Показаны сообщения с ярлыком Մաքսիմ Հովհաննիսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մաքսիմ Հովհաննիսյան. Показать все сообщения

6 мая 2014 г.

ՄԵՆՔ

Իսկ չե՞ք վախենում, որ հանկարծ մեռնեմ...
Պ. ՍԵՎԱԿ

Մենք «մենք»-ին ասում ենք մունք։ Եթե ուզում ես իմանալ խոսակիցդ ղարաբաղցի է, թե ոչ, հարցրու` որտեղացի՞ ես։ Եթե ղարաբաղցի է, հաստատ ասելու է` հո՞ւ, մո՞ւնք։ Էլ պետք չի, որ շարունակի։

Մենք մեր մասին հոգնակի ենք խոսում։ Ոչ մեր կողմերից սերած գրողը մեր այս թագավորական ոճի խոսակցությունը դրել է իրենց կողմերի մարդու բերանում։ Բան չկա, այդպիսի բաներ շատ ունենք, թող վերցնի, մեր գրողն է` ուրիշ չի և սազում է, որ ղարաբաղցի լինի։
Ինչո՞ւ իմ այս խոսքը ծառի մասին մեր այս խոսելաձևից սկսեցի։ Նրա համար, որ նյութս վերնագրել եմ «Մենք» ու հիշել մեր այս թուլությունը։

Իսկ ծառը երկու հազար տարեկան է։ Գնա ուրիշ երկինքների տակ այսպիսի ծառ գտիր։ Լինեն էլ, կամ քիչ թվով կլինեն կամ պակաս տարեկան։ Դեռ իր ժամանակ Նիկոլայ թագավորն է ամիսը մի քանի ռուբլի թոշակ նշանակել... ոչ մարդուն՝ ծառի՛ն։

- Հո՞ւ, մո՞ւնք։
Գրող հյուրիս` Ալվարդ Պետրոսյանին, ցանկանում եմ տանել ծառը ցույց տալ, որ հպարտանամ` մենք` ղարաբաղցիքս... Գրող հյուրս ուզում է մինչև տեսնելը ծառի մասին իմանալ, որպեսզի որոշի` Գանձասա՞ր գնանք, թե՞ ծառի մոտ։ Իսկ ես ուզում եմ պարտադիր ծառի մոտ գնալ, որովհետև... Հոգսերի մեջ, կյանքի անհեշտ հարցումների, մեր կենցաղի անհարմարությունների, մեր թանկությունների ու դժվարությունների, ժամանակի սղությունների, անելիքի շատությունների, չոռուցավի մեջ, մեր ծուլությունների, «զահլաչունեմների» մեջ մոլորված՝ մի օր ամեն ինչ բարձիթողի չենք անում ու գնում մեր ծառն էլ տեսնելու, մեր մյուս հրաշալիքներն էլ վայելելու։

Այսպես, հյուրիս մոտ գովում եմ ծառը, կարդացածս որպես տեսած պատմում, օրերս մեր թերթում բացատրված բառով` կուլակապ արած գրող հյուրիս տանում եմ Սխտորաշենի սոսենին ցույց տալու, որպեսզի ինքս էլ տեսնեմ։

Մենք սիրում ենք հպարտանալ, մենք ասում ենք` Գանձասար, դեմը Կաչաղակաբերդն է, իսկ Ամարասն ավելի հին է, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Գրիգորիս ուսուցիչը` Գրիգոր Լուսավորչի հարազատ տղան, Ամարասում դպրոց է բացել և մեր անկիրթ ու մտոք երեխաներին` այբ, բեն, գիմ, դա... այսպես ծոր տալով գիր-իմաստություն սովորեցրել ու վերջում էլ, որպես պատգամ, նրանց վարժվող ուղեղներում կաթեցրել` զբանս հանճարոյ... Այսինքն` Ամարասի պարարտ հողերում ցորյան ցանեք` ձույլ, դեղին խնկահոտ զարդա, որից ելած հարսնածոց հացը քաղցր է. մենք համեղին նաև քաղցր ենք ասում, ասում ենք` քաղցր խոխա, քաղցր աղբյուր, քաղցր հող ու հայրենիք,- այսպես ցորյանի արտեր ենք աճեցրել, այգեստաններ տնկել, և ձիերի երամակներն էլ վարգել են լեռնապարերի ուսերով, և նրանց սլացքը շատ նման է եղել երկնամերձ մեր սարերին, այդ մերձությունը դուր է եկել Վարպետին, և երբ նա Ամարասում քարը քարին է դրել, միշտ միտն է պահել մեր սարերի մերձությունը երկնքին, և երբ իրար շարած քարերը սկսել են լեզու առնել խոսել, խոսել են ոչ թե խոսք ու բառով, այլ այս երկրի հետ իրենց նմանությամբ։ Ահա այդ քարերը, որ այլևս քար չեն, այլ Ամարասա վանք, պատմել են այս կողմերի բաների մասին։ Դրանից հետո Վարպետը գլուխը  հանգիստ դրել է քարի տակ։

Սխտորաշենը Կարմիր շուկայի մոտ է. ավան չհասած, եթե Ստեփանակերտից ես գնում, ձախ ես ծռվում, որտեղ մենավոր ընկուզենի կա` այնտեղից ծռվում ես ձախ։ Ու ճանապարհը քեզ տանում է դեպի ծառը։ Կարծես դժվար է եղել մի սյուն տնկել և վրան հայերեն-ռուսերեն-անգլերեն, արի առաջ գրենք անգլերեն, որ ասենք` ոչ միայն մենք ռուսերեն-հայերեն ենք գնահատում, այլև ամբողջ աշխարհն է լսել, և ուզում են տեսնել,- ահա այս հրաշալիքը, որի փչակում մի հարսանիք կարելի է անել, մի հասարակ ցուցանակի չի արժանացել, որպեսզի չգնանք Կարմիր շուկա ու ետ դառնանք, կարծես ավանն ավանային խորհուրդ չունի, սովխոզը մի երկաթե սյուն չունի 60X40 սմ չափսի, 8մմ հաստությամբ երկաթաթերթի կտոր, մի զոդող վարպետ, Կարմիր շուկայի կուլտուրայի տունը շնորհքով մի աշխատող չունի, որ հայերեն-ռուսերեն գրի, անգլերեն նկարի, եթե իրենց մոտ անգլերենի դասատու չկա, գա Ստեփանակերտ և խնդրի անգլերեն իմացող անգլերենի մի դասատուի, որը բառարանի օգնությամբ և անտառասխալ գրի` Սխտորաշենի սոսենին երկու հազար տարեկան է, որը եթե ուզում ես տեսնել, սլաքի ցույց տված դիք-դիք-դիք ճանապարհով բարձրացիր և մինչև սոսենին տեսնելը, տեսնելու ես սարի դոշին կուչուկծիկ դառած, աչքի խոռոչները դատարկված տներ, որոնք չարագույժ կռնչում են ավերված-ավերվող տների, մեռնող գյուղի մասին։ Գյուղ չհասած` թեքվիր աջ, որ ծառը տեսնես և Սխտորաշենը չտեսնես։

Ծառը մղվում է, մղվում է, մղվում է երկինք, ոնց որ բանաստեղծուհու կռահածն է` ուզում է սարերի մյուս կողմն էլ տեսնել։ Ծառերի չորուկները ճարճատելով կրակ են դառնում, որ մորթված գառը ուտվի, որ խմվի սոսյաց անտառից մնացած հնագույն վկայի կենացը։ Հետո կարոտախտով պիտի հիշվի, որ ծառս, Գրիգորիս ուսուցչապետից էլ շատ առաջ, սոսափել է այս ձորակում և ինքը մենակ չի եղել, անտառ է եղել, երևի ճակատագիրը ծառին է օժտել հարատևությամբ, որ պատմի հնավանդ այս հողի, այս կչոռած գյուղի հեծության մասին։
Սխտորաշենը ես ուրիշ զուգորդությամբ եմ հիշում։ Կողքիս նստած աղջնակի պայուսակում կարմիր տաքացրած ճոթ հացն անաստված բուրում է, զարդա ցորենի հացը, զարդա ցորենի կարմիր տաքացրածը։ Աղջիկը` Սխտորաշենից, մոր ու երեխաների հետ նոր տեղափոխվել են քաղաք, հայրը մնացել է գյուղում, նախագահ է, «բրոն» ունի, բանակ չեն տարել։ Գյուղից եկած զարդա ցորենի խնկահոտ հացի բուրմունքը բռնել է դասարանը, և բուրմունքը հողմի պես պտույտ է տալիս և մեզ` երեսուն երեխա, գումարած ընկեր Թավրիզյան, կոտորում, կատիկներս վեր ու վար են անում, հացի բուրմունքը անխիղճ խեղդում է մեզ, ուտես-ուտես-ուտե՜ս, ու այնպես լինի, որ կշտանաս,- մենք երեսուն սովալլուկ երեխա` գումարած ընկեր Թավրիզյան, հանած նոր եկած սխտորաշենցին,- խեղդվում ենք հացի բուրմունքներում։ Ուղեղիս մեջ մեխվել-մնացել են գյուղի անունը և տաքացրած ցորեն հացի բուրմունքը։

Սխտորաշենցուն Կարմիր շուկայում գտիր, Ստեփանակերտում, Բաքու, Երևան ու ուրիշ նշանավոր քաղաքներում։ Ոչ ոքի խելքը չի կտրում, որ դեպի ծառը տանող ճանապարհը պետք է կարգավորել, գուցե թե կարոտախտից այստեղ մղվածներից մեկը իր համար անսպասելի որոշի,- կնոջ հետ չհամաձայնեցնելով, երեխա-հարազատներին դիմավորելով, խելքից պակասելով, որտեղից գլուխը մտած մի ծռությամբ որոշի գալ գյուղ, որ հայրական տունը  շենացնի, գարնանը գա ամայի, ղլղան ու կածուկ կոխած բոստանատեղը բահի տալու, կարտոֆիլ, լոբի, պոմիդոր ցանելու, տաքդեղի սածիլը Քյաթուկից կբերի, իր գյուղի բախտակից Քյաթուկից կբերի, այդպես ամեն ինչից առատ կունենա, որ քաղաքում մնացած երեխաներն ամեն ինչ փողով չառնեն, դատարկված-ավերված, սովալլուկ դառած կոլտնտեսային շուկայում ամեն ինչ թանկ ու կրակ է. մեր գյուղացիների հպարտ կեցվածքը, փողի համար չապրելը, ձեռուոտը մաքուր պահելու մղումը, քաղաքից միս-կարագ-օղի թանկ գներով առնելը հասցրել է մեզ այս վիճակին։ Գյուղի անտեր մնացած տնամերձները ամեն ընկած սերմին իրենց մեջ կուտակած-կուտակած հումուսը տալիս են, որ իրենց կողքով անցնող նախկին գյուղացուն, իրենց տիրոջը, իրենց խնամակալին գայթակղեն-բերեն, իրենց ծոցի լիքը բերքը տան ու այդպես պահեն իրենց Տիրոջը։

Տերը։ Մե՜նք։ Ծանրությունից մեր ուսերը կքվում են, մեր ուղեղի ծալքերում մրափ մտած գաղափարը ճմլկոտելով արթնանում է ու սկսում հասկանալ, որ մրափի ժամանակներն անցել են։ Այս մրափն էլ Մորփեոս աստծո հիշատակն է` մեր կողմերում մնացած։ Գրիգորիս ուսուցչապետը Ամարասի կողմերից, Խաչենի հովտից, Գյուլիստանից, ուրիշ տեղերից պատանյակներ է բերել, որոնք բառը թռցնում են բերանից,  ուսուցչապետի ասածը` մեկ-երկու վարժեցնում են իրենց աչքունակ պատանյակ  ուղեղներում ու իրենց տալիս սարալանջերին  բոցկլտացող երամակների մեջ, պատահած զամբիկի մեջքին են թռչում, ականջատակը մտած, իրենց  տալիս հեռու-հեռու կողմերը։ Հետո անցնում են ուրիշ գետեր ու սարեր, հասնում Հունաց աշխարհը։ Վերադառնում են միրուք  պահած, խոհեմացած։  Առավոտյան այան կանչում է` Օհանես, արևը ելել է, արթնացիր, իսկ Օհանեսը` Հովհաննես, ճմլկոտում է խսիրի վրա, մեղավոր ժպտում ու արդարանում` Մորփեոսը բաց չի թողնում։ Բառը այային դուր էր եկել ու խանդաղատանքով կրկնել է որդու խոսքը` բան չկա, մի քիչ էլ մրափեուս արա։ Ու այսպես իրար տալով, Մորփեոսը՝ հոլովվելով, ձեռ առնելով, բերանից բերան փոխս ընկնելով դառնում է մրափ հասկացություն, բառ, բառապաշար։ Մինչդեռ հեռու տարածքներում մրափ մտածները նորերս մեզ իրենց հետ շփոթում են, ուզում են միջին թվաբանական հանել։

Գործ անելու, բան անելու ժամանակներն են եկել։ Մեր այս խեղճուկրակությունը թոթափելու, մեր տուն-օջախը շենացնելու, մեր վարուցանքն անելու, մեր կիսատությունը լցնելու ժամանակներն են։

Դպրոցները խլխլան լածիրակ երեխեքի շատությունից, որ բրիգադիրն էլ մոլորված չմնա Մուխան ապու, պելի Սարգիսջանի դռան շեմին` ասի՞, թե չասի, նորից խնդրի, որ վաղը Խմահատի հարած խոտը պետք է պրանվի, անձրևներից խոտը սկսել է կծղել, գիտեմ, հիվանդ ես, հիվանդանալը նոր չես սովորում, լոբուտը հետո կջրես, երաշտը չտարավ, էդքան լոբին վարել ես` ո՞վ է ուտելու, տղա-թոռ և ուրիշներ չեն գալու, էլի դու պիտի այդ ամենը  հավաքես-պահես, որ ձյունը գալուց առաջ տանես երեխաներին տաս` էդքանը տղիս, էսքանն աղջկաս, մյուսին, երրորդին,- կանես, Մուխան ապա, կհասցնես, չմոռանաս, որ առավոտ ծեգին պիտի գնաս Խմահատ` խոտը պրանելու, մենակ դու չես, խնամի Սավադն էլ է գնալու, հարևան Սարգիսջան պելին էլ, իմ հայրը բոլորից առաջ է գնալու։ Հետո բրիգադիրը մոլորվել է 70-ն անց, 80-ն անց ազի-այա մեր մեծ մայրերի վերաբերյալ իր անխղճության, իր ճարահատյալության առաջ, բայց քաղհանը բոստանը կոխել է, շախկան բռնել է լոբուտը, գործ, գործ, գո՜րծ, մեկը չի, երկուսը չի, հարյուրը չի, գործը պիտի արվի, որ իր դասարանցի Վալոդը կիրակի օրերը պիժամը հագած, հարևանի տանը նարդի խաղա, կինը տասը անգամ կանչի, ինքը չգնա, վերջում էլ հեռախոսով երեխայի բերանով ասի` տունը հյուր է եկել։ Այսպես սուտ խաբելով, ամուսնուն բերի տուն, որ ժամը կեսօրին Վլադիմիր Կարպիչը նախաճաշ անի։

Ակումբը դարձել է ջրատված ջաղաց` ջահելների պակասից, սիրտ չլինելու տխրությունից, ակումբ-գրադարան-հավաքատեղ չլինելու կաթվածից։
Գործ անենք, որ տներ շինվեն, բարիքներ ծնվեն։ Երեխաների շատությունից սրտներս մի անգամ նեղվի։ Որ հետո իրավունք ունենանք ասենք`
Մե՛նք։

13 ноября 2013 г.

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԹԱԽԻԾ


- Խոստացիր, որ ամբողջ գիշեր իմ մասին ես մտածելու: Մինչև քնելը: - Հեղինեն լռում է, ապա ամոթխած, ինչպես դեռատի աղջիկ, ավելացնում.- Միայն իմ մասին:
- Խոստանում եմ:
Հեղինեն չի հավատում իմ խոսքերին ու տխրում է: Նիհար դեմքին հիվանդոտ վառվում են խոշոր աչքերը: Ես նայում եմ այդ աչքերի մեջ, իսկ ծանր մի զգացում սեղմում է կուրծքս. նրա աչքերը, որ անբնական այդպես խոշորացել են, կարող են այլևս չժպտալ: Նրա կրծքային, թավիշ ձայնը այլևս չի հնչի: Այդ ինչպե՞ս կարող է, ինչպե՞ս կլինի:
- Երբ քնես՝ երազ կտեսնես:
Սթափվում է մտքերից ու շփոթված հարցնում.
- Ինչի՞ մասին:
- Եվ հարցնո՞ւմ ես:
Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն կշտամբանք կա նրա ձայնի մեջ, և ինչքա՜ն նրբազգաց է դարձել:
- Այո, իհարկե,- փորձում եմ ուղղել ինձ,- ես երազ կտեսնեմ մեր սիրո մասին:
- Ասա՝ մեր անցած սիրո մասին:
Լուսինը խտացրել է զբոսայգու ստվերները և ձուլել մեր ստվերներին: Մենք վաղուց տասնութ տարեկան չենք, բայց ուշ երեկոյի կիսամութը, անցյալ օրերի վերհուշը երևի զգայուն են դարձրել մեզ:
- Նստենք այս նստարանին:
Նստում ենք:
Գրկում եմ Հեղինեի փխրուն ուսերը:
- Հիշո՞ւմ ես, միշտ այստեղ էինք հավաքվում: Առաջին անգամ այստեղ ասացիր, որ ինձ սիրում ես: Քանի՞ տարի է անցել:
Լռում ենք: Հետո, կարծես ինքն իր հետ, Հեղինեն խոսում է.
- Կինոսեանսը վերջանալուց հետո դու ասացիր՝ զբոսայգով գնանք: Հետո ասացիր, որ նստենք նստարանին: Այն նստարանը չկա այլևս, բայց դրված էր այստեղ: Մեր նստարանը: Հիմա ի՞նչ է եղել նրան: Երևի ջարդվել է, և զբոսայգու պահակը տարել է վառելու:
Շագանակագույն մազերն ամբողջովին ճերմակել են, դեմքը զարմանալի գունատ է: Գուցե՞ լուսնի լույսի տակ է այդպես: Եվ աչքերի շուրջը ստվերներ են գոյացել: Ժպտում է, բայց նրա ժպիտը փշրված է: Անցած օրերի չարաճճի ժպիտների փշրանքները հավաքում ու փորձում է միացնել իրար ու ոչինչ չի ստացվում:
- Արծվի, դու ուրիշ բաների մասին ես մտածում: Ինչի՞ մասին ես մտածում:
Ես չգիտեմ ինչ պատասխանել ու նորից գրկում եմ նիհար ուսերը: Նա դողացող մատներով բռնում է ձեռքս ու թեթև սեղմում:
Լռում ենք՝ յուրաքանչյուրս իր խոհերով տարված:


*  *  *

... Լինում է, չի լինում... Ամեն ինչ հեքիաթ է թվում՝ հեռավոր և անիրական:
Մենք տաղանդավոր էինք ու սքանչելի: Նյուտոնը... այո, իհարկե, ասում էինք թեթև հեգնանքով, և մեր Աստվածը Էնշտեյնն էր՝ իր հնամաշ բեղերով ու անիրական տեսությամբ: Մեզ դուր էին գալիս հեթանոս կուռքերի պարզամիտ գոռոզությունը ու նրանց կեցվածքն էինք ընդունում: Մենք՝ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներս, մեր կիսանդրիները պարզ տեսնում էինք ակադեմիայի սրահներում դրված: Եվ առաջինը Տիրանի կիսանդրին էր:
Տիրանը փայլուն էր ու սրամիտ, ուսանողական հավաքույթներում Շելլի էր արտասանում անգլերեն: Բոլորը նրան ապագա էին գուշակում, և դա ճնշում էր ինձ:
Նոր տարում Տիրանը ինձ ու Հեղինեին հրավիրեց իրենց տուն:
- Արծվի, քեզ ու Ելենային այնքան եմ գովել, որ ծնողներս անպայման ուզում են ձեզ հետ ծանոթանալ:
Տիրանի գնալուց հետո ես պայթում եմ:
- Ելենա Կարպովնա... Զզվեցրեց:
- Պատկերացրու, վատ չի հնչում,- ծիծաղում է Հեղինեն, իսկ ես մթնում եմ:
- Հիմա էլ պրոֆեսոր ենք տեսնելու տանու շորերով: Քարտաշ Մուրադի տղան պրոֆեսորի հետ նարդի է խաղում ու կում-կում սուրճ խմում: Ասա՝ ուստա Մուրադ, Նոբելյան մրցանակն ի՞նչ է, որ չես ստացել, գոնե դոցենտ էլ չես:
- Դու Տիրանին չես կարողանում տանել:
Ես պայթում եմ.
- Իսկ քո մտքով չանցնի էլ, որ գնալու ես նրանց տուն:
Ես եռում եմ, իսկ Հեղինեն ծիծաղում է զրնգուն և աչքերից կայծեր են թռչում: Ես բռունցքներս սեղմում եմ, Հեղինեն մղվում է դեպի ինձ.
- Կարծում ես քո հպատակը չե՞մ,- և ուղիղ նայում է աչքերիս ու շարունակում ծիծաղել: Ես շփոթվում եմ. ի՞նչ է տեղի ունենում նրա հետ: Չբռնե՞մ մի լավ ծեծեմ, ինչպես տարիներ առաջ, ծեծեմ, որ մայրս էլ ինձ ծեծի, այնքան ծեծի, որ լաց լինեմ: Ես ուզում եմ լաց լինել:
- Զզվեցրիր քո ծիծաղով:
- Դու նախանձում ես Տիրանին:
Եթե Հեղինեն ուրիշ բան ասեր, գուցե ես այդպես չկատաղեի. նա իրավացի էր, ես նախանձում էի Տիրանին:
Հեղինեն այդ օրը դարձել էր համառ ու ծաղրող: Վիճեցինք երկար, ես ինչքան փորձում էի ինչ-որ բան հիմնավորել, նա թեթև ձեռքով ցրիվ էր տալիս իմ տրամաբանական կառույցները: Ինչքան շատ էի խոսում, այնքան դառնում էի անիրավացի ու ողորմելի:
Հեղինեն ընդունեց Տիրանի հրավերը: Ես ոչ մի տեղ չգնացի: Ինձ մնում էր ապացուցել, որ քարտաշ Մուրադի գենը պրոֆեսորական է, որ այդ գենը մինչև հիմա մնացել է անբան, բայց ժամանակն է, որ արթնանա քնից: Ես պետք է Տիրանի անգլերենին հակադրեմ իմ փայլուն գերմաներենը, որպեսզի աշխարհով մեկ գոռամ. «Ագնեսա, ես քեզ սիրում եմ»: Իսկ այդ Ագնեսան, որ շագանակագույն մազեր ունի ու չալ աչքեր և մեր հարևան Կարապետ քեռու աղջիկն է և արդեն Ելենա Կարպովնա է,- Կարապետ քեռի, աղջիկդ արդեն Ելենա է, Ելենա Կարպովնա, մենք՝ ո՞ւր, նա՝ ո՞ւր, արդեն պրոֆեսորի հետ է նստում վեր կենում, այդ պրոֆեսորն էլ փայլուն տղա ունի, սիրուն, քաղաքավարի, խելոք ու ապագա ունեցող,- լսո՞ւմ ես: Կարապետ քեռի, Մուրադի հետ էլ գործ չունես, քո գործը պրոֆեսորի հետ է, բայց չմոռանաս ատամներդ խոզանակով մաքրել ու բեղերդ էլ մի քիչ խուզիր, նոր գնա Երևան քաղաք, թե չէ Ելենա Կարպովնան իրեն վատ կզգա Տիրանի ու նրա պրոֆեսոր հոր մոտ: Հիմա հասկացա՞ր ինչը ինչոց է, Կարապետ քեռի:
Այո, ինձ մնում է զարգացնել Մուրադի պրոֆեսորական գենը գերմաներենին փայլուն տիրապետել, որպեսզի գերմաներեն ասեմ՝ Ագնեսա: Իսկ Հեղինեն թող ինքը ծնկաչոք, աչքերը արցունքներով լի ներումն խնդրի, որպեսզի ես էլ ընտիր գերմաներենով ասեմ.
- Ավա՜ղ,- ու հպարտ գլուխս շրջեմ դեպի...
Բացում եմ աչքերս. հանրակացարանի մեր սենյակն է, տղաները հանգիստ քնած են, խոր գիշեր է: Կամաց-կամաց գիտակցությանս են հասնում երեկվա դեպքերը: Աշոտ Մարկիչը փոքրիկ միրուքը տմբտմբացնելով ասում է.
- Ապրես, Արծվի, քեզ «գերազանց» եմ նշանակում:
Ես առարկում եմ.
- Խնդրում եմ ինձ «լավ» նշանակեք:
Մարկիչը զարմացած նայում է ինձ, իսկ ես սառն ու հանգիստ ասում եմ.
- «Գերազանցի» գիտեք միայն դուք, իսկ ես խորն էի յուրացրել, հարցերին պատասխանել եմ անթերի: Ես ցանկանում էի «լավ» ստանալ, որպեսզի ինձնից հետո պատասխանող Տիրանը՝ այդ շփացած գերազանցիկը, բարձր գնահատական չստանա: Ես փայլում էի, ես հասել էի նպատակիս: Եվ ամբողջ կուրսը գիտեր այդ: Մտնում եմ մոտիկ սրճարան, խմում մինչև հարբելը: Հետո բոլորի ներկայությամբ ապտակում եմ Տիրանին: Նա ինձ չի պատասխանում: Ես դրանից կատաղում եմ, նորից հարձակվում, բայց Հեղինեն մեջտեղ է ընկնում:
Հաջորդ տարի տեղափոխվում եմ պոլիտեխնիկական ինստիտուտ:
- Իմիջիայլոց, Տիրանը կարող էր Աշոտ Մարկիչից «գերազանց» ստանալ, բայց զիջել է քո վրեժխնդրության զգացմունքներին: Այդ մասին նա պատմել է տարիներ հետո:
- Նրա մեծահոգությունը միշտ էլ գրավիչ է եղել:
- Մի ծաղրի, Արծվի, Տիրանը իրոք մեծահոգի է, դու նրան չես սիրել ու չես կարողացել գնահատել: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա, հանուն իմ նկատմամբ ունեցած զգացմունքների, անկեղծորեն ցանկանում էր, որ դու հաշտվես ինձ հետ:
- Շատ է քաղցրավուն, ինչպես վատ գրված վեպերում,- կասեցրի ես, բայց ինչ որ բան մեջս փշրվեց: Ես ինձ խորտակված էի զգում: Մեղավորության զգացումը, այն, որ անարդար եմ եղել Հեղինեի ու Տիրանի նկատմամբ, ճնշում է ինձ: Մարդ ինչո՞ւ է կյանքում այնքան սխալներ թույլ տալիս, որոնք այլևս անուղղելի են: Տիրանի գերազանցությունը ես չէի կարողանում տանել: Այն ժամանակ ես ի վիճակի չէի ինձ հարցնել՝ ինչո՞ւ անպայման առաջինը դու պետք է լինես: Ես չէի հանդուրժում, որ Տիրանն ազատ տիրապետում է անգլերենին ու Շելլի արտասանում: Ես սկսեցի համառորեն սովորել գերմաներեն: Հիմա ազատ խոսում եմ գերմաներեն, բայց, այնուամենայնիվ, պոեզիան ինձ մնաց անմատչելի: Ես շատ էի փառասեր:
Մեր բաժանումից արդեն շատ տարիներ են անցել: Այդ տարիներին տառապել եմ, անիծել ծուռ բնավորությունս, քանի անգամ եմ փորձել հաշտվել Հեղինեի հետ, բայց վերջին րոպեից զսպել եմ ինձ՝ իսկ եթե Հեղինեն ինձ արհամարհի՞: Դա ավելի ահավոր կլիներ: Ես չէի կարող տանել Հեղինեի արհամարհանքը:


*  *  *

- Հեղինե, երեկոն խոնավ է, կմրսես,- զգույշ ասում եմ ես:
Հեղինեն հպվում է ինձ ու ոչինչ չի պատասխանում: Այդ պահին նա մի երեխա է՝ անօգնական ու թույլ: Սիրտս գորովանքով է լցվում, ու ես ցանկանում եմ գրկել ուսերը, սեղմել նրան կրծքիս, մեղանչանքի խոսքեր մրմնջալ, ասել, որ ես անմիտ տղա եմ եղել, մեր սիրո առաջ ես հանցավոր եմ, հանցավոր եմ նաև նրա համար, որ դու հիվանդ ես և անբուժելի, որ ... Բառերը սեղմում են կոկորդս, ու ոչինչ չեմ կարողանում ասել: Սառը մատները սեղմում եմ դեմքիս ու սկսում համբուրել: Չգիտեմ, ի՞մ, թե՞ նրա արցունքը ընկնում է ձեռքիս ու սկսում այրել:
- Հեղինե, ես քեզ սիրում եմ, ես միշտ քեզ սիրել եմ:
- Գիտեմ:
- Հեղինե...
Հեղինեն սառը, բացասական օրորում է գլուխը. ես լռում եմ:
- Ինչո՞ւ էիր անընդհատ ծիծաղում,- տեղական լռությունից հետո բացականչում եմ ես:
- Արծվի, ես երբեք այնպես չեմ սիրել քեզ, ինչպես այն օրը, և դու չէիր հասկանում:
- Բայց ինչո՞ւ էիր ինձ վրա ծիծաղում:
Հեղինեն ժպտաց.
- Ինձ դուր էր գալիս, երբ դու բորբոքված կոպտում էիր ինձ: Դու անհեթեթ բաներ էիր ասում, իսկ ես սիրո խոսքեր էի լսում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է եղել:
- Ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ գնացիր,- նորից բացականչեցի ես, չկարողանալով թաքցնել տարիների վիրավորանքս:
- Ես կարծում էի,- Հեղինեի ձայնը դողաց: Նա մի պահ սպասեց, ապա դանդաղ, որ թաքցնի հուզմունքը, ավելացրեց. - Ես կարծում էի դու կհասկանաս իմ անմեղ չարաճճիությունը: Եվ դու չհասկացար ինձ:
Հեղինեն լռեց, ձեռքը տարավ արդեն ճերմակող իմ մազերով, ինչպես ներող մայրը իր որդուն, ապա անքեն կշտամբանքով ասաց.
- Անիրավ:
Ինչքան քնքշություն և գորովանք կար նրա ձայնի մեջ: Ես ոչինչ չկարողացա ասել:
Լուսինն անցավ ամպերի ետևը: Գիշերային լապտերները հազիվ էին մեղմացնում մութը: Ծառուղին ընկղմվել էր երազուն լռության մեջ: Գունատ սաղարթները սկսվում էին ցածրաձայն ու տխրությամբ լցնում շրջապատը: Ինչո՞ւ այդպես համառ եղա, ինչո՞ւ Հեղինեն այդքան հպարտ է ծնվել: Ճակատագիրը կարծես մեզ առմիշտ կապել էր իրար: Միասին ենք ծնվել, միասին դպրոցն ավարտել, միասին համալսարան մտել: Մենք սիրում էինք իրար: Այդ ի՞նչ ձեռք բաժանեց մեզ:
- Ես միշտ սպասել եմ քեզ:
Ձայնի մեջ այնքա՜ն կշտամբանք ու տխրություն կար, որ ակամայից սարսռացի: Ես ինձ հանցավոր էի զգում:
- Հեղինե, ես ամուսնացել եմ երեսունհինգ տարեկանում:
- Գիտեմ: Ես այդ իմացա մի քանի ամիս ուշ,- ձայնը հանկարծակի բեկվեց ու մարեց: Ես ակամայից նայեցի Հեղինեին. ձախ հոնքից խոր մի կնճիռ էր իջել և անսպասելի աղավաղել դեմքը: Դեմքն այլափոխվել էր, և իմ դիմաց արդեն տանջահար մի կին էր՝ արդեն ծերացած և ուժասպառ: Կենդանության ոչ մի նշան: Դա մի ավերակ էր: Սարսափահար՝ Հեղինեի գլուխը առա կրծքիս, որպեսզի չտեսնեմ այդ ահավոր փոփոխությունը: Սիրտս անսփոփ մղկտաց: Չգիտեմ ինչքան մնացինք այդպես: Հետո Հեղինեն զգույշ ազատեց գլուխը և խաղաղված, կարծես խոսքը ուրիշի մասին է, ասաց.
- Արծվի, ես չեմ ամուսնացել:
- Ի՞նչ ,- գոռացի ես,- իսկ... իսկ Տիրա՞նը... - Այդ րոպեին ես կուզենայի, որ Հեղինեն ամուսնացած լիներ, ում հետ ուզում է լիներ, թեկուզ Տիրանի հետ:
- Այո՛, չեմ ամուսնացել:

ԷԼԵԳԻԱ


- Մի հեքիաթ պատմիր:
- Ինչի՞ մասին:
- Ծեր պինգվինի մասին, և թող այն վերջ չունենա:
- Ծեր պինգվինի հեքիաթը վերջ ունի: Ծեր պինգվինն արթնանում է կապույտ-կանաչ երազներից և շոգ ամռան կարոտից:
- Ես ուզում եմ մի հեքիաթ, որ վերջ չունենա, որ այդ հեքիաթը իրական լինի:
- Բոլոր հեքիաթները իրական են:
- Եվ Ծեր պինգվինի հեքիա՞թը:
- Եվ Ծեր պինգվինի հեքիաթը:
- Բայց ինչո՞ւ Ծեր պինգվինը մահանում է:
- Որովհետև Ծեր պինգվինը միշտ երազել է շոգ ամառներ, իսկ Օվկիանոսը նրան գամել է իր սառցե կապաններին:
Աղջիկը նստել է ջահել խոտերին ու խաղում է տղամարդու փողկապի հետ: Տղամարդը պառկել է նրա կողքին ու նայում է երկնքի աղոտ աստղերին: Աղջիկը վայելում է գարնան շնկշնկացող բույրերը, տղամարդուն պատել է վաղնջական մի զգացում: Այդ ե՞րբ էր, որ հուզվում էր այդպես: Այդ ե՞րբ էր՝ տաս տարի՞ է անցել, քսան տարի՞, թե՞ մի ամբողջ հավերժություն:
Գարունը շռայլ էր ու արբշիռ, գարունը գեղեցիկ էր ու մերկ...
- Մի հեքիաթ պատմիր, և թող հեքիաթը երջանիկ ավարտ ունենա:
- Իմ իմացած բոլոր հեքիաթները տխուր են վերջանում:
- Դու անիրական հեքիաթ պատմիր:
- Այդ դեպքում հեքիաթի ավարտը կլինի անիրական:
- Ես անիրական հեքիաթ եմ ուզում, ես ուզում եմ անիրական ավարտ:
- Սիրելիս, քիչ հետո կբաժանվենք, և օրերը նորից կգլորվեն առաջվա պես, և մենք ամեն օր կտեսնենք Ծեր պինգվինի երազը:
Իսկ գարունը շնկշնկում է իր բույրերը, գարունն արյան տաք խաղերից դեն է նետում ամոթխածության քողերը:
- Գեղեցիկ է Ծեր պինգվինի երազը,- շշնջում է աղջիկը:
- Բոլոր չիրականացված երազները գեղեցիկ են,- շշնջում է տղամարդը:
Եվ այդ շշունջներից պայթում է բողբոջը...
Նա ասաց.
- Քո վարսերը արևի շողեր են՝ խենթ ու ջերմացնող:
Աղջիկը շոյեց տղամարդու ճերմակած մազերը և ասաց.
- Քո քունքերին ձյուն է նստել: Այդ ձյուները բարի են ու տաք:
- Քո ճակատը ճերմակ է և անստվեր:
- Ինչքա՜ն իմաստություն կա քո աչքերում:
- Սիրելիս, ժամանակն անգութ է, նա մեզ բաժանում է իրարից:
- Իսկ ես կգրկեմ քեզ, և ոչ մի ուժ մեզ չի կարող բաժանել:
Լռությունը դառնում է մեղեդի, և լռության մեջ խլանում են օտար ձայները: Մեքենաները լողում են փողոցներով, շենքերը լողում են երկինքներն ի վեր, բարդիները խոնարհվում են իրար, և տերևների շշունջը դառնում է համանվագ:
- Հիշո՞ւմ ես,- վերջապես ասում է աղջիկը:
- Հիշում եմ,- պատասխանում է տղամարդը:
Երեկոյան զբոսայգին լցվում էր ջահել աղջիկների երամներով, և նա ուզում էր, որ տղամարդը մոտենա, խոսի իր հետ: Նա միամտորեն ցանկանում էր խուսափել անխուսափելիից:
- Մի՞թե չէիր հասկանում, որ ես քեզ սիրում էի,- մեղավոր ժպտում է աղջիկը:
- Իսկ ինչպե՜ս հասկանայի,- բացականչում է տղամարդը:
- Անհամբեր սպասում էի սպիտակ տանգոյին, որ քեզ հրավիրեմ պարի:
- Եվ դու այնպե՜ս լավ էիր պարում:
Եվ այդպես շարունակվում է Ծեր պինգվինի հրաշալի հեքիաթը: Ծեր պինգվինը երազ է տեսնում, թե ինչպես թողնում է սառցապատ օվկիանոսը և անհայտ ճանապարհներով հասնում Միջերկրականի ավազուտ ափերը, որտեղ արևը շեկ վարսերը փռել է արմավենու հեռագնա անտառներին, որտեղ կապույտ ալիքները ջերմ շշնջում են արևագույն ավազներին:
Ծեր պինգվինը տեսնում է մի Հրաշք-թռչուն, որը գեղեցիկ փետուր ուներ, աչքերը խոնավ էին ու տաք, ինչպես հարավի գիշերները և սիրո երգեր ուներ տրոփող սրտի մեջ պահած:
Ամռան գիշերը լցվում էր տաք շշունջներից ծնված խենթ երազներով: Ամռան գիշերը շոգ էր ու կարոտ հովասուն քամիների:
Իսկ քամին այս, որ հովասուն էր ու շաղակրատ, շշունջներից ծնված բառերը խլում էր շրթունքներից ու տանում փողոց:
Լուսադեմին ծեր դռնապանը հատիկ-հատիկ հավաքում է բառերը, որոնք հետո դառնում են կուտակ-կուտակ ամպեր և որոնք կեսօրին ճայթում են՝ ինչպես ամպրոպը: Երկնակամարը այնպես պարզ էր, և ոչ ոք չէր զգում ամպրոպի վտանգը:
- Ես ուզում եմ, որ Հրաշք-թռչունը սիրո իր երգն ասի:
- Հրաշք-թռչունն ամոթխած է, իր երգը երգում է գիշերը, երբ բոլորը քնած են: Իսկ գիշերը, ավա՜ղ, կարճ է տևում:
Լուսնի շողն ընկել է աղջկա մերկ ու տաք պարանոցին և Օվսաննա է կանչում...
- Սիրելիս, տխրությունը քեզ այնպես է սազում,- ասում է տղամարդը:
- Ես ուզում եմ, որ Ծեր պինգվինը լսի Հրաշք-թռչունի երգը:
- Դա անհնարին է, Օվկիանոսի սառույցներն իրենց իրավունքներն ունեն:
- Հարավի գիշերը օրորվում է ծովի ալիքների վրա՝ երազուն ու ցանկասեր: Ծեր պինգվինը շոյում է Հրաշք-թռչունի գեղեցիկ փետուրը, խնդրում, որ երգ ասի: Հրաշք-թռչունը բացում է հովհարաձև թևը, որտեղ գույնզգույն փետուրներ կային և արևի ջերմությունն էր պահվում, բացում է կտուցը, որ երգի...
Արթնանում է երազից Ծեր պինգվինը և տեսնում, որ սառույցները՝ ահարկու ու չար, սրարշավ և իրար բախվելով գալիս են, որ ճզմեն ու ոչնչացնեն իրար:
... Պատուհանից այն կողմ վարսաթափ ծառերը տխուր սվսվում են, մերկ ճյուղերը կառկառել են դեպի վեր և կարծես արև են խնդրում:
Աշուն էր:
Տղամարդը գրկել էր աղջկան ու գորովանքով շոյում էր մազերը: Աղջիկը երեխայի պես սրբում էր արցունքները և արցունքների միջից ժպտում:
- Ես չեմ ուզում Ծեր պինգվինի հեքիաթի վերջն իմանալ:
- Դու պետք է իմանաս հեքիաթի վերջը:
Ծեր պինգվինը սարսափով նայում է սառույցներին և հաստատ գնում դեպի մահ: Բայց այս ի՞նչ է, սառույցները սկսում են նահանջել, սառույցները սկսում են հալվել և, ալիք տալով շոյել Ծեր պինգվինի փետուրները: Սառույցները ուրախ են, որ իրենց զավակը չի լքել հարազատ օրրանը, մնացել է Օվկիանոսի դուստրը:
Հաջորդ օրը, երբ հյուսիսի թույլ արևը իր շողերն էր փռում սառույցների վրա, Ծեր պինգվինի անշունչ մարմինն ընկած էր սառն ալիքներին: Ծեր պինգվինը մահացել էր Հրաշք-թռչունի կարոտից:
Դիմացը պատ է, ետևում պատ է, պատ է չորս կողմ: Պատերը պատուհան ունեն, օտար հայացքը կարող է խուժել, պատերը դուռ ունեն, և ուրիշ մեկը կարող է մտնել: Պարզ այս ճշմարտությունը մոլորվել է նրանց հայացքներում և ձուլվել ագուցված ձեռքերի մեջ, սրտի զարկերում:
- Այդ ինչպե՞ս ստացվեց:
- Այդ ինչո՞ւ ստացվեց:
Հարցերը դառնում են համառ, դառնում են դատավորներ ու պատասխան են պահանջում:
Դրսում աշուն է, և աշնան շնչում զգացվում է ձմռան ցուրտը:

ԱՆՏԱՌԱՊԱՀ ՄԵԼԻՔԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ


Սկզբում բոլորիս զայրացնում էր: Ժամը 7-ին արթնանում էր ու սկսում ձայնասկավառակներ պտտեցնել: Եվ մինչև ժամը ինը:
- Կոնսերվատորիա է բացել,- փնթփնթում էր հաշվապահ Զինավորը և դուռը սողնակով փակում:
- Պատուհանը մոռացար,- հեգնում է անտառապահ Մելիքը, որը չէր սիրում հաշվապահին:
Պատուհանն աղմուկով փակվում էր:
Գևորգը խիստ բծախնդիր էր մազերի նկատմամբ: Կես ժամ անընդհատ հարդարում էր սևաթույր գանգուրները: Ամեն օր՝ կես ժամ: Նա ակնհայտորեն հպարտանում էր իր ձայնասկավառակներով ու գեղեցիկ մազերով: Ձայնասկավառակներով՝ բարձրաձայն, մազերով՝ լռելյայն:
Մի անգամ Մելիքը չի համբերում:
- Ի՜նչ է, հայելու առաջ կոտրատվում է, կարծես աղջկատեսի է գնում:
- Օրիորդի պես է կոտրատվում,- լրացնում է Զինավորը:
Մելիքը նայում է նրան ու չի առարկում: Հազվադեպ բան է: Հիմա Մելիքը երկու ճակատով է կռվում՝ «ինտելիգենտ» Զինավորի և նոր կենվորի՝ Գևորգի դեմ:
Հարևանների դիտողության վրա Գևորգը զարմացած նայում է նրանց: Մելիքը նորից կծում է:
- Ախպերացու, խոսք չունեմ, լավ մազեր ունես, բայց ափսոս չգիտեմ, թե տակին ինչ կա:
- Հողագոմաղբային կոմպոստ,- ձայնակցում է հաշվապահը:
Գևորգը ժպտում է ու չի պատասխանում: Զինավորն ու Մելիքը զարմացած իրար են նայում՝ կրակոցը փուստ գնաց: Լուռ համաձայնությամբ նրանք ցանկանում էին նորեկ հարևանին մի լավ խոսքաթակ տալ: Իսկ նա բարի ժպտում է ու երկուսին էլ զինաթափ անում: Մելիքը զայրացած հարձակվում է Զինավորի վրա:
- Չսիրեցի ծուռ-պռտի մարդկանց: Էդ ինտելիգենտներին պետք է քշել մեր երկրից:
- Հիմա ամեն ինչ մտավոր աշխատանքն է որոշում,- հասկանալով, թե Մելիքն ում այգին է քար գցում, նկատում է Զինավորը:
- Միտք էլ ունենայի՜ր,- ձեռքը թափ է տալիս Մելիքը,- ամբողջ օրը հաշվիչի վրա հատիկներ ես գլորում: Գործիդ անունը էդ չի՞:
- Տնտեսությունից ի՞նչ ես հասկանում:
- Իսկ դու չգիտես էլ, թե էշի պոչը որտեղից է բուսնում:
Թե ինչ կապ ունի: Մելիքն այդպես է, վեճի առարկան թողած սար ու ձոր է ընկնում: Հիմա էլ նույնը:
- Էն էլ չգիտե՞մ, որ հաշվապահների տասից ինն ուտում է, - ավելացնում է նա:
- Մի ուտող էլ լինե՜ր,- միջամտում է Սոֆի մայրիկը,- խեղճի փորը մեջքին կպած է:
- Խելք ունի՞, որ ուտի,- չի հանձնվում Մելիքը:


*  *  *

Գևորգի գալուց մի ամիս չանցած բոլորիս համար անսպասելի Մելիքն ասում է.
- Էն պլաստինկան դիր, որ զար-բլբուլի պես երգում է:
- Նման զնմանին գտանե,- արհամարհանքով նետում է Զինավորը և դուռը փակում:
Բայց հաշտության դրոշը բարձրացված է: Ձայնասկավառակ պտտեցնելը ստանում է օրինական ուժ: Գևորգը, անչափ երջանիկ, շտապում է կատարել Մելիքի խնդրանքը: Նա, առաջին օրից եմ նկատել, մարդկանց դուր գալու արտակարգ շնորհք ունի:
Երեկոները իսկական համերգ է: Սոֆի մայրիկի երկհարկանի մեծ առանձնատնից երաժշտությունը ժամերով հորդում է փողոցը: Ջրի գնացող թաղի աղջիկները կանգնում են փողոցում՝ մոռանալով մայրիկների հանձնարարությունը: Երրորդ օրը նրանք արդեն ծանոթ էին Գևորգի հետ: Այնուհետև ցանկապատի այն կողմից ձայն էին տալիս.
- Գևորգ, Ռոբերտինո նվագիր:
Մենք՝ ես, Գևորգը, Զինավորն ու Մելիքը Սոֆի մայրիկի տան կենվորներն ենք: Ես ու Գևորգը մի սենյակում ենք ապրում, Մելիքն ու Զինավորը՝ առանձին-առանձին: Ամառները Մելիքը կնոջն ու երեխաներին ուղարկում է գյուղ և երեք ամիս «ազատ շունչ քաշում»: Զինավորը որոշել է պոմիդորի լավ ժամանակը հարսանիք անել, եթե, իհարկե, մի հարուստ ջահել այրի գտնի:
Սոֆի մայրիկի մինուճար տղան մայոր է, երեք տարուց հետո պետք է բանակից զորացրվի: Մինչև որդու գալը ազատ սենյակները վարձով տալիս է:
- Կենվոր եմ պահում, որ տնից մարդահոտ գա,- բացատրում է Սոֆի մայրիկը,- Աստծոն փառք, թոշակս՝ թոշակ, երեսուն ռուբլի էլ ամեն ամիս տղաս է ուղարկում:
Իհարկե, դա չի խանգարում, որպեսզի սենյակների գնին հոր գինն էլ դնի: Մելիքի այդ դիտողությունը հասել էր Սոֆի մայրիկի ականջին ու նա մի ամիս հետը չի խոսել:
Սոֆի մայրիկի ձմեռվա փայտը ջարդում ենք: Այգին փխրեցնելը, ցանկապատ նորոգելը և փայտ ջարդելը մեր կամավոր պարտականությունն է: Մեր՝ այսինքն իմ և Մելիքի, իսկ հիմա նաև Գևորգի:
Մելիքը մտել է տարերքի մեջ: Կացինը թափով խրում է հաստլիկ փայտի մեջ ու մի հարվածով կիսում:
- Կեցցես, Մելիք, պսակվելու ժամանակդ է,- կատակով բացականչում եմ ես:
- Էդքան բախտ որտեղի՜ց,- գոհ իր ֆիզիկական ուժից՝ ժպտում է Մելիքը և ակնարկելով Զինավորին ավելացնում,- հիմա աղջիկները նազիկ ինտելիգենտներին են սիրում:
Զինավորը արհամարհական հայացք է նետում մեր կողմը և շարունակում փոքրիկ կումերով թեյ խմել: Սոֆի մայրիկը խիստ տոնով սաստում է Մելիքին:
- Բերանդ շուռ մի ածիլ, քո կինը ոչ ոքից պակաս չի:
- Հաչան շունը չի կծիլ,- նկատում է Զինավորը:
Մելիքը ցանկանում է պատասխանել, բայց հարմար խոսք չի գտնում: Ջղայնությունը թափում է փայտերի վրա:
Երևում է Գևորգը:
- Ողջույն սովետական փայտահատներին,- ասում է նա,- համալրման կարիք չի՞ զգացվում:
Մելիքը նայում է Զինավորին, իսկ Գևորգին պատասխանում.
- Տղամարդու կարիք զգացվում է, միայն զար-բլբուլի երգը դիր՝ հետո:
- Անշուշտ, առանց երգի, առանց սիրո կյանք չկա,- երգեցիկ պատասխանում է նա ու մտնում տուն:
Քիչ անց Սոֆի մայրիկի այգին լցվում է ծանոթ երաժշտությամբ: Գալիս է նաև Գևորգը՝ Մելիքի պես գոտկատեղից մերկացած: Նկատելով թախտին արքայավայել նստած Զինավորին, ուրախ-կատակ կանչում է.
- Զինավոր, արի մկաններդ պնդացրու:
- Զինավորս մտավոր է, չի կարելի, - միամիտ ասում է Սոֆի մայրիկը:
Ա՛յ քեզ մտավոր Զինավոր, ա՛յ քեզ Սոֆի մայրիկ... Ծիծաղից կոտորվում ենք: Հաշվապահը դեռ այդպիսի հարված չէր ստացել: Նա մտնում է տուն ու սողնակը քաշում:
Երեկոյան «հացափոր» աշխատողներիս համար Սոֆի մայրիկը հավ է մորթում ու «դեղապետի» համար պահած կես լիտր օղին դնում սեղանին: Սոֆի մայրիկին ուռա: Բաժակներն օղի եմ լցնում ու նայում Մելիքին:
- Հը՞,- հարցնում եմ ու անպատասխան մնում:
Գևորգը ձեռքը տանում է դեպի հավը:
- Համբերիր,- խիստ ասում է Մելիքը, և Գևորգը մեղավոր՝ ձեռքը ետ է քաշում:
Ներս է մտնում Սոֆի մայրիկը և ուսերը թոթվում.
- Չի գալիս:
Մելիքը իջնում է ներքև: Չգիտեմ ինչքան ժամանակ ենք թուք կուլ տալիս, մինչև վերադառնում է Մելիքը Զինավորի հետ:
- Սոֆի մայրիկի օջախը շեն կենա,- ասում է նա ու բաժակը խփում Զինավորի բաժակին: Մենք այդ պատվին չենք արժանանում: Որպես պատիժ, որ ցանկացել ենք առանց Զինավորի սեղան նստել:
Մի հարվածով ոչնչացնում ենք հավն ու «դեղապետի» օղին: Մելիքը գրպանից երեք ռուբլի է հանում: Երկուական ռուբլի էլ մենք ենք դնում: Զինավորը բոլորիս գերազանցում է: Շուտով փողի համարժեքները շարվում են սեղանին: Ստացվում է քեֆ: Կամաց-կամաց սկսում ենք տաքանալ:
- Մելիք, կենացդ,- ոտքի կանգնելով ասում է Զինավորը,- լավ տղամարդ ես, բայց մեկ-մեկ չափարը ճմոռում ես:
- Հիմա որ բերանիցդ խոսքահոտ եկավ, Զինավոր,- խփելով նրա բաժակին պատասխանում է Մելիքը,- թե չէ՝ կարծես ռադիո լսենք:
Բոլորս համերաշխ ծիծաղում ենք:
Քեֆի թունդ ժամանակը դուռը ծեծում են: Տան շեմին երևում են Սոֆի մայրիկի հարսն ու աղջիկը: Քեֆը կիսատ է մնում:


*  *  *

Գևորգը ձեռքից գնում է: Տղան անհուսալի սիրահարվել է Սոֆի մայրիկի թոռանը: Մելիքի «մշակած միջոցառումները» օգուտ չեն տալիս:
- Երկուսի միջև բալանս չի ստացվի,- եզրակացնում է Զինավորը:
- Էդ ինչպե՞ս հասկանանք,- հենց այնպես, հակառակելու համար ասում է Մելիքը:
- Գլխիդ զոռ տուր, կհասկանաս: Գևորգի աշխատածը Մարգոյի պուդրա-ներկին էլ չի հերիքի:
- Էդ մեկը հասկացանք: Հետո՞:
- Հետո էլ նրանք համապատասխան չեն:
Մելիքը տեղից վեր է թռչում:
- Գևորգը հինգ Մարգո արժե և շատ էլ լավ տղա է:
- Երեկ ասում էիր՝ մարդ չի,- նկատում է Զինավորը:
Մելիքը չի հանձնվում:
- Հիմա էլ եմ ասում՝ մարդ չի, բայց լավ տղա է: Երևում է Գևորգը: Մելիքը խոսքը կիսատ թողնելով մոտենում է նրան և հատ-հատ ասում.
- Զար-բլբուլի երգը չդնես: Դնես՝ կջարդեմ: Քեզ էլ հետը:
Գևորգը սուսուփուս անցնում է սենյակ: Խեղճացած: Մելիքը փոշմանում է ասածի համար: Նա բռնում է Զինավորի օձիքից:
- Տաս հաշվապահ արժե,- գլուխը մեր սենյակի կողմը թեքելով կամաց, որ Գևորգը չլսի, ասում է նա:
Զինավորը հեգնանքով ժպտում է:
- Այո, տասից ոչ պակաս,- փնչացնում է Մելիքը,- բայց էլի մարդ չի: Հասկացա՞ր:
- Իսկ դու քեզնից բան հասկացա՞ր:
Մելիքը չի պատասխանում: Զգում է, որ հիմարություններ ասաց: Այսինքն հիմարություն է տասի հաշվով, թե չէ՝ Գևորգը լավ տղա է: Լավ տղա է, բայց փալաս է: Իսկ տասի հաշվով, ճիշտ է, շատ ասաց:
Ծեքծեքալով գալիս է Մարգոն: Շալվար, կարմիր զոլավոր բլուզ ու մի խուրձ մազ: Մազերի գույնը ոնց որ երաշտը տարած սեզ:
Մելիքը իսկույն բացում է երրորդ ճակատը:
- Մարգո ջան, ճի՞շտ են ասում, որ կարմիր գույնը՝ բլուզիդ զոլերի պես, ցուլերին կատաղեցնում է:
- Ճիշտ է, եթե ցուլը արդեն եզ չէ,- Մելիքի դեմքին ժպտալով այնպես, որ սպանի, պատասխանում է Մարգոն:
Փռթկացնում եմ. այ թե դրեց: Իսկ Մելիքը գույն է տալիս, գույն առնում: Բայց էլի չի հանձնվում:
- Մարգո, եթե ես ուսում առած լինեի, հետո էլ լավ պաշտոն ունենայի, կուզեի՞ր ինձ:
- Չէ, Մելիք:
- Ինչո՞ւ, սիրուն չե՞մ: Թե բեղերս խանգարում են, կարող եմ թրաշել:
- Տղամարդու սիրունությունն ինձ համար բան չարժե:
- Բա ի՞նչը:
- Ուժեղ կնոջ ամուսինը պետք է թույլ լինի:
Մելիքը զինաթափ է լինում: Մարգոյի գնալուց հետո հետևից փնչում է.
- Շան քածի լեզուն քար կծակի:
Վերջերս Գևորգը տնից ձանյասկավառակներ է տանում ու դատարկ գալիս: Իսկ անցած ամիս մորը փող չի ուղարկել: Մի քանի օր է՝ մռայլ է: Սիրահարի օրը կտրվի: Չեմ հասկանում, թե ինչ է գտել մեջը: Ճիշտ է, սիրուն աղջիկ է, խելոք: Բայց օգուտն ինչ, մորը մարդատեղ չի դնում, տատին անվանում է ցնդած պառավ: Երեսին: Ասում են՝ նշանված է մի ինչ-որ կոմպոզիտորի հետ: Կարծես Գևորգը գիտե այդ մասին: Եվ էլի պոչից բռնած ման է գալիս: Չէ, տղան լուրջ սիրահարված է: Մարգոն էլ խաղում է հոգու հետ: Քած, եռում եմ մեջս, անփորձ տղա է գտել: Բոլորիս պարզ է, Գևորգը նրա համար ժամանակը հետաքրքիր դարձնելու միջոց է: Կգնա և վերջ ամեն ինչին: Նրան ինչ, թե որ Գևորգը հետո պիտի տանջվի: Կատաղում եմ Մարգոյի վրա: Գևորգի վրա՝ ավելի:
Է՛հ, կուրսային աշխատանքս մնաց, մտածում եմ ես ու գործի անցնում:
Պատուհանի մոտ քսփսոցներ եմ լսում: Քիչ անց ներս է մտնում Գևորգը: Բարձր տրամադրության մեջ է: Եվ գինով:
- Որտե՞ղ ես սիրունացել,- հարցնում եմ ես:
- Որոշել եմ աղքատության քարը նետել: Հերիք է ինչքան մեզ զրկեցինք:
Կեցցես Գևորգ, առաջադիմում է: Բայց նրա անհոգ-ուրախ տոնը ինձ գրգռում է:
- Ձայնասկավառակներ ծախելով բան չի ստացվի, ասում եմ ես,- մորդ ուղարկելի փողը չի դառնա:
- Չեմ սիրում բարոյախոս մարդկանց: Անշնորհակալ զբաղմունք է: Եվ իզուր եք կարծում, որ ձեր հովանավորության կարիքը զգում եմ:
Օհո՜, տղան սկսում է բացվել: Մենք կարծում էինք, թե անմեղ, միամիտի մեկն է:
- Մելիքը գիտի՞, որ իր «զար-բլբուլի» ձայնասկավառակը չկա:
Գևորգը ձեռքը թափ է տալիս՝ կարևոր չէ: Ես նրան չեմ կարողանում հասկանալ: Մելիքը նրա համար հեղինակություն է, ամեն կերպ աշխատում էր դուր գալ: Իսկ հիմա ձեռքը թափ է տալիս: Դարակից հանում եմ նրա կուրսային աշխատանքը, որ ետ են ուղարկել:
- Փոխանակ տիկին Մանուշին ու իր աղջկանը ման ածելու, կուրսային աշխատանքդ գրիր: Օգուտը դրանից է: Իսկ ընդհանրապես թույլ մի տուր, որ քեզ խաբեն:
- Չի իմացվի, թե ով է ում,- խոսքի կեսին Գևորգը կանգ է առնում: Նա շտապ հանվում է ու պառկում մահճակալին: - Այսօր մի քիչ կոնծել եմ, ուշադրություն մի դարձրու,- արդեն պառկելուց հետո ասում է նա,- իսկ Մարգոն լավ աղջիկ է, և ես սիրում են նրան:
Արդեն բավականին ուշ ներս է մտնում Մելիքը:
- Ծխախոտ չունե՞ս:
Գլխով ցույց եմ տալիս սեղանին ընկած տուփը: Մի սիգարետ է վառում ու նստում մահճակալին:
- Քունս չի տանում:
- Դու էլ հո սիրահարվա՞ծ չես,- աչքով անելով բարձր ասում եմ ես:
Մելիքը ձեռքը թափ է տալիս.
- Մարդուց խոսիր:
Քիչ անց գալիս է Զինավորը:
- Գլխացավի դեղ գուցե ունենաս,- Մելիքի կողքին տեղավորվելով հարցնում է նա:
Դարակից հանում եմ պիրամիդոնի տուփիկը: Զինավորը դեղահաբը վերցնում է, բայց կուլ չի տալիս: Սեղանին դրած ծխախոտատուփից մի սիգարետ է վերցնում: Մեկն էլ ես եմ վառում: Ու ծխում ենք: Երեքով: Լուռ: Եվ մռայլ: Կարծես սենյակում մեռել կա դրած...


*  *  *

Տեղի է ունենում պատմական խորհրդակցություն: Մելիքը որոշել է լուրջ խոսել Մարգոյի հետ:
Պետք է հարցը լուծել գեղական կարգով:
Զինավորն առարկում է.
- Իսկ եթե ասի, որ գլուխդ չխոթես ուրիշի գործերի մեջ, ի՞նչ պիտի պատասխանես:
- Կասեմ՝ ձեռք քաշիր տղայից: Կասեմ՝ մարդդ ճարիր ու սիրտդ ուզածի չափ ձեռ առ: Կասեմ՝ Գևորգը ախպերս է, պուճուր ախպերս, չեմ թողնի մեկը նրա քեֆին կպչի:
- Գուցե Մարգոն լուրջ մտադրություն ունի,- զգուշորեն նկատում եմ ես,- ընդհանրապես մեր ի՞նչ գործն է:
- Փչացածի մեկն է, ի՞նչ լուրջ մտադրություն,- վճռականորեն մերժում է Զինավորը,- նա նշանված է, Գևորգի հետ պարզապես խաղ է անում: Թե լավ աղջիկ է, ինչո՞ւ է մեկի հետ նշանվում, մյուսի հետ սիրախաղ սարքում: Փչացած աղջիկ է, ահա թե ով է նա:
- Մարգոն այնքան էլ վատ աղջիկ չի,- լուրջ ասում է Մելիքը:
- Վատ աղջիկ չի՞,- զարմացած բացականչում է Զինավորը,- դու մի անգամ լսիր, թե ինչպես է մոր հետ խոսում: Խոսքեր է ասում, որ տղամարդու բերանից չես լսի:
- Մարդու լեզուն սրտին կպած չի, չի իմացվի,- նորից առարկում է Մելիքը:
Ճիշտն ասած, այս զրույցն ինձ դուր չի գալիս: Ո՞ւմ ինչ գործն է: Եվ հետո չի իմացվի, թե... միտքս չեմ շարունակում: Գևորգը վերջերս ինձ դուր չի գալիս:
- Լավ, ենթադրենք, թե Մարգոն սիրում է Գևորգին, հետո՞,- հարցնում է Զինավորը:
- Սիրում է՝ ավելի լավ, երկուսն էլ իրար հալալ,- պատասխանում է Մելիքը:
Զինավորը ափերից դուրս է գալիս: Նրանք համապատասխան զույգ չեն, Մարգոն Գևորգին իր ճորտն է դարձնելու, Մարգոն Գևորգի գլխին այնքան է կոտոշներ շարելու, որ...
Մի խոսքով հազար ու մի նման պատճառաբանություններ:
- Կյանքում սիրահարված չկաս, դրա համար էլ ոչինչ չես հասկանում: Սիրող կինն իր մարդու մազը աշխարհի հետ չի փոխի: - Մելիքն այնպիսի համոզիչ տոնով է խոսում, որ Զինավորը չի կարողանում առարկել: Նա մի որոշ ժամանակ մտածում է ու հանկարծ գյուտ արածի պես ցատկում տեղից.
- Ասենք թե ասածներդ ճշմարտություն են, նրանք ամուսնացան ու առոք-փառոք ապրում են: Բա Գևորգի մա՞յրը: Դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի նրա վիճակը:
- Չեմ մտածել,- խոստովանում է Մելիքը,- դա լուրջ խնդիր է:
- Դրա համար էլ ասում եմ, որ նրանք համապատասխան չեն,- Զինավորը հաղթական նայում է ինձ:
- Պետք է մտածել:
- Ինչքան էլ մտածես՝ հարյուրի կեսը հիսուն է:
Արդեն բավականին ուշ է, բայց մենք չենք քնում: Գևորգը Մարգոյի հետ գնացել է իրենց գյուղ: Մարգոյի ցանկությամբ: Ոչ ոք մեզ չի խանգարում, և մենք շարունակում ենք խոսել:
- Նարդին բեր, վաղը թաժա գլխով կմտածենք դրա մասին,- առաջարկում է Մելիքը: Հենց այդ խոսքի վրա ներս է մտնում Գևորգը: Նա լուռ 25 ռուբլի է հանում գրպանից ու դնում սեղանին:
- Ով այս փողը ուղարկել է մորս, թող վերցնի,- ասում է նա,- ես ողորմության կարիք չեմ զգում:
Նայում ենք իրար երեսի՝ ո՞վ է ուղարկել: Հետո բոլորս շրջվում ենք դեպի Մելիքը: Նրա գործը կլինի: Ծանր լռություն է իջնում: Այդ լռության մեջ լսվում է Գևորգի ձայնը.
- Եթե չի ասել,- գլխով ցույց է տալիս ինձ,- կարող ես իմանալ, որ քո «զար-բլբուլի» երգը ծախել եմ:
Մելիքը ոտքի է կանգնում:
- Ծախե՛լ ես,- հառաչանքի պես ասում է նա ու փլվում աթոռին: Հետո ցածր մրմնջում է,- լավ չես արել:
Նա դանդաղ դուրս է գնում: Զինավորը հետևում է նրան:
Հաջորդ օրվա երեկոյան մի բեռնատար ավտոմեքենա է կանգնում Սոֆի մայրիկի տան մոտ: Մելիքը տեղափոխվում է: Երբ իրերը բարձել էին մեքենան, Զինավորը մոտենում է Մելիքին.
- Մոտերքում որ ազատ սենյակ եղավ, իմաց տուր:

... Անցնում է մի քանի տարի: Նոր տարվա նախօրյակին բաղնիքի սպասարանում հանդիպում եմ Մելիքին:
- Հինա տարվա մեղքե՞րդ ես մաքրում,- բարևելուց հետո ասում եմ ես:
- Օրենք է,- նստելով կողքիս, միավանկ արձագանքում է նա,- ի՞նչ կա, ի՞նչ չկա, բնակարան ստացա՞ր:
- Դեռ չէ, սպասում եմ:
- Ասում են, որ Զինավորն արդեն ստացել է:
- Այո, Սոֆի մայրիկի հին կենվորներից միայն ես եմ մնացել:
- Է՜, հետո՞, պատմիր:
- Գիտե՞ս, որ Մարգոն եկել է: Մի ամիս առաջ: Խեղճ աղջիկ:
- Ինչո՞ւ խեղճ:
- Պատմում են, որ Գևորգը ինստիտուտն ավարտելուց հետո թողել է Մարգոյին և ինչ-որ երգչուհու հետ գնացել Ռուսաստան: Հիմա Մարգոն ամբողջ օրը արտասուքների մեջ է: Երևում է, որ նա սիրում է փուչին:
- Իմիջիայլոց, գիտե՞ս, թե Գևորգը ինչո՞ւ է նրա մորն ուղարկած փողը ետ տվել: Մարգոն է ստիպել: Մարդուն չես ճանաչի: Այնպես անմեղ, բարի տղա էր երևում: Գիտեր մարդու սիրտը մտնել, դուր գալ:
Մելիքը մտածմունքների մեջ է ընկնում: Երկար լռությունից հետո վերջապես ասում է.
- Իսկապես, մարդուն դժվար է ճանաչել...
- Հա, մոռացա ասել, Մարգոն քեզ համար «զար-բլբուլի» ձայնասկավառակը բերել է:
Մելիքի դեմքը լուսավորվեց:
- Իսկապես, մարդուն դժվար է ճանաչել...

ԿՅԱՆՔԸ 300 ՔԱՅԼԻ ՎՐԱ


Երեք հարյուր քայլ՝ գետափնյա փողոցից: Ընդամենը երեք հարյուր քայլ:
Ամեն օր հանդիպում ենք Ճերմակ կամուրջի վրա ու միասին քայլում փողոցն ի վար: Հետո կատարում ենք երեք հարյուր քայլ և բաժանվում Դեղին կամրջի մոտ: Երևի աշխարհում չկան ճերմակ ու դեղին կամուրջներ, բայց ինձ համար հանդիպման կամուրջը ճերմակ գույն ունի, իսկ բաժանման կամուրջը դեղի՜ն-դեղի՜ն է:
Սովորականի պես փոքրիկ Կարինեին հյուրասիրում եմ կոնֆետներով և երեքով քայլում ենք առաջ: Ամբողջ ճանապարհին ես այն զգացողությունն ունեմ, որ բոլորը նայում են մեզ: Այդ օտար հայացքները կարծես ուզում են ինչ-որ գաղտնիք կորզել: Դա ինձ շփոթեցնում է:
Ես ցանկանում են Կարինեին դուր գալ և փորձեր եմ անում կոնֆետներով սիրաշահել նրան: Հավանաբար երեխան զգում է այդ և զուսպ քաղաքավարությամբ վերցնում է կոնֆետներն ու իր տարիքին անհամապատասխան լրջությամբ ասում.
- Շնորհակալություն, քեռի Արմեն:
«Քեռի Արմեն»-ը ինձ դուր չի գալիս ու դրանից ինձ վատ եմ զգում:
Ի՜նչ արած, երեխաներին սիրաշահել չգիտեմ, և ես ու Կարինեն շարունակում ենք մնալ քաղաքավարության սահմաններում:
... Ամեն ինչ սկսվեց մի տարի առաջ: Մի տարի առաջ ինձ համար անսպասելի հասկացա, որ սիրում եմ Անուշին: Տարօրինակ բան է, հայտնում են, որ Անուշի ամուսինը մահացել է, և ես հանկարծ զգում եմ, որ սիրում եմ նրան, սիրում եմ վաղուց, շա՜տ վաղուց: Սիրում էի և չգիտեի այդ մասին:
Մի տարի է անցել Անուշի ամուսնու մահից, գուցե և շատ. ժամանակը րոպեներով են հաշվում, իսկ ես ամեն րոպե սիրում եմ նրան: Գրողը տանի, վաղուց արդեն պատանի չեմ, բայց շարունակում եմ մնալ նույն սենտիմենտալ տղան:
... Երեք հարյուր քայլ քայլում ենք միասին, հետո բաժանվում: Մեր ճանապարհները շեղվում են...
Անուշը շարունակում է սևեր հագնել: Սև շորեր, աչքերում կուտակված բնական տխրություն: Ամենից շատ սիրում եմ նրա աչքերի տխրությունը, որովհետև տխրությունն էլ երևի, թուխ գույն ունի...
- Ամեն օր հանդիպում ենք այստեղ,- ասում եմ ես:
Անուշը ժպտում է և ոչինչ չի պատասխանում: Նայում եմ աչքերին՝ տխուր, վճիտ ու... Աստված իմ, ինչքա՜ն անհասանելի են ինձ: Անուշին ինչպե՞ս բացատրեմ զգացմունքներս, խոսքերով ինչպե՞ս բացատրեմ: Անուշը երևի հասկանում է ապրումներս և նորից է ժպտում:
- Ամեն օր հանդիպում ենք այստեղ,- կրկնում եմ և զգում, որ տափակ բան եմ ասում: Ակամայից կարմրում եմ ու ջղայնանում ինձ վրա: Ե՞րբ պիտի անցնի երեխայական այս սովորությունս: Դա նվաստացնում է ինձ, և ես ինձ փոքրացած, խեղճացած եմ զգում:
- Զարմանալի է, չէ՞:
- Ի՞նչը:
- Կյանքը ընդհանրապես զարմանալի է:
- Արմեն, այսօր փիլիսոփայորեն ես տրամադրված:
- Անվճռական մարդիկ սիրում են փիլիսոփայել:
Այս խելոք անիմաստությունն ինձ վերադարձնում է ներկայիս տարիքին: Ես արդեն քսանհինգ տարեկան եմ: Ասում են՝ խելոք մասնագետ եմ, նույնիսկ հեռանկարներ են խոստանում: Դա շոյում է ինքնասիրությունս: Եվ կյանքն այնքան էլ անհետաքրքիր չի թվում, որովհետև ես ունեմ գետափնյա փողոց, որով երեք հարյուր քայլ եմ կատարում Անուշի հետ, և այդ տարածությունը կարող է ձգվել-երկարել... Այդ հաճելի զգացողությամբ ցանկանում եմ անցնել մաժոր զրույցի: Մաժոր զրույց՝ դաշնակահար ընկերոջս խոսքն է:
Որոշել եմ այսօր խաղաքարտերս բացել: Խաղաքարտերս բացել՝ գռեհիկ է հնչում: Անուշն այնքան համեստ, ռոմանտիկ աղջիկ է, որ անհարմար է այդպես ասելը:
Եվ ինչպե՜ս հանկարծ զգացի, որ սիրում եմ նրան: Հայտնում են, որ մահացել է Անուշի ամուսինը և... Վայրենի բան է: Երևի խիղճը մաքուր չէ: Իսկ իմ հոգում մի ձայն աղաղակում է՝ սիրում եմ Անուշին, սիրում եմ... Շտապում եմ խմբագրի մոտ և խնդրում... գործուղման ուղարկել: Այո, փախչում եմ քաղաքից: Ինչպես կարող եմ նայել Անուշի աչքերին... կմատնեի ինձ: Ես վատ մարդ չեմ, հավատացեք, վատ մարդ չեմ, բայց ի՞նչ կարող եմ անել, երբ սիրում եմ մեկին, որի ամուսինը մահացել է:
Հիսուն քայլ արդեն անցել ենք, իսկ իմ մաժոր զրույցը չի ստացվում:
- Անուշ, աշխարհում խոսքեր կան, որ անպայման պետք է ասվեն:
- Իրոք, Արմեն, այսօր շատ ես փիլիսոփայորեն տրամադրված:
- Ես լուրջ եմ ասում, միանգամայն լուրջ:
Դու միշտ էլ լուրջ ես լինում:
Հենց նրա համար, որ Անուշը ճիշտ դիտողություն է անում, ես վիրավորվում եմ: Գիտեմ, աղջիկները սիրում են սրամիտ, զվարճասեր տղաների, իսկ ես շատ եմ լուրջ: Երբեմն հավաքվում ենք միասին, խոսում-զրուցում: Պատկերացրեք, ես իմ մտքում սրամիտ բաներ եմ հնարում, բայց երբ փորձում եմ բարձր ասել, աղջիկներն իսկույն լրջանում են և ինչ-որ խելոքություններ որոնում ասածիս մեջ: Ուրիշների տափակությունների վրա անհոգ, սրտանց ծիծաղում են, իսկ ես մտքումս այդ անճաշակ սրամտությունները քննադատում եմ: Ես վաղուց եմ նկատել, որ աղջիկները խուսափում են ինձնից: Նրանք սիրում են թեթև ժանրի տղաների: Օրինակ, թեթև ժանրի տղաներ՝ վատ չի հնչում, չէ՞: Բայց փորձիր բարձրաձայն ասել. կամ չեն արձագանքի, կամ կթթվեն և իմ մասին ունեցած ընդհանուր կարծիքը նորից կկրկնեն (մտքներում, իհարկե)՝ գոռոզամիտի մեկը: Երևի ես ծանր բնավորություն ունեմ, իսկ երբ ցանկանում եմ զվարճասեր երևալ, ընկնում եմ զավեշտական վիճակի մեջ:
- Անուշ, ես ցանկանում եմ քեզ հետ լուրջ խոսել:
- Արմեն, գիտե՞ս, որ գնում եմ Սոչի հանգստանալու,- զրույցը շեղելու համար ասում է Անուշը:
- Մենա՞կ, թե՞...
- Այո, Կարինեին թողնում եմ մորս մոտ,- որսալով հայացքս նա շտապ խոնարհում է աչքերը:
Ես նկատի չունեի Կարինեին, ես սպասում էի, որ Անուշն ինձ էլ կհրավիրի միասին հանգստանալու: Դա կլիներ իմ զգացմունքների փոխադարձ պատասխանը: Ես հասկացա, որ այժմ հեռո՜ւ-հեռո՜ւ ենք իրարից, ավելի հեռու, քան ամուսնու կենդանության ժամանակ:
... Միջնակարգն ավարտելուց հետո որոշել էինք ընդունվել համալսարանը: Քննություններին միասին էինք պատրաստվում: Երանելի օրեր էին: Մի անգամ, Երևան մեկնելուց մի շաբաթ առաջ, Անուշը հեռախոսով հայտնում է, որ իրեն լավ չի զգում, քանի օր չի կարող գալ: Ես անհանգստացա, ցանկացա գնալ տեսության, բայց նա թույլ չտվեց: Հետո իմացա ճշմարտությունը: Հիշում եմ ավտոբուսի կայանում մեր վերջին խոսակցությունը:
- Արմեն, ներիր, որ... Ու չշարունակեց խոսքը:
- Ի՞նչ ներեմ, Անուշ,- անխելք տղայի միամտությումբ ասել էի ես:
- Հասկանում ես...Մի խոսքով՝ ես ամուսնանում եմ...
Ես ոչինչ չէի կարող պատասխանել, այդ ամենն այնքան անսպասելի էր ու անհասկանալի... Մի՞թե ամուսնանալն այդքան շտապ անհրաժեշտություն է: Իսկ մենք երազում էինք համալսարանական կյանքի մասին: Բաժանվեցինք առանց ցտեսություն ասելու... Ես ամիսներով հանգստություն չունեի, անհասկանալի թախիծ էր պատել ինձ ու չէի իմանում պատճառը: Հետո՝ ժամանակի ընթացքում, ամեն ինչ մոռացվեց: Միայն տարիներ անց, նրա ամուսնու մահից հետո, ես հասկացա, որ միշտ սիրել եմ Անուշին:
Կատարում ենք հետևյալ հիսուն քայլը: Այդ տարածությունն անցնում ենք լուռ: Գողունի նայում եմ Անուշին: Սևերի մեջ է, բայց այնպիսի շորեր է ընտրել, որ ընդգծում են մարմնի սլացիկությունը: Մազերի սանրվածքը մի առանձին պերճություն է տալիս գեղեցիկ գլխին: Ո՞ւմ համար է այդ ամենը: Մի՞թե նրա համար մնում եմ նույն «ծանոթ տղան»:
- Ինչո՞ւ չես խոսում:
- Թողնում եմ, որ մտովի ճաշակես Սոչիում սպանվող հետաքրքրությունները,- դառնացած նկատեցի ես:
- Բժիշկները խորհուրդ են տալիս անպայման հանգստանալ ծովափին: Վերջերս ես ինձ տկար եմ զգում,- կարծես արդարանալով թոթովեց նա:
Սիրելիս, ինչ-որ չեմ հավատում ասածներիդ: Դու գիտես, որ ես ազնիվ մարդ եմ, ազնիվ եղիր նաև դու: Գոնե իմ նկատմամբ: Այս մտորումների մեջ մի միտք պայծառ լուսավորեց ինձ: Վերջին ամիսներին երբեմն չէի հանդիպում Անուշին, կամ երկար սպասեցնել էր տալիս Ճերմակ կամուրջի մոտ... Մի՞թե խուսափում էր հանդիպումներից: Եվ ինչպես չէի զգում այդ:
- Անուշ, դու չես ցանկանում ինձ հետ հանդիպել:
Անուշը տխուր հայացքը հառեց ինձ ու ոչինչ չպատասխանեց: Դեմքը հետզհետե շառագունեց: Զգում էի, որ ներքին պայքար է գնում: Ծանր սպասողական վիճակում չնկատեցինք, որ արդեն մոտենում ենք Դեղին կամրջին, ներքին վախով ես հասկանում էի, որ մենք վերջին երեք հարյուր քայլն ենք կատարում միասին: Զարմանալի մի անտարբերություն պարուրեց ինձ: Ես արդեն հաշտվում էի ճակատագրիս հետ:
- Արմեն, դու միշտ ուշանում ես,- վերջապես լռությունը խախտեց Անուշը:
- Անուշ, դու միշտ շտապում ես:
- Արմեն, դու հիանալի մարդ ես, ինձ ծանոթ բոլոր տղաներից ամենալավը:
- Ինձ սփոփո՞ւմ ես, Անուշ:
Զրույցը չէր ստացվում: Ասենք իմաստ էլ չուներ: Ամեն ինչ հասկանալի էր, մեր ճանապարհներն ընդմիշտ բաժանվում են: Անդարձ:
- Ուրախ ճանապարհորդություն եմ ցանկանում,- քիչ լռելուց հետո ավելացրի.- ամուսնական:
Դեղին կամրջին չհասած, բաժանվեցինք... 

ԱՌԱՎՈՏ ՀՈՒՍՈ


- Բարև նրանց, ովքեր բարձրացնում են տղամարդկանց տրամադրությունը:
- Բարև Աշոտ,- միաձայն պատասխանում են մատուցողուհիները և աթոռ առաջարկում իրենց կողքին:
Եվ նրանց համար արդեն տանու տղա եմ:
- Տղամարդը սիրում է իր կնոջը, որովհետև կինը կո՞ւշտ է պահում ամուսնուն:
- Այդ մասին ես կարդացել եմ ինչ-որ գրքում,- ասում է Արփենիկը:
- Մենք միշտ էլ գրքերից ենք խոսում:
- Այո, Անուշ, կուշտ տղամարդը բարի է ու հոգատար:
- Դրա համար էլ ձանձրալի են որոշ գրքերի նման,- ծիծաղում է կարմրաթշիկ Ռոզիկը:
- Համաձայն եմ, Ռոզիկ ջան: Համաձայն եմ նաև այն կարծիքին, որ Գրիգորն անհուսալի սիրահարված է քեզ:
Ռոզիկը շաքվի խնձորի պես կարմրում է և հուզմունքը քողարկելու համար դեմքը ծամածռում.
- Շա՜տ պետքս է:
Մենք վաղուց ենք նկատել, որ Գրիգորն ու Ռոզիկը համակրում են իրար:
Արփիկը ճաշացուցակը դնում է սեղանին: Անուշն ու Ռոզիկը հեռանում են, չնայած այս սեղանը Անուշն է սպասարկում: Խորամանկնե՜ր:
Ճաշացուցակին նայելն ավելորդ է: Արփենիկը գիտի իմ սիրած ճաշերն ու ըմպելիքները. հիսուն գրամ կոնյակ, կարմիր գինի ու տավարի տապակած միս: Ջրալի կերակուր չեմ սիրում, բացի, իհարկե, խաշից: Ճաշի հետ սիրում եմ թթու դրած վարունգ ու թարմ սալաթ: Ձմեռը սալաթին փոխարինում է «ռոկֆոր» պանիրը:
Քիչ անց այս ամենը սեղանիս վրա է:
- Հիսուն գրամ կոնյակ էլ բեր:
- Հյուր ունե՞ս:
- Ոչ, քեզ համար:
- Ես միայն շամպայն եմ խմում:
- Ուրեմն շամպայն բեր և ուտելու որևէ բան:
- Սալաթ կբերեմ, վարունգ ու մի քիչ էլ պանիր:
Լուռ ճաշում եմ: Երկու հաճախորդ նստում են կողքի սեղանի մոտ: Արփիկի սեղանն է: Նա ցանկանում է բարձրանալ տեղից, բայց Ռոզիկը կանխում է.
- Ես կսպասարկեմ:
Բաժակս խփում եմ Արփիկի բաժակին ու մեկից դատարկում:
- Տխուր ես, Աշոտ:
- Այո, տխուր եմ:
Կարոտում եմ աղջկաս: Արդեն մի շաբաթ է, որ չեմ տեսել: Մայրն արգելում է: Գիտի, որ խենթի պես սիրում եմ և պատժում է ինձ: Անազնիվ բան է: Մի տարի է, որ բաժանվել ենք: Ինչքա՜ն եմ կարոտել Արմենուհուս, կարծես մի ամբողջ հավերժություն չեմ տեսել նրան: Արփիկը կռահում է մտքերս:
- Դատարանը դեռ չի՞ քննել:
- Դեռ ոչ:
- Լսել եմ, որ կինդ ամուսնանում է ինչ-որ ինժեների հետ:
- Գիտեմ:
- Դրա համա՞ր ես տխուր:
- Ոչ: Ասենք գուցե դրա համար:
- Սիրո՞ւմ ես նրան:
- Սիրում էի:
- Իսկ հիմա՞:
- Չգիտեմ:
Գինու շիշը դատարկվել է, բայց տրամադրությունս չի բացվում:
- Արփիկ, մի բաժակ գինի բեր:
- Աշոտ, երեկ ազատ էի:
- Երեկ տնից դուրս չեմ եկել:
- Այսօր երկուշաբթի է, հաճախորդներ քիչ կլինեն, Ռոզիկը կարող է ինձ փոխարինել:
- Ներիր, Արփիկ, տրամադրություն չունեմ:
Արփիկը խելոք աղջիկ է, կհասկանա ինձ:
- Աշոտ, երեկ սովորել եմ ձեռքի վրա գուշակել:
- Գուշակություններին չեմ հավատում:
- Համենայն դեպս, ձեռքդ տուր:
- Հետո, Արփիկ, մի ուրիշ անգամ:
- Շատ լավ, հետո:
Մայրս գնացել է երեխային բերելու: Գուցե արդեն բերել է: Նայում եմ ժամացույցին՝ վեցն անց 40 րոպե: Արմենուհիս երևի տանն է:
- Արդեն գնո՞ւմ ես, Աշոտ:
- Այո, տանը գործ կա:
Արփիկը սկսում է համրիչի վրա հաշվել ու չի կարողանում: Մատները դողում են: Բռնում եմ ձեռքը ու ամուր սեղմում:
Ու թղթադրամը դնում եմ Արփիկի գրպանում: Հարցական նայում է ինձ:
- Չգիտեմ, գուցե վաղն անցնեմ:
- Ցտեսություն, Աշոտ,- իսկ շրթունքները դողում են:
Մտնում եմ ավտոմատ հեռախոսախցիկը ու զանգահարում տուն:
- Ավալյանի բնակարանն է,- լսում եմ մորս ձայնը: Ես հեռախոսափողը կախում եմ: Երեխային չի բերել, որովհետև ընկալուչը անպայման Արմենուհին կվերցներ: Դեռ այն օրերին, երբ չէի բաժանվել կնոջիցս, հեռախոսափողը Արմենուհին էր վերցնում: Սիրում է հեռախոսով խոսել: Երբեմն զանգ էր տալիս աշխատանքիս տեղը ու խոսում ինձ հետ: Ինչքան էլ զբաղված լինեի, երկար ու բարակ զրուցում էի հետը: Երբեմն հեքիաթ էի պատմում: Հիմա չի զանգահարում, մայրը արգելում է: Չգիտեմ, թե ուր գնամ: Մեքենայաբար քայլում եմ ու ինձ տեսնում ճաշարանում: Արփիկը նկատում է ինձ.
- Իսկույն գալիս եմ,- ու շտապում է Ռոզիկի մոտ: Քիչ անց վերադառնում է: Աչքերը ակամայից ժպտում են:
Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդու երջանկության համար... Բավական է, որ ինձ մոտ լինի Արմենուհիս, ու ես ինձ երջանիկ կզգամ: Բավական է, որ Արփիկի հետ շրջեմ փողոցներով կամ կինո գնամ, որպեսզի նա իրեն յոթերորդ երկնքում զգա:
- Որտե՞ղ ես ուզում գնալ,- հարցնում եմ:
- Ինձ համար միևնույն է:
Կանգնեցնում եմ առաջին պատահած տաքսին:
- Գետափնյա փողոց, տուն տաս,- ասում եմ վարորդին:
Արփիկի տան հասցեն է: Ոչ մեկս չի խոսում: Արփիկը վերցնում է ձեռքս ու թեթև սեղմում: Դեմքը գոհունակ ժպտում է:


*  *  *

Բարձր տրամադրությամբ մտնում եմ ճաշարան: Երկար սպասելուց հետո վերջապես Մոսկվայից ծանուցագիր եմ ստանում, որ իմ հնարած մեքենան հաստատվել է: Մի քանի տարի աշխատել եմ, գիշերներ լուսացրել և երբ առաջին մեր գլխավոր ինժեներին պատմեցի մտահղացումս, նա ինձնից շատ ոգևորվեց: Երբ արդեն մեքենան պատրաստ էր և փորձարկումը հաջող անցավ, կասկածը դարձյալ ինձ չէր լքում: Գլխավոր ինժեները ինքը ձևակերպեց բոլոր փաստաթղթերը և ուղարկեց Մոսկվա: Եվ ահա ծանուցագիր եմ ստանում, որտեղ է մեքենաս, իմ ստեղծած մեքենան, բնութագրվում է որպես ինքնուրույն և հետաքրքիր լուծված մեխանիզմ: Ուռա՜: Արփիկի հետ պետք է մի շիշ գինով նշել: Այս մտադրությամբ էլ եկել եմ ճաշարան: Բայց որտե՞ղ է Արփիկը: Դիմում եմ Անուշին.
- Որտե՞ղ է Արփիկը:
Անուշն արագ անցնում է իմ մոտով: Զարմանալի է, կարծես չի էլ ճանաչում, գնում եմ ետևից, որ պարզեմ, թե ինչումն է բանը: Ակամայից կանգնում եմ խոհանոցի նախասենյակում. ինչ-որ մեկը կարծես հարբած բռնել է Արփիկի ձեռքից և քաշում է իրեն: Ես լուռ մոտենում եմ, Արփիկին ազատում նրա ձեռքից:
- Կնոջը զոռով չեն համբուրում:
- Քո ինչ գործն է, սա իմ...
Ես ապտակում եմ: Անծանոթը կարծես զարմանում է, որ ես համարձակվել եմ իր նման աժդահային խփել:
- Վա՛հ, դու ինձ խփե՞ս,- ու հորթային ժպիտը դեմքին մի քայլ մոտենում է,- տղամարդը տղամարդուն կնոջ ներկայությամբ չի խփի, դու խախտել ես օրենքը:
Եվ հաղթական ձեռքը բարձրացնում է, որ հարվածի: Ես գլուխս թեքում եմ, և հարվածը փուստ է գնում: Նա երերում է և հազիվ իրեն պահում ոտքի վրա: Գրողի տարածը ուժեղ է երևում, եթե հաջորդը չվրիպեց, բանս բուրդ է: Ցանկանում եմ խփել, բայց նախկին սամբիստի բնազդը կանխում է: Իսկույն մի ծխախոտ եմ առնում բերանս ու իբր թե ուզում եմ վառել: Անում եմ դիտավորյալ, որ հակառակորդս զգոնությունը կորցնի: Հաջորդ հարվածը պետք է բերանիս հասցնի, հաստատ որոշում եմ: Նա նորից մի քայլ է անում դեպի ինձ: Ես կես քայլ հետ եմ գնում, որպեսզի մի քայլ էլ մոտենա: Քայլը կատարում է: Մի վայրկյան նայում ենք իրար, ավելի ճիշտ ես չեմ նայում, ես ծխախոտ եմ վառում և վեցերորդ զգայարանով տեսնում, թե ինչպես է նա հորթային ժպիտը դեմքին մոտենում ինձ ու հարվածում: Հարվածից մի ակնթարթ շուտ իրանս առաջ եմ մղում, և նա փլվում է գլխիս: Ամբողջ ուժով հարվածում եմ կրծքի ու փորի միացման տեղին: Ստացվում է սամբոյի ուսուցման հիանալի դաս: Շլինքից կախված խուրջինը գցում եմ աթոռին ու մոտիկ դույլից ջուր լցնում գլխիս: Աղմուկի վրա հավաքվածները քրքիջ են բարձրացնում: Ես լուռ թողնում եմ ճաշարանը: Գնում եմ, իմանալով, որ Արփիկը պիտի գա, պիտի գա ու բացատրի: Եվ գալիս է: Երկար ժամանակ անխոս քայլում ենք: Հետո Արփիկը դողալով բռնում է թևս:
- Աշոտ, այնպես վախենում էի, նա այնքան ուժեղ է: Բայց դու կեցցես,- սեղմում է թևս, չկարողանալով պահել հիացմունքը:
- Նա հարբած էր, թե չէ գործս վատ էր:
Շարունակում ենք լուռ քայլել: Հետո Արփիկը դողացող ձայնով ասում է.
- Աշոտ, ես ընդամենը տասնյոթ տարեկան էի: Ոչինչ չէի հասկանում:
- Հիմա էլ մի տարով ես մեծացել:
- Ոչ, ես արդեն տասնութ տարեկան եմ:
- Կինը մինչև երեսուն տարեկանը իրավունք ունի խաբվելու, մինչև այդ տարիքը խաբելը հեշտ է:
- Ես արդեն ամեն ինչ հասկանում եմ:
- Երբ մենք քիչ բան ենք հասկանում, կարծում ենք, թե ամեն ինչ գիտենք:
- Աշոտ, դու ուրիշ ես, դու նրա նման չես, ոչ ոքի նման չես:
- Արփիկ, դու կարող ես իմ հարցում էլ սխալվել: Բոլոր տղամարդիկ սիրում են սիրուհի պահել:
Ես չարացել եմ և բոլորից շատ ինձ վրա: Արփիկի հետ խոսում եմ խիստ, կոպիտ: Նա դեռ շատ է մատաղ, կարող է համապատասխան ընկեր գտնել: Դրա համար էլ չեմ ուզում այսօրվա դեպքի ռոմանտիկայի շողքում գեղեցիկ երևալ: Իսկ Արփիկը չի վիրավորվում: Հպարտ աղջիկ է, բայց չի վիրավորվում:
- Աշոտ, իզուր ես կոպտում, ինչքան էլ կոպտես, քեզնից չեմ խռովի:
Նայում եմ աչքերին՝ մեղավոր-նվաղուն ժպտում է: Ես այլևս չեմ դիմանում. ձեռքը սեղմում եմ ամուր, շատ ամուր:
- Նա մի տարի առաջ բանտ է նստել: Նոր է վերադարձել:
- Չեմ ուզում լսել նրա մասին:
- Ոչ, Աշոտ, պիտի լսես, չեմ ցանկանում քեզնից գաղտնիք պահել:
- Իզուր, կինը պետք է ծածկագիր լինի տղամարդու համար, թե չէ նա կարող է հիասթափվել:
- Միևնույն է:
- Կոնյակ՝ հարյուր գրամ:
- Ամբողջովին դարձել եմ մաղձ:
- Մոտս թթի օղի կա, Աշոտ:
- Բեր՝ ինչքան կա:
Սրիկաներ, խլեցիք աղջկաս: Հայհոյում եմ դատավորին ու չեմ հանգստանում: Իհարկե, երեխային ինձ չեն տա, մեղավորը միշտ հայրն է: Աստված վկա, ես կհամաձայնվեի նորից միանալ կնոջս, միայն թե երեխային չբաժանեին ինձնից: Մեկ չէ՞, թե տղամարդու գլխին քանի եղջյուր կլինի: Բայց նա արդեն ինչ-որ մեկի թևից կախվել էր ու խեղճին դրել զավեշտի մեջ:
Բայց ինչու երեխաս խլել ինձնից, չէ՞ որ երեխայի կամքն է վճռողը: «Հիվանդ է, չի կարող ներկայանալ»,- մի՞թե դա պատասխան է: Հանցագործներ:
- Ես այդպես էլ գիտեի, Աշոտ,- օղու շիշը դնելով սեղանին, ասում է Արփիկը: - Չէի ուզում քեզ ասել, վախենալով, որ այլ բան կկարծես:
- Տուր օղին:
- Սեղանի վրա է:
Մի կումով դատարկում եմ լիքը բաժակը:
Աստված իմ, գոնե մնար քաղաքում: Բայց ասում են, հեռանում է քաղաքից ով գիտի, թե որտեղ: Անհոգի՜:
Անցնում են ժամերը: Սկսում եմ հարբել: Հազիվ եմ կարողանում ոտքի վրա մնալ:
 - Աշոտ, գնանք:
Արփիկի ուսին հենված դուրս եմ գալիս ճաշարանից:

Արթնանում եմ և՝ մեջքիս վրա հաճելի մի ջերմություն: Շրջվում եմ ու... Արփիկն է: Արփի՞կը: Նայում եմ շուրջս՝ մեր տունն է: Ինչպես ենք եկել և որտեղի՞ց գիտի մեր տան հասցեն: Նա կիսաբաց պառել էր կողքիս ու երեխայի պես ձեռքերը դրել ծնկների արանքում: Դեմքը խաղաղ ժպտում է, քնի մեջ: Ես էլ եմ ժպտում:
Առավոտը դանդաղ բացվում է:

ԵՎ ՍԻՐՏՆ ԱՍԱՑ


- Տո՛ւր սպիտակները:
- Ինչո՞ւ:
- Տո՛ւր:
- Ա՜խ, գո՞ւյնը:
- Նախապաշարմունքներ չունեմ: Տո՛ւր սպիտակները:
- Խնդրեմ, բայց ինչո՞ւ ես ցանկանում անպայման սպիտակներով խաղալ:
- Նախընտրում են առաջին քայլը ինքս անել...
- Կամավոր դժվարություններ ես վերցնում քեզ վրա: Կամ չեմ հասկանում քեզ:
- Ընդհանրապես դժվար է կնոջ հասկանալ:
- Մանավանդ քեզ՝ ցանկանում ես, որ այդպե՞ս ասեմ: Խնդրեմ, եթե հաճելի է:
- Դու անտանելի ես, Վահան:
- Առաջին անգամ չեմ լսում:
Խաղում ենք և, ինչպես միշտ, «շուն ու կատու» դառած: Մեր ծանոթության առաջին օրից էլ այդպես է. Մելինեն ցանկանում է «կերցնել» և ինքն է ուտում: Հիշում եմ առաջին ծանոթությունը: Աշխենի հետ, չգիտեմ, որտեղից էինք գալիս: Կենտրոնական կինոթատրոնի մոտ հանդիպում ենք Մելինեին: Ծանոթանալուց հետո Աշխենը նրան հրավիրում է տուն:
- Ավելի լավ է գնանք կինո,- իր հերթին առաջարկում է Մելինեն.- ասում են հույժ գաղափարական նկար է, հայրենական արտադրության:
- Արդեն ուշ է, երեխան հարևանի տանն ենք թողել:
- Հասկանալի է, Աշե ջան, վերջին սեանսին գնում են նրանք, ովքեր դեռ չեն դասավորել իրենց կյանքը:
Եվ էլի նույն ծաղրական տոնը: Դա ինձ դուր չի գալիս:
- Տարօրինակ է,- նկատում եմ ես.- գնում եք, նախօրոք իմանալով, որ վատ նկար է:
- Ասացի չէ՞, փեսատեսի եմ գնում,- հետո դառնալով կնոջս ասում է.- Աշխեն, կարող ես շնորհավորել, արդեն նշանակում եմ ստացել՝ դեղատան լաբորատորիայի վարիչ: Ոչ ավել, ոչ պակաս: Պատկերացնո՞ւմ ես, կարող էի մայրաքաղաքում աշխատանք գտնել, մի ծանոթ տղա խոստացել էր օգնել, բայց հոգատար ծնողներիս կամոք պետք է, որպեսզի նրանց «աչալուրջ» աչքը ինձ հեռու պահի վտանգավոր քայլերից...
Մելինեի խոսելու տոնը սկսել էր ինձ գրգռել: Երևի տպավորությունը մեղմելու համար Աշխենն ասում է.
- Մել ջան, այնպես ես խոսում... Վահանը կարող է քո մասին վատ կարծիք կազմել:
- Հասարակական կարծիք, ընդունված նորմ... Դրանց մասին մտածելիս մարդ իրեն ստորացած է զգում: Մանավանդ մեր քաղաքը, որտեղ ամեն քայլափոխի գավառայնության հոտ է փչում:
Վերջապես չեմ համբերում.
- Անշուշտ դուք իրավացի եք, մեծ քաղաքներում փեսացուների մեծ ասորտիմենտ կա և ընտրության լայն հնարավորություն: Իսկ ազատություն՝ ինչքան ուզեք...
- Իմիջիայլոց ինձ չեք զարմացնում, ես ծանոթ եմ ձեր ֆելիետոններին:
- Վահան, ինչո՞ւ աղջկան վիրավորեցիր, նա շատ լավ հոգի ունի,- Մելինեին հրաժեշտ տալուց հետո ասում է Աշխենը:
- Սիրում եմ, երբ աղջիկը իրեն համեստ է պահում:
Այսպես էլ հիմա. Աշխենը Մելինեին տուն է հրավիրել և մինչև նա ընթրիք կպատրաստեր, Մելինեի առաջարկությամբ շախմատ ենք խաղում: Նա ցանկանում է անպայման տանել և սխալներ է անում: Ես օգտվում եմ դրանից: Կարող էի սխալը ցույց տալ, բայց չեմ անում: Թող ինքն իր սխալներն ուղղի: Ամեն ինչում: Առանց դայակի:
- Հաղթելու համար չպետք է սխալվել,- ասում եմ ես ու մատ հայտարարում:
Նա ջղայնանում է, բայց աշխատում է ցույց չտալ:
- Հաղթելուց առաջ պետք է վարժվել պարտվելուն,- հանգիստ ասում եմ ու խառնում ֆիգուրները:
- Չեմ սիրում տարվել:
- Չխաղաս՝ չեմ տարվի:
- Ես սիրում եմ խաղալ:
- Խաղալը միշտ էլ վտանգավոր է...
- Ու հաղթել:
- Բայց դու տարվում ես:
- Միայն քեզ, ուրիշներին տանում եմ:
- Ուրիշները պարզապես տարվում են:
Մելինեն այլևս իրեն չի պահում.
- Դու անտանելի ես, Վահան:
- Եթե խնդրում ես... Այդ դեպքում հետաքրքիր չի լինի:
- Իսկ դու այնպես տարվիր, որ ես չնկատեմ:
Ես ավելի եմ անխնա դառնում.
- Չեմ խղճում ուրիշներին և չեմ հանդուրժի, որ ուրիշները խղճան ինձ: Դա ստորացնում է մարդուն:
- Դու գոռոզ ես, բոլորն են ասում,- հազիվ արտասուքները զսպելով ասում է Մելինեն:
- Երևի ցանկանում ես ասել՝ հպարտ եմ,- ու բարեհոգաբար ժպտում եմ:
- Տանել չեմ կարող քո հեգնական ժպիտները:
- Ես երբեք ինձ թույլ չեմ տա նկատել, որ եղունգներդ երկար ես թողնում:
Լեզվակռիվը թունդանում է, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ Աշխենը խոհանոցից գա ու վերջ դնի մեր կռվտոցին: Իսկ նա երբեմն-երբեմն ձայն է տալիս.
- Մի անգամ էլ խաղացեք, շուտով վերջացնում եմ:
- Աշխեն, ի սեր Աստծո, ինձ ազատիր ամուսնուդ լեզվից, կարծես իր հերթական ֆելիետոնի հերոսի հետ է խոսում:
- Մել ջան, քաղցած տղամարդը միշտ ջղային է լինում, ուշադրություն մի դարձրու,- ասում է Աշխենը ու նորից խորհուրդ տալիս, որ մի անգամ էլ խաղանք:
- Համաձայն եմ,- վճռական ասում է Մելինեն:
- Պիտի տարվես:
- Խաղը ցույց կտա:
- Հույսդ դնում ես պատահական սխալի վրա: Հաստատուն հենարան չի:
- Գրախանութում հետաքրքիր գիրք են վաճառում՝ «Կնոջ հետ վարվեցողության կանոնները»: Երրորդ անգամ ռոճիկ ստանալուց անպայման քեզ համար մեկը կգտնեմ:
- Իսկ այնտեղ գրվա՞ծ է, թե ինչո՞ւ կանայք սիրում են, որ շոյենք նրանց ինքնասիրությունը:
- Այնտեղ գրված է, որ կանայք չեն սիրում, որ տղամարդիկ կսմթեն իրենց ինքնասիրությունը:
- Կսմիթներից արագանում է արյան շրջանառությունը:
- Պիտի խաղա՞նք, թե՞ չէ:
- Իսկ քո խոստանալիք գրքում գրվա՞ծ է, որ տղամարդը պետք է անպայման տարվի:
- Հերիք չեղա՞վ իրար հետ կռվեք: Վահան, անհարմար է: Մել ջան, օգնիր ինձ:
Աշխենը շախմատը վերցնում է ու սկսում ճաշի սեղան գցել: Մելինեն մոտենում է հայելուն, որ ուղղի մազերը: Ես աչքի պոչով հետևում եմ նրան: Հայելու մեջ տեսնելով իր շառագունած դեմքը, զարմացած շրջվում է դեպի ինձ: Ես չեմ կարողանում ժամանակին թաքցնել ժպիտս:
- Քո ժպիտով ի՞նչ ես ցանկանում ապացուցել,- լացակումած բացականչում է նա:
Այլևս չեմ կարողանում պահել ծիծաղս:
- Ինչո՞ւ ես ծիծաղում:
- Ճաշից առաջ օգտակար է ծիծաղել: Բացում է մարդու ախորժակը:
- Իսկ քո ծիծաղը փակում է իմ ախորժակը: Ուստի թույլ տուր քեզ բարի գիշեր մաղթել:
- Թատերական այդ ժեստը արժանի է «բիս»-ի ու ծափահարության:
- Վահան, հերիք չեղա՞վ, լռիր,- խիստ ասում է Աշխենը, ապա նկատելով, որ Մելինեն լրջորեն ցանկանում է գնալ, անհանգստանում է.- Մել ջան, սիրելիս, ի՞նչ ես անում: Վահանին չգիտե՞ս, սիրում է մարդկանց հոգու հետ խաղալ,- ապա դառնում է ինձ.- Վահան, դու ասա:
- Երեխաները մեծ մասամբ խռովկան են լինում,- միայն կարողանում եմ ասել:
- Զարմանում եմ Աշխեն, որ նման ամուսնու հետ կարողանում ես ապրել: Ցավակցում եմ,- և ոչնչացնող հայացքը ուղղում է ինձ վրա:
- Զարմանալի է, որ այդքանից հետո էլ լավ կարծիքի ես մնում իմ մասին,- ու բարեհամբույր ժպիտ եմ առնում դեմքիս:
- Ինչպիսի՜ կարծիք սեփական անձի մասին: Անհամեստություն ասելն էլ քիչ է:
Մելինեին ոչ մի կերպ չենք կարողանում պահել:
- Վահան, ամեն անգամ վիրավորում ես, վերջապես նա զգայուն աղջիկ է, չի կարելի այդքան անողոք լինել:
Ես լռում եմ: Այսօր չափից ավելի պղպեղ օգտագործեցի: Պիջակս հագնում եմ ու շտապում Մելինեի հետևից, որ ուղեկցեմ տուն: Նա դանդաղ բարձրանում է փողոցով: Հասնելով նրան, չեմ կարողանում պահել լեզուս.
- Ջղայնացած մարդիկ սովորաբար արագ են քայլում:
- Կարծում ես, որ քո խոսքերից վիրավորվե՞լ եմ: Բոլորովին: Ես ժամադրված եմ, հասկանալի՞ է, դրա համար չմնացի ձեր տանը:
Ստում է: Դանդաղում էր, որ հասնեմ իրեն: Սիրելիս, դու դեռ այնքան ջահել ես, որ նման միամիտ խայծով խաբես ինձ: Բարձրաձայն նկատում եմ.
- Արդեն ութն անց է, շտապիր:
- Ցանկանում ես ասել, որ գիտես ժամադրության ժամը: Սխալվում ես, դեռ տաս րոպե ունեմ:
- Երբեք ութն անց տասնհինգ րոպեին չեն ժամադրվում: Սովորաբար ժամադրվում են կամ ուղիղ ժամին, կամ կեսին:
- Սեփական փորձի՞ց:
- Դա կարևոր չէ: Իմիջիայլոց ասեմ, որ սիրո հարցում երես առած տղա չեմ: Աղջիկները միշտ ինձնից խուսափել են:
Ասում եմ ու փոշմանում. ո՞ւմ է պետք անկեղծությունս:
- Այժմ ինձ հասկանալի է քո թշնամանքն աղջիկների նկատմամբ: Դրա համա՞ր ես ինձ միշտ տանում:
- Այդպես է, ով խաղն է շահում, ով՝ սերը:
Մելինեն հարցական նայում է ինձ: Թվում է՝ սովորականից ավելի: Շտապում եմ հայացքս հեռացնել: Նա անորոշ ասում է.
- Ոչ ոք գոհ չէ իր վիճակից:
Ես պատասխանում եմ.
- Մենք միշտ էլ ավելի ենք պահանջում, քան արժանի ենք:
Մելինեին ուղեկցելուց հետո տուն չեմ վերադառնում: Ինչ-որ թախիծ ինձ քշում է փողոցից-փողոց...
Արևն անցել է լեռան թիկունքը: Ամպերից անդրադարձած ճառագայթները սյուներով կախվել են հեռավոր անտառի վրա: Թվում է՝ անտեսանելի մեկը ամպերին նստած ոսկեհատիկ փոշի է մաղում, որի նարնջագույն հատիկները դանդաղ իջնում են անտառի վրա, նստում ծառերի տերևներին, լուծվում տերևներում ու գույն տալիս: Անտառը ներկվում է աշնան հիվանդոտ գույներով:
Մի պահ մոռանում եմ շրջապատս: Բարձրանաս վերև ու լողանաս այդ նարինջ շողերում: Այնպես թեթև լինես, որ բարձրանաս: Ու լինի այնպես, որ մաքրվես առօրեական մանրուքներից: Լողանաս ու մաքրվես:
Բնությունն անհաշիվ գեղեցկություններ ունի, մտածում եմ, այնքան շատ, որ բոլորը չես հիշի: Բացի արևի իրիկնային հրավառությունից, և երբ լուսինը ընկղմվում է լճակն ու լող տալիս. լողում է, լողում ու չի հասնում ափին:
Լավ է, որ բնությունը գեղեցկություններ ունի: Գեղեցիկը մարդու հոգին մաքրում-թեթևացնում է: Ինձ վրա գիտեմ: Բայց ափսոս բոլորի վրա չի ազդում: Թեկուզ սրա, դիմացի մայթին նկատելով մեր աշխատակիցներից մեկին, մտածում եմ ես: Արիստակես Պատվականովիչը՝ շնորհքով մի մարդ: Բայց ի՞նչ է մնացել այդ շնորհքից, հոդվածներ է թխում ու հոնարար ստանում:
Իր սովորության համաձայն աշխատանքից հետո գնում է շուկա: Վաղը պիտի գլուխներս տանի երեկոյան արած խորովածի մասին: Ես հո գիտեմ նրան, ընտանիքի հետ սեղան չի նստում: Ճաշի նստում է մենակ: Մյուսները միայն սպասարկում են:
Չգնա՞մ ասեմ. կանգնիր, սիրելիս, գլուխդ այդ գորշ ասֆալտից բարձրացրու և վերև նայիր: Տես արևմուտի այս հրաշալի հրավառությունը: Նայիր և ուրիշ բաների մասին մի մտածիր՝ հոնարարի և նման բաների: Նայիր այնքան, որ մոռանաս գարշելի սովորությունդ, որ մենակ սեղան չնստես, իսկ հանրահաշիվ լուծող տղադ թուքը կուլ չտա:
Ինձնից անկախ մի քայլ եմ անում՝ թող նա էլ տեսնի, թե ինչպես է արևը հրդեհում ամպերը: Հաջորդ քայլին նկատում եմ Մելինեին: Նա դեղատնից դուրս գալով շտապում է ինչ որ տեղ: Խաչմերուկն անցնելիս նկատում է ինձ ու մոտենում: Ցանկանում է ժպտալ, բայց չի ստացվում: Հուզված է երևում:
- Մելինե, նայիր արևին:
- Արևն ընդունում եմ արևածագին:
- Լռիր ու նայիր: Լուռ նայիր: Այդպես: Հինգ րոպե:
Անցնում է հինգ րոպեն: Ես ասում եմ.
- Արդեն հանգստացար: Կարող ես ժպտալ:
Մելինեն ժպտում է և այս անգամ ժպիտն ստացվում է:
- Մի րոպե ընդունենք, որ դու հոգեբան ես, բայց ինչպես նայել արևին, երբ այն չկա, մայր է մտել:
- Արևը միշտ էլ կա, նույնիսկ գիշերը: Ինչպես պոետը կասեր. «Լույս է տալիս ամեն ժամ, լույս է տալիս ամենուր»:
- Այսօր չեմ ուզում կռվել քեզ հետ:
- Ասա՝ վիճել:
- Թեկուզ: Բայց չեմ հասկանում, թե ինչպես է արևը հանգստացնում մարդուն:
- Արևը ինֆրակարմիր ճառագայթներ ունի, որոնք ամպերը ներկում են որդան կարմիրով: Իմիջիայլոց դու թոնրի կրակ տեսած կա՞ս:
- Հը՞մ:
- Ափսոս: Վերջալույսին երկինքը մի հսկայական թոնրի է նման, իր մեջ հրդեհում է ամպերը և ստացվում է հսկայական հրավառություն: Շատ գեղեցիկ պատկեր է, իսկ գեղեցիկը լավ է, ինչպես քո աչքերի կտրվածքը:
- Օ՜, դու նույնիսկ կոմպլիմենտ ես անում: Դա քեզանից չէ:
- Երբ մարդ նայում է գեղեցիկ բաների, մոռանում է, որ աշխարհում կան վատ մարդիկ:
- Օգտվիր այդ խորհրդից և քիչ քննադատական հոդվածներ գրիր:
- Դու ասա, թե ինչո՞ւ էիր հուզված:
Մելինեն մի պահ լռում է: Հավանաբար վարանում է՝ ասել, թե չասել: Հետո անսպասելի հարցնում է.
- Վահան, դու կարո՞ղ ես ժպտալ մեկին, որ քեզ ատում է և դու գիտես այդ մասին:
- Երեխաներին՝ այո,- ու ես էլ ժպտում եմ:
- Քեզ հետ չի կարելի լրջորեն խոսել, ամեն ինչ կատակի ես տալիս:
- Մելինե, սիրելիս, եթե ամեն ինչ լրջորեն ընդունես, ապա առավոտները լեզվիդ վրա միշտ դառնություն կզգաս: Լրջությունը խախտում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
- Օրգանիզմն ամեն ինչ չի կարող ընդունել և որոշ բաներ կարող է մերժել: Մարդը զանազանելու ընդունակություն ունի, բայց չունի ամեն ինչ մարսելու ընդունակություն: Իսկ դու առաջարկում ես խինին ընդունել և դառնություն չզգալ:
- Այն բանից հետո, երբ դու ապացուցեցիր, որ կարող ես լուրջ բաների մասին լրջորեն խոսել, բացատրիր, թե ինչ է տեղի ունեցել քո ջահել կյանքում:
- Վահան, դու օրիգինալ չես քո ցինիկության մեջ:
- Դիոգինե՞սը:
- Նա:
- Դիոգինեսը մարդկության մեծագույն հպարտն է, մեծագույն անկաշառը և մեծագույն ճշմարտախոսը: Ես նրա հետնորդն եմ:
- Համոզիչ չի հնչում. ուսուցիչը սիրում էր բոբիկ քայլել, իսկ աշակերտը նախընտրում է էլաստիկ գուլպաներ և սրածայր կոշիկներ: Եվ փափուկ ընկղմնաթոռը գերադասում է անհրապույր տակառին:
- Ես կատարում եմ երկրորդ հայտնությունը. մեր սիրելի, փխրուն Մելինեն հույժ էրուդիտ աղջիկ է: Իսկ այժմ պատմիր, թե ի՞նչն է պղտորել քո վճիտ հոգին:
Մելինեն անպատասխան թողնելով հեգնանքս, ասում է.
- Մի շաբաթ առաջ մեր կառավարիչի հետ կռվել եմ, իսկ այսօր կանչել է և լեզու է կոտրատում: Ասում է ինձ, բայց շողոքորթում է, ժպիտներ սարքում: Զզվելի է:
- Խորհուրդ չէի տա վերադասի հետ կռվել: Ենթակաների հետ կարելի է, նույնիսկ կարող ես վիրավորել: Իսկ պետի հետ՝ խորհուրդ չէի տա:
- Հետևիր ինքդ քեզ:
- Խորհուրդ տալը հեշտ է: Բայց դու չպատմեցիր, թե ինչ է եղել:
- Նոր տարվա նախօրյակին վիեննական բալետը սառույցի վրա հյուրախաղերի էր եկել մայրաքաղաք: Ես էլ հիվանդության կեղծ վկայական եմ վերցրել ու... Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ գլխապտույտ բան է, խելագարվել կարելի է:
- Առաջին նշաններն առկա են: Քեզ դրա համար կարելի է աշխատանքից ազատել:
- Մեր կառավարիչն ավելի մեծահոգի է՝ սահմանափակվել է միայն նկատողությամբ:
- Բոլոր պարագաներում կինն արդարացի է...
- Ես խեղդվում եմ այստեղ, Վահան: Չգիտեմ, թե ինչ կլիներ վիճակս, եթե դուք չլինեիք:
Հարցական նայում եմ նրան: Մելինեն շտապում է ավելացնել.
- Աշխենն ու դու:
- Է՜, լավ, կառավարիչն ինչո՞ւ էր այսօր կանչել,- նյութը փոխելու համար հարցնում եմ ես:
- Առաջարկում է դեղատան վարիչի տեղակալի պաշտոնը: Պատկերացնո՞ւմ ես: Որոշել եմ, ասում է, երիտասարդ կադրերին առաջ քաշել: Մի քանի ամիս կաշխատես, կծանոթանաս գործերին, հետո վարիչ կնշանակեմ: Ասում է ու նայում ինձ, որ տեսնի, թե առաջարկությունն ինչ ազդեցություն է թողնում: Մի քանի օր առաջ ցանկանում էր աշխատանքից ազատել, իսկ հիմա խնդրեմ՝ դեղատան վարիչ է նշանակում: «Դու մաքուր մարդ չես», ասում եմ նրան: «Ինչո՞ւ»,- հարցնում է: Ես էլ ուղիղ ճակատին՝ «Չսիրած մարդուց հաշիվ ես մաքրում: Կեղտերդ բացում է, դրա համար ցանկանում ես ազատվել նրանից»: Մեկ ուրիշ նրա տեղ կբարկանար, կվիրավորվեր, իսկ նա ծիծաղում է: «Մելինե Արմենակովնա, ասում է, ինչո՞ւ ես անմեղ մարդուն վիրավորում: Լավ չէ անմեղ մարդուն վիրավորել: Չես ուզում՝ չեմ նշանակի, միայն հետո ինքդ ես փոշմանելու»: Ու շարունակում է ժպտալը: «Դու ինքնասիրություն չունես»,- ասել եմ ու դուրս եկել:
- Գովելի համարձակություն է. միայն ես այդ չէի անի:
- Ես նրանից չեմ վախենում: Հենց այսօր մեր վարչությանը զեկուցագիր եմ գրելու: Թող այնտեղ իմանան, թե ինչպիսի տիպ է այդ զզվելին:
- Խորհուրդ կտայի կռվի չմտնել նրա հետ: Ուժերդ անհավասար են:
- Ուրեմն պետք է չդիմադրել, որովհետև ուրիշ ելք չկա՞:
- Ո՛չ, պետք է պայքարել, իսկ դրանից առաջ պետք է սովորել պայքարելու ձևերը: Իսկ դու թքում ես գործերի վրա ու վազում մայրաքաղաք, որ բալետ տեսնես: Թեթևամիտ բաներ ես անում: Է՛հ, շատ խոսեցինք, գնանք երաժշտություն լսենք:
- Նորի՞ց Բեթհովեն:
- Այս անգամ՝ ոչ: Մի հիանալի նվեր եմ ստացել՝ Վերդիի «Ռեքվիմը», ծերուկ Տոսկանինիի կատարմամբ:
- Քո բնավորության պես ծանր բաներ ես սիրում:
Բաց եմ անում աչքերս՝ Մելինեն նստած է սնարիս մոտ դրված աթոռին: Հազիվ եմ զսպում զարմանքս. քիչ առաջ այս նույն պատկերը երազում էր տեսնում: Միայն երազում Մելինեն բարակ, մոմի պես թափանցիկ մատներով սանրում էր մազերս: Երազը պատմելու բուռն ցանկություն եմ զգում, բայց հետո հարցը կանխում է՝ ո՞ւմ է պետք: Մելինեի՞ն: Հազիվ: Ի՞նձ: Ի՞նչի համար, որ ի՞նչ: Ու մտածում եմ. միշտ դժվար է հարցի պատասխանելը: Ամենահեշտ հարցին էլ:
Մտքերս վանելու համար փակում եմ աչքերս: Այս անգամ տեսնում եմ երկու պարզ աչքեր՝ մեջը երկնի կապույտը կաթեցրած: Դստրիկիս աչքերը...
- Է՜, Մելինե, պատմիր՝ աշխարհը ինչպե՞ս է յոլա գնում առանց ինձ: ՄԱԿ-ում աշխատանքները հո չե՞ս դադարեցրել.- իրարամերժ մտքերից ազատվելու համար ասում եմ ես:
- Վահան, գոնե հիվանդ ժամանակ քեզ լուրջ պահիր:
- Լուրջ մարդիկ քիչ են ապրում, իսկ ես որոշել եմ հարյուր տարի ապրել:
- Դու չես փոխվում:
- Կուզեի՞ր:
Ու խոր նայում եմ Մելինեի աչքերի մեջ: Չդիմանալով հայացքիս նա աչքերը խոնարհում է: Լռում ենք, որ պետք չէ: Խոսելով մենք քիչ ենք մտածում վտանգավոր բաների մասին: Գողունի նայում եմ Մելինեին: Ներքին կռիվը շառագունել է դեմքը: Նա այն տարիքում է, որ կարող է պոռթկալ, ինքն էլ չցանկանալով այդ: Լռությունն ահավոր է դառնում: Վերջապես ասում եմ.
- Մի բաժակ ջուր տուր:
Մելինեն շտապում է խոհանոց՝ ինչ որ բեռից ազատված: Այնտեղ երկար է մնում: Վերադառնում է արդեն արտաքնապես հանգիստ: Այժմ արյունը խաղաղ է հոսում և անցել է դեմքի շառագույնը:
- Գիտես, Վահան, մեր կառավարիչին աշխատանքից ազատել են,- ու ցնծությամբ ծափ է տալիս, ինչպես երեխաները, երբ մայրը շուկայից միրգ է բերում:
- Ճշմարի՞տ, ուրեմն շնորհավորում եմ հաղթանակդ,- նույն տոնով պատասխանում եմ ես:
- Իսկ դու ինձ վախեցնում էիր: Պարզվում է, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ:
- Անշուշտ, սիրելիս: Դա գալիս է երևի տարիքների տարբերությունից:
- Նա շատ խորամանկն է, չէի կարծում, որ այդքան հեշտ կստացվեր: Ես նամակ էի գրել կենտրոնական վարչություն, բայց մի տեսակ թերահավատ էի արդյունքների նկատմամբ: Մանավանդ քո խոսքերից հետո: Եվ խնդրեմ, շատ հեշտ ստացվեց:
- Դու չե՞ս նկատել, որ գեղեցիկ աղջիկներին կյանքում ամեն ինչ հեշտ է ստացվում: Նրանք ինչ որ քիչ են դիմադրության հանդիպում:
- Դու միշտ էլ քո բացատրություններն ունես: Ինձ թվում է, որ կարևորը այն է, որ մարդ արդարացի և ճշմարիտ լինի: Միշտ էլ գտնվում են մարդիկ, որ պաշտպանում են արդարն ու ճշմարիտը:
- Դու ճշմարիտ ես: Կանայք միշտ էլ ճշմարիտ են լինում:
- Վահան, դու անտանելի ես: Վերջապես մի՞թե քեզ չի ուրախացնում, որ սրիկայի մեկը մերկացվել է:
Ես չեմ կարողանում պահել ժպիտս: Միամիտ աղջիկ, կարծում է, թե իր նամակը մոգական գավազանի ուժ է ունեցել: Երևի դեռ չգիտի, որ իր կառավարիչին բռնել են դեֆիցիտային դեղերի սպեկուլյացիայի մեջ:
Թող Մելինեն չիմանա, թող համոզված մնա իր նամակի զորության մեջ: Նոր կյանք մտնող մարդը ծանր է տանում հիասթափությունը, մանավանդ Մելինեի նման զգայուն ու գրքային մարդը: Նա կարծում է՝ բավական է հայտնաբերել ճշմարտությունը, որպեսզի այն հաղթանակի:
- Այդ արել են միլիցիայի աշխատողները և ոչ թե քո նամակը,- անկախ ցանկությանս ասում եմ ես: Ու չեմ զղջում: Բոլոր լավերից ամենալավը ճշմարտությունն է: Եվ պատմում եմ եղելությունը: Թող պատրանքներ չլինեն, թող Մելինեն կլիմայափոխվի:
- Չէի իմացել,- շշնջում է նա և ընկնում մտորումների մեջ: Ձայնից զգում եմ, որ ինչ որ բան փլվեց: Տևական լռությունից հետո հարցնում է.
- Որտե՞ղ է Աշխենը, չի երևում:
- Ա՜խ, սիրելիս, աղջիկը պետք է մի քիչ խորամանկ լինի: Չի կարելի այդքան ուշացած հարց տալ:
- Գիշերս հիվանդանոցում հերթապահ է,- ու նայում եմ նրան: Չդիմանալով հայացքիս, շառագունում է: Դա լավ է: Ընդհանրապես լավ է, երբ մարդ կարողանում է շառագունել:
- Լավացիր, Վահան, իսկ Աշխենին կասես, որ եկել եմ: Չէի իմանում, որ հերթապահ է:
Ու շտապ դուրս է գալիս: Ես երկար ժամանակ չեմ կարողանում ազատվել ինձ հետապնդող մտքերից: Սենյակը դեռ պահում է Մելինեի մարմնի ջերմությունը, որն սկսում է ինձ ճնշել, նեղել: Հարցերը խուռներամ խուժում են գանգս ու դրնգացնում: Վերարկուս հագնում եմ ու դուրս գալիս: Դուրս փախչում: Սառը օդը շփում է ճակատս: Քայլերս հետզհետե դառնում են դանդաղ և հավասարակշիռ:
Ձմռանը մեր քաղաքը շուտ է քնում: Զբաղվելու բան չկա և մարդիկ անգործությունից ձանձրանալով ննջում են, հետո պառկում տեղերում ու շուռումուռ գալով լուսացնում երկար գիշերը: Արդեն ժամը իննին փողոցները լրիվ դատարկվում են:
Մտնում եմ պատուհանիս առաջ բացվող փոքրիկ պուրակը: Ուշացած զույգը դանդաղ հալվում է ծառերի կիսամութում: Նստում եմ ծեր լորենու տակ դրված նստարանին: Դեռ տաք է: Երևի զույգը քիչ առաջ այստեղ էր նստած և նկատելով, հեռացել է: Իզուր խանգարեցի, սիրահարները մենակություն են սիրում, որպեսզի միայն իրենք լինեն և գաղտնապահ ծառերը և ապա լուսինը, որը չի կարող լսել տաք շշուկները:
Հիշում եմ առաջին հանդիպումները Աշխենի հետ: Ճիշտն ասած, մերն այնպես չստացվեց, ինչպես հավանաբար լինում է ուրիշների մոտ: Մենք շուտ հասկացանք իրար, ավելի շուտ, քան, երևի, պետք է: Մի քանի հանդիպում և... Էլ «և» չեղավ:
- Աշխեն, վաղը ձեր տանը հյուրերի սպասիր,- ծանոթությունից մի քանի օր անց ասել եմ ես:
Աշխենը ժպտացել է և ոչինչ չի պատասխանել: Այսքանը: Համարյա այսքանը: Իրոք մեզ մոտ ամեն ինչ հեշտ ստացվեց՝ առանց ձևականությունների: Այնուհետև մեր կյանքը հոսել է անվրդով-անխռով, միանման-միապաղաղ: Այդպե՞ս պիտի լինի,- ինքս ինձ առաջին անգամ հարցնում եմ ես: Իսկապես, այդպե՞ս պետք է լիներ: Ճնշող մի թախիծ կլանում է ինձ: Ես անկեղծ նախանձով եմ լցվում դեպի սիրահար զույգը: Իմ կյանքում առաջին անգամ նախանձում եմ ուրիշների...
Բավականին ուշ վերադառնում եմ տուն: Ննջասենյակը դեռ խնամքով պահում է Մելինեի ջերմությունը...


*  *  *

 Կինը կամ ձին՝ նախազգում են վտանգը: Սիրող կինը զգում է ամուսնու մեջ կատարվող ամենաորսալի փոփոխությունն անգամ, զգում է յոթերորդ զգայարանով՝ անունը կանացի բնազդ:
Աշխենը: Նա ցանկանում է Մելինեին ծանոթացնել մորաքրոջ տղայի հետ, որ կանխի վտանգը, որ պահի իր Վահանին: Գիտե, թե որտեղից է բռնում՝ մայրաքաղաք, սեփական ավտոմեքենա, մի խոսքով՝ Մելինեն սիրում է ճանապարհորդել, իսկ Միշիկը շատ փող ունի: Մեծ խանութի վարիչ է, ծակ գդակ ճշմարտախոս, քո դարդը քաշիր,- դառնորեն քմծիծաղում եմ ես ու մտնում տուն: Աշխենը դիմավորում է ծեքծեքուն ժպիտներով: Ա՛յ քեզ նորություն: Վերջերս դեմքից տխրությունը չէր անցնում, իսկ հիմա վերստացել է նախկին անհոգ, ուրախ Աշխենը:
- Վահան, ինչքա՜ն լավ է, որ եկար, վախենում էի, որ կուշանաս,- ու գողունի հայացքը փախցնելով շտապում է խոհանոց: - Միշիկը շուտով կգա, արդեն խոհանոցից ասում է նա:
Վախենում է միասին մնալուց: Ստիպված կլինի խոսել: Մեր մեջ ստեղծված փոխհարաբերություններում բառերը վտանգավոր են դառնում: Ինչպես երեխա, բառն անմիջական է, կարող է խոսել արգելված բառերի մասին: Իսկ հետևանքները, ո՜վ գիտի, թե ինչպիսին կլինեն:
Մելինեն պետք է ամուսնանա Միշիկի հետ, մտածում եմ ես: Անկարելի է, ու դիմադիր մի ուժ խլրտում է իմ մեջ: Թող ամուսնանա ում հետ ուզում է, բայց ոչ կյանքից երես առած այս Միշիկի: Է՛հ, մեկ չէ՞ քեզ համար, թե ում հետ կամուսնանա: Իսկապես, մեկ չէ...
Տրամադրությունս բացասական է ցույց տալիս: Այսօր երկուշաբթի է: Ծանր շաբաթ կլինի: Խմբագրությունում նորից աղմուկ եմ սարքել: Ցանկանում են մի մեղվաբույծ կնոջ մասին ակնարկ տպագրել: Եվ ինչպես են մարդիկ դատում. առաջավորների խորհրդակցությունում գովել են, պետք է արձագանքել: Այլ կերպ ինչպես, մարզկոմի քարտուղարն ինքն է գովել և նույնիսկ թերթին կշտամբել, որ նման առաջավորներին չենք պրոպագանդում: Իսկ ես գիտեմ այդ առաջավորներին: Ամուսնու հետ տեղափոխվել են նոր կառուցած տունը՝ կույր ու անօգնական սկեսրոջը թողնելով հին տանը: Խնամող չկա: Ամեն օր մի աման շորվա են դնում առաջը և այդքանը: Հարսը չի ցանկանում տեսնել սկեսրոջ երեսը: Երեխաներին արգելել է տատի մոտ գնալ: Մինուճար տղան՝ ականջները կախի մեկը, հաշտվել է: Եվ խնդրեմ, այդ պիսինի մասին ակնարկ են տպագրում և առաջավոր փորձ պրոպագանդում: Մի փեթակից ութսուն կիլոգրամ մեղր: Երկու այդքան էլ ստանա, սկեսրոջ կյանքը չի քաղցրանա: Մի խոսքով, տվել ենք կռվել:
Հիմա էլ պետք է փեսատեսի ներկայացում դիտեմ:
- Չգիտեմ, թե ինչ բարեգործական միսիա է, որ քեզ վրա ես վերցրել,- անցնելով մյուս սենյակը ասում եմ ես:
Աշխենն ամբողջովին կարմրած ներս է գալիս:
- Վահան, Միշիկը եկել է, լռիր, անհարմար է:
Ես ձեռքս թափ եմ տալիս՝ է՜հ:
- Գոնե գնա մյուս սենյակը, մենակ է: Անքաղաքավարություն մի անի:
Թքած այն քաղաքավարության վրա, որ պետք է ստիպի ժպտալ, երբ սիրտդ արտասվել է ուզում: Մարդուն ասա սիրելիս, երբ ցանկանում ես երեսին թքել:
Միշիկը՝ գեղեցիկ, կոկիկ հագնված, մեծ խանութի վարիչ, սեփական «Վոլգա»: Ապրում է՝ ինչպես պետք է, իսկ դու հազիվ ես պահում քո և հորդ բազմանդամ ընտանիքը: Ամեն տարի արձակուրդները անց է կացնում Սև ծովի ափերին: Ստուգես՝ ծոցագրքույկում տասնյակ հասցեներ կլինեն: Հպարտանում է՝ Սովետական Միության ամեն ծայրում էլ երեխա ունեմ: Հինգերորդ տարին է, որ արձակուրդ չեմ վերցնում: Արձակուրդայինս խիստ լիմիտավորված է՝ սանատորիայի ուղեգիր հիվանդ մորս համար: Գոնե մի անգամ գնայի մեր գյուղը, ման գայի հանդերում ու մոռանայի, որ աշխարհում գոյություն ունեն միշիկներ ու նման տհաճ բաներ:
- Փեսա ջան, քեֆդ տեղը չի երևում,- Միշիկը ձեռք տալով նստում է կողքիս:
- Է՛հ, քեֆ է, էլի,- անտրամադիր արձագանքում եմ ես:
- Մեկ է, ինչքան էլ մտածես՝ հարյուրի կեսը հիսուն է: Ավելի լավ է մի-մի բաժակ կոնյակ խմենք, մինչև... և խոսքը կիսատ թողնելով անցնում է մյուս սենյակը: Քիչ հետո գալիս է թանկարժեք կոնյակի շիշը և երկու բաժակ ձեռքին: - Խմենք ու մոռանանք, որ...
- Որ մարդիկ հարյուրը կիսում են ու իննսունինը պահում իրենց,- խոսքը շարունակում եմ ես:
- Շնորհքի բան է,- չնկատելու տալով ծաղրը, ասում է Միշիկը ու բաժակները լցնում,- մեր հաջողության կենացը:
- Հարյուրի կենացը, որ ունենա երկու հավասար հիսուն:
- Ինչևէ,- խուսափողաբար պատասխանում է Միշիկը ու դատարկում բաժակը: Ես էլ եմ խմում:
- Իմիջիայլոց, խմիչքը մի լավ հատկություն ունի՝ ամենախճճված հարցն էլ պարզեցնում է:
Նախամուտքում խոսակցության ձայներ են լսվում: Երևի Մելինեն է եկել:
Միշիկը իսկույն ոտքի է կանգնում ու հայելու առաջ իրեն կարգավորում:
- Հուզվո՞ւմ ես,- չարախնդորեն ասում եմ ես:
- Օհո՜, դուք արդեն սկսե՞լ եք,- նկատելով սեղանին դրված կոնյակի շիշը ասում է Աշխենը և հրավիրում մեզ սեղան նստել:
Մտնում ենք ճաշասենյակը: Մելինեն նստել է բազկաթոռին ու ինչ-որ ամսագիր է թերթում: Մի պահ նայում է ինձ ու շվարում: Իսկ ինչպե՜ս է հագնվել: Ծանր հյուսքերը ագուցել է գլխին և թվում է ահա-ահա մազերից լույս պիտի ճառագի: Սև, խոշոր ականջօղերը վայելչաբար և անբռնազբոս կախվել են վզին՝ ավելի ընդգծելով մորթի ճերմակությունը: Հագել է ծխագույն վերնազգեստ: Մի անգամ ասել եմ, որ այն սազում է իրեն: Եվ հիմա դիտավորյալ դա է հագել: Խոր կտրված օձիքից երևում է զգայուն պարանոցը:
Գրողը տանի, գիտե ընդգծել իր բարեմասնությունները: Թռուցիկ հայացքով գնահատելով այդքանը, Միշիկին ներկայացնում եմ Մելինեին:
- Սիրելի Մելինե, ծանոթացիր, Միշիկը... Միշիկ ջան, հո՞ չես նեղանում, որ տնավարի եմ ասում:
Սա անիմաստ թոթովում է ուսերը: Մելինեն նկատում է այդ և մի պահ խոժոռվում: Իսկ ես ճաշակելով առաջին հարվածի քաղցրությունը, շարունակում եմ.
- Միշիկը Աշխենի մորաքրոջ տղան է, մանրամասնությունները, իսկ ես, սիրելի Մելինե, հուսով եմ, որ դրանք կհետաքրքրեն քեզ, կպատմեմ ճաշի ժամանակ: Միշիկ ջան, Մելինեի մասին Աշխենը քեզ այնքան է պատմել, որ ներկայացնելու կարիք չկա:
- Մելինե:
- Միշա:
Ու նստում ենք: Տիրում է ճնշող լռություն: Լռությունը խախտելու համար ասում եմ.
- Միշիկ ջան, հյուրասիրիր Մելինեին: Այդ արվեստը լավ ես սովորել, ցույց տուր տաղանդդ:
Աշխենը տարակուսանքով նայում է ինձ: Ես ուշադրություն չեմ դարձնում: Իմ գլխում մի միտք է պտտվում՝ ով ուզում է լինի, միայն ոչ այս Միշիկը:
- Այո, դա հազվագյուտ շնորհք է,- շարունակում եմ ես, ապա դառնալով կանանց ավելացնում եմ.- խնդրում եմ ասածներս լուրջ ընդունեք: Հիշում եմ, Միշիկ ջան, անցյալ անգամ պատմել ես, որ կնոջ զբաղեցնելու, հետաքրքրելու պրոցեդուրայում մեծ փոփոխություններ են կատարվել: Ջենտլմենության տեղ հանդես է եկել նախամարդու անմիջականությունը: Իսկ մենք՝ աշխարհից կտրված, տեղյակ չենք այդ նորություններին:
Աշխենը ոտքս կոխում է: Ես դարձյալ ուշադրություն չեմ դարձնում:
- Վահան, գոնե մի կենաց առաջարկիր, որ խմենք,- զրույցի թեման փոխելու համար ասում է Աշխենը:
- Ճիշտ է ասում, Վահան, մի կենաց առաջարկիր,- լեզուն բերանի մեջ հազիվ պտտեցնելով Աշխենին պաշտպանում է Միշիկը:
- Հիշյալ կենացները Աշխենն ու Մելինեն չեն խմել: Խնդրում եմ ձեր բաժակները դատարկեք: Խմել ենք հարյուրի կենացը, որպեսզի միշտ էլ հարյուրի երկու կեսը հիսուն լինի:
- Վահան, դա ինչ կենաց է,- միջամտում է Աշխենը,- մի լավ բան առաջարկիր:
- Օրինակ՝ ի՞նչ:
- Օրինակ՝ մարդկանց սրտի նպատակի կենացը,- միջամտում է Միշիկը:
Այս անգամ Մելինեն չի կարողանում հեգնական ժպիտը թաքցնել:
- Դա ամենավտանգավոր կենացն է: Հաճախ մարդկանց նպատակները ժպտում են իրար:
- Միշիկ, խնդրում եմ չզարմանաք,- վերջապես խոսակցության մեջ է մտնում Մելինեն,- նրա աչքերում իրենից բացի մյուսները ֆելիետոնի հերոսներ են:
Միշիկի դեմքով գոհունակության մի ժպիտ է անցնում: Նա հաղթական նայում է ինձ: Կերա՞ր,- ասում է հայացքը: Ապա փափուկ մի ժպիտով շնորհակալություն է հայտնում Մելինեին:
Մելինեն նայում է Աշխենին ու ժպտում: Ես տենդագին մտածում եմ հարմար պատասխան տալ ու չեմ կարողանում: Ստիպված ասում եմ.
- Ինձ վիճակվում է մարգարեի ճակատագիրը՝ մնալ միայնակ ու չգնահատված: Ուստի թույլ տվեք խմել նրանց կենացը, ովքեր նպատակ ունեն:
Նախաձեռնությունն անցնում է Մելինեին ու Աշխենին, որոնք, մանավանդ Մելինեն, սկսում են մաս-մաս անել ինձ: Միշիկը իր հաղթանակը տոնում է: Սկսում եմ խմել: Արդեն գինովանում եմ: Միշիկն ու Մելինեն արդեն անցել են դու-ի: Փոխադարձ կոմպլիմենտներ են, որ տեղում են:
- Շնորհակալություն հյուրասիրության համար, արդեն բավականին ուշ է,- անսպասելի ասում է Մելինեն ու ոտքի կանգնում: Ակամայից բոլորս էլ ոտքի ենք կանգնում:
- Ես կուղեկցեմ,- ասում եմ ես ու զգում, որ տղայություն եմ անում:
- Վահան, դու հանգստացիր, Միշիկը ինձ կուղեկցի:
- Իհարկե, իհարկե,- պաշտպանում է Միշիկը,- ինչո՞վ կուզեք, թեկուզ մեքենայով:
- Մեքենայով շուտ կհասնեք տուն,- ավելի լավ է ոտքով:
Ու դարձյալ կիսահեգնական ժպիտը դեմքին: Մռայլ ու անտրամադիր անցնում եմ մյուս սենյակը: Լսում եմ աստիճաններով իջնող Մելինեի և Միշիկի երջանիկ, անհոգ ծիծաղը: Առաջին անգամ, միջնակարգից հետո, հայհոյում եմ: Մտքումս: Գյուղացու պես՝ կոպիտ, գռեհիկ: Քիչ անց մյուս սենյակում լսում եմ խոսակցության ձայներ: Աշխենն ու Միշիկն են: Ինչո՞ւ է Միշիկն այդքան շուտ եկել: Ուրախության մի ճիչ անձայն ծլնգում է իմ հոգում: Հազիվ եմ պահում ինձ, որ չգոռամ:
- Միշա, գոնե գիշերը մնա,- լսում եմ Աշխենի ձայնը,- առավոտյան էլի կգնաս:
- Չեմ ուզում: Եվ, ճիշտն ասած, ես վիրավորված եմ քեզնից, Աշխեն: Վահանը, Մելինեն՝ նրանք՝ ուրիշ, իմ հարազատները չեն, բայց դու...
- Ի՞նչ է պատահել, կարգին բացատրիր, ի սեր Աստծո,- տագնապով նորից է հարցնում Աշխենը:
- Մայրաքաղաքից բերել տալ, ծախսերի տակ գցել, որպեսզի անմեղ մարդուն ձեռ առնեն... Անազնվություն է:
Ամեն ինչ ինձ համար պարզ է դառնում, ու ես հանգիստ պառկում եմ մահճակալին:
Մելինեի կարմիր, ասեղնակրունկ կոշիկների մոտ ընկել էին Աշխենի խունացած կոշիկները: Բնազդական շարժումով նրանք հրում եմ պահարանի տակ: Նախամուտքում ցնծում են միայն Մելինեի կոշիկները՝ ասեղնակրունկ, արյան պես կարմիր:
Ճիգով սթափվում եմ վայրի այս մտքերից ու ներս մտնում:
- Ահա Վահանն էլ եկավ: Աշխեն պատրաստվիր,- երեխայի պես ծափ տալով բացականչում է Մելինեն:
Աշխենը բարեհոգաբար ժպտում է.
- Վահանը երևի քաղցած է:
- Աշե ջան, Վահանը պետք է դիետա պահի, թե չէ ստիպված կլինես ամեն առավոտ ինքդ նրա կոշիկների կապիչները կապել:
Ես լուռ կանգնել եմ, ես ճիգ եմ անում, որ չնայեմ Մելինեի նվագուն սրունքներին: Ու չեմ կարողանում: Գրողը տանի. ահավոր ուժ ունի գայթակղության քարը: Վերջապես միավանկ ասում եմ.
- Քաղցած չեմ:
- Ի՜նչ լավ է,- նորից ծափ է տալիս Մելինեն,- Աշխեն ջան, հագնվիր:
Աշխենը նկատում է հայացքս: Դեմքով մի ստվեր է սահում և լճանում աչքերում: Ճիգ է անում, որ ժպտա ու չի հաջողվում: Դրանից կարծես խղճանում է, ստորանում: Ինչո՞ւ չի կարողանում ժպտալ: Իսկ Մելինեն ինչպես է ինձ հետ ազատ խոսում, կատակում: Կարծես նա ավելի իրավունք ունի: Մեղավորը Աշխենն է, առավոտյան մինչև ուշ գիշեր աշխատում է, որ թեթևացնի տան պայմանները: Ամեն ինչից զրկում է իրեն, որ օգնի ծնողներիս: Գիտի իմ թուլությունը և աշխատում է օգնել ծեր ծնողներիս մեծանդամ ընտանիքին:
Նեղսրտած, ճնշված, փոքրացած Աշխենը կշտամբանքով ասում է.
- Ժամը հինգից քեզ սպասում եմ, այնպես համով ճաշ եմ պատրաստել, իսկ դու ուրիշ տեղ ես ճաշում:
Տարօրինակ կին է Աշխենը, առանց ինձ սեղան չի նստում: Հազար անգամ դիտողություն եմ արել, բայց մնում է նույնը:
- Աշխեն,- ցանկանում եմ ասել, որ քաղցածն ինքն է, թող ճաշի, բայց լռում եմ: Զգում եմ, որ բառերն անիմաստ պիտի հնչեն: Իսկ առա՞ջ: Իսկ ի՞նչ է եղել հիմա: Հիմարություններ եմ մտածում, ու ցանկանում եմ հեռացնել վայրի մտքերը,- Աշխենը անփոխարինելի է:
- Հինգ րոպեից հետո պատրաստ կլինեմ,- և Աշխենն անցնում է մյուս սենյակը:
Տրամադրությունս փչանում է: Սկսում եմ լուռ ինքս ինձ հետ կռվել: Մերթընդմերթ նայում եմ Մելինեի կողմը: Շրջազգեստի խոր կտրվածքից երևում է զգայուն պարանոցը: Եվ ինչպե՜ս լավ գիտի ցույց տալ իր բարեմասնությունները:
Մելինեն թեթև հազում է: Բարձրացնում եմ գլուխս՝ նայում է ինձ՝ աչքերում դավադիր ժպիտ: Տոնում է իր հաղթանակը: Սիրելիս, այս կռվում կամ հաղթանակում են երկուսով, կամ պարտվում միասին: Նախօրոք կարող եմ հավաստիացնել, որ մոռանաս հաղթանակի մասին: Նորից նայում եմ Մելինեին: Դարձյալ ժպտում է: Այս անգամ, սակայն, նրա ժպիտը դարձել է անպաշտպան, անօգնական, կարծես ներողություն է հայցում: Գրողը տանի, ինչո՞ւ եմ նրա մասին վայրենի բաներ մտածում:
- Ահա և ես,- ներս է մտնում Աշխենը՝ մշտական հեզ, բարի:
Ինչ-որ ծանրությունից ազատված շունչ եմ քաշում: Մելինեն նույնպես: Ակամայից նայում ենք իրար: Աշխենից չի վրիպում այդ: Ծանոթ ստվերը նորից լցվում է աչքերի մեջ: Նախկին լարվածությունը վերստանում է: Լիցքաթափվելու համար պետք է մի կատակ անել: Թեկուզ տափակ, անշնորհք կատակ, բայց պետք է: Տենդագին մտածում եմ ու ոչինչ չեմ կարողանում մտածել:
Ու... օ՜, թողություն, հնչում է հեռախոսի զանգը: Աշխենն անցնում է նախամուտքը: Քիչ հետո գալիս է:
- Հերթապահ բուժքույրը հիվանդացել է, պետք է ես փոխարինեմ,- Աշխենն ասում է այնպիսի կսկիծով, կարծես մի մեծ, շատ թանկագին բան է կորցնում: - Մինչդեռ որոշել էինք համերգ գնալ:
Ինչ լավ է, իմ մեջ մտածում եմ ու ինքս էլ ինձ բռնում այս մտքի վրա:
- Ինչքան ցավալի է, երկար ժամանակ միասին ոչ մի տեղ չէինք գնացել և ահա ուզում էինք... Ցավալի է,- ապա անհոգ, անփույթ տոնով ավելացնում.- Է՛հ, մի մտածեք, դուք գնացեք, գուցե կեսից ես էլ գամ: Եթե արտակարգ բան չլինի, կգամ:
- Գուցե հետաձգեինք,- ասում եմ ու զգում, որ բառերը կեղծ են հնչում:
- Ո՛չ, ո՛չ,- եռանդուն ընդդիմանում է Աշխենը,- հյուրախաղերի վերջին օրն է, իմ պատճառով ձեզ մի զրկեք:
- Աշխեն, տոմսը պահելու եմ, անպայման կգաս,- առաջարկում է Մելինեն:
- Կարիք չկա: Առանց տոմսի էլ կարող եմ գալ, գիտեն, որ Վահանի կինն եմ,- և ժպիտը նորից փշրվում է դեմքին:
Փողոցից հնչում է մեքենայի սուլոցը: Հիվանդանոցի մեքենան է: Աշխենի գնալուց հետո մենք էլ ենք դուրս գալիս: Մինչև համերգը ամբողջ քառասուն րոպե կա: Երկար ժամանակ քայլում ենք լուռ: Վերջապես Մելինեն խախտում է լռությունը:
- Վահան, երկու օրից հետո ես գնալու եմ մայրաքաղաք, ընդմիշտ:
- Ոչ մի տեղ դու չես գնալու:
- Հաստատ որոշված է, գուցե թե վերջին անգամ ենք միասին լինում:
- Դու փախչում ես,- օգտվելով ծառերի ստվերներից՝ բռնում եմ ձեռքը: Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս է դողում, թպրտում է անօգնական թռչնի պես: Մելինեն իսկույն ձեռքն ազատում է: Կարծես կրակի է դիպչել:
- Գնանք մոտիկ այգին,- անսպասելի առաջարկում եմ ես:
- Ավելի լավ է քայլենք, Վահան, դու չես կարող պատկերացնել, թե ինչքան եմ սիրում քայլել: Թվում է, թե քայլելուց չեմ հոգնի:
- Դու փախչո՞ւմ ես: Ումի՞ց ես փախչում:
- Դու ցանկանում ես ամեն ինչ բառերով արտահայտել: Ցանկանո՞ւմ ես:
- Հը՛մ,- ու ձեռքը թեթևակի սեղմում եմ,- շատ լավ, որոշված է, գնում ենք այգի: Դեռ ամբողջ քսանհինգ րոպե ունենք:
Մելինեն այլևս չի հրաժարվում: Նստում ենք այգու մի անկյունում: Մեր ձեռքերը կույր խարխափելով փնտրում են իրար և թվում է, թե ոչ մի ուժ չի կարող բաժանել:
- Համերգին հինգ րոպե է մնացել,- և Մելինեն ոտքի է կանգնում: Մի պահ երերում է գլխապտույտից և ստիպված հենվում աթոռի թիկնակին:
- Կարծես գինովացել եմ:
Ես տեղս գամված նայում եմ աչքերին, նայում ու չեմ կարողանում ինձ տիրապետել:
...Համերգի ընդմիջմանը գնում եմ ծխելու: Վերադառնում են և ... Մելինեն չկա: Համերգի ծրագրի մեջ նկատում եմ մի թուղթ: «Վահան, հեռախոսով պետք է խոսեմ մայրաքաղաքի հետ: Ինձ չսպասես: Մելինե»:
Փախչել է: Նայում եմ բեմին ու ոչինչ չեմ հասկանում, ոչինչ չեմ լսում: Իմ ականջներում հնչում է ինչ-որ մի ընդհատված երգի տխուր արձագանքը...
Դուրս եմ գալիս դահլիճից: Մի քանի անգամ անցնում եմ կենտրոնական հեռախոսակայանի մոտով, հույս ունենալով, որ այնտեղ կհանդիպեմ Մելինեին, չնայած հաստատ գիտեմ, որ չեմ տեսնի նրան: Բավականին ուշ վերադառնում եմ տուն: Նախամուտքում հեռախոսը զանգում է:
- Վահան, արդեն եկե՞լ ես,- լսում եմ Աշխենի ձայնը: Լռում եմ, իսկ Աշխենը շարունակում է.- ինչպե՞ս էր համերգը, դո՞ւր եկավ:
- Ոչինչ: Բարի գիշեր,- և խոսափողը դնում եմ տեղը:
Երևի Աշխենը արտասվի, դառը, հուսահատ, խոշոր կաթիլներով արտասուք թափի: Թող լաց լինի, դա կթեթևացնի ցավը: Երանի, թե ես էլ կարողանայի լաց լինել...

Աշխենը ցանկանում է սեղան պատրաստել:
- Չեմ ուզում: Ճաշել եմ ճաշարանում:
Դիտավորյալ շեշտում եմ ճաշարանը:
Ափսեները ետ տանում է խոհանոց: Խոհանոցում ինչ-որ երկար է մնում:
- Վաղը գնում եմ մայրաքաղաք,- հնարավորին չափ անտարբեր, անփույթ ասում եմ ես: Աշխենը խոհանոցումն է և ես չեմ նայում նրա աչքերին: Լավ է, որ խոհանոցումն է, թե չէ դժվար կլինի նայել աչքերին:
- Վաղը գնում եմ մայրաքաղաք,- նորից կրկնում եմ:
Նա չի պատասխանում, երևի հասկանում է, թե ինչի համար եմ գնում ու լռում է: Հարցնի՝ կպատասխանեմ, բայց լռում է և դա ավելի է ճնշում, գրգռում ինձ: Անցնում եմ ննջասենյակ, որը նաև իմ աշխատասենյակն է:
Մի ավելորդ լռություն է իջնում տանը: Նույնիսկ աղջիկս չի խոսում: Լռությունը ճնշում է ինձ: Աննպատակ քրքրում եմ թղթերս: Նորից գալիս եմ ճաշասենյակ: Աշխենը իրերս դասավորում է ճամպրուկիս մեջ:
- Երեք վերնաշապիկը ինչի՞ համար է, մեկն էլ հերիք է,- ասում եմ:
- Չես ասել, թե քանի օրով ես գնում:
- Իսկ դու հարցնեիր:
Աշխենը վերնաշապիկները դասավորում է ճամպրուկում: Իհարկե, գիտե, թե ինչի համար եմ գնում: Գիտե և լռում է: Գոնե բողոքի, գոնե հարցնի: Իսկ նա լռում է:
- Գուցե հարցնեիր, թե ինչի համար եմ գնում:
- Եթե անհրաժեշտ լինի՝ կասես:
- Ես քո ամուսինն եմ, դու իրավունք ունես, դու կարող ես հարցնել: Աշխենը մի պահ գլուխը բարձրացնում է ճամպրուկից և նայում ինձ: Աստվա՜ծ իմ, ինչքան թախիծ կա այնտեղ: Ես չեմ դիմանում հայացքին և դա ավելի է ինձ վրդովում:
- Գրողը տանի, նայողը կենթադրի, թե լեզու չունես:
- Վահան, երևի գործով ես գնում, առաջին անգամ չէ,- և կոտրված մի ժպիտ կախվում է թարթիչներից ու սկսում դողալ: Արտասուքի պես վճիտ: Եվ դողում է:
- Գործով, գործով, իհարկե, առանց գործի ոչ ոք ոչ մի տեղ չի գնում,- գոռում եմ ես:
- Հայրիկ, ինչո՞ւ ես գոռում,- ասում է մեր զրույցին լուռ հետևող աղջիկս:
- Խնդրեմ, երեխա է դաստիարակում:
Աշխենը խիստ նայում է Մանուշին: Սա լուռ մոտենում է ինձ:
- Ներիր, հայրիկ:
Փոթորիկ է բարձրանում իմ մեջ: Իհարկե, օտար մարդ եմ այս տանը և ոչ թե հայր ու ամուսին: Ներողություն են խնդրում հյուրից, որի մոտ չարություն են անում:
- Եթե մայրաքաղաքում աշխատանք գտնեմ, հնարավոր է, որ մնամ: Խմբագրի հետ պայմանավորվել եմ:
- Հայրիկ, մեզ չե՞ս տանելու:
Աշխենը անսպասելի ապտակում է երեխային: Առաջին անգամ:
- Ինչո՞ւ խփեցիր:
- Որպեսզի հարցին չպատասխանես: Քեզ համար դժվար կլինի պատասխանել:
Ինչպիսի ապտակ: Ես ոչինչ չեմ կարողանում ասել: Իսկ Աշխենը՝ արտաքնապես հանգիստ, իրերս դասավորելուց հետո, ճամպրուկը դնում է անկյունում:
- Վահան, գնա քիչ զբոսնի, մինչև տան հատակը կլվանամ:
Լուռ հնազանդվում եմ: Աստիճաններով իջնելիս լսում եմ Աշխենի խեղդված հեկեկոցը: Ցանկանում եմ արագ ինջնել, որ չլսեմ լացի ձայնը, բայց ոտքերս չեն ենթարկվում: Ձեռքս տանում եմ գրպանս: Ծխախոտատուփը հանելիս մի թուղթ ընկնում է ոտքերիս տակ: Գործուղման թերթիկն է: Ես երկար ժամանակ չեմ կարողանում տեղից շարժվե՜լ... 

ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԵՎԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ


Քայլում ենք կիսամութի մեջ, և մեր ոտքերի ձայնը խախտում է ներդաշնակ լռությունը: Նվարդը սայթաքում է, և քարը աղմուկով գլորվում է ձորը:
- Ահո՜ւ, շը՜շշ,- սպառնալից զգուշացնում են ցածր անդունդները:
Նվարդը երկյուղով սեղմվում է ինձ: Ես գրկում եմ նրա ուսերը ու նայում աչքերի մեջ: Այնտեղ մի խոնավ ժպիտ էր սառել: Շարունակում ենք քայլել՝ այս անգամ զգույշ, փութկոտ:
Հանդիպում ենք դաշտապահ Արամին:
- Բարի լույս,- ասում է նա և իջնում ձիուց:
- Բարի լույս,- պատասխանում եմ:
Նվարդը մի կողմ է քաշվում:
- Շտապիր,- ասում եմ նրան,- ուշանում ենք:
- Երևի քաղաք եք գնում,- նկատում է դաշտապահ Արամը:
- Գնում ենք արևին դիմավորելու:
Արամը ուսերը վեր է քաշում՝ բան չհասկացա: Հետո խորամանկ ժպտում է: Ես նրան ասում եմ՝ չհասկացար, քեռի Արամ, և իզուր ես ժպտում: Կարող է պատահել, պատասխանում են նրա աչքերը: Չհասկացար, կրկնում եմ, այո, չհասկացար: Գիտե՞ս, ասում եմ, ես սիրում եմ Նվարդին, և Նվարդը սիրում է ինձ: Հիմա գնում ենք Բերդասար՝ արևին դիմավորելու: Պետք է, ասում է քեռի Արամը, չսիրեք՝ այս ժամին այստեղ չէիք լինի: Մի մատ երեխա էիր, որ գժություններ էիր անում: Այո, համաձայնում եմ, առաջ գիժ էի, հիմա հո՞ խենթ եմ: Աշխարհում, շարունակում է քեռի Արամը, արևածագից գեղեցիկ բան չկա: Կարող է, քեռի Արամը աչքերի մեջ ժպտալով հայացքը հառում է Նվարդին, այդ աղջիկը չգիտի: Քաղաքի մարդիկ չգիտեն, թե ինչ բան է սարի արևածագը…
Այսպես լուռ զրուցում ենք: Հետո դաշտապահ Արամը բարձրաձայն դիմում է Նվարդին.
- Քաղաքացի՞ ես:
Նրա ձայնի մեջ հեգնանք կա:
- Ո՛չ,- պատասխանում է Նվարդը,- մենք էլ սարեր ունենք և ձեր սարերի պես բարձր են:
- Ձեր սարերում, ուրեմն, արևածագ չկա: Լիներ՝ այստեղ չէիր գա,- արդեն բարեհոգի կատակում է քեռի Արամը:
- Կա, քեռի Արամ,- միամիտ ասում է Նվարդը:
- Կլինի,- կրկին բարեհոգի ժպտում է դաշտապահ Արամը,- բայց Արմենը ձեր սարերի արևածագը բերել է մեր սարեր, որ այն մեր սարերում տեսնես…
Այդ պահին դաշտապահ Արամը շատ լավն էր:
Մինչև Բերդասարի ստորոտը քայլում ենք միասին: Այնտեղ դաշտապահ Արամը խթանում է ձին ու քառատրոփ հեռանում: Ինձ դուր չի գալիս ձիու քառատրոփը, որը խախտում է աստղալույսի անդորրը: Հետո ձայները խլանում են, մարում: Նորից վերստանում է ներդաշնակ լռությունը: Իսկ մենք շտապում ենք Բերդասարի կատար՝ դիմավորելու արևին:
- Արամը լա՞վ մարդ է,- հարցնում է Նվարդը:
- Արամը քսանհինգ տարեկան էր, որ մահացավ կինը,- մի պահ լռում եմ, ապա ավելացնում.
- Այլևս նա չի ամուսնացել:
- Դաշտապահ Արամը ինձ դուր է գալիս:
- Արամը սիրում է արևածագը…
Բերդասարից դանդաղ իջնում ենք: Ճանապարհը զառիվեր է, և ես բռնում եմ Նվարդի թևից, որ չընկնի: Նվարդը հենվում է ինձ, որ չսայթաքի: Արևը հեռու լեռների ուսերին շունչը պահում է, որ տեսնի՝ Նվարդը արդյոք չսայթաքեց:
Իջնում ենք Լալիկի ձորը, որտեղ Լալիկ աղբյուրն է: Արևածագը դեռ չի հասել Լալիկի ջրերին, որոնք դեռևս նիրհի մեջ էին: Նվարդը կանգնում է կողքիս՝ աղբյուրի գուռի մոտ ու ձեռքով շոյում մանրիկ ալիքները: Մեր պատկերները բեկբեկվում են զուլալ, թափանցիկ ջրերի մեջ ու ձուլվում:
- Նվարդ, նստենք այս փափուկ կանաչի վրա ու սպասենք մինչև արևը կհասնի Լալիկի ձորը:
Նվարդը խոնավ ժպտում է: Ես նորից եմ ասում. 
- Նվարդ, ես ցանկանում եմ քնել:
- Քնիր,- ասում է նա:
- Նվարդ, ես ուզում եմ քնել՝ գլուխս ծնկներիդ:
- Քնիր, Արմեն, ու թող այդպես լինի: Արմեն, դու գանգուրներ չունես:
- Ոչ,- ասում եմ,- ես գանգուրներ ունեմ:
Նվարդը հանաձայնում է:
- Գիտես Նվարդ, ես իմ ամբողջ կյանքում երազել եմ ահա այսպես՝ խոտերի մեջ պառկել ու քնել: Իսկ դու՝ նստած իմ կողքին, խաղում ես իմ գանգուրների հետ: 
- Արմեն դու գանգուրներ չունես...
Ասելիք շատ ունենք, դրա համար լռում ենք…
Արևը բարձրացել է Բերդասարի կատարին ու փնտրում է մեզ: Նկատելով մեզ Լալիկի ձորում, ժպտում է: Ակամայից ժպտում է նաև Նվարդը: Ես էլ եմ ժպտում:


*  *  *

Գալիս է դաշտապահ Արամը:
- Դիմավորեցի՞ք արևին,- հարցնում է ու նստում Լալիկի ակնաքարին:
- Այո,- ասում եմ,- սակայն բաց թողեցինք պահը…
Արամը ուսերը թոթովում է՝ չեմ հասկանում:
- Մենք չտեսանք, թե օրը ինչպես փոխարինեց գիշերին,- բացատրում եմ ես: - Դու, քեռի Արամ, տեսել ես այդ պահը:
- Չեմ տեսել, դժվար է:
- Իսկ ես ուզում եմ տեսնել, ես անպայման պետք է տեսնեմ:
- Դժվար է, պետք է որսալ պահը: Իսկ դուք…
Հայացքով քեռի Արամին ասում եմ, որ նա սխալ ենթադրություն է անում: Ես բռնել եմ Նվարդի ձեռքը: Նվարդը բռնել է իմ ձեռքը և սպասել ենք, որ գա այդ պահը:
- Չերևաց ուրեմն,- նկատում է:
- Չտեսանք,- ասում եմ:
- Չեք տեսնի, դժվար է:
- Այո, դժվար է:
- Քեռի Արամ, պատմիր Լալիկի լեգենդը:
- Դու գիտե՞ս այդ լեգենդը:
- Ոչ, չգիտեմ, Նվարդը նույնպես չգիտի: Եվ դու էլ չգիտես: Բայց բոլորն էլ գիտեն, որ աշխարհում կար մի Լալիկ:
Դաշտապահ Արամը մի պահ մտքերի մեջ խորասուզվում է, ապա մի տխուր պատմություն սկսում: Պատմում է. այդ պահին մենք չկայինք նրա համար, աշխարհում մենք չկայինք, կար միայն մի տղա ու կար մի աղջիկ, որոնք սիրում էին իրար: Տղան աղքատ է լինում ու քաջ, աղջիկը գեղեցիկ էր և իշխան էր հայրը: Տղան Բերդասարի կատարին տուն է կառուցում ու մի անգամ, երբ խանը գնացել էր որսի, փախչում են երկուսով Բերդասար:
Մի շաբաթ սիրահարները վայելում են Բերդասարի արևածագը և իրենց սիրո քաղցրությունը, մոռանալով, որ աշխարհում կա խան, որ այդ խանը հզոր է ու վրիժառու:
Այսպես գեղեցիկ էր առավոտը և այդ առավոտը գեղեցիկ էր նրանց սիրով: Մինչ նրանք հմայված էին իրենց սիրով և արշալույսով, խանի հրամանով կտրում են աղջկա լեզուն: Այսպիսի մի առավոտ սպանվում է մի արևածագ, մորթվում է և արևածագի պես պայծառ մի սեր:
Աղջիկն իր սիրածի դիակը գցում է այս ձորը ու լալիս նրա գերեզմանին: Լալիս է, շատ է լալիս և նրա արտասուքներից ծնվում է Լալիկի աղբյուրը:
- Դու բանաստեղծ ես, քեռի Արամ,- ասում եմ:
- Ոչ,- ասում է,- բանաստեղծը դու ես: Ես միշտ կարդում եմ քո գրածները:
- Դու բանաստեղծ ես և փիլիսոփա, քեռի Արամ, միայն չգիտես, որ դու բանաստեղծ ես ու փիլիսոփա: Եվ դու քո բանաստեղծությունները դեռ չես գրել:
- Արմեն, արևածագին կատակ չեն անում, արևածագին լռում են ու ոչնչի մասին չեն մտածում:
Ես ասում եմ.
- Ինչո՞ւ էիր դուրս եկել դաշտ, ինչո՞ւ էիր բարձրացել սարը: Արամը պատասխանում է.
- Հենց այնպես, քունս չէր տարել, դուրս եկա սարերը: 
- Դու բանաստեղծ ես,- կրկնում եմ, միայն չգիտես, որ դու բանաստեղծ ես:
Քեռի Արամը ոչինչ չի պատասխանում: Թեթև հառաչում է ու լռում: Հետո հարցնում է.
- Վաղը արևին պետք է դիմավորե՞ք:
- Այո,- ասում եմ,- պետք է դիմավորենք: Մենք ուզում ենք պահը որսալ:
- Դժվար կլինի,- ասում է:
- Այո, դժվար է,- պատասխանում եմ…