ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆԿԱՆ ԱՉՔԵՐՈՎ


  • Աշխարհը Լիլիթի աչքերով 
  • Տոնաշենցի Արամը 
  • Կյաս-քիս՝ Սպարտակ 
  • Թե ինչպես Արսենը, Ռոման դասի չգնացին, եւ Լիլիթը շատ խաղընկերներ ունեցավ 




ԱՇԽԱՐՀԸ ԼԻԼԻԹԻ ԱՉՔԵՐՈՎ

Լիլիթը վեց տարեկան է, մանկապարտեզ չի գնում, որովհետև Ստեփանակերտում մանկապարտեզները չեն գործում: Հայրը ԼՂՀ պաշտպանության բանակի զինվոր է, մայրն աշխատում է մետաքսի կոմբինատում, Արսենը (եղբայրը) դպրոցական է, հորեղբայր Արմենը տանկիստ է, հորեղբայր Գագոն զոհվել է, ռմբակոծությունից հետո ապրում են ավերված տան ներքին հարկում, տատիկ էլ ունի, պապիկ էլ: Արցախյան բնորոշ ընտանիք:
Երբ Արսենը լինում է դպրոցում, մեծերը գործով դուրս են գնում, Լիլիթին սովորաբար թողնում են մորս մոտ: Լիլիթը դառնում է մորս զրուցակիցը: Նաև` իմ, երբ աշխատանքի ընդմիջմանը գալիս եմ տուն:
- Մաքսիմ քեռի, ցերեկով լույս չի լինելու:
- Զանգել են, հայտնե՞լ,- հարցնում եմ ես:
Լիլիթը լուրջ պատասխանում է:
- Տատիկը պապիկին ասել է` հաց չկա տանը, զանգիր իմացիր` հոսանք լինելու՞ է, թե՝ ոչ, խմոր անե՞մ, թե՝ ոչ: Պապիկն ասել է` խտտիդ խոխա չկա, դու զանգիր: Մայրիկը զանգել է, ասել են` Լաչինից Գորիս վթար կա, մինչև ութը լույս չի լինելու:
- Մնացել եք առանց հացի՞:
- Տատիկը էծամորի է թխել:
- Թարմ էծամորին լավ է,- նկատում եմ ես,- մանավանդ պանրի հետ:
- Պանրի կիլոն հինգ հազար է, էն էլ որ լինի...
Լիլիթին առաջարկում եմ միասին ճաշել: Լիլիթն առանց ձևականության մոտենում է սեղանին ու նայում մորս, որ իրեն էլ սպասք բերի:
- Մաքսիմ քեռի,- ասում է Լիլիթը,- մեր այծիկը հունվարին ծնելու է: Որ հորեղբայր Արմենը բերել է մի տեղից:
- Ո՞ր տեղից:
- Անունն ասել է, չեմ հիշում, բայց թուրքի: Խոտ էլ է բերել, որ այծիկն ուտի ու շատ կաթ տա:
- Ուրեմն Արսենն էլ, դու էլ կունենաք:
- Ագոն էլ,- ավելացնում է Լիլիթը:
Ագոն հորեղբայր Արմենի` Ագո պապի անունով տղան է:
- Ալբերտն էլ,- լրացնում է Լիլիթը:
Ալբերտը զոհված հորեղբայր Գագոյի մեծ տղան է:
- Արմինեն էլ: Աշոտին ու Գոհարիկին` չէ:
- Ինչո՞ւ:
- Աշոտն ու Գոհարիկն իրենց էն մի տատիկի տունն են գնում, Ալբերտը` մեր:
- Մեծի ասած, փոքրի լսած,- խիստ ասում է մայրս:
Ես նյութը փոխում եմ, ասում եմ.
- Լիլիթ, ի՜նչ լավ այծիկ ունեք, մի կովի չափ կաթ է տալու:
- Պապիկն ասում է` զույգ ուլիկ ենք ունենալու:
- Աղքատի հույսը շա՜տ...- նորից միջամտում է մայրս:
Հիմա էլ նյութը Լիլիթն է փոխում.
- Պապիկը երեկ կռվել է սիգարետ ծախողի հետ, ասել է` խիղճ չունեք, թուրքից էլ վատ եք, մեր հաշվին հարստանում եք:
- Պապիկը ճիշտ է ասել, բայց ինչո՞ւ ծխելը չի թողնում:
- Ես էլ եմ ասում,- համաձայնվում է Լիլիթը:
- Եթե քո խոսքն էլ չի անցնում, դժվար է:
- Հը՜մմ,- հաստատում է Լիլիթը:
- Պապիկդ որտե՞ղ է, որ մենակ ես մնացել,- հետաքրքրվում եմ ես:
- Լողանում է:
Խոհանոց-բաղնիք-ճաշասենյակ-ննջասենյակները համատեղել ենք, որ վառելափայտը խնայենք: Եթե տանը մեկը Արսենից բացի լողանում է, Լիլիթին բերում են մեր տուն:
- Մաքսիմ քեռի, թուրքերը քսանյոթ ինքնաթիռ ունեն:
- Մինչև քսանյոթ հաշվել գիտե՞ս:
- Մինչև հարյուրից անցել եմ:
- Ուրեմն դո՞ւ ես հաշվել:
- Մայրիկն է ասել:
- Մայրիկին ո՞վ է ասել:
- Ռադիոն է ասել:
- Ռադիոյին ո՞վ է ասել,- շարունակում եմ հետամուտ լինել: Դա Լիլիթին դուր չի գալիս, թեման փոխում է:
- Զմրուխտ տատի,- դառնում է մորս,- նրանց ինքնաթիռները «ադնառազովի» են, չվախենաս, հենց որ մոտենան` դրախկ-դրախկ` էլ չկան:
- Աստված քո խոսքը լսի, այ բալա,- ասում է մայրս և ապուրով լիքը ափսեն դնում Լիլիթի առաջ: Մի որոշ ժամանակ Լիլիթն ուտելով է զբաղված: Իսկ ես մտածում եմ, թե փոքրիկ այս էակի միտքը փոխանակ սահնակ, տիկնիկի, մանկական այլ բաներով զբաղվի, պատերազմի ահավոր իրականությանն է արձագանքում: Ստույգ, առանց գունավորման:
- Անցյալ գիշեր շատ ուժեղ պայթյուն է եղել: Ես լսել եմ, պապիկը չի լսել: Դու չե՞ս լսել, Զմրուխտ տատի:
- Դու ինչո՞ւ ես լսում, թող սև մնացած Ալիևը լսի:
- Ալիևն ասել է` Ղարաբաղը մերն է, իսկ հորեղբայր Արմենն ասել է` ականջի ետևը կտեսնի, Ղարաբաղը չի տեսնի:
- Իսկ պապիկն ի՞նչ է ասել,- հարցնում եմ ես:
- Ասել է...
Լիլիթը կրկնում է պապի խոսքերը, մայրս սաստում է:
- Հիմա դանակը բերեմ, լեզվիդ ծայրից կտրեմ:
Լիլիթը նորից լռում է, բայց երկար լուռ մնալը դժվար է նրա համար:
- Մաքսիմ քեռի, մենք զոհվածի ընտանիք ենք, բայց մեզ վառելափայտ չեն բերել, ուրիշների համար բերել են:
- Որ աշխարհում արդարություն լիներ, ոչ պատերազմ կլիներ, ոչ էլ մահ,- մայրս գոգնոցի ծայրը տանում է աչքերին, ծանր լռություն է իջնում:
Լիլիթն էլ է լռում:

1993 թ.




ՏՈՆԱՇԵՆՑԻ ԱՐԱՄԸ

Ընդմիջումից հետո վերադառնում էի աշխատանքի: Նկատեցի, որ լվացքատանը մոտիկ, որտեղ մոտակա փողոցների բնակիչները կենցաղային մնացորդները լցնում են մի տեղ, Արամը մանկական սայլակի մի մեծ տարողություն է իջեցնում սայլակից: Այն ժամանակ Արամի անունը դեռ չգիտեի, բայց շատ դուրեկան փոքրիկ տղա էր, մանավանդ, որ իր փոքր տեղով մեծի գործ էր կատարում: Ես սիրում եմ նման երեխաների: Ես նրա անունը հարցրի, ինքն իմ անունը հարցրեց` ծանոթացանք: Հետո իմացա, որ Արամը ստեփանակերտցի չէ, տոնաշենցի է: Ուրեմն՝ բռնագաղթած է: Իմ համակրանքն ավելի շատացավ: Ես հարցրի, Արամն էլ պատմեց, որ իր հայրը ֆիդային է, հիմա մարտի մեջ է:
- Իսկ դու ինչո՞ւ ֆիդային չես,- հարցրեց Արամը:
Ես չկարողացա լավ բացատրել, Արամից իրենց տան տեղն իմացա ու խոստացա, որ կհանդիպենք ու կխոսենք: Արամն իր համաձայնությունը տվեց: Որոշ ժամանակ անց հանդիպեցի Արամին եւ իրենց մեծ քրոջը` Լիդային: Իսկ ամենամեծ քույրը, որ գերազանց սովորում էր թիվ 7 դպրոցի 5-րդ «բ» դասարանում, մոր հետ գնացել են մի տեղ եւ Զարմինեն գիշերը մնալու է այնտեղ: Զարմինեն արդեն կարողանում է խմոր անել ու հաց թխել, եւ Զաբելա մորաքույրը, երբ ժամանակ չի ունենում, Զարմինեին է պատվիրում: Ուրեմն ստացվում է, որ Զարմինեն Արամի եւ Լիդայի մորաքրոջ աղջիկն է:
- Ես արդեն պապիկ եմ,- կարծես շարունակելով նախորդ զրույցը, ասացի ես Արամին:
- Իսկ քո տղան ֆիդայի՞ն:
- Արամ, ես տղա չունեմ, երկու աղջիկ ունեմ: Իսկ դու ի՞նչ ունես-չունես:
- Երկու քույր ունեմ, երկու ախպերիկ եմ ունեցել, Վրեժն ու Մհերիկը, մահացել են: Շուտ: Մայրս դպրոցում է աշխատում, հայրիկս ֆիդային է եւ նրա պես կռվող չկա: Ֆիդային Միշիկին բոլորը ճանաչում են: Հայրիկիս պես կռվող չկա,- կրկնեց Արամը,- գնդացիրը դնում է... չէ, առաջ ավտոմատն է դնում, ավտոմատը դնում է, գնդացիրը վերցնում, գնդացիրը դնում է՝ ականանետն է վերցնում, ականանետը վերցնում է, չէ, ականանետը դնում է, տանկն է վերցնում:
- Տա՞նկն էլ, Արամ:
- Տանկն էլ,- վստահ ասում է Արամը, եւ ես հավատում եմ, որ Արամի հայրը կարող է նաեւ տանկից կրակել:
- Իսկ էն տղան, որ նախորդ հանդիպմանը քեզ հետ էր, ընկե՞րդ է:
- Չէ, իմ ընկերները Տոնաշենում են:
- Հիմա՞ էլ:
- Չէ, հիմա Տոնաշենում մարդ չկա:
- Իսկ հիմա տոնաշենցի ընկերներդ որտե՞ղ են:
- Տարբեր: Աբուլյան-բանը գնացել են Կրասնոդար, Հարունը-բանը Երեւանում են, Մամիկոնի թոռը չգիտեմ որտեղ է,- դառնում է Լիդային,- Զարվարդի թոռան անունն ի՞նչ է ու հիշելով ասում է,- հա` Դավիթ, Դավիթը քաղաքում է,- քաղաքը Ստեփանակերտն է,- Դավիթին չեմ տեսել, բայց իրա տատիկը միշտ գալիս է մեր տուն, առաջ հարցնում է հայրիկիս առողջությունը, հետո Տոնաշենից է հարցնում, ասում է` ե՞րբ ենք վերցնելու, հայրիկս ասում է` քիչ է մնացել, նա էլ ասում է` ամեն անգամ ասում ես, մենք դեռ էստեղ: Հայրիկս է՛լ չի խոսում, ծխախոտը վառում է, գնում դրսում ծխելու: Հայրիկիս դուր չի գալիս, որ Տոնաշենի մասին խոսում են:
- Մերոնք Տոնաշենն արդեն վերցրել են,- ասում եմ ես:
- Չեն վերցրել, ռադիոն ասել է, որ կռիվներ են գնում Տոնաշենի, Մատաղիսի, Չայլվի ուղղությամբ:
Լիդան հաստատում է: Ես ասում եմ.
- Այսօր ռադիոն ասելու է, որ մերոնք Տոնաշենը վերցրել են, կարող եմ նույնիսկ շնորհավորել:
- Ռադիոն էդպես չի ասել, ասել է «ուղղությամբ»:
Արամը երեւում է համառ տղա է, ես էլ չեմ վիճում: Ես Արամին հարցնում եմ.
- Հայրդ հիմա որտե՞ղ է:
- Երկու ամիս է`տան երես չի տեսել:
- Գիտեմ, որ ռազմաճակատում է, բայց ո՞ր ռազմաճակատում է:
Արամը փորձում է հիշել, չի կարողանում հիշել ու սկսում է կմկմալ: Արամը մի բան որ չի հիշում, կմկմում է: Այդպիսի սովորություն ունի:
- Էն, որ ռադիոյով միշտ ասում են,- հիշում է Արամը:
- Աղդա՞մ:
- Չէ՛:
 - Մարտակե՞րտ, Քելբաջա՞ր, Ֆիզուլի՞:
- Ֆիզուլի,- հիշում է Արամը, Լիդան հաստատում է: - Էս խնձորները Արայիկը Ֆիզուլուց է բերել:
Մոռացա ասել, որ երբ մտանք տուն, Արամն ու Լիդան մի-մի խնձոր կծոտելով ուտում էին: Ես հարցրի.
- Արայիկը ո՞վ է:
- Քեռիս:
- Ֆիդայի՞ն է:
- Չէ, քեռի Արայիկի տասնչորսը լրացել, մտել է տասնհինգը: Դեռ երկու տարի ունի:
- Երեք,- ուղղում եմ ես,- բանակ են վերցնում տասնութից: Այդ մասին հատուկ հրաման կա:
- Քեռի Արայիկն ասել է` տասնյոթս մի քիչ լրանա, գնալու եմ: Արայիկի հայրիկը` քեռի Գուրգենը, ձեռ է առել` ասել է` զգա՛ստ, գեներալ Արայիկը գալիս է: Իսկ քեռի Արայիկն ասել է` գեներալ չի գալիս, մարշալ է գալիս: Քեռի Գուրգենն ասել է` մարշալ Բաղրամյանը, քեռի Արայիկն ասել է` մարշալ Ավետիսյան Արա Գուրգենի:
- Քեռի Արոն սպանվել է,- ասում է Լիդան: Ես նայում եմ Լիդային, հետո Արամին: Արամը բացատրում է.
- Ընկերներն ասել են` վտանգավոր է, մի գնա, քեռի Արոն չի լսել, գնացել է: Նորից են ասել` թուրքը խփելու է, քեռի Արոն էլի չի լսել, թուրքը խփել է: Մատաղիսի գլխին են խփել: Քսաներկու տարեկան է եղել:
- Ե՞րբ է եղել:
- Էն որ Գյուլաթաղը վերցրել են, դրանից հետո: Տունը շինել է, մնացել է պատուհանները դնի, ասել է` գնամ գամ` պատուհանները դնեմ: Մորաքույր Ադելինան միշտ լացի մեջ ասում է: Քեռի Գուրգենը չի խոսում, լաց է լինում: Մարտի գնալուց առաջ մի քիչ խաղացել է ամենափոքր ախպերիկի հետ, Արմենը լաց է եղել: Մյուս օրը թուրքերը խփել են: Հրամանատար Նորիկն ասել է՝ մի կով եմ տալու:
- Եթե հրամանատար Նորիկը չսպանվեր` արդեն տվել էր,- լրացնում է Լիդան:
- Հրամանատարը մեր քեռուն շատ էր սիրում:
Թեման փոխելու համար հարցնում եմ.
- Ե՞րբ եք Տոնաշենից եկել:
- Բոլորից շուտ է եղել: Առաջ ներքեւի մանկապարտեզում ենք մնացել, հետո այնտեղից հանել են, հետո մի մարդու տան ենք ապրել, էն մարդու անունը Կամո է, Կամոն էլ է ասել` դուրս եկեք, հիմա էստեղ ենք ապրում: Անունը Համլետ է: Հենց որ ուզում ենք խաղալ, ջղայնանում է, ասում է` էլի ճղճղոցը դրիք, ու մենք էլ չպիտի խաղանք:
- Քաղաքը լավ չի,- ավելացնում է Լիդան:
- Որ գնանք մեր շենը, հա՞, իրենք էլ գան մեր շենը, ասելու եմ` հերիք է ճղճղաք, մեր շենից գնացեք:
- Դու էլի քեզնից դուրս եկա՞ր,- խիստ միջամտում է Լիդան,- դրա համար մայրիկը ծեծել է, ասել է` Արամ, քեզնից դուրս չգաս:
- Չի ծեծել, սուտ տեղից ականջս բռնել է, ցավ էլ չի տվել:
- Ինչո՞ւ,- հետաքրքրվում եմ ես,- ինչո՞ւ է ականջդ քաշել:
Արամը չի պատասխանում, պատասխանում է Լիդան: Այսինքն, Լիդան ուզում էր պատասխանել, Արամն արգելում է.
- Չասե՛ս:
Լիդան չի լսում, պատմում է.
- Էնտեղից երկու պարեկ են անցել,- Լիդան պատուհանով ցույց է տալիս տան դարպասի կողմը,- Արամն էլ էնտեղ է եղել: Պարեկ քեռին հարցրել է` հայրիկ ունե՞ս, ասել է` ունեմ, ասել է` որտե՞ղ է, ինքն էլ ասել է...
Արամը ձեռքով փակում է քրոջ բերանը.
- Էդպես չի եղել:
- Դու պատմիր` ինչպես եղել է,- առաջարկում եմ ես:
- Քեռին հարցրել է` ո՞ւմ տղան ես, ես էլ ասել եմ` իմ հեր տղան եմ: Քեռիները ծիծաղել են, էլի էն մի քեռին ասել է` դու լավ տղա ես երեւում, քո հայրիկը հիմա որտե՞ղ է, ես էլ ասել եմ` կնկա փեշի տակ է, քեռին ասել է` գնանք ցույց տուր ձեր տունը, ես էլ ասել եմ` մեր տան կնկան չեմ ասում, ռազմաճակատինն եմ ասում: Քեռիները ծիծաղել են, ուզեցել են մի բան նվեր տալ, բան չի եղել, ասել են` հաջորդ անգամ նվեր կբերենք: Ասել եմ` մի փամփուշտ տուր, չեն տվել, ասել են խաղալիք չի: Հայրիկս էլ է ասում: Էս խաբար տանող կատուն,- ցույց է տալիս Լիդային,- պատմել է մայրիկիս, մայրիկս էլ ասել է` դու քեզնից շատ ես դուրս գալիս, հաքուն եկած է եղել, ասել է` մեծի ասած, փոքրի լսած: Մայրիկս էլ չի ծեծել, ականջիցս մի փոքր բռնել է, ցավ էլ չի տվել:
Նորից թեման փոխում եմ, հարցնում եմ.
- Քաղաքում բարեկամներ ունե՞ք:
- Հայրիկիս եղբայրները: Հայրիկիս հետ հինգ եղբայր եւ Նինա հաքուն Ստեփանակերտում է ապրել, մահացել է, Զարինե հաքուն Խանածախ է ապրում, միշտ գալիս է:
- Որ էն մի անգամ եկել է, կարտոֆիլ է բերել ու մեկ էլ կարկաժ,- հիշեցնում է քույրը:
- Դուք դդումին կարկա՞ժ եք ասում:
- Հըմ:
- Դ-ն անցնելու ժամանակ տնային տետրակում գրել ենք դդում,- ասում է Լիդան:
- Ո՞ր դասարանում եք սովորում:
- Առաջին: Ես յոթ տարեկան եմ, Լիդան` ութ: Լիդան մի տարի դպրոց չի գնացել:
- Ինչպե՞ս եք սովորում:
- Ես այբուբենն անգիր գիտեմ, Արամը կեսը զոռով է սովորել:
- Իսկ որ ես վառարանը վառո՜ւմ եմ, էսօր ամանները ե՛ս եմ լվացել:
Լիդան հաստատում է։
- Քեռի Արոն էլ է լվացել,- հպարտանում է Արամը:
- Որ գնանք Տոնաշեն, ձեր տան տեղը հիշելո՞ւ եք:
- Հիշելու եմ,- վստահ ասում է Արամը:
- Ես մեր տունը հիշում եմ, բայց չեմ հիշում, թե պահարանը որտեղ է եղել, հետո սեղանը,- տխուր ասում է Լիդան:
- Իսկ չե՞ս հիշում,- ես ցույց եմ տալիս զգեստապահարանը,- որտեղ էր դրված:
- Սրանք Աղդամից ենք բերել: Մերը մնացել է Տոնաշենում, թուրքերը մի մեծ մեքենա են բերել ու բոլորը տարել: Հայրիկս մի անգամ գիշերով մտել է մեր գյուղը, ասում է` մեր տունը չեն վառել, բայց եղածը տարել են: Էն ժամանակ չեն վառել, հիմա են վառել:
- Աղդամից ո՞վ է բերել, հայրի՞կդ:
- Մերս է բերել, հորս բերածը հրամանատարն ասել է` տար զորամասի պահեստը: Հերս վատ խոսքեր է ասել ու Աղդամից բոլոր բերածը տարել: Հետո գնացել է ուրիշ գունդ: Հիմա ուրիշ գնդում է կռվում: Մերս էլ լաց է եղել: Հետո էլ ասել է` դու ողջ մնաս: Հերս էլի է վատ խոսք ասել:
 Նորից եմ խոսքը փոխում, հարցնում եմ.
- Արամ, էսօր ի՞նչ ես կերել:
- Ոսպ:
- Ո՞սպ: Ոսպ սիրո՞ւմ ես:
- Հը՛մ :
- Ինչո՞ւ, ոսպը վա՞տ է:
- Առաջ միշտ սուպ էինք ուտում, հիմա էլ միշտ ոսպի ապուր ենք ուտում: Հիմա սիրտս սուպ է ուզում:
- Կարտոֆիլը վերջացել է, սուպ ո՞նց պիտի ուտես,- նկատում է քույրը:
Արամն ուսերը վեր է քաշում, մի պահ լռում է, հետո անսպասելի պայծառացած ասում է.
- Կարող է էս անգամ մթերաբաժնում ձեթ էլ լինել, բրինձ էլ, կարտոֆիլ էլ, ուրիշ ավելի լավ բաներ էլ:
- Օրինակ, ի՞նչ լավ բան:
Արամը մի պահ մտածմունքի մեջ է ընկնում՝ չիմանալով, թե ամենից շատ ինչեր է սիրտն ուզում ու միանգամից ասում է.
- Միս, որ խորոված անենք: Հայրիկս Տոնաշենում միշտ գնում էր որսի: Վիրի խոզ էր խփում ու մեր տունը դառնում էր հարսանիքի նման:
Արդեն որերորդ անգամ խոսքը փոխում եմ:
- Արամ, կրծքիդ խաչը գտե՞լ ես, թե...
- Տեր հայրն է տվել: Որ գնացել ենք եկեղեցի, տեր հայրը կնքել է ու ինձ էլ, Լիդային էլ, Զարինեին էլ խաչ է տվել:
Լիդան կրծքից հանեց խաչը, խաչակնքեց եւ ինչ-որ խոսքեր մրմնջաց: Ես նայեցի Արամին: Արամն ասաց.
- Ասում է` տեր Աստված, ցավդ տանեմ, եղունգիդ տակ պահպանիր իմ հայրիկին ...    

 1993-1994թթ.




ԿՅԱՍ - ՔԻՍ` ՍՊԱՐՏԱԿ

Սպարտակն այնքա՜ն բաներ է իմանում, գլխովն այնպիսի՜ բաներ են անցել... Բայց Արամը շատ բանի չի հավատում` տոնաշենցի Արամը, որի մասին արդեն պատմել եմ: Ստեփանակերտում ապրում են հարևանությամբ և համարյա ընկերներ են: Համարյա եմ ասում, որովհետև օրվա մեջ մի քանի անգամ վիճում ու կռվում են և այդքան անգամ էլ հաշտվում և ընկերություն անում:
Սպարտակի հետ ինձ Արամը ծանոթացրեց: Շատ է դժվար Սպարտակից «հարցազրույց» պոկել, ինչ հարցնում ես, մի բառով ասում-պրծնում է: Ինքն ամբողջը գիտի, կարծում է, թե ես էլ եմ իմանում:
Առաջին անգամ հանդիպեցինք, հարցուփորձ արի: Ծամոն էր ծամում ու պատասխանելիս կարծես բառերի մի մասը ծամոնի հետ ծամում էր: Հարցնում եմ.
- Ո՞նց ես սովորում, Սպարտակ:
Ուսերը վեր է քաշում: Արամն ասում է.
- Վատիկ է:
- Վատիկը դու ես:
Նա` նրան, նա` նրան:
 - Ընկերներ չե՞ք:
- Ընկերներ ենք,- համաձայնվում է Արամը:
- Դասարանում,- ավելացնում է Սպարտակը, հետո հասկանում եմ, որ Սպարտակը դասարան ասելով էս անգամ հասկացել էր դպրոց: Ընդհանրապես Սպարտակը բառերի իմաստին առանձնապես նշանակություն չի տալիս: Երկուսն էլ սովորում են Ստեփանակերտի թիվ 7 դպրոցի առաջին` մեկը «բ», մյուսը «գ» դասարանում:
- Էն դո՞ւ,- հարցնում եմ Արամին:
- Ինքն էլ,- Արամի փոխարեն ասում է Սպարտակը:
- Ձեր տունը ո՞րն է,- հարցնում եմ Սպարտակին:
- Վարձով:
- Վաղո՞ւց:
- Մի ամիս:
- Մի ամիս չի, շատ է,- ուղղում է Արամը, իսկ Լիդան, Արամի քույրը, որ ներկա է մեր զրույցին, ճշտում է.
- Մենք որ տեղափոխվել ենք էստեղ, դուք արդեն ապրում էիք, մենք վեց ամսվա վարձն արդեն տվել ենք:
- Մենք վարձ չենք տալիս,- ասում է Սպարտակը և անտարբեր թոթվում ուսերը:
- Սպարտակ, առաջ որտե՞ղ էիք ապրում:
- Ամենառաջ մի տեղ,- Սպարտակն անորոշ ձեռքը մեկնում է,- «գրադը» խփել է, երկուսն էլ սպանվել են:
- Ովքե՞ր երկուսը:
- Կարենն էլ, իր հայրիկն էլ, հետո էլ մի ուրիշ տեղ, «գրադը» էլի խփել է, հիմա էստեղ:
- Ոնց որ թե «գրադը» ձեր ետևից ման է գալիս:
- Հայրիկս էլ:
Այսինքն՝ հայրիկն էլ նույն կարծիքին է: Սպարտակի հայրիկի անունը Նորիկ է, մայրիկինը` Կամելա:
Ինչպես Արամի, այնպես էլ Սպարտակի հետ առաջին զրույցը չի ստացվում, պայմանավորվում ենք նորից հանդիպել: Այստեղ էլ ես սխալվում եմ, որովհետև երկրորդ հանդիպման ժամանակ ինչ հարցնում էի, Սպարտակն ասում էր:
- Արդեն ասել եմ:
Ճար չկար, համբերողը ես պետք է լինեի:
- Սպարտակ, որ Համո պապիկի հետ գնացել էիք վիրավորներ հանելու, էդ մասին պատմի:
- Երկու անգամ պատմել եմ:
- Ճիշտ է, մի անգամ պատմել ես, բայց որոշ բաներ անհասկանալի են մնացել: ԿՐԱԶ-ով գնացել էիք...
- ԿԱՄԱԶ-ով:
- Ովքե՞ր էիք գնացողներդ:
- Հինգ հոգի:
- Որտե՞ղ էիք գնացել:
- Վիրավորների:
- Դո՞ւ էլ:
- Ատրճանակի:
- Ատրճանակն ինչի՞դ է պետք:
- Որ հայերին սպանես ըն` դրա համար:
- Ճանապարհին ի՞նչ է պատահել:
- Ականի:
- Ականը պայթել է, հետո՞...
- Շատ թուրքերի դիակներ:
Այստեղ ես մի փոքր շունչ եմ առնում, որպեսզի կարողանամ վերծանել Սպարտակի ասածները: Այսքան տարի լրագրող եմ աշխատում, բայց էդպես դժվար հարցազրույց չեմ ունեցել: Նույն պատմությունն ամեն անգամ պատմում է տարբեր կերպ: Հետո, արդեն ուշ, հասկացա, որ Սպարտակը երբ մենակ է մնում ու սկսում է մտածել, իր աչքով իրական տեսածներին միացնում է մտածածները: Առաջին հանդիպման ժամանակ նկատել էի, որ Սպարտակը կյաս-քիսով է խոսում, ու ես հասկացել էի, որ նա Հադրութի շրջանից է: Այդպես Ղարաբաղում խոսում են Հադրութի շրջանի մարդիկ և մեկ էլ շոշեցիք ու քարինտակցիք, որոնք շատ առաջ Դիզակից տեղափոխվել են Վարանդայի մելիքություն: Սպարտակը բացատրեց, որ իրենք Հադրութի շրջանի` անունը տվեց, չհասկացա, չնայած Ղարաբաղի գյուղերը կամ տեսած կամ լսած եմ: Կամելան հետո ասաց, որ իր ծննդավայրը գյուղն է, ամուսնացել է ստեփանակերտցու հետ ու տեղափոխվել: Ավելի հետո Սպարտակը հաստատեց իմ ենթադրությունը, որ Համո պապիկը Սպարտակին, երբ Սպարտակը շատ փոքր է եղել, տարել է գյուղ: Այդպիսով, Սպարտակի մայրենի բարբառը դարձել է հադրութցիների կյաս-քիսը:
Առաջին պատմածը ստիպված վերապատմում եմ, որպեսզի Սպարտակի մասին իմ այս պատմությունը կարդացողն իմանա մեր փոքրիկ հերոսի «մարտական» կյանքի մասին:
Ուրեմն Համո պապիկի մեքենայով գնացել էին, որ կռվի դաշտից վիրավորներ հանեն: Ճանապարհի կեսին ԿԱՄԱԶ-ի արգելակները չեն պահել:
- Թե՞ ական է պայթել,- հարցնում եմ Սպարտակին:
- Մեկ է լի...
Եթե Սպարտակի համար մեկ է, ի՞նձ ինչ է եղել, ասացի մտքումս, իսկ բարձրաձայն շարունակում եմ վերապատմել Սպարտակի մարտական կյանքի ինձ արդեն հայտնի դրվագը: Ճանապարհը սառցակալած է լինում ու խիստ թեք, ուրեմն նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել ձմռանը: Արգելակները չեն պահել ու մեքենան գլորվել է: Հետո պապիկը մեքենայից ցատկում է, Սպարտակին ասում, որ նա էլ ցատկի: Սպարտակը չի ցատկում ու շարունակում է անվախ մնալ մեքենայի խցիկում: Դիմացը մի մեծ ծառ է լինում, մեքենան խփվում է ծառին, ծառը կոտրվում է, իսկ մեքենան ու ինքը շարունակում են գլորվել:
- Էդ բոլորը քո աչքով տեսե՞լ ես,- հարցնում եմ Սպարտակին:
- Հա,- կարճ պատասխանում է Սպարտակը:
Շատ գլորվելով մեքենան ընկնում է մի խոր տեղ: Սպարտակը բոլորովին անվթար դուրս է գալիս մեքենայի խցիկից ու տեսնում, որ քեռի Սերոբը տանկով թուրքերին փնտրում է: Շատ մոտիկ է լինում, կանչում է` Սերոբ քեռի, հեե՜յ, Սերոբ քեռի՜: Քեռի Սերոբն իսկույն լսում է ու տանկով մոտենում Սպարտակին, ԿԱՄԱԶ-ը կապում տանկի ետևից ու դուրս բերում ճանապարհը, որտեղ Համո պապիկը սպասում էր ԿԱՄԱԶ-ին էլ, իրեն էլ: Պապիկը մեքենան իսկույն գործի է գցում ու գնում են կռվից վիրավորներ բերելու:
- Իսկ մյուս հինգ հոգին ի՞նչ եղան,- հարցնում եմ Սպարտակին:
- Աղդամը:
Այսինքն նրանց հետ Աղդամ են գնացել և դա եղել է մեկ ուրիշ անգամ:
- Շատ ուժեղ քեռի ունես,- եզրակացնում եմ ես: Սպարտակը հաստատում է.
- Ուժեղ: Սերոբ քեռիս համ տանկ ա շինես, համ քշես ա: Մի րոպեում շինես ա: Ամեն տեղից խնդրես ըն: Սերոբ քեռիս ամենաշատն ինձ ա սիրես:
Սպարտակին ես այսքան պերճախոս չեմ տեսել:
- Ուրիշ քեռի էլ ունե՞ս,- հարցնում եմ ես:
- Երաժիշտ:
- Անունն ի՞նչ է:
- Սեյրան:
- Ուրիշ է՞լ ինչ է անում Սեյրան քեռիդ:
- Հարսանիքում խաշլամա է ընես:
Ես Սպարտակի հետ համաձայնվում եմ, որ քեռի Սեյրանը շատ շնորհքներ ունի` մարդկանց հոգևոր ու մարմնական սնունդ տալու տեսակետից: Բայց քեռի Սեյրանը նաև ազատամարտիկ է, մարտերից մեկում լուրջ վիրավորվել է:
- Բեկորն էստեղից մտնես ա,- Սպարտակը ցույց է տալիս ազդրը,- հետո մյուս ոտքն ա մտնես: Հիմա փետով ա ման կյաս:
- Սպարտակ, հայրիկիցդ չես պատմում:
- Կռվես ա:
- Ո՞նց կռվող է:
- Ուժեղ:
- Պատմի հայրիկիդ մասին:
- Շատ առաջ որ եկել է, լողացել է, մյուս օրը մայրիկն ասել է` փայտ չկա, երեխան հիվանդանաս ա: Հայրիկը ոչինչ չի ասել, գնացել ա փայտ բերել, մյուս օրը մնացել ա, մյուս օրը գնացել ա:
- Որտե՞ղ է կռվում:
- Մարտակերտում, հետո Մարտունում, հետո Ֆիզուլի, հետո Աղդամ, հետո բոլոր տեղերը:
Ես հասկացա, որ Սպարտակի հայրը բոլոր ռազմաճակատներում էլ կռվել է, բայց Սպարտակը «հետո» ասելու տեղակ պիտի ասեր` նաև:
Սերոբ քեռին լավ տանկիստ է:
Իրենք փոքրիկ Քրիստինե ունեն, որի համար հայրիկը պետք է վառելափայտ բերի, որպեսզի չհիվանդանա:
Դպրոցը որ վերջանա, Համո պապիկը գալու է Սպարտակին տանի գյուղ, ու ինքը պապիկի մեքենայով գնալու է կռվի: Պապիկը վիրավորներ է դուրս բերելու, ինքն էս անգամ ատրճանակ է գտնելու: Որովհետև թուրքերը հայերին «էնպես են ընես»` Սպարտակի բառով ասած:
Իսկ հիմա երեկոները, երբ էլեկտրական հոսանքն անջատում են, հեռուստատեսությամբ մուլտիկ չի լինում, Սպարտակը տեղերում պառկած բաներ ա «մտածես»...




ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐՍԵՆԸ, ՌՈՄԱՆ ԴԱՍԻ ՉԳՆԱՑԻՆ ԵՎ ԼԻԼԻԹԸ ՇԱՏ ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐ ՈՒՆԵՑԱՎ

Արամի հայրիկը, Սպարտակի հայրիկը, Լիլիթը, հորեղբայր Արմենը, նրանց բոլոր ընկերները որոշեցին ազատել Տոնաշենը, Տոնաշենին մոտիկ Մատաղիսը, Մատաղիսի հարևան Չայլուն ու Թալիշը, Թարթառի մյուս ափին` Լևոնարխը, Մարաղան և մյուս գյուղերը, որպեսզի Արամը Լիդայի հետ, Զարվարդ տատիկը և Զարվարդ տատիկի թոռ Դավիթը, Արամի մյուս ընկերները վերադառնան իրենց Տոնաշեն, մյուս փախստականներն էլ վերադառնան իրենց գյուղերը:
Երեկոյան ռադիոն ասաց, որ Արցախի Պաշտպանության բանակը ազատագրել է Մատաղիս և Թալիշ գյուղերը, իսկ Գյուլիստանը մեր «եղնիկների» հսկողության տակ է: Արամը գիտի, եղնիկներն ովքեր են, իսկ Սպարտակը գիտի Արամի պատմածով: Ովքեր չգիտեն, բացատրեմ, թե ովքեր են եղնիկները: Երբ ազերիները բռնագրավեցին Շահումյանի շրջանը, Շահումյանի շրջանի ֆիդայիները երդվեցին անպայման ազատագրել իրենց հայրենիքը: Այդ երդմանը միացան նաև ուրիշ ֆիդայիներ ու թշնամու թիկունքում` անտառներում ու սարերում կռվի մեջ մտան ազերի նվաճողների դեմ: Իսկ նվաճողները հարկադրված են լինում հեռանալ՝ թշնամուն թողնելով իրենց տունը, ամեն ինչ:
Երբ ռադիոն հայտնեց, որ Մատաղիս, Թալիշ և մյուս գյուղերն ազատագրվել են, բոլոր արցախցիներն ասացին խվիիի՜... Երբ մեկը մի վատ բան է անում ու դրա համար արդար պատիժ է ստանում, արցախցիները ասում են` խվիիի՜...
Երեկոյան մոտ, երբ շատ երեխաներ խաղից դեռ չէին կշտացել և կուզենային մի քիչ էլ խաղալ, ազերիների ռազմական ինքնաթիռը գաղտագողի մտավ մեր օդային սահմանը ու ռմբակոծեց Ստեփանակերտը: Երեկոյան ռադիոն հայտնեց, որ ռմբակոծության հետևանքով կան զոհեր և ավերածություններ: Հետո ռադիոն ասաց, որ վաղը` այսինքն ապրիլի 11-ի երկուշաբթի օրից Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում ժամանակավորապես դադարեցվում են պարապմունքները:
Առավոտյան Արսենին հարցնում եմ.
- Արսեն, ինչո՞ւ դասի չես գնացել:
Արսենն ուսերը վեր է քաշում.
- Դաս չկա:
- Ինչո՞ւ:
- Ռադիոն է ասել:
- Ռադիոն չի՞ բացատրել, թե ինչու դաս չկա,- հետամուտ եմ լինում ես:
Արսենը նորից է ուսերը վեր քաշում: Հարցնում եմ Մարատին, Մարատը նույնն է պատասխանում:
- Ռոմա,- հարցնում եմ բոլորից փոքր Ռոմային,- ինչո՞ւ դպրոց չես գնացել:
- Որ ռմբակոծել են` դրա համար:
- Մաքսիմ քեռի,- ասում է Արսենը,- Ռոման ռմբակոծությունից վախենում է:
- Դու չե՞ս վախենում,- Ռոմային պաշտպանում է Մարատը,- Շուշվից որ խփում էին, ծակն էիր մտնում:
- Էն ժամանակ ես դեռ փոքր եմ եղել,- արդարանում է Արսենը:
- Ռոման հիմա էլ է փոքր:
- Քեռի Մաքսիմ,- ինձ է դիմում Ռոման,- ատրճանակով մի անգամ արդեն կրակել եմ:
Մի քանի օր առաջ Ռոման ցույց էր տվել իր նոր շինած ատրճանակը և ասել, որ փամփուշտ չունի, որ մի անգամ փորձի, հետո հարցրել է, թե ես փամփուշտ ունե՞մ, թե՝ ոչ: Ես Ռոմային հարցրի, թե վտանգավոր չի՞ իսկական փամփուշտներով կրակելը, Ռոման վստահ հավաստիացրեց, որ վտանգավոր չի:
Ռոմայից իմանալով, որ արդեն իր նոր ատրճանակն իսկականի նման կարող է կրակել, զարմացած ասացի.
- Իրա՞վ, իսկ փամփուշտ ո՞վ է տվել:
- Արսենը:
- Իսկ Արսենին ո՞վ է տվել:
- Հորեղբայր Արմենը,- Ռոմայի փոխարեն ասաց Արսենը:
- Արսենն ասել է` եթե չկրակես, ծեծելու եմ,- ասաց Մարատի եղբայր Անդրեյկան:
Մատյանում գրում են Անդրանիկ Ասրյան, իսկ դասամիջոցին ընկերներն ասում են` Անդրեյկա:
- Անդրեյկան ռումբից վախենում է,- ասում է Արսենը:
Անդրանիկը կարմրում է: Ես ասում եմ.
- Ռմբակոծությունից բոլորն էլ վախենում են, նույնիսկ մեծերը:
- Մաքսիմ քեռի,- իր ուրախությունն անպայման ցանկանում է կիսել Ռոման,- առաջին անգամին որ կրակել եմ, հա՜, առաջին անգամին չի տրաքել, երկրորդ անգամին ուժեղ տրաքել է:
Արսենն էլ է հաստատում, Մարատն էլ, Անդրեյկան էլ:
Գուցե բոլորը չգիտեն, թե ինչպիսի ատրճանակ ունի Ռոման, ուստի ուզում եմ մի փոքր նկարագրել: Ռոման շատ խնդրել է իր հայրիկին, որ իր համար ատրճանակ շինի: Արսենն ունի, Մարատն ունի, Մայիսի Սուրենն ավտոմատ ունի, իսկ Գրիշիկն իսկական խանութից ունի: Երեկոյան Ռոմայի մայրիկը նույնպես խնդրել է, վերջում Վարդանուշ տատիկն է ասել.
- Գլուխներս մի շաբաթ տանում է, շինի, որ տզտզոցը կտրի:
- Առավոտյան կանեմ,- ասել է Ռոմայի հայրիկը, և առավոտյան Ռոման իր հայրիկին նորից է հիշեցրել, և հայրիկն ասել է.
- Ամբողջ օրը գլուխս կտանես,- և իջել է իր արհեստանոցը, այնտեղ ատրճանակի նման մի տախտակ ձևել, պատուհանի ճարմանդ գտել, ամրացրել ատրճանակին, ռետինով ճարմանդի բռնակն ամրացրել հետևի հարմարանքին: Ռետինից կապած ճարմանդի լեզվակը սուր ծայրով հարվածում է փամփուշտի հրապատիճին, հրապատիճը տրաքում է: Հիմա իմացա՞ք, թե Ռոման ինչ հրաշք ատրճանակ ունի: Այսօր Ռոման դպրոց չի գնացել, բայց այսօր Ռոման, կարելի է ասել, մարտական մկրտություն է ստացել:
Լիլիթն այդ օրը չկար, գնացել էր պապունց տունը հյուր: Ընդամենը մի քանի օրվա հյուր էր, որ ցանկացավ վերադառնալ Ստեփանակերտ:
- Ցավդ տանեմ, Ասկերանը վա՞տ է,- հարցրել է Խանում տատը:
- Հը՜մ,- պատասխանել է Լիլիթը ու չի հասկացվել` լավ է, թե վատ:
Լիլիթի տզտզոցից պրծնելու համար Ռուբեն պապիկը ծանոթի հետ Լիլիթին ուղարկել է Ստեփանակերտ: Առավոտյան Լիլիթն ու Արսենը վիճում էին: Այծն ուլիկի հետ դուրս էին բերել փողոց, վիճում էին, թե ով պետք է պահի այծին և ուլիկին:
- Էդ ինչո՞ւ Արսենը դասի չի գնացել: Երևի էլի դասը չի սովորել,- հարցրի Լիլիթին, իբր թե ոչնչի տեղյակ չեմ:
Արսենն ասաց.
- Վա՜...- այսինքն, պատճառը դա չի:
- Չէ, Մաքսիմ քեռի, ռմբակոծության պատճառով: - Հետո հիշեց, ասաց.- Մաքսիմ քեռի, Ասկերանում ես ինքնաթիռները տեսել եմ: Երկուսը շատ բարձր են թռչել, մեկը` շատ ցածր ու կողքից կրակներ է բաց թողել: Խանում տատիկը վախից մտել է ներքևի տունը ու ինձ կանչել: Ես չեմ գնացել: Ռուբեն պապը Խանում տատիկին ասել է` գլխիդ քար ընկնի, երեխային թողած քո՞ մասին ես մտածում.
- Տատի՞կդ ինչ է ասել:
- Տատիկն ասել է` ի՜նչ անեմ, վախենում եմ:
- Ստեփանակերտում լա՞վ է,- դառնում եմ նախկին մտքին:
Լիլիթը գլխով համաձայնության նշան է անում և այսպես բացատրում.
- Արսենը, Ագոն, Աշոտը, Վարդանուշ տատիկի Ռոման դասի չեն գնում, միասին խաղում ենք:
- Իսկ ինչո՞ւ մեր տուն չես գալիս:
- Զմրուխտ տատին ասում է` տեղդ նստի, ուրիշ տեղ չգնաս, դրա համար:
- Իսկ որ խուրմա՜ է տվել, քեզ սիրում է: Կարծեմ ծամոն էլ ունի պահած:
- Որ մենակ մնամ, գալու եմ,- մեծահոգաբար համաձայնվում է Լիլիթը:
Սպարտակին ու Արամին հանդիպել եմ ընդմիջմանը տուն գալու ժամանակ:
- Ինչո՞ւ դասի չեք գնացել,- հարցրի, իբր թե չգիտեմ, թե ինչու են դպրոցներում պարապմունքները ժամանակավորապես դադարեցրել:
- Դպրոց չկա,- ասաց Սպարտակը:
- Ինչո՞ւ:
- Դասատուները վըխես են:
- Ինչո՞ւ են վախենում:
- Ինքնաթիռներ:
Ես արդեն սովորել եմ Սպարտակի խիստ համառոտ արտահայտվելու ձևին, ուստի հասկացա, որ Սպարտակը ցանկանում է ասել, որ երեկ ազերի ինքնաթիռները Ստեփանակերտը ռմբակոծել են, որի պատճառով, ըստ Սպարտակի, ուսուցիչները վախենում են աշխատանքի գնալ:
- Որ մենք մարտ ենք տալիս, նրանք ինքնաթիռները բաց են թողնում,- բացատրում է Արամը:
- Ռմբակոծես են:
- Ինչո՞ւ ինքնաթիռներին չեն խփում,- ինձ է դիմում Արամը:
Այդ խնդիրը բոլորիս էլ զբաղեցնում է, բոլորս էլ գտնում ենք, որ թշնամուն պետք է մի լավ դաս տալ, որ Սպարտակն ու Արամը կարողանան դասի գնալ ու մենք էլ ասենք` խվիի՜... Ես այսքանը չեմ ասում Արամին, ինձ օգնության է գալիս Սպարտակը.
- Շիլկան քնես ա:
- Մաքսիմ քեռի,- ասում է Արամը,- մեր մաման գնացել է հոսպիտալ, որ արյուն տա վիրավորներին:
- Դրա համար չի. որ իմանա վիրավորներ:
- Կարկաժ, ես չեմ իմանում, դո՞ւ ես իմանում:
Սպարտակը նորից իրենն է պնդում:
- Մեր մամա՞ն է, թե՝ քոնը,- ջղայնանում է Արամը ու մեծերից սովորած անվայելուչ բառ է ասում, բայց ես չեմ կրկնում, որ Արամն ամոթ չզգա:
Սպարտակը չի սիրում վիճել, դրա համար էլ ասում է, որ վաղը գնալու է գյուղ, Համո պապիկի մոտ: Արամին դա դուր չի գալիս: Սպարտակը ցանկանում է անպայման Համո պապիկի հետ գնալ մարտի դաշտից վիրավորներ հանելու և այս անգամ անպայման ատրճանակ է գտնելու: Արամը գնալու ոչ մի տեղ չունի, հայրիկը վաղուց ռազմաճակատում է ու լուր չի տալիս: Դրա համար Արամի մայրիկը՝ Լիդան և Արամը տխրում են:

Ապրիլ, 1994թ.

1 комментарий:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունվեց մարտի 2018-ին, Կոլումբոսում, GA

    ОтветитьУдалить