուր հալից ընկած մատղաշին ու գործը կարճ կապի՝ եւ՛ փողը գնաց, եւ՛ մատղաշը: Հոնուտեցիք մարդիկ չեն, բոլորին հայտնի է, նեղն ընկածին քացի են տալիս: Կամ նախագահը լեզուն կուլ էր տվե՞լ, չէ՞ր կարող ասել, որ էդպես չի, հարեւանություն է, շանտղություն չէ, էգուց էլ դուք կգաք մեր դուռը: Փող ենք տալիս, է՜, փող, անտերը տանձի կաթուկ չի, գիշերը քամի անի՝ տակը լցնի, առավոտը գնա հավաքի...
Մեխակը լսում ու չի լսում Անդրուն: Թթված, ցեխոտ, անտրամադիր՝ սիրտ չունի խոսելու:
- Կոլխոզնիկն էլ մարդ է՞, ամառ-ձմեռ շան քթից ջուր ենք խմում, իսկ դուք փողերը շաբաշ եք տալիս: Մեր գրպանից է գնում,- Սոկրատը նայում է Անդրուն: Մեխակը որսում է Սոկրատի հայացքը ու տեղում եռում:
- Շալիկո, ակտը գրել տվի՞ր:
Շալիկոն ի՞նչ պատասխանի, շրջխորհրդի նախագահը Գավրուշին համարյա թե բաջանաղ է գալիս, Գավրուշն էլ Օսեփի ախպերն է։ Ես չեմ, դու ես, Մեխակ, Սոկրատի վրա ինչպե՞ս ակտ գրի: Էսօր-էգուց տեղական ընտրություններ են… Էսօր-էգուց ընտրություններ են, Շալիկոն ի՜նչ անի: Գյուղխորհրդի նախագահ չընտրեն, պիտի գնա Ցեխձորում մատղաշ պահի: Կգնար՝ չէր զլանա, բայց մարդը հիվանդ է, չի կարող: Իբրեւ Մեխակը չգիտի՞, կամ թե ինքը լիներ իր տեղը, կանե՞ր:
Մեխակը ծանր նայում է Շալիկոյին: Սա տեղում շուռ ու մուռ է գալիս, վզի երակները սկսում են ուռչել, բերանը տտիպ է դառնում, հետո չորանում է, բերանում խոսքեր են կուտակվում ու լեզուն չի պտտում, որ ասի: Դրա համար վզի երակներն ավելի են ուռչում, սիրտը ծանրանում է ու թուլացած կռնում է աթոռի մեջքին:
- Մի քիչ ջո՜ւր:
Սոկրատը բաժակը ջուր է լցնում ու մեկնում Շալիկոյին: Սա նայում է Սոկրատի երեսին, նայում է լուռ, նվաղած ու բաժակը չի վերցնում: Բաժակի ջուրը թափեր Սոկրատի երեսին՝ սիրտը կխաղաղվեր, մի քանի խոսք ասեր՝ երակների արյունը կհանդարտվեր: Իսկ Շալիկոն լռում է, ու դրա համար ճակատին սառը քրտինքը կախման կետեր է շարում:
Մեխակը կարգադրում է Օսեփին.
- Թեւից բռնի՛ր, տար տուն:
Օսեփը լուռ հնազանդվում է, միայն դռնից դուրս գալիս, նայում է Մեխակին ու հազում: Այսինքն թե՝ հավն ու կոնյակը մնացին…
- Չի հոտի:
Ներկաները սառել էին՝ ա՞խր Շալիկոն ջահել է, լավ տղա է, Շալիկոն հինգ երեխա ունի, միակ աշխատողը ինքն է: Ու չգիտեին ինչ խոսեն: Աննկատ դուրս եկան: Մի պատճառ բռնելով, մեկ-մեկ քաշվեցին իրենց տները: Գրասենյակում մնաց Մեխակը: Սա գլուխը առավ ափերի մեջ ու մտածմունքի մեջ ընկավ: Սիրտն անհանգիստ է, գարնանացանն ուշանում է, տրակտորները պատրաստ չեն, պետգնման կետից պիտի սերմացու բերեն, բայց օրը օրին մատաղ են տալիս, Ցեխձորում մատղաշը ձեռից գնում է, Շալիկոն էլ՝ այսպես ջահել, հիվանդ…
Արդեն ուշ Մեխակը դուրս եկավ գրասենյակից: Տան աստիճաններով բարձրանալիս նա ստամոքսում ցավ զգաց, հիշեց, որ առավոտյան թեր խմած մի բաժակ թեյն է:
 - Աշխենը երեւի տաք ճաշ կլինի պատրաստած,- բավականությամբ մտածեց նա.- Հետո կսափրվեմ,- ու շփեց երեսին աճած կոշտ մազերը.- Կլողանամ էլ: Նա երանությամբ պատկերացրեց տաք ջրի հաճելի շփումները ընդարմացած մարմնին ու ֆիզիկական բավականություն զգաց.- Վաղը շրջան են կանչել, անհարմար է այս վիճակում: Վերջերս շատ եմ ինձ անուշադիր թողել: Ամեն անգամ տեղերը մտնելիս Աշխենը բողոքում է՝ քրտինքի հոտերդ տար, ու երեսը շրջում է պատի կողմը: Ճիշտ որ շատ եմ ինձ անուշադիր թողել,- նորից մտածեց նա:
Մեխակը մտավ տուն եւ հիասթափված նստեց աթոռին. վառարանը հանգած էր, տունը՝ ցուրտ, Աշխենն էլ չկար: Երեխայի պես սիրտը փուլ եկավ:
- Ձեր մերը որտե՞ղ է,- հարցրեց նա տեղաշորերում գզվռտացող երեխաներին: Նրանք իսկույն հանդարտեցին:
- Սիրանուշ տատի սիրտը վատացել է:
- Վառարանը ինչո՞ւ է հանգած:
- Կտրած փայտ չկա:
Ամբողջ օրը շատ էր ջղայնացել, շատ էր նեղսրտել ու մի տեղ բոլորը պիտի թափեր: Ծանր խփեց երեխային:
- Ծույլ անպետքի մեկը,- դառնացած մտածեց Մեխակը, եւ վերմակը շպրտելով վրայից, խիստ ասաց.- Շորերդ հագիր եւ գնա փայտ ջարդիր: Շուտ: Չի էլ ամաչում, մեծ տղա է: Կարծես չէիր կարող մի խտետ փայտ կտրել:
Քիչ հետո երեխայի հետեւից ինքն էլ իջավ բակ: Նրա տարիքին ծմակից ես էի մեր փայտը բերում, էշ էի բանեցնում, իսկ ինքը ալարում է մի գիրկ փայտ կտրել: Մեխակը ցաքատը վերցնելով տղայի ձեռքից, վրա պրծավ փայտերին: Ինչքան ուժ ուներ խփում էր՝ տաշեղներ ցրելով դես ու դեն:
- Ի՜նչ ես կանգնել, խտտիր տար:
Վառարանի մեջ փայտերը սկսեցին աշխույժ ճարճատել: Մեխակը գլուխը հակեց վառարանի վրա, նորից մտածմունքի մեջ ընկավ:
 Դրսից ձայն լսվեց.
- Մեխա՜կ, Մեխա՜կ:
Մեխակը դուրս եկավ պատշգամբ:
- Ո՞վ է:
- Ես եմ, Աշոտը:
- Աշո՞տ, ե՞րբ ես եկել, բարձրացիր տեսնեմ:
- Դու իջիր, դեռ տուն չեմ մտել, Ցեխձորից ուղիղ եկել եմ ձեր տուն:
- Ի՞նչ է պատահել:
- Գոմը փլվել է, Առուշանի ոտն էլ ջարդվել է, անասունն էլ բաց երկնքի տակ է մնացել: Ուղարկել են, որ հայտնեմ: Հետո էլ ուտելիքը վերջացել է, մարդիկ սոված են, սոված, կոտորվում են:
Մեխակը ներսում չարացավ, հերսոտվեց՝ աշխարհի մեղավորն ու արդարը խառնեց իրար։ Մղկտալու պես պատկերացրեց մատղաշապահներին. քաղցած ու ցրտից ծրորված, երեսները անթրաշ փոս ընկած, անտեսված ու խեղճ: Վա՜յ քեզ արդար: Մենք էլ մա՞րդ ենք: Մեկն էլ դու՝ նախագահ, նախագահ ե՞ս, թե՞ տանձի կոթ: Ժողովրդիդ մասին ո՞վ է մտածելու: Մի անգամ լինի, որ մեկին ձեռ մեկնես, դո՛ւ, Վանեսյա՛ն, կտրած մատին միզողը չես:
Աշոտի հետ քայլեցին դեպի գրասենյակ: Սառույցը ցեխաջրի երեսը բարակ փառ էր կապել ու պսպղում էր աստղալույսի տակ: Սառը օդը կսկծացնելով շփում էր Մեխակի վառվող դեմքը: Առուշանը Մեխակի հորեղբայրն է, արդեն յոթանասունին մոտ մարդ: Մատղաշապահ չկար, ու Մեխակը ստիպված նրան ուղարկեց Ցեխձոր: Չէր ուզում գնալ, բայց չկարողացավ Մեխակի խոսքը կոտրել: Քաղցած անասունը այս ցրտերին կսատկի՞, միտքը ուրիշ տեղ տարավ Մեխակը: Պետք է մի բան անել: Ու նա հիշեց, որ պահեստում խոզերի համար արդո կար: Պետք է մի քիչ տանել, որ անասունն ուտի: Բայց ինչպես տանի, նախագահը քաղաքում է, պահեստապետն էլ չի տա առանց նախագահի: Նախագահին ինչ, հիմա նա կնոջ ծոցումը հանգիստ քնած է: Քաղաքում ապրում է, գյուղում նախագահություն անում: Ամեն ինչի համար ես պիտի պատասխան տամ:
- Գնա պահեստապետին ասա, թող գրասենյակ գա, այնտեղից էլ Օսեփին հայտնիր, որ պատրաստվի, գնալու ենք Ցեխձոր:
Մթան մեջ խարխափելով՝ գրասենյակի դուռը բացեց, մտավ ներս, նստեց սառը աթոռին ու մնաց մոլորված՝ չիմանալով անելիքը: Հետո հիշեց, որ պետք է արդոյի հաշվով պայմանավորվի նախագահի հետ: Նա մի կարճ դադար տատանվեց՝ զանգի՞, թե՞ չզանգի, հետո վճռական վերցրեց հեռախոսի ընկալուչը եւ հավաքեց նախագահի հեռախոսի համարը:
- Տու-տու-տու,- քաղաքից զգուշացրեց հեռախոսը, որ նախագահը քնած է, խոր քնած է իր Սեդա Գերասիմովնայի փափուկ տաք ծոցում: Բայց այդ պահին Մեխակը փափուկն ու տաքը չհիշեց, հիշեց Սեդա Գերասիմովնայից հորդացող օծանելիքի բուրմունքը:
Վանեսյանը նոր էր նախագահ եկել: Իրար հետ էլ վատ չէին, լավ էին: Մի անգամ Ստեփանակերտում՝ չի հիշում, ժողո՞վ էր, թե՞ խորհրդակցություն, Վանեսյանը տուն հրավիրեց, ինքն էլ չմերժեց: Սեդա Գերասիմովնան, ճիշտը լավ է, լավ ընդունեց՝ սիրալիր, ժպիտը երեսին: Երբ սեղան էր գցում, Մեխակի ափսեն դնելիս, տնային ձեւով կռացավ Մեխակի վրայով, ու կրծքերը նրան մտերիմ մոտիկ եղան, օծանելիքի բուրմունքները լցվեցին Մեխակի ռունգները:
Հետո, երբ բաժակը պիտի դներ, բաժակը մեկնեց Մեխակին ու բաժակի հետ փափուկ ձեռքը եղավ Մեխակի ահագին ափի մեջ։
 Մեխակը շաղվեց, չէր իմանում հայացքը որ կողմը տանի, որ Վանեսյանը հայացքը չբռնի, չկարողանա մեղավոր մտքերը կարդա…
Աշխենը առավոտ իրիկուն՝ կովը կթի, թրիքը գոմից հանի, մեջքը կքի գործերի տակ, աշխատանք, աշխատանք՝ սկիզբ կա, ավարտ չկա, ու միջոց չկա, որ ժամանակին մի աման ջուր տաքացնի, լցնի գլխին, հայելու մոտով անցնելիս մի պահ նայի ինքն իրեն, որ սեփական պատկերը չմոռանա, սակայն դրա ժամանակը հիմա չէ, «հիման» հետո է գալու։ Իրիկունը ուշ Մեխակը հանդից պիտի գա՝ վաստակած ու անտրամադիր, սեղանին տաք մի բան պիտի դնի, որ մարդ ուժերը առնի, խոսելու ժամանակ էլ լանթ չանի… Մեխակը դառնությամբ ժպտաց՝ մենք էլ պիտի ասենք՝ ապրում ենք:
Մարդու բախտ...
- Թող զարթնի, ես իմ կնոջ երեսն այնքան չեմ տեսնում, ինչքան ինքը,- նախանձով մտածեց նա,- թող զարթնի: Ու սպասեց, որ հեռախոսի զանգերը հասնեն նախագահի մրափած ականջին: Սպասեց մի քանի րոպե, բայց հեռախոսը վերցնող չկար. նա պատկերացրեց մրափած նախագահին՝ Սեդա Գերասիմովնայի տաք բումունքներով պարուրված։
Պահեստապետն ու Աշոտը ներս մտան:
- Բարի իրիկուն,- ասաց պահեստապետն ու նստեց մոտիկ աթոռին,- անիծած ցուրտը կծում է:
Մեխակը դեռ երկար ժամանակ ընկալուչը չէր դնում տեղը: Մտքերի մեջ խորասուզված, կարծես ոչ ոքի չէր նկատում, չէր լսում ընկալուչի մեջ կրկնվող միապաղաղ տու-տու-ները: Վերջապես սթափվեց մտքերից:
- Հիմա կարգին պատմիր,- դիմեց Աշոտին:
- Մի ծխախոտ տուր,- դժգոհ փնթփնթաց Աշոտը,- ծխախոտն ինչ է, որ չեք ուղարկում: Էստեղ տաք, կուշտ ապրում եք, կոթավոր ծխախոտ վառում, կարծես մենք ստրուկ ենք: Հաց չկա, որ զահրումարվենք, էս լեն ու բոլ աշխարհում հաց չկա: Մենք մարդ չենք: Ամեն մեկդ իր կնկան ծոցը մտած, չեք ասում, որ մարդ կա Ցեխձորում, պետք է նրանց հոգսը քաշել: Հիմա էլ դուք գնացեք Ցեխձոր, մենք գյուղում ապրենք:
Մեխակը լսում էր ու չէր առարկում: Ի՜նչ առարկի, մարդը ճիշտ է բողոքում: Բայց ինչո՞ւ ուտելիք չկա, երեք օր առաջ Ասատուրին կարգադրել էր, որ Ցեխձոր անասնապահների համար ուտելիք տանի ու փոխարինի Առուշանին:
- Ասատուրը գնացել է Երեւան՝ թոռան կնունքին,- Աշոտի փոխարեն պատասխանեց պահեստապետը:
- Ոնց թե Երեւան է գնացել, ումի՞ց է հարցրել:
- Նախագահն է բաց թողել:
Մեխակը տեղում եռաց.
- Իսկ նախագահը գիտի՞, որ Ցեխձորում անասունը կոտորվում է, մարդիկ առանց հացի են մնացել: Մենք էստեղ ի՞նչ ենք, սոխի գլո՞ւխ, թե՞ բրիգադիր: Կամ Ասատուրը ինչո՞ւ չի ասել, որ…- Մեխակը ուզեց բերանը եկածն ասել, բայց զսպեց, Ասատուրը պահեստապետի եղբայրն է: - Դու որ գիտեիր, ինչո՞ւ չես ասել, որ մեկ ուրիշին ուղարկենք:
Պահեստապետն ուսերը վեր քաշեց.
- Ես Ասատուրի լրաբերը չեմ:
Օսեփը ներս մտավ:
- Գնացեք իմ ու Շալիկոյի ձիանքը թամբեցեք, գնալու ենք Կաչաղակաբերդ,- դիմեց Օսեփին ու Աշոտին:
Մեխակի հոնքից արյուն էր կաթում, Օսեփը չփորձեց առարկել, Աշոտը ոտը կախ գցեց.
- Ես չեմ գալու:
- Չես գալու՝ լավ ես անելու, գնա Շալիկոյի ձին պատրաստիր,- ապա դիմեց պահեստապետին,- վաղը կես տոննա արդո դուրս գրիր, տուր Աշոտին, որ սայլով բերի:
- Աշոտը ոտը ոտի առաջ չի դնելու,- համառեց Աշոտը:
- Ասացի՝ տուր Աշոտին բերի, Աշոտին տուր, որ բերի,- ատամների արանքով ասաց Մեխակը եւ ծանր նայեց նրան:
Աշոտը չէր գնա, Մեխակը չլիներ, որ Աստված էլ երկնքից իջներ, Աշոտը գնացողը չէր, բայց Աշոտը Մեխակի փեսան է, քրոջ ամուսինը:
- Նախագահն ասել է…- իր հերթին փորձեց առարկել պահեստապետը:
- Նախագահը ի՞նչ է ասել, ասել է, որ մատղաշը կոտորվի՞, ասել է, որ մարդիկ կոտորվե՞ն Ցեխձորում: Ինչ-որ պետք է հաշվապահի հետ կարգավորեք ու առավոտյան լույսը չբացված Աշոտին ճանապարհեք:
- Ահա բանալիները,- պահեստապետը բանալիները դրեց սեղանին,- էս բանալիքը, էն էլ պահեստը, ինչ ուզում ես՝ արա:
Մեխակը դանդաղ բարձրացավ տեղից, ծանր մոտեցավ պահեստապետին, բանալիները տեղավորեց նրա ձեռափի մեջ ու սկսեց դանդա՜ղ-դանդա՜ղ սեղմել: Պահեստապետի մատները ճրթճրթացին, բանալիները մտան փափուկ մսերի մեջ ու սկսեցին իրենց համար հարմար տեղավորվել:
- Անաստվածի տղա,- նվաղեց պահեստապետը, խեղճացավ, դառավ թթխմոր, բամբակի պես փափուկ, հոտավետ, խունկ ու ձեթ, ձեռնասուն գառ:


*  *  *

Ձիերը գայթելով բարձրանում են զառիվերով:
Անաստղ ու ցուրտ գիշեր է: Ձիերի սմբակների տակից սպրդած քարերն աղմուկով գլորվում են մութ ներքեւները՝ սրով հատելով ամայի սարսռուն լռությունը:
- Մենք էլ մարդ ենք,- Օսեփը անվայել հայհոյեց,- շանը էս եղանակին բնից չեն հանի:
Մեխակը մի պահ ազատվեց մտքերից: Հետո հիշեց, թե ինչու են գնում Կաչաղակաբերդ: Եվ ճիշտ էլ բողոքում են մարդիկ: Տուն-ընտանիքից կտրված, ի՜նչ են թողել այնտեղ:
Օսեփի ձին գայթեց:
- Բը՜ռռ,- Օսեփը սանձը ուժեղ քաշեց: Երկաթե ռեխկալը սուր կսկծացրեց ձիու բերանը, եւ ձին թափով գլուխը ետ տարավ: Քարը դուրս պրծավ սմբակի տակից, եւ անասունը ավելի խոր գայթեց ձորի կողմը՝ իր ետեւից քաշելով Օսեփին:
- Ո՜ւր, ո՜ւր, քո տիրոջ…- ու փորձեց ներքեւի հակից բռնել: Ձին բաց գամակով Օսեփին սեղմեց ձորապռնկի ծառին ու սկսեց ճխլտել:
- Մեխա՜կ, Մեխա՜կ, ձիու սանձից քաշի՛ր, անիծվածը տրորեց ինձ,- կանչեց Օսեփը:
Մեխակը նայեց ետ. կիսամութի մեջ նկատեց մարդ ու ձի իրար վրա դարսած:
- Սանձը բաց թո՛ղ, բա՛ց թող սանձը, ի՜նչ ես դուռնա կտրել,- ջղայնացավ Մեխակը,- չե՞ս տեսնում՝ ձին չի կարողանում գլուխը առաջ մղել:
Օսեփը լավ հենարան էր, ձին հենվեց եւ իրեն մղեց առաջ: Մթության մեջ լսվեց Օսեփի բխկոցը եւ ձորը թափվող քարերի աղմուկը: Ձին դուրս եկավ ճանապարհ, թափահարեց իրեն, փռշտաց ու սպասեց՝ մինչեւ Օսեփը գա: Իսկ Օսեփի կողերը լավ տրորվել էին: Քեզ անասուն ասողին, հայհոյեց, թոնթորեց, գռմռաց Օսեփը ու դանդաղ, ձիու պոչը բռնած, քարշ եկավ: Մեխակը զգաց, որ Օսեփը չարացել է, հիմա պիտի մեծ ու փոքր իրար խառնի: Մի տեսակ հաճույք զգաց, թող միայն ինքը չգզգզվի մտքերի մեջ:
- Հը՜, քաղաքի հարսները սիրո՞ւն են,- չարախնդաց Մեխակը:
- Գյուղացին քաղաքացու տեղերքին է նայում, քաղաքացին էլ գյուղի հարսներին է աչք գցում: Արի ու բան հասկացիր:

*  *  *
Առուշանը երեխայի պես հատիկ-հատիկ արտասուքներ էր գլորում ու կամաց ճոնճորում: Երեսը մազակալած էր, ծեր ու խեղճ: Մեխակի սիրտը ճմլեց: Նա բրդե գուլպան զգույշ հանեց ոտքից. սրունքը ուռչել էր չափազանց, մաշկը ասես ահա-ահա պիտի պատռվի ու մսերը թափվեն:
- Մի փալասի կտոր թրջի՛ր,- կարգադրեց Օսեփին:
Նա մի քանի անգամ թրջոցներ դրեց ուռչած սրունքին, եւ ցավը դանդաղ մեղմացավ: Օսեփի բերած կոնյակը կիսահար լցրեց բաժակը, մեկնեց Առուշանին:
- Խմիր, մեծ ապա,- քնքշորեն ասաց Մեխակը,- խմիր, որ ցավը չզգաս:
Կերակրելուց հետո հորեղբորը պառկեցրեց մահճակալին:
- Աստծու օրհնանքը քեզ, Մեխակ,- ասաց Առուշանը ու փաթաթվեց վերմակի մեջ,- գիտեի, թե հենց էսպես՝ տուն-ընտանիքից հեռու պիտի մեռնեմ: Օրհնյա՜լ լինես:
- Իմ կոնյակը խմես, օրհնանքը տաս Մեխակին, էսպես է, էլի՜…
Օսեփը կոնյակ լցրեց միակ բաժակը եւ մեկնեց Մեխակին.
- Դու էլ քո մոր խոխան ես, խմիր:
- Չի հոտի, թող մնա: Դու էլ հանգստացիր,- ասաց Օսեփին ու դուրս եկավ:
Ցուրտ էր: Լուսաստղը դուրս էր եկել ու միայնակ պսպղում էր երկնքում: Շուտով լույսը կբացվի: Չորս կողմն անխառն լռություն էր տիրում, որը հանդարտ ու աննկատ ծորում էր Մեխակի ներվերին ու հանգստություն բերում: Գլխի մեջ կուտակված մուժը սկսեց ցրվել: Շուտով կլուսանա, ու քայլեց մատղաշանոցի կողմը:


*  *  *

Գոմը հին էր: Մի ամբողջ տարի նախագահի ականջները կերավ, բայց չկարողացավ գերանները փոխել տալ: Ամեն անգամ պատճառաբանում էր՝ ակումբը վերջացնենք՝ հետո: Փտած գերաններից երկուսը կոտրվել-կախվել էին վտանգավոր: Բացված ճեղքից ցուրտը խուժում էր ներս: Մեխակը գրպանի լապտերը վառեց. անասունները մի անկյունում հավաքվել էին իրար գլխի:
- Մրսում են,- մտածեց նա,- անպայման կորուստ ենք տալու: Եվ պատասխանը ես պիտի տամ,- դառը քմծիծաղեց Մեխակը.- Չեն հարցնի, թե ով է մեղավոր, բրիգադիրը դու ես, կասեն, դու էլ պատասխան տուր: Ինձ ինչ, մատղաշապահները պիտի տուգանք տան: Տնից կտրված՝ մի լավ օրում չեն, դեռ տուգանք էլ պիտի տա՞ն:
Գոմի մեջ մի քիչ խոտ կար: Մի մեծ խորում լցրեց անասունների առաջ: Չոր խոտի բուրմունքները թմբերից արթնացրին մատղաշներին, որոնք սկսեցին փշփշացնելով ուտել: Մեխակը ձեռքը տարավ մոտիկ մատղաշի քնձմնած մեջքով: - Շատ են նիհար, չեն դիմանա ցրտին,- տագնապեց նա: Վաղն անպայման պետք է փոխել կոտրած գերանները: Բայց ո՞ւմ օգնությամբ:
Հորեղբայր Առուշանի ոտքը ջարդվել է, Օսեփը հասակն առած մարդ, Աշոտն էլ՝ կեսօրից հետո հազիվ հասնի: Բայց գերանները պիտի փոխել, հաստատ վճռեց նա՝ քայլելով դեպի անասնապահների անհրապույր կացարանը:


*  *  *

Կացինը խրվեց ծառի կողը ու սեղմվեց մեջը: Կացինը խրվեց ծառի կողը եւ սեպվեց: Կացինը՝ ղը՛րթ, նորից խրվեց ծառի կողը ու մի տաշեղ պոկվեց: Ղը՛րթ՝ մտավ ու նորից պոկվեց: Տաշեղները սկսեցին ցայտել:
Մեխակը թեւքով սրբեց ճակատի քրտինքը, շունչ առավ, ուզեց ծխախոտը վառել, բայց որոշեց՝ ծառը կտրեմ՝ հետո: Եվ անցավ մյուս կողմը: Տեղը անհարմար էր, ոտքը հենարան չուներ: Ձախ ոտքի համար փոքրիկ փոս արեց, աջը ծնկեց ու կացինն առավ ձեռքը: Հարվածները թույլ էին, դժվար էր երկար բազուկ անել: Կտրելու համար տեղը բանի պետք չի, բայց անդունդին կախված ծառը քարշ տալու համար հարմար է. կգլորի ներքեւ, իսկ այդտեղից մի քանի հարյուր քայլ է: Քերծը կտուցի պես կախվել է Ցեխձորի հովտին, հենց այդ կտուցի ծայրին աճած երկու ծառը պիտի գլորի ներքեւը:
Թույլ հարված, թույլ հարված, թույլ հարված, քրտինքը կաթում է, ձեռքը հոգնում, իսկ կացնի պոկած տաշեղները՝ մանր-մանր։
Մինչեւ չկտրեմ՝ չեմ ծխելու:
Մի՛ ծխիր, բայց զգույշ, ոտքիդ տակը խախուտ է, ներքեւները անդունդ, սպրդեց՝ ծառի տեղ ինքդ ես գլորվելու ցածրերը:
Կացնով՝ կըտ-կըտ, կըտ-կըտ՝ ոնց որ փայտփորիկ: Բայց քարշ տալը հեշտ կլինի, մի քանի հարյուր քայլ է, շատ-շատ՝ երեք-չորս հարյուր քայլ: Կըտ-կըտ, կըտ-կըտ, մանր-մանր տաշեղներ: Իսկ Մեխակը՝ ոնց որ կեծ քարին ջուր լցնես, գոլորշի է արձակում: Անիծվածը ոսկոր է:
Օսեփը երեւի կտուրի հողը թափում է, որ կոտրած գերաններն ազատի: Պետք է զգույշ լինել, հանկարծ գերանները կթափվեն՝ ինքն էլ հետը, կացին էլ ոնց որ լավ չի կտրում, ձեռքը սկսում է հոգնել: Մեծ ապան երեւի նորից ցավ է քաշում: Հոդախա՞խտ է, թե՞ ոտքն է ճմլվել: Թրջոցը չի օգնի այլեւս: Ծառը թե լավ տեղ լիներ՝ վաղուց կտրվել էր: Տեղը գիրթ թեք է, ձորին կախված: Աշոտը շուտ գար օգներ: Բայց զգույշ է պետք: Գիշերը խառը երազներ էր տեսել:
Ծառը սկսեց երերալ, թո՛ւհ, վերջապե՜ս: Ուզեց բարձրանալ, բայց ոտքը չենթարկվեց, ոտքը սահեց ցած՝ իրեն էլ տանելով ներքեւ… Չիմացավ, թե ինչպես եղավ ու պետք է տար գլորվեր խորխորատը, բայց հանկարծ հիշեց ձեռքի կացինը: Մեքենայաբար կացինը կեռչանի պես գցեց ծառով ու… Մեխակը ագահորեն օդը կուլ տվեց: Մարմինը մնաց կախված, բայց այլեւս չէր սահում ներքեւ: Հիմա պետք է դանդա՜ղ, դանդա՜ղ բարձրանալ, որ կացինը հանկարծ դուրս չպրծնի: Մի քիչ բարձրանամ, ձեռքս կհասնի ճապկի թփին: Մի քիչ բարձրանամ, մի քիչ էլ: Ձեռքը շոշափեց ու բարակ մի ճյուղ բռնեց: Չկոտրի հանկարծ: Ճապկին պինդ ծառ է, չի կոտրի: Բարձրացավ, մի քիչ էլ եւ մի կերպ իրեն հասցրեց տափարակը: Սառը քրտինքը կապել էր ճակատին: Մի քանի րոպե մնաց թաց գետնին պառկած. մկանները թուլացած, կամքը թուլացած, միտքը թուլացած: Հետո դանդաղ բարձրացավ ու… չկարողացավ քայլել: Ձախ ոտքը չէր ենթարկվում: Հիմա գլխի ընկավ, որ ոտքը երկար նույն դիրքում մնալով թմրել, անզգա է դարձել ու չէր պահել իրանը: Պառկեց գետնին, որ արյունը հոսի ոտքը: Ծխախոտը վառեց, ու երբ ծուխը թանձր բաց էր թողնում, հիշեց, որ որոշել էր ծառը կտրելուց հետո ծխել: Տհաճ մի զգացում մտավ մեջը: Այնուամենայնիվ, ծխում էր բավականությամբ: Անջատվել էր միջավայրից, վերացել ամեն ինչից ու միայն վայելում էր ծխախոտը: Հետո մտածեց՝ ծխեմ վերջացնեմ ու կոթունը նետեմ: Եթե կոթունը ձորը ընկավ, գործն այսօր կվերջացնենք, վաղը մեծ ապային կտանեմ տուն, մատղաշի կորուստ էլ չենք տա: Կոթունը նետեմ ձորը՝ շատ-շատ՝ այստեղից մի քանի մետր, ամեն ինչ բարեհաջող կլինի: Նախագահի հետ պետք է մի լավ բացատրվել: Հերիք եղավ: Նախագահ ես՝ կարգին նախագահություն արա, թե չէ մեջտեղ ուտում ես՝ կողմ ու մերձ ման տալիս: Ու Մեխակը մտովի պատկերացրեց իրենց վեճը: Բայց էլի իրավացին… իրավացին՝ չէ, բայց հաղթողը նախագահը կմնա: Նրա հետ վիճել կլինի՞, բառերի այնպիսի հյուսքերի տակ թողնի քեզ, որ շնչելու օդ չլինի ու կսկսես խեղդվել, շնչատել, միայն թե լռի, չխոսի:
- Համաձայն եմ, այ ընկեր նախագահ, ինչ ասում ես՝ ճիշտ է, մեղավորը ես եմ, դու արդար ես, միայն լռիր, ձենդ կտրիր, ռեխդ փակիր: Հերիք է, մեղք եմ, խնայիր…
Մեխակը ծանր բարձրացավ տեղից, կեռչանով լատան կտրեց եւ կաղնու ճյուղերից մեկին գցելով, սկսեց օրորել: Ու հիշեց, որ կոթունը մոռացել էր նետել ձորը: Դժգոհեց՝ հիշողություն չի մնացել: Ու նույն տհաճ զգացումը հիմնավոր նստեց մեջը:
Ծառը օրորվեց ծանր ու մնաց: Պետք է քիչ էլ կտրել: Կտրեց այնքան, որ կաղնին իր ծանրության տակ ճռռաց: - Հիմա որ կգնա,- մտքում գոհունակությամբ ասաց Մեխակը եւ կեռչան լատանով նորից սկսեց ծառը օրորել: Կաղնին ճռռաց, ճռռաց ու հզոր թափով, միանգամից իրեն նետեց ձորը: Անտառը հանկարծ լուսավորվեց: Մեխակը ակամայից նայեց վերեւ, որտեղ երկինքը լայն բացվել էր: Հեռվում, երկնքի մեջ մխրճված տեսավ Կաչաղակաբերդը՝ ազնիվ ու վսեմ:
- Անտերը սիրուն է,- մտածեց Կաչաղակաբերդի մասին, ու լույսի մի ալիք անցավ Մեխակի դեմքով: Նա մոտեցավ երկրորդ կաղնուն:


*  *  *

Օսեփը կոտրած գերանները հանել էր, կտուրը մաքրել ու Առուշանի հետ արեւկող պատի տակ մարմանդ զրուցում էր: Տեսնելով ցեխոտված ու քրտնաթոր Մեխակին, բարձրացավ տեղից:
- Լավ քրտնել ես, բաղնիքդ անուշ:
Բաղնիք խոսքից Մեխակի մարմնով երանելի փշաքաղոց անցավ, իրեն հիշեց տաք բաղնիքում լողանալիս՝ հեռու տարիներից մեկում: Տաշտը լիքը տաք ջուր ու ինքը անհամբեր: Աշխենը ուշանում է, Մեխակը անհամբեր սպասում է Աշխենին, եւ Աշխենը նորից ուշանում է: Երեք ամսվա ամուսիններ են, բայց Աշխենին ցերեկով մերկ չէր տեսել: Այսպիսի մեղավոր ցանկություն ուներ: Աշխենը մեղվաբույծների տասնօրյա դասընթացների էր եկել շրջկենտրոն, Մեխակը ուզեցել էր ուղեկցել: Հունվարի տաք կիրակի էր: Որոշեցին գնալ բաղնիք: Ավելի շատ Մեխակն էր ուզում եւ Աշխենին մի կերպ կուլակապ արեց: Ամաչում էր: Մեխակը անհամբեր սպասում էր Աշխենին, իսկ Աշխենը ուշանում էր: Տարիների մտապատկերը պարզ, ցավեցնելու պես թարմ ճեղքեց հիշողությունը: Այդ օրը լիներ…
- Շան պես քաղցած եմ,- փլվելով խամ տախտակից շինած նստարանին՝ ասաց Մեխակը:
Օսեփը հավի մնացած մսերը դրեց սեղանին, կոնյակի կիսատ շիշը բերեց ու նստեցին հացի:
- Աշոտը դեռ չի եկե՞լ,- պանրի կտորը դնելով թարմ հացի մեջ, սրտնեղեց Մեխակը:
- Ուր որ է կգա,- Օսեփը չուզեց բրիգադիրի սիրտը կոտրել, չուզեց ասել, որ կարող է Աշոտը չգալ: Չգար՝ ճիշտ կաներ: Ցեխձոր շինողի հոր ոսկորները շունը քաշ տա:
- Մեծ ապա, ոտքդ ինչպե՞ս է,- հավի ազդրը դնելով հորեղբոր ափսեի մեջ, հարցրեց Մեխակը:
- Հիմա ոնց որ լավ է,- երեխայի պես հանդարտված ու թույլ ասաց Առուշանը եւ ձեռքը մեկնեց ազդրին:
- Կարծում էի՝ այսօր կվերջացնենք, բայց անիծած տեղը հարմար չէր, ծառերը դժվար կտրեցի: Հաց ուտենք, հետո Օսեփի հետ կգնանք ճղները տալու: Աշոտը եկավ, թող սայլը անջատի, եզները լծած բերի, որ գերանները հանենք ձորից:
Լուռ կերան վերջացրին եւ առանց խոսք փոխանակելու վեր կացան:
Ճղները տալը հեշտ էր, վերջացրին, մի-մի ծխախոտ վառեցին:
Իսկ Աշոտը չկար: Վայ թե անիծածը չգա: Ասաց՝ չէ՞, որ չի գալու: Մեխակը կարծում էր՝ հենց այնպես՝ խոսք խոսելու համար էր ասում: Գուցե՞ պահեստապետը արդոն չէր տվել: Գուցե՞ նախագահը եկել արգելել էր:
- Ի՜նչ եղավ Աշոտին,- նեղացած ասաց Օսեփը:
Մեխակը չպատասխանեց, ծխախոտի մնացորդը նետեց եւ սկսեց հատած ճյուղերից վառելու փայտ անել: Օսեփը լուռ հետեւեց նրան: Օսեփը հիմա պարզ կարդում էր բրիգադիրի մտքերը: Մեխակը հիմա իսկականից շնացել էր, խոսք խոսես՝ ցաքատը վրա կբերի: Օսեփը մեղքացավ Մեխակին: Շան որդին բոլորի չափ աշխատում է, իրեն չի խնայում, բայց մարդու գործերը թարսվել են: Մեկ ուրիշը նրա տեղ՝ չէր գա Ցեխձոր, մեղքը կգցեր մատղաշապահների վրա, իսկ ինքը վեր կընկներ տանը՝ դինջ ու հանգիստ: Բայց հանգիստը Մեխակի համար չէ: Մեխակը հանգստի համար չի ծնվել, որտեղ նեղություն ու հոգս, գլուխը կոխում է: Էս ի՜նչ նյութից է ստեղծվել անիծածը:
Կաղնու ճյուղերից ստացվեց ահագին փայտ:
- Ձմեռվա պաշարն էլ ստացվեց,- ցաքատը խրելով գերանի մեջ, ասաց Օսեփը:
- Ձվածեղով փլավ չես ուզո՞ւմ: Փայտը գնալու է շերամատուն, երեկ մարդիկ բողոքում էին, որ վառելափայտը վերջացել է:
- Շան որդու տղան սամթին է մտածում, ամեն ինչ նախապես մտածում է եւ հետո անում,- մտքում ասաց Օսեփը: Մարդու գլուխը լավ է աշխատում: Միայն մի հարցում խեղճ է, Մեխակ, խեղճ ես, խեղճից էլ խեղճ:
Մեխակը մի երկար լծակ կտրեց, կապեց գերանին, երկար բազուկը թողեց Օսեփին, կարճը վերցրեց իրեն:
- Ասում էիր՝ ցորենի հակը սայլից նետում էիր կշեռքին: Հիմա ուժդ ցույց տուր:
- Դա առաջ էր, հիմա ծեր եմ:
- Ծեր ես, բայց ջահելների չափ աշխօր ես ուզո՞ւմ:
- Չեմ ուզում, վաստակում եմ:
- Պլոկում ես:
- Վաստակում եմ քրտինքով, էս քրտինքովս,- ու կեռ արած ցուցամատը տարավ ճակատով:
- Հիմա էլ քրտնի:
- Քրտնում եմ, բայց ոտս չի զորի:
- Դու արջ ես, մենակ էլ կարող ես: Ձեր ցեղը արջի ցեղ է: Առուշանի ոտքը չկոտրվեր՝ իր յոթանասուն տարիքում մենակ էլ կքաշեր:
- Մեր ցեղի ծուծը բարակ է,- Օսեփը համեստացավ, խեղճացավ:
- Ծուծը բարակ, լեզուները երկար: Վերցրո՛ւ, քո բազուկը երկար եմ թողել, որ թեթեւ լինի քեզ:
Տեղանքը դիք զառիվեր է, շատ չէ՝ հարյուր ոտնաչափ: Հարյուր ոտնաչափ է, բայց խիստ է թեք: Ու գետինն էլ թաց է, ոտքը գետինը չի բռնում: Մի քանի քայլ բարձրանում են, բայց թաց գերանը Օսեփին քաշում է, ու գերանի հետ Օսեփը հոսում է ցած: Թեքությունը շրջանցելու տեղ չկար, իսկ Օսեփի ուժը չէր պատում: Դե՛, մարդը ծեր է, տկար է ծնվել, հո նորից ուժով չե՞ս շինելու: Օսե՜փ, Օսե՜փ, անպիտան նյութից ես շինվել: Տարվա վերջին բոլորիս չափ աշխօր է գրանցում, բայց երեխայի ուժ չկա կռնումը: Մեխակը մնացել է մոլորված: Այսօր գերանները չհասցնեն գոմ, վաղն էլ չեն վերջացնի: Գյուղում հազար ու մի թերատ գործ է թողել, մատղաշը նորից ցրտումն է մնալու:
Գերանը նորից ծանր սահում է ցած՝ իր ետեւից գլորելով Օսեփին: Օսեփը բարձրանում է տեղից, տրորում ոտը ու կաղին տալով գնում գոմերի կողմը:
- Ո՞ւր ես գնում:
- Գնում եմ կախվելու:
- Լավ էլ անելու ես,- Մեխակը մի ծխախոտ է տալիս Օսեփին: Սա դողացող մատներով վերցնում է ծխախոտը, վառում ու դանդաղ շարունակում ճանապարհը:
- Չմոռանաս պարանը վերցնել: Բեր այստեղ, հարմար տեղ կա կախվելու, թե չէ Առուշանը մեռելներից վախենում է: Հետո շուտ եկ, որ օրը չմթնի, ընդամենը մի չվան արեւ է մնացել:
Օսեփը վերադարձավ պարանը ձեռքին: Մեխակը պարանի մի ծայրը կապեց զառիթափի գլխին աճած բոխի ծառից, մյուս ծայրը կապեց գերանին եւ Օսեփին կարգադրեց.
- Պարանի ծայրը ծառի բնով պատ տուր:
 Արեւն արդեն մայր է մտել: Գերանները մի կերպ հասցրին զառիթափի գլուխը: Այստեղից գոմ տանելը արդեն հեշտ է: Մեխակը սպառվել էր:


*  *  *

- Նախագահը դո՞ւ ես, թե՞ ես:
- Դու ես, դու ես: Նախագահն էլ ես դու, մյուս բոլոր բաներն էլ ես դու: Քու եկած ճանապարհը, քեզ էստեղ ուղարկողի… հիմա բերանս բացել եմ… Ոտքդ դրած տեղը բահով պետք է շուռ տալ, հետո էլ դե-դե-տեից առատ շաղ տալ: Որ ոչ մի բան չբուսնի, չաճի: Քո ցեղի քո տեսակը չբուսնի-չաճի: Չայր մոլախոտի պես՝ տակռահան անել չի լինում, պոկում ես՝ էլի է աճում:
- Ով է քեզ իրավունք տվել, որ արդոն տարել ես Ցեխձոր: Քանի՞ գլուխ ունես, թե՞ աչքդ ունքիցդ բարձրացել է: Կամայական ե՞ս…
- Կամայական եմ՝ էդ մեկը ճիշտ է: Բկիդ մնացած ոսկոր եմ, ոտքի կապիչ եմ: Ճամփիդ ընկած քար եմ: Ասա՝ է՞լ ինչ եմ: Միանգամից ասա՝ ես էլ պրծնեմ, դու էլ պրծիր, էս ժողովուրդը մեղք է, ժողովուրդն էլ պրծնի: - Անիծվա՛ծ, գոնե թողնեիր սափրվեի, յուղդ կրակին էր դառնո՞ւմ: Մի քիչ ուշ անեիր, վաղն անեիր,- Մեխակը մտքում տնքաց:
Նախագահի երեսը հարթ, մաքուր սափրած, ոնց որ երեխայի տուտուզ: Քանի տարով ինձնից մեծ է, բայց մնացել է անխաթար ու խիզախ՝ ականջից բռնիր տար պսակելու:
Մեխակը ձեռքը տարավ երեսով՝ ոնց որ շեգո սեզ: Իսկ նախագահը մաջալ չէր տալի՞ս, ինքը խոսում էր, մյուսները լսում էին:
Ժողովը բուռն ընթանում էր։ Նախագահը խոսում էր, ասում էր, կրկնում էր, ժողովուրդը ականջակախ լսում էր ու չէր ըմբռնում։ Մարդկանց գլուխներում արյունը դանդաղ մակարդվեց, ուղեղները այլեւս չէին սնվում, գլուխները բժժում էին, մտածելու-դատելու միջոց չկար, դարձել էին դուռնա: Եվ ամենուր նախագահի ձայնն էր տիրապետում:
Իսկ նախագահն աշխարհի մեղքերը կապեց բրիգադիր Մեխակի վրա, Մեխակը դարձավ գործերը խանգարող, պլանները տապալող, ինքնագլուխ: Արդոն տվին մատղաշին, խոզերին բտել չկարողացան, մսամթերման սոցպարտավորությունը տապալվեց: Նախագահի հեղինակությունը զանց գնաց: Վանեսյանը քեզ էնպես զանց անի, որ յոթը ղաթերդ կեծանան: Մայիսյան տոները դո՞ւ տապալես, բրիգադիր Մեխակ:
Այսպես խաբեց, մոլորեցրեց, վարչության անդամները նախագահին դեմ չգնացին. Մեխակը եղավ մեղավոր:
- Վա՜յ, ես ձեր ծնված օրը…




ՔԱՐԿԵԾ

Շունը հաչեց։ Մեխակը մոռացել էր, որ սրանք շուն են պահում, ետ ընկրկեց ու ցածր հայհոյեց՝ քո տիրոջ... Թե շունն ինչո՞ւ է պահում... Արուսը կա՝ շունը ինչո՞ւ ես պահում, Զոհրաբ։
 - Ո՞վ է։
Մեխակը չասաց ով է, խոսի՝ կդառնա ասած։
- Շուն եք պահո՞ւմ, շունը ինչո՞ւ եք պահում։
Արուսը իմացավ հասկացավ, ասվածը ետ տվեց.
- Ամեն դռան մի հաչող պիտի։ Մերը Ազղունն է։ Ձենդ կտրի, ծանոթ-անծանոթ չես ասում։ Հարարի բրիգադիրն է, հանում են՝ էլի մնում է բրիգադիր, ծնված օրից բրիգադիր է։
Արուսը մանր ժպտաց, ու Մեխակը ցանկություն զգաց Արուսի ռեխբերանին մի հատ հասցնել։ Նա Արուսի ասածը զանց արեց, իրենն ասաց.
- Շուտ-շուտ հավ եք մորթում։ Հավ շատ եք պահում, որ մորթեք չպրծնի՞։
Արուսը ե՞րբ է խոսք կուլ տվել, կուլ տա՝ բկին կմնա, կսպանի։ Ընդհատում ասում է.
- Ձերն էլ չի պրծնում՝ չմորթելով։
- Շունը հաչում է, եփած հավը կոխում եք թախտի տակը ու պատշգամբից ասում՝ ո՞վ է։ Ասում եք՝ բարձրացեք։ Շունը կապել եք փիլիքանի բերանին, ասում եք՝ բարձրացեք։
Արուսը շուտ-շուտի մասին չի մոռացել եւ Մեխակի մյուս մնացած ասածներն ականջից դուրսի թող է անում, դրան դառնում.
- Շուտ-շուտը ճիշտ է, երբ ուզենաք հավ կմորթենք, լավ մարդու համար ոչխար էլ կմորթենք։
- Դուք երինջ էլ կմորթեք, ձեր մթերքները սառնարանում փչանում են, տալիս եք շանը, որ ուտի կատաղի։
- Դու միշտ էլ խոսացող ես եղել, Հարարում քեզ դրա համար են սիրում, նախագահը հատուկ դրա համար է քաղաքից Հարար նախագահության եկել։ - Մյուս խոսքի պատասխանն էլ է տալիս.- Մեր սառնարանում հավ չենք թուխս դնում, մեր սառնարանը սառնարանի համար է։ Մեր աշխատածը մեր խնայդրամարկղի գրքույկը չի մտնում, մեր սառնարանն է մտնում։ Մենք հեռատես չենք, անհեռատես ենք։
- Դու խոսի, ինձ խոսացրու, վերեւում հավը ուտվի վերջացվի։
- Որ չվերջացվի՝ շան մասին հարցեր մի տուր։ Գյուղացի ենք, շուն ենք պահում։ Կարելի է խոսելով էլ բարձրանալ։ Համեցե՛ք։
- Շունը պահի, որ համեցեքդ լինի ճիշտ։
Արուսը աստիճաններով խաղացկուն իջավ, շունը պահեց, որ Մեխակը անցնի։ Սանդղակին Արուսը կանգնեց անհեթեթ, եւ Մեխակը նրան հրվելու նման քսվելով անցավ ու մի թեթեւ էլ հրեց։ Թերթին տալու համար, հավեսի համար էլ։
- Ա՛րջ, ճմռեցի՛ր։
Մեխակը քթի տակ խնդմնդաց. մութ էր, արդեն մթնում էր, պատշգամբում մարդ չկար, կարելի էր բազրիքի ու Արուսի արանքում դառնալ խոր խրված սեպ՝ հանում ես՝ չի հանվում։ Մեկ էլ՝ չուզեց, այսինքն ուզում էր, բայց մտքում ասաց՝ զահլա չկա։ Բազրիքի ու Արուսի մեջի նեղվածքից անցավ, ասաց.
- Լավ փափուկ ապրում ես։
- Ինչի՞ց իմացար՝ փափուկ։
- Քո փափուկ լինելուց։
- Շունը բաց թողնեմ՝ խոսելդ մոռանաս։
Մեխակը ձանձրացավ Արուսի լեզվահաչից, եւ Արուսն էլ իզուր սպասեց, որ Մեխակը խոսի՝ ինքը պատասխանի։
Սենյակում Զոհրաբն էր ու Եգորը։ Թե Եգորը որտեղից էր բուսել։ Եգորին որտեղ վարում ես՝ բուսնում է։ Մեջքով դուռն էր, Մեխակը սկզբում կարծեց Անդոնն է, Զոհրաբի եղբայրը, հետո ականջներից ճանաչեց՝ այդպիսի թալաշա ականջներ Եգորը ուներ։
Զոհրաբն ասաց.
- Զոքանչդ սիրում է քեզ, աթոռ քաշիր, նստիր։
Եգորն ասաց.
- Որ եկել ես՝ նստիր։
- Փուքս փչողին խոսք չի հասնում, խմած,- Զոհրաբը շուռ եկավ Արուսին, ասաց.- Մեխակի համար բաժակ բեր,- հետո նորից դարձավ Եգորին։ - Փուքս փչողին խոսք չի հասնում, դու քո գործին կաց,- ու դատարկ բաժակը հրեց Եգորի կողմը։
Որերո՞րդ շիշն են խմում, մտածեց Մեխակը։ Իզուր էլ եկել եմ եւ նայելով Զոհրաբին փոշմանեց՝ էս խմածին ասած չասած՝ մեկ է։ Չէր ուզում գալ, Աշխենը մեջքին հրելով ուղարկեց։
Արուսը Մեխակի համար սպասքը խոհանոցից չբերեց, սերվանտում դասավորվածներից բերեց։ Երես ափսեն մաքրեց, նրանից փոքրը մաքրեց, դասավորեց իրար մեջ, դրեց Մեխակի առաջին։ Ոսկորի կոթով՝ ոսկոր չի, ոսկորի նման է, էդ տեսակ կոթով դանակը, պատառաքաղը շարեց ափսեների երկու կողքով։ Ետ գնաց կանգնեց սերվանտի առաջ. տակը հաստ տասներկու արաղի, տասներկու մեծ,- մեծով ուզում ես գինի խմի, ուզում ես գարեջուր խմի, կարող ես թեյ էլ խմել,- բյուրեղապակե տասներկու-տասներկու այդ բաժակներից մի հատ արաղի, մի հատ մեծ բաժակ բերեց։ Արուսն այս բոլորը դասավորեց Մեխակի առաջ ու ստացվեց, որ Մեխակը Զոհրաբի տունը չի եկել, մտել է ռեստորան.- Մենք էլ մեր նստել վերկենալն ունենք, բրիգադիր Մեխակ, որ հիմա բրիգադիր չես, բայց շարունակում ես բրիգադիրի փորսերդ ու քեզ իրավունք ես համարում՝ շունը ինչի՞ համար եք պահում։ Պահում ենք՝ չենք էլ հարցնում՝ բրիգադիր ե՞ք, նախագահ ե՞ք, ով ե՞ք։ Մարդկանց իզուր տեղն էլ չխոսացնեք։
- Մեզ չի կարելի՞, մենք որ էդ բաժակից խմենք, վնաս է՞,- Եգորը Մեխակի բաժակը օղի լցրեց։ Լցնելիս էլ հասկացավ, որ առաջինը պետք է Զոհրաբի կամ իր բաժակը լցներ։ Արդեն անցել է, մյուս անգամներին իր ձեւով կանի։ Առաջինն էլ իր ձեւով կաներ, եթե Զոհրաբը փուքս փչողի մասին անհամ չասեր։
Արուսը սերվանտից կոնյակի շիշը հանեց ու դրեց Մեխակին մոտիկ։
- Աշխարհքում դիզություն չի եղել, չի լինելու։ Կոնյակը բերել ես, ինչո՞ւ առաջ չես բերել, հիմա ես բերել։ Բերել ես, մեջտեղ դիր։ Թող Զոհրաբն ասի՝ ճիշտ եմ ասո՞ւմ, թե՞ չէ։ Ճիշտն ասա, ճիշտ չեմ ասո՞ւմ։
- Դու ճիշտը քնած ժամանակ ես ասում,- Զոհրաբը կոնյակի շիշը վերցրեց որ բացի, ՄԵխակը չթողեց։
- Արաղ լցրու,- Եգորը արդեն լցրել է։
- Հայկական է։
- Ինչին սովորում ես՝ լավ է։
Զոհրաբը կոնյակի շիշը մեկնեց Արուսին, բաժակը վերցրեց խփեց Մեխակի բաժակին, ասաց.
- Լավ լինենք։
Մեխակն ու Եգորը կրկնեցին, խմեցին։ Մեխակը մտքում արդեն որոշել է գործից չխոսել։ Տեղը չի։ Եկել էր Զոհրաբի հետ «հան ու չեն» կտրցնի, բայց ստացվում է, որ էլի չպատասխանված պիտի գնա։ Սիրտը լավ բան չի գուշակում, մեջտեղ մի շանտղություն կա, լինելու է։ Երբ էր, Զոհրաբն ասաց՝ էս երկու օրը կասեմ եւ ահա երկու շաբաթ աչքը թողած՝ նրա ուղարկած լուրին է սպասում։ Ուզածն ինչ է ինչ՝ քարահանքում քար կտրող։ Ի՞նչ օրի հասանք, որ Զոհրաբը չկամենալով է իրեն բանվոր վերցնում։ Դեռ պիտի վերցնի։ Որ ուզենա՝ էն ժամանակ պիտի վերցնի։ Տանձուն աղբյուրից բանակ ճամփելիս ընկեր Անաստասը իր ձեռքով Զոհրաբի կոշիկների աջն ու ձախը ուղղել է, ասել՝ միտդ պահիր։ Հետո ասել է՝ դպրոցում չհաջողվեց, բանակում խիստ է, գուցե՞ բանակում հաջողվի խելք հավաքես։ Սոկրատն ասել է.
- Բանակը Բադունց բաղը չի, խելքն էլ տանձի կաթուկ չի, որ հասնի հավաքես։
Տվել են ծիծաղել, մեջքը փափուկ տփտփացրել, ասել՝ ձեր ցեղի ուժի դեպքում խելքը հարկավոր չի։ Իսկ Պարուն այան մի կերպ կառչել է Զոհրաբից.
- Րախաս լավ է,- ասել է,- րախիս ամեն ինչը տեղն է,- ասել է ու ոտի ծայրին կանգնել, որ հասնի համբուրի թոռանը,- րախաս լավն է, իր պապ Ղուգյազին է քաշել։
Ընկեր Անաստասը պառավի թեւատակերից թեթեւ բարձրացրել է, հասցրել Զոհրաբի ճակատին մոտիկ, ասել.
- Համբուրիր։
Ալիքը բարձրացել է Սղնախի քերծը, որ յուղոնիկի ձվեր հավաքի, բարձրացել է ու չի կարողացել իջնել։ Պարուն այան քերծի տակից կանչել է.
- Ալիք, քեզ մատաղ լինեմ, դու իջիր, ես քու տեղակ բարձրանամ, ես որ մնամ՝ ոչինչ։
Վերեւից Ալիքը նեղացած լաց է եղել.
- Որ կարողանամ իջնել, դու էլ ինչո՞ւ ես բարձրանում։
Հիմա Զոհրաբի՝ Ալիքի տղա ու Պարունի թոռ Զոհրաբի, «ուզեմ-չուզեմով» է Մեխակի խնդիրը լուծվում։ Լուծվելու։ Մեխակն էլ դրա համար է եկել։ Նա եփ եկավ ներսում, ցանկացավ դուրս գնալ, բայց դուրս գալու պատճառ չգտավ, մնաց նստած։
Մեխակը Զոհրաբին քիչ լավություններ չի արել, ամեն ձեւի օգնել է, խոտի հարցում, ուրիշ հարցերում, էն տարին Զոհրաբի կարտոֆիլի սերմացուն վրա էր մնացել, ինքն էր տվել։ Կոմբինատի ղեկավարության համար Զոհրաբը քանի անգամ ոչխար է մորթել, Բինաձորից ինչ որ պետք է Մեխակն ուղարկել է։ Զոհրաբը ինչո՞ւ է մոռանում, չպիտի մոռանա։ Մեխակը հիշում է այսպիսի բաները եւ իրեն սիրտ տալիս՝ կընդունեն, ինչո՞ւ չպիտի ընդունեն։ Թերթում հայտարարություն էին տվել տրակտորիստի ու քարհատ բանվորի համար, շատ էլ վաղուց չի եղել։ Կոլխոզից մի քանիսը ուզում էին գնալ, բայց ինքը հակառակեց չթողեց։ Էդ հարցի վրա ինքն ու Մանգասարովը մի թեթեւ էլ իրար կպան, բայց գործի ժամանակ ամեն ինչ էլ պատահում է։ Ի՞նչ աներ, քարահանքը կոլխոզի արյունը ծծում է, ինչքան լավ մեխանիզատոր ու սափ տղամարդ կար, գնացին։ Լավերը գնացին, հիմա Շահենը դարձել է, վա՜յ քո ինչն եմ ասել, Վանեսյան Կայծեր, Շահենը մինչեւ հիմա ջ-ն ու ճ-ն իրարից չի ջոկում, հենց ջոկումին ասում է՝ ճոկում, նա ոնց է կարգագիր գրելու, աշխօր գրանցելու, նա գիտի՞, թե էշի պոչը որտեղից է բուսնում, որ բրիգադիր ես դրել։ Սա էլ առակի ուղտի պատմությունը չեղավ՝ ուղտին կապում են էշի պոչից ու արդար հավասարությունից խոսում։
- Մի բան վերցրու,- Զոհրաբը մսի կտորը դրեց Մեխակի ափսեում, Եգորին ասաց.- Բաժակները լցրու,- լիքը բաժակը վերցրեց խփեց Մեխակի բաժակին ու նորից ասաց.- Լավ լինենք։
Մեխակը ներքուստ գոհ է, որ ոչ ոք չի խոսում իր բրիգադիրության վերաբերյալ, նրա համար այդ մասին խոսելը ոնց որ, ոնց ասվի որ ճիշտ լինի, ոնց որ երազում քեզ տեսնում ես տկլոր ու մի լաթ չես գտնում մերկությունդ ծածկես։
Անգործությունը կեղեքում է, անորոշությունը՝ ավելի։ Մի բանով զբաղվեր, որ կարողանար իրենից վանել գլխի մեջ եռացող մտքերը։ Գիշերը աչքին քուն չի գալիս, տակ է տալիս, գլուխ ու չի կարողանում հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Արդարը ինքն էր, բայց շրջկոմում իրեն տակահան խուզեցին, դարձրին ղլեչու դոշակ։ Լեզուն կապվել էր, աղոթած էշը քեզ օրինակ։ Արդար էր, բայց իրեն արդարանալու խոսք չգտավ։ Հիմա է հասկանում Վանեսյան Կայծերի ուժը։ Անցյալ տարի չէ՞ր, Դերանց խմահատի արտը կտրել էր։ Սերմը լա՞վ չէր, թե՞ անձյուն տարին էր պատճառը՝ արտը լավ չէր աճել, վատ էր աճել։ Մեկումեջ բուսած արտ էր, բայց ափսոս էր եղածը չհավաքելը։ Գործը որ հակառակ սկսվում է, հակառակ էլ շարունակվում է. հնձի ժամանակ Աղավելյանը գալիս է, ու ոնց որ պայմանավորված, իրենք էլ այդտեղ են լինում։ Վանեսյանը չէր ուզում գալ, ինքը բերեց ու բերելու պատճառն էլ Շահենն էր, Շահենն ու կոմբայնավարը կռվել էին։ Նրանց վեճն էին պարզում, որ Աղավելյանը եկավ։ Աղավելյանը նայեց արտին, ապա Վանեսյանի աչքին, էլի արտին նայեց, հետո Վանեսյանի աչքին, ու Մեխակը պարզ տեսնում էր, որ Վանեսյանի գույնը գցել է, դարձել է մրտոց։
- Վանեսյան, ռուսը գիտե՞ս սրան ինչ է ասում. ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, վար գալը մի ուրիշ ամոթ։
Աղավելյանը մի քայլ մոտեցավ Վանեսյանին, ու Վանեսյանը կամքից անկախ մի քայլ ետ գնաց, Աղավելյանը ուզեց մի քայլ էլ առաջ գալ, չեկավ, Վանեսյանը քայլ արեց, որ ետ գնա, մնաց տեղում։ Ուզում ես ծիծաղիր, ուզում ես լաց եղիր։
- Կրակադիլ, հիմա որ մարդկանց մոտ քեզ ասելիքս ասեմ, մեղավո՞ր եմ։ Մեր շրջանային խորհրդակցությունում ռեկորդային տոննաներ էիր ստանում, կրակադիլ, սա արտ է՞, սա տոննա կդառնա՞։
- Ընկեր Աղավելյան, բաց թողած տափ է եղել, թողել ենք հանգստանա ու այսպես արտ է աճել, մենք էլ ասացինք՝ ափսոս է բերքը, հավաքենք։ Ոնց որ Աստծո կողմից ուղարկած։
Քարտուղարը ինչպես պայթել էր, այնպես էլ հանգստացավ, ասաց.
- Երեւում է՝ Աստված ձեզ լավ է նայում։
- Ինչո՞ւ չպիտի նայի, օրական Կաղնի խաչի տակ մատաղ են անում։ Ու Վանեսյանը քարտուղարին խոսքակոխ արեց, չթողեց հասկանա հարցնի, թե այդ ինչպե՞ս է, որ խամ թողած տափը մինչեւ հիմա չի հերկվել, կամ անցյալ տարվա բերքը ինչպե՞ս է հավաքվել, որ այսպես նոր արտ է աճել։ Մեխակը միամիտ էր, կարծեց թե քարտուղարը չի հասկացել՝ չի հարցրել։ Նրան չէր հասնում, որ կարող է իմացածը չասի, մտածածն ասի։ Կրակադիլ՝ ընկեր Աղավելյանի ասած։
Քարտուղարին ճանապարհելուց հետո Վանեսյան Կայծերը մի լավ ծիծաղել է, Կաղնի խաչի հովասուն շուքում Աղավելյանին լավ հաց էր տվել, տրամադրությունը բացվել էր, իրեն էլ կրակադիլ չեն ասել եւ իրենց կրակադիլից վախեցողը ինքը չի եղել,- Մեխակի ուսին խփել է ու գլխով ցույց տալով քարտուղարի գնացած ճանապարհը, անկեղծացել ասել է.
- Վստահ ասված ստին բոլորն էլ հավատում են, Աղավելյանը լինի, ով ուզում է լինի։
Մեխակը այլեւս դուրս չի գալիս շենամեջ։ Մի օրվա մեջ փոխվել է մարդկանց վերաբերմունքը. բարեւը դարձել է չկամ, բարեւ են ասում ու քսված անցնում։ Մեխակը հասկանում է, շատ լավ հասկանում է, որ իր ամեն քայլը լուն ուղտ շինած հասցվում է նախագահին, բարեւած անցածը դառնում է երկար զրույց, քիթ-քթի դրած քսփսոց՝ քիսի-փիսի՝ մարդու գլխին եկած պատիժ։ Ոչ հանդիպեն, ոչ բարեւեն։ Ու ինքն իրեն կոխել է չորս պատի արանքը, ոչ ոքի երես չի ուզում տեսնել։
Արուսը մսով կերակուր բերեց՝ միս է ու անկտրել կարմիր տապակած կարտոֆիլ։ Մեխակի ռունգը գրգռվեց, եւ նա խմելու ցանկություն ունեցավ։ Արուսը իր ձեռքով մի մեծ բաժին լցրեց Մեխակին, Եգորին կանխեց ասաց.
- Մեխակը հազարից մեկ մեր տունը միտն է գցել։
- Որ լավ տակ ու վրա անենք, Արուսն ու Մեխակը բարեկամ են դուրս գալիս։
Զոհրաբը Եգորի ասածի վրա քմծիծաղ տվեց, ասաց.
- Բարեկամ են, բարեկամ չե՞ն, հորական կողմով մի երկու տուն էն կողմ բարեկամ են։
Զոհրաբը նորից բաժակը վերցրեց ձեռքը։ Մեխակը մտածեց՝ շուտ-շուտ չե՞նք խմում։ Շուտ-շուտ խմենք՝ կհարբենք։ Մտածեց, բայց ներքուստ չհակառակվեց, ուզեց հարբել։
- Մի բան ասա՝ խմենք։
Եգորը Զոհրաբին պաշտպանեց.
- Մի բան ասա խմենք։ Առանց ասել էն չի, էլի՜, որ լավ խոսք ես լսում, խմածդ լինում է հալալ դառած։ Ճիշտ չե՞մ ասում։ Զոհրաբ, ասա,- Եգորը անսպասելի լցվեց, փափկացավ.- Խաչապան էստեղ լինե՜ր։ Վա՜յ Զաքունց Խաչի... մերդ չմեռնի...
Արուսը մի կողմ նստած լսում էր տղամարդկանց, խոսելու տեսակետից իրեն համարելով սեղանակից։
- Գնանք Դերբենդի գերեզմաններից Խաչապան բերե՞նք։
- Կինը ի՞նչ է հասկանում... Էս լավ սեղա՜ն, որ քո ասած մի սեղանապետ չկա, որպեսզի լավ-լավ խոսքեր լսես, կերած-խմածդ էլ տեղ անց կենա։ Դու ասա, մեր մեջ գրագետը դու ես, էստեղ սխալ խոսք կա՞։
Արուսը չի համբերում, Եգորի ասածին պատասխանում է.
- Դրա համար է՞ր, որ մինչեւ ուտելիք բերելը մի շիշ թմփացրիք։
- Մեր սեղանի հաշվառն ե՞ս, մեր արդար կերած խմածն ես հաշվո՞ւմ,- Զոհրաբը նորից բաժակը հրեց Եգորի կողմը.- Պարտականությունդ իմացիր։
Խաչապայի հիշատակը, սակայն, բորբոքել էր Եգորի երեւակայությունը.
- Անգրագետ մարդ, էդքան խոսքերը որտեղի՞ց էր ճարում։
- Ընկեր Շամիրը պակաս չի։
- Ընկեր Շամիրը էն չի, Զոհրաբ, Խաչապան ամեն կենացի վրա մի առակ էր ասում, ու տեղին էր ասում։ Իսկ որ քեֆը բացվում էր, ադրբեջանցու խաղերից ասում էր ու լավ էր ասում։
Զոհրաբը ակամա համակվեց Եգորի զգացմունքով ու աչքը անսպասելի ջրակալած ասաց.
- Ափսո՜ս մարդ, մնաց Դերբենդի անհարազատ հողում։ Էդպիսի տղամարդը ափսոս էր։ Չեթվեռը մի ձեռքով էր վերցնում, ի՜նչ տղամարդ էր։ Էդպիսինին չեն թողնի ուրիշի հողում։
- Չգնար, ինչո՞ւ էր գնացել։ - Եգորի կերկեր ձայնը հարբած էր, եւ Արուսը ցանկացավ խոսքը կտրել, բայց Եգորը ձայնն ավելի բարձրացրեց.- Օտար տեղում մարդուն թաղելը ճիշտ չի։ Թե սխալ եմ, ասեցեք՝ սխալ ես։ Զոհրաբ, դու ասա։
- Էդ մեկը որ սխալ չի, էդ մեկում Խաչապու տղաները լավ չեն արել։
Արուսը չհամբերեց, ասաց.
- Ձեր հացը ուտում եք, ձեր հոգսերից խոսացեք,- նա բարձրացավ տեղից, որ գնա խոհանոց, բայց մի բան հիշեց ասաց.- Զաքունց տները քանդվում են, տղաները գան տիրություն անեն։ Ամենի տակին մի մեքենա կա, իրենց հայրական տան գլխի թիթեղը փոխեն, տանիքը կաթում է, պատերին խոտ է աճում։
Մեխակը ցանկանում է խառնվել զրույցին, բայց չի կարողանում պոկվել իր վիճակի մտքերից։ Լսում է նրանց, իսկ մտքերը ուրիշ տեղ են։ Արդեն ո՞ր ամիսն է տանը նստած։ Ձեռքը գործ չի բռնում, գոմի դռան ծխնին մեխահան է եղել, նոր՝ չէ, վաղուց է մեխահան, առաջ ժամանակ չէր ճարում մի երկու մեխ խփել,- հիմա առավոտից իրիկուն պարապ է, բայց ձեռքը գործ չի բռնում որ անի։ Առավոտ կովը նախիրը արեց, եկավ աչք ածեց, որ մուրճը գտնի, չգտավ ու էլ ման չեկավ։ Տանը հազար կիսատ-պռատ կա, բայց ձեռքը գործ չի բռնում։ Աշխենն էլ առաջվա պես գլխահան չի անում, խնայում է։
Զոհրաբը ոտանավորի նման նորից ասաց.
- Լավ-լավ լինենք։
Զոհրաբի դեմքը Մեխակին ծեր երեւաց։ Շատ խմելուց է, Զոհրաբը որ շատ է խմում։ Զոհրաբը որ շատ խմում է, լեզուն բերանում էլ չի տեղավորվում, մի տեսակ խանգարում է։
- Մեխակ, մի բան ասա խմենք, դու մեր մեջի գրագետն ես, մեր գյուղի ամենագրագետը դու ես, դու մեր գյուղի ամենաիսկական հարարեցին ես, այս միտքը Զոհրաբին լուսավոր թվաց, զգացվեց ասաց.- Հասկացեք թե ինչ եմ ասում, Մեխակը մեր Հարարի ամենաիսկական հարարեցին է։ Հասկացողը թող հասկանա։ Մեխակ, ախպոր պես եմ ասում, ես քեզ հետ ունեմ, ես միշտ էլ քեզ հետ ունեմ։ Թող Արուսն ասի։
Արուսը խոհանոցում էր, խոհանոցից ասաց.
- Խմած-խմած խոսում ես։
- Խմած է, բոլորս էլ խմած ենք, բայց հարբած չենք։ Մեխակը մեր Հարարի գերբն է, մեր Հարարի գերբի կենացն է։ Ինչ կասեք, Զոհրաբ, դո՛ւ ասա։
- Մեխակը գերբ էլ դառավ,- ծաղրեց Արուսը,- որ հիմնը եղավ, պիտի երգենք։
- Եգորը էս մի անգամ ճիշտ է ասում, Մեխակի կենացը պետք է խմել։ Ես չլինե՞մ, Եգորը չլինի՞, մյուսը չլինի՞, չլինենք՝ չլինենք։ Մեխակի հարցը ուրիշ է։ Մեխակը ոնց որ Տանձին աղբյուրը, Կաղնի խաչը, Վերի Հանդը, Ծառեխը։ Դրանք որ չեղան՝ Հարարը Հարար չի։ Չանգչանգոտ մարդ ես, բայց դու էլ էդպիսի մարդ ես։ Սխալ եմ, թող Արուսն ասի։
- Արուսը փեչատ չունի, որ հաստատի, կենաց եք խմում՝ խմեցեք, ես ձեզ համար նոտարիուս չեմ։
Զոհրաբը ասում է տալիս Եգորին, Եգորը ասում է տալիս Զոհրաբին, Արուսին վկա բերում։ Խմել են՝ խոսում են եւ ասված խոսքը բերանի շունչ է, վաղը ոչինչ չի հիշվելու, վաղը լինելու են առաջվանները։ Մեխակը հասկացավ որ այստեղ առնելիք-տալիք չունի, իրենք ուրիշ մարդիկ են, ինքն ու նրանք մեկը վերի թաղից, մյուսը՝ ներքին թաղից, նրանց կապողը մի բարի օր է։ Այստեղ ես ի՞նչ ունեմ, հարցրեց ինքն իրեն, ինքն իրեն նվաստացած զգաց, խեղճ ու անօգնական՝ ոնց որ կամին ճապաղած չորրորդ դասարանցի ճակատայինի երեխան։
Նախագահը դիմումի վրա մակագրել է. դուրս գրել 5 կգ ալյուր։ Նախագահը փակագծի մեջ գրել էր՝ ցորենի, ցորենը ջնջել գարի գրել, գարին էլ ջնջել, գրել՝ գարի-ցորեն։ Մայրը առավոտյան հաշանը փռել է, իրեն դրել կամի վրա եւ ինքը գնացել պահեստից 5 կգ (գարի-ցորեն) ալյուրը ստանալու։ Արմիկը առանց հաց է հանդը գնացել։ Մայրը ասել է՝ կեսօրին կգաս միասին կեսօր անենք, առավոտյան գնացել է, մինչեւ հիմա չկա։
Արեւը կեծացել է, ուզում է եզանն ասի՝ հոո՜, բայց իր «հո» ասելուն եզը բանի տեղ չի դնում, եզը դունչը կոխել է հաշանը ու ցորենն ուտում է, եզը հասկանում է, որ կամի վրա երեխա է, նրա հո-ն բանի տեղ չի դնում։ Բրիգադիր Օհաննեսը տեսել է եզը հաշանին դառած՝ հո՜, հա՜, հո՜ կանչելով, հայհոյելով գալիս է, բրիգադիրը ձեռքը բարձրացնում է, ու խրտնած եզը մղվում է առաջ, Մեխակի տակից կամը դուրս է պրծնում, Մեխակը մեջքի վրա ընկնում է հաշանի վրա, հաշանը փափուկ է, ցավ չի տալիս, բայց արտասուքները աչքերից հոսում են, որովհետեւ բրիգադիր Օհաննեսը վատ խոսք է ասել, անուն չի տվել, բայց Մեխակը հասկանում է, որ իր մոր մասին է ասել։
Մեխակն իրեն որբ զգաց, ու ահռելի մի թախիծ խարկեց կոկորդը, բերանը չորացավ, աչք ածեց՝ սեղանին ջուր չկար, չուզեց Արուսից ջուր ուզել, օղու բաժակն առավ, ասաց.
- Լավ-լավ լինենք։ Ինչքան էլ ուրիշ տեսակի խոսքեր ասենք, էլի վերջում պիտի ասենք մարդկության մեջ լավ լինենք, գործի մեջ լավ լինենք, առողջություններս լավ լինի։ Զոհրաբը էդքանը մի խոսքի մեջ է ասում՝ լավ-լավ լինենք։
Մեխակը օղու բաժակը քաշեց գլխին, ձեռքով բերանը սրբեց, Եգորը աղդրած կաղամբի թեւը մեկնեց, ասաց.
- Մի բան կեր։
Մեխակը բարձրացավ, ասաց.
- Շնորհակալ եմ, անցնում էի էս կողմով, հենց այնպես մտա, շնորհակալ եմ կերած-խմածի համար,- սպասեց Արուսը գլխարկը տա, ասաց.
- Մնացողանց խաղաղություն։
Մնացողանք Մեխակի ասածի սուտը ընդունեցին եւ հասկացան, որ Մեխակը գործով է եկել եւ գիտեն, թե ինչ գործով է եկել, ինքն իր բերանով ասեր՝ ասեր, չասեր՝ ուրիշ հարցնող չէր լինելու։
Մեխակը չասաց, իրենք էլ չհարցրին։ Եգորը չլիներ՝ կասեր, այդքանը Եգորն էլ է հասկանում, երբ Մեխակը մտավ, Եգորը ուզեց տեղից բարձրանալ, Արուսը աչքունքով հասկացրեց, Զոհրաբը սեղանի տակ ոտքը կոխեց, որ Եգորը մնա տեղում նստած։ Էս մի անգամ Արուսը գոհ էր, որ Եգորը եկել էր իրենց տուն։
Արուսը աստիճաններով իջավ, որ շունը պահի։ Սանդղակին էլի անհեթեթ կանգնեց, Մեխակի հրվել-անցնելն ավելի դժվարացավ։ Մեխակն ասաց.
- Մարդդ քեզ լավ է պահում, դարձել ես հաս՝ գաթայի մեջը դրած։
Արուսը մանր ծիծաղեց, Արուսը սիրում է մանր ծիծաղել ու մանր ծիծաղելով ասաց.
- Քեզ ի՜նչ։
Մեխակը բազրիքի ու Արուսի արանքների հաճույքում ասաց.
- Զոհրաբին անուշ լինի։
Արուսը նորից ասաց.
- Քեզ ի՜նչ։
Մեխակը Արուսի խայծը չհասկացավ, գրգռանքին պատասխանեց.
- Ուզենամ՝ «քեզ-ինչ» կլինի ինձ համար։
- Շունը բաց թողնեմ՝ ուզենալդ կդառնա ոչ մի բան։
Մեխակը մտածեց՝ Արուսին ծեծը պակասում է։ Զոհրաբը Արուսին չի ծեծի։ Մեխակը հասկացավ, որ Արուսին միայն ինքը կարող է ծեծել։ Հենց հիմա էլ կարող է ծեծել ու Արուսը ձեն չի հանի։
- Շունը բաց թողնես՝ սրտուզելիքդ կմնա սրտումդ։
- Էդպես մեծաբերան ես, որ տուժում ես, ռեխդ լակ-լակ, գլուխդ թակ-լակ։
Ուշ աշնան օդի պաղությունը կանխեց, ու Մեխակը իրեն զսպեց պահեց, մտքում ասաց՝ գործ չունես, ասաց՝ պետք չի։ Մեխակը գոտկամոտ տեղերով Արուսին մի թեթեւ մղեց առաջ, բազրիքի ու Արուսի արանքներից դուրս եկավ։ Արուսը ծաղրելու ձեւով կանչեց ու ասաց.
- Բարի գիշերը հախով չի, ասա՝ գնա։ Թե մոռացել ե՞ս։ Թե մոռացել ե՞ս՝ թույլ եմ տալիս, եկ ասա գնա։
Մեխակը մտքում հայհոյեց անպարկեշտ, առանց պատասխանը տալու գնաց։ Երբ մոտենում էր իրենց տանը, հիշեց Արուսին ու մի տեսակ խղճաց ու չիմացավ, թե ինչու խղճաց։
Շունը երկու թաթը դրել է Զոհրաբի ուսին, ուզում է երեսը լիզել, Զոհրաբը երեսը թեքում է, շունը գլուխը ավելի է մեկնում, ու Զոհրաբը կորցնելով հավասարակշռությունն ընկնում է կողքին։ Շունը իրեն մեղավոր է զգում եւ վազելով գնում է մինչեւ գոմի բերանը։ Հասնում է գոմի բերանը, հավերին թռցնում եւ այնտեղից նորից վազելով գալիս դեպի Զոհրաբը։
Արուսը պատշգամբից կանչեց ասաց.
- Նախագահը զանգել է, ասում է՝ Զոհրաբը ժամանակ ունի թող անցնի գրասենյակ։
Այս ասելու ձեւից Զոհրաբը հասկացավ, որ ինքը նախագահին պետք է։ Եթե պետք ես՝ Վանեսյանը դառնում է մռամոշ, ոնց որ հորդ սիրեկանից ծնված քո հարազատ եղբայրը։ Սա էլ բաջանաղ Սոկրատի ասածն է։ Զոհրաբը շարունակելով խաղալ Ազղունի հետ, պատասխանեց.
- Կամ աղն է պակաս, կամ մաղը։
Արուսը վերեւից՝ պատշգամբից քամահրեց Զոհրաբին, նայելով թե ինչպես է շան հետ խաղում, զվարճանում։ Ասելիք է գտել, ասում-հպարտանում է.
- Երեխաներից հետո ամենաշատը շանն եմ սիրում։ Երրորդ տեղը Արուսն է։
Արուսը մտքում նորից քամահրեց։
Զոհրաբը առավոտները շանը շղթայից հանում է, եւ ազատություն ստացած կենդանին ուրախությունից ծառս է լինում։ Վազում է մինչեւ գոմը, հետ է դառնում, թաթերը դնում է Զոհրաբի ուսերին ու գլուխը մեկնում, որ լիզի Զոհրաբի երեսը։ Զոհրաբը ետ է մղում, եւ շունը նորից վազում է գոմի կողմը, թռցնում հավերին ու հիմա էլ հավերի ետեւից է վազում։ Զոհրաբը խանդում է հավերին, բայց իբր հավերին վնաս չտալու համար է Ազղունին կանչում։ Ազղունը բանի տեղ չի դնում Զոհրաբի ասացը, որովհետեւ Ազղունը հասկանում է, որ հենց այնպես է կանչում։
Արուսը պատշգամբից մի բերան ասում է.
- Ազղո՜ւն։
Շունը իսկույն ետ է դառնում, ցանկանում է աստիճաններով բարձրանալ, բայց աստիճանների վրա խափանգը փակած է, չի կարողանում բարձրանալ։ Շունը պպզում է, նայում աստիճանների գլխին կանգնած Արուսին, շողոքորթ կաղկանձում, պոչը խաղացնում։
Զոհրաբը շանը կանչում է, շունը շարունակում է նայել աստիճանների գլխին կանգնած Արուսին։
- Ամեն օր լակը դու ես տալիս՝ դրա համար է։
Արուսը քամահրեց չպատասխանեց, շանն ասաց.
- Գնա՛ տեղդ։
Շունը խոնարհ գնաց նստեց աստիճանների մոտ զետեղված բնի մոտ։ Զոհրաբի տրամադրությունն անսպասելի ընկավ, ճնշված ասաց.
- Մի դույլ ջուր իջեցրու,- Զոհրաբը գոտկահան մերկացավ։
Արուսը ջրով դույլը իջեցրեց մինչեւ ցածր աստիճանը, Զոհրաբն ասաց.
- Լցրո՛ւ։
- Քո ձեռքը թող ածի, քո երեսը լվանա, լվացարանի տեղն էլ գիտես։
Զոհրաբը ցանկացավ մի խոսք ասել, ուզեց ասել՝ իմ ձեռքը կարող է երես էլ լվանալ, քո երեսբերանին էլ հասցնել, բայց առավոտ է, չուզեց արյուն պղտորել, չուզեց խոսքերի արտաքնոցը բացել։ Նա դույլը շուռ տվեց լվացարանի մեջ ու կիցը լցված ջուրը ածեց խզակոթին։ Երեկոյան շատ էր խմել, գլուխը ծանրացած է, կոկորդն էլ՝ ոնց որ խարկված լինի։ Սառը ջուրը հաճելի էր, նորից կից արեց, նորից լցրեց, դա քիչ էր, գլխով լվացարանի լեզվակը ետ հրեց ու ջրի սառը շիթը ծորեց խզակոթին ու այնտեղից էլ մեջքի սեռով իջավ մինչեւ տունդը։ Փշփշացնելով լվացվելը պրծավ ու նայեց վերեւ։ Արուսը աստիճանների գլխին կանգնած էր, սրբիչը նետեց։ Զոհրաբը սրբիչը օդում որսաց, սկսեց սրբվել։
- Երեկոյան շատ խմեցինք,- նորից հիշեց նա,- Եգորը ինձ մի օրի կհասցնի։ Խմելը պետք է մի քիչ քչացնել։ Մեխակի գնալուց հետո նրանք շատ չմնացին, չխմեցին էլ, բայց նրա գնալուց հետո մի տեսակ լավ չէր։ Ի՞նչ չէր լավ՝ չէր կարողանում հասկանալ, բայց լավը՝ լավ չէր։ Եգորը ասաց.
- Նախագահը ախպորս կատվից փոքրացել է։
Արուսը լրացրեց ասաց.
- Գոռոզ է՝ դրա համար։ Մարդ գոռոզ չպիտի լինի։
- Վանեսյան կասեն, կատվից փոքրացել է,- նորից ասաց Եգորը։
Զոհրաբին Եգորի խոսքը դուր չեկավ, բայց որ Մեխակը գոռոզ է՝ ճիշտ է։ Անցյալ տարի կոլխոզի հաշվետվության ժամանակ Մեխակն ու Վանեսյանը էլ խոսք չմնաց՝ իրար ասացին, Աղավելյանը ցանկացավ միջամտել, Մեխակը նրան էլ կծուկոթեց։ Մեխակը շատ է ինքնավստահ, բերանը եկածն ասում է, չի էլ նայում։ Աղավելյանի մերը չմեռնի, մի Մեխակն ի՞նչ է, որ չկռացնի։ Մեխակը մի հուպ տալ կուլ տալ էր՝ Վանեսյանն ու Աղավելյանը արեցին։ Ոչ մի ծպտուն էլ չհանեց։
Արուսը կիսատ շիշը դրեց սեղանին ու գնաց խոհանոցից թերխաշ երկու ձուն բերի։ Զոհրաբը ձեռքի ծալովի դանակով սոխը կլեպահան արեց, չորս հավասար օղակ կտրեց, վրան աղ ցանեց ու պանրի հետ դրեց ափսեի մեջ, հետո թերխաշ ձվերից մեկը մի պուճուր ծակեց գլխից, մի քիչ խմեց, աղ ցանեց, թեյի գդալով խառնեց ու ձեռքն առավ օղու բաժակը։ Մի կումով խմեց ու ձուն գլխին քաշեց։ Պրծավ, մի մեծ կտոր հաց կտրեց ու սոխի հետ պանիրը տարավ բերանը։ Մի բերան էլ սոխ ու պանիր կերավ, ապա ձեռքն առավ երկրորդ ձուն ու նույն կարգով պատրաստեց, բաժակը կեսից ցած լցրեց խմեց, պատրաստած ձուն ու երկու օղակ սոխը պանրի հետ կերավ, Արուսին ասաց՝ թեյ կա՞, Արուսը թեյը բերեց, ու Զոհրաբը քսա-հո անելով խմեց։ Այդքանը վերջացրեց, թիկնոցը հագավ ու դուրս եկավ։ Աստիճաններով իջնելիս կնոջն ասաց.
- Տեսնեմ նախագահը ինչ է ասում։
Վանեսյանը նոր նշանակած բրիգադիր Շահենին ինչ որ բան էր բացատրում։ Զոհրաբը ներս մտավ, Վանեսյանն ասաց.
- Հիմա վերջացնում եմ։
Իր ներս մտնելուն՝ նախագահի համար կարեւորությունը Զոհրաբին դուր եկավ։ Այդ մտքով մոտեցավ ու սրտալի ձեռքը մեկնեց Վանեսյանին։ Ոնց որ բահի տաս ու մեկի հետ խոսես՝ այդպես Վանեսյանը սեղմեց Զոհրաբի ձեռքը, Շահենին ասաց եւ այդ երկուսից կարեւորը եղավ ասելը.
- Շահեն Մեսրոպովիչ, երեկոյան կզեկուցես արածի մասին, հետո լրացուցիչ կպայմանավորվենք։
Զոհրաբը անհրավիրել նստեց նախագահին մոտիկ աթոռին. եթե Շահենը Շահեն Մեսրոպովիչ է, ինքը որ՝ Զոհրաբ Շիրինովիչ է՝ հաստատ եւ մտքում զանց արեց Վանեսյանի՝ իր ձեռքը իմիջիայլոց սեղմելը։
Շահենը գնաց, ու Զոհրաբը նկատեց, որ Շահենի գնալը նրան նախագահի մոտից դուրս հանելն է։ Դա լավ էր ու լավ չէր. մտածեց՝ Շահենը մնար կլիներ մի թեթեւ գործի համար կանչված։ Վանեսյանի մոտ չիմացված մի ահ կա, որ մարդկանց նրանից հեռու է պահում։ Զոհրաբը կուզեր Շահենը մնար, բայց Շահենը իրեն դուրս հանելով գնաց, հիմա երես երեսի նախագահի հետ մենակ են։ Զոհրաբը թուքը կուլ տվեց ու կատիկի տեղաշարժը ականջի մեջ տրաքեց։ Զոհրաբը դարձավ դասը չսովորած երեխա-աշակերտ։ Այդքանը նա ցույց չտվեց, բայց Վանեսյանի հետ մնալը՝ որ ասենք վախենում է, չի վախենում, չէ, Վանեսյանից ո՛չ կախում ունի, ո՛չ բան, եթե ճիշտը վերցնենք, Վանեսյանն է իրենից կախված, կախված եղել. քարահանքից իր ձրի ուղարկած քարով պալատ է կանգնեցրել՝ կոլխոզի գրասենյակը կմտնի մեջը դուրս գա, տանիքի մի հեկտար թիթեղը ընկեր Անաստասի հետ Շամոն է խփել, Շամոյին գործից ազատել է, բայց օրը գրել է ու դուրս է եկել կես գինձրի խփած։ Էդքանը ինքն արել է Վանեսյանի համար, Վանեսյանը մի անգամ ձեռքը չի տարել գրպանը։ Վանեսյանի գրպանը մդակի ասեղով կարած է։ Սեդա Գերասիմովնան է կարել։ Էդքան լավության պատասխանը եղել է այն, որ մեկ-մեկ պահեստից յուղ է դուրս գրել, մի երկու անգամ Մանգասարովի համար մթերման գներով կարտոֆիլ է վերցրել, մի անգամ, թե երկու անգամ խոզի գոճի է պետք եկել, մի անգամը լավ հիշում է. Մանգասարովը հյուրեր էր բերել Խաչին աղբյուրը, ուշ էր իմաց տվել, ոչխարը հանդում է եղել, թե չէ՝ իր դռանը եղածից կմորթեր ու շուտը մնացել էր կոլխոզից գոճի վերցնելը։ Բոլորն էլ փողով, փաստաթղթերով։
Անում ես՝ կարծես պարտավոր ես, կարծես էդպես էլ պիտի լինի, տեղը եկած ժամանակ ոչ հիշել, ոչ բան, կարծես հետը պայմանագիր ես կապել, պարտք ու պարտավոր ես։ Վանեսյանը որ մտքումը դրեց՝ անել է տալու, բանը էնպես է շուռ տալու, պատ տալու, որ չուզենալով անես։ Զոհրաբը նայեց Վանեսյանին ու ահ ասեմ, թե մի ուրիշ բան, մտավ մաշկի տակ եւ ստացվեց, որ Զոհրաբի տակին աթոռ չի, տկլոր էշի մեջք է, էշի մեջքի սեռը հարում է, էս կեսիդ վրա ես նստում, էն կեսիդ վրա ես նստում, ոնց էլ անում ես հարում է ու նստելդ դառնում է տաժանք։ Զոհրաբը անհամբեր սպասեց Վանեսյանի խոսելուն. ասա՝ իմանանք փորացավդ, հարսանիքի հրավերք ստացած վաղի ուղտի պատմությունը եղավ՝ կամ աղի են ուղարկելու, կամ՝ նավթի, ուղտին հարսանիք հրավիրելու իմաստը սա է։ Վանեսյան, ասելու ես՝ ասա պրծնենք քեզանից։ Իսկ Վանեսյանը թուղթը քաշել է առաջը ու իր սիրուն, ռանդա տված ստորագրություններն է շարում, ոնց որ լցնես թափես։ Արեց, արեց, արեց, ստորագրություններ շարեց, վերջապես թուղթը դեն հրեց, գրիչը դրեց տեղը, նայեց ասաց.
- Ո՞նց ես, է՜, ո՞նց։
Գիշերը քունը չի տարել, հատուկ կանչել է, որ իմանա, թե Զոհրաբը՝ ո՞նց ես, էէ՜, ո՞նց։ Լավ է, շատ լավ է, ինչո՞ւ պիտի վատ լինի, վատը թող իր թշնամին լինի եւ Զոհրաբի լավն ու վատը Զոհրաբին է վերաբերում, Զոհրաբն է իմանում, փորացավ ունես՝ փորացավդ ասա, Վանեսյան։
- Ամեն օրվանն ենք, քեզանից կհարցնենք։
«Քեզանից կհարցնենք»-ի պատասխանը Զոհրաբի համար կլիներ շատ ու չպատասխանվեց։ Զոհրաբի ասածը եղավ խոսքի համար ասված, եղավ բերանի փուհ։ Զոհրաբը լարվեց սպասեց։ Զոհրաբը մտքում ասաց՝ սրա փողքումը փթրաղ կա, մտածեց՝ իր վրա մի ծանր շալակ ունի դնելու։ Դնելու է, Վանեսյանից պրծումնը չկա, որ որոշել է, անելու է ու մտածեց, թե նախագահի մտքումը ինչ կա դրած։
Վանեսյանը հիմա էլ սկսեց սեղանի վրա ինչ-որ թղթերի ման գալ։ Իբր թե հիմա էլ նրա միտքը կարեւոր մի թուղթ գտնելու վրա է, հարցրածը հենց էնպես մի խոսք ասելու նպատակ է։ Վանեսյան, դու կտրվես, Զոհրաբը քո կաշին դաբաղխանից է ճանաչում, քո մյուս ասածից պարզ եղավ քո կանչելու եւ իր գալու իմաստը։
- Մենակ քեֆ ես անում։
- Մենակ ի՞նչ քեֆ,- պատասխանեց ու լեզուն կծեց։ Բայց անորոշ ասած իր պատասխանը Զոհրաբին դուր եկավ. հարցնի՝ ասեմ ով է եղել, ասեմ քեզ հարազատ քո ախպերացեղ Մեխակն է եղել։ Հարցնի՝ ասեմ։ Զոհրաբը մտածեց նաեւ, թե ով կլինի հայտնած։ Եգորը չի ասի, Արուսը չի ասի, Արուսը դեռ տնից դուրս էլ չի եկել։ Էս մարդը ամեն տեղին աչք ունի դրած։ Երեւի Եգորին անպատեհ հանդիպել է ու խոսք դուրս քաշել։ Վանեսյանի համար Եգորից խոսք դուրս քաշելը ոնց որ՝ ամենահեշտ գործը ո՞րն է որ ասեմ, ոնց որ ծարավ ժամանակ մի փարչ սառը թան խմես, շոգ է ու դու էլ ծարավ ես՝ մի փարչ թանը մի կում ես անում։
- Քեֆ անող տղա լինի, թե չէ քեֆի համար ի՞նչ է հարկավոր՝ սրտիդ մոտիկ մի ընկեր։ Լավ ընկերոջ հետ մի թեւ տկաթերով կարելի է մի կարաս գինի խմել։
Զոհրաբը կասեցրեց ու լավ կասեցրեց.
- Գցած սեղան լինի՝ ընկերը ինքն իրեն կճարվի։
Վանեսյանը նրա խոսքի վրա «հըմ» արեց, այսինքն թե՝ երես ունես՝ պատասխանում ես։ Այսինքն թե՝ նախագահին հակա ես դուրս գալիս։ Զոհրաբը այդպես էլ հասկացավ, տազ կացավ։
- Մեխակին ինչո՞ւ չես գործի վերցնում։
- Քարահանքը շտրաֆբա՞տ է՝ դու հանես, ես վերցնեմ։ Լավ էր, պահեիր, ինչո՞ւ չես պահել։
- Լավ է, լավ. վատ մարդու հետ սեղան կնստե՞ն։ Ասված կենացներդ մոռացել ե՞ս՝ քարին ածես ճաքի,- Վանեսյանի իր այդ խոսքի վրա սառը, սիրուն ժպտաց։
Զոհրաբը նորից մատը կծեց՝ կենացների մասին որտեղի՞ց գիտի։ - Ֆանտամաս շանորդի՛, դու ձեր տանը նստած, ի՞նչ իմացար մեր խմած ասածը։ Թե՞ խոսք է քաշում։ Խոսք է քաշում՝ հաստատ։ Վանեսյան, հեռու քեզանից, աղվես ես, է՜, աղվես, դու որ ծնվել ես, Հարարա հանդերի աղվեսները յոթ օր սուգ են պահել։ Բայց քո աղվեսությունն ինձ մոտ անց չի կենալու,- Զոհրաբը մտածեց, բարձր ասաց.
- Դու հետը քիչ չես բաժակ խփել։ Մոռացե՞լ ես։ Մոռացել ես՝ միտդ գցեմ։
- Իմը ուրիշ է, իմը ի պաշտոնե հարկադրված է եղել։
Ի պաշտոնե էլ ասում է։ Երբ տան քարի գործը վերջացրին, Մեխակի վրա մի ոչխար դրեց։ Մարդը չուզենալով ոչխար մորթեց։ Քեֆին ինքն էլ կար, լավ հաց էին սարքել, բոլորն էլ մինչեւ քողը թրջվել էին ու էդքանը հիմա դարձել է ի պաշտոնե։
Զոհրաբը հիշեցրեց ասաց.
- Մեխակի ոչխարի համը մինչեւ հիմա բերանումս է։
- Ուրիշ հիշողություններդ՝ չէ, բայց համի հիշողությունդ լավ է։
- Լավ է, ինչո՞ւ է վատ։
- Անցյալ ձմեռ քո բաջանաղ Սոկրատի վրա խոտ չէիր ծախե՞լ։
- Երեսներդ պարզ խոսում եք։ Մեկը՝ դու։
- Ես տվեցի, չտվողը չտվեց։
Էս մեկում, վա՜յ հոգի, Վանեսյանը իրավացի է։ Վանեսյանը ասել էր՝ Վերի հանդից մի ղոթմա խոտ տար, ասել էր՝ գիշերով տար, որ տեսնող չլինի, չի լինելու, հանդապահը քո եղբայր Անդոնն է։ Մեխակը իմացել էր, թարսի պոչը բռնել-հակառակվել՝ օրինավոր է, ասել էր, ցերեկով տար, ինչո՞ւ ցերեկով, ժողովրդի աչքի առաջ չես տանում, հետո ավելացրել՝ թող նախագահը ինձ ցուցում տա, գրավոր հարկավոր չի, մի բերան թող ասի, բերանը զոռի ասի։ Մեխակը կողքահաստ է, որ ասաց չէ՝ չէ, ուզում է նախագահը լինի, ով ուզում է լինի։ Ձմեռը Մեխակը իր խոտից տվել է, տվել է ու ասել՝ թող նախագահը չիմանա, ասել է՝ կասես իմ բաջանաղ Սոկրատից եմ վերցրել։ Մարդու լավն էլ ասենք, վատն էլ՝ փողի մասին չուզեց էլ լսել։
Վանեսյանը նորից սառը, սիրուն ժպտաց, ասաց.
- Քո գործը՝ քո հաշիվը, ուզում ես գործի վերցնել՝ վերցրու։
Վանեսյանը նորից ժպտաց։ Զոհրաբը Վանեսյանի աչքերի մեջ այնպիսի մի պղտորություն տեսավ, որ նրա մեջ եղած ահը նորից եկավ պատեց։ Զոհրաբը ցանկացավ մի բան ասել, բայց չիմացավ ինչ խոսք ասի, շփոթվեց մնաց։
- Քո՛ դիպլոմի դիմաց նրա չորրորդ դասարանը ի՞նչ կարող է անել։ Ճիշտ չեմ ասո՞ւմ։
Վանեսյանը քմծիծաղ տվեց, ու ծանոթ ահը նորից Զոհրաբի մաշկի տակ մտավ։ Ինչպես մեկը քեզ վրա ձեռք բարձրացնի, դու էլ ակամա քո ձեռքը դեմ առնես, Զոհրաբը այդպես պաշտպանվեց ասաց.
- Ինձ տեղից շարժողը մորը փորից չի ծնվել։
Զոհրաբը այդքանն ասաց, մնացածը պահեց։ Զոհրաբի համառությունը, սակայն, արդեն զզվեցնում էր, Վանեսյանը չհամբերեց ասաց.
- Ոչ քեզ են պսակել քո տեղի վրա, ոչ էլ քո կնոջը։ Արուսի տեղի վրա հազար աչք կա դրած։ Ամեն ինչ ասել ես տալիս։ Դու գիտես՝ քո չորրորդ դասարանի կրթությանը հաշիվը։ Ես իմն ասացի պրծա։
Զոհրաբը՝ էշը կորցրած, գնաց քարահանք։ Մինչեւ քարահանք հասնելը մի երկու տեղ նստեց, մտածեց, ուզեց որոշել՝ ամենաշատ վտանգը ումի՞ց է գալիս՝ Մեխակի՞ց, թե՞ Վանեսյանից։ Դուք իրար ուտեք, ուրիշներին կրակի մեջ գցեք, ես ձեր... Զոհրաբը հայհոյեց-թքեց, որ թքի հետ խոսքի կեղտոտությունները թափի։

2 комментария:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить
  2. Բարեւ
    Սա տեղեկացնում է հասարակությանը, որ Հռոմի կաթոլիկ քրիստոնեական կազմակերպությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերում օգնության կարիք ունեցողներին օգնելու համար, ինչպիսիք են ֆինանսական աջակցությունը: Այսպիսով, եթե դուք գնում եք ֆինանսական դժվարություններ, կամ դուք որեւէ ֆինանսական խնդրի մեջ եք, եւ դուք պետք է միջոցներ սկսեք ձեր բիզնեսը սկսելու համար, կամ դուք պետք է վճարեք ձեր օրինագծերը, ձեր կարճաժամկետ եւ ցածր տեւողությամբ, ցածր տոկոսադրույքով 2% զեղչ անհատների եւ ընկերությունների համար: խնդրում ենք կապվել մեզ հետ այսօր էլ. Փոստի հասցեով (romancatholic19@gmail.com) Աստվածաշունչն ասում է (Ղուկաս 11.10). ով փնտրում է գտնում; եւ ով բախում է, դուռը բացվելու է: Այսպիսով, մի կարոտեք այս հնարավորությունը, քանի որ Հիսուսը նույնն է երեկ, այսօր եւ ընդմիշտ: Խնդրում ենք սա լրջորեն մտածված եւ Աստծուց վախենալով մարդկանց: Ստացեք մեր անկեղծ շնորհավորանքները հռոմեական կաթոլիկ քրիստոնեական կազմակերպության կողմից, այսօր մեզ հետ այս նամակով (romancatholic19@gmail.com)

    ОтветитьУдалить